Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ ՔՀ-67-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.12.2005-11.11.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.12.15/31(208) Հոդ.416
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.11.2005
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.09.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 դեկտեմբերի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 10205449

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան
թիվ ՔՀ-67-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝

1. Հաստատել «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու» կարգը (հավելված N 1) կցվում է։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 


Դ. Հարությունյան

 


Հավելված N 1
ՀՀ արդարադատության նախարարի
2005 թվականի նոյեմբերի 18-ի
թիվ ՔՀ-67-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը և պայմանները:

2. Քրեակատարողական ծառայողի վերապատրաստումը նրա մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով շարունակական ուսուցումն է:

Քրեակատարողական ծառայողի մարտական պատրաստվածությունը բարձր պահելու նպատակով, վերապատրաստման շրջանակներում անցկացվում են նաև ուսումնամարզական պարապմունքներ:

3. Քրեակատարողական ծառայողի հատուկ ուսուցումը նրա՝ օրենքով նախատեսված հրազենի և հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հետ կապված գիտելիքների, ունակությունների և հմտությունների ձեռքբերումն է, որը ներառում է

1) հրազենի կառուցվածքի, նշանակության, նրա հետ վարվեցողության, պահպանման իմացությունը,

2) հրազենի և հատուկ միջոցների գործադրման պայմանների և վարժաձևերի իմացությունը,

3) հրազենի և հատուկ միջոցներ գործադրելու, պահելու և տեղափոխելու անվտանգության սահմանված կանոնների իմացությունը,

4) հրազենային վնասվածքներ, արցունքաբեր և գրգռիչ նյութերից խոցված, ինչպես նաև հատուկ միջոցների կիրառման հետ կապված այլ վնասվածքներ ստացած անձանց առաջին բժշկական օգնություն ցույց տալու իմացությունը:

4. Վերապատրաստման և հատուկ ուսուցման նպատակն է ապահովել քրեակատարողական ծառայողի կողմից իր պարտականությունների կատարման արդյունավետության և մշտական մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Քրեակատարողական ծառայողը վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 20-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ կետով, 21-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, ինչպես նաև սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքերում:

6. Վերապատրաստումը և հատուկ ուսուցումն անցկացվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով:

7. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ժամկետը չի կարող պակաս լինել 72 ակադեմիական ժամից:

Վերապատրաստման ժամկետը հինգ տարվա համար չի կարող պակաս լինել 200 ակադեմիական ժամից:

8. Քրեակատարողական ծառայողը վերապատրաստում կամ հատուկ ուսուցում կարող է անցնել իր կամ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ՝ վերջինիս տված ուղեգրի հիման վրա:

9. Քրեակատարողական ծառայողի վերապատրաստման և հատուկ ուսուցման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին, իսկ սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքում՝ քրեակատարողական ծառայողի հաշվին:

10. Վերապատրաստման և հատուկ ուսուցման ժամանակ քրեակատարողական ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են:

11. Վերապատրաստվող և հատուկ ուսուցում անցնող քրեակատարողական ծառայողը համապատասխան հաստատություն է ներկայանում համազգեստով, իր հետ պետք է ունենա ծառայողական վկայական և ուղեգիր:

12. Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու հետ կապված կազմակերպչական բնույթի աշխատանքներն իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:

13. Կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումը վերապատրաստումից կամ հատուկ ուսուցումից առնվազն մեկ ամիս առաջ դրանց սկզբնաժամկետի մասին տեղեկացնում է քրեակատարողական ծառայողին, ինչպես նաև համապատասխան մարմնի կամ հիմնարկի ղեկավարին:

14. Քրեակատարողական ծառայողը պարտավոր է մինչև վերապատրաստման կամ հատուկ ուսուցման սկսվելը ներկայանալ կենտրոնական մարմին՝  ուղեգիր (սույն կարգին կից՝ Ձև 1) ստանալու նպատակով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

15. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարվա քրեակատարողական ծառայողների վերապատրաստման ծրագիրը (այսուհետ՝ վերապատրաստման ծրագիր): Վերապատրաստման ծրագիրը հաստատվում է դրա ներկայացման օրվանից մեկամսյա ժամկետում:

16. Վերապատրաստման ծրագիրը ներկայացվում է ըստ քրեակատարողական ծառայության այն ոլորտների, որոնցում կան վերապատրաստման ենթակա քրեակատարողական ծառայողներ:

17. Վերապատրաստման ծրագիրը պետք է առնվազն ներառի՝

1) դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկը, ինչպես նաև դրանց ընդհանուր ժամաքանակը,

2) վերապատրաստում անցկացնելու համար ուսումնական հաստատությանը ներկայացվող պահանջները, այդ թվում՝ ուսումնական հաստատության կողմից դասախոսական կազմի, դասախոսությունների և գործնական պարապմունքների ժամաքանակի, ինչպես նաև տվյալ տարվա ընթացքում քրեակատարողական ծառայողների հաճախման ժամանակացույցի վերաբերյալ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հետ համաձայնեցման պահանջը,

3) տվյալներ վերապատրաստման ենթակա քրեակատարողական ծառայողների թվի մասին՝ ընդհանուր և ըստ ոլորտների:

18. Վերապատրաստման ծրագիրը կատարում է այն ուսումնական հաստատությունը, որը բավարարում է դրանում նշված պահանջներին: Եթե որևէ ուսումնական հաստատություն չի բավարարում ծրագրում նշված բոլոր պահանջները, ապա ծրագիրը կարող է կատարվել տարբեր ուսումնական հաստատությունների կողմից՝ ըստ դրանում նշված ոլորտների:

19. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տվյալ ուսումնական հաստատության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

20. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ավարտին քրեակատարողական ծառայողը հանձնում է ստուգարք, որի արդյունքում ստանում է դրական՝ «ստուգված» կամ բացասական՝ «չստուգված» գնահատական:

21. Քրեակատարողական ծառայողը համարվում է վերապատրաստում կամ հատուկ ուսուցում չանցած, եթե՝

ա) բաց է թողել ընդհանուր ժամաքանակի 50 տոկոսը կամ ավելին,

բ) ստուգարքի արդյունքում ստացել է բացասական գնահատական:

22. Վերապատրաստում կամ հատուկ ուսուցում չանցած քրեակատարողական ծառայողին հնարավորություն է տրվում մասնակցելու վերապատրաստման կամ հատուկ ուսուցման հաջորդ դասընթացներից որևէ մեկին:

23. Վերապատրաստում կամ հատուկ ուսուցում անցած քրեակատարողական ծառայողին տրվում է համապատասխան վկայական, իսկ չանցած քրեակատարողական ծառայողին՝  համապատասխան տեղեկանք:

24. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման արդյունքում ուսումնական հաստատության կողմից տրված  տեղեկանքը կամ վկայականը կցվում է քրեակատրողական ծառայողի անձնական գործին:

 

Ձև 1

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ

 

Տրվում է ______________________________________________ -ին

անուն, ազգանուն, հայրանուն

 ___________________________ _________________________

           համապատասխան մարմնի անվանումը                                 զբաղեցրած պաշտոնը

 

քրեակատարողական ծառայողների _______________________________

                                                       վերապատրաստման (հատուկ ուսուցման)

 

 ___________________________________________ դասընթացներին

դասընթացի անվանումը

 __________________________________________________ -ում

ուսումնական հաստատության անվանումը

 _________________________________________ մասնակցելու համար:

դասընթացի ժամկետը (սկիզբ-ավարտ)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան