Գլխավոր տեղեկություն
Համար
N 1507-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2010-25.10.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.01/28(380) Հոդ.371
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.10.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 նոյեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11010425

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 հոկտեմբերի 2010 թ.

N 1507-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԷՔՍՏԵՌՆ (ԴՐՍԵԿՈՒԹՅԱՆ) ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 39-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի դրույթները և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Էքստեռն (դրսեկություն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու» կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 29-ի «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու մասին» N 39-Ն հրամանը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

 

 Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

 2010 թ. հոկտեմբերի 14-ի

N 1507-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԷՔՍՏԵՌՆ (ԴՐՍԵԿՈՒԹՅՈՒՆ) ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածի 1-ին մասի 19-րդ կետին համապատասխան:

2. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցի աշակերտների համար էքստեռն փոխադրական քննություններ, ինչպես նաև հիմնական և միջնակարգ կրթական ծրագրերին համապատասխան էքստեռն ավարտական քննություններ կազմակերպելու հետ կապված հարաբերությունները:

 

2. ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Հանրակրթական դպրոցի սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ (հանրակրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետների փոփոխություն) կազմակերպվում է ելնելով սովորողի կողմից հանրակրթական ծրագրերի յուրացման փաստացի մակարդակից:

4. Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են դպրոցների բացառապես այն սովորողների համար, ովքեր նախորդ դասարաններում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից, բացառությամբ առողջության պատճառով «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների, ունեցել են գերազանց առաջադիմություն (տարեկանում` 9 կամ 10 միավոր և քննական` 10-բալանոց համակարգում 9 կամ 10 միավոր, իսկ 20-բալանոց համակարգում` 19 կամ 20 միավոր):

5. Ուսումնառության ողջ ժամանակահատվածում հանրակրթական ուսումնական հաստատության սովորողը սահմանված կարգով դասարանից դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:

6. Երկրորդ աստիճանի կրթական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ավարտական դասարանում, ինչպես նաև 3-րդ աստիճանի կրթական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության բոլոր դասարաններում, էքստեռն փոխադրական քննություններ չեն կազմակերպվում:

7. Սովորողի համար էքստեռն փոխադրական քննությունները կազմակերպվում են հետևյալ ընթացակարգով.

1) մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 10-ը, սովորողի ծնողը, դասղեկը և երեքից ոչ պակաս դասավանդող ուսուցիչներ միասին գրավոր դիմում են դպրոցի տնօրենին՝ սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու խնդրանքով,

2) մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 15-ը, դիմումը քննարկվում է դպրոցի մանկավարժական խորհրդի նիստում,

3) մանկավարժական խորհուրդը կարող է ընդունել որոշում սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու վերաբերյալ,

4) դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի որոշումը և սովորողի առաջադիմության վերաբերյալ փաստաթղթերը ներկայացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` Նախարարություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզերում` մարզպետարանի, Երևանում` քաղաքապետարանի կրթության վարչություն (այսուհետ` Լիազոր մարմին):

8. Մանկավարժական խորհրդի կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված սովորողը` անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից, կազմակերպաիրավական ձևից, կենտրոնացված կարգով հանձնում է փոխադրական քննություններ Երևան քաղաքում.

1) 1-4-րդ դասարաններում` գիտելիքների ստուգում, իսկ մնացած դասարաններում` քննություն «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից՝

ա. քննություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` Նախարար) ստեղծած հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը նախագահում է Նախարարը,

բ. քննություններն անցկացվում են Նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի (այսուհետ` ԿԱԻ) կողմից կազմված քննական առաջադրանքներով, Նախարարության կողմից ընտրված դպրոցում, հաստատված ժամանակացույցով` հունվարի 20-25-ը ընկած ժամանակահատվածում:

2) Կենտրոնացված փոխադրական քննություններ անցկացնող հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում սովորողը իրավունք է ստանում մասնակցելու տվյալ դասարանի ուսումնական պլանով նախատեսված մնացած առարկաների քննություններին:

9. Տվյալ դասարանի ուսումնական պլանով նախատեսված մնացած բոլոր առարկաների քննությունները (գիտելիքների ստուգումը) անցկացվում է սովորողին երաշխավորած դպրոցում` դպրոցի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից.

1) քննությունները կազմակերպվում են հունվարի 26-ից փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում,

2) քննություններն անցկացվում են առարկայական մեթոդական միավորումների կողմից կազմված քննական առաջադրանքներով:

10. Փոխադրական քննությունները (գիտելիքների ստուգումը) անցկացվում է տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի և հաջորդ դասարանի 1-ին կիսամյակի ուսումնական պլաններով նախատեսված բոլոր առարկաների ծրագրային նյութերից.

1) հայոց լեզվից, մաթեմատիկայից, բնագիտական առարկաներից, օտար լեզուներից քննություններն անցկացվում են գրավոր, իսկ մնացած առարկաների քննությունները՝ ըստ մանկավարժական խորհրդի որոշման,

2) դպրոցում կազմակերպվող փոխադրական քննություններին մասնակցում է նախարարի լիազոր ներկայացուցիչը:

Փոխադրական քննություններին կարող են մասնակցել նաև տարածքային կառավարման մարմնի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի կրթության վարչությունների ներկայացուցիչները,

3) փոխադրական բոլոր քննություններից (10 բալային համակարգով) 7-10 միավոր ստանալու դեպքում դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու մասին:

11. Դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա սովորողին հրամանով փոխադրում է հաջորդ դասարան և հնգօրյա ժամկետում տեղեկացնում Նախարարությանը և Լիազոր մարմնին:

12. Դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրված սովորողների գնահատականները համարվում են կիսամյակային և տարեկան գնահատականներ:

 

3. ԷՔՍՏԵՌՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են կրթական 2-րդ և 3-րդ աստիճանների հանրակրթական հիմնական, ընդհանուր ծրագրերին համապատասխան:

14. Էքստեռն ավարտական քննություններին կարող են մասնակցել և էքստեռն կարգով միջնակարգ կրթության ատեստատ ստանալ.

1) հիմնական կրթության վկայական ստանալու օրվանից առնվազն 3 տարի հետո` հանրակրթությունից դուրս մնացած և ինքնակրթությամբ զբաղված, ինչպես նաև 3-րդ աստիճանի հանրակրթական հիմնական, ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ավարտական դասարանում ուսումը ընդհատած անձինք,

2) էքստեռն կարգով հիմնական կրթության վկայական ստացած անձը, էքստեռն կարգով ատեստատ ստանալու համար, կարող է դիմել սկսած հաջորդ տարվանից,

3) էքստեռն ավարտական քննություններին կարող են մասնակցել և էքստեռն կարգով հիմնական կրթության ավարտական վկայական ստանալ 16 տարին լրացած անձինք:

15. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են Երևան քաղաքում` էքստեռն ավարտական քննություններ կազմակերպելու իրավունք վերապահված ավագ դպրոց(ներ)ում:

16. Ինքնակրթությամբ զբաղված անձինք, ցանկության դեպքում, կարող են դիմել որևէ ավագ դպրոց` քննական առարկաներից վճարովի հիմունքներով լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու խնդրանքով:

17. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար էքստեռն ավարտական քննություններ կազմակերպվում են նախարարության թույլտվությամբ, համապատասխան դպրոցում:

18. Էքստեռն քննություններ հանձնել ցանկացողները, մինչև տվյալ ուսումնական տարվա ապրիլի 10-ը ներառյալ, դիմում են սույն կարգի 16-րդ կետում նշված էքստեռն ավարտական քննություններ կազմակերպելու իրավունք վերապահված ավագ դպրոց (ներ) ի տնօրեն (ներ)ին:

Դիմումի հետ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) հիմնական կրթության վկայական ստանալու համար.

ա. անձը հաստատող փաստաթուղթ,

բ. տեղեկանք նախնական կրթության մասին,

2) միջնակարգ կրթության վկայական ստանալու համար.

ա. հիմնական կրթության վկայական (բնօրինակը),

բ. անձը հաստատող փաստաթուղթ,

գ. 3-րդ աստիճանի հանրակրթական հիմնական, ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ավարտական դասարանում ուսումը ընդհատած և հանրակրթությունից դուրս մնացած անձը ներկայացնում է տեղեկանք հանրակրթական ուսումնական հաստատությունից դուրս մնալու մասին:

19. Էքստեռն քննություններ անցկացնելու իրավունք ստացած դպրոց(ներ)ի տնօրեն(ներ)ը էքստեռն քննություններ հանձնել ցանկացողների փաստաթղթերը մինչև ապրիլի 20-ը ներկայացնում են Նախարարության հանրակրթության վարչություն փաստաթղթերի ուսումնասիրության և սահմանված կարգին համապատասխան քննություններին թույլատրելու համար:

20. Էքստեռն քննություններն անցկացվում են մայիսի 20-ից հունիսի 20-ը՝ ըստ նախարարության կողմից հաստատված ժամանակացույցի: Այն քննությունները, որոնք համընկնում են հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական և պետական ավարտական քննությունների հետ անցկացվում են ավարտական և պետական ավարտական քննությունների միասնական քննական օրերին` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ` ԳԹԿ) կազմած թեստերով:

21. Մնացած առարկաների քննական տոմսերը, առաջադրանքները, առարկայական ծրագրերին համապատասխան, կազմում են դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները:

22. Էքստեռն կարգով քննություններ հանձնող անձինք, քննական անբավարար գնահատականներ ստանալու դեպքում ամառային առաջադրանքներ չեն ստանում:

23. Քննաշրջանի ընթացքում հիվանդության պատճառով քննություններին չներկայացած դրսեկը միասնական (ավարտական) քննությունները հանձնում է ԳԹԿ սահմանած օրերին, իսկ մյուս առարկաներից` վերջին քննությունից հետո հնգօրյա ժամկետում:

24. Էքստեռն կարգով ավարտական քննություններ հանձնած դրսեկի ստացած քննական դրական գնահատականները ուժի մեջ են մեկ տարի: Հաջորդ տարի նա քննություն է հանձնում միայն այն առարկայից, որից քննություն չի հանձնել կամ ստացել է քննական անբավարար գնահատական:

25. Քննությունների հանձնաժողովները կազմում է դպրոցի տնօրենը.

1) 9-րդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի երկու անդամ,

2) 11(12)-րդ դասարանի համար՝ նախագահ և հանձնաժողովի երեք անդամ,

3) 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հանձնաժողովների կազմերում ընդգրկվում են այլ դպրոցից առնվազն մեկ` 3 տարվա մանկավարժական աշխատանքի փորձ ունեցող ուսուցիչ:

26. Բոլոր քննություններից դրական գնահատականներ ստացած քաղաքացիներին սահմանված կարգով տրվում է հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ՝ «Էքստեռն» նշումով: Նշումը կատարվում է Նախարարությունում:

27. Էքստեռն կարգով ավարտողները գովասանագրով կամ մեդալով չեն պարգևատրվում:

28. Էքստեռն կարգով ավարտողներին տրված ավարտական վկայականները (հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ) գրանցվում են ավագ դպրոցի համապատասխան բաշխման մատյաններում: Դպրոցի հիմնական շրջանավարտների մասին տվյալները լրացնելուց հետո, հաջորդ տողի կենտրոնում գրվում է «էքստեռն» բառը և համարակալումը շարունակելով, լրացվում են սույն կարգով ավարտական վկայական ստացած շրջանավարտների մասին տվյալները:

29. Քննությունների ամփոփագրերը և քննական գրավոր աշխատանքները պահվում են քննությունները կազմակերպող դպրոցում` 3 տարի։

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան