«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հունիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11807246
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
8 հունիսի 2007 թ. |
N 495-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների և դրա բաղկացուցիչ մաս կազմող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի համալրման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու կարգը հաստատելու մասին» N 484-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել թանկարժեք մետաղների գնահատման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
Նախարար |
Վ. Խաչատրյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստ (այսուհետ` պետական պահուստ) մուտքագրվող և ելքագրվող թանկարժեք մետաղների գնահատման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության (այսուհետ` Գանձարան) կողմից պետական պահուստներ մուտքագրվող և պետական պահուստներից ելքագրվող թանկարժեք մետաղների գնահատման ժամանակ, դրանց գնման և բացթողման գործարքներ իրականացնելիս առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով`
ա) Թանկարժեք մետաղների գնման և բացթողման գները սահմանվում են մեկ գրամ քիմիապես մաքուր թանկարժեք մետաղների համար` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:
բ) Թանկարժեք մետաղների գնման և բացթողման գործարքներ իրականացնելիս դրանց գնման և բացթողման գները վերահաշվարկվում են թանկարժեք մետաղների մաքրության աստիճանին (հարգին) համապատասխան:
գ) Թանկարժեք մետաղների գնման և բացթողման գները սահմանելիս հիմք է ընդունվում այդ գների ուժի մեջ մտնելու օրվան նախորդող շաբաթվա դրությամբ Լոնդոնի թանկարժեք մետաղների բորսայում մեկ տրոյական ունցիա քիմիապես մաքուր թանկարժեք մետաղի ֆիքսված կամ սփոթ (Spot) գների միջինը` ԱՄՆ դոլարով արտահայտված և տվյալ շաբաթվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մեկ ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության դրամի հաշվարկային փոխարժեքը:
3. Ելնելով թանկարժեք մետաղների ապրանքային տեսքից և վիճակից, դրանց գնման գները սահմանվում են հետևյալ կարգով.
ա) Թանկարժեք մետաղների պետական և միջազգային ստանդարտներին համապատասխանող հիմնական թանկարժեք մետաղի 99,5% և ավելի բարձր պարունակությամբ ձուլակտորների համար` մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղների գները սահմանվում են այդ մետաղների՝ Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված միջազգային շուկայի գների 92 տոկոսի չափով:
բ) Բնակչությունից թանկարժեք մետաղների գնման գները սահմանվում են հիմնական թանկարժեք մետաղի 99,5% և ավելի բարձր պարունակության դեպքում մեկ գրամ քիմիապես մաքուր թանկարժեք մետաղների համար, արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված գների 90 տոկոսի չափով, վերահաշվարկելով թանկարժեք մետաղների մաքրության աստիճանին (հարգին) համապատասխան:
գ) Թանկարժեք մետաղների ջարդոնների և թափոնների, աֆինաժի ենթակա ոչ ստանդարտ ձուլակտորների, թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրատեխնիկական նշանակության իրերի համար` մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման գները սահմանել ներքոհիշյալ աղյուսակի համաձայն:
Թանկարժեք մետաղների պարունակությունը տոկոսներով |
Մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղների գնման գները` տոկոսով արտահայտված թանկարժեք մետաղների 99,5% և ավելի բարձր պարունակությամբ ձուլակտորների միջազգային գների նկատմամբ | |||
Ոսկի |
Արծաթ |
Պլատին |
Պալադիում | |
0,1-0,8 |
15 |
1 |
15 |
5 |
0.81-1.5 |
25 |
3 |
25 |
10 |
1.51-7.5 |
35 |
7 |
35 |
15 |
7.51-20.0 |
45 |
15 |
45 |
20 |
20.1-50.0 |
60 |
30 |
60 |
30 |
50.1-80.0 |
65 |
42 |
65 |
50 |
80.1 և բարձր |
70 |
70 |
70 |
65 |
4. Գանձարանի կողմից արտադրական, գիտական, ֆինանսական և այլ կարիքների համար թանկարժեք մետաղների և դրանց ջարդոնների բացթողման դեպքում, հաշվի առնելով դրանց ապրանքային տեսքը, որակը և պահանջարկը, թանկարժեք մետաղների բացթողման գները սահմանվում են հետևյալ կարգով.
ա) Թանկարժեք մետաղների պետական և միջազգային ստանդարտներին համապատասխանող և հիմնական թանկարժեք մետաղի 99,5% և ավելի բարձր պարունակությամբ ձուլակտորների համար մեկ գրամ քիմիապես մաքուր թանկարժեք մետաղների բացթողման գները սահմանվում են այդ մետաղների` Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված, միջազգային շուկայի գների 100 տոկոսի չափով:
բ) Թանկարժեք մետաղների վերամշակման և աֆինաժի ենթակա ջարդոնների, թափոնների, ոչ ստանդարտ ձուլակտորների բացթողման գները` դրանց պարունակության աստիճանին (հարգին) համապատասխան, սահմանվում են տվյալ պահին այդ մետաղների գործող գնման գների 110%-ի չափով:
գ) Թանկարժեք մետաղներից պատրաստված և Գանձարանում հաշվառված արտադրատեխնիկական նշանակության իրերի բացթողման գները սահմանվում են բնակչությունից համապատասխան հարգի թանկարժեք մետաղների գնման գների 110%-ի չափով:
5. Գանձարանի կողմից թանկարժեք մետաղները գնվում և բաց են թողնվում համաձայն «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Գանձարանի կանոնադրության:
Թանկարժեք մետաղների գնման և բացթողման գները սահմանվում են յուրաքանչյուր շաբաթվա կտրվածքով: Թանկարժեք մետաղների գնման և բացթողման գների հաշվարկները կատարում, այդ գները սահմանում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կայքէջում հրապարակման է ներկայացնում Գանձարանը: