ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 փետրվարի 2007 թվականի N 298-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՈՒՐԲ ԹԵՐԵԶԱՅԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍՊԸ-Ի ԲԺՇԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ՝ «ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ», «ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ, «ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ» ԲԺՇԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍՈՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 11-րդ մասերը, «Ստուգումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, ՀՀ առողջապահության նախարարի 2006 թ. դեկտեմբերի 19-ի N 1478-Ա և ՀՀ կրթության և գիտության նախարարի 19.12.2006 թ. N 994-Ա/Ք հրամանների հիման վրա, 19.12.2006 թ.-29.01.2007 թ. հրամանով ստեղծված հանձնաժողովի 29.01.2007 թ. ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի N 3՝ 15.02.2007 թ. նիստի եզրակացությունը, հաշվի առնելով «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊ ընկերության (ք. Երևան, Շենգավիթի 10 փող., նրբ. 4, տուն 23, ք. Երևան, Մաշտոցի 54) կողմից բժշկական բարձրագույն և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման ընթացքում օրենքների, այլ իրավական ակտերի, լիցենզավորման կարգի, լիցենզավորման ենթակա գործունեության պարտադիր պահանջների և պայմանների խախտման դեպքերը, ինչպես նաև հաշվի առնելով, որ ստուգման արդյունքներով ստուգվող կազմակերպության գործունեության ընթացքում հայտնաբերվել են լիցենզավորման պայմանների և պահանջների էական խախտումներ, այն է՝
1. Համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ լիցենզավորման կարգ) 7-րդ կետի «ա» ենթակետի առաջին պարբերության պահանջների, բարձրագույն բժշկական ուսումնական հաստատությունը պետք է բավարարի հետևյալ պահանջները՝
1.1. հիմնական մանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմի մասով՝ պրոֆեսորադասախոսական կազմի առնվազն 50 տոկոսը պետք է լինի ուսումնական հաստատության հիմնական հաստիքային աշխատող, հայտատուի մոտ իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերության պրոֆեսորադասախոսական կազմից միայն 6-ն են համարվում ընկերության հիմնական աշխատող, ինչը չի բխում կարգի նշված կետի պահանջներից, փաստորեն հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացրել լիցենզիա ստանալու համար էական նշանակություն ունեցող կեղծ տեղեկություններ.
1.2. համաձայն լիցենզավորման կարգի 7-րդ կետի ա/ ենթակետի երկրորդ պարբերության՝ պրոֆեսորադասախոսական կազմի առնվազն 50 տոկոսը պետք է ունենա գիտական աստիճան կամ գիտական կոչում, այդ թվում նաև՝ յուրաքանչյուր մասնագիտության գծով
3-ը՝ մասնագիտական առարկաներից, ստուգման արդյունքում պարզվել է, որ լիցենզավորման կարգի նշված պահանջը պահպանված չէ.
1.3. համաձայն լիցենզավորման կարգի, պրոֆեսորադասախոսական կազմի հաստիքների թիվը որոշվում է ուսանող-դասախոս հետևյալ հարաբերությամբ՝ վեց ուսանողին՝ առնվազն մեկ դասախոս, այնինչ Ընկերության պրոֆեսորադասախոսական կազմը ընդհանուր առմամբ բաղկացած Է 28 հոգուց, որոնցից 5-ն է հիմնական աշխատող, իսկ ուսանողների թվաքանակը, ըստ ֆակուլտետների, հետևյալն է. բուժական ֆակուլտետ՝ 88 ուսանող, դեղագործական ֆակուլտետ՝ 9 ուսանող, ստոմատոլոգիական ֆակուլտետ՝ 152 ուսանող (անցկացված ստուգումների տվյալներով).
1.4. զբաղեցված հիմնական տարածքների ընդհանուր մակերեսի 2/3-ը պետք է հատկացվի տեսական ամբիոններին՝ մեկ ուսանողին տրամադրելով առնվազն 10-12 քառակուսի մետր տարածք, լսարանների ընդհանուր մակերեսը մեկ ուսանողի (տեղի) հաշվարկով պետք է լինի առնվազն մեկ քառակուսի մետր, ուսումնական սենյակներում մեկ ուսանողի (տեղի) համար պետք է տրամադրվի առնվազն 1,5 քառակուսի մետր տարածք, սպորտային դահլիճների ընդհանուր մակերեսը պետք է կազմի հիմնական տարածքների առնվազն 4 տոկոսը։ Հայտատուն ստուգման պահին չուներ ուսումնական գործընթացի իրականացման համար համապատասխան տարածք, այսինքն՝ իրենց կողմից զբաղեցրած տարածքը անշարժ գույքի իրավունքի գրանցման վկայական չունի, հետևաբար հնարավոր չէ պարզել դրանց համապատասխանությունը լիցենզավորման կարգի պահանջներին.
1.5. համաձայն լիցենզավորման կարգի 7-րդ կետի «բ» ենթակետի պահանջների, բարձրագույն բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները պարտադիր պետք է ունենան անհրաժեշտ թվով կենդանիներով (շներ, կատուներ, ճագարներ, առնետներ, մկներ, գորտեր և այլն) կենդանանոց (վիվարիում)՝ ուսումնական և գիտահետազոտական աշխատանքները պատշաճ մակարդակով ապահովելու համար, այնինչ ստուգման ընթացքում պարզվել է, որ ընկերությունը վիվարիում չունի։ Լիցենզիա ստանալու հայտում նշված է եղել, որ ընկերությունը ունի կենդանանոց, իր կենդանիներով։ Փաստորեն հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացրել լիցենզիա ստանալու համար էական նշանակություն ունեցող կեղծ տեղեկություններ.
1.6. լիցենզավորման կարգի համաձայն, բարձրագույն բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը պետք է ունենա գիտահետազոտական կենտրոն (գիտական ստորաբաժանում), այնինչ ստուգվող սուբյեկտը չունի գիտահետազոտական կենտրոն.
1.7. լիցենզավորման կարգի 7-րդ կետի «դ» ենթակետի համաձայն, յուրաքանչյուր դասավանդվող առարկայի գծով յուրաքանչյուր երկու ուսանողի պետք է տրամադրվի առնվազն մեկ դասագիրք։ Ստուգման ընթացքում ընկերության գրադարանային ֆոնդը ստուգելու նպատակով ընկերության ղեկավարությունից պահանջվել է ներկայացնել փաստաթղթեր՝ գրադարանային ֆոնդի առկա և ուսանողներին հանձնված գրքերի վերաբերյալ։ Ըստ ներկայացված ցանկի, գրադարանային ֆոնդը կազմում է 393 անուն գիրք, որոնցից բժշկական ուղղվածություն ունեն միայն 62-ը, ինչը չի համապատասխանում լիցենզավորման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված գրքերի ցանկին։ Փաստորեն հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացրել լիցենզիա ստանալու համար էական նշանակություն ունեցող կեղծ տեղեկություններ.
1.8. բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները լիցենզավորված բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպություններում պետք է ունենան կլինիկական և արտադրական ուսումնական բազա։ Համաձայն ստուգման ակտի, ուսումնաարտադրական պրակտիկաների հետ կնքված պայմանագրերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին, նշված բազաների միջոցով հնարավոր չէ մասնավորապես ստուգվող սուբյեկտի, և «Եվրոդենտ» ընկերության միջև կնքված պայմանագիրը կնքվել է միայն 2006 թվականի սեպտեմբերին։ Ստուգման ընթացքում ստուգվողի կողմից ներկայացվել է նաև «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ» ՓԲԸ-ի հետ պայմանագիրը, որը կնքվել է 15.10.2006 թ. և նախատեսում է անշարժ գույքի օգտագործում։ Սակայն պայմանագիրը, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 610, 611, 686, 687, 300, 301 հոդվածների, նոտարական վավերացում և պետական գրանցում չի ստացել, ինչը հանգեցնում է նման պայմանագրի անվավերության։
2. Միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունը պետք է բավարարի հետևյալ պահանջները՝
2.1. Ուսումնական հաստատության հիմնական հաստիքային դասախոսների թիվը պետք է կազմի ընդհանուր դասախոսական կազմի 50 տոկոսը, հիմնական և համատեղությամբ աշխատողների թիվը, նրանց բեռնվածությունը պետք է համապատասխանեն ուսումնական պլաններին, սակայն ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունում տարանջատված չեն միջին մասնագիտական կրթական ծրագրերով դասավանդող և բարձրագույն կրթական ծրագրերով դասավանդող դասախոսները, որոնց թիվը, ինչպես նշվել է, 28-ն է, որոնցից ընդամենը 5-ն է հիմնական հաստիքային աշխատող։
2.2. Լաբորատոր բազայի և ուսումնական տարածքի մասով սահմանված է, որ ուսումնական սենյակները և լաբորատորիաները պետք է ապահովված լինեն բնականոն աշխատանքային պայմաններով և համապատասխանեն հետևյալ նորմերին.
լսարանների մակերեսը՝ առնվազն 1,5 քառակուսի մետր՝ մեկ ուսանող/տեղի համար, ուսումնական սենյակի մակերեսը՝ առնվազն 2 քառակուսի մետր՝ մեկ ուսանող/տեղի համար, մեկ ուսանողի համար նախատեսվող ուսումնական ընդհանուր տարածքը պետք է կազմի առնվազն 8 քառակուսի մետր, բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները պետք է ունենան պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնալաբորատոր բազա, այդ թվում՝ մարզական տարածքներ (կամ պայմանագիր՝ մարզական դասընթացները կազմակերպելու համար)՝ իրավական ակտերով ամրագրված տեխնիկական և տեխնոլոգիական հագեցվածությամբ, սակայն ուսումնական տարածքի մասով ստուգումները ցույց են տվել, որ Ընկերությունը ստուգման պահին չուներ ուսումնական գործընթացի իրականացման համար համապատասխան տարածք, այսինքն իրենց կողմից զբաղեցրած տարածքը անշարժ գույքի իրավունքի գրանցման վկայական չունի, հետևաբար հնարավոր չէ պարզել դրանց համապատասխանությունը լից. կարգի պահանջներին։ Ինչ վերաբերում է լաբորատորիաներին, ուսումնական և լաբորատոր բազաներին, ապա Ընկերությունը չունի լաբորատորիաներ, իսկ ուսումնալաբորատոր բազաների ապահովման նպատակով այս կամ այն կազմակերպության հետ կնքված պայմանագրերը չեն համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պահանջներին, ինչը կարող է հանգեցնել դրանց անվավերության։
2.3. Ընկերությունն ունի ուսանողների ընդունելության հաստատված կարգ, որին համապատասխան պետք է իրականացվի ընդունելություն միջին մասնագիտական կրթական հաստատություն, սակայն ընդունելությունն իրականացվում է միայն հարցազրույցի միջոցով՝ չպահպանելով կարգի պահանջները։
2.4. Գրադարանային տեղեկատվական համակարգի մասով՝ որպես պարտադիր պահանջ սահմանված է, որ ըստ մասնագիտական դասագրքերի թվի՝ առնվազն յուրաքանչյուր 2 ուսանողի պետք է տրամադրվի մեկ դասագիրք, անհրաժեշտ է ունենալ տեղեկատվամատենագիտական կատալոգ, գրադարանային ֆոնդը պետք է համապատասխանի ուսումնական պլաններին, սակայն Ընկերության գրադարանային ֆոնդը կազմված է 393 անուն գրքից, որոնցից բժշկական բովանդակություն ունեն մոտավորապես 62-ը, որից 18-ը՝ 1940-1960-ական թվականների հրատարակություններ։ Ըստ ստուգման արդյունքում կազմված ակտի, այդ բժշկական գրականությունից միայն 6 անուն գիրք կարելի է օգտագործել քոլեջի սովորողների կրթության բնագավառում։
2.5. Ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի գծով՝ որպես պարտադիր պահանջ սահմանված է, որ ուսումնական հաստատությունը պետք է ապահովված լինի լիցենզավորված կլինիկական բազաներով (պետք է պայմանագիր ունենա լիցենզավորված բժշկական հաստատության հետ), որոնց հետ սահմանված կարգով կնքված են պայմանագրեր։ Կնքված պայմանագրերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրանցում չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պարտադիր պայմաններն ու պահանջները, որոնց չպահպանելը կարող է հանգեցնել նշված պայմանագրերի անվավերության։
2.6. Ստուգման ընթացքում արձանագրվել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 17.03.2003 թ. տրված թիվ 176 լիցենզիայով լիցենզավորված գործունեությունը փաստացի իրականացվում է ոչ թե Երևան քաղաքի Չարենցի 1 հասցեում, ինչպես նշված է լիցենզիայում, այլ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 54ա հասցեում։
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի 2004 թվականի ապրիլի 13-ին տրված բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման (դեղագործություն, բուժական գործ) թիվ Կ-XX - 000012 լիցենզիան, մինչև խախտման պատճառների վերացումը։
2. Նախազգուշացնել «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2001 թվականի հունվարի 9-ին տրված բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման (ստոմատոլոգիա) թիվ 045 և 2003 թվականի մարտի 17-ին տրված միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման (մանկաբարձական գործ, քույրական գործ, ատամնատեխնիկական գործ) թիվ 176 լիցենզիաների հիման վրա իրականացվող գործունեության ընթացքում վերը նշված խախտումների հայտնաբերման կապակցությամբ, մինչև 01.07.2007 թ. վերացնել նշված խախտումները։
3. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
3.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊ ընկերություն, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին։
Նախարար` |
Ն. Դավիդյան |