Գլխավոր տեղեկություն
Համար
N 980-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (16.02.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.02.06/4(244) Հոդ.34
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.12.2006
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11007025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

8 դեկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 980-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 420-Մ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. հունվարի 25-ի N 224-Ն որոշման «ա» կետի, 2002 թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության 48-րդ կետի «ա» ենթակետի, 2002 թ. դեկտեմբերի 26-ի N 2126-Ն որոշման 2-րդ կետի և «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 -21-րդ հոդվածների.

Հրամայում եմ`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրենի մրցույթի անցկացման կարգը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության  կրթության և գիտության նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 22-ի «Հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված հաստատության գործադիր տնօրենի ընտրության և նշանակման կարգը հաստատելու մասին» թիվ 420-Մ հրամանը:

3. Նախարարության  հանրակրթության  վարչությանը (պետ` Ն. Հովհաննիսյան) և օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան) փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Բ. Եսայանին:

ՀՀ կրթության և գիտության
նախարար`
L. Մկրտչյան

 

Հավելված
ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի
դեկտեմբերի 8-ի N 980-Ա/Ք հրամանի

Կ Ա Ր Գ

Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առեվտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնի (տնօրենի) մրցույթի, ընտրության եվ նշանակման

1. Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական  ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմկերպության (այսուհետև` հաստատություն) գործադիր տնօրենի թափուր պաշտոն առաջանալու դեպքում հաստատության խորհուրդը, առավելագույնը եռամսյա ժամկետում, հայտարարում, կազմակերպում և անցկացնում է  գործադիր տնօրենի թափուր տեղի համար մրցույթ:

2. Հաստատության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս քաղաքացին, որը տիրապետում է գրական հայերենին:

3. Պետական կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում չի կարող նշանակվել  այն անձը`

ա) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գրծունակ.

բ) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների  կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.

գ) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.

դ) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

ե) որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ որը զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

զ) որը նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության  ղեկավար:

4. Խորհրդի նախագահը (նախագահողը)` հաստատության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ անցկացնելու մասին խորհրդի նիստի արձանագրության քաղվածքը եռօրյա ժամկետում ներկայացնում է համապատասխան տարածքային կառավարման մարմնին.

ա) մրցույթին մասնակցելու համար դիմումների (գործերի) ընդունման  համար սահմանվում է առնվազն 30-օրյա ժամկետ, որը հաշվարկվում է մրցույթի անցկացման մասին զանգվածային լրատվության միջոցով առաջին հրապարակման օրվանից, 

բ) մրցույթին մասնակցելու համար դիմումների և գործերի ընդունման վայրը չի կարող տվյալ բնակավայրից դուրս լինել:

5. Գործադիր տնօրենի պաշտոնակատարը մրցույթին կարող է մասնակցել մրցութային փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից առնվազն 20 օր առաջ` լիազորությունները  դադարեցնելու պայմանով:

Այդ դեպքում տարածքային կառավարման մարմինը նշանակում է գործադիր տնօրենի այլ պաշտոնակատար:

6. Հաստատության խորհուրդը գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը` 5-օրյա պարբերականությամբ, առնվազն 2 անգամ, հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով, առնվազն մեկը` մամուլով,

բ) մրցույթ անցկացնելու մասին հայտարարության տեքստում պարտադիր է նշել մրցութի անցկացման վայրը, օրը, ժամը, տեղը, պայմանները և պահանջվող փաստաթղթերը,

գ) գործադիր տնօրենի պաշտոնի հավակնորդի (այսուհետև` հավակնորդ)` մրցույթին չներկայանալու դեպքում խորհուրդը որոշում է կայացնում մրցույթը շարունակելու կամ հետաձգելու մասին: Մրցույթը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մեկ անգամ` երեք օրով:

7. Մրցույթը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցել է խորհրդի անդամներից առնվազն 5-ը:   

8. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են.

ա) դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,

բ) ինքնակենսագրություն (ձեռագիր),

գ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

դ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը,

ե) աշխատանքային գրքույկի պատճենը (կամ քաղվածքը),

զ) բնութագիր-երաշխավորագիր (աշխատողների համար),

է) անձնագրի պատճենը,

ը) տեղեկանք առողջության մասին,

թ) տեղեկանք մշտական բնակավայրից,

ժ) հրատարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

ժա) ծրագիր (թեզիսներ) տվյալ հաստատության գործունեության և զարգացման խնդիրների մասին,

ժբ) սոցիալական քարտի պատճենը (առկայության դեպքում):

9. Հավակնորդներին ներկայացվող պարտադիր չափանիշներն են.

ա) բարձրագույն կրթություն.

բ) հանրակրթական, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտներում առնվազն 5 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժ (վերջին 10 տարվա ընթացքում) կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքի ստաժ.

գ) կրթության համակարգի օրենսդրության, աշխատանքային օրենսգրքի և իրավական այլ ակտերի իմացություն.

դ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման հաստատության կառավարման և ներդպրոցական վերահսկողության վերաբերյալ փաստաթղթեր կազմելու կարողություն.

ե) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

զ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

10. Մրցույթն անցկացնում է հաստատության խորհուրդը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը:

10-1. Մրցույթի անցկացման մասին նախարարության ներկայացուցիչը տեղեկացվում է տարածքային կառավարման մարմնի կողմից:

10-2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը քվեարկելու իրավունք չունի:

11. Մրցույթն անցկացվում է երկու փուլով.

ա) փաստացի գիտելիքների իմացության որոշում գրավոր (թեստավորում),

բ) բանավոր հարցազրույց և գաղտնի քվեարկություն:

12. Մրցույթին ներկայացած հավակնորդի մասնագիտական գիտելիքները որոշում են հաստատության խորհուրդը և հրավիրված ներկայացուցիչը` 40 թեստային և բանավոր հարցերի միջոցով,

ա) հավակնորդը թույլատրվում է բանավոր փուլին և գաղտնի քվեարկությանը, եթե ճիշտ է պատասխանել գրավոր հարցերի (թեստերի) առնվազն 80%-ին,

բ) հարցերի համալիր փաթեթը որոշվում է վիճակահանությամբ, նախապես հրապարակված հարցերից (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Աշխատանքային օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» օրենք, ինչպես նաև հանրակրթության կառավարման, ֆինանսավորման և տեսչավորման վերաբերյալ այլ օրենքներ, Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշումներ և այլ իրավական ակտեր):

13. Բանավոր փուլ անցած հավակնորդին, մինչև գաղտնի քվեարկությունը, տրվում են 3-5 մասնագիտական հարցեր:

14. Հարցերը, պատասխանները  և մրցույթի ողջ ընթացքը արձանագրվում է (հնարավորության դեպքում նաև` ձայնագրվում):

15. Ընտրված է համարվում այն հավակնորդը, որին գաղտնի քվեարկությամբ կողմ են քվեարկել խորհրդի առնվազն 4 անդամ.

ա) մրցույթի արդյունքների հիման վրա խորհրդի նախագահը (նախագահողը) հրապարակում է խորհրդի որոշումը:

16. Տարածքային կառավարման  մարմինը խորհրդի որոշման հիման վրա ընտրված տնօրենի հետ (տասն օրից ոչ շուտ և տասնհինգ օրից ոչ ուշ) կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:

17. Հաստատության  գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը չի կարող`

ա) կատարել  այլ  վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական  աշխատանքից.

բ) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

գ) լինել երրորդ անձանց ներկայացուցիչը տարածքային կառավարման, կրթության պետական կառավարման լիազորված մարմիններում, համայնքում և իր կողմից կառավարվող հաստատությունում.

դ) ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

18. Մրցույթի արդյունքները կարող են վերանայվել սույն կարգի և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման հիմքով` մրցույթի մասնակցի, տարածքային  կառավարման մարմնի գրավոր բողոքների հիման վրա (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում).

ա) դատական կարգով,

բ) ՀՀ ԿԳ նախարարության հանձնաժողովի եզրակացության հիման վրա` տարածքային կառավարման մարմնի կողմից:

19. Սույն կարգի, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման հիմքով  մրցույթի մասնակցի, տարածքային կառավարման մարմնի գրավոր բողոքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության  նախարարի ներկայացուցչի բացասական եզրակացության դեպքում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով (հանձնաժողովում ընդգրկվում են` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման  մարմինների  մասնագետները), որը իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին:

20. Եթե մրցույթում գործադիր տնօրեն չի ընտրվում, մեկից ավելի ձայն հավաքած հավակնորդի (կամ հավակնորդների) մասնակցությամբ նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնական քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում, սույն կարգի համաձայն, հայտարարվում է նոր մրցույթ:

21. Խորհրդի արձակումը, կազմի փոփոխումը կամ լիազորությունների ավարտվելը չի կարող հիմք հանդիսանալ գործադիր տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման կամ փոփոխման համար:

22. Տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչը և գործադիր տնօրենի պաշտոնակատարը մրցույթին կարող են մասնակցել որպես դիտորդ:

23. Կրթամշակութային գործունեություն իրականացնող  հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մրցույթին և լուսաբանել այն:

24. Գործադիր տնօրենի լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: