Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պայմանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2017.07.26/1(38)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
10.12.2010
Ստորագրման ամսաթիվ
10.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2016

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԱՆՁԱՆՑ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,

գիտակցելով մարդու և քաղաքացու օրինական իրավունքների ու ազատությունների պաշտպանությանն ուղղված արդյունավետ միջոցների կիրառման անհրաժեշտությունը,

առաջնորդվելով միջազգային իրավունքի` բոլորի կողմից ընդունված սկզբունքներով և նորմերով,

հենվելով միջազգային պայմանագրերի դրույթների վրա, որոնց մասնակից են հանդիսանում Կողմերը,

արտահայտելով անձանց միջպետական հետախուզման ոլորտում համագործակցության արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ձգտումը,

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Պայմանագրի նպատակներից ելնելով՝ օգտագործվում են հետևյալ հիմնական եզրույթները.

ա) Կողմերի իրավասու մարմիններ – մարմիններ, որոնք, Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան, անձանց միջպետական հետախուզման հարցերով իրավասու են մտնելու հարաբերությունների մեջ և ընդունելու որոշումներ միջպետական հետախուզում հայտարարելու (դադարեցնելու) և/կամ իրականացնելու մասին,

բ) անձանց միջպետական հետախուզում – օպերատիվ-հետախուզական, որոնողական, տեղեկատվական-վերլուծական և այլ միջոցառումների համալիր, որոնք ուղղված են՝

հետաքննության, նախաքննության մարմիններից կամ դատարանից թաքնվող, քրեական պատժի կրումից խուսափող անձանց հայտնաբերելուն, ձերբակալելուն և կալանավորելուն` հանձնելու կամ քրեական հետապնդում իրականացնելու նպանակով,

ըստ հայցի՝ դատարանի որոշումների կատարումից խուսափող անձանց գտնվելու վայրը պարզելուն,

անհայտ կորած կամ հարազատների հետ կապը կորցրած անձանց գտնվելու վայրը պարզելուն,

իր մասին հավաստի տեղեկություններ հաղորդելու անընդունակ մարդու անձը պարզելուն,

չճանաչված դիակի ինքնությունը պարզելուն,

ինչպես նաև, հետախուզում նախաձեռնող պետության սահմաններից դուրս գտնվող, սակայն Կողմերի տարածքներում գտնվող՝ հետախուզվող և բացահայտվող անձանց բոլոր խմբերի մասին տեղեկատվություն տրամադրելուն,

գ) հետաքննության, նախաքննության մարմիններից և դատարանից թաքնվող անձ – անձ, որի նկատմամբ հետաքննության, նախաքննության մարմնի կամ դատարանի կողմից հետախուզում հայտարարելու մասին որոշում է կայացվել,

դ) քրեական գործով պատժի կամ հայցով դատարանի որոշման կատարումից խուսափող անձ – հանցագործություն կատարելու համար դատապարտված կամ դատարանի որոշմամբ պարտավորություններ կատարելու ենթակա, քրեական գործով դատավճռի կամ դատարանի որոշման կատարումից խուսափող անձ, որի գտնվելու վայրն անհայտ է, որի նկատմամբ դատարանի կողմից կայացվել են հետախուզում հայտարարելու մասին որոշում կամ այլ օրինական որոշումներ,

ե) անհայտ կորած անձ - անձ, որի անհետացման մասին իրավասու մարմնում հայտարարություն կամ հաղորդում է ստացվել,

զ) հարազատների հետ կապը կորցրած անձ – հարազատների հետ տարբեր պատճառներով կապ չպահպանող և իր գտնվելու վայրի մասին տեղեկություններ չհայտնող անձ, որի վերաբերյալ իրավասու մարմնում հայտարարություն է ստացվել հետախուզման մասին,

է) իր մասին հավաստի տեղեկություններ հաղորդելու անընդունակ անձ - անձ, որն իրավասու մարմնին հիվանդության, տարիքի կամ այլ վիճակի պատճառով ի վիճակի չէ հայտնելու տեղեկություններ, որոնք թույլ կտան ստույգ հաստատել նրա անձը:

 

Հոդված 2

 

1. Կողմերը, սույն Պայմանագրին, այլ միջազգային պայմանագրերին և ազգային օրենսդությանը համապատասխան, անձանց միջպետական հետախուզման ոլորտում համագործակցությունն իրականացնում են իրենց իրավասու մարմինների միջոցով:

2. Իրավասու մարմինների ցանկը որոշվում է յուրաքանչյուր Կողմի կողմից և փոխանցվում ավանդապահին սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցագիրն ի պահ հանձնելիս:

Իրավասու մարմինների ցանկում փոփոխությունների մասին յուրաքանչյուր Կողմ մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է ավանդապահին:

 

Հոդված 3

 

1. Կողմերի իրավասու մարմինները համագործակցությունն իրականացնում են հետևյալ ձևերով.

ա) անձանց միջպետական հետախուզմանն ուղղված միջոցառումների անցկացման մասին հարցումների կատարում,

բ) հետախուզվող անձանց մասին օպերատիվ, հետախուզական, օպերատիվ-տեղեկատվական, քրեագիտական և այլ տեղեկատվության փոխանակում,

գ) համաձայնեցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլանավորում և իրականացում,

դ) օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ժամանակ գործողությունները համաձայնեցնելու նպատակով Կողմերի ներկայացուցիչների ծառայողական գործուղումների կազմակերպում` նրանց իրավասու մարմինների համաձայնությամբ,

ե) ծառայողական գործուղման մեջ գտնվելու ժամանակ Կողմերի իրավասու մարմինների աշխատակիցներին աջակցության ցուցաբերում,

զ) աշխատանքային փորձի փոխանակում, համատեղ խորհրդակցությունների, խորհրդաժողովների և սեմինարների անցկացում,

է) կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ոլորտներում աջակցության ցուցաբերում,

ը) օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, մեթոդական հանձնարարականների փոխանակում,

թ) անձանց միջպետական հետախուզման կենտրոնացված տեղեկատվական զանգվածի ձևավորման և վարման գործում մասնակցություն:

2. Կողմերի իրավասու մարմինները կարող են համագործակցություն իրականացնել փոխադարձաբար ընդունելի այլ ձևերով:

 

Հոդված 4

 

Կողմերի իրավասու մարմիններն անձանց միջպետական հետախուզումն իրականացնում են`

ա) հետաքննության, նախաքննության մարմիններից կամ դատարանից թաքնվող և քրեական պատժի կրումից խուսափող,

բ) հայցով դատական որոշումների կատարումից խուսափող,

գ) անհայտ կորածների,

դ) հարազատների հետ կապը կորցրած անձանց նկատմամբ,

ինչպես նաև իրենց մասին հավաստի տեղեկություններ հաղորդելու անընդունակ անձանց, չճանաչված դիակի ինքնությունը պարզելիս:

 

Հոդված 5

 

1. Սույն Պայմանագրով նախատեսված կարգով` անձանց միջպետական հետախուզումն իրականացվում է հարցում կատարող Կողմի իրավասու մարմինների կողմից հարցվող Կողմի իրավասու մարմիններին ուղարկվող հարցումների և այլ դիմումների միջոցով:

Տեղեկատվությունը կարող է տրամադրվել մյուս Կողմին առանց հարցման, եթե հիմքեր կան ենթադրելու, որ այն հետաքրքրություն է ներկայացնում տվյալ Կողմի համար:

2. Հարցումն ուղարկվում է գրավոր` հարցում կատարող Կողմի իրավասու մարմնի պաշտոնական ձևաթղթի վրա, ստորագրվում է այդ մարմնի ղեկավարի կողմից և հաստատվում դրոշմակնիքով:

Անհետաձգելի դեպքերում հարցումը կարող է փոխանցվել`

ա) գաղտնագրված հեռագրերով,

բ) էլեկտրոնային եղանակով` տվյալների հաղորդման գլխավոր ցանցով,

գ) տեքստ հաղորդելու այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ,

դ) բանավոր` հետագայում եռօրյա ժամկետից ոչ ուշ պարտադիր գրավոր հաստատումով:

3. Հարցման մեջ նշվում են.

ա) Հարցում կատարող և հարցվող Կողմերի իրավասու մարմինների անվանումները,

բ) հետախուզական գործի հարուցման հիմքերը, ամսաթիվն ու համարը,

գ) հարցման նպատակն ու հիմնավորումը,

դ) անհրաժեշտության դեպքում` հարցումը կատարելու հատուկ կարգի նկարագրությունը և այդ անհրաժեշտության հիմնավորումը,

ե) այլ տեղեկություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել հարցումը կատարելու համար:

Հարցվող Կողմի իրավասու մարմինն իրավունք ունի պահանջելու լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են հարցումը պատշաճ կերպով կատարելու համար:

4. Հարցման կատարումը կարող է հետաձգվել, կամ դրա կատարումը կարող է մերժվել, եթե հարցվող Կողմի իրավասու մարմինը ենթադրում է, որ հարցման կատարումը կարող է վնաս պատճառել իր ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ իր պետության այլ էական շահերին, հակասում է ազգային օրենսդությանը կամ հարցվող Կողմի միջազգային պարտավորություններին:

5. Հարցման կատարումը մերժելու կամ ուշացնելու մասին հարցվող Կողմի իրավասու մարմինը հայտնում է հարցումը կատարող Կողմին` նշելով մերժման կամ ուշացման պատճառները:

 

Հոդված 6

 

1. Յուրաքանչյուր Կողմի իրավասու մարմինն ապահովում է ստացված տեղեկությունների գաղտնիությունը, այդ թվում՝ հարցման ստացման փաստը և բովանդակությունը, եթե հարցում կատարող Կողմի իրավասու մարմինը ցանկալի չի համարում դրա բովանդակության հրապարակումը:

2. Գաղտնիությունն ապահովելու անհնարինության դեպքում հարցվող Կողմի իրավասու մարմինն այդ մասին տեղեկացնում է հարցում կատարող Կողմի իրավասու մարմնին` այդ պայմաններով հարցում կատարելու հնարավորության մասին որոշում կայացնելու համար:

 

Հոդված 7

 

Անձանց միջպետական հետախուզման կենտրոնացված տեղեկատվական զանգվածի ձևավորումն ու վարումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գլխավոր տեղեկատվական-վերլուծական կենտրոնը` Միջպետական տեղեկատվական բանկի շրջանակներում:

 

Հոդված 8

 

Սույն Պայմանագրի իրականացման ընթացքում կատարած ծախսերը Կողմերի իրավասու մարմինները կրում են ինքնուրույն, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի համաձայնեցվում:

 

Հոդված 9

 

Անձանց միջպետական հետախուզման կարգը սահմանվում է Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների Խորհրդի կողմից հաստատված առանձին փաստաթղթով:

 

Հոդված 10

 

Սույն Պայմանագիրը չի շոշափում յուրաքանչյուր Կողմի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները, որոնց մասնակից են նրանք:

 

Հոդված 11

 

Կողմերի համաձայնությամբ սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են նրա անբաժանելի մասը հանդիսացող համապատասխան արձանագրություններով:

 

Հոդված 12

 

Սույն Պայմանագրի կիրառման և մեկնաբանման ժամանակ ծագող վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 13

 

Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցագիրն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

Ներպետական ընթացակարգերն ուշ կատարած Կողմերի համար սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

 

Հոդված 14

 

Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո միանալու համար բաց է նրա դրույթները, նպատակներն ու սկզբունքներն ընդունող՝ Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած մասնակից պետության համար` միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին փոխանցելու միջոցհով:

Միացող պետության համար սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին համապատասխան փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

 

Հոդված 15

 

Սույն Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Պայմանագրից` դուրս գալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ այդպիսի մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով և Պայմանագրի գործելու ժամանակ ծագած ֆինանսական ու այլ պարտավորությունները կարգավորելով:

Սույն Պայմանագրի գործողության դադարեցումը չի հանգեցնում սույն Պայմանագրի 6-րդ հոդվածով նախատեսված գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն ուղղված՝ Կողմերի պարտավորությունների դադարեցման:

Կատարվել է Մոսկվա քաղաքում 2010 թվականի դեկտեմբերի 10-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը նրա հաստատված պատճենը կուղարկի սույն Պայմանագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:

Ադրբեջանի Հանրապետության կողմից/վերապահումով/
(ստորագրություն)

Ռուսաստանի Դաշնության կողմից
(ստորագրություն)

   

Հայաստանի Հանրապետության կողմից/վերապահումով/
(ստորագրություն)

Տաջիկստանի Հանրապետության կողմից
(ստորագրություն)

   

Բելառուսի Հանրապետության կողմից
(ստորագրություն)

Թուրքմենստանի կողմից
------------------

   

Ղազախստանի Հանրապետության կողմից
(ստորագրություն)

Ուզբեկստանի Հանրապետության կողմից
(ստորագրություն)

   

Ղրղզստանի Հանրապետության կողմից
(ստորագրություն)

Ուկրաինայի կողմից
-------------------------------

   

Մոլդովայի Հանրապետության կողմից
(ստորագրություն)

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` անձանց միջպետական հետախուզման մասին Պայմանագրի վերաբերյալ

 

Բացառությամբ 3-րդ հոդվածի 1-ին կետի «գ», «դ» ենթակետերի:

Ադրբեջանական կողմը ելնում է այն բանից, որ Պայմանագրի դրույթների իրականացման ժամանակ տեղեկատվության տրամադրումը երրորդ կողմին (Պայմանագրի ոչ մասնակիցներին) կարող է իրականացվել տեղեկատվությունը տրամադրող Կողմի համաձայնության առկայության դեպքում:

Ադրբեջանի Հանրապետության կողմից Պայմանագրում շարադրված ոչ մի իրավունք, պարտավորություն և դրույթ Հայաստանի Հանրապետության նկատմամբ չի կիրառվի մինչև Հայաստանի Հանրապետության կողմից գրավյալ` Ադրբեջանի Հանրապետության բոլոր տարածքների ազատումը և ագրեսիայի հետևանքների վերացումը:

 

Ադրբեջանի Հանրապետության
Նախագահ`
 Ի. Ալիև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` անձանց միջպետական հետախուզման մասին Պայմանագրի վերաբերյալ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` անձանց միջպետական հետախուզման մասին Պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած վերապահման կապակցությամբ. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` անձանց միջպետական հետախուզման մասին Պայմանագրում շարադրված ոչ մի իրավունք, պարտավորություն և դրույթ Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ չի կիրառվի մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության իրականացրած էթնիկ զտումների քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունք է:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ`

 Ս. Սարգսյան

 

Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2016թ. դեկտեմբերի 28-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան