Գլխավոր տեղեկություն
Համար
N 3-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.10.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.10.15/28(346) Հոդ.327
Ընդունող մարմին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
17.09.2009
Ստորագրող մարմին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 33009332

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

17 սեպտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 3-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԵՎ «ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՎԱՐՊԵՏ» ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ, ՇՆՈՐՀԱԳՐԻ, ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժ.4» և «ժ.5» կետերի համաձայն՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» և «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչումների շնորհման կարգը` համաձայն հավելված N 1-ի:

2. Հաստատել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչման կրծքանշանի, վկայականի ու շնորհագրի և «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչման կրծքանշանի ու վկայականի ձևերը` համաձայն հավելված N 2-ի:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Ռ. Հովհաննիսյանին` «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն յոթնօրյա ժամկետում uույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին:

 

Նախարար

Ա. Գրիգորյան

 

 

Հավելված N 1
ՀՀ սպորտի և երիտասարդության
հարցերի նախարարի
2009 թ. սեպտեմբերի 17-ի
N 3-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԵՎ «ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՎԱՐՊԵՏ» ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» և «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչումների ներկայացման, շնորհման կարգը և պայմանները:

2. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» և «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչումները սահմանված են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի վաստակաշատ աշխատողներին ու միջազգային պաշտոնական մրցումներում առավել բարձր արդյունքների հասած մարզիկներին խրախուսելու նպատակով և շնորհվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` Լիազոր մարմին) ղեկավարի հրամանով:

 

2. ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչումը շնորհվում է հետևյալ մարմինների ներկայացմամբ՝

1) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների.

3) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների.

4) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների.

5) հանրապետական մարզական հասարակական կազմակերպությունների.

6) Լիազոր մարմնի ենթակայության մարզական կազմակերպությունների:

4. «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչումը շնորհվում է մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացմամբ:

5. Կոչումների շնորհման նպատակով սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված մարմինները Լիազոր մարմնին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

1) ներկայացման թերթիկ,

2) անձնագրի պատճեն,

3) բնութագիր-երաշխավորագիր,

4) 2 գունավոր լուսանկար (3 x 4 չափսի),

5) աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթ` «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչման համար,

6) մարզական արդյունքները հաստատող փաստաթուղթ` «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչման համար:

6. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» և «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչումների ներկայացման թերթիկների ձևը հաստատում է Լիազոր մարմինը:

 

3. ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ ԿԱՄ ԶՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

7. Կոչումների շնորհման համար թեկնածուների հաշվառման, փաստաթղթերի հավաքման և կոչում շնորհելու համար առաջարկություն ներկայացնելու նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի կողմից ստեղծվում է հանձնաժողով, որի 11 անդամներից բաղկացած անհատական կազմը և գործունեության կարգը հաստատում է Լիազոր մարմնի ղեկավարը:

8. Հանձնաժողովի կազմը ձևավորվում է Լիազոր մարմնի` վեց, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի` երկու և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ու մարզական հասարակական կազմակերպությունների երեք ներկայացուցիչներից:

9. Կոչում շնորհելու վերաբերյալ հիմնավորված առաջարկությունը հանձնաժողովը ներկայացնում է Լիազոր մարմնի ղեկավարին:

10. Հանձնաժողովի կողմից կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դեպքում փաստաթղթերը մեկ շաբաթվա ընթացքում վերադարձվում են ներկայացնողին:

 

4. «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՈՉՄԱՆ ՇՆՈՐՀՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

11. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչում է շնորհվում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում առնվազն քսան տարի աշխատած, բարձր որակավորում ունեցող աշխատողներին` իրենց պրակտիկ գործունեության, մարզական հերթափոխի պատրաստման, առողջ ապրելակերպի և սպորտի պրոպագանդման համար, ինչպես նաև այն անձանց, ովքեր ակտիվորեն աջակցել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը հանրապետությունում:

 

5. «ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՎԱՐՊԵՏ» ԿՈՉՄԱՆ ՇՆՈՐՀՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

12. «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչում է շնորհվում այն անձանց, ովքեր օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բազմիցս հասել են մարզական խոշոր նվաճումների, նպաստել են միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը և գրավել են`

1) օլիմպիական խաղերում 1-3 տեղը.

2) աշխարհի առաջնությունում 1-ին տեղը:

 

6. ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԸ

 

13. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կամ «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչմանն արժանացած անձանց տրվում է Լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի վկայական և կրծքանշան: «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչմանն արժանացած անձանց տրվում է նաև Լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի շնորհագիր:

14. Վկայականի, շնորհագրի և կրծքանշանի ձեռքբերման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

15. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կամ «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչման վկայականը կորցնելու դեպքում տրվում է վկայականի կրկնօրինակը` դիմումի և Լիազոր մարմնի վարած գրանցամատյանում կատարված գրանցման հիման վրա:

 

Աշխատակազմի ղեկավար՝

Վ. Էլոյան

 

 

Հավելված N 2
ՀՀ սպորտի և երիտասարդության
հարցերի նախարարի
2009 թ. սեպտեմբերի 17-ի
N 3-Ն հրամանի

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՈՉՄԱՆ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ՈՒ ՇՆՈՐՀԱԳՐԻ ԵՎ «ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՎԱՐՊԵՏ» ԿՈՉՄԱՆ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԵՐԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_469

 

Ներմուծեք նկարագրությունը_470

Ներմուծեք նկարագրությունը_474

 

Ներմուծեք նկարագրությունը_475

Ներմուծեք նկարագրությունը_476

 

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՈՉՄԱՆ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Կրծքանշանը պատրաստվում է արծաթից՝ դրոշմման եղանակով և ամբողջությամբ ոսկեջրվում է։ Կրծքանշանի ալիքաձև 2,5 սմ երկարությամբ և 1 սմ լայնությամբ զոլակի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը։ Զոլակի եզրերը ոսկեջրվում են։ Զոլակը կապօղակով ամրացված է 3,5 սմ տրամագծով շրջանին, որի վերևի կիսաշրջանի մասում ուռուցիկ տառերով գրված է՝ «ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»։ Դրանից ներքև նախարարության խորհրդանիշն է։ Իսկ ներքևի կիսաշրջանի մասում ուռուցիկ տառերով գրված է՝ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ»։ Շրջանի կենտրոնական մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, լեռան լանջին՝ ասպարեզը խորհրդանշող մարզադաշտի գրաֆիկական պատկերը և դրա աջ մասում՝ դափնեճյուղը, որով ավանդաբար պարգևատրվել են հաղթողները՝ տարբեր ասպարեզի գործիչներ` սկսած դեռևս հին Հունաստանի ժամանակներից մինչ օրս։

 

«ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՎԱՐՊԵՏ» ԿՈՉՄԱՆ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Որպես հիմնական տարրեր օգտագործված են Հայաստանի Հանրապետության դրոշը, դափնեպսակը, որով ավանդաբար պարգևատրվել են հաղթողները՝ տարբեր ասպարեզի գործիչներ` սկսած դեռևս հին Հունաստանի ժամանակներից մինչ օրս։

Կրծքանշանը պատրաստվում է 28 մմ երկարությամբ և 26 մմ լայնությամբ արծաթից՝ դրոշմման եղանակով, կրծքանշանի աջ և ձախ կողմերը եզերող դափնեճյուղերը ոսկեջրվում են։ Կրծքանշանի վերևի մասում Հայաստանի Հանրապետության ալիքաձև դրոշի պատկերն է։ Կրծքանշանի կենտրոնական մասում ուռուցիկ մեծ տառերով գրված է՝ «ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՎԱՐՊԵՏ»։

 

Աշխատակազմի ղեկավար՝

Վ. Էլոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան