Գլխավոր տեղեկություն
Համար
N 23-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.11.2007-25.10.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.04.01/10(284) Հոդ.94
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.02.2004
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2004

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 մարտի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 10504050

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 փետրվարի 2004 թ.
ք. Երևան 

N 23-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման N1 հավելվածի 8-րդ կետի ի) ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել.

ա) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի վարման կարգը համաձայն N 1 հավելվածի (կցվում է),

բ) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի հանձնաժողովի կազմը համաձայն N 2 հավելվածի (կցվում է):

 

Նախարար`

Վ. Այվազյան

 

 

Հավելված N 1

 


Հաստատված է

ՀՀ բնապահպանության նախարարի

12 փետրվարի 2004 թ.

N 23-Ն հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի բույսերի և սնկերի տեսակները, ենթատեսակները (այսուհետև՝ վայրի բույսեր և սնկեր) բույսերի Կարմիր Գրքում գրանցելու և գրանցումից հանելու գործընթացների վարման կարգը:

2. Բույսերի Կարմիր գիրքը միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ է, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող բույսերի և համակեցությունների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին:

3. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում վայրի բույսերի և սնկերի տեսակների գրանցման համար հիմք են հանդիսանում գիտական ուսումնասիրություններով հիմնավորված և համապատասխան մասնագիտական կազմակերպության կողմից հաստատված կարծիքը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում աճող վայրի բույսերի և սնկերի քանակի և տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման և անհետացման վտանգի վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում գրանցման ենթակա հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի բույսերի և սնկերի կարգավիճակի որոշման համար հիմք է հանդիսանում Բնության պահպանության միջազգային միության կողմից մշակված բնապահպանական կարգավիճակների սանդղակը:

5. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքից վայրի բույսերի և սնկերի տեսակների դուրս բերման համար հիմք են հանդիսանում դրանց բարվոք վիճակի մասին նոր գիտական ուսումնասիրություններով հիմնավորված և համապատասխան գիտահետազոտական ինստիտուտի կամ բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից հաստատված կարծիքը:

6. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գիրքը հավելումի ձևով կարող է ընդգրկել նաև Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքից դուրս բերված տեսակների ցանկը, Բնության պահպանության միջազգային միության բնապահպանական կարգավիճակների սանդղակը, Կարմիր Գրքին առնչվող նորմատիվային այլ ակտեր:

7. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում վայրի բույսերի և սնկերի տեսակների գրանցումը և գրանցումից դուրս բերելը իրականացվում է սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի Հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) եզրակացության հիման վրա:

8. Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարն է:

9. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գիրքը վարում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչությունը:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

 

10. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

11. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ իրենց համաձայնությամբ:

12. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

13. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի Հանձնաժողովը ստեղծվում է հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի բույսերի և սնկերի տեսակները Կարմիր Գրքում գրանցելու ու գրանցումից դուրս բերելու գործընթացը իրականացնելու նպատակով:

14. Հանձնաժողովի գործառույթներն են.

ա) գիտահետազոտական, կրթական, հասարակական կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց կողմից սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերի պահանջներին համապատասխան ներկայացված վայրի բույսերի և սնկերի տեսակների Կարմիր Գրքում գրանցելու կամ գրանցումից դուրս բերելու առաջարկությունների ընդունում ու քննարկում,

բ) ստացված առաջարկությունների վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրությունների կազմակերպում,

գ) ստացված տեղեկատվության հիման վրա վայրի բույսերի և սնկերի տեսակների վիճակի վերլուծության իրականացում, սույն կարգի 4-րդ կետի համապատասխան նրանց կարգավիճակների որոշում և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում դրանց գրանցելու կամ գրանցումից դուրս բերելու վերաբերյալ եզրակացությունների ընդունում,

դ) այլ կազմակերպչական հարցեր՝ կապված Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի պատրաստման և վերահրատարակման հետ:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, ոչ պակաս, քան տարին 1 անգամ:

16. Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

17. Հանձնաժողովի քարտուղարը նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերի անցկացումը, Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում ստացված առաջարկությունները և կազմում արձանագրություն:

18. Հանձնաժողովը կազմվում է 13 անդամից:

19. Հանձնաժողովի նիստերը համարվում են կայացած անդամների 2/3-ի մասնակցության դեպքում:

20. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում նոր տեսակների գրանցման կամ գրանցումից դուրս բերման վերաբերյալ եզրակացությունն ընդունվում է Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ այլ հարցերի վերաբերյալ՝ նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

21. Հանձնաժողովի նիստի եզրակացությունը ստորագրվում է նախագահի և քարտուղարի կողմից և տրամադրվում հանձնաժողովի անդամներին:

 

 

Հավելված N 2

Հաստատված է

ՀՀ բնապահպանության նախարարի

12 փետրվարի 2004 թ.

N 23-Ն հրամանով

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Հարությունյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ),
Ժ. Վարդանյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի տնօրեն, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (հանձնաժողովի նախագահի տեղակալ),
Ն. Խանջյան Երևանի Հր. Աճառյանի անվան համալսարանի կենսաբանության և էկոլոգիայի ամբիոնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար),
Ա. Զիրոյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, կենս. գիտ. դոկտոր,
Տ. Դանիելյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության վարչության կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների պահպանության բաժնի պետ, կենս. գիտ. թեկնածու,
Է. Գաբրիելյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի կարգաբանության բաժնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
Գ. Ֆայվուշ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտ. աշխատող, կենս. գիտ. դոկտոր,
Մ. Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտ. աշխատող, կենս. գիտ. դոկտոր,
Ա. Ղուկասյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի ավագ գիտ. աշխատող, կենս. գիտ. թեկնածու,
Կ. Թամանյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտ. աշխատող, կենս. գիտ. թեկնածու,
Ժ. Հակոբյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի ավագ գիտ. աշխատող, կենս. գիտ. թեկնածու,
Լ. Օսիպյան Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի պատվավոր վարիչ, ակադեմիկոս,
Ս. Նանագուլյան Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր

(Կազմը խմբ. 02.10.07 N 315-Ն)