Գլխավոր տեղեկություն
Համար
N 1403-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.19/9(249) Հոդ.145
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.12.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007107

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 դեկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 1403-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՋԱԽՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԾԱՎԱԼՎՈՂ ՀՈՍՊԻՏԱԼՆԵՐԻ, ՄԵԿՈՒՍԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՕԲՍԵՐՎԱՏՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.13.1,7.006.06 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն մարդու համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 15 նոյեմբերի 2005 թ. N 2121-Ն որոշման 2-րդ կետի բ) ենթակետի, ինչպես նաև մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների միջոցով հարուցված հիվանդությունների օջախների տարածքում ծավալվող հոսպիտալների, մեկուսարանների և օբսերվատորների աշխատանքին ներկայացվող պահանջները սահմանելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել

ա) «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների միջոցով հարուցված հիվանդությունների օջախների տարածքում ծավալվող հոսպիտալների, մեկուսարանների և օբսերվատորների աշխատանքին ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.13.1,7.006.06 սանիտարահամաճարակային նորմերը և կանոնները:

2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին`

սահմանել հսկողություն «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների միջոցով հարուցված հիվանդությունների օջախների տարածքում ծավալվող հոսպիտալների, մեկուսարանների և օբսերվատորների աշխատանքին ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.13.1,7.006.06 սանիտարահամաճարակային նորմերի և կանոնների գործադրման նկատմամբ:

 

Նախարար`

Ն. Դավիդյան

 

ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ I-II ԽՄԲԵՐԻ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՋԱԽՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԾԱՎԱԼՎՈՂ ՀՈՍՊԻՏԱԼՆԵՐԻ, ՄԵԿՈՒՍԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՕԲՍԵՐՎԱՏՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՍԿ N 3.13.1,7.006.06

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1.1. Ախտածնության I-II խմբերի (ժանտախտ, խոլերա, ախտածնության I խմբի վիրուսներով հարուցված հիվանդություններ) միկրոօրգանիզմներով հարուցվող հիվանդությունների դեպքերի արձանագրման դեպքում ծավալվում են ինֆեկցիոն և պրովիզոր (ժամանակավոր) հոսպիտալներ, մեկուսարան և օբսերվատոր:

1.2. Ինֆեկցիոն, պրովիզոր հոսպիտալները և մեկուսարանը կազմակերպվում են ինֆեկցիոն և բազմապրոֆիլ հիվանդանոցների բազայի վրա: Թույլատրվում է նաև դրանց կազմակերպումը մեկուսացված շինություններում (դպրոց, հանրակացարան և այլն), ինչպես նաև վրաններում` սպասարկվող անձնակազմի առանձնացումով և սույն կանոնների պահպանումով:

1.3. Ժանտախտով, խոլերայով և ախտածնության I խմբի վիրուսներով հարուցված հիվանդություններով հիվանդները (կասկածելիները) մեկուսացման և բուժման նպատակով հոսպիտալացվում են ինֆեկցիոն հոսպիտալում կամ ինֆեկցիոն ստացիոնարի մեկուսացված շինություն` հիվանդի և սպասարկող անձնակազմի համար առանձին մուտքերով:

Նշված հիվանդությունները չբացառող ախտանշաններով հիվանդների մոտ ախտորոշումը ճշտելու նպատակով մեկուսացման և բժշկական հսկողության համար հոսպիտալացնում են պրովիզոր հոսպիտալում կամ ինֆեկցիոն և սոմատիկ ստացիոնարների հատուկ հարմարեցված շինություններում:

Անձանց, որոնք ենթարկվել են ժանտախտով, խոլերայով և ախտածնության I խմբի  վիրուսներով  հարուցված հիվանդություններով հիվանդների (դիակների), կենդանիների և այլ օբյեկտների (որոնք կարող են վարակի աղբյուր հանդիսանալ) հետ շփման արդյունքում վարակման իրական վտանգի,  հոսպիտալացվում են մեկուսարանում:

1.4. Մյուս վարակներով հիվանդները հոսպիտալացվում են ցանկացած հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում: Ընդ որում, սիբիրախտով, մելիոիդոզով, Կու տենդով, ՂՀՏ-ով, խորը միկոզներով, օրնիթոզով հիվանդներին տեղավորում են մեկուսացված պալատներում կամ բոքսերում:

3.5. Հոսպիտալի վարակիչ բաժանմունքում նախատեսվում է.

- ընդունարան` հիվանդի համար առանձին մուտքով և պահեստ` մինչև ախտահանման խցիկ ուղարկելը հիվանդների հագուստը պահելու համար, 

- բաժանմունք` հիվանդների համար, որտեղ պետք է լինեն հիվանդասենյակներ (բոքսեր) ըստ ընդունման ժամկետների, կլինիկական ձևերի և հիվանդության ծանրության աստիճանի հիվանդների առանձին տեղավորման համար,

- սննդի բաշխման կետ,

- սենյակ` վարակված նյութի վարակազերծման համար (հիվանդի արտաթորանք, սպիտակեղեն և այլն),

- միջամտությունների սենյակ,

- հիվանդի դուրս գրման շինություն` սանթողարանով,

- սանթողարան` անձնակազմի համար (պաշտպանական հագուստը հագնելու և հանելու համար  սենյակներ, ջրցողարան),

- սենյակ` ռեհիդրատացիայի համար (խոլերայով հիվանդների համար նախատեսված հոսպիտալում),

- ռենտգեն կաբինետ` հագեցված շարժական ապարատուրայով (ժանտախտով հիվանդների հոսպիտալում),

- վիրահատարան,

- սանհանգույց` վարակազերծված մնացորդների և հիվանդների արտաթորանքների հեռացման համար։

1.6. Ընդունարանում զննում են ընդունվող հիվանդներին, ցույց են տալիս շտապօգնություն, վերցնում են նմուշ մանրէաբանական (վիրուսաբանական) հետազոտության համար, կատարում են սանիտարական մշակում, փոխում են հիվանդների հագուստը, պատրաստում են հիվանդների հագուստն ախտահանման խցիկ ուղարկելու համար, կազմում են ընդունվող հիվանդների առաջնային փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում սկսում են հատուկ բուժում: Ընդունարանը կահավորում են նրա նշանակությանը, ընթացիկ և եզրափակիչ ախտահանում անցկացնելու անհրաժեշտությանը համապատասխան:

Պահեստներում հագուստը պահվում է անհատական պարկերում, որոնք տեղավորվում են ներսից միջատասպան լուծույթով մշակված բաքերի կամ պոլիէթիլենային պարկերում:

1.7. Հոսպիտալի բաժանմունքում նախատեսվում են հիվանդասենյակներ խառը վարակներով հիվանդների, հղիների և ծննդկանների համար, ինչպես նաև անհետաձգելի վիրահատական և մանկաբարձագինեկոլոգիական օգնություն ցույց տալու համար նախատեսված սարքավորումներ և գործիքներ:

1.8. Հիվանդների սնունդը խոհանոցի ամանեղենի մեջ հասցվում է «մաքուր» կառուցահատվածի ծառայողական մուտքին և այնտեղ տեղափոխվում հիվանդանոցի բուֆետի ամանեղենի մեջ: Բուֆետում սնունդը տեղավորվում է բաժանմունքների ամանեղենի մեջ և ուղարկվում բաշխիչ բաժանմունք, որտեղ սնունդը բաժանվում է ըստ չափաբաժինների և բաշխվում հիվանդասենյակներին: Ամանեղենը, որով սնունդը հասցվել է բաժանմունք, վարակազերծվում է եռացման միջոցով, որից հետո ամանեղենով լի բաքը փոխանցվում է բուֆետ, որտեղ ամանեղենը լվացվում և պահվում է մինչև հաջորդ բաշխումը:

Բաշխման կետը պետք է ապահովված լինի սննդի մնացորդների վարակազերծման համար անհրաժեշտ ախտահանիչ լուծույթներով և այլ պարագաներով: Անհատական ամանեղենը վարակազերծվում է սննդի յուրաքանչյուր ընդունումից հետո:

1.9. Վարակազերծված բժշկական թափոնները ոչնչացվում են «Բժշկական թափոնների անվտանգ գործածության մեթոդական ցուցումների» համաձայն:

1.10. «Մաքուր» մասում տեղակայվում են անձնակազմի համար նախատեսված սենյակներ.

- զգեստապահարան վերնահագուստի համար

- սանթողարան (ցանկալի է առանձին` տղամարդկանց և կանանց համար)

- սանհանգույց

- բուֆետ

- սպիտակեղենի սենյակ

- հերթապահ անձնակազմի սենյակ (հիվանդությունների պատմությունների, այլ փաստաթղթերի ձևակերպման և հանգստի համար)

- օժանդակ շինություններ (դեղատուն և այլն):

1.11. Ժանտախտի թոքային ձևով, ախտածնության I խմբի վիրուսներով հարուցված հիվանդություններով հիվանդներին կասկածելիներին) սպասարկող անձնակազմի նկատմամբ սահմանվում է մշտական բժշկական հսկողություն: Անձնակազմը բնակվում է հոսպիտալի տարածքում` առանց նրա սահմաններից դուրս գալու իրավունքի:

1.12. Հիվանդների ստացիոնար տեղափոխումն իրականացվում է տարահանման ջոկատի կողմից` հատուկ առանձնացված տրանսպորտով: Ջոկատի կազմի մեջ ընդգրկվում են կենսաբանական անվտանգության պահանջների պահպանման հարցերի վերաբերյալ հրահանգավորված բժիշկ կամ միջին բուժաշխատող, երկու սանիտար և վարորդ: Մեկուսացված խցի առկայության դեպքում տարահանման ջոկատի վարորդը հագնում է կոմբինիզոն, իսկ մեկուսացման խցի բացակայության դեպքում հագնում է ջոկատի անդամների նման` համապատասխան տիպի պաշտպանական հագուստ:

1.13. Ժանտախտի թոքային ձևով, ախտածնության I խմբի վիրուսներով հարուցված հիվանդություններով, հպավարակիչ հեմոռագիկ տենդերով կամ այդ հիվանդություններով կասկածելի հիվանդների տեղափոխման դեպքում տարահանման ջոկատի անդամները յուրաքանչյուր հիվանդից հետո փոխում են պաշտպանական հագուստը:

1.14. Հիվանդին ստացիոնար տեղափոխելուց հետո տեղափոխման համար օգտագործված տրանսպորտը և առարկաները տարահանման ջոկատի ուժերով վարակազերծվում են հոսպիտալի տարածքում հատուկ սարքավորված հրապարակում, որն ունենում է առհոս և փոս: Յուրաքանչյուր երթավարտից հետո հիվանդին ուղեկցող անձնակազմը պարտավոր է վարակազերծել կոշիկները, ձեռքերը (ձեռնոցներով) և պոլիէթիլենային (մոմլաթե) գոգնոցները, որոնք լրացուցիչ հագնում են զանգվածային փոխադրումների ժամանակ: Ջոկատի բոլոր անդամները հերթափոխից հետո պարտադիր ենթարկվում են սանիտարական մշակման:

1.15. Հոսպիտալում հիվանդների խնամքի և բուժման բոլոր աշխատանքները կատարվում են պաշտպանական հագուստով:

1.16. Դուրս գրումից առաջ հիվանդը ենթարկվում է սանիտարական մշակման: Հոսպիտալից հիվանդների դուրս գրման պայմանները յուրաքանչյուր վարակի դեպքում որոշվում են համապատասխան փաստաթղթերով:

1.17. Հոսպիտալից դուրս գրված հիվանդի անկողնային պարագաները հանձնվում են ախտահանման  խցիկ, իսկ մահճակալը և պահարանիկը վարակազերծում են:

1.18. Այն հոսպիտալներում, որտեղ գտնվում են ախտածնության I խմբի (բացի ժանտախտի բուբոնային ձևի), ինչպես նաև ախտածնության II խմբի (հպավարակիչ հեմոռագիկ տենդեր, խլնախտի թոքային ձև) միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններով հիվանդներ, սահմանվում է առավելագույն մեկուսացման հակահամաճարակային ռեժիմ:

1.19. Այն հոսպիտալներում, որտեղ գտնվում են տուլարեմիայով, սիբիրախտով, բրուցելոզով, խլնախտով, մելիոիդոզով և ախտածնության II խմբի այլ հարուցիչներով հարուցված հիվանդություններով հիվանդներ, սահմանվում է տվյալ վարակիչ հիվանդության համար նախատեսված հակահամաճարակային ռեժիմ:

1.20. Խոլերային հոսպիտալում  սահմանվում է սուր աղիքային վարակների բաժանմունքին համապատասխան ռեժիմ:

1.21. Պրովիզոր հոսպիտալացման ենթակա հիվանդներին տեղավորում են անհատական կամ փոքր խմբերով` ըստ ընդունման ժամանակի, հիվանդության կլինիկական ձևերի և ծանրության աստիճանի:

1.22. Պրովիզոր հոսպիտալի կառուցվածքը, աշխատանքի կարգը և ռեժիմը սահմանվում են ինֆեկցիոն հոսպիտալի ռեժիմի համաձայն:

1.23. Պրովիզոր հոսպիտալում ենթադրվող ախտորոշման հաստատման դեպքում հիվանդներին տեղափոխում են ինֆեկցիոն հոսպիտալի համապատասխան բաժանմունք:

Հիվանդին տեղափոխելուց հետո պրովիզոր բաժանմունքի հիվանդասենյակում իրականացվում է եզրափակիչ ախտահանում` վարակի բնույթին համապատասխան: Մնացած հիվանդները (կոնտակտավորները) ենթարկվում են սանիտարական մշակման, փոխվում է հագուստը, հնարավորության դեպքում տեղափոխվում են այլ սենյակներ և, անհրաժեշտության դեպքում սկսվում է կանխարգելիչ բուժում: Մնացած հիվանդների (կոնտակտավորների) մեկուսացումը երկարաձգվում է` հայտնաբերված վարակիչ հիվանդության գաղտնի շրջանի ժամկետին համապատասխան:

1.24. Պրովիզոր հոսպիտալից դուրս գրման ժամանակը որոշվում է կոնկրետ յուրաքանչյուր դեպքի համար, բայց կասկածելի հիվանդության գաղտնի շրջանից ոչ շուտ:

1.25. Մեկուսարանի կառուցվածքը և աշխատանքի ռեժիմը պետք է համապատասխանի ինֆեկցիոն հիվանդությունների մեկուսարանի ռեժիմին:

1.26. Հոսպիտալներում և մեկուսարաններում արգելվում է կողմնակի առարկաների առկայությունը: Սարքավորումները և կահույքը պետք է լինեն հարթ, հեշտ լվացվող, կայուն` ախտահանման միջոցների ազդեցության նկատմամբ:

1.27. Հիվանդերի և մեկուսացված անձանց արտաթորանքները (խորխ, մեզ, կղանք և այլն) ենթակա են պարտադիր վարակազերծման: Վարակազերծման մեթոդները կիրառվում են վարակի բնույթին համապատասխան:

1.28.  Հոսպիտալներում և մեկուսարաններում իրականացվում է ամենօրյա ընթացիկ, իսկ   ազատելուց հետո` եզրափակիչ ախտահանում:

1.29. Ինֆեկցիոն, պրովիզոր հոսպիտալներում, մեկուսարանում և օբսերվատորում կենսաբանական անվտանգության պահանջների պահպանման հսկողությունն իրականացվում  է ՊՀՀՏ տարածքային կենտրոնների մասնագետների կողմից:

1.30. Ժանտախտի կարանտինային գոտում գտնվող անձինք նրա սահմաններից կարող են դուրս գալ սահմանված ժամկետով օբսերվացիա անցնելուց հետո, որը վավերացվում է սահմանված ձևին համապատասխան տեղեկանքով (հավելված 1):

1.31. Խոլերայի կարանտինային գոտում գտնվող անձինք նրա սահմաններից կարող են դուրս գալ սահմանված ժամկետով օբսերվացիա անցնելուց հետո: Օբսերվացիայի ընթացքում իրականացվում է վիբրիոնակրության նկատմամբ միանվագ հետազոտություն, որը վավերացվում է սահմանված ձևի համապատասխան տեղեկանքով (հավելված 2):

1.32. Օբսերվատորները ծավալվում են մեկուսացված շինություններում (վարչական շենքեր, դպրոցներ, առողջարաններ, հյուրանոցներ և այլն), որոնք հատուկ հարմարեցվում են կարանտինային գոտուց դուրս եկող հիվանդների հետ շփման մեջ չեղած առողջ անձանց մեկուսացման և բժշկական հսկողության համար:

1.33. Օբսերվատորում նախատեսվում են. ընդունարան, հիվանդասենյակներ, բժշկական և սպասարկող անձնակազմի համար սենյակներ, նյութի վերցման սենյակ, օբսերվացիայի ենթարկվողների անձնական իրերի պահպանման սենյակ, բուֆետ, սանթողարան և օժանդակ շինություններ: Բժշկական և սպասարկող անձնակազմը բնակվում է օբսերվատորի տարածքում` առանց նրա սահմաններից դուրս գալու իրավունքի: Օբսերվատորում աշխատելու համար թույլատրվում է մոբիլիզացնել օբսերվացիայի ենթարկվող բուժաշխատողների և սպասարկող այլ անձնակազմի:

1.34. Օբսերվատորը նախատեսված է միայն առողջ մարդկանց համար:

135. Օբսերվատորում իրականացվում է է բժշկական զննում` բարձր ջերմությամբ կամ ստամոքս-աղիքային խանգարումների և հատուկ վտանգավոր վարակների ազդանշանային  ախտանշաններով  հիվանդների հայտնաբերման նպատակով:

1.36. Օբսերվատորների բաժանմունքների կամ հիվանդասենյակների զբաղեցումը հիվանդներով կատարվում է  միաժամանակ: Օբսերվացիայի ենթարկվողները տեղավորվում են ըստ ընդունման ժամկետի, հնարավորության դեպքում փոքր խմբերով` բացառելով շփումը այլ  շինությունների անձանց հետ:

1.37. Օբսերվատորում բարձր ջերմությամբ կամ սուր աղիքային հիվանդության ախտանշաններ ունեցող հիվանդի հայտնաբերման դեպքում, նրան տեղափոխում են պրովիզոր հոսպիտալ: Հիվանդի հետ շփման մեջ եղած անձինք մեկուսացվում են տեղում` մինչև ախտորոշման հաստատումը: Ախտորոշման հաստատման դեպքում նրանք տեղափոխվում են մեկուսարան:

Օբսերվացիայում գտնվող մյուս անձանց անբավարար մեկուսացման դեպքում օբսերվացիայի ժամանակը հիվանդի հոսպիտալացման և եզրափակիչ ախտահանման անցկացնելու պահից երկարացվում է հայտնաբերված հիվանդության գաղտնի շրջանին համապատասխան ժամկետով:

Լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքների ստացման դեպքում օբսերվացիայի սկզբնական ժամկետը չի փոխվում:

1.38. Օբսերվատորի բաժանմունքի ազատումից հետո կատարվում է եզրափակիչ ախտահանում և կրկին զբաղեցվում այն:

1.39. Ստացիոնարները պետք է շուրջօրյա պաշտպանվեն զինվորական և ոստիկանական կարգախմբերի կողմից:

1.40. Հոսպիտալներում, մեկուսարանում և օբսերվատորում հիվանդների բուժման և խնամքի աշխատանքները կատարվում են կարանտինային և այլ հատուկ վտանգավոր վարակների հարցերի շուրջ հատուկ պատրաստում  անցած բժիշկները և բուժքույրերը` ստացված գիտելիքների վերաբերյալ ստուգարք հանձնելուց հետո:

Կրտսեր և սպասարկող անձնակազմը պատրաստում է անցնում աշխատավայրում: Աշխատանքի թույլատրվում է հատուկ պատրաստուկներով և հակաբիոտիկներով բուժման հակացուցումներ չունեցող անձնակազմը:

1.41. Հոսպիտալներում, մեկուսարաններում և օբսերվատորներում իրականացվող աշխատանքներին ներգրավվող բժշկական անձնակազմը առանց պատվաստման աշխատանքի է թույլատրվում հատուկ պատրաստուկներով և հակաբիոտիկներով բուժման հակացուցումների բացակայության դեպքում: Օջախում աշխատանքի ընթացքում նրանց  նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն:

1.42. Հոսպիտալներում և մեկուսարաններում աշխատանքն ավատելուց հետո անձնակազմը ենթարկվում է օբսերվացիայի` համապատասխան նորմատիվ փաստաթղթերով սահմանված ժամկետով:

1.43.  Հոսպիտալներում, մեկուսարաններում և օբսերվատորներում սույն կարգի միջոցառումների կազմակերպումն ապահովում են տարածքի սանիտարական պաշտպանության համալիր ծրագրի միջոցառումների իրականացմանը ներգրավված կազմակերպությունների ղեկավարները:

 

Հավելված 1

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Տրվում է

____________________

__________________

(պաշտոնը)

(Ա. Ա. Հ)

առ այն, որ նա ___ ___________ 200  թ.   մինչև  ___ ___________ 200  թ.

 

ենթարկվել է  6-օրյա օբսերվացիայի` ամենօրյա ջերմաչափումով:
I   օր - t0
II   օր  - t0
III  օր  - t0
IV օր  - t0
V  օր  - t0
VI  օր  - t0

 

ԿՆԻՔ

 

Կազմակերպության (ստորաբաժանման)

 

ղեկավար`

_______________________________

(ստորագրություն)

    

 

Հավելված 2

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Տրվում է

____________________

__________________

(պաշտոնը)

(Ա. Ա. Հ)

առ այն, որ նա ___ ___________ 200  թ.   մինչև  ___ ___________ 200  թ.

ենթարկվել է 5-օրյա օբսերվացիայի և միանվագ հետազոտվել է վիբրիոնակրության վերաբերյալ` բացասական արդյունքով: 

ԿՆԻՔ

 

Կազմակերպության (ստորաբաժանման)

 

ղեկավար`

_______________________________

(ստորագրություն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան