Գլխավոր տեղեկություն
Համար
N 16-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.12.2006-25.12.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.03.01/6(154) Հոդ.72
Ընդունող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
26.01.2004
Ստորագրող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.01.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2004

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

17 փետրվարի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11104022

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հունվարի 2004 թ.
ք. Երևան

N 16-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԱՅԴ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել

ա) քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնող ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը (հավելված 1),

բ) քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը (հավելված 2):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի 2003 թվականի մարտի 13-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն ու այդ թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող ատեստավորման և մրցութային հանձնաժողովների աշխատակարգ հաստատելու» N 138-Ն հրամանը:

 

Նախարար

Թ. Պողոսյան

 

 

Հավելված 1
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի 2004 թ.
հունվարի 26-ի N 16-Ն հրամանի

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրամանով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայող) ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) աշխատակարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Նախարարությունը, Խորհուրդը, գիտական և ուսումնական հաստատությունները առաջադրում են Հանձնաժողովների անդամության թեկնածուներին, որոնց ցուցակները զետեղվում են համակարգչում:

Սույն կետով նախատեսված Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները (բնակարանի, աշխատավայրի, բջջային) էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:

(3-րդ կետը փոփ., լրաց. 03.08.04 N 314-Ն)

4. Մինչև հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Նախարարին ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, Աշխատակազմի, գիտական և ուսումնական հաստատությունները միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

(4-րդ կետը փոփ. 03.08.04 N 314-Ն)

5. Աշխատակազմը անդամության թեկնածուների ցուցակները նախարարին ներկայացնելուց հետո կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների և զետեղում համակարգչում:

Աշխատակազմը, ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա, կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել` իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:

(5-րդ կետը լրաց. 03.08.04 N 314-Ն)

6. Հանձնաժողովը կազմում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից, ատեստավորումն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.

ա) երկու թեկնածու` Խորհրդի ներկայացուցիչներ,

բ) երկու թեկնածու` Նախարարության ներկայացուցիչներ,

գ) երկու թեկնածու` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:

(6-րդ կետը փոփ. 03.08.04 N 314-Ն)

7. Աշխատակազմը, ատեստավորումն սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:

9. Հանձնաժողովի կազմը, Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը հաստատվում են Նախարարի հրամանով:

Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

10. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Նախարարի հրամանով` Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Հանձնաժողովի խնդիրներն են` ատեստավորման միջոցով որոշել քաղաքացիական ծառայողի համապատասխանությունն իր զբաղեցրած պաշտոնին:

(11-րդ կետը փոփ. 17.11.06 N 472-Ն)

12. Հանձնաժողովը`

ա) Աշխատակազմից ստանում է ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկը և այդ քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները, ծառայողական բնութագրերը և առարկությունները վերջիններիս վերաբերյալ (այդպիսիք լինելու դեպքում), ինչպես նաև Հանձնաժողովի կնիքը.

բ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

գ) մինչև թեստավորում սկսելն ստուգում և կնքում է ամփոփաթերթերի և քվեարկության համար նախատեսված արկղը.

դ) անցկացնում է փաստաթղթային ատեստավորում.

ե) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում.

զ) Խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.

է) անցկացնում է քաղաքացիական ծառայողների թեստավորում.

ը) ստուգում և գնահատում է քաղաքացիական ծառայողների թեստավորման առաջադրանքները.

թ) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

ժ) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված քաղաքացիական ծառայողների բողոքները.

ժա) հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած քաղաքացիական ծառայողների ցուցակը.

ժբ) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.

ժգ) քաղաքացիական ծառայողների հետ անցկացնում է հարցազրույց.

ժդ) կազմում է քվեաթերթեր.

ժե) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.

ժզ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի վերաբերյալ կայացնում է որոշում.

ժէ) ամփոփում է ատեստավորման արդյունքները.

ժը) յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար կազմում է ատեստավորման թերթ.

ժթ) («ժթ» ենթակետն ուժը կոցրել է 03.08.04 N 314-Ն) 

ի) Աշխատակազմին հանձնում է կնիքը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և ատեստավորման փաթեթը.

իա) իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(12-րդ կետը փոփ. 03.08.04 N 314-Ն, խմբ. 17.11.06 N 472-Ն)

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

16. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում, Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է Նախարարին: Նախարարը հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

բ) վարում է Հանձնաժողովի նիստերը.

գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի

դ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

զ) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

է) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

18. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

բ) բացատրում է քաղաքացիական ծառայողների թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

գ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

19. Հանձնաժողովի անդամը`

ա) վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

բ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.

գ) մասնակցում է քաղաքացիական ծառայողների հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր քաղաքացիական ծառայողին.

դ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

ե) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.

զ) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

է) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

ը) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(19-րդ կետը փոփ. 03.08.04 N 314-Ն)

 

7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը Աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

(20-րդ կետը խմբ. 03.08.04 N 314-Ն)

21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

Հավելված 2
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի 2004 թ.
հունվարի 26-ի N 16-Ն հրամանի

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրամանով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ` մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) աշխատակարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Նախարարությունը, Խորհուրդը, գիտական և ուսումնական հաստատությունները առաջադրում են Հանձնաժողովի անդամության թեկնածուներին, որոնց ցուցակները զետեղվում է համակարգչում:

Սույն կետով նախատեսված Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները (բնակարանի, աշխատավայրի, բջջային), էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:

(3-րդ կետը փոփ., լրաց. 03.08.04 N 314-Ն)

4. Մինչև հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը նախարարին ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, Աշխատակազմի, գիտական և ուսումնական հաստատությունները միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

(4-րդ կետը փոփ. 03.08.04 N 314-Ն)

5. Աշխատակազմը Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները կոդերով տարանջատվում է ըստ բնագավառների ու մասնագիտությունների և զետեղում համակարգչում:

Աշխատակազմը, մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա, կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել` իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:

(5-րդ կետը լրաց. 03.08.04 N 314-Ն)

6.Հանձնաժողովը կազմում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.

ա) երկու թեկնածու` Խորհրդի ներկայացուցիչներ,

բ) երկու թեկնածու` Նախարարության ներկայացուցիչներ,

գ) երկու թեկնածու` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:

(6-րդ կետը փոփ. 03.08.04 N 314-Ն)

7. Աշխատակազմը, մրցույթն սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:

9. Հանձնաժողովի կազմը, Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը հաստատվում են Նախարարի հրամանով:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

10. Հանձնաժողովն իր լիազորությունները իրականացնում է Նախարարի հրամանով` Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

բ) համաձայն քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի` ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

12. Հանձնաժողովը`

ա) Աշխատակազմից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը, Հանձնաժողովի կնիքը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը.

բ) քննության է առնում դիմած քաղաքացիների փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.

գ) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերն ու քվեարկության համար նախատեսված արկղը.

դ) Խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.

ե) անցկացնում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) թեստավորում.

զ) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.

է) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

ը) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները.

թ) հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

ժ) որոշում է կայացնում հարցազրույցը անցկացնելու մասին թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը.

ժա) անցկացնում է մասնակիցների հետ հարցազրույց.

ժբ) կազմում է քվեաթերթեր.

ժգ) անցկացնում է քվեարկություն` հարցազրույցից անմիջապես հետո.

ժդ) կայացնում է որոշում քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ.

ժե) ամփոփում է մրցույթի արդյունքները.

ժը) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն.

ժթ) Աշխատակազմի ղեկավարին հանձնում է կնիքը, թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մրցույթի փաթեթը.

ի) իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(12-րդ կետը փոփ., խմբ. 03.08.04 N 314-Ն)

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

14. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

16. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթի անցկացնելու կարգը խախտելու դեպքում, Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է Նախարարին: Նախարարը հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

բ) վարում է Հանձնաժողովի նիստերը.

գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.

դ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

զ) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

է) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

18. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

բ) բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

գ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

19. Հանձնաժողովի անդամը`

ա) վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

բ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.

գ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին.

դ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

ե) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.

զ) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

է) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

ը) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(19-րդ կետը փոփ. 03.08.04 N 314-Ն)

 

7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Հանձնաժողովը, կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցույթի փաթեթը Աշխատակազմին հանձնելուց հետո, դադարեցնում է իր գործունեությունը:

(20-րդ կետը խմբ. 03.08.04 N 314-Ն)

21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.01.2017, N 15-Ն 25.02.2017, N 16-Ն
19.11.2010, N 788-Ն 25.12.2010, N 16-Ն
17.11.2006, N 472-Ն 25.12.2006, N 16-Ն
03.08.2004, N 314-Ն 11.09.2004, N 16-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան