«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 ապրիլի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10011191
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 դեկտեմբերի 2010 թ. |
N 40-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N 3.1.1-016-10 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 10-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության 12 կետի «դ» ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում մենինգակոկային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N 3.1.1-016-10 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը համաձայն հավելվածի:
Նախարար՝ |
Հ. Քուշկյան |
|
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N 3.1.1-016-10 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Մենինգակոկային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության կազմակերպման սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը (այսուհետ` կանոններ) նախատեսված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից) բուժաշխատողների համար, ովքեր իրականացնում են մենինգակոկային վարակիչ հիվանդությունների դեպքերի հայտնաբերումը, բուժօգնությունը և սպասարկումը:
2. Սույն սանիտարահամաճարակային կանոնները ներառում են մենինգակոկային վարակիչ հիվանդությունների դեպքերի հայտնաբերման, ախտորոշման, վարման, կոնտակտավորների հսկողության, կանխարգելման և այլ հարցեր, որոնք ուղղված են մենինգակոկային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության ապահովմանը:
Բ Ա Ժ Ի Ն 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
3. Մենինգակոկային վարակիչ հիվանդությունները սուր անտրոպոնոզ վարակիչ հիվանդությունների խումբ են` հարուցված Նեյսերիա մենինգիտիդիս մենինգակոկով, որն իր անտիգենային կառուցվածքով բաժանվում է 12 շճախմբի:
4. Մենինգակոկային վարակին բնորոշ է պարբերականությունը` հիվանդացության բարձրացումներ 10-15 և ավելի տարի պարբերականությամբ, մենինգակոկի շճախմբերից որևէ մեկով: Մենինգակոկային վարակիչ հիվանդությունների համար բնորոշ է ձմռան-գարնանային սեզոնայնություն: Գաղտնի շրջանը մենինգակոկային վարակիչ հիվանդությունների համար սովորաբար 1-10 օր է, ավելի հաճախ` 4-6 օր:
5. Վարակի աղբյուրը սուր մենինգակոկային նազոֆարինգիտով, մենինգակոկային վարակի տարածուն ձևով հիվանդ մարդն է կամ մենինգակոկակիրը: Վարակը փոխանցվում է օդակաթիլային մեխանիզմով` վարակի աղբյուրի հետ սերտ շփման (մինչև 1 մետր հեռավորություն) ընթացքում:
6. Մենինգակոկը անկայուն է շրջակա միջավայրում:
Բ Ա Ժ Ի Ն 3
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Գ Լ ՈՒ Խ 1
ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
7. Մենինգակոկային վարակի տարածուն ձևով հիվանդների, հիվանդության կասկածով անձանց և վարակակիրների հայտնաբերումը իրականացնում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բոլոր մասնագիտությունների բժիշկները և միջին բուժաշխատողները` անկախ կազմակերպական-իրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից, ցանկացած տեսակի բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու ընթացքում:
8. Մենինգակոկային վարակիչ հիվանդության տարածուն ձևով հիվանդություն կասկածվում է այն անձանց մոտ, ովքեր համապատասխանում են կասկածելի դեպքի ստանդարտ բնորոշմանը` համաձայն հավելված 1-ի:
9. Մենինգակոկային նազոֆարինգիտ կասկածվում է այն անձանց մոտ, ովքեր համապատասխանում են կասկածելի դեպքի ստանդարտ բնորոշմանը` համաձայն հավելված 1-ի: Մենինգակոկային նազոֆարինգիտով հիվանդների և մենինգակոկակիրների հայտնաբերումն իրականացվում է մենինգակոկային վարակի օջախում հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելիս` կոնտակտավորների քիթ-ըմպանի լորձի մանրէաբանական լաբորատոր հետազոտությունների ընթացքում:
10. Մանրէաբանական հետազոտության են ենթարկվում` նախադպրոցական կազմակերպություններում, երեխաների խնամքի և պաշտպանության կազմակերպություններում, հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ` ուսումնադաստիարակչական հիմնարկներ), ինչպես նաև` բժշկական օգնություն և սպասարկում (այդ թվում` առողջարանային-վերականգնողական) իրականացնող կազմակերպություններում և տնային օջախներում հիվանդի հետ շփված անձինք, որոնց շրջանակը որոշում է բժիշկ-համաճարակաբանը յուրաքանչյուր դեպքի համար:
Գ Լ ՈՒ Խ 2
ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
11. Մենինգակոկային վարակի բոլոր ձևերը ախտորոշվում են համաճարակաբանական, կլինիկական տվյալների հիման վրա, և վերջնականապես հաստատվում լաբորատոր հետազոտությունների արդյունքում:
12. Մենինգակոկային վարակիչ հիվանդությունների տարածուն ձևի և մենինգակոկային նազոֆարինգիտի ախտորոշումը դրվում է համաձայն դեպքի ստանդարտ բնորոշմանը` հավելված 1:
13. Մենինգակոկային վարակիչ հիվանդությունների ախտորոշման համաճարակաբանական ցուցանիշը ներառում է համաճարակաբանական վերհուշի (անամնեզի) առկայություն` շփում մենինգակոկային վարակիչ հիվանդությունների տարածուն ձևով հիվանդի կամ մանրէաբանորեն հաստատված մենինգակոկային նազոֆարինգիտով հիվանդի հետ:
14. Մենինգակոկային վարակիչ հիվանդությունների տարածուն ձևերի ախտորոշման լաբորատոր ցուցանիշները ներառում են մանրէաբանական և շճաբանական հետազոտությունները: Մանրէային մենինգիտի կասկածի դեպքում մանրէաբանական հետազոտության է ենթարկվում ուղեղ-ողնուղեղային հեղուկը, մենինգակոկցեմիայի դեպքում` արյունը, հնարավորության դեպքում` պետեխիաներից (բծերից) վերցրած քերուկը և բիոպտատը: Մենինգակոկային վարակիչ հիվանդությունների տարածուն ձևի ախտորոշման շճաբանական մեթոդը կիրառվում է որպես մենինգակոկային վարակիչ հիվանդությունների ախտորոշման լրացուցիչ մեթոդ: Հիվանդի շիճուկի լաբորատոր հետազոտությունը իրականացվում է պարբերաբար` հիվանդության շարժընթացում:
15. Մենինգակոկային նազոֆարինգիտի և մենինգակոկակրության ախտորոշման համար մանրէաբանական լաբորատոր հետազոտության է ենթարկվում քիթ-ըմպանի լորձը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
16. Մենինգակոկային վարակիչ հիվանդությունների տարածուն ձևով` մենինգիտով, մենինգակոկցեմիայով, մենինգաէնցեֆալիտով և դրանց զուգակցված ձևերով, ինչպես նաև մանրէաբանորեն հաստատված մենինգակոկային նազոֆարինգիտով հիվանդները և մենինգակոկակիրները ենթակա են հաշվառման (գրանցման):
17. Մենինգակոկային վարակիչ հիվանդությունների դեպքերի հաշվառումը և հաշվետվությունը իրականացվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանով հաստատված «Վարակիչ հիվանդությունների «իրական ժամանակում» էլեկտրոնային համաճարակաբանական հսկողություն» սանիտարահամաճարակային նորմերի և կանոնների` ՍԿ 3.1.1-018-10:
18. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը ներկայացնում է նաև ամսական հաշվետվություն Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համապատասխան մարզային, Երևան քաղաքի տարածքային կենտրոններին` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 5-ը մենինգակոկային մենինգիտների դեպքերի վերաբերյալ «Կառավարելի վարակիչ հիվանդությունների վերաբերյալ» հաշվետվությամբ, հաստատված` ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 19-Ն հրամանի Ձև N Պ-4/հ (ամսական, տարեկան):
22. Մենինգակոկային վարակիչ հիվանդությունների դեպքերի հաղորդումը ապահովում են դեպքը հայտնաբերող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարները:
Գ Լ ՈՒ Խ 4
ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
23. Բժշկական օգնություն ցուցաբերելիս մենինգակոկային վարակի տարածուն ձևով հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության բժիշկը (բուժքույրը) հիվանդին անմիջապես հոսպիտալացնում է ինֆեկցիոն հիվանդանոց (բաժանմունք):
24. Մենինգակոկային վարակի տարածուն ձևով կամ այդ հիվանդության կասկածով հիվանդը մեկուսացվում է ինֆեկցիոն հիվանդանոցի (բաժանմունքի) օդակաթիլային վարակիչ հիվանդների համար նախատեսված բաժանմունքում (բոքս-մեկուսարանում): Ինֆեկցիոն հիվանդանոցի (բաժանմունքի) բժիշկ-վարակաբանը հիվանդին ենթարկում է ժամանակին և ամբողջական կլինիկական ու լաբորատոր հետազոտման:
25. Եթե սոմատիկ հիվանդանոց ընդունված մենինգակոկային վարակի տարածուն ձևի կասկածով հիվանդը վերակենդանացման կարիք ունի, նրա բուժումը կազմակերպվում է վերակենդանացման բաժանմունքի բոքս-մեկուսարանում կամ, վերջինիս բացակայության դեպքում, ստեղծվում են համապատասխան պայմաններ:
26. Եթե հիվանդի վիճակը թույլ է տալիս` մենինգակոկային վարակիչ հիվանդության կասկածի դեպքում հիվանդն անմիջապես տեղափոխվում է ինֆեկցիոն հիվանդանոց (բաժանմունք):
27. Կլինիկական ընթացքից ելնելով հիվանդության օջախում հայտնաբերված մանրէաբանորեն հաստատված մենինգակոկային նազոֆարինգիտով հիվանդները հոսպիտալացվում են ինֆեկցիոն հիվանդանոց:
28. Մանրէաբանորեն հաստատված մենինգակոկային նազոֆարինգիտով հիվանդների մեկուսացումը, բժշկական հսկողությունը և բուժումը կարող է իրականացվել տնային պայմաններում, եթե օջախում չկան մինչև 18 տարեկան երեխաներ, ուսումնադաստիարակչական հիմնարկների և բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպությունների աշխատողներ:
29. Մենինգակոկակիրների մանրէաբանական հետազոտությունը կատարվում է մեկ անգամ` բուժման կուրսն ավարտելուց հետո 5 օրից ոչ շուտ:
Գ Լ ՈՒ Խ 5
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ ԱՐՁԱՆԱԳՐԵԼԻՍ ԵՎ ԲՈՒԺԵԼԻՍ ՎԱՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
30. Մենինգակոկային վարակիչ հիվանդություններով կասկածելի հիվանդի ընդունումից հետո բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ընդունարանների և բոքսերի օդը մանրէազերծվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման մանրէազերծիչ լամպերի միջոցով` լամպի տեխնիկական փաստաթղթերին համապատասխան:
31. Բոքսերում, զննասենյակներում հիվանդի անմիջական խնամք ապահովող, ինչպես նաև նմուշառում իրականացնող բոլոր բուժաշխատողները (բժիշկներ, բուժքույրեր, մանրէաբանական լաբորատորիայի աշխատակիցներ) կրում են անհատական պաշտպանիչ միջոցներ:
32. Համաճարակաբանական ցուցման դեպքում` մենինգակոկային վարակի տարածուն ձևով կամ այդ հիվանդության կասկածով անձանց հետ շփվելուց հետո 10 օրվա ընթացքում բուժաշխատողներին կատարվում է մարմնի ջերմաչափում օրը երկու անգամ և հետազոտություն մենինգակոկակրության վերաբերյալ, արդյունքները գրանցելով Բուժաշխատողների առողջության մոնիթորինգի ձևաթերթիկում (Հավելված 2):
33. Մենինգակոկային վարակի տարածուն ձևով կամ այդ հիվանդության կասկածով անձանց հետ շփված բուժաշխատողի մոտ տենդի կամ մենինգակոկային վարակի այլ ախտանշանների դեպքում բուժաշխատողն անմիջապես մեկուսացվում է տվյալ կազմակերպության մեկուսարանում կամ ստեղծելով համապատասխան պայմաններ և կատարվում է լաբորատոր հետազոտություն մենինգակոկի վերաբերյալ:
34. Մենինգակոկային վարակիչ հիվանդներ ընդունած հիվանդանոցներում ախտահանման, նախամանրէազերծումային մշակման և մանրէազերծման միջոցառումները կազմակերպվում են ըստ ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի» հավելված 4-ի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից թույլատրված ախտահանիչներով` համաձայն ուղեկցող հրահանգների:
35. Բժշկական թափոնների վարումն իրականացվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնների և նորմերի:
Գ Լ ՈՒ Խ 6
ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՆ ՁԵՎՈՎ ԵՎ ՆԱԶՈՖԱՐԻՆԳԻՏՈՎ ՌԵԿՈՆՎԱԼԵՍՑԵՆՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
36. Մենինգակոկային վարակի տարածուն ձևի և մենինգակոկային նազոֆարինգիտի ռեկոնվալեսցենտները դուրս են գրվում հիվանդանոցից կլինիկական լրիվ առողջացումից հետո:
37. Մենինգակոկային վարակի տարածուն ձևի, մենինգակոկային նազոֆարինգիտի ռեկոնվալեսցենտ ուսումնադաստիարակչական հիմնարկների սաները և աշխատողները, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների աշխատողները հաճախում են վերը թվարկված կազմակերպությունները բացասական արդյունքով մեկանգամյա մանրէաբանական հետազոտությունից հետո, բուժման կուրսն ավարտելուց հետո 5 օրից ոչ շուտ:
Գ Լ ՈՒ Խ 7
ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԿՈՆՎԱԼԵՍՑԵՆՏՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
38. Շարունակական (դիսպանսերային) հսկողությունը կազմակերպվում է միայն տարածուն ձևով մենինգակոկային վարակիչ հիվանդությունների ռեկոնվալեսցենտների նկատմամբ` տեղամասային/ընտանեկան բժշկի և նյարդաբանի կողմից:
39. Մնացորդային երևույթների բացակայության դեպքում մենինգակոկային մենինգիտի ռեկոնվալեսցենտների շարունակական հսկողությունը սահմանվում է բուժման ավարտից հետո 2 տարի, առաջին տարվա ընթացքում 4 անգամյա զննությամբ, երկրորդ տարվա ընթացքում` 1-2-անգամյա:
40. Մնացորդային երևույթների առկայության դեպքում շարունակվում է մենինգակոկային մենինգիտի ռեկոնվալեսցենտների ակտիվ բուժումը, շարունակական հսկողությունը սահմանվում է բուժման ավարտից հետո նվազագույնը ևս 3-5 տարի:
41. Դպրոցականները 6 ամսով ազատվում են ֆիզկուլտուրայի պարապմունքներից և ֆիզիկական այլ ծանրաբեռնվածությունից` տեղամասային մանկաբույժի/ընտանեկան բժշկի տեղեկանքի հիման վրա:
42. Շարունակական (դիսպանսերային) հսկողության ընթացքում ուշադրություն է դարձվում նյարդաբանական ախտանշանների շարժընթացին, շարժողական, մտավոր և խոսակցական հնարավորությունների կոմպենսացիայի աստիճանին, կանոնավոր բուժման և վերականգնողական ռեժիմի պահպանմանը: Անհրաժեշտության դեպքում կատարվում է կրկնակի հոսպիտալացում կամ լրացուցիչ հետազոտում, առողջարանային բուժում: Բուժական զննության համար կարող են ներգրավվել նաև այլ մասնագետներ` ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջի բժիշկ, հոգեբան, մերսող, բուժական ֆիզկուլտուրայի հրահանգիչ: Ցուցումների դեպքում իրականացվում են լրացուցիչ հետազոտություններ` էլեկտրոէնցեֆալոգրաֆիա, էխոէնցեֆալոգրաֆիա, կրանիոգրաֆիա, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, ռենտգենոգրաֆիա, աչքի հատակի հետազոտում, երեխայի հիշողության, ուշադրության, աշխատունակության նյարդահոգեբանական հետազոտություն:
Գ Լ ՈՒ Խ 8
ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
43. Ուսումնադաստիարակչական հիմնարկներում հիվանդության տարածուն ձևով միաժամանակ 2 դեպք գրանցվելիս օջախում հիմնարկի ղեկավարի կողմից սահմանվում է 10-օրյա կարանտին: Կարանտինի ընթացքում չի իրականացվում ժամանակավորապես բացակայած կամ նոր երեխաների ընդունում, տեղաշարժ խմբից (դասարանից, կուրսից) այլ խումբ (դասարան, կուրս):
44. Տարածուն ձևով հիվանդի հոսպիտալացումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում տեղամասային բժիշկը/վարակաբանը/քիթ-կոկորդ-ականջի բժիշկը կատարում է հիվանդի հետ շփված անձանց զննություն` սուր նազոֆարինգիտով անձանց հայտնաբերելու և մանրէաբանական հետազոտությունը կազմակերպելու նպատակով: Արդյունքները գրանցվում են հիվանդի հետ շփված անձանց առողջության մոնիթորինգի թերթիկում (հավելված 3):
45. Հիվանդի հետ շփված անձանց նկատմամբ 10 օրվա ընթացքում իրականացվում է բժշկական հսկողություն (ջերմաչափում, քիթ-ըմպանի և մաշկային ծածկույթների զննում)` նրանց սպասարկող տեղամասային մանկաբույժի կամ տեղամասային թերապևտի/ընտանեկան բժշկի կողմից` այդ մասին կատարելով նշում բժշկական փաստաթղթերում` «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում» կամ «Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտում»: Նրանց կողմից նաև` հսկողության արդյունքները փոխանցվում են հիվանդին սպասարկող տեղամասային բժշկին և գրանցվում «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում» կամ «Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտում» փակցվող հիվանդի հետ շփված անձանց առողջության մոնիթորինգի թերթիկում (հավելված 3):
46. Հիվանդի հետ շփված անձինք չեն մեկուսացվում, սակայն հիվանդի հետ շփված ուսումնադաստիարակչական հիմնարկներ հաճախող երեխաները և դրանցում աշխատող անձինք հաճախում են կազմակերպություններ բժշկական զննությունից և մանրէաբանական հետազոտության բացասական պատասխանից հետո:
47. Հիվանդի հետ շփված մաշկի ցանավորում ունեցող անձանց հոսպիտալացնում են` մենինգակոկցեմիան բացառելու համար:
48. Տնային օջախներում, ուսումնադաստիարակչական հիմնարկներում հիվանդի հետ շփված անձանց մանրէաբանական հետազոտությունների ժամանակ հայտնաբերված մենինգակոկակիրները տեղամասային բժշկի/վարակաբանի/ քիթ-կոկորդ-ականջի բժշկի կողմից ենթարկվում են առողջացման(սանացիա): Առողջացման ընթացքում նրանք չեն հաճախում ուսումնադաստիարակչական հիմնարկներ:
49. Առողջացման կուրսն ավարտելուց 3 օր հետո մենինգակոկակիրները ենթարկվում են մեկանգամյա մանրէաբանական հետազոտության և բացասական պատասխանի առկայության դեպքում նրանք հաճախում են ուսումնադաստիարակչական հիմնարկներ:
50. Օջախում հայտնաբերված մանրէաբանորեն չհաստատված սուր նազոֆարինգիտով հիվանդները բուժվում են տեղամասային բժշկի/վարակաբանի/քիթ-կոկորդ-ականջի բժշկի կողմից: Այդ հիվանդները բուժման ընթացքում չեն հաճախում ուսումնադաստիարակչական հիմնարկներ, հաճախումը վերսկսվում է սուր երևույթներն անցնելուց` բուժումից հետո:
51. Մենինգակոկային տարածուն ձևի վարակի օջախում եզրափակիչ ախտահանում չի կատարվում: Ախտահանման ենթակա չէ նաև հիվանդին փոխադրող փոխադրամիջոցը:
52. Սենյակներում կատարվում է խոնավ մաքրում, ննջասենյակներում` հաճախակի օդափոխություն և մանրէազերծիչ լամպերով ճառագայթում:
Բ Ա Ժ Ի Ն 4
ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
53. Մենինգակոկային վարակիչ հիվանդությունների դեմ իմունականխարգելման կազմակերպումը համաճարակային ցուցումով իրականացվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 20-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի ՍԿ 3.1.6.009-08:
Հավելված 1 |
ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՈՒՆ ՁԵՎԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՆԱԶՈՖԱՐԻՆԳԻՏԻ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ
Տարածուն ձևի հիվանդության դեպքի ստանդարտ բնորոշում
Համաճարակաբանական ցուցանիշ - համաճարակաբանական վերհուշի (անամնեզի) առկայություն` շփում մենինգակոկային վարակիչ հիվանդությունների տարածուն ձևով կամ լաբորատոր հաստատված մենինգակոկային նազոֆարինգիտով հիվանդի հետ:
Կլինիկական նկարագիր - ջերմության հանկարծակի բարձրացում մինչև 38-390, ուժեղ գլխացավ, պարանոցային մկանների կարկամում, գիտակցության խանգարում, կամ մաշկի վրա յուրահատուկ հեմոռագիկ ցանի առկայություն: Մինչև 1 տարեկան երեխաների մոտ ջերմության բարձրացումը ուղեկցվում է գաղտունի ուռչեցմամբ:
Լաբորատոր չափանիշներ - Մենինգակոկերի (Նեյսերիա մինինգիտիդիս) անջատում օրգանիզմի հեղուկներում (ողնուղեղային հեղուկ, արյուն) և շճաբանական մեթոդով հատուկ հակածինների հայտնաբերում:
Դեպքի դասակարգում |
Կասկածելի | Կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք | |
Հավանական | Կասկածելի դեպք | |
Գումարած | Ուղեղ-ողնուղեղային հեղուկում կամ արյան մեջ գրամբացասական դիպլոկոկկերի հայտնաբերում, | |
և/ կամ |
բռնկման առկայություն և համաճարակաբանական կապ` | |
Հաստատված |
Կասկածելի կամ հավանական դեպք` լաբորատոր հաստատված: |
Մենինգակոկային նազոֆարինգիտի դեպքի ստանդարտ բնորոշում
Համաճարակաբանական ցուցանիշը - համաճարակաբանական վերհուշի (անամնեզի) առկայություն` շփում մենինգակոկային վարակիչ հիվանդությունների տարածուն ձևով կամ լաբորատոր հաստատված մենինգակոկային նազոֆարինգիտով հիվանդի հետ:
Կլինիկական նկարագիր - ջերմության չափավոր բարձրացում, գլխացավ, հիմնականում` ճակատագագաթային շրջանում, կոկորդի ցավ, չոր հազ, հարբուխ, հազվադեպ` քթից քիչ քանակի թարախալորձային արտադրություն, կոկորդի հետին պատի արտահայտված հիպերեմիա և այտուց, հաճախ` պատված թարախալորձային էքսուդատով:
Լաբորատոր չափանիշներ - Մենինգակոկերի անջատում քիթ-ըմպանի լորձից:
Դեպքի դասակարգում |
Կասկածելի | Կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք | |
Հավանական |
Կասկածելի դեպք | |
Գումարած |
բռնկման առկայություն և/կամ համաճարակաբանական կապ` հաստատված դեպքի հետ: | |
Հաստատված |
Կասկածելի կամ հավանական դեպք` լաբորատոր հաստատված: |
Հավելված 2 |
Բուժաշխատողների առողջության մոնիթորինգի ձԵՎաթերթիկ
(Դիտարկումը իրականացվում է մենինգակոկային վարակիչ հիվանդության տարածուն ձևով հիվանդի հետ շփումից 10 օրվա ընթացքում) |
Լրացնող _______________________ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ___________ |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Տարիք |
Բնակության վայր |
Պաշտոն |
Հիվանդի հետ շփման ամսաթիվ |
Դիտարկման ժամկետ |
Ջերմության շարժընթացը 10 օրվա ընթացքում |
Մաշկային ծածկույթներին |
Լաբորատոր |
Դիտարկման արդյունք |
Միջոցառումների անվանում (առողջացում, պատվաստում | ||||||||||
առողջ |
հիվանդ/էպիդ. | |||||||||||||||||||
Հավելված 3 |
Մենինգակոկային հիվանդության օջախում հիվանդի հետ շփված անձանց առողջության մոնիթորինգի թերթիկ
(Դիտարկումը իրականացվում է մենինգակոկային վարակիչ հիվանդության տարածուն ձևով հիվանդի հետ շփումից 10 օրվա ընթացքում) |
Լրացնող _______________ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ______________ |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Տարիք |
Բնակության վայր |
Աշխատանքի վայր, մասնագիտություն (ուսումնադաստիարակչա- |
Հիվանդի հետ շփման ամսաթիվ |
Դիտարկման ժամկետ |
Ջերմության շարժընթացը 10 օրվա ընթացքում |
Մաշկային ծածկույթներին |
Լաբորատոր |
Դիտարկման արդյունք |
Միջոցառումների անվանում (առողջացում, պատվաստում | ||||||||||
առողջ |
հիվանդ/էպիդ. | |||||||||||||||||||
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|