Գլխավոր տեղեկություն
Համար
N 120-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.03.2010-06.09.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.03.01/5(357) Հոդ.51
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
08.02.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 փետրվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 12410047

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

8 փետրվարի 2010 թ.
ք. Երևան

N 120-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով`

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

2. Հարկային մարմին դիմելու դեպքում` հարկ վճարողների հետ կնքել սույն հրամանի 1-ին կետով սահմանված հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին օրինակելի ձևի պայմանագրեր:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի հուլիսի 22-ի «Հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներակյացնելու մասին պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 1964-Ն հրամանը:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի հուլիսի 22-ի N 1964-Ն հրամանի համաձայն կնքված պայմանագրերը գործում են` մինչև համապատասխան պայմանագրերի գործողության ժամկետի ավարտը և պայմանագրի գործողության ժամկետի սահմաններում հարկ վճարողների կողմից կարող են ներկայացվել հարկային մարմնի կողմից հաստատված ժամանակացույցում նշված հաշվետվությունների տեսակները:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ՝

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի նախագահի

2010 թ. փետրվարի 8-ի N 120-Ն հրամանի

 

Օրինակելի ձև

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N ________

 

Հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին

 

ք. Երևան

 ___ _________________ 20 թ.

 

_______________________________________(ՀՎՀՀ`__________), այսուհետ՝ «Հարկ վճարող», ի դեմս ___________-ի, որը գործում է __________________________ հիման վրա, մի կողմից, և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, այսուհետ՝ «Հարկային մարմին», ի դեմս _______________________________________________-ի, որը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 20___թ. ______________ N ________ հրամանով իրավազորված է կնքելու սույն պայմանագիրը, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հավաստագրման կենտրոնից էլեկտրոնային ստորագրություն ստացած Հարկ վճարողը պարտավորվում է Հարկային մարմին ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկային և պարտադիր այլ վճարների հաշվետվությունները, հաշվարկները, ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը, այլ փաստաթղթերը և տեղեկությունները (այսուհետ` Հաշվետվություններ) էլեկտրոնային եղանակով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) N 2 հավելվածով սահմանված կարգով, իսկ Հարկային մարմինը պարտավորվում է ընդունել ներկայացված Հաշվետվությունները` եթե դրանք ներկայացված են Օրենքով սահմանված կարգով և պայմաններով:

1.2. Սույն պայմանագրում օգտագործված հասկացություններն ունեն նույն իրավական նշանակությունը, ինչ որ սահմանված է «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, դրան համապատասխան ընդունված իրավական ակտերում, ինչպես նաև Օրենքի դրույթներում:

1.3. Հարկային մարմինը հավաստում է, որ տնօրինում է Հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ընդունելու ծրագրի:

1.4. Հարկ վճարողի կողմից կարող են ներկայացվել Հարկային մարմնի կողմից հաստատված ժամանակացույցում նշված Հաշվետվությունների տեսակները:

1.5. Սույն պայմանագրի կնքվելուց հետո Հարկային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հարկ վճարողին է տրամադրում էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ (Login&Password)` առձեռն փակ ծրարով և նրա բոլոր` սույն պայմանագրի 3.1 կետի համաձայն լիազորված անձինք մուտք են գործում համակարգ նույն ծածկագրով ու գաղտնաբառով:

1.6. Կողմերն ընդունում են, որ բոլոր լիազորված անձանց սույն պայմանագրի 2.3 կետի 4-րդ ենթակետում նշված հավատարմագրված հավաստագրման կենտրոնից ստացված վավեր էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթերն ունեն նույն իրավական նշանակությունը, ինչը որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված և (կամ) կնիքով վավերացված փաստաթուղթը: Նշված էլեկտրոնային փաստաթղթերը համարվում են բնօրինակներ և կարող են օգտագործվել որպես ապացույց դատարանում և վեճերի քննարկման մինչդատական վարույթում:

1.7. Կողմերն ընդունում են, որ էլեկտրոնային համակարգում օգտագործվող էլեկտրոնային ծածկագիրն ու գաղտնաբառը և լիազորված անձանց սույն պայմանագրի 2.3 կետի 4-րդ ենթակետում նշված հավատարմագրված հավաստագրման կենտրոնից ստացված էլեկտրոնային թվային ստորագրությունները բավարար են էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացնողին նույնականացնելու, Հարկ վճարողի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունն ու դրանք երրորդ անձանց կողմից չթույլատրված գործողություններից ու միջամտություններից պաշտպանելու համար:

1.8. Հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով Հարկային մարմին ներկայացնելը Հարկ վճարողին իրավունք է տալիս այդ Հաշվետվությունները թղթային եղանակով չներկայացնել Հարկային մարմին:

1.9. Կողմերն ընդունում են, որ Հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով Հարկային մարմին ներկայացման պահ է համարվում Հաշվետվությունների ընդունման վերաբերյալ ավտոմատ համակարգի կողմից Հարկ վճարողին ուղարկվող ծանուցման մեջ նշված օրն ու ժամը:

1.10. Սույն պայմանագիրն անհատույց է:

 

2. Հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգն ու պայմանները

 

2.1. Հարկ վճարողը Հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է էլեկտրոնային թվային ստորագրության ու ծածկագրի և գաղտնաբառի (Login&Password) միջոցով:

2.2. Էլեկտրոնային ծածկագիրը և գաղտնաբառը էլեկտրոնային թվային պայմանանշանների եզակի հաջորդականությամբ ներկայացված մուտքի անվան (login), ինչպես նաև գաղտնաբառի (password) համակցությունն է, որը հնարավորություն է տալիս մուտք գործելու Հարկային մարմնի տեղեկատվական համակարգ և թույլ է տալիս տվյալ տեղեկատվական համակարգում նույնականացնել էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացնողին, ինչպես նաև ապահովում է էլեկտրոնային համակարգ մուտք գործողին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունն ու պաշտպանվածությունն այլ անձանց կողմից կատարվող գործողություններից:

2.3. Հաշվետվությունների ներկայացման համար Հարկ վճարողին անհրաժեշտ տեխնիկական պայմաններն են`

1) Ինտերնետ համակցում 128 Կբիթ/վրկ և ավելի արագությամբ,

2) Intel Pentium III և բարձր համակարգիչ, 512 MB հիշողությամբ, 50 Gb տարողությամբ կոշտ սկավառակով և DVD-սարքավարով,

3) Windows XP, Vista գործողությունների համակարգ, Internet Explorer կամ Mozilla Firefox ծրագիր ու Adope Acrobat Reader կամ Adope Acrobat Professional,

4) «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ԲԲԸ-ից (ՀՎՀՀ` 02707093) ստացված էլեկտրոնային թվային ստորագորություն,

5) Հարկային մարմնից ստացված էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ:

2.4. Սույն պայմանագրի 3.2.3 կետում նշված բոլոր անձանց կողմից Հաշվետվությունը սույն պայմանագրի համաձայն ստորագրվելու և ուղարկվելու դեպքում այն կհամարվի ներկայացված:

 

3. Կողմերի իրավունքները ԵՎ պարտականությունները

 

3.1. Հարկ վճարողն իրավունք ունի`

3.1.1. էլեկտրոնային եղանակով Հաշվետվությունները ներկայացնել`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված անձանց միջոցով,

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված անձի (անձանց) միջոցով.

3.1.2. ցանկացած ժամանակ լուծել սույն պայմանագիրը` այդ մասին առնվազն 10 օր առաջ գրավոր տեղեկացնելով Հարկային մարմնին.

3.1.3. գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ էլեկտրոնային Հաշվետվությունները ներկայացնող իրավասու անձի փոփոխման դեպքում նոր գաղտնաբառ ստանալ:

3.2. Հարկ վճարողը պարտավոր է`

3.2.1. սույն պայմանագիրը կնքելու նպատակով`

ա) ներկայացնել Հարկ վճարողի պետական գրանցման վկայականի պատճենը,

բ) ներկայացնել Հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր կամ հրաման` Հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագիր կնքելու, ինչպես նաև էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի օգտագործման և դրանք Հարկային մարմնից ստանալու իրավասու անձ լինելու մասին,

գ) ներկայացնել անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և սոցիալական ապահովության քարտի (առկայության դեպքում) պատճենը.

3.2.2. Հարկային մարմնին տրամադրել այն անձանց անուն-ազգանունները, անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը, որոնք իրավունք ունեն Հարկ վճարողի անունից էլեկտրոնային եղանակով ներկայացնելու Հաշվետվություններ.

1) __________________________________________________________________

2) __________________________________________________________________

3.2.3. էլեկտրոնային կրիչի միջոցով ներկայացնել Հաշվետվություն ներկայացնող անձի (անձանց) էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը և ստորագրության ստուգման տվյալները` մինչև էլեկտրոնային եղանակով Հաշվետվություններ ներկայացնելը.

3.2.4. գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ իրավասու անձի փոփոխման դեպքում անհապաղ տեղեկացնել Հարկային մարմնին.

3.2.5. լիազոր անձի էլեկտրոնային ստորագրության հավաստագրի կամ հարկ վճարողների հարկային հաշվառման միասնական ռեեստրում ներառվող տեղեկությունների փոփոխման դեպքում անհապաղ տեղյակ պահել դրա մասին Հարկային մարմնին.

3.2.6. համակարգի տեխնիկական խափանումների դեպքում Հաշվետվությունները, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում թղթային կրիչով ներկայացնել Հարկային մարմին:

3.3. Հարկային մարմինն իրավունք ունի չընդունել այն Հաշվետվությունները, որոնք ներկայացված են`

ա) սույն պայմանագրի 3.2.3 կետում նշված տվյալներին չհամապատասխանող անձանց կողմից,

բ) եթե Հաշվետվությունները ներկայացված չեն օրենքով սահմանված և սույն պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով:

3.4. Հարկային մարմինը պարտավոր է`

3.4.1. ապահովել իր կողմից տնօրինվող տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով ստացված Հաշվետվությունների տվյալների պաշտպանվածությունը և պահպանումը: Էլեկտրոնային եղանակով ներկայացված Հաշվետվությունները պահպանվում են թղթային կրիչով ներկայացված Հաշվետվությունների համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներում.

3.4.2. գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ այն օգտագործող իրավասու անձի փոփոխման դեպքում նոր գաղտնաբառ տրամադրել, եթե Հարկ վճարողի կողմից ներկայացվել է դիմում: Նոր գաղտնաբառը տրամադրվում է պարզեցված ընթացակարգով` դիմումի և սույն պայմանագրի 3.2.1 կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերի հիման վրա դիմումի ներկայացման օրվա ընթացքում.

3.4.3. Հաշվետվությունների ընդունման համար ապահովել ավտոմատ համակարգի ֆունկցիոնալությունը, Հաշվետվությունների փոփոխման, համակարգի պրոֆիլակտիկ անջատումների դեպքում էլեկտրոնային Հաշվետվությունների ներկայացման կայքում տեղադրված հաղորդագրության միջոցով նախօրոք տեղեկացնել Հարկ վճարողին.

3.4.4. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ Հաշվետվությունների ձևերում և լրացման կարգերում փոփոխությունների դեպքում ավտոմատ համակարգում կատարել համապատասխան փոփոխություններ.

3.4.5. թղթային կրիչով ներկայացված Հաշվետվությունները 15-օրյա ժամկետում ավտոմատ համակարգում հասանելի դարձնել Հարկ վճարողին:

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։

4.2. Հարկային մարմինը պատասխանատու չէ էլեկտրոնային ստորագրության վավերության և դրա հետ կապված հարցերի հետևանքով Հաշվետվությունների ժամանակին չներկայացման, ինտերնետ կապի կամ Հարկ վճարողի համակարգչային տեխնիկայի և ծրագրերի խափանման, էլեկտրոնային ստորագրության, ծածկագրի կամ գաղտնաբառի կորստյան կամ այլ եղանակով երրորդ անձանց հասանելի դառնալու դեպքում տեղեկությունների պատշաճ չներկայացման համար:

4.3. Հարկային մարմնի կողմից պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով Հարկ վճարողին պատճառված վնասը ենթակա է հատուցման միայն իրական վնասի չափով և բաց թողնված օգուտը հատուցման ենթակա չէ:

 

5. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

6. Այլ պայմանները

 

6.1. Սույն պայմանագրով նախատեսված և Հարկ վճարողի կողմից ներկայացված փաստաթղթերը կցվում են սույն պայմանագրին և համարվում են պայմանագրի անբաժանելի մասը:

6.2. Սույն պայմանագիրը լրացվում է Հարկային մարմնի համապատասխան գրասենյակում, որից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից:

6.3. Սույն պայմանագրի բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են գրավոր և վավեր են կողմերի կողմից ստորագրվելու (իսկ կնիքի առկայության դեպքում` կնքվելու) դեպքում:

6.4. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.5. Սույն պայմանագիրը կնքված է անորոշ ժամկետով, հայերեն լեզվով, 2 (երկու) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։

 

7. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները ԵՎ ստորագրությունները

 

 Հարկ վճարող

 Հարկային մարմին

________________________  

     (գտնվելու վայրը)

________________________  

     (գտնվելու վայրը)

_________________________

(էլեկտրոնային փոստի հասցեն) 

_________________________

(էլեկտրոնային փոստի հասցեն) 

_________________________

(բանկային վավերապայմանները)

_________________________

(բանկային վավերապայմանները)

________________________ 

(ստորագրություն)

________________________ 

(ստորագրություն)

   

 Կ.Տ.

Կ.Տ.

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան