Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պայմանագիր
Ակտի տիպ
Base act (02.01.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.01.21/3(1092) Հոդ.47
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2011
Ստորագրման ամսաթիվ
19.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2015

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԲԱԶՄԱԿՈՂՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, այսուհետ՝ Կողմեր,

որպես իրենց կողմից ստեղծված Մաքսային Միության մասնակիցներ,

հաստատելով Կողմերի ձգտումը՝ համաձայնեցված պայմաններով, հնարավորինս արագ միանալու Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, այսուհետ՝ ԱՀԿ,

ընդունելով, որ Կողմերից յուրաքանչյուրի անդամակցությունը ԱՀԿ-ում բարենպաստ պայմաններ կստեղծի միջազգային առևտրային համակարգում իրենց ինտեգրումը խորացնելու և ԱՀԿ-ի շրջանակներում սահմանված կանոնների և պարտավորությունների համաձայն Մաքսային միության գործունեության արդյունավետության համար,

հաստատելով Կողմերի առևտրային ռեժիմները միասնականացնելու և երրորդ երկրների առնչությամբ միատեսակ կիրառելու անհրաժեշտությունը և առավելությունները՝ առևտրի զարգացման և ներդրումների ներգրավման նպատակով,

հաշվի առնելով ԱՀԿ-ի համապարփակ բնույթը՝ իր մասնակիցների կազմի և միջազգային առևտրի կարգավորման հարցերի շրջանակի առումով,

նկատի առնելով ԱՀԿ-ում իր անդամների նկատմամբ սահմանված բարձր պահանջները ԱՀԿ-ի ստեղծման մասին Մարաքեշյան համաձայնագրին (այսուհետ՝ ԱՀԿ համաձայնագիր) համապատասխանելու առումով, ինչպես նաև յուրաքանչյուր անդամի ստանձնած պարտավորությունները,

ընդունելով Մաքսային միության Կողմերի առևտրային ռեժիմների՝ ԱՀԿ համաձայնագրի համատեքստում մեկնաբանելու անհրաժեշտությունը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Կողմերից յուրաքանչյուրի կողմից ԱՀԿ-ին միանալու օրվանից ԱՀԿ համաձայնագրի դրույթները, ինչպես դրանք սահմանված են այդ Կողմի կողմից ԱՀԿ-ին միանալու մասին Արձանագրության մեջ, որը ներառում է պարտավորություններ, որոնք ծառայում են որպես պայման՝ ԱՀԿ-ին միանալու համար, և վերաբերում են այն իրավահարաբերություններին, որոնց կարգավորման լիազորությունները Մաքսային միության շրջանակներում Կողմերի կողմից պատվիրակվել են Մաքսային միության մարմիններին, ինչպես նաև այն միջազգային համաձայնագրերով կարգավորվող իրավահարաբերություններին, որոնք կազմում են Մաքսային միության իրավապայմանագրային բազան, դառնում են Մաքսային միության իրավական համակարգի բաղկացուցիչ մասը: Ընդ որում, ԱՀԿ-ին անդամակցող առաջին Կողմը պարտավոր է դրա մասին տեղեկացնել մյուս Կողմերին և նրանց հետ համակարգել՝ որպես իր կողմից միանալու պայման ծառայող պարտավորություններ ստանձնելու առնչությամբ իրականացվող այն գործողությունները, որոնք պահանջում են Մաքսային միության իրավական համակարգում փոփոխություններ կատարել:

2. Այդպիսի Կողմի կողմից ԱՀԿ-ին միանալու պահից սկսած Մաքսային միության Միասնական մաքսային սակագնի դրույքաչափերը չպետք է գերազանցեն ներմուծման սակագնի այն դրույքաչափերը, որոնք նախատեսված են ապրանքաշուկայի հասանելիության հետ կապված զիջումների և պարտավորությունների ցանկում, որը տվյալ Կողմի կողմից ԱՀԿ-ին միանալու մասին Արձանագրության հավելվածն է՝ բացառությամբ ԱՀԿ համաձայնագրով նախատեսված դեպքերի:

3. ԱՀԿ-ին մյուս Կողմի հետագա անդամակցության դեպքում նրա այն պարտավորությունները, որոնք ծառայում են որպես պայման՝ ԱՀԿ-ին միանալու համար, և առնչվում են այն իրավահարաբերություններին, որոնց կարգավորման լիազորությունները Մաքսային միության շրջանակներում Կողմերի կողմից պատվիրակվել են Մաքսային միության մարմիններին, ինչպես նաև այն միջազգային համաձայնագրերով կարգավորվող իրավահարաբերություններին, որոնք կազմում են Մաքսային միության իրավապայմանագրային բազան, նույնպես դառնում են Մաքսային միության իրավական համակարգի բաղկացուցիչ մասը: Ընդ որում, ԱՀԿ-ին անդամակցող Կողմը պարտավոր է դրա մասին տեղեկացնել մյուս Կողմերին և նրանց հետ համակարգել որպես իր կողմից միանալու պայման ծառայող պարտավորություններ ստանձնելու առնչությամբ իրականացվող այն գործողությունները, որոնք պահանջում են փոփոխությունների կատարում Մաքսային միության իրավական համակարգում:

4. Եթե Կողմերի ներմուծման տուրքերի դրույքաչափերի վերաբերյալ բանակցությունների համախմբված արդյունքների միջև, որոնք ձեռք են բերվել ԱՀԿ-ին անդամակցության գործընթացում, առկա են տարբերություններ, ապա այդ Կողմերն անհապաղ խորհրդակցություններ են անցկացնում միմյանց միջև և սեղմ ժամկետներում բանակցություններ են սկսում ԱՀԿ այն անդամների հետ, որոնց շահերը շոշափվել են այդպիսի հակասություններով՝ ներմուծման տուրքերի դրույքաչափերը ներդաշնակեցնելու նպատակով: Ընդ որում, բոլոր Կողմերը համակարգում են իրենց դիրքերը և արտահայտում են իրենց մտադրությունը՝ ղեկավարվելու ԱՀԿ համաձայնագրի համապատասխան դրույթներով, որոնք կիրառվում են մաքսային միությունների կողմից սակագների ներդաշնակեցման դեպքում:

Մաքսային միության Միասնական մաքսային սակագնի դրույքաչափերը չեն գերազանցի այն դրույքաչափերը, որոնք համաձայնեցվել են ներդաշնակեցման արդյունքում՝ բացառությամբ ԱՀԿ համաձայնագրով նախատեսված դեպքերի:

5. Մաքսային միության մարմինների իրավասությանը վերապահված հարցերով համակարգված բնույթի պարտավորությունների առնչությամբ բանակցությունների ժամանակ ԱՀԿ-ին նոր անդամակցող ցանկացած Կողմ ձգտում է ձևավորել պարտավորությունների այնպիսի ծավալ, որը շոշափում է այն իրավահարաբերությունները, որոնց կարգավորման վերաբերյալ լիազորությունները Կողմերը պատվիրակել են Մաքսային միության մարմիններին, ինչպես նաև այն իրավահարաբերությունները, որոնք կարգավորվում են միջազգային համաձայնագրերով և կազմում են Մաքսային միության այն իրավապայմանագրային բազան, որը առավելագույնս կհամապատասխաներ ԱՀԿ-ին առաջինն անդամակցած Կողմի պարտավորություններին: Այդպիսի պարտավորություններից սկզբունքային շեղումները, որոնք ԱՀԿ-ին նոր անդամակցած Կողմի բանակցությունների արդյունք են, ենթակա են Կողմերի միջև քննարկման և համաձայնեցման:

6. Սույն հոդվածի առաջին և երրորդ կետերի դրույթներից անկախ՝ ԱՀԿ-ի անդամ չհանդիսացող Կողմն իրավունք ունի հրաժարվելու ԱՀԿ համաձայնագրի դրույթներից, այդ թվում՝ այն պարտավորություններից, որոնք ստանձնել է ԱՀԿ-ին անդամակցած Կողմը և որոնք դարձել են Մաքսային միության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն այն հատվածով, որի շրջանակներում Մաքսային միության իրավական համակարգը և դրա մարմինների որոշումները ճշգրտման կարիք ունեն 2-րդ հոդվածին համապատասխան, և (կամ) եթե այդպիսի իրավահարաբերությունները ինքնավար կերպով կարգավորվում են Կողմի ազգային իրավական համակարգի շրջանակներում: Նման շեղում կատարելու հնարավորությունից օգտվող Կողմը ծանուցում է Մաքսային միության հանձնաժողովին այդպիսի շեղումների բնույթի և ծավալի մասին, իսկ Մաքսային միության հանձնաժողովը հրապարակում է այդ ծանուցումները: Այդպիսի Կողմի կողմից ԱՀԿ-ին միանալուց հետո ցանկացած նշված շեղում թույլատրվում է կատարել միայն այն դեպքում, եթե այն ուղղակիորեն նախատեսված է այդպիսի Կողմի՝ ԱՀԿ-ին միանալու պայմաններով:

 

Հոդված 2

 

1. Կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն Մաքսային միության իրավական համակարգը և դրա մարմինների որոշումները ԱՀԿ համաձայնագրին համապատասխանեցնելու համար, ինչպես սահմանված է Կողմերից յուրաքանչյուրի՝ համաձայնագրին միանալու մասին Արձանագրության մեջ՝ ներառելով յուրաքանչյուր Կողմի պարտավորությունները, որոնք այն ստանձնել է որպես իր կողմից ԱՀԿ-ին միանալու պայմաններից մեկը: Նախքան այդ միջոցների նախատեսումը՝ ԱՀԿ-ի համաձայնագրի դրույթները՝ ներառյալ այն պարտավորությունները, որոնք ընդունվել են Կողմերի կողմից որպես ԱՀԿ-ին միանալու պայման, առաջնահերթություն ունեն Մաքսային միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի համապատասխան դրույթների և դրա մարմինների կողմից ընդունված որոշումների նկատմամբ:

2. Կողմերից յուրաքանչյուրի կողմից ԱՀԿ-ին անդամակցելու մասին Արձանագրություններով սահմանված՝ Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են ԱՀԿ համաձայնագրից, այդ թվում՝ Կողմի կողմից որպես ԱՀԿ-ին անդամակցելու պայման ծառայող պարտավորությունները, որոնք դառնում են Մաքսային միության իրավական համակարգի բաղկացուցիչ մասը, ենթակա չեն փոփոխման կամ սահմանափակման՝ Մաքսային միության մարմինների, այդ թվում՝ ԵվրԱզԷՍ-ի դատարանի որոշմամբ կամ Կողմերի միջև կնքված միջազգային պայմանագրերով:

3. Եթե Մաքսային միության իրավական համակարգի առանձին նորմեր ավելի ազատական են ԱՀԿ համաձայնագրի համեմատ, սակայն չեն հակասում դրան, ապա Կողմերն ապահովում են այդպիսի նորմերի կիրառումը Մաքսային միության արդյունավետ գործունեության և միջազգային առևտրի զարգացման նպատակներով:

4. Մաքսային միության շրջանակներում միջազգային պայմանագրեր կնքելիս, դրա մարմինների կողմից Մաքսային միության ակտերն ընդունելիս և կիրառելիս՝ Կողմերն ապահովում են այդպիսի պայմանագրերի և ակտերի համապատասխանությունն ԱՀԿ համաձայնագրին:

5. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 1-ին հոդվածի 6-րդ կետով նախատեսված շեղումներ կատարելը:

 

Հոդված 3

 

Սույն Պայմանագրի կիրառման ժամանակ կիրառվում են ԱՀԿ համաձայնագրի դրույթները, որոնցով կարգավորվում է մաքսային միությունների ստեղծումը:

 

Հոդված 4

 

Սույն Պայմանագրի մասով որևէ վերապահում չի թույլատրվում:

 

Հոդված 5

 

Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման:

Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու, դրանից դուրս գալու և դրան միանալու կարգը սահմանվում է «Մաքսային միության իրավապայմանագրային բազայի ձևավորմանն ուղղված միջազգային պայմանագրերն ուժի մեջ մտնելու, դրանցից դուրս գալու և դրանց միանալու կարգի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի արձանագրությամբ:

Կատարված է Մինսկ քաղաքում, 2011 թվականի մայիսի 19-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:

Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է ավանդապահի մոտ, որը Մաքսային միության հանձնաժողովն է:

Ավանդապահը յուրաքանչյուր Կողմին ուղարկում է սույն Պայմանագրի հաստատված պատճենը:

 

Բելառուսի
Հանրապետության կողմից

 

(ստորագրություն)

Ղազախստանի
Հանրապետության կողմից

 

(ստորագրություն)

Ռուսաստանի
Դաշնության կողմից

 

(ստորագրություն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան