Գլխավոր տեղեկություն
Համար
N 296-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.06.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.06.01/13(365) Հոդ.139
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
27.04.2010
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 մայիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11810192

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

27 ապրիլի 2010 թ

 N 296-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի և 15-րդ կետի 2-րդ պարբերության պահանջներով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման և ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման և ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 330-Ա հրամանը։

 

Նախարար

 Տ. Դավթյան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ ֆինանսների նախարարի

2010 թվականի ապրիլի 27-ի

N 296-Ն հրամանով

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` ՊՈԱԿ) և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ՓԲԸ) գործադիր մարմինների (այսուհետ` Տնoրեն) ատեստավորման և ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորման և գործունեության կարգը (այսուհետ` Կարգ):

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի oրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշումով և սույն Կարգով:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

3. Հանձնաժողովը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով: Հանձնաժողովում կարող են ընդգրկվել Նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և/կամ տեղակալը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ (տեղակալներ):

4. Մրցութային հանձնաժողովի կազմում պետք է ներգրավված լինի Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության մեկական ներկայացուցիչ:

5. Հանձնաժողովի կազմը բաղկացած է 9 անդամից (այդ թվում` Հանձնաժողովի նախագահ և քարտուղար):

6. Ատեստավորման կամ մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հետագա աշխատանքներին անհնար դառնալու դեպքում Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

7. Հանձնաժողովը իր լիազորություններն իրականացնում է Հանձնաժողովի ձևավորման պահից և դադարեցնում է գործունեությունը` Նախարարի հրամանով:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

8. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից,

2) ատեստավորման միջոցով որոշել Տնօրենի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին,

3) ապահովել ատեստավորման և մրցույթի անցկացման թափանցիկությունը և հրապարակայնությունը:

9. Հանձնաժողովը`

1) Նախարարության աշխատակազմից ստանում է. մրցույթի անցկացման դեպքում` մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը և Հանձնաժողովի կնիքը, ատեստավորում անցկացնելու դեպքում` թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը և Հանձնաժողովի կնիքը,

2) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին,

3) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը,

4) սահմանված կարգով ընտրում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար,

5) անցկացնում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` Մասնակիցներ) և Տնօրենների թեստավորում,

6) ստուգում և գնահատում է Մասնակիցների և Տնօրենների թեստավորման առաջադրանքները,

7) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները,

8) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված Մասնակիցների և Տնօրենների բողոքները,

9) հաստատում և հրապարակում է մրցույթի և ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած Մասնակիցների և Տնօրենների ցուցակը,

10) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն oրը կամ հաջորդ oրն անցկացնելու մասին,

11) Մասնակիցների և Տնօրենների հետ անցկացնում է հարցազրույց,

12) կազմում է քվեաթերթիկներ,

13) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն,

14) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր Մասնակցի և Տնօրենի վերաբերյալ կայացնում է որոշում,

15) ամփոփում և հրապարակում է մրցույթի և ատեստավորման արդյունքները,

16) հաղթող ճանաչված Մասնակցի (Մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն,

17) աշխատակազմին է հանձնում կնիքը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չoգտագործված ամփոփաթերթերը, մրցութային և ատեստավորման փաթեթները,

18) իրականացնում է oրենքով, սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

11. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

12. Հանձնաժողովի նիստերում որոշումները ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

13. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է Հանձնաժողովի նիստերը.

3) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները.

4) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

5) որոշում է մրցույթի և ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

6) իրականացնում է սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

14. Հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

2) պարզաբանում է Մասնակիցների և Տնօրենների թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

3) իրականացնում է սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

15. Հանձնաժողովի անդամը`

1) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

2) մասնակցում է Տնօրենի և Մասնակցի հետ հարցազրույցի անցկացմանը.

3) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում բարձրաձայն հնչեցնում է ճիշտ պատասխանը.

4) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր Մասնակցի համար անցկացվող քվեարկություններին.

5) ստորագրում է ատեստավորման թերթը և մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում կատարում գրառում ստորագրության կողքին ավելացնելով` «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) իրականացնում է սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

16. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան