Գլխավոր տեղեկություն
Համար
N 02/1623
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (17.11.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.02.27/6(69) Հոդ.13
Ընդունող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ընդունման ամսաթիվ
26.12.2000
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2001

124.02/1623.26.12.00

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
13 փետրվարի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 12401041

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

26 դեկտեմբերի 2000 թ.
ք. Երևան

N 02/1623

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐՈՎ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ մաքսային օրենսգրքի 137 հոդվածի 2-րդ կետին համապատասխան

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «Խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նախնական հայտարարագրման դեպքերը և կարգը սահմանելու մասին» հրահանգը (կցվում է):

 

Նախարար

Ա. Մանուկյան

 

Հաստատում եմ
ՀՀ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ_______ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ
___ _______________2000 թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

Խողովակաշարերով եվ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նախնական հայտարարագրման դեպքերը եվ կարգը սահմանելու մասին

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նախնական հայտարարագրման դեպքերը և կարգը:

2. Սույն հրահանգում օգտագործվող հասկացությունները մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին համապատասխան:

3. Սույն հրահանգին համապատասխան հայտարարագրման ենթակա ապրանքները ենթակա են մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

 

II. ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՎԱՅՐԸ

 

4. Նախնական հայտարարագրումը կիրառվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով ապրանքների, այդ թվում` բնական գազի, նավթի, նավթամթերքների և էլեկտրաէներգիայի տեղափոխման դեպքերում:

5. Նախնական հայտարարագրում կարող է իրականացվել միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման ենթակա ապրանքները բաց են թողնվում «արտահանում ազատ շրջանառության համար», «ներմուծում ազատ շրջանառության համար», «տարանցիկ փոխադրում», «վերաարտահանում» և «վերաներմուծում» մաքսային ռեժիմներով:

6. Նախնական հայտարարագրումը իրականացվում է այն մաքսային մարմնում, որտեղ մաքսային օրենսդրությանը համապատասխան հայտարարագրվող ապրանքները ենթակա են մաքսային ձևակերպման:

 

III. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

 

7. Ապրանքներ տեղափոխող անձինք, մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով սույն հրահանգին համապատասխան նախնական հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխումը, պարտավոր են մաքսային մարմիններին ներկայացնել այն արտաքին առևտրային պայմանագիրը, որի հիման վրա պետք է կատարվի նշված ապրանքների մատակարարումը:

8. Մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ այլ փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմիններին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանը համապատասխան:

9. Նախնական հայտարարագրման ենթակա ապրանքները ենթակա են հայտարարագրման Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով նախնական հայտարարագրով հայտարարագրված ապրանքների տեղափոխվելուց հետո տասնօրյա ժամկետում:

10. Միևնույն հայտարարագրով կարելի է հայտարարագրել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մեկ խմբաքանակ:

11. Սույն հրահանգի առումով, որպես մեկ խմբաքանակ համարվում են մեկ առաքողի կողմից, մեկ ստացողի անունով տեղափոխվող այն ապրանքները, որոնք փոխադրվում են էլեկտրահաղորդման գծերի կամ խողովակաշարի միջոցով միևնույն արտաքին առևտրային պայմանագրի հիման վրա, մեկ ամսվա ընթացքում:

 

IV. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

 

12. Նախնական հայտարարագրման ժամանակ օգտագործվում է մաքսային օրենսդրությամբ տեղափոխման ենթակա ապրանքների հայտարարագրման համար սահմանված ձևաթղթերը:

13. Նախնական հայտարարագրման ժամանակ հայտարարագրում նշվում են նախատեսվող (պլանավորված) տեղափոխման ենթակա ապրանքներին առնչվող բոլոր այն տեղեկությունները, որոնք ենթակա են հայտարարագրման այդ ապրանքները նախատեսվող մաքսային ռեժիմով բաց թողնման համար:

14. Նախնական հայտարարագիրը լրացնելիս «Հայտարարագիր» սյունակի երրորդ ենթաբաժնում ձեռքով նշվում է «ՆՀ» («նախնական հայտարարագիր») տառային ծածկագիրը, իսկ 44-րդ սյունակում կատարվում է «մատակարարումը մինչև ___» գրառումը` օրացուցային ամսաթվի, ամսվա և տարվա նշումով:

15. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը թույլատրվում է միայն նախնական հայտարարագրի 44-րդ սյունակում նշված ժամանակահատվածի ավարտը:

16. Նախնական հայտարարագրի հետ միասին ապրանքներ տեղափոխող անձինք մաքսային մարմիններին ներկայացնում են հայտարարագրման ենթակա տեղեկությունները հիմնավորող այլ փաստաթղթեր (պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր և այլն):

17. Նախնական հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք բաշխվում են հետևյալ կարգով`

- 1 օրինակը մնում է մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմնում,

- 1 օրինակը տրվում է ապրանքը տեղափոխող անձին:

18. Նախնական հայտարարագիրն ընդունող մաքսային մարմինը, հայտարարագրման հաջորդող օրը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման նկատմամբ հսկողություն իրականացնող մաքսային մարմնին կապի միջոցներով (այդ թվում` ռադիոկապի) տեղեկություններ է հայտնում տեղափոխման ենթակա ապրանքների քանակի և տեղափոխման համար նախատեսված ժամկետների մասին` համապատասխան մաքսային հսկողության իրականացման համար:

19. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակի տեղափոխումից հետո 10 օրվա ընթացքում ապրանքներ տեղափոխող անձը մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է մաքսային մարմիններին ներկայացնել փաստացի տեղափոխված ապրանքների մաքսային հայտարարագիրը:

20. Մաքսային հայտարարագրի 44-րդ սյունակում նշվում է նախնական հայտարարագրի գրանցման համարը:

21. Մաքսային հայտարարագրում պետք է ճշգրտված լինեն նախնական հայտարարագրում նշված բոլոր տեղեկությունները` ելնելով փաստացի տեղափոխված ապրանքներից (քանակից):

22. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փաստացի տեղափոխված ապրանքների մաքսային ձևակերպումները և մաքսային վճարների վճարումը իրականացվում են մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով նախնական հայտարարագրում նշված ժամկետներում փաստացի տեղափոխված ապրանքների ծավալների ճշգրտման համար հիմք են հանդիսանում յուրաքանչյուր հաղորդակցման ուղու վրա տեղադրված Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից ներս ընկած առաջին հաշվիչի տվյալները:

Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծվող բնական գազի նախնական հայտարարագրման համար հիմք են հանդիսանում Նորդուզի հաշվառման հանգույցում տեղադրված առևտրային հաշվիչի տվյալները: Բնական գազի մատակարարման պայմանագրի հայկական կողմը պարտավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից Նորդուզի հաշվառման հանգույցում սույն կարգով նախատեսված գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ պայմանները:

(23-րդ կետը լրաց. 28.10.08 N 136-Ն)

24. Սույն հրահանգի 23-րդ կետով նախատեսված տեղեկությունների ստուգումն իրականացվում է ապրանքների բացթողումն իրականացնող տեսուչի կողմից:

25. Սույն հրահանգին համապատասխան հայտարարագրման ենթակա ապրանքների մաքսային ձևակերպումների և մաքսային վճարների վճարման ժամանակ կիրառվում է նախնական հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ գործող մաքսային օրենսդրության պահանջները:

26. Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման ընթացքում նախնական հայտարարագրերում նշված տեղեկությունները հաշվի չեն առնվում: