Գլխավոր տեղեկություն
Համար
N 6-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (27.02.2003-11.02.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.02.17/4(122) Հոդ.60
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
10.01.2003
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
10.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.02.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 32003030

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

10 հունվարի 2003 թ.
ք. Երևան

N 6-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԴԱՉՈՒԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՑԱԳՐԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությամբ և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կոնվենցիայի «Արարողակարգերի պարզեցում» թիվ 9 և «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» թիվ 17 հավելվածներով

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող ընկերությունների օդաչուական անձնակազմի անդամներին թռիչքային անցագրերի հատկացման և օգտագործման կարգը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի ավիացիոն անվտանգության գծով տեղակալ Ա. Պողոսյանին:

 

Գլխավոր վարչության պետ՝

Ս. Մարգարյան

 

 

Հավելված

 

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2003 թվականի հունվարի 10-ի N 6-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԴԱՉՈՒԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՑԱԳՐԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52 հոդվածի, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ձևակերպումների պարզեցում» թիվ 9 և «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» թիվ 17 հավելվածների համաձայն և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող ընկերությունների օդաչուական անձնակազմի անդամներին թռիչքային անցագրերի հատկացման գործընթացը և դրանց օգտագործման շրջանակները:

 

II. ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՑԱԳՐԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող ընկերությունների օդաչուական անձնակազմի անդամներին թռիչքային անցագրերի հատկացման նպատակն է վերահսկել նրանց մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր:

Օդաչուական անձնակազմի անդամներն առանց թռիչքային անցագրերի առկայության չեն կարող մուտք գործել օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր:

3. Օդաչուական անձնակազմի անդամ չհանդիսացող անձանց թռիչքային անցագիր չի կարող հատկացվել:

4. Օդաչուական անձնակազմի անդամների թռիչքային անցագրերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված համապատասխան օդանավ շահագործող ընկերության ղեկավարի ներկայացրած հայտի հիման վրա: Հայտում նշվում է օդանավ շահագործող ընկերության անվանումը, օդաչուական անձնակազմի անդամի ազգանունը, անունը, պաշտոնը: Հայտին կցվում է օդաչուական անձնակազմի անդամի 3X4 չափի մեկ լուսանկար:

5. Հայտ ներկայացրած օդանավ շահագործող ընկերության օդաչուական անձնակազմի անդամը նախքան թռիչքային անցագիր ստանալը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում պետք է ստորագրի անցագրերի ստացման մատյանում և ստանա թռիչքային անցագիրը:

6. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով օդաչուական անձնակազմի անդամի աշխատանքից ազատվելու (կամ վերջինիս և Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող ընկերության միջև կնքված աշխատանքային պայմանագրի կասեցման, դադարեցման կամ լուծման) դեպքում օդաչուական անձնակազմի անդամը թռիչքային անցագիրը հանձնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն:

7. Օդաչուական անձնակազմերի անդամներին հատկացվող թռիչքային անցագրերի ձևաթղթերը հանդիսանում են խիստ հաշվառման ենթակա փաստաթղթեր և ունեն պաշտպանիչ (հոլոգրաֆիկ) նշան: Դրանք ստորագրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի ավիացիոն անվտանգության գծով տեղակալի կողմից և տրվում են ըստ հերթական համարների:

Օդաչուական անձնակազմի անդամին հատկացվող թռիչքային անցագրի վրա պարտադիր պետք է առկա լինի.

 Օդաչուական անցագիրը հատկացնող պետական կառավարման լիազորված մարմնի անվանումը,

 Օդանավ շահագործող ընկերության անվանումը,

 Օդաչուական անձնակազմի անդամի լուսանկարը,

 Օդաչուական անձնակազմի անդամի ազգանունը, անունը,

 Օդաչուական անձնակազմի անդամի պաշտոնը,

 Անցագրի հերթական համարը և գործողության ժամկետը,

 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի ավիացիոն անվտանգության գծով տեղակալի ստորագրությունը և հոլոգրաֆիկ գաղտնանշան:

8. Օդաչուական անձնակազմերի անդամներին հատկացվող թռիչքային անցագրերի ձևաթղթերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում՝ այդ նպատակով նախատեսված մետաղական պահարանում:

9. Օդաչուական անձնակազմի անդամների թռիչքային անցագրերը հատկացվում են երկու տարի ժամկետով: Թռիչքային անցագրի ժամկետը լրանալուց հետո դրանք հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, որտեղ դրանք պահվում են մեկ տարի, որից հետո ենթակա են ոչնչացման:

 

III. ՕԴԱՉՈՒԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐ ՄՈՒՏՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող ընկերությունների օդաչուական անձնակազմի անդամները մուտք են գործում օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ ծառայողական մուտքերով կամ հատուկ զննման կետերով՝ թռիչքային անցագրերի և տվյալ չվերթի թռիչքային հանձնարարականում (պլանում) նրանց ազգանունների առկայության դեպքում:

11. Օդաչուական անձնակազմի անդամների թռիչքային անցագրերը վկայում են օդանավի անձնակազմին անցագիր ստացած անձանց պատկանելության մասին և չեն կարող փոխարինել թռիչքային անձնակազմի անդամի մասնագիտական վկայականին:

12. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող ընկերությունների օդաչուական անձնակազմի անդամները պարտավոր են օդանավում և օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում գտնվելու ողջ ժամանահատվածում թռիչքային անցագրերը կրել վերնահագուստի վրա:

13. Օդանավերի անձնակազմի անդամները հատուկ վերահսկելի գոտիներ են թույլատրվում ավիացիոն անվտանգության հսկողության, մաքսային զննման և սահմանային ստուգումներից հետո:

14. Օտարերկրյա օդանավ շահագործող ընկերությունների օդաչուական անձնակազմերի անդամների մուտքը օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ թույլատրվում է օդաչուական վկայականի և թռիչքային անցագրի ներկայացումից հետո: