Գլխավոր տեղեկություն
Համար
N 1270
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (21.02.2002-12.05.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.08.17/12(34)
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.08.1999
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.08.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.06.2007

102.1270.09.08.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

9 օգոստոսի 1999 թ.
քաղ. Երևան

N 1270

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մինչև «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հարաբերությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կանոնակարգելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի N 532 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության 5-րդ կետի «ժէ» ենթակետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել`

ա) Ծննդի գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները.

բ) Ամուսնության գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները.

գ) Ամուսնալուծության գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները.

դ) Հայրության որոշման գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները.

ե) Որդեգրման (դստերագրման) գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները.

զ) Մահվան գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները.

է) Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոխելու, լրացնելու և ուղղելու կանոնները.

ը) Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու կանոնները (կցվում են):

2. Ուժը կորցրած ճանաչել`

- Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրի 1986 թվականի օգոստոսի 29-ի «Զագսի մարմինների կողմից որդեգրումը գրանցելու հարցերի վերաբերյալ» հրահանգը.

- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 1996 թվականի սեպտեմբերի 27-ի «Ամուսնադրության ժամկետի կրճատման կարգը հաստատելու մասին» N 474 հրամանը:

 

Դ. Հարությունյան

 

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
1999 թվականի օգոստոսի 9-ի
N 1270 հրամանով

 

ԾՆՆԴԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Ծննդի գրանցման ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ճիշտ կիրառման, ինչպես նաև միասնական պրակտիկայի ապահովման նպատակով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժինները պետք է ղեկավարվեն հետևյալով.

1. Ծնունդը ենթակա է պարտադիր գրանցման ՔԿԱԳ տարածքային բաժնում:

Օտարերկրյա պետություններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաների ծննդի գրանցումը կատարվում է տվյալ պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հաստատությունում:

2. Ծննդի գրանցումը ծնողների ցանկությամբ կատարվում է երեխաների ծննդավայրի կամ ծնողների (նրանցից մեկի) բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժիններում:

Այն դեպքում, եթե ծնողները միմյանց հետ ամուսնության մեջ չեն գտնվում, ծնունդը կարող է գրանցվել նաև իրեն երեխայի հայր ճանաչած անձի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնում` եթե ծննդի գրանցման մասին դիմումի հետ միաժամանակ դիմում է տրվում նաև հայրությունը որոշելու համար:

ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք չունի մերժելու ծննդի գրանցումն այն պատճառաբանությամբ, թե այդպիսի գրանցումը նպատակահարմար է կատարել ՔԿԱԳ տարածքային մեկ այլ բաժնում:

3. Եթե երեխայի ծնունդը գրանցվում է ոչ նրա փաստացի ծննդավայրում, այլ ծնողների կամ նրանցից մեկի բնակության վայրում, ծննդի գրանցման 6-րդ` «Ծննդյան վայրը» , սյունակում նշվում է ծնողների մշտական բնակության վայրը: Այս կանոնը դիմումն ընդունելու ժամանակ պետք է պարզաբանվի այն անձանց, ովքեր դիմել են երեխային ծնունդը գրանցելու համար:

4. Ծննդի գրանցման մասին դիմումը պետք է տրվի երեխային ծննդյան օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում: Սահմանված ժամկետը բաց թողնելը չի կարող հիմք հանդիսանալ ծննդի գրանցումը մերժելու համար:

Եթե ծննդի գրանցման մասին դիմումը տրվել է սահմանված ժամկետի բացթողումով, սակայն մինչև երեխայի մեկ տարին լրանալը, ապա ծնունդը գրանցվում է ընդհանուր կարգով` ծննդի ընթացիկ գրանցման մատյանում:

Այն դեպքում, երբ ծննդի գրանցման մասին դիմումը ստացվել է երեխայի ծննդյան օրվանից մեկ տարի անց, բայց մինչև նրա 16 տարին լրանալը, ապա ծննդի գրանցումը կատարվում է միայն երեխայի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից` ծննդի վերականգնված գրանցումների մատյանում` ընդհանուր կարգով` որպես սկզբնական գրանցում, սակայն հերթական համարից հետո լրացնելով` «Գրանցում` ժամկետի բացթողմամբ» բառերը: Ընդ որում, դիմողը պետք է բժշկական տեղեկանք ներկայացնի երեխայի ծննդի և կենդանության մասին և տեղեկանք` երեխային բնակության վայրից: Այդ դեպքում ծննդի գրանցման 6-րդ` «Ծննդյան վայրը», սյունակում նշվում է երեխային բնակության վայրը:

16 տարեկանից բարձր անձանց ծննդի գրանցումը նույնպես կատարվում է միայն ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից` քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու կանոններով սահմանված կարգով:

5. Ծննդի գրանցման մասին հայտարարություն տրվում է ծնողների կամ նրանցից մեկի կողմից` բանավոր կամ գրավոր, իսկ ծնողների հիվանդության, մահվան կամ այլ պատճառներով նրանց կողմից հայտարարություն կատարելու անհնարինության դեպքում` ազգականների, հարևանների, այն բժշկական հիմնարկի վարչակազմի կողմից, որտեղ գտնվել է մայրը երեխան ծնվելիս, ինչպես նաև այլ անձանց կողմից:

6. Ծնունդը գրանցելիս, անկախ այն բանից, թե ով է հայտարարություն տվողը, պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

- երեխայի ծննդի մասին բժշկական հիմնարկի տեղեկանք.

- ծնողների անձը հաստատող փաստաթղթեր.

- փաստաթղթեր, որոնք հիմք կարող են հանդիսանալ հոր մասին տվյալները գրանցելու համար.

- հայտարարություն տվողի անձը հաստատող փաստաթուղթ:

6.1. Երեխայի ծննդի մասին բժշկական տեղեկանքը երեխայի մոր մասին պետք է պարունակի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները` անունը, հայրանունը և ազգանունը, ինչպես նաև երեխայի ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվն ու սեռը, տեղեկանքը տալու ամիսը, ամսաթիվը և տարեթիվը: Տեղեկանքը պետք է հաստատված լինի բժշկական հիմնարկի պաշտոնատար անձի ստորագրությամբ ու կնիքով:

Եթե երեխայի ծննդի մասին բժշկական տեղեկանքում նշված է մոր մինչամուսնական ազգանունը, իսկ անձնագրում (անձնագիրը փոխարինող փաստաթղթում)` ծննդի գրանցման պահին մոր կողմից ամուսնությունը գրանցելիս ստացած ազգանունը, ապա դիմողի կողմից պետք է պարտադիր կարգով ներկայացվի ամուսնության վկայականը, որը կհաստատի, որ տվյալ բժշկական տեղեկանքը տրված է այն կնոջը, որի անձնագիրը (անձնագիրը փոխարինող փաստաթուղթը) ներկայացվել է ՔԿԱԳ տարածքային բաժին:

Եթե ամուսնությունը գրանցելիս կնոջը տրվել է ամուսնու ազգանունը, սակայն նա անձնագիրը նոր ազգանունով չի փոխել և երեխային ծննդի մասին բժշկական տեղեկանքում նույնպես մոր մինչամուսնական ազգանունն է նշված, ապա դիմողի կողմից պարտադիր կարգով պետք է ներկայացվի ամուսնության վկայականը: ՔԿԱԳ տվյալ տարածքային բաժնում ծնողների ամուսնության գրանցման առկայության դեպքում ամուսնության վկայական ներկայացնելը պարտադիր չէ:

Սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում ծննդի գրանցման մեջ մոր ազգանունը նշվում է ըստ ամուսնության վկայականի (ամուսնության գրանցման), ընդ որում, ծննդի գրանցման 23-րդ` «Նշումների համար» սյունակում կատարվում է հետևյալ գրանցումը` «Ներկայացված բժշկական տեղեկանքում նշված է մոր մինչամուսնական ազգանունը» կամ «Ներկայացված բժշկական տեղեկանքում և մոր անձնագրում նշված է նրա մինչամուսնական ազգանունը» և նշվում է մոր մինչամուսնական ազգանունը:

Եթե երեխան ծնվել է ոչ բժշկական հիմնարկում և ծննդաբերության ժամանակ առանց բժշկական օգնություն ցույց տալու, ծնունդը կարող է գրանցվել վկաների ցուցմունքների և երեխայի ծննդի և կենդանության մասին բժշկական տեղեկանքի առկայության դեպքում: Այդպիսի դեպքերում ծննդյան փաստը հաստատվում է մեկ կամ երկու վկայի ստորագրությամբ` ծննդի գրանցման 10-րդ` «Երեխայի ծնունդը հաստատող փաստաթղթեր», սյունակում նշելով վկայի ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը: Այդ տվյալները նշվում են վկայի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Վկայի ներկայանալն անհնարին լինելու դեպքում, տվյալ մորից երեխայի ծննդյան փաստի գրավոր հաստատման վերաբերյալ վկայի ստորագրության իսկությունը պետք է վավերացվի նոտարական կարգով, օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (երկարատև գործուղում և այլն) ստորագրությունը` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության կողմից, զինծառայողներինը` համապատասխան զորամասի հրամանատարի կողմից, Հայաստանի Հանրապետության դրոշի տակ նավարկող ծովային նավերում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինը` այդ նավերի կապիտանների կողմից, հետախուզական և համանման այլ արշավախմբերում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինը` այդ արշավախմբերի պետերի կողմից, բուժպրոֆիլակտիկ հիմնարկներում ստացիոնար բուժման մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինը` այդ հիմնարկների վարչակազմերի կողմից:

Եթե երեխան ծնվել է ծովային, գետային նավում կամ օդանավում մոր գտնվելու ժամանակ, ինչպես նաև գնացքում, ապա կապիտանը (նավի հրամանատարը, գնացքի պետը) երկու վկայի ու բժշկի կամ բուժակի մասնակցությամբ (եթե նավում, գնացքում կա բժիշկ կամ բուժակ) կարող է ակտ կազմել երեխայի ծննդի մասին: Այդ ակտը ներկայացվում է ծնունդը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժնին` ծննդի մասին բժշկական տեղեկանքի փոխարեն:

6.2. Ծնողների անձը հաստատող փաստաթղթեր են համարվում` անձնագիրը (անձնագիրը փոխարինող փաստաթուղթը), սպաների, ենթասպաների, գերակետիկ ծառայության զինծառայողների զինվորական գրքույկը, դիվանագիտական անձնագիրը:

Բացառիկ դեպքերում, երբ ծնողներից մեկի անձը հաստատող փաստաթուղթ չի կարող ներկայացվել (հայտնի չէ նրա գտնվելու վայրը, երկարատև գործուղում և այլն), ՔԿԱԳ տարածքային բաժինն իրավունք չունի մերժել ծննդի գրանցումը: Ծնողի մասին տեղեկությունները, եթե նրա անձը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել, գրանցվում են ամուսնության վկայականի հիման վրա կամ ՔԿԱԳ տվյալ տարածքային բաժնում ծնողների ամուսնության գրանցման առկայության դեպքում` այդ ակտի գրանցման հիման վրա:

Այն դեպքում, երբ ծնողի մասին տեղեկությունները գրանցվում են ամուսնության վկայականի հիման վրա, ծննդի գրանցման 15-րդ` «Ազգությունը», սյունակը չի լրացվում: Ընդ որում, դիմողին պարզաբանվում է, որ բացակայող ծնողի անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում Հոր (մոր) ազգության մասին տեղեկություններով գրանցումը կարող է կատարվել քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոխելու, լրացնելու և ուղղելու կանոններով սահմանված կարգով: Ծնողների բնակության վայրի, ինչպես նաև կրթության մասին տվյալները գրանցվում են դիմողի բանավոր հայտարարությամբ: Այդ դեպքերում ծննդի գրանցման 23-րդ` «Նշումների համար», սյունակում նշվում է` «Հոր (մոր) անձը հաստատող փաստաթուղթ չի ներկայացվել, հոր (մոր) մասին տեղեկությունները լրացված են ամուսնության վկայականի (ամուսնության գրանցման) հիման վրա»:

6.3. Միմյանց հետ ամուսնության մեջ գտնվող հայրն ու մայրը` նրանցից որևէ մեկի դիմումով, գրանցվում են որպես երեխայի ծնողներ: Այդպիսի գրանցման համար հիմք են հանդիսանում ամուսնության վկայականը և ծնողների կամ նրանցից մեկի անձը հաստատող փաստաթղթերը: Նույն կարգով գրանցվում են ծնողների մասին տեղեկությունները, եթե նրանք ամուսնալուծված են, ամուսնությունը դատարանի կողմից անվավեր է ճանաչվել կամ ամուսինը մահացել է և եթե ամուսնալուծության, ամուսնությունն անվավեր ճանաչելու կամ ամուսնու մահվան պահից անցել է 10 ամսից ոչ ավել ժամանակ: Դիմողի կողմից համապատասխանաբար պետք է ներկայացվի ամուսնալուծության վկայականը, ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի քաղվածքը (պատճենը) կամ ամուսնու մահվան վկայականը: Ծննդի գրանցման 23-րդ` «Նշումների համար», սյունակում նշվում է ամուսնալուծության կամ մահվան գրանցման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, տեղը և ակտի գրանցման համարը կամ դատարանի անվանումն ու ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու ամիսը, ամսաթիվը և տարեթիվը:

Եթե երեխան ծնվել է ամուսնալուծության կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու օրվանից 10 ամիս անցնելուց հետո, ապա նախկին ամուսինը որպես երեխայի հայր կարող է գրանցվել միայն հայրության որոշման գրանցման հիման վրա:

6.4. Եթե ծննդի գրանցումը կատարվում է ոչ թե ծնողների, այլ ուրիշ անձի կողմից, ապա պետք է ներկայացվի դիմողի անձը հաստատող փաստաթուղթ: Այդ դեպքում, ծննդի գրանցման 23-րդ` «Նշումների համար», սյունակում նշվում է անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և ում կողմից է տրված:

7. Եթե երեխայի մայրը, որը գտնվում է գրանցված ամուսնության մեջ, երեխայի ծննդի գրանցման ժամանակ հայտարարում է, որ իր ամուսինը երեխայի հայրը չէ ու խնդրում է երեխայի ծննդի գրանցման մեջ նրան հայր չնշել, ապա նրա խնդրանքը կարող է բավարարվել միայն այդ մասին մոր և նրա ամուսնու գրավոր դիմումի առկայության դեպքում:

Տրված դիմումի մասին ծննդի գրանցման 23-րդ` «Նշումների համար», սյունակում նշում է կատարվում` «Երեխայի մայրը ամուսնության մեջ է գտնվում քաղաքացի __________ -ի հետ, որը, համաձայն ամուսինների դիմումի, չի հանդիսանում երեխայի հայրը»: Ամուսինները ստորագրում են այդ սյունակում:

Եթե երեխայի մոր հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող քաղաքացին անձամբ չի կարող ներկայանալ ՔԿԱԳ տարածքային բաժին այդպիսի դիմում տալու համար, ապա երեխայի հայր չլինելու փաստը հաստատող նրա դիմումը կարող է վավերացվել սույն հրահանգչական ցուցումների 6.1-րդ ենթակետի վեցերորդ պարբերությամբ սահմանված կարգով:

8. Եթե ծնողները միմյանց հետ ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի մոր մասին գրանցումը կատարվում է մոր կամ այլ անձի հայտարարությամբ, իսկ հոր մասին գրանցումը` հայրության որոշման գրանցման հիման վրա և այն կարգով, որը նախատեսված է հայրության որոշման գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումներով:

Ամուսնության մեջ չգտնվող կնոջից երեխա ծնվելու դեպքում, եթե ՔԿԱԳ տարածքային բաժնում չի լուծվում նաև հայրության որոշման հարցը, ապա ծննդի գրանցման մատյանում երեխայի հոր մասին գրանցումը կատարվում է մոր ազգանունով, իսկ հոր անունը, հայրանունն ու ազգությունը` մոր ցուցումով:

Եթե ամուսնության մեջ չգտնվող երեխայի մայրը` չնայած ՔԿԱԳ տարածքային բաժնի աշխատողի կողմից նրան տրված համապատասխան իրավական ակտի պարզաբանմանը, հրաժարվում է նշել երեխայի հոր անունը, հայրանունն ու ազգությունը, ապա ծննդի գրանցումը կատարվում է առանց ծննդի գրանցման մեջ հոր մասին այդ տեղեկությունները լրացնելու և տրվում է ծննդյան վկայական:

Երեխայի ծնունդը ոչ թե երեխայի մոր, այլ մեկ այլ անձի հայտարարությամբ գրանցելու դեպքում, հոր մասին տեղեկությունները գրանցվում են մոր կողմից սահմանված կարգով տրված գրավոր հայտարարության հիման վրա` սույն հրահանգչական ցուցումներով սահմանված կարգով:

Սույն կետի երկրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում դիմողին նպաստ ստանալու համար ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից տրվում է համապատասխան տեղեկանք` սոցիալական ապահովության մարմիններին ներկայացնելու համար:

9. Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն հասել ամուսնական տարիքի, ապա երեխայի ծնունդը գրանցվում է ընդհանուր կարգով: Երեխայի ծննդի գրանցման վերաբերյալ անչափահաս ծնողների հոր կամ մոր (խնամակալների) համաձայնությունը չի պահանջվում:

10. Ծննդի գրանցման ժամանակ երեխայի ազգանունը որոշվում է միայն ծնողների ազգանունով: Ծնողների ազգանունները տարբեր լինելու դեպքում երեխայի ազգանունը` ծնողների համաձայնությամբ, գրանցվում է հոր կամ մոր ազգանունով, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմինների ցուցումով:

Չի թույլատրվում երեխային շնորհել երկու ազգանուն: Սակայն, եթե ծնողները (կամ նրանցից մեկը) կրկնակի ազգանուն են կրում, ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք չունի մերժելու երեխային շնորհելու այդ ազգանունը:

11. Երեխային անուն է տրվում ծնողների համաձայնությամբ, իսկ ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում` երեխային անուն տալու հարցը լուծվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից:

Երեխային տրվում է միայն մեկ անուն: Մեկից ավելի անուն տալն արգելվում է:

ՔԿԱԳ տարածքային բաժինն իրավունք չունի մերժելու երեխային ծնողների ընտրած անունը շնորհելու այն պատճառաբանությամբ, որ այն անունը նշված չէ անձնական անունների տեղեկատույում:

12. Երեխային հայրանուն է շնորհվում հոր անունով կամ այն անձի անունով, որը գրանցված է որպես հայր:

13. Ծննդի գրանցման հիման վրա դուրս է գրվում ծննդյան վկայական, որը տրվում է երեխայի ծնունդը գրանցելու մասին դիմում տված անձին:

14. Երկվորյակներ ծնվելու դեպքում նրանցից յուրաքանչյուրի համար պետք է ներկայացվի ծննդի մասին բժշկական տեղեկանք, որի հիման վրա կատարվում են ծննդի առանձին գրանցումներ և տրվում են առանձին ծննդյան վկայականներ:

15. Գտնված երեխայի ծնունդը գրանցվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի, մանկական հիմնարկի վարչակազմի (որտեղ տեղավորված է երեխան), ներքին գործերի մարմնի կամ երեխան գտնող անձի հայտարարության հիման վրա:

Գտնված երեխայի ծնունդը գրանցելիս ՔԿԱԳ տարածքային բաժինը պարտավոր է այդ մասին անմիջապես հայտնել խնամակալության և հոգաբարձության մարմնին: Ծնունդը գրանցելիս պետք է ներկայացվի ակտ, արձանագրություն կամ տեղեկանք, որտեղ նշված լինի երեխայի հայտնաբերման ժամանակը, տեղը և հանգամանքները, ինչպես նաև բժշկական տեղեկանք` երեխայի տարիքի մասին:

Գտնված երեխայի ծննդի գրանցումը պետք է կատարվի գտնելու օրվանից եռօրյա ժամկետում:

Գտնված երեխայի, որի ծնողները հայտնի չեն, ազգանունը, անունը, հայրանունը, ինչպես նաև նրա ծնողների ազգանունը, անունը, հայրանունը և ազգությունը գրանցվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի, մանկական հիմնարկի վարչակազմի (որտեղ տեղավորված է երեխան), ներքին գործերի մարմնի կամ երեխան գտնող անձի ցուցումով (ծնողների մասին մնացած տվյալները չեն գրանցվում): Ծննդի գրանցման 23-րդ` «Նշումների համար», սյունակում կատարվում է գրանցում` «Երեխան գտնված է», ինչպես նաև, թե ում ցուցումով է տեղեկություններ լրացվել ծնողների մասին: Երեխայի ազգանունը պետք է համապատասխանի ծնողների գրանցված ազգանուններին, հայրանունը` գրանցված հոր անվանը:

16. Մեռելածինները և կյանքի առաջին շաբաթվա ընթացքում մահացած երեխաները եռօրյա ժամկետում պետք է գրանցվեն ՔԿԱԳ տարածքային բաժիններում` բժշկական հիմնարկների վարչակազմի, որտեղ տեղի է ունեցել ծննդաբերությունը կամ որտեղ մահացել է երեխան, դիմումի հիման վրա: Սակայն, եթե այդպիսի հայտարարությամբ դիմում են ծնողները կամ այլ անձ` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր, ապա ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք չունի մերժելու գրանցումը:

Մահացած երեխայի ծնունդը` մեռելածնության մասին բժշկական տեղեկանքի հիման վրա, գրանցվում է միայն ծննդի գրանցման գրքում:

Եթե երեխայի մահը վրա է հասել նրա ծննդից հետո (եթե նույնիսկ նա ապրել է մի քանի րոպե), ապա պետք է կազմվեն երկու գրանցումներ` ծննդի` ծննդի մասին բժշկական հիմնարկի տեղեկանքի հիման վրա և մահվան` պերինատալ մահվան վկայականի հիման վրա: Այդ դեպքում ծննդի գրանցման մեջ պետք է նշված լինեն ծնողների մասին բոլոր տեղեկությունները, իսկ սույն պարբերությամբ նախատեսված դեպքում նշում է կատարվում նաև այն մասին, որ երեխան մահացել է (ծննդի գրանցման 23-րդ` «Նշումների համար», սյունակում):

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքում դիմողին միայն տրվում է մահվան վկայական: Հետագայում նույնպես միայն տրվում են մահվան վկայականի կրկնօրինակներ:

Եթե ծնողներին անհրաժեշտ է ստանալ երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ (մահացած կամ կենդանի երեխայի, որը սակայն մահացել է կյանքի առաջին շաբաթվա ընթացքում), ապա ՔԿԱԳ տարածքային բաժինը ծննդի մասին տալիս է տեղեկանք` նշելով մեռելածնության կամ երեխայի մահվան մասին:

 17. Այն դեպքերում, երբ երեխայի հոր հետ ամուսնության մեջ չգտնվող երեխայի մայրը մահացել է կամ երեխային հանձնել է պետության լրիվ խնամքին և դաստիարակությանը, այսինքն` հրաժարվել է երեխային վերցնել ծննդատնից կամ անհայտ է նրա բնակության վայրը, իսկ հայրությունը չի որոշվել, երեխայի ծննդի գրանցումը կատարվում է բժշկական հիմնարկի վարչակազմի (որտեղ երեխայի ծննդյան ժամանակ գտնվել է մայրը) դիմումի հիման վրա կամ մանկական հիմնարկի վարչակազմի կամ այն անձի հայտարարության հիման վրա, որի խնամքի տակ է գտնվել երեխան: Մոր մասին տեղեկությունները նշվում են երեխայի ծննդի մասին բժշկական տեղեկանքին համապատասխան, իսկ երեխայի և հոր ազգանունը` մոր ազգանունով, երեխայի և հոր անունը, հայրանունը, ինչպես նաև ծնողների ազգությունը` դիմողի ցուցումով: Այդ դեպքում երեխայի հայրանունը պետք է համապատասխանի հոր անվանը (ծնողների մասին մնացած տվյալները չեն գրանցվում): Այդպիսի երեխայի ծննդի գրանցման մասին ՔԿԱԳ տարածքային բաժինը պետք է անմիջապես հայտնի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

18. Եթե հետագայում դատարանը որոշում կայացնի ծննդի գրանցումից հոր (մոր) մասին տեղեկությունները հանելու մասին, ապա ՔԿԱԳ տարածքային բաժինը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա փոփոխություններ է կատարում ծննդի գրանցման մեջ` հոր (մոր) մասին տվյալները ջնջվում են և 23-րդ` «Նշումների համար», սյունակում նշվում է`

«դատարանի անվանումը, որոշման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը

որոշման հիման վրա հոր (մոր) մասին տեղեկությունները հանված են»: Այս դեպքում, մոր դիմումի հիման վրա, ծննդի գրանցման մեջ հայրը կարող է գրվել մոր ազգանունով: Հոր անունը, հայրանունը և ազգությունը գրանցվում են մոր ցուցումով: Հոր մասին մյուս տեղեկությունները չեն լրացվում: Այդ դեպքում մորը նպաստ ստանալու համար տրվում է համապատասխան տեղեկանք` սոցիալական ապահովության մարմիններին ներկայացնելու համար:

Ծննդի գրանցման մեջ կատարված բոլոր փոփոխությունները հաստատվում են ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով:

 19. Ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ծննդի գրանցման 23-րդ` «Նշումների համար», սյունակում նշվում է` «Ծնողները (հայրը, մայրը) ծնողական իրավունքներից զրկված են դատարանի անվանումը, որոշման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը»:

Կատարված գրանցումը հաստատվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով (ծնողների մասին տեղեկությունները ծննդի գրանցումից չեն հանվում): Ծնողական իրավունքներից զրկված ծնողներին երեխաների ծննդյան վկայականների կրկնօրինակներ չեն տրվում: Դրանք կարող են տրվել երեխայի խնամակալին (հոգաբարձուին):

Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ծնողական իրավունքների վերականգնման դեպքում ծննդի գրանցման մեջ նշում է կատարվում`

«Ծնողների (հոր, մոր) ծնողական իրավունքները վերականգնվել են

դատարանի անվանումը, որոշման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը»:

Կատարված գրանցումը հաստատվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով:

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 13.08.01 N 375)

21. Ծննդյան վկայականի կրկնօրինակներ կարող են տրվել նաև սահմանված կարգով վավերացված լիազորագիր ունեցող անձանց:

22. Ծննդի գրանցման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

 

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
1999 թվականի օգոստոսի 9-ի
N 1270 հրամանով

 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Ամուսնության գրանցման ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ճիշտ կիրառման, ինչպես նաև միասնական պրակտիկայի ապահովման նպատակով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժինները պետք է ղեկավարվեն հետևյալով.

1. Ամուսնության պարտադիր պայմաններ են` ամուսնացող անձանց փոխադարձ համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի հասնելը:

2. Ամուսնանալու մասին դիմումը` ամուսնացողների ընտրությամբ, տրվում է նրանցից մեկի կամ նրանց ծնողների բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:

Այն դեպքում, երբ ամուսնացողները դիմում են իրենցից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին, ապա ամուսնանալու մասին դիմումին կից պետք է ներկայացնեն նաև իրենց անձնագրերի (անձնագիրը փոխարինող փաստաթղթերի) պատճենները: ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը հավաստիանալով պատճենի իսկության հարցում` պարտավոր է այն վավերացնել իր ստորագրությամբ և կնիքով:

Այն դեպքում, երբ ամուսնացողները դիմում են ծնողների կամ նրանցից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին, ապա ամուսնանալու մասին դիմումին կից պետք է ներկայացվի նաև ծնողի անձնագիրը` տվյալ վայրում նրա հաշվառման մասին նշումով:

Ամուսնանալու մասին դիմումի վրա, ինչպես նաև ամուսնության գրանցման 16-րդ` «Նշումների համար», սյունակում նշվում է` անձնագիր ներկայացնող ծնողի ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի համարն ու սերիան, երբ և ում կողմից է այն տրված, ինչպես նաև որտեղ և երբ է հաշվառված այդ անձը:

3. Ամուսնանալու մասին դիմումը պետք է լրացվի սահմանված ձևի բլանկի վրա: Բլանկում զետեղված բոլոր հարցերին պետք է տրվեն սպառիչ և ստույգ պատասխաններ: Դիմումը պետք է լրացված լինի հստակ և ընթեռնելի ձեռագրով:

4. Դիմումն ընդունելիս ՔԿԱԳ տարածքային բաժինը պարտավոր է ամուսնանալ ցանկացողներին ծանոթացնել ամուսնության գրանցման պայմաններին ու կարգին, նրանց պարզաբանել իրենց իրավունքներն ու պարտականությունները` որպես ապագա ամուսիններ և ծնողներ, հավաստիանալ, որ նրանք փոխադարձաբար իրազեկ են միմյանց առողջական վիճակի և ընտանեկան դրության մասին:

Ամուսնացողները պարտադիր կարգով նախազգուշացվում են ամուսնությանն արգելք հանդիսացող խոչընդոտները թաքցնելու համար պատասխանատվության ենթարկվելու մասին:

Ընդհանուր երեխաներ ունեցող անձանց ամուսնանալու դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժինը պարտավոր է նաև նրանց բացատրել հայրությունը որոշելու կարգը:

5. Նախկինում գրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք պետք է ՔԿԱԳ տարածքային բաժին ներկայացնեն նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ: Դա կարող է լինել ամուսնալուծության վկայականը, ամուսնու մահվան վկայականը կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը:

6. Օրենքով արգելվում են ամուսնություններն ուղիղ վերընթաց և վայրընթաց ազգակցության մեջ գտնվող անձանց, հարազատ և խորթ եղբայրների ու քույրերի, ինչպես նաև որդեգրողների և որդեգրվածների միջև:

Այդ կապակցությամբ ՔԿԱԳ տարածքային բաժնի դիմում ընդունող պաշտոնատար անձը պարտավոր է մանրակրկիտ կերպով պարզել, թե ազգականներ չեն համարվում արդյոք ամուսնացողները, որոնց միջև ամուսնությունն օրենքով արգելված է: Հատկապես դա պետք է ուշադիր ստուգել միանման ազգանունների կամ այլ զուգադիպող հանգամանքների դեպքում:

Ամուսնություններ չեն թույլատրվում նաև այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանն անգործունակ է ճանաչել:

7. Ամուսնանալ ցանկացող անձանց համաձայնությամբ ՔԿԱԳ տարածքային բաժինը նշանակում է ամուսնության գրանցման ժամանակը (օրն ու ժամը), որի մասին նշում է կատարվում դիմումի վրա, ինչպես նաև դիմումների հաշվառման մատյանում:

Ամուսնության գրանցման ժամանակը նշանակվում է այն հաշվարկով, որպեսզի այն չհամընկնի այդ նույն աշխատասենյակում մահվան կամ ամուսնալուծության գրանցման ժամերի հետ:

Ամուսնության գրանցման ժամանակը նշանակելիս ՔԿԱԳ տարածքային բաժինը ամուսնացող անձանց միջոցով պարզում է, թե նրանք ցանկանում են արդյոք ամուսնությունը գրանցել հանդիսավոր պայմաններում: Հանդիսավոր պայմաններում ամուսնության գրանցումը կատարվում է միայն ամուսնացող անձանց համաձայնությամբ:

Ամուսնության գրանցումը` ամուսնացող անձանց ցանկությամբ, կատարվում է ազգականների, ծանոթների ներկայությամբ: Ամուսնության գրանցումը ստորագրող վկաների թիվը, որպես կանոն, չպետք է գերազանցի երկու մարդուց:

8. Դիմում տալիս պետք է ներկայացվեն ամուսնացող անձանց անձը հաստատող փաստաթղթերը` անձնագիրը (անձնագիրը փոխարինող փաստաթուղթը), զինծառայողների զինվորական գրքույկը:

9. Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում ամուսնություն գրանցելիս ներկայացնում է անձնագիրը և տվյալ պետության համապատասխան մարմինների կամ դեսպանության (հյուպատոսության) կողմից տրված տեղեկանք ամուսնության գրանցում չունենալու մասին` վավերացված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում` եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես ներկայացնում են տեղեկանք` տրված այն պետության կողմից, որտեղ նրանք մշտապես բնակվում են:

Օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում ամուսնություն գրանցելիս պետք է ներկայացնեն իրենց մշտական բնակության վայրի պետության իրավասու մարմնի կողմից տրված և տվյալ պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հաստատությունում վավերացված ամուսնության գրանցում չունենալու մասին տեղեկանք:

Եթե ներկայացված տեղեկանքը կազմված չէ հայերեն լեզվով, ապա դրա թարգմանությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:

Տեղեկանքն ուժի մեջ է տրման օրվանից եռամսյա ժամկետում:

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ գրանցելու համար դիմում, ինչպես նաև սույն կետով նախատեսված փաստաթղթեր ներկայացնում են և ամուսնության մասին թույլտվություն ստանում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության կողմից: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության թույլտվության հիման վրա օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը գրանցվում է ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից:

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը գրանցելու ժամկետը կրճատելու (երկարացնելու) թույլտվություն տալիս է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության պետը:

10. Եթե ամուսնության մասին դիմումը տրվում է ամուսնանալ ցանկացող զինծառայողի կողմից, ըստ ծառայության վայրի, ապա զինծառայողի բնակավայր է համարվում համապատասխան զորամասի կամ հիմնարկի տեղաբաշխման կետը:

11. Առանց հաշվառման կամ ժամկետանց հաշվառմամբ ապրող քաղաքացիների ամուսնության մասին դիմումները չեն քննարկվում` բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքերի:

Այն դեպքում, երբ նախկին բնակավայրից ամուսնացողներից մեկի հաշվառումից դուրս գալու պահից անցել է մեկուկես ամսից ոչ ավելի ժամանակ, իսկ երկրորդը մշտապես կամ ժամանակավորապես հաշվառված է ամուսնությունը գրանցելու վայրում` ՔԿԱԳ տարածքային բաժինն ընդունում է ամուսնության մասին դիմումը և սահմանված կարգով կատարում գրանցում:

Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից, տրված տեղական ինքնակառավարման մարմինների, բնակշահագործման մարմինների, համատիրությունների ղեկավարների, թաղային լիազորների, այգեգործական ընկերությունների տնօրենների, ինչպես նաև ժամանակավոր բնակության վայրերի (հյուրանոց, հանգստյան տուն, առողջարան) տնօրինության կողմից:

12. Եթե դիմում տալիս ամուսնացողների ներկայությունը ՔԿԱԳ տարածքային բաժնում որևէ պատճառով անհնարին կամ ծայրահեղորեն դժվար է (միմյանցից հեռու ապրելը, ծանր հիվանդությունը, զինվորական ծառայության մեջ գտնվելը և այլն), ապա դիմումը` ստորագրված ամուսնացող երկու անձանց կողմից, կարող է տալ նրանցից մեկը: Այդ դեպքում բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի այդ անձի բնակավայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով: Ընդ որում, ստուգվում է քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը` նրանում եղած տեղեկությունները համեմատվում են դիմումում նշվածների հետ:

Բացի դրանից, բացակայող անձի ստորագրությունը կարող է վավերացվել հետևյալ կարգով`

- օտարերկրյա պետությունում գտնվող (երկարատև գործուղում և այլն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինը` Հայաստանի Հանրապետության դեսպանի կամ հյուպատոսի կողմից.

- զինծառայողներինը` համապատասխան զորամասի հրամանատարի կողմից.

- Հայաստանի Հանրապետության դրոշի տակ նավարկող ծովային նավերի վրա գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինը` այդ նավերի նավապետերի կողմից:

Ստորագրության իսկությունը կարող է վավերացվել նաև նոտարական կարգով:

Վերոհիշյալ կարգով վավերացված դիմումը դիմողն ուղարկում է ամուսնության գրանցման վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին հանձնելու համար:

Այս դեպքում` սույն հրահանգչական ցուցումների 4-6-րդ և 13-րդ կետերով նախատեսված գործողությունները ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից կատարվում են ամուսնության գրանցումից անմիջապես առաջ:

13. ՔԿԱԳ տարածքային բաժիններում ամուսնության մասին դիմումը պետք է գրանցվի դիմումների հաշվառման հատուկ մատյանում, որտեղ նշվում է ամուսնացողների ազգանունը, անունը և հայրանունը, դիմումն ընդունելու ամիսը, ամսաթիվը և տարեթիվը ու ամուսնությունը գրանցելու համար նշանակված ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, իսկ հետագայում նաև` ամուսնության գրանցման համարը:

Ստանալով ամուսնության մասին դիմումը ՔԿԱԳ տարածքային բաժինը ստուգում է դիմողների անձը հաստատող փաստաթղթերը, դիմումին կցված փաստաթղթերի լրիվությունն ու ճշտությունը:

14. Ամուսնության գրանցումը տեղի է ունենում ՔԿԱԳ տարածքային բաժնում` մեկամսյա ժամկետում:

Ամուսնությունը գրանցելու համար մեկամսյա ժամկետի ընթացքը սկսվում է ՔԿԱԳ տարածքային բաժին ամուսնության մասին դիմում տալու օրվան հաջորդող օրվանից և լրանում է հաջորդ ամսվա համապատասխան օրը, իսկ եթե, այդ ամիսը չունի համապատասխան օր, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետը լրանալու օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետը լրանալու օրը համարվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:

Հարգելի պատճառների առկայության դեպքում ամուսնության գրանցման ժամկետը կարող է կրճատվել կամ երկարացվել:

Ամուսնության գրանցման ժամկետը կարող է կրճատվել ամուսնացողների համատեղ խնդրանքով` հարգելի պատճառների առկայության դեպքում, որոնց մասին պետք է նշված լինի ամուսնության մասին դիմումի մեջ:

Ամուսնության գրանցման ժամկետը կրճատելու համար հիմք հանդիսացող հարգելի պատճառներ են համարվում`

- ծանր հիվանդությունը.

- համատեղ երեխաներ ունենալը.

- ամուսնացող կնոջ հղիությունը (20 շաբաթական).

- բանակ զորակոչվելը.

- ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը:

Ամուսնության գրանցման ժամկետը` ելնելով կոնկրետ հանգամանքներից, կարող է կրճատվել նաև բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության պետի թույլտվությամբ:

Սույն կետով նշված հարգելի պատճառները պետք է հաստատված լինեն համապատասխան փաստաթղթերով (բժշկական տեղեկանք, երեխայի ծննդյան վկայական և այլն):

Ամուսնության գրանցման ժամկետի կրճատման համար հիմք հանդիսացող հարգելի պատճառներ համարվող փաստաթղթերը կամ դրանց պատճենները կցվում են ամուսնության մասին դիմումին:

Սույն կետում նշված հարգելի պատճառների առկայության դեպքում ամուսնության գրանցումը ՔԿԱԳ տարածքային բաժիններում կատարվում է եռօրյա ժամկետում:

 (14-րդ կետը փոփ. 30.01.02 N 44)

15. Ամուսնության գրանցման ժամկետը երկարացնելու հարցը քննության է առնվում ամուսնացողների խնդրանքով, որը նրանց կողմից անմիջականորեն շարադրվում է համապատասխան դիմումի մեջ:

Առանձին դեպքերում, բավարար հիմքերի առկայության պայմաններում, ամուսնության գրանցման ժամկետի երկարացումը հնարավոր է նաև ՔԿԱԳ տարածքային բաժնի նախաձեռնությամբ:

16. Ամուսնության գրանցման ժամկետը կրճատելու (երկարացնելու) մասին դիմումների հաշվառման մատյանում կատարվում է համապատասխան գրառում` նշելով պատճառները:

Մեկամսյա ժամկետը կրճատելու կամ երկարացնելու թույլտվությունը տրվում է ամուսնության մասին դիմումի հիման վրա ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի կողմից` մակագրության ձևով:

17. Եթե ամուսնանալ ցանկացողները հարգելի պատճառներով չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ տարածքային բաժին նրա կողմից որոշված օրը, ապա ամուսնության գրանցման ժամկետը նրանց խնդրանքով փոխադրվում է մի այլ ժամանակ: Այդ մասին նշում է կատարվում ամուսնության մասին դիմումի վրա և դիմումների հաշվառման մատյանում: Չներկայանալու պատճառը հարգելի է համարվում ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի որոշմամբ:

Եթե ամուսնության գրանցման համար նշանակված օրը չներկայանալու պատճառն անհարգելի է համարվել, ապա այդ անձինք կարող են ամուսնության գրանցման համար մեկ անգամ ևս դիմել ՔԿԱԳ տարածքային բաժին, որը նորից նշանակում է մեկամսյա ժամկետ:

Եթե դիմում տվողները չեն ներկայացել ՔԿԱԳ տարածքային բաժին` ամուսնության գրանցման համար նշանակված օրվանից հետո եռամսյա ժամկետում և չեն հայտնել չներկայանալու պատճառը` դիմումը կորցնում է իր ուժը:

18. Ամուսնությունը գրանցվում է միայն ամուսնացող անձանց ներկայությամբ: Ամուսնության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով, այսինքն` հեռակա կարգով, չի թույլատրվում:

19. Առանձին դեպքերում, ամուսնության գրանցումը կարող է կատարվել հիվանդանոցում, տանը կամ այլ վայրերում` ամուսնանալ ցանկացողների ներկայությամբ: Հիվանդանոցում, տանը կամ այլ վայրերում ամուսնությունը գրանցելու մասին նշվում է ամուսնության գրանցման 16-րդ սյունակում:

20. Եթե ՔԿԱԳ տարածքային բաժնում ամուսնության գրանցմանն արգելք հանդիսացող խոչընդոտների վերաբերյալ փաստաթղթերով հաստատված և հիմնավորված դիմում ստացվի, ապա ամուսնության գրանցումը հետաձգվում է: Այդ դեպքում դիմողը պարտավոր է որոշակի ժամկետում համապատասխան ապացույցներ ներկայացնել: ՔԿԱԳ տարածքային բաժինը, շահագրգիռ անձանց խնդրանքով կամ իր նախաձեռնությամբ, կարող է անհրաժեշտ ստուգում կատարել: Ամուսնության գրանցումը հետաձգելու մասին ծանուցվում են ամուսնանալու մասին դիմում տված անձինք: Ամուսնության գրանցմանն արգելք հանդիսացող խոչընդոտների առկայության դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժինը մերժում է ամուսնության գրանցումը: Եթե այդպիսի խոչընդոտների մասին տեղեկությունները չեն հաստատվում, ամուսնության գրանցումը կատարվում է ընդհանուր կարգով: Հիշյալ հանգամանքների ստուգումը պետք է ավարտվի երեք ամսից ոչ ավելի ժամկետում:

21. Ամուսնություն գրանցելիս և ամուսնության ամբողջ ընթացքում ամուսիններին` իրենց ցանկությամբ, տրվում է ամուսիններից մեկի ազգանունը` որպես նրանց ընդհանուր ազգանուն կամ յուրաքանչյուրի համար պահպանվում է մինչամուսնական ազգանունը:

Ամուսնությունը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժնի պաշտոնատար անձը պարտավոր է ամուսնացողներին բացատրել նշված ազգանուններից ցանկացածն ընտրելու նրանց իրավունքը և նախազգուշացնել, որ ամուսնությունը գրանցելուց հետո իրենց կողմից ընտրված ազգանունների նոր փոխումը կարող է թույլատրվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրավունք տրված չէ ամուսնանալիս ընդունելու կրկնակի ազգանուն: Սակայն, եթե ամուսնացողներից մեկն արդեն իսկ կրում է կրկնակի ազգանուն, ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք չունի մերժելու մյուս ամուսնուն ընտրելու այն` որպես իրենց ընդհանուր ազգանուն:

Ընդհանուր ազգանուն կրելու ամուսնացողների ցանկությունը պետք է արտահայտված լինի ամուսնության մասին դիմումի մեջ:

Այն դեպքում, երբ ամուսնանալ ցանկացող անձանց տրվում է ընդհանուր ազգանուն, ամուսնության գրանցումից հետո ՔԿԱԳ տարածքային բաժինները պարտավոր են այդ մասին տեղյակ պահել իրենց գտնվելու վայրի ներքին գործերի մարմիններին:

22. Ամուսնությունը գրանցելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

23. Եթե ամուսնացողներից մեկն ընդունել է մյուսի ազգանունը, ապա նրա անձնագրի առաջին էջում և զինծառայողի զինվորական գրքույկում գրառում է կատարվում այն մասին, որ անձնագիրը, զինվորական գրքույկը ենթակա են փոխանակման մեկամսյա ժամկետում: Այդ գրառումը վավերացվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով կամ դրվում է համապատասխան դրոշմակ:

Ամուսնության կապակցությամբ զինապարտի կամ զորակոչիկի ազգանունը փոխելու դեպքում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ տարածքային բաժինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին պետք է հայտնի զինվորական կոմիսարիատ, որտեղ հաշվառման է վերցված զինապարտը կամ զորակոչիկը:

24. Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքով սահմանված ամուսնության պայմանները խախտելու, ինչպես նաև առանց ընտանիք կազմելու մտադրության ամուսնություն (կեղծ ամուսնություն) գրանցելու դեպքում ամուսնությունն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով:

Ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը ՔԿԱԳ տարածքային բաժինը ստանալուն պես պետք է չեղյալ համարի ամուսնության գրանցումը (այն անկյունագծով ջնջելով):

Միաժամանակ գրանցման երեսի կողմի վերևի մասում նշվում է` «Գրանցումը չեղյալ համարել»: Ամուսնության գրանցումը չեղյալ համարելու մասին 16-րդ` «Նշումների համար», սյունակում նշվում է, թե որտեղ, երբ և որ դատարանի կողմից է կայացվել ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին վճիռ: Այդ մասին հաղորդվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվին, որը նույն կարգով գրանցման երկրորդ օրինակը համարում է չեղյալ: Դատարանի կողմից ամուսնությունն անվավեր ճանաչելու դեպքում կրկին անգամ ամուսնության վկայական չի տրվում: Անհրաժեշտության դեպքում դատարանի և իրավասու այլ մարմինների հարցումներով նրանց ուղարկվում է անվավեր ճանաչված ակտի գրանցման պատճենը, նշելով այն մասին, որ ամուսնությունն անվավեր է ճանաչված:

25. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերում ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից ամուսնության գրանցման մասին կատարվում է համապատասխան նշումներ` մատնանշվում է մյուս ամուսնու ազգանունը, անունը և հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, ամուսնության գրանցման համարը, տեղը և ժամանակը:

26. Ամուսնության վկայականի կրկնօրինակներ կարող են տրվել նաև սահմանված կարգով վավերացված լիազորագիր ունեցող անձանց:

27. Դատապարտյալների ամուսնության գրանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
1999 թվականի օգոստոսի 9-ի
N 1270 հրամանով

 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Ամուսնալուծության գրանցման ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ճիշտ կիրառման, ինչպես նաև միասնական պրակտիկայի ապահովման նպատակով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժինները պետք է ղեկավարվեն հետևյալով.

 

I. Ամուսնալուծության գրանցումը անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների փոխադարձ համաձայնությամբ

 

1. ՔԿԱԳ տարածքային բաժինները իրավունք չունեն ընդունելու ամուսնալուծության մասին դիմում այն ամուսիններից, որոնք դիմում տալու պահին ունեն 18 տարին չլրացած (բացառությամբ այն անչափահասների, որոնք օրենքով սահմանված կարգով ճանաչվել են գործունակ) ինչպես հարազատ, այնպես էլ նրանց կողմից համատեղ որդեգրված ընդհանուր երեխաներ: Ընդ որում, նշանակություն չունի այն, թե որդեգրող ամուսինները գրանցված են որպես այդ երեխաների ծնողներ, թե ոչ: Այդպիսի դեպքերում ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով:

 Ամուսնալուծությունն ամուսինների միջև դատական կարգով կատարվում է նաև, եթե նրանցից մեկը նախկին ամուսնությունից ունի անչափահաս երեխա (ներ), որը (որոնք) որդեգրված են եղել մյուս ամուսնու կողմից: Այն դեպքերում, երբ այդ երեխաները երկրորդ ամուսնու կողմից որդեգրված չեն եղել, ամուսնությունը լուծվում է ՔԿԱԳ տարածքային բաժնում:

2. Համատեղ ապրող ամուսիններն ամուսնալուծությունը գրանցում են իրենց բնակավայրի ՔԿԱԳ տարածքային բաժնում:

Առանձին ապրող ամուսինների ամուսնալուծությունը գրանցվում է նրանցից որևէ մեկի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնում:

3. Ամուսնալուծության գրանցումը ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից կատարվում է ամուսինների համատեղ դիմումի հիման վրա:

Եթե ամուսիններից մեկը հարգելի պատճառով հնարավորություն չունի ներկայանալու ՔԿԱԳ տարածքային բաժին` ամուսնալուծության մասին դիմում տալու համար (ծանր հիվանդության, զինվորական ծառայության, երկարատև գործուղման մեջ գտնվելու, հեռավոր վայրում բնակվելու և այլնի կապակցությամբ), ապա ներկայացող ամուսինը պետք է երկուսի անունից ներկայացնի համատեղ դիմում կամ ամուսնալուծության մասին ամուսինների առանձին դիմումները: Այդ դեպքում բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի այդ անձի բնակավայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով: Ընդ որում, ստուգվում է քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ` նրանում եղած տեղեկությունները համեմատվում են դիմումում նշվածների հետ:

Բացի դրանից, բացակայող անձի ստորագրությունը կարող է վավերացվել հետևյալ կարգով`

- օտարերկրյա պետությունում գտնվող (երկարատև գործուղում և այլն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինը` Հայաստանի Հանրապետության դեսպանի կամ հյուպատոսի կողմից.

- զինծառայողներինը` համապատասխան զորամասի հրամանատարի կողմից.

- Հայաստանի Հանրապետության դրոշի տակ նավարկող ծովային նավերի վրա գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինը` այդ նավերի նավապետերի կողմից:

Ստորագրության իսկությունը կարող է վավերացվել նաև նոտարական կարգով:

Վերոհիշյալ կարգով վավերացված դիմումը դիմողն ուղարկում է ամուսնալուծության գրանցման վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին հանձնելու համար:

4. Ամուսնալուծության մասին դիմումում ամուսինները պարտավոր են հաստատել ամուսնալուծության մասին իրենց փոխադարձ համաձայնությունը և նրանց` մինչև 18 տարեկան երեխաների բացակայությունը:

5. Եթե ամուսնալուծության համար համաձայնություն տված ամուսինների միջև առկա է վեճ` նրանց ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանման կամ կարիքավոր անաշխատունակ ամուսնուն ապրուստի միջոց վճարելու վերաբերյալ, ապա ամուսնալուծության հարցը որոշում է դատարանը:

6. Եթե ամուսիններից մեկը, չնայած, որ ամուսնալուծության դեմ առարկություններ չունի, բայց խույս է տալիս ՔԿԱԳ տարածքային բաժիններում ամուսնալուծվելուց (հրաժարվում է համապատասխան դիմում տալուց կամ դիմում տալով չի ցանկանում ներկայանալ ամուսնալուծությունը գրանցելու համար և, ընդ որում, չի միջնորդում իր բացակայությամբ ամուսնալուծությունը գրանցելու մասին) կամ երբ հայտնի չէ երկրորդ ամուսնու բնակության վայրը` ամուսնալուծության հարցը լուծում է դատարանը:

7. Ամուսնալուծության մասին դիմումին պետք է կցված լինի ամուսնության վկայականը:

Ամուսինները իրավունք ունեն մինչև ամուսնալուծության գրանցումը ցանկացած պահի հետ վերցնել ամուսնալուծության մասին իրենց դիմումը, ինչպես նաև ժամանակավորապես` ամուսնության վկայականը:

8. Ամուսնալուծության գրանցումը և ամուսիններին ամուսնալուծության վկայականներ տալը կատարվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից երեք ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ժամկետը հաշվարկելիս, անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ կանոններով` եռամսյա ժամկետի ընթացքը սկսվում է ՔԿԱԳ տարածքային բաժին ամուսնալուծության մասին դիմում տալու օրվան հաջորդող օրվանից և լրանում է երրորդ ամսվա համապատասխան օրը, իսկ եթե այդ ամիսը չունի համապատասխան օր, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետը լրանալու օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետը լրանալու օրը համարվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:

9. Եթե ամուսինները չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ տարածքային բաժին` ամուսնալուծությունը գրանցելու սահմանված օրը, իրենց խնդրանքով գրանցման ժամկետը փոխադրվում է այլ ժամանակ: Ամուսնալուծությունը գրանցվում է և ամուսիններին ամուսնալուծության վկայական է տրվում ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից երեք ամիս անցնելուց հետո, բայց ոչ ուշ ամուսնալուծության համար նշանակված օրվանից երեք ամսից հետո: Նշված ժամկետում ամուսնալուծությունը չգրանցելու դեպքում ամուսնալուծվողները կարող են նորից ամուսնալուծության մասին դիմում տալ ՔԿԱԳ տարածքային բաժին, որի դեպքում ամուսնալուծության գրանցման համար նորից նշանակվում է եռամսյա ժամկետ:

10. Ամուսնալուծության գրանցումը կարող է կատարվել ամուսիններից մեկի բացակայությամբ, եթե այդ ամուսինը հարգելի պատճառով (ծանր հիվանդություն, զինվորական ծառայություն, երկարատև գործուղում, հեռավոր վայրում ապրելը և այլն) չի կարող ներկայանալ ՔԿԱԳ տարածքային բաժին և եթե նրա անունից ամուսնալուծվելու իր համաձայնությունը հաստատող դիմում ստացվի` ամուսնալուծությունն իր բացակայությամբ գրանցելու խնդրանքով:

Եթե ամուսիններից մեկը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ ՔԿԱԳ տարածքային բաժին` ոչ ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու, ոչ էլ ամուսնալուծությունը գրանցելու համար, ապա նա պետք է այդ մասին նշի ամուսնալուծության մասին դիմումում:

Այդ դեպքերում բացակայող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի սույն հրահանգչական ցուցումների 3-րդ կետով սահմանված կարգով:

Ամուսնալուծությունը գրանցելիս բացակայող և ամուսնալուծությունից հետո իր մինչամուսնական ազգանունը կրել ցանկացող ամուսինը պետք է այդ մասին նշի ամուսնալուծության մասին դիմումում:

11. Ամուսնալուծությունը գրանցելիս, ամուսնության ժամանակ իր ազգանունը փոխած ամուսնուն կարող է նրա ցանկությամբ տրվել մինչամուսնական ազգանուն:

12. Մինչև ամուսնալուծության գրանցումը գրանցման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով: Տուրքը մուծվում է ամուսիններից մեկի կամ երկուսի կողմից` նրանց միջև եղած պայմանավորվածության համաձայն:

13. Ամուսնալուծությունը գրանցելուց հետո նախկին ամուսիններին տրվում են ամուսնալուծության վկայականներ:

 

II. Ամուսնալուծության գրանցումը ամուսիններից մեկի դիմումի հիման վրա

 

14. ՔԿԱԳ տարածքային բաժիններում ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնությունը լուծվում է այն դեպքերում, եթե երկրորդ ամուսինը`

- դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.

- դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.

- դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամանակով: Նշված դեպքերում ամուսնալուծությունը կատարվում է անկախ ամուսինների անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքից:

15. Անգործունակ ամուսնու խնամակալը իրավունք ունի ՔԿԱԳ տարածքային բաժին դիմում տալու նրա ամուսնալուծության մասին, եթե երկրորդ ամուսինը օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամանակով:

16. Դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձի հետ ամուսնալուծության գրանցման օրենքով նախատեսված կարգը տարածվում է սահմանափակ գործունակ ճանաչված անձանց հետո ամուսնալուծության գրանցման դեպքերի վրա:

17. Ամուսնալուծությունն այն անձանց հետ, որոնք հանցագործություն կատարելու համար դատապարտվել են ազատազրկման ոչ պակաս, քան երեք տարի` կատարվում է ՔԿԱԳ տարածքային բաժիններում` եթե դատապարտյալը պատիժը կրում է քրեական պատիժն իրականացնող հիմնարկում:

18. Ամուսնալուծության մասին դիմումին կցվում է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը)` մյուս ամուսնուն անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին, մյուս ամուսնուն ոչ պակաս, քան երեք տարի ժամանակով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը (քաղվածքը), ինչպես նաև ամուսնության վկայականը: Այդպիսի վկայականի բացակայության դեպքում կիրառվում են սույն հրահանգչական ցուցումների 7-րդ կետով նախատեսված կանոնները: Անթույլատրելի է ընդունել այն դիմումները, որոնց անձին անգործունակ ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի փոխարեն կցված են բժշկական տեղեկանքներ:

Դիմողը պետք է դիմումում նշի դատապարտված ամուսնու, անգործունակ ամուսնու խնամակալի բնակության վայրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անհայտ բացակայող ամուսնու գույքի նկատմամբ նշանակված խնամակալի բնակության վայրը:

19. Դիմում ընդունող ՔԿԱԳ տարածքային բաժինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պարտավոր է ստացված դիմումի մասին տեղեկացնել քրեական պատիժն իրականացնող հիմնարկում գտնվող ամուսնուն կամ անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալին, ինչպես նաև անհայտ բացակայող ամուսնու գույքի նկատմամբ նշանակված խնամակալին: Եթե օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձին խնամակալ չի նշանակված, ապա ծանուցումը ուղարկվում է անգործունակ ճանաչված անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

 Ծանուցման մեջ պետք է նշվի, որ նրա ստացողը սահմանված ժամկետից ոչ ուշ ՔԿԱԳ տարածքային բաժնին պետք է հայտնի, արդյոք վեճ կա երեխաների, ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանման, կարիքավոր անաշխատունակ ամուսնուն ապրուստի միջոց վճարելու վերաբերյալ, ինչ ազգանուն է նա ցանկանում կրել ամուսնալուծությունից հետո (իր մինչամուսնական ազգանունը, թե ցանկանում է թողնել իր ամուսնու ազգանունը):

ՔԿԱԳ տարածքային բաժինը դիմողին հայտնում է համապատասխան ծանուցում ուղարկելու, ինչպես նաև ծանուցման պատասխանը ստանալու համար սահմանված ժամկետի մասին: Պատասխանը ստանալու համար սահմանված ժամկետը հաշվի առնելով, դիմողին առաջարկվում է ներկայանալ ՔԿԱԳ տարածքային բաժին` ամուսնալուծությունը գրանցելու համար:

Վեճի բացակայության մասին տեղեկություններ ստանալու, ինչպես նաև ծանուցագրով սահմանված ժամկետում դատապարտյալից կամ անգործունակ ամուսնու խնամակալից (խնամակալության և հոգաբարձության մարմնից), անհայտ բացակայող ամուսնու գույքի նկատմամբ նշանակված խնամակալից պատասխան չստանալու դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժինը դիմողի ներկայությամբ պետք է գրանցի ամուսնալուծությունը:

20. Եթե ՔԿԱԳ տարածքային բաժինը ստացել է երեք տարուց ոչ պակաս ժամանակով ազատազրկման դատապարտված ամուսնու հետ ամուսնալուծվելու մասին դիմում, ապա դիմումի ստացման մասին ծանուցումը դատապարտյալին ուղարկելու հետ մեկտեղ ՔԿԱԳ տարածքային բաժինը պետք է քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմին խնդրի նշանակված ժամկետում հաստատել, որ դատապարտյալը ծանուցում ստանալու պահին` իսկապես գտնվում է քրեական պատիժն իրականացնող հիմնարկում, ինչպես նաև այն, որ նրան հանձնված է ՔԿԱԳ տարածքային բաժնի ծանուցումը` ամուսնալուծության մասին ստացված դիմումի վերաբերյալ:

Եթե դատապարտյալի քրեական պատիժն իրականացնող հիմնարկում գտնվելը հաստատող պատասխանը նշանակված ժամկետում չստացվի, ամուսնալուծության գրանցումը հետաձգվում է, իսկ քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմին ուղարկվում է հիշեցում:

21. Քրեական պատիժն իրականացնող հիմնարկից ամուսնու ազատվելու վերաբերյալ ՔԿԱԳ տարածքային բաժնում տեղեկություն ստացվելու դեպքում` այդ մասին հաղորդվում է դիմողին, որի վերաբերյալ դիմումի վրա կատարվում է նշում: Այդ դեպքում ամուսնալուծությունը կատարվում է ընդհանուր կարգով, որը պարզաբանվում է դիմողին:

22. Եթե քրեական պատիժն իրականացնող հիմնարկում գտնվող ամուսինը կամ անգործունակ ամուսնու խնամակալը վեճ կհարուցեն երեխաների, ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանման կամ օգնության կարիք ունեցող անգործունակ ամուսնուն ապրուստի միջոց վճարելու մասին, ապա ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով:

23. ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք չունի ամուսնալուծությունը գրանցել առանց կնոջ համաձայնության, իսկ եթե կինը անգործունակ է ճանաչված, ապա առանց նրա խնամակալի համաձայնության, կնոջ հղիության ժամանակ և մեկ տարվա ընթացքում` երեխա ծնվելուց հետո: Այդ կանոնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ երեխան ծնվել է մահացած կամ չի ապրել մինչև մեկ տարի:

24. Ամուսնալուծությունը գրանցելիս ամուսնուն` իր ցանկությամբ (իսկ անգործունակ ամուսնու նկատմամբ` նրա խնամակալի ցանկությամբ), տրվում է մինչամուսնական ազգանուն:

Եթե դատապարտված ամուսինը հայտնել է, որ ամուսնալուծությունից հետո նա ցանկանում է կրել իր մինչամուսնական ազգանունը, ապա այդ դեպքում` պատիժը կրելուց հետո, նրա մշտական բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժինը նրան ամուսնալուծության կրկնակի վկայական տալու ժամանակ նրա մոտ եղած վկայականի հիման վրա, անձնագրում պետք է գրառում կատարի, որ ազգանվան փոխման կապակցությամբ անձնագիրը ենթակա է փոխանակման: Այդպիսի գրառումը վավերացվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով կամ համապատասխան դրոշմակով:

25. Ամուսնալուծությունը գրանցելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

26. Դատապարտյալների միջև ամուսնալուծության օրենքով սահմանված հատուկ կարգը, իրենց դատապարտյալներին, իրավունք չի տալիս նույն կարգով դնելու ամուսնալուծության մասին հարցը: Ամուսնալուծությունը դատապարտյալների դիմումներով կատարվում է ընդհանուր կարգով:

27. Եթե ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից ամուսնալուծություն է գրանցվել անհայտ բացակայող ճանաչված ամուսնու հետ, ապա նրա ի հայտ գալու և նրան անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի բեկանման դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից` այդ ամուսնու դիմումի համաձայն, նրան պետք է տրվի ամուսնալուծության վկայական, նշելով ամուսնալուծության նույն ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ինչ որ մյուս ամուսնու վկայականում է:

 

III. Ամուսնալուծության գրանցումը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա

 

28. Ամուսնությունը դադարում է ամուսնալուծության մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքում ամուսնալուծությունը գրանցելու պահից, այսինքն` ամուսնությունը դադարելու ամիսը, ամսաթիվը և տարեթիվը համարվում է ոչ թե ամուսնալուծության մասին դատարանի վճռի արձակման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, այլ ամուսիններից թեկուզև մեկի կողմից ՔԿԱԳ տարածքային բաժնում ամուսնալուծության գրանցման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը:

29. Ամուսնալուծության գրանցում կարող է կատարվել անկախ ամուսնալուծության մասին դատարանի վճիռն արձակելուց հետո անցած ժամկետից:

30. Ամուսնալուծության գրանցումը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից կատարվում է ինչպես ամուսիններից երկուսի, այնպես էլ մեկի դիմումի համաձայն, ամուսինների ընտրությամբ` նրանցից որևէ մեկի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնում:

ՔԿԱԳ տարածքային բաժինն իրավունք չունի ամուսնալուծության գրանցումը մերժելու, եթե ամուսինը ամուսնալուծության գրանցման համար դիմել է ոչ թե իր բնակության վայրի, այլ մյուս ամուսնու բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:

Եթե ամուսնալուծության մասին դիմումը տրվում է ըստ մյուս ամուսնու բնակության վայրի, որը ամուսնալուծությունը դեռ չի գրանցել ՔԿԱԳ տարածքային բաժնում, ապա դիմողը պետք է ներկայացնի մյուս ամուսնու բնակության վայրը հաստատող փաստաթուղթ: Իսկ եթե ամուսնալուծությունը ՔԿԱԳ տարածքային տվյալ բաժնում արդեն իսկ գրանցված է եղել ամուսիններից մեկի կողմից, այդպիսի փաստաթուղթ ներկայացնելը պարտադիր չէ:

31. Ամուսնալուծության մասին դիմումին կցվում է ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը) և պետական տուրքը վճարելու անդորրագիրը:

32. Եթե ՔԿԱԳ տարածքային բաժնին հայտնի է, որ մյուս ամուսինն արդեն գրանցել է ամուսնալուծությունը, ապա ստացված դիմումը վճռի պատճենի (քաղվածքի) հետ ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից ուղարկվում է ամուսնալուծության գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին` դրանում պակասող տեղեկությունները լրացնելու համար: Այդպիսի նյութեր ստացած ՔԿԱԳ տարածքային բաժինը պարտավոր է տասնօրյա ժամկետում լրացնել ամուսնալուծության գրանցումը և այն ուղարկել դիմողի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին` նրան ամուսնալուծության վկայական տալու համար, նշելով ամուսնալուծության նույն ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ինչ որ մյուս ամուսնունն է:

33. Ամուսնալուծության գրանցումը լրացնելուց հետո ՔԿԱԳ տարածքային բաժինը պարտավոր է այդ մասին հայտնել ամուսնալուծության գրանցման երկրորդ օրինակի գտնվելու վայր` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվ:

34. Ամուսնալուծությունը գրանցելիս ամուսնու ցանկությամբ նրան տրվում է մինչամուսնական ազգանուն:

35. Եթե ամուսնալուծությունը գրանցվում է ամուսիններից մեկի կողմից, ապա գրանցումը կատարելիս նրա մեջ լրացվում են այդ ամուսնուն վերաբերող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Երկրորդ ամուսնու վերաբերյալ նշվում են միայն նրա ազգանունը` մինչ ամուսնալուծվելը, անունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը և տարեթիվը:

Այդ դեպքում ամուսնալուծության վկայականի մեջ նշվում է այն ազգանունը, որը ամուսնալուծությունից հետո տրվել է միայն ամուսնալուծություն գրանցող ամուսնուն:

36. Ամուսնալուծության և ամուսնալուծությունից հետո մինչամուսնական ազգանունը կրելու համար պետական տուրքը պետք է վճարված լինի ամուսինների կամ նրանցից մեկի կողմից` օրենքով սահմանված կարգով և չափով:

 

IV. Ամուսնալուծության գրանցման վերաբերյալ ընդհանուր հարցեր

 

37. Ստանալով ամուսնալուծության մասին դիմումը, ՔԿԱԳ տարածքային բաժինը ստուգում է դիմողի անձը հաստատող փաստաթուղթ, դիմումին կցված փաստաթղթերի լրիվությունն ու ճշտությունը և գրանցում այդ դիմումը:

Ամուսնալուծության մասին դիմումին կից պետք է ներկայացվի նաև դիմում տվողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը: ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը հավաստիանալով պատճենի իսկության հարցում պարտավոր է այն վավերացնել իր ստորագրությամբ և կնիքով:

Դիմողի անձը հաստատող փաստաթղթեր են համարվում` անձնագիրը (անձնագիրը փոխարինող փաստաթուղթը), զինծառայողների զինվորական գրքույկը:

38. Ամուսնալուծության մասին դիմումը պետք է գրանցվի դիմումների հաշվառման հատուկ մատյանում, որում նշվում է դիմողի (դիմողների) ազգանունը, անունը, հայրանունը, դիմումն ընդունելու և ամուսնալուծության գրանցման համար նշանակված ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, իսկ հետագայում նաև նշվում է ամուսնալուծությունը գրանցելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և ակտի գրանցման համարը:

39. Եթե ամուսնալուծության մասին դիմումը տրվում է զինծառայողի ծառայության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին, ապա զինծառայողի բնակության վայր է համարվում համապատասխան զորամասի կամ հիմնարկի տեղաբաշխման կետը:

40. Առանց հաշվառման կամ ժամկետանց հաշվառմամբ ապրող քաղաքացիների ամուսնալուծության մասին դիմումները չեն քննարկվում` բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքերի:

Այն դեպքերում, երբ նախկին բնակավայրից ամուսնալուծվողներից մեկի հաշվառումից դուրս գրվելու պահից անցել է մեկուկես ամսից ոչ ավելի ժամանակ ՔԿԱԳ տարածքային բաժինն ընդունում է դիմումը և սահմանված կարգով գրանցում ամուսնալուծությունը:

Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնալուծության գրանցումը կատարվում է ամուսնալուծվող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից, տրված տեղական ինքնակառավարման մարմինների, բնակշահագործման մարմինների, համատիրությունների ղեկավարների, թաղային լիազորների, այգեգործական ընկերությունների տնօրենների, ինչպես նաև ժամանակավոր բնակության վայրերի (հյուրանոց, հանգստյան տուն, առողջարան) տնօրինության կողմից:

41. Ամուսնալուծության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով, այսինքն` հեռակա կարգով, չի թույլատրվում: Սակայն, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ՔԿԱԳ տարածքային բաժնում ամուսնալուծությունն ամուսիններից մեկի կողմից արդեն գրանցված է եղել, ապա այդ ակտի գրանցումը մյուս ամուսնու վերաբերյալ պակասող տեղեկություններով լրացնելը` բացառիկ (ծանր հիվանդության, զինվորական ծառայության, երկարատև գործուղման մեջ գտնվելու, հեռավոր վայրերում բնակվելու պատճառով և այլն) դեպքերում, կարող է կատարվել ամուսնալուծության գրանցման վերաբերյալ մյուս ամուսնու լիազորագրով` հաստատված նոտարական կարգով` ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը) և պետական տուրքը վճարելու մասին անդորրագիրը ներկայացնելուց հետո:

42. Ամուսնալուծության գրանցումը պետք է կատարվի ՔԿԱԳ միայն մի տարածքային բաժնում: Յուրաքանչյուր ամուսնալուծության համար կազմվում է մեկ ակտի գրանցում: Ամուսնալուծության գրանցումը կազմվում է դիմողի փաստաթղթերին լրիվ համապատասխան: Ամուսնալուծության գրանցման 11-րդ սյունակը («Մինչև 18 տարեկան ընդհանուր երեխաների թիվը») լրացվում է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Դիմողի փաստաթղթերում նրա կրթության մասին տվյալները գրանցվում են դիմողի ներկայացրած տվյալներին համապատասխան:

43. Այն դեպքում, երբ ամուսնալուծությունից հետո ամուսինը ցանկանում է կրել իր մինչամուսնական ազգանունը, ՔԿԱԳ տարածքային բաժինը նրա անձնագրի առաջին էջում, զինծառայողի զինվորական գրքույկում նշում է կատարում այն մասին, որ փաստաթուղթը ենթակա է փոխանակման` ազգանվան փոխման կապակցությամբ: Այդ գրառումը վավերացվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով կամ համապատասխան դրոշմակով:

44. Այն դեպքում, երբ ամուսնալուծությունից հետո ամուսինը ցանկանում է կրել իր մինչամուսնական ազգանունը ամուսնալուծությունը գրանցելուց հետո ՔԿԱԳ տարածքային բաժինները պարտավոր են այդ մասին տեղյակ պահել իրենց գտնվելու վայրի ներքին գործերի մարմիններին:

45. Ամուսնալուծության կապակցությամբ զինապարտի կամ զորակոչիկի ազգանունը փոխվելու դեպքում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ տարածքային բաժինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին պետք է հայտնի զինվորական կոմիսարիատին, որտեղ զինվորական հաշվառման մեջ է գտնվում զինապարտը կամ զորակոչիկը:

46. Ամուսնալուծությունը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժինը պետք է տասնօրյա ժամկետում ամուսնալուծության մասին ծանուցում ուղարկի ամուսնության գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:

Այդպիսի ծանուցում ստանալով, ՔԿԱԳ տարածքային բաժինը պետք է տասնօրյա ժամկետում ամուսնության գրանցման «Նշումների համար» սյունակում գրանցում կատարի ամուսնալուծության մասին, նշի, թե երբ և որ ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից է գրանցվել ամուսնալուծությունը, ակտի գրանցման համար: Միաժամանակ գրանցման երեսի կազմի վերևում պետք է նշել` «Ամուսնությունը լուծվել է» որպեսզի հետագայում թույլ չտրվի սխալմամբ ամուսնության կրկնակի վկայական տալ:

 Այդպիսի նշում կատարելուց հետո ՔԿԱԳ տարածքային բաժինն ամուսնալուծության մասին ծանուցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվ, որտեղ գտնվում է ամուսնության գրանցման երկրորդ օրինակը և որը, ինչպես ՔԿԱԳ տարածքային բաժինը, նույն կարգով նշում է կատարում երկրորդ օրինակում:

47. Եթե ամուսնալուծությունը ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից գրանցվել է, որի մասին նշում կա ամուսնության գրանցման մեջ, ապա ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք չունի ամուսնության կրկնակի վկայականներ տալու: Անհրաժեշտության դեպքում, մասնավորապես` նախկին ամուսնու կողմից իր մինչամուսնական ազգանունը հաստատելու համար, ՔԿԱԳ տարածքային բաժինը` դիմողի հարցումով, տեղեկանք է ուղարկում, ինչը հաստատում է, որ տվյալ անձը գտնվել է ամուսնության մեջ, որը հետագայում լուծվել է: Տեղեկանքում պետք է նշվեն երկու ամուսինների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ամուսնությունից հետո նրանց տրված ազգանունը, ամուսնության գրանցման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ամուսնությունը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժինը, ամուսնության գրանցման համարը, ինչպես նաև տվյալ ամուսնալուծության գրանցման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ամուսնալուծությունը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժինը, ամուսնալուծության գրանցման համարը և ամուսինների ազգանունը` ամուսնալուծվելուց հետո:

48. Ամուսնալուծության մասին դատարանի վճիռը բեկանվելու դեպքում, երբ ամուսնալուծությունն արդեն գրանցվել է ՔԿԱԳ տարածքային բաժնում, ամուսնալուծության գրանցումը կարող է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա չեղյալ համարվել: Գրանցումը չեղյալ համարվելու մասին նշում է կատարվում ամուսնալուծության գրանցման «Նշումների համար» սյունակում, ընդ որում, նշվում է, երբ և որ դատարանի կողմից է կայացվել վճիռը:

Միաժամանակ ամուսնալուծության գրանցման երեսի կողմի վերևի մասում նշվում է` «Գրանցումը չեղյալ է համարվել» , իսկ գրանցումն անկյունագծով ջնջվում է:

Նույն կարգով կատարվում է նաև դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ամուսնալուծության գրանցումների չեղյալ համարումն այլ դեպքերում:

Ամուսնալուծության գրանցումը չեղյալ համարելու մասին հայտնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվ, որն այդ նույն կարգով նշում է կատարում ակտի գրանցման երկրորդ օրինակում: Ամուսնալուծության գրանցումը չեղյալ համարելու դեպքում ամուսնության գրանցման ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ օրինակում նշումներ են կատարվում ամուսնալուծության գրանցումը չեղյալ համարելու մասին («Նշումների համար» սյունակում) նաև գրանցման երեսի կողմի վերևի մասում:

49. Ամուսնալուծության վկայականի կրկնօրինակներ կարող են տրվել նաև սահմանված կարգով վավերացված լիազորագիր ունեցող անձանց:

50. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերում ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից ամուսնալուծության գրանցման մասին կատարվում է համապատասխան նշումներ:

 

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
1999 թվականի օգոստոսի 9-ի
N 1270 հրամանով

 

ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Հայրության որոշման գրանցման ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ճիշտ կիրառման, ինչպես նաև միասնական պրակտիկայի ապահովման նպատակով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժինները պետք է ղեկավարվեն հետևյալով.

1. Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 52 հոդվածին համապատասխան, երեխայի սերումը` միմյանց հետ ամուսնության մեջ գտնվող ծնողներից, հաստատվում է ծնողների ամուսնության մասին գրանցումով:

Երեխայի սերումը` ամուսնության մեջ չգտնվող ծնողներից, հաստատվում է երեխայի հոր և մոր կողմից համատեղ դիմում տալու միջոցով, իսկ մոր մահվան, նրան անգործունակ ճանաչելու, մորը ծնողական իրավունքներից զրկելու կամ նրա բնակության վայրը պարզելու անհնարինության դեպքում` հոր դիմումով:

Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե բացակայում է ծնողների համատեղ դիմումը, հայրությունը որոշվում է դատական կարգով` երեխայի ծնողներից մեկի կամ խնամակալի (հոգաբարձուի), չափահաս դարձած երեխայի, ինչպես նաև այն անձանց դիմումով, որոնց խնամքի տակ գտնվում է երեխան:

2. Հայրության որոշման մասին դիմումը տրվում է ՔԿԱԳ տարածքային բաժնին:

 

I. Հայրության որոշման գրանցումը երեխայի հոր եվ մոր համատեղ դիմումի հիման վրա

 

3. Հայրության որոշման մասին ծնողների համատեղ դիմումը տրվում է նրանցից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնին: Այն դեպքում, երբ համատեղ դիմում տալը դժվար է երեխայի հոր և մոր կողմից ՔԿԱԳ տարածքային բաժնին կարող են տրվել առանձին դիմումներ:

4. Եթե ծնողներից մեկը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ ՔԿԱԳ տարածքային բաժին` հայրության որոշման գրանցման համար (բնակության վայրի հեռավորության, հիվանդության, զինվորական ծառայության, երկարատև գործուղման կապակցությամբ և այլն), ապա դիմումի տակ դրված բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի այդ անձի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով: Ընդ որում, ստուգվում է քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը` նրանում եղած տեղեկությունները համեմատվում են դիմումում նշվածների հետ:

Բացի դրանից, բացակայող անձի ստորագրությունը կարող է վավերացվել հետևյալ կարգով`

- օտարերկրյա պետությունում գտնվող (երկարատև գործուղում և այլն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինը` Հայաստանի Հանրապետության դեսպանի կամ հյուպատոսի կողմից.

- զինծառայողներինը` համապատասխան զորամասի հրամանատարի կողմից.

- Հայաստանի Հանրապետության դրոշի տակ նավարկող ծովային նավերի վրա գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինը` այդ նավերի նավապետերի կողմից:

Ստորագրության իսկությունը կարող է վավերացվել նաև նոտարական կարգով:

Վերոհիշյալ կարգով վավերացված դիմումը դիմողն ուղարկում է հայրության որոշման գրանցման վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:

Այդպիսի դեպքերում, հայրության որոշման գրանցման 19-րդ` «Նշումների համար» , սյունակում նշվում է` երբ և ում կողմից է հաստատված ստորագրությունը:

5. Չի թույլատրվում հայրության որոշման գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով:

6. Այն դեպքում, երբ երեխայի ծննդից հետո հայրության որոշման մասին ծնողների դիմում տալը կարող է անհնար կամ դժվար լինել (ծնողներից մեկի ծանր հիվանդության, երկարատև գործուղման, մշտական բնակության վայր տեղափոխվելու և այլ պատճառով), թույլատրվում է նրանցից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնին նրանց համատեղ (կամ առանձին) նախնական դիմում տալը` դեռևս չծնված երեխայի վերաբերյալ` մոր հղիության ժամանակ, որը հաստատված է բժշկական տեղեկանքով: Այդպիսի դիմումը գրանցվում է դիմումների հաշվառման մատյանում և պահվում է ընդհանուր կարգով: Երեխայի ծնվելուց հետո հայրության որոշման մասին ծնողների կողմից նոր դիմում տալ չի պահանջվում` այդ դեպքում երեխայի հայրության որոշման գրանցումը ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից կատարվում է ծննդի գրանցման հետ միաժամանակ, եթե նախապես տրված դիմումը հետագայում, ծնողների կամ նրանցից մեկի կողմից հետ չվերցվի: Հետ վերցված դիմումը մնում է ՔԿԱԳ տարածքային բաժնում, որի վրա ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից նշում է կատարվում` «Դիմումը կորցրել է իր ուժը» , որը հաստատվում է այդ դիմումը հետ պահանջած ծնողի (ծնողների) ստորագրությամբ կամ նրա գրավոր դիմումով, որի տակ դրված ստորագրությունը հաստատվում է սույն հրահանգչական ցուցումների 4-րդ կետով սահմանված կարգով:

Եթե երեխայի հոր կամ մոր բնակության վայրի փոխման պատճառով ծննդի և հայրության որոշման գրանցումները կատարվում են ՔԿԱԳ այլ տարածքային բաժնում, ապա նրա հարցումով ՔԿԱԳ տարածքային բաժինը, որտեղ պահվում է նախապես տրված դիմումը, այն ուղարկում է ըստ նշանակության:

7. Հայրության որոշման մասին ծնողների դիմումին պետք է կցված լինի երեխայի ծննդյան վկայականը և ծննդի գրանցման պատճենը: Եթե հայրության որոշման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի գրանցման հետ միաժամանակ, ապա ծննդյան վկայականը չի կցվում:

8. Հայրության որոշման գրանցումը ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից կատարվում է երկու ծնողների ներկայությամբ, բացառությամբ սույն հրահանգչական ցուցումների 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի` դիմում տալու օրը:

 

II. Հայրության որոշման գրանցումը երեխայի հոր դիմումի հիման վրա

 

9. Հոր դիմումի հիման վրա երեխայի հայրության որոշման գրանցումը կատարվում է`

- մոր մահվան, մորը մահացած ճանաչելու.

- մորն անգործունակ ճանաչելու.

- մորը ծնողական իրավունքներից զրկելու.

- մոր բնակության վայրը պարզելու անհնարինության դեպքերում:

10. Հայրության որոշման գրանցումը կատարվում է իրեն երեխայի հայր համարող անձի գրավոր դիմումով, պահպանելով սույն հրահանգչական ցուցումների 21-րդ կետի պահանջները:

Եթե երեխայի խնամակալ (հոգաբարձու) է նշանակված, ապա դիմումի մեջ նշվում է նրա ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը:

11. Դիմումին պետք է կցված լինեն հետևյալ փաստաթղթերը`

- եթե երեխայի ծնունդը նախկինում գրանցված է եղել` նրա ծննդյան վկայականը.

- մոր մահվան կամ մորը մահացած ճանաչելու դեպքում` մահվան վկայականը կամ մորը մահացած ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը.

- մորն անգործունակ ճանաչելու կամ մորը ծնողական իրավունքներից զրկելու դեպքերում` դատարանի օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճռի պատճենը.

- մոր բնակության վայրը պարզելու անհնարինության դեպքում` մորն անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ ներքին գործերի մարմինների տեղեկանքը կամ նրա վերջին բնակության վայրից տեղեկանքը, որից երևում է, որ մայրը հեռացել է առանց նոր հասցեն նշելու: Անհրաժեշտության դեպքում դիմողի խնդրանքով և ՔԿԱԳ տարածքային բաժնի նախաձեռնությամբ, կարող են հարցումներ (գրավոր, հեռագրային) ուղարկվել նրա գտնվելու ենթադրյալ բնակության վայր: Նշված միջոցառումները պետք է ձեռնարկվեն մեկ ամիսը չգերազանցող ժամկետում:

Հայրության որոշման գրանցման 19-րդ սյունակում նշվում է մոր մահը (մահացած ճանաչելու), նրան անգործունակ ճանաչելը, ծնողական իրավունքներից զրկած լինելը կամ նրա բնակության վայրը պարզելու անհնարինությունը հաստատող` դիմումին կից ներկայացված փաստաթուղթը:

Բացի այդ, դիմումին կցվում է տեղեկանք` երեխայի բնակության վայրից, որում պետք է նշված լինի, թե որտեղ և ում հետ է ապրում երեխան: Այս դեպքում հայրության որոշումը գրանցվում է համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում:

Նշված դեպքերում, հայրության որոշման գրանցումից հետո, այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացվում է երեխայի խնամակալին (հոգաբարձուին), իսկ եթե խնամակալ (հոգաբարձու) չի նշանակված, ապա երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմիններին:

 

III. Հայրության որոշման գրանցումը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա

 

12. Հայրության որոշման գրանցումը կատարվում է հայրության որոշման մասին, ինչպես նաև հայրության փաստի որոշման և հայրության ընդունման փաստի հաստատման մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

13. Դիմումին կցվում են դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը, երեխայի ծննդյան վկայականը և ծննդի գրանցման պատճենը:

14. Դատարանի վճռի հիման վրա հայրության որոշման մասին դիմումով ՔԿԱԳ տարածքային բաժին կարող են դիմել սույն հրահանգչական ցուցումների 1-ին կետի երրորդ պարբերությամբ սահմանված կարգով:

15. Հայրության որոշման գրանցման ժամանակ հոր մասին տեղեկությունները նշվում են դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռին համապատասխան:

Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռում հոր ազգության մասին տեղեկությունների բացակայության դեպքում հայրության որոշման գրանցման 12-րդ` «Ազգությունը», սյունակը լրացվում է երեխայի ծննդի գրանցման 15-րդ սյունակին համապատասխան, որի մասին նշում է կատարվում հայրության որոշման գրանցման 19-րդ սյունակում: Հոր մշտական բնակության վայրը նշվում է դիմողի բանավոր հայտարարությամբ:

Հետագայում երեխայի հոր ազգության մասին գրանցման փոխումը հնարավոր է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոխելու, լրացնելու և ուղղելու կանոններով սահմանված կարգով:

 

IV. Հայրության որոշման գրանցման վերաբերյալ ընդհանուր հարցեր

 

16. Հայրության որոշման մասին դիմումը, դիմողների ընտրությամբ, տրվում է երեխայի ծնողներից մեկի բնակության վայրի կամ երեխայի ծննդի գրանցման վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին, իսկ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հայրության որոշման դեպքում` նաև դատարանի վճռի կայացման վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:

Ծնողներից մեկի հաշվառման բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ հայրության որոշման դիմումի ընդունման և գրանցման մերժման համար:

17. Հայրության որոշման մասին դիմումը պետք է կազմված լինի սահմանված ձևի բլանկի վրա: Բլանկի պարունակած բոլոր հարցերին պետք է տրվեն լրիվ և ճիշտ պատասխաններ: Դիմումը լրացվում է հստակ և ընթեռնելի ձեռագրով, այն ստորագրվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի այն աշխատողի ներկայությամբ, որը նրա մեջ նշված տեղեկությունները համեմատում է դիմողների անձը հաստատող փաստաթղթերի հետ:

Հայրության որոշման մասին դիմումին կից պետք է ներկայացվի նաև դիմում տվողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը: ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը հավաստիանալով պատճենի իսկության հարցում պարտավոր է այն վավերացնել իր ստորագրությամբ և կնիքով:

Դիմողի անձը հաստատող փաստաթղթեր են համարվում` անձնագիրը (անձնագիրը փոխարինող փաստաթուղթը), զինծառայողների զինվորական գրքույկը:

Յուրաքանչյուր դիմում` նրա ստացման օրը, պետք է գրանցվի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից` դիմումների հաշվառման հատուկ մատյանում:

18. Այն անձանց նկատմամբ հայրության որոշման գրանցումը, ովքեր դիմում տալու օրը չափահաս են դարձել, կարող է կատարվել միայն նրանց համաձայնությամբ: Այդ դեպքում ծնողների դիմումին անպայման պետք է կցված լինի չափահաս անձի համաձայնությունը: Այդպիսի համաձայնությունը կարող է արտահայտված լինել այդ անձի առանձին դիմումում կամ ծնողների (հոր դիմումի) համատեղ դիմումի տակ դրված նրա ստորագրությամբ: Միաժամանակ չափահասը նշում է` ընդունում է արդյոք նա հոր ազգանունը, թե ցանկանում է մնալ մոր ազգանունով: Այդ մասին համապատասխան նշում է կատարվում հայրության որոշման գրանցման 19-րդ սյունակում:

19. Հայրության որոշման գրանցումը կատարվում է անկախ այն բանից, թե երեխայի հայրը ամուսնության մեջ է, թե ոչ, այդ իսկ պատճառով հայրության որոշման գրանցման վերաբերյալ նրա կնոջ համաձայնությունը չի պահանջվում:

20. ՔԿԱԳ տարածքային բաժինը հայրության որոշման մասին դիմում ընդունելուց, եթե երեխայի ծննդի գրանցման մեջ որպես հայր նշված է որոշակի անձ, պարտավոր է երեխայի ծննդի գրանցման հիման վրա ստուգել հոր մասին նախկինում նշված տեղեկությունների հիմքերը:

Այդպիսի ստուգումը պարտադիր կարգով կատարվում է, եթե`

- մայրը, որի երեխայի նկատմամբ որոշվում է հայրությունը, գտնվում է գրանցված ամուսնության մեջ.

- մայրը գրանցված ամուսնության մեջ չի գտնվում, իսկ երեխայի ծննդյան վկայականում նշված է երեխայի հայրը, որի ազգանունը սակայն չի համապատասխանում մոր ազգանվանը:

Եթե ծննդի գրանցումը գտնվում է ՔԿԱԳ այլ տարածքային բաժնում, ապա նշված տեղեկությունները ճշտելու և դիմումին կցելու համար եռօրյա ժամկետում պետք է պահանջվի դրա պատճենը: Այդ դեպքում դիմումը ընդհանուր կարգով` նրա ստացման օրը, գրանցվում է մատյանում, իսկ հայրության որոշումը կատարվում է դիմողների (դիմողի) ներկայությամբ` ծննդի գրանցման պատճենը ստանալուց անմիջապես հետո: Ծննդի գրանցման պատճենը պահանջելու մասին հաղորդվում է դիմողներին (դիմողին) և դրա ստացման ռեալ հնարավորությունները հաշվի առնելով, նշանակվում է հայրության որոշման գրանցման օրը:

Այն դեպքում, երբ երեխայի ծննդի գրանցման մեջ որպես հայր նշված է դիմող կնոջ ամուսինը կամ այլ անձ, հայրության որոշման գրանցումը պետք է մերժվի, մինչև դատարանի կողմից կորոշվի երեխայի ծննդի գրանցումից հոր մասին տեղեկությունները հանելու հարցը:

21. Չի թույլատրվում հայրությունը որոշել այն անձի դիմումով, որը դատական կարգով անգործունակ է ճանաչվել, ինչպես նաև այդ անգործունակ անձի խնամակալի դիմումով:

22. Եթե երեխային ծննդի գրանցումը կորել է, ապա հայրության որոշման գրանցումը հնարավոր է միայն սահմանված կարգով նրա վերականգնումից հետո:

23. Ծննդի և հայրության որոշման միաժամանակյա գրանցման դեպքում ծննդի մասին և հայրության որոշման մասին պարտադիր կարգով կազմվում են առանձին գրանցումներ: Այդ դեպքում ծննդի գրանցման մեջ երեխայի ազգանունը նշվում է մոր ազգանունով, իսկ նրա հայրանունը և հոր մասին տեղեկությունները` հայրության որոշման մասին ծնողների համատեղ դիմումի (հոր դիմումի) համաձայն: Իսկ եթե ծնողները (հայրը) ցանկանում են երեխային կոչել հոր ազգանունով, ապա այն ուղղվում է հայրության որոշման գրանցման հիման վրա:

24. Ծնողների համատեղ դիմումով հայրության որոշման գրանցման դեպքում երեխայի ազգանունը որոշվում է ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի ցուցումով:

Հոր դիմումով հայրության որոշման գրանցման դեպքում երեխայի ազգանունը որոշվում է հոր ցուցումով:

Այն մասին, թե ինչ ազգանուն պետք է կրի երեխան, պետք է նշված լինի հայրության որոշման մասին դիմումի մեջ:

Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հայրության որոշման գրանցման դեպքում երեխային շնորհվում է այն ազգանունը, որը նշված է վճռում, իսկ այդպիսի գրանցման բացակայության դեպքում` դիմողի ցուցումով: Այդ հարցով վեճ լինելու դեպքում ազգանունը գրանցվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ցուցումով:

Երեխայի հայրանունը, այդ թվում նաև չափահաս երեխաների նկատմամբ, փոխվում է հոր անվամբ:

Այն դեպքում, երբ երեխայի հայրանունը մոր ցուցումով է նախկինում նշվել նրա ծննդի գրանցման մեջ, բայց չի համապատասխանում այն անձի անվանը, որը որպես երեխայի հայր է որոշվել, ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք չունի հայրության որոշման գրանցումը և երեխայի հոր անվամբ հայրանունը շնորհելը մերժելու և այդ հարցի վերաբերյալ ծնողներից բացատրություններ պահանջելու:

25. Հայրության որոշման գրանցման ժամանակ սահմանված ձևով կազմվում է երկու օրինակից հայրության որոշման գրանցում: Հայրության որոշման վկայականը` ծնողների ցանկությամբ, տրվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից և նրանց խնդրանքով` յուրաքանչյուրին առանձին:

26. Հայրության որոշման գրանցման մեջ մոր մասին տեղեկությունները նշվում են երեխայի ծննդի գրանցման կամ ծննդյան վկայականի հիման վրա, այդ թվում և այն դեպքում, երբ մայրը հայրության որոշման գրանցումը ամուսնացել է և ընդունել ամուսնու ազգանունը: Այդ դեպքում հայրության որոշման գրանցման 19-րդ սյունակում նշվում է ամուսնության գրանցման վայրը, ակտի գրանցման համարը, ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ինչպես նաև մոր այն ազգանունը, որը ամուսնանալու կապակցությամբ շնորհվել է նրան:

Հայրության որոշման մասին ծնողների համատեղ դիմումում, որը տրվել է այն ժամանակ, երբ մայրը ամուսնանալուց հետո ընդունել է ամուսնու ազգանունը` մոր ազգանունը նշվում է անձը հաստատող փաստաթղթին համապատասխան, իսկ փակագծերում գրվում է` «(Մոր մինչամուսնական ազգանունը ____________)»:

27. Երեխայի ծննդի գրանցման մեջ մոր ազգանվան ուղղումն այն դեպքերում, երբ երեխայի ծնողները ամուսնացել են մինչև հայրության որոշումը կամ հայրությունը որոշելուց հետո և ամուսնության ժամանակ մայրն ընդունել է ամուսնու ազգանունը, կատարվում է առանց եզրակացություն կազմելու: Ուղղում կատարելու համար հիմք է հանդիսանում ամուսնության գրանցումը:

28. Եթե երեխայի ծնողները ամուսնացել են նրա ծնվելուց հետո, չի թույլատրվում երեխայի ծննդի գրանցման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնել` առանց հայրության որոշման գրանցման:

29. Հայրության որոշման գրանցման հիման վրա ՔԿԱԳ տարածքային բաժինը հենց նույն օրը տեղեկություններ է լրացնում հոր մասին և դրա հետ կապված փոփոխություններ` երեխայի ծննդի գրանցման մեջ և տալիս է ծննդյան նոր վկայական: Այս դեպքում ծննդյան նախկին վկայականը սահմանված կարգով չեղյալ է համարվում:

Եթե երեխայի ծննդի գրանցումը գտնվում է այլ վայրում, ապա ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից տասնօրյա ժամկետում այդ գրանցման առաջին օրինակի գտնվելու վայր ծանուցագիր է ուղարկվում հայրության որոշման գրանցման կապակցությամբ գրանցման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու և ծննդյան նոր վկայական ուղարկելու համար:

Ստացված ծանուցագրի հիման վրա ՔԿԱԳ տարածքային բաժինը տասնօրյա ժամկետում համապատասխան ուղղում է կատարում ծննդի գրանցման մեջ և ուղարկում ծննդյան նոր վկայական: Միաժամանակ նա ծանուցագիր է ուղարկում ծննդի գրանցման երկրորդ օրինակի մեջ նույն փոփոխությունները կատարելու համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվ:

30. Հայրության որոշման գրանցման կապակցությամբ զինապարտների կամ զորակոչիկների ազգանվան կամ հայրանվան փոխման դեպքում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ տարածքային բաժինը մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է այդ մասին հայտնել զինվորական կոմիսարիատին, որտեղ զինապարտը կամ զորակոչիկը գտնվում է հաշվառման մեջ:

31. Անչափահաս երեխաների նկատմամբ հայրության որոշման գրանցման մասին հաղորդվում է երեխայի մոր բնակության վայրի սոցիալական ապահովության բաժնին:

32. Հայրության որոշման գրանցման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

33. Հայրության որոշման մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի բեկանման դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից հայրության որոշման գրանցումը չեղյալ է համարվում: Հայրության որոշման մասին դատարանի նախկին վճռի բեկանման վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, ինչպես նաև հայրության որոշման գրանցումը չեղյալ համարելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը ստանալու դեպքում, գրանցումն անվավեր ճանաչելու մասին ՔԿԱԳ տարածքային բաժինը նրա վրա անկյունագծային ջնջում է կատարում: Ընդ որում, գրանցման առաջին երեսի վրա` վերևի մասում, նշվում է` «Գրանցումը չեղյալ է համարված» և գրանցման 19-րդ սյունակում նշում է կատարվում` որտեղ և որ դատարանի կողմից է վճիռ կայացվել:

Հայրության որոշման գրանցումը չեղյալ համարելու մասին հաղորդվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվին, որը նույն կարգով չեղյալ է համարում այդ գրանցման երկրորդ օրինակը: Հայրության որոշման գրանցման չեղյալ համարելու մասին տասնօրյա ժամկետում հաղորդվում է երեխայի ծննդի գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին, որը նույն ժամկետում պարտավոր է համապատասխան նշում կատարել ակտի գրանցման մեջ` վերականգնելով նախկին տեղեկությունները (փոխվում է երեխայի ազգանունը, եթե այն փոխվել է հայրության որոշման կապակցությամբ, ինչպես նաև նրա հայրանունը և հոր մասին տեղեկությունները):

Կատարված նշումների մասին հաղորդվում է ծննդի գրանցման երկրորդ օրինակի գտնվելու վայրի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվ:

Հայրության որոշման գրանցումը չեղյալ համարելու դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժինը երեխայի մորը նպաստ ստանալու համար տալիս է համապատասխան տեղեկանք` սոցիալական ապահովության բաժին ներկայացնելու համար: Հայրության որոշման գրանցումը չեղյալ համարելու դեպքում այն անձին, ով նախկինում գրանցվել է որպես երեխայի հայր, այդ երեխայի ծննդյան կրկնակի վկայականներ չեն տրվում:

34. Հայրության որոշման վկայականի կրկնօրինակներ կարող են տրվել նաև սահմանված կարգով վավերացված լիազորագիր ունեցող անձանց:

 

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
1999 թվականի օգոստոսի 9-ի
N 1270 հրամանով

 

ՈՐԴԵԳՐՄԱՆ (ԴՍՏԵՐԱԳՐՄԱՆ) ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Որդեգրման (դստերագրման) գրանցման ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ճիշտ կիրառման, ինչպես նաև միասնական պրակտիկայի ապահովման նպատակով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժինները պետք է ղեկավարվեն հետևյալով.

1. Որդեգրումը (դստերագրումը)` այսուհետ` որդեգրումը ենթակա է պարտադիր գրանցման ՔԿԱԳ տարածքային բաժնում` որդեգրման մասին համայնքի ղեկավարի որոշման և ըստ այդ որոշումը կայացնելու վայրի, որդեգրողների կամ նրանցից մեկի համատեղ դիմումի հիման վրա:

Որդեգրման գրանցման մասին դիմումը պետք է տրվի գրավոր:

Որդեգրման գրանցումը կատարվում է նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի հաղորդմամբ: Ստանալով որդեգրման մասին որոշման պատճենը (խնամակալության և հոգաբարձության մարմնի ուղեկցական նամակով կամ առանց դրա) ՔԿԱԳ տարածքային բաժինը պարզում է` չի կատարվել արդյոք այդ երեխայի նկատմամբ որդեգրման գրանցում:

Եթե նախկինում որդեգրման գրանցումը չի կատարվել, ապա որդեգրման մասին որոշման պատճենը ստանալու պահից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ՔԿԱԳ տարածքային բաժինը գրանցում է որդեգրումը:

Որդեգրման գրանցման 19-րդ սյունակում կատարվում է նշում` «Գրանցումը կատարված է խնամակալության և հոգաբարձության մարմնի հաղորդմամբ», իսկ եթե որդեգրման մասին որոշման պատճենը ստացվել է ուղեկցական նամակով, ապա նշվում է նաև այդ նամակի համարը, ամիսը, ամսաթիվը և տարեթիվը:

2. Առանձին դեպքերում որդեգրումը կարող է գրանցվել` երեխայի ծնողի դիմումի համաձայն, երբ համայնքի ղեկավարի որոշմամբ երեխայի նկատմամբ պահպանվում են նրա իրավունքներն ու պարտականությունները և իր չափահաս դարձած երեխայի դիմումի համաձայն, եթե որդեգրումը նախկինում գրանցված չի եղել: Այդպիսի դեպքերում դիմողը պետք է ստորագրի որդեգրման գրանցման 19-րդ սյունակում, որտեղ նշվում է նաև դիմողի ազգանունը, անունը, հայրանունը, ում կողմից և երբ է տրված նրա անձը հաստատող փաստաթուղթը:

3. Որդեգրման գրանցման մասին քաղաքացիներից ստացված դիմումները և խնամակալության ու հոգաբարձության մարմիններից ստացված հաղորդումները, ինչպես նաև նրանց կցված որդեգրման մասին որոշումները ՔԿԱԳ տարածքային բաժինը գրանցում է հատուկ մատյանում:

4. Որդեգրման գրանցման մասին դիմումին կից պետք է ներկայացվի նաև դիմում տվողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը: ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը հավաստիանալով պատճենի իսկության հարցում պարտավոր է այն վավերացնել իր ստորագրությամբ և կնիքով:

Դիմողի անձը հաստատող փաստաթղթեր են համարվում` անձնագիրը (անձնագիրը փոխարինող փաստաթուղթը), զինծառայողի զինվորական գրքույկը:

5. Որդեգրումը գրանցելիս դիմողները պետք է ներկայացնեն որդեգրման մասին համայնքի ղեկավարի որոշման պատճենը` հաստատված պաշտոնատար անձի ստորագրությամբ և կնիքով, ինչպես նաև որդեգրվող երեխայի ծննդյան վկայականը: Եթե որդեգրման մասին որոշման պատճենն արդեն իսկ ստացվել է խնամակալության և հոգաբարձության մարմնից, ապա այն չպետք է պահանջել դիմողից:

6. Որդեգրվող երեխայի ծննդի գրանցման կորստյան դեպքում որդեգրման գրանցումը կարող է կատարվել սահմանված կարգով այն վերականգնելուց հետո միայն:

Կորցված գրանցումը վերականգնելու մասին ՔԿԱԳ տարածքային բաժին դիմում կարող են ներկայացնել երեխային որդեգրող անձինք, ծնողը` եթե համայնքի ղեկավարի որոշմամբ երեխայի նկատմամբ պահպանվել են նրա իրավունքներն ու պարտականությունները, խնամակալության և հոգաբարձության մարմինը, 16 տարին լրացած որդեգրվողը, ինչպես նաև այն անձինք և հիմնարկները, որոնց դաստիարակության տակ է գտնվում երեխան:

7. ՔԿԱԳ տարածքային բաժինը պարտավոր է գրանցել որդեգրումն անկախ այն ժամկետից, որն անցել է որդեգրման մասին որոշումն ընդունելուց հետո և անկախ այն տարիքից, որին հասել է որդեգրվողը գրանցման պահին:

8. Որդեգրումը գրանցելիս սահմանված ձևով կազմվում է որդեգրման գրանցում` երկու օրինակից:

Որդեգրման վկայականը ՔԿԱԳ տարածքային բաժինը տալիս է ըստ որդեգրողների ցանկության: Եթե նրանք հրաժարվում են որդեգրման վկայականը ստանալուց, ապա որդեգրման գրանցման 19-րդ սյունակում համապատասխան նշում է կատարվում:

9. Որդեգրման գրանցումը կազմվում է հետևյալ կարգով.

9.1. Որդեգրման գրանցման 1-5-րդ սյունակներում որդեգրվողի վերաբերյալ տվյալները` «Մինչ որդեգրումը» հատվածում նշվում են երեխայի ծննդյան վկայականի հիման վրա, իսկ «Որդեգրումից հետո» հատվածում` որդեգրման մասին որոշմանը ճիշտ համապատասխան:

9.2. Որդեգրման գրանցման 6-9-րդ սյունակներում հոր և մոր վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են երեխայի ծննդյան վկայականի հիման վրա:

Եթե երեխայի մայրը մինչև որդեգրման գրանցումն ամուսնացել է որդեգրողի հետ և ընդունել է նրա ազգանունը, ապա որդեգրման գրանցման 6-րդ սյունակում նշվում է մոր մինչամուսնական ազգանունը, իսկ որդեգրման գրանցման 19-րդ սյունակում` ամուսնության գրանցման տեղն ու ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ակտի գրանցման համարը, ինչպես նաև մոր ազգանունը` ամուսնության գրանցումից հետո:

9.3. Որդեգրման գրանցման 10-14-րդ սյունակներում որդեգրողների վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են որդեգրման մասին համայնքի ղեկավարի որոշման և որդեգրողների անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա:

Այն դեպքերում, երբ որդեգրման մասին որոշման մեջ նշված չէ որդեգրողների ազգությունը և որդեգրողների անձը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել (եթե դիմողները սույն հրահանգչական ցուցումների 2-րդ կետում նշված անձինք են կամ խնամակալության և հոգաբարձության մարմինն է), ապա որդեգրման գրանցման 13-րդ սյունակը չի լրացվում: Հետագայում այդ սյունակը կարող է լրացվել ՔԿԱԳ տարածքային բաժինը որդեգրողների կողմից իրենց անձը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում` քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոխելու, լրացնելու և ուղղելու կանոններին համապատասխան:

Որդեգրողներն իրենց ստորագրությունները դնում են որդեգրման գրանցման 17-րդ սյունակում` յուրաքանչյուրն իր հատվածում:

9.4. Եթե որդեգրվողի վերաբերյալ տեղեկությունները, որոնք նշված են որդեգրման մասին որոշման մեջ, չեն համապատասխանում ծննդյան վկայականում եղած նույնպիսի տեղեկություններին կամ որդեգրողների անձը հաստատող փաստաթղթերի տեղեկությունները չեն համապատասխանում նրան, ինչ գրված է որդեգրման մասին որոշման մեջ, ապա որդեգրման գրանցումը հետաձգվում է:

Պետք է առաջարկել որդեգրողներին դիմելու համապատասխան համայնքի ղեկավարին` ճշտելու որոշման մեջ եղած այդ տեղեկությունները:

9.5. Եթե որդեգրողը հանդիսանում է միայն տղամարդը (կինը), ապա համապատասխանաբար լրացվում է որդեգրման գրանցման մի կողմը (10-14-րդ սյունակները), երկրորդ կողմը մնում է չլրացված:

9.6. Որդեգրման գրանցման 15-րդ սյունակում («Գրանցվում են արդյոք որդեգրողները որպես երեխայի ծնողներ») որոշմանը համապատասխան նշվում է` «Այո» կամ «Ոչ»:

10. ՔԿԱԳ տարածքային բաժինը որդեգրման գրանցման հիման վրա նույն օրը փոփոխություն է կատարում երեխայի ծննդի գրանցման մեջ, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվ հաղորդում ուղարկում որդեգրվողի ծննդի գրանցման երկրորդ օրինակում նույնպիսի փոփոխություններ կատարելու մասին: Հաղորդման մեջ հստակ կերպով նշվում է կոնկրետ ինչպիսի (որդեգրման մասին որոշմանը համապատասխան) փոփոխություններ պետք է կատարվեն ծննդի գրանցման մեջ: Որդեգրողներին տրվում է որդեգրվողի ծննդյան նոր վկայական, իսկ նախկին վկայականը չեղյալ է համարվում սահմանված կարգով:

11. Այն դեպքում, երբ ծննդի գրանցումը գտնվում է այլ վայրում, ապա այդ գրանցման առաջին օրինակը գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին մեկամսյա ժամկետում պետք է հաղորդում ուղարկել որդեգրման գրանցման կապակցությամբ նրանում փոփոխություն կատարելու անհրաժեշտության և որդեգրողի ծննդյան նոր վկայական ուղարկելու մասին:

Ստանալով հաղորդումը ՔԿԱԳ տարածքային բաժինը պետք է տասնօրյա ժամկետում ծննդի գրանցման մեջ կատարի անհրաժեշտ փոփոխություններ և ուղարկի ծննդյան նոր վկայականը` որդեգրողին հանձնելու համար: ՔԿԱԳ այդ տարածքային բաժինը միաժամանակ հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվ` ծննդի գրանցման երկրորդ օրինակում նույնպիսի փոփոխություններ կատարելու համար:

12. Որդեգրման գրանցմանը համապատասխան` երեխայի ծննդի գրանցման մեջ փոփոխություն կատարելիս (այսինքն` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդավայրը, ծնողների մասին տեղեկությունները փոխելիս) որպես այդպիսի փոխման հիմք 23-րդ սյունակում նշվում է որդեգրման գրանցումը (որդեգրումը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժինը, ակտի գրանցման համարը, ամիսը, ամսաթիվը և տարեթիվը):

Փոխման ենթակա տեղեկությունները ջնջվում են նրանց վրա գիծ քաշելով, իսկ վերևում գրվում է նորը: Դա կատարվում է այնպես, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կարդալ ջնջված բառերը:

13. Որդեգրման մասին որոշմամբ ծննդավայրը փոխելու դեպքում որդեգրողների խնդրանքով որդեգրման որոշման մեջ նշված ծննդավայրի ՔԿԱԳ տարածքային բաժնում կազմվում է երեխայի ծննդի նոր գրանցում:

Այդպիսի խնդրանքով որդեգրողները դիմում են որդեգրումը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժին, որը ծանուցում է ուղարկում ՔԿԱԳ տարածքային այն բաժին, որտեղ որոշմանը համապատասխան պետք է կազմվի ծննդի նոր գրանցում:

Այդ գրանցումը կազմվում է ընթացիկ տարվա ծննդի վերականգնման գրանցման գրքում, իսկ 13-րդ սյունակում որպես նրա կազմման հիմք նշվում են` որդեգրման մասին որոշումը (համայնքի ղեկավարի անունը, հայրանունը, ազգանունը, որոշման համարը, ամիսը, ամսաթիվը և տարեթիվը), ինչպես նաև որդեգրման գրանցումը (որդեգրումը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժինը, ակտի գրանցման համարը, ամիսը, ամսաթիվը և տարեթիվը):

Ծննդի նոր կազմված գրանցման 16-րդ սյունակում նշվում է ծննդի նախկին գրանցման վայրը, ակտի գրանցման համարը, ամիսը, ամսաթիվը և տարեթիվը:

Որդեգրված երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ինչպես նաև նրա ծնողների վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են որդեգրման մասին որոշմանը համապատասխան:

Ծննդի նոր գրանցում կազմելու դեպքում դիմողին, նրա խնդրանքով, տրվում է որդեգրվողի ծննդյան վկայական:

14. Որդեգրվողի նկատմամբ ծննդի նոր գրանցումը կազմելուց հետո ՔԿԱԳ տարածքային բաժինը պետք է տասնօրյա ժամկետում ծանուցում ուղարկի ինչպես ՔԿԱԳ տարածքային այն բաժին, որտեղ գտնվում է որդեգրման գրանցման առաջին օրինակը, այնպես էլ ծննդի նախկին գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:

Այդպիսի ծանուցում ստանալով, ՔԿԱԳ տարածքային բաժինը տասնօրյա ժամկետում պետք է համապատասխան փոփոխություններ կատարի վերը նշված ակտերի գրանցումներում, իսկ «Նշումների համար» սյունակում նշի ծննդի նոր գրանցում կազմելու վայրը, ակտի գրանցման համարը, ամիսը, ամսաթիվը և տարեթիվը: Բացի այդ, ծննդի նախկին գրանցման «Նշումների համար» սյունակում նշվում է որոշում ընդունած համայնքի ղեկավարի անունը, հայրանունը, ազգանունը, որոշման ամիսը, ամսաթիվը տարեթիվը և համարը:

Այդ գրանցումների երկրորդ օրինակների գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին ուղարկվում են ծանուցումներ` նրանցում նույնպիսի փոփոխություններ կատարելու համար:

15. Համայնքի ղեկավարի կողմից ի լրումն որդեգրման մասին ընդունած նախորդ որոշման, նոր լրացուցիչ որոշում ընդունելու դեպքում, ըստ որի օրենքին համապատասխան որդեգրողները պետք է գրվեն որպես որդեգրվողի ծնողներ կամ փոխվում են երեխայի ազգանունը, անունը, հայրանունը և ծննդավայրը, ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք չունի մերժելու որդեգրվողի որդեգրման և ծնունդների նախկինում կազմված գրանցումներում փոփոխություններ կատարելը:

Այդպիսի լրացուցիչ որոշում իրավասու է ընդունել միայն այն համայնքի ղեկավարը, որն ընդունել է որդեգրման մասին որոշումը:

Սույն կանոնը կիրառվում է նաև այն դեպքում, երբ որդեգրումը գրանցվում է արդեն որդեգրման մասին լրացուցիչ որոշում ընդունելուց հետո:

16. Եթե որդեգրման մասին որոշման մեջ չի նշվում որդեգրվողների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդավայրը փոխելու կամ ծնողների վերաբերյալ տեղեկությունների մասին, ՔԿԱԳ տարածքային բաժինը պետք է միայն կազմի որդեգրման գրանցում և որդեգրողին տա որդեգրման վկայական: Ընդ որում, որդեգրվողի ծննդի գրանցման մեջ նշում է կատարվում որդեգրումը գրանցելու մասին:

17. Այն դեպքում, երբ որդեգրման որոշման մեջ չի նշվում այն մասին, որ որդեգրողները ծնունդների գրանցման գրքում պետք է գրանցվեն որպես որդեգրվողի ծնողներ, ՔԿԱԳ տարածքային բաժինը ծննդյան վկայականի կրկնակի վկայական տալիս նշում է նրա փաստացի ծնողներին: Ընդ որում, նշանակություն չունի փոխվել են արդյոք երեխայի ազգանունը` որդեգրողի ազգանվամբ և հայրանունը` որդեգրողի անվամբ:

18. Եթե որպես որդեգրվածի ծնողներ որոշման համաձայն գրվում են որդեգրողները, սակայն որդեգրվողի ազգանունը և նրա հայրանունը չեն փոխվում, ապա երեխայի ծննդյան կրկնակի վկայական տալու դեպքում (չնայած երեխայի և ծնողների ազգանունների տարբերությանը և նրա հայրանվան անհամապատասխանությանը որդեգրողի անվանը) որպես ծնողներ նշվում են որդեգրողները:

19. Որդեգրման մասին որոշումը ՔԿԱԳ տարածքային բաժնում ստացվելու դեպքում որդեգրման գրանցումը պարտադիր է: Եթե որոշումից երևում է, որ այն ընդունվել է Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 111, 120 և 210 հոդվածների խախտումով (այսինքն, որդեգրման մասին որոշում ընդունելու պահին որդեգրվողի 18 տարին լրացել է, երեխայի ազգանունը և հայրանունը որոշվել են ոչ թե որդեգրողի, այլ մեկ ուրիշ անձի ազգանվամբ կամ որդեգրվողի ծննդավայրը որոշվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումով, որի տարածքում ընդունված է որդեգրման մասին որոշումը), որդեգրման գրանցումը կասեցվում է, իսկ որդեգրման մասին որոշման պատճենը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին այն բողոքարկելու համար:

ՔԿԱԳ տարածքային բաժինը պետք է նյութերն ուղարկի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին նաև այն դեպքում, եթե համայնքի ղեկավարը նոր որոշում է ընդունել անչափահասի որդեգրման մասին` առանց դատարանի կողմից վերացնելու այդ երեխայի մեկ այլ անձի կողմից որդեգրելու մասին նախկինում ընդունած որոշումը:

20. Այն դեպքում, երբ որդեգրողը հանդիսանում է միայն կինը (տղամարդը) և Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի, 125 հոդվածին համապատասխան որդեգրման մասին որոշման մեջ նշված է, որ երեխայի նկատմամբ պահպանվում են հոր (մոր) իրավունքներն ու պարտականությունները, ապա ծննդի գրանցման մեջ հոր (մոր) մասին տեղեկությունները փոխման ենթակա չեն:

Եթե չեն պահպանվում երեխայի հոր իրավունքներն ու պարտականությունները կամ ծննդի գրանցման մեջ բացակայում են հոր մասին տեղեկությունները, ապա կին որդեգրողի գրավոր դիմումի համաձայն հոր մասին տեղեկությունները ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից կարող են նշվել Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 57 հոդվածով նախատեսված կարգով, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոխելու, լրացնելու և ուղղելու կանոնների 3-րդ կետի «է» ենթակետով և 14-րդ կետով նախատեսված կարգով` առանց եզրակացություն կազմելու:

Այն դեպքում, երբ հոր մասին տեղեկությունները երեխայի ծննդի գրանցման մեջ նշված են Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 57 հոդվածով նախատեսված կարգով, ապա կին որդեգրողի դիմումի համաձայն, որը համայնքի ղեկավարի որոշմանը համապատասխան գրվում է որպես երեխայի մայր, այդ տեղեկությունները ՔԿԱԳ տարածքային բաժինը կարող է փոխել առանց եզրակացություն կազմելու, հոր ազգանունը գրվում է կին որդեգրողի ազգանվամբ, իսկ հոր անունը, հայրանունը և ազգությունը` նրա ցուցումով: Այդ կապակցությամբ փոխվում է նաև երեխայի հայրանունը:

Երբ երեխայի նկատմամբ չեն պահպանվում նրա մոր իրավունքներն ու պարտականությունները կամ մոր մասին տեղեկությունները երեխայի ծննդի գրանցման մեջ կատարվել են ծննդի գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումների 15-րդ կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված կարգով, այդ տեղեկությունները ՔԿԱԳ տարածքային բաժինը կարող է փոխել տղամարդ որդեգրողի գրավոր դիմումի համաձայն, որը որդեգրման որոշմանը համապատասխան գրվում է որպես երեխայի հայր: Այս դեպքերում մոր ազգանունը գրվում է տղամարդ որդեգրողի ազգանվամբ, իսկ նրա անունը, հայրանունը և ազգությունը` տղամարդ որդեգրողի ցուցումով: Փոփոխությունները կատարվում են առանց եզրակացություն կազմելու:

21. Նախազորակոչիկի որդեգրման կապակցությամբ նրա ազգանունը, անունը, հայրանունը, ինչպես նաև ծննդավայրը փոխելու դեպքում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ տարածքային բաժինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին պետք է հայտնի զինվորական կոմիսարիատ, որտեղ հաշվառման է վերցված նախազորակոչիկը:

22. Որդեգրումն անվավեր ճանաչելու, ինչպես նաև որդեգրումը վերացնելը կատարվում է միայն դատական կարգով: Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան որդեգրումն անվավեր ճանաչելու կամ որդեգրումը վերացնելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում այդպիսի վճռի պատճենը դատարանի կողմից ուղարկվում է այն ՔԿԱԳ տարածքային բաժին, որտեղ գրանցվել է որդեգրումը:

23. Որդեգրումն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը ՔԿԱԳ տարածքային բաժնում ստացվելիս որդեգրման գրանցումը վերացվում է` վրան շեղակի գիծ քաշելով: Միաժամանակ որդեգրման գրանցման երեսի կողմի վրա վերին մասում նշվում է` «Գրանցումը վերացված է»: Որդեգրման գրանցման 19-րդ սյունակում նշվում է` «Որդեգրումն անվավեր է ճանաչված դատարանի անվանումը, որոշման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը»: Այդ գրանցումը հաստատվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով:

24. Որդեգրման գրանցումը վերացնելու մասին տասնօրյա ժամկետում հաղորդում է ուղարկվում այն ՔԿԱԳ տարածքային բաժին, որտեղ գտնվում է երեխայի ծննդի գրանցման առաջին օրինակը, որը նույն ժամկետում գրանցման մեջ վերականգնում է երեխայի ծնողների վերաբերյալ, ինչպես նաև իր` երեխայի մասին նախկինում եղած տեղեկությունները (նրա ազգանունը, անունը, հայրանունը, ծննդավայրը), եթե դրանք փոխվել էին որդեգրման կապակցությամբ, իսկ որդեգրման գրանցման 23-րդ սյունակում կատարում է սույն հրահանգչական ցուցումների 23-րդ կետի երկրորդ պարբերությունում նախատեսված նշումը: Բացի այդ, որդեգրման գրանցումն անվավեր ճանաչելու մասին տասնօրյա ժամկետում հաղորդում է ուղարկվում երեխայի որդեգրման և ծնունդների գրանցումների երկրորդ օրինակների գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի, որը նույն ժամկետում վերացնում է որդեգրման գրանցման երկրորդ օրինակը, ինչպես նաև համանման փոփոխություններ և նշումներ կատարում ծննդի գրանցման երկրորդ օրինակում:

25. Եթե որդեգրման որոշմանը համապատասխան փոխվել է որդեգրվողի ծննդավայրը, որի կապակցությամբ կազմվել է երեխայի ծննդի նոր գրանցում, ՔԿԱԳ տարածքային այն բաժինը, որը վերացրել է որդեգրման գրանցումը, հաղորդում է ուղարկում ծննդի նոր կազմված գրանցման առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին` այդ ակտի գրանցումը վերացնելու համար: Այն վերացնելուց հետո ՔԿԱԳ տարածքային այդ բաժինը տասնօրյա ժամկետում ծանուցում է ուղարկում ծննդի նախկին գրանցման մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու և նրանցում նախկին տեղեկությունները վերականգնելու համար, ինչպես նաև ծննդի կրկնակի կազմված գրանցման երկրորդ օրինակի գտնվելու վայրի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության համապատասխան արխիվ` այդ ակտի գրանցումը վերացնելու համար:

26. Դատարանի կողմից որդեգրումը վերացնելու դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժինը տասնօրյա ժամկետում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը ստացվելու օրվանից որդեգրման գրանցման 19-րդ սյունակում նշում է կատարում`

«Որդեգրումը վերացված է

դատարանի անվանումը, որոշման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը»:

Այդ գրանցումը հաստատվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով:

Որդեգրման գրանցման երեսի կողմի վրա վերին մասում նշվում է «Որդեգրումը վերացված է»:

27. Որդեգրման վերացման մասին տասնօրյա ժամկետում հաղորդում է ուղարկվում երեխայի ծննդի գրանցման առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին, որտեղ նույն ժամկետում երեխայի ծննդի գրանցման մեջ պետք է վերականգնվի երեխայի ծնողների, ինչպես նաև իր` երեխայի մասին նախկինում եղած տեղեկությունները, եթե դրանք փոխվել են որդեգրման կապակցությամբ:

Այն դեպքում, երբ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի մեջ նշված է, որ պահպանվում են որդեգրման կապակցությամբ երեխային տրված անունը, հայրանունը և ազգանունը, այդ տեղեկությունները փոխման ենթակա չեն: Որդեգրման գրանցման 23-րդ սյունակում կատարվում է սույն հրահանգչական ցուցումների 26-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված նշումը:

Բացի այդ, որդեգրումը վերացնելու մասին տասնօրյա ժամկետում հաղորդվում է որդեգրման և ծնունդների գրանցումների երկրորդ օրինակների գտնվելու վայրի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվ: Այն նույն ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվում այդ ակտերի գրանցումների երկրորդ օրինակներում պետք է կատարվեն համապատասխան նշումներ:

28. Եթե որդեգրման որոշմանը համապատասխան փոխվել է որդեգրվողի ծննդավայրը, որի կապակցությամբ կատարվել է երեխայի ծննդի նոր գրանցում, ՔԿԱԳ տարածքային բաժինը, որտեղ ստացվել է որդեգրումը վերացնելու մասին ծանուցումը, այդ մասին ծանուցում է ուղարկում ծննդի նոր գրանցում կատարած` առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:

Ծանուցում ստանալով, ՔԿԱԳ տարածքային բաժինը տասնօրյա ժամկետում որդեգրումը վերացնելու մասին նշում է կատարում սույն հրահանգչական ցուցումների 26-րդ կետով նախատեսված կանոնների համաձայն: Այդ նույն ժամկետում որդեգրումը վերացնելու մասին հաղորդվում է ծննդի տվյալ գրանցման երկրորդ օրինակի գտնվելու վայրի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվ` վերը նշված կարգով որդեգրումը վերացնելու մասին նշում կատարելու համար, ինչպես նաև սկզբնական գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին` վերը նշված կանոնների համաձայն երեխայի ծնողների մասին տեղեկությունները վերականգնելու համար:

29. Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 133 հոդվածին համապատասխան որդեգրման վերացումը, որպես կանոն, չի թույլատրվում, եթե այն վերացնելու մասին պահանջ ներկայացնելու պահին լրացել է որդեգրվողի 18 տարին: Սակայն, եթե որդեգրումը վերացնելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած ՔԿԱԳ տարածքային բաժնում ստացվել է որդեգրվողի չափահաս դառնալուց հետո, ՔԿԱԳ տարածքային բաժինը պարտավոր է կատարել բոլոր անհրաժեշտ նշումները:

30. Այն կապակցությամբ, որ դատարանի որդեգրումը վերացնելիս իրավունք ունի նախկին որդեգրողին պարտավորեցնելու երեխայի համար ապրուստի միջոց վճարել, անհրաժեշտության դեպքում ծնողներից մեկին, խնամակալին (հոգաբարձուին), այն մանկական հիմնարկին, որտեղ տեղավորված է երեխան, կարող է տրվել որդեգրումը վերացված լինելու մասին տեղեկանք` ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով:

31. Դատարանի կողմից որդեգրումն անվավեր ճանաչելու և այդ կապակցությամբ երեխայի հոր մասին տեղեկությունները վերականգնելու անհրաժեշտության դեպքում, եթե այդպիսիք նշված են եղել Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 57 հոդվածով նախատեսված կարգով, ՔԿԱԳ տարածքային բաժինը երեխայի մորը նպաստ ստանալու համար տալիս է համապատասխան տեղեկանք` սոցիալական ապահովության մարմնին ներկայացնելու համար: Այդպիսի տեղեկանքներ տրվում են նաև որդեգրումը վերացնելու դեպքում, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռում չի նշվում, որ նախկին որդեգրողը պարտավոր է երեխայի համար ապրուստի միջոց վճարել:

32. Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 127 հոդվածին համապատասխան ՔԿԱԳ տարածքային բաժինների աշխատողները որդեգրումը գրանցելիս, ինչպես նաև որդեգրման գրանցումներում որևէ նշումներ կատարելիս պարտավոր են ապահովել որդեգրման գաղտնիությունը:

33. Որդեգրման վկայականի կրկնօրինակներ կարող են տրվել նաև սահմանված կարգով վավերացված լիազորագիր ունեցող անձանց:

34. Որդեգրման գրանցման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

 

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
1999 թվականի օգոստոսի 9-ի
N 1270 հրամանով

 

ՄԱՀՎԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Մահվան գրանցման ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ճիշտ կիրառման, ինչպես նաև միասնական պրակտիկայի ապահովման նպատակով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժինները պետք է ղեկավարվեն հետևյալով.

1. Մահվան գրանցումը կատարվում է այն վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնում, որտեղ ապրել է մահացածը կամ որտեղ տեղի է ունեցել մահը: Մահվան փաստը հաստատելու կամ քաղաքացուն մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա մահվան գրանցումը կատարվում է վճիռ կայացնող դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնում: Երևան քաղաքում մահվան գրանցումը կատարվում է հատուկ սպասարկման բաժնում: Օտարերկրյա պետություններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մահվան գրանցումը կատարվում է տվյալ պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հաստատությունում:

2. ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք չունի մերժելու մահվան գրանցումն այն պատճառաբանությամբ, թե այդպիսի գրանցումը նպատակահարմար է կատարել ՔԿԱԳ տարածքային մեկ այլ բաժնում:

3. Մահվան գրանցման համար հիմք է հանդիսանում հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը`

ա) մահվան մասին բժշկական հիմնարկի տեղեկանքը.

բ) մահվան փաստը հաստատելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը.

գ) քաղաքացուն մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը.

դ) տարերային աղետի (երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ և այլն) հետևանքով մահացած անձանց մահը գրանցելու համար` տարերային աղետի վերացման գծով համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը.

ե) սպանության, ինքնասպանության, դժբախտ պատահարի հետևանքով մահացած անձանց մահը գրանցելու համար` բժիշկ-փորձագետի եզրակացությունը: Մահվան գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթի վրա դրվում է մահվան գրանցման համարը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և այն կցվում մահվան գրանցման երկրորդ օրինակին:

4. Մահվան մասին բժշկական տեղեկանքը պետք է պարունակի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները` մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, ինչպես նաև մահվան վայրը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, մահվան պատճառը, տեղեկանքը տալու ամիսը, ամսաթիվը և տարեթիվը: Տեղեկանքը պետք է հաստատված լինի բժշկական հիմնարկի պաշտոնատար անձի ստորագրությամբ ու կնիքով:

5. Մահվան գրանցումը կատարվում է մահացածի հարազատների, նրա հարևանների, բնակշահագործման կազմակերպության աշխատողների հայտարարության հիման վրա, ինչպես նաև ըստ այն հիմնարկի վարչակազմի հաղորդման, որտեղ տեղի է ունեցել մահը կամ ներքին գործերի մարմինների և այլ անձանց հաղորդման հիման վրա:

6. Մահվան մասին հայտարարությունը պետք է տրվի մահը տեղի ունենալու կամ մահացածին հայտնաբերելու պահից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում:

Մահվան գրանցման սահմանված ժամկետը բաց թողնելը չի կարող հիմք հանդիսանալ մահվան գրանցումը մերժելու համար:

Եթե մահվան գրանցման մասին հայտարարություն տրվել է սահմանված ժամկետի բացթողումով, սակայն մինչև մեկ տարին լրանալը, ապա մահը գրանցվում է ընդհանուր կարգով` մահվան ընթացիկ գրանցման մատյանում:

Այն դեպքում, երբ մահվան գրանցման մասին հայտարարություն ստացվել է մահվանից մեկ տարի անց, ապա մահվան գրանցումը կատարվում է մահվան վերականգնված գրանցումների մատյանում` ընդհանուր կարգով` որպես սկզբնական գրանցում, սակայն հերթական համարից հետո լրացնելով` «Գրանցում` ժամկետի բացթողմամբ» բառերը:

Մեկ տարուց առաջ մահացած, ինչպես նաև դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա մահացած ճանաչված անձանց մահվան գրանցումը կատարում է այդ անձանց վերջին հայտնի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժինը:

7. Եթե մահը գրանցելիս հայտնի է դառնում մահացածի առանց խնամքի մնացած անչափահաս երեխաների մասին, ապա ՔԿԱԳ տարածքային բաժինը պարտավոր է նույն օրը այդ մասին հայտնել երեխաների բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

8. Զինծառայողների մահվան գրանցումը խաղաղ ժամանակ կատարվում է ընդհանուր կարգով` ՔԿԱԳ տարածքային բաժիններում:

9. Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա մահացած ճանաչված անձանց մահը գրանցելիս, մահվան գրանցման մեջ որպես մահվան ժամանակ ցույց է տրվում դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու ժամանակը, եթե մահվան ժամանակը դատարանի վճռով չի որոշված: Եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է անձի մահվան փաստի որոշակի ժամանակը և որոշակի տեղը, ապա մահվան գրանցման մեջ նշվում է դատարանի վճռի մեջ ցույց տրված մահվան ժամանակը և տեղը:

Նշված դեպքերում մահվան գրանցման 12-րդ սյունակում նշվում է դատարանի անվանումը և նրա կայացրած վճռի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը:

10. Անհայտ (չճանաչված) անձանց մահը գրանցելիս մահվան գրանցման մեջ լրացվում են միայն գրանցման համար անհրաժեշտ այն տեղեկությունները, որոնք պարունակվում են մահվան մասին բժշկական հիմնարկի եզրակացության մեջ:

Եթե մահացածը հետագայում կճանաչվի, ապա նրա վերաբերյալ պակասող տեղեկությունները մահվան գրանցման մեջ լրացվում են իրավասու մարմնի եզրակացության հիման վրա:

11. Եթե մահը տեղի է ունեցել ծովային, գետային նավում կամ օդանավում գտնվելու ժամանակ, ինչպես նաև գնացքում, ապա կապիտանը (նավի հրամանատարը, գնացքի պետը) երկու վկայի ու բժշկի կամ բուժակի մասնակցությամբ (եթե նավում, գնացքում կա բժիշկ կամ բուժակ) կարող է ակտ կազմել մահվան մասին: Այդ ակտը ներկայացվում է մահը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժնին` մահվան մասին բժշկական տեղեկանքի փոխարեն:

12. Քրեական պատիժն իրականացնող հիմնարկում մահացած անձանց մահվան գրանցումը կատարվում է մինչև կալանավորվելը նրանց վերջին բնակության վայրի, իսկ բնակության այդ վայրը պարզելն անհնարին լինելու դեպքում, քրեական պատիժն իրականացնող հիմնարկի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնում` այդ հիմնարկի վարչակազմի գրավոր ծանուցման հիման վրա:

13. Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մահվան գրանցումը կատարվում է ընդհանուր կարգով:

14. Եթե մահացածն անձնագիր կամ զինվորական գրքույկ է ունեցել, մահը գրանցելիս ՔԿԱԳ տարածքային բաժինը վերցնում է այդ փաստաթղթերը և առաջին էջի վրա նշում մահվան գրանցման համարը, ամիսը, ամսաթիվը և տարեթիվը:

Մահացած անձանց անձնագրերն ամիսը մեկ անգամ ցուցակով հանձնվում են ըստ վերջին բնակության վայրի ներքին գործերի անձնագրային բաժանմունքներին, իսկ զինվորական գրքույկը 10-օրյա ժամկետում հանձնվում են զինվորական կոմիսարիատին, որտեղ հաշվառման մեջ է գտնվել մահացածը:

Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց անձնագրերն ամիսը մեկ անգամ ցուցակով հանձնվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` համապատասխան պետությունների իրավասու մարմիններին փոխանցելու համար:

15. Մահացածի անձնագիրը, զինվորական գրքույկը չհանձնելն արգելք չի հանդիսանում մահը գրանցելու համար: Անձնագիրը, զինվորական գրքույկը չհանձնելու դեպքում ներկայացվում է տեղեկանք ներքին գործերի անձնագրային բաժնին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

16. Մահը գրանցվում է երկու օրինակից: Մահվան գրանցման երկրորդ օրինակը սահմանված կարգով հանձնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվին:

17. Մահը գրանցելուց հետո տրվում է մահվան վկայական: Մահվան վկայականի սերիայի և համարի մասին մահվան գրանցման 14-րդ սյունակում կատարվում է համապատասխան նշում:

18. Զինապարտի կամ զորակոչիկի մահվան գրանցման դեպքում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ տարածքային բաժինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին պետք է հայտնի զինվորական կոմիսարիատին, որտեղ զինվորական հաշվառման մեջ է գտնվում զինապարտը կամ զորակոչիկը:

19. Մահվան վկայականի կրկնօրինակներ կարող են տրվել նաև սահմանված կարգով վավերացված լիազորագիր ունեցող անձանց:

20. Սոցիալական ապահովության մարմիններ ներկայացնելու համար ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից տրվում է մահվան մասին տեղեկանք:

ՔԿԱԳ տարածքային բաժիններն ամեն ամիս սոցիալական ապահովության մարմիններին տրամադրում են մահացածների վերաբերյալ տեղեկանքներ:

(20-րդ կետը լրաց. 06.10.00 N 631)

 

 

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
1999 թվականի օգոստոսի 9-ի
N 1270 հրամանով

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ, ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ճիշտ կիրառման, ինչպես նաև միասնական պրակտիկայի ապահովման նպատակով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժինները պետք է ղեկավարվեն հետևյալով.

1. Բավարար հիմքերի առկայության, ինչպես նաև շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքերում քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարվում է ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից: Շահագրգիռ անձանց միջև վեճ լինելու դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու հարցերը լուծվում են դատական կարգով:

2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխությունները, լրացումները և ուղղումները կատարվում են`

ա) երեխայի որդեգրման (դստերագրման) կապակցությամբ, ինչպես նաև որդեգրողներին որպես որդեգրվածի ծնողներ գրանցելու դեպքում` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդավայրը փոխելիս.

բ) ամուսնալուծության կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու կապակցությամբ` ամուսնու ազգանունը փոխելիս.

գ) ծնողների միջև ամուսնությունը դադարելու կամ ամուսնությունն անվավեր ճանաչվելու կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անչափահաս երեխայի ազգանունը փոխելիս.

դ) հայրության որոշումը գրանցելիս.

ե) երեխայի ծննդի գրանցման մեջ երեխայի հոր մասին տեղեկություններ լրացնելու վերաբերյալ ամուսնության մեջ չգտնվող մոր դիմումը ստանալիս.

զ) հայրությունը որոշելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը բեկանվելիս.

է) որդեգրումը (դստերագրումը) վերացվելիս կամ դատարանի կողմից անվավեր ճանաչվելիս, ինչպես նաև ամուսնությունն անվավեր ճանաչվելիս.

ը) ծննդի գրանցումից երեխայի հոր կամ մոր մասին տեղեկությունները հանելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա.

թ) ազգանունը, անունը, հայրանունը փոխելիս.

ժ) ծնողների ազգանունները և հոր անունը փոխելու կապակցությամբ անչափահասի ազգանունը և հայրանունը փոխելիս.

ժա) քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ դատական կարգով անճշտություններ պարզելիս.

ժբ) եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված է երկու անուն կամ երկու հայրանուն.

ժգ) եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված չեն ծնողների ազգանունը, անունը, հայրանունը կամ ազգությունը.

ժդ) եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված են սխալ տեղեկություններ.

ժե) եթե ծնունդը գրանցելիս երեխային ազգանուն կամ անուն է տրվել առանց ծնողների ցանկությունը հաշվի առնելու.

ժզ) եթե երեխան փաստացի կրում է իր ծննդի գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն` ելնելով երեխայի շահերից.

ժէ) եթե ծննդի գրանցման մեջ նշված է երեխայի թերի անունը (փաղաքշական, կրճատ, փոքրացնող).

ժը) սեռը փոխելու կապակցությամբ (հերմոֆրոդիտների) ազգանունը, անունը, հայրանունն ուղղելու անհրաժեշտություն առաջանալիս.

ժթ) եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման պահին թույլ են տրվել սխալներ (աղավաղումներ, որոշ տեղեկությունների կամ առանձին բառերի և տառերի բացթողումներ):

3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխությունների, լրացումների և ուղղումների կատարումն իրականացվում է համաձայն`

ա) համայնքի ղեկավարի որդեգրման (դստերագրման) մասին որոշման.

բ) անչափահաս երեխայի ազգանունը փոխելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշման.

գ) հայրության որոշման գրանցման.

դ) քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ անճշտություններ հայտնաբերելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի.

ե) ամուսնալուծության մասին, ծննդի գրանցումից երեխայի հոր կամ մոր վերաբերյալ տեղեկությունները հանելու մասին, հայրությունը որոշելու վերաբերյալ նախկինում կայացված դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը բեկանելու մասին, որդեգրումը (դստերագրումը) վերացնելու կամ անվավեր ճանաչելու մասին, ինչպես նաև ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռների.

զ) ազգանունը, անունը, հայրանունը փոխելու մասին գրանցման.

է) ծննդի գրանցման մատյանում երեխայի հոր մասին տեղեկություններ լրացնելու վերաբերյալ ամուսնության մեջ չգտնվող մոր դիմումի.

ը) դիմողի մշտական բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի եզրակացության` հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության պետի կողմից:

Եզրակացությունը ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից կազմվում է միայն սույն կանոնների 2-րդ կետի «ժբ», «ժգ», «ժդ», «ժե», «ժզ», «ժէ», «ժը», «ժթ» ենթակետերով նախատեսված դեպքերում:

4. Սույն կանոնների 2-րդ կետում թվարկված դեպքերում փոփոխությունները, լրացումները և ուղղումները կատարվում են հետևյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում`

ա) երեխայի որդեգրման (դստերագրման) կապակցությամբ, ինչպես նաև որդեգրողներին որպես որդեգրվողի ծնողներ գրանցելու դեպքում ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան վայրը փոխելիս` որդեգրվածի ծննդի գրանցման մեջ:

Եթե երեխայի մայրը ամուսնության մեջ է գտնվում այն անձի հետ, որը որդեգրել (դստերագրել) է նրա երեխային և ընդունել է որդեգրողի ազգանունը, ապա երեխայի ծննդի գրանցման մեջ կատարվում է մոր ազգանվան ուղղում:

բ) Ամուսնությունն անվավեր ճանաչելիս ամուսնու ազգանունը փոխվելու դեպքում` անչափահաս երեխաների ծննդի գրանցման մեջ փոխվում է ծնողների ազգանունը կամ նրանցից մեկի ազգանունը.

գ) սույն կանոնների 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքերում անչափահաս երեխայի ծննդի գրանցման մեջ փոխվում է երեխայի ազգանունը, իսկ անհրաժեշտության դեպքում` ուղղվում է նաև ծնողներից մեկի ազգանունը.

դ) հայրության որոշման գրանցման կապակցությամբ` երեխայի ծննդի գրանցման մեջ լրացվում են տեղեկություններ հոր վերաբերյալ, փոխվում է երեխայի հայրանունը և ծնողների ցանկությամբ փոխվում է նրա ազգանունը:

Սույն կանոնների 2-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում, եթե ծնողները ամուսնացել են երեխայի ծնվելուց հետո և ամուսնությունը գրանցելիս մայրն ընդունել է ամուսնու ազգանունը, ապա երեխայի ծննդի գրանցման մեջ կատարվում է մոր ազգանվան ուղղում.

ե) սույն կանոնների 2-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված դեպքերում լրացումներ կատարվում է միայն այն ժամանակ, երբ երեխայի ծննդի գրանցման մեջ տեղեկություններ չկան երեխայի հոր մասին: Իսկ եթե այդպիսի տեղեկություններ գրանցման մեջ արդեն կան, ապա այդ տեղեկությունների փոխումը կատարվում է սույն կանոններով սահմանված դեպքերում ու կարգով.

զ) հայրությունը որոշելու մասին դատարանի վճիռը` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա բեկանվելիս, փոփոխություն է կատարվում երեխայի ծննդի գրանցման մեջ, ընդ որում, փոխվում է երեխայի ազգանունը (եթե այն փոխված է եղել հայրության որոշման կապակցությամբ), ինչպես նաև երեխայի հայրանունը և հոր վերաբերյալ տեղեկությունները.

է) որդեգրումը (դստերագրումը) վերացվելու կամ դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա և դրան համապատասխան, փոփոխություններ են կատարվում որդեգրվածի (դստերագրվածի) ծննդի գրանցման մեջ.

ը) ծննդի գրանցումից երեխայի հոր կամ մոր վերաբերյալ տեղեկությունները հանելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն երեխայի ծննդի գրանցումից հանվում են համապատասխան տեղեկությունները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փոխվում է երեխայի ազգանունը և հայրանունը.

թ) ազգանունը, անունը, հայրանունը փոխելիս փոփոխություններ են կատարվում հետևյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում`

- ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից ազգանունը փոխելիս` դիմողի ծննդի գրանցման մեջ.

- այն դեպքերում, երբ անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ, որը ազգանվան փոխման ակտի գրանցման պահին լուծվել է, փոփոխություններ կատարվում են`

1) ծննդի գրանցման և ամուսնալուծության գրանցման մեջ, եթե ամուսնալուծությունից հետո ամուսինը մնացել է մինչամուսնական ազգանունով և փոխում է իր տոհմական ազգանունը.

2) ամուսնալուծության գրանցման մեջ, եթե ամուսնալուծությունից հետո ամուսինը մնացել է մյուս ամուսնու ազգանունով կամ նախորդ ամուսնության ամուսնու ազգանունով.

- ամուսնալուծության կապակցությամբ ազգանունը մինչամուսնական ազգանվամբ փոխելիս` այդ թվում` տոհմական ազգանունը փոխելիս` ամուսնալուծության գրանցման մեջ.

- ամուսնության մեջ գտնվող անձի կողմից ազգանունը փոխելիս, եթե նա կրում է մյուս ամուսնու ազգանունը, այդ թվում` մինչամուսնական ազգանունը փոխելիս` ամուսնության գրանցման մեջ («Ազգանունը ամուսնությունից հետո» սյունակում).

- ամուսնության մեջ գտնվող անձի կողմից մինչամուսնական ազգանունն ամուսնու ազգանունով փոխելիս` ամուսնության գրանցման մեջ («Ազգանունը ամուսնությունից հետո» սյունակում), իսկ եթե մինչամուսնական ազգանունը փոխվել է այլ ազգանունով (ոչ ամուսնու ազգանունով)` ծննդի գրանցման մեջ և ամուսնության գրանցման մեջ («Ազգանունը մինչև ամուսնությունը և ամուսնությունից հետո» սյունակում).

- ամուսնության մեջ գտնվող անձի կողմից ազգանունը փոխելիս, եթե այդ անձը ամուսնությունը գրանցելուց հետո մնացել է նախորդ ամուսնության ամուսնու ազգանունով` ամուսնության գրանցման մեջ («Ազգանունը ամուսնանալուց հետո» սյունակում).

- անունը կամ հայրանունը փոխելիս` ծննդի գրանցման մեջ, ամուսնության մեջ գտնվող անձանց նկատմամբ, ինչպես նաև ամուսնության գրանցման մեջ, իսկ ամուսնալուծված անձանց նկատմամբ` նաև ամուսնալուծության գրանցման մեջ: Եթե դիմողը գտնվում է ոչ առաջին ամուսնության մեջ, ապա ամուսնության նախորդ գրանցումներում, ինչպես նաև ամուսնալուծության գրանցումներում փոփոխություններ չեն կատարվում:

ժ) ծնողների կողմից ազգանունները և հոր կողմից անունը փոխելիս անչափահաս երեխաների ծնունդների գրանցումներում փոխվում են երեխաների ազգանուններն ու հայրանունները:

Եթե ազգանունը փոխել է ծնողներից մեկը, ապա անչափահաս երեխաների ազգանունները փոխելու հարցը լուծվում է ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնություն չլինելու դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից:

Թեկուզև ծնողներից մեկի կողմից ազգանունը, անունը կամ հայրանունը փոխելիս անչափահաս երեխաների, ինչպես նաև չափահաս երեխաների ծննդի գրանցումներում փոխվում են ծնողների վերաբերյալ տեղեկությունները` չափահաս երեխայի խնդրանքի առկայության դեպքում:

Նույնպիսի փոփոխություններ կատարվում են որդեգրված անչափահաս երեխաների ծնունդների գրանցումներում, եթե որդեգրողները գրանցված են որպես որդեգրվածի ծնողներ, ինչպես նաև որդեգրման (դստերագրման) և հայրության որոշման գրանցումներում:

Որպես որդեգրվածի ծնողներ չգրանցված որդեգրողների կողմից ազգանունները, անունները, հայրանունները փոխելիս փոփոխություն է կատարվում միայն որդեգրման (դստերագրման) գրանցման մեջ:

ժա) Քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ անճշտություններ պարզելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն փոփոխություններ են կատարվում դատարանի վճռում նշված քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև համանման տվյալներ պարունակող այլ գրանցումներում.

ժբ) եթե ծննդի գրանցման մեջ նշված է կրկնակի անուն կամ կրկնակի հայրանուն, փոփոխություններ են կատարվում համապատասխան գրանցման մեջ, ինչպես նաև այլ գրանցումներում, որոնցում նշված է կրկնակի անուն կամ կրկնակի հայրանուն:

Դիմողը իրավունք ունի կրկնակի անունից կամ հայրանունից ընտրելու իր ցանկացածի, ընդ որում, նոր անուն կամ նոր հայրանուն (որ նշված չէ ծննդի գրանցման մեջ) ընտրել չի թույլատրվում:

ժգ) Եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված չեն ծնողների ազգանունը, անունը, հայրանունը կամ ազգությունը` ծննդի գրանցման մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև որդեգրման (դստերագրման) և հայրության որոշման գրանցումներում.

ժդ) եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ սխալ տեղեկություններ են նշված` համապատասխան գրանցման մեջ, ինչպես նաև այլ գրանցումներում, որոնցում նշված են համանման սխալ տեղեկություններ.

ժե) եթե երեխայի ծնունդը գրանցելիս նրան ազգանուն և անուն են տրվել առանց ծնողների ցանկությունը հաշվի առնելու, ինչպես նաև, եթե երեխան փաստացի կրում է իր ծննդի գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև որդեգրման (դստերագրման) և հայրության որոշման գրանցումներում.

ժզ) եթե ծննդի գրանցման մեջ նշված է փոքրացնող, փաղաքշական կամ կրճատ անուն` ծննդի գրանցման մեջ, ինչպես նաև այլ գրանցումներում, որոնք համանման թերի անուն են պարունակում.

ժէ) սեռը փոխելու կապակցությամբ (հերմաֆրոդիտների) ազգանունը, անունը և հայրանունը ուղղելիս` ծննդի գրանցման մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ գրանցումներում.

ժը) եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման պահին սխալներ են թույլ տրվել (աղավաղումներ, տեղեկությունների կամ առանձին բառերի բացթողումներ)` այն գրանցումներում, որոնց մեջ թույլ են տրվել այդ սխալները:

5. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու վերաբերյալ դիմումները սահմանված ձևով տրվում են դիմողի բնակության վայրի կամ ակտի գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:

Ցերեկային բաժինների սովորողները և ուսանողները քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու վերաբերյալ դիմումներ կարող են տալ ուսման վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին: Սեռը փոխելու կապակցությամբ (հերմաֆրոդիտները) ազգանունը, անունը և հայրանունը ուղղելու դեպքում դիմումները կարող են տրվել նաև ըստ սեռը փոխելու մասին եզրակացություն տվող առողջապահական հիմնարկի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնին:

Դիմումը պետք է գրվի ընթեռնելի, նրանում սպառիչ պատասխաններ տրվի բոլոր հարցերին: Մատիտով գրված, ինչպես նաև բանավոր հայտարարված դիմումների քննարկումը անթույլատրելի է:

Դիմումին կից պետք է ներկայացվի նաև դիմում տվողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը: ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը հավաստիանալով պատճենի իսկության հարցում պարտավոր է այն վավերացնել իր ստորագրությամբ և կնիքով:

Դիմողի անձը հաստատող փաստաթղթեր են համարվում` անձնագիրը (անձնագիրը փոխարինող փաստաթղթերը), զինվորական գրքույկը:

ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք չունի մերժելու քաղաքացուն ընդունելը և քաղաքացիական կացության ակտի գրանցումը փոխելու, լրացնելու և ուղղելու վերաբերյալ դիմումը քննության առնելը:

6. Երեխայի ազգանունը կամ անունը ծննդի գրանցման մեջ ուղղելու վերաբերյալ ծնողների դիմումները, այն կապակցությամբ, որ ծնունդը գրանցելիս երեխային ազգանուն կամ անուն է տրվել առանց հաշվի առնելու ծնողների ցանկությունը, ՔԿԱԳ տարածքային բաժիններն ընդունում են երեխայի ծնունդը գրանցելու օրից ոչ ուշ մեկ տարուց, իսկ երեխայի անունն ուղղելու վերաբերյալ դիմումները` այն կապակցությամբ, որ նա փաստացի կրում է իր ծննդի գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն` ոչ ուշ յոթ տարուց:

7. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոխելու, լրացնելու և ուղղելու վերաբերյալ դիմումները կարող են տրվել այն անձանց կողմից, որոնց վերաբերյալ կազմված են եղել այդ գրանցումները:

18 տարին չլրացած երեխաների վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցումները կարող են փոխվել, լրացվել և ուղղվել նրանց ծնողների, որդեգրողների, խնամակալների և հոգաբարձուների, ինչպես նաև այն անձանց ու կազմակերպությունների հայտարարությունների հիման վրա, որոնց դաստիարակությանն են հանձնված անչափահասները: Այդպիսի դիմումներով ՔԿԱԳ տարածքային բաժիններին կարող են դիմել իրենք` 16 տարեկան դարձած անչափահասները, եթե նրանք օրենքով սահմանված կարգով ճանաչվել են գործունակ:

Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոխվում, լրացվում և ուղղվում են նրանց խնամակալների դիմումների հիման վրա:

Մահացածների նկատմամբ քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխությունները, լրացումները և ուղղումները կատարվում են այն անձանց դիմումների հիման վրա, որոնք համարվում են ըստ օրենքի ժառանգներ:

8. Դիմումին կցվում են փոխման ենթակա քաղաքացիական կացության ակտի գրանցման վերաբերյալ վկայականը և այն փաստաթղթերը, որոնք հաստատում են քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ փոփոխություն, լրացում և ուղղում կատարելու անհրաժեշտությունը: Զինծառայողները ներկայացնում են նաև ծառայության վայրի զինվորական մասին տեղեկանքն այն տեղեկություններով, որոնք առնչություն ունեն գրանցման փոխման, լրացման և ուղղման հետ:

Դիմումին, ըստ անհրաժեշտության, ՔԿԱԳ տարածքային բաժնի պահանջով պետք է կցվի դիմողի ինքնակենսագրությունը, նրանում մանրամասն նշելով դիմողի և նրա մերձավոր ազգականների վերաբերյալ տվյալները, որը հնարավորություն կտա ՔԿԱԳ տարածքային բաժնին ճշտելու անհրաժեշտ, ինչպես նաև կասկած հարուցող տեղեկությունները:

Անհրաժեշտության դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժինները իրավասու են լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու կազմակերպություններից:

9. Եթե փոխման, լրացման և ուղղման ենթակա քաղաքացիական կացության ակտի գրանցումը գտնվում է ՔԿԱԳ տարածքային մեկ այլ բաժնում, դիմումն ընդունող ՔԿԱԳ տարածքային բաժինը պահանջում է այդ գրանցման պատճենը:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը ՔԿԱԳ տարածքային բաժնում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվում չգտնվելու դեպքում գրանցման մեջ փոփոխություն, լրացում և ուղղում կարող է կատարվել միայն կորած գրանցումը վերականգնելուց հետո:

10. Դիմումի մեջ նշված փաստերը և իրենց հավաստի լինելու մեջ կասկած հարուցող փաստաթղթերում եղած գրառումները ուսումնասիրվում են ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից` համապատասխան կազմակերպություններին հարցումներ ուղարկելու միջոցով:

11. Դատվածություն ունեցող կամ մի քանի անուն, ազգանուն և հայրանուն ունեցող անձանց կապակցությամբ քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոխելու, լրացնելու և ուղղելու վերաբերյալ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության այլ դեպքերում նյութերը ստուգման համար ուղարկվում են դիմումն ընդունող ՔԿԱԳ տարածքային բաժնի գտնվելու վայրի ներքին գործերի մարմիններին: Ներքին գործերի մարմինները ստուգումից հետո, ոչ ուշ նյութերը ստանալու օրից մեկամսյա ժամկետում, դրանք վերադարձնում են ՔԿԱԳ տարածքային բաժնին ստուգման արդյունքների վերաբերյալ եզրակացության հետ միասին:

12. Ներկայացված փաստաթղթերի և ստուգման արդյունքների հիման վրա ՔԿԱԳ տարածքային բաժինը եզրակացություն է կազմում քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու կամ այն մերժելու մասին` սահմանված ձևով: ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք ունի մերժելու քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ փոփոխությունների, լրացումների և ուղղումների կատարումը, եթե ներկայացված փաստաթղթերը չեն բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից կամ փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու պահանջը հիմնավորված չէ:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ փոփոխություն, լրացում և ուղղում կատարելը մերժելու դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժնի եզրակացության մեջ պետք է հստակ նշի մերժման հիմքերը:

13. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը փոխելու, լրացնելու և ուղղելու, այն մերժելու վերաբերյալ ՔԿԱԳ տարածքային բաժնի եզրակացությունը հաստատվում կամ մերժվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության պետի կողմից, որի մասին նշվում է եզրակացության վերին աջ անկյունում` «Հաստատում եմ» կամ «Մերժում եմ» մակագրությամբ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության պետը մերժում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխությունների, լրացումների և ուղղումների վերաբերյալ ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից կազմված եզրակացությունը` եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխությունների, լրացումների և ուղղումների գործը կազմվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ, քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, ուղղումներ, լրացումներ կատարելու պահանջը հիմնավորված չէ:

14. Քաղաքացիական կացության ակտի գրանցումը փոխելու, լրացնելու և ուղղելու վերաբերյալ ՔԿԱԳ տարածքային բաժնի եզրակացությունը կազմվում է երեք օրինակից: Եզրակացության առաջին օրինակը, ծանուցագրի հետ միասին, իսկ սույն կանոնների 3-րդ կետի «ա», «բ», «գ», «ե», «է» ենթակետերով նախատեսված դեպքերում` համայնքի ղեկավարի որոշման, դատարանի համապատասխան վճիռը կամ երեխայի մոր դիմումը, կատարման համար ուղարկվում են համապատասխան գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին: Եզրակացության երկրորդ օրինակը մնում է այն կազմելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնում: Եզրակացության երրորդ օրինակը մնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչությունում: Այն դեպքերում, երբ գրանցումը, որի մեջ անհրաժեշտ է փոփոխություն, լրացում կամ ուղղում կատարել, գտնվում է ՔԿԱԳ տարածքային տվյալ բաժնում, եզրակացությունը կազմվում է երկու օրինակից:

Քաղաքացիական կացության ակտի գրանցման փոփոխությունը, լրացումը և ուղղումը մերժելու մասին ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից քաղաքացուն տրվում է գրավոր պարզաբանում մերժման հիմքերի մասին: Դիմողին բացատրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման փոխման, լրացման և ուղղման մերժումը բողոքարկելու կարգը և նրա խնդրանքով նրա կողմից ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են իրեն, բացի դիմումից:

Սույն կանոնների 3-րդ կետի «գ» և «զ» ենթակետերով նախատեսված դեպքերում ծանուցում ուղարկում է համապատասխան ակտը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժինը:

ՔԿԱԳ տարբեր տարածքային բաժիններում գտնվող մի քանի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու դեպքում ծանուցագիրը եզրակացության հետ, իսկ սույն կանոնների 3-րդ կետի «ա», «բ», «դ», «ե» ենթակետերով նախատեսված դեպքերում` համայնքի ղեկավարի կամ դատարանի համապատասխան որոշման պատճեններն ուղարկվում է գրանցումներից մեկի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին: Մյուս ՔԿԱԳ տարածքային բաժիններին ուղարկվում է համապատասխան ծանուցագրերով եզրակացության պատճենները: Եզրակացության (համայնքի ղեկավարի կամ դատարանի որոշման) պատճենը պետք է վավերացված լինի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով:

15. Եզրակացությունը, որը ենթակա է առաքման ԱՊՀ անդամ պետություններ, կազմվում է ռուսերեն լեզվով: Այն դեպքում, եթե եզրակացությունը կազմված է ոչ ռուսերեն լեզվով, ուղարկվում է դրա ռուսերեն ոչ պաշտոնական թարգմանության հետ միասին:

16. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոխման, լրացման և ուղղման ՔԿԱԳ տարածքային բաժնի մերժումը կարող է բողոքարկվել դատարան:

17. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարվում է սկզբնական (վերականգնված) գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից: Ընդ որում, լրացվում է քաղաքացիական կացության ակտի գրանցման նոր վկայական, որը տրվում է դիմողին կամ ուղարկվում է նրա բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնին` նրան հանձնելու համար: Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում կատարված փոփոխությունների, լրացումների և ուղղումների մասին հաղորդվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվին, որը համապատասխան նշում է կատարում քաղաքացիական կացության ակտի գրանցման երկրորդ օրինակում:

Զինապարտների և զորակոչիկների ազգանունները, անունները, հայրանունները, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը փոխելու վերաբերյալ մեկշաբաթյա ժամկետում հաղորդվում է նաև նրանց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատին, իսկ դատվածություն ունեցող կամ մի քանի ազգանուններ, անուններ և հայրանուններ ունեցող անձանց` դիմողի բնակության վայրի ներքին գործերի մարմիններին:

18. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման փոփոխության, լրացման և ուղղման վերաբերյալ ՔԿԱԳ տարածքային բաժնի եզրակացությունը, հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության պետի կողմից ենթակա է պարտադիր կատարման համապատասխան ակտի սկզբնական (վերականգնված) գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից:

19. Քաղաքացիական կացության ակտերը Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ տարածքային բաժիններում գրանցած օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու մասին դիմումները ներկայացնում են անձամբ կամ տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության միջոցով: Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարվում է ընդհանուր կարգով համապատասխան ակտի գրանցման վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից:

20. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և քաղաքացիական կացության ակտերը Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ տարածքային բաժիններում գրանցած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարվում է ընդհանուր կարգով:

21. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու դիմումների քննարկումը, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է կատարել համապատասխան ստուգումներ կամ եզրակացությունը պետք է հաստատվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության կողմից, պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում` հաշված ՔԿԱԳ տարածքային բաժնում դիմումը ստանալու օրվան հաջորդող օրվանից: Ըստ անհրաժեշտության այդ ժամկետը կարելի է երկարացնել ոչ ավելի, քան երկու ամսով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության պետի կողմից համապատասխան մակագրություն կատարելու միջոցով: Ժամկետի հետագա երկարացում կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի կողմից: Ընդ որում, ժամկետը որոշվում է յուրաքանչյուր առանձին դեպքում ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից: Ժամկետի երկարացման մասին տեղյակ է պահվում դիմողին և համապատասխան ՔԿԱԳ տարածքային բաժնին: Մյուս դեպքերում քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու դիմումների քննարկումը պետք է ավարտվի դիմում ստանալու օրվան հաջորդող օրվանից մեկշաբաթյա ժամկետում:

Քաղաքացիական կացության ակտի կորած գրանցման վերականգնման երևան եկած հանգամանքը ընդհատում է նշված ժամկետի ընթացքը:

Սույն կետի առաջին պարբերությամբ չնախատեսված դեպքերում քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելը և ՔԿԱԳ տարածքային այլ բաժիններից ստացված նյութերի հիման վրա վկայականներ տալը պետք է կատարվեն 5-օրյա ժամկետում:

22. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու վերաբերյալ դիմումները գրանցվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու վերաբերյալ դիմումների հաշվառման սահմանված ձևի հատուկ մատյանում:

23. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարվում են դրանցում եղած տեղեկություններն ընդգծելու և գրանցումների համապատասխան սյունակներում նոր կամ լրացուցիչ տեղեկություններ լրացնելու միջոցով: Տեղեկությունների ջնջումը կատարվում է այնպես, որպեսզի ընդգծված բառերը հնարավոր լինի կարդալ:

Քաղաքացիական կացության ակտի գրանցման առաջին և երկրորդ օրինակների վրա նշում է կատարվում փոփոխությունների, լրացումների և ուղղումների մասին` «Փոխումը, լրացումը կամ ուղղումը կատարված է (նշել ինչ փոփոխություն, լրացում, ուղղում է կատարվել գրանցման մեջ, փաստաթղթի անվանումը, նրա համարը, երբ և ում կողմից է տրված) հիման վրա»:

Քաղաքացիական կացության ակտի գրանցումներում կատարված փոփոխությունների, լրացումների և ուղղումների վերաբերյալ նշումը հաստատվում է այն կատարող ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով:

24. Քաղաքացիական կացության ակտի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու մասին ՔԿԱԳ տարածքային բաժինները տեղեկացնում են իրենց գտնվելու վայրի ներքին գործերի մարմիններին, իսկ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ կապված քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու մասին նաև` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

25. Քաղաքացիական կացության ակտի գրանցումներում փոփոխությունների, լրացումների և ուղղումների հետ կապված վկայականի կրկնօրինակներ կարող են տրվել նաև սահմանված կարգով վավերացված լիազորագիր ունեցող անձանց:

26. Քաղաքացիական կացության ակտի գրանցումներում փոփոխությունների, լրացումների և ուղղումների համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

 

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
1999 թվականի օգոստոսի 9-ի
N 1270 հրամանով

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերականգնման ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ճիշտ կիրառման, ինչպես նաև միասնական պրակտիկայի ապահովման նպատակով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժինները պետք է ղեկավարվեն հետևյալով.

1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերականգնումը կատարվում է ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից այդ գրանցումները կորսվելու դեպքում:

2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների, այդ թվում` վերականգնվածների, կորուստը պետք է հաստատված լինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվի կողմից, որը դիմողին տալիս է գրանցում չունենալու մասին սահմանված ձևի տեղեկանք: Դիմողին տրվող տեղեկանքի մեջ նշվում է միայն, որ նրա վերաբերյալ գրանցումը բացակայում է և վերականգնման հարցով դիմողը կարող է դիմել իր բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվը չպետք է տվյալներ հաղորդի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերի առկայության կամ բացակայության մասին:

Գրանցման կորուստը հաստատող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվը քաղաքացիական կացության ակտի գրանցման առկայությունը պարտավոր է ստուգել դիմումում նշված բնակության և ծննդյան վայրի գրքերով: Ստուգումը կատարվում է 7 տարվա մատյաններում (այն տարվա համար, որ նշված է դիմումի մեջ, ինչպես նաև դրան նախորդող 3 տարիների համար և դրան հաջորդող 3 տարիների համար):

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվում ակտի գրանցում չլինելու դեպքում տեղեկանք կարող է տրվել միայն ակտի գրանցման առկայությունն այն ՔԿԱԳ տարածքային բաժնում ստուգելուց հետո, որտեղ պետք է պահվեն դիմումի մեջ նշված բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերի առաջին օրինակները:

3. Որդեգրման (դստերագրման), հայրության որոշման, ազգանվան, անվան, հայրանվան փոխման, ամուսնության, ամուսնալուծության, մահվան կորած գրանցումների վերականգնում կատարվում է միայն այն դեպքում, երբ հաստատող փաստաթղթեր կան այն մասին, որ նախկինում համապատասխան ակտի գրանցում եղել է (քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականներ կամ պատշաճ կերպով հաստատված վկայականների պատճենները, անձը հաստատող փաստաթղթերում քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ դրոշմակները և այլն) կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

4. Քաղաքացիական կացության ակտի գրանցումը վերականգնելու վերաբերյալ դիմումը տրվում է դիմողի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:

Դիմումը պետք է գրված լինի ընթեռնելի, որտեղ սպառիչ պատասխաններ են տրվում բոլոր հարցերին: Մատիտով գրված և բանավոր հայտարարված դիմումի քննարկումն անթույլատրելի է:

Դիմումին կից պետք է ներկայացվի նաև դիմում տվողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը հավաստիանալով պատճենի իսկության հարցում պարտավոր է այն վավերացնել իր ստորագրությամբ և կնիքով: Դիմողի անձը հաստատող փաստաթղթեր են համարվում` անձնագիրը (անձնագիրը փոխարինող փաստաթղթերը), զինվորական գրքույկը: ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավասու չէ մերժել քաղաքացուն ընդունելը և քաղաքացիական կացության ակտի գրանցումը վերականգնելու մասին նրա դիմումը քննելը:

5. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու մասին դիմումները տրվում են այն անձանց կողմից, որոնց նկատմամբ կազմված են եղել այդ գրանցումները:

6. 18 տարին չլրացած երեխաների նկատմամբ գրանցումները վերականգնվում են նրանց ծնողների, որդեգրողների, խնամակալների և հոգաբարձուների, ինչպես նաև այն անձանց և կազմակերպությունների դիմումների հիման վրա, որոնց դաստիարակության տակ գտնվել են անչափահասները:

Սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնվում են նրանց խնամակալների դիմումների հիման վրա:

Այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ, ըստ նրանց առողջական վիճակի, հոգաբարձություն է սահմանված` քաղաքացիական կացության ակտերի գրանցումները կարող են վերականգնվել հոգաբարձուների դիմումների հիման վրա:

Ըստ անհրաժեշտության, քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերականգնման դիմումներով ՔԿԱԳ տարածքային բաժինները կարող են դիմել սահմանված կարգով գործունակ ճանաչված 16 տարին լրացած անչափահասները:

7. Մահացածների վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերականգնում չի կատարվում: Այդ դեպքերում մահացածի վերաբերյալ համապատասխան գրանցում է կատարվում ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից` քաղաքացիական կացության ակտի գրանցման փաստի հաստատման վերաբերյալ` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

8. Դիմումին կցվում են`

- կորած ակտի գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ համապատասխան մարմինների տեղեկանքը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերում կամ չափաբերական գրքերում գրանցում չլինելու մասին.

- դիմողի և նրա մերձավոր ազգականների ինքնակենսագրությունը (հոր, մոր, եղբայրների, քույրերի, երեխաների վերաբերյալ տվյալների մանրամասն նշումով).

- քաղվածք տնային կամ տնտեսության գրքույկից, տեղեկանք անձի բնակության վայրի մասին, որի նկատմամբ դիմում է տրվել գրանցումը վերականգնելու համար, նշելով նրա հետ համատեղ ապրող ընտանիքի անդամներին (հորը, մորը, եղբայրներին, քույրերին, երեխաներին) և տեղեկություններ նրանց վերաբերյալ (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ծննդավայրը և ազգակցության աստիճանը).

- գրանցումը վերականգնելու համար անհրաժեշտ տեղեկությունները հաստատող փաստաթղթեր (անձնագիր, անձնագիրը փոխարինող փաստաթղթի, զինվորական գրքույկի, աշխատանքային գրքույկի, արհմիութենական տոմսի, կրթության վերաբերյալ փաստաթղթերի, ամուսնության, ամուսնալուծության, երեխաների, եղբայրների, քույրերի ծննդյան վկայականների պատճենները, ինչպես նաև տեղեկանք աշխատանքի վայրից և այլն):

Դիմումին կարող են կցվել բժշկական տեղեկանքը ծննդի մասին, բուժական հիմնարկների, մանկամսուրների և մանկապարտեզների, դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների տեղեկանքները, ինչպես նաև տեղեկանքներ նախկին աշխատանքի վայրից և բնակության վայրից, դիմողի ծննդյան ժամանակը հաստատող և այլ տեղեկանքներ:

Դիմողի խնդրանքով ՔԿԱԳ տարածքային բաժինը քաղաքացուն պետք է ցուցաբերի բազմակողմանի աջակցություն, այդ փաստաթղթերի ստացման գործում, այդ թվում` պահանջել կազմակերպություններից անհրաժեշտ փաստաթղթեր, ՔԿԱԳ տարածքային այլ բաժիններից` նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցումների պատճեններ:

Դիմողի կողմից ներկայացվում է լուսանկար 4 x 6 չափի, որը փակցվում է դիմումի վերին ձախ անկյունում և վավերացվում ՔԿԱԳ տարածքային բաժնի կնիքով: Առանձին դեպքերում, դրանից բացի ՔԿԱԳ տարածքային բաժնի պահանջով դիմողի կողմից ներկայացվում է լուսանկարների անհրաժեշտ քանակ` հարցումների հետ միասին, դիմողի նախկին աշխատանքի վայր ուղարկելու համար:

Զինծառայողները նույնպես ներկայացնում են իրենց ծառայության վայրի զինվորական մասից տեղեկանք` այնպիսի տեղեկություններով, որոնք առնչություն ունեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերականգնման հետ:

9. Ստացված դիմումը և նրան կցված փաստաթղթերը մանրազնին ուսումնասիրվում, համեմատվում են ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից: Այն փաստերը, ինչպես նաև փաստաթղթերում եղած գրանցումները, որոնց հավաստի լինելը կասկած է հարուցում` ուսումնասիրվում են ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից` համապատասխան կազմակերպության, ՔԿԱԳ տարածքային այլ բաժիններին հարցումներ կատարելու միջոցով: Ջնջումներ և չծանոթագրված ուղղումներ պարունակող փաստաթղթերը ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից պետք է ուսումնասիրվեն առանձնակի ուշադրությամբ, անհրաժեշտության դեպքում դրանք փորձաքննության են ուղարկվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն:

10. Ծննդի վերականգնվող գրանցման մեջ անձի տարիքը ցույց է տրվում եղած փաստաթղթերի հիման վրա (անձնագրի, անձնագիրը փոխարինող փաստաթղթերի, զինվորական գրքույկի, աշխատանքային գրքույկի, արհմիութենական տոմսի, կրթության փաստաթղթերի, դիմողի ամուսնության, ամուսնալուծության, նրա երեխաների, ծնունդների գրանցումների պատճենների և այլնի), եթե դրանք չեն հակասում միմյանց:

Քաղաքացիների գրավոր հայտարարությունները, որոնք հաստատված չեն փաստաթղթերով, չեն կարող հիմք ծառայել դիմողի կողմից նշված տարիքը որոշելու համար:

Դիմողն իր անձնագրում (անձը հաստատող այլ փաստաթղթում) նշված տարիքի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացիական կացության ակտի գրանցումը վերականգնելու վերաբերյալ դիմումն ընդունող ՔԿԱԳ տարածքային բաժինը ուսումնասիրություն անցկացնելով պարտավոր է սույն կանոնների համաձայն վերականգնել գրանցումը, ցույց տալով նրանում դիմողի ծննդյան տարեթիվը` ուսումնասիրության նյութերի հիման վրա:

11. Երբ ներկայացված փաստաթղթերում նշված է միայն ծննդյան տարեթիվը, առանց նշելու ամիսը, ամսաթիվը, ապա ծննդյան ամիս և ամսաթիվ է ընդունվում տվյալ տարվա հուլիսի 1-ը:

Եթե ծննդյան ժամանակը սահմանված է տարվա առաջին կեսը, ապա ծննդյան ամիս և ամսաթիվ է ընդունվում տվյալ տարվա ապրիլի 1-ը, եթե երկրորդ կեսը` ապա նույն տարվա հոկտեմբերի 1-ը:

Եթե ծննդյան ժամանակի վերաբերյալ փաստաթղթում նշված է տարեթիվը և ամիսը` առանց ամսաթվի, ապա ծննդյան ամսաթիվն ընդունվում է համապատասխան ամսի 15-ը:

12. Բացառիկ դեպքերում, երբ դիմողը փաստաթղթերով չի կարող հաստատել իր ծննդյան վայրը և կատարված ուսումնասիրությամբ դիմողի ծննդյան վայրը նույնպես պարզված չէ` նրա մշտական բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժինը կատարում է ծննդի գրանցում: Ընդ որում, «Ծննդյան վայրը» սյունակում նշվում է այն բնակատեղին, որտեղ գտնվում է ծնունդը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժինը, որի մասին համապատասխան նշում է կատարվում գրանցման «Առանձին նշումներ» սյունակում:

13. Ծննդի գրանցումը վերականգնելիս այն դեպքերում, երբ դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերում և ուսումնասիրության նյութերում բացակայում են այն անձի տարիքի վերաբերյալ տեղեկությունները, որի նկատմամբ վերականգնվում է ծննդի գրանցումը կամ պարունակում են հակասական տվյալներ, այդ անձի տարիքը որոշելու համար նա ուղարկվում է բժշկական հանձնաժողովի քննության:

Նման դեպքերում տարիքի որոշումը կատարվում է եղած փաստաթղթերի և բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

14. Մինչև 16 տարեկան երեխաների տարիքը որպես կանոն որոշվում է ծննդի մասին բժշկական տեղեկանքի հիման վրա` երեխաներին չուղարկելով բժշկական հանձնաժողովի քննության:

Երբ բժշկական հիմնարկում տվյալներ չկան երեխայի ծննդի մասին, ինչպես նաև, եթե մինչև 16 տարեկան երեխաների տարիքի վերաբերյալ տեղեկությունները կասկած են հարուցում, դիմողի դիմումը սույն կանոններով սահմանված կարգով մերժվում է:

15. Տարիքը որոշելու վերաբերյալ բժշկական հանձնաժողովի եզրակացությունը ենթակա է քննության միայն այն դեպքում, երբ դիմողի բժշկական քննությունը կատարվել է ՔԿԱԳ տարածքային բաժնի պահանջով:

16. Դատվածություն ունեցող կամ մի քանի անուն, ազգանուն և հայրանուն ունեցող անձանց կապակցությամբ քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու վերաբերյալ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության այլ դեպքերում նյութերը ստուգման համար ուղարկվում են դիմումն ընդունող ՔԿԱԳ տարածքային բաժնի գտնվելու վայրի ներքին գործերի մարմիններին: Ներքին գործերի մարմինները ստուգումից հետո ոչ ուշ նյութերը ստանալու օրից մեկամսյա ժամկետում դրանք վերադարձնում է ՔԿԱԳ տարածքային բաժին` ստուգման արդյունքների վերաբերյալ եզրակացության հետ միասին:

17. Ներկայացված փաստաթղթերի և ստուգման արդյունքների հիման վրա ՔԿԱԳ տարածքային բաժինը եզրակացություն է կազմում քաղաքացիական կացության ակտի գրանցումը վերականգնելու կամ այն մերժելու մասին` սահմանված ձևով: Եզրակացության մեջ ցույց են տրվում այն բոլոր տեղեկությունները, որոնք պետք է լրացվեն վերականգնված գրանցման համապատասխան սյունակներում:

18. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը վերականգնելը մերժելու դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժնի եզրակացության մեջ պետք է ցույց տրվեն մերժման հիմքերը:

19. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը վերականգնելու կամ այն մերժելու վերաբերյալ ՔԿԱԳ տարածքային բաժնի եզրակացությունը հաստատվում կամ մերժվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության պետի կողմից, որի մասին նշվում է եզրակացության աջ անկյունում` «Հաստատում եմ» կամ «Մերժում եմ» մակագրությամբ:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը վերականգնելու վերաբերյալ ՔԿԱԳ տարածքային բաժնի եզրակացությունը կազմվում է երկու օրինակից: Առաջին օրինակը բոլոր նյութերի հետ միասին մնում է եզրակացություն կազմող ՔԿԱԳ տարածքային բաժնում: Եզրակացության երկրորդ օրինակը մնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչությունում:

20. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության պետը մերժում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերականգնման վերաբերյալ ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից կազմված եզրակացությունը` եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերականգնման գործը կազմվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ, քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերականգնումներ կատարելու պահանջը հիմնավորված չէ:

Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերականգնումը մերժելու մասին դիմողին տրվում է գրավոր պարզաբանում մերժման հիմքերի մասին, բացատրվում է գրանցման վերականգնման մերժումը բողոքարկելու կարգը և նրա խնդրանքով նրա կողմից ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են իրեն, բացի դիմումից:

21. Քաղաքացիական կացության ակտերի վերականգնված գրանցման արձանագրում կատարվում է ընթացիկ գրանցման գրքում, իսկ ծննդի վերականգնված գրանցման վերականգնումը` ծննդի վերականգնված գրանցումներն արձանագրելու գրքում:

Ծննդի վերականգնված գրանցումների համարակալումը սկսվում է առաջին համարից, այնուհետև ըստ հաջորդականության տարվա ընթացքում: Քաղաքացիական կացության մյուս ակտերի գրանցման վերաբերյալ վերականգնված գրանցումները համարակալվում են նախկին գրանցման համարով, ավելացնելով «Վ» տառը և վերականգնված գրանցման հերթական համարը:

Վերականգնված գրանցման երկրորդ օրինակն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվ:

22. Վերականգնված գրանցման հիման վրա դիմողին տրվում է քաղաքացիական կացության ակտի գրանցման վկայական:

Վերականգնված գրանցման հիման վրա տրվող վկայականների վրա նշում է կատարվում կամ դրոշմակ է դրվում` գրանցումը վերականգնված է մակագրությամբ: Տրված վկայականի սերիան և համարը ցույց են տրվում վերականգնված ակտի գրանցման երկու օրինակի վրա:

23. Քաղաքացիական կացության կորած ակտերի գրանցման վերականգնումը մերժվելու դեպքում ակտի գրանցման փաստը հաստատվում է դատական կարգով:

24. Քաղաքացիական կացության ակտի գրանցման փաստը դատական կարգով հաստատվելու դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժինը քաղաքացիական կացության ակտի գրանցումն արձանագրում է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա` առանց եզրակացություն կազմելու: Դիմողը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը ներկայացնում է իր մշտական բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին` քաղաքացիական կացության ակտի գրանցումը վերականգնելու վերաբերյալ դիմումի հետ միասին:

Անհրաժեշտության դեպքում դիմողը ծննդի գրանցումը վերականգնելու վերաբերյալ դիմումի մեջ ցույց է տալիս լրացուցիչ տվյալներ (տեղեկություններ ծննդավայրի, ծնողների մասին), որոնք պետք է հաստատված լինել համապատասխան փաստաթղթերով:

25. Քաղաքացիական կացության ակտերը Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ տարածքային բաժիններում գրանցած օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու վերաբերյալ դիմումները ներկայացնում են անձամբ կամ տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության միջոցով: Դիմումին կցվում են գրանցումը վերականգնելու համար անհրաժեշտ տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, լուսանկարներ, ինչպես նաև ինքնակենսագրությունը` դիմողի և նրա մերձավոր ազգականների մասին տվյալների մանրամասն նշումով: Գրանցման վերականգնումը կատարվում է ընդհանուր կարգով կորած ակտի գրանցման վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից:

26. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և քաղաքացիական կացության ակտերը Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ տարածքային բաժիններում գրանցած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերականգնումը կատարվում է ընդհանուր կարգով:

27. Եթե ծնունդը գրանցելու վերաբերյալ դիմումը ստացվել է երեխան ծնվելուց մեկ տարին անցնելուց հետո և մինչև նրա 16 տարին լրանալը, ծննդի գրանցումը կատարվում է երեխայի ծնողների մշտական բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից վերականգնված ծնունդների գրանցումների գրքում` ընդհանուր կարգով, որպես սկզբնական գրանցում, բայց հերթական համարից հետո ավելացնելով «գրանցում ժամկետի բացթողումով» բառերը: Այդպիսի դեպքերում դիմողի կողմից ներկայացվում է երեխայի ծննդի և կենդանության մասին բժշկական տեղեկանք, ինչպես նաև երեխայի բնակության վայրի մասին տեղեկանք:

16 տարեկանից բարձր անձանց ծննդի գրանցումը, որոնց վերաբերյալ ժամանակին գրանցում կազմված չի եղել, կատարվում է ծնունդների վերականգնված գրանցումներն արձանագրելու մատյանում` այն կարգով ու կանոններով, որոնք սահմանված են քաղաքացիական կացության ակտերի կորած գրանցումները վերականգնելու համար, հերթական համարից հետո ավելացնելով «գրանցում ժամկետի բացթողումով» բառերը:

28. Այն դեպքում, երբ ծննդի գրանցումը վերականգնելու մասին դիմումի ուսումնասիրության հետևանքով պարզվել է, որ դիմողի ծննդի գրանցում չի արձանագրվել, ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից կատարվում է ծննդի գրանցում ժամկետի բացթողումով: Այդ դեպքում դիմողից լրացուցիչ դիմում չի պահանջվում:

29. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու վերաբերյալ հարցերի քննարկումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում` հաշված ՔԿԱԳ տարածքային բաժնում դիմումը ստանալու օրվան հաջորդող օրվանից: Ըստ անհրաժեշտության այդ ժամկետը կարող է երկարացվել ոչ ավելի, քան երկու ամիս` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության պետի կողմից համապատասխան մակագրություն կատարելու միջոցով: Ժամկետի հետագա երկարացում կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի կողմից: Ընդ որում, յուրաքանչյուր առանձին դեպքում ժամկետը որոշվում է ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից: Ժամկետի երկարացման մասին տեղյակ է պահվում դիմողին և համապատասխան ՔԿԱԳ տարածքային բաժնին:

30. Քաղաքացիական կացության ակտերի կորած գրանցումները վերականգնելու վերաբերյալ դիմումների, ինչպես նաև սահմանված ժամկետի բացթողումով ծնունդների գրանցման վերաբերյալ դիմումների գրանցումը կատարվում է դիմումների հաշվառման հատուկ մատյանում` ըստ սահմանված ձևի:

31. Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձանց քաղաքացիական կացության ակտերի գրանցումները Հայաստանի Հանրապետությունում սույն կանոններով սահմանված կարգով վերականգնվում են գրանցումները հաստատող վկայականների առկայության դեպքում:

32. Քաղաքացիական կացության ակտի գրանցումներում վերականգնումները կատարելու մասին ՔԿԱԳ տարածքային բաժինները տեղեկացնում են իրենց գտնվելու վայրի ներքին գործերի մարմիններին, իսկ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ կապված քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում վերականգնումներ կատարելու մասին նաև` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

33. Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերականգնման հետ կապված վկայականի կրկնօրինակներ կարող են տրվել նաև սահմանված կարգով վավերացված լիազորագիր ունեցող անձանց:

34. Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերականգնման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

11 օգոստոսի 1999 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10299131

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.05.2007, N 97-Ն 25.06.2007, N 1270
02.04.2003, N 151-Ն 12.05.2003, N 1270
30.01.2002, N 44 21.02.2002, N 1270
13.08.2001, N 375 14.09.2001, N 1270
06.10.2000, N 631 30.10.2000, N 1270
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան