Գլխավոր տեղեկություն
Համար
N 192-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.03.2006-25.06.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.01.17/2(179) Հոդ.20
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ընդունման ամսաթիվ
09.12.2004
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.12.2022

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 32004351

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

9 դեկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 192-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՕԴԱՆԱՎԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՈՒ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 22-րդ հոդվածի 3-րդ կետերով


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
 

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը՝ համաձայն հավելվածի։

Գլխավոր վարչության պետ՝

Ա. Մովսեսյան


 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2004 թվականի դեկտեմբերի 9-ի
N 192-Ն հրամանի

   

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՕԴԱՆԱՎԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՈՒ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը (այսուհետ` Կարգ) մշակվել է 1944 թ. Չիկագոյի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի» և դրա Հավելված 7-ի «Օդանավերի ազգային և գրանցման նիշերը», Հավելված 8-ի «Օդանավերի թռիչքային պիտանիություն» և Հավելված 16-ի «Շրջակա միջավայրի պաշտպանություն» առաջին հատորի «Ավիացիոն աղմուկ», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) պահանջներին համապատասխան:

2. Սույն Կարգը սահմանում է`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի գրանցումը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրի վարումը,

բ) քաղաքացիական օդանավերի Գրանցման Սերտիֆիկատի հատկացումը,

գ) քաղաքացիական օդանավերի Ապագրանցման Սերտիֆիկատի հատկացումը,

դ) քաղաքացիական օդանավերի Պիտանիության Սերտիֆիկատի հատկացումը,

ե) քաղաքացիական օդանավերի Արտահանման Պիտանիության Սերտիֆիկատի հատկացումը,

զ) օդանավերի Աղմուկի Սերտիֆիկատի հատկացումը,

է) օդանավերի ներկման, օդանավերի ազգային և գրանցման նիշերի շնորհումը և նշագծման կարգը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի գրանցումը և «Ավիացիայի մասին» օրենքով և սույն Կարգով նախատեսված փաստաթղթերի հատկացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ` Գլխավոր Վարչություն):

4. Գրանցման հայտի քննարկումը, քաղաքացիական օդանավերի Գրանցման Սերտիֆիկատի կամ թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի, Ապագրանցման Սերտիֆիկատի, Արտահանման Սերտիֆիկատի և դրանց հետ կապված քաղվածքների, տեղեկանքների հատկացումը կատարվում է հայտը Գլխավոր Վարչությունում մուտքագրվելուց հետո՝ 15 օրվա ընթացքում: Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ սույն Կարգին ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանության կամ փաստաթղթերի ոչ լրիվ ներկայացման դեպքում Գլխավոր Վարչությունը դիմողին գրավոր՝ հայտը Գլխավոր Վարչությունում մուտքագրվելուց հետո՝ 7 օրվա ընթացքում, տեղեկացնում է թերությունների մասին: Հետագա քննարկումը կատարվում է դիտողությունները վերացնելուց հետո՝ 15 օրվա ընթացքում:

5. Օդանավը կարող է գրանցվել Հայաստանի Հանրապետությունում, եթե

ա) օդանավի սեփականատեր է հանդիսանում`

1) Հայաստանի Հանրապետությունը,

2) Հայաստանի Հանրապետության համայնքները,

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

4) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք.

բ) օդանավն ունի Գլխավոր Վարչության կողմից տրված կամ ճանաչված թռիչքային պիտանիության տեսակի Հավաստագիր (այսուհետ` տեսակի Հավաստագիր).

Գլխավոր Վարչության կողմից ճանաչվում են այն տեսակի Հավաստագրերը, որոնք տրված են՝

ԽՍՀՄ ՆԼԳՍ (НЛГС), ՆԼԳՍ-2 (НЛГС-2), ԵՆԼԳՍ (ЕНЛГС), ՆԼԳՍ-3 (НЛГС-3), ՆԼԳՎ (НЛГВ),

Միջպետական Ավիացիոն Կոմիտեի Մաս 23 (АП-23), Մաս 25 (АП-25), Մաս 27 (АП-27), Մաս 29 (АП-29),

Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ-22 (JAR-22), ՋԱՌ-23 (JAR-23), ՋԱՌ-25 (JAR-25), ՋԱՌ-27 (JAR-27), ՋԱՌ-29 (JAR-29), ՋԱՌ-ՎԼԱ (JAR-VLA), ՋԱՌ-ՎԼՌ (JAR-VLR)

ԱՄՆ ֆեդերալ ավիացիոն իշխանությունների (FAA) ՖԱՌ-23 (FAR-23), ՖԱՌ-25 (FAR-25), ՖԱՌ-27 (FAR-27), ՖԱՌ-29 (FAR-29), ՖԱՌ-125 (FAR-125) և Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության (EASA) ՍիՍ-22 (CS-22), ՍիՍ-23 (CS-23), ՍիՍ-25 (CS-25), ՍիՍ-27 (CS-27), ՍիՍ-29 (CS-29), ՍիՍ-ՎԼԱ (CS-VLA), ՍիՍ-ՎԼՌ (CS-VLR) նորմերից որևէ մեկին համապատասխան,

գ) օդանավը չի գրանցված այլ երկրում:

(5-րդ կետը լրաց. 13.02.06 N 25-Ն)

6. Կետ 5-ի «ա» ենթակետի պայմանները չբավարարող, սակայն Հայաստանի Հանրապետությունից կանոնավոր թռիչքներ իրականացնող օդանավը կարող է, իբրև բացառություն, սահմանված կարգով գրանցվել Հայաստանի Հանրապետությունում:

7. Ռեգիստրում կամ ռեգիստրի հավելվածում քաղաքացիական օդանավի գրանցումն իրականացվում է օդանավի սեփականատիրոջ հայտի հիման վրա:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրում գրանցված օդանավն ունի Հայաստանի Հանրապետության ազգային պատկանելություն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրի հավելվածում գրանցված օդանավն ունի Հայաստանի Հանրապետության ազգային պատկանելություն այնքան ժամանակ, որքան գրառումը վավերական է:

9. Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն նպատակներով շահագործվող օդանավը պետք է ունենա օդանավի Գրանցման Սերտիֆիկատ կամ գրանցման ժամանակավոր Սերտիֆիկատ:

10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրից օդանավը հանվելու դեպքում Գրանցման Սերտիֆիկատը ենթակա է վերադարձման Գլխավոր Վարչություն:

11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրում գրանցված քաղաքացիական օդանավին՝ ըստ նշանակության, կարող է տրվել հետևյալ անվանումներից մեկը.

ա) Առևտրային տրանսպորտային օդանավերին որպես՝

ուղևորատար (passenger),բեռնատար (cargo),փոխարկելի (convertible),

բ) Ավիացիոն աշխատանքների (գյուղատնտեսական, շինարարական, նկարահանման, սանիտարական, փրկարարական և այլ աշխատանքների կատարման համար նախատեսված) օդանավերին որպես՝

հատուկ կիրառման (special),

գ) Ընդհանուր նշանակության, ոչ առևտրային օդանավերին որպես՝       մասնավոր (private):

Սույն կետի ա) և բ) ենթակետերում նշված օդանավերը պետք է բավարարեն

ԽՍՀՄ ՆԼԳՍ (НЛГС ), ՆԼԳՍ-2 (НЛГС -2), ԵՆԼԳՍ (ЕНЛГС ), ՆԼԳՍ-3 (НЛГС-3), ՆԼԳՎ (НЛГВ), Միջպետական Ավիացիոն Կոմիտեի Մաս 23  (АП -23), Մաս 25 (АП -25), Մաս 27 (АП 27), Մաս 29 (АП-29), Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ-23 (JAR-23), ՋԱՌ-25 (JAR-25), ՋԱՌ-27 (JAR-27), ՋԱՌ-29 (JAR-29), ԱՄՆ ֆեդերալ ավիացիոն իշխանությունների (FAA) ՖԱՌ-23 (FAR-23), ՖԱՌ-25 (FAR-25), ՖԱՌ-27 (FAR-27), ՖԱՌ-29 (FAR-29) և Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության (EASA) ՍիՍ-23 (CS-23), ՍիՍ-25 (CS-25), ՍիՍ-27 (CS-27), ՍիՍ-29 (CS-29) թռիչքային պիտանիության նորմերի պահանջներից որևէ մեկին՝ ըստ օդանավի տեսակի:

Նախկին ԽՍՀՄ արտադրության այն տիպի օդանավերը, որոնք չեն բավարարում սույն Կարգի 5-րդ կետի բ) ենթակետի և սույն կետի պահանջներին, սակայն գրանցված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրում (Հավելված 13), շահագործվում են նախագծող կազմակերպության կողմից որոշված անհատական ժամկետներով և փաստաթղթերի հիման վրա՝ մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը:

(11-րդ կետը խմբ. 13.02.06 N 25-Ն)

12. Օդանավն այլ շահագործողի վարձակալության տալու և/կամ մեկ ամսից ավելի նախատեսված ժամկետով բազավորման տեղի փոփոխման դեպքում անհրաժեշտ է հայտնել Գլխավոր Վարչություն` պայմանագրի և օդանավի բազավորման վայրի մասին տեղեկությունները գրանցելու համար:

13. Քաղաքացիական օդանավերի գրանցման մասին փաստաթղթերը պահպանվում են Գլխավոր Վարչությունում հինգ տարի ժամկետով:

14. Շահագործման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրում գրանցված քաղաքացիական օդանավը պետք է բավարարի քաղաքացիական օդանավերի սույն կարգի 5-րդ կետում նշված թռիչքային պիտանիության նորմերով սահմանված պահանջներին, պիտանի լինի թռիչքների համար և ունենա օդանավի թռիչքների պիտանիության մասին Գլխավոր Վարչության կողմից տրված գործող Սերտիֆիկատ:

Գլխավոր Վարչության կողմից ճանաչվում են օդանավերի շարժիչների, օդային պտուտակների և օդանավերի աղմուկի՝ Միջպետական Ավիացիոն Կոմիտեի Մաս 33 (АП -33), Մաս 35 (АП -35), Մաս 36 (АП -36), Մաս ВД (АП - ВД), Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ-36 (JAR-36), ՋԱՌ-Ե (JAR-E), ՋԱՌ-Պ (JAR-P), ՋԱՌ-ԱՊՈՒ (JAR-APU) ԱՄՆ ֆեդերալ ավիացիոն իշխանությունների (FAA) ՖԱՌ-33 (FAR-33), ՖԱՌ-34 (FAR-34), ՖԱՌ-35 (FAR-35), ՖԱՌ-36 (FAR-36) և Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության (EASA) ՍիՍ-34 (CS-34), ՍիՍ-36 (CS-36), ՍիՍ-ԱՊՈՒ (CS-APU), ՍիՍ-Ե (CS-E), ՍիՍ-Պ (CS-P) նորմերի պահանջներին համապատասխան տրված սերտիֆիկատները:

Գլխավոր Վարչության կողմից կարող է ճանաչման մասին որոշում կայացվել սերտիֆիկացիոն այլ փաստաթղթերի վերաբերյալ, որոնք տրվել են սույն կարգի 5-րդ և 14-րդ կետերում նշված համապատասխան նորմերի հիման վրա:

(14-րդ կետը փոփ., լրաց. 13.02.06 N 25-Ն)

15. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող օտարերկրյա օդանավը պետք է ունենա թռիչքային պիտանիության գործող Սերտիֆիկատ, որը տրված կամ ճանաչված է Գլխավոր Վարչության կողմից` համաձայն միջազգային կոնվենցիայի կամ այդ երկրի հետ համաձայնագրի:

 

II. ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

16. Օդանավի սեփականատերը հայտ է ներկայացնում Գլխավոր Վարչություն` օդանավը գրանցելու վերաբերյալ (Հավելված 1):

Հայտին կցվում են`

ա) սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթի բնագիրը,

բ) օդանավի թռիչքային պիտանիության Տեսակի Հավաստագրի պատճենը,

գ) օդանավի թռիչքային պիտանիության որոշման և տեխնիկական վիճակի ստուգման ակտի բնագիրը (Հավելված 4), 

դ) վարձակալության վերաբերյալ պայմանագրի բնագիրը, եթե օդանավի սեփականատերը չի հանդիսանում դրա շահագործողը,

ե) տեխնիկական սպասարկման վերաբերյալ պայմանագրի բնագիրը, եթե օդանավի տեխնիկական սպասարկումը շահագործողի կողմից կատարվում է ոչ լրիվ,

զ) նախորդող գրանցման պետության Ապագրացման Սերտիֆիկատը, եթե օդանավը նախկինում գրանցված է եղել այլ պետության ռեգիստրում,

է) թռիչքային Արտահանման Պիտանիության Սերտիֆիկատը կամ օտարերկրյա պետության կողմից տրված գործող Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատը, եթե օդանավը նախկինում գրանցված է եղել այլ պետության ռեգիստրում,

ը) օդանավի թռիչքային և տեխնիկական շահագործման ձեռնարկները:

Սույն կետի «ա», «դ», «ե» ենթակետերով սահմանված փաստաթղթերը օդանավի սեփականատիրոջն են վերադարձվում պատճենահանումից հետո:

17. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրում կամ նրա հավելվածում գրանցված յուրաքանչյուր օդանավին տրվում է Քաղաքացիական Օդանավի Գրանցման Սերտիֆիկատ (Հավելված 2):

18. Օդանավի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից սույն Կարգով ներկայացված գրավոր հայտի հիման վրա օդանավը կարող է ժամանակավորապես ընդգրկվել Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրի հավելվածում` անկախ օդանավի դրսում գտնվելու և նրա վերջնական գրանցման համար ոչ բոլոր պայմանները բավարարված լինելու հանգամանքից:

Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրի հավելվածում օդանավը ժամանակավորապես ընդգրկելու համար սույն Կարգի 5-րդ կետի «ա» և «գ» ենթակետերի պահանջները պարտադիր են:

19. Ժամանակավոր գրանցման դեպքում օդանավը գրանցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրի հավելվածում և տրվում է օդանավի գրանցման ժամանակավոր Սերտիֆիկատ (ըստ գործողության ժամկետի սահմանափակում ունեցող օդանավի Գրանցման Սերտիֆիկատ):

20. Թռիչքների կատարման ընթացքում օդանավի Գրանցման Սերտիֆիկատը պետք է գտնվի օդանավում՝ բացառությամբ Գլխավոր Վարչության թույլտվության դեպքում:

21. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրում գրանցվում են նաև տեղեկություններ օդանավի սեփականատիրոջ, շահագործողի և օդանավը գրավի առարկա հանդիսանալու վերաբերյալ (եթե օդանավը գրավ է դրվել):

22. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրում կամ նրա հավելվածում գրանցված յուրաքանչյուր քաղաքացիական օդանավի շնորհվում է ազգային և գրանցման նիշեր: Ազգային և գրանցման նիշերը նշագծվում են օդանավի վրա և գրանցվում են օդանավի Գրանցման Սերտիֆիկատում:

23. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի համար առանձնացված և ԻԿԱՕ-ի հանձնաժողովի կողմից հաստատված ազգային նիշը բաղկացած է երկու լատինական գլխատառերից` EK: Գրանցման նիշը (համարը) կարող է ունենալ մինչև հինգ արաբական թիվ, որը տրվում է Գլխավոր Վարչության կողմից և գրառվում է ազգային նիշից հետո:

 

III. ՕԴԱՆԱՎԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ, ԿՐԿՆԱԳՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

24. Օդանավի սեփականատիրոջ փոխվելու մասին տեղեկության գրանցումից հետո տրվում է նոր Գրանցման Սերտիֆիկատ՝ հայտը Գլխավոր Վարչությունում մուտքագրվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, նախկին Գրանցման Սերտիֆիկատը ենթակա է վերադարձման Գլխավոր Վարչություն:

Շահագործողի կամ օդանավի նշանակության փոփոխման դեպքում օդանավը ենթակա է նոր գրանցման` օդանավի Գրանցման Սերտիֆիկատի փոխարինմամբ, սույն Կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետում: Ընդ որում, նախկին Գրանցման Սերտիֆիկատը ենթակա է վերադարձման Գլխավոր Վարչություն: Շահագործողի կամ օդանավի նշանակության փոփոխման դեպքում հայտին կից ներկայացվում է սույն Կարգի 16-րդ կետի «գ»-«ե» ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:

25. Օդանավի Գրանցման Սերտիֆիկատի կորստյան դեպքում օդանավի շահագործումն անմիջապես դադարեցվում է մինչև օդանավի Գրանցման Սերտիֆիկատի կրկնագրի ստացումը:

26. Օդանավի Գրանցման Սերտիֆիկատի կրկնագիր տրվում է սեփականատիրոջ դիմումի հիման վրա (Հավելված 3)՝ դիմումը Գլխավոր Վարչությունում մուտքագրվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումին կցվում է օդանավի Գրանցման Սերտիֆիկատի կորստյան պատճառների և հանգամանքների վերաբերյալ օդանավը շահագործողի կազմած բացատրությունը:

27. Գրանցման Սերտիֆիկատի փչանալու կամ մաշվելու դեպքում սեփականատիրոջ դիմումի (Հավելված 3) հիման վրա կատարվում է օդանավի Գրանցման Սերտիֆիկատի փոխարինում՝ դիմումը Գլխավոր Վարչությունում մուտքագրվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումին կից Գլխավոր Վարչություն է ներկայացվում նաև փչացման կամ մաշվելու պատճառների վերաբերյալ օդանավը շահագործողի կազմած բացատրությունը:

28. Օդանավի Գրանցման Սերտիֆիկատի փոխարինման կամ կրկնագրի տրման դեպքում նախկին Սերտիֆիկատը համարվում է անվավեր և առկայության դեպքում անհապաղ ենթակա է վերադարձման Գլխավոր Վարչություն:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ (ԱՊԱԳՐԱՆՑԵԼՈՒ) ԿԱՐԳԸ

 

29. Օդանավը Հայաստանի Հանրապետության ռեգիստրից կամ ռեգիստրի հավելվածից հանվում է.

ա) սեփականատիրոջ հայտի հիման վրա (Հավելված 6),

բ) եթե օդանավի գրանցման պայմանները չեն համապատասխանում Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերի պահանջներին, և 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Գլխավոր Վարչությունը համապատասխան որոշում չի կայացրել,

գ) եթե օդանավը գրանցված է որպես ռազմական օդանավ,

դ) եթե օդանավն ապամոնտաժվել, վերացվել, կամ անհետ կորած է համարվել, և որոնողական աշխատանքներն ավարտված են,

ե) եթե օդանավը վերջին երեք տարվա ընթացքում չի ունեցել թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատ, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականատերը Գլխավոր Վարչության կողմից սահմանված ժամկետում ապացուցում է օդանավի պիտանիությունը,

զ) եթե օդանավը դուրս է գրված կամ հանված է շահագործումից,

է) եթե լրացել է օդանավի գրանցման ժամանակավոր Սերտիֆիկատի գործողության ժամկետը և Գլխավոր Վարչություն հայտ չի ներկայացվել գրանցման ժամկետի երկարաձգման կամ ռեգիստրի հավելվածից ռեգիստրի հիմնական մաս տեղափոխելու մասին:

30. Եթե Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում նշված է, որ օդանավը հանդիսանում է գրավի առարկա, ապա օդանավը չի հանվում ռեգիստրից առանց գրավառուի գրավոր համաձայնության:

31. Հայաստանի Հանրապետության օդանավը ռեգիստրից հանելու դեպքում սեփականատերը տալիս է հանման հայտ և Գլխավոր Վարչություն է ներկայացնում`

ա) օդանավի Գրանցման Սերտիֆիկատը,

բ) օդանավի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատը:

32. Հայաստանի Հանրապետության օդանավը ռեգիստրից հանելու և օտարերկրյա պետություն արտահանելու դեպքում, սեփականատերը հայտի հետ միասին Գլխավոր Վարչություն է ներկայացնում նաև օդանավի Ապագրանցման Սերտիֆիկատի (Հավելված 7) և օդանավի Արտահանման Պիտանիության Սերտիֆիկատի (Հավելված 11) ստացման հայտ:

V. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

33. Քաղաքացիական օդանավի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատը (Հավելված 10) տրվում է Գլխավոր Վարչության կողմից մինչև առաջին կամ հերթական նորոգումը` ոչ ավել, քան երեք օրացուցային տարի ժամկետով:

34. Քաղաքացիական օդանավի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատը տրվում է հետևյալ փաստաթղթերի հիման վրա`

ա) օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի հայտի (Հավելված 8),

բ) օդանավի Գրանցման Սերտիֆիկատի (Հավելված 2),

գ) օդանավի թռիչքային պիտանիության որոշման և տեխնիկական վիճակի ստուգման ակտի (Հավելված 4):

35. Քաղաքացիական օդանավի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատում նշվում են նրա վավերականության ժամկետը և օդանավի շահագործման հետ կապված սահմանափակումները:

36. Քաղաքացիական օդանավի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատն ունի գրանցման համար: Սերտիֆիկատների վերաբերյալ Գլխավոր Վարչությունում կատարվում է հաշվառում:

37. Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի գործողության ժամկետի նշանակումը կատարվում է՝ հաշվի առնելով օդանավի ռեսուրսի (պաշարի) մնացորդը և դրա տեխնիկական վիճակը:

38. Օդանավի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարաձգվում կամ նշանակվում է հետևյալ փաստաթղթերի հիման վրա`

ա) օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի հայտի (Հավելված 8)

բ) օդանավի թռիչքային պիտանիության որոշման և տեխնիկական վիճակի ստուգման ակտի (Հավելված 4):

Սույն կետով նախատեսված թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի գործողության երկարաձգման կամ նշանակման ժամկետը սահմանվում է Կարգի 33-րդ և 37-րդ կետերով սահմանված դրույթներին համապատասխան:

39. Օդանավի սեփականատերը կամ շահագործողը պարտավոր է Գլխավոր Վարչությանը տրամադրել օդանավի թռիչքային պիտանիությանը, տեխնիկական սպասարկմանը, ձևափոփոխումներին և վերանորոգմանը վերաբերող ամբողջ տեղեկությունը:

40. Թռիչքների կատարման ընթացքում օդանավի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատը պետք է գտնվի օդանավում` բացառությամբ Գլխավոր Վարչության թույլտվության դեպքերի:

41. Օդանավի Գրանցման Սերտիֆիկատի փոխարինման կամ օդանավի շահագործման հետ կապված սահմանափակումների փոփոխման դեպքում, սույն Կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետում, կատարվում է օդանավի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի փոխարինում՝ օդանավի թռիչքային պիտանիության որոշման և տեխնիկական վիճակի ստուգման ակտի (Հավելված 4) և օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի հայտի հիման վրա (Հավելված 8): Ընդ որում, նախկին թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատը ենթակա է վերադարձման Գլխավոր Վարչություն:

42. Օդանավի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի կորստյան դեպքում օդանավի շահագործումը անհապաղ դադարեցվում է` մինչև օդանավի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի կրկնագրի ստացումը:

43. Օդանավի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի կրկնագիրը տրվում է սեփականատիրոջ կամ շահագործողի դիմումի հիման վրա (Հավելված 9). դիմումը Գլխավոր Վարչությունում մուտքագրվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումին կցվում է օդանավի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի կորստյան պատճառների և հանգամանքների վերաբերյալ օդանավը շահագործողի կազմած բացատրությունը:

44. Օդանավի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի փչանալու կամ մաշվելու դեպքում սեփականատիրոջ կամ շահագործողի դիմումի (Հավելված 9) հիման վրա կատարվում է օդանավի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի փոխարինում՝ դիմումը Գլխավոր Վարչությունում մուտքագրվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումին կից Գլխավոր Վարչություն է ներկայացվում նաև փչացման կամ մաշվելու պատճառների վերաբերյալ օդանավը շահագործողի կազմած բացատրությունը:

45. Օդանավի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի փոխարինման կամ կրկնագրի տրման դեպքում նախկին Սերտիֆիկատը համարվում է անվավեր և ենթակա է անհապաղ վերադարձման Գլխավոր Վարչություն:

46. Օդանավի թռիչքային պիտանիության պատասխանատվությունը կրում է օդանավ շահագործողը:

47. Եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավը կամ դրա սարքավորումները չեն սպասարկվում օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտադիր վերափոխումներն իրականացված չեն, իրականացվել են թռիչքային պիտանիության տեսակետից նշանակալի ոչ արտոնված վերափոխումներ օդանավում կամ դրա սարքավորումներում, կամ չեն անցկացվել տեսչական և այլ ստուգումներ, ապա օդանավի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատը սահմանված կարգով համարվում է անվավեր` մինչև օդանավը կրկին կհամարվի պիտանի թռիչքների համար:

48. Օդանավի սեփականատերը կամ շահագործողը պարտավոր է Գլխավոր Վարչությանը անմիջապես հայտնել հանգամանքների, իրադարձությունների ու խափանումների մասին, որոնք կարող են ազդել օդանավի թռիչքային պիտանիության վրա:

49. Եթե թռիչքային պիտանիության տեսչական ստուգումների արդյունքում կամ այլ պատճառներով Գլխավոր Վարչությունը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավը թռիչքների համար պիտանի չէ, ապա նրա կողմից դադարեցվում կամ կասեցվում է օդանավի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի գործողությունը` մինչև օդանավը կրկին կհամարվի թռիչքների համար պիտանի: Գործողությունը դադարեցված կամ կասեցված թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատը պետք է վերադարձվի Գլխավոր Վարչություն:

 

VI. ՏԵՂԱՆՔՈՒՄ ԸՍՏ ԱՂՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԻ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ (ԱՂՄՈՒԿԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ) ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

50. Աղմուկի Սերտիֆիկատը (Հավելված 12) տրվում է Գլխավոր Վարչության կողմից սեփականատիրոջ կամ շահագործողի հայտի և տեղանքում ըստ Աղմուկի Օդանավի Տեսակի Հավաստագրի հիման վրա:

51. Աղմուկի Սերտիֆիկատն ունի գրանցման համար: Սերտիֆիկատների տրման հաշվառումը վարվում է հատուկ մատյանում:

52. Թռիչքների կատարման ընթացքում աղմուկի Սերտիֆիկատը պետք է գտնվի օդանավում` բացառությամբ Գլխավոր Վարչության հատուկ թույլտվության դեպքերի:

53. Օդանավի Գրանցման Սերտիֆիկատի փոփոխման դեպքում կատարվում է աղմուկի Սերտիֆիկատի փոխարինում:

54.  Աղմուկի Սերտիֆիկատի կորստյան դեպքում օդանավի շահագործումը դադարեցվում է մինչև աղմուկի Սերտիֆիկատի կրկնագրի ստացումը:

55. Աղմուկի Սերտիֆիկատի կրկնագիրը տրվում է սեփականատիրոջ կամ շահագործողի դիմումի և կորստի պատճառների և հանգամանքների ծառայողական քննության ակտի հիման վրա:

56. Աղմուկի Սերտիֆիկատի վնասվելու կամ մաշվելու դեպքում սեփականատիրոջ կամ շահագործողի դիմումի և վնասվելու կամ մաշվելու պատճառների (հանգամանքների) ծառայողական քննության ակտի հիման վրա կատարվում է աղմուկի Սերտիֆիկատի փոխարինում:

57. Աղմուկի Սերտիֆիկատի փոխարինման կամ կրկնագրի տրման դեպքում նախկին Սերտիֆիկատը ենթակա է անհապաղ վերադարձման  Գլխավոր Վարչություն:

 

VII. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

58. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրից օդանավի դուրսգրման և օտարերկրյա պետություն արտահանման դեպքում, սեփականատիրոջ հայտի (Հավելված 9) և Գլխավոր Վարչություն վերադարձված օդանավի Գրանցման Սերտիֆիկատի և օդանավի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի հիման վրա, փոխարենը տրվում է օդանավի ապագրանցման Սերտիֆիկատ (Հավելված 7) և օդանավի Արտահանման Պիտանիության Սերտիֆիկատ (Հավելված 11):

Արտահանման Պիտանիության Սերտիֆիկատի հատկացման դեպքում սեփականատերը կամ շահագործողը Գլխավոր Վարչություն է ներկայացնում օդանավի թռիչքային պիտանիության որոշման և տեխնիկական վիճակի ստուգման ակտը (Հավելված 4):

59. Օդանավի Արտահանման Պիտանիության Սերտիֆիկատում գրանցվում է նշանակման պետությունը և գործողության ժամկետը:

60. Օդանավի Արտահանման Պիտանիության Սերտիֆիկատը տրվում է օդանավը տեղափոխելու համար և չի տալիս օդանավն առևտրային նպատակներով շահագործելու իրավունք՝ համաձայն Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) «Օդանավի թռիչքային պիտանիություն» թիվ 8-րդ Հավելվածի «Թռիչքային պիտանիության ձեռնարկի»:

61. Նշանակման պետություն ժամանելուն պես կամ գործողության ժամկետը լրանալիս (որը ավելի վաղ է տեղի ունենում) օդանավի Արտահանման Պիտանիության Սերտիֆիկատը ուժը կորցնում է:

62. Օդանավի Արտահանման Պիտանիության Սերտիֆիկատն ուժը կորցնում է նաև այդ օդանավն օտարերկրյա պետության ռեգիստրում (գրանցամատյանում) գրանցվելու դեպքում:

63. Օդանավի Արտահանման Պիտանիության Սերտիֆիկատն ունի գրանցման համար: Սերտիֆիկատների տրման հաշվառումը վարվում է հատուկ մատյանում:

 

VIII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՎՐԱ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԻՇԵՐԻ ՆՇԱԳԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԴԱՆԱՎԻ ՆԵՐԿՈՒՄԸ

 

64. Օդանավի վրա ազգային և գրանցման նիշերի նշագծման համար օգտագործվում է ներկ կամ ցանկացած այլ միջոցներ, որոնք ապահովում են պաշտպանության համանման աստիճան: Ազգային և գրանցման նիշերը ողջ ժամանակ պետք է լինեն հստակորեն տարբերակվող և տեսանելի:

65. Նիշերը նշագծվում են`

ա) թևերին (թևի կոնստրուկցիայի ներքևի մակերևույթի ձախ կեսի մի տեղում, եթե նրանք չեն զբաղեցնում այդ ողջ մակերևույթը),

բ) ֆյուզելյաժի կամ պոչաթևերի ուղղաձիգ մակերևույթի վրա (ֆյուզելյաժի յուրաքանչյուր կողմում` թևերի և պոչաթևերի մակերևույթի միջև, կամ պոչաթևերի ուղղաձիգ մակերևույթի վերին կեսի վրա` յուրաքանչյուր կողմից):

66. Նիշերի յուրաքանչյուր առանձին խմբում տառերը և թվերն ունեն միևնույն բարձրությունը:

Թևերի վրա նիշերն առնվազն ունեն 50 սանտիմետր բարձրություն և իրենց գագաթով ուղղված են թևի առջևի եզրին:

Ֆյուզելյաժի կամ պոչաթևերի ուղղաձիգ մակերևույթների վրայի նիշերն առնվազն ունեն 30 սանտիմետր բարձրություն և կողմնորոշված են ֆյուզելյաժի կառուցվածքային հորիզոնականի հետ միևնույն ուղղությամբ:

67. Տառային նշանակման համար օգտագործվում են լատինական այբուբենի մեծատառերը` առանց գեղազարդման:

68. Յուրաքանչյուր պայմանանշանի լայնքը (բացի 1 թվից) և միացման գծիկի երկարությունը կազմում են պայմանանշանի բարձրության երկու երրորդը:

Բոլոր պայմանանշանները և միացման գծիկներն արվում են հոծ գծերով և այնպիսի գույնով, որն ապահովում է լավ ցայտագունություն հիմնագույնի (ֆոնի) հետ: Գծերի հաստությունը կազմում է պայմանանշանի բարձրության մեկ վեցերորդը:

69. Յուրաքանչյուր պայմանանշան անջատվում է նախորդ կամ հաջորդ պայմանանշանից այն հեռավորությամբ, որը կազմում է պայմանանշանի լայնքի մեկ չորրորդից ոչ պակաս: Միացման գծիկը համարվում է առանձին պայմանանշան:

70. Քաղաքացիական օդանավերի վրա ֆյուզելյաժի քթամասի երկու կողմերից կարող են նշագծվել օդանավի տեսակի նշումները և գերատեսչական պատկանելության տարբերիչ նշանները:

71. Օդանավի ներկումը պետք է համապատասխանի օդանավի Գրանցման Սերտիֆիկատում նշված շահագործողի ներկման սխեմային` բացառությամբ Գլխավոր Վարչության կողմից թույլատրված առանձին դեպքերի՝ մասնավորապես օդանավի տեղափոխման, այլ շահագործողի փոխանցման դեպքերի և այլն: Օդանավի ներկման բոլոր փոփոխությունները շահագործողի կողմից պետք է ներկայացվեն Գլխավոր Վարչություն` շահագործողի Սերտիֆիկատի նկարագրման մեջ փոփոխություն կատարելու համար:

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը

Հ Ա Յ Տ

(Հավելվածը փոփ. 13.02.06 N 25-Ն)

Հավելված 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ՕԴԱՆԱՎԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը

Դ Ի Մ ՈՒ Մ
(Հավելվածը փոփ. 13.02.06 N 25-Ն)

Հավելված 4

էջ  1,  2

Ա Կ Տ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
(Հավելվածը փոփ. 13.02.06 N 25-Ն)

Հավելված 5

էջ  1,  2

ԸՆԴՈՒՆՄԱՆ - ՀԱՆՁՆՄԱՆ ԱԿՏ

Հավելված 6


Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը

Հ Ա Յ Տ

(Հավելվածը փոփ. 13.02.06 N 25-Ն)

Հավելված 7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԻ ԱՊԱԳՐԱՆՑՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

Հավելված 8

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը

Հ Ա Յ Տ

(Հավելվածը փոփ. 13.02.06 N 25-Ն)

Հավելված 9


Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը

Դ Ի Մ ՈՒ Մ

(Հավելվածը փոփ. 13.02.06 N 25-Ն)

Հավելված 10 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԻ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

Հավելված 11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

Հավելված 12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՕԴԱՆԱՎԻ ԱՂՄՈՒԿԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

Հավելված 13

 Ց Ա Ն Կ

ԿԱՐԳԻ 11-ՐԴ ԿԵՏԻ ԵՐՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՇՎԱԾ
ՕԴԱՆԱՎԵՐԻ ՏԻՊԵՐԻ

Հ/հ

 Օդանավի տիպը

1

 ԻԼ - 76, ԻԼ - 76Տ, ԻԼ - 76ՏԴ

2

 ՏՈՒ - 154Բ-1, ՏՈՒ - 154Բ-2, ՏՈՒ - 154Մ

3

 ՏՈՒ - 134Ա-3, ՏՈՒ - 134Բ-3

4

 ԱՆ - 12, ԱՆ - 12Բ, ԱՆ - 12ՏԲ, ԱՆ -12ԲԿ, ԱՆ - 12ԲՊ

5

 ԱՆ - 26, ԱՆ - 26Բ

6

 ԱՆ - 24Տ, ԱՆ - 24Բ, ԱՆ - 24ՌՎ

7

 ՅԱԿ - 40, ՅԱԿ - 40Կ

8

 Մի - 8Տ, Մի-8ՄՏՎ

9

 ԱՆ - 2

(Հավելվածը լրաց. 13.02.06 N 25-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան