«Գրանցված է»
ՀՀ արդարադատությաննախարարության կողմից
26 մայիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11308164
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 մայիսի 2008 թ. |
N 576-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Հրամայում եմ`
1. Սահմանել քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը՝ համաձայն հավելված 2-ի:
ՀՀ պաշտպանության նախարար | Ս. Օհանյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2008 թ. մայիսի 14-ի |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում նշված Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի (այսուհետ՝ համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայողների (այսուհետ՝ քաղաքացիական ծառայող) վերապատրաստման հետ կապված հարաբերությունները:
2. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է:
3. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը կանոնակարգում, կազմակերպում և համակարգում է համապատասխան մարմնի ղեկավարը:
4. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարն (այսուհետ՝ աշխատակազմի ղեկավար) է:
5. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:
6. Բացի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքի, վերապատրաստումն անցկացվում է նաև քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում՝ քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ:
7. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա:
8. Քաղաքացիական ծառայողին վերապատրաստման ուղարկելը ձևակերպում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ աշխատակազմի ղեկավարի վերապատրաստման դեպքում՝ համապատասխան մարմնի ղեկավարը:
9. Վերապատրաստման ընթացքում քաղաքացիական ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից՝ քաղաքացիական հատուկ ծառայության իր զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ:
10. Վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին:
11. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստողների (այսուհետ՝ վերապատրաստողներ) թեկնածությունը սույն կարգով սահմանված ընթացակարգով հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարը:
12. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է համապատասխան մարմնի ղեկավարի կողմից սույն կարգով սահմանված ընթացակարգով հաստատված ծրագրերով:
13. Վերապատրաստողները քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը կազմակերպում են համապատասխան մարմնի ղեկավարի ներկայացրած ժամանակացույցին համապատասխան և յուրաքանչյուր վերապատրաստման դասընթացի ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան մարմնի ղեկավարին են ներկայացնում տեղեկանք (Ձև N 1)՝ վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ:
14. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
15. Համապատասխան մարմնի աշխատակազմը, եռամսյակը մեկ անգամ, համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում ամփոփ տեղեկանք՝ վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ, որոնց հիման վրա տարեվերջին ներկայացնում է հաշվետվություն քաղաքացիական ծառայողների վերապատրաստման տարեկան արդյունքների մասին:
II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
16. Քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստումը (այսուհետ՝ պարտադիր վերապատրաստում) առնվազն պետք է ընդգրկի քաղաքացիական հատուկ ծառայության, կառավարչական հմտությունների և համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության (այսուհետ՝ մասնագիտական) բնագավառների ծրագրեր:
Պարտադիր վերապատրաստումը կարող է ընդգրկել նաև մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողների գործուղման այն ծրագրերը, որոնք հաստատվել են համապատասխան մարմնի ղեկավարի կողմից:
17. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված վերապատրաստման ծրագրերը համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում համապատասխան մարմնի աշխատակազմը՝ տվյալ վերապատրաստումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:
Սույն կետով նախատեսված ծրագրերը ներկայացվում են ըստ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերի:
Սույն կետով նախատեսված ծրագրերի հետ միաժամանակ համապատասխան մարմնի ղեկավարին պետք է ներկայացվի նաև այդ ծրագրերով վերապատրաստողների թեկնածությունը:
18. Աշխատակազմի ղեկավարը կազմակերպում է համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը համապատասխան մարմնի աշխատակազմի կողմից կազմված պլան-ժամանակացույցին համապատասխան՝ վերապատրաստողին ներկայացնելով հայտ (Ձև N 2):
19. Պարտադիր վերապատրաստման ծրագրերը պետք է իրականացվեն առնվազն դասախոսությունների և գործնական պարապմունքների միջոցով:
20. Պարտադիր վերապատրաստման արդյունքում քաղաքացիական ծառայողին տրվում է վկայական (Ձև N 3):
21. Պարտադիր վերապատրաստման դասընթացների ավելի քան մեկ երրորդին քաղաքացիական ծառայողի անհարգելի բացակայության դեպքում նրա սույն կարգի 20-րդ կետով նախատեսված վկայական չի տրվում:
Սույն կետով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայողին տրվում է տեղեկանք՝ ծրագրերի ունկնդրած ծավալի և բովանդակության մասին:
22. Պարտադիր վերապատրաստման դասընթացների կեսից ավելիին քաղաքացիական ծառայողի հարգելի բացակայության դեպքում (հիվանդություն, գործուղում և այլն) նրան՝ համապատասխան մարմնի ղեկավարի ուղեգրով հնարավորություն է տրվում մասնակցելու հաջորդ դասընթացներից որևէ մեկին:
III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՄ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
23. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ վերապատրաստման դեպքերում տվյալ վերապատրաստման ծրագրերը (բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության, կառավարչական հմտությունների) և այդ ծրագրերով վերապատրաստողների թեկնածությունը համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում համապատասխան մարմնի աշխատակազմը՝ տվյալ վերապատրաստումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:
Սույն կետով նախատեսված դեպքերում համապատասխան մարմնի աշխատակազմը համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում նաև տվյալ վերապատրաստման ֆինանսավորման մասին տեղեկատվություն:
24. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքերում քաղաքացիական հատուկ ծառայության, կառավարչական հմտությունների բնագավառների ծրագրերով վերապատրաստման առաջարկությունը՝ հիմնավորմամբ, համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում համապատասխան մարմնի աշխատակազմը: Այդ առաջարկության հիման վրա համապատասխան ծրագրերը և այդ ծրագրերով վերապատրաստողների թեկնածությունը համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացվում սույն կարգի 17-րդ կետով սահմանված կարգով:
25. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքերում տվյալ վերապատրաստման ծրագրերով սահմանվում են նաև վերապատրաստման ձևերը և գնահատման մեխանիզմները:
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2008 թ. մայիսի 14-ի |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում է «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում նշված Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի (այսուհետ՝ համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայողների (այսուհետ՝ քաղաքացիական ծառայող) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղման հետ կապված հարաբերությունները:
2. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղումը (այսուհետ՝ գործուղում) իրականացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը):
Համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի գործուղումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սույն կետով նախատեսված գործուղումը կատարվում է քաղաքացիական ծառայողի համաձայնությամբ:
3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ:
4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին:
5. Սույն կարգի 2-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված գործուղման դեպքում համապատասխան մարմնի աշխատակազմը, գործուղումից առնվազն 30 օր առաջ, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին է ներկայացնում գործուղման հիմքերը (այդ թվում` գործուղման ծրագրերը, հրավերը և այլն)` գործուղման վերաբերյալ որոշում կայացնելու համար:
6. Սույն կարգի 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված գործուղման դեպքում համապատասխան մարմնի ղեկավարը, գործուղումից առնվազն 30 օր առաջ, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում գործուղման հիմքերը (գործուղման ծրագրերը, հրավերը և այլն)՝ գործուղման վերաբերյալ որոշում կայացնելու համար:
7. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման դեպքերում համապատասխան մարմնի ղեկավարը գործուղման ծրագրերը կարող է հաստատել որպես պարտադիր վերապատրաստման ծրագրեր` գործուղումը համարելով պարտադիր վերապատրաստում:
8. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման դեպքերում գործուղված քաղաքացիական ծառայողը գործուղումից հետո առնվազն մեկշաբաթյա ժամկետում համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում գործուղման հետ կապված հաշվետվություն՝ կցելով համապատասխան նյութերը, իսկ հաշվետվության պատճենը (համապատասխան նյութերով) ներկայացնում համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարին:
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
_________________________________________________ կողմից վերապատրաստողի
_____________________________________________________ վերապատրաստման ժամկետները և ծրագրերը
քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին
_____________________ (վերապատրաստողը) |
Ձև N 2 Հ Ա Յ Տ
__________________________________________________ ներկայացվող (վերապատրաստող) ___________________________________________________________ (համապատասխան մարմնի ստորաբաժանման անվանումը)
քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին
_______________________________________ -ից խմբի պատասխանատու անձ է (համապատասխան մարմնի ստորաբաժանման անվանումը)
նշանակված ____________________________________________________ (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամարներ)
Աշխատակազմի ղեկավար ____________________________________________ (անուն, ազգանուն) |
Ձև N 3
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N -
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
Տրվում է _______________________________________________ ______________________________________________________ (պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
առ այն, որ նա վերապատրաստվել է ________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ (վերապատրաստողը, վերապատրաստման ծրագիրը, վերապատրաստման ժամկետը)
_______________ (վերապատրաստողը) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.01.2009, N 34-Ն | 26.02.2009, N 576-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|