Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պայմանագիր
Ակտի տիպ
Base act (12.08.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2015.12.30/4(34)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2014
Ստորագրման ամսաթիվ
23.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2015

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը՝ մի կողմից, և Ղրղզստանի Հանրապետությունը՝ մյուս կողմից, այսուհետ` Կողմեր,

 

հաստատելով Կողմերին ու դրանց ժողովուրդներին միավորող բարեկամական հարաբերությունները և դրանց բարգավաճումն ապահովելու ձգտումը,

վճռականորեն տրամադրված լինելով նորովի խթանելու առավել սերտ ինտեգրումն ու Կողմերի տնտեսությունների միջև կապերի սերտացումը՝ ժողովուրդների սոցիալական առաջընթացի և բարեկեցության բարելավման նպատակով,

 

հաստատելով եվրասիական ինտեգրման գործընթացի զարգացման հարցում իրենց շահագրգռվածությունը,

 

առաջնորդվելով եվրասիական ինտեգրման գործընթացին Ղրղզստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ղրղզստանի Հանրապետության ղեկավարների կողմից 2014 թվականի մայիսի 29–ին և 2014 թվականի հոկտեմբերի 10–ին արված հայտարարություններով,

 

հաշվի առնելով, որ 2014 թվականի հոկտեմբերի 10–ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագիրը, որով, ի թիվս այլնի, նախատեսվում է փոփոխություններ կատարել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրում,

 

հաշվի առնելով, որ այն միջազգային պայմանագրերը, որոնց հիման վրա ձևավորվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազան, դարձել են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի հիմքը, փաստելով նշված միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները կատարելու հարցում Ղրղզստանի Հանրապետության պատրաստակամության մասին, հաշվի առնելով Ղրղզստանի Հանրապետության կողմից Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Ղրղզստանի Հանրապետության միանալու հետ կապված անհրաժեշտ միջոցառումների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը,

 

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Պայմանագրով Ղրղզստանի Հանրապետությունը միանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի՝ սույն Պայմանագրի հավելվածով նախատեսված ցանկին համապատասխան, և սույն Պայմանագիրն ու սույն հոդվածի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված արձանագրություններն ուժի մեջ մտնելու օրվանից դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ։

Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին և սույն Պայմանագրի հավելվածում նշված առանձին միջազգային պայմանագրերին միանալու կապակցությամբ (հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության միանալու կապակցությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրում և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ կատարված փոփոխությունները («Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10–ին ստորագրված պայմանագրի 2–րդ հավելված)) կատարվում են փոփոխություններ՝ առանձին արձանագրության համաձայն, որը համարվելու է սույն Պայմանագրի անքակտելի մասը։

Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և սույն Պայմանագրի հավելվածում նշված մյուս միջազգային պայմանագրերի առանձին նորմերի կիրառումն իրականացվում է այն առանձին արձանագրությամբ սահմանվող պայմաններին և անցումային դրույթներին համապատասխան, որը համարվելու է սույն Պայմանագրի անքակտելի մասը, և հաշվի առնելով այդ արձանագրությամբ նախատեսված ցանկով սահմանված ապրանքների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի կիրառման վերաբերյալ պայմանավորվածությունները:

 

Հոդված 2

 

Եթե մինչև սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելը ստորագրվի կամ ուժի մեջ մտնի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև կնքված, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ Եվրասիական տնտեսական միության գործունեությանը և զարգացմանն առնչվող հարցերով միջազգային պայմանագիր, որի մասին նշված չէ սույն Պայմանագրի հավելվածում, ապա Ղրղզստանի Հանրապետությունը ստանձնում է առանձին արձանագրությամբ այդ միջազգային պայմանագրին միանալու պարտավորություն` վերջինս ուժի մեջ մտնելու օրը, սակայն ոչ շուտ, քան սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը:

 

Հոդված 3

 

Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից Ղրղզստանի Հանրապետությունը կիրառում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը։

Ղրղզստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի կիրառումն իրականացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից պետական սահմանի ղրղզա–ղազախական հատվածով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության վերացման մասին որոշումն ընդունվելու օրվանից՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 1–ին հոդվածի երրորդ պարբերության մեջ նշված արձանագրությամբ սահմանված դրույթները։

 

Հոդված 4

 

Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերը, ինչպես նաև սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի)) որոշումները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Մաքսային միության հանձնաժողովի) որոշումները ենթակա են կիրառման Ղրղզստանի Հանրապետության տարածքում` հաշվի առնելով սույն Պայմանագրի 1-ին հոդվածի երրորդ պարբերության մեջ նշված արձանագրությամբ սահմանված դրույթները և հաշվի առնելով սույն Պայմանագրի 3–րդ հոդվածի երկրորդ պարբերությունը:

 

Հոդված 5

 

Ղրղզստանի Հանրապետության՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության հետ կապված հարցերի կարգավորման վերաբերյալ դրույթները սահմանվում են սույն Պայմանագրի 1–ին հոդվածի երրորդ պարբերության մեջ նշված արձանագրությամբ։

Երրորդ երկրների առնչությամբ Եվրասիական տնտեսական միության միասնական առևտրային ռեժիմի պահպանման նպատակներով երրորդ երկրների հետ առևտրում Ղրղզստանի Հանրապետությունը կիրառում է 2015 թվականի հունվարի 1–ի դրությամբ Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների կողմից այդպիսի երրորդ երկրների հետ նրանց կնքած միջազգային պայմանագրերին համապատասխան կիրառվող ռեժիմին համապատասխանող ռեժիմ։

 

Հոդված 6

 

Պետական սահմանի ղրղզա–ղազախական հատվածով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության վերացման մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը քննարկելու է սույն հոդվածի առաջին պարբերության մեջ նշված որոշումն ընդունելու հարցը ոչ ուշ, քան 2015 թվականի մայիսի 8–ը՝ հաշվի առնելով հետևյալ միջոցառումներն իրականացնելուց հետո մաքսային հսկողության համակարգի գնահատումը.

Ղրղզստանի Հանրապետության՝ «Մանաս», «Oշ» օդային անցման կետերը և Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին Ղրղզստանի Հանրապետության՝ «Իրկեշտամ», «Տորուգարտ» ավտոմոբիլային անցման կետերը կշռող սարքերով, զննման ռենտգենյան սարքավորումներով, տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեսագրման համակարգով, ռադիացիոն հսկողության, թմրամիջոցների և պայթուցիկ նյութերի հայտնաբերման ստացիոնար և (կամ) շարժական սարքերով, օպերատիվ ռեժիմով տեղեկատվական համակարգերի աշխատանքն ապահովող տեխնիկական միջոցներով և կապուղիներով, ինչպես նաև անցման կետերի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ ինժեներական սարքավորումներով ապահովումը,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարման ամբողջականությունն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակման կազմակերպումը,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների հետ էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակման կազմակերպումը՝ հետևյալ գործընթացների մասով.

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրումների նկատմամբ հսկողություն,

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման նկատմամբ հսկողություն և դրա հաստատում,

ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման նկատմամբ հսկողություն,

«Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների վերլուծական և հսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով տեղեկությունների փոխանակումը կազմակերպելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19-ի համաձայնագրի շրջանակներում տեղեկությունների փոխանակում։

 

Հոդված 7

 

Պետական սահմանի ղրղզա–ղազախական հատվածում սանիտարակարանտինային, անասնաբուժասանիտարական և կարանտին բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) վերացնելու մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը քննարկելու է սույն հոդվածի առաջին պարբերության մեջ նշված որոշումն ընդունելու հարցը ոչ ուշ, քան 2015 թվականի մայիսի 8–ը՝ հաշվի առնելով անասնաբուժասանիտարական և կարանտին բուսասանիտարական հսկողության համակարգի գնահատումը, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) համակարգին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցների և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների ծանոթացումը։

Մինչև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից պետական սահմանի ղրղզա–ղազախական հատվածում սանիտարակարանտինային, անասնաբուժասանիտարական և կարանտին բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) վերացնելու մասին որոշման ընդունումը Ղրղզստանի Հանրապետության տարածքում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարատին բուսասանիտարական միջոցների կիրառման ոլորտում գործելու են Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) պահանջները և ընթացակարգերը ու Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները։

 

Հոդված 8

 

1. Ղրղզստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի կիրառման օրվանից երեք տարի ժամկետում «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հավելված) կատարվում են փոփոխություններ՝ հաշվի առնելով հետևյալը.

12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Յուրաքանչյուր անդամ պետության համար ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվները սահմանվում են հետևյալ չափերով՝

Հայաստանի Հանրապետություն՝ 1,11 տոկոս.

Բելառուսի Հանրապետություն՝ 4,56 տոկոս.

Ղազախստանի Հանրապետություն՝ 7,11 տոկոս.

Ղրղզստանի Հանրապետություն՝ 1,9 տոկոս.

Ռուսաստանի Դաշնություն՝ 85,32 տոկոս:».

40-րդ կետը «Աստանա քաղաքի ժամանակով,» բառերից հետո լրացնել «Ղրղզստանի Հանրապետության համար՝ Բիշքեկ քաղաքի ժամանակով» բառերով.

53–րդ կետը «հաշվիչ կոմիտեն,» բառերից հետո լրացնել «Ղրղզստանի Հանրապետության հաշվիչ պալատը,» բառերով։

2. Ղրղզստանի Հանրապետությունը կիրառում է «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի ու հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրությունը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հավելված), ինչպես նաև «Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման և բաշխման մասին» հիմնադրույթը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հավելվածի հավելված) Ղրղզստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը կիրառել սկսելու ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից:

 

Հոդված 9

 

Սույն Պայմանագրի մասով վերապահումներ չեն թույլատրվում։

 

Հոդված 10

 

Սույն Պայմանագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 112-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 11

 

Սույն Պայմանագիրը դառնում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս:

Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից, բայց ոչ շուտ, քան սույն Պայմանագրի 1–ին հոդվածի երկրորդ և երրորդ պարբերությունների մեջ նշված արձանագրություններից վերջինն ուժի մեջ մտնելու օրը:

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2014 թվականի դեկտեմբերի 23-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:

Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն Պայմանագրի ավանդապահ, յուրաքանչյուր Կողմի կտրամադրի դրա հաստատված պատճենը։

 

Բելառուսի Հանրապետության
կողմից


/ստորագրություն/

Ղազախստանի Հանրապետության
կողմից


/ստորագրություն/

 

Ռուսաստանի Դաշնության կողմից

 

 

/ստորագրություն/

Հայաստանի Հանրապետության
կողմից


/ստորագրություն/

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

«Ղրղզստանի Հանրապետության՝

«Եվրասիական տնտեսական միության մասին»

2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին

միանալու մասին» պայմանագրի

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերի, որոնց միանում է Ղրղզստանի Հանրապետությունը

 

1. «Ապրանքների ծագման երկիրը որոշելու միասնական կանոնների մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագիր։

2. «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագիր (««Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)։

3. «Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի մասին» 2008 թվականի դեկտեմբերի 12-ի արձանագրություն։

4. «Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոնների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 12-ի համաձայնագիր։

5. «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիր (««Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)։

6. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխադարձ վարչական օգնության մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր։

7. «Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր։

8. ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման առանձնահատկությունների և բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր (««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման առանձնահատկությունների և բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրության խմբագրությամբ)։

9. «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկություններ փոխանակելու և ներկայացնելու վերաբերյալ» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր։

10. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների և մյուս պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակմանը ներկայացվող պահանջների մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր։

11. «Մաքսատուրքերի վճարման ժամկետների փոփոխման հիմքերի, պայմանների և կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր։

12. «Մաքսային միության մաքսային տարածքով երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների մաքսային տարանցման առանձնահատկությունների մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր։

13. «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր («Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19–ի արձանագրության խմբագրությամբ)։

14. «Ազատ պահեստների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր։

15. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձևերի կիրառումից ազատելու մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր։

16. «Ուղևորների փոխադրում իրականացնող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները, ինչպես նաև բեռներ և (կամ) ուղեբեռ փոխադրող կցորդները, կիսակցորդները, կոնտեյներները և երկաթուղային շարժակազմը Մաքսային միության մաքսային տարածքում ներքին փոխադրումներում օգտագործելու առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր։

17. «Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների մասով մաքսային գործառնությունների առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր։

18. «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր։

19. «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կարգի մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագիր։

20. «Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին» 2011 թվականի հուլիսի 5-ի պայմանագիր։

21. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև քրեական գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավական օգնության և փոխգործակցության մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի համաձայնագիր։

22. «Երրորդ պետություններից անօրինական աշխատանքային միգրացիայի հակազդեցության ոլորտում համագործակցության մասին» 2010 թվականի նոյեմբերի 19-ի համաձայնագիր։

23. «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագիր1։

24. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագիր։

25. «Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցերով մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 2011 թվականի հունիսի 22-ի համաձայնագիր։

26. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների վերլուծական և հսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով տեղեկությունների փոխանակումը կազմակերպելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19-ի համաձայնագիր։

27. «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագիր։

28. «Մաքսային միության անդամ պետությունների՝ Մաքսային միության անդամ չհանդիսացող՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման մասին» 2012 թվականի դեկտեմբերի 17-ի համաձայնագիր։

29. «Մաքսային միության մաքսային տարածքով թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխման կարգի մասին» 2013 թվականի հոկտեմբերի 24-ի համաձայնագիր։

30. «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի անձնագրի ու այլ տիպի տեխնիկայի անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագիր։

31. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս կոնֆիդենցիալ տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12–ի համաձայնագիր։

32. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագիր։

33. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23–ի համաձայնագիր։

34. «Ապրանքների ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտի տեղեկությունների, այդ թվում՝ կոնֆիդենցիալ տեղեկությունների փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23–ի համաձայնագիր:

___________________________________

1 «Բազմակողմ առեւտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19–ի պայմանագիրը կիրառվում է 2012 թվականի օգոստոսի 22-ից առաջացող հարաբերությունների նկատմամբ: Նշված պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության մասնակցությունը չի հանգեցնում ««Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» 1998 թվականի հոկտեմբերի 14-ի Մարաքեշի համաձայնագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրության մեջ ամրագրված՝ Ղրղզստանի Հանրապետության պարտավորությունների տարածմանը Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների եւ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության վրա՝ բացառությամբ «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի 1-ին հոդվածի երրորդ պարբերության մեջ նշված արձանագրությամբ նախատեսված դեպքերի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան