Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պայմանագիր
Ակտի տիպ
Base act (02.01.2015-02.01.2015)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.01.21/3(1092) Հոդ.29
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2009
Ստորագրող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ստորագրման ամսաթիվ
27.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, այսուհետ՝ Կողմեր,

հիմնվելով «Միասնական մաքսային տարածք ստեղծելու և մաքսային միություն ձևավորելու մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի և «Մաքսային միության հանձնաժողովի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի վրա,

հաշվի առնելով միջազգային իրավունքի` համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներն ու նորմերը,

նպատակ ունենալով մաքսային կարգավորում ապահովել Մաքսային միության միասնական մաքսային տարածքում,

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերն ընդունում են Մաքսային միության մաքսային օրենսգիրքը, որը ներկայացված է սույն Պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածում:

Սույն Օրենսգրքի դրույթները գերակայում են Մաքսային միության մաքսային օրենսդրության այլ դրույթների նկատմամբ:

 

Հոդված 2

 

Կողմերի միջև ծագող՝ սույն Պայմանագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են խորհրդակցություններ ու բանակցություններ անցկացնելու միջոցով:

Մաքսային միության հանձնաժողովը Կողմերին աջակցություն է ցուցաբերում Մաքսային միության շրջանակներում վեճերի կարգավորման հարցում՝ մինչև այդ վեճը Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը հանձնելը:

Եթե Կողմերը խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով վեճը չեն կարգավորում դրանց անցկացման վերաբերյալ՝ մի Կողմից մյուս Կողմին հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա Կողմերից յուրաքանչյուրն այդ վեճը հանձնում է Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը:

 

Հոդված 3

 

Սույն Պայմանագրի մասով վերապահումներ չեն թույլատրվում:

 

Հոդված 4

 

Սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով:

 

Հոդված 5

 

Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման:

Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի)՝ պետությունների ղեկավարների մակարդակով կայացված որոշմանը համապատասխան:

Սույն Պայմանագիրը բաց է ցանկացած պետության կողմից միանալու համար, որը կդառնա Մաքսային միության անդամ:

Կատարված է Մինսկ քաղաքում, 2009 թվականի նոյեմբերի 27-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:

Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը սույն Պայմանագրի ավանդապահն է և որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:

 

Բելառուսի
Հանրապետության կողմից
 

(ստորագրություն)

Ղազախստանի
Հանրապետության կողմից 

 

(ստորագրություն)

Ռուսաստանի
Դաշնության կողմից 

 

(ստորագրություն)

 

Հավելված

Եվրասիական տնտեսական համայնքի՝

պետության ղեկավարների մակարդակով

միջպետական խորհրդի (Մաքսային

միության բարձրագույն մարմնի) 2007 թվականի նոյեմբերի

27-ի թիվ 17 որոշմամբ ընդունված «Մաքսային միության

մաքսային օրենսգրքի մասին»

պայմանագրի

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ

ԲԱԺԻՆ 1. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Մաքսային կարգավորումը Մաքսային միությունում

 

1. Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միությունում (այսուհետ՝ Մաքսային միություն) մաքսային կարգավորում է համարվում Մաքսային միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, Մաքսային միության միասնական մաքսային տարածքով մաքսային հսկողության տակ դրանց փոխադրման, ժամանակավոր պահպանության, մաքսային հայտարարագրման, մաքսային ընթացակարգերին համապատասխան բացթողման և օգտագործման, մաքսային հսկողության իրականացման, մաքսային վճարների վճարման հետ կապված հարաբերությունների, ինչպես նաև մաքսային մարմինների և նշված ապրանքների տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքներն իրականացնող անձանց միջև իրավազոր հարաբերությունների իրավական կարգավորումը:

2. Մաքսային միությունում մաքսային կարգավորումն իրականացվում է Մաքսային միության օրենսդրությանը համապատասխան, իսկ այդ օրենսդրությամբ չկարգավորված մասով՝ մինչև Մաքսային միության մաքսային օրենսդրության մակարդակով համապատասխան իրավահարաբերությունների հաստատումը, Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 2. Մաքսային միության միասնական մաքսային տարածքը և մաքսային սահմանը

 

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

1. Մաքսային միության միասնական մաքսային տարածքը (այսուհետ՝ Մաքսային միության մաքսային տարածք) կազմված է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներից, ինչպես նաև Մաքսային միության անդամ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներից, կայանքներից, կառույցներից և այլ օբյեկտներից, որոնց նկատմամբ Մաքսային միության անդամ պետությունները բացառիկ իրավազորություն ունեն:

2. Մաքսային միության մաքսային տարածքի սահմանագծերը կազմում են Մաքսային միության մաքսային սահմանը (այսուհետ՝ մաքսային սահման):

3. Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան՝ մաքսային սահման կարող են լինել Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում գտնվող առանձին տարածքների սահմանները:

 

Հոդված 3. Մաքսային միության մաքսային օրենսդրությունը

 

1. Մաքսային միության մաքսային օրենսդրությունը բաղկացած է՝

1) սույն Օրենսգրքից.

2) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերից, որոնցով կարգավորվում են մաքսային իրավահարաբերությունները Մաքսային միությունում.

3) Մաքսային միության հանձնաժողովի՝ Մաքսային միությունում մաքսային իրավահարաբերությունները կարգավորող որոշումներից, որոնք ընդունվում են սույն Օրենսգրքին և Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Մաքսային միության մաքսային օրենսդրությունը գործում է Մաքսային միության մաքսային տարածքում:

Եթե Մաքսային միության մաքսային օրենսդրությանը համապատասխան, Մաքսային միությունում մաքսային կարգավորումն իրականացվում է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, ապա այդ օրենսդրությունը գործում է Մաքսային միության այդ անդամ պետության տարածքում:

(երկրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

3. Մաքսային կարգավորում իրականացնելիս կիրառվում են մաքսային հայտարարագրի կամ մաքսային այլ փաստաթղթերի գրանցման օրվա դրությամբ գործող մաքսասակագնային կարգավորման միջոցները, արգելքները և սահմանափակումները, Մաքսային միության անդամ պետությունների՝ հարկման ոլորտի օրենսդրական ակտերը, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան:

(3-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

4. Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման դեպքում կիրառվում են ապրանքները մաքսային սահմանով փաստացի հատելու օրվա դրությամբ գործող Մաքսային միության մաքսային օրենսդրությունը, մաքսասակագնային կարգավորման միջոցները, արգելքները և սահմանափակումները, Մաքսային միության անդամ պետությունների՝ հարկման ոլորտի օրենսդրական ակտերը, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան:

Եթե մաքսային սահմանով ապրանքների փաստացի հատման օրը սահմանված չէ, ապա կիրառվում են սահմանված պահանջների խախտումը հայտնաբերելու օրվա դրությամբ գործող Մաքսային միության մաքսային օրենսդրությունը, մաքսասակագնային կարգավորման միջոցները, արգելքները և սահմանափակումները, Մաքսային միության անդամ պետությունների՝ հարկման ոլորտի օրենսդրական ակտերը, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան:

(4-րդ կետն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

 

Հոդված 4. Սույն Օրենսգրքում գործածվող հիմնական եզրույթները

 

1. Սույն Օրենսգրքում գործածվում են հետևյալ հիմնական եզրույթները և դրանց սահմանումները՝

1) վթար՝ մաքսային հսկողության տակ գտնվող տրանսպորտային միջոցների և (կամ) այլ ապրանքների հետ տեղի ունեցած՝ իր հետևանքներով վնասաբեր տեխնիկական, տեխնոլոգիական կամ այլ բնույթի պատահար, որը հանգեցրել է այդ ապրանքների՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ չնախատեսված քանակական և (կամ) որակական փոփոխությունների, որոնք չեն առաջացել սեփականատիրոջ և (կամ) այդ փոփոխությունների պահին ապրանքները տիրապետող անձի դիտավորյալ գործողությունների հետևանքով, բացառությամբ տրանսպորտային փոխադրման, պահպանման և օգտագործման (շահագործման) նորմալ պայմաններում բնականոն փոփոխությունների, ինչպես նաև արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքների (անհաղթահարելի ուժի).

2) վարչական իրավախախտումներ և հանցագործություններ՝ վարչական իրավախախտումներ, որոնց առնչությամբ մաքսային մարմինները վարչական վարույթ են իրականացնում Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, և հանցագործություններ, որոնց առնչությամբ վարույթի իրականացումը վերապահված է մաքսային մարմիններին՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

3) ապրանքների ներմուծում Մաքսային միության մաքսային տարածք՝ մաքսային սահմանն անցնելու հետ կապված գործողությունների իրականացում, որոնց արդյունքում ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք են ժամանել ցանկացած միջոցով, այդ թվում՝ ներառյալ միջազգային փոստային առաքանիներով առաքման, խողովակաշարային տրանսպորտի և էլեկտրահաղորդման գծերի օգտագործմամբ փոխադրումների միջոցով՝ մինչև մաքսային մարմինների կողմից դրանց բացթողումը.

4) Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների արտահանում՝ Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների արտահանմանն ուղղված գործողությունների իրականացում ցանկացած միջոցով, այդ թվում՝ միջազգային փոստային առաքանիներով առաքման, խողովակաշարային տրանսպորտի և էլեկտրահաղորդման գծերի օգտագործմամբ փոխադրումների միջոցով՝ մինչև մաքսային սահմանը փաստացի անցնելը.

5) ապրանքների բացթողում՝ մաքսային մարմինների գործողություն, որով շահագրգիռ անձանց թույլատրվում է ապրանքներն օգտագործել հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան կամ այն ապրանքների առանձին կատեգորիաների համար սահմանված պայմաններին համապատասխան, որոնք սույն Օրենսգրքին համապատասխան ենթակա չեն մաքսային ընթացակարգով ձևակերպման.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

6) հայտարարատու՝ անձ, որը հայտարարագրում է ապրանքները կամ որի անունից հայտարարագրվում են ապրանքները.

7) շահագրգիռ անձինք՝ անձինք, որոնց շահերին ապրանքների մասով անմիջականորեն և առանձին կերպով առնչվում են մաքսային մարմինների որոշումները, գործողությունները (անգործությունը).

8) արգելքներ և սահմանափակումներ՝ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառվող միջոցների համալիր՝ ներառյալ ոչ սակագնային կարգավորման միջոցները, ապրանքների արտաքին առևտրին առնչվող և ազգային շահերից ելնելով սահմանվող միջոցները, ապրանքների արտաքին առևտրի արգելքների և սահմանափակումների առանձնահատուկ տեսակները, արտահանման վերահսկողության միջոցները, այդ թվում՝ ռազմական նշանակության արտադրանքի նկատմամբ, տեխնիկական կանոնակարգման միջոցները, ինչպես նաև սանիտարահամաճարակաբանական, անասնաբուժական, կարանտինային, բուսասանիտարական և ճառագայթային պահանջները, որոնք սահմանվել են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով, Մաքսային միության հանձնաժողովի որոշումներով և Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված՝ Մաքսային միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով.

9) օտարերկրյա անձ՝ Մաքսային միության անդամ պետության անձ չհանդիսացող անձ.

10) օտարերկրյա ապրանքներ՝ Մաքսային միության ապրանքներ չհանդիսացող ապրանքներ, ինչպես նաև ապրանքներ, որոնք սույն Օրենսգրքին համապատասխան ստացել են օտարերկրյա ապրանքների կարգավիճակ.

11) Մաքսային միության հանձնաժողով՝ Մաքսային միության մշտապես գործող միասնական կարգավորող մարմին.

12) առևտրային փաստաթղթեր՝ հաշիվ-ապրանքագիր (ինվոյս), տեխնիկական բնութագրեր, բեռնման և փաթեթավորման թերթիկներ ու այլ փաստաթղթեր, որոնք օգտագործվում են արտաքին առևտրային և այլ գործունեության իրականացման ժամանակ, ինչպես նաև Մաքսային միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված գործարքների կատարումը հաստատելու նպատակով.

13) անձ՝ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձ, ինչպես նաև իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություն, եթե այլ բան չի բխում սույն Օրենսգրքից.

14) Մաքսային միության անդամ պետության անձ՝ Մաքսային միության օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձ, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություն, ինչպես նաև Մաքսային միության անդամ պետությունում մշտական բնակության վայր ունեցող ֆիզիկական անձ, այդ թվում՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված անհատ ձեռնարկատեր.

15) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրեր՝ Մաքսային միության իրավապայմանագրային բազան կազմող միջազգային պայմանագրեր.

16) միջազգային փոստային առաքանիներ՝ Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս առաքման համար ընդունվող, Մաքսային միության մաքսային տարածք մտնող կամ այդ տարածքով տարանցման կարգով փոխադրվող և Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված կից փաստաթղթեր ունեցող փոստային առաքանիներ.

17) ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ ապրանքների արտաքին առևտրի կարգավորման միջոցների համալիր՝ տնտեսական բնույթի քանակական կամ այլ արգելքների և սահմանափակումների սահմանման միջոցով իրականացվող, որոնք սահմանվել են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով, Մաքսային միության հանձնաժողովի որոշումներով և Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված՝ Մաքսային միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով.

18) հարկեր՝ ավելացված արժեքի հարկ և ակցիզ (ակցիզներ), որոնք Մաքսային միության տարածք ապրանքների ներմուծման ժամանակ գանձվում են մաքսային մարմինների կողմից.

19) մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխում՝ սահմանված վայրերից դուրս կամ այդ վայրերում մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս՝ մաքսային հսկողությունից թաքցնելու կամ ապրանքների ոչ հավաստի հայտարարագրման կամ չհայտարարագրման կամ ապրանքների մասին ոչ հավաստի տվյալներ պարունակող փաստաթղթեր օգտագործելու միջոցով և (կամ) նույնականացման կեղծ կամ այլ ապրանքներին վերաբերող միջոցների օգտագործման միջոցով մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը, ինչպես նաև այդ կերպ տեղափոխման հանցափորձը.

20) փոստային կապի օպերատոր՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը և Համաշխարհային փոստային միության ակտերին համապատասխան փոստային կապի ծառայությունների տրամադրում ապահովող՝ Մաքսային միության անդամ պետության անձ.

21) փոխադրող՝ մաքսային սահմանով ապրանքների և (կամ) ուղևորների փոխադրում և (կամ) Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններում մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների փոխադրում իրականացնող կամ տրանսպորտային միջոցների օգտագործման համար պատասխանատու անձ.

22) մաքսային սահմանով ապրանքների տեղափոխում՝ Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ներմուծում կամ Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների արտահանում.

23) պաշարներ՝ ապրանքներ, որոնք

անհրաժեշտ են ընթացուղում կամ միջանկյալ կանգառի կամ կայանման կետերում ծովով (գետով) նավարկող նավերի, ներքին նավարկության նավերի, «գետ-ծով» նավարկության նավերի, ստորջրյա թևերի վրա նավերի, օդաբարձիկների վրա նավերի և փոքրաչափս նավերի, այդ թվում՝ ինքնագնաց և ոչ ինքնագնաց լիխտերների և բեռնանավերի (այսուհետ՝ նավեր), օդանավերի և գնացքների բնականոն շահագործման և տեխնիկական սպասարկման ապահովման համար, բացառությամբ պահեստամասերի և սարքավորումների.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

նախատեսված են նավերի, օդանավերի վրա ուղևորների և անձնակազմերի անդամների կողմից օգտագործման համար կամ գնացքներում ուղևորների և գնացքի բրիգադի աշխատողների կողմից օգտագործման համար, անկախ այն հանգամանքից՝ վաճառվում են այդ ապրանքները, թե ոչ.

նախատեսված են վաճառքի համար՝ նավերի, օդանավերի ուղևորներին և անձնակազմի անդամներին առանց նշված պաշարներն այդ նավերի կամ օդանավերի վրա սպառելու նպատակի.

24) մաքսային հայտարարագիր՝ սահմանված ձևով կազմված փաստաթուղթ, որը պարունակում է ապրանքների, ընտրված մաքսային ընթացակարգի վերաբերյալ տվյալներ և այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են ապրանքների բացթողման համար.

25) մաքսատուրք՝ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված՝ մաքսային մարմինների կողմից գանձվող պարտադիր վճար.

26) մաքսային ընթացակարգ՝ նորմերի ամբողջություն, որոնցով մաքսային նպատակներով սահմանվում են Մաքսային միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման պահանջները և պայմանները.

27) մաքսային հայտարարագրում՝ հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին ապրանքների վերաբերյալ տվյալների, ընտրված մաքսային ընթացակարգի վերաբերյալ և (կամ) այլ տեղեկությունների հայտարարագրում, որոնք անհրաժեշտ են ապրանքների բացթողման համար.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

28) մաքսային փաստաթղթեր՝ բացառապես մաքսային նպատակներով կազմվող փաստաթղթեր.

29) մաքսային գործառնություններ՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության պահպանումն ապահովելու նպատակով անձանց և մաքսային մարմինների կողմից իրականացվող գործողություններ.

30) մաքսային մարմիններ՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմիններ.

31) մաքսային հսկողություն՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության պահպանման նպատակով մաքսային մարմինների կողմից, նաև՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ, իրականացվող միջոցառումների ամբողջություն.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

32) նշանակման մաքսային մարմին՝ մաքսային մարմին, որի գործունեության տարածքում է գտնվում ապրանքները տեղ հասցնելու՝ ուղարկող մաքսային մարմնի սահմանած վայրը, կամ որը եզրափակում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը.

33) ուղարկող մաքսային մարմին՝ մաքսային մարմին, որն իրականացնում է ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնություններ.

34) մաքսային ներկայացուցիչ՝ Մաքսային միության անդամ պետության իրավաբանական անձ, որը հայտարարատուի կամ շահագրգիռ այլ անձի անունից և հանձնարարությամբ մաքսային գործառնություններ է իրականացնում Մաքսային միության մաքսային օրենսդրությանը համապատասխան.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

35) ապրանք՝ մաքսային սահմանով տեղափոխվող ցանկացած շարժական գույք, այդ թվում՝ տեղեկակիրներ, Մաքսային միության անդամ պետությունների արժույթ, արժեթղթեր և (կամ) արժութային արժեքներ, ճանապարհային չեկեր, էլեկտրական և այլ տեսակների էներգիա, ինչպես նաև անշարժ գույքին հավասարեցված այլ տեղափոխվող իրեր.

36) անձնական օգտագործման ապրանքներ՝ ֆիզիկական անձանց՝ ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային կամ այլ կարիքների համար նախատեսված ապրանքներ, որոնք մաքսային սահմանով տեղափոխվում են ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռով, միջազգային փոստային առաքանիով կամ այլ եղանակով.

37) Մաքսային միության ապրանքներ՝ Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող ապրանքներ, որոնք

ամբողջությամբ արտադրվել են Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում.

ներմուծվել են Մաքսային միության մաքսային տարածք և ստացել Մաքսային միության ապրանքների կարգավիճակ՝ սույն Օրենսգրքին և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան.

պատրաստվել են Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում սույն ենթակետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված ապրանքներից և (կամ) օտարերկրյա ապրանքներից և սույն Օրենսգրքին և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան ձեռք են բերել Մաքսային միության ապրանքների կարգավիճակ.

38) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր՝ կոնոսամենտ, բեռնագիր կամ այլ փաստաթուղթ, որով հավաստվում է ապրանքների փոխադրման պայմանագրի առկայությունը և որն ուղեկցում է ապրանքներն այդ փոխադրման ժամանակ.

39) տրանսպորտային միջոցներ՝ ապրանքների կատեգորիա, որը ներառում է ցանկացած նավ, օդանավ, ավտոմոբիլային տրանսպորտային միջոց, կցորդ, կիսակցորդ, երկաթուղային տրանսպորտային միջոց (երկաթուղային շարժակազմ, երկաթուղային շարժակազմի միավոր) կամ բեռնարկղ՝ դրանց համար տեխնիկական անձնագրերով կամ տեխնիկական տեղեկամատյաններով նախատեսված պահեստամասերով, պարագաներով և սարքավորումներով, վառելիքաքսուքային նյութերով, սառեցնող և այլ տեխնիկական հեղուկներով, որոնք պարունակվում են դրանց կառուցվածքով նախատեսված լցավորման տարողություններում, եթե դրանք փոխադրվում են նշված տրանսպորտային միջոցների հետ միասին.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

40) միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներ՝ բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռների միջազգային փոխադրումը մեկնարկելու և (կամ) ավարտելու նպատակով Մաքսային միության մաքսային տարածք ներս բերվող կամ դրա տարածքից դուրսհանվող տրանսպորտային միջոցներ, դրանց վրա գտնվող հատուկ սարքավորումներով՝ որոնք նախատեսված են բեռների բեռնման, բեռնաթափման, մշակման և պաշտպանության համար, նյութատեխնիկական ապահովման և հանդերձման առարկաներով, ինչպես նաև պահեստամասերով և սարքավորումներով, որոնք նախատեսված են ընթացուղում տրանսպորտային միջոցի վերանորոգման, տեխնիկական սպասարկման կամ շահագործման համար.

41) էքսպրես-բեռ՝ տրանսպորտի ցանկացած տեսակներով արագացված ռեժիմով փոխադրման շրջանակներում փոխադրվող բեռ՝ փոխադրումների կազմակերպման և հետագծելիության վերահսկման էլեկտրոնային տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ անհատական բեռնագրին համապատասխան տվյալ ապրանքը ստացողին հնարավոր նվազագույն և (կամ) սահմանված ժամկետում հասցնելու նպատակով, բացառությամբ միջազգային փոստային առաքանիով առաքվող ապրանքների:

(41-րդ ենթակետն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

2. Մաքսային միության մաքսային օրենսդրության այլ եզրույթները գործածվում են սույն Օրենսգրքի համապատասխան հոդվածներում և Մաքսային միության միջազգային պայմանագրերում սահմանվող իմաստներով:

3. Օրենսդրության քաղաքացիական և այլ ճյուղերի եզրույթները, որոնք գործածվում են սույն Օրենսգրքում, Մաքսային միության անդամ պետություններից յուրաքանչյուրում գործածվում են այն իմաստով, որով դրանք գործածվում են Մաքսային միության այդ անդամ պետությունների օրենսդրության համապատասխան ճյուղերում, եթե այլ բան նախատեսված չէ սույն Օրենսգրքով:

(3-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 5. Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանվող ժամկետների հաշվարկման կարգը

 

1. Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված ժամկետը որոշվում է օրացուցային ամսաթվով կամ որոշակի ժամանակահատվածի ավարտով, որը հաշվարկվում է տարիներով, ամիսներով, օրերով կամ ժամերով:

Ժամկետը կարող է որոշվել նաև այն իրադարձության մատնանշմամբ, որը պետք է տեղի ունենա, կամ այն գործողության մատնանշմամբ, որը պետք է կատարվի:

2. Եթե Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ ժամկետների հաշվարկման հատուկ կարգ չի սահմանվել, ապա ժամանակահատվածով որոշվող ժամկետների սկիզբը և ավարտը որոշելու համար Մաքսային միության մաքսային օրենսդրությունում կիրառվում են սույն հոդվածի 3-ից 8-րդ կետերում նախատեսված կանոնները:

3. Ժամանակահատվածով որոշվող ժամկետը սկսվում է այն օրացուցային ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:

4. Տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:

5. Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին:

Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվը, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

6. Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

7. Եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:

Սակայն, եթե այդ գործողությունը պետք է կատարվի կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ սահմանված կանոններով այդ կազմակերպությունում դադարեցվում են համապատասխան գործառնությունները:

Փոստային կապի հիմնարկությանը (կազմակերպությանը) մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը տրված գրավոր դիմումները և ծանուցումները համարվում են ժամկետին տրված:

8. Այն դեպքում, երբ ժամկետը հաշվարկվում է աշխատանքային օրերով, ապա աշխատանքային օրեր ասելով ենթադրվում են երկուշաբթիից ուրբաթ ընկած շաբաթվա օրերը, որոնք չեն համընկնում Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ոչ աշխատանքային հայտարարված տոնական օրերի հետ:

Եթե մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում և մաքսային մարմինների գտնվելու այլ վայրերում մաքսային մարմինների աշխատանքային ժամեր են սահմանված ոչ աշխատանքային օրերին, ապա այդ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման՝ աշխատանքային օրերով հաշվարկվող ժամկետը ներառում է ոչ աշխատանքային օրերը:

(երկրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

 

Հոդված 6. Մաքսային մարմինները և նրանց հիմնական խնդիրները

 

1. Մաքսային միության մաքսային տարածքում մաքսային մարմիններն ապահովում են հետևյալ հիմնական խնդիրների իրագործումը՝

1) օժանդակություն Մաքսային միության միասնական առևտրային քաղաքականության իրականացման հարցում.

2) Մաքսային միության մաքսային օրենսդրության և Մաքսային միության անդամ պետությունների այլ օրենսդրության իրականացման ապահովում, որի իրականացման նկատմամբ հսկողությունը վերապահված է մաքսային մարմիններին.

3) մաքսային գործառնությունների կատարում և մաքսային հսկողության իրականացում, այդ թվում՝ վարչական փոխօգնության տրամադրման շրջանակներում.

4) մաքսային վճարների, ինչպես նաև հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գանձում, դրանց հաշվարկման ճշտության և ժամանակին վճարման նկատմամբ հսկողություն, դրանց հարկադիր բռնագանձման համար միջոցների ձեռնարկում իրենց իրավասության սահմաններում.

5) իրենց իրավասության սահմաններում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսասակագնային կարգավորման միջոցների և արգելքների ու սահմանափակումների կիրառման ապահովում.

6) իրենց իրավասության սահմաններում մաքսային կարգավորման բնագավառում անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովում և մաքսային սահմանով ապրանքաշրջանառության արագացման համար պայմանների ստեղծում.

7) իրենց իրավասության սահմաններում Մաքսային միության անդամ պետությունների ազգային անվտանգության, մարդու կյանքի և առողջության, կենդանական և բուսական աշխարհի, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված միջոցների ապահովում, ինչպես նաև Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան, մաքսային սահմանով Մաքսային միության անդամ պետությունների արժույթի, արժեթղթերի և (կամ) արժութային արժեքների, ճանապարհային չեկերի տեղափոխման նկատմամբ հսկողության իրականացման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման դեմ հակազդման միջոցների ապահովում.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

8) վարչական իրավախախտումների և հանցագործությունների հայտնաբերում, կանխարգելում և կանխում Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

9) իրենց իրավասության սահմաններում Մաքսային միության մաքսային տարածքում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ապահովում.

10) մաքսային վիճակագրության վարում:

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսային մարմինների կողմից իրագործման ենթակա նաև այլ խնդիրներ:

2. Մաքսային մարմինների համակարգը, նրանց իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև մաքսային մարմիններում ծառայության կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 7. Մաքսային մարմինների իրավապահ գործունեությունը

 

1. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինները համարվում են հետաքննության մարմիններ՝ մաքսանենգության, մաքսային վճարների վճարումից խուսափելու և այլ հանցագործությունների գործերով, որոնց վարույթի իրականացումը՝ ըստ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության, վերապահված է մաքսային մարմիններին:

2. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմիններն իրականացնում են օպերատիվ-հետախուզական գործունեություն այդ պետությունների օրենսդրությամբ որպես հանցագործություն որակվող անօրինական այնպիսի արարք նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերման նպատակով, որի գործով վարույթի իրականացումը վերապահված է մաքսային մարմիններին, ինչպես նաև միջազգային պայմանագրերին համապատասխան միջազգային մաքսային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների մաքսային և այլ իրավասու մարմինների հարցումների բավարարման նպատակով:

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացվում է Մաքսային միության անդամ պետությունների՝ օպերատիվ-հետախուզական գործունեության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

3. Վարչական իրավախախտումների գործերով Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինները վարչական ընթացակարգ են իրականացնում (վարույթ են իրականացնում) և անձանց վարչական պատասխանատվության ենթարկում Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 8. Մաքսային մարմինների կողմից ստացված տեղեկություններին առնչվելը

 

1. Ցանկացած տեղեկություն, որը մաքսային մարմինների կողմից ստացվել է Մաքսային միության մաքսային օրենսդրությանը և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, այդ մարմինների կողմից օգտագործվում է բացառապես մաքսային նպատակներով, այդ թվում՝ վարչական իրավախախտումների և հանցագործությունների կանխարգելման և կանխման նպատակով:

2. Մաքսային մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև այլ անձինք, որոնք սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկություններին ծանոթանալու իրավունք են ստացել Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, իրավունք չունեն հրապարակել, անձնական նպատակներով օգտագործել կամ երրորդ անձանց, այդ թվում՝ պետական մարմիններին, փոխանցել պետական, առևտրային, բանկային, հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ կազմող և այլ կոնֆիդենցիալ տեղեկությունները, բացառությամբ սույն Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Մաքսային միության մեկ անդամ պետության մաքսային մարմիններն իրենց ներկայացված տեղեկությունները տրամադրում են Մաքսային միության տվյալ անդամ պետության պետական մարմիններին, եթե այդ տեղեկությունները նշված մարմիններին անհրաժեշտ են Մաքսային միության տվյալ անդամ պետության օրենսդրությամբ իրենց վերապահված խնդիրների իրագործման համար, Մաքսային միության տվյալ անդամ պետության՝ պետական, առևտրային, բանկային, հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի կամ այլ կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանության վերաբերյալ օրենսդրությամբ, ինչպես նաև Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և պահանջների պահպանմամբ:

(երկրորդ մասը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 9. Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկումը

 

Ցանկացած անձ իրավունք ունի բողոքարկել մաքսային մարմինների որոշումները, մաքսային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց գործողությունները (անգործությունը) Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, որի մաքսային մարմնի կամ մաքսային մարմնի պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են:

 

ԳԼՈՒԽ 2. ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 10. Մաքսային միության մաքսային օրենսդրության վերաբերյալ իրազեկումը

 

1. Մաքսային միության մաքսային օրենսդրության վերաբերյալ իրազեկումն իրականացվում է Մաքսային միության մաքսային օրենսդրության ակտերը պաշտոնական և այլ տպագիր հրատարակություններում հրապարակելու միջոցով, ինչպես նաև դրանց մասին տեղեկությունների՝ հեռուստատեսությամբ և ռադիոյով համընդհանուր իրազեկման միջոցով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև տեղեկությունների տարածման այլ մեթոդների օգտագործմամբ:

2. Մաքսային միության հանձնաժողովը և մաքսային մարմիններն ապահովում են համացանցում իրենց պաշտոնական կայքէջերում հրապարակված Մաքսային միության մաքսային օրենսդրությանն անարգել ծանոթանալու անձանց հնարավորությունը:

 

Հոդված 11. Մաքսային մարմինների կողմից խորհրդատվությունը

 

1. Մաքսային մարմինները շահագրգիռ անձանց խորհրդատվություն են տրամադրում Մաքսային միության մաքսային օրենսդրությանն առնչվող հարցերի և այլ հարցերի վերաբերյալ, որոնք գտնվում են մաքսային մարմինների իրավասության սահմաններում:

2. Մաքսային մարմինների կողմից խորհրդատվության տրամադրումն իրականացվում է բանավոր և գրավոր՝ անվճար: Շահագրգիռ անձի կողմից գրավոր հարցման դեպքում մաքսային մարմինը պարտավոր է տեղեկությունները գրավոր ներկայացնել հնարավորինս կարճ ժամկետում, սակայն Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետից ոչ ուշ:

3. Խորհրդատվություն տրամադրելիս մաքսային մարմինների պաշտոնատար անձինք մաքսային մարմնի անունից չեն իրականացնում մաքսային հայտարարագրերի և այլ փաստաթղթերի ստուգում, որոնք՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությանը համապատասխան պետք է ներկայացվեն մաքսային մարմիններ, ինչպես նաև չեն կազմում այդպիսի մաքսային հայտարարագրեր և փաստաթղթեր:

Սույն կետի առաջին մասում նշված փաստաթղթերի լրացման հետ կապված խորհրդատվությունն իրականացվում է բանավոր՝ առանց շահագրգիռ անձի կողմից ներկայացված տեղեկությունների ստուգման:

4. Խորհրդատվություն տրամադրելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրավունք չունի՝

1) խորհրդատվություն տրամադրելու մաքսային մարմինների իրավասության սահմաններում չգտնվող հարցերի վերաբերյալ.

2) փոփոխություններ և լրացումներ կատարելու շահագրգիռ անձանց կողմից ներկայացված փաստաթղթերում.

3) շահագրգիռ անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի վրա կատարելու մակագրություններ, մաքսային մարմիններին տալու հրահանգչական ցուցումներ կամ այլ կերպ ազդելու մաքսային մարմիններին վերապահված գործառույթներն իրականացնելիս մաքսային մարմնի հետագա որոշումների կամ դրա պաշտոնատար անձի գործողությունների վրա.

4) հաղորդելու տեղեկություններ, որոնք օրենսդրությանը համապատասխան, հրապարակման ենթակա չեն:

5. Խորհրդատվության ժամանակ շահագրգիռ անձանց տրամադրված տեղեկությունը հիմք չի հանդիսանում մաքսային մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից որոշման ընդունման կամ գործողությունների կատարման (անգործության) համար ապրանքների հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու ժամանակ:

6. Մաքսային մարմինների կողմից խորհրդատվության կազմակերպման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

ԳԼՈՒԽ 3. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

 

Հոդված 12. Մաքսային ներկայացուցիչը

 

1. Մաքսային ներկայացուցիչը Մաքսային միության անդամ պետության իրավաբանական անձ է, որը բավարարում է սույն Օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված պայմանները:

Իրավաբանական անձը որպես մաքսային ներկայացուցիչ ճանաչվում է մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկվելուց հետո:

Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու և այդ ռեեստրից հանելու կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձանց՝ որպես մաքսային ներկայացուցիչների, գործունեության կասեցման և վերսկսման դեպքերը և կարգը կարող են սահմանվել Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

(չորրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

2. Մաքսային ներկայացուցիչը հայտարարատուի կամ այլ շահագրգիռ անձանց անունից և հանձնարարությամբ Մաքսային միության մաքսային օրենսդրությանը համապատասխան մաքսային գործառնություններ է իրականացնում Մաքսային միության այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնի կողմից նա ընդգրկվել է մաքսային ներկայացուցիչների ռեեստրում:

3. Մաքսային ներկայացուցիչների և հայտարարատուների կամ այլ շահագրգիռ անձանց հարաբերությունները ձևավորվում են պայմանագրի հիման վրա:

4. Մաքսային մարմինները՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, վարում են մաքսային ներկայացուցիչների ռեեստրը և ապահովում դրա կանոնավոր հրապարակումը եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս հաճախականությամբ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Մաքսային միության հանձնաժողովը՝ մաքսային մարմինների կողմից վարվող ռեեստրների հիման վրա, ձևավորում է մաքսային ներկայացուցիչների ընդհանուր ռեեստր և ապահովում դրա կանոնավոր հրապարակումը եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս հաճախականությամբ Մաքսային միության հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:

(4-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

5. Մաքսային ներկայացուցիչների՝ անմիջապես մաքսային գործառնություններ իրականացնող աշխատողների համար Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել որակավորման պահանջներ և սահմանված պահանջներին այդ անձանց համապատասխանությունը հաստատող փաստաթուղթը նրանց տրամադրելու պայմաններ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

6. Մաքսային գործառնություններ իրականացնելիս մաքսային ներկայացուցչի համար չպետք է սահմանվեն պակաս բարենպաստ պայմաններ կամ ներկայացվեն առավել խիստ պահանջներ, քան սույն Օրենսգրքին համապատասխան հայտարարատուի կամ այլ շահագրգիռ անձի կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար սահմանված պայմանները և ներկայացվող պահանջները:

 

Հոդված 13. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայմանները

 

Իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայմանները հետևյալն են՝

1) այդ անձի աշխատակազմում առնվազն 2 (երկու) աշխատողների առկայություն, որոնք ունեն Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջների հետ նրանց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2) ռիսկի ապահովագրության պայմանագրի առկայություն իր քաղաքացիական պատասխանատվության համար, որը կարող է առաջանալ ներկայացվող անձանց գույքին վնաս հասցվելու կամ այդ անձանց հետ պայմանագրի խախտման հետևանքով: Ապահովագրական գումարի չափը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ.

3) մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրում՝ մեկ միլիոն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք չափով, որը հաշվարկվում է հիմք ընդունելով այդ ապահովումը տրամադրելու օրվա դրությամբ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված փոխարժեքները.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

4) այլ պահանջների հետ համապատասխանությունը և այլ պայմանների պահպանումը, որոնք սահմանված են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 14. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրից հանելու հիմքերը

 

Իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրից հանելու հիմքերը հետևյալն են՝

1) մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկվելու պայմանները չպահպանելը, որոնք սահմանված են սույն Օրենսգրքի 13-րդ հոդվածում.

2) մաքսային ներկայացուցչի՝ իրեն մաքսային ներկայացուցիչների ռեեստրից հանելու մասին դիմումը.

(2-րդ ենթակետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3) իրավաբանական անձի լուծարումը՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

(3-րդ ենթակետն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

4) իրավաբանական անձի վերակազմակերպումը, բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

(4-րդ ենթակետն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

 

Հոդված 15. Մաքսային ներկայացուցչի իրավունքները

 

1. Մաքսային գործառնություններ իրականացնելիս մաքսային ներկայացուցիչն ունի նույն իրավունքները, որոնք ունի այն անձը, որը լիազորում է նրան ներկայացնելու իր շահերը մաքսային մարմինների հետ փոխհարաբերություններում:

2. Իր գործունեության իրականացման ժամանակ մաքսային ներկայացուցիչն իրավունք ունի՝

1) ներկայացվողից պահանջելու մաքսային նպատակների համար անհրաժեշտ, այդ թվում՝ փաստաթղթեր և տեղեկություններ՝ ներառյալ առևտրային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող կամ ուրիշ կոնֆիդենցիալ տեղեկություններ, և այդ փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալ այնպիսի ժամկետներում, որոնցով ապահովվում է սույն Օրենսգրքով սահմանված պահանջների կատարումը.

2) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ունենալու մաքսային մարմինների տեղեկատվական այն համակարգերից օգտվելու հնարավորություն, որոնք նրանց կողմից օգտագործվում են մաքսային նպատակների համար անհրաժեշտ տեղեկությունների ավտոմատ մշակման, տվյալների էլեկտրոնային փոխանցման համար:

3. Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսվել մաքսային ներկայացուցչի իրավունքը՝ սահմանափակելու իր գործունեության ոլորտը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան առանձին տեսակի ապրանքների հետ կապված կամ մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների որոշակի տեսակներով տեղափոխվող ապրանքների հետ կապված մաքսային գործառնությունների իրականացմամբ, ինչպես նաև առանձին մաքսային գործառնությունների իրականացմամբ կամ Մաքսային միության անդամ պետությունների մեկ (մի քանի) մաքսային մարմնի (մաքսային մարմինների) գործունեության տարածքի շրջանակներում գործունեության տարածքով:

 

Հոդված 16. Մաքսային ներկայացուցչի պարտականությունները

 

1. Մաքսային գործառնություններ իրականացնելիս մաքսային ներկայացուցչի պարտականությունները պայմանավորվում են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված պահանջներով և պայմաններով:

Մաքսային ներկայացուցչի պարտականությունների մեջ չի մտնում այնպիսի մաքսային գործառնությունների իրականացումը, որոնք կապված են հայտագրված մաքսային ընթացակարգերի պահանջների և պայմանների կատարման հետ, ինչպես նաև այլ պարտականությունները, որոնք՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությանը համապատասխան, դրվում են միայն իրենց կողմից ներկայացվող անձանց վրա:

2. Ներկայացվողներից ստացվող՝ պետական, առևտրային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները կամ այլ կոնֆիդենցիալ տեղեկությունները մաքսային ներկայացուցչի և նրա աշխատողների կողմից չպետք է հրապարակվեն կամ օգտագործվեն սեփական նպատակներով, փոխանցվեն այլ անձանց, բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

3. Մաքսային ներկայացուցիչը պարտավոր է մաքսային մարմիններին հաշվետվություն ներկայացնել՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

4. Մաքսային մարմինների առջև մաքսային ներկայացուցչի պարտականությունները չեն կարող սահմանափակվել միայն ներկայացվողի հետ պայմանագրով:

5. Մաքսային բոլոր ներկայացուցիչների համար պարտականությունները միասնական են: Արգելվում է առանձին մաքսային ներկայացուցիչներին անհատական բնույթ կրող բացառիկ (էքսկլյուզիվ) իրավունքներ տրամադրելը:

6. Մաքսային ներկայացուցիչը պարտավոր է մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկվելու ժամանակ իր կողմից ներկայացված տեղեկությունների փոփոխությունների մասին այդ տեղեկությունների փոփոխությունից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկած մաքսային մարմնին:

(6-րդ կետն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

 

Հոդված 17. Մաքսային ներկայացուցչի պատասխանատվությունը

 

Մաքսային միության մաքսային օրենսդրության պահանջները չկատարելու համար մաքսային ներկայացուցիչը պատասխանատվություն է կրում Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 18. Մաքսային փոխադրողը

 

1. Մաքսային փոխադրողը Մաքսային միության անդամ պետության իրավաբանական անձ է, որը բավարարում է սույն Օրենսգրքի 19-րդ հոդվածով սահմանված պայմանները:

Իրավաբանական անձը որպես մաքսային փոխադրող է ճանաչվում մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկվելուց հետո:

Մաքսային փոխադրողներին ռեեստրում ընդգրկելու և այդ ռեեստրից հանելու կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

2. Մաքսային փոխադրողն իրականացնում է Մաքսային միության մաքսային տարածքով մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների փոխադրում՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությանը համապատասխան:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Մաքսային մարմինները՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, վարում են մաքսային փոխադրողներ ճանաչված անձանց ռեեստրները և ապահովում դրանց կանոնավոր հրապարակումը եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս հաճախականությամբ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

(առաջին մասը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Մաքսային միության հանձնաժողովը՝ մաքսային մարմինների կողմից վարվող ռեեստրների հիման վրա, ձևավորում է մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստր և ապահովում դրա հրապարակումը եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս հաճախականությամբ Մաքսային միության հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:

(երկրորդ մասը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրի ձևը և դրա վարման կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

4. Մաքսային փոխադրողների կարգավիճակը հավաստվում է փաստաթղթով, որի ձևը և օգտագործման կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Սույն կետի առաջին մասում նշված փաստաթուղթը տրվում է Մաքսային միության անդամ պետության՝ իրավաբանական անձին մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկած մաքսային մարմնի կողմից:

 

Հոդված 19. Մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկելու պայմանները

 

Իրավաբանական անձին մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկելու պայմանները հետևյալն են՝

1) այդ անձի կողմից մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ 2 (երկու) տարուց ոչ պակաս ժամանակահատվածի ընթացքում բեռների փոխադրման գործունեության իրականացումը.

2) մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրումը՝ երկու հարյուր հազար եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք չափով, որը հաշվարկվում է հիմք ընդունելով այդ ապահովումը տրամադրելու օրվա դրությամբ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված փոխարժեքները.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3) բեռների փոխադրման գործունեության իրականացման թույլատրագրի առկայությունը, եթե գործունեության այդ տեսակի համար Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պահանջվում է նշված թույլտվությունը.

4) սեփականության իրավունքով, տնտեսվարման իրավունքով, օպերատիվ կառավարման իրավունքով, վարձակալության իրավունքով ապրանքների փոխադրման համար օգտագործվող, այդ թվում՝ մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրումների հնարավորություն ունեցող տրանսպորտային միջոցներ ունենալը.

5) հանվել է 2010 թվականի ապրիլի 4-ի արձանագրությամբ.

6) մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ՝ մաքսային վճարների, տույժերի վճարման մասով չկատարված պարտականությունների բացակայություն.

7) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ մաքսային գործի բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկվելու փաստերի բացակայություն մաքսային մարմին դիմելու օրվանից առաջ 1 (մեկ) տարվա ընթացքում.

8) այլ պահանջների հետ համապատասխանությունը և այլ պայմանների բավարարումը, որոնք սահմանված են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 20. Մաքսային փոխադրողների ռեեստրից հանելու հիմքերը

 

Իրավաբանական անձին մաքսային փոխադրողների ռեեստրից հանելու հիմքերը հետևյալն են՝

1) մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկելու պայմանները չպահպանելը, որոնք սահմանված են սույն Օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-ից 5-րդ և 8-րդ ենթակետերով.

2) փոխադրողի կողմից սույն Օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ից 3-րդ ենթակետերում նախատեսված պարտականությունները չկատարելը.

3) մաքսային փոխադրողի՝ իրեն մաքսային փոխադրողների ռեեստրից հանելու մասին դիմումը.

(3-րդ ենթակետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

4) իրավաբանական անձի լուծարումը՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

(4-րդ ենթակետն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

5) իրավաբանական անձի վերակազմակերպումը, բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

(5-րդ ենթակետն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

 

Հոդված 21. Մաքսային փոխադրողի պարտականությունները

 

Մաքսային փոխադրողը պարտավոր է՝

1) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ պահպանել այն պայմանները և կատարել այն պահանջները, որոնք սահմանված են սույն Օրենսգրքով.

2) վարել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների հաշվառում և մաքսային մարմիններին հաշվետվություն ներկայացնել այդ ապրանքների փոխադրման վերաբերյալ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

3) կատարել մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը սույն Օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում.

4) չհրապարակել, սեփական նպատակներով չօգտագործել կամ այլ անձանց չփոխանցել, բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, ապրանքներն ուղարկողի, դրանք ստացողի կամ առաքողի կողմից ստացված՝ պետական, առևտրային, բանկային, հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները կամ այլ կոնֆիդենցիալ տեղեկությունները.

5) մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկվելու ժամանակ իր կողմից ներկայացված տեղեկությունների փոփոխության մասին այդ տեղեկությունների փոփոխությունից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել իրավաբանական անձին մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկած մաքսային մարմնին:

 

Հոդված 22. Մաքսային փոխադրողի պատասխանատվությունը

 

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ իր պարտականությունները չկատարելու համար մաքսային փոխադրողը պատասխանատվություն է կրում սույն Օրենսգրքի 224-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 23. Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը

 

1. Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը Մաքսային միության անդամ պետության իրավաբանական անձ է, որը բավարարում է սույն Օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված պայմանները:

Իրավաբանական անձը որպես ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետող ճանաչվում է ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելուց հետո:

Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու և այդ ռեեստրից հանելու կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձանց՝ որպես ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների գործունեության կասեցման և վերսկսման դեպքերը և կարգը կարող են սահմանվել Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

(չորրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

2. Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողն իրականացնում է մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների պահպանությունը Մաքսային միության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և պայմաններով:

3. Մաքսային մարմինները՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, վարում են ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողներ ճանաչված անձանց ռեեստրները և ապահովում դրանց կանոնավոր հրապարակումը եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս հաճախականությամբ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Մաքսային միության հանձնաժողովը մաքսային մարմինների կողմից վարվող ռեեստրների հիման վրա, ձևավորում է ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ընդհանուր ռեեստր և ապահովում դրա կանոնավոր հրապարակումը եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս հաճախականությամբ Մաքսային միության հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:

(3-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 24. Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները

 

1. Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկման պայմանները հետևյալն են՝

1) սեփականության իրավունքով, տնտեսվարման իրավունքով, օպերատիվ կառավարման իրավունքով կամ վարձակալության իրավունքով շինություններ և (կամ) բաց հրապարակներ ունենալը, որոնք նախատեսված են որպես ժամանակավոր պահպանման պահեստ օգտագործվելու համար և համապատասխանում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջներին.

2) ռիսկի ապահովագրության պայմանագրի առկայություն իր քաղաքացիական պատասխանատվության համար, որը կարող է առաջանալ այլ անձանց՝ պահպանության տակ գտնվող ապրանքին վնաս հասցվելու կամ այլ անձանց հետ պահպանման մասին պայմանագրի այլ պայմանների խախտման հետևանքով: Ապահովագրական գումարի չափը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ.

3) մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ՝ մաքսային վճարների, տույժերի վճարման մասով չկատարված պարտականությունների բացակայություն.

4) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ մաքսային գործի բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկվելու փաստերի բացակայություն մաքսային մարմին դիմելու օրվանից առաջ 1 (մեկ) տարվա ընթացքում.

5) այլ պահանջների հետ համապատասխանությունը և այլ պայմանների բավարարումը, որոնք սահմանված են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

2. Եթե շինությունների (կամ) բաց հրապարակների տիրապետման համար հիմք է հանդիսանում վարձակալության պայմանագիրը, ապա այդ պայմանագիրը պետք է կնքված լինի ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու համար դիմումի օրվա դրությամբ 1 (մեկ) տարուց ոչ պակաս ժամկետով:

 

Հոդված 25. Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու հիմքերը

 

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Իրավաբանական անձին ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու հիմքերը հետևյալն են՝

1) ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները չպահպանելը, որոնք սահմանված են սույն Օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերով.

2) ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի կողմից սույն Օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ից 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերում նախատեսված պարտականությունները չկատարելը.

3) ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի՝ իրեն ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու մասին դիմումը.

4) իրավաբանական անձի լուծարումը՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

5) իրավաբանական անձի վերակազմակերպումը, բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

 

Հոդված 26. Ժամանակավոր պահպանման պահեստը տիրապետողի պարտականությունները

 

Ժամանակավոր պահպանման պահեստը տիրապետողը պարտավոր է՝

1) ապրանքների ժամանակավոր պահպանության ժամանակ պահպանել այն պայմանները և կատարել այն պահանջները, որոնք սահմանված են սույն Օրենսգրքով.

2) ապահովել ժամանակավոր պահպանման պահեստում գտնվող ապրանքների պահպանվածությունը.

3) վարել պահպանության տակ գտնվող ապրանքների հաշվառում և դրանց վերաբերյալ մաքսային մարմիններին հաշվետվություններ ներկայացնել՝ ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

4) առանց մաքսային մարմինների թույլտվության պահպանվող ապրանքներին մոտ չթողնել ժամանակավոր պահպանման պահեստի աշխատող չհանդիսացող և ապրանքների նկատմամբ լիազորություններ չունեցող կողմնակի անձանց.

5) կատարել մաքսային մարմինների պահանջները՝ կապված մաքսային մարմինների պաշտոնատար անձանց՝ պահպանվող ապրանքների մոտ մուտք գործելու հետ.

6) ժամանակավոր պահպանման պահեստի գործունեության դադարեցման դեպքում այդ պահեստի գործունեության դադարեցման մասին որոշման ընդունմանը հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում այդ որոշման մասին տեղեկացնել ժամանակավոր պահպանման պահեստ ապրանքներ հանձնած անձանց.

7) կատարել մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը սույն Օրենսգրքի 172-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.

8) ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու ժամանակ իր կողմից ներկայացված տեղեկությունների փոփոխության մասին այդ տեղեկությունների փոփոխությունից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել իրավաբանական անձին ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկած մաքսային մարմնին:

 

Հոդված 27. Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի պատասխանատվությունը

 

Ապրանքների ժամանակավոր պահպանման ժամանակ իր պարտականությունները չկատարելու համար ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը պատասխանատվություն է կրում Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 28. Մաքսային պահեստի տիրապետողը

 

1. Մաքսային պահեստի տիրապետողը Մաքսային միության անդամ պետության իրավաբանական անձ է, որը բավարարում է սույն Օրենսգրքի 29-րդ հոդվածով սահմանված պայմանները:

Իրավաբանական անձը որպես մաքսային պահեստի տիրապետող ճանաչվում է մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելուց հետո:

Մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու և այդ ռեեստրից հանելու կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձանց՝ որպես մաքսային պահեստների տիրապետողների գործունեության կասեցման և վերսկսման դեպքերը և կարգը կարող են սահմանվել Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

(չորրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

2. Մաքսային պահեստի տիրապետողն իրականացնում է մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների պահպանությունը սույն Օրենսգրքով սահմանված դեպքերում և պայմաններով:

3. Մաքսային պահեստի տիրապետողների՝ հայտարարատուների կամ այլ շահագրգիռ անձանց հետ հարաբերությունները ձևավորվում են պայմանագրի հիման վրա:

4. Մաքսային մարմինները՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, վարում են մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրը և ապահովում դրա կանոնավոր հրապարակումը եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս հաճախականությամբ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Մաքսային միության հանձնաժողովը՝ մաքսային մարմինների կողմից վարվող ռեեստրների հիման վրա, ձևավորում է մաքսային պահեստների տիրապետողների ընդհանուր ռեեստր և ապահովում դրա կանոնավոր հրապարակումը եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս հաճախականությամբ Մաքսային միության հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:

(4-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 29. Մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները

 

1. Իրավաբանական անձին մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները հետևյալն են՝

1) սեփականության իրավունքով, տնտեսվարման իրավունքով, օպերատիվ կառավարման իրավունքով կամ վարձակալության իրավունքով շինություններ և (կամ) բաց հրապարակներ ունենալը, որոնք նախատեսված են որպես մաքսային պահեստ օգտագործվելու համար և համապատասխանում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջներին.

2) ռիսկի ապահովագրության պայմանագրի առկայություն իր քաղաքացիական պատասխանատվության համար, որը կարող է առաջանալ այլ անձանց՝ պահպանության տակ գտնվող ապրանքին վնաս հասցվելու կամ այլ անձանց հետ պահպանման մասին պայմանագրի այլ պայմանների խախտման հետևանքով: Ապահովագրական գումարի չափը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ.

3) մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ՝ մաքսային վճարների, տույժերի վճարման մասով չկատարված պարտականությունների բացակայություն.

4) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ մաքսային գործի բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկվելու փաստերի բացակայություն մաքսային մարմին դիմելու օրվանից առաջ 1 (մեկ) տարվա ընթացքում.

5) այլ պահանջների հետ համապատասխանությունը և այլ պայմանների բավարարումը, որոնք սահմանված են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

2. Եթե շինությունների և (կամ) բաց հրապարակների տիրապետման համար հիմք է հանդիսանում վարձակալության պայմանագիրը, ապա այդ պայմանագիրը պետք է կնքված լինի մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու համար դիմումի օրվա դրությամբ 1 (մեկ) տարուց ոչ պակաս ժամկետով, եթե այլ բան սահմանված չէ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 30. Մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու հիմքերը

 

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Իրավաբանական անձին մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու հիմքերը հետևյալն են՝

1) մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները չպահպանելը, որոնք սահմանված են սույն Օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերում.

2) մաքսային պահեստի տիրապետողի կողմից սույն Օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ից 6-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերում նախատեսված պարտականությունները չկատարելը.

3) մաքսային պահեստի տիրապետողի՝ իրեն մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու մասին դիմումը.

4) իրավաբանական անձի լուծարումը՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

5) իրավաբանական անձի վերակազմակերպումը, բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

 

Հոդված 31. Մաքսային պահեստի տիրապետողի պարտականությունները

 

Մաքսային պահեստի տիրապետողը պարտավոր է՝

1) ապահովել մաքսային պահեստում գտնվող ապրանքների պահպանվածությունը.

2) պահպանել մաքսային պահեստում պահպանման վերաբերյալ սույն Օրենսգրքով սահմանված պայմանները և պահանջները.

3) ապահովել մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը.

4) վարել մաքսային պահեստում պահպանվող ապրանքների հաշվառում և այդ ապրանքների վերաբերյալ մաքսային մարմիններին հաշվետվություններ ներկայացնել՝ ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

5) առանց մաքսային մարմինների թույլտվության պահպանվող ապրանքներին մոտ չթողնել մաքսային պահեստի աշխատող չհանդիսացող և ապրանքների նկատմամբ լիազորություններ չունեցող կողմնակի անձանց.

6) կատարել մաքսային մարմինների պահանջները՝ կապված մաքսային մարմինների պաշտոնատար անձանց՝ պահպանվող ապրանքների մոտ մուտք գործելու հետ.

7) մաքսային պահեստի գործունեության դադարեցման դեպքում այդ պահեստի գործունեության դադարեցման մասին որոշման ընդունմանը հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում այդ որոշման մասին տեղեկացնել մաքսային պահեստ ապրանքներ հանձնած անձանց.

8) ապրանքների կորստի դեպքում, բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց կորստի դեպքերի, կամ առանց մաքսային մարմնի թույլտվության ապրանքների հանձնման դեպքում վճարել ներմուծման մաքսատուրքերը, հարկերը՝ սույն Օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորություն առաջանալիս.

9) մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու ժամանակ իր կողմից ներկայացված տեղեկությունների փոփոխության մասին այդ տեղեկությունների փոփոխությունից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել իրավաբանական անձին մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկած մաքսային մարմնին:

 

Հոդված 32. Մաքսային պահեստի տիրապետողի պարտականությունները

 

Ապրանքները մաքսային պահեստում պահպանելու ժամանակ իր պարտականությունները չկատարելու համար ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը պատասխանատվություն է կրում Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 33. Անմաքս առևտրի խանութի տիրապետողը

 

1. Անմաքս առևտրի խանութի տիրապետողը Մաքսային միության անդամ պետության իրավաբանական անձ է, որը բավարարում է սույն Օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված պայմանները:

Իրավաբանական անձը որպես անմաքս առևտրի խանութի տիրապետող ճանաչվում է անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելուց հետո:

Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու և այդ ռեեստրից հանելու կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձանց՝ որպես անմաքս առևտրի խանութների տիրապետողների գործունեության կասեցման և վերսկսման դեպքերը և կարգը կարող են սահմանվել Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

(չորրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Անմաքս առևտրի խանութի տիրապետողն իրականացնում է «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների պահպանությունը և մանրածախ վաճառքը Մաքսային միության մաքսային տարածքից մեկնող ֆիզիկական անձանց, ինչպես նաև օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, դրանց հավասարեցված՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին կամ դիվանագիտական գործակալներին, հյուպատոսական պաշտոնատար անձանց և նրանց հետ համատեղ ապրող իրենց ընտանիքների անդամներին:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Մաքսային մարմինները՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, վարում են անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրը և ապահովում դրա կանոնավոր հրապարակումը եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս հաճախականությամբ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

(3-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 34. Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները

 

Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները հետևյալն են՝

1) սեփականության իրավունքով, տնտեսվարման իրավունքով, օպերատիվ կառավարման իրավունքով կամ վարձակալության իրավունքով շինություններ ունենալը, որոնք նախատեսված են որպես անմաքս առևտրի խանութ օգտագործվելու համար և համապատասխանում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջներին.

2) մանրածախ առևտրի համար գրանցման փաստաթղթերի կամ թույլատրագրերի առկայությունը, եթե դրանք ստանալու պարտականությունը նախատեսված է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ.

3) մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ՝ մաքսային վճարների, տույժերի վճարման մասով չկատարված պարտականությունների բացակայություն.

4) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ մաքսային գործի բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկվելու փաստերի բացակայություն մաքսային մարմին դիմելու օրվանից առաջ 1 (մեկ) տարվա ընթացքում.

5) այլ պահանջների հետ համապատասխանությունը և այլ պայմանների բավարարումը, որոնք սահմանված են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 35. Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրից հանելու հիմքերը

 

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրից հանելու հիմքերը հետևյալն են՝

1) անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները չպահպանելը, որոնք սահմանված են սույն Օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերում.

2) անմաքս առևտրի խանութի տիրապետողի կողմից սույն Օրենսգրքի 36-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները չկատարելը.

3) անմաքս առևտրի խանութի տիրապետողի՝ իրեն անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրից հանելու մասին դիմումը.

4) իրավաբանական անձի լուծարումը՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

5) իրավաբանական անձի վերակազմակերպումը՝ բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

 

Հոդված 36. Անմաքս առևտրի խանութի տիրապետողի պարտականությունները

 

Անմաքս առևտրի խանութի տիրապետողը պարտավոր է՝

1) ապահովել «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված և սույն գլխին համապատասխան չիրացված մաքսային ապրանքների պահպանվածությունը.

2) պահպանել սույն Օրենսգրքով սահմանված պայմանները և պահանջները.

3) ապահովել մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը.

4) վարել անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառում, ինչպես նաև այդ ապրանքների վերաբերյալ մաքսային մարմիններին հաշվետվություններ ներկայացնել, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

5) վճարել մաքսատուրքերը, հարկերը՝ սույն Օրենսգրքի 306-րդ հոդվածին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորություն առաջանալիս.

6) անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու ժամանակ իր կողմից ներկայացված տեղեկությունների փոփոխության մասին այդ տեղեկությունների փոփոխությունից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել իրավաբանական անձին անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկած մաքսային մարմնին:

 

Հոդված 37. Անմաքս առևտրի խանութի տիրապետողի պատասխանատվությունը

 

Անմաքս առևտրի խանութներում ապրանքների պահպանության և իրացման պահանջները, ինչպես նաև «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի պահանջները չկատարելու համար անմաքս առևտրի խանութի տիրապետողը պատասխանատվություն է կրում Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 38. Լիազորված տնտեսական օպերատորը

 

1. Լիազորված տնտեսական օպերատորը սույն Օրենսգրքի 39-րդ հոդվածում նշված պայմանները բավարարող իրավաբանական անձ է, որն իրավունք ունի օգտվելու սույն Օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված պարզեցված ընթացակարգերից:

2. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակը իրավաբանական անձին տրվում է մաքսային մարմինների կողմից՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայական տալու միջոցով, և ճանաչվում է այն պետության տարածքում, որի մաքսային մարմնի կողմից տրվել է այդ կարգավիճակը:

Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակը տրվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված իրավաբանական անձին, որի տարածքում այդ անձին տրվելու է այդ կարգավիճակը:

Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականի ձևը և տրամադրման կարգը, այդ վկայականի գործողության դադարեցման և չեղարկման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

3. Լիազորված տնտեսական օպերատորը պարտավոր է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականի տրամադրման համար իր կողմից ներկայացված տեղեկությունների փոփոխությունների մասին այդ տեղեկությունների փոփոխությունից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել իրավաբանական անձին՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին վկայական տրամադրած մաքսային մարմնին:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 39. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու պայմանները

 

Իրավաբանական անձի կողմից լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու պայմաններն են՝

1) մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրումը՝ մեկ միլիոն եվրո գումարին համարժեք չափով, որը հաշվարկվում է հիմք ընդունելով այդ ապահովումը տրամադրելու օրվա դրությամբ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված փոխարժեքները՝ բացառությամբ սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Ապրանքների արտադրության և (կամ) ապրանքների արտահանման գործունեություն իրականացնող անձինք, որոնց նկատմամբ արտահանման մաքսատուրքեր չեն կիրառվում դրանց՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխան լինելու դեպքում, մաքսատուրքերի և հարկերի վճարման ապահովումը տրամադրում են հարյուր հիսուն հազար եվրո գումարին համարժեք չափով, որը հաշվարկվում է հիմք ընդունելով այդ ապահովումը տրամադրելու օրվա դրությամբ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված փոխարժեքները.

(պարբերությունն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

2) արտաքին առևտրային գործունեության իրականացումը Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետի, սակայն մաքսային մարմին դիմելու օրվանից առաջ մեկ տարուց ոչ պակաս ժամկետի ընթացքում.

3) մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ՝ մաքսային վճարների, տոկոսագումարների, տույժերի վճարման մասով չկատարված պարտականությունների բացակայություն.

4) մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ՝ Մաքսային միության անդամ պետությունների՝ հարկերի և հավաքագրումների վերաբերյալ օրենսդրությանը (հարկային օրենսդրությանը) համապատասխան պարտքերի (ապառքների) բացակայություն.

5) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ մաքսային գործի բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկվելու փաստերի բացակայություն մաքսային մարմին դիմելուց առաջ 1 (մեկ) տարվա ընթացքում.

6) ապրանքների հաշվառման այնպիսի համակարգի առկայությունը, որը հնարավորություն է տալիս մաքսային գործառնություններ իրականացնելու ժամանակ մաքսային մարմիններին ներկայացված տվյալները համադրել առևտրատնտեսական գործառնությունների իրականացման վերաբերյալ տվյալների հետ՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան.

(6-րդ ենթակետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

7) այլ պահանջների հետ համապատասխանությունը և այլ պայմանների բավարարումը, որոնք սահմանված են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 40. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրը

 

Մաքսային մարմինները վարում են լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրը և ապահովում դրա կանոնավոր հրապարակումը Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևով:

 

Հոդված 41. Լիազորված տնտեսական օպերատորներին՝ հատուկ պարզեցված ընթացակարգերով աշխատելու հնարավորության տրամադրումը

 

1. Լիազորված տնտեսական օպերատորին կարող է տրամադրվել հետևյալ հատուկ պարզեցված ընթացակարգերով աշխատելու հնարավորություն՝

1) լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում ապրանքների ժամանակավոր պահպանություն.

2) ապրանքների բացթողում մինչև սույն Օրենսգրքի 197-րդ հոդվածով մաքսային հայտարարագիրը ներկայացնելը.

3) ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացում լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում.

4) Մաքսային միության օրենսդրությամբ սահմանված այլ հատուկ պարզեցված ընթացակարգեր:

2. Սույն հոդվածով նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերը կիրառվում են միայն այն դեպքերում, երբ լիազորված տնտեսական օպերատորն իրավունք ունի հանդես գալ որպես այն ապրանքների հայտարարատու, որոնց նկատմամբ ենթադրվում է այդպիսի հատուկ ընթացակարգերի կիրառումը:

3. Այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ չեն կարող կիրառվել սույն հոդվածով նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերը, սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

 

Հոդված 42. Մաքսային մարմիններին նախնական տեղեկությունների տրամադրումը

 

1. Լիազորված տնտեսական օպերատորները, փոխադրողները, այդ թվում՝ մաքսային փոխադրողները, մաքսային ներկայացուցիչները և շահագրգիռ այլ անձինք կարող են էլեկտրոնային եղանակով մաքսային մարմիններ ներկայացնել նախնական տեղեկություններ՝ մաքսային սահմանով տեղափոխման համար նախատեսված ապրանքների, այդպիսի ապրանքները տեղափոխող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների, Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանման կամ այդ տարածքից մեկնման ժամի և վայրի, Մաքսային միության մաքսային տարածք ժամանող կամ այդ տարածքից մեկնող ուղևորների մասին:

2. Մաքսային մարմիններն իրականացնում են նախնական տեղեկությունների փոխանակում օտարերկրյա պետությունների մաքսային մարմինների (ծառայությունների) հետ՝ Մաքսային միության անդամ պետությունների կամ Մաքսային միության մեկ անդամ պետության՝ այդ պետությունների հետ միջազգային պայմանագրերին համապատասխան:

3. Նախնական տեղեկությունները մաքսային մարմիններին պարտադիր կերպով տրամադրելու դեպքերը, ծավալը, դրանց ներկայացման և մաքսային նպատակներով օգտագործման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով, եթե այլ բան նախատեսված չէ սույն Օրենսգրքով:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

ԳԼՈՒԽ 4. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

 

Հոդված 43. Մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերը, տեղեկատվական տեխնոլոգիաները և դրանց ապահովման միջոցները

 

1. Մաքսային գործառնությունները կարող են իրականացվել տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ տեղեկությունների էլեկտրոնային եղանակով փոխանցման վրա հիմնված համակարգերի և տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց ապահովման միջոցների կիրառմամբ:

2. Տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն իրականացվում է հաշվի առնելով համապատասխան միջազգային ստանդարտները և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ տեղեկատվական անվտանգության պահանջների ապահովումը:

3. Մաքսային մարմինների կողմից կիրառվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը և (կամ) միջազգային պայմանագրերին համապատասխան մաքսային մարմինների կողմից մշակված, արտադրված կամ ձեռք բերված տեղեկատվական համակարգերը, տեղեկատվական տեխնոլոգիաները և դրանց ապահովման միջոցները:

4. Տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, դրանց ապահովման միջոցների և տեղեկությունների պաշտպանության ծրագրային տեխնիկական միջոցների՝ մաքսային նպատակներով օգտագործման պայմանները և կարգը, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով տեղեկությունների փոխանակման վրա հիմնված տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման ժամանակ դրանց ներկայացվող պահանջները սահմանվում են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

5. Մաքսային մարմինների փոխգործակցության ապահովման նպատակով Մաքսային միության մաքսային տարածքում ստեղծվում են ինտեգրացված տեղեկատվական համակարգեր և տեղեկատվական տեխնոլոգիաներ:

 

Հոդված 44. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները

 

1. Մաքսային գործառնությունների ժամանակ ներկայացվող փաստաթղթերի և տվյալների, ինչպես նաև մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի բազայի հիման վրա ձևավորված մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսներն ունեն սահմանափակ հասանելիություն: Տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և դրանց հասանելիության կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսներ ասելով ենթադրվում է փաստաթղթավորված տեղեկությունների սիստեմավորված ամբողջությունը, որը ներառում է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերում ստեղծվող, մշակվող և կուտակվող տվյալների բազաները:

Մաքսային մարմինների՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությանը վերաբերող տեղեկատվական ռեսուրսները բաց են և հանրությանը մատչելի:

Հանրությանը մատչելի տեղեկատվական ռեսուրսները տեղադրվում են մաքսային մարմինների և Մաքսային միության հանձնաժողովի կայքէջերում:

2. Մաքսային մարմինների կողմից վարման ենթակա՝ սահմանափակ մատչելիություն ունեցող տեղեկատվական ռեսուրսներում պարունակվող տեղեկություններն անձանց կողմից ստանալու կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 45. Տեղեկությունների և տեղեկատվական գործընթացների ու տեղեկատվայնացման գործընթացի մասնակից սուբյեկտների իրավունքների պաշտպանությունը

 

1. Տեղեկությունների և տեղեկատվական գործընթացների ու տեղեկատվայնացման գործընթացի մասնակից սուբյեկտների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Տեղեկության՝ տեղեկությունների պաշտպանության ծրագրային տեխնիկական միջոցով ապահովվող պաշտպանվածության աստիճանը պետք է համապատասխանի տեղեկության կատեգորիային: Որոշակի կատեգորիայի տեղեկության պաշտպանվածության աստիճանի համապատասխանությունն ապահովվոււմ է այն մաքսային մարմինների կողմից, որոնց կողմից ենթակա են վարման տեղեկատվական ռեսուրսները:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 46. Մաքսային մարմինների միջև տեղեկությունների փոխանակումը

 

Մաքսային մարմինների միջև տեղեկությունների փոխանակումն իրականացվում է Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան:

Մաքսային մարմինները օտարերկրյա պետությունների մաքսային մարմինների հետ, ինչպես նաև միջազգային և այլ կազմակերպությունների հետ տեղեկատվության միջազգային փոխանակմանը մասնակցում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով:

 

ԳԼՈՒԽ 5. ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 47. Ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունը

 

1. Ապրանքների արտաքին առևտրի վիճակի, զարգացման դինամիկայի և միտումների վերլուծության նպատակով մաքսային մարմիններն իրականացնում են մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վերաբերյալ տեղեկությունների հավաքում և մշակում՝ ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալների ձևավորման համար:

2. Մաքսային մարմիններն ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունը վարում են Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ հաստատվող մեթոդաբանությանը համապատասխան:

3. Մաքսային վիճակագրության տվյալները մաքսային մարմինների կողմից տրամադրվում են՝

Մաքսային միության կառավարությանը, պետական մարմիններին և այլ կազմակերպություններին՝ Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի մաքսային մարմինների կողմից տրամադրվում են նշված տվյալները.

միջազգային կազմակերպություններին՝ Մաքսային միության այն անդամ պետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով, որի մաքսային մարմինների կողմից տրամադրվում են նշված տվյալները:

4. Մաքսային միության հանձնաժողովը Մաքսային միության ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալները տրամադրում է Մաքսային միության անդամ պետությունների պետական մարմիններին և միջազգային կազմակերպություններին միջազգային պայմանագրերին համապատասխան:

5. Մաքսային միության ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալները Մաքսային միության հանձնաժողովի կողմից հրապարակվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշումներով սահմանվող կարգով և ժամկետներում:

Մաքսային միության անդամ պետությունների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալները մաքսային մարմինների կողմից հրապարակվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

6. Պետական, առևտրային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք և այլ կոնֆիդենցիալ տեղեկություններ պարունակող՝ ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալները մաքսային մարմինների կողմից կարող են տրամադրվել դրանց ստացման հարցում հետաքրքրված՝ Մաքսային միության անդամ պետության կազմակերպություններին, բացառությամբ պետական մարմինների, Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով, որի մաքսային մարմինների կողմից տրամադրվում են այդպիսի տվյալները:

 

Հոդված 48. Հատուկ մաքսային վիճակագրությունը

 

1. Մաքսային մարմիններին վերապահված խնդիրների իրագործումն ապահովելու նպատակով՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է հատուկ մաքսային վիճակագրության վարում:

2. Հատուկ մաքսային վիճակագրության տվյալները մաքսային մարմինների կողմից օգտագործվում են բացառապես մաքսային նպատակներով:

 

Հոդված 49. Մաքսային նպատակներով օգտագործվող փաստաթղթերը և տեղեկությունները

 

1. Մաքսային նպատակներով օգտագործվում են այն փաստաթղթերը և տեղեկությունները, որոնք անձանց կողմից ներկայացվել են Մաքսային միության մաքսային օրենսդրությանը և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

2. Մաքսային նպատակներով օգտագործվող տեղեկությունների վրա տարածվում են սույն Օրենսգրքի 8-րդ հոդվածի դրույթները:

 

ԳԼՈՒԽ 6. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 50. Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկ

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը (այսուհետ՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) օգտագործվում է արտաքին առևտրային և արտաքին տնտեսական գործունեության այլ տեսակների մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման, մաքսային վիճակագրության վարման համար:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 51. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի վարումը

 

1. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը հիմնվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ ապրանքների ծածկագրման և նկարագրման ներդաշնակեցված համակարգի և Անկախ պետությունների համագործակցության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի վրա:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը հաստատվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից:

3. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումները կայացվում են Մաքսային միության հանձնաժողովի կողմից՝ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը և դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումները հրապարակվում են Մաքսային միության հանձնաժողովի կողմից:

4. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի տեխնիկական վարումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության՝ մաքսային գործի բնագավառում լիազորված մարմնի կողմից, որը նաև՝

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

1) դիտանցում է իրականացնում Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի միջազգային հիմքի փոփոխությունների, ինչպես նաև այդ հիմքի մեկնաբանման վերաբերյալ պարզաբանումների և որոշումների նկատմամբ.

2) առաջարկություններ է ներկայացնում Մաքսային միության հանձնաժողով՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը դրա միջազգային հիմքի հետ համապատասխանեցնելու վերաբերյալ.

3) կազմում և Մաքսային միության հանձնաժողով է ուղարկում Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի՝ ապրանքային դիրքերի, ենթադիրքերի և ստորաենթադիրքերի մակարդակով ծածկագրերի համապատասխանության աղյուսակները, դրա միջազգային հիմքի հերթական տարբերակին անցնելու ժամանակ.

4) պատրաստում է հրապարակման և Մաքսային միության հանձնաժողով է ուղարկում Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը և դրա պարզաբանումները.

5) իրականացնում է Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի վարման համար անհրաժեշտ այլ գործառույթներ:

 

Հոդված 52. Ապրանքների դասակարգումը

 

1. Ապրանքները՝ դրանց մաքսային հայտարարագրման ժամանակ, ենթակա են դասակարգման ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի:

2. Ապրանքների դասակարգման ճշտությունը ստուգվում է մաքսային մարմինների կողմից:

3. Ապրանքների ոչ ճիշտ դասակարգման հայտնաբերման դեպքում մաքսային մարմինն ինքն է իրականացնում ապրանքների դասակարգումը և որոշում է ընդունում ապրանքների՝ այն ձևով դասակարգման վերաբերյալ, որը սահմանված է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմինների որոշումները կարող են բողոքարկվել սույն Օրենսգրքի 9-րդ հոդվածին համապատասխան:

4. Ապրանքների դասակարգման համար պարտադիր չեն ապրանքների՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը, որոնք նշված են առևտրային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում և (կամ) այլ փաստաթղթերում, բացառությամբ սույն Օրենսգրքի 180-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերի, ինչպես նաև եզրակացություններում, տեղեկանքներում, փորձաքննության արձանագրություններում, որոնք տրվում են փորձագիտական հիմնարկների կողմից:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

5. Մաքսային մարմինները, սույն գլխին համապատասխան, ընդունում են նախնական որոշումներ ապրանքների դասակարգման վերաբերյալ:

6. Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմինները կարող են ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումներ ընդունել և պարզաբանումներ տալ՝ ապահովելով դրանց հրապարակումը:

Նման որոշումները և պարզաբանումները պարտադիր են Մաքսային միության այն անդամ պետության տարածքում ապրանքների հայտարարագրման ժամանակ, որի մաքսային մարմնի կողմից դրանք ընդունվել են:

7. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի միատեսակ մեկնաբանման ապահովման նպատակով մաքսային մարմինների առաջարկությունների հիման վրա Մաքսային միության հանձնաժողովը ընդունում և հրապարակում է որոշումներ և պարզաբանումներ ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու, դրանք քննարկելու և ապրանքների առանձին տեսակների դասակարգման մասին որոշումների ու պարզաբանումների նախագծերը Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների հետ համաձայնեցնելու կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

Մաքսային միության հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման մասին որոշումների ու պարզաբանումների ընդունումից հետո, սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան մաքսային մարմինների կողմից՝ ապրանքների նույն տեսակների վերաբերյալ ընդունված որոշումները և պարզաբանումները ենթակա են չեղարկման կամ փոփոխման:

 

Հոդված 53. Նախնական որոշման կայացման կարգը

 

1. Ապրանքների՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում կայացնելու կարգը սահմանվում է սույն հոդվածով, սույն Օրենսգրքի 54-ից 57-րդ հոդվածներով, իսկ նշված հոդվածներով չսահմանված մասով՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

2. Ապրանքների՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված մաքսային մարմինների կողմից:

3. Նախնական որոշումն ընդունվում է Մաքսային միության այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որտեղ իրականացվելու է ապրանքների բացթողումը: Նախնական որոշումը պարտադիր է Մաքսային միության այն անդամ պետության տարածքում ապրանքների հայտարարագրման ժամանակ, որի մաքսային մարմնի կողմից ընդունվել է նախնական որոշումը:

4. Նախնական որոշում ընդունվում է որոշակի մակնիշ, մոդել, ապրանքատեսակ (արտիկուլ) և մոդիֆիկացիա ներառող յուրաքանչյուր անուն ապրանքի համար:

5. Նախնական որոշման ձևը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

6. Դիմումատուի կողմից նախնական որոշման կորստի դեպքում մաքսային մարմինը տրամադրում է դիմումատուի կողմից նախկինում ստացված նախնական որոշման կրկնօրինակը:

7. Մաքսային մարմիններն իրականացնում են նախնական որոշումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում սույն Օրենսգրքի 124-րդ հոդվածին համապատասխան:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 54. Նախնական որոշում ընդունելու համար դիմումը

 

1. Նախնական որոշումը մաքսային մարմնի կողմից ընդունվում է անձի (այսուհետ սույն գլխում՝ դիմումատու) դիմումի հիման վրա, որը տրվում է գրավոր կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով:

2. Ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշում կայացնելու համար դիմումը պետք է պարունակի ապրանքների լրիվ առևտրային անվանումը, ֆիրմային անվանումը, հիմնական տեխնիկական, կոմերցիոն հատկանիշները և ապրանքները միանշանակորեն դասակարգելու հնարավորություն տվող այլ տեղեկությունները: Անհրաժեշտության դեպքում այդպիսի նախնական որոշում կայացնելու համար ներկայացվում են արտադրատեսակների լուսանկարները, նկարները, գծագրերը, անձնագրերը, ապրանքների փորձանմուշները և նմուշները և այլ փաստաթղթեր:

3. Եթե դիմումատուի կողմից ներկայացված տեղեկությունները բավարար չեն նախնական որոշման ընդունման համար, մաքսային մարմինը դիմումատուին ծանուցում է լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտության մասին՝ նախնական որոշում կայացնելու համար մաքսային մարմին դիմում ներկայացվելու օրվանից 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում, եթե ավելի կարճ ժամկետ սահմանված չէ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ: Լրացուցիչ տեղեկությունները պետք է ներկայացվեն դիմումատուին գրավոր ծանուցելու օրվանից 60 (վաթսուն) աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկությունները սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում նախնական որոշում կայացնելու համար դիմումը մերժվում է:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 55. Նախնական որոշումն ընդունելու և դրա գործողության ժամկետները

 

1. Նախնական որոշումն ընդունվում է նախնական որոշում կայացնելու համար դիմումը մաքսային մարմնում մուտք լինելու օրվանից 90 (իննսուն) օրացուցային օրվա ընթացքում, եթե ավելի կարճ ժամկետ սահմանված չէ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Սույն Օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան Լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտության դեպքում սույն կետի առաջին մասում նշված ժամկետի ընթացքը կասեցվում է և վերսկսվում՝ պահանջվող տեղեկությունները պարունակող վերջին փաստաթուղթը մաքսային մարմնի կողմից ստանալու օրվանից:

2. Նախնական որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից 3 (երեք) տարվա ընթացքում, եթե այն չի փոփոխվում, չի չեղարկվում կամ դրա գործողությունը չի դադարեցվում սույն Օրենսգրքի 56-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 56. Նախնական որոշման գործողության դադարեցումը, փոփոխումը կամ չեղարկումը

 

1. Մաքսային մարմինը կարող է որոշում ընդունել իր կամ ստորադաս մաքսային մարմնի կողմից ընդունված նախնական որոշման գործողության դադարեցման, փոփոխության կամ չեղարկման վերաբերյալ:

Նախնական որոշման գործողության դադարեցման, փոփոխության կամ չեղարկման վերաբերյալ որոշումը դիմումատուին է ուղարկվում նախնական որոշման գործողության դադարեցման, փոփոխության կամ չեղարկման վերաբերյալ որոշումը կայացվելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ:

2. Նախնական որոշման գործողության դադարեցման մասին որոշում ընդունվում է, եթե մաքսային մարմինը պարզում է, որ նախնական որոշում ընդունելու համար դիմած դիմումատուն ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, ոչ հավաստի և (կամ) ոչ լրիվ տեղեկություններ:

Նախնական որոշման գործողության դադարեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշումն ընդունելու օրը:

3. Նախնական որոշման փոփոխությունն իրականացվում է այն դեպքերում, երբ՝

մաքսային մարմնի կամ դիմումատուի կողմից հայտնաբերվում են սխալներ, որոնք թույլ են տրվել նախնական որոշումը կայացնելու ժամանակ:

Սույն Օրենսգրքի 52-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան մաքսային մարմինների կողմից ընդունվում են ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումներ կամ պարզաբանումներ:

Նախնական որոշումը փոփոխելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումն ուժի մեջ է մտնում նախնական որոշումը փոփոխելու վերաբերյալ որոշման մեջ նշված ժամկետում:

4. Նախնական որոշումը չեղարկվում է այն դեպքերում, երբ՝

փոփոխություններ են կատարվում Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում, որոնք ազդում են այն ապրանքների դասակարգման վրա, որոնց վերաբերյալ կայացվել է նախնական որոշումը.

Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից որոշումներ են ընդունվում՝ Մաքսային միության անդամ պետությունների կողմից կիրառվող ապրանքների դասակարգման վերաբերյալ,

Մաքսային միության հանձնաժողովի կողմից որոշումներ և պարզաբանումներ են ընդունվում ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ:

Նախնական որոշումը չեղարկելու վերաբերյալ որոշումը մաքսային մարմնի կողմից ընդունվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից որոշումների և պարզաբանումների հրապարակումից հետո 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում և ուժի մեջ է մտնում այդ որոշումների հետ միաժամանակ:

5. Նախնական որոշման գործողության դադարեցման, փոփոխության կամ չեղարկման վերաբերյալ որոշման մասին մաքսային մարմիններին տեղեկացվում է նախնական որոշման գործողության դադարեցման, փոփոխության կամ չեղարկման վերաբերյալ որոշումը կայացվելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ:

 

Հոդված 57. Նախնական որոշումների հրապարակայնությունը

 

Նախնական որոշումները, բացառությամբ շահագրգիռ անձին վերաբերող՝ պետական, առևտրային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունների կամ այլ կոնֆիդենցիալ տեղեկությունների, տեղադրվում են Մաքսային միության հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:

 

ԳԼՈՒԽ 7. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ

 

Հոդված 58. Ընդհանուր դրույթներ ապրանքների ծագման երկրի վերաբերյալ

 

1. Ապրանքների ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ ապրանքներն ամբողջությամբ արտադրվել են կամ ենթարկվել բավարար մշակման (վերամշակման) Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան: Ընդ որում, «ապրանքների ծագման երկիր» ասելով կարող է ենթադրվել երկրների խումբը կամ երկրների մաքսային միությունները կամ երկրի որևէ տարածաշրջանը կամ մասը, եթե անհրաժեշտ է դրանք տարանջատել ծագման երկրի որոշման նպատակով:

2. Ապրանքների ծագման երկրի որոշումն իրականացվում է բոլոր այն դեպքերում, երբ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառումը պայմանավորված է ապրանքների ծագման երկրով:

3. Ապրանքների ծագման երկիրը որոշվում է Մաքսային միության անդամ պետությունների՝ ապրանքների ծագման երկրի որոշման կանոնները կարգավորող միջազգային պայմանագրերին համապատասխան:

Մաքսային միության անդամ պետության տարածքից ծագող ապրանքների ծագման երկիրը որոշվում է Մաքսային միության այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, եթե այլ բան սահմանված չէ միջազգային պայմանագրերով:

(երկրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

4. Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից կարող են ընդունվել ապրանքների ծագման երկրի վերաբերյալ նախնական որոշումներ:

 

Հոդված 59. Ապրանքների ծագման երկրի հաստատումը

 

1. Ապրանքների ծագման երկրի հաստատման նպատակով մաքսային մարմինն իրավունք ունի պահանջելու ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթղթեր:

2. Ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթղթեր են համարվում ապրանքի ծագման հայտարարագիրը կամ ապրանքի ծագման հավաստագիրը:

 

Հոդված 60. Ապրանքի ծագման հայտարարագիրը

 

1. Ապրանքի ծագման հայտարարագիրն իրենից ներկայացնում է արտադրողի, վաճառողի կամ ուղարկողի կողմից ապրանքների արտահանման կապակցությամբ արված ապրանքների ծագման երկրի վերաբերյալ հայտագրումը, պայմանով՝ որ դրանում նշվեն ապրանքների ծագման երկիրը որոշելու հնարավորություն տվող տեղեկություններ: Որպես այդպիսի հայտարարագիր օգտագործվում են առևտրային կամ ցանկացած այլ փաստաթղթերը, որոնք առնչություն ունեն ապրանքի հետ:

2. Եթե ապրանքի ծագման մասին հայտարարագրում ապրանքների ծագման երկրի վերաբերյալ տեղեկությունները հիմնված են Մաքսային միության անդամ պետությունների՝ ապրանքների ծագման երկրի որոշման կանոնները կարգավորող միջազգային պայմանագրերով նախատեսված կիրառություն ունեցող չափանիշներից բացի այլ չափանիշների վրա, ապա ապրանքների ծագման երկիրը որոշվում է այն չափանիշների հիման վրա, որոնք սահմանված են միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 61. Ապրանքի ծագման հավաստագիրը

 

1. Ապրանքի ծագման հավաստագիրը ապրանքների ծագման երկրի մասին միանշանակորեն վկայող և այդ երկրի կամ արտահանման երկրի լիազորված մարմինների կամ կազմակերպությունների կողմից տրված փաստաթուղթ է, եթե արտահանման երկրում հավաստագիրը տրվում է ապրանքների ծագման երկրից ստացվող տեղեկությունների հիման վրա:

Եթե ապրանքի ծագման հավաստագրում ապրանքների ծագման երկրի վերաբերյալ տեղեկությունները հիմնված են Մաքսային միության անդամ պետությունների՝ ապրանքների ծագման երկրի որոշման կանոնները կարգավորող միջազգային պայմանագրերով նախատեսված կիրառություն ունեցող չափանիշներից բացի այլ չափանիշների վրա, ապա ապրանքների ծագման երկիրը որոշվում է այն չափանիշների հիման վրա, որոնք սահմանված են միջազգային պայմանագրերով:

2. Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման ժամանակ ապրանքի ծագման հավաստագիրը տրվում է Մաքսային միության անդամ պետությունների լիազորված մարմինների կամ կազմակերպությունների կողմից, եթե նշված հավաստագիրն անհրաժեշտ է ըստ պայմանագրի պայմանների, ապրանքների ներմուծման երկրի ազգային նորմերի կամ եթե նշված հավաստագրի առկայությունը նախատեսված է միջազգային պայմանագրերով:

Ապրանքի ծագման հավաստագիրը տված լիազորված մարմինները և կազմակերպությունները պարտավոր են այն տալու օրվանից 3 (երեք) տարուց ոչ պակաս ժամկետով պահել դրա պատճենը և այլ փաստաթղթերը, որոնց հիման վրա հավաստվել է ապրանքների ծագումը:

3. Ապրանքի ծագման հավաստագիրը ներկայացվում է մաքսային հայտարարագրի և այլ փաստաթղթերի հետ միաժամանակ, որոնք ներկայացվում են Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելու ժամանակ ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելիս: Հավաստագրի կորստի դեպքում ընդունվում է դրա պաշտոնապես հաստատված կրկնօրինակը:

4. Եթե ապրանքի ծագման հավաստագիրը ձևակերպվել է դրա ձևակերպման և (կամ) լրացման համար Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ, ապա մաքսային մարմինն ինքնուրույն որոշում է մերժել այդ հավաստագիրը որպես հիմք դիտարկել սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու ժամանակ:

5. Մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային մարմինն իրավունք ունի դիմելու երկրի՝ ապրանքի ծագման հավաստագիրը տված լիազորված մարմիններին կամ կազմակերպություններին՝ որ վերջիններս ներկայացնեն լրացուցիչ փաստաթղթեր կամ հստակեցնող տեղեկություններ: Դիմելու փաստը չի խոչընդոտում ծագման երկրի վերաբերյալ այն տեղեկությունների հիման վրա ապրանքերի բացթողմանը, որոնք ներկայացվել են ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելիս:

 

Հոդված 62. Ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթղթեր ներկայացնելը

 

1. Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ժամանակ ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթուղթը ներկայացվում է այն դեպքում, երբ այդ ապրանքների ծագման երկրին Մաքսային միության տարածքում տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան: Այդ դեպքում ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթուղթը մաքսային մարմիններին է ներկայացվում մաքսային հայտարարագիրը ներկայացնելու հետ միաժամանակ: Ընդ որում, սակագնային առանձնաշնորհումների տրամադրման համար կարող է պայման լինել Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը և (կամ) միջազգային պայմանագրերին համապատասխան՝ ապրանքի ծագման հավաստագիրը որոշակի ձևով ներկայացնելու անհրաժեշտությունը:

Մաքսատուրքերի, հարկերի և (կամ) ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման վրա ազդող՝ ապրանքների ծագման երկրի վերաբերյալ ներկայացված տեղեկությունների ոչ հավաստի լինելու փաստերի հայտնաբերման դեպքում մաքսային մարմիններն իրավունք ունեն պահանջելու ներկայացնել ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթուղթ:

2. Անկախ սույն հոդվածի 1-ին կետի դրույթներից, ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթուղթ ներկայացնելը չի պահանջվում՝

1) եթե Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքները հայտարարագրվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ ազատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ մաքսային մարմնի կողմից հայտնաբերվում են փաստեր այն մասին, որ ապրանքների ծագման երկիրն այն երկիրն է, որի ապրանքներն արգելված են Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման կամ դրա տարածքով տարանցման համար՝ ըստ Մաքսային միության մաքսային օրենսդրության կամ անդամ պետությունների օրենսդրության.

2) եթե ապրանքները մաքսային սահմանով տեղափոխվում են ֆիզիկական անձանց կողմից՝ սույն Օրենսգրքի 49-րդ գլխին համապատասխան.

3) եթե մաքսային սահմանով տեղափոխվող՝ միևնույն ժամանակ միևնույն եղանակով միևնույն առաքողի կողմից մեկ ստացողի հասցեով առաքված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված գումարը.

4) Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

 

Հոդված 63. Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու լրացուցիչ պայմանները դրանց ծագման երկիրը որոշելու ժամանակ

 

1. Ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում, եթե դրանք ներկայացնելը պարտադիր է սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու ժամանակ, այդ ապրանքների համար պետք է վճարվեն մաքսավճարներ՝ օտարերկրյա պետության (օտարերկրյա պետությունների խմբի) տարածքից ծագող ապրանքների նկատմամբ կիրառվող դրույքաչափերով, որի հետ առկա են փոխադարձ պայմանագրային պարտավորություններ՝ այլ պետություններին (պետությունների խմբին) տրամադրվող ռեժիմից ոչ պակաս բարենպաստ ռեժիմ տրամադրելու վերաբերյալ (այսուհետ՝ ազգերի առավել բարենպաստության ռեժիմ)՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքի:

2. Ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթղթերի բացակայության այլ դեպքերում կամ այնպիսի փաստերի հայտնաբերման դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերը ձևակերպված են ոչ պատշաճ կերպով և (կամ) պարունակում են ոչ հավաստի տեղեկություններ՝ մինչև ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթղթեր կամ հստակեցնող տեղեկություններ ներկայացնելը՝

1) ապրանքների համար վճարվում են մաքսատուրքեր այն օտարերկրյա պետության (օտարերկրյա պետությունների խմբի) տարածքից ծագող ապրանքների նկատմամբ կիրառվող դրույքաչափերով, որի հետ չկան փոխադարձ պայմանագրային պարտավորություններ ազգերի առավել բարենպաստության ռեժիմ տրամադրելու վերաբերյալ, եթե մաքսային մարմնի կողմից փաստեր են հայտնաբերվում այն մասին, որ ապրանքների ծագման երկիրն այն օտարերկրյա պետությունն է (օտարերկրյա պետությունների խումբը), որի հետ չկան փոխադարձ պայմանագրային պարտավորություններ ազգերի առավել բարենպաստության ռեժիմ տրամադրելու վերաբերյալ, կամ տրամադրվում է մաքսատուրքերի վճարման ապահովում նշված դրույքաչափերով.

2) ապրանքների՝ մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է պայմանով՝ որ հայտարարատուի կողմից ներկայացվեն սահմանված սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը կամ հատուկ, հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի վճարման ապահովումը, եթե մաքսային մարմնի կողմից փաստեր են հայտնաբերվում այն մասին, որ ապրանքների ծագման երկիրը այն երկիրն է, որտեղից ապրանքների ներմուծման համար սահմանափակումներ են սահմանված: Հատուկ, հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի վճարման ապահովումն իրականացվում է մաքսատուրքերի վճարումն ապահովելու համար սույն Օրենսգրքով սահմանված կարգով.

3) ապրանքների՝ մաքսային ընթացակարգով ձևակերպում չի իրականացվում միայն այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից հայտնաբերված փաստերը վկայում են այն մասին, որ ապրանքների ծագման երկիրը կարող է լինել այն երկիրը, որի ապրանքների ներմուծումն արգելված է Մաքսային միության մաքսային տարածք:

3. Սույն հոդվածի 1-ին կետում և 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների նկատմամբ կիրառվում (վերականգնվում) է սակագնային առանձնաշնորհումների տրամադրման ռեժիմը կամ ազգերի առավել բարենպաստության ռեժիմը՝ մաքսային մարմնում մաքսային հայտարարագրի գրանցումից հետո 1 (մեկ) տարվա ընթացքում այդ ապրանքների ծագման երկիրը հաստատվելու պայմանով: Այդ դեպքում վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման) սույն Օրենսգրքի 13-րդ գլխին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 8. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ

 

Հոդված 64. Ընդհանուր դրույթներ մաքսային արժեքի վերաբերյալ

 

1. Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրին համապատասխան, որով կարգավորվում են մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի որոշման հետ կապված հարցերը: Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնում է իրականացվում ապրանքների մաքսային հայտարարագրումը:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է, եթե ապրանքները փաստացի հատել են մաքսային սահմանը և մաքսային սահմանը հատելուց հետո այդ ապրանքները առաջին անգամ ձևակերպվում են մաքսային ընթացակարգով՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի: Մաքսային ընթացակարգի փոփոխության դեպքում ապրանքների մաքսային արժեք է համարվում ապրանքների մաքսային արժեքը, որը մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրի ընդունման օրվա դրությամբ՝ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանվել է մաքսային սահմանը փաստացի հատելուց հետո դրանք մաքսային ընթացակարգով առաջին անգամ ձևակերպելու ժամանակ, եթե այլ բան սահմանված չէ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Ապրանքների մաքսային արժեքը որոշվում է հայտարարատուի կամ հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող մաքսային ներկայացուցչի կողմից, իսկ սույն Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ մաքսային մարմնի կողմից:

4. Սույն գլխի դրույթները չեն տարածվում մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների վրա:

5. Եթե ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ դրանց մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը չի կարող որոշվել դրա հաշվարկման համար անհրաժեշտ ճշգրիտ տվյալները հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով, ապա թույլատրվում է հետաձգել ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության որոշումը: Այդ դեպքում թույլատրվում է դրա հայտարարագրումը՝ հայտարարատուի մոտ եղած փաստաթղթերի և տվյալների հիման վրա, և մաքսատուրքերի, հարկերի վճարումը՝ ելնելով հայտագրված մաքսային արժեքից:

Սույն կետի առաջին մասին համապատասխան մաքսային արժեքի որոշման դեպքերը, ինչպես նաև այդ դեպքերի համար մաքսային արժեքի հայտարարագրման և հսկողության կարգը, մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման և վճարման կարգը սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

(5-րդ կետն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

 

Հոդված 65. Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրումը

 

1. Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կողմից ապրանքների մաքսային հայտարարագրման շրջանակներում՝ սույն Օրենսգրքի 27-րդ գլխին և սույն գլխին համապատասխան:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրումն իրականացվում է ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդի, ապրանքների մաքսային արժեքի մեծության, մաքսային արժեքի որոշման հետ առնչություն ունեցող՝ արտաքին տնտեսական գործարքի հանգամանքների և պայմանների վերաբերյալ տեղեկությունների հայտարարագրման, ինչպես նաև դրանք հիմնավորող փաստաթղթերի ներկայացման միջոցով:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկությունները հայտարարագրվում են մաքսային արժեքի հայտարարագրում և համարվում են մաքսային նպատակների համար անհրաժեշտ տեղեկություններ:

Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման կարգը, ինչպես նաև մաքսային արժեքի հայտարարագրի ձևերը և դրանց լրացման կանոնները սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Մաքսային արժեքի հայտարարագիրը ապրանքների հայտարարագրի անբաժանելի մասն է:

Եթե՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերում, մաքսային արժեքի հայտարարագիր չի լրացվում, ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են ապրանքների հայտարարագրում: Փաստերի հայտնաբերման դեպքում, որոնք վկայում են այն մասին, որ ապրանքների հայտարարագրում ներկայացված՝ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկությունները կարող են լինել ոչ հավաստի կամ պատշաճ կերպով չհաստատված, մաքսային մարմինն իրավունք ունի հիմնավորված կերպով պահանջելու, որ ներկայացվի մաքսային արժեքի հայտարարագիր:

4. Ապրանքների հայտարարագրվող մաքսային արժեքը և դրա որոշմանն առնչվող՝ ներկայացվող փաստաթղթերը պետք է հիմնված լինեն հավաստի, քանակապես որոշելի և փաստաթղթային հիմնավորում ունեցող տեղեկությունների վրա:

5. Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ հայտարարատուն կամ հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող մաքսային ներկայացուցիչը պատասխանատվություն է կրում մաքսային արժեքի հայտարարագրում նշված ոչ հավաստի տեղեկությունների և սույն Օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված պարտականությունների չկատարման համար:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

6. Հանվել է 2010 թվականի ապրիլի 4-ի արձանագրությամբ:

 

Հոդված 66. Ապրանքների մաքսային արժեքի հսկողությունը

 

Ապրանքների մաքսային արժեքի հսկողությունը մաքսային մարմնի կողմից մաքսային հսկողության շրջանակներում իրականացվում է ինչպես ապրանքների բացթողումից առաջ, այնպես էլ հետո, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ:

Մաքսային արժեքի հսկողության իրականացման կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

 

Հոդված 67. Ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ որոշումը

 

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Ապրանքների մաքսային արժեքի հսկողության իրականացման արդյունքներով մաքսային մարմինն ընդունում է որոշում ապրանքների հայտագրված մաքսային արժեքի ընդունման վերաբերյալ կամ որոշում՝ ապրանքների հայտագրված մաքսային արժեքի ճշգրտման վերաբերյալ, սույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, որի մասին հայտարարատուին տեղեկացվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով և ձևերով:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 68. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտումը

 

1. Ապրանքների հայտագրված մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշումը մաքսային մարմնի կողմից կայացվում է մաքսային արժեքի հսկողության իրականացման ժամանակ ինչպես ապրանքների բացթողումից առաջ, այնպես էլ հետո, եթե մաքսային մարմնի կամ հայտարարատուի կողմից հայտնաբերվում է, որ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ ներկայացվել են ոչ հավաստի տեղեկություններ, այդ թվում՝ ճիշտ չի ընտրվել ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդը և (կամ) ճիշտ չի որոշվել ապրանքների մաքսային արժեքը: Ապրանքների հայտագրված մաքսային արժեքի ճշգրտման մասին մաքսային մարմնի կողմից կայացված որոշման մեջ պետք է նշվի հիմնավորումը և դրա կատարման ժամկետը:

2. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից մինչև ապրանքների բացթողումը որոշում կայացվելու դեպքում հայտարարատուն պարտավոր է կատարել ոչ հավաստի տվյալների ճշգրտում և վճարել մաքսատուրքերը, հարկերը՝ ճշգրտված տվյալների հաշվառմամբ հաշվարկված չափով, սույն Օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետները չգերազանցող ժամկետում:

Եթե հայտարարատուն ապրանքների բացթողման ժամկետները չգերազանցող ժամկետում չի իրականացնում ոչ հավաստի տեղեկությունների ճշգրտում և չի վճարում վրաեկ մաքսատուրքերը, մաքսային մարմինը մերժում է ապրանքների բացթողումը:

3. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողումից հետո որոշում կայացվելու դեպքում հայտարարատուն իրականացնում է ոչ հավաստի տեղեկությունների ճշգրտում և մաքսատուրքերը, հարկերը վճարում է ճշգրտված տվյալների հաշվառմամբ հաշվարկված չափով:

Հայտարարատուի կողմից այդ որոշման հետ անհամաձայնության դեպքում ապրանքների հայտագրված մաքսային արժեքի ճշգրտումը և վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի վերահաշվարկն իրականացվում է մաքսային մարմնի կողմից:

4. Ապրանքների բացթողումից առաջ և հետո ապրանքների մաքսային արժեքի ճշգրտումը և վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի վերահաշվարկի իրականացման կարգը և ձևերը, ինչպես նաև դրանց վճարման ժամկետը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

 

Հոդված 69. Լրացուցիչ ստուգման անցկացումը

 

1. Մինչև ապրանքների բացթողումը դրանց մաքսային արժեքի հսկողության իրականացման ժամանակ մաքսային մարմնի կողմից փաստերի հայտնաբերման դեպքում, որոնք վկայում են այն մասին, որ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունները կարող են լինել ոչ հավաստի, կամ ներկայացված տեղեկությունները պատշաճ կերպով չեն հաստատվել, մաքսային մարմինը՝ սույն Օրենսգրքին համապատասխան, անցկացնում է լրացուցիչ ստուգում, որի անցկացման ժամկետը և կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

Այդ դեպքում մաքսային մարմնի կողմից ընդունվում է լրացուցիչ ստուգում անցկացնելու մասին որոշում, ինչի մասին իրազեկվում է հայտարարատուն: Մաքսային մարմնի որոշումը պետք է հիմնավորված լինի և պարունակի այն կոնկրետ փաստերի ցանկը, որոնք վկայում են այն մասին, որ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունները կարող են լինել ոչ հավաստի, կամ ներկայացված տեղեկությունները պատշաճ կերպով չեն հաստատվել: Լրացուցիչ ստուգում անցկացնելու վերաբերյալ որոշման մասին իրազեկման կարգը, ժամկետները և ձևը սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

Ապրանքների մաքսային արժեքի հսկողությունը համարվում է անավարտ՝ մինչև լրացուցիչ ստուգման արդյունքներով ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ մաքսային մարմնի կողմից որոշում կայացնելը:

2. Եթե լրացուցիչ ստուգումը չի կարող անցկացվել ապրանքների բացթողման համար սույն Օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանված ժամկետներում, ապա լրացուցիչ ստուգման մասին որոշումը հիմք չի հանդիսանում ապրանքների բացթողումը մերժելու համար: Ապրանքների բացթողումն իրականացվում է հայտարարատուի կողմից մաքսատուրքերի, հարկերի՝ սույն Օրենսգրքի 88-րդ հոդվածին համապատասխան մաքսային մարմնի կողմից սահմանված վճարման ապահովում տրամադրվելու պայմանով:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ ներկայացված տեղեկությունների լրացուցիչ ստուգման նպատակով մաքսային մարմինն իրավունք ունի հայտարարատուից պահանջելու լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ և սահմանելու դրանց ներկայացման ժամկետ, որը պետք է բավարար լինի դրա համար, բայց չգերազանցի սույն Օրենսգրքի 170-րդ հոդվածով սահմանված ժամկետը:

Հայտարարատուն պարտավոր է ներկայացնել մաքսային մարմնի կողմից պահանջվող լրացուցիչ փաստաթղթերը և տեղեկությունները կամ գրավոր ներկայացնել այն պատճառների բացատրությունը, որոնց հիման վրա դրանք չեն կարող ներկայացվել:

Հայտարարատուն իրավունք ունի ապացուցելու ապրանքների մաքսային արժեքի որոշման՝ իր կողմից ընտրված մեթոդի կիրառության իրավաչափությունը և իր կողմից ներկայացված փաստաթղթերի ու տեղեկությունների հավաստիությունը:

4. Եթե հայտարարատուն չի ներկայացնում մաքսային մարմնի կողմից պահանջվող փաստաթղթերը, տեղեկությունները և (կամ) դրանք չներկայացնելու համար հիմք հանդիսացող պատճառների բացատրությունը, կամ այդ փաստաթղթերով և տեղեկություններով չեն վերանում լրացուցիչ ստուգում անցկացնելու՝ սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերը, ապա մաքսային մարմինը՝ լրացուցիչ ստուգման արդյունքներով, ապրանքների հայտագրված մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշում է կայացնում այն տեղեկությունների հիման վրա, որոնք գտնվում են իր տնօրինության տակ և համապատասխանում են Մաքսային միության անդամ պետությունների՝ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի որոշման հետ կապված հարցերը կարգավորող միջազգային պայմանագրի պահանջներին:

5. Եթե լրացուցիչ ստուգման արդյունքներով մաքսային մարմնի կողմից որոշում է կայացվում ապրանքների՝ հայտարարատուի կողմից հայտագրված մաքսային արժեքի ընդունման մասին, ապա ապահովման գումարների վերադարձը (հաշվանցումն) իրականացվում է սույն Օրենսգրքի 90-րդ հոդվածին համապատասխան:

 

ԲԱԺԻՆ 2. ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 9. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 70. Մաքսային վճարներ

 

1. Մաքսային վճարներն են՝

1) ներմուծման մաքսատուրքը.

2) արտահանման մաքսատուրքը.

3) ավելացված արժեքի հարկը, որը գանձվում է Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ժամանակ.

4) ակցիզը (ակցիզները), որը գանձվում է (որոնք գանձվում են) Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ժամանակ.

5) մաքսավճարները:

2. Հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան և գանձվում են ներմուծման մաքսատուրքի գանձման համար սույն Օրենսգրքով սահմանված կարգով, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ սույն բաժինը կիրառվում է՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 49-րդ գլխով և Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով սահմանված առանձնահատկությունները:

(3-րդ կետն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

 

Հոդված 71. Մաքսատուրքերի դրույքաչափերի տեսակները

 

Մաքսատուրքերի դրույքաչափերը բաժանվում են հետևյալ տեսակների՝

1) ադվալորային, որոնք սահմանվում են տոկոսներով` հարկման ենթակա ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ.

2) յուրահատուկ՝ որոնք սահմանվում են ըստ ֆիզիկական հատկանիշների՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ).

3) խառը՝ որոնցում զուգակցվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տեսակները:

 

Հոդված 72. Մաքսավճարները

 

1. Մաքսավճարներ են համարվում պարտադիր վճարները, որոնք մաքսային մարմինների կողմից գանձվում են ապրանքների բացթողման, ապրանքների մաքսային ուղեկցման հետ կապված գործողություններն իրենց կողմից իրականացման, ինչպես նաև սույն Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ գործողությունների իրականացման համար:

2. Մաքսավճարների տեսակները և դրույքաչափերը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

3. Մաքսավճարների չափը չի կարող գերազանցել մաքսային մարմինների՝ այն գործողությունների իրականացման ծախսերի մոտավոր արժեքը, որոնց համար սահմանվել է մաքսավճարը:

4. Մաքսավճարներ վճարողները, մաքսավճարների վճարման ժամկետները, դրանց հաշվարկման, վճարման, վերադարձման (հաշվանցման) և բռնագանձման կարգը, ինչպես նաև այն դեպքերը, երբ մաքսավճարները ենթակա չեն վճարման, սահմանվում են սույն Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 73. Կանխավճարները

 

1. Կանխավճարներ են համարվում առաջիկայում վճարման ենթակա արտահանման մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների հաշվին մուծվող և վճարողի կողմից կոնկրետ ապրանքների համար արտահանման մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների կոնկրետ տեսակների և գումարների կտրվածքով չհստակեցված դրամական միջոցները (դրամը), եթե այդպիսի վճարներ նախատեսված են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

(1-ին կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Կանխավճարները վճարվում են Մաքսային միության այն անդամ պետության արժույթով, որի տարածքում այդ վճարները նախատեսվում են օգտագործվել մաքսային վճարների վճարման նպատակով:

3. Որպես կանխավճար վճարված դրամական միջոցները (դրամը) համարվում են կանխավճարները վճարած անձի սեփականությունը, և չեն կարող դիտվել որպես մաքսային վճարներ կամ որպես մաքսավճարների, հարկերի ապահովում վճարված դրամական միջոցներ (դրամ) այնքան ժամանակ, մինչև անձն այդ մասին կարգադրություն չտա մաքսային մարմնին, կամ մաքսային մարմնի կողմից բռնագանձում չտարածվի կանխավճարների վրա: Որպես կանխավճարներ վճարած անձի կարգադրություն է համարվում նրա կողմից կամ նրա անունից մաքսային հայտարարագիր, կանխավճարների վերադարձման մասին դիմում ներկայացնելը կամ այլ գործողություններ կատարելը, որոնք վկայում են այդ անձի՝ իր դրամական միջոցները (դրամը) որպես մաքսային վճարներ կամ որպես մաքսավճարների, հարկերի վճարման ապահովում օգտագործելու մտադրության մասին:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

4. Վճարողի պահանջով մաքսային մարմինը հաշվետվություն է ներկայացնում որպես կանխավճար վճարված դրամական միջոցների (դրամի) ծախսումների վերաբերյալ, սակայն Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ՝ կանխավճարները վերադարձնելու համար սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետի համար:

Հաշվետվությունը ներկայացվում է գրավոր՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

5. Կանխավճարների վերադարձն իրականացվում է սույն Օրենսգրքի 90-րդ հոդվածին համապատասխան:

Կանխավճարների չպահանջված գումարների տնօրինումն իրականացվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

6. Կանխավճարների վճարման ձևերը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

(6-րդ կետն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

 

Հոդված 74. Մաքսային վճարների գծով արտոնությունները

 

1. Սույն Օրենսգրքում մաքսային վճարների գծով արտոնություններ ասելով ենթադրվում են՝

1) սակագնային առանձնաշնորհումները.

2) սակագնային արտոնությունները (մաքսավճարների մուծման գծով արտոնություններ).

3) հարկերի վճարման գծով արտոնություններ.

4) մաքսավճարների մուծման գծով արտոնություններ:

2. Սակագնային առանձնաշնորհումները տրամադրվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը և (կամ) միջազգային պայմանագրերին համապատասխան:

Սակագնային արտոնությունների տեսակները, դրանց տրամադրման կարգը և դեպքերը սահմանվում են սույն Օրենսգրքին և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Հարկերի և մաքսավճարների վճարման գծով արտոնությունները սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

ԳԼՈՒԽ 10. ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 75. Մաքսատուրքերով, հարկերով հարկվող օբյեկտը և մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման բազան (հարկման բազան)

 

1. Մաքսատուրքերով, հարկերով հարկվող օբյեկտ են համարվում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները:

2. Մաքսատուրքերի հաշվարկման բազա է համարվում՝ կախված ապրանքների տեսակներից և կիրառվող դրույքաչափերի տեսակներից, ապրանքների մաքսային արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշները՝ բնաիրային արտահայտությամբ (քանակը, զանգվածը՝ դրա առաջնային փաթեթվածքի հաշվառմամբ, որը անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը և որով ապրանքը ներկայացվում է մանրածախ առևտրի, ծավալը կամ այլ հատկանիշներ):

3. Հարկերի հաշվարկման համար հարկման բազան սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 76. Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկումը

 

1. Մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են մաքսատուրքեր, հարկեր վճարողների կողմից ինքնուրույն՝ բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են սույն Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով:

2. Մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման ժամանակ վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարները հաշվարկվում են Մաքսային միության այն անդամ պետության մաքսային մարմնում, որտեղ մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման:

3. Վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարները հաշվարկվում են Մաքսային միության այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվել հայտարարագիրը՝ բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

4. Վճարման և (կամ) բռնագանձման ենթակա մաքսատուրքերի գումարը որոշվում է մաքսատուրքերի հաշվարկման բազայի և մաքսատուրքի դրույքաչափի համապատասխան տեսակի կիրառման միջոցով, եթե այլ բան նախատեսված չէ սույն Օրենսգրքով:

Վճարման և (կամ) բռնագանձման ենթակա հարկերի գումարը որոշվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ապրանքները ձևակերպվում են մաքսային ընթացակարգով կամ որի տարածքում հայտնաբերվել է մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման փաստը, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

5. Սույն Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ մասով սահմանված դեպքում մաքսատուրքերի, հարկերի գումարները ենթակա են հաշվարկման Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ դրանք ենթակա են վճարման:

6. Օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել մաքսատուրքերի, հարկերի այն գումարը, որը ենթակա կլիներ վճարման, եթե ապրանքները բաց թողնված լինեին ներքին սպառման համար՝ առանց սույն Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված՝ մաքսային վճարների գծով արտոնությունների (այսուհետ՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով արտոնություններ), տույժերի և տոկոսների հաշվառման, բացառությամբ այն դեպքերի, երբ մաքսատուրքերի, հարկերի գումարը մեծանում է մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերի փոփոխության արդյունքում, երբ օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառվում են այդ օտարերկրյա ապրանքները այլ մաքսային ընթացակարգով հայտարարագրելու ժամանակ մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրի ընդունման օրվա դրությամբ գործող մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը:

 

Հոդված 77. Մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերի կիրառումը

 

1. Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման նպատակով կիրառվում են մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով:

2. Ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման նպատակով կիրառվում են Մաքսային միության Միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով:

Արտահանման մաքսատուրքերի հաշվարկման նպատակով կիրառվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ այն ապրանքների համար սահմանված սակագները, որոնք ներառվել են Մաքսային միության անդամ պետությունների՝ երրորդ երկրների նկատմամբ արտահանման մաքսատուրքերի կիրառման հետ կապված հարցերը կարգավորող միջազգային պայմանագրերին համապատասխան Մաքսային միության հանձնաժողովի կողմից ձևավորվող ապրանքների համահավաք ցանկում:

Հարկերի հաշվարկման համար կիրառվում են Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերը, որի տարածքում ապրանքները ձևակերպվում են մաքսային ընթացակարգով կամ որի տարածքում հայտնաբերվել է մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման փաստը, եթե այլ բան սահմանված չէ սույն կետով:

Եթե Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով սահմանված կարգով պարզվի (հաստատվի), որ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները գտնվում են Մաքսային միության այլ անդամ պետության տարածքում, ապա հարկերի հաշվարկման նպատակով կիրառվում են Մաքսային միության այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերը:

 

Հոդված 78. Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման նպատակով արտարժույթի վերահաշվարկը

 

Այն դեպքում, երբ մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման, այդ թվում՝ ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակով պահանջվում է արտարժույթը վերահաշվարկել Մաքսային միության այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է տրվել մաքսային հայտարարագիրը, կիրառվում է Մաքսային միության այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող և մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող փոխարժեքը, եթե այլ բան նախատեսված չէ սույն Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 79. Մաքսատուրքեր, հարկեր վճարողները

 

Մաքսատուրքեր, հարկեր վճարողներ են համարվում հայտարարատուն կամ այլ անձինք, որոնց վրա սույն Օրենսգրքին, Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և (կամ) օրենսդրությանը համապատասխան դրվել է մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորություն:

 

Հոդված 80. Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումը և դադարումը Մաքսատուրքերի, հարկերի չվճարման դեպքերը

 

1. Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը առաջանում է սույն Օրենսգրքի 81-րդ, 161-րդ, 166-րդ, 172-րդ, 197-րդ, 211-րդ, 214-րդ, 227-րդ, 228-րդ, 237-րդ, 250-րդ, 261-րդ, 274-րդ, 283-րդ, 290-րդ, 300-րդ, 306-րդ և 360-րդ հոդվածներին համապատասխան:

2. Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարում է՝

1) մաքսատուրքերի, հարկերի՝ սույն Օրենսգրքով սահմանված չափերով վճարման կամ բռնագանձման դեպքում.

2) ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով արտոնությունների տրամադրմամբ, որոնք զուգակցված չեն այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով.

3) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքում.

4) եթե չվճարված մաքսատուրքերի, հարկերի գումարի չափը չի գերազանցում 5 (հինգ) եվրոյին համարժեք գումարը, որը հաշվարկվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացման պահի դրությամբ գործող փոխարժեքներով, որի տարածքում առաջացել է մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

5) ապրանքները «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, եթե մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունն առաջացել է մինչև ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու մասին մաքսային հայտարարագրի գրանցումը.

6) ապրանքների՝ Մաքսային միության անդամ պետության սեփականությունը դառնալու դեպքում, Մաքսային միության այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

7) ապրանքների վրա բռնագանձում տարածելու դեպքում, այդ թվում՝ ապրանքների արժեքի հաշվին՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

8) հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը մերժելու դեպքում՝ կապված ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու մասին մաքսային հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով պարտավորության հետ.

9) բռնագանձելու համար այն անհուսալի ճանաչվելու և դուրս գրվելու դեպքում՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող կարգով.

10) այնպիսի հանգամանքների առաջացման դեպքում, որոնք սույն Օրենսգրքով կապված են մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության դադարման հետ:

3. Մաքսատուրքերը, հարկերը չեն վճարվում՝

1) ապրանքներն այդպիսի վճար չնախատեսող մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ համապատասխան մաքսային ընթացակարգի պայմանների պահպանման պայմանով.

2) բացառությամբ անձնական օգտագործման ապրանքների՝ մեկ առաքողի կողմից մեկ ստացողի հասցեով մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով ապրանքների ներմուծման դեպքում, որոնց ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 200 (երկու հարյուր) եվրոյին համարժեք գումարը՝ հաշվարկված Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացման պահի դրությամբ գործող փոխարժեքներով, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է այդ ապրանքների բացթողումը.

3) անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման ժամանակ՝ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում.

4) եթե սույն Օրենսգրքին, Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը և (կամ) միջազգային պայմանագրերին համապատասխան ապրանքներն ազատվում են մաքսատուրքերով, հարկերով հարկումից (ենթակա չեն մաքսատուրքերով, հարկերով հարկման) և այն պահանջների պահպանման դեպքում, որոնց կապակցությամբ տրամադրվել է այդ հարկազատումը:

4. Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը առաջանում և դադարում է մաքսային ընթացակարգի սահմանման ժամանակ՝

1) սույն Օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան.

2) սույն Օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

(4-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 81. Մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը

 

1. Մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունն առաջանում է Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ժամանակ:

Մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում արտահանման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունն առաջանում է Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման ժամանակ:

2. Մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերի, հարկերի վճարման համապարտ պարտավորություն է առաջանում անօրինական կերպով ապրանքները տեղափոխող անձանց, անօրինական տեղափոխման մեջ մասնակցող անձանց համար, եթե նրանք գիտեին կամ պետք է իմանային այդ տեղափոխման անօրինականության մասին, իսկ Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման դեպքում՝ նաև այն անձանց համար, որոնք սեփականության կամ տիրապետման իրավունքով ձեռք են բերել անօրինական ներմուծված ապրանքները, եթե ձեռքբերման պահին նրանք գիտեին կամ պետք է իմանային ներմուծման անօրինականության մասին:

3. Մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարում է սույն հոդվածի 2-րդ կետով նշված անձանց համար՝ սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:

4. Մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում, բացառությամբ սույն կետի երկրորդ մասում նշված դեպքի, մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետ է համարվում ապրանքները մաքսային սահմանը հատելու օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման փաստի հայտնաբերման օրը:

Ոչ հավաստի հայտարարագրմամբ մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետ է համարվում մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու օրը, որը տրվել է ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի:

(4-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

5. Մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում, բացառությամբ սույն կետի երկրորդ մասում նշված դեպքի, մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման՝

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

1) մաքսային տարածք ապրանքների ներմուծման դեպքում՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի այն գումարներին համապատասխանող չափով, որոնք ենթակա կլինեին վճարման այդ ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով առանձնաշնորհումների և արտոնությունների հաշվառման՝ հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի այն դրույքաչափերով և այն փոխարժեքներով, որոնք սահմանվում են Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը, և որոնք գործում են ապրանքները մաքսային սահմանը հատելու օրվա դրությամբ, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման փաստի հայտնաբերման օրվա դրությամբ.

2) մաքսային տարածքից ապրանքների արտահանման դեպքում՝ արտահանման մաքսատուրքերի այն գումարներին համապատասխանող չափով, որոնք ենթակա կլինեին վճարման այդ ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով առանձնաշնորհումների և արտոնությունների հաշվառման՝ հաշվարկված մաքսատուրքերի այն դրույքաչափերով և այն փոխարժեքներով, որոնք սահմանվում են Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը, և որոնք գործում են ապրանքները մաքսային սահմանը հատելու օրվա դրությամբ, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման փաստի հայտնաբերման օրվա դրությամբ:

Մաքսային սահմանով ապրանքների՝ ոչ հավաստի հայտարարագրմամբ անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման մաքսատուրքերի, հարկերի այն գումարներին համապատասխանող չափով, որոնք ենթակա կլինեին վճարման հավաստի տեղեկությունների հիման վրա այդ ապրանքները հայտագրված մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում այն օրվա դրությամբ, երբ մաքսային մարմինների կողմից գրանցվում է ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված մաքսային հայտարարագիրը, բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի: Ընդ որում, մաքսային հայտարարագրման ժամանակ փաստացի վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարները երկրորդ անգամ չեն վճարվում (բռնագանձվում), իսկ մաքսատուրքերի, հարկերի՝ հաշվարկվածից ավելի վճարված (բռնագանձված) գումարները ենթակա են վերադարձման սույն Օրենսգրքին համապատասխան:

(երկրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

6. Մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են սույն գլխին համապատասխան:

Եթե ապրանքների բնույթի, դրանց անվանման, քանակի, ծագման երկրի և մաքսային արժեքի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ մաքսային մարմին ներկայացված չլինելու պատճառով վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարները հնարավոր չէ որոշել, ապա մաքսատուրքերի, հարկերի գումարները որոշվում են ելնելով մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերի ամենաբարձր մեծությունից, ինչպես նաև ապրանքների քանակից և (կամ) արժեքից, որոնք կարող են որոշվել առկա տվյալների հիման վրա:

Ապրանքների մասին ճշգրիտ տեղեկությունները հետագայում որոշվելու դեպքում կատարվում է մաքսատուրքերի, հարկերի՝ հաշվարկվածից ավելի վճարված կամ հաշվարկվածից ավելի բռնագանձված գումարների վերադարձ կամ չվճարված գումարների գանձում, սույն Օրենսգրքի 13-րդ և 14-րդ գլուխներին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 11. ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

Հոդված 82. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետները

 

1. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետները սահմանվում են սույն Օրենսգրքի 81-րդ, 161-րդ, 166-րդ, 172-րդ, 197-րդ, 211-րդ, 214-րդ, 227-րդ, 228-րդ, 237-րդ, 250-րդ, 261-րդ, 274-րդ, 283-րդ, 290-րդ, 300-րդ, 306-րդ, 344-րդ և 360-րդ հոդվածներով:

2. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետները սահմանվում են՝

1) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան՝ սույն Օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան մաքսային ընթացակարգերի սահմանման ժամանակ.

2) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ սույն Օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան մաքսային ընթացակարգի սահմանման ժամանակ:

(2-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Այն ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետները, որոնց մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները սույն Օրենսգրքի 194-րդ հոդվածին համապատասխան որոշվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ, սահմանվում են Մաքսային միության այդ անդամ պետության օրենսդրությամբ:

 

Հոդված 83. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետների փոփոխությունը

 

1. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետների փոփոխությունը կատարվում է հետաձգման կամ տարաժամկետ վճարման ձևով:

2. Մաքսատուրքերի վճարման ժամկետների փոփոխության հիմքերը, պայմանները և կարգը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով:

Հարկերի վճարման ժամկետների փոփոխության հիմքերը, պայմանները և կարգը սահմանվում են Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի բյուջե են հարկերը ենթակա վճարման:

 

Հոդված 84. Մաքսատուրքերի, հարկերի վճարման կարգը

 

1. Մաքսատուրքերը, հարկերը վճարվում (բռնագանձվում) են Մաքսային միության այն անդամ պետությունում, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է ապրանքների բացթողումը, բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով բացթողվող ապրանքների, կամ որի տարածքում հայտնաբերվել է մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման փաստը:

2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորության առաջացման դեպքում մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման Մաքսային միության այն անդամ պետությունում, որի մաքսային մարմնի կողմից ապրանքները բաց են թողնվել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, եթե այլ բան սահմանված չէ սույն կետի երկրորդ մասով:

Երբ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով սահմանված կարգով պարզվի (հաստատվի), որ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները գտնվում են Մաքսային միության այլ անդամ պետության տարածքում, ապա մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման Մաքսային միության այդ անդամ պետությունում:

3. Մաքսատուրքերը, հարկերը վճարվում են Մաքսային միության այն անդամ պետության արժույթով, որտեղ ենթակա են վճարման մաքսատուրքերը, հարկերը:

4. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ձևերը և դրանց վճարման գծով պարտավորության կատարման պահը (վճարման օրը) որոշվում են Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ ենթակա են վճարման մաքսատուրքերը, հարկերը:

5. Ներմուծման մաքսատուրքի վճարված (բռնագանձված) գումարները ենթակա են հաշվեգրման և բաշխման Մաքսային միության անդամ պետությունների միջև՝ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրին համապատասխան:

6. Արտահանման մաքսատուրքերի վճարման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով:

7. Վճարողի հաշվին դրամական միջոցների (դրամի) առկայության դեպքում բանկն իրավունք չունի ուշացնելու վճարողի՝ մաքսատուրքերի, հարկերի գումարների փոխանցման հանձնարարության կատարումը և պարտավոր է կատարել այն մեկ գործառնական օրվա ընթացքում:

8. Հանվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ:

 

ԳԼՈՒԽ 12. ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 85. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման ընդհանուր պայմանները

 

1. Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովվում է հետևյալ դեպքերում՝

1) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների տեղափոխում.

2) մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետների փոփոխություն, եթե դա նախատեսված է Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և (կամ) օրենսդրությամբ.

3) ապրանքների՝ «մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպում.

4) սույն Օրենսգրքի 198-րդ հոդվածին համապատասխան ապրանքների բացթողման ժամանակ.

5) սույն Օրենսգրքով, Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և (կամ) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

2. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում չի տրամադրվում՝

1) եթե վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի և տոկոսների գումարի չափը չի գերազանցում 500 (հինգ հարյուր) եվրոյին համարժեք գումարը՝ հաշվարկված Մաքսային միության՝ մաքսատուրքերը, հարկերը վճարման ենթակա անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ, իսկ եթե մաքսային հայտարարագիր չի ներկայացվում՝ ապահովում չտրամադրելու մասին որոշման ընդունման օրվա դրությամբ գործող փոխարժեքներով.

2) սույն Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

3. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրվում է վճարողի կողմից, իսկ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների տեղափոխման դեպքում՝ նաև վճարողի փոխարեն այլ անձի կողմից, եթե այդ անձը տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք ունի ապրանքների նկատմամբ, որոնց համար տրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով:

4. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրամադրվում է այն մաքսային մարմնին, որն իրականացնում է ապրանքների բացթողումը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետում, սույն Օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասում և 3-րդ գլխում նշված դեպքերի:

5. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը կարող է տրամադրվել ուղարկող մաքսային մարմնին կամ նշանակման մաքսային մարմնին, եթե Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ որոշված չէ այլ մաքսային մարմին, որին կարող է տրամադրվել համալիր ապահովումը:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Մաքսային մարմինները փոխադարձ ճանաչում են մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումն ընդունած մաքսային մարմնի կողմից տրված փաստաթուղթը, որով հաստատվում է այդ ապահովման ընդունումը: Այդ փաստաթղթի տրամադրման կարգը և դրա ձևը, ինչպես նաև գործողության ժամկետը որոշվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով:

6. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը վերադարձվում (հաշվանցվում) է, եթե մաքսային մարմինը հավաստիանում է ապահովված պարտավորությունների կատարման մեջ, կամ երբ ապահովված պարտավորությունը չի առաջացել:

 

Հոդված 86. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման միջոցները

 

1. Մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովվում է՝

դրամական միջոցներով (դրամով).

բանկային երաշխիքով.

երաշխավորությամբ.

գույքի գրավով:

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են նախատեսվել մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման այլ միջոցներ:

2. Վճարողներն իրավունք ունեն ընտրելու սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման միջոցներից ցանկացածը:

3. Վճարողի կողմից մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումը պետք է ապահովվի պարտավորության գործողության ամբողջ ժամկետի ընթացքում անընդմեջ: Մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ տրամադրվող ապահովման գործողության ժամկետը պետք է բավարար լինի տվյալ մաքսային մարմնի առջև ստանձնած պարտավորության կատարման մասին պահանջը մաքսային մարմնի կողմից ժամանակին ուղարկվելու համար:

4. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման միջոցների կիրառության կարգը, ինչպես նաև արժույթը, որով տրամադրվում է այդ ապահովումը, սահմանվում են Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնում տրամադրվում է ապահովումը:

 

Հոդված 87. Մաքսատուրքերի, հարկերի վճարման համալիր ապահովումը

 

1. Եթե Մաքսային միության անդամ պետություններից մեկի տարածքում միևնույն անձի կողմից իրականացվում են մի քանի մաքսային գործառնություններ որոշակի ժամանակահատվածի ընթացքում, ապա Մաքսային միության այդպիսի անդամ պետության մաքսային մարմնին կարող է տրամադրվել մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում բոլոր այդպիսի գործառնությունների իրականացման համար (համալիր ապահովում):

Մաքսատուրքերի, հարկերի վճարման համալիր ապահովումը մաքսային մարմինների կողմից ընդունվում է Մաքսային միության անդամ պետություններից մեկի տարածքում այդ պետության մի քանի մաքսային մարմիններում մաքսային գործառնությունների իրականացման համար, եթե այդ ապահովումը կարող է օգտագործվել այդ մաքսային մարմիններից ցանկացածի կողմից այդ համալիր ապահովմամբ ապահովված պարտավորությունների խախտման դեպքում:

2. Համալիր ապահովման կիրառման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 88. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման գումարի որոշումը

 

1. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման գումարը որոշվում է ելնելով ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» կամ «արտահանում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարից՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով սակագնային առանձնաշնորհումների և արտոնությունների հաշվառման, Մաքսային միության այն անդամ պետությունում, որի մաքսային մարմինն իրականացնում է ապրանքների բացթողումը՝ բացառությամբ սույն կետի երկրորդ մասով և սույն Օրենսգրքի 3-րդ գլխով նախատեսված դեպքերի:

Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման գումարը որոշվում է ելնելով այն մաքսատուրքերի, հարկերի գումարից, որոնք ենթակա են վճարման ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» կամ «արտահանում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով սակագնային առանձնաշնորհումների և արտոնությունների հաշվառման, Մաքսային միության այն անդամ պետությունում, որի մաքսային մարմինն է իրականացնում ապրանքների բացթողումը, բայց ոչ պակաս այն մաքսատուրքերի, հարկերի գումարներից, որոնք ենթակա կլինեին վճարման Մաքսային միության այլ անդամ պետություններում, եթե ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» կամ «արտահանում» մաքսային ընթացակարգերով ձևակերպվեր Մաքսային միության այդ անդամ պետությունների տարածքներում՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով սակագնային առանձնաշնորհումների և արտոնությունների հաշվառման: Ընդ որում, մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման գումարի որոշման համար կիրառվում է այն փոխարժեքը, որը սահմանվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինն իրականացնում է ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան:

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսվել մաքսավճարների, տոկոսների գումարների ներառումը ապահովման գումարի մեջ:

2. Եթե մաքսատուրքերի, հարկերի ապահովման գումարի որոշման ժամանակ ապրանքների բնույթի, դրանց անվանման, քանակի, ծագման երկրի և մաքսային արժեքի վերաբերյալ ճշգրիտ տվյալները մաքսային մարմին ներկայացված չլինելու պատճառով հնարավոր չէ որոշել վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարները, ապա ապահովման գումարը որոշվում է ելնելով մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերի ամենաբարձր մեծությունից, ապրանքների արժեքից և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշներից՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ), որոնք կարող են որոշվել առկա տվյալների հիման վրա, որոնց կիրառման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

3. Սույն Օրենսգրքի 198-րդ և 199-րդ հոդվածներին համապատասխան ապրանքների բացթողման դեպքում մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման գումարը որոշվում է որպես այնպիսի մաքսատուրքերի, հարկերի գումար, որոնք կարող են լրացուցիչ կերպով հաշվեգրվել վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի չափի վրա ազդեցություն ունեցող տվյալների ստուգման արդյունքում՝ հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջները:

4. Ապրանքների առանձին տեսակների համար կարող են սահմանվել մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման հաստատագրված գումարներ, հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջները, եթե դա նախատեսված է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

5. Սույն Օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողման դեպքում մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման գումարը որոշվում է որպես այնպիսի մաքսատուրքերի, հարկերի գումար, որոնք կարող են լրացուցիչ կերպով հաշվեգրվել լրացուցիչ ստուգման դեպքում՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները:

 

ԳԼՈՒԽ 13. ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԴՐԱՄԻ)՝ ՀԱՇՎԱՐԿՎԱԾԻՑ ԱՎԵԼԻ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ (ՀԱՇՎԱՆՑՈՒՄԸ)

 

Հոդված 89. Մաքսատուրքերի, հարկերի՝ հաշվարկվածից ավելի վճարված կամ հաշվարկվածից ավելի բռնագանձված գումարները

 

Մաքսատուրքերի, հարկերի՝ հաշվարկվածից ավելի վճարված կամ հաշվարկվածից ավելի բռնագանձված գումարներ են համարվում որպես մաքսավճարներ, հարկեր վճարված կամ բռնագանձված դրամական միջոցների գումարները (դրամը), որոնց չափը գերազանցում է այն գումարները, որոնք ենթակա են վճարման սույն Օրենսգրքին և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան և հստակեցված են որպես կոնկրետ ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի կոնկրետ տեսակներ և գումարներ:

 

Հոդված 90. Մաքսատուրքերի, հարկերի՝ հաշվարկվածից ավելի վճարված կամ հաշվարկվածից ավելի բռնագանձված գումարների և այլ դրամական միջոցների (դրամի) վերադարձը (հաշվանցումը)

 

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Արտահանման մաքսատուրքերի, հարկերի գումարների, կանխավճարների գումարների, մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման գումարների՝ հաշվարկվածից ավելի վճարված կամ հաշվարկվածից ավելի բռնագանձված գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում, որտեղ իրականացվել է արտահանման մաքսատուրքերի, հարկերի գումարների, կանխավճարների գումարների վճարումը և (կամ) բռնագանձումը, կամ որի մաքսային մարմնին է տրամադրվել մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը:

Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի՝ հաշվարկվածից ավելի վճարված կամ հաշվարկվածից ավելի բռնագանձված գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որտեղ իրականացվել է այդ մաքսատուրքերի վճարումը և (կամ) բռնագանձումը՝ հաշվի առնելով Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով սահմանված առանձնահատկությունները:

 

ԳԼՈՒԽ 14. ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ

 

Հոդված 91. Ընդհանուր դրույթներ մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման վերաբերյալ

 

1. Սահմանված ժամկետներում մաքսատուրքերի, հարկերի չվճարման կամ ոչ լրիվ վճարման դեպքում մաքսային մարմինների կողմից մաքսատուրքերը, հարկերը հարկադիր կարգով բռնագանձվում են վճարողի դրամական միջոցների (դրամի) և (կամ) այլ գույքի հաշվին, այդ թվում՝ մաքսատուրքերի, հարկերի՝ հաշվարկվածից ավելի վճարված գումարների և (կամ) կանխավճարների գումարների հաշվին, ինչպես նաև մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման հաշվին, եթե այլ բան սահմանված չէ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման այլ հնարավորություններ, այդ թվում՝ այն ապրանքների արժեքի հաշվին, որոնց համար մաքսատուրքեր, հարկեր չեն վճարվել:

2. Մաքսատուրքերի, հարկերի բռնագանձում չի իրականացվում՝

1) չվճարված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման համար Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված ժամկետը լրանալու դեպքում, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը.

2) եթե սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան դադարել է մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը:

3. Չվճարված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումն իրականացվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը:

4. Վճարողի կողմից սույն Օրենսգրքով սահմանված ժամկետում մաքսատուրքերը, հարկերը չվճարելու կամ ոչ լրիվ վճարելու դեպքում վճարվում են տույժեր: Տույժերի հաշվեգրման, վճարման, բռնագանձման և վերադարձման կարգը սահմանվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը:

 

Հոդված 92. Մաքսային վճարների, տույժերի, տոկոսների գումարները բռնագանձման համար անհուսալի ճանաչումը և դուրսգրումը

 

Մաքսային վճարների, տույժերի, տոկոսների գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չէ, ճանաչվում են բռնագանձման համար անհուսալի և դուրս են գրվում Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և հիմքերով, որի մաքսային մարմնի կողմից իրականացվել է այդ գումարների բռնագանձումը:

 

Հոդված 93. Մաքսատուրքերի, հարկերի բռնագանձում իրականացնող մաքսային մարմինը

 

1. Մաքսատուրքերը, հարկերը բռնագանձվում են այն մաքսային մարմնի կողմից, որն իրականացրել է ապրանքների բացթողումը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքի, իսկ մաքսային սահմանով անօրինական տեղափոխված ապրանքների դեպքում՝ Մաքսային միության այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի տարածքում հայտնաբերվել է մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման փաստը:

2. Սույն Օրենսգրքի 227-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետներում չվճարված մաքսատուրքերը, հարկերը բռնագանձվում են մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման հաշվին Մաքսային միության այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին է տրամադրվել այդ ապահովումը:

Սույն Օրենսգրքի 227-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետներում չվճարված մաքսատուրքերը, հարկերը, որոնք ենթակա են վճարման մաքսային փոխադրողի կողմից, բռնագանձվում են Մաքսային միության այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի օրենսդրությանը համապատասխան անձը ճանաչվել է որպես մաքսային փոխադրող:

3. Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով սահմանվում է սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի գումարների՝ Մաքսային միության այն անդամ պետություն փոխանցելու կարգը, որտեղ ենթակա են վճարման մաքսատուրքերը, հարկերը:

 

ԲԱԺԻՆ 3. ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ԳԼՈՒԽ 15. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 94. Մաքսային հսկողության իրականացման սկզբունքները

 

1. Մաքսային մարմինները մաքսային հսկողության իրականացման ժամանակ կիրառում են ընտրողականության սկզբունքը և սահմանափակվում մաքսային հսկողության միայն այն ձևերով, որոնք բավարար են Մաքսային միության մաքսային օրենսդրության և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության պահպանումն ապահովելու համար, որի կատարման նկատմամբ վերահսկողությունը դրված է մաքսային մարմինների վրա:

2. Մաքսային հսկողության օբյեկտների և ձևերի ընտրության ժամանակ կիրառվում է ռիսկերի կառավարման համակարգ:

3. Մաքսային հսկողության կատարելագործման նպատակով մաքսային մարմինները՝ միջազգային պայմանագրերին համապատասխան, համագործակցում են օտարերկրյա պետությունների մաքսային մարմինների հետ:

4. Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինները փոխգործակցում են հսկողություն իրականացնող պետական այլ մարմինների, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և այլ անձանց ու նրանց մասնագիտական միավորումների (ասոցիացիաների) հետ, որոնց գործունեությունը կապված է արտաքին առևտրի իրականացման հետ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

5. Մաքսային մարմիններն իրենց իրավասության սահմաններում իրականացնում են հսկողության այլ տեսակներ, այդ թվում՝ արտահանման, արժութային և ճառագայթային հսկողություն՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

6. Մաքսային հսկողություն իրականացնելիս, մաքսային մարմինների կողմից դրա իրականացման համար որևէ թույլտվություն, կարգադրագիր կամ որոշում չի պահանջվում, բացառությամբ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերի:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 95. Մաքսային հսկողության իրականացումը

 

1. Մաքսային հսկողությունը մաքսային մարմինների կողմից իրականացվում է Մաքսային միության մաքսային օրենսդրությանը և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Մաքսային մարմինների անունից մաքսային հսկողությունն իրականացվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից, որոնք լիազորված են մաքսային հսկողություն իրականացնել իրենց պաշտոնեական (գործառութային) պարտականություններին համապատասխան:

2. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրականացվող մաքսային հսկողության ենթակա են՝

1) ապրանքները, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները, որոնք տեղափոխվում են մաքսային սահմանով և (կամ) ենթակա են հայտարարագրման սույն Օրենսգրքին համապատասխան.

2) մաքսային հայտարարագրերը, ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը և տվյալները, որոնց ներկայացումը նախատեսված է Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ.

3) անձանց գործունեությունը, որը կապված է մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, մաքսային գործի բնագավառում ծառայությունների մատուցման հետ, ինչպես նաև իրականացվում է առանձին մաքսային ընթացակարգերի շրջանակներում.

4) անձինք, որոնք հատում են մաքսային սահմանը:

3. Մաքսային հսկողությունն իրականացվում է մաքսային հսկողության գոտում, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից սահմանվող այլ վայրերում, որտեղ գտնվում են ապրանքներ, տրանսպորտային միջոցներ և դրանց վերաբերյալ տվյալներ պարունակող փաստաթղթեր, այդ թվում՝ էլեկտրոնային:

 

Հոդված 96. Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներ

 

1. Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման ժամանակ ապրանքները՝ մաքսային սահմանն անցնելու պահից գտնվում են մաքսային հսկողության տակ:

Մաքսային միության մաքսային տարածքում գոյացած և գտնվող ապրանքները, որոնք սույն Օրենսգրքին համապատասխան ստացել են օտարերկրյա ապրանքների կարգավիճակ, իրենց գոյացման պահից համարվում են մաքսային հսկողության տակ գտնվող:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքները համարվում են մաքսային հսկողության տակ գտնվող մինչև՝

1) ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելը, բացառությամբ պայմանականորեն բաց թողնված ապրանքների կամ վերաներմուծման դեպքերի.

2) պայմանականորեն բաց թողնված ապրանքների՝ սույն Օրենսգրքի 200-րդ հոդվածին համապատասխան Մաքսային միության ապրանքների կարգավիճակ ստանալը.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3) ապրանքները «հրաժարում՝ հօգուտ պետության» կամ «ոչնչացում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելը՝ սույն Օրենսգրքին և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

4) Մաքսային միության անդամ պետության սեփականություն դառնալը, այդ պետության օրենսդրությանը համապատասխան.

5) Մաքսային միության մաքսային տարածքից փաստացի արտահանումը,

6) մաքսային տարածքում օտարերկրյա ապրանքների վերամշակման գործողությունների արդյունքում գոյացած թափոններն այն թափոնների շարքին դասելը, որոնք պիտանի չեն դրանց հետագա առևտրային նպատակներով օգտագործման համար.

7) «վերամշակում մաքսային տարածքում» կամ «վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքների մի մասը որպես արտադրական կորուստներ ճանաչելը:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքները չեն համարվում մաքսային հսկողության տակ գտնվող, երբ մաքսային մարմինների կողմից ճանաչվում է դրանց ոչնչացման (անվերադարձ կորստի) փաստը՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով կամ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և (կամ) օրենսդրությամբ սահմանված դեպքերում վրա հասած հանգամանքների հետևանքով:

4. Ապրանքները մաքսային հսկողության տակ են գտնվում Մաքսային միության մաքսային տարածքից դրանց արտահանման ժամանակ՝ մաքսային հայտարարագրի կամ որպես մաքսային հայտարարագիր օգտագործվող փաստաթղթերի գրանցման պահից, կամ Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների արտահանմանն անմիջականորեն ուղղված գործողության իրականացման ընթացքում, մինչև մաքսային սահմանը հատելը:

5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված՝ Մաքսային միության մաքսային տարածքից փաստացիորեն չարտահանված ապրանքները, սույն Օրենսգրքի 192-րդ հոդվածին համապատասխան մաքսային հայտարարագրի չեղարկման օրվանից չեն համարվում մաքսային հսկողության տակ գտնվող:

6. Մաքսային մարմինները վերահսկողություն են իրականացնում անձանց կողմից ապրանքների, այդ թվում՝ ապրանքների վերամշակումից ստացված ապրանքների, հետադարձ ներմուծման և (կամ) արտահանման պարտավորությունների կատարման նկատմամբ, եթե այդ ապրանքները ենթակա են պարտադիր հետադարձ ներմուծման և (կամ) արտահանման սույն Օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերին համապատասխան:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

7. Մաքսային մարմիններն իրավունք ունեն կանգնեցնելու տրանսպորտային միջոցները, ինչպես նաև հարկադիր կերպով վերադարձնելու առանց մաքսային մարմնի թույլտվության Մաքսային միության մաքսային տարածքից դուրս եկած նավերը և օդանավերը: Ընդ որում, օտարերկրյա նավերի (օդանավերի) և այլ պետությունների տարածքներում գտնվող նավերի (օդանավերի) վերցման (վերադարձման) գործողություններն իրականացվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը և (կամ) միջազգային պայմանագրերին համապատասխան:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Մաքսային հսկողության գոտիներից դուրս ապրանքների և դրանց վերաբերյալ փաստաթղթերի մաքսային հսկողության իրականացման նպատակով ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների կանգնեցման դեպքում այդ հսկողության ժամանակը չպետք է գերազանցի 2 (երկու) ժամը: Այդ հսկողության իրականացման վերաբերյալ կազմվում է ակտ՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանվող ձևով, որի մեկ օրինակը տրվում է փոխադրողին:

 

Հոդված 97. Մաքսային հսկողության գոտիները

 

1. Մաքսային հսկողության գոտիներն են մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերը, ժամանակավոր պահման պահեստների, մաքսային պահեստների, անմաքս առևտրի խանութների տարածքները կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ վայրերը:

Այլ վայրերում մաքսային հսկողության գոտիներ ստեղծվում են ապրանքների մաքսային տեսազննման և (կամ) մաքսային զննման, բեռնային և այլ գործողությունների իրականացման նպատակով:

2. Մաքսային հսկողության գոտիները կարող են լինել մշտական՝ դրանցում կանոնավոր կերպով մաքսային հսկողության ենթակա ապրանքներ գտնվելու դեպքում, կամ ժամանակավոր, եթե դրանք ստեղծվում են մաքսային հսկողության, բեռնային և այլ գործողությունների իրականացման ժամանակով:

3. Մաքսային հսկողության գոտիների ստեղծման և տարբերանշման կարգը, ինչպես նաև մաքսային հսկողության գոտու իրավական ռեժիմը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 98. Մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրումը

 

1. Հայտարարատուն, մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք և շահագրգիռ այլ անձինք պարտավոր են մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմիններին տրամադրել բանավոր, գրավոր և (կամ) էլեկտրոնային տարբերակներով:

2. Մաքսային մարմինն իրավունք ունի մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները պահանջելու գրավոր և (կամ) էլեկտրոնային տարբերակներով, ինչպես նաև սահմանելու դրանք ներկայացնելու ժամկետը, որը պետք է բավարար լինի պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացնելու համար:

3. Մաքսային հսկողության իրականացման համար մաքսային մարմիններն իրավունք ունեն Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան բանկերից և բանկային գործառնությունների առանձին տեսակներ իրականացնող կազմակերպություններից փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու իրականացվող արտաքին տնտեսական գործարքների դրամական գործառնությունների վերաբերյալ:

4. Ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության իրականացման նպատակներով մաքսային մարմիններն իրավունք ունեն պահանջելու և ստանալու առևտրային և հաշվապահական փաստաթղթեր, այլ տեղեկություններ, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով, որոնք վերաբերում են մաքսային սահմանով ապրանքների տեղափոխմանը, դրանց բացթողմանը և օգտագործմանը Մաքսային միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս:

5. Մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերն անձանց և մաքսային մարմինների կողմից պետք է ապրանքների՝ մաքսային հսկողության տակ գտնվելու ավարտի օրվանից հետո պահպանվեն 5 (հինգ) տարի, եթե այլ ժամկետ սահմանված չէ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից պետք է պահպանվեն 5 (հինգ) տարի այն տարվանից հետո, որի ընթացքում իրականացվել են մաքսային գործառնությունները:

 

Հոդված 99. Մաքսային հսկողությունը ապրանքների բացթողումից հետո

 

Ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողություն է իրականացվում ապրանքների՝ մաքսային հսկողության տակ գտնվելու ավարտի օրվանից հետո 3 (երեք) տարվա ընթացքում:

Ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության իրականացման համար Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել ավելի երկար ժամկետ, որը չի կարող գերազանցել 5 (հինգ) տարին:

Ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողությունն իրականացվում է սույն Օրենսգրքի 16-րդ և (կամ) 19-րդ գլուխներով սահմանված ձևերով և կարգով:

 

Հոդված 100. Մաքսային հսկողությունը Մաքսային միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների շրջանառության դեպքում

 

1. Մաքսային միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների շրջանառության դեպքում մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողությունն իրականացվում է Մաքսային միության մաքսային օրենսդրության պահանջներին և պայմաններին համապատասխան այդ ապրանքների բացթողումը հաստատող տեղեկությունների ստուգման նպատակով, այդ թվում՝ ապրանքների վրա դրոշմավորման կամ այլ տարբերանշանների առկայության ստուգման նպատակով, որոնք օգտագործվում են Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման օրինականության հավաստման համար:

2. Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է մաքսային հայտարարագրման, մաքսային այլ գործառնությունների իրականացման և մաքսատուրքերի, հարկերի վճարման հնարավորություն սահմանվել Մաքսային միության մաքսային սահմանով անօրինականորեն տեղափոխված կամ մաքսային ընթացակարգերից որևէ մեկին համապատասխան բաց չթողնված ապրանքների համար, ինչի հետևանքով չի կատարվել մաքսատուրքերի, հարկերի վճարումը կամ չեն պահպանվել արգելքները և սահմանափակումները, ինչը մաքսային մարմինների կողմից հայտնաբերվել է այն անձանց մոտ, ովքեր ձեռք են բերել այդ ապրանքները Մաքսային միության մաքսային տարածքում այդ անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված:

 

Հոդված 101. Մաքսային հսկողություն իրականացնելիս մասնագետի մասնակցությունը

 

1. Անհրաժեշտ դեպքերում՝ մաքսային հսկողության իրականացման ժամանակ կոնկրետ գործողությունների կատարմանը մասնակցելու նպատակով կարող է ներգրավվել այդ գործողությունների արդյունքների հարցում շահագրգռվածություն չունեցող մասնագետ, որը տիրապետում է հատուկ գիտելիքների և հմտությունների, որոնք անհրաժեշտ են մաքսային մարմիններին օժանդակության տրամադրման համար, այդ թվում՝ տեխնիկական միջոցների կիրառման ժամանակ:

2. Որպես մասնագետ անձի ներգրավումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով:

3. Մասնագետն իրավունք ունի՝

1) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարվող կոնկրետ գործողությունների իրականացման հետ կապված նյութերին.

2) ծանոթանալու մաքսային հսկողության իրականացման ժամանակ այն գործողությունների կատարման արդյունքներով կազմված փաստաթղթերին, որոնցում նա մասնակցություն է ունեցել, և հայտարարություններ կամ դիտողություններ անել իր կողմից իրականացվող գործողությունների առնչությամբ, որոնք պետք է գրառվեն այդ փաստաթղթերում:

4. Մասնագետը պարտավոր է՝

1) մասնակցել այն գործողությունների իրականացմանը, որոնց համար հատուկ գիտելիքներ են անհրաժեշտ, պարզաբանումներ տալ իր կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ.

2) իր ստորագրությամբ հավաստել նշված գործողություններն իրականացնելու փաստը, դրանց էությունը և արդյունքները:

5. Մասնագետին հայտնի դարձած՝ առևտրային, բանկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները, ինչպես նաև այլ կոնֆիդենցիալ տեղեկությունները չպետք է նրա կողմից հրապարակվեն, օգտագործվեն այլ նպատակներով, տրամադրվեն երրորդ անձանց՝ բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

6. Մասնագետի ներգրավման հետ կապված՝ մաքսային մարմինների մոտ առաջացած ծախսերը փոխհատուցվում են այն անձի միջոցներից, որի նկատմամբ կամ որի ապրանքների նկատմամբ իրականացվում է մաքսային հսկողությունը, եթե մաքսային հսկողության իրականացման ընթացքում հայտնաբերվում են Մաքսային միության մաքսային օրենսդրության խախտումներ: Այլ դեպքերում այդ ծառայությունների դիմաց վարձատրության վճարումն իրականացվում է Մաքսային միության այն անդամ պետության բյուջեի միջոցների հաշվին, որի մաքսային մարմնի կողմից իրականացվել է մաքսային հսկողությունը:

 

Հոդված 102. Մաքսային հսկողության իրականացման հարցում օժանդակության տրամադրման նպատակով պետական այլ մարմիններից մասնագետների և փորձագետների ներգրավումը

 

1. Մաքսային հսկողության իրականացման հարցում օժանդակության տրամադրման նպատակով մաքսային մարմիններն իրավունք ունեն մասնագետներ և փորձագետներ ներգրավելու պետական այլ մարմիններից:

2. Պետական այլ մարմիններից ներգրավվող մասնագետները և փորձագետները պարտավոր են չհրապարակել պետական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները, ինչպես նաև այլ կոնֆիդենցիալ տեղեկությունները, որոնք վերաբերում են արտաքին տնտեսական գործունեության և մաքսային գործի բնագավառում այլ գործունեության մասնակիցներին:

3. Պետական այլ մարմիններից մասնագետների և փորձագետների ներգրավման հետ կապված ծախսերը, եթե այդ աշխատանքը չի մտնում նրանց ծառայողական պարտականությունների շրջանակների մեջ, փոխհատուցվում են սույն Օրենսգրքի 101-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով:

 

Հոդված 103. Մաքսային մարմինների և հսկողություն իրականացնող պետական մարմինների փոխգործակցությունը մաքսային սահմանի վրա

 

1. Մաքսային սահմանով տեղափոխվող և հսկողություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից հսկողության ենթակա ապրանքների մաքսային հսկողության իրականացման ժամանակ մաքսային մարմիններն ապահովում են այդ գործողությունների ընդհանուր համակարգումը և դրանց միաժամանակյա իրականացումը Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինները և հսկողություն իրականացնող պետական այլ մարմինները տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների օգտագործման միջոցով փոխանակում են մաքսային և պետական հսկողության այլ տեսակների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ (տվյալներ) և (կամ) փաստաթղթեր:

3. Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման ժամանակ պետական հսկողության ընթացակարգերի արագացման նպատակով մաքսային զննումը կարող է իրականացվել մաքսային սահմանի վրա հսկողություն իրականացնող բոլոր պետական մարմինների մասնակցությամբ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 104. Մաքսային հսկողության իրականացման ժամանակ ոչ իրավաչափ վնաս հասցնելու անթույլատրելիությունը

 

1. Մաքսային հսկողության իրականացման ժամանակ չի թույլատրվում ոչ իրավաչափ վնաս հասցնել փոխադրողին, այդ թվում՝ մաքսային փոխադրողին, հայտարարատուին, նրանց ներկայացուցիչներին, ժամանակավոր պահպանման պահեստներ, մաքսային պահեստներ, անմաքս առևտրի խանութներ տիրապետողներին և այլ շահագրգիռ անձանց, որոնց շահերի հետ են առնչվում մաքսային հսկողության իրականացման ժամանակ մաքսային մարմինների գործողությունները (անգործությունը) և որոշումները, ինչպես նաև ապրանքներին և տրանսպորտային միջոցներին:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Մաքսային հսկողության իրականացման ժամանակ մաքսային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ որոշումներով, գործողություններով (անգործությամբ) անձանց պատճառված կորուստները ենթակա են փոխհատուցման լրիվ ծավալով՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան

3. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց իրավաչափ որոշումներով, գործողություններով անձանց պատճառված կորուստները փոխհատուցման ենթակա չեն, բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

 

Հոդված 105. Մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձևերի կիրառումից ազատումը

 

1. Մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձևերի կիրառումից ազատումը սահմանվում է սույն Օրենսգրքով, Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և այլ միջազգային պայմանագրերով:

2. Մաքսային զննման ենթակա չէ այն անձնական ուղեբեռը, որը պատկանում է՝

1) Մաքսային միության անդամ պետությունների ղեկավարներին և նրանց ուղեկցող ընտանիքի անդամներին.

2) Մաքսային միության անդամ պետությունների կառավարության ղեկավարներին, կառավարության անդամներին, եթե նշված անձինք մաքսային սահմանն անցնում են ծառայողական պարտականությունների կատարման բերումով.

3) օտարերկրյա պետությունների ղեկավարներին, օտարերկրյա պետությունների կառավարության ղեկավարներին, արտաքին գործերի նախարարներին, որոնք պաշտոնական այցով այցելում են Մաքսային միության անդամ պետություններ.

4) այլ անձանց, Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և այլ միջազգային պայմանագրերին համապատասխան:

3. Մաքսային զննումից ազատվում են՝

1) իրենց երթուղով շարժվող օտարերկրյա ռազմանավերը (նավերը), մարտական օդանավերը և ռազմական տեխնիկան.

2) ռազմական գույքը, որը Մաքսային միության անդամ պետությունների համապատասխան պետական մարմինների հատուկ հայտարարագրումների համաձայն տեղափոխվում է մաքսային սահմանով.

3) հանվել է 2010 թվականի ապրիլի 4-ի արձանագրությամբ:

 

Հոդված 106. Մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային մարմինների կողմից անձանց վերաբերյալ տեղեկությունների հավաքումը

 

1. Մաքսային հսկողության իրականացման նպատակով մաքսային մարմիններն իրավունք ունեն մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող կամ մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների նկատմամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց վերաբերյալ տեղեկություններ հավաքելու, որոնք ներառում են տվյալներ՝

1) կազմակերպության հիմնադիրների վերաբերյալ.

2) իրավաբանական անձի պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցման վերաբերյալ.

3) ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար օգտագործվող գույքի կազմի վերաբերյալ.

4) բաց բանկային հաշիվների վերաբերյալ.

5) արտաքին տնտեսական գործունեության բնագավառում գործունեության վերաբերյալ.

6) կազմակերպության գտնվելու վայրի վերաբերյալ.

7) որպես հարկ վճարող հարկային մարմնում հաշվառվելու և հարկ վճարողի նույնականացման (գրանցման, հաշվառման) համարի վերաբերյալ.

8) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրում ընդգրկված անձանց վճարունակության վերաբերյալ.

9) ֆիզիկական անձանց դեպքում՝ քաղաքացիների անձնական տվյալների վերաբերյալ (ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ և վայր, սեռ, բնակության վայրի հասցե, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, հարկ վճարողի նույնականացման (գրանցման, հաշվառման) համար (եթե առկա է)), ինչպես նաև նրանց կողմից մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հաճախականության վերաբերյալ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք իրավունք ունեն ծանոթանալու մաքսային մարմինների մոտ գտնվող փաստաթղթերում պարունակվող՝ իրենց մասին տեղեկություններին և ճշգրտումներ անելու այդ տեղեկություններում դրանց լիարժեքության և հավաստիության ապահովման նպատակով:

3. Անձանց մասին տեղեկությունների հավաքումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ, ինչպես նաև նշված տեղեկությունները Մաքսային միության անդամ պետությունների այլ պետական մարմիններից ստանալու միջոցով:

 

Հոդված 107. Մաքսային հսկողության իրականացման ժամանակ տեխնիկական միջոցների և նավերի (օդանավերի) օգտագործումը

 

1. Մաքսային հսկողության իրականացման ժամանակի կրճատման և դրա արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինների կողմից կարող են կիրառվել մաքսային հսկողության տեխնիկական միջոցներ, որոնց ցանկը և կիրառման կարգը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Նշված տեխնիկական միջոցները պետք է անվտանգ լինեն մարդու կյանքի և առողջության, կենդանիների և բույսերի համար, և չպետք է վնասեն անձանց, ապրանքները և տրանսպորտային միջոցները:

2. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունը կարող է իրականացվել մաքսային մարմինների նավերի և օդանավերի օգտագործմամբ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Մաքսային հսկողության նպատակներով մաքսային մարմինների նավերի և օդանավերի օգտագործման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 108. Մաքսային հսկողության համար անհրաժեշտ բեռնային և այլ գործողությունները ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ

 

1. Մաքսային մարմնի պահանջով հայտարարատուն, պահեստի տիրապետողը, մաքսային ներկայացուցիչը և ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձինք պարտավոր են իրականացնել մաքսային հսկողության ենթակա ապրանքների տրանսպորտային փոխադրում, կշռում կամ այլ կերպ քանակի որոշում, բեռնում, բեռնաթափում, փոխաբեռնում, փաթեթվածքի վնասվածքների վերացում, փաթեթվածքի բացում, ապրանքների փաթեթավորում կամ վերափաթեթավորում, ինչպես նաև շինությունների, տարողությունների և այլ վայրերի բացում, որտեղ գտնվում են կամ կարող են գտնվել այդպիսի ապրանքներ:

2. Փոխադրողը պարտավոր է նպաստել իր կողմից փոխադրվող ապրանքների և այդ ապրանքների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ բեռնային և այլ գործողությունների իրականացմանը:

3. Ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ բեռնային և այլ գործողությունները չպետք է մաքսային մարմնի համար որևէ ծախսեր առաջացնեն:

 

Հոդված 109. Ապրանքների և տրանսպորտային միջոցների, շինությունների և այլ վայրերի նույնականացումը

 

1. Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքները, այն տրանսպորտային միջոցները, շինությունները, տարողությունները և այլ վայրերը, որտեղ գտնվում են կամ կարող են գտնվել մաքսային հսկողության ենթակա ապրանքներ, կարող են նույնականացվել մաքսային մարմինների կողմից:

Նույնականացումն իրականացվում է կապարակնիքների, կնիքների, թվային, տառային և այլ դրոշմավորման, նույնականացնող նշանների կիրառման, դրոշմներ դնելու, փորձանմուշներ և նմուշներ վերցնելու, ապրանքների մանրամասն նկարագրության, գծագրեր կազմելու, մասշտաբային պատկերների, լուսանկարների, իլյուստրացիաների պատրաստման, ապրանքներն ուղեկցող և այլ փաստաթղթերի օգտագործման միջոցով և այլ միջոցներով:

2. Նույնականացնող միջոցների կիրառման կարգը և դրանց պատրաստմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

(2-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Որպես մաքսային նպատակներով կիրառվող նույնականացման միջոցներ կարող են ճանաչվել այն կապարակնիքները, կնիքները կամ նույնականացման այլ միջոցները, որոնք կիրառվում են օտարերկրյա պետությունների մաքսային մարմինների կողմից, ինչպես նաև ապրանքներն ուղարկողների կամ փոխադրողների կողմից:

4. Նույնականացման միջոցները կարող են փոփոխվել, հեռացվել կամ վերացվել միայն մաքսային մարմինների կողմից կամ նրանց թույլտվությամբ՝ բացառությամբ ապրանքների ոչնչացման, անվերադարձ կորստի կամ շոշափելի փչացման իրական վտանգի առկայության դեպքերի: Մաքսային մարմինն անհապաղ պետք է տեղեկացվի նույնականացման միջոցների փոփոխման, հեռացման կամ վերացման մասին, և պետք է ներկայացվեն նշված վտանգների գոյության ապացույցները:

Նույնականացման միջոցների փոփոխման, հեռացման, վերացման կամ փոխարինման մասին մաքսային մարմինների կողմից կազմվում է ակտ՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանվող ձևով:

 

ԳԼՈՒԽ 16. ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

Հոդված 110. Մաքսային հսկողության ձևերը

 

Մաքսային հսկողության ձևերն են՝

1) փաստաթղթերի և տեղեկությունների ստուգումը.

2) բանավոր հարցումը.

3) բացատրությունների ստացումը.

4) մաքսային դիտարկումը.

5) մաքսային տեսազննումը.

6) մաքսային զննումը.

7) անձնական զննումը.

8) ապրանքների՝ հատուկ դրոշմանիշներով դրոշմավորման, դրանց վրա նույնականացման նշանների առկայության ստուգումը.

9) շինությունների և տարածքների մաքսային տեսազննումը.

10) մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների հաշվառումը.

11) ապրանքների հաշվառման համակարգի և հաշվետվությունների ստուգումը.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

12) մաքսային ստուգումը:

 

Հոդված 111. Փաստաթղթերի և տվյալների ստուգումը

 

1. Մաքսային մարմինները մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները ստուգում են տեղեկությունների հավաստիությունը, փաստաթղթերի իսկությունը և (կամ) դրանց լրացման և (կամ) ձևակերպման ճշտությունը որոշելու նպատակով:

2. Մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ մաքսային մարմիններին ներկայացված տեղեկությունների հավաստիության ստուգումն իրականացվում է դրանց՝ այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրության, մաքսային վիճակագրության տվյալների վերլուծության, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ տվյալների մշակման միջոցով, ինչպես նաև Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով:

3. Մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային մարմինն իրավունք ունի պատճառաբանված կերպով գրավոր պահանջելու լրացուցիչ փաստաթղթեր և տվյալներ՝ մաքսային փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ստուգման նպատակով:

4. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան լրացուցիչ փաստաթղթերի և տվյալների պահանջը և դրանց ստուգումը չպետք է խոչընդոտեն ապրանքների բացթողմանը, եթե այլ բան ուղղակի կերպով նախատեսված չէ սույն Օրենսգրքով:

 

Հոդված 112. Բանավոր հարցումը

 

Սույն Օրենսգրքին համապատասխան մաքսային գործառնություններ իրականացնելիս մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն անցկացնելու ֆիզիկական անձանց, նրանց ներկայացուցիչների, ինչպես նաև մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ լիազորություն ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչների բանավոր հարցում առանց նշված անձանց բացատրությունների գրավոր ձևակերպման:

 

Հոդված 113. Բացատրությունների ստացումը

 

1. Բացատրությունների ստացում է համարվում մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից մաքսային գործի բնագավառում անհրաժեշտ տեղեկությունների ստացումը փոխադրողներից, հայտարարատուներից և մաքսային հսկողության իրականացման համար նշանակություն ունեցող հանգամանքներից տեղյակ այլ անձանցից:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Բացատրությունները ձևակերպվում են գրավոր՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված ձևով:

3. Բացատրությունների ստացման համար անձին կանչելու անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի կողմից ձևակերպվում է գրավոր ծանուցում, որը հանձնվում է կանչվող անձին:

 

Հոդված 114. Մաքսային դիտարկումը

 

Մաքսային դիտարկում է համարվում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից բաց, նպատակաուղղված, կանոնավոր կամ մեկանգամյա անմիջական կամ միջնորդավորված տեսողական, այդ թվում՝ տեխնիկական միջոցների օգտագործմամբ, դիտարկումը մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների փոխադրման, դրանց հետ կապված բեռնային և այլ գործողությունների իրականացման նկատմամբ:

 

Հոդված 115. Մաքսային տեսազննումը

 

1. Մաքսային տեսազննումը ապրանքների, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների, ֆիզիկական անձանց ուղեբեռի, ինչպես նաև բեռնային տարողությունների, մաքսային կապարակնիքների, կնիքների և նույնականացման այլ միջոցների արտաքին տեսողական զննումն է առանց տրանսպորտային միջոցները, ապրանքների փաթեթվածքը բացելու, առանց ստուգվող օբյեկտի և դրա այլ մասերի ապամոնտաժման և այլ կերպ ամբողջականության խախտման:

2. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից ապրանքների, այդ թվում՝ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների, միջազգային փոստային առաքանիների և ֆիզիկական անձանց ուղեբեռի մաքսային տեսազննումն իրականացվում է մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների բնույթի, ծագման, վիճակի և քանակի վերաբերյալ տեղեկությունների, ապրանքների, տրանսպորտային միջոցների և դրանց բեռնային զետեղարանների վրա մաքսային կապարակնիքների, կնիքների և նույնականացման այլ կիրառված միջոցների առկայության վերաբերյալ տեղեկությունների հաստատումը ստանալու նպատակով:

3. Մաքսային հսկողության գոտում մաքսային տեսազննումը կարող է իրականացվել հայտարարատուի, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց և նրանց ներկայացուցիչների բացակայության պայմաններում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձինք ցանկություն են հայտնում ներկա գտնվել մաքսային տեսազննման ժամանակ:

4. Մաքսային տեսազննումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցների կիրառմամբ, որոնք ապահովում են ստուգվող օբյեկտի ներքին կառուցվածքի վիզուալիզացիան և այլ կերպ տեղեկացնում այդ օբյեկտի առանձնահատուկ ֆիզիկական հատկանիշների առկայության մասին:

5. Մաքսային տեսազննման արդյունքներով մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից կազմվում է ակտ՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված ձևով, եթե այդ տեսազննման արդյունքներն օգտագործվելու են մաքսային նպատակներով:

Ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձի պահանջով մաքսային մարմնի պաշտոնատար անձինք պարտավոր են ակտ կազմել կամ մաքսային տեսազննման իրականացման փաստի մասին նշում կատարել տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ մաքսային փաստաթղթի վրա:

Մաքսային տեսազննման անցկացման վերաբերյալ ակտի երկրորդ օրինակը տրվում է ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձին:

 

Հոդված 116. Մաքսային զննումը

 

1. Մաքսային զննումը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործողություններն են, որոնք կապված են ապրանքների փաթեթվածքի կամ տրանսպորտային միջոցի բեռնային զետեղարանի կամ տարողությունների, կոնտեյներների և այլ վայրերի բացման հետ, որտեղ գտնվում են կամ կարող են գտնվել ապրանքները՝ դրանց վրա դրված մաքսային կապարակնիքների կամ նույնականացման այլ միջոցների խախտմամբ, ստուգվող օբյեկտների և դրանց այլ մասերի կազմատմամբ, ապամոնտաժմամբ կամ այլ կերպ ամբողջականության խախտմամբ:

2. Մաքսային մարմնի՝ մաքսային զննում իրականացնելու համար լիազորված պաշտոնատար անձը մաքսային զննման անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացնում է հայտարարատուին կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձին, եթե այդ անձինք հայտնի են: Մաքսային զննումը սկսելու ժամանակը որոշելիս պետք է հաշվի առնվեն այդ անձանց ժամանման ողջամիտ ժամկետները:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Հայտարարատուն, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձինք և նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն սեփական նախաձեռնությամբ ներկա գտնվելու մաքսային զննմանը՝ բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքի:

3. Շինությունների և տարածքների մաքսային տեսազննման ժամանակ և (կամ) արտագնա մաքսային ստուգման ժամանակ իրականացվող մաքսային զննումը կարող է իրականացվել առանց մաքսային հսկողության գոտու ստեղծման:

4. Մաքսային մարմնի պաշտոնատար անձանց պահանջով հայտարարատուն կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձինք և նրանց ներկայացուցիչները պարտավոր են ներկա գտնվել մաքսային զննմանը և անհրաժեշտ օժանդակություն տրամադրել մաքսային մարմնի պաշտոնատար անձանց: Փոխադրողի կողմից հատուկ լիազորված ներկայացուցչի բացակայության դեպքում այդպիսին համարվում է տրանսպորտային միջոցը վարող ֆիզիկական անձը:

5. Հայտարարատուի, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձանց և նրանց ներկայացուցիչների բացակայությամբ մաքսային մարմինն իրավունք ունի մաքսային զննում իրականացնելու՝

1) նշված անձանց չներկայանալու կամ այդ անձանց անհայտ լինելու դեպքում.

2) ազգային (պետական) անվտանգության, մարդու կյանքի և առողջության, կենդանիների, կենդանահամաճարակային իրավիճակի առաջացման, շրջակա միջավայրի, Մաքսային միության անդամ պետությունների ազգային մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման համար վտանգի առկայության դեպքում և հետաձգում չհանդուրժող այլ հանգամանքներում, այդ թվում՝ եթե նշաններ կան, որոնք վկայում են այն մասին որ ապրանքները դյուրաբոցավառ նյութեր, պայթյունավտանգ առարկաներ, պայթուցիկ, թունավորող, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր, թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), ուժեղ ազդեցություն ունեցող, թունավոր, տոքսիկ, ռադիոակտիվ, միջուկային նյութեր և նման այլ ապրանքներ են, եթե ապրանքներից տհաճ հոտ է տարածվում.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3) միջազգային փոստային առաքանիներով ապրանքների առաքման դեպքում.

4) Մաքսային միության մաքսային տարածքում այն ապրանքների կանգնեցման դեպքում, որոնց պարագայում առկա է դրանց արտահանումը նախատեսող մաքսային ընթացակարգի խախտում:

6. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված դեպքերում մաքսային զննումն իրականացվում է 2 (երկու) ընթերակաների ներկայությամբ:

7. Մաքսային զննման արդյունքներով կազմվում է մաքսային զննման ակտ՝ 2 (երկու) օրինակից, Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված ձևով: Մաքսային զննման ակտում նշվում են հետևյալ տեղեկությունները՝

1) Մաքսային մարմնի՝ մաքսային զննումն իրականացրած պաշտոնատար անձանց մասին և դրա անցկացման ժամանակ ներկա գտնված անձանց մասին տվյալները.

2) մաքսային զննումը հայտարարատուի կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի բացակայությամբ մաքսային զննում անցկացնելու պատճառները.

3) մաքսային զննման արդյունքները.

4) ակտի ձևով նախատեսվող այլ տեղեկությունները:

8. Մաքսային զննման ակտի երկրորդ օրինակը տրվում (ուղարկվում) է ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձին կամ նրա ներկայացուցչին, եթե այդպիսին կա:

 

Հոդված 117. Անձնական զննումը

 

1. Անձի զննումը մաքսային հսկողության բացառիկ ձև է, որը իրականացվում է մաքսային մարմնի ղեկավարի (պետի), նրա կողմից լիազորված՝ մաքսային մարմնի ղեկավարի (պետի) տեղակալի կամ նրանց փոխարինող անձանց գրավոր որոշմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մաքսային սահմանով ուղևորվող և մաքսային հսկողության գոտում կամ միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում գտնվող ֆիզիկական անձն իր մոտ թաքցնում է Մաքսային միության մաքսային օրենսդրության խախտմամբ տեղափոխվող ապրանքներ և կամավոր կերպով դրանք չի հանձնում:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Անձնական զննում իրականացնելու մասին որոշումն ընդունվում է գրավոր՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի զեկույցի վրա մակագրման կամ առանձին փաստաթղթի ձևով ձևակերպման միջոցով:

2. Անձնական զննումը սկսելուց առաջ մաքսային մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է ֆիզիկական անձին ներկայացնել անձնական զննում անցկացնելու մասին որոշումը, ֆիզիկական անձին ծանոթացնել զննման իրականացման ընթացքում իր իրավունքներին ու պարտականություններին և առաջարկել կամավոր հանձնել թաքցրած ապրանքները:

Ֆիզիկական անձի՝ անձնական զննում անցկացնելու մասին որոշմանը ծանոթանալու փաստը հավաստվում է այդպիսի զննում իրականացնելու մասին որոշման վրա նշված անձի կողմից համապատասխան գրառում կատարելու միջոցով: Այդ գործողություններից հրաժարվելու դեպքում դրա մասին նշում է արվում անձնական զննում անցկացնելու մասին որոշման վրա, որը հավաստվում է մաքսային մարմնի՝ այդպիսի զննում անցկացնելու մասին որոշումը ընթերցած պաշտոնատար անձի ստորագրությամբ:

3. Անձնական զննման իրականացման ժամանակ մաքսային մարմնի պաշտոնատար անձի գործողություններով չպետք է ոտնահարվեն ֆիզիկական անձի պատիվն ու արժանապատվությունը, չպետք է ոչ իրավաչափ վնաս հասցվի զննման ենթարկվող անձի առողջությանը և գույքին:

4. Ֆիզիկական անձը, որի նկատմամբ անձնական զննում է իրականացվում, իրավունք ունի՝

1) մինչև անձնական զննումը սկսելը ծանոթանալու անձնական զննման իրականացման մասին որոշմանը և դրա անցկացման կարգին.

2) ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին.

3) բացատրություններ տալու և միջնորդություններ ներկայացնելու.

4) կամավոր հանձնելու իր մոտ թաքցրած՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության խախտմամբ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները.

5) հայտարարություն անելու, որը պետք է մաքսային մարմնի՝ անձնական զննումն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պարտադիր կերպով գրառվի անձնական զննում իրականացնելու մասին ակտում.

6) օգտագործելու մայրենի լեզուն, ինչպես նաև օգտվելու թարգմանչի ծառայություններից.

7) ծանոթանալու անձնական զննում իրականացնելու մասին ակտին դրա կազմումն ավարտվելուց հետո և հայտարարություն անելու, որը պետք է գրառվի ակտում.

8) բողոքարկելու մաքսային մարմնի՝ անձնական զննումն իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները սույն Օրենսգրքին համապատասխան։

5. Անձնական զննման ընթացքում զննման ենթարկվող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր են կատարել մաքսային մարմնի՝ անձնական զննումն իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները:

6. Անձնական զննումը իրականացվում է մաքսային մարմնի՝ զննման ենթարկվողի հետ նույն սեռի պաշտոնատար անձի կողմից, նույն սեռի 2 (երկու) ընթերակաների ներկայությամբ սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող մեկուսացված սենյակում: Այլ ֆիզիկական անձանց մուտքն այդ սենյակ և նրանց կողմից անձնական զննմանը հետևելու հնարավորությունը պետք է բացառվի: Զննման ենթարկվողի մարմնի հետազոտությունը պետք է կատարվի միայն բուժաշխատողի կողմից, անհրաժեշտության դեպքում՝ հատուկ բժշկական տեխնիկայի օգտագործմամբ:

Բուժաշխատողն իրավունք չունի խուսափելու անձնական զննում իրականացնելու մասին որոշումը կատարելուց:

Անչափահաս կամ անգործունակ ֆիզիկական անձի անձնական զննմանը պարտավոր են ներկա գտնվել նրա օրինական ներկայացուցիչները (ծնողները, որդեգրողները, խնամակալները, հոգաբարձուները) կամ նրան ուղեկցող անձինք:

7. Անձնական զննման իրականացման մասին կազմվում է ակտ՝ 2 (երկու) օրինակից, Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ հաստատված ձևով: Այդ ակտը պետք է կազմվի անձնական զննման իրականացման ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո:

Ակտը ստորագրում են մաքսային մարմնի՝ անձնական զննումն իրականացրած պաշտոնատար անձը, անձնական զննման ենթարկված ֆիզիկական անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրան ուղեկցող անձը, ընթերակաները, իսկ հետազոտման դեպքում՝ բուժաշխատողը:

Կազմվելուց անմիջապես հետո անձնական զննման իրականացման մասին ակտի երկրորդ օրինակը տրվում է անձնական զննման ենթարկված ֆիզիկական անձին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ նրան ուղեկցող անձին:

 

Հոդված 118. Հատուկ դրոշմանիշներով ապրանքների դրոշմավորման, դրանց վրա նույնականացման նշանների առկայության ստուգումը

 

1. Մաքսային մարմինների կողմից իրականացվում է ապրանքների կամ դրանց փաթեթվածքի վրա հատուկ դրոշմանիշների, նույնականացման նշանների առկայության կամ ապրանքների այլ կերպ նշագրման ստուգումը, որոնք կիրառվում են Մաքսային միության մաքսային տարածք դրանց ներմուծման օրինականության հաստատման նպատակով այն դեպքերում, որոնք նախատեսված են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Ապրանքների կամ դրանց փաթեթվածքի վրա հատուկ դրոշմանիշների, նույնականացման նշանների կամ ապրանքների այլ կերպ նշագրման բացակայությունը դիտվում է որպես Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ներմուծում, որն իրականացվել է առանց մաքսային գործառնությունների իրականացման և ապրանքների բացթողման, եթե այն անձը, որի մոտ հայտնաբերվել են այդպիսի ապրանքներ, հայտարարատուն կամ շահագրգիռ այլ անձը հակառակը չի ապացուցում:

 

Հոդված 119. Շինությունների և տարածքների մաքսային տեսազննումը

 

1. Շինությունների և տարածքների մաքսային տեսազննումն իրականցվում է ստուգելու համար մաքսային հսկողության տակ գտնվող, այդ թվում՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների առկայությունը ժամանակավոր պահպանման պահեստներում, մաքսային պահեստներում, անմաքս առևտրի խանութի շինություններում և այլ վայրերում, որտեղ կարող են լինել մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներ, ինչպես նաև այն անձանց մոտ, որոնց մոտ պետք է գտնվեն ապրանքներ՝ սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերին համապատասխան:

2. Սույն հոդվածի 1-ին կետում չնշված շինությունների և տարածքների մաքսային տեսազննումը կարող է մաքսային մարմինների կողմից իրականացվել՝

1) մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում, սահմանային գոտում.

2) ապրանքների մեծածախ կամ մանրածախ առևտուր իրականացնող, մաքսային հսկողության գոտի չհանդիսացող վայրերում ապրանքներ պահող անձանց մոտ, եթե տեղեկություններ կան այդ անձանց շինություններում կամ տարածքներում՝ սույն Օրենսգրքով նախատեսված կարգի խախտմամբ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծված և (կամ) այնտեղ գտնվող ապրանքների առկայության վերաբերյալ, այդ տեղեկությունների ստուգման նպատակով.

3) այն անձանց մոտ, որոնց նկատմամբ (մոտ) անցկացվում է արտագնա մաքսային ստուգում:

(2-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Մաքսային մարմինների կողմից շինությունների և տարածքների մաքսային տեսազննումը կարող է իրականացվել այդ շինությունների և տարածքների՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջների և պայմանների հետ համապատասխանության ստուգման նպատակով՝ սույն Օրենսգրքի 24-րդ, 29-րդ, 34-րդ, 168-րդ, 233-րդ և 304-րդ հոդվածներին համապատասխան:

4. Բնակելի շինություններում մաքսային տեսազննման իրականացում չի թույլատրվում:

5. Շինությունների և տարածքների մաքսային տեսազննումն իրականացվում է կարգադրագիրը (հրահանգչական ցուցումը) և մաքսային մարմնի պաշտոնատար անձի ծառայողական վկայականը ներկայացնելու դեպքում:

Շինությունների և տարածքների մաքսային տեսազննում իրականացնելու համար կարգադրագրի (հրահանգչական ցուցումի) ձևը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Սույն կետի առաջին մասում նշված փաստաթղթերը ներկայացնելը չի պահանջվում այն անձանց մոտ շինությունների և տարածքների մաքսային տեսազննում իրականացնելու դեպքում, որոնց նկատմամբ (մոտ) անցկացվում է արտագնա մաքսային ստուգում:

(երրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

6. Շինություններ և տարածքներ մուտք գործելու հնարավորության մերժման դեպքում մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն մուտք գործելու շինություններ և տարածքներ` 2 (երկու) ընթերակաների ներկայությամբ՝ ճնշելով դիմադրությունը և բացելով փակ շինությունները և տարածքները: Դիմադրությունը ճնշելու և փակ շինությունները բացելու միջոցով շինություններ մուտք գործելու բոլոր դեպքերի մասին մաքսային մարմինները ծանուցում են դատախազին 24 (քսանչորս) ժամվա ընթացքում: Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մուտքը շինություններ և տարածքներ խոչընդոտող անձինք պատասխանատվություն են կրում Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

7. Եթե Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից առանձին օբյեկտներ մուտքի համար նախատեսված է հատուկ կարգ, ապա մուտքի հնարավորությունն ապահովվում է այդ օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Շինությունների և տարածքների մաքսային տեսազննումը պետք է իրականացվի հնարավորինս նվազագույն ժամկետում, որն անհրաժեշտ է դրա իրականացման համար, և որը չի կարող շարունակվել 1 (մեկ) աշխատանքային օրից ավելի, եթե այլ բան սահմանված չէ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

9. Շինությունների և տարածքների մաքսային տեսազննման արդյունքներով կազմվում է ակտ՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված ձևով: Շինությունների և տարածքների մաքսային տեսազննման վերաբերյալ ակտի երկրորդ օրինակը տրվում (ուղարկվում) է այն անձին, որի շինությունները կամ տարածքները տեսազննման են ենթարկվել:

 

Հոդված 120. Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների հաշվառումը

 

1. Մաքսային մարմինները վարում են մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների և դրանց նկատմամբ մաքսային գործառնությունների հաշվառում, այդ թվում՝ տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների օգտագործմամբ:

2. Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների հաշվառման կարգը և ձևերը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 121. Ապրանքների հաշվառման համակարգի և հաշվետվությունների ստուգումը

 

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

1. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող, հատուկ պարզեցված ընթացակարգերով աշխատելու հնարավորություններից օգտվող, ինչպես նաև օտարերկրյա ապրանքներ օգտագործող և (կամ) դրանք տիրապետող անձինք մաքսային մարմինների պահանջով պարտավոր են մաքսային մարմիններ հաշվետվություններ ներկայացնել պահպանվող, փոխադրվող, իրացվող, վերամշակվող և (կամ) օգտագործվող ապրանքների, ինչպես նաև իրականացված մաքսային գործառնությունների վերաբերյալ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Հաշվետվություններ ներկայացնելու ձևը և կարգը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

3. Ապրանքների հաշվառման համակարգի ստուգումը՝ որպես մաքսային հսկողության ձև, իրականացվում է՝

1) սույն Օրենսգրքին համապատասխան հատուկ պարզեցված ընթացակարգերի կիրառման դեպքում.

2) հանվել է 2010 թվականի ապրիլի 4-ի արձանագրությամբ.

3) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ.

4) այնպիսի մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների նկատմամբ, որոնցով, սույն Օրենսգրքին կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, նախատեսվում է այդ ապրանքների հաշվառման վարում:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

4. Ապրանքների հաշվառման համակարգի ստուգումն իրականացնելու կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

(4-րդ կետն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

 

Հոդված 122. Մաքսային ստուգումը

 

1. Մաքսային ստուգումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է ստուգելու համար Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը անձանց կողմից:

2. Մաքսային ստուգումն իրականացվում է Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից՝ ստուգման ենթարկվող անձանց նկատմամբ (մոտ), որոնք ստեղծվել և (կամ) գրանցվել են Մաքսային միության այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

Ստուգման ենթարկվող անձինք ասելով ենթադրվում են՝

հայտարարատուն.

մաքսային ներկայացուցիչը.

փոխադրողը, այդ թվում՝ մաքսային փոխադրողը.

ապրանքների նկատմամբ դրանց բացթողումից հետո լիազորություններ ունեցող անձը կամ նրա ներկայացուցիչը.

ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացնող անձը.

անմաքս առևտրի խանութների, մաքսային պահեստների և այլ պահեստների տիրապետողները.

լիազորված տնտեսական օպերատորը.

համապատասխան մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կապված գործարքներում ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցություն ունեցած այլ անձինք.

այն անձը, որի վերաբերյալ տեղեկություն կա այն մասին, որ տիրապետման և (կամ) օգտագործման իրավունքով նրա մոտ գտնվում (գտնվել) են սույն Օրենսգրքով սահմանված կարգի խախտմամբ, այդ թվում՝ մաքսային սահմանով անօրինականորեն տեղափոխված ապրանքներ:

3. Մաքսային ստուգման ժամանակ մաքսային մարմինների կողմից ստուգվում է՝

1) ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու փաստը.

2) ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացված մաքսային հայտարարագրում և այլ փաստաթղթերում ներկայացված այն տեղեկությունների հավաստիությունը, որոնք ազդեցություն են ունեցել ապրանքների բացթողման մասին որոշում կայացնելու վրա.

3) պայմանականորեն բաց թողնված ապրանքների օգտագործման և տնօրինման հետ կապված սահմանափակումների պահպանումը.

4) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց համար Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը.

5) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ պայմաններին անձանց համապատասխանությունը.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

6) Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ մաքսային ընթացակարգերի պայմանների պահպանումը, որոնցով ձևակերպման դեպքում ապրանքները չեն ստանում Մաքսային միության ապրանքների կարգավիճակ.

(6-րդ ենթակետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

7) այլ պահանջների կատարումը, որոնք սահմանված են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

(7-րդ ենթակետն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

4. Մաքսային ստուգումն իրականացվում է ապրանքները մաքսային ընթացակարգով ձեակերպելիս ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների և մաքսային մարմինների մոտ գտնվող այլ տեղեկությունների՝ հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների տվյալների, հաշիվների և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված այլ տեղեկությունների հետ համադրության միջոցով:

5. Մաքսային ստուգման իրականացման ժամանակ կարող են կիրառվել սույն Օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված մաքսային հսկողության ձևերը:

6. Մաքսային ստուգման իրականացմանը պետք է նախորդեն նախապատրաստական աշխատանքները, որոնց ընթացքում որոշվում է ստուգման ենթակա հարցերի ցանկը, անհրաժեշտության դեպքում՝ մշակվում է դրա իրականացման ծրագիրը:

7. Մաքսային ստուգումն իրականացվում է կամերալ մաքսային ստուգման կամ արտագնա մաքսային ստուգման ձևով:

8. Մաքսային ստուգմանը մասնակցելու համար կարող են ներգրավվել հսկողություն իրականացնող այլ պետական մարմինների պաշտոնատար անձինք՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

9. Մաքսային ստուգման ընթացքում վարչական իրավախախտումների կամ հանցագործության մասին վկայող փաստերի հայտնաբերման դեպքում մաքսային մարմինների կողմից միջոցներ են ձեռնարկում Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

10. Մաքսային ստուգման իրականացման կարգը սահմանվում է սույն Օրենսգրքի 19-րդ գլխով:

11. Մաքսային ստուգման արդյունքները ձևակերպվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան փաստաթղթով:

12. Մաքսային ստուգման արդյունքներով որոշումների ընդունման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

ԳԼՈՒԽ 17. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 123. Վարչական փոխօգնությունը

 

1. Սույն գլխում վարչական փոխօգնություն ասելով ենթադրվում է Մաքսային միության մեկ անդամ պետության մաքսային մարմնի գործողությունները, որոնք իրականացվում են Մաքսային միության մեկ այլ անդամ պետության մաքսային մարմնի հանձնարարությամբ կամ դրա հետ համատեղ՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության հետ համապատասխանության ապահովման և Մաքսային միության մաքսային օրենսդրության խախտումների կանխարգելման, կանխման, հետաքննության նպատակով:

2. Վարչական փոխօգնությունը ներառում է՝

Մաքսային միության անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակումը,

մաքսային մարմինների կողմից ընդունված որոշումների փոխադարձ ճանաչումը,

սույն Օրենսգրքով սահմանված՝ մաքսային հսկողության առանձին ձևերի իրականացումը Մաքսային միության մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից Մաքսային միության մեկ այլ անդամ պետության մաքսային մարմնի հանձնարարությամբ:

Վարչական փոխօգնությունը կարող է ներառել մաքսային մարմինների փոխգործակցության այլ տեսակներ՝ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Հոդված 124. Մաքսային մարմինների միջև տեղեկությունների փոխանակումը

 

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Մաքսային մարմինների միջև տեղեկությունների փոխանակումն իրականացվում է Մաքսային միության մաքսային օրենսդրության և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության հետ համապատասխանության ապահովման նպատակով, այդ թվում՝ մաքսային հսկողության ներքո տեղափոխվող ապրանքների և Մաքսային միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծվող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության, ինչպես նաև Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների բացթողման հաստատման առնչությամբ:

Մաքսային մարմինների միջև տեղեկությունների փոխանակումն իրականացվում է Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան, այդ թվում՝ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

 

Հոդված 125. Մաքսային մարմինների կողմից ընդունված որոշումների փոխադարձ ճանաչումը

 

Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող կամ դրա սահմաններից դուրս արտահանվող, մաքսային հսկողության տակ գտնվող, Մաքսային միության մաքսային սահմանով՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան տեղափոխվող, ժամանակավորապես պահպանվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնություններ իրականացնելիս, ինչպես նաև մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային մարմինների կողմից ընդունված որոշումները փոխադարձ ճանաչվում են Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից և Մաքսային միության մաքսային տարածքում ունեն հավասար իրավաբանական ուժ՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

 

Հոդված 126. Մաքսային միության մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից Մաքսային միության մեկ այլ անդամ պետության մաքսային մարմնի հանձնարարությամբ մաքսային հսկողության առանձին ձևերի իրականացումը

 

Մաքսային միության մաքսային օրենսդրության պահպանումն ապահովելու, ինչպես նաև Մաքսային միության մաքսային օրենսդրության խախտումները կանխարգելելու և կանխելու նպատակով Մաքսային միության մեկ անդամ պետության մաքսային մարմինն իրավունք ունի Մաքսային միության մեկ այլ անդամ պետության մաքսային մարմնին հանձնարարել մաքսային հսկողության առանձին ձևերի իրականացումը:

Մաքսային հսկողության առանձին ձևերի իրականացման հանձնարարության հիմքերը, ձևը, ներկայացման և կատարման կարգը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով:

 

ԳԼՈՒԽ 18. ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 127. Սույն գլխում գործածվող եզրույթները

 

Սույն գլխում գործածվում են հետևյալ հիմնական եզրույթները և դրանց սահմանումները՝

1) ռիսկի վերլուծություն՝ մաքսային մարմինների տրամադրության տակ եղած տեղեկությունների պարբերական օգտագործում՝ ռիսկերի առաջացման հանգամանքները և պայմանները որոշելու, դրանք նույնականացնելու և Մաքսային միության մաքսային օրենսդրության դրույթների չպահպանման հնարավոր հետևանքները գնահատելու համար: Տարբերակվում է ռիսկերի երկու տեսակ՝ բացահայտված և հավանական.

2) բացահայտված ռիսկ՝ փաստ, որը վկայում է այն մասին, որ արդեն տեղի է ունեցել Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության դրույթների խախտում, և մաքսային մարմիններն ունեն տվյալ փաստի վերաբերյալ տեղեկություններ.

3) ռիսկի ցուցիչներ՝ նախասահմանված բնորոշիչներ ունեցող որոշակի չափորոշիչներ, որոնցից շեղումը կամ որոնց հետ համապատասխանությունը թույլ է տալիս իրականացնել հսկողության ենթակա օբյեկտի ընտրություն.

4) հավանական ռիսկ՝ ռիսկ, որը դեռևս չի բացահայտվել, սակայն առկա են դրա առաջացման պայմանները.

5) ռիսկի պրոֆիլ՝ ռիսկի ոլորտի, ռիսկի ցուցիչների վերաբերյալ տեղեկությունների ամբողջություն, ինչպես նաև ռիսկերի կանխարգելմանը կամ նվազեցմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու մասին հրահանգչական ցուցումներ.

6) ռիսկի ոլորտ՝ ռիսկի վերլուծության առանձին խմբավորված օբյեկտներ, որոնց նկատմամբ անհրաժեշտ է կիրառել մաքսային հսկողության առանձին ձևեր կամ դրանք ամբողջությամբ, ինչպես նաև բարձրացնել մաքսային վարչարարության արդյունավետությունը.

7) ռիսկի գնահատում՝ ռիսկի առաջացման հավանականության և դրա առաջացման դեպքում՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության խախտումների հետևանքների պարբերական որոշում.

8) ռիսկ՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության չպահպանման հավանականության աստիճան.

9) քողարկող ապրանքներ՝ ապրանքներ, որոնք հավանականության բավարար աստիճանով կարող են հայտարարագրվել ռիսկային ապրանքների փոխարեն.

10) ռիսկային ապրանքներ՝ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներ, որոնց առնչությամբ կան բացահայտված ռիսկեր կամ առկա են հավանական ռիսկեր.

11) ռիսկի կառավարում՝ պարբերական աշխատանք՝ կապված ռիսկերի կանխարգելմանը և նվազեցմանն ուղղված միջոցառումների մշակման և գործնականում իրականացման, դրանց կիրառության արդյունավետության գնահատման, ինչպես նաև մաքսային գործառնությունների իրականացման նկատմամբ հսկողության հետ, որը ենթադրում է մաքսային մարմինների տրամադրության տակ գտնվող տեղեկությունների անընդհատ թարմացում, վերլուծություն և վերանայում.

12) ռիսկի մակարդակ՝ որոշվում է ըստ ռիսկի առաջացման հավանականության և ռիսկի հնարավոր հետևանքների:

 

Հոդված 128. Ռիսկերի կառավարման համակարգերի կիրառման նպատակները

 

1. Մաքսային մարմինները կիրառում են ռիսկերի կառավարման համակարգ՝ մաքսային հսկողության ենթակա ապրանքների, միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների, փաստաթղթերի և անձանց սահմանման, այդպիսի ապրանքների, միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների, փաստաթղթերի և անձանց նկատմամբ կիրառվող մաքսային հսկողության ձևերի որոշման, ինչպես նաև մաքսային հսկողության իրականացման աստիճանի սահմանման համար:

Ռիսկերի կառավարման համակարգերի կիրառման ռազմավարությունը և մարտավարությունը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

2. Ռիսկերի կառավարման համակարգերի կիրառման նպատակներն են՝

1) մաքսային մարմինների իրավասության սահմաններում՝ ազգային (պետական) անվտանգությանը, մարդու կյանքի ու առողջության պահպանմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված միջոցների ապահովում.

2) բարձր ռիսկայնության ոլորտների վրա ուշադրության կենտրոնացում և տրամադրության տակ եղած ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման ապահովում.

3) Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության դրույթների այնպիսի խախտումների բացահայտում, կանխատեսում և կանխում, որոնք՝

ունեն տևական բնույթ.

կապված են զգալի չափերով մաքսատուրքերի, հարկերի վճարումից խուսափելու հետ.

խաթարում են ապրանքների մրցունակությունը Մաքսային մարմնի տարածքում.

առնչվում են հսկողության մյուս ձևերին, որոնց պահպանումը պետք է ապահովեն մաքսային մարմինները.

4) մաքսային տարածքով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային գործառնությունների առավել արագ իրականացում:

3. Մաքսային մարմիններն իրականացնում են ռիսկերի նվազեցման ուղղությամբ կիրառվող միջոցների մասին տեղեկությունների, ինչպես նաև մաքսային հսկողության իրականացման արդյունավետության բարձրացմանը նպաստող այլ տեղեկությունների փոխանակում՝ Մաքսային միության անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրով սահմանված կարգով:

4. Մաքսային միության հանձնաժողովը կարող է սահմանել այն ռիսկային ոլորտները, որոնց նկատմամբ մաքսային մարմինները պարտադիր կերպով մշակում և կիրառում են դրանց նվազեցմանն ուղղված միջոցներ:

(4-րդ կետն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

 

Հոդված 129. Ռիսկի վերլուծության ենթակա օբյեկտները

 

Ռիսկի վերլուծության ենթակա օբյեկտներ են՝

1) մաքսային հսկողության տակ գտնվող կամ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները.

2) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները.

3) առուվաճառքի կամ փոխանակման մասին արտաքին տնտեսական պայմանագրերում, համաձայնագրերում կամ ապրանքների նկատմամբ տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքների մասին այլ փաստաթղթերում ներառված տեղեկությունները.

4) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում առևտրային, մաքսային և այլ փաստաթղթերում ներառված տեղեկությունները.

5) հայտարարատուների և մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձանց գործունեությունը.

6) մաքսային հսկողության ձևերի կիրառման արդյունքները:

 

Հոդված 130. Մաքսային մարմինների գործունեությունը` կապված ռիսկերի գնահատման և կառավարման հետ

 

1. Ռիսկերի գնահատման և կառավարման հետ կապված՝ մաքսային մարմինների գործունեությունը ենթադրում է հետևյալ գործառույթների իրականացում՝

1) մաքսային մարմինների՝ ռիսկերի կառավարման համակարգերի մասին տվյալների տեղեկատվական բազայի ստեղծում.

2) ռիսկերի վերլուծություն և գնահատում, որոնք ներառում են հետևյալի պարբերական որոշում՝

ռիսկերի վերլուծության ենթակա օբյեկտներ,

ռիսկի վերլուծության ենթակա օբյեկտների հիման վրա ռիսկի ցուցիչներ, որոնցով սահմանվում է ռիսկերի կանխարգելմանը և նվազեցմանն ուղղված միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը,

ռիսկերի առաջացման դեպքում հնարավոր վնասի գնահատում.

3) ռիսկերի կառավարմանն ուղղված գործնական միջոցների մշակում և իրականացում՝ հաշվի առնելով հետևյալը՝

ռիսկերի առաջացման հավանականությունը և հնարավոր հետևանքները,

ռիսկերի կանխարգելման ու նվազեցմանն ուղղված հնարավոր միջոցների կիրառության վերլուծություն:

2. Մաքսային մարմինները մշտական հիմունքներով իրականացնում են ռիսկերի նվազեցման ուղղությամբ կիրառված միջոցների արդյունավետության և կոնկրետ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության առանձին ձևերի կիրառման արդյունքների մասին տեղեկությունների հավաքում, մշակում և վերլուծություն:

3. Տեղեկությունների հավաքման և մշակման, ռիսկերի վերլուծության և գնահատման, ռիսկերի գնահատմանն ուղղված միջոցների մշակման ու իրականացման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

4. Սահմանված ռիսկի պրոֆիլների ու ցուցիչների բովանդակությունը նախատեսված է մաքսային մարմինների կողմից օգտագործման համար, համարվում է կոնֆիդենցիալ տեղեկություն և չի կարող բացահայտվել այլ անձանց համար՝ բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

 

ԳԼՈՒԽ 19. ՄԱՔՍԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 131. Կամերալ մաքսային ստուգում

 

1. Կամերալ մաքսային ստուգումն իրականացվում է ստուգման ենթակա անձի կողմից ներկայացվող մաքսային հայտարարագրերում, առևտրային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում և այլ փաստաթղթերում ներառված տեղեկությունների, Մաքսային միության անդամ պետությունների պետական հսկիչ մարմինների տեղեկությունների, ինչպես նաև նշված անձանց գործունեության մասին՝ մաքսային մարմինների տրամադրության տակ եղած այլ փաստաթղթերի և տեղեկությունների ուսումնասիրության և վերլուծության միջոցով:

2. Կամերալ մաքսային ստուգումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից մաքսային մարմնի գտնվելու վայրում՝ առանց ստուգման ենթակա անձին այցելության և առանց կարգադրագրի (ստուգում նշանակելու մասին ակտի):

3. Կամերալ մաքսային ստուգումներն իրականացվում են առանց դրանք անցկացնելու պարբերականության սահմանափակումների:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 132. Արտագնա մաքսային ստուգում

 

1. Արտագնա մաքսային ստուգումը մաքսային մարմնի կողմից իրականացվում է իրավաբանական անձի գտնվելու վայր, անհատ ձեռնարկատերի գործունեության իրականացման վայր և (կամ) նրանց գործունեության փաստացի իրականացման վայր այցելության ձևով (այսուհետ՝ ստուգման ենթակա անձի օբյեկտներ):

2. Արտագնա մաքսային ստուգումը կարող է լինել պլանային կամ արտապլանային:

Պլանային արտագնա մաքսային ստուգումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից մշակվող ստուգումների ծրագրով:

3. Արտագնա մաքսային ստուգումն անցկացվում է որոշման (կարգադրագրի, ստուգում նշանակելու մասին ակտի) հիման վրա, որի ձևը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

4. Արտապլանային արտագնա մաքսային ստուգումներ նշանակելու համար հիմքեր են համարվում՝

1) Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմինների և պետական հսկողության (վերահսկողության) մարմինների տվյալների բազաներում ներառված տեղեկությունների վերլուծության արդյունքում ստացված տվյալները, որոնք վկայում են Մաքսային միության մաքսային օրենսդրության և Մաքսային միության անդամ պետությունների այլ օրենսդրության հնարավոր խախտման մասին.

2) տվյալներ, որոնք վկայում են Մաքսային միության մաքսային օրենսդրության և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության պահանջների հնարավոր խախտման մասին.

3) անձի, այդ թվում՝ մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձի դիմումը լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու համար.

4) արտագնա մաքսային հանդիպակաց ստուգում անցկացնելու անհրաժեշտությունը սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան.

5) օտարերկրյա պետության իրավասու մարմնի դիմումը (հարցումը) օտարերկրյա կազմակերպության հետ արտաքին տնտեսական գործարքներ կատարած անձի նկատմամբ ստուգում անցկացնելու մասին.

6) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքեր:

5. Արտագնա մաքսային ստուգում կարող է նշանակվել մաքսային հսկողության այլ ձևերի կիրառման արդյունքների, ինչպես նաև ներքին մաքսային ստուգման արդյունքների հիման վրա:

6. Ստուգման ենթակա անձի կողմից ներկայացված տվյալների հավաստիությունը հաստատելու անհրաժեշտության դեպքում մաքսային մարմինը կարող է արտագնա մաքսային հանդիպակաց ստուգում իրականացնել այն անձանց նկատմամբ, որոնք ստուգման ենթակա անձի հետ կապված են ապրանքների հետ կապված գործարքներով (գործառնություններով):

Արտագնա մաքսային հանդիպակաց ստուգումը արտապլանային ստուգում է:

7. Ստուգման ենթակա միևնույն անձի նկատմամբ պլանային արտագնա մաքսային ստուգումներ իրականացվում են տարին առավելագույնը 1 (մեկ) անգամ:

Լիազորված տնտեսական օպերատորի նկատմամբ պլանային արտագնա մաքսային ստուգումներ իրականացվում են մաքսային մարմինների կողմից 3 (երեք) տարին 1 (մեկ) անգամ:

Արտապլանային արտագնա մաքսային ստուգումներն իրականացվում են առանց դրանք անցկացնելու պարբերականության սահմանափակումների:

8. Պլանային արտագնա մաքսային ստուգման համար ստուգման ենթակա անձանց ընտրությունը կատարվում է՝ օգտագործելով այն տեղեկությունները, որոնք ստացվում են՝

1) մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսներից.

2) նախորդ ստուգումների, այդ թվում՝ ներքին ստուգումների արդյունքների հիման վրա.

3) պետական մարմիններից.

4) առանձին տեսակների բանկային գործարքներ իրականացնող բանկերից և կազմակերպություններից.

5) Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմիններից և (կամ) պետական հսկիչ այլ մարմիններից.

6) զանգվածային լրատվամիջոցներից.

7) այլ աղբյուրներից՝ պաշտոնական ուղիներով:

9. Նախքան պլանային արտագնա մաքսային ստուգում սկսելը մաքսային մարմինները ստուգման ենթակա անձին պատվիրված փոստով (հանձնելու մասին ծանուցմամբ) ուղարկում են պլանային արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին ծանուցում կամ այդ ծանուցումը փոխանցում են այլ եղանակով, որը տալիս է դա ստանալու փաստը հաստատելու հնարավորություն:

Գտնվելու վայրից ստուգման ենթակա անձի բացակայության պատճառով նամակը հասցեատիրոջը չհանձնելու մասին վկայող նշումով փոստային առաքանին վերադարձնելը հիմք չէ պլանային արտագնա մաքսային ստուգումը չեղյալ հայտարարելու համար:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Պլանային արտագնա մաքսային ստուգումը կարող է մեկնարկել ստուգման ենթակա անձի կողմից ծանուցումն ստանալու օրվանից կամ հասցեատիրոջը նամակը չհանձնելու մասին նշումով փոստային առաքանին մաքսային մարմնում մուտքագրվելու օրվանից ոչ շուտ, քան 15 (տասնհինգ) օրացուցային օր հետո:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

10. Արտագնա մաքսային ստուգումն սկսելու օր է համարվում մաքսային ստուգում անցկացնելու մասին (ստուգում նշանակելու մասին ակտի) որոշման (կարգադրագրի) պատճենը ստուգման ենթակա անձին հանձնելու ամսաթիվը:

Մաքսային ստուգում անցկացնելու մասին (ստուգում նշանակելու մասին ակտի) որոշման (կարգադրարի) պատճենը ստուգման ենթակա անձին հանձնվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից կամ ուղարկվում է պատվիրված փոստով (հանձնման մասին ծանուցմամբ):

Որոշման (կարգադրագրի, ստուգում նշանակելու մասին ակտի) պատճենի հանձնման պահին ստուգման ենթակա անձի ղեկավարը կամ նրա ներկայացուցիչը որոշման (կարգադրագրի, ստուգում նշանակելու մասին ակտի) բնօրինակի վրա նշում է կատարում ծանուցված լինելու, ինչպես նաև որոշման (կարգադրագրի, ստուգում նշանակելու մասին ակտի) պատճենի ստացման ամսաթվի և ժամի մասին:

Որոշման (կարգադրագրի, ստուգում նշանակելու մասին ակտի) պատճենը ստանալուց հրաժարվելու դեպքում՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձը դրա մասին համապատասխան գրառում է կատարում որոշման (կարգադրագրի, ստուգում նշանակելու մասին ակտի) մեջ:

Ստուգման ենթակա անձի կողմից մաքսային ստուգում անցկացնելու (ստուգում նշանակելու մասին ակտի) մասին որոշման (կարգադրագրի) պատճենը ստանալուց հրաժարվելը, ինչպես նաև գտնվելու վայրից ստուգման ենթակա անձի բացակայության պատճառով նամակը հասցեատիրոջը չհանձնելու մասին վկայող նշումով փոստային առաքանին վերադարձնելը հիմք չի հանդիսանում արտագնա մաքսային ստուգումը չեղյալ հայտարարելու համար: Այդ դեպքում ստուգման մեկնարկի ամսաթիվ է համարվում որոշման (կարգադրագրի, ստուգում նշանակելու մասին ակտի) մեջ որոշման (կարգադրագրի, ստուգում նշանակելու մասին ակտի) օրինակը ստանալուց հրաժարվելու մասին գրառման ամսաթիվը կամ հասցեատիրոջը նամակը չհանձնելու մասին նշումով փոստային առաքանին մաքսային մարմնում մուտքագրվելու ամսաթիվը:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Նախքան ստուգման ենթակա անձի օբյեկտում արտագնա մաքսային ստուգում սկսելը մաքսային մարմնի պաշտոնատար անձինք պարտավոր են ստուգման ենթակա անձի ղեկավարին կամ նրա ներկայացուցչին ներկայացնել իրենց ծառայողական վկայականները:

11. Արտագնա մաքսային ստուգման ընթացքում ստուգման ենթակա անձն իրավունք չունի փոփոխություններ և լրացումներ կատարելու իր գործունեությանն առնչվող ստուգվող փաստաթղթերում:

12. Արտագնա մաքսային ստուգման ժամկետը չպետք է գերազանցի 2 (երկու) ամիսը: Նշված ժամկետը չի ընդգրկում ստուգման ենթակա անձին փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելու մասին պահանջագիրը հանձնելու ամսաթվի և այդ փաստաթղթերն ու տեղեկությունները ստանալու ամսաթվի միջև ընկած ժամականահատվածը:

Արտագնա մաքսային ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել 1 (մեկ) ամսով՝ ստուգումն իրականացնող մաքսային մարմնի որոշմամբ:

Ուսումնասիրություններ կամ փորձաքննություններ անցկացնելու, Մաքսային միության անդամ պետությունների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններ հարցումներ ուղարկելու, արտագնա մաքսային ստուգումն անցկացնելու համար ստուգման ենթակա անձի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի վերահաստատման, ստուգման տվյալ ժամանակահատվածին առնչվող և արտագնա մաքսային ստուգման արդյունքների հիման վրա կազմվող եզրահանգումների վրա ազդող լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության դեպքում արտագնա մաքսային ստուգումը կարող է կասեցվել մաքսային մարմնի ղեկավարի (պետի) կամ նրա կողմից լիազորված անձի որոշմամբ՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Այդպիսի կասեցման ժամկետն ու կարգը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին (ստուգում նշանակելու մասին ակտի) որոշման (կարգադրագրի) մեջ համապատասխան գրառումներ են կատարվում արտագնա մաքսային ստուգման ժամկետի երկարաձգման, ինչպես նաև դրա կասեցման մասին, ինչի մասին ծանուցվում է ստուգման ենթակա անձը:

13. Արտագնա մաքսային ստուգման ավարտի ամսաթիվ է համարվում մաքսային ստուգման արդյունքների հիման վրա ձևակերպված փաստաթղթի կազմման ամսաթիվը. փաստաթուղթը պատրաստվում է (2) երկու օրինակից և ստորագրվում է արտագնա մաքսային ստուգում իրականացրած մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից:

Այդպիսի փաստաթղթի առաջին օրինակը կցվում է արտագնա մաքսային ստուգման նյութերին, իսկ երկրորդ օրինակը արտագնա մաքսային ստուգման ավարտից ոչ ուշ, քան 5 (հինգ) օր հետո հանձնվում է ստուգման ենթակա անձին կամ ուղարկվում է պատվիրված փոստով (հանձնման մասին ծանուցմամբ):

 

Հոդված 133. Արտագնա մաքսային ստուգում անցկացնելու համար մաքսային մարմնի պաշտոնատար անձին ստուգման ենթակա անձի օբյեկտ մուտք գործելու հնարավորության ընձեռելը

 

1. Մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից մաքսային ստուգում անցկացնելու մասին (ստուգում նշանակելու մասին ակտի) որոշումը (կարգադրագիրը) և ծառայողական վկայականները ներկայացնելու պարագայում ստուգման ենթակա անձը պարտավոր է ապահովել այդ պաշտոնատար անձանց մուտքի հնարավորությունը ստուգման ենթակա անձի օբյեկտ (բացառությամբ բնակելի տարածքների) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու համար:

2. Եթե Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից առանձին օբյեկտներ մուտքի համար նախատեսված է հատուկ կարգ, ապա մուտքի հնարավորությունն ապահովվում է այդ օրենսդրությամբ սահմանված կարգով:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Ստուգման ենթակա անձն իրավունք ունի մերժելու մաքսային մարմնի պաշտոնատար անձանց մուտքը օբյեկտ, եթե՝

1) չեն ներկայացվել որոշումը (կարգադրագիրը, ստուգում նշանակելու մասին ակտը) և (կամ) ծառայողական վկայականները.

2) մաքսային մարմինների տվյալ պաշտոնատար անձանց անունները նշված չեն որոշման մեջ (կարգադրագրում, ստուգում նշանակելու մասին ակտում).

3) պաշտոնատար անձինք չունեն օբյեկտ մուտք գործելու հատուկ թույլտվություն, եթե այդպիսի թույլտվություն պահանջվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

4. Եթե ստուգման ենթակա անձը մերժում է արտագնա մաքսային ստուգում անցկացնող մարմնի պաշտոնատար անձանց մուտքը, ստուգման ենթակա անձի օբյեկտի վրա կազմվում է ակտ (արձանագրություն)՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Եթե ստուգման ենթակա անձն առանց հիմնավորման մերժում է արտագնա մաքսային ստուգում անցկացնող մարմնի պաշտոնատար անձանց մուտքը ստուգման ենթակա անձի օբյեկտ, ապա նրանք իրավունք ունեն մուտք գործելու այդ օբյեկտ` ընթերակաների ներկայությամբ ճնշելով դիմադրությունը և բացելով փակ տարածքները, բացառությամբ այն դեպքերի, երբ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ պետական մարմինների պաշտոնատար անձանց առանձին օբյեկտներ մուտքի համար սահմանված է այլ կարգ: Մաքսային մարմինները ստուգման ենթակա անձի օբյեկտներ՝ դիմադրությունը ճնշելու և փակ տարածքները բացելու միջոցով մուտք գործելու բոլոր դեպքերի մասին ծանուցում են դատախազին 24 (քսանչորս) ժամվա ընթացքում:

 

Հոդված 134. Մաքսային մարմնի պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները մաքսային ստուգում անցկացնելիս

 

1. Մաքսային ստուգում անցկացնելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձինք իրավունք ունեն՝

1) ստուգման ենթակա անձից պահանջելու ու նրանից ստանալու առևտրային, տրանսպորտային փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման և հաշվետվության վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաև այլ տեղեկություններ, այդ թվում՝ էլեկտրոնային կրիչներով, որոնք վերաբերում են ստուգվող ապրանքներին.

2) ստուգման ենթակա անձից պահանջելու ներկայացնել այն ապրանքները, որոնց նկատմամբ անցկացվում է արտագնա մաքսային ստուգում.

3) ստուգման ենթակա անձից պահանջելու ներկայացնել հաշվետվություն մաքսային ստուգման նպատակներով.

4) բանկերից և այլ վարկային կազմակերպություններից պահանջելու և ստանալու մաքսային ստուգում անցկացնելու համար անհրաժեշտ, այդ թվում՝ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ու փաստաթղթեր կազմակերպության հաշիվներում առկա դրամական միջոցների շարժի վերաբերյալ՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

5) հարցում կատարել հարկային և այլ պետական մարմիններ և դրանցից ստանալ առևտրային, բանկային, հարկային և օրենսդրությամբ պահպանվող այլ գաղտնիք համարվող անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

6) արտագնա մաքսային ստուգումներ անցկացնելիս Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել ապրանքների գույքագրում (ներկայացնել գույքագրում կատարելու պահանջ).

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

7) ուղարկել միջազգային հարցումներ՝ կապված մաքսային ստուգում անցկացնելու հետ.

8) ստուգման ենթակա անձի օբյեկտներ մուտքի հնարավորություն ունենալ՝ ներկայացնելով մաքսային ստուգում անցկացնելու մասին (ստուգում նշանակելու մասին ակտի) որոշում (կարգադրագիր) և ծառայողական վկայականներ.

9) արտագնա մաքսային ստուգումներ անցկացնելիս իրականացնել ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրություն՝ կազմելով ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրության մասին ակտ.

10) արտագնա մաքսային ստուգումներ անցկացնելիս ստուգման ենթակա անձից առգրավել փաստաթղթեր կամ դրանց պատճենները՝ կազմելով առգրավման մասին ակտ.

11) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով արգելանք դնել ապրանքների վրա կամ առգրավել ապրանքներ արտագնա մաքսային ստուգում անցկացնելու ժամկետի ընթացքում՝ այնպիսի գործողությունների կանխարգելման համար, որոնք ուղղված են այն ապրանքների օտարմանը կամ այլ միջոցով տնօրինմանը, որոնց նկատմամբ անցկացվում է արտագնա մաքսային ստուգում.

12) կապարակնքել այն շինությունները, որոնցում գտնվում են ապրանքները.

13) իրականացնել այլ գործողություններ, որոնք նախատեսված են Մաքսային միության օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

2. Մաքսային ստուգում անցկացնելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձինք պարտավոր են՝

1) պահպանել ստուգման ենթակա անձի իրավունքները և օրինական շահերը, թույլ չտալ, որպեսզի անօրինական որոշումների և գործողությունների (անգործության) հետևանքով վնաս հասցվի ստուգման ենթակա անձին.

2) արտագնա մաքսային ստուգումներ անցկացնելու ընթացքում չխոչընդոտել ստուգման ենթակա անձի բնականոն աշխատանքը.

3) մաքսային ստուգումներ անցկացնելիս ստացված բոլոր տեղեկություններն օգտագործել բացառապես մաքսային նպատակներով.

4) չհրապարակել մաքսային ստուգումներ անցկացնելիս հայտնի դարձած կոնֆիդենցիալ տեղեկությունները և այն տեղեկությունները, որոնք համարվում են հարկային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք.

5) ստուգման ենթակա անձի պահանջով՝ տրամադրել Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության այն դրույթների մասին անհրաժեշտ տեղեկություններ, որոնք վերաբերում են արտագնա մաքսային ստուգումների անցկացման կարգին.

6) ապահովել մաքսային ստուգումներ անցկացնելիս ստացված և կազմված փաստաթղթերի ամբողջականությունը, չհրապարակել դրանց բովանդակությունը առանց ստուգման ենթակա անձի համաձայնության՝ բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

7) ստուգման ենթակա անձին տեղեկացնել իր իրավունքների և պարտականությունների մասին ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս, այդ թվում՝ փորձաքննություն (ուսումնասիրություն) նշանակելիս և անցկացնելիս, փորձանմուշներ ու նմուշներ վերցնելիս.

8) կատարել այլ պարտականություններ, որոնք նախատեսված են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 135. Ստուգման ենթակա անձի իրավունքներն ու պարտականությունները մաքսային ստուգում անցկացնելիս

 

1. Մաքսային ստուգում անցկացնելիս ստուգման ենթակա անձն իրավունք ունի՝

1) մաքսային մարմիններից պահանջելու և ստանալու տեղեկություններ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության այն դրույթների մասին, որոնք վերաբերում են արտագնա մաքսային ստուգումների անցկացման կարգին.

2) ներկայացնելու իր տրամադրության տակ եղած բոլոր փաստաթղթերն ու տեղեկությունները, որոնք հաստատում են ապրանքների բացթողման փաստը, ինչպես նաև Մաքսային միության մաքսային օրենսդրության և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության դրույթների պահպանումը.

3) բողոքարկելու մաքսային մարմինների որոշումներն ու գործողությունները (անգործությունը) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով.

4) օգտվելու այլ իրավունքներից, որոնք նախատեսված են Մաքսային միության օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

2. Մաքսային ստուգում անցկացնելիս ստուգման ենթակա անձը պարտավոր է՝

1) ներկայացնել այն ապրանքները, որոնց նկատմամբ անցկացվում է մաքսային ստուգում.

2) մաքսային մարմնի պահանջով, սահմանված ժամկետներում ներկայացնել տեղեկություններ ու փաստաթղթեր թղթային կրիչով՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ տեղեկակրի վրա են դրանք գտնվում.

3) ապահովել արտագնա մաքսային ստուգում անցկացնող պաշտոնատար անձանց անարգել մուտքը ստուգման ենթակա անձի օբյեկտներ և տրամադրել նրանց աշխատանքային տարածք.

4) ստացման մասին նշում կատարել մաքսային ստուգում անցկացնելու մասին (ստուգում նշանակելու մասին ակտի) որոշման (կարգադրագրի) բնօրինակի վրա.

5) եթե մաքսային ստուգման նպատակների համար անհրաժեշտ փաստաթղթերը կազմված են Մաքսային միության անդամ պետության պետական լեզվից բացի, մեկ այլ լեզվով, մաքսային մարմնի՝ ստուգում անցկացնող պաշտոնատար անձանց տրամադրել նշված փաստաթղթերի թարգմանությունը.

6) մաքսային ստուգում անցկացնելու մասին (ստուգում նշանակելու մասին ակտի) որոշումը (կարգադրագիրը) ստանալուց ոչ ուշ, քան երկու օրացուցային օրվա ընթացքում որոշել այն անձանց շրջանակը, որոնք պատասխանատու են մաքսային մարմնի՝ ստուգում անցկացնող պաշտոնատար անձանց տեղեկություններ տրամադրելու համար.

7) կատարել այլ պարտականություններ, որոնք նախատեսված են Մաքսային միության օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 136. Մաքսային ստուգում անցկացնելու նպատակներով փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրումը

 

1. Մաքսային մարմինների կողմից հարցման դեպքում Մաքսային միության անդամ պետությունների հարկային և մյուս պետական մարմինները տրամադրում են իրավաբանական անձանց գրանցմանը, հարկերի վճարմանն ու հաշվարկմանը վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկություններ, հաշվապահական հաշվետվություններ, ինչպես նաև առևտրային, բանկային և հարկային գաղտնիք կազմող փաստաթղթեր ու տեղեկություններ՝ պահպանելով պետական, առևտրային, բանկային, հարկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիքի պաշտպանության մասին Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության պահանջները:

2. Մաքսային մարմինների կողմից հարցման դեպքում՝ Մաքսային միության բանկերը և մյուս վարկային կազմակերպությունները տրամադրում են մաքսային ստուգում անցկացնելու համար անհրաժեշտ, այդ թվում՝ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ու փաստաթղթեր կազմակերպության հաշիվներում առկա դրամական միջոցների շարժի վերաբերյալ՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

ԳԼՈՒԽ 20. ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼԻՍ

 

Հոդված 137. Սույն գլխում գործածվող եզրույթները

 

Սույն գլխում գործածվում են հետևյալ հիմնական եզրույթները և դրանց սահմանումները՝

1) մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացություն՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված փաստաթուղթ, որը պարունակում է կատարված ուսումնասիրությունների արդյունքները և մաքսային փորձաքննության եզրահանգումները՝ որպես առաջադրված հարցերի պատասխաններ.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2) նմուշ՝ ապրանքի (արտադրանքի) միավոր, որը համապատասխանում է ապրանքի (արտադրանքի) ամբողջ խմբաքանակի, սերիայի կառուցվածքին, բաղադրությանը կազմին և հատկանիշներին, կամ գրավոր և պատկերման այլ ձևերով ներկայացվող եզակի օբյեկտ, որի ընտրությունը հետագա ուսումնասիրության նպատակներով արձանագրվում է սահմանված կարգով.

3) փորձանմուշ՝ ապրանք կամ ապրանքի մաս, որն օպտիմալ չափով անհրաժեշտ է, հաստատված է ստանդարտացման փաստաթղթերով, և որը բնութագրում է ներկայացվող և ուսումնասիրվող ապրանքի ամբողջ ծավալի բաղադրությունն կազմն ու հատկանիշները.

4) մաքսային փորձագետ՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձ, որն ունի մաքսային փորձաքննություն կատարելու լիազորություն.

5) մաքսային փորձաքննություն՝ մաքսային փորձագետների և (կամ) այլ փորձագետների կողմից, մասնագիտական գիտելիքների և (կամ) գիտական գիտելիքների միջոցով իրականացվող ուսումնասիրությունների կազմակերպում և անցկացում՝ մաքսային կարգավորման ոլորտի խնդիրների լուծման համար:

 

Հոդված 138. Մաքսային փորձաքննության նշանակումը

 

1. Մաքսային փորձաքննություն նշանակվում է այն դեպքերում, երբ մաքսային գործառնություններ իրականացնելիս ծագող հարցերի պարզաբանման համար պահանջվում են մասնագիտական գիտելիքներ:

2. Մաքսային փորձաքննությունը նշանակվում է մաքսային մարմինների կողմից և կատարվում է մաքսային փորձագետների, ինչպես նաև լիազորված այլ կազմակերպությունների փորձագետների կողմից:

(առաջին մասը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Լիազորված այլ կազմակերպություններում մաքսային փորձաքննություն նշանակվում է միայն այն դեպքում, երբ այդպիսի փորձաքննության կատարումն անհնար է մաքսային փորձագետների կողմից:

Փորձագետ կարող է նշանակվել ցանկացած անձ, ով ունի մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացություն տալու համար անհրաժեշտ հատուկ գիտելիքներ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Մաքսային փորձաքննություն կատարելու համար ներգրավվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձ չհանդիսացող փորձագետ՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

3. Մաքսային փորձաքննություն նշանակվում է մաքսային գործառնություններ իրականացնելու համար անհրաժեշտ ապրանքների, այդ թվում՝ փոխադրամիջոցների, մաքսային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի, առևտրային և այլ փաստաթղթերի և դրանց նույնականացման միջոցների նկատմամբ:

4. Մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձն ընդունում է մաքսային փորձաքննություն նշանակելու մասին գրավոր որոշում, որում նշվում են դրա կատարման հիմքերը, փորձագետի ազգանունը, անունը և հայրանունը կամ այն կազմակերպության կամ մաքսային մարմնի անվանումը, որում կատարվելու է մաքսային փորձաքննությունը, մաքսային փորձագետին (փորձագետին) առաջադրված հարցերը, մաքսային փորձագետի (փորձագետի) տրամադրությանը հանձնվող նյութերի ու փաստաթղթերի ցանկը, մաքսային փորձաքննության կատարման և մաքսային մարմին մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացության ներկայացման ժամկետը:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Որոշման մեջ նաև նշվում է մաքսային փորձագետին (փորձագետին) ուղղված նախազգուշացում մաքսային փորձագետի (փորձագետի) ի սկզբանե կեղծ եզրակացություն տալու համար պատասխանատվության մասին:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

5. Մաքսային փորձաքննության կատարումը կարող է մերժվել հետևյալ դեպքերում՝

1) մաքսային փորձաքննություն կատարելու համար անբավարար տեղեկություններ.

2) մաքսային փորձաքննություն նշանակելու մասին որոշման ոչ պատշաճ ձևակերպում.

3) մաքսային փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ նշված նկարագրության հետ փորձանմուշների կամ նմուշների փաթեթվածքների պահպանվածությանն անհամապատասխանություն.

4) մաքսային փորձաքննություն կատարելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի, հատուկ պայմանների բացակայություն.

5) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

(5-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

6. Մաքսային փորձաքննություն կատարելու մերժումը ձևակերպվում է գրավոր՝ նշելով մերժման հիմքը: Տրամադրված նյութերը, փաստաթղթերը, փորձանմուշները և նմուշները վերադարձվում են մաքսային փորձաքննություն նշանակած մաքսային մարմին:

7. Մաքսային մարմինը մաքսային փորձաքննություն նշանակելու մասին որոշումն ընդունելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ հայտարարատուին կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի գրավոր կերպով ծանուցում է մաքսային փորձաքննություն նշանակելու մասին:

8. Մաքսային փորձաքննություն իրականացնելու հետ կապված ծախսերը կատարվում են Մաքսային միության այն անդամ պետության բյուջեի հաշվին, որի մաքսային մարմինը նշանակել է մաքսային փորձաքննություն:

 

Հոդված 139. Մաքսային փորձաքննություն կատարելու կարգը և ժամկետը

 

1. Մաքսային փորձաքննություն կատարելու կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

2. Մաքսային փորձաքննության անցկացման ժամկետը չի կարող գերազանցել մաքսային փորձագետի (փորձագետի) կողմից նյութերը քննության առնելու օրվանից 20 (քսան) աշխատանքային օրը, եթե ավելի կարճ ժամկետ սահմանված չէ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Մաքսային փորձաքննության անցկացման ժամկետը կարող է երկարաձգվել Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

(2-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Մաքսային փորձաքննության անցկացման ժամկետի ընթացքը կասեցվում է՝

այն դեպքում, երբ մաքսային փորձագետի կողմից մաքսային փորձաքննություն նշանակած մաքսային մարմին ներկայացվել է միջնորդություն իրեն լրացուցիչ նյութեր, ինչպես նաև փորձանմուշներ ու նմուշներ տրամադրելու մասին.

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

4. Մաքսային փորձաքննության արդյունքների հիման վրա տրվում է մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացություն:

 

Հոդված 140. Մաքսային փորձագետի (փորձագետի) իրավունքները և պարտականությունները

 

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

1. Մաքսային փորձագետն (փորձագետը) իրավունք ունի՝

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

1) ծանոթանալու մաքսային փորձաքննությանն առնչվող նյութերին.

2) մաքսային մարմնի համաձայնությամբ մաքսային փորձաքննության գործում ներգրավելու այլ մաքսային փորձագետների (փորձագետների).

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3) մաքսային փորձաքննության նյութերը ստանալու օրվանից հետո 1 (մեկ) օրվա ընթացքում հրաժարվելու մաքսային փորձաքննություն կատարելուց, եթե առաջադրված հարցերը դուրս են իր իրավասությունների շրջանակից, կամ պատասխաններ տալուց այն հարցերին, որոնք չեն մտնում իր իրավասությունների մեջ.

4) մաքսային փորձաքննության նյութերը ստանալու օրվանից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հարցում ներկայացնելու մաքսային փորձաքննության համար անհրաժեշտ լրացուցիչ նյութերի մասին.

5) ստանալու մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացություններ տալու համար անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր, այդ թվում՝ ուսումնասիրության փորձանմուշներ ու նմուշներ.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

6) հստակեցնելու իր առջև դրված հարցերը՝ իր մասնագիտական գիտելիքներին և հմտություններին համապատասխան.

7) օգտվելու մասնագիտական և այլ աղբյուրներում հրապարակված գիտատեխնիկական տեղեկություններից.

8) օգտագործելու սեփական փորձարկումների ու հետազոտությունների արդյունքները և (կամ) հետազոտական կամ փորձագիտական այլ կազմակերպությունների կողմից կատարված փորձանմուշների ու նմուշների հետազոտությունների արդյունքները.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

9) մասնակցելու մաքսային հսկողության իրականացման գործին:

2. Մաքսային փորձագետը (փորձագետը) պարտավոր է՝

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

1) ծանոթանալ մաքսային փորձաքննությանն առնչվող նյութերին.

2) մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացության մեջ ներառել մաքսային նպատակների համար նշանակություն ունեցող այն հանգամանքների մասին եզրահանգումները, որոնց առնչությամբ հարցեր չեն առաջադրվել.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3) կատարել մաքսային փորձաքննության ներկայացված փորձանմուշների ու նմուշների հետազոտություն՝ պահպանելով դրանց ընդունելիությունն ու հավաստիությունը, տալ մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացություն՝ հետազոտությունների արդյունքների ամբողջական, համակողմանի և օբյեկտիվ գնահատման հիման վրա.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

4) չհրապարակել մաքսային փորձաքննության արդյունքում ստացված տեղեկությունները, չօգտագործել դրանք այլ նպատակներով և չփոխանցել դրանք երրորդ անձանց, բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

5) պահպանել մաքսային փորձաքննություն կատարելու համար սահմանված ժամկետները:

3. Պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում մաքսային փորձագետը (փորձագետը) պատասխանատվություն է կրում Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 141. Հայտարարատուի, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի և նրանց ներկայացուցիչների իրավունքները մաքսային փորձաքննություն նշանակելիս և կատարելիս

 

1. Մաքսային փորձաքննություն նշանակելիս և կատարելիս հայտարարատուն, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձը և նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն՝

1) միջնորդություն ներկայացնելու մաքսային փորձագետին (փորձագետին) լրացուցիչ հարցեր առաջադրելու մասին՝ դրանց վերաբերյալ մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացություն ստանալու համար.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2) ծանոթանալու մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացությանը և ստանալ այդ եզրակացության պատճենը մաքսային փորձաքննություն նշանակած մաքսային մարմնում.

(2-րդ ենթակետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3) ներկա գտնվելու մաքսային փորձաքննություն կատարելու համար մաքսային մարմինների կողմից փորձանմուշների կամ նմուշների ընտրությանը.

4) միջնորդություն ներկայացնելու լրացուցիչ կամ կրկնակի մաքսային փորձաքննություն կատարելու մասին:

2. Հայտարարատուի, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի կամ նրանց ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունը բավարարելու դեպքում փորձաքննություն նշանակած մաքսային մարմինը կայացնում է համապատասխան որոշում:

Միջնորդությունը չբավարարելու դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը պետք է գրավոր կերպով և հիմնավորված տեղեկացնի այդ մասին միջնորդություն ներկայացրած անձին:

 

Հոդված 142. Մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացությունը

 

1. Մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացության մեջ նշվում են՝

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

1) մաքսային փորձաքննության մեկնարկի ու ավարտի վայրը, ամսաթիվը և ժամը.

2) մաքսային փորձաքննություն կատարելու հիմնավորումը.

3) մաքսային փորձաքննություն կատարած մաքսային փորձագետի (փորձագետի) ազգանունը, անունը և հայրանունը և նրա որակավորումները.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

4) մաքսային փորձագետի ստորագրությամբ հաստատված նշում այն մասին, որ նա նախազգուշացվել է մաքսային փորձաքննություն կատարելիս մաքսային փորձագետի ի սկզբանե կեղծ եզրակացություն տալու համար վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

5) մաքսային փորձագետին (փորձագետին) առաջադրված հարցերը.

6) մաքսային փորձաքննություն կատարելու համար մաքսային փորձագետին (փորձագետին) տրամադրված փաստաթղթերի, նյութերի, փորձանմուշների ու նմուշների ցանկը.

7) հետազոտությունների բովանդակությունն ու արդյունքները՝ նշելով կիրառված մեթոդները, օգտագործված սարքերն ու սարքավորումները, հետազոտությունների արդյունքների գնահատականը, առաջադրված հարցերի վերաբերյալ եզրահանգումներն ու դրանց հիմնավորումը:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Մաքսային փորձագետի (փորձագետի) կամ մի քանի փորձագետների եզրակացությունը մեկնաբանող նյութերն ու փաստաթղթերը կցվում են այդ եզրակացությանը և համարվում են դրա բաղկացուցիչ մասը:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Եթե մաքսային փորձաքննությունը կատարվում է մի քանի փորձագետների մասնակցությամբ, ապա մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացությունը ստորագրվում է բոլոր փորձագետների կողմից և վավերացվում մաքսային փորձաքննությունը կատարած կազմակերպության կնիքով, եթե Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան այդպիսի կազմակերպությունը պետք է ունենա կնիք:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացության մեջ եզրահանգումները շարադրվում են որպես առաջադրված հարցերի պատասխաններ, ընդ որում, պատասխանների հաջորդականությունը պետք է համապատասխանի առաջադրված հարցերի հաջորդականությանը:

(երրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

3. Մաքսային փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր՝ երկու (2) օրինակից. մեկ օրինակը մնում է մաքսային փորձաքննությունը կատարած կազմակերպությունում, իսկ երկրորդ օրինակն ուղարկվում է մաքսային փորձաքննություն նշանակած մաքսային մարմին:

 

Հոդված 143. Մաքսային փորձաքննության տեսակները

 

1. Մաքսային հսկողության նպատակներով՝ կատարվում են մաքսային փորձաքննության հետևյալ տեսակները՝ նույնականացման, ապրանքագիտական, նյութագիտական, տեխնոլոգիական, քրեագիտական և այլ փորձաքննություններ, որոնց իրականացման անհրաժեշտություն է առաջանում:

2. Ըստ ներգրավված մաքսային փորձագետների (փորձագետների) թվի՝ նշանակվում է միանձնյա, հանձնաժողովային կամ համալիր մաքսային փորձաքննություն:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Միանձնյա մաքսային փորձաքննությունը մեկ մաքսային փորձագետի (փորձագետի) կողմից անցկացվող մաքսային փորձաքննությունն է:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Հանձնաժողովային մաքսային փորձաքննությունը միևնույն մասնագիտության մաքսային փորձագետների (փորձագետների) հանձնաժողովի կողմից անցկացվող մաքսային փորձաքննությունն է: Մաքսային փորձագետների (փորձագետների) միջև տարաձայնությունների դեպքում՝ նրանցից յուրաքանչյուրը կամ փորձագետների մի մասն իրավունք ունի տրամադրելու մաքսային փորձագետի (փորձագետի) առանձին եզրակացություն:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Համալիր մաքսային փորձաքննությունը մաքսային փորձագետների (փորձագետների) հանձնաժողովի կողմից անցկացվող մաքսային փորձաքննություն է, որն իրականացվում է այն դեպքերում, երբ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է կատարել տարբեր մասնագիտական գիտելիքների օգտագործմամբ հետազոտություններ՝ մաքսային փորձագետների (փորձագետների) իրավասությունների շրջանակներում: Յուրաքանչյուր մաքսային փորձագետ (փորձագետ) ստորագրում է մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացության այն մասը, որի նկատմամբ կատարել է մաքսային փորձաքննություն:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Մաքսային փորձաքննությունը լինում է առաջնային, լրացուցիչ և կրկնակի:

Առաջնային մաքսային փորձաքննությունը մաքսային փորձաքննություն է, որն իրականացվում է մաքսային մարմնի դիմումով՝ օբյեկտների, փորձանմուշների ու նմուշների ուսումնասիրության համար:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Լրացուցիչ մաքսային փորձաքննությունը, որը նշանակվում է նոր բացահայտված հանգամանքների առնչությամբ: Լրացուցիչ մաքսային փորձաքննության իրականացումը վերապահվում է միևնույն կամ այլ մաքսային փորձագետի (փորձագետի):

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Կրկնակի մաքսային փորձաքննությունը մաքսային փորձաքննություն է, որն իրականացվում է այն դեպքերում, երբ հայտարարատուն, ինչպես նաև մաքսային փորձաքննություն նշանակած մաքսային մարմինը համաձայն չեն առաջնային և (կամ) լրացուցիչ մաքսային փորձաքննության արդյունքների հիման վրա տրամադրված մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացության հետ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Կրկնակի մաքսային փորձաքննությունը վերապահվում է 2 (երկու) և ավելի մաքսային փորձագետներից (փորձագետներից) կազմված հանձնաժողովին, որում չի ներգրավվում առաջնային և (կամ) լրացուցիչ մաքսային փորձաքննություններ կատարած մաքսային փորձագետը (փորձագետները): Առաջնային և (կամ) լրացուցիչ մաքսային փորձաքննություններ կատարած մաքսային փորձագետները (փորձագետները) կարող են ներկա գտնվել կրկնակի մաքսային փորձաքննությանը և հանձնաժողովին տալ պարզաբանումներ, սակայն չեն մասնակցում հետազոտությանը և մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացության կազմելու գործընթացին:

(հինգերորդ մասը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Մաքսային միության մաքսային տարածքում կրկնակի մաքսային փորձաքննություն իրականացնելու կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

Լրացուցիչ և կրկնակի մաքսային փորձաքննություն իրականացնելու ժամանակ մաքսային փորձագետին (փորձագետին) պարտադիր կերպով տրամադրվում են առաջնային մաքսային փորձաքննության արդյունքները:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 144. Ապրանքների փորձանմուշները և նմուշները

 

1. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք մաքսային փորձաքննություն իրականացնելու համար կատարում են ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրություն Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

(առաջին մասը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Եթե անհրաժեշտ է օգտագործել հատուկ մասնագիտական գիտելիքներ և կիրառել տեխնիկական միջոցներ, ապա ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրությունը կատարվում է մաքսային փորձագետի (փորձագետի) մասնակցությամբ:

2. Ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրությունը կատարվում է դրանց հետազոտության համար անհրաժեշտ նվազագույն քանակությամբ: Ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրության մասին կազմվում է ակտ՝ 2 (երկու) օրինակից, Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված ձևով:

Ակտի երկրորդ օրինակը հանձնվում է (ուղարկվում է) հայտարարատուին, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի կամ նրանց ներկայացուցիչներին, եթե այդպիսիք սահմանված են:

3. Հայտարարատուն, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձը կամ նրանց ներկայացուցիչները մասնակցում են մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից կատարվող փորձանմուշների ու նմուշների ընտրությանը: Նշված անձինք պարտավոր են աջակցություն ցուցաբերել մաքսային մարմինների պաշտոնատար անձանց ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրության ժամանակ, այդ թվում՝ իրենց հաշվին իրականացնել անհրաժեշտ բեռնային և այլ գործողություններ:

Մաքսային մարմինները կարող են կատարել ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրություն հայտարարատուի, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի կամ նրանց ներկայացուցիչների բացակայությամբ՝ սույն Օրենսգրքի 116(5) հոդվածով նախատեսված դեպքերում:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Այդ դեպքերում ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրությունը կատարվում է 2 (երկու) ընթերակաների ներկայությամբ:

4. Մաքսային մարմինը չի փոխհատուցում ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրության հետևանքով հայտարարատուի, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի կամ նրանց ներկայացուցիչների համար առաջացած ծախսերը:

5. Մաքսային փորձաքննության ավարտից հետո ապրանքների փորձանմուշներն ու նմուշները վերադարձվում են հայտարարատուին, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի կամ նրանց ներկայացուցիչներին կամ մաքսային փորձաքննություն նշանակած մաքսային մարմին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի փորձանմուշներն ու նմուշները ենթակա են ոչնչացման կամ վերամշակման՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 21. ԱՊՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՎԵՐՑՆԵԼԸ (ԱՐԳԵԼԱՊԱՀԵԼԸ) ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

Հոդված 145. Մաքսային հսկողություն իրականացնելիս վերցման (արգելապահման) ենթակա ապրանքները և փաստաթղթերը

 

1. Մաքսային հսկողություն իրականացնելիս սույն Օրենսգրքի 152-րդ, 170-րդ, 185-րդ, 192-րդ, 208-րդ, 231-րդ, 234-րդ, 305-րդ և 354-րդ հոդվածներով սահմանված դեպքերում մաքսային մարմինների պաշտոնատար անձինք վերցնում (արգելապահում) են այն ապրանքներն ու դրանց վերաբերյալ փաստաթղթերը, որոնք վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չեն:

2. Ապրանքներ և դրանց վերաբերյալ փաստաթղթեր վերցնելու (արգելապահելու) դեպքում մաքսային մարմինը կազմում է արձանագրություն` Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված ձևով:

3. Վերցված (արգելապահված) ապրանքներն ու դրանց վերաբերյալ փաստաթղթերը առգրավվում և պահվում են մաքսային մարմիններում՝ սույն Օրենսգրքով սահմանված ժամկետներում:

Վերցված (արգելապահված) ապրանքները հանձնվում են ժամանակավոր պահպանության պահեստներ կամ մաքսային մարմնի կողմից որոշված այլ վայրեր:

4. Սույն Օրենսգրքի 3-րդ կետին համապատասխան՝ Մաքսային մարմինների կողմից ապրանքներն արգելապահվելու դեպքում արգելապահված ապրանքների պահպանության ծախսերը կրում են սույն Օրենսգրքի 147-րդ հոդվածում նշված անձինք, ում փաստացի վերադարձվում են ապրանքները: Արգելապահված այնպիսի ապրանքների պահպանության ծախսերը, որոնք սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ժամկետներում չեն պահանջվում այդպիսի անձանց կողմից, փոխհատուցվում են այդ ապրանքների իրացումից ստացված գումարների հաշվին՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները:

Վերցված (արգելապահված) ապրանքների պահպանության ծախսերի փոխհատուցման կարգը սահմանվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմինը վերցրել (արգելապահել) է ապրանքները:

 

Հոդված 146. Վերցված (արգելապահված) ապրանքների և դրանց վերաբերյալ փաստաթղթերի պահպանության ժամկետը

 

1. Վերցված (արգելապահված) ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված ապրանքների, մաքսային մարմինների կողմից պահվում են 1 (մեկ) ամիս, իսկ արագ փչացող արտադրանքը՝ 24 (քսանչորս) ժամ:

2. Այն ապրանքները, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք կամ դրանց արտահանումը այդ տարածքից, ինչպես նաև դրանց վերաբերյալ փաստաթղթերը մաքսային մարմինների կողմից պահվում են 3 (երեք) օր:

3. Վերցված (արգելապահված) ապրանքների պահպանության ժամկետը հաշվարկվում է դրանք վերցնելու (արգելապահելու) օրվանից:

 

Հոդված 147. Վերցված (արգելապահված) ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը վերադարձնելը

 

1. Վերցված (արգելապահված) ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը վերադարձվում են հայտարարատուներին, իսկ եթե ապրանքների հայտարարագրում չի կատարվել, ապա՝ ապրանքների սեփականատերերին, սակայն, այն դեպքերում, երբ սեփականատերը օտարերկրյա անձ է, կամ մաքսային մարմինը չունի ապրանքների սեփականատերի մասին տեղեկություններ, ապա այն անձանց, որոնց տիրապետման տակ ապրանքները գտնվել են դրանք վերցնելու (արգելապահելու) պահին (սույն գլխում այսուհետ՝ հայտարարատու կամ այլ անձինք)՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:

2. Ապրանքները, որոնց տեղափոխումը մաքսային տարածքով արգելված է, ինչպես նաև դրանց վերաբերյալ փաստաթղթերը, որոնք վերցվել (արգելապահվել) են Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման պահին, վերադարձվում են սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանցից այն անձին, որն առաջինն է դիմել մաքսային մարմին այդպիսի ապրանքների վերադարձման համար՝ այդ տարածքից դրանց հետադարձ արտահանման համար:

3. Ապրանքները, որոնց տեղափոխումը մաքսային սահմանով արգելված և (կամ) սահմանափակված է, ինչպես նաև դրանց վերաբերյալ փաստաթղթերը, որոնք վերցվել (արգելապահվել) են Մաքսային միության մաքսային տարածքից արտահանման պահին, վերադարձվում են հայտարարատուին կամ այլ անձանց Մաքսային միության մաքսային տարածքում օգտագործման համար, եթե այդպիսի ապրանքների տիրապետումը թույլատրվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմինը վերցրել (արգելապահել) է այդ ապրանքները:

4. Ապրանքները, որոնց տեղափոխումը մաքսային սահմանով սահմանափակված է, ինչպես նաև դրանց վերաբերյալ փաստաթղթերը, որոնք վերցվել (արգելապահվել) են Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման պահին, վերադարձվում են հայտարարատուին կամ այլ անձանց Մաքսային միության մաքսային տարածքից դրանց հետադարձ արտահանման կամ Մաքսային միության մաքսային տարածքում օգտագործման համար՝ պայմանով, որ մաքսային մարմին փաստաթղթային հիմնավորում ներկայացվի սահմանված սահմանափակման պահպանման մասին և այդ ապրանքները ձևակերպվեն մաքսային ընթացակարգով՝ սույն Օրենսգրքին համապատասխան:

5. Սույն հոդվածի 2-4-րդ կետերում չնշված այլ դեպքերում, վերցված (արգելապահված) ապրանքները՝ դրանք որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպվելուց հետո, վերադարձվում են դրանք այդ մաքսային ընթացակարգով ձևակերպած անձանց կամ նրանց ներկայացուցիչներին:

6. Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու անհրաժեշտության դեպքում, այն անձի հարցման հիման վրա, որն իրավասու է ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնել, ապրանքների հետ վերցված (արգելապահված) փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից վերադարձվում են այդ անձին մինչև ապրանքների բացթողումը:

 

Հոդված 148. Վերցված (արգելապահված) այն ապրանքների հետ կապված գործողությունները, որոնց պահպանության ժամկետը լրացել է

 

1. Մաքսային մարմինների կողմից վերցված (արգելապահված) և սույն Օրենսգրքի 147-րդ հոդվածում նշված անձանց կողմից՝ սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-2-րդ կետերով նախատեսված ժամկետներում չպահանջված ապրանքները ենթակա են իրացման, իսկ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերում՝ ոչնչացման կամ այլ կերպ օգտագործման՝ Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնի կողմից վերցվել (արգելապահվել) են այդ ապրանքները:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ ապրանքների իրացումը, ոչնչացումը կամ այլ կերպ օգտագործումն իրականացվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի մաքսային մարմնի կողմից վերցվել (արգելապահվել) են այդ ապրանքները, ինչպես նաև հաշվի առնելով սույն Օրենսգրքով սահմանված առանձնահատկությունները:

3. Այն ապրանքները, որոնց պահպանության և իրացման ծախսերը գերազանցում են դրանց արժեքը, ինչպես նաև Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում, որի մաքսային մարմնի կողմից վերցվել (արգելապահվել) են այդ ապրանքները, ենթակա են ոչնչացման, եթե այլ բան սահմանված չէ Մաքսային միության տվյալ անդամ պետության օրենսդրությամբ:

Ոչնչացումը, ինչպես նաև այդպիսի ապրանքների պահպանության ու տրանսպորտային փոխադրման հետ կապված ծախսերը իրականացվում են հայտարարատուի կամ այլ անձանց հաշվին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում՝ Մաքսային միության այն անդամ պետության բյուջեի միջոցներով, որի մաքսային մարմնի կողմից վերցվել (արգելապահվել) են այդ ապրանքները, եթե այլ բան նախատեսված չէ առանձին կատեգորիայի ապրանքների առնչությամբ:

 

Հոդված 149. Վերցված (արգելապահված) այն ապրանքների իրացումից ստացված գումարների տնօրինումը, որոնց պահպանության ժամկետը լրացել է

 

1. Սույն Օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին կետում նշված ապրանքների իրացումից ստացված գումարներից պահվում են, առաջին հերթին՝ այդ ապրանքների վերցման (արգելապահման) օրվա դրությամբ հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի չափով գումարները, որոնք վճարման ենթակա կլինեին վերցված (արգելապահված) ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, և երկրորդ հերթին՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման, պահպանության ծախսերը և այդ ապրանքների իրացման հետ կապված այլ ծախսեր:

2. Ապրանքների իրացումից ստացված գումարները՝ հաշվարկված սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահումների հաշվառմամբ, վերադարձվում են հայտարարատուներին, իսկ եթե ապրանքների հայտարարագրում չի կատարվել, ապա՝ ապրանքների սեփականատերերին՝ մաքսային մարմնի մոտ նրանց մասին տեղեկությունների առկայության դեպքում և պայմանով, որ այդ անձինք դիմեն մաքսային մարմիններ դրանց իրացումից ստացված դրամական միջոցների ստացման օրվան հաջորդող օրվանից սկսած 3 (երեք) ամսվա ընթացքում՝ Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի մաքսային մարմնի կողմից վերցվել (արգելապահվել) են ապրանքները:

Մաքսային մարմինները սույն կետի առաջին մասում նշված անձանց ծանուցում են ապրանքների իրացումից ստացված գումարների առկայության մասին, որոնք ենթակա են վերադարձման:

 

II. ՀԱՏՈՒԿ ՄԱՍ

 

ԲԱԺԻՆ 4. ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ՆԱԽՈՐԴՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 22. ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 150. Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը

 

1. Բոլոր անձինք հավասար հիմունքներով իրավունք ունեն մաքսային տարածքով տեղափոխելու ապրանքներ՝ պահպանելով Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դրույթները:

2. Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումն իրականացվում է Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ապրանքների առանձին կատեգորիաների, այդ թվում՝ անձնական օգտագործման պատկանելիքների, իրերի, միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար սույն Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված են մաքսային սահմանով դրանց տեղափոխման առանձնահատկությունները:

3. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները ենթակա են մաքսային հսկողության՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային մարմինները և դրանց պաշտոնատար անձինք իրավունք չունեն սահմանելու այնպիսի պահանջներ և սահմանափակումներ, որոնք նախատեսված չեն Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ:

4. Տարերային աղետների, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ ապրանքներ, խաղաղության պահպանմանն ուղղված գործողությունների իրականացման կամ վարժանքների անցկացման համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանք, ինչպես նաև արագ փչացող ապրանքներ, կենդանի կենդանիներ, ռադիոակտիվ նյութեր, պայթունավտանգ նյութեր, միջազգային փոստային առաքանիներ, էքսպրես բեռներ, մարդասիրական ու տեխնիկական օգնություն, զանգվածային լրատվական միջոցների համար հաղորդումներ ու նյութեր և այլ նման ապրանքներ Մաքսային միության մաքսային տարածքով ներմուծելիս և այդ տարածքից դրանք արտահանելիս մաքսային հայտարարագիր ներկայացնելուն նախորդող մաքսային գործառնություններն իրականացվում են առաջնահերթ կարգով:

 

Հոդված 151. Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերը

 

Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրեր են համարվում Մաքսային միության անդամ պետությունների պետական (մաքսային) սահմանների անցակետերը կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված մյուս վայրերը:

 

Հոդված 152. Արգելքների և սահմանափակումների պահպանումը Մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելիս

 

1. Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումն իրականացվում է արգելքների ու սահմանափակումների պահպանմամբ, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով, Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով, Մաքսային միության հանձնաժողովի որոշումներով և Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված՝ Մաքսային միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով, որոնցով սահմանվում են այդ արգելքներն ու սահմանափակումները:

2. Մաքսային միության մաքսային տարածք ժամանած այն ապրանքները, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք արգելված է, ենթակա են Մաքսային միության մաքսային տարածքից անհապաղ արտահանման, եթե այլ բան նախատեսված չէ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) միջազգային պայմանագրերով:

Նշված ապրանքների ներմուծմանն ուղղված միջոցների ընդունումը վերապահվում է փոխադրողին կամ դրանց սեփականատիրոջը, եթե այլ բան սահմանված չէ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) միջազգային պայմանագրերով:

3. Ապրանքները, որոնց արտահանումը Մաքսային միության մաքսային տարածքից արգելված է, ենթակա չեն Մաքսային միության մաքսային տարածքից փաստացի արտահանման, եթե այլ բան նախատեսված չէ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) միջազգային պայմանագրերով:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

4. Եթե ներմուծման կամ արտահանման սահմանափակումներ ունեցող ապրանքներ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելիս կամ այդ տարածքից դրանք արտահանելիս չեն ներկայացվում սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթեր, ապա կիրառվում են սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի դրույթները:

5. Սույն հոդվածի 2-րդ և 4-րդ կետերում նշված ապրանքների արտահանման անհնարինության կամ դրանց անհապաղ արտահանում չիրականացնելու դեպքում այդ ապրանքները ենթակա են վերցման (արգելապահման)՝ սույն Օրենսգրքի 21-րդ գլխին համապատասխան:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 153. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների օգտագործումը և (կամ) տնօրինումը

 

1. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների օգտագործումը և (կամ) տնօրինումը, նախքան մաքսային մարմնի կողմից դրանց բացթողումը, իրականացվում է Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով:

2. Մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողումից հետո դրանց օգտագործումն ու (կամ) տնօրինումն իրականացվում են հայտագրված մաքսային ընթացակարգի պայմաններին համապատասխան կամ առանձին կատեգորիայի այն ապրանքների համար սահմանված պայմաններին համապատասխան, որոնք ենթակա չեն սույն Օրենսգրքին համապատասխան մաքսային ընթացակարգերով ձևակերպման:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 154. Ոչ պիտանի դարձած, փչացած կամ վնասված ապրանքները

 

Մաքսային միության մաքսային տարածք ներմուծված այն ապրանքները, որոնք մինչև դրանք մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ կապվա մաքսային գործառնությունների իրականացումը, այդ թվում՝ դրանց ժամանակավոր պահպանության ընթացքում, ինչպես նաև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրում իրականացնելիս վթարի կամ անհաղթահարելի ուժի հետևանքով դարձել են ոչ պիտանի, փչացել կամ վնասվել են, հետագայում դրանց նկատմամբ մաքսային գործառնություններ իրականացնելիս դիտարկվում են իբրև ապրանքներ, որոնք Մաքսային միության մաքսային տարածք են ներմուծվել ոչ պիտանի, փչացած կամ վնասված վիճակում:

 

Հոդված 155. Շահագրգիռ անձանց կողմից ապրանքների փորձանմուշներ և նմուշներ վերցնելը

 

1. Մաքսային մարմնի թույլտվությամբ՝ շահագրգիռ անձինք և պետական հսկիչ մարմիններն իրավունք ունեն ընտրելու ապրանքների փորձանմուշներ ու նմուշներ սույն Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Ապրանքների փոխանմուշներ և նմուշներ վերցնելու թույլտվությունը մաքսային մարմնի կողմից տրամադրվում է, եթե դա՝

1) չի բարդացնում մաքսային հսկողության իրականացումը.

2) չի փոխում ապրանքների հատկանիշները.

3) չի առաջացնում մաքսատուրքերի, հարկերի վճարումից խուսափում կամ արգելքների ու սահմանափակումների չպահպանում:

3. Ապրանքների փորձանմուշների ու նմուշների համար առանձին մաքսային հայտարարագիր չի ներկայացվում՝ պայմանով, որ դրանք կնշվեն ապրանքների համար ներկայացվող հայտարարագրերում:

 

ԳԼՈՒԽ 23. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ

 

Հոդված 156. Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրը և ժամը

 

1. Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանումն իրականացվում է մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում (այսուհետ՝ ժամանման վայրեր) և այդ վայրերում մաքսային մարմինների աշխատանքային ժամերին:

Ապրանքների առանձին կատեգորիաներ կարող են Մաքսային միության մաքսային տարածք ժամանել միայն Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամանման վայրեր:

Մաքսային միության մաքսային տարածք ապրանքները կարող են ժամանել ժամանման վայրեր չհամարվող այլ վայրերում՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

Ժամանման վայրերի ցանկը մաքսային մարմինների կողմից ուղարկվում է Մաքսային միության հանձնաժողով հրապարակման նպատակով՝ օգտագործելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ:

2. Մաքսային սահմանը հատելուց հետո ներմուծված ապրանքները պետք է փոխադրողի կողմից հասցվեն ժամանման վայրեր կամ սույն հոդվածի 1-ին կետում նշված այլ վայրեր և ներկայացվեն մաքսային մարմին: Ընդ որում, ապրանքների վիճակի կամ դրանց փաթեթվածքի փոփոխություն, ինչպես նաև կապարակնիքների, կնիքների և նույնականացման այլ միջոցների փոփոխություն, հեռացում, ոչնչացում կամ վնասում չի թույլատրվում:

3. Մաքսային մարմինները պարտավոր են տեղեկություններ տրամադրել ժամանման վայրերի, սահմանված սահմանափակումների և մաքսային մարմինների աշխատանքային ժամերի մասին՝ օգտագործելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ:

4. Սույն գլխի դրույթները չեն տարածվում այն ապրանքների վրա, որոնք փոխադրվում են նավերով և օդանավերով, որոնք Մաքսային միության մաքսային տարածքը հատում են՝ առանց Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող նավահանգստում կամ օդանավակայանում կանգառ կատարելու, ինչպես նաև այն ապրանքների վրա, որոնք տեղափոխվում են խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 157. Վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքներում ձեռնարկվող միջոցները

 

1. Եթե մաքսային սահմանը հատելուց հետո ապրանքները ժամանման վայր հասցնելն ընդհատվում է, ինչպես նաև եթե նավը կամ օդանավը հարկադրված կանգառ կամ վայրէջք է կատարում Մաքսային միության մաքսային տարածքում վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ ապրանքները տեղ հասցնելուն, սահմանված վայրերում կանգառ կամ վայրէջք կատարելուն խոչընդոտող այլ հանգամանքների հետևանքով, փոխադրողը պարտավոր է ձեռնարկել ապրանքների պահպանվածությունն ապահովելուն ուղղված բոլոր միջոցները, անհապաղ տեղեկացնել մոտակա մաքսային մարմնին այդ հանգամանքների և ապրանքների գտնվելու վայրի մասին, ինչպես նաև փոխադրել ապրանքները կամ ապահովել դրանց փոխադրումը (միջազգային փոխադրում իրականացնող նրանց տրանսպորտային միջոցը վնասված է) մոտակա մաքսային մարմին կամ մաքսային մարմնի կողմից նշված այլ վայր:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Սույն հոդվածի պահանջների կատարման հետ կապված՝ փոխադրողի կրած ծախսերը մաքսային մարմինների կողմից չեն փոխհատուցվում:

 

Հոդված 158. Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին ծանուցումը

 

1. Փոխադրողը պարտավոր է մաքսային մարմնին ծանուցել Մաքսային միության մաքսային տարածք ժամանման մասին՝ տրամադրելով սույն Օրենսգրքի 159-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները՝ կախված այն տրանսպորտային միջոցի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը:

Փոխադրողի անունից փաստաթղթերը կարող են ներկայացվել մաքսային ներկայացուցիչների կամ փոխադրողի հանձնարարությամբ գործող այլ անձանց կողմից, եթե դա թույլատրվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

2. Փոխադրողը, մաքսային ներկայացուցիչը կամ որևէ այլ շահագրգիռ անձ իրավունք ունի մաքսային մարմին ներկայացնելու ապրանքների մասին լրացուցիչ տեղեկություններ նախքան դրանց՝ Մաքսային միության մաքսային տարածք փաստացի ժամանումը: Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում փոխադրողը պարտավոր է ներկայացնել ապրանքների մասին լրացուցիչ տեղեկություններ:

(2-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Փոխադրողն իրավունք ունի փաստաթղթերը ներկայացնելու էլեկտրոնային եղանակով:

4. Եթե ներկայացվող փաստաթղթերը կազմված են Մաքսային միության այն անդամ պետության պետական լեզու չհանդիսացող լեզվով, որի տարածք են ժամանել ապրանքները, ապա այդ փաստաթղթերում ներառված տեղեկությունների թարգմանությունն ապահովվում է փոխադրողի կամ այլ շահագրգիռ անձի կողմից:

 

Հոդված 159. Մաքսային միությանը տրամադրվող փաստաթղթերը և տեղեկությունները՝ կախված այն տրանսպորտային միջոցի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրում

 

1. Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանման պահին փոխադրողը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝

1) ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով միջազգային փոխադրում իրականացնելիս

հետևյալ փաստաթղթերը՝

միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վերաբերյալ փաստաթղթեր,

տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր,

միջազգային փոստային առաքանու փոխադրման ժամանակ դրանց ուղեկցող փաստաթուղթ՝ սահմանված Համաշխարհային փոստային միության ակտերով,

փոխադրվող ապրանքների վերաբերյալ փոխադրողի մոտ առկա առևտրային փաստաթղթեր.

հետևյալ տեղեկությունները՝

միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի պետական գրանցման մասին,

ապրանքներ փոխադրողի անվանումը և հասցեն,

ապրանքներն ուղարկող երկրի և նշանակման երկրի անվանումը,

ապրանքներն ուղարկողի ու ստացողի անվանումն ու հասցեն,

ապրանքները վաճառողի և ստացողի մասին՝ փոխադրողի մոտ առկա առևտրային փաստաթղթերին համապատասխան,

բեռնատեղիների քանակի, դրանց նշագրումների և ապրանքների փաթեթվածքների տեսակների մասին,

ապրանքների անվանումը, ինչպես նաև դրանց ծածկագրերը՝ նվազագույնը առաջին չորս նիշերով՝ Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգին կամ Արտաքին առևտրային գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան,

ապրանքների համաքաշը (արտահայտված կիլոգրամներով) կամ ապրանքների ծավալը (արտահայտված խորանարդ մետրերով), բացառությամբ խոշոր բեռների,

այնպիսի ապրանքների առկայության մասին, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք արգելված կամ սահմանափակված է,

միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագրի կազմման վայրի ու ամսաթվի մասին.

2) նավերով միջազգային փոխադրում իրականացնելիս

հետևյալ փաստաթղթերը՝

ընդհանուր հայտարարագիր,

բեռի մասին հայտարարագիր,

նավում առկա պաշարների մասին հայտարարագիր,

նավի անձնակազմի անձնական իրերի մասին հայտարարագիր,

նավի անձնակազմի ցուցակ,

ուղևորների ցուցակ,

միջազգային փոստային առաքանու փոխադրման ժամանակ դրանց ուղեկցող փաստաթուղթ՝ սահմանված Համաշխարհային փոստային միության ակտերով,

տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր,

փոխադրվող ապրանքների վերաբերյալ փոխադրողի մոտ առկա առևտրային փաստաթղթերը.

հետևյալ տեղեկությունները՝

նավի գրանցման և ազգային պատկանելիության մասին,

նավի անվանումը և նկարագիրը,

նավապետի ազգանունը,

ծովային գործակալի ազգանունը և հասցեն,

նավի ուղևորների թիվը, նրանց ազգանունները, անունները, քաղաքացիությունը (հպատակագրումը), ծննդյան ամսաթիվն ու վայրը, նստեցման և իջեցման նավահանգիստը,

անձնակազմի անդամների թիվը և կազմը,

նավի ելքի նավահանգստի և մուտքի նավահանգստի անվանումը,

ապրանքների անվանումը, ընդհանուր քանակը և նկարագրությունը,

բեռնատեղիների քանակի, դրանց նշագրումների և ապրանքների փաթեթվածքների տեսակների մասին,

ապրանքների բեռնման նավահանգստի և դատարկման նավահանգստի անվանումը,

տվյալ նավահանգստում դատարկման ենթակա ապրանքների վերաբերյալ կոնոսամենտների կամ այլ փաստաթղթերի համարները, որոնցով հաստատվում են ծովով (գետով) փոխադրման մասին պայմանագրի առկայությունը և բովանդակությունը,

նավում մնացող ապրանքների դատարկման նավահանգիստների անվանումը,

առաջին նավահանգստի անվանումը, որտեղից ուղարկվում են ապրանքները,

նավում առկա պաշարների անվանումը և դրանց քանակը,

նավում ապրանքների տեղաբաշխման նկարագրությունը,

նավում միջազգային փոստային առաքանու առկայության (բացակայության) մասին,

նավում այնպիսի ապրանքների առկայության (բացակայության) մասին, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք արգելված կամ սահմանափակված է, ինչպես նաև այնպիսի դեղամիջոցների առկայության (բացակայության) մասին, որոնք պարունակում են թմրանյութեր, ուժեղ ազդեցություն ունեցող միջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) և թունավոր նյութեր,

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

նավում վտանգավոր, այդ թվում՝ զենքի, զինամթերքի առկայության (բացակայության) մասին.

3) օդային տրանսպորտով միջազգային փոխադրում իրականացնելիս

հետևյալ փաստաթղթերը՝

քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործող միջազգային պայմանագրերով նախատեսված փոխադրողի ստանդարտ փաստաթուղթ (ընդհանուր հայտարարագիր),

օդանավով փոխադրվող ապրանքների մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ (բեռների փոխադրման ամփոփագիր),

օդանավում առկա պաշարների մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ,

տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր,

փոխադրվող ապրանքների վերաբերյալ փոխադրողի մոտ առկա առևտրային փաստաթղթեր.

օդանավով փոխադրվող ուղևորների և նրանց ուղեբեռների մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ (ուղևորների և ուղեբեռների փոխադրման ամփոփագիր),

միջազգային փոստային առաքանու փոխադրման ժամանակ դրանց ուղեկցող փաստաթուղթ՝ սահմանված Համաշխարհային փոստային միության ակտերով,

հետևյալ տեղեկությունները՝

օդանավի ազգային պատկանելիության նշանները և գրանցման նշանները,

չվերթի համարը, թռիչքի երթուղին, թռիչքի մեկնարկային կետը, օդանավի ժամանման կետը,

օդանավը շահագործողի անվանումը,

անձնակազմի անդամների թիվը,

օդանավի ուղևորների թիվը, նրանց ազգանունները և սկզբնատառերը, նստեցման ու իջեցման կետերի անվանումը,

ապրանքների անվանումը,

բեռնագրի համարը, բեռնատեղիների քանակը՝ ըստ յուրաքանչյուր բեռնագրի,

ապրանքների բեռնման կետի և դատարկման կետի անվանումը,

օդանավ բեռնվող և դրանից դատարկվող պաշարների քանակը,

օդանավում միջազգային փոստային առաքանու առկայության (բացակայության) մասին,

օդանավում այնպիսի ապրանքների առկայության (բացակայության) մասին, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք արգելված կամ սահմանափակված է, ինչպես նաև թմրանյութեր, ուժեղ ազդեցություն ունեցող միջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) և թունավոր նյութեր պարունակող դեղամիջոցների, զենքի, զինամթերքի առկայության (բացակայության) մասին.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

4) երկաթուղային տրանսպորտային միջոցով միջազգային փոխադրում իրականացնելիս

հետևյալ փաստաթղթերը՝

տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր,

երկաթուղային շարժակազմի մասին փոխանցման ամփոփագիր,

պաշարների մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ,

միջազգային փոստային առաքանիների փոխադրման ժամանակ դրանց ուղեկցող փաստաթուղթ՝ սահմանված Համաշխարհային փոստային միության ակտերով,

փոխադրվող ապրանքների վերաբերյալ փոխադրողի մոտ առկա առևտրային փաստաթղթեր.

հետևյալ տեղեկությունները՝

ապրանքներն ուղարկողի անվանումը և հասցեն,

ապրանքներն ստացողի անվանումը և հասցեն,

ապրանքներն ուղարկող կայարանի և նշանակման կայարանի անվանումը,

բեռնատեղիների քանակի, դրանց նշագրումների և ապրանքների փաթեթվածքների տեսակների մասին,

ապրանքների անվանումը, ինչպես նաև դրանց ծածկագրերը՝ նվազագույնը առաջին չորս նիշերով՝ Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգին կամ Արտաքին առևտրային գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան,

ապրանքների համաքաշը (արտահայտված կիլոգրամներով),

բեռնարկղերի նույնականացման համարները:

2. Անկախ փոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցի տեսակից՝ Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցելիս ներկայացվում են արգելքների ու սահմանափակումների, բացառությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների, պահպանումը հաստատող փաստաթղթեր՝ սույն Օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:

 

Հոդված 160. Ժամանման վայրերում իրականացվող մաքսային գործառնությունները

 

1. Ժամանման վայրերում կարող են իրականացվել ապրանքների բեռնաթափման և փոխաբեռնման (վերաբեռնման) գործողություններ, ինչպես նաև ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք հասցրած տրանսպորտային միջոցի փոխարինում մեկ այլ տրանսպորտային միջոցով:

2. Ապրանքների բեռնաթափման և փոխաբեռնման (վերաբեռնման) գործողությունները, ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք հասցրած տրանսպորտային միջոցի փոխարինումը մեկ այլ տրանսպորտային միջոցով իրականացվում են մաքսային մարմնի աշխատանքային ժամերին և այդ նպատակով նախատեսված հատուկ վայրերում՝ շահագրգիռ անձի հարցման հիման վրա տրվող մաքսային մարմնի թույլտվությամբ:

3. Ժամանման վայրերում թույլատրվում է ապրանքների ժամանակավոր պահպանության, դրանց մաքսային հայտարարագրման և հայտագրված մաքսային ընթացակարգով դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացում:

4. Փոխադրողը կամ այլ շահագրգիռ անձը պարտավոր է իրականացնել ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու կամ մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնություններ՝ ժամանման վայրում ապրանքները մաքսային մարմին ներկայացնելուց հետո 3 (երեք) ժամվա ընթացքում, եթե Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ երկաթուղային կամ ջրային տրանսպորտով փոխադրվող ապրանքների առնչությամբ:

5. Ժամանման վայրից ապրանքների՝ մաքսային մարմնի կողմից սահմանված վայր հասցնելն իրականացվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, եթե այդ ապրանքները ժամանման վայրում չեն ձևակերպվել այլ մաքսային ընթացակարգով կամ դրանց նկատմամբ չեն իրականացվել Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված այլ մաքսային գործառնություններ:

 

Հոդված 161. Մաքսային տարածք ապրանքների ժամանման դեպքում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը

 

1. Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանման դեպքում՝ այն պահին, երբ ապրանքները հատում են մաքսային սահմանը, փոխադրողի համար առաջանում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորություն:

2. Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանման դեպքում՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարում է փոխադրողի համար՝

1) ապրանքները ժամանման վայր հասցնելու և դրանք ժամանակավոր պահպանության հանձնելու կամ ժամանման վայրում դրանք մաքսային ընթացակարգով ձևակերպելու, ինչպես նաև Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման դեպքում, եթե Մաքսային միության մաքսային տարածք ժամանումից հետո այդ ապրանքները դուրս չեն բերվել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրից.

2) սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված դեպքերում:

3. Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանման դեպքում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետ է համարվում՝

1) այն օրը, երբ ապրանքները հատում են մաքսային սահմանը՝ եթե ապրանքները չեն հասցվել ժամանման վայր, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա ապրանքները ժամանման վայր չհասցնելու փաստը բացահայտելու օրը.

2) այն օրը, երբ ապրանքները հատում են մաքսային սահմանը՝ ժամանման վայրում ապրանքների կորստի դեպքում, բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և պահպանության բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա ապրանքների կորստի փաստը բացահայտելու օրը.

3) այն օրը, երբ ապրանքները հատում են մաքսային սահմանը, եթե ապրանքները արտահանվում են ժամանման վայրից Մաքսային միության մաքսային տարածքի այլ հատվածներ՝ առանց դրանք ժամանակավոր պահպանության հանձնելու կամ ժամանման վայրում մաքսային ընթացակարգով ձևակերպելու, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա այդպիսի արտահանման փաստը բացահայտելու օրը:

4. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման ներմուծման այն մաքսատուրքերի, հարկերի գումարներին համարժեք չափով, որոնք վճարման ենթակա կլինեին ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերի, մաքսային արժեքի, բնաիրային արտահայտությամբ դրանց ֆիզիկական հատկանիշների (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ) և այն փոխարժեքի հիման վրա, որը սահմանվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որին ենթակա են վճարման այդ մաքսատուրքերը, հարկերը՝ այն օրվա դրությամբ գործող, երբ ապրանքները հատում են մաքսային սահմանը, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա այն օրվա դրությամբ, երբ հայտնաբերվել է ապրանքները ժամանման վայր չհասցնելու, ժամանման վայրում դրանց կորստի կամ ապրանքները ժամանման վայրից Մաքսային միության մաքսային տարածքի այլ հատվածներ արտահանելու փաստը՝ առանց ժամանակավոր պահպանության հանձնելու կամ առանց ժամանման վայրում մաքսային ընթացակարգով ձևակերպելու:

 

ԳԼՈՒԽ 24. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԵԿՆՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ

 

Հոդված 162. Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման վայրը և ժամը

 

1. Ապրանքների մեկնումը Մաքսային միության մաքսային տարածքից իրականացվում է մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում (այսուհետ՝ մեկնման վայրեր) և այդ վայրերում մաքսային մարմինների աշխատանքային ժամերին:

Առանձին կատեգորիաների ապրանքների մեկնումը Մաքսային միության մաքսային տարածքից կարող է իրականացվել միայն Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված մեկնման վայրերից:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների մեկնումը կարող է իրականացվել մեկնման վայրեր չհամարվող այլ վայրերից՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Մեկնման վայրերի ցանկը մաքսային մարմինների կողմից ուղարկվում է Մաքսային միության հանձնաժողով հրապարակման նպատակով՝ օգտագործելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ:

2. Մաքսային մարմինները պարտավոր են տեղեկություններ տրամադրել մեկնման վայրերի, սահմանված սահմանափակումների և մաքսային մարմինների աշխատանքային ժամերի մասին՝ օգտագործելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ:

3. Սույն գլխի դրույթները չեն տարածվում այն ապրանքների վրա, որոնք փոխադրվում են նավերով կամ օդանավերով, որոնք Մաքսային միության մաքսային տարածքը հատում են՝ առանց Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող նավահանգստում կամ օդանավակայանում կանգառ կատարելու, ինչպես նաև այն ապրանքների վրա, որոնք տեղափոխվում են խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 163. Մեկնման վայրերում իրականացվող մաքսային գործառնությունները

 

1. Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար փոխադրողը պարտավոր է մաքսային մարմին ներկայացնել մաքսային հայտարարագիր կամ Մաքսային միության մաքսային տարածքից դրանց արտահանումը թույլատրող այլ փաստաթուղթ, ինչպես նաև սույն Օրենսգրքի 159-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթեր ու տեղեկություններ՝ կախված ապրանքների փոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցի տեսակից, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով:

Անկախ փոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցի տեսակից, Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար մաքսային մարմին են ներկայացվում արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթեր՝ սույն Օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:

Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար չի ներկայացվում մաքսային հայտարարագիր կամ Մաքսային միության մաքսային տարածքից դրանց արտահանումը թույլատրող այլ փաստաթուղթ, եթե այդ ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք ժամանելուց հետո դուրս չեն բերվել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերից:

2. Փոխադրողն իրավունք ունի փաստաթղթերը ներկայացնելու էլեկտրոնային եղանակով:

3. Փոխադրողի անունից փաստաթղթերը կարող են ներկայացվել մաքսային ներկայացուցիչների կամ փոխադրողի հանձնարարությամբ գործող այլ անձանց կողմից, եթե դա թույլատրվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

4. Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների մեկնումը կարելի է իրականացնել մաքսային մարմնի թույլտվությամբ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար մաքսային մարմնի թույլտվությունը ձևակերպվում է մաքսային հայտարարագրի կամ Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումը թույլատրող այլ փաստաթղթի, ինչպես նաև տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վրա մաքսային մարմնի համապատասխան նշումներ կատարելու միջոցով:

 

Հոդված 164. Ապրանքներին ներկայացվող պահանջները Մաքսային միության մաքսային տարածքից դրանց մեկնման ժամանակ

 

1. Ապրանքները պետք է փաստացի արտահանվեն Մաքսային միության մաքսային տարածքից նույն քանակով և վիճակում, ինչպիսին որ եղել են այն պահին, երբ դրանք ձևակերպվել են որոշակի մաքսային ընթացակարգով կամ երբ դրանք ժամանել են Մաքսային միության մաքսային տարածք, եթե այդ ապրանքները մաքսային սահմանով դուրս չեն բերվել ապրանքների տեղափոխման վայրերից՝ բացառությամբ սույն կետի երկրորդ մասով սահմանված դեպքերի:

Ապրանքների՝ սույն կետի առաջին մասում նշված քանակի և (կամ) վիճակի փոփոխություն թույլատրվում է բնական մաշվածության կամ կորստի կամ փոխադրման, տրանսպորտային փոխադրման և պահպանման բնականոն պայմաններում ապրանքների բնական հատկությունների փոփոխության հետևանքով. ապրանքների քանակի փոփոխություն թույլատրվում է նաև այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցում առկա մնացորդներն անհնար է դատարկել:

(1-ին կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Անձինք պատասխանատվություն չեն կրում սույն հոդվածի դրույթները չպահպանելու համար այն դեպքում, երբ ապրանքների կորուստը կամ դրանց վիճակի փոփոխությունը տեղի է ունեցել վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, իսկ Մաքսային միության անդամ պետություններում գործող տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտներով նախատեսված դեպքերում՝ չափման մեթոդների սխալ կիրառման արդյունքում ապրանքների քանակի մասին տեղեկությունների փոփոխման պարագայում:

3. Մաքսային միության ապրանքները Մաքսային միության մաքսային տարածքից կարող են արտահանվել՝ դրանք որոշակի մաքսային ընթացակարգով ձևակերպելու ժամանակ հայտագրված քանակից ավելի քիչ քանակով, անկախ ապրանքների քանակի նվազման պատճառներից:

 

Հոդված 165. Վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության դեպքում կամ այլ հանգամանքներում ձեռնարկվող միջոցները

 

1. Եթե ապրանքները մեկնման վայրից դեպի մաքսային սահմանի փաստացի հատման վայր հասցնելն ընդհատվում է վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ ապրանքները տեղ հասցնելուն խոչընդոտող այլ հանգամանքների հետևանքով, ապա փոխադրողը պարտավոր է ձեռնարկել ապրանքների պահպանվածությունն ապահովելուն ուղղված բոլոր միջոցները, անհապաղ տեղեկացնել մոտակա մաքսային մարմնին այդ հանգամանքների և ապրանքների գտնվելու վայրի մասին, ինչպես նաև փոխադրել ապրանքները կամ ապահովել դրանց փոխադրումը (եթե դրանց միջազգային փոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցը վնասված է) մոտակա մաքսային մարմին կամ մաքսային մարմնի կողմից նշված այլ վայր:

2. Սույն հոդվածի պահանջների կատարման հետ կապված՝ փոխադրողների կամ այլ անձանց կրած ծախսերը մաքսային մարմինների կողմից չեն փոխհատուցվում:

 

Հոդված 166. Մաքսային միության մաքսային տարածքից օտարերկրյա ապրանքների մեկնման դեպքում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը

 

1. Մաքսային միության մաքսային տարածքից օտարերկրյա ապրանքների մեկնման դեպքում փոխադրողի համար առաջանում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորություն՝ Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման մասին մաքսային մարմնի կողմից թույլտվություն տալու պահից:

2. Մաքսային միության մաքսային տարածքից օտարերկրյա ապրանքների մեկնման դեպքում՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարում է փոխադրողի համար,

1) երբ ապրանքները փաստացի հատում են մաքսային սահմանը.

2) սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված դեպքերում:

3. Մաքսային միության մաքսային տարածքից օտարերկրյա ապրանքների մեկնման դեպքում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետ է համարվում ապրանքների կորստի օրը, եթե նախքան մաքսային սահմանը փաստացի հատելը ապրանքները կորսվել են, բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և պահպանության բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա՝ մաքսային մարմնի կողմից Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար թույլտվություն տալու օրը:

4. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման ներմուծման այն մաքսատուրքերի, հարկերի գումարներին համարժեք չափով, որոնք վճարման ենթակա կլինեին, եթե ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերի, մաքսային արժեքի, բնաիրային արտահայտությամբ դրանց ֆիզիկական հատկանիշների (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ) և այն փոխարժեքի հիման վրա, որը սահմանվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որին ենթակա են վճարման այդ մաքսատուրքերը, հարկերը և որոնք գործում են ապրանքների կորստի օրվա դրությամբ, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա մաքսային մարմնի կողմից Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար թույլտվություն տալու օրվա դրությամբ:

 

ԳԼՈՒԽ 25. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 167. Ապրանքների ժամանակավոր պահպանության մասին ընդհանուր դրույթներ

 

1. Ապրանքների ժամանակավոր պահպանությունը ժամանակավոր պահպանության վայրերում օտարերկրյա ապրանքների պահպանությունն է մաքսային հսկողության ներքո՝ մինչև մաքսային մարմնի կողմից դրանց բացթողումը հայտագրված մաքսային ընթացակարգով կամ մինչև Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված այլ գործողությունների ավարտը՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման:

2. Ապրանքների ժամանակավոր պահպանություն չի կիրառվում այն ապրանքների նկատմամբ, որոնք տեղափոխվում են խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով, ինչպես նաև Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

3. Ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք չունեն օգտագործելու ժամանակավոր պահպանության տակ գտնվող ապրանքները, այդ թվում՝ ժամանակավոր պահպանության վայրի տարածքից արտահանել դրանք մինչև դրանց բացթողումը հայտագրված մաքսային ընթացակարգով կամ մինչև սույն օրենսդրությամբ նախատեսված այլ գործողությունների ավարտը:

 

Հոդված 168. Ապրանքների ժամանակավոր պահպանության վայրերը

 

1. Ապրանքների ժամանակավոր պահպանության վայրեր են համարվում ժամանակավոր պահպանության պահեստները և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան այլ վայրեր (այնուհետև՝ ժամանակավոր պահպանության վայրեր):

Ժամանակավոր պահպանության վայրերը պետք է բավարարեն Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ դրանց տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորումների հետ կապված պահանջները:

2. Ժամանակավոր պահպանության վայրերը համարվում են մաքսային հսկողության գոտիներ:

3. Այն ապրանքները, որոնք կարող են վնաս պատճառել մյուս ապրանքներին, կամ որոնց համար պահանջում են պահպանության հատուկ պայմաններ, պետք է պահպանվեն այդպիսի ապրանքների պահպանության համար հատուկ հարմարեցված ժամանակավոր պահպանության վայրերում:

4. Ժամանակավոր պահպանության վայրեր ապրանքների հանձնումը հաստատվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող կարգով:

 

Հոդված 169. Ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու հետ կապված մաքսային գործառնությունները

 

1. Ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու համար փոխադրողը, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձինք կամ նրանց ներկայացուցիչները մաքսային մարմին են ներկայացնում տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր, առևտրային և (կամ) մաքսային փաստաթղթեր, որոնք պարունակում են ապրանքների, ապրանքներն ուղարկողի (ստացողի), ուղարկող (նշանակման) երկրի մասին տեղեկություններ:

Այդ փաստաթղթերը կարելի է մաքսային մարմին ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

2. Մաքսային մարմինը ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը գրանցում է այդ փաստաթղթերը մաքսային մարմին հանձնելուց հետո առավելագույնը 1 (մեկ) ժամվա ընթացքում և սույն հոդվածի 1-ին կետում նշված անձին տրամադրում է փաստաթղթերի գրանցումը հաստատող փաստաթուղթ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը Մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից համարվում է, որ ապրանքները համարվում են ժամանակավոր պահպանության տակ գտնվող ապրանքներ:

 

Հոդված 170. Ապրանքների ժամանակավոր պահպանության ժամկետը

 

1. Ապրանքների ժամանակավոր պահպանության ժամկետը երկու ամիս է:

2. Ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումով մաքսային մարմինը երկարաձգում է նշված ժամկետը:

Ապրանքների ժամանակավոր պահպանության առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 4 (չորս) ամիսը, իսկ միջազգային փոստափոխանակման վայրերում (հիմնարկություններում) պահպանվող միջազգային փոստային առաքանու, ինչպես նաև ուղևորին չհանձնված կամ նրա կողմից չպահանջված, օդային տրանսպորտով տեղափոխվող ուղեբեռի դեպքում՝ 6 (վեց) ամիսը:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Ապրանքների առանձին կատեգորիաների համար Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ կարող է սահմանվել սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետից առավել կարճ՝ ժամանակավոր պահպանության ժամկետ:

(երրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

3. Ապրանքների ժամանակավոր պահպանության ժամկետը հաշվարկվում է ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը Մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվան հաջորդող օրվանից:

4. Ապրանքների ժամանակավոր պահպանության ժամկետը լրանալուց հետո մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքները վերցվում (արգելապահվում) են մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 21-րդ գլխին համապատասխան:

 

Հոդված 171. Ժամանակավոր պահպանության տակ գտնվող ապրանքների հետ կապված գործողությունները

 

1. Ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն ժամանակավոր պահպանության տակ գտնվող ապրանքների նկատմամբ իրականացնելու դրանց անփոփոխ վիճակի պահպանվածությունն ապահովելու համար անհրաժեշտ ընթացիկ գործողություններ, այդ թվում՝ տեսազննել և չափել ապրանքները, տեղափոխել դրանք ժամանակավոր պահպանության վայրի տարածք:

2. Սույն հոդվածի 1-ին կետում չնշված գործողությունները, այդ թվում՝ փորձանմուշներ և նմուշներ վերցնելը, փաթեթվածքի վնասվածքները վերացնելը, ինչպես նաև հետագա տրանսպորտային փոխադրման համար ապրանքները նախապատրաստելու համար անհրաժեշտ գործողությունները կարող են կատարվել մաքսային մարմնի թույլտվությամբ:

Մաքսային մարմինը հրաժարվում է թույլտվություն տալ այդպիսի գործողություններ կատարելու համար, եթե դրանց կատարումը կարող է հանգեցնել ապրանքների կորստին կամ դրանց վիճակի փոփոխությանը:

 

Հոդված 172. Ապրանքների ժամանակավոր պահպանության դեպքում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը

 

1. Ժամանակավոր պահպանության հանձնվող օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունն առաջանում է՝

1) փոխադրողի կամ ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու համար ներկայացված փաստաթղթերի գրանցման պահին ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձանց համար՝ ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու պահից.

2) ժամանակավոր պահպանության պահեստի տիրապետողի համար՝ ապրանքները ժամանակավոր պահպանության պահեստ հանձնելու պահից.

3) ժամանակավոր պահպանության պահեստներ չհամարվող վայրերում ապրանքների ժամանակավոր պահպանություն իրականացնող անձի համար՝ ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու պահից:

2. Ժամանակավոր պահպանության հանձնվող (հանձնված) օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարում է՝

1) փոխադրողի կամ ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու համար ներկայացված փաստաթղթերի գրանցման պահին ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձանց համար՝ ապրանքները ժամանակավոր պահպանության պահեստ հանձնելու կամ ժամանակավոր պահպանության պահեստ չհամարվող վայրում դրանք այլ անձի կողմից ժամանակավոր պահպանության ընդունելու պահին.

2) ժամանակավոր պահպանության պահեստի տիրապետողի համար՝ ժամանակավոր պահպանության պահեստից ապրանքները հանելու պահին՝ կապված դրանք մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ.

3) ժամանակավոր պահպանության պահեստ չհամարվող վայրում ապրանքների ժամանակավոր պահպանություն իրականացնող անձի համար՝ ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու ժամանակ.

4) սույն կետի 1-3-րդ ենթակետերում նշված անձանց համար՝ այն պահին, երբ ապրանքները վերցվում (արգելապահվում) են սույն Օրենսգրքի 21-րդ գլխին համապատասխան, ինչպես նաև սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:

3. Ապրանքների ժամանակավոր պահպանության դեպքում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետ է համարվում՝

1) փոխադրողի կամ ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու համար ներկայացված փաստաթղթերի գրանցման պահին ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձանց համար`

ապրանքների կորստի օրը, եթե ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքները կորսվել են նախքան ապրանքները ժամանակավոր պահպանության պահեստ հանձնելը կամ ժամանակավոր պահպանության պահեստ չհամարվող վայրում դրանք այլ անձի կողմից ժամանակավոր պահպանության ընդունելը, բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և պահպանության բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա՝ ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրը

ապրանքները հանձնելու օրը՝ այն դեպքում, երբ ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքները ստացողին կամ այլ անձի հանձնվել են առանց մաքսային մարմնի թույլտվության՝ մինչև ապրանքները ժամանակավոր պահպանության պահեստ հանձնելը կամ ժամանակավոր պահպանության պահեստ չհամարվող վայրում դրանք այլ անձի կողմից ժամանակավոր պահպանության ընդունելը, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա՝ ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրը.

2) ժամանակավոր պահպանության պահեստներ չհամարվող վայրերում ապրանքների ժամանակավոր պահպանություն իրականացնող անձի համար.

ապրանքների կորստի օրը, եթե ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքները կորսվել են նախքան ժամանակավոր պահպանության պահեստ չհամարվող վայրում դրանք այլ անձի կողմից ժամանակավոր պահպանության ընդունելը, բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և պահպանության բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա՝ ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրը.

ապրանքների փոխանցման օրը՝ այն դեպքում, երբ ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքները ստացողին կամ այլ անձի փոխանցվել են առանց մաքսային մարմնի թույլտվության՝ մինչև ժամանակավոր պահպանության պահեստ չհամարվող վայր դրանք հանձնելը, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա՝ ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրը.

3) ժամանակավոր պահպանության պահեստի տիրապետողի կամ ժամանակավոր պահպանության պահեստներ չհամարվող վայրերում ապրանքների ժամանակավոր պահպանություն իրականացնող անձի համար.

ապրանքների կորստի օրը՝ այն դեպքում, երբ ապրանքները կորսվել են ժամանակավոր պահպանության պահեստում կամ ժամանակավոր պահպանության պահեստ չհամարվող վայրում, բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և պահպանության բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա՝ ապրանքները ժամանակավոր պահպանության պահեստ կամ ժամանակավոր պահպանության պահեստ չհամարվող վայր հանձնելու օրը.

ապրանքների փոխանցման օրը՝ այն դեպքում, երբ ժամանակավոր պահպանության պահեստ կամ ժամանակավոր պահպանության պահեստ չհամարվող վայր հանձնված ապրանքները ստացողին կամ այլ անձի փոխանցվել են առանց մաքսային մարմնի թույլտվության, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա՝ ապրանքները ժամանակավոր պահպանության պահեստ կամ ժամանակավոր պահպանության պահեստ չհամարվող վայր հանձնելու օրը.

ապրանքների օգտագործման օրը՝ այն դեպքում, երբ պահեստում պահպանվող ապրանքներն օգտագործվել են ոչ ապրանքների ժամանակավոր պահպանության նպատակով, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա՝ ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրը:

4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման ներմուծման այն մաքսատուրքերի, հարկերի գումարներին համարժեք չափով, որոնք ենթակա կլինեին վճարման ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ առանց հաշվի առնելու մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված սակագնային առանձնաշնորհումներն ու արտոնությունները՝ հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերի, մաքսային արժեքի, բնաիրային արտահայտությամբ դրանց ֆիզիկական հատկանիշների (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ) և այն փոխարժեքի հիման վրա, որը սահմանվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որին ենթակա են վճարման այդ մաքսատուրքերը, հարկերը, և որոնք գործում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սույն հոդվածի 3-րդ կետով համապատասխանաբար սահմանված ժամկետների օրվա դրությամբ:

 

ԲԱԺԻՆ 5. ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 26. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 173. Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը

 

1. Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ, իսկ սույն Օրենսգրքով կամ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգն ու տեխնոլոգիան՝ կախված մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների տեսակից, այդ տեղափոխման համար օգտագործվող տրանսպորտային միջոցի տեսակից (ավտոմոբիլային, օդային, երկաթուղային, ծովային, գետային և այլն), ինչպես նաև ապրանքներ տեղափոխող անձանց կատեգորիայից, սահմանվում են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող՝ մաքսային գործառնությունների իրականացման կարգն ու տեխնոլոգիաները չպետք է հանգեցնեն ներմուծման մաքսատուրքերի վճարման պարտավորությունից և ոչ սակագնային կարգավորման միջոցների, հակագնագցման, փոխհատուցման և հատուկ պաշտպանական միջոցների կիրառումից ամբողջովին կամ մասամբ ազատման:

(2-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Մաքսային մարմինների անունից՝ ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են մաքսային մարմինների այն պաշտոնատար անձանց կողմից, որոնք իրենց պաշտոնական (գործառութային) պարտականություններին համապատասխան ունեն այդպիսի մաքսային գործառնություններ իրականացնելու լիազորություն:

4. Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելիս մաքսային մարմինների պահանջները պետք է լինեն հիմնավորված և սահմանափակվեն այն պահանջներով, որոնք անհրաժեշտ են Մաքսային միության մաքսային օրենսդրության դրույթների պահպանումն ապահովելու համար:

5. Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնությունները կիրառվում են միատեսակ՝ անկախ ապրանքների ծագման, ուղարկող և նշանակման երկրից:

 

Հոդված 174. Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելը

 

1. Ապրանքների՝ մաքսային ընթացակարգով ձևակերպումն սկսվում է սույն Օրենսգրքով սահմանված դեպքերում մաքսային մարմնին մաքսային հայտարարագիրը և (կամ) ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահից:

2. Անասնաբուժական, բուսասանիտարական և պետական հսկողության այլ տեսակների ենթակա ապրանքները մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել միայն համապատասխան հսկողության իրականացումից հետո:

3. Ապրանքների՝ մաքսային ընթացակարգով ձևակերպումը եզրափակվում է հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողմամբ:

 

Հոդված 175. Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման վայրը և ժամը

 

1. Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են մաքսային մարմինների գտնվելու վայրերում և նրանց աշխատանքային ժամերին:

2. Հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի պատճառաբանված պահանջով՝ ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ կապված առանձին մաքսային գործառնություններ կարող են իրականացվել մաքսային մարմինների գտնվելու վայրերից դուրս և վերջիններիս աշխատանքային ժամերից դուրս:

 

Հոդված 176. Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները

 

1. Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ սույն Օրենսգրքով սահմանված անձինք պարտավոր են մաքսային մարմին ներկայացնել ապրանքների բացթողման համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները:

Ապրանքների՝ մաքսային ընթացակարգով ձևակերպման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելիս մաքսային մարմիններն իրավունք ունեն պահանջելու, որ ներկայացվեն միայն փաստաթղթեր ու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Մաքսային միության մաքսային օրենսդրության դրույթների պահպանումն ապահովելու համար, և որոնք ներկայացնելու պահանջը նախատեսված է Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ:

2. Ապրանքների բացթողման համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը և դրանք ներկայացնելու ժամկետները սահմանվում են սույն Օրենսգրքով:

3. Մաքսային մարմիններն իրավունք չունեն մերժելու փաստաթղթերի ընդունումը վրիպակների, տեխնիկական կամ քերականական սխալների առկայության պատճառով, եթե դրանց արդյունքում չեն փոփոխվում փաստաթղթերում ներառված այնպիսի տվյալներ, որոնք կարող են ազդել մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողման մասին որոշման ընդունման վրա:

4. Ապրանքների բացթողման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են տրամադրվել էլեկտրոնային եղանակով՝ սույն Օրենսգրքին համապատասխան:

5. Մաքսային փաստաթղթերի ձևերը սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

Մաքսային փաստաթղթերը լրացվում են ռուսերեն, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքին համապատասխան:

6. Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և օտարերկրյա պետությունների հետ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան՝ ապրանքների բացթողման գործընթացի դյուրացման և արագացման նպատակով կարող են կիրառվել մաքսային նպատակներով օգտագործվող՝ այլ պետությունների մաքսային փաստաթղթեր:

 

Հոդված 177. Շահագրգիռ անձանց կամ նրանց ներկայացուցիչների ներկայությունը ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելիս

 

1. Շահագրգիռ անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն ներկա գտնվելու ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ:

2. Մաքսային մարմնի պահանջով՝ շահագրգիռ անձինք կամ նրանց ներկայացուցիչները պարտավոր են ներկա գտնվել ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ՝ մաքսային մարմիններին դրանց իրականացման հարցում օժանդակելու նպատակով:

 

Հոդված 178. Ապրանքների առանձին կատեգորիաների՝ մաքսային ընթացակարգով ձևակերպման առաջնահերթ կարգը

 

Տարերային աղետների, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ ապրանքների, խաղաղության պահպանմանն ուղղված գործողությունների իրականացման կամ վարժանքների անցկացման համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի, ինչպես նաև արագ փչացող ապրանքների, կենդանի կենդանիների, ռադիոակտիվ նյութերի, պայթունավտանգ նյութերի, միջազգային փոստային առաքանիների, էքսպրես բեռների, մարդասիրական ու տեխնիկական օգնության, զանգվածային լրատվության միջոցների համար հաղորդումների ու նյութերի, միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վերանորոգման համար անհրաժեշտ պահեստամասերի, շարժիչների, սպառման նյութերի, սարքավորումների և գործիքների, ինչպես նաև և այլ նման ապրանքների մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է առաջնահերթ կարգով:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

ԳԼՈՒԽ 27. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

 

Հոդված 179. Ապրանքների մաքսային հայտարարագրման մասին ընդհանուր դրույթներ

 

1. Ապրանքները ենթակա են մաքսային հայտարարագրման՝ մաքսային ընթացակարգով ձևակերպման կամ սույն Օրենսգրքին համապատասխան սահմանված այլ դեպքերում:

2. Ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուների կամ մաքսային ներկայացուցիչների կողմից, որոնք գործում են հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ:

3. Մաքսային հայտարարագրումն իրականացվում է գրավոր և (կամ) էլեկտրոնային եղանակով՝ մաքսային հայտարարագրի օգտագործմամբ:

 

Հոդված 180. Մաքսային հայտարարագիրը

 

1. Կախված սահմանվող մաքսային ընթացակարգից և ապրանքները տեղափոխող անձից՝ ապրանքների մաքսային հայտարարագրումը կիրառվում է մաքսային հայտարարագրման հետևյալ տեսակներով՝

1) ապրանքների մասին հայտարարագիր.

2) տարանցիկ փոխադրման հայտարարագիր.

3) ուղևորային մաքսային հայտարարագիր.

4) տրանսպորտային միջոցի մասին հայտարարագիր:

Մաքսային հայտարարագրի լրացման ձևն ու կարգը սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

2. Մաքսային հայտարարագրում նշվող տեղեկությունների ցանկը սահմանափակվում է միայն այնպիսի տեղեկություններով, որոնք անհրաժեշտ են մաքսային վճարների հաշվարկման և գանձման, մաքսային վիճակագրության ձևավորման և Մաքսային միության մաքսային օրենսդրության և Մաքսային միության անդամ պետությունների այլ օրենսդրական ակտերի կիրառության համար:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Ապրանքների մասին մաքսային հայտարարագրում և տարանցիկ փոխադրման հայտարարագրում նշվող տեղեկությունները՝ կախված մաքսային ընթացակարգից, ապրանքների կատեգորիայից, դրանք տեղափոխող անձանցից, տրանսպորտային միջոցի տեսակից, կարող են կրճատվել Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ, եթե դա նախատեսված է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Ուղևորային մաքսային հայտարարագրում և տրանսպորտային միջոցի մասին հայտարարագրում նշվող տեղեկությունները սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

4. Որպես մաքսային հայտարարագիր կարող են օգտագործվել այն տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը, առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, որոնք պարունակում են մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման համար անհրաժեշտ տեղեկություններ՝ սույն Օրենսգրքով կամ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով:

5. Մաքսային հայտարարագիրը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ սույն Օրենսգրքին համապատասխան:

Մաքսային հայտարարագիրը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու և օգտագործելու կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

6. Մաքսային հայտարարագիրը գրավոր ձևով ներկայացնելուն զուգահեռ՝ մաքսային մարմին պետք է ներկայացվի նաև դրա էլեկտրոնային պատճենը, եթե Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով, Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Մաքսային հայտարարագրի էլեկտրոնային պատճենը, կառուցվածքը և ձևաչափը, ինչպես նաև դրա ներկայացման և օգտագործման կարգը սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

 

Հոդված 181. Ապրանքների մասին հայտարարագիրը

 

1. Մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս, բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների մասին հայտարարագիր:

2. Ապրանքների մասին հայտարարագրում նշվում են հետևյալ հիմնական տեղեկությունները, այդ թվում նաև կոդավորված ձևով՝

1) հայցվող մաքսային ընթացակարգը.

2) տեղեկություններ հայտարարատուի, մաքսային ներկայացուցչի, ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին.

3) տեղեկություններ այն տրանսպորտային միջոցների մասին, որոնք օգտագործվում են ապրանքների միջազգային փոխադրման և (կամ) մաքսային հսկողության ներքո՝ Մաքսային միության մաքսային տարածքով դրանց փոխադրման համար.

4) տեղեկություններ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների և (կամ) այն տրանսպորտային միջոցների մասին, որոնցով ապրանքները տեղափոխվել (տեղափոխվելու են) Մաքսային միության մաքսային տարածքով՝ մաքսային հսկողության ներքո.

5) տեղեկություններ ապրանքների մասին՝

անվանումը,

նկարագրությունը,

ապրանքների ծածկագիրը՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի,

ծագման երկրի անվանումը,

ուղարկող (նշանակման) երկրի անվանումը,

փաթեթվածքների նկարագրությունը (քանակը, տեսակը, դրոշմավորումը և հերթական համարները),

քանակը՝ արտահայտված կիլոգրամներով (համաքաշը և զտաքաշը) և չափման այլ միավորներով,

մաքսային արժեքը,

վիճակագրական արժեքը.

6) տեղեկություններ մաքսային վճարների հաշվարկման մասին՝

մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների դրույքաչափերը,

մաքսային վճարների համար սահմանված արտոնությունների կիրառումը,

մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների հաշվարկված գումարները,

փոխարժեքը, որը սահմանված է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, և որը կիրառվում է սույն Օրենսգրքին համապատասխան մաքսային վճարների հաշվարկման համար.

7) տեղեկություններ արտաքին տնտեսական գործարքի և դրա հիմնական պայմանների մասին.

8) տեղեկություններ սահմանափակումները պահպանելու համար.

9) տեղեկություններ ապրանքներն արտադրողի մասին.

10) տեղեկություններ, որոնցով հաստատվում է ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների կատարումը.

11) տեղեկություններ այն փաստաթղթերի մասին, որոնք ներկայացվում են սույն Օրենսգրքի 183-րդ հոդվածին համապատասխան.

12) տեղեկություններ այն անձի մասին, որը լրացրել է ապրանքների մասին հայտարարագիրը.

13) ապրանքների մասին հայտարարագիրը լրացնելու վայրն ու ամսաթիվը:

 

Հոդված 182. Տարանցիկ փոխադրման հայտարարագիրը

 

1. Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ ուղարկող մաքսային մարմին է ներկայացվում տարանցիկ փոխադրման հայտարարագիր:

2. Որպես տարանցիկ փոխադրման հայտարարագիր կարող են ներկայացվել տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր, առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ միջազգային պայմանագրերով սահմանված փաստաթղթեր, որոնք պարունակում են սույն հոդվածի 3-րդ կետում նշված տեղեկությունները:

3. Տարանցիկ փոխադրման հայտարարագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

1) ապրանքներն ուղարկողը, ստացողը՝ տրասնպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան.

2) ապրանքներն ուղարկող երկիրը, նշանակման երկիրը.

3) հայտարարատուն.

4) փոխադրողը.

5) միջազգային փոխադրում իրականացնող այն տրանսպորտային միջոցը, որով տեղափոխվում են ապրանքները.

6) ապրանքների անվանումները, քանակը, արժեքները՝ տրասնպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան.

7) ապրանքների ծածկագիրը՝ նվազագույնը առաջին վեց նիշերով՝ Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգին կամ Արտաքին առևտրային գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան.

8) ապրանքների համաքաշը կամ ծավալը, ինչպես նաև ապրանքների քանակը՝ արտահայտված չափման այլ միավորներով (այդպիսի տեղեկությունների առկայության դեպքում)՝ ըստ Արտաքին առևտրային գործունեության ապրանքային անվանացանկի կամ Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի յուրաքանչյուր ծածկագրի.

9) բեռնատեղիների քանակը.

10) ապրանքների նշանակման կետը՝ տրասնպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան.

11) մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը, եթե այդ փաստաթղթերի առկայության դեպքում թույլատրվում է այդպիսի տեղափոխում.

12) ճանապարհին ապրանքների նախատեսված փոխաբեռնման կամ այլ բեռնային գործողությունները:

Եթե սույն հոդվածի 2-րդ կետում նշված՝ որպես տարանցիկ փոխադրման հայտարարագիր ընդունվող փաստաթղթերը չեն պարունակում սույն կետում նշված բոլոր տեղեկությունները, ապա թերի տեղեկությունները պետք է ներառվեն մաքսային մարմին ներկայացվող տարանցիկ փոխադրման հայտարարագրին կից կամ դրանք ուղեկցող փաստաթղթերում:

(երկրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

4. Մաքսային մարմինն իրավունք չունի հայտարարատուից պահանջելու ներկայացնել սույն հոդվածի 3-րդ կետում նշված տեղեկություններից բացի այլ տեղեկություններ:

5. Հանվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ:

6. Տարանցիկ փոխադրման հայտարարագիրը գրանցվում է մաքսային մարմնի կողմից՝ օգտագործելով նաև մաքսային մարմինների կողմից կիրառվող տեղեկատվական համակարգերը և տեղեկատվական տեխնոլոգիաները:

Տարանցիկ փոխադրման հայտարարագրի ներկայացման և գրանցման կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

 

Հոդված 183. Ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում ներկայացվող փաստաթղթերը

 

1. Մաքսային հայտարարագիր ներկայացնելուն զուգահեռ՝ մաքսային մարմին են ներկայացվում փաստաթղթեր, որոնց հիման վրա լրացվել է մաքսային հայտարարագիրը, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով:

Այդպիսի փաստաթղթեր են՝

1) մաքսային հայտարարագիր ներկայացնող անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերը.

2) արտաքին տնտեսական գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը, իսկ արտաքին տնտեսական գործարքի բացակայության դեպքում՝ այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը, ինչպես նաև հայտարարատուի մոտ գտնվող այլ առևտրային փաստաթղթերը.

(2-րդ ենթակետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը.

4) հանվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ.

5) արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը.

6) հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հետ կապված սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը.

7) ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթղթերը՝ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում.

8) այն փաստաթղթերը, որոնց հիման վրա տրվել է ապրանքի դասակարգման ծածկագիրը՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի.

9) մաքսային վճարների վճարումը և (կամ) դրանց վճարման ապահովումը հաստատող փաստաթղթերը.

10) այն փաստաթղթերը, որոնցով հաստատվում է մաքսային վճարների վճարման, սույն Օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերին համապատասխան՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ամբողջական կամ մասնակի ազատում կիրառելու, կամ մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման բազայի (հարկման բազայի) կրճատման համար սահմանված արտոնությունների իրավունքը.

11) մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետի փոփոխությունը հաստատող փաստաթղթերը.

12) ապրանքների հայտագրված մաքսային արժեքը և ապրանքների մաքսային արժեքի սահմանման ընտրված մեթոդը հաստատող փաստաթղթերը.

13) արտարժութային հսկողության ոլորտում ներկայացվող պահանջների կատարումը հաստատող փաստաթուղթը՝ Մաքսային միության անդամ պետությունների՝ արտարժութային օրենսդրությանը համապատասխան.

14) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գրանցման և ազգային պատկանելիության մասին փաստաթուղթը՝ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով ապրանքների տեղափոխման դեպքում՝ դրանք «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս:

Երբ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպման համար հայտարարագիր է ներկայացվում այն ապրանքների համար, որոնց դեպքում արտահանման մաքսատուրքեր չեն կիրառվում, մաքսային մարմին չի պահանջվում ներկայացնել սույն կետի 1-ին, 2-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ և 13-րդ ենթակետերում, ինչպես նաև սույն կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր՝ այդպիսի փաստաթղթերի առկայության դեպքում:

(երրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

Եթե սույն կետում նշված փաստաթղթերը չեն պարունակում մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները, ներկայացվում են այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա լրացվել է մաքսային հայտարարագիրը:

2. Մաքսային միության մաքսային օրենսդրությանը կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացվող փաստաթղթերի ցանկը կարող է կրճատվել՝ կախված մաքսային հայտարարագրման ձևից (գրավոր, էլեկտրոնային), մաքսային հայտարարագրի տեսակներից, մաքսային ընթացակարգից, ապրանքների և անձանց կատեգորիաներից կախված:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Եթե մաքսային հայտարարագիր ներկայացնելիս որոշ փաստաթղթեր չեն կարող տրամադրվել, որոնց հիման վրա լրացվել է մաքսային հայտարարագիրը, ապա հայտարարատուի պատճառաբանված դիմումի հիման վրա մաքսային մարմինը թույլատրում է ներկայացնել այդ փաստաթղթերը մինչև ապրանքների բացթողումը, իսկ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ ապրանքների բացթողումից հետո:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

4. Ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց պատճենները: Մաքսային մարմինն իրավունք ունի ստուգելու փաստաթղթերի ներկայացված պատճենների համապատասխանությունը դրանց բնօրինակներին՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Եթե ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ նախկինում մաքսային մարմին ներկայացվել են մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող փաստաթղթեր, բավարար է ներկայացնել այդպիսի փաստաթղթերի պատճենները կամ նշել տեղեկություններ մաքսային մարմին այդ փաստաթղթերը ներկայացնելու մասին:

5. Ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ սույն Օրենսգրքին համապատասխան:

Էլեկտրոնային փաստաթղթերի ներկայացման և օգտագործման կարգը սահմանվում է Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ:

6. Մաքսային հայտարարագիրը էլեկտրոնային եղանակով տրամադրելու զուգահեռ՝ մաքսային մարմին կարող են չներկայացվել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա լրացվել է մաքսային հայտարարագիրը, ինչպես նաև սույն Օրենսգրքի 240-րդ, 253-րդ, 265-րդ, 294-րդ, 299-րդ և 308-րդ հոդվածներով սահմանված փաստաթղթերը, եթե մաքսային մարմին նախկինում ներկայացվել են այդպիսի փաստաթղթեր, կամ դրանք կարող են ներկայացվել հետագայում՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

7. Մաքսային մարմինները մաքսային հայտարարագրման ժամանակ կարող են ընդունել և օգտագործել Մաքսային միության անդամ պետությունների պետական լեզուներով և օտար լեզուներով կազմված փաստաթղթեր ու տեղեկություններ:

Մաքսային մարմինն իրավունք ունի պահանջելու Մաքսային միության այն անդամ պետության պետական լեզու չհանդիսացող լեզվով կազմված փաստաթղթերում ներառված տեղեկությունների թարգմանությունը, որի մաքսային մարմին ներկայացվում են այդ փաստաթղթերը մաքսային հայտարարագրումն իրականացնելիս:

 

Հոդված 184. Մաքսային ընթացակարգերի պայմաններին համապատասխան մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացվող լրացուցիչ փաստաթղթերը

 

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Հայտագրված մաքսային ընթացակարգերի պայմաններին համապատասխան ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ի լրումն սույն Օրենսգրքի 183-րդ հոդվածում նշված փաստաթղթերի՝ ներկայացվում են սույն Օրենսգրքի 240-րդ, 253-րդ, 265-րդ, 294-րդ, 299-րդ և 308-րդ հոդվածներով սահմանված փաստաթղթերը, իսկ սույն Օրենսգրքի 202-րդ հոդվածի հետևյալ կետերի համապատասխան մաքսային ընթացակարգեր սահմանելու դեպքում՝

202-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված փաստաթղթերը,

202-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:

 

Հոդված 185. Մաքսային հայտարարագրի ներկայացման ժամկետները

 

1. Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին մաքսային հայտարարագիրը ներկայացվում է մինչև ապրանքների ժամանակավոր պահպանության ժամկետը լրանալը, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով:

2. Մաքսային միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների մասին մաքսային հայտարարագիրը ներկայացվում է մինչև Մաքսային միության մաքսային տարածքից դրանց մեկնումը, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով:

3. Այն ապրանքների մասին մաքսային հայտարարագիրը, որոնք եղել են վարչական իրավախախտման կամ հանցագործության գործիք, կատարման միջոց կամ առարկա, որոնց նկատմամբ ընդունվել է դրանք վերադարձնելու մասին որոշում, և որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման՝ սույն Օրենսգրքին համապատասխան, ներկայացվում է հետևյալն ուժի մեջ մտնելու օրվանից 30 (երեսուն) օրվա ընթացքում՝

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

1) դատարանի որոշումը քրեական (վարչական) պատասխանատվությունից ազատելու մասին.

2) մաքսային մարմնի (պաշտոնատար անձի) որոշումը վարչական պատասխանատվությունից ազատելու մասին.

3) դատարանի կամ մաքսային մարմնի (պաշտոնատար անձի) որոշումը քրեական (վարչական) գործով վարույթը դադարեցնելու մասին.

4) դատարանի կամ մաքսային մարմնի (պաշտոնատար անձի) որոշումը քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված այն ապրանքները, որոնց մասին մաքսային հայտարարագիր չի ներկայացվել սահմանված ժամկետում, մաքսային մարմինների կողմից վերցվում (արգելապահվում) են սույն Օրենսգրքի 21-րդ գլխին համապատասխան:

 

Հոդված 186. Հայտարարատուն

 

Հայտարարատու կարող են լինել՝

1) Մաքսային միության անդամ պետության անձը, որը՝

կնքել է արտաքին տնտեսական գործարք կամ որի անունից (հանձնարարությամբ) կնքվել է այդ գործարքը.

ունի ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք՝ արտաքին տնտեսական գործարքի բացակայության պարագայում.

2) օտարերկրյա անձինք՝

անձնական օգտագործման համար ապրանքներ տեղափոխող ֆիզիկական անձը.

սույն Օրենսգրքի 45-րդ գլխին համապատասխան մաքսային արտոնություններից օգտվող անձը.

Մաքսային միության անդամ պետության տարածքում սահմանված կարգով ստեղծված ներկայացուցչություն ունեցող կազմակերպությունը՝ «ժամանակավոր ներմուծում», «վերաարտահանում» մաքսային ընթացակարգեր, ինչպես նաև միայն այդպիսի ներկայացուցչությունների անհատական կարիքների համար ներմուծվող ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով հայտարարագրելու դեպքում.

ապրանքների տնօրինման իրավունք ունեցող անձը գործարքի շրջանակներից դուրս, որի կողմերից մեկը Մաքսային միության անդամ պետության անձ է.

3) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգ հայտարարագրելու համար՝ սույն հոդվածի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձինք, ինչպես նաև՝

փոխադրողը, այդ թվում նաև՝ մաքսային փոխադրողը.

առաքողը, եթե նա Մաքսային միության անդամ պետության անձ է:

(3-րդ ենթակետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 187. Հայտարարատուի իրավունքները

 

Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար անհրաժեշտ ապրանքների մաքսային հայտարարագրման և մաքսային այլ գործառնություններ իրականացնելու ժամանակ հայտարարատուն իրավունք ունի՝

1) զննելու, չափելու մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքները և բեռնային գործողություններ կատարելու դրանց հետ.

2) մաքսային մարմնի թույլտվությամբ՝ փորձանմուշներ ու նմուշներ վերցնելու մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներից՝ պահպանելով սույն Օրենսգրքի 155-րդ հոդվածով նախատեսված պայմանները.

3) ներկա գտնվելու մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից ապրանքների մաքսային տեսազննում և մաքսային զննում անցկացնելու և այդ անձանց կողմից ապրանքներից փորձանմուշներ և նմուշներ վերցնելու ժամանակ.

4) ծանոթանալու իր կողմից հայտարարագրվող ապրանքների փորձանմուշների ու նմուշների ուսումնասիրության արդյունքներին, որոնք առկա են մաքսային մարմիններում.

5) սույն Օրենսգրքին համապատասխան՝ փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացնելու էլեկտրոնային եղանակով.

6) բողոքարկելու մաքսային մարմինների որոշումները, մաքսային մարմինների կամ պաշտոնատար անձանց գործողությունները (անգործությունը).

7) ներգրավելու փորձագետներ իր կողմից հայտարարագրվող ապրանքների մասին տեղեկությունները հստակեցնելու համար.

8) օգտվելու սույն Օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններից և իրավունքներից:

 

Հոդված 188. Հայտարարատուի պարտականությունները

 

Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար անհրաժեշտ ապրանքների մաքսային հայտարարագրման և մաքսային այլ գործառնություններ իրականացնելու ժամանակ հայտարարատուն պարտավոր է՝

1) կատարել ապրանքների մաքսային հայտարարագրում.

2) մաքսային մարմին ներկայացնել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա լրացվել է մաքսային հայտարարագիրը, եթե այլ բան սահմանված չէ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ.

3) ներկայացնել հայտարարագրվող ապրանքները՝ սույն Օրենսգրքով սահմանված դեպքերում կամ մաքսային մարմնի պահանջով.

4) վճարել մաքսային վճարները և (կամ) ապահովել դրանց վճարումը՝ սույն Օրենսգրքին համապատասխան.

5) կատարել համապատասխան մաքսային ընթացակարգի համար սահմանված՝ ապրանքների օգտագործման պահանջներն ու պայմանները.

6) կատարել սույն Օրենսգրքով նախատեսված այլ պահանջներ:

 

Հոդված 189. Հայտարարատուի պատասխանատվությունը

 

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Հայտարարատուն, Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն է կրում սույն Օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները չկատարելու, ինչպես նաև մաքսային հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ հայտարարագրելու համար, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգերն օգտագործելու միջոցով մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման մասին որոշում ընդունելու դեպքում:

 

Հոդված 190. Մաքսային հայտարարագիր ներկայացնելը և դրա գրանցումը

 

1. Մաքսային հայտարարագիրը հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից ներկայացվում է այն մաքսային մարմին, որը Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իրավասու է կատարել մաքսային հայտարարագրերի գրանցում:

2. Մաքսային հայտարարագրի, դրա էլեկտրոնային պատճենի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ամսաթիվը և ժամը արձանագրվում է մաքսային մարմնի կողմից, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

3. Մաքսային մարմինն իրականացնում է մաքսային հայտարարագրի գրանցում կամ մերժում է դրա գրանցումը մաքսային հայտարարագիրը ներկայացնելու պահից առավելագույնը 2 (երկու) ժամվա ընթացքում՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով:

4. Մաքսային մարմինը մերժում է մաքսային հայտարարագրի գրանցումը, եթե՝

1) մաքսային հայտարարագիրը ներկայացվել է մաքսային հայտարարագրերի գրանցման լիազորություն չունեցող մաքսային մարմին,

2) մաքսային հայտարարագիրը ներկայացվել է չլիազորված անձի կողմից,

3) մաքսային հայտարարագրում նշված չեն սույն Օրենսգրքի 180-182-րդ հոդվածներով նախատեսված՝ անհրաժեշտ տեղեկություններ,

4) մաքսային հայտարարագիրը ստորագրված կամ հաստատված չէ պատշաճ ձևով կամ կազմված չէ սահմանված ձևով,

5) հայտարարագրվող ապրանքների նկատմամբ չեն կատարվել այն գործողությունները, որոնք սույն Օրենսգրքին համապատասխան պետք է կատարվեն մինչև մաքսային հայտարարագիրը ներկայացնելը կամ դրա հետ միաժամանակ:

5. Մաքսային հայտարարագրի գրանցման մերժումը գրավոր ձևակերպվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ նշելով մերժման պատճառը:

Մաքսային հայտարարագրի գրանցումը մերժելու դեպքում մաքսային հայտարարագիրը և ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին:

6. Եթե մաքսային հայտարարագիրը չի գրանցվել մաքսային մարմնում, ապա այդպիսի հայտարարագիրը համարվում է մաքսային նպատակներով չներկայացված:

7. Գրանցման պահից մաքսային հայտարարագիրը դառնում է իրավական նշանակություն ունեցող փաստերի մասին վկայող փաստաթուղթ:

8. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի դրույթները չեն կիրառվում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ:

 

Հոդված 191. Մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկություններում փոփոխություն և լրացում կատարելը

 

1. Մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները կարող են փոփոխվել կամ լրացվել նախքան ապրանքների բացթողումը մաքսային մարմնի թույլտվությամբ և հայտարարատուի հիմնավորված գրավոր դիմումի հիման վրա՝ միաժամանակ պահպանելով հետևյալ պայմանները՝

եթե կատարվող փոփոխությունները և լրացումները չեն ազդում ապրանքների բացթողման մասին որոշման ընդունման վրա և չեն առաջացնում մաքսային վճարների գումարների չափի որոշման և արգելքների ու սահմանափակումների պահպանման վրա ներգործող տեղեկությունները փոփոխելու անհրաժեշտություն՝ բացառությամբ ապրանքների մաքսային արժեքի ճշտման դեպքերի.

եթե հայտարարագրի դիմումը ստանալու պահին մաքսային մարմինը չի ծանուցել նրան մաքսային զննության անցկացման վայրի ու ժամի մասին և (կամ) չի ընդունել որոշում ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության այլ ձևեր իրականացնելու մասին:

Գրանցված մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխության և լրացման հետևանքով տեղեկությունները չեն կարող հայտարարագրվել այլ ապրանքների մասին, որոնք նշված չեն եղել գրանցված մաքսային հայտարարագրում:

2. Ապրանքների բացթողումից հետո մաքսային հայտարարագրում փոփոխությունների և լրացումների կատարում թույլատրվում է միայն Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով:

3. Մաքսային մարմիններն իրավունք չունեն սեփական նախաձեռնությամբ, հանձնարարությամբ կամ որևէ անձի խնդրանքով լրացնելու մաքսային հայտարարագիր, փոփոխել կամ լրացնել մաքսային հայտարարագրում նշված տեղեկությունները, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք լրացնելու իրավասությունը տրված է մաքսային մարմիններին, ապրանքների մաքսային արժեքի ճշտման և (կամ) ապրանքների բացթողումից հետո այնպիսի տեղեկությունների փոփոխության, որոնք ազդում են մաքսային վճարների գումարների չափի որոշման և արգելքների ու սահմանափակումների պահպանման վրա, որոնք իրականացվում են Մաքսային միության մաքսային օրենսդրության դրույթներին համապատասխան:

 

Հոդված 192. Մաքսային հայտարարագրի չեղարկումը

 

1. Հայտարարատուի գրավոր դիմումով՝ օտարերկրյա ապրանքների մասին գրանցված մաքսային հայտարարագիրը կարող է նրա կողմից չեղարկվել նախքան մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողման մասին որոշման ընդունումը:

Մաքսային հայտարարագիրը չեղարկելու դեպքում նոր մաքսային հայտարարագիրը պետք է ներկայացվի ապրանքների ժամանակավոր պահպանության ժամկետի շրջանակներում:

Սույն կետի երկրորդ մասում նշված ժամկետում մաքսային հայտարարագիրը չներկայացնելու դեպքում ապրանքները վերցվում (արգելապահվում) են մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 21-րդ գլխին համապատասխան:

2. Հայտարարատուի գրավոր դիմումով՝ Մաքսային միության ապրանքների մասին մաքսային հայտարարագիրը կարող է չեղարկվել նախքան ապրանքների փաստացի մեկնումը Մաքսային միության մաքսային տարածքից, այդ թվում՝ ապրանքների բացթողման մասին որոշում ընդունելուց հետո:

Մաքսային միության ապրանքների մասին մաքսային հայտարարագիրը չեղարկելու համար չեղարկման մասին դիմումի մեջ պետք է նշվի ապրանքների գտնվելու վայրը:

3. Մաքսային հայտարարագրի չեղարկումը թույլատրվում է մաքսային մարմնի գրավոր թույլտվությամբ, եթե նախքան հայտարարատուի դիմումն ստանալը մաքսային մարմինը չի ծանուցել հայտարարատուին մաքսային հայտարարագրում հայտարարագրված ապրանքների մաքսային զննության անցկացման վայրի ու ժամի մասին և (կամ) չի հայտնաբերել Մաքսային միության մաքսային օրենսդրության այնպիսի խախտումներ, որոնք առաջացնում են վարչական կամ քրեական պատասխանատվություն:

Մաքսային հայտարարագիրը կարող է չեղարկվել ապրանքի մաքսային զննություն անցկացնելուց հետո, եթե այդպիսի զննության ընթացքում չեն հայտնաբերվել Մաքսային միության մաքսային օրենսդրության այնպիսի խախտումներ, որոնք առաջացնում են վարչական կամ քրեական պատասխանատվություն:

 

Հոդված 193. Ապրանքների նախնական մաքսային հայտարարագրումը

 

1. Օտարերկրյա ապրանքների համար մաքսային հայտարարագիր կարող է ներկայացվել նախքան Մաքսային միության մաքսային տարածք դրանց ներմուծումը:

2. Եթե մաքսային նպատակներով պետք է օգտագործվեն ապրանքներն ուղեկցող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր կամ առևտրային փաստաթղթեր, ապա ապրանքների նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային մարմինը հայտարարատուի կողմից հաստատված այդ փաստաթղթերի պատճենները կամ այդ փաստաթղթերից տեղեկություններն ընդունում է էլեկտրոնային եղանակով և ապրանքները մաքսային մարմին ներկայացնելուց հետո նշված փաստաթղթերի պատճեններում ներառված տեղեկությունները համադրում է բնօրինակ փաստաթղթերում, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթերում ներառված տեղեկությունների հետ:

3. Նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային հայտարարագրում կարող են չլինել այնպիսի տեղեկություններ, որոնք իրենց բնույթով չեն կարող հայտնի լինել հայտարարատուին մինչև Մաքսային միության մաքսային տարածք դրանք ներմուծելը և (կամ) մաքսային մարմին դրանք ներկայացնելը:

Այդպիսի տեղեկությունները պետք է ներառվեն մաքսային հայտարարագրում մինչև ապրանքների բացթողման մասին որոշման ընդունումը՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով:

4. Տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի կամ առևտրային փաստաթղթերի պատճենների հիման վրա նախկինում հայտագրված ցուցանիշներից տարբերվող՝ արժեքի, քանակի կամ քաշի ցուցանիշների փոփոխության դեպքում՝ պարտադիր կերպով ներկայացվում են արժեքի, քանակի կամ քաշի փոփոխությունը հաստատող փաստաթղթեր:

5. Եթե ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելուց հետո հայտարարատուի կողմից հայտնաբերվում է նախկինում հայտագրված ցուցանիշներից տարբերվող՝ արժեքի, քանակի կամ քաշի ցուցանիշների փոփոխություն, ապա հայտարարատուն իրավունք ունի չեղարկելու մաքսային հայտարարագիրը՝ սույն Օրենսգրքի 192-րդ հոդվածով նախատեսված կարգով:

6. Եթե ապրանքները չեն ներկայացվել մաքսային հայտարարագիրը գրանցած մաքսային մարմին կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված այլ մաքսային մարմին հայտարարագրի գրանցման օրվան հաջորդող օրվանից 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում, կամ եթե այդ ժամկետի ընթացքում սահմանվել են արգելքներ ու սահմանափակումներ, մաքսային մարմինը մերժում է այդպիսի ապրանքների բացթողումը:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 194. Ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները

 

Պայմանավորված ապրանքների և դրանք տեղափոխող անձանց կատեգորիաներով՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությանը և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ կարող են սահմանվել ապրանքների մաքսային հայտարարագրման առանձահատկություններ նաև հետևյալ դեպքերում՝

1) եթե հայտարարատուն չունի ստույգ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են մաքսային հայտարարագրման համար.

2) սահմանված ժամանակահատվածում միևնույն անձի կողմից մաքսային սահմանով ապրանքների պարբերական տեղափոխման ժամանակ.

3) խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով ապրանքների տեղափոխման ժամանակ.

4) սահմանված ժամանակահատվածում ապրանքները՝ չհավաքված կամ կազմատված, այդ թվում նաև չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխելու ժամանակ:

 

ԳԼՈՒԽ 28. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ

 

Հոդված 195. Ապրանքների բացթողման հիմքերը և ապրանքների բացթողման կարգը

 

1. Ապրանքների բացթողումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից՝ հետևյալ պայմանների պահպանմամբ՝

1) մաքսային մարմին են ներկայացվել լիցենզիաներ, հավաստագրեր, թույլտվություններ և (կամ) այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն Օրենսգրքին և Մաքսային միության անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերին համապատասխան ապրանքների բացթողման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ նշված փաստաթղթերը կարող են ներկայացվել ապրանքների բացթողումից հետո.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2) անձանց կողմից կատարվել են այն պահանջները և պայմանները, որոնք անհրաժեշտ են սույն Օրենսգրքին համապատասխան ապրանքներն ընտրված մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար, իսկ մաքսային ընթացակարգերի սահմանման դեպքում՝

202-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված պահանջները և պայմանները.

202-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջները և պայմանները.

(2-րդ ենթակետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3) ապրանքների համար վճարվել են մաքսատուրքերը, հարկերը, կամ տրամադրվել է դրանց վճարման ապահովում՝ սույն Օրենսգրքին համապատասխան:

2. Հանվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ:

3. Ապրանքների բացթողումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 196-րդ հոդվածում նշված ժամկետները չգերազանցող ժամկետում:

4. Ապրանքների բացթողումը կատարվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե այլ կարգ սահմանված չէ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ՝ մաքսային հայտարարագրում (հայտարարագրի վրա) և (կամ) առևտրային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում համապատասխան նշումներ կատարելու, ինչպես նաև մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերում համապատասխան տվյալներ ներմուծելու միջոցով:

(4-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 196. Ապրանքների բացթողման ժամկետները

 

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

1. Ապրանքների բացթողման գործընթացը պետք է մաքսային մարմնի կողմից ավարտվի ոչ ուշ, քան մաքսային հայտարարագրի գրանցման օրվան հաջորդող 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով:

«Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող այն ապրանքների բացթողումը, որոնց նկատմամբ չեն կիրառվում արտահանման մաքսատուրքեր, ինչպես նաև «ժամանակավոր արտահանում» ընթացակարգով ձևակերպվող այն ապրանքների բացթողումը, որոնց ցանկը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից, պետք է մաքսային մարմնի կողմից ավարտվեն ոչ ուշ, քան ապրանքների մասին հայտարարագրի գրանցման պահից 4 (չորս) ժամվա ընթացքում, իսկ այն դեպքում, երբ ապրանքների մասին հայտարարագիրը գրանցվել է ավելի ուշ, քան մաքսային մարմնի աշխատանքային ժամի ավարտին նախորդող 4 (չորս) ժամը, ապա՝ այդ մաքսային մարմնի աշխատանքային ժամի մեկնարկից ոչ ուշ, քան 4 (չորս) ժամվա ընթացքում:

Նշված ժամկետները ներառում են մաքսային հսկողության անցկացման ժամանակը:

2. Սույն Օրենսգրքի 193-րդ հոդվածին համապատասխան ապրանքների նախնական մաքսային հայտարարագրում իրականացնելիս ապրանքների բացթողման գործընթացը պետք է մաքսային մարմնի կողմից ավարտվի ոչ ուշ, քան մաքսային հայտարարագիրը գրանցած մաքսային մարմին ապրանքները ներկայացնելու օրվան հաջորդող 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:

3. Ապրանքների բացթողման գործընթացը կարող է կասեցվել սույն Օրենսգրքի 331-րդ հոդվածին համապատասխան:

4. Ապրանքների բացթողման ժամկետները կարող են երկարաձգվել մաքսային հսկողության անցկացման կամ այդ գործընթացի ավարտման համար անհրաժեշտ ժամանակով՝ մաքսային մարմնի ղեկավարի (պետի), նրա կողմից լիազորված մաքսային մարմնի ղեկավարի (պետի) տեղակալի կամ նրա պաշտոնակատարի գրավոր թույլտվությամբ, և երկարաձգված այդ ժամկետը չի կարող գերազանցել մաքսային հայտարարագրի գրանցման օրվան հաջորդող 10 (տասը) աշխատանքային օրը, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով:

5. Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել ապրանքների բացթողման՝ սույն հոդվածի 1-ին կետով սահմանվածից ավելի կարճ ժամկետներ:

 

Հոդված 197. Ապրանքների բացթողումը մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը

 

1. Սույն Օրենսգրքի 178-րդ հոդվածում նշված՝ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող (տարածքից արտահանվող) առանձին կատեգորիաների ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս, բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, ինչպես նաև սույն Օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ լիազորված տնտեսական օպերատորների նկատմամբ հատուկ պարզեցված ընթացակարգեր կիրառելիս՝ ապրանքների բացթողումը կարող է իրականացվել նախքան մաքսային հայտարարագիր ներկայացնելը՝ պայմանով, որ հայտարարատուն ներկայացնի՝

1) առևտրային կամ այլ փաստաթղթեր, որոնք ներառում են տեղեկություններ ապրանքներն ուղարկողի և ստացողի, ապրանքներն ուղարկող երկրի և դրանց նշանակման երկրի մասին, ապրանքների անվանումը, նկարագրությունը, դասակարգման ծածկագիրը՝ նվազագույնը առաջին չորս նիշերով՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի, ապրանքների քանակը, համաքաշը և արժեքը.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2) պարտավորագիր այն մասին, որ պարտավորվում է մաքսային հայտարարագիրը և անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացնել ոչ ուշ, քան մինչև ապրանքների բացթողման ամսվան հաջորդող ամսվա տասը. պարտավորագրում ներառվում են տեղեկություններ ապրանքների օգտագործման նպատակների և այն մաքսային ընթացակարգի մասին, որով ձևակերպվում են ապրանքները.

3) արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթեր և տեղեկություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի փաստաթղթերը և տեղեկությունները կարող են ներկայացվել մաքսային հայտարարագիր ներկայացնելու օրը:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Նախքան մաքսային հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողում իրականացնելիս այդպիսի ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը՝

1) հայտարարատուի համար առաջանում է այդ բացթողման օրվանից.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2) դադարում է սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետի 1-7-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերով սահմանված դեպքերում և մաքսային հայտարարագրում (հայտարարագրի վրա) ապրանքների բացթողման մասին նշում կատարելու պահից.

3) ենթակա է կատարման՝

մինչև սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետը լրանալը: Ընդ որում, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման նպատակներով կիրառվում են մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը և Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված և մաքսային հայտարարագրի գրանցման օրը գործող փոխարժեքը.

այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետի ընթացքում մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը բաց թողնված ապրանքների համար մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրում (հայտարարագրի վրա) նշումներ չեն կատարվել ապրանքների բացթողման մասին, ապա՝ սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետի վերջին օրը: Ընդ որում, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման նպատակներով կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետի վերջին օրվա դրությամբ գործող՝ մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը և Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող փոխարժեքը:

3. Սույն Օրենսգրքի 178-րդ հոդվածում նշված ապրանքների համար, բացառությամբ տարերային աղետների, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ ապրանքների, խաղաղության պահպանմանն ուղղված գործողությունների իրականացման կամ վարժանքների անցկացման համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի, ինչպես նաև մարդասիրական ու տեխնիկական օգնության, մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը դրանց բացթողման դեպքում տրամադրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում:

4. Մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողումը, որոնց հայտարարատուն լիազորված տնտեսական օպերատորն է, իրականացվում է պայմանով, որ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման ենթակա գումարը չի գերազանցում սույն Օրենսգրքի 39-րդ հոդվածին համապատասխան լիազորված տնտեսական օպերատորի կողմից տրամադրվող մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման գումարը, եթե դա նախատեսված է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 198. Ապրանքների բացթողումը փաստաթղթերի, ապրանքների փորձանմուշների ու նմուշների ուսումնասիրության անհրաժեշտության կամ փորձագետի եզրակացություն ստանալու դեպքում

 

1. Եթե մաքսային մարմիններն ընդունում են որոշում ապրանքների փորձանմուշների կամ նմուշների, մանրամասն տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրության կամ մաքսային մարմնի կողմից ներկայացված մաքսային հայտարարագրում կամ այլ փաստաթղթերում տեղեկությունների արժանահավատության ստուգման նպատակով փորձաքննություն անցկացնելու մասին, ապա ապրանքների բացթողումը կատարվում է մինչև մաքսային փորձաքննության արդյունքները ստանալը՝ պայմանով, որ հայտարարատուի կողմից տրամադրվի մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում մաքսատուրքերի, հարկերի գումարի չափով, որոնք կարող են լրացուցիչ կերպով հաշվեգրվել կատարված ուսումնասիրությունների կամ փորձաքննությունների արդյունքների հիման վրա:

2. Ապրանքների բացթողում չի կատարվում՝ միայն մաքսային մարմնի կողմից այնպիսի փաստերի հայտնաբերման դեպքում, որոնք վկայում են այն մասին, որ ապրանքների նկատմամբ կարող են կիրառվել արգելքներ ու սահմանափակումներ, և հայտարարատուի կողմից չեն ներկայացվել դրանց պահպանումը հաստատող ապացույցներ:

 

Հոդված 199. Ապրանքների բացթողումը վարչական իրավախախտման կամ հանցագործության բացահայտման դեպքում

 

1. Վարչական իրավախախտման կամ հանցագործության բացահայտման դեպքում՝ ապրանքների բացթողումը կարող է իրականացվել նախքան գործով վարույթի կամ վարչական ընթացակարգի ավարտը, եթե այդպիսի ապրանքները չեն առգրավվել կամ դրանց վրա չի դրվել արգելանք՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

2. Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսվել մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրման անհրաժեշտություն, որոնք կարող են լրացուցիչ կերպով հաշվեգրվել:

 

Հոդված 200. Պայմանականորեն բաց թողնված ապրանքները

 

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

1. Պայմանականորեն բաց թողնված են համարվում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող այն ապրանքները, որոնց դեպքում՝

1) տրամադրվում են մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ, որոնք զուգակցված են այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով.

2) օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներն առնչվում են ապրանքների բացթողումից հետո սույն Օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի ներկայացման հետ.

3) Մաքսային միության անդամ պետության կողմից կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, որոնց չափն ավելի քիչ է, քան Միասնական մաքսային սակագնով սահմանված ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի չափը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքները կարող են օգտագործվել միայն արտոնությունների տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակներով:

Արգելված է սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների փոխանցումը երրորդ անձանց, այդ թվում՝ դրանց վաճառքի կամ այլ եղանակով օտարման միջոցով, իսկ այն դեպքում, երբ նշված ապրանքների ներմուծման սահմանափակումները սահմանված են՝ կապված այդ ապրանքների որակի ստուգման և անվտանգության հետ, ապա արգելված է ցանկացած ձևով դրանց օգտագործումը (շահագործումը, սպառումը):

Սույն հոդվածի 1-ին կետ 3-րդ ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքները կարող են օգտագործվել միայն Մաքսային միության այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնի կողմից իրականացվել է դրանց բացթողումը:

3. Պայմանականորեն բաց թողնված ապրանքներն ունեն օտարերկրյա ապրանքի կարգավիճակ և գտնվում են մաքսային հսկողության տակ:

4. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ապրանքները համարվում են պայմանականորեն բաց թողնված մինչև ներմուծման մաքսատուրքերի, հարկերի՝ վճարման ենթակա գումարների վճարման պարտավորությունը դադարելու պահը, եթե այլ բան նախատեսված չէ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

5. Պայմանականորեն բաց թողնված ապրանքները ձեռք են բերում Մաքսային միության ապրանքի կարգավիճակ այն բանից հետո, երբ՝

1) դադարում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի՝ վճարման ենթակա գումարների վճարման պարտականությունը սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների նկատմամբ.

2) ներկայացվում են սույն Օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը՝ սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ապրանքների համար.

3) վճարված են ներմուծման մաքսատուրքերը՝ Միասնական մաքսային սակագնով սահմանված ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների և ապրանքների բացթողման ժամանակ վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների միջև առկա տարբերության չափով՝ սույն հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված ապրանքների համար:

6. Միջազգային պայմանագրերով և (կամ) Մաքսային միության հանձնաժողովի որոշումներով կարող են սահմանվել այն հանգամանքներ, որոնց դեպքում պայմանականորեն բաց թողնված ապրանքները ձեռք են բերում Մաքսային միության ապրանքի կարգավիճակ:

7. Մաքսային միության ապրանքի կարգավիճակ ձեռք բերելու համար բաց թողնված ապրանքները ենթակա չեն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կրկնակի ձևակերպման:

Սույն հոդվածի 5-րդ կետի 1-3-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման կամ սույն Օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի տրամադրման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

8. Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել ապրանքները որպես պայմանական բաց թողնված ապրանքներ դասակարգելու այլ դեպքեր և կարգ:

 

Հոդված 201. Ապրանքների բացթողումը մերժելը

 

1. Սույն Օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ապրանքների բացթողման պայմանները չկատարելու դեպքում, ինչպես նաև սույն Օրենսգրքի 193-րդ հոդվածի 6-րդ կետում և սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերում՝ մաքսային մարմինը ոչ ուշ, քան ապրանքների բացթողման ժամկետի ավարտը, գրավոր մերժում է ապրանքների բացթողումը՝ նշելով բոլոր պատճառները, որոնք հիմք են հանդիսացել այդ մերժման համար և ներկայացնելով դրանք վերացնելու համար առաջարկություններ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Ապրանքների բացթողման մերժումը ձևակերպելու կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

2. Մաքսային մարմինը մերժում է ապրանքների բացթողումը, եթե ապրանքների մաքսային հսկողության անցկացման ժամանակ մաքսային մարմինների կողմից բացահայտվել են Մաքսային միության մաքսային օրենսդրության խախտումներ, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

բացահայտված խախտումները, որոնք հիմք չեն վարչական կամ քրեական գործ հարուցելու համար, վերացվել են.

բացահայտված խախտումները վերացվել են, իսկ հայտարարագրված ապրանքները առգրավված չեն, կամ դրանց վրա չի դրվել արգելանք՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

ԲԱԺԻՆ 6. ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 29. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 202. Մաքսային ընթացակարգերի տեսակները

 

1. Ապրանքների նկատմամբ մաքսային կարգավորում իրականացնելու նպատակներով սահմանվում են մաքսային ընթացակարգերի հետևյալ տեսակները՝

1) ներքին սպառման համար բացթողում.

2) արտահանում.

3) մաքսային տարանցում.

4) մաքսային պահեստ.

5) մաքսային տարածքում վերամշակում.

6) մաքսային տարածքից դուրս վերամշակում.

7) ներքին սպառման համար վերամշակում.

8) ժամանակավոր ներմուծում (թույլտվություն).

9) ժամանակավոր արտահանում.

10) վերաներմուծում.

11) վերաարտահանում.

12) անմաքս առևտուր.

13) ոչնչացում.

14) հրաժարում՝ հօգուտ պետության.

15) ազատ մաքսային գոտի.

16) ազատ պահեստ.

17) հատուկ մաքսային ընթացակարգ (մաքսային ընթացակարգ, որով մաքսային նպատակներով սահմանվում են Մաքսային միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս ապրանքների առանձին կատեգորիաների օգտագործման և (կամ) տնօրինման պահանջներն ու պայմանները):

2. Սույն հոդվածի 1-ին կետի 15-րդ և 16-րդ ենթակետերում նշված մաքսային ընթացակարգերը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով:

3. Հատուկ մաքսային ընթացակարգ սահմանվում է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմաններին համապատասխան և նույն որոշմամբ սահմանված ապրանքների կատեգորիաների նկատմամբ:

(3-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 203. Մաքսային ընթացակարգի ընտրությունը և փոփոխությունը

 

1. Անձի ընտրությամբ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները ձևակերպվում են որոշակի մաքսային ընթացակարգով՝ սույն Օրենսգրքով և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով:

2. Անձն իրավունք ունի փոխելու մաքսային ընթացակարգը՝ սույն Օրենսգրքին համապատասխան:

 

Հոդված 204. Մաքսային ընթացակարգով ձևակերպումը

 

Ապրանքների՝ մաքսային ընթացակարգով ձևակերպման օր է համարվում մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքով սահմանված կարգով ապրանքի բացթողման օրը:

 

Հոդված 205. Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների կատարումը հաստատելու պարտականությունը

 

Ապրանքների՝ մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանների կատարումը հաստատելու պարտականությունը դրվում է հայտարարատուի վրա:

 

Հոդված 206. Մաքսային ընթացակարգերի պայմանների կատարման նկատմամբ մաքսային հսկողությունը

 

1. Այն մաքսային ընթացակարգերի պայմանների կատարման նկատմամբ մաքսային հսկողությունը, որոնցով ձևակերպման դեպքում ապրանքները ձեռք չեն բերում Մաքսային միության ապրանքի կարգավիճակ, իրականացվում է Մաքսային միության այն անդամ պետության մաքսային մարմինների կողմից, որոնց տարածքում սույն Օրենսգրքով սահմանված կարգով կատարվել է ապրանքների բացթողում տվյալ մաքսային ընթացակարգին համապատասխան:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված այն ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունը, որոնք գտնվում են Մաքսային միության այլ անդամ պետության տարածքում՝ ի տարբերության այն պետության, որի մաքսային մարմինների կողմից կատարվել է այդ ապրանքների բացթողումը, անցկացվում է սույն Օրենսգրքի 17-րդ գլխին համապատասխան:

 

Հոդված 207. Մաքսային ընթացակարգի պայմանները և պահանջները չկատարելու համար պատասխանատվությունը

 

Մաքսային ընթացակարգի պայմանները և պահանջները չկատարելու համար պատասխանատվությունը կրում է հայտարարատուն՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 208. Մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների առգրավման (ապրանքների վրա արգելանք դնելու) հետևանքները

 

1. Մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների առգրավման կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան այդպիսի ապրանքների վրա արգելանք դնելու դեպքում՝ մաքսային ընթացակարգի գործողությունը այդպիսի ապրանքների նկատմամբ կասեցվում է:

Եթե որոշում է ընդունվում ապրանքների առգրավումը կամ դրանց վրա արգելանք դնելը չեղյալ հայտարարելու մասին, մաքսային ընթացակարգի գործողությունը վերականգնվում է:

Մաքսային ընթացակարգի գործողության վերականգման դեպքում՝ մաքսային ընթացակարգի գործողության կասեցման ժամանակահատվածի համար սահմանվող տոկոսները, որոնց հաշվեգրումն ու վճարումը նախատեսված են սույն բաժնին համապատասխան, չեն հաշվեգրվում և չեն վճարվում:

2. Մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները դատարանի որոշմամբ բռնագրավելու կամ պետության սեփականության դարձնելու դեպքում՝ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարում է այդ ապրանքների նկատմամբ, իսկ բռնագրավված կամ պետության սեփականություն դարձած օտարերկրյա ապրանքները ձեռք են բերում Մաքսային միության ապրանքի կարգավիճակ:

3. Եթե անձը, Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, վարչական կամ քրեական պատասխանատվության է ենթարկվում մաքսային ընթացակարգի պահանջները չկատարելու համար, և այդպիսի չկատարման հետևանքով անհնար է տվյալ մաքսային ընթացակարգի հետագա կիրառումը, ապա մաքսային ընթացակարգի գործողությունը պետք է ավարտվի անձին պատասխանատվության ենթարկելու մասին համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից 15 (տասնհինգ) օրացուցային օրվա ընթացքում:

Այն ապրանքները, որոնց նկատմամբ մաքսային ընթացակարգի գործողությունը չի ավարտվել սույն կետի առաջին մասին համապատասխան, մաքսային մարմինների կողմից վերցվում (արգելապահվում) են սույն Օրենսգրքի 21-րդ գլխին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 30. «ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՑԹՈՂՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 209. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգի էությունը

 

«Ներքին սպառման համար բացթողում»՝ մաքսային ընթացակարգ, որով ձևակերպվելիս օտարերկրյա ապրանքները գտնվում և օգտագործվում են Մաքսային միության մաքսային տարածքում՝ առանց դրանց օգտագործման և տնօրինման սահմանափակումների, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով:

 

Հոդված 210. Ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները

 

1. Ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվում են հետևյալ պայմանների կատարման պարագայում՝

1) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարում, եթե մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով սակագնային առանձնաշնորհումներ, արտոնություններ սահմանված չեն.

2) արգելքների և սահմանափակումների պահպանում.

3) հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հետ կապված սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերի ներկայացում:

2. Նշված պայմանները կատարելիս ապրանքը ձեռք է բերում Մաքսային միության ապրանքի կարգավիճակ:

3. Այն մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնությունների տրամադրման ժամանակ, որոնք զուգակցված են ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով, ապրանքները ենթակա են պայմանական բացթողման՝ սույն Օրենսգրքի 200-րդ հոդվածին համապատասխան, և պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը:

 

Հոդված 211. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար

 

1. Հայտարարատուի՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար առաջանում է մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու պահից:

2. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը հայտարարատուի համար դադարում է՝

1) «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների դեպքում՝ սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում.

2) «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված այն արտոնությունների կիրառմամբ, որոնք զուգակցված են այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումներով.

«ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողման օրից 5 (հինգ) տարի ժամկետը լրանալու պահից, եթե չի սահմանվել ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումների գործողության այլ ժամկետ՝ պայմանով, որ այդ ժամանակահատվածում վրա չի հասել ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման օրը՝ սահմանված սույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով,

ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումների գործողության համար սահմանված այլ ժամկետ լրանալու պահից՝ պայմանով, որ այդ ժամանակահատվածում վրա չի հասել մաքսատուրքերի, հարկերի վճարման օրը՝ սահմանված սույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով,

«ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողման օրվանից 5 (հինգ) տարվա ընթացքում կամ արտոնության կիրառության համար սահմանված այլ ժամկետի ընթացքում այդ ապրանքները «հրաժարում՝ հօգուտ պետության» կամ «ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ ապրանքը որպես պետության սեփականություն ընդունելը կամ դրա ոչնչացումը հաստատող փաստաթուղթը մաքսային մարմնին տրամադրելու պահից,

սույն Օրենսգրքի 2-րդ կետով սահմանված դեպքերում, որոնք տեղի են ունեցել «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողման օրվանից 5 (հինգ) տարվա ընթացքում կամ արտոնության կիրառության համար սահմանված այլ ժամկետի ընթացքում,

պայմանականորեն բաց թողնված ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ պայմանով, որ նախքան այդ ընթացակարգով ձևակերպումը վրա չի հասել ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման օրը՝ սահմանված սույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով:

3. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման հետևյալ ժամկետներում՝

1) «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների դեպքում՝ նախքան «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողումը.

2) «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված այն արտոնությունների կիրառմամբ, որոնք զուգակցված են այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումներով.

նման արտոնություններից օգտվելուց հրաժարվելու դեպքում՝ մինչև «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար ներկայացված մաքսային հայտարարագրում արտոնություններից օգտվելուց հրաժարվելու հետ կապված փոփոխություններ կատարելը.

այն դեպքում, երբ ապրանքները ենթարկվում են գործողությունների՝ այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման այնպիսի սահմանափակումների խախտմամբ, որոնք սահմանվել են այդպիսի արտոնություններից օգտվելու համար, կամ արտոնությունների տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակների խախտմամբ՝ նշված գործողությունների կատարման առաջին օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա մաքսային մարմնի կողմից այն մաքսային հայտարարագրի գրանցման օրը, որը ներկայացվել է ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար:

 

ԳԼՈՒԽ 31. «ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 212. «Արտահանում» մաքսային ընթացակարգի էությունը

 

1. «Արտահանում»՝ մաքսային ընթացակարգ, որով Մաքսային միության ապրանքները դուրս են բերվում Մաքսային միության մաքսային տարածքից և նախասահմանվում են դրա սահմաններից դուրս մշտապես գտնվելու համար:

2. «Արտահանում» մաքսային ընթացակարգով կարող են ձևակեպվել այն ապրանքները, որոնք ավելի վաղ ձևակերպված են եղել «ժամանակավոր արտահանում» կամ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ առանց դրանք մաքսային մարմին փաստացի ներկայացնելու:

 

Հոդված 213. Ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները

 

1. Ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվում են հետևյալ պայմանների կատարման պարագայում՝

1) արտահանման մաքսատուրքերի վճարում, եթե արտահանման մաքսատուրքերի վճարման համար արտոնություններ սահմանված չեն.

2) արգելքների և սահմանափակումների պահպանում.

ապրանքի ծագման մասին հավաստագրի տրամադրում այն ապրանքների դեպքում, որոնք ներառվել են Մաքսային միության անդամ պետությունների՝ երրորդ երկրների նկատմամբ արտահանման մաքսատուրքերի կիրառման հետ կապված հարցերը կարգավորող միջազգային պայմանագրերին համապատասխան Մաքսային միության հանձնաժողովի կողմից ձևավորվող ապրանքների համահավաք ցանկում:

2. «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և փաստացիորեն Մաքսային միության մաքսային տարածքից արտահանված ապրանքները կորցնում են Մաքսային միության ապրանքի կարգավիճակը:

3. Հանվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ:

 

Հոդված 214. Արտահանման մաքսատուրքերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար

 

1. Հայտարարատուի՝ արտահանման մաքսատուրքերի վճարման պարտավորությունն այն ապրանքների համար, որոնք ձևակերպվում են «արտահանում» մաքսային ընթացակարգով, առաջանում է մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու պահից:

2. Հայտարարատուի՝ արտահանման մաքսատուրքերի վճարման պարտավորությունն այն ապրանքների համար, որոնք ձևակերպվում են «արտահանում» մաքսային ընթացակարգով, դադարում է սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:

3. Արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման նախքան «արտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողումը, եթե այլ ժամկետ սահմանված չէ սույն Օրենսգրքով:

 

ԳԼՈՒԽ 32. «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 215. Ընդհանուր դրույթներ մաքսային տարանցման վերաբերյալ

 

1. Մաքսային տարանցում՝ մաքսային ընթացակարգ, որով ապրանքների տեղափոխումն իրականացվում է մաքսային հսկողության ներքո՝ Մաքսային միության մաքսային տարածքում, այդ թվում՝ Մաքսային միության անդամ չհանդիսացող պետության տարածքով, ուղարկող մաքսային մարմնի և նշանակման մաքսային մարմնի միջև՝ առանց վճարելու արգելքների և սահմանափակումների կիրառմամբ զուգակցված մաքսատուրքերը, հարկերը, բացառությամբ ոչ սակագնային և տեխնիկական կարգավորման միջոցների:

2. Մաքսային տարանցումը կիրառվում է հետևյալ ապրանքները տեղափոխելիս՝

1) օտարերկրյա ապրանքները՝ ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին.

2) օտարերկրյա ապրանքները՝ ժամանման վայրի մաքսային մարմնից ներքին մաքսային մարմին.

3) օտարերկրյա ապրանքները, ինչպես նաև Մաքսային միության ապրանքները, եթե դա նախատեսված է սույն հոդվածի 5-րդ կետով, ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

4) օտարերկրյա ապրանքները՝ մեկ ներքին մաքսային մարմնից մեկ այլ ներքին մաքսային մարմին.

5) Մաքսային միության ապրանքները մեկնման վայրի մաքսային մարմնից մինչև ժամանման վայրի մաքսային մարմին Մաքսային միության անդամ չհանդիսացող պետության տարածքով:

3. Մաքսային տարանցում չի կիրառվում այն ապրանքների դեպքում, որոնք տեղափոխվում են օդային տրանսպորտով, եթե միջազգային չվերթ իրականացնելիս օդանավը ժամանման վայրում կատարում է միջանկյալ կամ հարկադիր (տեխնիկական) վայրէջք՝ առանց ապրանքների մասնակի բեռնաթափման (դատարկման):

Միջազգային փոստային առաքանիով, փոխողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների դեպքում մաքսային տարանցում կիրառվում է՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքով սահմանված առանձնահատկությունները:

Մաքսային միության մաքսային տարածքով երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների դեպքում մաքսային տարանցման առանձնահատկությունները սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով:

Մաքսային միության միայն մեկ անդամ պետության տարածքով ծովային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերին համապատասխան ապրանքների տեղափոխման դեպքում՝ մաքսային տարանցման առանձնահատկությունները կարող են սահմանվել Մաքսային միության այդ պետության օրենսդրությամբ:

(չորրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

4. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացնում են սույն Օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերում նշված անձինք:

5. «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները Մաքսային միության մաքսային տարածքով տեղափոխվում են առանց «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվելու, եթե այլ բան նախատեսված չէ սույն Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

6. Սույն գլխի կիրառման նպատակներով՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոց ասելով ենթադրվում է նաև այնպիսի տրանսպորտային միջոց, որով ապրանքները տեղափոխվում են Մաքսային միության մաքսային տարածքում՝ դուրս չգալով դրա սահմաններից:

 

Հոդված 216. Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները

 

Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել հետևյալ պայմանների կատարման պարագայում՝

1) ապրանքների ներմուծումը Մաքսային միության տարածք կամ արտահանումն այդ տարածքից արգելված չէ.

2) ապրանքների համար ներկայացվել են մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթեր, եթե այդ փաստաթղթերի առկայության դեպքում թույլատրվում է այդպիսի տեղափոխում.

3) ներմուծվող ապրանքները ենթարկվել են սահմանային հսկողության և պետական հսկողության այլ տեսակների, եթե ապրանքները ենթակա են այդպիսի հսկողության ժամանման վայրում.

4) ներկայացվել է տարանցիկ փոխադրման հայտարարագիր.

5) ապրանքների համար ձեռնարկվել են մաքսային տարանցման պայմանների կատարումն ապահովող միջոցներ՝ սույն Օրենսգրքի 217-րդ հոդվածին համապատասխան.

6) կատարվել է ապրանքների նույնականացում՝ սույն Օրենսգրքի 109-րդ հոդվածին համապատասխան.

7) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցը պատշաճ կերպով սարքավորված է, եթե ապրանքները փոխադրվում են մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ:

 

Հոդված 217. Մաքսային տարանցման պայմանների կատարումն ապահովող միջոցները

 

1. Մաքսային տարանցման պայմանների կատարումն ապահովող միջոցներ են համարվում՝

1) օտարերկրյա ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը՝ սույն Օրենսգրքի 12-րդ գլխին համապատասխան.

2) մաքսային ուղեկցումը.

3) ապրանքների փոխադրման ենթուղու սահմանումը:

2. Մաքսային տարանցման ժամանակ մաքսային մարմինները չեն պահանջում սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրում, եթե՝

1) որպես հայտարարատու հանդես է գալիս մաքսային փոխադրողը կամ լիազորված տնտեսական օպերատորը.

2) ապրանքները տեղափոխվում են երկաթուղային տրանսպորտով և խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով.

3) դա սահմանված է միջազգային պայմանագրերով.

4) ապրանքները փոխադրվում են մաքսային ուղեկցմամբ.

5) սույն Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված այլ դեպքերում:

3. Սույն հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում մաքսային տարանցման պայմանների կատարման ապահովման միջոցը կարող է կիրառվել միայն որպես մաքսային տարանցման պայմանների կատարման ապահովման լրացուցիչ միջոց՝ ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա սահմանված դեպքերում:

Երթուղիները որոշում է ուղարկող մաքսային մարմինը՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված տեղեկությունների հիման վրա:

Երթուղու փոփոխություն թույլատրվում է ուղարկող մաքսային մարմնի կամ դրա ընթացուղում գտնվող այլ մաքսային մարմնի գրավոր թույլտվությամբ:

 

Հոդված 218. Մաքսային ուղեկցումը

 

1. Մաքսային ուղեկցումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների ուղեկցումն է, որն իրականացվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կամ այլ կազմակերպությունների կողմից՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային տարանցման պայմանների կատարման ապահովման նպատակներով:

2. Մաքսային մարմինն իրավունք ունի ընդունելու մաքսային ուղեկցման մասին որոշում այն դեպքերում,

1) որոնք որոշվում են ռիսկերի կառավարման համակարգերի հիման վրա.

2) երբ չի ներկայացվում կամ ներկայացվում է ոչ բավարար՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում՝ սույն Օրենսգրքի 12-րդ գլխին համապատասխան.

3) երբ փոխադրողը մի քանի անգամ չի կատարել փոխադրման հետ կապված պարտականությունները՝ մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան, ինչը հաստատվել է ուժի մեջ մտած՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ, եթե նշված որոշումներից թեկուզ մեկը չի իրականացվել.

4) եթե փոխադրողը չի կատարել մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը՝ սույն Օրենսգրքի 227-րդ հոդվածին համապատասխան:

3. Այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից որոշում է ընդունվում մաքսային ուղեկցման մասին, մաքսային մարմինը դա կազմակերպում է այդպիսի որոշում ընդունելու պահից ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:

(3-րդ կետն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

 

Հոդված 219. Մաքսային տարանցման ժամկետը

 

1. Ուղարկող մաքսային մարմնից դեպի նշանակման մաքսային մարմին մաքսային տարանցման ժամկետը սահմանվում է ուղարկող մաքսային մարմնի կողմից՝ ապրանքների փոխադրման սովորական ժամկետին համապատասխան, հիմք ընդունելով փոխադրամիջոցի տեսակը և տրանսպորտային միջոցի հնարավորությունները, սահմանված երթուղին, փոխադրման մյուս պայմանները և (կամ) հայտարարատուի կամ փոխադրողի դիմումը, եթե փոխադրողը հանդես չի եկել որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի հայտարարատու, ինչպես նաև հաշվի առնելով վարորդի աշխատանքի ու հանգստի ռեժիմը՝ միջազգային պայմանագրերին համապատասխան, սակայն չգերազանցելով մաքսային տարանցման առավելագույն ժամկետը:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Մաքսային տարանցման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 1 (մեկ) ամսում երկու հազար կիլոմետրի հաշվով սահմանվող ժամկետը:

3. Հայտարարատուի կամ փոխադրողի հիմնավորված դիմումով, եթե փոխադրողը հանդես չի եկել որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի հայտարարատու, Մաքսային մարմնի կողմից մաքսային տարանցման ժամկետը կարող է երկարաձգվել սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետի սահմաններում:

 

Հոդված 220. Ապրանքները տեղ հասցնելու վայրը

 

1. Մաքսային տարանցման ժամանակ ապրանքները տեղ հասցնելու վայրը որոշում է ուղարկող մաքսային մարմինը՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված նշանակման կետի մասին տեղեկությունների հիման վրա:

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում ուղարկող մաքսային մարմինն իրավունք ունի սահմանել տեղ հասցնելու վայրեր՝ անկախ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված տեղեկություններից:

Ապրանքները տեղ հասցնելու վայր է համարվում նշանակման մաքսային մարմնի գործունեության տարածքում գտնվող մաքսային հսկողության գոտին: Ընդ որում, ժամանման վայրից փոխադրվող ապրանքները հասցվում են մաքսային մարմնի գտնվելու վայր, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով:

Երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքները տեղ հասցնելու վայր է համարվում նշանակման կայարանի (մերձատար ուղիների) մաքսային հսկողության գոտին:

2. Այն դեպքում, երբ մաքսային տարանցման ժամանակ նշանակման կետը փոփոխվում է Մաքսային միության անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտի օրենսդրությանը համապատասխան, փոխադրողն իրավունք ունի դիմելու մաքսային մարմին՝ ապրանքները տեղ հասցնելու վայրի փոփոխության խնդրանքով: Ընդ որում, փոխադրողն իր ընթացուղում գտնվող ցանկացած մաքսային մարմին է ներկայացնում ազատ ոճով կազմված՝ նշանակման կետի փոփոխության մասին դիմում, նշանակման կետի փոփոխությունը հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև ապրանքների մասին տարանցիկ փոխադրման հայտարարագիր և այլ փաստաթղթեր:

Ապրանքները տեղ հասցնելու վայրի փոփոխության մասին որոշումը մաքսային մարմնի կողմից ընդունվում է ոչ ուշ, քան սույն կետի առաջին մասում նշված դիմումները և փաստաթղթերը ստանալու օրվան հաջորդող օրը: Նշված որոշումը ձևակերպվում է այն ապրանքների համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի եզրափակման միջոցով, որոնց տեղ հասցնելու վայրը փոփոխվել է, ինչպես նաև տարանցիկ փոխադրման նոր հայտարարագիր ձևակերպելու միջոցով: Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվում են այն օրը, երբ մաքսային մարմինն ընդունում է ապրանքները տեղ հասցնելու վայրի փոփոխության մասին որոշում:

 

Հոդված 221. Միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սարքավորումը մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման ժամանակ

 

1. Մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները պետք է նախագծված և սարքավորված լինեն հետևյալ պահանջների պահպանմամբ՝

1) մաքսային կապարակնիքները հնարավոր է դնել պարզ ու հուսալի եղանակով.

2) ապրանքներն անհնար է հեռացնել միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի բեռնային զետեղարանների կապարակնքված մասերից կամ տեղավորել դրանցում՝ առանց դրանց բացման մասին վկայող տեսանելի նշաններ թողնելու կամ մաքսային կապարակնիքներն ու կնիքները վնասելու.

3) չկան գաղտնարաններ, որոնցում կարող են թաքցվել ապրանքներ.

4) վայրերը, որոնցում կարող են գտնվել ապրանքները, հեշտ հասանելի են ապրանքների մաքսային տեսազննման համար:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի համար ներկայացվող պահանջները համարվում են կատարված, եթե այդ տրանսպորտային միջոցը համապատասխանում է դրա նախագծման ու սարքավորման՝ միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի համար ներկայացվող պահանջներին համապատասխանությունը կարող է հաստատվել նախօրոք՝ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլտվության մասին հավաստագիր ստանալու միջոցով:

Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագիր կարող է տրվել՝

անհատական կարգով,

ըստ տրանսպորտային միջոցի կառուցվածքի տեսակի (սերիաների):

Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագիր տրվում է մաքսային մարմնի կողմից՝ շահագրգիռ անձի դիմումի հիման վրա՝ նշված դիմումը ստանալու օրվանից առավելագույնը երեք աշխատանքային օր հետո: Նշված հավաստագիրն ուժի մեջ է մնում մինչև այն պահը, քանի դեռ փոփոխություններ տեղի չեն ունեցել միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի կառուցվածքում, սակայն ոչ ավելի, քան երկու տարի:

Տրանսպորտային միջոցի տիրապետման իրավունքն այլ անձի փոխանցման դեպքում միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագիրը մնում է ուժի մեջ:

Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագրի ձևը և դրա տրման ու օգտագործման կարգը սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

4. Մաքսային մարմինները չեն պահանջում միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի՝ մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար նախօրոք տրված թույլտվություն, բացառությամբ այն դեպքի, երբ՝

ապրանքների փոխադրումն իրականացնում է մաքսային փոխադրողը,

նախօրոք տրված թույլտվության պահանջը նախատեսված է միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 222. Ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող բեռնային մյուս գործողությունները, ինչպես նաև միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի փոխարինումը մաքսային տարանցման ժամանակ

 

1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով փոխադրվող ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող բեռնային մյուս գործողությունները, ինչպես նաև այդպիսի ապրանքներ փոխադրող միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի փոխարինումը թույլատրվում են ուղարկող մաքսային մարմնի կամ այն մաքսային մարմնի թույլտվությամբ, որի գործունեության տարածքում կատարվում է համապատասխան բեռնային գործողությունը՝ բացառությամբ սույն կետի երկրորդ մասում նշված դեպքերի:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Եթե ապրանքների և միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների հետ կատարվող՝ սույն հոդվածի առաջին մասում նշված գործողությունները կարող են իրականացվել առանց դրված մաքսային կապարակնիքները և կնիքները վնասելու, կամ եթե ապրանքների վրա դրված չեն մաքսային կապարակնիքներ ու կնիքներ, ապա այդպիսի գործողությունների կատարումը թույլատրվում է մաքսային մարմնին գրավոր և (կամ) էլեկտրոնային եղանակով ծանուցելուց հետո:

2. Մաքսային մարմինը կարող է մերժել ապրանքների հետ բեռնային գործողություններ իրականացնելու համար թույլտվություն տալը, եթե դրանց իրականացումը կարող է հանգեցնել ապրանքների կորստի կամ դրանց հատկությունների փոփոխության, կամ եթե տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում, սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերում կամ հսկողություն իրականացնող պետական մարմինների կողմից տրված այլ փաստաթղթերում առկա է այդպիսի գործողություններ իրականացնելու արգելք:

3. Անձի դիմումի հիման վրա՝ մաքսային մարմինը թույլատրում է ապրանքների հետ բեռնային գործողությունների կատարումը մաքսային հսկողության ներքո՝ մաքսային մարմնի ոչ աշխատանքային ժամերին:

 

Հոդված 223. Փոխադրողի պարտավորությունները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ժամանակ

 

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքներ փոխադրելիս փոխադրողը, անկախ այդ մաքսային ընթացակարգի հայտարարատուն հանդես գալու հանգամանքից, պարտավոր է՝

1) ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետներում հասցնել ապրանքները տեղ հասցնելու վայր՝ հետևելով որոշակի երթուղու, եթե այն սահմանված է.

2) ապահովել ապրանքների, մաքսային կապարակնիքների և կնիքների, կամ նույնականացման այլ միջոցների (եթե այդպիսի միջոցներ կիրառվել են) պահպանվածությունը.

3) առանց մաքսային մարմինների թույլտվության թույլ չտալ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով փոխադրվող ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող բեռնային մյուս գործողությունները, ինչպես նաև այդպիսի ապրանքներ փոխադրող միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի փոխարինումը՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 224. Փոխադրողի պատասխանատվությունը

 

1. Ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը նշանակման մաքսային մարմին չհասցնելու դեպքում փոխադրողը պատասխանատվություն է կրում Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինն ապրանքները ձևակերպել է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով:

2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքները փոխադրելու ժամանակ իր պարտավորությունները չկատարելու համար, բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետում նշված դեպքերի, փոխադրողը պատասխանատվություն է կրում Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում բացահայտվել է խախտումը:

 

Հոդված 225. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի եզրափակումը

 

1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը եզրափակվում է ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված տեղ հասցնելու վայր ապրանքները հասցնելուց հետո:

2. Նախքան «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի եզրափակումը ապրանքները տեղ հասցնելու վայրում ապրանքները հանձնվում են մաքսային հսկողության գոտում:

Ապրանքների հանձնումը մաքսային հսկողության գոտի թույլատրվում է օրվա ցանկացած պահի:

3. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը եզրափակելու համար փոխադրողը պարտավոր է նշանակման մաքսային մարմին ներկայացնել տարանցիկ փոխադրման հայտարարագիր, ինչպես նաև իր մոտ եղած մյուս փաստաթղթերը՝

ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով փոխադրվող ապրանքների համար՝ ապրանքները տեղ հասցնելու վայր դրանց ժամանման պահից 1 (մեկ) ժամվա ընթացքում, իսկ եթե ապրանքները ժամանում են մաքսային մարմնի ոչ աշխատանքային ժամերին, ապա՝ տվյալ մաքսային մարմնի աշխատանքային ժամի մեկնարկից հաշված 2 (երկու) ժամվա ընթացքում.

նավերի, օդանավերի և երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար՝ միջազգային փոխադրումներ իրականացնելիս նավահանգստի, օդանավակայանի կամ երկաթուղային կայարանի տեխնոլոգիական գործընթացի սահմանված ժամանակի ընթացքում, եթե այլ ժամկետ սահմանված չէ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Մաքսային մարմնի պահանջով փոխադրողը պարտավոր է ներկայացնել ապրանքները:

4. Փոխադրողի կողմից սույն հոդվածի 3-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելու պահից 1 (մեկ) ժամվա ընթացքում նշանակման մաքսային մարմինը գրանցում է դրանք ներկայացնելու փաստը՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Նշանակման մաքսային մարմինը եզրափակում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն տարանցիկ փոխադրման հայտարարագրի կամ որպես տարանցիկ փոխադրման հայտարարագիր ճանաչվող այլ փաստաթղթերի վրա «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի եզրափակման մասին նշում կատարելու միջոցով փաստաթղթերի գրանցումից հետո ոչ ուշ, քան քսանչորս ժամվա ընթացքում:

Մաքսային մարմինների կողմից «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ձևակերպման կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

6. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի եզրափակումից հետո 3 (երեք) ժամվա ընթացքում փոխադրողը կամ այլ շահագրգիռ անձ պարտավոր է կատարել մաքսային գործառնություններ՝ կապված ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու կամ մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց մաքսային հայտարարագրման հետ, եթե երկաթուղային կամ ջրային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար այլ ժամկետ սահմանված չէ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Սույն կետի դրույթները չեն կիրառվում մաքսային ընթացակարգը Մաքսային միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների համար՝ մեկնման վայրում եզրափակելիս:

 

Հոդված 226. Վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության դեպքում կամ այլ հանգամանքներում ձեռնարկվող միջոցները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ժամանակ

 

1. Վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների փոխադրումը խոչընդոտող այլ հանգամանքների դեպքում փոխադրողը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները ապրանքների և տրանսպորտային միջոցների պահպանվածությունը ապահովելու համար, անհապաղ տեղեկացնել մոտակա մաքսային մարմնին այդ հանգամանքների և ապրանքների գտնվելու վայրի մասին, ինչպես նաև փոխադրել այդ ապրանքները կամ ապահովել դրանց փոխադրումը (եթե իր տրանսպորտային միջոցը վնասված է) մոտակա մաքսային մարմին կամ մաքսային մարմնի կողմից նշված այլ վայր: Այդպիսի հաղորդում ստացած մաքսային մարմինը պարտավոր է ծանուցել ուղարկող մաքսային մարմնին և նշանակման մաքսային մարմնին առաջացած այդ հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների փոխադրումը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի պահանջների կատարման հետ կապված՝ փոխադրողի կրած ծախսերը մաքսային մարմինների կողմից չեն փոխհատուցվում:

 

Հոդված 227. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների համար

 

1. «Տարանցիկ փոխադրում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ հայտարարատուի պարտավորությունն առաջանում է մաքսային մարմնի կողմից տարանցիկ փոխադրման հայտարարագիրը գրանցելու պահից:

2. «Տարանցիկ փոխադրում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ հայտարարատուի պարտավորությունը դադարում է՝

1) «տարանցիկ փոխադրում» մաքսային ընթացակարգի եզրափակման պահին՝ սույն Օրենսգրքի 225-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ընթացակարգի գործողության ընթացքում վրա է հասել ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման օրը.

2) սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:

3. Մաքսային մարմնի կողմից սահմանված տեղ հասցնելու վայր օտարերկրյա ապրանքները չհասցնելու դեպքում, մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետ է համարվում՝

1) փոխանցման օրը, եթե օտարերկրյա ապրանքները տեղ չեն հասցվել՝ փոխադրողի կողմից ստացողին կամ մեկ այլ անձի առանց մաքսային մարմնի թույլտվության ապրանքները փոխանցելու պատճառով, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա մաքսային մարմնի կողմից տարանցիկ փոխադրման հայտարարագրի գրանցման օրը.

2) կորստի օրը, եթե օտարերկրյա ապրանքները տեղ չեն հասցվել ապրանքների կորստի հետևանքով, բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և պահպանության բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա մաքսային մարմնի կողմից տարանցիկ փոխադրման հայտարարագրի գրանցման օրը.

3) մաքսային մարմնի կողմից տարանցիկ փոխադրման հայտարարագրի գրանցման օրը, եթե անձնական օգտագործման ապրանքները տեղ չեն հասցվել այլ պատճառներով:

4. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման այն ներմուծման մաքսատուրքերի, հարկերի համապատասխան գումարի չափով, որոնք վճարման ենթակա կլինեին ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, և որոնք հաշվարկվում են մաքսային մարմնի կողմից տարանցիկ փոխադրման հայտարարագրի գրանցման օրվանից:

5. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան վճարված կամ բռնագանձված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարում է՝ սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան, ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վերադարձման (հաշվանցման) սույն Օրենսգրքով սահմանված կարգով:

6. Այն դեպքում, երբ սույն Օրենսգրքի 85-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրամադրվում է այլ անձի, այլ ոչ թե «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի հայտարարատուի կողմից, սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը համապարտության կարգով առաջանում է այդ անձի և հայտարարատուի համար:

 

Հոդված 228. Արտահանման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) Մաքսային միության ապրանքների համար

 

1. Սույն Օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող Մաքսային միության ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի վճարման պարտավորությունը հայտարարատուի համար առաջանում է մաքսային մարմնի կողմից տարանցիկ փոխադրման հայտարարագրի գրանցման պահից:

2. «Տարանցիկ փոխադրում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) Մաքսային միության ապրանքների համար արտահանման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը հայտարարատուի համար դադարում է՝

1) սույն Օրենսգրքի 225-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ «տարանցիկ փոխադրում» մաքսային ընթացակարգի եզրափակման դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ընթացակարգի գործողության ընթացքում վրա է հասել ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման օրը.

2) սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:

3. Ապրանքները մաքսային մարմնի կողմից սահմանված տեղ հասցնելու վայր չհասցվելու դեպքում արտահանման մաքսատուրքերի վճարման ժամկետ է համարվում մաքսային մարմնի կողմից տարանցիկ փոխադրման հայտարարագրի գրանցման օրը:

4. Արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման այն արտահանման մաքսատուրքերի համապատասխան գումարի չափով, որոնք վճարման ենթակա կլինեին ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս և որոնք հաշվարկվում են մաքսային մարմնի կողմից տարանցիկ փոխադրման հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ:

5. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան վճարված կամ բռնագանձված արտահանման մաքսատուրքերի վճարման պարտավորությունը դադարում է՝ սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան, ներմուծման մաքսատուրքերը ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն Օրենսգրքին համապատասխան սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 33. «ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 229. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի էությունը

 

«Մաքսային պահեստ»՝ մաքսային ընթացակարգ, որով օտարերկրյա ապրանքները մաքսային հսկողության ներքո պահվում են մաքսային պահեստում սահմանված ժամկետի ընթացքում՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:

 

Հոդված 230. Ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները

 

1. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով կարող է ձևակերպվել ցանկացած օտարեկրյա ապրանք, բացառությամբ՝

այն ապրանքների, որոնց պիտանիության և (կամ) իրացման ժամկետը «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով դրանց մաքսային հայտարարագրման օրվա դրությամբ կազմում է մինչև 180 (հարյուր ութսուն) օրացուցային օր.

Այն ապրանքների, որոնց ցանկը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

2. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել նախկինում այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքները:

3. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքները կարող են ձևակերպվել սույն Օրենսգրքով նախատեսված՝ «ժամանակավոր ներմուծում» կամ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը կասեցնելու նպատակներով:

4. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպում առանց ապրանքները փաստացիորեն մաքսային պահեստ հանձնելու թույլատրվում է մաքսային մարմնի գրավոր թույլտվության առկայության դեպքում այն ապրանքների համար, որոնք խոշոր եզրաչափեր ունենալու հետևանքով չեն կարող տեղավորվել մաքսային պահեստում:

Ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ առանց դրանք փաստացիորեն մաքսային պահեստում տեղավորելու, Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու դեպքերը:

 

Հոդված 231. Մաքսային պահեստում ապրանքների պահպանության ժամկետը

 

1. Մաքսային պահեստում ապրանքների պահպանության ժամկետը չի կարող գերազանցել երեք տարին՝ հաշված ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:

2. Սահմանափակ պիտանիության և (կամ) իրացման ժամկետ ունեցող ապրանքները պետք է այլ մաքսային ընթացակարգով ձևակերպվեն ոչ ուշ, քան նշված ժամկետը լրանալուց 180 (հարյուր ութսուն) օրացուցային օր առաջ:

3. Այն ապրանքները, որոնց պահպանության ժամկետը լրացել է մաքսային պահեստում, մաքսային մարմինների կողմից վերցվում (արգելապահվում) են սույն Օրենսգրքի 21-րդ գլխին համապատասխան:

4. Ապրանքները մի քանի անգամ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, այդ թվում՝ երբ որպես այդ ընթացակարգի հայտարարատուներ են հանդես գալիս տարբեր անձինք, մաքսային պահեստում ապրանքների պահպանության ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետը:

 

Հոդված 232. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կատարվող գործողությունները

 

1. Ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կատարել դրանց պահպանվածությունն ապահովելու համար անհրաժեշտ ընթացիկ գործողություններ, այդ թվում՝ տեսազննել և չափել ապրանքները, տեղափոխել դրանք ժամանակավոր պահպանության վայրի տարածքում՝ պայմանով, որ այդ գործողությունները չեն հանգեցնի ապրանքների վիճակի փոփոխության, դրանց փաթեթվածքի և (կամ) նույնականացման միջոցների վնասման:

2. Մաքսային մարմնի թույլտվությամբ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կարող են կատարվել հավաքման պարզ գործողություններ, ինչպես նաև գործողություններ կապված՝

փորձանմուշների և նմուշների ընտրության հետ.

ապրանքները վաճառքի և տրանսպորտային փոխադրման համար պատրաստման հետ՝ ներառյալ խմբաքանակի մասնատումը, առաքումների կազմավորումը, տեսակավորումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը, դրոշմավորումը, ապրանքային տեսքի բարելավման հետ կապված գործողությունները:

3. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կատարվող ցանկացած գործողություն չպետք է փոփոխի այդ ապրանքների հատկանիշները՝ կապված Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգման ծածկագրի փոփոխության հետ:

4. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի առնչությամբ կարող են իրականացվել այդ ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքների փոխանցում նախատեսող գործարքներ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 233. Մաքսային պահեստները և դրանց տեսակները

 

1. Մաքսային պահեստ է համարվում հատուկ սահմանված և հարմարություններով ապահովված կառույցը, շինությունը և (կամ) բաց հրապարակը, որոնք նախատեսված են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքների պահպանության համար:

2. Մաքսային պահեստները կարող են լինել բաց կամ փակ տիպի:

Մաքսային պահեստները համարվում են բաց տիպի պահեստներ, եթե դրանք հասանելի են ցանկացած տեսակի ապրանքների և ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող բոլոր անձանց կողմից օգտագործման համար:

Մաքսային պահեստները համարվում են փակ տիպի պահեստներ, եթե դրանք նախատեսված են մաքսային պահեստի տիրապետողի ապրանքների պահպանության համար:

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել ապրանքների առանձին կատեգորիաներ, որոնք կարող են պահպանվել փակ տիպի մաքսային պահեստներում:

3. Մաքսային պահեստների տեղակայմանը, հարմարություններով ապահովմանը և սարքավորանքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև դրանց ստեղծման ու գործունեության իրականացման կարգը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

4. Մաքսային մարմինները վարում են մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրը և ապահովում են դրանց պարբերական հրապարակումը՝ կիրառելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ:

5. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված և (կամ) մաքսային պահեստներ հանձնված ապրանքների հաշվառումն իրականացնելու և դրանց վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 234. Ապրանքների պահպանությունը մաքսային պահեստում

 

1. Այն ապրանքները, որոնք կարող են վնաս պատճառել մյուս ապրանքներին, կամ որոնց համար պահանջում են պահպանության հատուկ պայմաններ, պետք է հանձնվեն այդպիսի ապրանքների պահպանության համար համապատասխանաբար սարքավորված մաքսային պահեստներ:

2. «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Մաքսային միության ապրանքների պահպանությունը մաքսային պահեստում թույլատրվում է վեց ամիս ժամկետով:

3. Մաքսային պահեստի գործունեության դադարեցման դեպքում «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, այդ պահեստի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումն ընդունվելու օրվանից հետո 60 (վաթսուն) օրացուցային օրվա ընթացքում, պետք է տեղափոխվեն մեկ այլ մաքսային պահեստ կամ ձևակերպվեն այլ մաքսային ընթացակարգով՝ սույն Օրենսգրքին համապատասխան:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Սույն կետի առաջին մասում նշված գործողությունները 60 (վաթսուն) օրացուցային օրվա ընթացքում չկատարելու դեպքում ապրանքները վերցվում (արգելապահվում) են մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 21-րդ գլխին համապատասխան:

 

Հոդված 235. Մաքսային պահեստում պահպանության ընթացքում ոչ պիտանի դարձած, փչացած կամ վնասված ապրանքները այլ մաքսային ընթացակարգով ձևակերպելը

 

Մաքսային պահեստում պահպանության ընթացքում անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչ պիտանի դարձած, փչացած կամ վնասված ապրանքները ենթակա են հայտարարատուի կողմից ընտրված մաքսային ընթացակարգով ձևակերպման այնպես, ինչպես դա կկատարվեր, եթե այդ ապրանքները ներմուծված լինեին ոչ պիտանի, փչացած կամ վնասված վիճակում:

 

Հոդված 236. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակումը

 

1. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակվում է մինչև մաքսային պահեստում ապրանքների պահպանության ժամկետը լրանալն ապրանքներն այլ մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով:

«Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներն այլ մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել ամբողջությամբ կամ մասամբ:

2. Ապրանքներն այլ մաքսային ընթացակարգով ձևակերպելուց հետո այդ ապրանքները պետք է դուրս բերվեն մաքսային պահեստից դրանք այլ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվան հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հոդված 237. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար

 

1. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը առաջանում է՝

1) հայտարարատուի համար՝ մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրի գրանցման պահից.

2) մաքսային պահեստի տիրապետողի համար՝ ապրանքները մաքսային պահեստ հանձնելու պահից:

2. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարում է՝

1) հայտարարատուի համար՝ ապրանքները մաքսային պահեստ հանձնելիս կամ դրանք այլ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, եթե ապրանքների պահպանությունը չի կատարվել մաքսային պահեստում.

2) մաքսային պահեստի տիրապետողի համար՝ մաքսային պահեստից ապրանքները հանելու պահից՝ կապված դրանք այլ մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ.

3) սույն կետի 1-2-րդ ենթակետերում նշված անձանց համար՝ այն պահին, երբ ապրանքները վերցվում (արգելապահվում) են սույն Օրենսգրքի 21-րդ գլխին համապատասխան, ինչպես նաև սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:

3. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետ է համարվում՝

1) հայտարարատուի համար՝

ապրանքների կորստի օրը, եթե ապրանքները կորել են մինչև ապրանքները մաքսային պահեստ հանձնելը, բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրասպորտային փոխադրման) և պահպանության բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրը.

ապրանքների կորստի օրը, եթե ապրանքները կորել կամ այլ անձի են փոխանցվել մինչև ապրանքները այլ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, եթե ապրանքների պահպանությունը չի իրականացվել մաքսային պահեստում, բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրասպորտային փոխադրման) և պահպանության բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա մաքսային մարմնի կողմից՝ ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված մաքսային հայտարարագրի գրանցման օրը.

2) մաքսային պահեստի տիրապետողի համար՝

ապրանքների կորստի օրը, եթե ապրանքները կորել են, բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ պահպանության բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա ապրանքները մաքսային պահեստ հանձնելու օրը.

ապրանքները պահեստից հանելու օրը, եթե այդ ապրանքները մաքսային պահեստից հանվել են առանց փաստաթղթեր ներկայացնելու, որոնցով հաստատվում է դրանց մաքսային ընթացակարգով ձևակերպումը, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա ապրանքները մաքսային պահեստ հանձնելու օրը:

4. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներին համարժեք գումարի չափով, որոնք վճարման ենթակա կլինեին ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ առանց հաշվի առնելու մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված սակագնային առանձնաշնորհումները և արտոնությունները, որոնք հաշվարկվում են մաքսային մարմնի կողմից՝ այն մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից, որը տրվում է ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար:

 

Հոդված 238. Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման առանձնահատկությունները մաքսային պահեստում պահպանությունից հետո ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս

 

Մաքսային պահեստում պահպանությունից հետո ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս սույն Օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման նպատակներով՝ ապրանքների մաքսային արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշները՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ), որոշվում են ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրը այնպես, ինչպես դա կկատարվեր, եթե դրանք այդ օրը ներմուծված լինեին Մաքսային միության մաքսային տարածք:

 

ԳԼՈՒԽ 34. «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 239. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի էությունը

 

1. «Մաքսային տարածքում վերամշակում»՝ մաքսային ընթացակարգ, որով օտարերկրյա ապրանքներն օգտագործվում են սահմանված ժամկետներում Մաքսային միության մաքսային տարածքում վերամշակման գործողություններ կատարելու համար՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու, ինչին հաջորդում է վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների արտահանումը Մաքսային միության մաքսային տարածքից:

2. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները շարունակում են պահպանել օտարերկրյա ապրանքի կարգավիճակը, իսկ ապրանքների վերամշակման գործողությունների արդյունքում ստացված ապրանքները ձեռք են բերում օտարերկրյա ապրանքի կարգավիճակ:

3. Օտարերկրյա ապրանքների վերամշակման գործողություններ կատարելիս կարող են օգտագործվել Մաքսային միության ապրանքներ:

 

Հոդված 240. Ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները

 

1. Ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպել թույլատրվում է այն պայմանով, որ՝

1) ներկայացվում է Մաքսային միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված և սույն Օրենսգրքի 244-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները պարունակող՝ մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթ:

Եթե ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու նպատակը դրանց վերանորոգումն է, ապա որպես սույն ենթակետի առաջին մասում նշված փաստաթուղթ՝ հայտարարատուն իրավունք ունի օգտագործելու մաքսային հայտարարագիրը.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2) մաքսային մարմինների կողմից հնարավոր լինի օտարերկրյա ապրանքների նույնականացումը վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներում՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 248-րդ հոդվածին համապատասխան համարժեք ապրանքներով փոխարինման դեպքերի:

2. Մաքսային միության հանձնաժողովն իրավասու է որոշելու այն ապրանքների ցանկը, որոնք արգելվում է ձևակերպել «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով:

 

Հոդված 241. Մաքսային տարածքում վերամշակման գործողությունները

 

1. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակման գործողությունները ներառում են՝

1) ապրանքների վերամշակումը կամ մշակումը, որի ժամանակ օտարերկրյա ապրանքները կորցնում են իրենց բնորոշ հատկանիշները,

2) ապրանքների պատրաստումը՝ ներառյալ մոնտաժը, հավաքումը, քանդումը և հարմարեցումը,

3) ապրանքների վերանորոգումը՝ ներառյալ բաղադրատարրերի վերականգնումը, փոխարինումը,

4) այնպիսի ապրանքների օգտագործումը որպես հումք, որոնք նպաստում են վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների արտադրությանը կամ դյուրացնում են դրանց արտադրությունը, նույնիսկ եթե այդ ապրանքներն ամբողջությամբ կամ մասամբ գործածվում են վերամշակման գործընթացում: Նշված գործողությունը պետք է կատարվի սույն կետի 1-3-րդ ենթակետերում նշված գործողություններից մեկի հետ միաժամանակ:

2. Ապրանքների վերամշակման գործողություններ չեն համարվում՝

1) ապրանքները վաճառքի և տրանսպորտային փոխադրման համար նախապատրաստելու ժամանակ դրանց պահպանվածությունն ապահովող գործողությունները,

2) ծին ստանալը, կենդանիների, թռչունների, ձկների բուծումը և բտումը, ինչպես նաև խեցգետնանմանների և կակղամորթների բուծումը,

3) ծառերի և բույսերի աճեցումը,

4) տեղեկությունների, ձայնագրությունների և տեսագրությունների պատճենումը և բազմացումը ցանկացած տեսակի տեղեկակիրների վրա,

5) տեխնոլոգիական գործընթացներում օտարերկրյա ապրանքների օգտագործումը որպես օժանդակ միջոցներ (սարքավորում, հաստոցներ, հարմարանքներ և այլն):

 

Հոդված 242. Օտարերկրյա ապրանքների նույնականացումը վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներում

 

Օտարերկրյա ապրանքները՝ դրանց վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներում նույնականացնելու նպատակով կարող են կիրառվել հետևյալ եղանակները՝

1) սկզբնային օտարերկրյա ապրանքների վրա հայտարարատուի, վերամշակում իրականացնողի կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից կնիքների, դրոշմակնիքների դնում, թվային և այլ դրոշմավորման կատարում.

2) օտարերկրյա ապրանքների մանրամասն նկարագրում, լուսանկարում, մասշտաբային պատկերում.

3) օտարերկրյա ապրանքների և դրանց վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների՝ նախապես վերցված փորձանմուշների, նմուշների համադրում.

4) ապրանքների առկա դրոշմավորման օգտագործում, այդ թվում՝ հերթական համարների տեսքով.

5) այլ եղանակներ, որոնք կարող են կիրառվել՝ ելնելով ապրանքների բնույթից և ապրանքների վերամշակման համար կատարվող գործողություններից, այդ թվում՝ ապրանքների վերամշակման գործողությունների կատարման տեխնոլոգիական գործընթացում օտարերկրյա ապրանքների օգտագործման, ինչպես նաև վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների արտադրության տեխնոլոգիայի մասին ներկայացված մանրամասն տեղեկությունների ուսումնասիրության կամ ապրանքների մշակման գործողություններ կատարելու ընթացքում մաքսային հսկողություն իրականացնելու միջոցով:

 

Հոդված 243. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետը

 

1. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետը չի կարող գերազանցել 3 (երեք) տարին:

Ապրանքների վերամշակման ժամկետի հաշվարկը մեկնարկում է դրանք «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից, իսկ ապրանքների առանձին խմբաքանակների (մի քանի խմբաքանակների) մաքսային հայտարարագրում իրականացնելու դեպքում՝ ապրանքների առաջին խմբաքանակն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:

Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ ապրանքների առանձին կատեգորիաների համար կարող է սահմանվել Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ավելի տևական ժամկետ:

2. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետը ներառում է՝

1) ապրանքների վերամշակման արտադրական գործընթացի տևողությունը,

2) վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների փաստացի արտահանման և օտարերկրյա ապրանքների թափոնների ու մնացորդների տնօրինման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ ժամանակը:

3. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետը կարող է երկարաձգվել սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետում:

4. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետի սահմանման և երկարաձգման կարգը որոշվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 244. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը

 

1. Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրվող՝ մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը կարող է ստանալ Մաքսային միության ցանկացած անդամ պետության անձ, որի տարածքում տրվում է այդ փաստաթուղթը, այդ թվում՝ ապրանքների վերամշակման գործողություններ անմիջականորեն չկատարող անձինք:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը պետք է տեղեկություններ ներառի՝

1) այն անձի մասին, որին տրվել է փաստաթուղթը.

2) այն անձի (անձանց) մասին, որը (որոնք) պետք է անմիջականորեն կատարի (կատարեն) վերամշակման գործողություններ.

3) օտարերկրյա ապրանքների և դրանց վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան անվանումների, դասակարգումների, դրանց քանակի և արժեքի մասին.

4) արտաքին տնտեսական գործարքի կատարումը հավաստող փաստաթղթերի կամ արտաքին տնտեսական գործարքից դուրս՝ ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը հավաստող փաստաթղթերի մասին.

5) վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների չափաքանակների մասին.

6) ապրանքների վերամշակման գործողությունների, դրանց կատարման եղանակների մասին.

7) ապրանքների նույնականացման եղանակների մասին.

8) մնացորդների և թափոնների՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան անվանումների, դասակարգումների, դրանց քանակի և արժեքի մասին.

9) մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետի մասին.

10) համարժեք ապրանքներով փոխարինման մասին, եթե այդպիսի փոխարինում թույլատրվում է.

11) առևտրային նպատակներով թափոնների հետագա օգտագործման հնարավորության մասին.

12) այն մաքսային մարմնի (մարմինների) մասին, որում (որոնցում) ենթադրվում է ապրանքների՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպում և այդ մաքսային ընթացակարգի եզրափակում:

3. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը կարող է ներառել սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկություններից բացի այլ տեղեկություններ, եթե դա սահմանված է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

4. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթի տրման, դրանում փոփոխությունների և լրացումների կատարման, ինչպես նաև այն չեղարկելու (չեղյալ հայտարարելու) ձևը և կարգը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

5. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքների բացթողումն իրականացվում է Մաքսային միության անդամ պետության այն մաքսային մարմնի կողմից, որի լիազորված մարմնի կողմից տրվել է մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը:

 

Հոդված 245. Մաքսային տարածքում վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների չափաքանակները

 

1. Վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների չափաքանակ ասելով՝ ենթադրվում է օտարերկրյա ապրանքների որոշակի քանակության վերամշակման արդյունքում գոյացած՝ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների քանակը կամ տոկոսային պարունակությունը:

2. Եթե մաքսային տարածքում վերամշակման գործողությունների են ենթարկվում այն ապրանքները, որոնց հատկանիշները մնում են անփոփոխ, եթե այդ գործողությունները սովորաբար իրականացվում են հստակ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան, և, արդյունքում, ստացվում են անփոփոխ որակի՝ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներ, ապա Մաքսային միության անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից կարող են սահմանվել վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների ստանդարտ չափաքանակներ:

 

Հոդված 246. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման արդյունքում գոյացած թափոնները և արտադրական կորուստները

 

1. Մաքսային տարածքում օտարերկրյա ապրանքների վերամշակման արդյունքում գոյացած թափոնները ենթակա են այլ մաքսային ընթացակարգով ձևակերպման, բացառությամբ այն դեպքի, երբ նշված թափոնները վերամշակման արդյունքում դարձել են առևտրային նպատակներով հետագայում օգտագործվելու համար ոչ պիտանի:

2. Մաքսային նպատակների համար նշված թափոնները դիտվում են որպես Մաքսային միության մաքսային տարածք այդ վիճակում ներմուծված ապրանքներ:

Թափոնների մաքսային արժեքի որոշման առանձնահատկությունները սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

(երկրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

3. Վերամշակման գործողությունների արդյունքում գոյացող և (կամ) անվերադարձ կերպով անհետացող արտադրական կորուստները ենթակա չեն այլ մաքսային ընթացակարգով ձևակերպման:

 

Հոդված 247. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մնացորդները

 

Վերամշակման գործողությունների արդյունքում գոյացած ապրանքների մնացորդները՝ դրանց չափաքանակներին համապատասխան, ենթակա են այլ մաքսային ընթացակարգով ձևակերպման:

 

Հոդված 248. Համարժեք ապրանքներով փոխարինումը

 

1. Մաքսային մարմնի թույլտվությամբ՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները կարելի է փոխարինել համարժեք ապրանքներով:

2. Համարժեք ապրանքներ են համարվում Մաքսային միության այն ապրանքները, որոնք իրենց նկարագրով, որակով և տեխնիկական հատկանիշներով համապատասխանում են օտարերկրյա ապրանքներին:

Եթե «արտահանում» մաքսային ընթացակարգով նախկինում արտահանված ապրանքների կառուցվածքի մաս կազմող, անսարք վիճակում գտնվող տարրերը, հանգույցները, ագրեգատները ներմուծվում են երաշխիքային վերանորոգման նպատակով, Մաքսային միության ապրանքները, որոնք իրենց նկարագրով, որակով և տեխնիկական հատկանիշներով համապատասխանում են ներմուծված ապրանքներին, դիտարկվում են որպես համարժեք ապրանքներ՝ առանց հաշվի առնելու դրանց սարքինության և (կամ) մաշվածության աստիճանը:

(երկրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

3. Համարժեք ապրանքների վերամշակման արդյունքում ստացված ապրանքները դիտարկվում են որպես օտարերկրյա ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներ՝ սույն գլխի դրույթներին համապատասխան:

4. Համարժեք ապրանքները ստանում են օտարերկրյա ապրանքի կարգավիճակ, իսկ դրանցով փոխարինված ապրանքները՝ Մաքսային միության ապրանքի կարգավիճակ:

5. Եթե թույլատրվում է օտարերկրյա ապրանքների փոխարինումը համարժեք ապրանքներով, ապա համարժեք ապրանքներից ստացված՝ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների արտահանումը հնարավոր է նախքան Մաքսային միության մաքսային տարածք օտարերկրյա ապրանքների ներմուծումը: Ընդ որում, այդպիսի փոխարինման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 249. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակումը

 

1. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակվում է նախքան ապրանքների վերամշակման ժամկետը լրանալը՝ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների, վերամշակման գործողությունների չենթարկված օտարերկրյա ապրանքների, վերամշակման արդյունքում գոյացած մնացորդների ու թափոնների՝ սույն Օրենսգրքով նախատեսված կարգով ու պայմաններով «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպմամբ:

«Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է եզրափակվել նախքան ապրանքների վերամշակման ժամկետը լրանալը՝ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների, վերամշակման գործողությունների չենթարկված օտարերկրյա ապրանքների, վերամշակման արդյունքում գոյացած մնացորդների ու թափոնների՝ սույն Օրենսգրքով նախատեսված կարգով ու պայմաններով «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ որևէ այլ մաքսային ընթացակարգով ձևակերպմամբ, բացառությամբ «տարանցում» մաքսային ընթացակարգի: Ընդ որում, վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցներ չեն կիրառվում:

(երկրորդ մասը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Նախքան ապրանքների վերամշակման ժամկետը լրանալը «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը (ապրանքների վերամշակման ժամկետի տևողությունը) կարող է կասեցվել վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները «մաքսային պահեստ» կամ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում: «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության կասեցման և վերսկսման կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

3. Վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները մեկ կամ մի քանի խմբաքանակներով (առաքումներով) կարող են ձևակերպվել «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով և (կամ) այլ մաքսային ընթացակարգերով:

Ընդ որում, վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցներ չեն կիրառվում:

 

Հոդված 250. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար

 

1. Հայտարարատուի՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար առաջանում է մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու պահից:

2. Հայտարարատուի՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար դադարում է՝

1) «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակման պահին՝ մինչև սույն Օրենսգրքի 243-րդ հոդվածի 1-ին կետի համապատասխան՝ ապրանքների վերամշակման ժամկետի լրանալը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ընթացակարգի գործողության ընթացքում վրա է հասել ներմուծման մաքսատուրքերի վճարման ժամկետը.

2) սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերում:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետ է համարվում՝

1) ապրանքների փոխանցման օրը, եթե օտարերկրյա ապրանքները փոխանցվել են այն անձին, որին չի տրվել մաքսային տարածքում վերամշակման պայմանների մասին փաստաթուղթ, և (կամ) այն անձին, որն անմիջականորեն չի կատարում վերամշակման գործողություններ՝ առանց մաքսային մարմինների թույլտվության, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա՝ մաքսային մարմնի կողմից՝ այն մաքսային հայտարարագրի գրանցման օրը, որը տրվում է ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար.

2) ապրանքների կորստի օրը, եթե օտարերկրյա ապրանքները կորել են մինչև ապրանքների վերամշակման ժամկետը լրանալը, բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրասպորտային փոխադրման) և պահպանության բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա մաքսային մարմնի կողմից՝ ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված մաքսային հայտարարագրի գրանցման օրը.

3) ապրանքների վերամշակման ժամկետը լրանալու օրը, եթե «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգը չի եզրափակվել՝ մինչև սույն Օրենսգրքի 243-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված՝ ապրանքների վերամշակման ժամկետի լրանալը:

4. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներին համարժեք գումարի չափով, որոնք վճարման ենթակա կլինեին ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ առանց հաշվի առնելու մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնությունները, որոնք հաշվարկվում են մաքսային մարմնի կողմից՝ այն մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից, որը տրվում է ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար:

5. «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները մաքսային տարածքից չարտահանելու դեպքում սույն Օրենսգրքի 300-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ մասին համապատասխան վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներից սույն հոդվածի 1-ին կետում նշված անձի կողմից վճարվում են տոկոսներ այնպես, ինչպես դա կկատարվեր, եթե այդ գումարների համար ընձեռվեր Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման հետաձգման հնարավորություն:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Տոկոսները հաշվեգրվում են ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից մինչև ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցման օրը:

 

Հոդված 251. Օտարերկրյա ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու առանձնահատկությունները

 

1. Վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս վճարվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներ՝ հաշվարկված «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների պատրաստման համար՝ դրանց չափաքանակներին համապատասխան օգտագործված օտարերկրյա ապրանքների համար:

2. Վերամշակման գործողությունների չենթարկված վերամշակումից ստացվելիք արդյունքների և (կամ) օտարերկրյա ապրանքների՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպման դեպքում, Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, փոխարժեքների դրույքաչափերը սահմանվում են մաքսային մարմնի կողմից՝ այն մաքսային հայտարարագրի գրանցման օրը, որը տրվում է ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար:

3. Վերամշակման գործողությունների չենթարկված՝ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները և (կամ) օտարերկրյա ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու ժամանակ վճարված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարից վճարվում են տոկոսներ, այնպես, ինչպես դա կկատարվեր, եթե այդ գումարների համար ընձեռվեր դրանց վճարման հետաձգման հնարավորություն՝ մաքսային մարմնի կողմից՝ այն մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից, որը տրվում է այդ ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար՝ հաշվարկված Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 35. «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 252. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի էությունը

 

1. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում»՝ մաքսային ընթացակարգ, որով Մաքսային միության ապրանքներն արտահանվում են Մաքսային միության մաքսային տարածքից՝ սահմանված ժամկետներում Մաքսային միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողություններ կատարելու նպատակով՝ արտահանման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու, ինչին հաջորդում է վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք:

2. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Մաքսային միության մաքսային տարածքից փաստացիորեն արտահանված ապրանքները կորցնում են Մաքսային միության ապրանքի կարգավիճակը:

 

Հոդված 253. Ապրանքները «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները

 

1. Ապրանքների՝ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը թույլատրվում է պայմանով, որ՝

1) ներկայացվի Մաքսային միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված և սույն Օրենսգրքի 257-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները պարունակող՝ մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթ:

Եթե ապրանքները «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու նպատակը դրանց վերանորոգումն է, ապա որպես սույն ենթակետի առաջին մասում նշված փաստաթուղթ՝ կարող է օգտագործվել մաքսային հայտարարագիրը.

2) մաքսային մարմինների կողմից հնարավոր լինի Մաքսային միության ապրանքների նույնականացումը վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներում՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 259-րդ հոդվածին համապատասխան վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները օտարերկրյա ապրանքներով փոխարինման դեպքերի:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Մաքսային միության հանձնաժողովն իրավասու է որոշելու այն ապրանքների ցանկը, որոնք արգելվում է ձևակերպել «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով:

3. Ապրանքները, որոնք «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվել են մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված այն արտոնությունների կիրառմամբ, որոնք զուգակցված են այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումներով, կարող են ձևակերպվել «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով դրանց վերանորոգման գործողություններ կատարելու համար:

 

Հոդված 254. Մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողությունները

 

«Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակման գործողությունները ներառում են՝

1) ապրանքների վերամշակումը կամ մշակումը, որի ժամանակ ապրանքները կորցնում են իրենց բնորոշ հատկանիշները.

2) ապրանքների պատրաստումը՝ ներառյալ մոնտաժը, հավաքումը, քանդումը և հարմարեցումը.

3) ապրանքի վերանորոգումը՝ ներառյալ դրա վերականգնումը, բաղադրատարրերի փոխարինումը:

 

Հոդված 255. Մաքսային միության ապրանքների նույնականացումը վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներում

 

Մաքսային միության ապրանքները՝ դրանց վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներում նույնականացնելու նպատակով կարող են կիրառվել հետևյալ եղանակները՝

1) Մաքսային միության սկզբնային ապրանքների վրա հայտարարատուի, վերամշակում իրականացնողի կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից կնիքների, դրոշմակնիքների դնում, թվային և այլ դրոշմավորման կատարում.

2) Մաքսային միության ապրանքների մանրամասն նկարագրում, լուսանկարում, մասշտաբային պատկերում.

3) Մաքսային միության ապրանքների և դրանց վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների՝ նախապես վերցված փորձանմուշների, նմուշների համադրում.

4) առկա դրոշմավորման օգտագործում, այդ թվում՝ հերթական համարների տեսքով.

5) այլ եղանակներ, որոնք կարող են կիրառվել՝ ելնելով ապրանքների բնույթից և ապրանքների վերամշակման կատարվող գործողություններից, այդ թվում՝ ապրանքների վերամշակման գործողությունների կատարման տեխնոլոգիական գործընթացում Մաքսային միության ապրանքների օգտագործման, ինչպես նաև վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների արտադրության տեխնոլոգիայի մասին ներկայացված մանրամասն տեղեկությունների ուսումնասիրության միջոցով:

 

Հոդված 256. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման ժամկետը

 

1. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման ժամկետը չի կարող գերազանցել 2 (երկու) տարին:

Ապրանքների վերամշակման ժամկետի հաշվարկը մեկնարկում է դրանք «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից, իսկ ապրանքների առանձին խմբաքանակների (մի քանի խմբաքանակների) մաքսային հայտարարագրում իրականացնելու դեպքում՝ ապրանքների առաջին խմբաքանակն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:

2. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման ժամկետը ներառում է՝

1) ապրանքների վերամշակման արտադրական գործընթացի տևողությունը.

2) վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների փաստացի ներմուծման և դրանք՝ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակող մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար անհրաժեշտ ժամանակը:

3. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման ժամկետը կարող է երկարաձգվել սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետում:

4. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման ժամկետի սահմանման և երկարաձգման կարգը որոշվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 257. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը

 

1. Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրվող՝ մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը կարող է ստանալ Մաքսային միության ցանկացած անդամ պետության անձ, որի տարածքում տրվում է այդ փաստաթուղթը:

2. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝

1) այն անձի մասին, որին տրվել է փաստաթուղթը.

2) այն անձի (անձանց) մասին, որը (որոնք) պետք է անմիջականորեն կատարի (կատարեն) վերամշակման գործողություններ.

3) Մաքսային միության ապրանքների և դրանց վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան անվանումների, դասակարգումների, դրանց քանակի և արժեքի մասին.

4) արտաքին տնտեսական գործարքի կատարումը հավաստող փաստաթղթերի կամ արտաքին տնտեսական գործարքից դուրս՝ ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը հավաստող փաստաթղթերի մասին.

5) վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների չափաքանակների մասին.

6) ապրանքների վերամշակման գործողությունների, դրանց կատարման եղանակների մասին.

7) ապրանքների նույնականացման եղանակների մասին.

8) մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման ժամկետի մասին.

9) վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներն օտարերկրյա ապրանքներով փոխարինման մասին, եթե այդպիսի փոխարինում թույլատրվում է.

10) այն մաքսային մարմնի (մարմինների) մասին, որում (որոնցում) ենթադրվում է ապրանքներ՝ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպում և այդ մաքսային ընթացակարգի եզրափակում:

3. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը կարող է ներառել սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկություններից բացի այլ տեղեկություններ, եթե դա սահմանված է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

4. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթի տրման, դրանում փոփոխությունների և լրացումների կատարման, ինչպես նաև այն չեղարկելու (չեղյալ հայտարարելու) ձևը և կարգը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

5. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով Մաքսային միության ապրանքների բացթողումն իրականացվում է Մաքսային միության անդամ պետության այն մաքսային մարմնի կողմից, որի լիազորված մարմնի կողմից տրվել է մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը:

 

Հոդված 258. Մաքսային տարածքից դուրս վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների չափաքանակները

 

1. Վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների չափաքանակ ասելով՝ ենթադրվում է Մաքսային միության ապրանքների որոշակի քանակության վերամշակման արդյունքում գոյացած՝ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների քանակը կամ տոկոսային պարունակությունը:

2. Եթե մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողությունների են ենթարկվում այն ապրանքները, որոնց հատկանիշները մնում են անփոփոխ, եթե այդ գործողությունները սովորաբար իրականացվում են հստակ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան, և, արդյունքում, ստացվում են անփոփոխ որակի՝ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներ, ապա Մաքսային միության անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից կարող են սահմանվել վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների ստանդարտ չափաքանակներ:

 

Հոդված 259. Վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների փոխարինումը օտարերկրյա ապրանքներով

 

1. Մաքսային մարմնի թույլտվությամբ՝ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները կարելի է փոխարինել այնպիսի օտարերկրյա ապրանքներով, որոնք իրենց նկարագրով, որակով և տեխնիկական հատկանիշներով համապատասխանում են վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներին՝ այն դեպքում, երբ վերամշակման գործողություն է համարվում վերանորոգումը, ինչպես նաև ապրանքները խողովակաշարային տրանսպորտով տեղափոխելու դեպքում:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Եթե թույլատրվում է վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների փոխարինումը համարժեք օտարերկրյա ապրանքներով, ապա այդպիսի օտարերկրյա ապրանքների ներմուծումը հնարավոր է մինչև Մաքսային միության մաքսային տարածքից Մաքսային միության ապրանքների արտահանումը: Ընդ որում, այդպիսի փոխարինման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 260. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակումը

 

1. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակվում է մինչև ապրանքների վերամշակման ժամկետի լրանալը՝ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների՝ «վերաներմուծում» կամ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգերով ձևակերպմամբ, սույն Օրենսգրքով նախատեսված կարգով և պայմաններով:

«Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է եզրափակվել մինչև ապրանքների վերամշակման ժամկետի լրանալը՝ վերամշակման գործողությունների չենթարկված ապրանքները սույն Օրենսգրքով նախատեսված կարգով և պայմաններով «վերաներմուծում» կամ «արտահանում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելով:

«Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգը չի կարող եզրափակվել «արտահանում» մաքսային ընթացակարգով, եթե Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) դրանց վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները պարտադիր կերպով ենթակա են վերադարձման Մաքսային միության անդամ պետության տարածք:

2. Վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները կարող են ձևակերպվել «վերաներմուծում» և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգերով մեկ կամ մի քանի խմբաքանակներով (առաքումներով):

 

Հոդված 261. Արտահանման մաքսատուրքերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար

 

1. Հայտարարատուի՝ արտահանման մաքսատուրքերի, վճարման պարտավորությունը «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար առաջանում է մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու պահից:

2. Հայտարարատուի՝ արտահանման մաքսատուրքերի վճարման պարտավորությունը «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակեպվող (ձևակերպված) ապրանքների համար դադարում է՝

1) «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակման պահին՝ մինչև սույն Օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին կետի համապատասխան՝ ապրանքների վերամշակման ժամկետի լրանալը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ընթացակարգի գործողության ընթացքում վրա է հասել արտահանման մաքսատուրքերի վճարման ժամկետը,

2) սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերում:

3. Արտահանման մաքսատուրքերի վճարման ժամկետ է համարվում՝

1) ապրանքների փոխանցման օրը, եթե դրանք փոխանցվում են վերամշակման գործողություններն անմիջականորեն չկատարող անձի՝ առանց մաքսային մարմինների թույլտվության, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա՝ ապրանքների փոխանցման փաստը մաքսային մարմնի կողմից բացահայտվելու օրը,

2) ապրանքների կորստի օրը, եթե ապրանքները կորել են մինչև ապրանքների վերամշակման ժամկետի լրանալը, բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրասպորտային փոխադրման) և պահպանության բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա՝ մաքսային մարմնի կողմից՝ ապրանքների կորստի փաստը բացահայտելու օրը,

3) ապրանքների վերամշակման ժամկետը լրանալու օրը, եթե «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգը չի եզրափակվել՝ մինչև սույն Օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված՝ ապրանքների վերամշակման ժամկետը լրանալը:

4. Արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման արտահանման մաքսատուրքերի գումարներին համարժեք գումարի չափով, որոնք վճարման ենթակա կլինեին ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, և որոնք հաշվարկվում են մաքսային մարմնի կողմից՝ այն մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից, որը տրվում է ապրանքները «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար:

 

Հոդված 262. Վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու առանձնահատկությունները

 

Վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարվում են հետևյալ կարգով՝

1) ներմուծման մաքսատուրքերի՝ վճարման ենթակա գումարը որոշվում է ապրանքների վերամշակման գործողությունների արժեքի հիման վրա:

Եթե հնարավոր չէ սահմանել վերամշակման գործողությունների արժեքը, ապա այն սահմանվում է որպես վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների մաքսային արժեքի և «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մաքսային արժեքի տարբերություն այնպես, ինչպես դա կարվեր, եթե այդ ապրանքները Մաքսային միության մաքսային տարածքից արտահանվեին վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպման օրը:

Եթե վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների նկատմամբ կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի հատուկ դրույքաչափեր, ներմուծման մաքսատուրքերի՝ վճարման ենթակա գումարը որոշվում է որպես վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների նկատմամբ հատուկ դրույքաչափով հաշվարկված՝ ներմուծման մաքսատուրքերի գումարի արտադրյալ՝ վերամշակման գործողությունների արժեքի և վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների մաքսային արժեքի հարաբերակցությամբ, այնպես, ինչպես դա կարվեր, եթե վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով.

2) ավելացված արժեքի հարկի՝ վճարման ենթակա գումարը որոշվում է ապրանքների վերամշակման գործողությունների արժեքի հիման վրա, որը այդպիսի գործողությունների արժեքը հաստատող փաստաթղթերի բացակայության պարագայում կարող է որոշվել որպես վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների մաքսային արժեքի և վերամշակման համար արտահանված ապրանքների մաքսային արժեքի մնացորդ.

3) վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների դեպքում ակցիզների գումարը ենթակա է վճարման ամբողջությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ ապրանքների վերամշակման գործողությունը արտահանված ապրանքների վերանորոգումն է:

 

Հոդված 263. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու առանձնահատկությունները

 

1. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» ընթացակարգով ձևակերպված ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում ապրանքների մաքսային արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշները՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ), Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված արտահանման մաքսատուրքերի և փոխարժեքների դրույքաչափերը սահմանվում են մաքսային մարմնի կողմից այն մաքսային հայտարարագրի գրանցման օրը, որը տրվում է ապրանքները «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար:

2. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» ընթացակարգով ձևակերպված ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս վճարված արտահանման մաքսատուրքերի գումարից վճարվում են տոկոսներ այնպես, ինչպես դա կարվեր, եթե այդ գումարների համար մաքսային մարմնի կողմից ընձեռվեր դրանց վճարումը հետաձգելու հնարավորություն այն մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից, որը տրվում է այդ ապրանքները «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելոււ համար, և որոնք հաշվարկվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 36. «ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

Հոդված 264. «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի էությունը

 

«Ներքին սպառման համար վերամշակում»՝ մաքսային ընթացակարգ, որի դեպքում օտարերկրյա ապրանքները, Մաքսային միության մաքսային տարածքում, սահմանված ժամկետներում՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման, օգտագործվում են վերամշակման գործողություններ կատարելու համար՝ արգելքների և սահմանափակումների, ինչպես նաև հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հետ կապված սահմանափակումների կիրառմամբ, վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները հետագայում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով՝ վճարելով ներմուծման մաքսատուրքեր այն դրույքաչափերով, որոնք կիրառվում են վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների նկատմամբ:

 

Հոդված 265. Ապրանքները «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները

 

1. Ներքին սպառման համար վերամշակումը թույլատրելի է այն ապրանքների նկատմամբ, որոնց ցանկը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Ապրանքներ՝ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը թույլատրելի է այն դեպքում, երբ.

1) ներկայացվում է Մաքսային միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված և սույն Օրենսգրքի 269-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները պարունակող՝ ներքին սպառման համար ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը.

2) առկա է մաքսային մարմինների կողմից օտարերկրյա ապրանքների նույնականացման հնարավորությունը դրանց վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներում.

3) վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների համար վճարման ենթակա՝ ներմուծման մաքսատուրքերի գումարներն ավելի քիչ են, քան այն գումարները, որոնք պետք է վճարվեին օտարերկրյա ապրանքները «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվա դրությամբ, եթե դրանք ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով.

4) վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների նախնական վիճակը չի կարող վերականգնվել տնտեսապես շահավետ եղանակով:

3. «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքի կարգավիճակը, իսկ ապրանքների վերամշակման գործողությունների արդյունքում ստացված ապրանքները ստանում են օտարերկրյա ապրանքի կարգավիճակ:

4. «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել այն օտարերկրյա ապրանքները, որոնք ավելի վաղ ձևակերպվել են մաքսային ընթացակարգերով՝ պահպանելով սույն Օրենսգրքով նախատեսված պահանջները և պայմանները:

 

Հոդված 266. Ներքին սպառման համար վերամշակման գործողություններ

 

1. «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակման գործողությունները ներառում են՝

1) ապրանքների վերամշակումը կամ մշակումը, որի ժամանակ օտարերկրյա ապրանքները կորցնում են իրենց բնորոշ հատկանիշները.

2) ապրանքների պատրաստումը՝ ներառյալ մոնտաժը, հավաքումը, քանդումը և հարմարեցումը.

2. Ապրանքների վերամշակման գործողություններ չեն համարվում՝

1) ապրանքները վաճառքի և տրանսպորտային փոխադրման համար նախապատրաստելու ժամանակ դրանց պահպանվածությունն ապահովող գործողությունները.

2) ծին ստանալը, կենդանիների, թռչունների, ձկների բուծումը և բտումը, ինչպես նաև խեցգետնանմանների և կակղամորթների բուծումը.

3) ծառերի և բույսերի աճեցումը.

4) տեղեկությունների, ձայնագրությունների և տեսագրությունների պատճենումը և բազմացումը ցանկացած տեսակի տեղեկակիրների վրա:

 

Հոդված 267. Օտարերկրյա ապրանքների նույնականացումը վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներում

 

Օտարերկրյա ապրանքները՝ դրանց վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներում նույնականացնելու նպատակով կարող են կիրառվել հետևյալ եղանակները.

1) սկզբնային օտարերկրյա ապրանքների վրա հայտարարատուի, վերամշակում իրականացնողի կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից կնիքների, դրոշմակնիքների դնում, թվային և այլ դրոշմավորման կատարում.

2) օտարերկրյա ապրանքների մանրամասն նկարագրում, լուսանկարում, մասշտաբային պատկերում.

3) օտարերկրյա ապրանքների և դրանց վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների՝ նախապես վերցված փորձանմուշների, նմուշների համադրում.

4) առկա դրոշմավորման օգտագործում, այդ թվում՝ հերթական համարների տեսքով.

5) այլ եղանակներ, որոնք կարող են կիրառվել՝ ելնելով ապրանքների բնույթից և ապրանքների վերամշակման կատարվող գործողություններից, այդ թվում՝ ապրանքների վերամշակման գործողությունների կատարման տեխնոլոգիական գործընթացում օտարերկրյա ապրանքների օգտագործման, ինչպես նաև վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների արտադրության տեխնոլոգիայի մասին ներկայացված մանրամասն տեղեկությունների ուսումնասիրության կամ ապրանքների մշակման գործողություններ կատարելու ընթացքում մաքսային հսկողություն իրականացնելու միջոցով:

 

Հոդված 268. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման ժամկետը

 

1. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին:

Ապրանքների վերամշակման ժամկետի հաշվարկը մեկնարկում է դրանք «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից, իսկ ապրանքների առանձին խմբաքանակների (մի քանի խմբաքանակների) մաքսային հայտարարագրում իրականացնելու դեպքում՝ ապրանքների առաջին խմբաքանակն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:

Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ՝ ապրանքների առանձին կատեգորիաների համար կարող է սահմանվել ներքին սպառման համար վերամշակման ավելի տևական ժամկետ:

2. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման ժամկետն իր մեջ ներառում է՝

1) ապրանքների վերամշակման արտադրական գործընթացի տևողությունը.

2) վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպման համար անհրաժեշտ ժամանակը:

3. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման ժամկետը կարող է երկարաձգվել սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետի սահմաններում:

4. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման ժամկետի սահմանման և երկարաձգման կարգը որոշվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 269. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը

 

1. Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրվող՝ ներքին սպառման համար ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը կարող է ստանալ Մաքսային միության անդամ պետության ցանկացած անձ, որի տարածքում տրվում է այդ փաստաթուղթը, այդ թվում՝ ապրանքների վերամշակման գործողություններ անմիջականորեն չկատարող անձը:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը պետք է տեղեկություններ պարունակի՝

1) այն անձի մասին, որին տրվել է փաստաթուղթը.

2) այն անձի (անձանց) մասին, որը (որոնք) պետք է անմիջականորեն կատարի (կատարեն) վերամշակման գործողություններ.

3) օտարերկրյա ապրանքների և դրանց վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան անվանումների, դասակարգումների, դրանց քանակի և արժեքի մասին.

4) արտաքին տնտեսական գործարքի կատարումը հավաստող փաստաթղթերի, կամ արտաքին տնտեսական գործարքից դուրս՝ ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը հավաստող փաստաթղթերի մասին.

5) վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների չափաքանակների մասին.

6) ապրանքների վերամշակման գործողությունների և դրանց կատարման եղանակների մասին.

7) ապրանքների նույնականացման եղանակների մասին.

8) մնացորդների և թափոնների՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան անվանումների, դասակարգումների, դրանց քանակի և արժեքի մասին.

9) ներքին սպառման համար ապրանքների վերամշակման ժամկետի մասին.

10) առևտրային նպատակներով թափոնների հետագա օգտագործման հնարավորության մասին.

11) այն մաքսային մարմնի (մարմինների) մասին, որում (որոնցում) ենթադրվում է ապրանքների՝ «ներքին սպառման համար ապրանքների վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպում և այդ մաքսային ընթացակարգի եզրափակում:

3. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը կարող է պարունակել և այլ տեղեկություններ, եթե այդպես սահմանված է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

4. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթի տրման, դրանում փոփոխությունների և լրացումների կատարման, ինչպես նաև այն չեղարկելու (չեղյալ հայտարարելու) ձևը և կարգը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

5. «Ներքին սպառման համար ապրանքների վերամշակում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ օտարերկրյա ապրանքների բացթողումն իրականացվում է Մաքսային միության անդամ պետության այն մաքսային մարմնի կողմից, որի լիազորված մարմնի կողմից տրվել է ներքին սպառման համար ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը:

 

Հոդված 270. Ներքին սպառման համար վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների չափաքանակները

 

1. Վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների չափաքանակ ասելով ենթադրվում է օտարերկրյա ապրանքների որոշակի քանակության վերամշակման արդյունքում գոյացած՝ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների քանակը կամ տոկոսային պարունակությունը:

2. Եթե ներքին սպառման համար վերամշակման գործողություններն իրականացվում են ապրանքների նկատմամբ, որոնց հատկանիշները մնում են անփոփոխ, եթե սովորաբար իրականացվում են հստակ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան և հանգեցնում վերամշակումից հետո ստացվելիք՝ անփոփոխ որակի արդյունքների ստացմանը, ապա Մաքսային միության անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից կարող են սահմանվել վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների ստանդարտ չափաքանակներ:

 

Հոդված 271. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման արդյունքում գոյացած թափոններ և արտադրական կորուստներ

 

1. Ներքին սպառման համար օտարերկրյա ապրանքների վերամշակման արդյունքում գոյացած թափոնները՝ մինչև վերամշակման ժամկետը լրանալը, ենթակա են այլ մաքսային ընթացակարգով ձևակերպման, բացառությամբ այն դեպքերի, երբ վերամշակման արդյունքում նշված թափոնները դարձել են առևտրային նպատակներով հետագայում օգտագործվելու համար ոչ պիտանի:

2. Մաքսային նպատակների համար նշված թափոնները դիտվում են որպես Մաքսային միության մաքսային տարածք այդ վիճակում ներմուծված ապրանքներ:

Թափոնների մաքսային արժեքի որոշման առանձնահատկությունները սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

(երկրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

3. Վերամշակման գործողությունների կատարման արդյունքում գոյացող և (կամ) անվերադարձ կերպով անհետացող արտադրական կորուստները ենթակա չեն այլ մաքսային ընթացակարգով ձևակերպման:

 

Հոդված 272. «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մնացորդներ

 

Չափաքանակներին համապատասխան ներքին սպառման համար վերամշակման արդյունքում գոյացած ապրանքների մնացորդները մինչև վերամշակման ժամկետի լրանալը ենթակա են այլ մաքսային ընթացակարգով ձևակերպման:

 

Հոդված 273. «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակումը

 

«Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակվում է մինչև ապրանքների վերամշակման ժամկետի լրանալը՝ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպմամբ, սույն Օրենսգրքով նախատեսված կարգով և պայմաններով:

Ընդ որում, վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցներ չեն կիրառվում:

 

Հոդված 274. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար

 

1. Հայտարարատուի՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար առաջանում է մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու պահից:

2. Հայտարարատուի՝ հարկերի վճարման պարտավորությունը «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ապրանքների համար դադարում է սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերում:

3. Հայտարարատուի՝ ներմուծման մաքսատուրքերի վճարման պարտավորությունը «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար դադարում է.

1) «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակման պահին՝ մինչև սույն Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված՝ ապրանքների վերամշակման ժամկետի լրանալը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ընթացակարգի գործողության ընթացքում վրա է հասել ներմուծման մաքսատուրքերի վճարման ժամկետը.

2) սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերում:

4. Օտարերկրյա ապրանքների համար սահմանված հարկերը ենթակա են վճարման մինչև «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը:

5. Ներմուծման մաքսատուրքերի վճարման ժամկետ է համարվում.

1) ապրանքների փոխանցման օրը՝ եթե օտարերկրյա ապրանքները փոխանցվել են այն անձին, որին չի տրվել մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթ, և (կամ) այն անձին, որն անմիջականորեն չի կատարում վերամշակման գործողություններ՝ առանց մաքսային մարմինների թույլտվության, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա մաքսային մարմնի կողմից այն մաքսային հայտարարագրի գրանցման օրը, որը տրվում է ապրանքները «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար.

2) ապրանքների կորստի օրը՝ եթե օտարերկրյա ապրանքները կորել են մինչև ապրանքների վերամշակման ժամկետը լրանալը, բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրասպորտային փոխադրման) և պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա մաքսային մարմնի կողմից ապրանքները «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված մաքսային հայտարարագրի գրանցման օրը.

3) ապրանքների վերամշակման ժամկետի լրանալու օրը՝ եթե «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգը չի եզրափակվել՝ մինչև սույն Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված՝ ապրանքների վերամշակման ժամկետի լրանալը:

6. Ներմուծման մաքսատուրքերը, սույն հոդվածի 5-րդ կետում նշված դեպքերում, ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերի գումարներին համարժեք գումարի չափով, որոնք վճարման ենթակա կլինեին օտարերկրյա ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, և որոնք հաշվարկվում են մաքսային մարմնի կողմից՝ այն մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից, որը տրվում է ապրանքները «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար:

 

Հոդված 275. Վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու առանձնահատկությունները՝ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակման դեպքում

 

1. Մաքսային միության անդամ պետությունների տնտեսության ճյուղերը զարգացնելու և Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում ինվեստիցիոն ապրանքների ներմուծման փոխարինումը խթանելու նպատակով՝ Մաքսային միության հանձնաժողովը իրավունք ունի սահմանելու ապրանքների և (կամ) դրանց վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների առանձին տեսակները, եթե վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի կիրառման նպատակով կարող է կիրառվել մաքսային արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշները՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ), որոնք սահմանվում են մաքսային մարմնի կողմից՝ այն մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից, որը տրվում է այդ ապրանքները «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար:

2. Վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների նկատմամբ կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ ըստ ծագման երկրի այն ապրանքների համար, որոնք ձևակերպվել են «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով: Այն դեպքերում, երբ վերամշակման գործընթացում օգտագործվում են տարբեր երկրներից ծագող օտարերկրյա ապրանքներ, ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի կիրառումն իրականացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները.

1) եթե վերամշակման արդյունքում տեղի է ունեցել ապրանքի դասակարգման ծածկագրի փոփոխում Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի առաջին չորս նիշերից որևէ մեկի մակարդակով, ապա վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների նկատմամբ կիրառվում են մաքսատուրքերի այն դրույքաչափերը, որոնք կիրառվում են այն երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ, որոնց համար առևտրաքաղաքական հարաբերություններում գործում է ազգերի առավել բարենպաստության ռեժիմը.

2) այլ դեպքերում կիրառվում են մաքսատուրքերի դրույքաչափեր՝ ըստ օտարերկրյա այն ապրանքների ծագման երկրի, որոնց մաքսային արժեքն ամենամեծն է:

 

Հոդված 276. Վերամշակման գործողությունների չենթարկված օտարերկրյա ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու առանձնահատկությունները՝ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակման դեպքում

 

1. Վերամշակման գործողությունների չենթարկված օտարերկրյա ապրանքները մինչև ապրանքների վերամշակման ժամկետի լրանալը «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված ներմուծման մաքսատուրքերի և փոխարժեքների դրույքաչափերը սահմանվում են մաքսային մարմնի կողմից՝ այն մաքսային հայտարարագրի գրանցման օրը, որը տրվում է օտարերկրյա ապրանքները «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար:

2. Վերամշակման գործողությունների չենթարկված օտարերկրյա ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու ժամանակ վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարից վճարվում են տոկոսներ, այնպես, ինչպես դա կարվեր, եթե այդ գումարների համար ընձեռվեր դրանց վճարումը հետաձգելու հնարավորություն մաքսային մարմնի կողմից այն մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից, որը տրվում է այդ ապրանքները «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար՝ հաշվարկված Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 37. «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ)» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

Հոդված 277. «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի էությունը

 

«Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)»՝ մաքսային ընթացակարգ, որի դեպքում օտարերկրյա ապրանքներն օգտագործվում են Մաքսային միության մաքսային տարածքում, սահմանված ժամկետում՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից պայմանական (լրիվ կամ մասնակի) ազատմամբ և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման՝ հետագայում դրանք «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով:

 

Հոդված 278. Ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները

 

1. Ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպել թույլատրվում է՝ պայմանով, որ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգը եզրափակելու նպատակով դրանց հետագա մաքսային հայտարարագրման ժամանակ հնարավոր լինի այն ապրանքների նույնականացումը, որոնք ձևակերպվում են այդ մաքսային ընթացակարգով:

Ապրանքների նույնականացում չի պահանջվում այն դեպքերում, երբ Մաքսային միության անդամ պետությունների հետ միջազգային պայմանագրերին համապատասխան, թույլ է տրվում ժամանակավոր ներմուծված ապրանքների փոխարինում:

2. «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով չի թույլատրվում ձևակերպել.

1) սննդամթերքը, խմիչքները՝ ներառյալ ալկոհոլային խմիչքները, ծխախոտը և ծխախոտային արտադրատեսակները, հումքը և կիսաֆաբրիկատները, ծախսվելիք նյութերը և նմուշները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ներմուծվում են մեկ օրինակից՝ գովազդային և (կամ) ցուցադրության նպատակներով կամ՝ որպես ցուցանմուշներ կամ արդյունաբերական նմուշներ.

2) թափոնները՝ ներառյալ արտադրական թափոնները.

3) Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման համար արգելված ապրանքները:

3. «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել այն օտարերկրյա ապրանքները, որոնք ավելի վաղ ձևակերպվել են այլ մաքսային ընթացակարգերով՝ պահպանելով սույն Օրենսգրքով նախատեսված պահանջները և պայմանները:

 

Հոդված 279. Ժամանակավոր ներմուծված ապրանքների օգտագործման և տնօրինման սահմանափակումներ

 

1. «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները (այսուհետ՝ ժամանակավոր ներմուծված ապրանքներ), պետք է մնան անփոփոխ վիճակում՝ բացառությամբ փոխադրման (տրասպորտային փոխադրման), պահպանման և (կամ) օգտագործման (շահագործման) բնականոն պայմաններում բնական մաշվածության կամ բնական կորստի արդյունքում կատարված փոփոխությունների:

Թույլատրվում է ժամանակավոր ներմուծված ապրանքները ենթարկել դրանց պահպանվածության ապահովման համար անհրաժեշտ գործողությունների՝ ներառյալ վերանորոգման գործողությունները (բացառությամբ կապիտալ վերանորոգման և արդիականացման հետ կապված գործողությունների), տեխնիկական սպասարկումը և այլ գործողությունները, որոնք անհրաժեշտ են ապրանքների նորմալ վիճակը պահպանելու համար՝ պայմանով, որ ապրանքների վերաարտահանման ժամանակ ապահովվի դրանց նույնականացումը մաքսային մարմնի կողմից:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Թույլատրվում է ժամանակավոր ներմուծված ապրանքները ենթարկել փորձարկումների, ուսումնասիրությունների, փորձաստուգումների, ստուգումների, դրանց հետ փորձեր կամ գիտափորձեր կատարել կամ դրանք օգտագործել փորձարկումների, ուսումնասիրությունների, փորձաստուգումների, ստուգումների անցկացման, փորձերի և գիտափորձերի կատարման ընթացքում:

(երրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

2. Ժամանակավոր ներմուծված ապրանքները պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման տակ:

3. Թույլատրվում է հայտարարատուի կողմից ժամանակավոր ներմուծված ապրանքների փոխանցում այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը.

1) դրանց տեխնիկական սպասարկման, վերանորոգման (բացառությամբ կապիտալ վերանորոգման և (կամ) արդիականացման) պահպանման, տրանսպորտային փոխադրման նպատակներով, ինչպես նաև Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) միջազգային պայմանագրերով սահմանված այլ նպատակներով և դեպքերում.

2) այլ դեպքերում՝ մաքսային մարմնի թույլտվությամբ:

4. Ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը փոխանցելու համար Մաքսային մարմնի թույլտվությունը ստանալու նպատակով՝ այդ ապրանքների հայտարարատուն գրավոր դիմում է ներկայացնում այն մաքսային մարմին, որտեղ դրանք ձևակերպվում են մաքսային ընթացակարգով՝ դիմումի մեջ նշելով ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը փոխանցելու պատճառները և տեղեկություններ այդ անձի մասին:

Ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը փոխանցելը «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի հայտարարատուին չի ազատում սույն գլխում սահմանված պահանջների և պայմանների կատարումից, ինչպես նաև չի կասեցնում և չի երկարաձգում ժամանակավոր ներմուծման ժամկետը:

5. Թույլատրվում է տրանսպորտային միջոցներ հանդիսացող ժամանակավոր ներմուծված ապրանքների օգտագործումը Մաքսային միության մաքսային տարածքից դուրս՝ որպես միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներ՝ սույն Օրենսգրքի 48-րդ գլխում սահմանված կարգով:

 

Հոդված 280. Ապրանքների ժամանակավոր ներմուծման ժամկետը

 

1. Ապրանքների ժամանակավոր ներմուծման ժամկետը սահմանվում է մաքսային մարմնի կողմից հայտարարատուի դիմումի հիման վրա՝ ելնելով այդ ներմուծման նպատակներից և հանգամանքներից, և չի կարող գերազանցել 2 (երկու) տարին՝ ապրանքները «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Հայտարարատուի գրավոր դիմումով՝ ապրանքների ժամանակավոր ներմուծման ժամկետը կարող է մաքսային մարմնի կողմից երկարաձգվել սույն կետի առաջին մասում նշված ժամկետի կամ սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետի սահմաններում:

2. Ապրանքների առանձին կատեգորիաների համար՝ կախված Մաքսային միության մաքսային տարածք դրանց ներմուծման նպատակներից, Մաքսային միության հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել ժամանակավոր ներմուծման ավելի կարճ կամ ավելի երկար ժամկետներ, քան սույն հոդվածի 1-ին կետի առաջին մասում նշված ժամկետը:

(2-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Ապրանքները մի քանի անգամ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, այդ թվում՝ երբ որպես այդ մաքսային ընթացակարգի հայտարարատուներ են հանդես գալիս տարբեր անձինք, ժամանակավոր ներմուծման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել սույն հոդվածի 1-ին կետի առաջին մասում նշված ժամկետը կամ՝ սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետը:

 

Հոդված 281. «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակումը և կասեցումը

 

1. «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակվում է՝ մինչև ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալը ժամանակավոր ներմուծված ապրանքները սույն Օրենսգրքով նախատեսվող կարգով և պայմաններով «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով:

«Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է եզրափակվել՝ մինչև ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալը ժամանակավոր ներմուծված ապրանքները սույն Օրենսգրքով նախատեսված կարգով և պայմաններով որևէ այլ մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի:

2. Մինչև ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալը «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է կասեցվել ժամանակավոր ներմուծված ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով կամ՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված որևէ այլ մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում: «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության կասեցման և վերսկսման կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Ժամանակավոր ներմուծված ապրանքները մեկ կամ մի քանի խմբաքանակներով կարող են ձևակերպվել «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով կամ որևէ այլ մաքսային ընթացակարգով:

 

Հոդված 282. Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական և մասնակի պայմանական ազատում

 

1. Ժամանակավոր ներմուծված ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ կիրառվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում, ինչպես նաև այդպիսի ազատման պայմանները՝ ներառյալ դրա վերջնաժամկետները, սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և (կամ) Մաքսային միության հանձնաժողովի որոշումներին համապատասխան:

2. Ժամանակավոր ներմուծվող այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում, օգտագործվում են Մաքսային միության այն անդամ պետության տարածքի սահմաններում, որի մաքսային մարմնի կողմից տվյալ ապրանքները ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով՝ եթե այլ բան սահմանված չէ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

3. Այն ապրանքների նկատմամբ, որոնց համար չի տրամադրվում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման պայմանները չկատարելու դեպքում, կիրառվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատում:

Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատման դեպքում՝ մաքսային միության մաքսային տարածքում ապրանքների գտնվելու յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ օրացուցային ամսվա համար վճարվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարի երեք տոկոսը, որը վճարման ենթակա կլիներ, եթե ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ այդ ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված մաքսային հայտարարագրի գրանցման օրը:

4. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատման դեպքում՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարը վճարվում է ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու ժամանակ՝ այդ մաքսային ընթացակարգի գործողության համար սահմանված ամբողջ ժամանակահատվածի համար կամ, պարբերաբար, հայտարարատուի ընտրությամբ, բայց ոչ ավելի հաճախ, քան 3 (երեք) ամիսը մեկ անգամ: Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարբերականությունը սահմանվում է հայտարարատուի կողմից՝ մաքսային մարմնի համաձայնությամբ:

5. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատմամբ գանձվող՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի ներմուծման մաքսատուրքերի, հարկերի այն գումարը, որը վճարման ենթակա կլիներ, եթե ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ այդ ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված մաքսային հայտարարագրի գրանցման օրը՝ առանց հաշվի առնելու ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնությունները:

6. Սույն Օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի եզրափակման ժամանակ, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատմամբ վճարված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարները ենթակա չեն վերադարձման (հաշվանցման):

 

Հոդված 283. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար

 

1. Հայտարարատուի՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար առաջանում է մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու պահից:

2. Հայտարարատուի՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար դադարում է.

1) «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի եզրափակման պահին՝ սույն Օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ընթացակարգի գործողության ընթացքում վրա է հասել ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետը.

2) սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:

3. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատման դեպքում, ենթակա են վճարման հետևյալ ժամկետներում.

1) մինչև ապրանքների բացթողումը՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, ժամանակավոր ներմուծման սահմանված ժամկետի համար վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքերի, հարկերի ամբողջ գումարի վճարման կամ՝ վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարի առաջին մասի վճարման դեպքում, եթե ապահովվում է այդ վճարման պարբերականությունը.

2) մինչև այն ժամանակահատվածի մեկնարկը, որի համար կատարվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումը, եթե ապահովվում է այդ վճարման պարբերականությունը.

3) «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնությունների կիրառմամբ, որոնք կապված են այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների հետ`

նման արտոնություններ կիրառելուց հրաժարվելու դեպքում՝ մինչև այն մաքսային հայտարարագրում արտոնություններ կիրառելուց հրաժարվելու հետ կապված փոփոխությունների կատարումը, որին համապաասխան ապրանքները ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով.

երբ ապրանքները ենթարկվում են գործողությունների՝ այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման այնպիսի սահմանափակումների խախտմամբ, որոնք սահմանվել են այդ արտոնությունների օգտագործման համար՝ նշված գործողությունների կատարման առաջին օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա մաքսային մարմնի կողմից այն մաքսային հայտարարագրի գրանցման օրը, որին համապատասխան ապրանքները ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով.

4) այն պայմանների խախտման դեպքում՝ որոնց պարագայում ապրանքները ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ՝ մաքսային մարմնի կողմից այն մաքսային հայտարարագրի գրանցման օրը, որին համապատասխան ապրանքները ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով:

4. Այն ապրանքների համար, որոնք ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական կամ մասնակի պայմանական ազատմամբ, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետ է համարվում.

1) ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձանց փոխանցելու դեպքում՝ փոխանցման օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա՝ մաքսային մարմնի կողմից՝ ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված մաքսային հայտարարագրի գրանցման օրը.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2) ապրանքների կորստի օրը՝ մաքսային մարմնի կողմից՝ ապրանքների ժամանակավոր ներմուծման համար սահմանված ժամկետի ընթացքում ժամանակավոր ներմուծված ապրանքների կորստի դեպքում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրասպորտային փոխադրման) և պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա՝ մաքսային մարմնի կողմից՝ ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված մաքսային հայտարարագրի գրանցման օրը.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3) ապրանքների ժամանակավոր ներմուծման ժամկետի լրանալու օրը՝ եթե «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը չի եզրափակվել սույն Օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:

5. Սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներին համարժեք չափով, որոնք վճարման ենթակա կլինեին այդ ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվելու դեպքում՝ առանց հաշվի առնելու մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված սակագնային առանձնաշնորհումներն ու արտոնությունները, որոնք հաշվարկվում են մաքսային մարմնի կողմից՝ այն մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից, որին համապատասխան ապրանքները ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով՝ հանած մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի ազատմամբ վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարները:

 

Հոդված 284. Ժամանակավոր ներմուծված ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու առանձնահատկությունները

 

1. Ժամանակավոր ներմուծված ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի և փոխարժեքների դրույքաչափերը սահմանվում են մաքսային մարմնի կողմից՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար տրված՝ մաքսային հայտարարագրի գրանցման օրը:

2. «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգից հետո «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով այն ապրանքները ձևակերպելու դեպքում, որոնց համար «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգի հայտարարատուի կողմից «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգում մաքսատուրքերը, հարկերը վճարվել են մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատմամբ, ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարվում են մաքսատուրքերի, հարկերի՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպման դեպքում վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի հաշվարկված գումարների և «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների տարբերության չափով:

Սույն կետի առաջին մասի դրույթները կիրառվում են նաև այն դեպքում, երբ մինչև սույն կետի առաջին մասում նշված ապրանքների՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը, տվյալ ապրանքները ձևակերպվել են «մաքսային պահեստ», «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով (ընթացակարգերով) կամ հանձնվել են ժամանակավոր պահպանության:

3. Ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, որոնց համար կիրառվել է մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ կամ մասնակի պայմանական ազատում՝ այդպիսի ազատումը կիրառելու ժամանակահատվածի համար, մաքսատուրքերի, հարկերի գումարից ենթակա են վճարման տոկոսներ, որոնք ենթակա կլինեին վճարման, եթե այդ գումարների համար ընձեռվեր հետաձգման (տարաժամկետ վճարման) հնարավորություն՝ այն մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական կամ մասնակի պայմանական ազատում կիրառելու օրվանից, որոնք հաշվարկվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ժամանակավոր ներմուծված ապրանքների առանձին կատեգորիաների համար Մաքսային միության հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու այն դեպքերը, երբ սույն կետի առաջին մասում նշված տոկոսները չեն վճարվում:

(3-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

ԳԼՈՒԽ 38. «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

Հոդված 285. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի էությունը

 

«Ժամանակավոր արտահանում»՝ մաքսային ընթացակարգ, որի դեպքում մաքսային միության ապրանքներն արտահանվում և օգտագործվում են Մաքսային միության մաքսային տարածքից դուրս, սահմանված ժամկետում՝ արտահանման մաքսատուրքերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման՝ հետագայում դրանք «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով:

«Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Մաքսային միության մաքսային տարածքից փաստացիորեն արտահանված ապրանքները կորցնում են Մաքսային միության ապրանքի կարգավիճակը:

 

Հոդված 286. Ապրանքները «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները

 

1. Ապրանքների՝ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը թույլատրվում է՝ պայմանով, որ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի հետագա եզրափակման ժամանակ հնարավոր լինի այն ապրանքների նույնականացումը, որոնք ձևակերպվել են այդ մաքսային ընթացակարգով:

Ապրանքների նույնականացում չի պահանջվում այն դեպքերում, երբ Մաքսային միության անդամ պետությունների հետ միջազգային պայմանագրերին համապատասխան թույլ է տրվում ժամանակավոր արտահանված ապրանքների փոխարինում:

2. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով չի թույլատրվում ձևակերպել.

1) սննդամթերքը, խմիչքները՝ ներառյալ ալկոհոլային խմիչքները, ծխախոտը և ծխախոտային արտադրատեսակները, հումքը և կիսաֆաբրիկատները, ծախսվելիք նյութերը և նմուշները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք արտահանվում են մեկ օրինակից՝ գովազդային և (կամ) ցուցադրության նպատակներով կամ՝ որպես ցուցանմուշներ կամ արդյունաբերական նմուշներ.

2) թափոնները՝ ներառյալ արտադրական թափոնները.

3) Մաքսային միության մաքսային տարածքից արտահանման համար արգելված ապրանքները:

 

Հոդված 287. Ժամանակավոր արտահանված ապրանքների օգտագործման և տնօրինման սահմանափակումներ

 

1. Ժամանակավոր արտահանված ապրանքները պետք է մնան անփոփոխ վիճակում՝ բացառությամբ փոխադրման (տրասպորտային փոխադրման), պահպանման և (կամ) օգտագործման (շահագործման) բնականոն պայմաններում բնական մաշվածության կամ բնական կորստի արդյունքում կատարված փոփոխությունների:

2. Թույլատրվում է ժամանակավոր արտահանված ապրանքները ենթարկել դրանց պահպանվածության ապահովման համար անհրաժեշտ գործողությունների՝ ներառյալ վերանորոգման գործողությունները (բացառությամբ կապիտալ վերանորոգման և արդիականացման հետ կապված գործողությունները), տեխնիկական սպասարկումը և այլ գործողությունները, որոնք անհրաժեշտ են ապրանքների նորմալ վիճակը պահպանելու համար՝ պայմանով, որ ապրանքների վերաներմուծման ժամանակ ապահովվի դրանց նույնականացումը մաքսային մարմնի կողմից:

 

Հոդված 288. Ապրանքների ժամանակավոր արտահանման ժամկետը

 

1. Ապրանքների ժամանակավոր արտահանման ժամկետը մաքսային մարմնի կողմից սահմանվում է հայտարարատուի դիմումի հիման վրա՝ ելնելով այդ արտահանման նպատակներից և հանգամանքներից՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքի:

Հայտարարատուի գրավոր դիմումով՝ ապրանքների ժամանակավոր արտահանման ժամկետը կարող է մաքսային մարմնի կողմից երկարաձգվել՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը:

2. Ապրանքների առանձին կատեգորիաների համար՝ կախված Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս դրանց արտահանման նպատակներից, ինչպես նաև այն ապրանքների առանձին տեսակների համար, որոնց հետադարձ ներմուծումը ժամանակավոր արտահանման դեպքում պարտադիր է՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այդպիսի ապրանքների ժամանակավոր արտահանման վերջնաժամկետներ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Օտարերկրյա անձին ժամանակավոր ներմուծված այն ապրանքների նկատմամբ իրավունքների փոխանցման դեպքում, որոնց համար Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ չի սահմանվել դրանք այդ պետության տարածք վերադարձնելու պարտավորություն, այդ ապրանքների ժամանակավոր արտահանման ժամկետը ենթակա չէ երկարաձգման, և այդ ապրանքները ենթակա են «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպման՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 243-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասը:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 289. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակումը

 

1. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակվում է մինչև ժամանակավոր արտահանման ժամկետի լրանալը՝ ժամանակավոր արտահանված ապրանքները սույն Օրենսգրքով նախատեսվող կարգով և պայմաններով «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով:

«Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է եզրափակվել ժամանակավոր արտահանված ապրանքները «արտահանում», «մաքսային տարածքից դուրս վերամշակում» կամ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելու միջոցով մինչև ժամանակավոր արտահանման ժամկետը լրանալը՝ առանց սույն Օրենսգրքով նախատեսվող կարգով և պայմաններով մաքսային մարմին դրանք փաստացի ներկայացնելու՝ բացառությամբ այն դեպքերի, երբ, Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ժամանակավոր արտահանված ապրանքները ենթակա են Մաքսային միության մաքսային տարածք պարտադիր հետադարձ ներմուծման:

2. Ժամանակավոր արտահանված ապրանքները մեկ կամ մի քանի խմբաքանակներով կարող են ձևակերպվել «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով կամ որևէ այլ մաքսային ընթացակարգով:

 

Հոդված 290. Արտահանման մաքսատուրքերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար

 

1. Հայտարարատուի՝ արտահանման մաքսատուրքերի վճարման պարտավորությունը «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար առաջանում է մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու պահից:

2. Հայտարարատուի՝ արտահանման մաքսատուրքերի վճարման պարտավորությունը «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար դադարում է.

1) «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի եզրափակման պահին՝ սույն Օրենսգրքի 289-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

2) սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերում:

3. Եթե «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողությունը չի եզրափակվել՝ մինչև սույն Օրենսգրքի 289-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված՝ ժամանակավոր արտահանման ժամկետի լրանալը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրասպորտային փոխադրման) և պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքերի, ապա արտահանման մաքսատուրքերի վճարման ժամկետ է համարվում մաքսային մարմինների կողմից սահմանված՝ ժամանակավոր արտահանման ժամկետի լրանալու օրը:

4. Արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման արտահանման մաքսատուրքերի գումարներին համարժեք գումարի չափով, որոնք վճարման ենթակա կլինեին ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ հաշվարկված մաքսային մարմնի կողմից՝ այն մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից, որը տրվում է ապրանքները «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար:

 

Հոդված 291. Ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու առանձնահատկությունները

 

1. Ժամանակավոր արտահանված ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ ապրանքների մաքսային արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշները՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ), Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված արտահանման մաքսատուրքերի և փոխարժեքների դրույքաչափերը սահմանվում են մաքսային մարմնի կողմից՝ այն մաքսային հայտարարագրի գրանցման օրը, որը տրվում է ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար:

2. Ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու ժամանակ վճարված արտահանման մաքսատուրքերի գումարից վճարվում են տոկոսներ, այնպես, ինչպես դա կարվեր, եթե այդ գումարների համար ընձեռվեր դրանց վճարման հետաձգման հնարավորություն՝ մաքսային մարմնի կողմից՝ այն մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից, որը տրվում է ապրանքները «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար՝ հաշվարկված Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 39. «ՎԵՐԱՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 292. «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգի էությունը

 

1. «Վերաներմուծում»՝ մաքսային ընթացակարգ, որի դեպքում Մաքսային միության մաքսային տարածքից ավելի վաղ արտահանված ապրանքները հետ են ներմուծվում Մաքսային միության մաքսային տարածք սույն Օրենսգրքի 293-րդ հոդվածին համապատասխան սահմանված ժամկետներում՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:

2. «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձեռք են բերում Մաքսային միության ապրանքի կարգավիճակ՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված՝ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներ հանդիսացող ապրանքների, որոնք Մաքսային միության մաքսային տարածքից արտահանվել են սույն Օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան:

 

Հոդված 293. Ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները

 

1. «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել ավելի վաղ արտահանված այն ապրանքները.

1) որոնք ձևակերպվել են «արտահանում» մաքսային ընթացակարգով կամ որոնք ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներ են, որոնք ձևակերպվել են «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով և որոնք արտահանվել են Մաքսային միության մաքսային տարածքից՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան, եթե.

այդ ապրանքները ձևակերպվում են «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով 3 (երեք) տարվա ընթացքում՝ Մաքսային միության մաքսային տարածքից արտահանման ժամանակ մաքսային սահմանով դրանց տեղափոխման օրվան հաջորդող օրվանից, կամ սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան սահմանված այլ ժամկետում.

այդ ապրանքները գտնվում են անփոփոխ վիճակում՝ բացառությամբ փոխադրման (տրասպորտային փոխադրման), պահպանման և (կամ) օգտագործման (շահագործման) բնականոն պայմաններում բնական մաշվածության կամ բնական կորստի արդյունքում կատարված փոփոխությունների.

մաքսային մարմին ներկայացվել են փաստաթղթեր՝ սույն Օրենսգրքի 294-րդ հոդվածին համապատասխան.

2) որոնք ձևակերպվել են «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով, եթե այդ ապրանքները ներմուծվում են ժամանակավոր արտահանման ժամկետի ընթացքում և գտնվում են նույն անփոփոխ վիճակում՝ բացառությամբ փոխադրման (տրասպորտային փոխադրման), պահպանման և (կամ) օգտագործման (շահագործման) բնականոն պայմաններում բնական մաշվածության կամ բնական կորստի արդյունքում կատարված փոփոխությունների, ինչպես նաև «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքներն օգտագործելու դեպքում դրանց նկատմամբ թույլատրելի փոփոխությունների.

3) որոնք ձևակերպվել են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով, եթե այդ ապրանքները ներմուծվում են վերամշակման ժամկետի ընթացքում և գտնվում են այն նույն վիճակում, որում արտահանվել են Մաքսային միության մաքսային տարածքից՝ բացառությամբ փոխադրման (տրասպորտային փոխադրման), պահպանման և (կամ) օգտագործման (շահագործման) բնականոն պայմաններում բնական մաշվածության կամ բնական կորստի արդյունքում կատարված փոփոխությունների.

4) որոնք ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներ են, որոնք ձևակերպվել են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով, եթե վերամշակման նպատակը եղել է անհատույց (երաշխիքային) վերանորոգումը և այդ ապրանքները ձևակերպվում են «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով վերամշակման ժամկետի ընթացքում՝ բացառությամբ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների, որոնց՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով բացթողման դեպքում հաշվի է առնվել այդ ապրանքների անհատույց (երաշխիքային) վերանորոգման պատճառ հանդիսացող թերության (թերությունների) առկայությունը:

2. Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ՝ ապրանքների առանձին կատեգորիաների համար կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ժամկետը գերազանցող ժամկետներ:

3. Վերաներմուծման դեպքում՝ հարկերի և (կամ) դրանցից տոկոսների փոխհատուցումը, երբ այդ հարկերի գումարները և (կամ) տոկոսները, կապված մաքսային տարածքից ապրանքների արտահանման հետ, չեն վճարվել կամ վերադարձվել են, ինչպես նաև չվճարված կամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն՝ որպես վճարումներ, արտոնություններ ստացված կամ մաքսային տարածքից ապրանքների արտահանման դեպքում փոխհատուցված այլ հարկերի գումարների, լրավճարների և այլ գումարների փոխհատուցումը կատարվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Վերաներմուծման դեպքում՝ ներմուծվող մաքսատուրքերի փոխհատուցումը, եթե այդ տուրքերի գումարները, կապված մաքսային տարածքից ապրանքների արտահանման հետ, չեն վճարվել կամ հետ են վերադարձվել, կատարվում է Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրին համապատասխան:

(երկրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

4. Որպես «վերաներմուծում» մաքսային ընթացակարգի հայտարարատու կարող է հանդես գալ սույն հոդվածի 1-ին կետում նշված մաքսային ընթացակարգերից այն մաքսային ընթացակարգի հայտարարատու հանդիսացող անձը, որին համապատասխան ապրանքներն արտահանվել են Մաքսային միության մաքսային տարածքից:

Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ կարող են սահմանվել դեպքեր, երբ որպես «վերաներմուծում» մաքսային ընթացակարգի հայտարարատու կարող է հանդես գալ այլ անձ:

5. Ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպվում են Մաքսային միության այն անդամ պետությունում, որտեղ դրանք ձևակերպված են եղել սույն հոդվածի 1-ին կետում նշված մաքսային ընթացակարգերից որևէ մեկով:

 

Հոդված 294. Ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները

 

1. Ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար հայտարարատուն մաքսային մարմին է ներկայացնում տեղեկություններ Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման հանգամանքների մասին, ինչպես նաև տեղեկություններ՝ ապրանքների վերանորոգման հետ կապված գործողությունների մասին, եթե ապրանքները այդպիսի գործողությունների են ենթարկվել Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկությունները հաստատելու համար՝ հայտարարատուն ներկայացնում է ապրանքների արտահանման ժամանակ ընդունված մաքսային հայտարարագիրը և մաքսային սահմանով ապրանքների՝ դրանց արտահանման ժամանակ տեղափոխման ամսաթիվը հավաստող փաստաթղթերը:

 

Հոդված 295. Արտահանման մաքսատուրքերի գումարների վերադարձը (հաշվանցումը)

 

Սույն Օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված այն ապրանքների համար, որոնք ձևակերպվել են «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով, կատարվում է արտահանման մաքսատուրքերի վճարված գումարների վերադարձ (հաշվանցում), եթե նշված ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպվել են 6 (վեց) ամսից ոչ ուշ՝ այդ ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվան հաջորդող օրվանից:

 

ԳԼՈՒԽ 40. «ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 296. «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգի էությունը

 

«Վերաարտահանում»՝ մաքսային ընթացակարգ, որի դեպքում Մաքսային միության մաքսային տարածք ավելի վաղ ներմուծված ապրանքները կամ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները, որոնք ձևակերպվել են «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով, այդ տարածքից արտահանվում են առանց ներմուծման մաքսատուրքերի գումարների վճարման և (կամ) ներմուծման մաքսատուրքերի վճարված գումարների վերադարձման (հաշվանցման) և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:

 

Հոդված 297. Ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները

 

«Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել՝

1) Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող օտարերկրյա ապրանքները, այդ թվում՝ ոչ սակագնային կարգավորման միջոցների խախտմամբ ներմուծված, և ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքները, որոնք ձևակերպվել են «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով.

2) «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, եթե այդ ապրանքները վերադարձվում են արտաքին տնտեսական գործարքի պայմանների, այդ թվում՝ քանակի, որակի, նկարագրության կամ փաթեթվածքի համար ներկայացվող պայմանների չկատարման պատճառով՝ հետևյալ պայմանների պահպանմամբ՝

ապրանքները ձևակերպվում են «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով մեկ տարվա ընթացքում՝ ներքին սպառման համար բացթողման օրվան հաջորդող օրվանից.

մաքսային մարմին ներկայացվել են փաստաթղթեր՝ սույն Օրենսգրքի 299-րդ հոդվածին համապատասխան.

ապրանքները չեն օգտագործվել և չեն վերանորոգվել Մաքսային միության մաքսային տարածքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքների օգտագործումն անհրաժեշտ է եղել ապրանքների այն թերությունների և այլ հանգամանքների բացահայտման համար, որոնք հանգեցրել են ապրանքների վերադարձին.

պետք է հնարավոր լինի ապրանքների նույնականացումը մաքսային մարմնի կողմից:

 

Հոդված 298. «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխադրման առանձնահատկությունները

 

«Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները Մաքսային միության մաքսային տարածքից արտահանվում են սույն Օրենսգրքի 32-րդ գլխին համապատասխան:

 

Հոդված 299. Ավելի վաղ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները

 

Ավելի վաղ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար հայտարարատուն մաքսային մարմին է ներկայացնում հետևյալ տեղեկությունները պարունակող փաստաթղթերը՝

1) Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման հանգամանքների մասին (ելնելով արտաքին տնտեսական գործարքի կատարումը հավաստող փաստաթղթերից).

2) արտաքին տնտեսական գործարքի պայմանները չկատարելու մասին.

3) այդ ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու մասին.

4) այդ ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվելուց հետո դրանք օգտագործելու մասին:

 

Հոդված 300. Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների համար

 

1. Հայտարարատուի՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքների համար առաջանում է մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու պահից:

2. Հայտարարատուի՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների համար դադարում է՝

1) Մաքսային միության մաքսային տարածքից օտարերկրյա ապրանքների փաստացի արտահանման դեպքում, ինչը հաստատվում է մեկնման վայրի մաքսային մարմնի կողմից՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով.

2) սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:

3. Մաքսային միության մաքսային տարածքից «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների արտահանումը չիրականացնելու դեպքում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրասպորտային փոխադրման) և պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքերի, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետը համարվում է ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրը:

4. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերում, ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներին համարժեք գումարի չափով, որոնք վճարման ենթակա կլինեին օտարերկրյա ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվելու դեպքում՝ առանց հաշվի առնելու մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնությունները, որոնք հաշվարկվում են մաքսային մարմնի կողմից՝ այն մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից, որը տրվում է ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար:

«Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներին համարժեք գումարի չափերով, որոնք վճարման ենթակա կլինեին օտարերկրյա ապրանքների համար, որոնք ձևակերպվել են «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով և օգտագործվել են վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների պատրաստման համար՝ դրանց չափաքանակներին համապատասխան:

5. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան վճարված կամ բռնագանձված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան դադարելու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վերադարձման՝ սույն Օրենսգրքով սահմանված կարգով:

6. «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար արտահանման մաքսատուրքեր, հարկեր ենթակա չեն վճարման:

 

Հոդված 301. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարների վերադարձը (հաշվանցումը)

 

Սույն Օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Մաքսային միության մաքսային տարածքից փաստացի արտահանված ապրանքների համար կատարվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարված գումարների վերադարձ (հաշվանցում)՝ սույն Օրենսգրքի 13-րդ գլխին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 41. «ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՈՒՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

Հոդված 302. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի էությունը

 

«Անմաքս առևտուր»՝ մաքսային ընթացակարգ, որի դեպքում ապրանքները վաճառվում են մանրածախ առևտրի ձևով անմաքս առևտրի խանութներում Մաքսային միության մաքսային տարածքից մեկնող ֆիզիկական անձանց կամ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դիվանագիտական գործակալներին, հյուպատոսական պաշտոնատար անձանց և նրանց հետ ապրող՝ իրենց ընտանիքների անդամներին՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 303. Ապրանքները «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները

 

1. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել ցանկացած ապրանքներ՝ բացառությամբ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման, Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանման համար արգելված ապրանքների, ինչպես նաև Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում շրջանառության համար արգելված ապրանքների:

Մաքսային միության հանձնաժողովի կողմից կարող է սահմանվել այլ ապրանքների ցանկը, որոնք ենթակա չեն «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպման:

2. Որպես «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու կարող է հանդես գալ միայն այն անմաքս առևտրի խանութի տիրապետողը, որտեղ նախատեսվում է իրականացնել այդ ապրանքների վաճառքը:

3. Անմաքս առևտրի խանութի գործունեությունն ապահովելու համար օգտագործվող ապրանքները ենթական չեն «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպման:

4. Մաքսային միության ապրանքները «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպվում են մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:

 

Հոդված 304. Անմաքս առևտրի խանութները

 

1. Անմաքս առևտրի խանութների գործունեության իրականացման կարգը, դրանց տեղակայմանը, հարմարություններով ապահովվածությանը, սարքավորմանը ներկայացվող պահանջները և նշված խանութներում ապրանքների իրացման կանոնները սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հաշվառումն իրականացնելու և դրանց վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 305. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի եզրափակումը

 

1. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակվում է այդ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ անմաքս առևտրի խանութներում մանրածախ առևտրի ձևով վաճառքով՝ սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածում նշված անձանց, կամ սույն Օրենսգրքին համապատասխան այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպմամբ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Անմաքս առևտրի խանութների գործունեության դադարեցման դեպքում «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ենթակա են այլ մաքսային ընթացակարգով ձևակերպման՝ նշված խանութի գործունեության դադարեցման օրվան հաջորդող օրվանից 1 (մեկ) ամսվա ընթացքում:

Սույն կետի առաջին մասում նշված գործողությունները չիրականացնելու դեպքում՝ ապրանքները վերցվում (արգելապահվում) են մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 21-րդ գլխին համապատասխան:

 

Հոդված 306. Ներմուծման մաքսատուրքերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների համար

 

1. Հայտարարատուի՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքների համար առաջանում է մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու պահից:

2. Հայտարարատուի՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների համար դադարում է.

1) այն դեպքում, երբ այդ ապրանքները վաճառվում են սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածում նշված անձանց.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2) այդ ապրանքներն այլ մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում.

3) այն դեպքում, երբ այդ ապրանքները վերցվում (արգելապահվում) են մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 21-րդ գլխին համապատասխան.

4) սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:

3. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետ է համարվում.

1) սահմանված պահանջները և պայմանները խախտող գործողությունների կատարման օրը՝ «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով սահմանված պահանջների և պայմանների խախտմամբ՝ օտարերկրյա ապրանքների օգտագործման և տնօրինման դեպքում, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա՝ մաքսային մարմնի կողմից՝ ապրանքները «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված մաքսային հայտարարագրի գրանցման օրը.

2) ապրանքների կորստի օրը՝ օտարերկրյա ապրանքների կորստի դեպքում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրասպորտային փոխադրման) և պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով դրանց ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա՝ ապրանքները «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրը:

4. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերում, ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներին համարժեք գումարի չափով, որոնք վճարման ենթակա կլինեին ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ առանց հաշվի առնելու մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված սակագնային առանձնաշնորհումները և արտոնությունները, որոնք հաշվարկվում են մաքսային մարմնի կողմից՝ այն մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից, որին համապատասխան ապրանքները ձևակերպվել են «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով:

 

ԳԼՈՒԽ 42. «ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 307. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգի էությունը

 

«Ոչնչացում»՝ մաքսային ընթացակարգ, որի դեպքում օտարերկրյա ապրանքները ոչնչացվում են մաքսային հսկողության ներքո՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:

«Ապրանքների ոչնչացում» ասելով ենթադրվում է ապրանքների վնասազերծում, լրիվ ոչնչացում կամ որևէ այլ կերպ ապրանքների վիճակի այնպիսի փոփոխում, որի արդյունքում դրանք մասամբ կամ ամբողջությամբ կորցնում են իրենց սպառողական և (կամ) այլ հատկանիշները և չեն կարող տնտեսապես շահավետ որևէ եղանակով վերականգնվել իրենց նախնական վիճակին:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

«Ոչնչացում» մաքսային ընթացակարգը կարող է կիրառվել նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք ոչնչացվել, անվերադարձ կորել են վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով:

 

Հոդված 308. Ապրանքները «ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները

 

1. Ապրանքների՝ «ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը թույլատրվում է համապատասխան պետական լիազորված մարմնի կողմից Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան տրված՝ ոչնչացման հնարավորության մասին եզրակացության հիման վրա, որտեղ նշվում է ոչնչացման եղանակը և վայրը:

Եզրակացությունը չի պահանջվում այն դեպքերում, երբ ապրանքներն անվերադարձ կորել են վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով: Այդ ապրանքների՝ «ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպման համար պետք է ներկայացվեն վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ապրանքների անվերադարձ կորստի փաստը հաստատող փաստաթղթեր:

2. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով չեն կարող ձևակերպվել ապրանքների հետևյալ կատեգորիաները.

1) մշակութային, հնագիտական, պատմական արժեքներ.

2) կենդանիներ և բույսեր, որոնք դասվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը և (կամ) միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող տեսակներին, դրանց մասերը և ածանցյալները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց ոչնչացումը պահանջվում է համաճարակի, կենդանահամաճարակի և կարանտինային օբյեկտների տարածման կանխարգելման նպատակով.

3) մաքսային մարմինների կողմից՝ որպես գրավի առարկա ընդունված ապրանքներ՝ մինչև գրավի հետ կապված հարաբերությունների դադարեցումը.

4) առգրավված ապրանքներ կամ ապրանքներ, որոնց վրա արգելանք է դրված, այդ թվում՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իրեղեն ապացույցներ հանդիսացող ապրանքներ.

5) այլ ապրանքներ, որոնց ցանկը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

3. Ապրանքների ոչնչացումը չի թույլատրվում, եթե այդ ոչնչացումը.

1) կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին կամ վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքին և առողջությանը.

2) իրականացվում է ապրանքների սպառման եղանակով՝ դրանց սովորական նշանակությանը համապատասխան.

3) կարող է ծախսեր առաջացնել Մաքսային միության անդամ երկրների պետական մարմինների համար:

4. Ապրանքների ոչնչացումը կատարվում է «ոչնչացում» մաքսային ընթացակարգի հայտարարատուի հաշվին։

5. Ապրանքների ոչնչացումը կատարվում է մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետներում՝ ելնելով այդ ապրանքների փաստացի ոչնչացման համար անհրաժեշտ ժամանակից, դրանց ոչնչացման եղանակից և վայրից:

 

Հոդված 309. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները

 

1. Ապրանքների ոչնչացման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

2. Ապրանքների ոչնչացման արդյունքում գոյացած թափոնները, դրանց հետագա օգտագործման հնարավորության դեպքում, պետք է ձևակերպվեն համապատասխան մաքսային ընթացակարգով և ներմուծման մաքսատուրքերի և հարկերի գանձման նպատակով դիտարկվում են որպես Մաքսային միության մաքսային տարածք այդ վիճակում ներմուծված օտարերկրյա ապրանքներ:

Այն դեպքում, երբ ապրանքների ոչնչացման արդյունքում գոյացած թափոնները գտնվում են Մաքսային միության մաքսային տարածքում առևտրային նպատակներով դրանց հետագա օգտագործման համար ոչ պիտանի վիճակում և չեն կարող վերականգնվել իրենց նախնական վիճակին տնտեսապես շահավետ եղանակով, դրանք դիտարկվում են որպես Մաքսային միության ապրանքներ:

 

ԳԼՈՒԽ 43. «ՀՐԱԺԱՐՈՒՄ՝ ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

Հոդված 310. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգի էությունը

 

1. «Հրաժարում՝ հօգուտ պետության»՝ մաքսային ընթացակարգ, որի դեպքում օտարերկրյա ապրանքներն անհատույց հանձնվում են Մաքսային միության անդամ պետության սեփականությանն առանց մաքսային վճարների վճարման և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:

2. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձեռք են բերում Մաքսային միության ապրանքի կարգավիճակ:

 

Հոդված 311. Ապրանքները «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները

 

1. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել օտարերկրյա ապրանքները՝ բացառությամբ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման, ինչպես նաև Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում շրջանառության համար արգելված ապրանքների:

Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ կարող է սահմանվել այլ ապրանքների ցանկը, որոնք ենթակա չեն «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպման:

2. Ապրանքներից՝ հօգուտ պետության հրաժարման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

ԲԱԺԻՆ 7. ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 44. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔԱՆԻՆԵՐՈՎ ԱՌԱՔՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 312. Միջազգային փոստային առաքանիներ

 

1. Միջազգային փոստային առաքանիների շարքին են դասվում ծանրոցները և նամակագրական թղթակցության առաքանիները, որոնք Համաշխարհային փոստային միության ակտերին համապատասխան համարվում են փոստափոխանակման օբյեկտներ:

2. Միջազգային փոստային առաքանիների առաքումը պետք է ուղեկցվի Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված փաստաթղթերով:

3. Միջազգային փոստային առաքանիները չեն կարող փոստային կապի օպերատորների կողմից տրվել դրանք ստացողներին կամ ուղարկվել Մաքսային միության մաքսային տարածքից՝ առանց մաքսային մարմնի թույլտվության:

 

Հոդված 313. Միջազգային փոստային առաքանիներով ապրանքների առաքման առանձնահատկությունները

 

1. Միջազգային փոստային առաքանիներով չի թույլատրվում այն ապրանքների առաքումը.

1) որոնց ներմուծումը Մաքսային միության տարածք կամ արտահանումն այդ տարածքից արգելված է.

2) որոնց առաքումն արգելված է Համաշխարհային փոստային միության ակտերին համապատասխան.

3) որոնց նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ, եթե այդպիսի ապրանքների առաքումը, Մաքսային միության հանձնաժողովի որոշմանը համապատասխան, արգելվում է միջազգային փոստային առաքանիներով:

2. Ոչ սակագնային կարգավորման միջոցները չեն կիրառվում միջազգային փոստային առաքանիներով ֆիզիկական անձանց հասցեով առաքվող՝ անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ, ինչպես նաև Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված այլ դեպքերում:

3. Այն ապրանքների տնօրինումը, որոնց առաքումն արգելված է և (կամ) ենթակա է սահմանափակման միջազգային փոստային առաքանիներով, իրականացվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 314. Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունները

 

1. Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են մաքսային մարմնի կողմից միջազգային փոստափոխանակման վայրերում (հիմնարկություններում) կամ մաքսային մարմնի կողմից սահմանված այլ վայրերում:

Միջազգային փոստափոխանակման վայրերը (հիմնարկությունները) սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

2. Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված՝ միջազգային փոստային առաքանիներին կից ներկայացվող փաստաթղթերի կամ ապրանքների մասին հայտարարագրերի օգտագործմամբ:

3. Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքները, բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից առաքվող անձնական օգտագործման ապրանքների, ենթակա են մաքսային հայտարարագրման՝ ապրանքների մասին հայտարարագրերի օգտագործմամբ այն դեպքերում, երբ.

1) պետք է վճարվեն մաքսատուրքեր, հարկեր.

2) ապրանքների նկատմամբ կիրառվում են հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ և պահպանվում է արգելքների և սահմանափակումների կիրառումը.

3) Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման մասին ապրանքներն ուղարկողի կողմից պետք է հաստատում ներկայացվի մաքսային և (կամ) հարկային մարմիններ.

4) ապրանքները ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգից բացի որևէ այլ մաքսային ընթացակարգով:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում չնշված դեպքերում՝ մաքսային հայտարարագրումն իրականացվում է Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված՝ միջազգային փոստային առաքանիներին կից ներկայացվող և ապրանքների բացթողման համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի օգտագործմամբ՝ հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան:

5. Միջազգային փոստային առաքանիներով առաքվող՝ Մաքսային միության տարածքից արտահանվող ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է մինչև՝ փոստային կապի օպերատորի կողմից դրանց հանձնումը ուղարկման համար:

6. Ուղարկողին վերադարձնելու ենթակա ապրանքների մաքսային հայտարարագրումը, Համաշխարհային փոստային միության ակտերով սահմանված դեպքերում, իրականացվում է փոստային կապի օպերատորի կողմից՝ մաքսային մարմին ներկայացնելով գրավոր դիմում և Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված՝ միջազգային փոստային առաքանիներին կից ներկայացվող փաստաթղթերը:

 

Հոդված 315. Միջազգային փոստային առաքանիների մաքսային հսկողությունը

 

1. Փոստային կապի օպերատորը, մաքսային մարմնի պահանջով, միջազգային փոստային առաքանիները ներկայացնում է մաքսային տեսազննում և մաքսային զննում անցկացնելու համար: Այդ նպատակներով ներկայացնելու եղանակները սահմանվում են մաքսային մարմինների կողմից:

2. Մաքսային մարմինների կողմից չի պահանջվում իրենց ներկայացնել ներմուծվող փոստային առաքանիների հետևյալ տեսակները՝

աերոգրամներ.

փոստային բացիկներ և նամակներ.

սեկոգրամներ:

Այն դեպքում, երբ առկա են բավարար հիմքեր ենթադրելու, որ նշված փոստային առաքանիները պարունակում են Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման համար արգելված կամ սահմանափակումների ենթարկվող ապրանքներ, ինչպես նաև ընտրողականության կամ պատահականության սկզբունքով կատարվող ստուգումների հիման վրա մաքսային տեսազննում կամ մաքսային զննում անցկացնելիս մաքսային մարմիններն իրավունք ունեն պահանջելու, որ ներկայացվեն նշված փոստային առաքանիները:

3. Մաքսային մարմիններն իրավունք ունեն փոստային կապի օպերատորից պահանջելու, որ ներկայացվեն արտահանվող այն միջազգային փոստային առաքանիները, որոնց նկատմամբ մաքսային մարմիններն անցկացնում են ընտրողականության կամ պատահականության սկզբունքով կատարվող ստուգումների հիման վրա մաքսային տեսազննում կամ մաքսային զննում:

4. Միջազգային փոստային առաքանիները, որոնք միջազգային փոստափոխանակման վայրեր (հիմնարկություններ) են հասել վնասված վիճակում, քաշի տարբերությամբ, վնասված ներդրվածքով կամ առանց անհրաժեշտ ուղեկից փաստաթղթերի, ներկայացվում են մաքսային մարմին՝ կից ներկայացնելով փոստային կապի օպերատորի կողմից կազմված ակտը:

5. Միջազգային փոստային առաքանու մաքսային զննման ժամանակ հայտնաբերված քանակի տարբերության դեպքում և ներդրվածքների անհամապատասխանության դեպքում փոստային կապի օպերատորի աշխատակիցը, մաքսային մարմնի պաշտոնատար անձի հետ միասին, ստորագրում է մաքսային զննման վերաբերյալ ակտը:

6. Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների մաքսային տեսազննում կամ զննում անցկացնելիս մաքսային մարմինները կիրառում են մաքսային հսկողության տեխնիկական միջոցներ:

 

Հոդված 316. Մաքսատուրքերի, հարկերի կիրառումը միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների նկատմամբ

 

1. Եթե միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների համար չի պահանջվում ապրանքների մասին հայտարարագրի ներկայացում, ապա մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում և հաշվեգրվում են միջազգային փոստափոխանակման վայրերում (հիմնարկություններում) մաքսային գործառնություններ իրականացնող մաքսային մարմնի կողմից՝ մաքսային մուտքի օրդերի օգտագործմամբ, որի ձևը և լրացման կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

Մաքսատուրքերի, հարկերի գումարները հաշվարկվում են Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված և մաքսային նպատակներով օգտագործվող փաստաթղթերում նշված ապրանքների արժեքի մասին տեղեկությունների հիման վրա:

Հայտարարագրված արժեքով միջազգային փոստային առաքանիների համար մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են՝ ելնելով այդ հայտարարագրված արժեքից միայն այն դեպքում, եթե այն գերազանցում է մաքսային նպատակներով օգտագործվող փաստաթղթերում նշված արժեքը:

2. Միջազգային փոստային առաքանիները փոստային կապի օպերատորի կողմից հանձնվում են դրանք ստացողներին՝ այդ միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների համար սահմանված մաքսային վճարները վճարելու պայմանով:

3. Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման սույն Օրենսգրքով և Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված չափով:

4. Միջազգային փոստային առաքանիների կորստի կամ դրանք առանց մաքսային մարմնի թույլտվության ստացողին տրամադրելու դեպքում՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը կրում է նշված փոստային առաքանիները կորցրած կամ տրամադրած՝ փոստային կապի օպերատորը:

 

ԳԼՈՒԽ 45. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 317. Սույն գլխի կիրառության ոլորտը

 

1. Սույն գլխի դրույթները կիրառվում են դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, օտարերկրյա պետությունների այլ պաշտոնական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, այդ ներկայացուցչությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների անձնակազմի կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ, ինչպես նաև միջազգային պայմանագրերին համապատասխան՝ առավելություններից, արտոնություններից և (կամ) անձեռնմխելիությունից օգտվող օտարերկրյա անձանց առանձին կատեգորիաների անձնական օգտագործման համար նախատեսված ապրանքների նկատմամբ:

2. Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ կարող են սահմանվել դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, օտարերկրյա պետությունների այլ պաշտոնական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, այդ ներկայացուցչությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների անձնակազմի կողմից պաշտոնեական կամ անձնական օգտագործման համար տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները, ապրանքների առանձին կատեգորիաների փոխադրման նորմերը:

 

Հոդված 318. Ապրանքների տեղափոխումը օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից

 

Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում տեղակայված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները կարող են Մաքսային միության մաքսային տարածք ներմուծել և այդ տարածքից արտահանել դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնեական օգտագործման համար նախատեսված ապրանքներ՝ ազատվելով մաքսատուրքերի, հարկերի վճարումից և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու:

 

Հոդված 319. Ապրանքների տեղափոխումը օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի և օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի անդամների կողմից

 

1. Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը և օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի անդամները, ինչպես նաև նրանց հետ ապրող՝ իրենց ընտանիքների անդամները, եթե նրանք ժամանման պետությունում չեն բնակվում մշտական հիմունքներով և ժամանման պետության քաղաքացիներ չեն, կարող են Մաքսային միության մաքսային տարածք ներմուծել իրենց անձնական օգտագործման համար նախատեսված ապրանքներ՝ ներառյալ առաջին անհրաժեշտության ապրանքներ և մաքսային միության մաքսային տարածքից արտահանել իրենց անձնական օգտագործման համար նախատեսված ապրանքներ՝ ազատվելով մաքսատուրքերի, հարկերի վճարումից և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու:

2. Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի անդամների, ինչպես նաև նրանց հետ ապրող՝ իրենց ընտանիքների անդամների անձնական ուղեբեռը, եթե նրանք ժամանման պետությունում չեն բնակվում մշտական հիմունքներով և ժամանման պետության քաղաքացիներ չեն, ազատվում է մաքսային զննումից, եթե լուրջ հիմքեր չկան ենթադրելու, որ այն պարունակում է անձնական օգտագործման համար չնախատեսված ապրանքներ, կամ այնպիսի ապրանքներ, որոնց ներմուծումը Մաքսային միության անդամ պետություններ և արտահանումը Մաքսային միության անդամ պետություններից արգելված է կամ կարգավորվում է կարանտինային կանոններով: Այդ ապրանքների մաքսային զննումը պետք է անցկացվի միայն նշված անձանց կամ նրանց ներկայացուցիչների ներկայությամբ:

 

Հոդված 320. Ապրանքների տեղափոխումը օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության վարչատեխնիկական անձնակազմի անդամների կողմից

 

Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության վարչատեխնիկական անձնակազմի անդամները և նրանց հետ ապրող՝ իրենց ընտանիքների անդամները, եթե նշված անձինք և նրանց ընտանիքների անդամները ժամանման պետությունում չեն բնակվում մշտական հիմունքներով և ժամանման պետության քաղաքացիներ չեն, կարող են Մաքսային միության մաքսային տարածք ներմուծել իրենց անձնական օգտագործման համար նախատեսված ապրանքներ՝ ներառյալ առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ ազատվելով մաքսատուրքերի, հարկերի վճարումից և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու:

 

Հոդված 321. Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամներին տրվող մաքսային արտոնությունների տարածումը վարչատեխնիկական և սպասարկող անձնակազմի անդամների վրա

 

Օտարերկրյա պետության հետ Մաքսային միության անդամ պետության միջազգային պայմանագրի հիման վրա՝ սույն Օրենսգրքի դրույթներին համապատասխան՝ օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամներին տրամադրվող մաքսային արտոնությունները կարող են տարածվել այդ ներկայացուցչության վարչատեխնիկական և սպասարկող անձնակազմի անդամների, ինչպես նաև ժամանման պետությունում մշտական հիմունքներով չբնակվող և ժամանման պետության քաղաքացիներ չհանդիսացող՝ նրանց ընտանիքի անդամների վրա՝ ելնելով յուրաքանչյուր առանձին օտարերկրյա պետության հետ գործող փոխադարձության սկզբունքից:

 

Հոդված 322. Ապրանքների տեղափոխումը օտարերկրյա պետությունների հյուպատոսական հիմնարկների և դրանց աշխատողների կողմից

 

1. Օտարերկրյա պետությունների հյուպատոսական հիմնարկներին, օտարերկրյա պետությունների հյուպատոսական պաշտոնական անձանց՝ ներառյալ օտարերկրյա պետության հյուպատոսական հիմնարկի ղեկավարին և օտարերկրյա պետությունների հյուպատոսական ծառայողներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին տրամադրվում են օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների կամ օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների համապատասխան անձնակազմի համար սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային արտոնությունները:

2. Օտարերկրյա պետության հետ Մաքսային միության անդամ պետության միջազգային պայմանագրի հիման վրա՝ օտարերկրյա պետության հյուպատոսական հիմնարկի սպասարկող անձնակազմի աշխատողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների վրա, եթե նրանք ժամանման պետությունում չեն բնակվում մշտական հիմունքներով, ելնելով յուրաքանչյուր առանձին օտարերկրյա պետության հետ գործող փոխադարձության սկզբունքից, կարող են տարածվել օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության համապատասխան վարչատեխնիկական և սպասարկող անձնակազմի անդամներին սույն Օրենսգրքի դրույթներին համապատասխան տրամադրվող մաքսային արտոնությունները:

 

Հոդված 323. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական փոստի և հյուպատոսական ճամպրուկի (վալիզայի) տեղափոխումը մաքսային սահմանով

 

1. Մաքսային սահմանով տեղափոխվող օտարերկրյա պետությունների դիվանագիտական փոստը և հյուպատոսական ճամպրուկը (վալիզան) ենթակա չեն ո՛չ բացման, ո՛չ վերցման (արգելապահման):

Եթե լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ հյուպատոսական ճամպրուկում կան փաստաթղթեր և (կամ) ապրանքներ, որոնք նախատեսված չեն բացառապես պաշտոնեական օգտագործման համար, ապա մաքսային մարմինն իրավունք ունի պահանջել, որ հյուպատոսական ճամպրուկը բացվի ներկայացվող օտարերկրյա պետության լիազորված անձանց կողմից՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի ներկայությամբ: Հյուպատոսական ճամպրուկը բացելուց հրաժարվելու դեպքում՝ այն վերադարձվում է ուղարկման վայր:

2. Դիվանագիտական փոստը և հյուպատոսական ճամպրուկը կազմող բոլոր բեռնատեղիները պետք է ունենան դրանց բնույթը մատնանշող տեսանելի արտաքին նշաններ:

3. Դիվանագիտական փոստը կարող է պարունակել միայն դիվանագիտական փաստաթղթեր և բացառապես պաշտոնեական օգտագործման համար նախատեսված ապրանքներ, իսկ հյուպատոսական ճամպրուկը` միայն պաշտոնեական թղթակցություններ և փաստաթղթեր կամ բացառապես պաշտոնեական օգտագործման համար նախատեսված ապրանքներ:

 

Հոդված 324. Օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակների մաքսային արտոնությունները

 

1. Օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակները կարող են Մաքսային միության մաքսային տարածք ներմուծել և այդ տարածքից արտահանել իրենց անձնական օգտագործման համար նախատեսված ապրանքները` ելնելով յուրաքանչյուր առանձին օտարերկրյա պետության հետ գործող փոխադարձության սկզբունքից՝ ազատվելով մաքսային զննումից, մաքսատուրքերի, հարկերի վճարումից և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու:

2. Օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակներին պետք է տրվի պաշտոնական սուրհանդակային փաստաթուղթ, որում նշվում է նրանց կարգավիճակը և դիվանագիտական փոստը կազմող կապոցների քանակը: Սուրհանդակային փաստաթուղթը ստորագրվում է և վավերացվում է դիվանագիտական փոստը և հյուպատոսական ճամպրուկը ուղարկած հիմնարկի կնիքով:

3. Դիվանագիտական փոստը և հյուպատոսական ճամպրուկը նաև կարող են վստահվել միայն տվյալ դիվանագիտական փոստի կամ հյուպատոսական ճամպրուկի փոխադրման համար նշանակված և պաշտոնական սուրհանդակային փաստաթուղթ ունեցող դիվանագիտական կամ հյուպատոսական ժամանակավոր սուրհանդակին:

 

Հոդված 325. Օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների և պատվիրակությունների անդամների մաքսային արտոնությունները

 

Օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին և պառլամենտական և խորհրդարանական և կառավարական պատվիրակությունների անդամներին, ինչպես նաև, փոխադարձության հիման վրա, միջազգային բանակցություններին, միջազգային կոնֆերանսներին և խորհրդակցություններին մասնակցելու համար կամ պաշտոնական այլ հանձնարարություններով Մաքսային միության անդամ պետություններ ժամանող օտարերկրյա պետությունների պատվիրակությունների անդամներին տրամադրվում են օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի համար սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային արտոնություններ: Նույնպիսի արտոնություններ են տրամադրվում նաև նշված անձանց ուղեկցող՝ նրանց ընտանիքների անդամներին:

 

Հոդված 326. Ապրանքների տեղափոխումը Մաքսային միության մաքսային տարածքով տարանցիկ ուղևորություն կատարող դիվանագիտական անձնակազմի անդամների և
հյուպատոսական պաշտոնատար անձանց, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների և դիվանագիտական անձնակազմի անդամների կողմից

 

Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամներին և օտարերկրյա պետության հյուպատոսական հիմնարկի հյուպատոսական պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև սույն Օրենսգրքի 325-րդ հոդվածում նշված անձանց, որոնք տարանցիկ ուղևորություն են կատարում Մաքսային միության մաքսային տարածքով, տրամադրվում են դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամների համար սույն Օրենսգրքով նախատեսված՝ մաքսային արտոնություններ:

 

Հոդված 327. Միջազգային միջպետական և միջկառավարական կազմակերպությունների, դրանց առընթեր՝ օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև այդ կազմակերպությունների և ներկայացուցչությունների անձնակազմի մաքսային արտոնությունները

 

Միջազգային միջպետական և միջկառավարական կազմակերպությունների, դրանց առընթեր՝ օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև այդ կազմակերպությունների և ներկայացուցչությունների անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների համար մաքսային արտոնությունները սահմանվում են համապատասխան միջազգային պայմանագրերով:

 

ԳԼՈՒԽ 46. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 328. Մաքսային մարմինների կողմից կիրառվող՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները

 

1. Մաքսային մարմիններն իրենց իրավասության սահմաններում, կիրառում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավատերերի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցներ՝ սույն գլխով սահմանված կարգով:

2. Մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցներ չեն կիրառվում մաքսային սահմանով տեղափոխվող հետևյալ ապրանքների նկատմամբ՝

1) ֆիզիկական անձանց կողմից իրենց անձնական օգտագործման համար տեղափոխվող, այդ թվում՝ միջազգային փոստային առաքանիներով իրենց հասցեով առաքվող ապրանքներ.

2) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով տեղափոխվող ապրանքներ.

3) օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, այլ պաշտոնական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, այդ ներկայացուցչությունների, հիմնարկների և կազմակերպությունների անձնակազմի կողմից պաշտոնեական և անձնական օգտագործման համար տեղափոխվող ապրանքներ:

3. Մաքսային մարմինների կողմից կիրառվող՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները չպետք է խոչընդոտեն իրավատիրոջը՝ իր իրավունքների պաշտպանությանն ուղղված ցանկացած միջոցի դիմելու հարցում՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

4. Մաքսային մարմինների կողմից կիրառվում են այն մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցներ, որոնց մաքսային ռեեստրը վարվում է տվյալ մաքսային մարմինների կողմից՝ Մաքսային միության անդամ պետությունում և այն մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ, որոնք ընդգրկված են Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում, իսկ, Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, նաև՝ այդ ռեեստրներում չընդգրկված մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ:

 

Հոդված 329. Մաքսային մարմինների կողմից սահմանվող՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ժամկետը

 

Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավատիրոջ իրավունքների պաշտպանության ժամկետը սահմանվում է մտավոր սեփականության օբյեկտները Մաքսային միության անդամ պետություններում՝ մաքսային մարմինների կողմից վարվող մաքսային ռեեստրներում և Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում ընդգրկելու ժամանակ՝ հաշվի առնելով իրավատիրոջ կողմից դիմումի մեջ նշված ժամկետը, որը սակայն չի գերազանցում այդ ռեեստրներում ընդգրկելու օրվանից 2 (երկու) տարին:

Նշված ժամկետը կարող է երկարաձգվել իրավատիրոջ դիմումի հիման վրա՝ բազմակի անգամ առանց սահմանափակման, բայց ամեն անգամ՝ ոչ ավելի, քան 2 (երկու) տարի ժամկետով՝ պայմանով, որ պահպանվեն սույն գլխով նախատեսված պահանջները:

Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավատիրոջ իրավունքների պաշտպանության ժամկետը չի կարող գերազանցել համապատասխան մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավատիրոջ իրավունքների գործողության ժամկետը:

 

Հոդված 330. Մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրները

 

1. Իրավատերերի դիմումների հիման վրա՝ մտավոր սեփականության օբյեկտները մաքսային մարմինների կողմից ընդգրկվում են մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրում, որը վարվում է Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմնում՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով:

2. Մաքսային մարմինը Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմնում վարվող՝ մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրում ընդգրկում է այն մտավոր սեփականության օբյեկտները, որոնք ենթակա են պաշտպանության Մաքսային միության անդամ պետության տարածքում՝ տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:

3. Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում մտավոր սեփականության օբյեկտների ընդգրկման պայմանները և դրա վարման կարգը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով:

 

Հոդված 331. Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման կասեցումը

 

1. Եթե Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից վարվող՝ մաքսային ռեեստրում կամ Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում ընդգրկված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու ժամանակ մաքսային մարմնի կողմից հայտնաբերվում են մտավոր սեփականության իրավունքների խախտման նշաններ, ապա այդ ապրանքների բացթողումը կասեցվում է 10 (տասը) աշխատանքային օր ժամկետով:

Իրավատիրոջ կամ նրա շահերը ներկայացնող անձի խնդրանքով՝ այդ ժամկետը կարող է մաքսային մարմնի կողմից երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 10 (տասը) աշխատանքային օրով, եթե նշված անձինք դիմել են լիազորված մարմիններին իրավատիրոջ իրավունքների պաշտպանության ակնկալիքով՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Ապրանքների բացթողումը կասեցնելու և ապրանքների բացթողումը կասեցնելու ժամկետի երկարաձգման մասին որոշումներն ընդունվում են գրավոր ձևով՝ մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից:

2. Մաքսային մարմինը, մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողումը կասեցնելու մասին որոշումն ընդունելու օրվան հաջորդող 1 (մեկ) աշխատանքային օրվանից ոչ ուշ, հայտարարատուին և իրավատիրոջը կամ նրանց շահերը ներկայացնող անձանց տեղեկացնում է այդպիսի կասեցման, կասեցման պատճառների և ժամկետների մասին, ինչպես նաև հայտարարատուին հայտնում է իրավատիրոջ և (կամ) նրա շահերը ներկայացնող անձի անվանումը (ազգանուն, անուն, հայրանուն) և գտնվելու վայրը (հասցեն), իսկ իրավատիրոջը կամ նրա շահերը ներկայացնող անձին՝ հայտարարատուի անվանումը (ազգանուն, անուն, հայրանուն) և գտնվելու վայրը (հասցեն):

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողումը կասեցնելու ժամկետը լրանալուն պես՝ այդ ապրանքների բացթողումը վերականգնվում է և իրականացվում է սույն Օրենսգրքով սահմանված կարգով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մաքսային մարմին են ներկայացվում ապրանքների առգրավման, դրանց վրա արգելանք դնելու կամ բռնագրավելու մասին հավաստող փաստաթղթեր կամ այլ փաստաթղթեր՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

4. Մաքսային մարմիններն իրավունք ունեն կասեցնել Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում կամ Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում չընդգրկված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողումը առանց իրավատիրոջ դիմումի՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Մաքսային միության անդամ պետությունների քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան՝ իրավատերը պատասխանատվություն է կրում սույն գլխին համապատասխան ապրանքների բացթողումը կասեցնելու արդյունքում մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների հայտարարատուին, սեփականատիրոջը, ստացողին պատճառված գույքային վնասի (կորստի) համար, եթե իրավատիրոջ իրավունքների խախտում չի բացահայտվել:

 

Հոդված 332. Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման կասեցման մասին որոշումը չեղյալ համարելը

 

1. Ապրանքների բացթողման կասեցման մասին որոշումը չեղյալ է համարվում մինչև ապրանքների բացթողման կասեցման ժամկետի լրանալը, եթե՝

1) իրավատիրոջ կամ նրա շահերը ներկայացնող անձի կողմից մաքսային մարմին դիմում է ներկայացվել այդ որոշումը չեղյալ համարելու վերաբերյալ.

2) մտավոր սեփականության օբյեկտը հանվել է Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից վարվող՝ մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրից կամ Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրից.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվում են այլ դեպքեր:

2. Ապրանքների բացթողումը կասեցնելու մասին որոշման չեղյալ համարումը ձևակերպվում է գրավոր ձևով՝ մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից:

3. Ապրանքների բացթողումը կասեցնելու մասին որոշումը չեղյալ համարելուց հետո, այդ ապրանքների բացթողումը վերականգնվում և իրականացվում է սույն Օրենսգրքին համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 333. Տեղեկություններ տրամադրելը, ապրանքներից փորձանմուշներ և նմուշներ վերցնելը

 

1. Մաքսային մարմինը հայտարարատուին, իրավատիրոջը կամ նրա շահերը ներկայացնող անձին տրամադրում է տեղեկություններ այն ապրանքների վերաբերյալ, որոնց բացթողումը կասեցնելու մասին ընդունվել է որոշում:

2. Հայտարարատուի, իրավատիրոջ կամ նրա շահերը ներկայացնող անձի ստացած տեղեկությունները, սույն հոդվածին համապատասխան, համարվում են կոնֆիդենցիալ և չպետք է հրապարակվեն նրանց կողմից, չպետք է փոխանցվեն երրորդ անձանց, ինչպես նաև պետական մարմիններին՝ բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

3. Մաքսային մարմնի գրավոր թույլտվությամբ իրավատերը, հայտարարատուն կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն մաքսային վերահսկողության ներքո փորձանմուշներ և նմուշներ վերցնել այն ապրանքներից, որոնց բացթողումը կասեցնելու մասին ընդունվել է որոշում, անցկացնել դրանց փորձաքննություն, ինչպես նաև տեսազննել, լուսանկարել կամ որևէ այլ կերպ արձանագրել այդպիսի ապրանքները:

 

ԳԼՈՒԽ 47. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐՈՎ

 

Հոդված 334. Սույն գլխի կիրառության ոլորտը

 

Սույն գլխում սահմանվում են սույն Օրենսգրքի այլ դրույթներով չսահմանված՝ խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները:

Սույն Օրենսգրքով չկարգավորվող մասով՝ խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 335. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների ներմուծման, արտահանման և մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները

 

1. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների՝ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծումը և այդ տարածքից արտահանումը թույլատրվում է հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների բացթողումից հետո:

2. Մաքսային հայտարարագիր ներկայացնելու ժամանակ չի գործում խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքները մաքսային մարմին փաստացի ներկայացնելու պահանջ:

3. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների՝ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման և այդ տարածքից արտահանման ժամանակ թույլատրվում է ապրանքների խառնումը, ինչպես նաև փոխադրման տեխնոլոգիական առանձնահատկություններից և ապրանքների բնորոշ հատկանիշներից ելնելով՝ ապրանքների քանակի և վիճակի (որակի) փոփոխումը՝ Մաքսային միության անդամ պետություններում գործող տեխնիկական կանոնակարգերին և ազգային ստանդարտներին համապատասխան:

4. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները սահմանվում են սույն Օրենսգրքի 194-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

5. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների քանակը սահմանվում է սույն Օրենսգրքի 337-րդ հոդվածին համապատասխան՝ տեխնոլոգիական գործընթացին հարմարեցված վայրերում տեղադրված հաշվառքի սարքերի ցուցմունքների հիման վրա, համապատասխան արտաքին առևտրային պայմանագրով ապրանքների փաստացի մատակարարման մասին ակտերով, ընդունման-հանձնման ակտերով, ապրանքների որակի հավաստագրերով և այլ համանման փաստաթղթերով, որոնք հաստատում են արտադրված, մատակարարված և սպառված՝ խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների ծավալների հասցեական բաշխումը հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում, որը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

6. Մաքսային միության մաքսային տարածքից արտահանվող՝ խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվում են այդ ապրանքները ուղարկող պետության տարածքում տեղադրված հաշվառքի սարքերի կամ սահմանակից պետության տարածքում կամ այլ վայրերում գտնվող հաշվառքի սարքերի ցուցմունքները՝ սույն Օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող՝ խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվում են այդ ապրանքների նշանակման պետության տարածքում տեղադրված հաշվառքի սարքերի կամ՝ սահմանակից պետության տարածքում կամ այլ վայրերում գտնվող հաշվառքի սարքերի ցուցմունքները՝ սույն Օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

7. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող բնական գազի մաքսային հայտարարագրման ժամանակ՝ դրա քանակի և որակի հավաստման համար օգտագործվում են բնական գազի փաստացի մատակարարումների մասին ակտերը, որոնք կազմվում են բնական գազը կապալառուներին հանձնելու՝ այդպիսի տեղափոխման իրականացման համար հիմք հանդիսացող արտաքին առևտրային պայմանագրերի պայմաններով սահմանված վայրերում տեղադրված հաշվառքի սարքերի ցուցմունքների հիման վրա:

(7-րդ կետն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

 

Հոդված 336. Էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների ներմուծման, արտահանման և մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները

 

1. Էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների (սույն գլխում այսուհետ՝ էլեկտրական էներգիա)՝ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծումը և այդ տարածքից արտահանումը թույլատրվում է մինչև մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելը: Հայտարարագրումն իրականացվում է էլեկտրական էներգիան համապատասխանաբար «ներքին սպառման համար բացթողում» կամ «արտահանում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար մաքսային հայտարարագրի հետագա ներկայացմամբ՝ դրա փաստացի մատակարարման յուրաքանչյուր օրացուցային ամսվան հաջորդող ամսվա 20-րդ (քսաներորդ) օրվանից ոչ ուշ:

2. Մաքսային հայտարարագիր ներկայացնելու ժամանակ չի գործում էլեկտրական էներգիան մաքսային մարմին փաստացի ներկայացնելու պահանջ:

3. Մաքսային հայտարարագրման է ենթակա ներմուծված կամ արտահանված էլեկտրական էներգիայի փաստացի քանակը: Էլեկտրական էներգիայի քանակը որոշվում է տեխնոլոգիական գործընթացին հարմարեցված վայրերում տեղադրված և էլեկտրական էներգիայի տեղափոխումն արձանագրող՝ հաշվառքի սարքերի ցուցմունքների, համապատասխան արտաքին առևտրային պայմանագրով էլեկտրական էներգիայի փաստացի մատակարարման մասին ակտերի, ընդունման-հանձնման ակտերի և այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով հաստատվում է էլեկտրական էներգիայի փաստացի տեղափոխումը որպես էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսք (լարման բոլոր դասերով աշխատող էլեկտրահաղորդման միջպետական գծերով էլեկտրական էներգիայի՝ հակառակ ուղղություններով փոխհոսքերի հանրահաշվական գումարը) յուրաքանչյուր օրացուցային ամսվա համար, եթե Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան չի սահմանվում էլեկտրական էներգիայի քանակը որոշելու այլ կարգ:

Սալդո-փոխհոսքի հաշվարկված արժեքը ճշգրտվում է էլեկտրական էներգիայի տեղափոխման ժամանակ ցանցերում տեղի ունեցող էլեկտրական էներգիայի կորստի մեծության նկատմամբ՝ Մաքսային միության անդամ պետություններում գործող տեխնիկական կանոնակարգերին և ազգային ստանդարտներին համապատասխան:

4. Մաքսային միության մաքսային տարածքից արտահանվող՝ էլեկտրական էներգիայի մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվում են այդ էլեկտրական էներգիան ուղարկող պետության տարածքում տեղադրված հաշվառքի սարքերի կամ սահմանակից պետության տարածքում գտնվող հաշվառքի սարքերի ցուցմունքները՝ սույն Օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:

Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող՝ էլեկտրական էներգիայի մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվում են այդ էլեկտրական էներգիայի նշանակման պետության տարածքում տեղադրված հաշվառքի սարքերի կամ՝ սահմանակից պետության տարածքում գտնվող հաշվառքի սարքերի ցուցմունքները՝ սույն Օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:

5. Էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները սահմանվում են սույն Օրենսգրքի 194-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

 

Հոդված 337. Խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառքի սարքերի տեղադրման վայրերը

 

1. Խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառքի սարքերը տեսադրվում են Մաքսային միության մաքսային տարածքում:

Մաքսային սահմանով խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառքի սարքերի տեղադրման վայրերը կարող են գտնվել այդ տարածքի սահմաններից դուրս՝ Մաքսային միության անդամ պետության և սահմանակից պետության այնպիսի միջազգային պայմանագրերի առկայության պարագայում, որոնցով սահմանվում է դրանց աշխատանքը և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար դրանց մատչելիության կարգը:

Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող բնական գազի հաշվառքի սարքերը կարող են գտնվել Մաքսային միության մաքսային տարածքում և (կամ) դրա սահմաններից դուրս՝ այն վայրերում, որտեղ չափումների անցկացումը պայմանավորված է բնական գազի փոխադրման տեխնոլոգիայով, և որոնք սահմանվում են այդ տեղափոխման իրականացման համար հիմք հանդիսացող՝ արտաքին առևտրային պայմանագրերի պայմաններով:

(երրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

2. Մաքսային սահմանը հատելու դեպքում՝ խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառքի սարքերի տեղադրման վայրերը հաստատվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

3. Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող՝ խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառքի սարքերի ցուցմունքների տվյալների չթույլատրված մատչելիությունը և փոփոխումը կանխարգելելու նպատակով՝ այդ սարքերի վրա մաքսային մարմինների կողմից դրվում են նույնականացման միջոցներ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 338. Խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նույնականացումը

 

Խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նույնականացում չի իրականացվում, ինչը մաքսային մարմնին չի խոչընդոտում մաքսային նպատակների համար որոշել ապրանքների քանակը, որակը և մյուս հատկանիշները՝ օգտագործելով փաստաթղթերում պարունակվող տեղեկությունները, հաշվիչների և այլ չափիչ սարքերի ցուցմունքները:

 

Հոդված 339. Խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների տարանցման մաքսային հայտարարագրումը

 

1. Մաքսային միության մաքսային տարածքով և (կամ) Մաքսային միության անդամ չհանդիսացող պետության տարածքով՝ խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող օտարերկրյա ապրանքների մաքսային տարանցումը հաշվառքի սարքերի տեղադրման վայրերում գտնվող կետերի միջև կիրառվում է՝

Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերի և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, եթե այդ տարանցումն իրականացվում է Մաքսային միության անդամ հանդիսացող՝ բոլոր պետությունների տարածքներով.

Մաքսային միության երկու անդամ պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրի և (կամ) Մաքսային միության անդամ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան, եթե այդ տարանցումն իրականացվում է Մաքսային միության անդամ հանդիսացող՝ միայն երկու պետությունների տարածքներով.

Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, եթե այդ տարանցումն իրականացվում է միայն տվյալ պետության տարածքով:

(1-ին կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Մաքսային միության մաքսային տարածքով էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող էլեկտրական էներգիան, էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի պայմաններում, չի կարող ձևակերպվել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով: Ընդ որում, էլեկտրական էներգիայի փաստացի տեղափոխման յուրաքանչյուր օրացուցային ամսվան հաջորդող ամսվա 20-րդ (քսաներորդ) օրվանից ոչ ուշ, մաքսային մարմին պետք է ներկայացվի գրավոր դիմում՝ նշելով հաշվարկային ժամանակահատվածում տեղափոխման ծավալների մասին տեղեկություններ, էլեկտրական էներգիայի պայմանական արժեքը և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Թույլատրվում է Մաքսային միության մաքսային տարածքով էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող՝ տարանցիկ ապրանքների բնորոշ հատկանիշների փոփոխում՝ ելնելով փոխադրման տեխնոլոգիական առանձահատկություններից՝ Մաքսային միության անդամ պետություններում գործող տեխնիկական կանոնակարգերին և ազգային ստանդարտներին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 48. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

Հոդված 340. Սույն գլխի կիրառության ոլորտը

 

1. Սույն գլխով կարգավորվում են Մաքսային միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս օտարերկրյա պետություններում գրանցված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ դատարկների) միջազգային փոխադրումն ավարտելու կամ սկսելու համար այդ տարածք ժամանակավոր ներմուծման և Մաքսային միության անդամ պետություններում գրանցված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ դատարկ տրանսպորտային միջոցների), բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումն ավարտելու կամ սկսելու համար այդ տարածքից ժամանակավոր արտահանման կարգը:

2. Սույն գլխի դրույթները կիրառվում են նաև Մաքսային միության մաքսային տարածքից ժամանակավոր արտահանվող և այդ տարածք հետ ներմուծվող հետևյալ տրանսպորտային միջոցների նկատմամբ՝

1) նավեր, որոնք օգտագործվում են ձկնորսության, ծովի հատակի և դրա ընդերքի հանքային և այլ՝ ոչ կենդանի ռեսուրսների հետախուզման և վերամշակման, նավատարի և սառցահատի միջոցով անցկացման, որոնողական, փրկարարական և քարշակման գործողությունների, ծովում խորտակված գույքի դուրսբերման, ջրատեխնիկական, ստորջրյա-տեխնիկական և նման այլ աշխատանքների, ծովային միջավայրի սանիտարական, կարանտինային և այլ տեսակի հսկողության, պաշտպանության և պահպանության համար, ուսուցողական, սպորտային և մշակութային, ինչպես նաև առևտրային ծովագնացության հետ կապված այլ նպատակներով ծովային գիտահետազոտական աշխատանքների անցկացման համար.

2) քաղաքացիական և պետական օդանավեր, օդանավեր, որոնք օգտագործվում են փորձարարական ավիացիայում (որն իրականացնում է փորձարարական թռիչքներ), չեն օգտագործվում ապրանքների և ուղևորների միջազգային փոխադրումների համար.

2) երկաթուղային շարժակազմ, որն օգտագործվում է վերանորոգման- վերականգնման և ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չառնչվող այլ աշխատանքների համար:

 

Հոդված 341. Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների տեղաշարժի կարգը

 

1. Մաքսային սահմանը հատող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները կանգ են առնում և կայանում են մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում՝ սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային գործառնությունների իրականացման համար:

2. Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների կայանման տևողությունը, ելնելով մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ ժամանակահատվածից, օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի համար չպետք է գերազանցի 3 (երեք) ժամը, իսկ ջրային տրանսպորտի համար՝ 8 (ութ) ժամը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ՝

1) մաքսային գործառնությունների իրականացումը չի կարող սկսվել և ավարտվել մաքսային մարմիններից անկախ պատճառներով.

2) միջազգային փոխադրման այդ տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների՝ մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է անմիջականորեն մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում.

3) միջազգային փոխադրման այդ տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների նկատմամբ, որպես մաքսային տարանցման ապահովման միջոց, կիրառվել է մաքսային ուղեկցում.

4) միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանությունն իրականացվում է մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերի տարածքում տեղակայված ժամանակավոր պահպանության վայրերում:

3. Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների կայանման վայրերից դրանց ուղարկումը մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրեր իրականացվում է սույն Օրենսգրքի՝ համապատասխանաբար 23-րդ և 24-րդ գլուխներով նախատեսված մաքսային գործառնություններն ավարտելուց հետո, որոնք իրականացվում են Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանման կամ այդ տարածքից ապրանքների մեկնման ժամանակ:

4. Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները ենթակա են սույն Օրենսգրքի 350-րդ հոդվածին համապատասխան մաքսային հայտարարագրման՝ առանց մաքսային ընթացակարգերով ձևակերպման:

5. Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները մաքսային սահմանով տեղաշարժվում են առանց ոչ սակագնային և տեխնիկական կարգավորման միջոցների կիրառման:

 

Հոդված 342. Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը

 

1. Առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք թույլատրվում է հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում՝

1) եթե միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցը գրանցված է օտարերկրյա պետության տարածքում՝ օտարերկրյա անձի անունով.

2) եթե միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցը Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվում և օգտագործվում է օտարերկրյա անձի կողմից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցը օգտագործվում է Մաքսային միության անդամ պետության այն անձի կողմից, որը օտարերկրյա անձի կողմից պատշաճ կերպով լիազորվել է փոխադրման ծառայությունների տրամադրման համար տրված պարզ գրավոր լիազորագրով կամ այդ ծառայությունների տրամադրման մասին պայմանագրով՝ Մաքսային միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռի միջազգային փոխադրումը սկսելու կամ ավարտելու համար:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Մաքսային միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներն ունեն օտարերկրյա ապրանքի կարգավիճակ:

3. Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումն ավարտվում է Մաքսային միության մաքսային տարածքից սույն Օրենսգրքի 343-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում դրանք արտահանելով կամ դրանք մաքսային ընթացակարգերով ձևակերպելով՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի:

4. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների արտահանումը Մաքսային միության մաքսային տարածքից կարող է իրականացվել ցանկացած մաքսային մարմնի միջոցով:

 

Հոդված 343. Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամկետները

 

1. Մաքսային միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները պետք է այդ տարածքից արտահանվեն փոխադրման այն գործողությունների ավարտից հետո, որոնց կատարման համար Մաքսային միության մաքսային տարածք են ներմուծվել այդ տրանսպորտային միջոցներն այն ժամկետներում, որոնք հաշվարկվում են՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 219-րդ հոդվածի դրույթները, եթե այլ բան սահմանված չէ միջազգային պայմանագրերով:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետներում միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի արտահանման անհնարինության դեպքում, շահագրգիռ անձի հիմնավորված խնդրանքով, մաքսային մարմինը երկարաձգում է միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծման ժամկետն այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի արտահանումն անհնար դարձնող պատճառները վերացնելու համար:

 

Հոդված 344. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների նկատմամբ կատարվող գործողությունները

 

1. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների նկատմամբ թույլատրվում է կատարել դրանց տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման հետ կապված ընթացիկ գործողություններ, որոնց իրականացման անհրաժեշտությունն առաջացել է Մաքսային միության մաքսային տարածքում դրանց ընթանալու կամ նշված տարածքում գտնվելու ժամանակ:

2. Մաքսային միության մաքսային տարածքում չի թույլատրվում՝

ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների օգտագործումը բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռի փոխադրման համար, որը սկսում և ավարտվում է Մաքսային միության մաքսային տարածքում (սույն գլխում օգտագործման նպատակով, այսուհետ՝ ներքին փոխադրում Մաքսային միության մաքսային տարածքով).

ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների հանձնումն այլ անձանց, այդ թվում՝ վարձակալությամբ (ենթավարձակալությամբ)՝ բացառությամբ դրանք վերանորոգման, տեխնիկական սպասարկման, պահպանության համար հանձնելու կամ, միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցն անհապաղ կերպով արտահանելու միջոցով, դրանք՝ փոխադրման գործողություններն ավարտելու նպատակով հանձնելու դեպքերի:

Մաքսային միության մաքսային տարածքով ուղևորների փոխադրում իրականացնող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ներքին փոխադրման համար բեռների և (կամ) ուղեբեռի փոխադրում իրականացնող կցորդների, կիսակցորդների, բեռնարկղերի (կոնտեյներների) և երկաթուղային շարժակազմի օգտագործման առանձնահատկությունները սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների օգտագործումը կամ դրանց հանձնումն այլ անձանց սույն գլխի 2-րդ կետի առաջին մասում նշված դեպքերում թույլատրվում է՝ պայմանով, որ այդ տրանսպորտային միջոցները ձևակերպվեն մաքսային ընթացակարգերով:

Եթե նշված գործողություններն իրականացվում են առանց ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, ապա վճարվում են մաքսատուրքեր, հարկեր ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներին համարժեք գումարի չափով, որոնք վճարման ենթակա կլինեին միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվելու դեպքում՝ առանց հաշվի առնելու մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված սակագնային առանձնաշնորհումներն ու արտոնությունները, որոնք հաշվարկվում են տրանսպորտային միջոցի մասին մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից: Ընդ որում, մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետ է համարվում նշված գործողությունների իրականացման առաջին օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա մաքսային մարմնի կողմից՝ տրանսպորտային միջոցի մասին մաքսային հայտարարագրի գրանցման օրը:

 

Հոդված 345. Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների ժամանակավոր արտահանումը

 

1. Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների ժամանակավոր արտահանումը թույլատրվում է՝ պայմանով, որ այդ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցը լինի Մաքսային միության ապրանք և գրանցված լինի Մաքսային միության անդամ պետության տարածքում Մաքսային միության անդամ պետության անձի անունով՝ բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են սույն կետի երկրորդ մասով և սույն հոդվածի 4-րդ կետով:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Օդանավերի՝, որպես միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների ժամանակավոր արտահանումը թույլատրվում է՝ պայմանով, որ օդանավը լինի Մաքսային միության ապրանք և Մաքսային միության անդամ պետության անձի կողմից օգտագործվի միջազգային փոխադրման նպատակների համար:

(երկրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

2. Մաքսային միության մաքսային տարածքից ժամանակավոր արտահանված՝ Մաքսային միության ապրանք հանդիսացող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները, տվյալ տարածքից փաստացի արտահանման դեպքում պահպանում են Մաքսային միության ապրանքի կարգավիճակը, իսկ սույն հոդվածի 4-րդ կետում նշված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները պահպանում են օտարերկրյա ապրանքի կարգավիճակը:

3. Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները Մաքսային միության մաքսային տարածքից ժամանակավոր արտահանվում են առանց արտահանման մաքսատուրքերի վճարման:

4. Սույն Օրենսգրքի 200-րդ հոդվածին համապատասխան թույլատրվում է միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների ժամանակավոր արտահանումը, որոնք ավելի վաղ ձևակերպված են եղել «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ որոնք եղել են պայմանական բաց թողնված ապրանքներ:

5. Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի ժամանակավոր արտահանումը թույլատրվում է անկախ այն հանգամանքից, թե Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս ինչ անձի կողմից և ինչ նպատակներով է նախատեսվում այն օգտագործել:

 

Հոդված 346. Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների ժամանակավոր արտահանման ժամկետները

 

Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների ժամանակավոր արտահանման ժամկետները չեն սահմանափակվում:

 

Հոդված 347. Ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների նկատմամբ կատարվող գործողությունները

 

1. Ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների նկատմամբ թույլատրվում է կատարել՝

1) տեխնիկական սպասարկման և (կամ) ընթացիկ վերանորոգման գործողություններ, որոնք անհրաժեշտ են դրանց պահպանվածության ապահովման, շահագործման և այն վիճակում պահպանելու համար, որում դրանք գտնվել են արտահանման օրը, եթե այդ գործողությունների իրականացման անհրաժեշտությունն առաջացել է այդ տրանսպորտային միջոցները միջազգային փոխադրումներում օգտագործելու ժամանակ.

2) անհատույց (երաշխիքային) վերանորոգման գործողություններ.

3) վերանորոգման գործողություններ՝ ներառյալ կապիտալ վերանորոգումը, որոնք իրականացվում են Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղի ունեցած վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով վնասվելուց հետո միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները վերականգնելու համար:

2. Ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների նկատմամբ վերանորոգման գործողությունները և (կամ) այլ գործողությունները, որոնք նախատեսված չեն սույն հոդվածի 1-ին կետով, թույլատրվում են՝ պայմանով, որ այդ տրանսպորտային միջոցները ձևակերպվեն «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով:

Եթե նշված գործողություններն իրականացվում են առանց ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու, ապա միջազգային փոխադրման տրանսպորտային այդ միջոցների ներմուծման դեպքում վճարվում են մաքսատուրքեր, հարկեր՝ սույն Օրենսգրքի 262-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 348. Ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների ներմուծումը

 

1. Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների ժամանակավոր արտահանումն ավարտվում է դրանք Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելով կամ Մաքսային միության ապրանք հանդիսացող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները «արտահանում» կամ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով, իսկ սույն Օրենսգրքի 345-րդ հոդվածի 4-րդ կետում նշված՝ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով:

Եթե ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքները փոխանցվում են օտարերկրյա անձին, ապա այն անձը, որն արտահանել է տվյալ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցը, պարտավոր է Մաքսային միության ապրանք հանդիսացող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները ձևակերպել «արտահանում» մաքսային ընթացակարգով, իսկ սույն Օրենսգրքի 345-րդ հոդվածի 4-րդ կետում նշված՝ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով՝ արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքները փոխանցելու օրվանից 30 (երեսուն) օրվա ընթացքում:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Նման ապրանքների մաքսային հայտարարագրումը թույլատրվում է առանց մաքսային մարմին դրանք փաստացի ներկայացնելու:

2. Այն դեպքում, երբ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների ժամանակավոր արտահանումն ավարտվում է Մաքսային միության մաքսային տարածք դրանք ներմուծելով, այդ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման:

3. Ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք կարող է իրականացվել ցանկացած մաքսային մարմնի կողմից:

 

Հոդված 349. Սարքավորումների և պահեստամասերի ժամանակավոր ներմուծումը և ժամանակավոր արտահանումը

 

1. Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի հետ ժամանակավոր ներմուծվող հատուկ սարքավորումները, որոնք նախատեսված են բեռների բեռնման, բեռնաթափման, վերամշակման և պաշտպանության կամ տվյալ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցով տեղափոխվող ուղևորների և (կամ) ուղեբեռի սպասարկման համար, անկախ այն հանգամանքից, թե կարող է այն օգտագործվել միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցից առանձին, թե՝ ոչ, ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց ոչ սակագնային և տեխնիկական կարգավորման միջոցների կիրառման:

2. Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի վերանորոգման, տեխնիկական սպասարկման կամ շահագործման համար նախատեսված պահեստամասերը և սարքավորումները ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց ոչ սակագնային և տեխնիկական կարգավորման միջոցների կիրառման:

3. Այն պահեստամասերը, որոնք նախատեսված են արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի վերանորոգման կամ տեխնիկական սպասարկման ժամանակ օգտագործելու համար՝ ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի մեջ ներկառուցված մասերի և սարքավորումների փոխարինման նպատակով, Մաքսային միության մաքսային տարածքից դրանց արտահանման դեպքում արտահանվում են առանց արտահանման մաքսատուրքերի վճարման և առանց ոչ սակագնային և տեխնիկական կարգավորման միջոցների կիրառման:

Փոխարինված մասերի և սարքավորումների ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք թույլատրվում է առանց այն ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, որոնք կիրառելի են «վերաներմուծում» մաքսային ընթացակարգի դեպքում:

4. Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով և (կամ) օրենսդրությամբ կարող են սահմանվել Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման և այդ տարածքից արտահանման այլ առանձնահատկություններ այն պահեստամասերի և սարքավորումների համար, որոնք փոխարինման նպատակով հանվել են միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի վրայից դրա շահագործման ընթացքում:

 

Հոդված 350. Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների, պահեստամասերի և սարքավորումների մաքսային հայտարարագրումը

 

1. Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների, մաքսային հայտարարագրումն իրականացվում է միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները Մաքսային միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծելու և ժամանակավոր ներմուծված այդպիսի տրանսպորտային միջոցներն այդ տարածքից արտահանելու դեպքում, ինչպես նաև միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները Մաքսային միության մաքսային տարածքից ժամանակավոր արտահանելու և այդպիսի ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներն այդ տարածք ներմուծելու դեպքում՝ փոխադրողի կողմից մաքսային մարմին տրանսպորտային միջոցի մասին մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:

2. Որպես տրանսպորտային միջոցի մասին մաքսային հայտարարագիր կիրառվում են փոխադրողի ստանդարտ փաստաթղթերը, որոնք նախատեսված են տրանսպորտի ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերով, որոնց մասնակիցները Մաքսային միության անդամ պետություններն են, եթե դրանք պարունակում են տեղեկություններ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի, դրա երթուղու, բեռի, պաշարների, անձնակազմի և ուղևորների, միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի ներմուծման (արտահանման) նպատակի և (կամ) պահեստամասերի և սարքավորումների անվանումների մասին, որոնք տեղափոխվում են միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի վերանորոգման կամ շահագործման համար, որոնք նշված են սույն Օրենսգրքի 159-րդ հոդվածում՝ ելնելով տրանսպորտի տեսակից:

Եթե ներկայացված՝ փոխադրողի ստանդարտ փաստաթղթերը չեն պարունակում բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, ապա միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրումն իրականացվում է տրանսպորտային միջոցի մասին սահմանված ձևի մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով: Ընդ որում, ներկայացված՝ փոխադրողի ստանդարտ փաստաթղթերը դիտարկվում են որպես տրանսպորտային միջոցի մասին հայտարարագրի անբաժանելի մաս:

Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելու և այդ տարածք ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները ներմուծելու դեպքում՝ որպես տրանսպորտային միջոցի մասին հայտարարագիր մաքսային մարմինը կարող է օգտագործել այն տրանսպորտային միջոցի մասին հայտարարագիրը, որը ներկայացվել է, համապատասխանաբար, ժամանակավոր ներմուծված կամ ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման ժամանակ։

Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային մարմինն իրավունք ունի ներկայացնել այլ տեղեկություններ տրամադրելու պահանջ:

3. Եթե պահեստամասերը և սարքավորումները մաքսային տարածքով տեղափոխվում են միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների հետ միաժամանակ՝ սույն Օրենսգրքի 349-րդ հոդվածին համապատասխան, ապա դրանց մասին տեղեկությունները կարող են հայտարարագրվել տրանսպորտային միջոցի մասին հայտարարագրում:

4. Տրանսպորտային միջոցների մասին ներկայացված մաքսային հայտարարագիրը գրանցվում է մաքսային մարմնի կողմից:

5. Տրանսպորտային միջոցների մասին մաքսային հայտարարագրի ստուգման արդյունքների հիման վրա՝ մաքսային մարմինը ձևակերպում է միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը կամ ժամանակավոր արտահանումը կամ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների ժամանակավոր արտահանման կամ ժամանակավոր ներմուծման ավարտը՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանվող ձևով և կարգով տրանսպորտային միջոցի մասին մաքսային հայտարարագրում նշումներ կատարելու միջոցով:

6. Օգտագործված և հետ չարտահանված պահեստամասերը և սարքավորումները ենթակա են մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ պահպանելով սույն Օրենսգրքով սահմանված պահանջները և պայմանները:

 

ԳԼՈՒԽ 49. ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 351. Սույն գլխում գործածվող եզրույթները

 

Սույն գլխում գործածվում են հետևյալ եզրույթները և դրանց սահմանումները՝

1) չուղեկցվող ուղեբեռ՝ ֆիզիկական անձին պատկանող անձնական օգտագործման ապրանքներ, որոնք միջազգային փոխադրման (տրանսպորտային առաքման) պայմանագրով փոխադրողին են փոխանցվել կամ փոխանցվում մաքսային սահմանով փաստացի տեղափոխման համար՝ կապված Մաքսային միության տարածք այդ ֆիզիկական անձի մուտքի կամ Մաքսային միության մաքսային տարածքից նրա մեկնման հետ.

2) ուղեկցվող ուղեբեռ՝ անձնական օգտագործման ապրանքներ՝ ներառյալ ձեռքի ծանրոցը, որոնք անմիջականորեն տեղափոխվում են մաքսային սահմանը հատող ֆիզիկական անձի կողմից.

3) փոխադրողի կողմից տեղ հասցվող անձնական օգտագործման ապրանքներ՝ անձնական օգտագործման ապրանքներ, որոնք միջազգային փոխադրման պայմանագրով (բեռնագրով, կոնոսամենտով և այլ փաստաթղթերով) փոխադրողին են փոխանցվել կամ փոխանցվում մաքսային սահմանով փաստացի տեղափոխման նպատակով՝ ֆիզիկական անձի հասցեով կամ ֆիզիկական անձի անունից, որոնք չեն հատել մաքսային սահմանը.

4) անձնական օգտագործման տրանսպորտային միջոց՝ ավտոտրանսպորտային, մոտոտրանսպորտային միջոց, կցորդ, նավ կամ օդանավ դրա համար նախատեսված պահեստամասերով և սովորական պարագաներով, սարքավորումներով, դրա սովորական բաքերում պարունակվող վառելիքաքսուքային նյութերով և վառելիքով, որի սեփականատերը կամ տիրապետողը այն ֆիզիկական անձն է, որի կողմից այդ տրանսպորտային միջոցները մաքսային սահմանով տեղափոխվում են բացառապես անձնական նպատակներով, այլ ոչ թե վարձատրության դիմաց անձանց տրանսպորտային փոխադրման համար, վարձատրության դիմաց կամ անվճար հիմունքներով ապրանքների արդյունաբերական կամ առևտրային նպատակներով տրանսպորտային փոխադրման համար:

 

Հոդված 352. Ընդհանուր դրույթներ անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման մասին

 

1. Անձնական օգտագործման ապրանքները մաքսային սահմանով տեղափոխվում են սույն գլխի դրույթներին համապատասխան, իսկ սույն գլխով չկարգավորվող մասով՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ չեն կիրառվում ոչ սակագնային և տեխնիկական կարգավորման միջոցներ:

3. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները որպես անձնական օգտագործման ապրանքներ դասակարգելու չափորոշիչները, առանց մաքսային վճարների վճարման՝ անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման արժեքային, քանակական և քաշային նորմերը, անձնական օգտագործման ապրանքների առանձին կատեգորիաների համար մաքսային վճարների վճարումից ազատման դեպքերը, ինչպես նաև մաքսատուրքերի, հարկերի կիրառման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով:

 

Հոդված 353. Անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եղանակները

 

Անձնական օգտագործման ապրանքները կարող են մաքսային սահմանով տեղափոխվել ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում՝ որպես փոխադրողի կողմից տեղ հասցվող ապրանքներ, ինչպես նաև միջազգային փոստային առաքանիներով՝ սույն Օրենսգրքի 44-րդ գլխին համապատասխան:

 

Հոդված 354. Անձնական օգտագործման ապրանքների համար իրականացվող մաքսային գործառնությունները

 

1. Մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների համար իրականացվող մաքսային գործառնություններն իրականացվում են սույն Օրենսգրքով սահմանված կարգով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով:

2. Անձնական օգտագործման նպատակով ապրանքների համար մաքսային գործառնություններն իրականացվում են՝ Մաքսային միության մաքսային տարածք ժամանման կամ այդ տարածքից մեկնման վայրերում տեղաշարժման եղանակներից ելնելով կամ Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմնում, որի տարածքում մշտական (կամ ժամանակավոր) հիմունքներով բնակվում է այդ ապրանքների համար որպես հայտարարատու հանդես գալու իրավունք ունեցող ֆիզիկական անձը:

3. Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով կամ գնացքով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման դեպքում, մաքսային մարմինների կողմից այդ անձանց հնարավորություն է ընձեռվում մաքսային գործառնություններն իրականացնել՝ չհեռանալով այդ տրանսպորտային միջոցներից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է Մաքսային միության մաքսային օրենսդրության դրույթները պահպանելու համար:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

4. Անձնական օգտագործման ապրանքները, մաքսային սահմանով տեղափոխելու ժամանակ, ենթական են մաքսային հայտարարագրման սույն Օրենսգրքի 355-րդ հոդվածին համապատասխան և անձնական օգտագործման համար բացթողման առանց սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով ձևակերպելու: Անձնական օգտագործման ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը սահմանվում է Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ:

Անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող անձի ցանկությամբ այդ ապրանքների համար կարող են իրականացվել մաքսային գործառնություններ՝ կապված դրանք ժամանակավոր պահպանության հանձնելու, սույն Օրենսգրքին համապատասխան դրանք մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, ինչպես նաև Մաքսային միության մաքսային տարածքից դրանք արտահանելու հետ, եթե դրանք դուրս չեն եկել ժամանման վայրից:

Սույն կետի առաջին և երկրորդ մասերում նշված մաքսային գործառնությունները չիրականացնելու դեպքում՝ ապրանքները ենթակա են վերցման (արգելապահման)՝ սույն Օրենսգրքի 21-րդ գլխին համապատասխան:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

5. Մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունն իրականացվում է սույն Օրենսգրքին համապատասխան և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով:

 

Հոդված 355. Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումը

 

1. Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով ուղևորվելու ժամանակ՝ ապրանքները մաքսային մարմին ներկայացնելու հետ միաժամանակ:

2. Գրավոր մաքսային հայտարարագրման ենթակա են՝

1) անձնական օգտագործման ապրանքները, որոնք տեղափոխվում են չուղեկցվող ուղեբեռում կամ փոխադրողի կողմից տեղ են հասցվում ֆիզիկական անձի հասցեով.

2) անձնական օգտագործման ապրանքները, որոնք տեղափոխվում են ցանկացած եղանակով և որոնց նկատմամբ կիրառվում են արգելքներ և սահմանափակումներ՝ բացառությամբ ոչ սակագնային և տեխնիկական կարգավորման միջոցների.

3) անձնական օգտագործման ապրանքները, որոնք տեղափոխվում են ցանկացած եղանակով, այդ թվում՝ ժամանակավոր ներմուծվող ապրանքները, որոնց արժեքը և (կամ) քանակը գերազանցում է այն ապրանքների տեղափոխման նորմերը, որոնք ազատված են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով սահմանված մաքսային վճարների վճարումից.

4) անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք տեղաշարժվում են ցանկացած եղանակով՝ բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների տարածքում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, որոնք ժամանակավոր արտահանվում են Մաքսային միության մաքսային տարածքից և հետ են ներմուծվում այդ տարածք.

5) Մաքսային միության անդամ պետությունների արժույթը, արժեթղթերը և (կամ) արժութային արժեքները, ճանապարհային չեկերը՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

6) մշակութային արժեքները.

7) ուղեկցվող ուղեբեռում ներմուծվող անձնական օգտագործման ապրանքները, եթե դրանք տեղափոխող ֆիզիկական անձն ունի չուղեկցվող ուղեբեռ.

8) Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված մյուս ապրանքները:

3. Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է գրավոր ձևով՝ օգտագործելով ուղևորային մաքսային հայտարարագիրը:

Ուղևորային մաքսային հայտարարագրի ձևը, դրա լրացման, ներկայացման և գրանցման կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

4. Ցանկության դեպքում՝ ֆիզիկական անձն իրավունք ունի հայտարարագրել անձնական օգտագործման ապրանքները, որոնք ենթակա չեն գրավոր մաքսային հայտարարագրման՝ օգտագործելով ուղևորային մաքսային հայտարարագիրը:

5. 16 տարին չլրացած ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է նրան ուղեկցող անձի կողմից (տվյալ անձի ծնողներից որևէ մեկի, որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի կողմից, նրան ուղեկցող այլ անձի կողմից կամ, ուղեկցող անձանց բացակայության դեպքում, փոխադրողի ներկայացուցչի կողմից, իսկ առանց ծնողների, որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների ուղեկցությամբ անչափահաս տարիքի անձանց խմբի կազմակերպված մեկնման (ժամանման) դեպքում՝ այլ անձանց՝ խմբի ղեկավարի կամ փոխադրողի ներկայացուցչի կողմից):

6. Մաքսային սահմանով մահացածների մարմիններով (մասունքներով) դագաղների և աճյունով (մոխրով) աճյունասափորների տեղափոխման դեպքում՝ մաքսային հայտարարագրումն իրականացվում է մահացած անձի մարմնով (մասունքներով) դագաղը կամ աճյունով (մոխրով) աճյունասափորը ուղեկցող անձի կողմից ազատ ձևով շարադրված դիմումի ներկայացմամբ՝ նաև ներկայացնելով սույն կետի երկրորդ և երրորդ մասերում նշված փաստաթղթերը:

Մաքսային միության մաքսային տարածքից մահացածների աճյունով (մոխրով) աճյունասափորների և մարմիններով (մասունքներով) դագաղների դուրսհանման դեպքում ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

Մաքսային միության անդամ պետությունների քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինների կողմից տրվող մահվան վկայականը կամ մահվան փաստը հավաստող բժշկական վկայականը կամ նշված փաստաթղթերի նոտարական կարգով վավերացված պատճենները.

ազատ ձևով շարադրված՝ տվյալ վայրի պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինների եզրակացությունը՝ վերահուղարկավորման դեպքում արտաշիրիմելու հնարավորության մասին.

ցինկապատ դագաղների զոդակցման արարողակարգային ծառայություններ իրականացնող մասնագիտացված կազմակերպությունների կողմից ազատ ոճով շարադրված ակտը (տեղեկանքը)՝ նշումով, որ դրանցում բացակայում են կողմնակի իրերը և կցելով մահացածի իրերի և թանկարժեք իրերի ցանկը, եթե դրանք ուղարկվում են մահացածի մարմնի (աճյունի) հետ միասին:

Մաքսային միության մաքսային տարածք մահացածների աճյունով (մոխրով) աճյունասափորների և մարմիններով (մասունքներով) դագաղների ներս բերման դեպքում ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

ուղարկող երկրի լիազորված հիմնարկության կողմից տրված մահվան վկայականը կամ մահվան փաստը հավաստող բժշկական վկայականը կամ այդ փաստաթղթերի պատճենները.

ցինկապատ դագաղների զոդակցման արարողակարգային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից ազատ ձևով շարադրված ակտը (տեղեկանքը)՝ նշումով, որ դրանցում բացակայում են կողմնակի իրերը՝ կցելով մահացածի իրերի և թանկարժեք իրերի ցանկը, եթե դրանք ուղարկվում են մահացածի մարմնի (աճյունի) հետ միասին:

 

Հոդված 356. Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ փաստաթղթեր ներկայացնելը

 

1. Ուղևորային մաքսային հայտարարագիրը պետք է մաքսային մարմին ներկայացվի դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի հետ միասին: Այդպիսի փաստաթղթեր են համարվում՝

1) անձը հաստատող փաստաթղթերը (այդ թվում՝ անչափահաս անձի).

2) անչափահաս անձի որդեգրումը, խնամակալությունը կամ հոգաբարձությունը հաստատող փաստաթղթերը.

3) հայտարարագրվող անձնական օգտագործման ապրանքների արժեքը հաստատող փաստաթղթերը.

4) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը.

5) մաքսային վճարների վճարման համար սահմանված արտոնությունները հաստատող, այդ թվում՝ ֆիզիկական անձի կողմից անձնական օգտագործման ապրանքների ժամանակավոր ներմուծումը (արտահանումը) հաստատող, ինչպես նաև ֆիզիկական անձին որպես փախստական, հարկադրաբար տեղահանված անձ կամ մշտական բնակության համար տեղափոխվող անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթերը, որոնք սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ.

6) սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը՝ բացառությամբ ոչ սակագնային և տեխնիկական կարգավորման միջոցների.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

7) այնպիսի տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս նույնականացնել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը.

8) անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը հաստատող փաստաթղթերը.

9) մյուս փաստաթղթերը և տեղեկությունները, որոնց ներկայացնելու պահանջը նախատեսված է Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ:

2. Չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում՝ ի հավելումն սույն հոդվածի առաջին կետով նախատեսված փաստաթղթերի, ներկայացվում է մաքսային մարմնի կողմից ձևակերպված այն ուղևորային մաքսային հայտարարագրի օրինակը, որը տրվել էր ֆիզիկական անձին մաքսային սահմանով ուղևորվելու ժամանակ:

Եթե այդ ուղևորային մաքսային հայտարարագիրը չի ներկայացվել դրա կորստի կամ այլ պատճառներով, ապա չուղեկցվող ուղեբեռում ներմուծված անձնական օգտագործման ապրանքները դիտարկվում են որպես մաքսային վճարների վճարումից ազատված ապրանքների ներմուծման համար սահմանված արժեքային, քանակական և քաշային նորմերի գերազանցմամբ ներմուծված ապրանքներ, եթե ֆիզիկական անձը չապացուցի հակառակը:

 

Հոդված 357. Երկուղի համակարգի կիրառումը անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման ժամանակ

 

1. Մաքսային միության մաքսային տարածք ժամանման կամ այդ տարածքից մեկնման վայրերում անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման նպատակով կարող է կիրառվել երկուղի համակարգը:

2. Երկուղի համակարգի կիրառմամբ նախատեսվում է մաքսային սահմանով ուղևորվող ֆիզիկական անձի կողմից անձնական օգտագործման ապրանքների գրավոր մաքսային հայտարարագրում իրականացնելու և մաքսային գործառնություններ իրականացնելը համար համապատասխան ուղու («Կանաչ» կամ «Կարմիր») ինքնուրույն ընտրության կատարում:

3. Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրերում և այդ տարածքից մեկնման վայրերում երկուղի համակարգը հարմարություններով ապահովելուն ներկայացվող պահանջները սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

 

Հոդված 358. Անձնական օգտագործման ապրանքների ժամանակավոր ներմուծումը

 

1. Օտարերկրյա ֆիզիկական անձինք իրավունք ունեն Մաքսային միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծել անձնական օգտագործման ապրանքներ, որոնց ցանկը սահմանված է Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով՝ բացառությամբ այն տրանսպորտային միջոցների, որոնք այդ տարածքում գտնվելու ընթացքում ազատվում են մաքսային վճարների վճարումից:

Այն դեպքում, երբ ժամանակավոր ներմուծվող անձնական օգտագործման ապրանքները ենթակա են գրավոր մաքսային հայտարարագրման, այդ ապրանքների ժամանակավոր ներմուծման ժամկետը սահմանվում է մաքսային մարմնի կողմից օտարերկրյա ֆիզիկական անձի դիմումի հիման վրա՝ հաշվի առնելով Մաքսային միության մաքսային տարածքում նրա գտնվելու տևողությունը:

2. Օտարերկրյա ֆիզիկական անձինք իրավունք ունեն Մաքսային միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծել օտարերկրյա պետությունների տարածքում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ՝ տվյալ տարածքում իրենց ժամանակավոր գտնվելու ժամկետով, որը չպետք է գերազանցի մեկ տարին՝ ազատվելով մաքսային վճարների վճարումից:

Օտարերկրյա ֆիզիկական անձի հիմնավորված դիմումի հիման վրա՝ անձնական օգտագործման տրանսպորտի ժամանակավոր ներմուծման ժամկետը կարող է մաքսային մարմնի կողմից երկարաձգվել այդ տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման օրվանից՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

3. Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման ապրանքների, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքի փոխանցումն այլ անձի թույլատրվում է Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց մաքսային հայտարարագրման և մաքսային վճարների վճարման պայմանով:

4. Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման ապրանքները կարող են Մաքսային միության մաքսային տարածքից հետ արտահանվել ցանկացած մաքսային մարմնի միջոցով:

5. Այն դեպքում, եթե ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման ապրանքները Մաքսային միության մաքսային տարածքում են գտնվում՝ մինչև սահմանված ժամկետի լրանալը դրանք չարտահանելու պատճառով, այդ ապրանքների համար Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվում են մաքսատուրքեր, հարկեր:

6. Այն դեպքում, եթե ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման ապրանքներն անհատույց կորել են վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, Մաքսային միության մաքսային տարածքից դրանց հետադարձ արտահանումը կարող է չիրականացվել՝ պայմանով, որ մաքսային մարմնի կողմից ընդունվի վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության փաստը:

 

Հոդված 359. Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ժամանակավոր արտահանումը

 

1. Մաքսային միության անդամ պետությունների ֆիզիկական անձինք իրավունք ունեն Մաքսային միության մաքսային տարածքից ժամանակավոր արտահանել իրենց անձնական օգտագործման ապրանքները օտարերկրյա պետության տարածքում իրենց ժամանակավոր գտնվելու ժամկետով և դրանք հետ ներմուծել՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարումից:

2. Ֆիզիկական անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ մաքսային մարմինն իրականացնում է ժամանակավոր արտահանված անձնական օգտագործման ապրանքների նույնականացում, եթե այդպիսի նույնականացումը կարող է նպաստել դրանց հետադարձ ներմուծմանը՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման: Ապրանքների նույնականացման մասին նշվում է ուղևորային մաքսային հայտարարագրում, որի մեկ օրինակը տրվում է ապրանքներն արտահանող ֆիզիկական անձին.

Նման նույնականացման չիրականացումը չի խոչընդոտում ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր արտահանված անձնական օգտագործման ապրանքների հետադարձ ներմուծումը՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ պայմանով, որ մաքսային մարմնին հավաստիացվի, որ նախատեսվում է այդ ապրանքները հետ ներմուծել Մաքսային միության մաքսային տարածքից ժամանակավոր արտահանումից հետո՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Ժամանակավոր արտահանված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների նկատմամբ թույլատրվում է իրականացնել տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման գործողություններ, որոնց անհրաժեշտությունը կարող է առաջանալ Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս դրանց գտնվելու ժամանակ:

4. Ժամանակավոր արտահանված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի վերանորոգում իրականացնելու դեպքում՝ կապած տրանսպորտային միջոցի մասերի փոխարինման հետ, որոնք ենթակա են հաշվառման (գրանցման) համապատասխան պետական լիազորված մարմիններում, փոխարինված մասը ենթակա է մաքսային հայտարարագրման՝ բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան կնքված պայմանագրի պայմանների համաձայն երաշխիքային վերանորոգման կամ սպասարկման իրականացման դեպքերի կամ այնպիսի վերանորոգման իրականացման դեպքերի, որն անհրաժեշտ է վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով վնասվելուց հետո անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը վերականգնելու համար:

 

Հոդված 360. Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերի, հարկերի վճարումը

 

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

1. Մաքսատուրքերը, հարկերը ֆիզիկական անձանց կողմից վճարվում են անձնական օգտագործման ապրանքների՝ գրավոր մաքսային հայտարարագրում իրականացնելու ժամանակ՝ մաքսային մուտքի օրդերի հիման վրա, որի ձևը և լրացման կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

Մաքսային մուտքի օրդերի մեկ օրինակը հանձնվում է մաքսատուրքերը, հարկերը վճարած անձին:

Մաքսային մուտքի օրդերը լրացվում է և մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը, հարկերը հաշվեգրվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից:

2. Մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը, հարկերը ֆիզիկական անձանց կողմից վճարվում են մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափերով կամ միագումար մաքսային վճարման ձևով, որի գումարը հավասար է մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերով հաշվարկված այն մաքսատուրքերի, հարկերի գումարին, որոնք կիրառվում են սույն Օրենսգրքի 77-րդ հոդվածին համապատասխան:

3. Մաքսատուրքերի, հարկերի վճարման միասնական դրույքաչափերը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով:

4. Մաքսատուրքերի, հարկերի վճարման միասնական դրույքաչափերի, միագումար մաքսային վճարման կիրառման կարգը, անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումը և դադարումը, ինչպես նաև դրանց վճարման ժամկետները սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով:

 

Հոդված 361. Անձնական օգտագործման ապրանքների մաքսային արժեքը

 

1. Անձնական օգտագործման ապրանքների մաքսային արժեքը սահմանվում է ֆիզիկական անձի կողմից այդ ապրանքների հայտագրված արժեքի հիման վրա, որը հաստատվում է անձնական օգտագործման ապրանքների արժեքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերի բնօրինակներով:

Ֆիզիկական անձանց կողմից Մաքսային միության մաքսային տարածք անձնական օգտագործման ապրանքների ներմուծման ժամանակ մինչև ապրանքների ժամանումը դրանց փոխադրման և ապահովագրության հետ կապված ծախսերը չեն ներառվում ապրանքների մաքսային արժեքի մեջ՝ Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանումից հետո:

2. Այն դեպքում, երբ անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող ֆիզիկական անձը չունի այդ ապրանքների արժեքի մասին անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, կամ եթե կան հիմնավոր պատճառներ՝ ենթադրելու, որ անձի կողմից ներկայացված փաստաթղթերը և տեղեկություններն արժանահավատ չեն, մաքսային մարմնի պաշտոնատար անձը սահմանում է ապրանքների մաքսային արժեքը՝ մաքսային մարմնի տրամադրության տակ գտնվող՝ նույնանման ապրանքների մասին գնային տեղեկությունների հիման վրա, այդ թվում՝ նույնանման ապրանքների մանրածախ առևտուր իրականացնող օտարերկրյա ընկերությունների կատալոգներում նշված տվյալների հիման վրա:

Ֆիզիկական անձն իրավունք ունի ապացուցելու մաքսային արժեքը սահմանելու համար ներկայացված տեղեկությունների արժանահավատությունը:

Սույն հոդվածում, «նույնանման ապրանք» ասելով ենթադրվում է այն ապրանքը, որն ունի ներմուծված ապրանքի հատկանիշերին նման հատկանիշներ, այսինքն՝ համադրելի է ներմուծված ապրանքի հետ իր նշանակությամբ, կիրառությամբ, որակական, տեխնիկական և այլ հատկանիշներով:

 

Հոդված 362. Ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների պահեստամասերը և վառելիքը

 

1. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների վերանորոգման համար անհրաժեշտ՝ ֆիզիկական անձանց կողմից Մաքսային միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծված պահեստամասերը կարող են ժամանակավոր ներմուծվել՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ այդ տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամկետը չգերազանցող ժամկետով:

2. Մաքսային միության մաքսային տարածքով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների կառուցվածքով նախատեսված բաքերում առկա վառելիքը կարող է ներմուծվել Մաքսային միության մաքսային տարածք կամ, համապատասխանաբար, արտահանվել այդ տարածքից՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման:

 

ԳԼՈՒԽ 50. ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 363. Սույն գլխի կիրառության ոլորտը

 

1. Անձնական օգտագործման ապրանքները մաքսային սահմանով տեղափոխվում են սույն գլխի դրույթներին համապատասխան, իսկ սույն գլխով չկարգավորվող մասով՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Մաքսային սահմանով պաշարների տեղափոխումը իրականացվում է առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:

3. Սույն գլխի դրույթները չեն կիրառվում այն ապրանքների նկատմամբ, որոնք գտնվում են ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով շահագործվող տրանսպորտային միջոցների վրա:

4. Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ կարող են սահմանվել այն պաշարների քանակական նորմերը, որոնց նկատմամբ կիրառվում են սույն գլխի դրույթները:

Սույն կետի առաջին մասին համապատասխան սահմանված նորմերը գերազանցող պաշարները ենթակա են մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ սույն Օրենսգրքին համապատասխան:

(4-րդ կետն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

 

Հոդված 364. Պաշարների հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունները

 

1. Պաշարների հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման դեպքում՝ ժամանման վայրերում, իսկ Մաքսային միության մաքսային տարածքից արտահանման դեպքում՝ միջազգային փոխադրման սկզբնակետային վայրերում կամ մեկնման վայրերում:

2. Պաշարները ենթական են հայտարարագրման՝ առանց ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու:

Պաշարների մաքսային հայտարարագրման ժամանակ որպես մաքսային հայտարարագիր կարող է օգտագործվել ապրանքների մասին հայտարարագիրը, տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր:

Պաշարների մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային հայտարարագրում նշվելիք տեղեկությունների ցանկը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

3. Պաշարների հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են նույն կերպ՝ անկախ գրանցման երկրից կամ նավերի, օդանավերի կամ գնացքների ազգային պատկանելիությունից:

 

Հոդված 365. Պաշարների օգտագործումը

 

1. Նավերի ուղևորների և անձնակազմերի անդամների կողմից սպառման համար նախատեսված պաշարները և այդ նավերի բնականոն շահագործման և տեխնիկական սպասարկման ապահովման համար անհրաժեշտ պաշարները կարող են սպառվել և օգտագործվել այդ նավերի վրա մաքսային միության մաքսային տարածքում դրանց գտնվելու ժամանակ՝ ուղևորների և անձնակազմերի անդամների թվին, ինչպես նաև կայանման տևողությանը համապատասխան, այդ թվում՝ նավակայանում, նավանորոգարանում կամ նավանորոգման գործարանում նավերի վերանորոգման ժամանակ, եթե այդ ժամանակահատվածում անձնակազմերը չեն հեռանում նավից:

2. Եթե կատարվում է օդանավերի պլանավորված վայրէջք Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող մեկ կամ մի քանի օդանավակայանում, այդ օդանավերի բնականոն շահագործման և տեխնիկական սպասարկման ապահովման համար նախատեսված պաշարները և օդանավերի՝ վայրէջքի կետերում գտնվելու ընթացքում և դրանց միջև թռիչքի ժամանակ անձնակազմերի անդամների և ուղևորների կողմից սպառման համար նախատեսված պաշարները կարող են օգտագործվել օդանավերի՝ վայրէջքի կետերում գտնվելու ընթացքում և դրանց միջև թռիչքի ժամանակ:

3. Օդանավերի ուղևորներին և անձնակազմերի անդամներին վաճառելու համար նախատեսված պաշարները, որոնց վաճառքի նպատակը դրանք այդ օդանավերի վրա սպառելը չէ, կարող են վաճառվել Մաքսային միության մաքսային տարածքում օդանավերի գտնվելու ժամանակ՝ պայմանով, որ դրանց վաճառքը կատարվի այդ օդանավերի վրա:

4. Գնացքների ուղևորների և գնացքի բրիգադների աշխատողների կողմից սպառման համար նախատեսված պաշարները և այդ գնացքների բնականոն շահագործման և տեխնիկական սպասարկման ապահովման համար նախատեսված պաշարները կարող են սպառվել և օգտագործվել այդ գնացքներում դրանց ընթացուղիներում կամ Մաքսային միության մաքսային տարածքում միջանկյալ կանգառի կամ կայանման կետերում՝ ուղևորների և գնացքի բրիգադների աշխատակիցների թվին, ինչպես նաև կայանման տևողությանը և ճանապարհին գտնվելու ժամանակին համապատասխան:

5. Մաքսային մարմիններն իրավունք ունեն փոխադրողին պարտադրել ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են Մաքսային միության մաքսային տարածքում նավերի, օդանավերի կամ գնացքների գտնվելու ժամանակ սույն գլխով նախատեսված պաշարների օգտագործման պայմանների պահպանումն ապահովելու համար: Մաքսային մարմնի որոշմամբ՝ պաշարների պահպանման վայրը կարող է կնքվել մաքսային կապարակնիքներ և կնիքներ դնելու միջոցով:

6. Մաքսային մարմնի թույլտվությամբ պաշարները կարող են ժամանակավոր դատարկվել, փոխանցվել, համապատասխանաբար, այլ նավի վրա (օդանավի մեջ) կամ այլ գնացքների մեջ, որոնք իրականացնում են բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռի միջազգային փոխադրումներ, եթե պահպանվում են սույն գլխով նախատեսված պայմանները:

7. Պաշարների օգտագործումը սույն գլխով չնախատեսված նպատակներով թույլատրվում է դրանք «ներքին սպառման համար բացթողում» կամ «արտահանում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելու դեպքում:

 

ԲԱԺԻՆ 8. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 366. Ընդհանուր անցումային դրույթներ

 

1. Սույն Օրենսգրքի դրույթները տարածվում են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ կարգավորվող և այն ուժի մեջ մտնելու օրվանից առաջացող հարաբերությունների վրա:

2. Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ կարգավորվող՝ մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը առաջացած հարաբերությունների մասով՝ սույն Օրենսգրքի դրույթները տարածվում են այն իրավունքների և պարտավորությունների վրա, որոնք կառաջանան այն ուժի մեջ մտնելու օրվանից՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 367-372-րդ հոդվածներով նախատեսված դրույթները:

3. Եթե սույն Օրենսգրքով նախատեսվող՝ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերը և Մաքսային միության հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ չեն մտել սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահին, ապա մինչև դրանց ուժի մեջ մտնելը կիրառվում է համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությունը:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 367. Անցումային դրույթներ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող և այլ անձանց վերաբերյալ

 

1. Բելառուսի Հանրապետությունում մաքսային գործակալները (ներկայացուցիչները), Ղազախստանի Հանրապետությունում մաքսային բրոքերները և Ռուսաստանի Դաշնությունում մաքսային բրոքերները (ներկայացուցիչները), մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ստեղծված՝ մաքսային փոխադրողները, ժամանակավոր պահպանման պահեստները, մաքսային պահեստները և անմաքս առևտրի խանութները տիրապետողները իրավունք ունեն մաքսային գործի բնագավառում իրականացնել գործունեություն սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից 6 (վեց) ամսվա ընթացքում:

2. Բելառուսի Հանրապետությունում մաքսային գործակալները (ներկայացուցիչները), Ղազախստանի Հանրապետությունում մաքսային բրոքերները և Ռուսաստանի Դաշնությունում մաքսային բրոքերները (ներկայացուցիչները) մաքսային ներկայացուցիչներ են ճանաչվում սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված ժամկետով:

3. Մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ստեղծված մաքսային փոխադրողներն իրավունք ունեն Մաքսային միության մաքսային տարածքով իրականացնել մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների փոխադրում Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և պայմաններով՝ սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից 6 (վեց) ամսվա ընթացքում՝ առանց սույն Օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան իրենց կարգավիճակը հաստատելու:

Սույն կետի առաջին մասի դրույթները կիրառվում են մաքսային փոխադրողներին՝ Մաքսային միության հանձնաժողովի կողմից կազմավորվող մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրում ընդգրկելու մասին տեղեկությունների և որպես մաքսային փոխադրող գործունեություն իրականացնելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենի առկայության դեպքում:

Մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ մաքսային մարմինները Մաքսային միության հանձնաժողով են ներկայացնում մաքսային փոխադրողների ռեեստրները՝ սույն Օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրը կազմավորելու համար:

4. Սույն Օրենսգրքի 13-րդ հոդվածի դրույթները՝ կապված այն մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու հետ, որոնց գումարը համարժեք է մեկ միլիոն եվրոյից ոչ պակաս գումարին, որը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով այդ ապահովումը տրամադրելու օրվա դրությամբ՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված փոխարժեքը՝ որպես իրավաբանական անձանց՝ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայմաններ, կիրառվում են Մաքսային միության անդամ պետություններում, եթե դրանց օրենսդրությամբ նախատեսվում է, որ մաքսային ներկայացուցչի՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը համապարտության կարգով առաջանում է մաքսատուրքերը, հարկերը վճարողի հետ միասին:

Մաքսային միության այն անդամ պետությունները, որոնց օրենսդրությամբ սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չի նախատեսվում մաքսատուրքերի, հարկերի վճարման այդպիսի համապարտ պարտավորություն, պարտավորվում են 1 (մեկ) տարվա ընթացքում իրենց օրենսդրության մեջ սահմանել դրույթներ, որոնց համապատասխան մաքսային ներկայացուցչի՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը համապարտության կարգով առաջանում է մաքսատուրքերը, հարկերը վճարողի հետ միասին:

5. Բելառուսի Հանրապետության համար՝ սույն Օրենսգրքի 39-րդ հոդվածի դրույթները՝ կապված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու հետ, որի գումարը համարժեք է մեկ միլիոն եվրոյից ոչ պակաս գումարին, որը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով այդ ապահովումը տրամադրելու օրվա դրությամբ՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված փոխարժեքը՝ որպես իրավաբանական անձանց լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու պայմաններ, ուժի մեջ են մտնում սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից 18 (տասնութ) ամիսը լրանալուց հետո:

6. Բելառուսի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ մասնակցի» կարգավիճակ ունեցող անձինք, Ղազախստանի Հանրապետությունում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների ռեեստրում ընդգրկված անձինք, որոնք դասվել են նվազագույն ռիսկի կատեգորիային և Ռուսաստանի Դաշնությունում այն անձինք, որոնց նկատմամբ սահմանվել են մաքսային ձևակերպման հատուկ պարզեցված ընթացակարգեր, սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից 6 (վեց) ամսվա ընթացքում օգտվում են սույն Օրենսգրքի 41-րդ հոդվածին համապատասխան լիազորված տնտեսական օպերատորին տրամադրվող հատուկ պարզեցված ընթացակարգերից, պարզեցված ընթացակարգերի այն ծավալով, որոնք այդ անձանց համար սահմանվել են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ՝ մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը:

 

Հոդված 368. Անցումային դրույթներ մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ

 

1. Մինչև մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը, որով թույլատրվում է ապրանքների մասին հայտարարագիրը ներկայացնել Մաքսային միության մաքսային տարածքում ցանկացած մաքսային մարմին՝

ապրանքների մասին հայտարարագիրը ներկայացվում է Մաքսային միության այն անդամ պետության մաքսային մարմին, որի օրենսդրությանը համապատասխան ստեղծվել է, գրանցվել է, կամ որի տարածքում մշտական հիմունքներով բնակվում է ապրանքների հայտարարատու հանդիսացող անձը՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ ենթակետում նշված դեպքերի.

Մաքսային միության անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները, հյուպատոսական հիմնարկները, այլ պաշտոնական ներկայացուցչությունները և միջազգային կազմակերպությունները ապրանքների մասին հայտարարագիրը ներկայացնում են Մաքսային միության այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում են գտնվում իրենք:

2. Մաքսային վերահսկողության ներքո ժամանակավոր պահպանության տակ գտնվող ապրանքների նկատմամբ, սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, կիրառվում են սույն Օրենսգրքի 25-րդ գլխի դրույթները՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդ մասը:

Ժամանակավոր պահպանության տակ գտնվող ապրանքների ժամանակավոր պահպանության ժամկետը, սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, հաշվարկվում է այդ ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու օրվանից՝ Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում իրականացվում է այդ պահպանությունը:

3. Սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ՝ մաքսային վերահսկողության ներքո ժամանակավոր պահպանության տակ գտնվող ապրանքների համար ապրանքների մասին հայտարարագիրը պետք է ներկայացվի մաքսային մարմին մինչև ժամանակավոր պահպանության ժամկետի լրանալը, որը հաշվարկվում է այդ ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու ամսաթվից Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում իրականացվում է այդ պահպանությունը:

4. Այն ապրանքները, որոնց մասին մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից ընդունվել (գրանցվել) է մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը, ենթակա են հայտագրված մաքսային ռեժիմով ձևակերպման՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով և պայմաններով՝ մաքսային մարմնի կողմից այդ մաքսային հայտարարագիրն ընդունելու (գրանցելու) օրվա դրությամբ:

 

Հոդված 369. Անցումային դրույթներ մաքսային հսկողության տակ ապրանքների փոխադրման առանձնահատկությունների վերաբերյալ

 

1. Այն ապրանքների համար, որոնց մասին տարանցիկ փոխադրման հայտարարագիրը (մաքսային տարանցման փաստաթուղթը, ապրանքները տեղ հասցնելու նկատմամբ հսկողության փաստաթուղթը) մաքսային մարմնի կողմից ընդունվել (գրանցվել) է մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը, մաքսային տարանցման համար թույլտվության տրամադրումը (ապրանքները տեղ հասցնելու նկատմամբ հսկողության փաստաթղթի ձևակերպումը) իրականացվում է, իսկ Մաքսային միության մաքսային տարածքով մաքսային հսկողության տակ փոխադրումն իրականացվում և ավարտվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով՝ մաքսային մարմնի կողմից այդ տարանցիկ փոխադրման հայտարարագիրը (մաքսային տարանցման փաստաթուղթը, ապրանքները տեղ հասցնելու նկատմամբ հսկողության փաստաթուղթը) ընդունելու (գրանցելու) օրվա դրությամբ:

2. Մաքսային միության մաքսային տարածքով մաքսային հսկողության տակ այն ապրանքների փոխադրումը, որոնց համար մաքսային մարմնի կողմից տրամադրվել է մաքսային տարանցման թույլտվություն (ձևակերպվել է ապրանքները տեղ հասցնելու նկատմամբ հսկողության փաստաթուղթ) մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը, իրականացվում և ավարտվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով՝ մաքսային տարանցման համար թույլտվություն տրամադրելու (ապրանքները տեղ հասցնելու նկատմամբ հսկողության փաստաթուղթը ձևակերպելու) օրվա դրությամբ:

 

Հոդված 370. Անցումային դրույթներ ապրանքների կարգավիճակի և մաքսային ընթացակարգերի վերաբերյալ

 

1. Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող և, մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը, Բելառուսի Հանրապետությունում «ազատ շրջանառություն», «վերաներմուծում» և «հրաժարում՝ հօգուտ պետության», Ղազախստանի Հանրապետությունում «ազատ շրջանառության համար ապրանքների բացթողում», «ապրանքների վերաներմուծում» և «ապրանքներից հրաժարում՝ հօգուտ պետության», Ռուսաստանի Դաշնությունում «ներքին սպառման համար բացթողում», «վերաներմուծում» և «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ռեժիմներով ձևակերպված ապրանքները, սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից, համարվում են, համապատասխանաբար, «ներքին սպառման համար բացթողում», «վերաներմուծում» և «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներ: Այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են սույն Օրենսգրքի և (կամ) Մաքսային միության մաքսային օրենսդրության այլ ակտերի դրույթները:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքները, որոնք սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մաքսային նպատակների համար ունեցել են Բելառուսի Հանրապետությունում՝ հայրենական ապրանքի, Ղազախստանի Հանրապետությունում՝ ղազախստանյան ապրանքի և Ռուսաստանի Դաշնությունում՝ ռուսաստանյան ապրանքի կարգավիճակ, ճանաչվում են որպես Մաքսային միության ապրանքներ:

3. Այն ապրանքները, որոնք մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ձևակերպված են եղել Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում «արտահանում» և Ղազախստանի Հանրապետությունում «ապրանքների արտահանում» մաքսային ռեժիմներով, սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից, ճանաչվում են որպես «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ և դրանց նկատմամբ կիրառվում են սույն Օրենսգրքի և (կամ) Մաքսային միության մաքսային օրենսդրության այլ ակտերի դրույթները:

4. Այն ապրանքները, որոնք մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ձևակերպված են եղել Բելառուսի Հանրապետությունում «մաքսային տարածքում վերամշակում» և «մաքսային տարածքից դուրս վերամշակում», Ղազախստանի Հանրապետությունում «մաքսային տարածքում ապրանքների վերամշակում», «ազատ շրջանառության համար ապրանքների վերամշակում» և «մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակում», Ռուսաստանի Դաշնությունում «մաքսային տարածքում վերամշակում», «ներքին սպառման համար վերամշակում» և «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ռեժիմներով, սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից ճանաչվում են որպես, համապատասխանաբար, «մաքսային տարածքում վերամշակում», «մաքսային տարածքից դուրս վերամշակում» և «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներ: Այդ ապրանքների, ինչպես նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք ստացվել են մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ այդ ապրանքների վերամշակման գործողությունների արդյունքում, կիրառվում են սույն Օրենսգրքի և (կամ) Մաքսային միության մաքսային օրենսդրության այլ ակտերի դրույթները՝ հաշվի առնելով սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերը:

Սույն կետի առաջին մասում նշված մաքսային ընթացակարգերը գործում են՝ մինչև ապրանքները համապատասխան ռեժիմներով ձևակերպելու ժամանակ սահմանված ժամկետների լրանալը՝ հաշվի առնելով ապրանքների վերամշակման ժամկետները սույն Օրենսգրքի՝ համապատասխանաբար 243-րդ, 256-րդ և 268-րդ հոդվածներին համապատասխան նախատեսված ժամկետների սահմաններում երկարաձգելու հնարավորությունը:

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 293 որոշմամբ սահմանվել է, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 370-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ մասում նշված մաքսային ռեժիմների գործողությունը դադարում է, ինչպես նաև փոխադարձ առևտրի շրջանակներում տեղափոխվող ապրանքների ժամանակավոր պահպանությունն ավարտվում է նշված մաքսային ռեժիմների և (կամ) ժամանակավոր պահպանության գործողությունը սկսելու պահին գործող կարգով և պայմաններով իրականացվող հայտարարագրման միջոցով:

Սույն կետի առաջին մասում նշված այն մաքսային ռեժիմների գործողությունը, որոնք մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կիրառվել են Բելառուսի Հանրապետությունում՝ հայրենական ապրանքի, Ղազախստանի Հանրապետությունում՝ ղազախստանյան ապրանքի և Ռուսաստանի Դաշնությունում՝ ռուսաստանյան ապրանքի կարգավիճակ ունեցող այն ապրանքների նկատմամբ, որոնք Մաքսային միության անդամ պետություններից որևէ մեկի տարածքից ներմուծվել են Մաքսային միության մեկ այլ անդամ պետության տարածք կամ Մաքսային միության անդամ պետություններից որևէ մեկի տարածքից արտահանվել են Մաքսային միության մեկ այլ անդամ պետության տարածք, դադարում է սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից: Այդ մաքսային ռեժիմներով ձևակերպված ապրանքները և այդ ապրանքների վերամշակման գործողությունների արդյունքում ստացված ապրանքները, սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից, ճանաչվում են որպես Մաքսային միության ապրանքներ:

5. Այն ապրանքները, որոնք մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ձևակերպված են եղել «մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով, սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից ճանաչվում են որպես «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ՝ բացառությամբ «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան արտահանման համար նախատեսված ապրանքների, և դրանց նկատմամբ կիրառվում են սույն Օրենսգրքի և (կամ) Մաքսային միության մաքսային օրենսդրության այլ ակտերի դրույթները՝ հաշվի առնելով սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերը:

«Արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան արտահանման համար նախատեսված ապրանքները, որոնք մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ձևակերպված են եղել «մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով, պահպանվում են մաքսային պահեստներում՝ սույն Օրենսգրքի 234-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

«Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը գործում է մինչև ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով ձևակերպելու ժամանակ սահմանված՝ պահպանման ժամկետների լրանալը՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 231-րդ հոդվածով սահմանված ժամկետների սահմաններում դրանք երկարաձգելու հնարավորությունը:

6. Այն ապրանքները, որոնք մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ձևակերպված են եղել՝ Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ «ժամանակավոր ներմուծում» և «ժամանակավոր արտահանում», Ղազախստանի Հանրապետությունում՝ «ապրանքների և տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծում» և «ապրանքների և տրանսպորտային միջոցների ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով, սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից ճանաչվում են որպես, համապատասխանաբար, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» և «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ: Այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են սույն Օրենսգրքի և (կամ) Մաքսային միության մաքսային օրենսդրության այլ ակտերի դրույթները՝ հաշվի առնելով սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերը:

«Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգը գործում է մինչև ապրանքները «ժամանակավոր ներմուծում» («ապրանքների և տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծում») մաքսային ռեժիմով ձևակերպելու ժամանակ սահմանված՝ ժամանակավոր ներմուծման ժամկետների լրանալը՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 280-րդ հոդվածով նախատեսված ժամկետների սահմաններում դրանք երկարաձգելու հնարավորությունը:

«Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգը գործում է մինչև ապրանքները «ժամանակավոր արտահանում» («ապրանքների և տրանսպորտային միջոցների ժամանակավոր արտահանում») մաքսային ռեժիմով ձևակերպելու ժամանակ սահմանված՝ ժամանակավոր արտահանման ժամկետների լրանալը՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 288-րդ հոդվածին համապատասխան դրանք երկարաձգելու հնարավորությունը:

7. Այն ապրանքները, որոնք մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ձևակերպված են եղել՝ Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ «վերաարտահանում» և Ղազախստանի Հանրապետությունում՝ «ապրանքների վերաարտահանում» մաքսային ռեժիմներով, սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից ճանաչվում են որպես, համապատասխանաբար, մաքսային «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ, և դրանց նկատմամբ կիրառվում են սույն Օրենսգրքի և (կամ) Մաքսային միության մաքսային օրենսդրության այլ ակտերի դրույթները:

Սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից՝ որպես «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ են ճանաչվում այն ապրանքները, որոնք «մաքսային տարածքում վերամշակում» («մաքսային տարածքում ապրանքների վերամշակում») ռեժիմներին համապատասխան ապրանքների վերամշակման գործողությունների արդյունքում ստացված՝ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների արտահանման նպատակով ձևակերպված են եղել մաքսային ռեժիմներով՝ մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը:

8. Այն ապրանքները, որոնք մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ձևակերպված են եղել՝ Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ «ոչնչացում» և «անմաքս առևտուր», Ղազախստանի Հանրապետությունում՝ «ապրանքների ոչնչացում» և «անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմներով, սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից, ճանաչվում են որպես, համապատասխանաբար, «ոչնչացում» և «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներ: Այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են սույն Օրենսգրքի և (կամ) Մաքսային միության մաքսային օրենսդրության այլ ակտերի դրույթները:

9. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են այն ապրանքների նկատմամբ, որոնք սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո ձևակերպվել են մաքսային ռեժիմներով՝ սույն Օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան:

 

Հոդված 371. Անցումային դրույթներ տրանսպորտային միջոցների հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ

 

1. Օտարերկրյա պետություններում գրանցված, Մաքսային միության մաքսային տարածք մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ներմուծված տրանսպորտային միջոցները, այդ տրանսպորտային միջոցներով ուղևորների և ապրանքների միջազգային փոխադրումներ իրականացնելիս, սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու ամսաթվից՝ ճանաչվում են որպես միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներ: Այդ տրանսպորտային միջոցների վրա տարածվում են սույն Օրենսգրքի 48-րդ գլխի և (կամ) Մաքսային միության մաքսային օրենսդրության այլ ակտերի դրույթները:

2. Մաքսային միության անդամ պետություններում գրանցված և Մաքսային միության մաքսային տարածքից մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելն արտահանված տրանսպորտային միջոցները, այդ տրանսպորտային միջոցներով ուղևորների և ապրանքների միջազգային փոխադրումներ իրականացնելիս, սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից ճանաչվում են որպես միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներ: Այդ տրանսպորտային միջոցների վրա տարածվում են սույն Օրենսգրքի 48-րդ գլխի և (կամ) Մաքսային միության մաքսային օրենսդրության այլ ակտերի դրույթները:

 

Հոդված 372. Անցումային դրույթներ ընդերքօգտագործման ոլորտում (վառելիքաէներգետիկ հատվածում) ծագող իրավահարաբերությունների վերաբերյալ

 

Այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ ընդերքօգտագործման ոլորտում (վառելիքաէներգետիկ հատվածում) ծագել են մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը և ծագում են այն ուժի մեջ մտնելուց հետո, կիրառվում է, համապատասխանաբար, Ղազախստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը և Ռուսաստանի Դաշնության մաքսային օրենսդրությունը, որոնց համապատասխան գործում են համապատասխան պայմանագրերը, իսկ այդ մաքսային օրենսդրություններով չկարգավորվող մասով՝ սույն Օրենսգրքի դրույթները:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 373. Հանվել է: 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրություն: