Գլխավոր տեղեկություն
Համար
N 19-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (17.03.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.03.16/11(329) Հոդ.137
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Ընդունման ամսաթիվ
20.02.2009
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 մարտի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11409107

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

20 փետրվարի 2009 թ.
ք. Երևան

N 19-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ (ԲԱԺՆԵՄԱՍ) ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 282 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 562-Ն որոշմամբ հաստատված «Պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու» կարգի 10-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների, անշարժ գույքի, պետական կառավարչական հիմնարկին անհրաժեշտ անշարժ գույքի, պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին տեղեկանքների ձևի լրացման մասին մեթոդական ցուցումները»` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 Վարչության պետ` Կ. Կիրակոսյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2009 թվականի փետրվարի 20-ի

N 19-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

«Պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների, անշարժ գույքի, պետական կառավարչական հիմնարկին անհրաժեշտ անշարժ գույքի, պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին» տեղեկանքների ձևի լրացման մասին»

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդական ցուցումները սահմանում են պետական մարմինների ղեկավարների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը ներկայացվող «Պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների, անշարժ գույքի, պետական կառավարչական հիմնարկին անհրաժեշտ անշարժ գույքի, պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին» տեղեկանքների ձևի (այսուհետև` տեղեկատվություն) լրացման մեթոդաբանությունը:

2. Տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 282 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 562-Ն որոշմամբ (այսուհետև` որոշում) հաստատված «Պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու» կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

 

II. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

3. Տեղեկատվությունը ներկայացվում է հետևյալ տեղեկանքները լրացնելու կարգով`

1) «պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների մասին» տեղեկանք (որոշման հավելված 2-ի N 1 ձևը),

2) «պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված անշարժ գույքի մասին» տեղեկանք (որոշման հավելված 2-ի N 2 ձևը),

3) «պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին անհրաժեշտ անշարժ գույքի մասին» տեղեկանքը (որոշման հավելված 2-ի N 3 ձևը),

4) «պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին» տեղեկանք (որոշման հավելված 2-ի N 4 ձևը):

 

III. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. «Պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների մասին» Ձև N 1 տեղեկանքում լրացվում են տվյալ պետական կառավարչական կամ այլ պետական հիմնարկին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված (այդ թվում՝ նաև տվյալ պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված և պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման հանձնված) հիմնական միջոցների մասին ամփոփ տեղեկատվությունը.

1) տեղեկանքի պետական կառավարչական և պետական այլ հիմնարկի անվանումը տողում լրացվում է տվյալ պետական կառավարչական հիմնարկի կամ պետական այլ հիմնարկի լրիվ անվանումը,

2) աղյուսակի անշարժ գույք բաժնում (սյունակներ 2-4) լրացվում են անշարժ գույքի անվանումը (շենք, շինություն, անավարտ շինարարության օբյեկտ), գտնվելու վայրը, ներառյալ մարզը, քաղաքը (գյուղը), փողոցը (անհրաժեշտության դեպքում գտնվելու վայրը հստակեցնել) և հաշվապահական հաշվեկշռի տարեկան արդյունքներով ձևակերպված հաշվեկշռային արժեքը: Ընդ որում, եթե անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում ներառված են մի քանի մասնաշենքեր (շենքային համալիր), ապա աղյուսակը լրացվում է մեկ տողով, իսկ աղյուսակի վերջում ծանոթության տեսքով նշվում է տվյալ տողով ներկայացված մասնաշենքերի քանակը,

3) աղյուսակի տրանսպորտային միջոցներ բաժնում (սյունակներ 5-7) լրացվում է տրանսպորտային միջոցի անվանումը, մակնիշը, պետական համարանիշը և հաշվապահական հաշվեկշռի տարեկան արդյունքներով ձևակերպված հաշվեկշռային արժեքը,

4) աղյուսակի այլ հիմնական միջոցներ բաժնում լրացվում է նաև հիմնարկի հաշվեկշռում հաշվառված այլ հիմնական միջոցների (բացառությամբ անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների) (սյունակներ 8-9) քանակը և հաշվապահական հաշվեկշռի տարեկան արդյունքներով ձևակերպված նշված քանակի հաշվեկշռային արժեքը (մեկ տողով),

5) տեղեկանքը ստորագրվում է պետական հիմնարկի ղեկավարի (աշխատակազմի ղեկավարի) կողմից և կնքվում հիմնարկի կնիքով:

5. «Պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված անշարժ գույքի մասին» Ձև N 2 տեղեկանքը լրացվում է տվյալ պետական կառավարչական կամ այլ պետական հիմնարկին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված և Ձև N 1-ում լրացված յուրաքանչյուր անշարժ գույքի (շենք, շինություն, անավարտ շինարարության օբյեկտ) համար առանձին: Ընդ որում, եթե անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում ներառված են մի քանի մասնաշենքեր (շենքային համալիր), ապա աղյուսակը լրացվում է մեկ տողով, իսկ աղյուսակի վերջում ծանոթության տեսքով նշվում է տվյալ տողով ներկայացված մասնաշենքերի քանակը: Եթե աղյուսակի որևէ տողում ներկայացվող տվյալները մասնաշենքերի համար տարբերվում են` օրինակ պատրաստվածության աստիճանը, տեսակը, շահագործման հանձման տարեթիվը կամ այլ տվյալներ, ապա աղյուսակի վերջում ծանոթության տեսքով ներկայացվում է նաև այդ տեղեկատվությունը.

1) տեղեկանքի պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված անշարժ գույքի մասին տողում լրացվում է տվյալ պետական կառավարչական կամ այլ պետական հիմնարկի լրիվ անվանումը: Եթե լրացվում է որևէ կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի վերաբերյալ, ապա նշված տողում լրացվում է նաև այդ կազմակերպության անվանումը,

2) աղյուսակի 1-ին տողում լրացվում է անշարժ գույքի անվանումը և տեսակը (շենք, (առանձին կանգնած կամ ստորաբաժանված), կամ շինություն, անավարտ շինարարության օբյեկտ),

3) աղյուսակի 2-րդ տողում լրացվում է գտնվելու վայրը (փոստային, դասիչը, մարզը, քաղաքը (գյուղը), գտնվելու վայրը),

4) աղյուսակի 3-րդ տողում` ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված անշարժ գույքի գտնվելու վայրի հողի տարածագնահատման գոտին, որի լրացման համար անհրաժեշտ է օգտվել ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ սահմանված գոտիականությունից,

5) աղյուսակի 4-րդ տողում լրացվում է անշարժ գույքի պատրաստվածության աստիճանը (մինչև 50%, 50%-ից մինչև 100%, 100%),

6) աղյուսակի 5-րդ տողում` անշարժ գույքի շահագործման հանձնման տարեթիվը,

7) անշարժ գույքի նշանակությունը (արտադրական, վարչական, օժանդակ և այլն) լրացվում է աղյուսակի 6-րդ տողում,

8) աղյուսակի 7-րդ տողում լրացվում է անշարժ գույքի տեսակը (այսինքն ինչից է կառուցված` քարից, երկաթ-բետոնյա կոնստրուկցիաներից, թեթևացված քարից և այլն),

9) աղյուսակի 8-րդ տողում լրացվում է հարկայնությունը, այսինքն քանի հարկ ունի անշարժ գույքը, 9-րդ տողում լրացվում է անշարժ գույքի ընդհանուր մակերեսը,

10) իսկ աղյուսակի 9.1, 9.2, և 9.3 տողերում համապատասխանաբար նկուղի, կիսանկուղի և այլ հարկերի մակերեսը,

11) աղյուսակի 10-րդ տողում լրացվում է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականով նշված անշարժ գույքի սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը,

12) աղյուսակի 11-րդ տողում լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը,

13) աղյուսակի 12-րդ տողում լրացվում է նաև անշարժ գույքի ծանրաբեռնված լինելը (վարձակալություն, սերվիտուտ, գրավ և այլն, ընդ որում` եթե ծանրաբեռնված է գույքի մի մասը, ապա անհրաժեշտ է նշել նաև այդ մասին),

14) աղյուսակի 13,14,15-րդ տողերում համապատասխանաբար լրացվում է անշարժ գույքի հաշվեկշռին հանձնման-ընդունման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, անշարժ գույքի հաշվապահական հաշվեկշռի տարեկան արդյունքներով ձևակերպված սկզբնական և մնացորդային արժեքները,

15) աղյուսակի 16-րդ տողը լրացվում է պատմամշակութային արժեք ներկայացնող անշարժ գույքի համար և նշվում է այդ գույքի վկայականի համարը և գրանցման ամսաթիվը,

16) աղյուսակի 17-26-րդ տողերում լրացվում են տեղեկություններ անշարժ գույքի օգտագործման վերաբերյալ, այդ թվում` անշարժ գույքի օգտագործողի անունը (անվանումը) և կազմակերպաիրավական ձևը, օգտագործման տրամադրման հիմքերը, օգտագործման պայմանագրի կնքման ամսաթիվը, օգտագործման տրամադրման ժամկետները, օգտագործման իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը, օգտագործողի աշխատողների ցուցակային թիվը, ղեկավար աշխատողների թիվը, պետական և վճարովի հիմունքներով սովորողների թիվը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործողին հասանելիք տարածքի նվազագույն մակերեսը:

Լրացման համար նախատեսված տեղեկատվության բացակայության դեպքում համապատասխան տողում դնել գծիկ` «-»: Տեղեկանքը ստորագրվում է պետական կառավարչական հիմնարկի ղեկավարի (աշխատակազմի ղեկավարի) կամ այլ պետական հիմնարկի ղեկավարի կողմից և կնքվում հիմնարկի կնիքով:

6. «Պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին անհրաժեշտ անշարժ գույքի մասին» Ձև N 3 տեղեկանքը լրացվում է պետական կառավարչական և պետական այլ հիմնարկին անհրաժեշտ յուրաքանչյուր անշարժ գույքի (շենք, շինություն, անավարտ շինարարության օբյեկտ) համար առանձին.

1) տեղեկանքի պետական կառավարչական և պետական այլ հիմնարկի անվանումը տողում լրացվում է այն պետական կառավարչական կամ այլ պետական հիմնարկի լրիվ անվանումը, որին անհրաժեշտ է լրացուցիչ տարածք: Եթե լրացուցիչ տարածքն անհրաժեշտ է որևէ կազմակերպության համար, ապա նշված տողում լրացվում է նաև այդ կազմակերպության անվանումը,

2) աղյուսակի 1-ին տողում լրացվում է անհրաժեշտ անշարժ գույքի անվանումը և տեսակը (շենք, (առանձին կանգնած կամ ստորաբաժանված), կամ շինություն, անավարտ շինարարության օբյեկտ),

3) աղյուսակի 2-րդ տողում` գործող նորմատիվներով հավանական օգտագործողին հասանելիք տարածքի նվազագույն մակերեսը,

4) աղյուսակի 3-րդ տողում` հավանական օգտագործողին սեփականության իրավունքով պատկանող տարածքի մակերեսը,

5) աղյուսակի 4-րդ տողում` հավանական օգտագործողին օգտագործման իրավունքով ամրացված տարածքի մակերեսը,

6) աղյուսակի 5-րդ տողում` հավանական օգտագործողի կողմից այլ անձանցից վարձակալած (անհատույց օգտագործման իրավունք ձեռք բերած) տարածքի մակերեսը,

7) աղյուսակի 6-րդ տողում լրացվում է անհրաժեշտ անշարժ գույքի գտնվելու վայրը (մարզը, քաղաքը (գյուղը), գտնվելու վայրը),

8) աղյուսակի 7-րդ տողում անհրաժեշտ անշարժ գույքի նշանակությունը (արտադրական, վարչական, օժանդակ և այլն),

9) աղյուսակի 8-րդ, 9-րդ և 10-րդ տողերում համապատասխանաբար լրացվում է անհրաժեշտ անշարժ գույքի տեսակը (այսինքն ինչից է կառուցված` քարից, երկաթ-բետոնյա կոնստրուկցիաներից, թեթևացված քարից և այլն), հարկայնությունը, ընդհանուր մակերեսը,

10) աղյուսակի 11-16 տողերում լրացվում է տեղեկատվություն հավանական օգտագործողի վերաբերյալ` այդ թվում՝ հավանական օգտագործողի անունը (անվանումը) և կազմակերպաիրավական ձևը, օգտագործման տրամադրման ժամկետները, հավանական օգտագործողի աշխատողների ցուցակային թիվը, ղեկավար աշխատողների թիվը, պետական և վճարովի հիմունքներով սովորողների թիվը:

Լրացման համար նախատեսված տեղեկատվության բացակայության դեպքում համապատասխան տողում դնել գծիկ` «-»: Տեղեկանքը ստորագրվում է պետական կառավարչական հիմնարկի ղեկավարի (աշխատակազմի ղեկավարի) կամ այլ պետական հիմնարկի ղեկավարի կողմից և կնքվում հիմնարկի կնիքով:

7. «Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին» Ձև N 4 տեղեկանքը լրացվում է տվյալ պետական մարմնի ենթակայության բաժնետիրական ընկերությունների մասին.

1) տեղեկանքի «Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման լիազորություններն իրականացնող պետական մարմնի անվանումը տողում լրացվում է տվյալ իրավաբանական անձի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման լիազորություններն իրականացնող պետական մարմնի լրիվ անվանումը, օրինակ` «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն»,

2) աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի անվանումը,

3) աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևը,

4) աղյուսակի 4-րդ և 5-րդ սյունակներում լրացվում է պետական մասնակցության չափը` արտահայտված համապատասխանաբար հազ. դրամով և տոկոսներով,

5) աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իրավաբանական և փոստային հասցեն, հեռախոսահամարը:

Գույքի կազմում անշարժ գույք ունեցող իրավաբանական անձանց համար լրացվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562 որոշմամբ հաստատված «Պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու» կարգի հավելված 2-ի N 2 ձևը:

Տեղեկանքները ստորագրվում են իրավաբանական անձի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման լիազորություններն իրականացնող պետական կառավարչական հիմնարկի ղեկավարի (աշխատակազմի ղեկավարի) կամ այլ պետական հիմնարկի ղեկավարի կողմից և կնքվում հիմնարկի կնիքով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան