Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/27
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (18.06.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.06.08/8(30)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
17.05.1999
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

17 մայիսի 1999 թ. 

N 01/27

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՄԱՅԻՍԻ 12-Ի ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թ. մայիսի 12-ի օրենքի որոշ հոդվածների վերաբերյալ» հրահանգչական նամակում լրացում կատարելու մասին» հրահանգչական նամակը:


ՀՀ հարկային տեսչության պետ`

Ս. Այվազյան

 


Հաստատված է
ՀՀ հարկային տեսչության պետ
___________ Ս. Այվազյան
հրաման թիվ 01/27
17 մայիսի 1999 թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՄԱՅԻՍԻ 12-Ի ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թ. հոկտեմբերի 24-ի օրենքի և «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թ. դեկտեմբերի 30-ի օրենքի ընդունման հետ կապված Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը հայտնում է.

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թ. մայիսի 12-ի օրենքի որոշ հոդվածների վերաբերյալ» հրահանգչական նամակում.

ա) 3-րդ կետի 1-ին ենթակետի վերջին մասում լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.

«1999 թ. հունվարի 1-ից` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողից (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալից) գանձվում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0,2 տոկոսի չափով».

բ) լրացնել նոր 61 կետ հետևյալ խմբագրությամբ.

«61 Օրենքի 28 հոդվածի հետ կապված.

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 1998 թ. հոկտեմբերի 24-ի օրենքն (այսուհետ մինչև սույն կետի վերջը` օրենքի փոփոխություն) ուժի մեջ մտնելուց հետո այս հոդվածի հատկանիշներով կատարված համապատասխան խախտման առաջին դեպք է համարվում նշված օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից կատարված առաջին խախտումը: Խախտումը որպես կրկնական որակելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից կատարված համապատասխան խախտման արձանագրման պահից մեկ տարին լրացած չլինելը` անկախ տուգանք կիրառված լինելու հանգամանքից: Տուգանքի կիրառումը հարկ վճարողին չի ազատում սահմանված հարկային պարտավորությունների կատարումից:

 

Օրինակ 1. 1999 թ. հունվարի 7-ին, հարկային տեսչության մարմնի կողմից հարկ վճարողի մոտ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրվել են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի հատկանիշներով` ձեռնարկատիրական գործունեության առարկաները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու հետևյալ փաստերը.

- 1998 թ. նոյեմբերի 10-ին` 100,0 հազ. դրամի չափով

- 1998 թ. դեկտեմբերի 20-ին` 80,0 հազ. դրամի չափով

- 1998 թ. դեկտեմբերի 25-ին` 200,0 հազ. դրամի չափով

Քանի որ, հարկ վճարողի կողմից, այդ ժամանակաշրջանի (որում տեղի են ունեցել նշված խախտումները) համար, սահմանված կարգով հարկային տեսչությանը հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող` հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթերը չէր ներկայացվել, ապա տվյալ դեպքում կիրառելի են օրենքի 28 հոդվածով նախատեսված տուգանքները, ընդ որում.

- 1998 թ. նոյեմբերի 10-ին կատարված 100,0 հազ. դրամի չափով չգրանցման փաստի հետ կապված` 100,0 հազ. դրամ (խախտումը կատարվել է նախքան օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելը).

- 1998 թ. դեկտեմբերի 20-ին կատարված 80,0 հազ. դրամի չափով չգրանցման փաստի հետ կապված` 20,0 հազ. դրամ (խախտումը կատարվել է օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ).

- 1998 թ. դեկտեմբերի 25-ին կատարված 200,0 հազ. դրամի չափով չգրանցման փաստի հետ կապված` 50,0 հազ. դրամ (խախտումը կատարվել է օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո երկրորդ անգամ, սակայն այն չի հանդիսանում կրկնական խախտում, քանի որ օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածում կատարված խախտման փաստ հարկային տեսչության կողմից չի արձանագրվել):

Ընդհանուր առմամբ, հարկ վճարողի կողմից վճարման ենթակա տուգանքի գումարը կկազմի 170,0 հազ. դրամ (100,0 հազ. դրամ + 20,0 հազ. դրամ + 50,0 հազ. դրամ):

Հարկային տեսչության կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո` սահմանված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կկազմի.

- 1998 թ. նոյեմբերի 10-ին կատարված խախտման համար` 100,0 հազ. դրամ.

- 1998 թ. դեկտեմբերի 20-ին և 25-ին կատարված խախտումների համար` 140,0 հազ. դրամ (20,0 հազ. դրամ x 2 + 50,0 հազ. դրամ x 2):

Բերված օրինակում դիտարկված է այն դեպքը, երբ հարկ վճարողը օրենքով սահմանված ժամկետում տուգանքի մուծում չի կատարում: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հարկ վճարողի կողմից, մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը, տուգանքի մուծում կատարելու դեպքում (օրինակ` 150,0 հազ. դրամի չափով)` տուգանքի ընդհանուր գումարի մարումը կկատարվի ըստ տվյալ ակտով արձանագրված խախտումների կատարման հերթականության և կկրկնապատկվի չմուծված տուգանքը (տվյալ դեպքում` 20,0 հազ. դրամը):

 

Օրինակ 2. Նույն (տես սույն կետի օրինակ 1-ը) հարկ վճարողի մոտ հարկային տեսչության մարմնի կողմից 1999 թ. մարտի 26-ին իրականացված ստուգման արդյունքներով արձանագրվել են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի հատկանիշներով` հետևյալ խախտումները.

- 1999 թ. հունվարի 25-ին ձեռնարկատիրական գործունեության առարկաները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու փաստ` 100,0 հազ. դրամի չափով.

- ձեռնարկատիրական գործունեության առարկաները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելու (իրացնելու) փաստ` 100,0 հազ. դրամ տարբերության գումարի չափով:

Հարկ վճարողի կողմից, այդ ժամանակաշրջանի համար, սահմանված կարգով հարկային տեսչությանը չէր ներկայացվել օրենքի 28 հոդվածի 5-րդ մասով նախատեսված փաստաթղթերը: Տվյալ դեպքում կիրառելի են օրենքի 28 հոդվածով նախատեսված տուգանքները, ընդ որում.

- 1999 թ. հունվարի 25-ին կատարված 100,0 հազ. դրամի չափով չգրանցման փաստի հետ կապված` 50,0 հազ. դրամ (խախտման փաստը տեղի է ունեցել հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրելուց (արձանագրվել էր 1999 թ. հունվարի 7-ին) հետո` մեկ տարին լրացած չլինելու պայմաններում` հետևաբար, այն կրկնական է և կիրառելի է օրենքի 28 հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի չափը).

- ձեռնարկատիրական գործունեության առարկաները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելու (իրացնելու) փաստի (100,0 հազ. դրամ կազմող տարբերության գումարի չափի) հետ կապված` 25,0 հազ. դրամ (խախտումը կատարվել է օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ և կիրառելի է օրենքի 28 հոդվածի 3-րդ մասով նախատեսված տուգանքի չափը):

Օրենքով սահմանված ժամկետում տուգանքը վճարելու դեպքում, հարկ վճարողի կողմից վճարման ենթակա տուգանքի ընդհանուր գումարը կկազմի 75,0 հազ. դրամ (50,0 հազ. դրամ + 25,0 հազ. դրամ):

 

Օրինակ 3. 2000 թ. մայիսի 16-ին, հարկային տեսչության մարմնի կողմից նույն (տես սույն կետի օրինակ 2-ը) հարկ վճարողի մոտ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրվել են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի հատկանիշներով` ձեռնարկատիրական գործունեության առարկաները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու հետևյալ փաստերը.

- 2000 թ. փետրվարի 19-ին` 200,0 հազ. դրամի չափով.

- 2000 թ. ապրիլի 2-ին` 100,0 հազ. դրամի չափով:

Հարկ վճարողի կողմից, այդ ժամանակաշրջանի համար, սահմանված կարգով հարկային տեսչությանը չէր ներկայացվել օրենքի 28 հոդվածի 5-րդ մասով նախատեսված փաստաթղթերը: Տվյալ դեպքում կիրառելի են օրենքի 28 հոդվածով նախատեսված տուգանքները, ընդ որում.

- 2000 թ. փետրվարի 19-ին կատարված 200,0 հազ. դրամի չափով չգրանցման փաստի հետ կապված` 100,0 հազ. դրամ (խախտման փաստը տեղի է ունեցել հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրելուց (արձանագրվել էր 1999 թ. մարտի 26-ին) հետո` մեկ տարին լրացած չլինելու պայմաններում` հետևաբար, այն կրկնական է և կիրառելի է օրենքի 28 հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի չափը).

- 2000 թ. ապրիլի 2-ին կատարված 100,0 հազ. դրամի չափով չգրանցման փաստի հետ կապված` 25,0 հազ. դրամ (խախտման փաստը տեղի է ունեցել հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրելուց (արձանագրվել էր 1999 թ. մարտի 26-ին) հետո` մեկ տարին լրացած լինելու պայմաններում` հետևաբար, այն կրկնական չէ և կիրառելի է օրենքի 28 հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքի չափը):

Օրենքով սահմանված ժամկետում վճարելու դեպքում, վճարման ենթակա տուգանքի ընդհանուր գումարը կկազմի 125,0 հազ. դրամ (100,0 հազ. դրամ + 25,0 հազ. դրամ):

Նախատեսված տուգանքները չեն կիրառվում, եթե խախտումները կատարվել են այն հաշվետու ժամանակաշրջանում, որի համար սահմանված կարգով հարկ վճարողի կողմից իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ներկայացված են օրենքի 28 հոդվածի 5-րդ մասով նախատեսված փաստաթղթերը: Սույնի հետ կապված անհրաժեշտ է նկատի ունենալ, որ եթե հարկ վճարողի կողմից իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին, այն հաշվետու ժամանակաշրջանի համար, որում կատարվել էր համապատասխան խախտումը, սահմանված կարգով ներկայացված են իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող` հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այն փաստաթղթերը, որոնք նախատեսված են արտացոլելու հարկ վճարողի ոչ լրիվ իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը), այլ նրա որոշակի մասը, ապա օրենքի 28 հոդվածով նախատեսված տուգանքները չեն կիրառվի իրացման շրջանառության (համախառն եկամտի) միայն այդ մասի առումով:

 

Օրինակ 4. 1999 թ. մայիսի 20-ին հարկային տեսչության մարմնի կողմից հարկ վճարողի մոտ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրվել են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի հատկանիշներով` ձեռնարկատիրական գործունեության առարկաները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու հետևյալ փաստերը.

- 1998 թ. դեկտեմբերի 25-ին` 150,0 հազ. դրամի չափով.

- 1999 թ. հունվարի 11-ին` 180,0 հազ. դրամի չափով.

- 1999 թ. հունվարի 21-ին հարկ վճարողի մոտ ակցիզային հարկով հարկման ենթակա ձեռնարկատիրական գործունեության առարկաների` 60,0 հազ. դրամի չափով:

Հարկ վճարողի կողմից սահմանված կարգով հարկային տեսչությանը ներկայացվել են 1998 թվականի հաշվապահական հաշվետվությունները և 1999 թ. հունվար ամսվա ակցիզային հարկի հաշվարկը:

Տվյալ դեպքում, 28 հոդվածով նախատեսված տուգանքը կիրառվում է միայն 1999 թ. հունվարի 11-ին կատարված խախտման նկատմամբ (օրենքի 28 հոդվածի 5-րդ մասի համաձայն), իսկ մյուս խախտումների նկատմամբ կիրառելի են նույն հոդվածի 6-րդ մասի դրույթները:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այդ հոդվածի հատկանիշներով կատարված խախտումների կրկնական կամ ոչ կրկնական որակումը կապված է հարկ վճարողի մոտ հարկային տեսչության մարմինների կողմից օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածում կատարված համապատասխան խախտման արձանագրման հանգամանքի հետ:

 

Օրինակ 5. 2000 թ. նոյեմբերի 24-ին հարկային տեսչության մարմնի կողմից հարկ վճարողի մոտ (վերջինս գործունեություն է իրականացնում 2 տարբեր հասցեներում` «Ա» և «Բ») իրականացված ստուգման արդյունքներով արձանագրվել են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի հատկանիշներով` ձեռնարկատիրական գործունեության առարկաները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու հետևյալ փաստերը.

- 2000 թ. հունիսի 10-ին` 200,0 հազ. դրամի չափով («Բ» հասցեում).

- 2000 թ. հոկտեմբերի 2-ին` 300,0 հազ. դրամի չափով («Բ» հասցեում):

Հարկ վճարողի կողմից, այդ ժամանակաշրջանի համար, սահմանված կարգով հարկային տեսչությանը չէր ներկայացվել օրենքի 28 հոդվածի 5-րդ մասով նախատեսված փաստաթղթերը: Տվյալ դեպքում կիրառելի են օրենքի 28 հոդվածով նախատեսված տուգանքները, ընդ որում.

- 2000 թ. հունիսի 10-ին կատարված 200,0 հազ. դրամի չափով չգրանցման փաստի հետ կապված` 100,0 հազ. դրամ (խախտման փաստը տեղի է ունեցել հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրելուց (արձանագրվել էր 1999 թ. օգոստոսի 22-ին` «Ա» հասցեում) հետո` մեկ տարին լրացած չլինելու պայմաններում` հետևաբար, այն կրկնական է և կիրառելի է օրենքի 28 հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի չափը).

- 2000 թ. հոկտեմբերի 2-ին կատարված 300,0 հազ. դրամի չափով չգրանցման փաստի հետ կապված` 75,0 հազ. դրամ (խախտման փաստը տեղի է ունեցել հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրելուց (արձանագրվել էր 1999 թ. օգոստոսի 22-ին` «Ա» հասցեում) հետո` մեկ տարին լրացած լինելու պայմաններում` հետևաբար, այն կրկնական չէ և կիրառելի է օրենքի 28 հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքի չափը):

Օրենքով սահմանված ժամկետում տուգանքը վճարելու դեպքում, հարկ վճարողի կողմից վճարման ենթակա տուգանքի ընդհանուր գումարը կկազմի 175,0 հազ. դրամ (100,0 հազ. դրամ + 75,0 հազ. դրամ):

Այս հոդվածով նախատեսված տուգանքները չեն կիրառվում նաև այն դեպքերում, եթե խախտումները կատարվել են այն հաշվետու ժամանակաշրջանում, որի համար սահմանված կարգով հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակ իրականացնող հարկ վճարողի կողմից ներկայացված են «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածով նախատեսված` ՀՀ հարկային տեսչության կողմից սահմանված ձևի (սահմանվել են ՀՀ հարկային տեսչության պետի 28.07.1998 թ. N 01/42 հրամանով) փաստաթղթերը: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հարկ վճարողի կողմից ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունները չեն կարող հիմք հանդիսանալ այս հոդվածով նախատեսված տուգանքները չկիրառելու համար:

 

Օրինակ 6. Հարկ վճարողը իրականացնում է առևտրական գործունեություն` 30 մ2 մակերեսից ոչ ավելի առևտրական տարածք ունեցող խանութի միջոցով, և համաձայն «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի, հանդիսանում է հաստատագրված վճար վճարող: Նրա կողմից իր հաշվառման վայրի հարկային տեսչությանը ներկայացված է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի 1-ին կետով նախատեսված հայտարարությունը, որում արտացոլված է 1998 թ. չորրորդ եռամսյակի արդյունքներով խանութի ապրանքաշրջանառության ծավալը:

Հարկային տեսչության մարմնի կողմից 1999 թ. մարտի 20-ին իրականացված ստուգման արդյունքներով արձանագրվել են ձեռնարկատիրական գործունեության առարկաները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու հետևյալ փաստերը.

- 1998 թ. դեկտեմբերի 20-ին` 150,0 հազ. դրամի չափով.

- 1999 թ. հունվարի 30-ին` 180,0 հազ. դրամի չափով:

Քանի որ, սահմանված կարգով հարկ վճարողի կողմից ներկայացված հաստատագրված վճարների հաշվարկման ցուցանիշների սահմանային չափերի վերաբերյալ (վերը նշված) հայտարարությունը արտացոլում է խանութի 1998թ. 4-րդ եռամսյակի ապրանքաշրջանառության (իրացման շրջանառության) ծավալը, ապա տվյալ դեպքում, 28 հոդվածով նախատեսված տուգանքը 1998թ. դեկտեմբերի 20-ին կատարված խախտման նկատմամբ (այդ խանութի առումով) չի կիրառվում (համաձայն օրենքի 28 հոդվածի 5-րդ մասի)»:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
31 մայիսի 1997 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 310990090