Գլխավոր տեղեկություն
Համար
N 9-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (26.02.2009-25.09.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.02.16/6(324) Հոդ.63
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.01.2009
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 փետրվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 10509050

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 հունվարի 2009 թ.
ք. Երևան

N 9-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՐՍԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով

 

Հրամայում եմ` 

 

1. Հաստատել որսի կանոնները համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

Ա. Հարությունյան

 

 

Հավելված

ՀՀ բնապահպանության նախարարի
2009 թվականի հունվարի 15-ի

N 9-Ն հրամանի

 

ՈՐՍԻ ԿԱՆՈՆՆԵՐ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնները, համաձայն «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք), կանոնակարգում են որսի կազմակերպումը և իրականացումը Հայաստանի Հանրապետության տարածքում և ուղղված են որսի կենդանիների պահպանությանն ու կայուն օգտագործմանը:

2. Սույն կանոններով սահմանվում են որսի միջոցները, որսի ժամկետները, որսի օբյեկտ համարվող կենդանիների ցանկը, ինչպես նաև կենդանիների որսի սահմանային թույլատրելի չափաքանակների սահմանման կարգը:

3. Հայաստանի Հանրապետությունում Օրենքին համապատասխան իրականցվում է սիրողական որս` որսի կենդանիների հայթայթում սպորտային և գեղագիտական հաճույքի, որսված կենդանիների անձնական կարիքների օգտագործման համար:

4. Հայաստանի Հանրապետությունում սիրողական որսն (այսուհետ` որս) իրականացվում է որսահանդակներում` որսի կենդանիների բնակության միջավայր հանդիսացող անտառային, դաշտային, ջրային տարածքներում:

 

II. Որսի իրականացումը

 

5. Որսն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրված որսի թույլտվության հիման վրա:

6. Որս կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ունեն`

1) որսորդական վկայական.

2) որսի թույլտվություն.

3) հրազենով որս իրականացնելու դեպքում` որսորդական զենք կրելու վկայական:

7. Որսն իրականացվում է`

1) որսորդական ողորկափող հրազենով.

2) ակոսափող հրազենով (բացառությամբ ջրային տարածքների).

3) որսորդական սառը զենքով.

4) ինքնաորս գործիքներով` թակարդներով, վարմերներով, որոգայթներով, ծուղակներով, ցանցապարկերով, թարփերով.

5) խայծերով.

6) խրտվիլակներով.

7) որսորդական շներով.

8) որսկան թռչուններով.

9) թաքստոցներից:

8. Որսից հետո որսորդը, իսկ որսորդական տնտեսություններում` որսհսկիչը գրառում է յուրաքանչյուր օրվա փաստացի որսված կենդանիների տեսակը և քանակը որսի թույլտվության հակառակ կողմի վրա:

9. Որսահանդակներից դուրս, կամ որսը ավարտելուց հետո, կամ ընդմիջումներին, ինչպես նաև լիազորված անձի կողմից ստուգման ժամանակ հրազենը բերվում է լիցքաթափված վիճակի: Լիցքաթափված է համարվում այն հրազենը, որի փողում և պահունակում բացակայում է փամփուշտը:

10. Նշագրված (օղակով, միկրոչիպով կամ այլ կերպ նշված) կենդանիների հայթայթման դեպքում օղակները, միկրոչիպերը կամ այլ նշանները տրամադրվում են որսորդական տնտեսության լիազորված անձանց, Հայաստանի Հանրապետության բնապահպանական պետական տեսչություն կամ նրա տարածքային ստորաբաժանում` որսի վայրի և ժամկետի տեղեկատվության հետ միասին:

11. Որսը, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, չի կարող իրականացվել`

1) առանց սույն կանոնների 6-րդ կետում նշված գործող փաստաթղթերի առկայության.

2) որսահանդակների տարածքներից դուրս.

3) բնության հատուկ պահպանվող տարածքներում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

4) գյուղատնտեսական նշանակության հողերում` մինչև բերքահավաքի ավարտը.

5) սույն կանոնների 7-րդ կետով չնախատեսվող որսագործիքներ օգտագործելով.

6) բնակավայրերին, հանգստի գոտիներին և ավտոմայրուղիներին մոտ տարածքներում` որսորդական ակոսավոր հրազենով, ոչ պակաս, քան 5000 մետր, իսկ ողորկափող հրազենով` 500 մետր հեռավորությունից.

7) աղետալի վիճակում գտնվող (հյուծված, սառած, կամ տվյալ կենդանու տեսակի համար ոչ բարենպաստ միջավայրում հայտնված` սառույցի վրա, խորը ձյան վրա, ջրի մեջ գտնվելիս) կենդանիների վրա.

8) վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային մոտորացված միջոցներից կենդանիներին հետապնդելով.

9) օրենքով սահմանված կարգով չհաշվառված, օբյեկտների պահպանության համար հատկացված հրազենի, ինչպես նաև մարտական զենքի և մարտական փամփուշտների, ազդանշանային հրթիռների գործադրմամբ.

10) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում, Բնության պահպանության միջազգային միության ցանկում գրանցված վտանգված և անհետացման եզրին գտնվող կենդանիների վրա (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի).

11) ապօրինի պատրաստված զենքի, աղեղների, կեռչանների, ցանցերի, ծուղակների, որսափոսերի, պայթուցիկ և քիմիական նյութերի (բացառությամբ հոտավետ խայծերի), էլեկտրական հոսանքի օգտագործումը.

12) լուսարձակների կամ լուսային այլ հզոր սարքավորումներ կիրառումը.

13) ձայնարձակիչների կամ ձայն վերարտադրող էլեկտրոնային (ոչ մեխանիկական) սարքերի օգնությամբ.

14) բուսական ծածկի այրման և ծխի օգտագործման միջոցով.

15) կենդանիների բների, որջերի քանդման միջոցով.

16) որսի թույլտվության մեջ նշված չափաքանակներից ավելին կենդանիների, թույլտվությունում չնշված կենդանիների տեսակների, թույլտվությունում նշված որսի ժամկետներից դուրս:

 

III. Որսի օբյեկտ համարվող կենդանիները

 

12. Ըստ էկոլոգիական և տնտեսական նշանակության որսի կենդանիները տարանջատվում են`

1) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների, ներառյալ և արհեստական ճանապարհով բուծված, որոնց որսը թույլատրվում է օրենսդրությամբ սահմանված բացառիկ դեպքերում` որսի անվանական թույլտվությամբ.

2) հաղթանշանային արժեք ունեցող փոքրաքանակ կենդանիների, որոնց որսը թույլատրվում է խիստ սահմանափակ քանակներով որսորդական տնտեսությունների, որս իրականացնող կազմակերպությունների և անհատ որսորդների հայտերի հիման վրա` որսի անվանական թույլտվությամբ.

3) տարածված կենդանիների, որոնց որսը թույլատրվում է որսի թույլտվությամբ.

4) կենդանիների, որոնք իրենց կենսակերպով և վարքով մեծ վնաս են պատճառում որսի ռեսուրսին, կամ հանդիսանում են մարդու, ընտանի և վայրի կենդանիների վտանգավոր վարակիչ հիվանդությունների փոխանցողներ, կամ մեծ վնաս են պատճառում տնտեսական գործունեությանը, որոնց որսը որսաշրջանի ընթացքում թույլատրվում է որսահանդակում օրինական գտնվող որսորդներին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրված որսի թույլտվության մեջ առանց նշումի, իսկ որսաշրջանից դուրս` որսի անվանական թույլտվությամբ:

13. Որսի օբյեկտ են հանդիսանում հետևյալ կենդանիների տեսակները`

 

Կաթնասուններ

 

Հնդկական վայրենակերպ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Ճահճակուղբ - տարածված
Մշկամուկ - տարածված
Ջրառնետ - տարածված
Նապաստակ  - տարածված
Վայրի խոզ - հաղթանշանային
Ազնվացեղ եղջերու - հաղթանշանային
Այծյամ  - հաղթանշանային
Հայկական մուֆլոն - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Բեզոարյան այծ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Աղվես  - տարածված
Գայլ - որսի ռեսուրսին վնաս պատճառող
Շնագայլ  - որսի ռեսուրսին վնաս պատճառող
Անդրկովկասյան գորշ արջ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Կզաքիս  - փոքրաքանակ
Խայտաքիս - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Փորսուղ - փոքրաքանակ
Ջրասամույր - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Եղեգնակատու - հաղթանշանային
Անտառային կատու - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Մանուլ  - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Տափաստանային կատու - հաղթանշանային
Լուսան - հաղթանշանային
Հովազ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում

 

Թռչուններ

 

Քաջահավ  - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Տարգալակտուց  - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Սպիտակագլուխ բադ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Թշշան կարապ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Ճչան կարապ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Մոխրագույն սագ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Կարմիր բադ - տարածված
Խայտաբադ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Մոխրագույն բադ  - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Շչան բադ - տարածված
Կռնչան բադ - տարածված
Լայնակտուց բադ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Նետապոչ բադ  - տարածված
Ճքճքան մրտիմն - տարածված
Սուլող մրտիմն - տարածված
Մարմարյա մրտիմն - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Կարմրակտուց սուզաբադ - տարածված
Կարմրագլուխ սուզաբադ - տարածված
Փուփուլավոր սուզաբադ - տարածված
Ծովային սուզաբադ - տարածված
Սոնաբադ  - տարածված
Տուրպան - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Ցանկում չնշված սագազգիներ - փոքրաքանակ
Կովկասյան մայրեհավ  - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Թուրաջ - փոքրաքանակ
Մոխրագույն կաքավ  - փոքրաքանակ
Քարակաքավ - տարածված
Լոր - տարածված
Անդրկովկասյան փասիան - փոքրաքանակ
Վայրի հնդկահավ  - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Փոքր արոս - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Մեծ արոս  - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Գեղանի արոս  - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Եղեգնահավ   - տարածված
Սև փարփար  - տարածված
Կտցար կաչաղակ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Ոտնացուպիկ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Բզակտուց - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Ճախրուկ - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
Կտցարազգիներ - տարածված
Աղավնիներ  - տարածված
Դռլոն - փոքրաքանակ
Տնային ճնճղուկ  - տարածված
Սովորական սարյակ  - տարածված
Սև կեռնեխ - տարածված
Սինակեռնեխ - տարածված
Դաշտային արտույտ - տարածված
Տափաստանային արտույտ - տարածված
Կաչաղակ - որսի ռեսուրսին վնաս պատճառող
Ագռավ  - որսի ռեսուրսին վնաս պատճառող

 

IV. Որսի ժամկետները և չափաքանակները

 

14. Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի որսի սեզոնը բացվում է օգոստոսի երրորդ շաբաթ օրը և փակվում է հաջորդ տարվա մարտի 15-ին:

15. Կենդանիների որսի ժամկետները և թույլատրելի չափաքանակները սահմանվում են որսի կենդանիների պոպուլյացիաների առավել արդյունավետ պահպանության, վերարտադրության և օգտագործման նպատակով:

16. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանով յուրաքանչյուր որսաշրջանի համար սահմանվում են թույլատրված որսի կենդանիների ցանկում ներառված կենդանիների չափաքանակները և որսի ժամկետները: Հրամանը, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում ստանալուց հետո, հրապարակվում է առնվազն 3000 տպաքանակ ունեցող զանգվածային լրատվական միջոցներով` որսաշրջանի բացումից ոչ ուշ, քան 30 օր առաջ:

17. Արտակարգ իրավիճակների դեպքում (համաճարակներ, բնական աղետներ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանով որսաշրջանի ընթացքում կարող է փոփոխվել որսի կենդանիների չափաքանակները և որսի ժամկետները:

18. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն իրավասու է որսի սեզոնից դուրս որսի թույլտվություններ տալու` օրենսդրությամբ սահմանված նպատակների համար:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.10.2023, N 375-Ն 28.10.2023, N 9-Ն
21.11.2019, N 416-Ն 12.12.2019, N 9-Ն
31.08.2017, N 299-Ն 25.09.2017, N 9-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան