Գլխավոր տեղեկություն
Համար
N 531-Կ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (07.12.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.11.27/20(83) Հոդ.166
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
15.08.2001
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

15 օգոստոսի 2001 թ.
ք. Երևան

N 531-Կ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Աշխարհագրական անվանումների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 4, 5, 6, 12-րդ հոդվածների պահանջներով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման հրահանգը (կցվում է):

2. Հրահանգը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ` Մ. Գևորգյանի վրա:

 

Կոմիտեի նախագահ`

Մ. Վարդանյան

 

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 15.08.2001 թ. N 516-Կ հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ

 

Սույն հրահանգը բխում է «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի 4, 5, 6 և 12-րդ հոդվածների դրույթներից և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների հետ կապված աշխատանքները:

1. Անվանակոչման ենթակա աշխարհագրական օբյեկտների հիմնական տեսակներն են`

- նորաստեղծ վարչական-տարածքային միավորները

- նոր բնակավայրերը

- նոր առաջացած ներբնակավայրային օբյեկտները

- անանուն կամ նորաստեղծ երկաթուղային կայարանները, օդանավակայանները, ջրամբարները, ջրանցքներն ու այլ ինժեներա-տեխնիկական կառույցները

- անանուն ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտները:

2. Աշխարհագրական օբյեկտների անվանումները նպատակահարմար է ընտրել տվյալ վայրի աշխարհագրական, պատմական, մշակութային, ազգագրական, կենցաղային և այլ պայմաններից ելնելով: Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումները տրվում են հայերենով: Անվանումները հնարավորության սահմաններում պետք է լինեն պարզ, միաբառ, բարեհունչ և ունենան բառակազմական մեծ հնարավորություն:

3. Բնակավայրերին կարելի է տալ հետևյալ կարգի անվանումներ`

ա) մոտակա ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտների անվանումը (օրինակ` Սևանա լիճ - քաղաք Սևան, գետ Դեբեդ - գյուղ Դեբեդ, Հատիս լեռ - գյուղ Հատիս և այլն):

բ) այլ վայր տեղափոխված կամ լուծարված բնակավայրերի անվանումը (օրինակ` գյուղ Գորայք, գյուղ Ծղուկ և այլն)

գ) պատմական կամ Արևմտյան Հայաստանում գտնվող բնակավայրերի անվանումը (օրինակ` գյուղ Ամասիա, քաղաք Արմավիր և այլն)

դ) «նոր» որոշիչով անվանումներ (օրինակ` Նոր Խարբերդ, Նոր Եդեսիա և այլն):

4. Առանձին դեպքերում կարելի է օգտագործել պետական, ռազմական, գիտական, մշակութային և այլ նշանավոր գործիչների անուններ (օրինակ` գյուղ Խանջյան, գյուղ Դավիթ Բեկ, քաղաք Թումանյան, գյուղ Սայաթ-Նովա և այլն):

5. Բնակավայրերից դուրս գտնվող երկաթգծի կայարաններին նպատակահարմար է տալ մոտակա բնակավայրի կամ ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտի անվանումը (օրինակ` Աղին կայարան, Փամբակ կայարան և այլն):

6. Ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտներին կարող են տրվել ձևը, կառուցվածքը, չափերը, դիրքն ու այլ բնորոշ հատկանիշներ արտահայտող անվանումներ, օրինակ` Թեքսար լեռ, գյուղ Սառնաղբյուր, Մեծավան գյուղ, Գետավան գյուղ և այլն: Կարելի է նույն անվանումով կոչել մի քանի իրար մոտ գտնվող տարատեսակ ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտներ (օրինակ` քաղաք Հրազդան - գետ Հրազդան):

7. Նպատակահարմար չէ նույն անունով անվանակոչել միևնույն վարչական տարածքում գտնվող նույնատիպ ֆիզիկա-աշխարհագրական մի քանի օբյեկտներ:

8. Աշխարհագրական օբյեկտների անվանափոխում կարելի է կատարել`

- կրկնվող անունների դեպքում

- անբարեհունչ և օտար անունների դեպքում

- պատմական անունները վերականգնելիս

- անվանափոխված բնակավայրի տարածքում կամ մոտակայքում գտնվող նույնանուն ինժեներա-տեխնիկական օբյեկտների (երկաթուղային կայարաններ, օդանավակայաններ, ջրամբարներ, ջրանցքներ) անվանափոխման և այլ դեպքերում:

9. Աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման որոշումները ընդունվում են

 - ըստ վարչատարածքային միավորների և բնակավայրերի` ՀՀ Ազգային ժողովի կողմից

- ըստ ներբնակավայրային օբյեկտների` տեղական ինքնակառավարման մարմնի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից

- ըստ ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտների` ՀՀ կառավարության կողմից:

10. Աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասին առաջարկությունները պետք է իր մեջ ընդգրկեն հետևյալ տեղեկությունները`

- օբյեկտի տեսակը (մարզ, քաղաք, գյուղ, ե/գ կայարան, օդանավակայան, ջրանցք, ջրամբար, լեռ, գետ, լիճ, լեռնանցք, լեռնագրական այլ տարր)

- օբյեկտի ճշգրիտ դիրքը (մարզ, համայնք, այլ անհրաժեշտ կողմնորոշիչ օբյեկտներ, անհրաժեշտության դեպքում` կոորդինատներ)

- օբյեկտի գործող անվանումը

- առաջարկվող անվանումը

- առաջարկվող անվան հիմնավորումը

- տվյալ վարչատարածքային միավորի ներսում նույնանուն օբյեկտների առկայությունը

- անվանումն առաջարկող կազմակերպության անվանումը:

11. Եթե որպես աշխարհագրական օբյեկտի անվանում առաջարկվում են նշանավոր մարդկանց անուններ, ապա անվանակոչման մասին միջնորդագրին պետք է կցվեն նաև իրավասու մարմնի կողմից հաստատված համառոտ տեղեկանքներ այդ անձանց կյանքի, գործունեության, ինչպես նաև նրանց ժառանգների (եթե գոյություն ունեն) համաձայնության մասին:

12. Եթե անվանումները առաջարկվում են ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտների համար, ապա անվանակոչման մասին միջնորդագրին անհրաժեշտ է կցել նաև տվյալ տարածքի քարտեզ-սխեման, որտեղ պատկերված է այդ օբյեկտը:

13. Առաջարկությունները ներկայացվում են ըստ տվյալ աշխարհագրական օբյեկտի գտնվելու վայրի` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին կամ Երևանի քաղաքապետին: Եթե աշխարհագրական օբյեկտը գտնվում է երկու կամ ավելի մարզերի տարածքում կամ սահմանագծում, ապա անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկությունները պետք է համաձայնեցվեն տվյալ մարզպետների հետ: Տարաձայնությունների դեպքում կադաստրի պետական կոմիտեն մասնագիտական հանձնաժողովի հետ համատեղ քննարկում է բոլոր առաջարկները և դրական եզրահանգման դեպքում ընդունված տարբերակը ներկայացնում է ՀՀ կառավարություն` որոշում կայացնելու համար:

14. Կադաստրի պետական կոմիտեի կամ մասնագիտական հանձնաժողովի կողմից աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկը մերժվելու դեպքում այն կարող է կրկին քննարկվել հիմնավորող լրացուցիչ նյութերի և տվյալների տրամադրումից հետո:

15. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներբնակավայրային օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման անհրաժեշտության դեպքում համապատասխան նյութերը ներկայացվում են կադաստրի պետական կոմիտե հաշվառման համար:

16. ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչված կամ անվանափոխված անվանումների հաշվառումն ու գրանցումը իրականացվում է համապատասխան մատյաններում, որոնց ձևաթղթերը սահմանվում են կադաստրի պետական կոմիտեի կողմից:

17. ՀՀ աշխարհագրական օբյեկտների հաշվառված և գրանցված անվանումները հավաքվում են կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բանկում (պետական քարտադարանում), որի տվյալների հիման վրա պարբերաբար հրատարակվում են ՀՀ աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուն (գազետիրը), ընդհանուր և թեմատիկ բառարանները, այլ տեղեկատուներ և ցանկեր:

18. Նոր անվանակոչվող, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող անվանումների նկատմամբ պարտադիր պահանջներից է անվանումների ճշգրիտ և անփոփոխ գրառումը բոլոր տեսակի պաշտոնական փաստաթղթերում, տեղեկատուներում և այլ հրատարակչական նյութերում:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության

 արդարադատության նախարարության կողմից
1 նոյեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 32201169