Գլխավոր տեղեկություն
Համար
N 2075-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2009-11.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.08.15/24(342) Հոդ.284
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
28.07.2009
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 օգոստոսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12409281

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

28 հուլիսի 2009 թ.
ք. Երևան

N 2075-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ` ՈՐՈՇԱԿԻ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԴԱՐՁԵՐԵՍՆԵՐԻՆ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ հաստատված կարգի 13.1-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 404-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել հսկիչ-դրամարկղային մեքենաների` որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և սպասարկման նշաններ տեղադրելու իրավունքի հատկացման աճուրդների անցկացման կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ՝

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2009 թ. հուլիսի 28-ի
N 2075-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ` ՈՐՈՇԱԿԻ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԴԱՐՁԵՐԵՍՆԵՐԻՆ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների` որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և սպասարկման նշաններ տեղադրելու իրավունքի հատկացման աճուրդների կազմակերպման և անցկացման գործընթացը:

2. Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կազմակերպիչ) նախագահի հրամանով ստեղծված աճուրդային հանձնաժողովի կողմից:

3. Աճուրդային հանձնաժողովի կազմը պետք է բաղկացած լինի 5 անձից: Հանձնաժողովի գործունեությունը իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

4. Աճուրդի լոտ է հանդիսանում հսկիչ-դրամարկղային մեքենաների` որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և սպասարկման նշաններ տեղադրելու իրավունքը:

5. Լոտն իրացվում է աճուրդի ձևով անցկացվող բաց հրապարակային սակարկությունների միջոցով, դասական եղանակով` մեկնարկային գնի բարձրացմամբ:

6. Լոտի մեկնարկային գնի նվազագույն հավելման չափը սահմանվում է տվյալ լոտի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:

7. Աճուրդների ընթացքում վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվի համարին` Հայաստանի Հանրապետության դրամով:

 

II. ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

8. Կազմակերպիչն աճուրդի անցկացման մասին զանգվածային լրատվության միջոցներով կամ էլեկտրոնային միջոցների օգնությամբ կատարում է հրապարակային ծանուցում` աճուրդի բացումից առնվազն 15 օր առաջ:

9. Կազմակերպիչն աճուրդի անցկացման վայրում ցուցատախտակի վրա զետեղում է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը` աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:

10. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը,

2) աճուրդի կազմակերպչի անվանումը,

3) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն),

4) աճուրդի ձևը և անցկացման կարգը,

5) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը, լոտի մեկնարկային գինը, լոտի` իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմանները,

6) աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

7) աճուրդում հաղթողին որոշելու կարգը,

8) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, որը չի կարող գերազանցել տվյալ աճուրդի ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի գնի մինչև 5 տոկոսը, ինչպես նաև վճարման կարգը և ժամկետները,

9) լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը և վայրը,

10) ընդհանուր աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը,

11) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը:

Ծանուցման մեջ նախատեսվում է նաև փոփոխությունների հնարավորությունը:

11. Աճուրդն սկսվում է 1000-1700-ն ընկած ժամանակահատվածում և ավարտվում հրապարակային ծանուցման մեջ նշված օրը:

12. Սույն կանոնակարգը կազմակերպիչը փակցնում է աճուրդի կազմակերպման վայրում աճուրդը սկսվելու պահից առնվազն 30 րոպե առաջ մասնակիցների համար հասանելի տեղում:

13. Աճուրդի մասնակիցները և մասնակից չհամարվող անձինք (դիտորդներ) աճուրդի անցկացման դահլիճում զբաղեցնում են առանձին նստատեղեր:

14. Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդի անցկացման վայր մուտք գործելու համար կազմակերպչին են ներկայացնում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվի համարին աճուրդին ներկա գտնվելու համար վճարում կատարելու վերաբերյալ վճարման անդորրագիր:

15. Աճուրդի մասնակիցները և մասնակից չհամարվող անձինք չպետք է խոչընդոտեն աճուրդի անցկացմանն ու պետք է հետևեն աճուրդի կանոնակարգով սահմանված հետևյալ կանոններին.

1) չհայտնել իրենց դժգոհությունը, սպառնալիքը կամ գոհունակությունը որևէ մասնակցի, մասնակից չհամարվող անձի, աճուրդային հանձնաժողովի կամ աճուրդավարի գործողությունների նկատմամբ,

2) չխոսել աճուրդի ընթացքում, բացառությամբ սույն կանոնակարգով սահմանված դեպքերի,

3) հարցադրումներ ուղղել աճուրդային հանձնաժողովին լոտի աճուրդը սկսվելուց առաջ կամ հետո, իսկ լոտի աճուրդի ընթացքում միայն աճուրդավարի թույլտվությամբ,

4) աճուրդի ընթացքում դուրս չգալ դահլիճից կամ չվերադառնալ դահլիճ` բացառությամբ ընդհանուր աճուրդի դեպքում լոտերի աճուրդների միջև ընկած ժամանակահատվածի` աճուրդավարի թույլտվությամբ:

 

III. ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

16. Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ օրենքով սահմանված կարգով գրանցված ֆիրմային անվանումներ ունեցող առևտրային կազմակերպությունները, ապրանքային և սպասարկման նշանների սեփականատերերը կամ նրանց ներկայացուցիչները:

17. Մինչև աճուրդն սկսելը մասնակիցները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու աճուրդի մասին ծանուցման մեջ նշված լոտին (լոտերին):

Կազմակերպիչը ծանուցման պահից սկսած հնարավորություն է ընձեռում լոտը (լոտերը), ինչպես նաև համապատասխան իրավահաստատող փաստաթղթերը ուսումնասիրելու համար` հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 900-1700  ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 1300-1400  ընկած ժամանակահատվածի):

18. Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք, աճուրդի հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի անցկացման օրվա նախորդ օրվա ժամը 1800 դիմում են կազմակերպչին` ներկայացնելով տվյալ անվանումով իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը կամ ապրանքային նշանի գրանցման վկայագիրը և նախավճարի վճարման անդորրագիրը: Այս դեպքում կազմակերպիչը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական (N 1 ձև):

19. Մինչև աճուրդն սկսվելը կազմակերպիչը գրանցում է մասնակիցներին` ստուգելով նրանց ինքնությունը, աճուրդին մասնակցելու լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մյուս փաստաթղթերը, և յուրաքանչյուր մասնակցին, ներկայացված մասնակցի վկայականի համարին համապատասխան, տրամադրվում են քարտեր (անվանաքարտեր):

 

IV. ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

20. Աճուրդն սկսվում է հայտարարությամբ: Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է աճուրդի ձևը, գնային հայտեր ներկայացնելու կարգը, լոտը, մեկնարկային գինը, նվազագույն հավելման չափը:

21. Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը:

Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր վկայականին համապատասխանող համարը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռք բերելու մասին: Յուրաքանչյուր գնորդ իրավունք ունի նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը գինն ավելացնելու մեկ կամ մեկից ավելի քայլերով` նվազագույն հավելման չափից ոչ պակաս և մասնակիցների կատարած նախորդ գնային հայտերին գերազանցող գումարով:

22. Աճուրդավարն աճուրդը շարունակում է այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ թեկնածու, որից հետո աճուրդը դադարեցվում է:

23. Հայտարարված գնով լոտը ձեռք բերելու համաձայնություն չլինելու դեպքում աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը: Լոտը մեկնարկային գնով երեք անգամ առաջարկելիս` գնորդների բացակայության դեպքում աճուրդը համարվում է չկայացած և դադարեցվում է:

Աճուրդի ժամանակ մի քանի մասնակիցների կողմից միաժամանակ հավասար չափով գնային հայտ ներկայացվելու դեպքում, եթե ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվում, աճուրդավարն աճուրդում հաղթող համարված մասնակցին որոշում է վիճակահանությամբ:

Վիճակահանությամբ հավասար չափով գնային հայտ ներկայացրած մասնակիցների վկայականներին համապատասխան համարներ պարունակող քառածալ թղթերը դրվում են ծրարներում և լցվում ոչ թափանցիկ արկղի մեջ:

Աճուրդում հաղթող մասնակից է համարվում այն մասնակիցը, որի մասնակցի վկայականին համապատասխանող համարն աճուրդավարն առաջինն է հանում արկղից:

24. Աճուրդում հաղթող ճանաչված անձը և կազմակերպիչը լոտի վաճառքից հետո աճուրդի անցկացման օրն ստորագրում են արդյունքների մասին արձանագրությունը (N 2 ձև)` երկու օրինակից:

Աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից արձանագրության ստորագրումից հրաժարվելու դեպքում մուծված նախավճարը չի վերադարձվում:

25. Աճուրդին մասնակցած և չհաղթած անձանց մուծած նախավճարը վերադարձվում է մասնակցի կողմից համապատասխան դիմում ներկայացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում: Նախավճարը ենթակա է վերադարձման նաև աճուրդը չկայանալու դեպքում` սույն կետում նշված կարգով և ժամկետում:

Դիմումում ներկայացված պարտադիր պայմաններն են`

1) դիմողի ամբողջական տվյալները,

2) բանկային հաշվի լրիվ տվյալները,

3) դիմում տալու ամսաթիվը,

4) դիմումատուի (լիազոր ներկայացուցչի) ստորագրությունը:

26. Լոտի աճուրդը համարվում է չկայացած, եթե`

1) աճուրդին չի ներկայացել ոչ մի մասնակից,

2) աճուրդում հաղթող անձը չի մուծել լոտի ձեռքբերման գումարը,

3) աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելուց:

Աճուրդը չկայանալու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն:

Տվյալ լոտի աճուրդը հայտարարվում է չկայացած` սույն կետի առաջին պարբերությունում նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը:

 

V. ԼՈՏԻ ԳՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

27. Աճուրդում հաղթող ճանաչված անձն աճուրդի արդյունքների մասին արձանագրությամբ սահմանված ժամկետում (ոչ ավելի, քան երկու բանկային օր) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվի համարին մուծում է ձեռք բերված լոտի գնման գինը` հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Ձեռքբերման գումարը չմուծելու դեպքում գործարքը համարվում է չկայացած, իսկ նախավճարը չի վերադարձվում:

28. Աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից ձեռքբերման գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվի համարին մուծելու վերաբերյալ անդորրագիրը կազմակերպչին տրամադրելուց հետո արձանագրության օրինակների վրա կատարվում է կազմակերպչի կնիքով և աճուրդային հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ հաստատված «Գումարը մուծված է» գրառումը, և դրա մեկ օրինակը տրվում է հաղթողին:

29. Արձանագրության օրինակը հաղթողին տրամադրելու պահից նրան է անցնում համապատասխան պայմանագիր կնքելու իրավունքը:

 

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

30. Աճուրդի մասին արձանագրությունները կարվում են առանձին գրքում և պահպանվում կազմակերպչի արխիվում` 3 տարի ժամկետով:

Ձև N 1

ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՎԿԱՅԱԿԱՆ N___________

 

Աճուրդի կազմակերպչի անվանումը`____________________________________

__________________________________________________________

 

Մասնակցի տվյալները` ____________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը`

անհատ ձեռնարկատեր նշումով, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

գտնվելու (հաշվառման) վայրը)

 __________________________________________________________

 (ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները) 

 

__________________________________________________________

 (ֆիրմային անվանումը, ապրանքային և սպասարկման նշանը)

 

Նախավճարի չափը թվերով և տառերով` _________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

(նախավճարի մուծման ամսաթիվը, անդորրագրի համարը)

 

Աճուրդի անցկացման վայրը (հասցեն) և ժամանակը__________________________

__________________________________________________________

 

Աճուրդային հանձնաժողովի նախագահ`__________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)  

 

 

«___» ________20___թ.

Կ.Տ.    

 

Ձև N 2

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N____

ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«__»  ________ 20_թ.

 _____________
(անցկացման վայրը)

 

1. Աճուրդի կազմակերպչի անվանումը, գտնվելու վայրը`__________________________________________________________________________________

2. Աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, վայրը`___________________

__________________________________________________________

3. Լոտի համարը, անվանումը`________________________________________

__________________________________________________________

4. Լոտի մեկնարկային գինը`_________________________________________

__________________________________________________________

5. Լոտի գնման գինը`_____________________________________________

__________________________________________________________

6. Աճուրդի արդյունքները`_________________________________________

__________________________________________________________

6.1. Հաղթող մասնակցի քարտի համարը`_________________________________

6.2. Հաղթող մասնակցի տվյալները`_____________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը`

անհատ ձեռնարկատեր նշումով, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

գտնվելու (հաշվառման) վայրը, հեռախոսահամարները)

__________________________________________________________

(ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

 

6.3. Աճուրդը չկայացած համարվելու դեպքում չկայացման պատճառը`_______________
__________________________________________________________

__________________________________________________________

7. Արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո աճուրդի գնման գնի վճարման ժամկետը`
__________________________________________________________

8. Առարկություններ`_____________________________________________
__________________________________________________________

__________________________________________________________

 

Հաղթող`

Աճուրդային հանձնաժողովի նախագահ` 

_____________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)

_____________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)