«Գրանցված է»
ՀՀ արդարադատությաննախարարության կողմից
26 մայիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11308167
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 մայիսի 2008 թ. |
N 579-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Հրամայում եմ`
Սահմանել քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը` համաձայն հավելվածի:
ՀՀ պաշտպանության նախարար | Ս. Օհանյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2008 թ. մայիսի 14-ի N 579-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի (այսուհետ՝ մրցույթ) անցկացման կարգը և պայմանները:
2. Մրցույթով երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
3. «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում (այսուհետ` համապատասխան մարմին) նոր (բացառությամբ Օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) ստեղծված քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները, ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններում Օրենքի 14-րդ հոդվածով և 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում նշանակումներ չկատարվելու դեպքերում այդ պաշտոններն զբաղեցվում են մրցույթով:
4. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն է համարվում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված՝ Օրենքով սահմանված կարգով չզբաղեցված պաշտոնը:
5. Մրցույթ չի անցկացվում քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում:
6. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
7. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է պետական կամ համայնքային ծառայության որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքով սահմանված կարգի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն.
6) օրենքով սահմանված կարգով անցել է այլընտրանքային ծառայություն.
7) զինվորական ծառայությունից արձակվել է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով:
8. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող անձը, սույն կարգին համապատասխան, իրավունք ունի մասնակցել մրցույթին իր ցանկությամբ, անկախ տվյալ պահին իր զբաղեցրած պաշտոնից:
Մրցույթին մասնակցելու ժամանակահատվածը համարվում է հարգելի բացակայություն:
9. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է համապատասխան մարմնի աշխատակազմը:
Սույն կարգով մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարն է:
10. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է համապատասխան մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով ստեղծվող մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով):
11. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
12. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը (այսուհետ՝ հայտարարություն) հրապարակում է համապատասխան մարմինը:
13. Հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև Ինտերնետում՝ համապատասխան մարմնի պաշտոնական կայքում: Հայտարարությունը կարող է պարբերաբար հրապարակվել մինչև սույն կարգի 14-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ժամկետը:
14. Հայտարարության մեջ պետք է պարունակվեն առնվազն հետևյալ տվյալները.
1) համապատասխան մարմնի անվանումը.
2) քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնի անվանումը և պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների ու ներկայացվող պահանջների համառոտ նկարագիրը.
3) քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.
4) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ մրցույթի մասին հայտարարության առաջին հրապարակման 15-րդ օրը (բացառությամբ ոչ աշխատանքային օրերի), ընդ որում` փաստաթղթերի ընդունումը յուրաքանչյուր օրվա համար չպետք է պակաս լինի երեք ժամից.
5) մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը.
6) համապատասխան մարմնի աշխատակազմի գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
15. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները համապատասխան մարմնի աշխատակազմին ներկայացնում են՝
1) գրավոր դիմում (տրվում է Հանձնաժողովի անունով, նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմող քաղաքացին).
2) քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները, իսկ տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում` նաև պետական և ծառայողական գաղտնիքներին առնչվելու համապատասխան թույլտվության ձևի առկայության մասին տեղեկանք.
3) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության «Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
4) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5) հայտարարություն՝ քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին.
6) Օրենքի 12-րդ հոդվածի 5-7-րդ կետերի պահանջները բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.
7) մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափի.
8) անձնագրի պատճենը:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Համապատասխան մարմնի աշխատակազմը սույն կետում նշված քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում է դրանք, որից հետո քաղաքացուց այլ փաստաթղթեր չեն ընդունվում:
Սույն կետով նախատեսված փաստաթղթերից բացի, այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:
Քաղաքացին կարող է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել Հանձնաժողովին, որը դրա վերաբերյալ կազմում է համապատասխան արձանագրություն:
16. Համապատասխան մարմնի աշխատակազմը, մրցույթին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացնելու ժամկետի ավարտից հետո, ոստիկանության մարմիններից հարցման միջոցով տեղեկանք է ստանում մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների դատվածության մասին, ինչպես նաև ստուգում և տեղեկանք է կազմում մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների վերաբերյալ` Օրենքի 12-րդ հոդվածի 5-7-րդ կետերով նախատեսված պահանջների մասով:
17. Մրցույթների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների կազմման, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով համապատասխան մարմնի աշխատակազմում վարվում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և համապատասխան մարմնի ղեկավարի կողմից կնքված մատյան:
Մատյանում առնվազն նշվում են մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձնագրի համարը և սերիան, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի էջերի քանակը:
Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու տվյալները մատյանում գրառվում են նրա կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխան մարմնի աշխատակազմի կողմից ընդունելու օրը:
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալները մատյանում գրառելուն զուգահեռ մուտքագրվում են նաև համակարգչում:
18. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի կարող է մրցույթից առնվազն մեկ օր առաջ գրավոր հրաժարվել մրցույթին մասնակցելուց:
19. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա այդ մասին տեղյակ է պահվում համապատասխան մարմնի ղեկավարին:
Համապատասխան մարմնի աշխատակազմը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու (բացառությամբ սույն կարգի 18-րդ կետում նշվածների) վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) և այդ փաստաթղթերի համապատասխանության ու ամբողջականության մասին տեղեկանքը ներկայացնում է Հանձնաժողովին:
20. Հանձնաժողովի նախագահը համապատասխան մարմնի աշխատակազմից ստանում է Հանձնաժողովի կնիքը, տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը և դիմորդների թվին համապատասխան քանակով կնքված ամփոփաթերթեր (երկու օրինակից): Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ՝ կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը կոդավորված չէ: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում՝ կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը՝ վերևի ձախ մասում:
21. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարած նիստում քննության է առնում մրցույթին ներկայացած քաղաքացիների փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում՝ մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին, որը հրապարակվում է մինչև թեստավորման փուլի սկիզբը:
Հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե առկա է Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը կամ քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է հրավիրել և լսել նաև մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացուն:
Եթե Հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում՝ մրցույթը չկայացած համարելու մասին: Այդ որոշումը Հանձնաժողովն անմիջապես ուղարկում է համապատասխան մարմին:
22. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:
23. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը, իր աշխատակարգով սահմանված կարգով, համակարգչում զետեղված հարցաշարից պատահական ընտրությամբ ընտրում է տվյալ մրցույթի թեստավորումն անցկացնելու համար հարցեր (խնդիրներ) և կազմում է թեստեր հետևյալ չափաբաժիններով.
1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 50 թեստ.
2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 40 թեստ.
3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 30 թեստ.
4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 20 թեստ:
24. Թեստային առաջադրանքների հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները.
1) քաղաքացիական հատուկ ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն՝ 20 տոկոս.
2) պաշտպանության բնագավառի, այդ թվում` համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն (մասնագիտական հարցեր)՝ 70 տոկոս.
3) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ 10 տոկոս:
IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
25. Թեստավորումը անցկացվում է գրավոր, եթե տեխնիկական պատճառներով թեստավորումը հնարավոր չէ անցկացնել համակարգչի միջոցով:
26. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որը ապահովված է համապատասխան պայմաններով: Անհրաժեշտության դեպքում, համապատասխան մարմնի աշխատակազմը ֆիզիկապես ոչ լիարժեք մասնակիցների մրցույթին մասնակցելու համար ստեղծում է համապատասխան պայմաններ:
27. Մրցույթի մասնակիցը (այսուհետ՝ մասնակից) թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ, որտեղ մասնակիցը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:
28. Թեստավորման մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ:
29. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը: Նա պատասխանում է մասնակիցների բոլոր հարցերին, որպեսզի հավաստիանա, որ բոլոր մասնակիցները հասկացել են առաջադրանքի էությունը:
30. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տալիս է սույն կարգի 20-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ՝ երկու օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, մասնակիցը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անջատելով այն հիմնական մասից գցում է ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ:
31. Մասնակցի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելը, ինչպես նաև ամփոփաթերթի հիմնական մասի պատասխանների համար նախատեսված վանդակներից դուրս նշումներ, գրառումներ կատարելը արգելվում է: Այդ դեպքերում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:
32. Գրավոր թեստավորման ժամանակ մասնակիցները, կտրոնները հանձնելուց հետո, ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից (խնդիրներից) և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
33. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը մասնակիցներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:
34. Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ մասնակիցները, կտրոնները ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ գցելուց հետո, թեստավորման առաջադրանքներն ստանում են համակարգչի միջոցով՝ մոնիտորի վրա: Այդ առաջադրանքները նույնպես կազմված են հարցերից (խնդիրներից) և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
35. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում՝ ընտրելով մեկ (իր կարծիքով՝ ճիշտ) պատասխանը:
36. Թեստավորումը համակարգչով անցկացնելու դեպքում մասնակիցը յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի իր տարբերակը, որը պահպանվում է համակարգչում:
37. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից (բացառությամբ Հանձնաժողովի կողմից տրամադրվող սույն կարգով նախատեսված միջոցների), թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից:
Սույն կետում նշված պահանջների խախտման մասին Հանձնաժողովը կազմում է արձանագրություն:
Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ մասնակցի մասնակցությունը մրցույթին դադարեցվում է, աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:
38. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որն արդյունքների գնահատման հիմք չի հանդիսանում և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:
39. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելն անթույլատրելի է: Այդ դեպքում տվյալ հարցի (խնդրի) պատասխանը համարվում է սխալ պատասխան:
40. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո, մասնակիցն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է Հանձնաժողովի անդամին: Մասնակիցը, աշխատանքը հանձնելիս, Հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:
41. Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ, մասնակիցն աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակն սպառվելուց հետո, համակարգչով աշխատող օպերատորի օգնությամբ, Հանձնաժողովի նախագահի ներկայությամբ, իր ամփոփաթերթի երկու օրինակների հիմնական մասերի վրա տպում է առաջադրանքի կատարման արդյունքները և համակարգչի կատարած վերլուծությունը՝ արտահայտված տոկոսով: Մասնակիցը ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ և Հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ՝ ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:
42. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է՝
ա) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում՝ 60 րոպե,
բ) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում՝ 50 րոպե,
գ) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում՝ 40 րոպե,
դ) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում՝ 30 րոպե:
43. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է մասնակիցներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:
44. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:
V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
45. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների ու հիմնական մասերի քանակը՝ կազմելով համապատասխան արձանագրություն:
Համակարգչով գրավոր աշխատանքներն ստուգելու համար ամփոփաթերթերի հիմնական մասերը հանձնվում են համակարգչով աշխատող օպերատորին, որը սկաների միջոցով մուտքագրում է յուրաքանչյուր մասնակցի պատասխանների ամփոփաթերթի տվյալները: Համակարգչային ծրագիրը կատարում է տվյալ ամփոփաթերթի պատասխանների վերլուծությունը և մոնիտորի վրա դուրս է բերում արդյունքը՝ արտահայտված տոկոսով: Արդյունքը տպվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա և հաստատվում Հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:
46. Սույն կարգի 45-րդ կետով նախատեսված տեխնիկական պայմանների բացակայության դեպքում գրավոր աշխատանքներն ստուգվում են սույն կարգի 23-րդ կետով նախատեսված կարգով կազմված թեստերի հետ միաժամանակ համակարգչի միջոցով դուրս բերված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:
47. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են մասնակիցների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:
Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է Հանձնաժողովի կնիքով:
48. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն կարգի 39-րդ կետով նախատեսված դեպքը:
49. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ:
50. Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, ինչն անմիջապես արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից:
51. Բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ սույն կարգի 50-րդ կետով նախատեսված գործողությունը կատարելուց հետո, Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանուն, անուն, հայրանունները: Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթ, ստանում է իր կտրոնը, Հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է: Չներկայացած մասնակիցների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ, Հանձնաժողովի նախագահի կողմից, բարձրաձայն հայտարարվում են և արձանագրվում: Սույն կետով նախատեսված գործողությունները կատարելուց հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր մասնակցի հավաքած միավորները (տոկոսը):
52. Մասնակիցների հավաքած միավորները (տոկոսները) հայտարարելուց անմիջապես հետո Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:
53. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին՝ սույն կարգի 52-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:
54. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:
55. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի (խնդրի) համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով:
Եթե Հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը՝ կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:
56. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում՝ բողոքարկման համար սույն կարգի 53-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:
Մասնակիցը հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
Եթե մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ մասնակիցը կամ բոլոր մասնակիցները հրաժարվել են (գրավոր կամ բանավոր) հարցազրույցի փուլին մասնակցելուց, կամ դադարեցվել է տվյալ մասնակցի մասնակցությունը մրցույթին, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում՝ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն անմիջապես ուղարկում է համապատասխան մարմնի ղեկավարին:
Սույն կետի երրորդ պարբերությունում նշված որոշումը մասնակիցների կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:
VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
58. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց:
59. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
Հանձնաժողովը, յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս հետևյալ չափաբաժիններով.
1) քաղաքացիական հատուկ ծառայության օրենսդրության բնագավառի 2 հարց.
2) մասնագիտական 3 հարց, կապված քաղաքացիական հատուկ ծառայության կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների հետ:
Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները:
Մասնակիցը ծանոթանալով հարցատոմսին՝ իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում է հարցերին:
Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր:
60. Սույն կարգի 59-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կազմում է համապատասխան մարմնի աշխատակազմը:
Սույն կարգի 59-րդ կետի երրորդ պարբերության 2-րդ ենթակետում նշված հարցերը քաղաքացիական հատուկ ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար չպետք է պակաս լինեն 50 հարցից:
Սույն կարգի 59-րդ կետի երրորդ պարբերության 2-րդ ենթակետում նշված հարցերը բարդության աստիճանով պետք է տարբերվեն միմյանցից՝ ըստ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերի:
Սույն կարգի 59-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կոդավորվում, համարակալվում են՝ ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Հարցերը և դրանց ճիշտ պատասխանները զետեղվում են համակարգչում:
Սույն կարգի 59-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները չեն հրապարակվում:
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացու ցանկությամբ համապատասխան մարմինը տրամադրում է այն իրավական ակտերի ցանկը, որոնցից բխում են սույն կարգի 59-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված հարցերը:
61.Հարցազրույցի ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև հարցատոմսի հարցերին պատասխանելու համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից (բացառությամբ Հանձնաժողովի կողմից տրամադրվող սույն կարգով նախատեսված միջոցների), հարցատոմսի հարցերին պատասխանելու հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից:
Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում Հանձնաժողովը կազմում է արձանագրություն:
Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ մասնակցի մասնակցությունը մրցույթին դադարեցվում է:
62. Հարցազրույցի ընթացքում մասնակցի կողմից տրված պատասխանները գնահատվում են (ճիշտ կամ սխալ) Հանձնաժողովի անդամներից մեկի կողմից:
Հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցերին տրված մասնակցի պատասխանները գնահատվում են (ճիշտ կամ սխալ) հարց տվող Հանձնաժողովի անդամի կողմից:
Եթե մասնակցի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա Հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:
63. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը ձայնագրվում և գրավոր արձանագրվում է:
Արձանագրությանը կցվում է հարցատոմսը և համակարգչով դուրս բերված դրա ճիշտ պատասխանները:
Արձանագրության մեջ առնվազն ամրագրվում է հարցատոմսի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, ինչպես նաև հարակից բանավոր հարցերը և դրանց վերաբերյալ մասնակցի տված պատասխանները, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ լինելը), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:
Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, մասնակցի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
64. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է քվեարկություն` Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է քվեարկությանը մասնակցող Հանձնաժողովի անդամի անունը և ազգանունը, դրվում է նրա ստորագրությունը, մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը:
Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
65. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթերը և բարձրաձայն հայտարարում միայն մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը ու տրված ձայնի «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր:
Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:
66. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:
Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում՝ նրան մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:
Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում՝ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն անմիջապես ուղարկում է համապատասխան մարմնի ղեկավարին:
VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
67. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես:
Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:
68. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են.
1) համապատասխան մարմնի անվանումը և քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.
2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը) և վայրը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.
3) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը:
69. Սույն կարգի 56-րդ կետի 3-րդ և 66-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերություններում նախատեսված դեպքերում հրապարակման մեջ նշվում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին:
70. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից:
Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` գրավոր բողոք) քննության է առնում համապատասխան մարմնի ղեկավարը:
Գրավոր բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում` համապատասխան մարմնի աշխատակազմին, որն այն ստանալուց հետո առնվազն սույն կարգի 78-րդ կետի 10-17-րդ և 21-22-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների և նյութերի հետ միասին անմիջապես ուղարկում է համապատասխան մարմնի ղեկավարին:
Համապատասխան մարմնի աշխատակազմը մրցույթի ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել գրավոր բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Գրավոր բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի այն մասնակցի (մասնակիցների) անունը, ազգանունը և հայրանունը, ով մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացրել է գրավոր բողոք:
Գրավոր բողոքը համապատասխան մարմնի ղեկավարը քննության է առնում այն համապատասխան մարմնի աշխատակազմում մուտքագրվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Գրավոր բողոքը քննության առնելիս համապատասխան մարմնի ղեկավարը, ըստ անհրաժեշտության, կարող է հրավիրել համապատասխան մասնագետ:
Գրավոր բողոքը քննության առնելիս համապատասխան մարմնի ղեկավարը ուսումնասիրում է տվյալ մրցույթի հարցազրույցի փուլում մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
1) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.
2) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին.
3) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:
Սույն կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) տեսանելի ցուցանակի վրա հրապարակվում է ընդունելուց հետո` նույն օրը:
Սույն կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) կարող է բողոքարկվել դատական կարգով:
VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
71. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն կարգի 70-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, Հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը համապատասխան մարմնի աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Եզրակացությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:
(Պարբերությունն ուժը կորցրել է 19.01.09 N 35-Ն)
(71-րդ կետը փոփ. 19.01.09 N 35-Ն)
72. Սույն կարգի 70-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կարգի 71-րդ կետով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ուղարկվում է նաև համապատասխան մարմնի ղեկավարի սույն կարգի 70-րդ կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները)՝ դա ստանալուց անմիջապես հետո և այդ մասին տեսանելի ցուցանակի վրա հրապարակում է տեղեկություն:
73. Եզրակացության մեջ պետք է նշվեն՝
1) քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.
2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը) և վայրը.
3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը՝ ըստ այբբենական կարգի, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, անձնագրային տվյալները.
4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորների քանակը (տոկոսը) թեստավորման փուլում.
5) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի քվեարկության արդյունքները:
74. Եզրակացությունը պետք է ստորագրեն Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են այդ մասին՝ ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:
75. Եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում եզրակացությանը կից ներկայացվում են Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները:
76. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված եզրակացությունը տալուց հետո, ինչպես նաև սույն կարգի 21-րդ կետի 2-րդ, 56-րդ կետի 3-րդ և 66-րդ կետի 3-րդ պարբերություններում նախատեսված դեպքերում:
77. Աշխատանքներն ավարտելուց հետո Հանձնաժողովի նախագահը համապատասխան մարմնի աշխատակազմին անմիջապես հանձնում է Հանձնաժողովի կնիքը, ինչպես նաև դիմորդների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը:
78. Հանձնաժողովը, հանձնման ակտով, համապատասխան մարմնի աշխատակազմին փոխանցում է մրցութային փաթեթը, որն իր մեջ սույն կարգի 15-րդ կետի առաջին պարբերությամբ նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև Հանձնաժողովի կողմից կազմված և/կամ ընդունված հետևյալ փաստաթղթերը և նյութերը`
1) Հանձնաժողովի կնիքի և դիմորդների թվին համապատասխան քանակով կնքված ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը.
2) փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.
3) Հանձնաժողովն իրավազոր չլինելու մասին արձանագրությունը (այդպիսիք լինելու դեպքում).
4) մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու և/կամ չթույլատրելու մասին որոշումը.
5) ամփոփաթերթի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.
6) Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու, արկղը բացելու և արկղից դուրս բերված ամփոփաթերթերի հիմնական մասերի, կտրոնների ու թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը.
7) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը.
8) հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.
9) հարցազրույցն անցկացնելու օրվա մասին որոշումը.
10) Հանձնաժողովի անդամի հարցազրույցի փուլից բացակայելու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.
11) մասնակցի հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու կամ չներկայանալու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.
12) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները և ձայնագրությունները.
13) քվեարկությունների արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.
14) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը.
15) մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.
16) մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.
17) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.
18) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը.
19) թեստավորման առաջադրանքների տետրերը.
20) թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը.
21) քվեաթերթիկները.
22) մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը.
23) այլ փաստաթղթեր:
Համապատասխան մարմնի աշխատակազմը սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Համապատասխան մարմնի աշխատակազմը սույն կարգի 70-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության մասին կազմում է տեղեկանք և կցում մրցութային փաթեթին:
79. Գրավոր բողոքի բացակայության դեպքում սույն կարգի 71-րդ կետով նախատեսված եզրակացությունը, իսկ գրավոր բողոքի առկայության դեպքում եզրակացությունը և համապատասխան մարմնի ղեկավարի սույն կարգի 70-րդ կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) տալու օրը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում են՝
1) դիմում.
2) լրացված անձնական թերթիկ.
3) ինքնակենսագրություն.
4) իրենց կրթության և գիտելիքների մակարդակը հավաստող այլ փաստաթղթեր:
Սույն կետում նշված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր անհիմն պահանջելն արգելվում է:
(79-րդ կետը փոփ. 19.01.09 N 35-Ն)
80. Գրավոր բողոքի բացակայության դեպքում սույն կարգի 71-րդ կետով նախատեսված եզրակացությունը, իսկ գրավոր բողոքի առկայության դեպքում եզրակացությունը և համապատասխան մարմնի ղեկավարի սույն կարգի 70-րդ կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) ստանալուց հետո, քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին երեք աշխատանքային օրվա ընթացքում նշանակում է համապատասխան պաշտոնում:
(Պարբերությունն ուժը կորցրել է 19.01.09 N 35-Ն)
(80-րդ կետը փոփ. 19.01.09 N 35-Ն)
81. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակումը ձևակերպվում է համապատասխան իրավական ակտի միջոցով, որը պետք է բովանդակի՝
1) համապատասխան մարմնի անվանումը, որտեղ նշանակվում է մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված համապատասխան անձը.
2) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անվանումը, որում կատարվում է նշանակումը.
3) մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված համապատասխան անձի կողմից իր պարտականությունների կատարումն սկսելու ժամանակի նշումը.
4) առաջին անգամ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում՝ փորձաշրջանի տևողությունը.
5) մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված համապատասխան անձի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափը.
6) տվյալ իրավական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած իրավաբանական փաստերը:
Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակելու մասին իրավական ակտը, այն ուժի մեջ մտնելու օրը, ենթակա է հրապարակման տվյալ համապատասխան մարմնի տեսանելի ցուցանակի վրա:
82. Քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելու մասին իրավական ակտը կարող է անվավեր ճանաչվել, եթե՝
1) ստորագրվել է համապատասխան մարմնի ոչ իրավասու անձի կողմից.
2) ընդունվել է օրենքի կամ սույն կարգի պահանջների խախտմամբ.
3) քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվել դատական կարգով:
83. Անվավեր ճանաչված իրավական ակտը քաղաքացիական հատուկ ծառայության հետ կապված հարաբերություններ չի առաջացնում:
IX. ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
84. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ:
Հասարակական միավորումների ներկայացուցիչները Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:
X. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
85. Եթե Հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ: Հանձնաժողովի ներկա անդամներն այդ մասին կազմում են արձանագրություն և ստորագրում այն:
Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:
86. Մրցույթը համարվում է չկայացած և ընդհանուր հիմունքներով նոր մրցույթ է անցկացվում, եթե՝
1) մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել.
2) մրցույթի հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել կամ համապատասխան մարմնի ղեկավարը Օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշում.
3) մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել.
4) մրցույթին մասնակցելու համար ներկայացված բոլոր դիմումներում առկա է Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը.
5) մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել.
6) մրցույթը դատական կարգով անվավեր է ճանաչվել:
87. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթում հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:
88. Մրցույթ հայտարարելուց հետո սույն կարգի 14-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը կարող է համապատասխան մարմնի կողմից փոփոխվել՝ այդ մասին ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ հայտարարություն հրապարակելով մամուլի և զանգվածային լրատվության այն նույն միջոցներով, որտեղ հրապարակվել է մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.12.2013, N 1487-Ն | 13.03.2014, N 579-Ն | |
19.01.2009, N 35-Ն | 26.02.2009, N 579-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|