Գլխավոր տեղեկություն
Համար
N 1167-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.05.2011-01.07.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.08.02/18(370) Հոդ.206
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.07.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 հուլիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11010270

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 21 հուլիսի 2010 թ.

 N 1167-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆՈՒՄ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետը՝

 

 Հրամայում եմ՝

 

1. 2010/2011 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության ասպիրանտուրայում (առկա և հեռակա) և հայցորդության համակարգում (2012 թվականի հունվարի մեկից) հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտական կազմակերպություններում ներդնել հետազոտողի կրթական ծրագրով նախատեսված կրեդիտային համակարգ` համաձայն հավելվածում բերված «Ուղեցույց»-ի:

(1-ին կետը լրաց. 03.05.11 N 483-Ն)

2. Հանձնարարել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Սուքիասյան) և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան) սույն հրամանը 3-oրյա ժամկետում ներկայացնել գրանցման ՀՀ արդարադատության նախարարություն:

3. Հանձնարարել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Սուքիասյան)` գրանցումից հետո 5-օրյա ժամկետում տեղեկացնել բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման մասին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Ա. Աշոտյան
 
 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2010 թվականի հուլիսի 21-ի

N 1167-Ն հրամանի

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

բարձրագույն ԵՎ հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման մասին

 

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում անհրաժեշտ է ներմուծել ավելի կազմակերպված կրթական բաղկացուցիչ, քան այսօր պահանջվող երեք թեկնածուական մինիմումի պահանջներն են: Այն պետք է ապահովի ասպիրանտի գիտելիքների, ունակությունների և կարողությունների ավելի լայն շրջանակ՝ ապագա հետազոտական կարիերայի ավելի լայն տիրույթի ընդգրկմամբ: Նման ուսուցումը ավանդական գիտամանկավարժական (ակադեմիական) գործունեությունից բացի ներառում է նաև այլ հետազոտական աշխատանքի հնարավորություններ՝ արդյունաբերությունում, գործարար կառույցներում, պետական կամ մասնավոր կրթական և հետազոտական կազմակերպություններում և այլն:

Ելնելով իր խնդիրներից, հետազոտողի ծրագրի կրթական բաղկացուցիչը պետք է ունենա 4 հիմնական բաղադրիչներ.

1) Մասնագիտական գիտելիքների և կարողությունների ուսուցում գիտության և տեխնոլոգիաների մեկ կամ մեկից ավելի փոխկապակցված (միջմասնագիտական) ուղղություններով:

2) Ընդհանուր բազային հետազոտական կարողությունների ուսուցում (հետազոտական մեթոդներ և եղանակներ, հետազոտությունների կառավարում, վերլուծության, խնդիրներ ձևակերպելու և լուծելու կարողություններ, գիտական գրագրություն և աշխատանքների ձևակերպում, ակադեմիական գրագրություն օտար լեզուներով, գիտական էթիկայի կանոնների և մտավոր սեփականության իրավունքի իմացություն և այլն)։

3) Կառավարման և հաղորդակցման կարողությունների ձևավորում (գրավոր և բանավոր հաղորդակցության կարողություններ, աշխատանք գիտական թիմերում և ցանցերում, մարդկային և նյութական ռեսուրսների կառավարում և ղեկավարման հմտություններ, ժամանակի կառավարում, կարիերայի կառավարում՝ ներառյալ աշխատանքի որոնման հմտություններ և այլն)։

4) Դասավանդման և գիտամանկավարժական մեթոդների ուսուցում և համապատասխան ձիրքերի ձևավորում:

Ծրագիրը պետք է առաջադրի դասընթացների և կրթական այլ մոդուլների լայն ընտրություն՝ դասավանդման տարբեր ձևերի՝ դասախոսությունների, սեմինարների, կոլոքվիումների և քննարկումների զուգակցմամբ, ընդ որում սեմինարներին և ինտերակտիվ դասընթացներին պետք է տրվի առաջնություն:

Ցանկալի է, որ մասնագիտական և հետազոտական կարողությունների ուսուցումը պարտադիր լինի, բայց տրամադրվի դասընթացների և կրթական մոդուլների լայն ցանկից ընտրության հնարավորություն:

Կառավարման և հաղորդակցման կարողությունների, ինչպես նաև գիտամանկավարժական մեթոդների ուսուցումը նպատակահարմար է իրականացնել կամընտրական սկզբունքով, տալով ուսուցման բովանդակության ընտրության հնարավորություն՝ անհատական կարիքներին համապատասխան:

Ծրագիրը բաղկացած է երկու փոխկապակցված կառուցամասերից՝ կրթական (պարտադիր և ընտրովի ընդհանուր և մասնագիտական դասընթացներ և կրթական մոդուլներ) և հետազոտական (ինքնուրույն հետազոտական աշխատանք, ատենախոսության կատարում): Առաջարկվում են հետազոտողի եռամյա կրթական ծրագրի պլանավորման հետևյալ ընդհանուր սկզբունքները.

1) Հետազոտողի եռամյա ծրագրի լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի (կամ 180 կրեդիտ X 30 = 5400 ժամ՝ ներառյալ լսարանային, արտալսարանային և ինքնուրույն աշխատանքը)։

2) Ծրագրի 20-30%-ը (տոկոսը սահմանվում է մասնագիտական առանձնահատկություններից ելնելով) կազմում է կրթական բաղկացուցիչը, որը համապատասխանում է 36-54 կրեդիտի կամ 1080-1620 ժամ լրիվ ուսումնական բեռնվածության, և ներառում է ընդհանուր և մասնագիտական ընտրովի և պարտադիր դասընթացներ և այլ կրթական մոդուլներ (ներառյալ թեկնածուական 3-5 քննությունները և ստուգարքը, մանկավարժական կամ հետազոտական պրակտիկան և այլն):

Ծրագրի մասնագիտական կրթամասի կրեդիտների թիվը սահմանել կրթական բաղկացուցչի կրեդիտների թվի 1/3-ը՝ 12-18 կրեդիտ՝ կախված կրթական բաղկացուցչին հատկացված տոկոսից։

3) Ծրագրի մնացած 70-80% ծավալը՝ 126-144 կրեդիտ 3780-4320 ժամ, կազմում է հետազոտական բաղկացուցիչը՝ ինքնուրույն հետազոտական աշխատանքի, թեկնածուական ատենախոսության կատարման և եզրափակիչ ատեստավորման՝ հրապարակային պաշտպանության տեսքով (վերջինիս համար հատկացվում է 5 կրեդիտ):

Ելնելով վերը շարադրածից, ներկայացվում է հետազոտողի ծրագրի նախագծման ընդհանրացված սխեման, որտեղ՝ ըստ մասնագիտությունների առանձնահատկությունների, անհրաժեշտ է հաշվարկել և տեղադրել կրեդիտները:

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՄՈԴՈՒԼՆԵՐ

Կրեդիտներ

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿՐԹԱՄԱՍ

Օտար լեզու (անգլերեն կամ ֆրանսերեն կամ գերմաներեն)

 

Գիտության փիլիսոփայություն և մեթոդաբանություն

 

Մանկավարժություն և հոգեբանություն

 

Գիտական էթիկա (ընտրովի)

 

Ակադեմիական գրագրություն օտար լեզուներով

 

Գործարար գրագրություն և հաղորդակցման կարողություններ (ընտրովի)

 

Գիտական գրագրություն և աշխատանքների ձևակերպում

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՄԱՍ

Ուսուցման նոր տեխնոլոգիաներ

 

Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն և գործիքակազմ

 

Նախագծերի մշակում և կառավարում

 

Հետազոտական աշխատանքների կազմակերպում

 

Կարիերայի կառավարում և աշխատանքի որոնման մեթոդներ (ընտրովի)

 

Մարդկային և նյութական ռեսուրսների կառավարում և ղեկավարում (ընտրովի)

 

Ինտելեկտուալ սեփականության իրավունք և պատենագիտություն

 

Ընտրովի դասընթաց ինֆորմացիոն տեխնոլոգիաների դասընթացների ցանկից

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՄԱՍ

Մասնագիտական պարտադիր դասընթաց - 1

 

Մասնագիտական պարտադիր դասընթաց - 2

 

Մասնագիտական պարտադիր դասընթաց - 3

 

Մասնագիտական ընտրովի դասընթաց - 1

 

Մասնագիտական ընտրովի դասընթաց - 2

 

Մասնագիտական ընտրովի դասընթաց - 3

 

Մասնագիտական ընտրովի դասընթաց - 4

 

ՊՐԱԿՏԻԿԱՆԵՐ

Մանկավարժական պրակտիկա

 

Հետազոտական պրակտիկա

 

Թիմային աշխատանքի պրակտիկում

 

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Գիտական սեմինարներ և աշխատաժողովներ

 

Գիտահետազոտական աշխատանք և ատենախոսության կատարում

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Որակավորման քննություն փիլիսոփայությունից

 

Որակավորման քննություն օտար լեզվից

 

Որակավորման ստուգարք ինֆորմատիկայից

 

Որակավորման քննություն մասնագիտությունից (առնվազն 2 քննություն)

 

Եզրափակիչ ատեստավորում

5

ԸՆԴԱՄԵՆԸ՝ 180 կրեդիտ

180

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.08.2017, N 904-Ն 11.09.2017, N 1167-Ն
13.04.2017, N 371-Ն 01.07.2017, N 1167-Ն
03.05.2011, N 483-Ն 26.05.2011, N 1167-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան