«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
«18» 07 2000 թ.
Պետական գրանցման թիվ 30300066
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 հունիսի 2000 թվականի թիվ 83
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ» ՄԱՍԻՆ
Հաստատել «Ատենախոսության թեմայի հաստատման կարգը»:
ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
Սույն կարգը սահմանվում է ՀՀ վարչապետի 1996 թվականի հուլիսի 12-ի հ. 410 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կանոնադրության»
3. ե) կետի համաձայն
Ատենախոսության թեմայի նորությունը, արդիականությունը, գիտական և կիրառական արժեքը ապահովելու նպատակով սահմանվում է ատենախոսության թեմայի հաստատման հետևյալ կարգը.
1. Ատենախոսության թեման հաստատելու իրավունք ունեն այն գիտական հիմնարկները, կազմակերպությունները և բուհերը (այսուհետև` հիմնարկներ), որոնք ունեն ՀՀ ԲՈՀ-ի թույլտվությունը:
2. Թեման հաստատվում է այն անձանց համար (այսուհետև` հայցորդ), ովքեր ունեն բարձրագույն կրթության որակավորման հետևյալ աստիճանները` դիպլոմավորված մասնագետ և մագիստրոս: Բժշկական գիտությունների բնագավառով թեմա կարող է հաստատվել միայն այն անձանց համար, ովքեր ունեն բարձրագույն բժշկական կրթություն:
3. Ատենախոսության թեման քննարկման է ընդունվում հայցորդի գրավոր դիմումի հիման վրա:
Թեմայի հաստատման նպատակով հարցը քննարկվում են`
ա) ԲՈՒՀ-երում` համապատասխան ամբիոնում, ապա ֆակուլտետի կամ ԲՈՒՀ-ի գիտական խորհրդում.
բ) գիտահետազոտական հիմնարկներում գիտական ստորաբաժանումներում, ապա կազմակերպության գիտական խորհրդում:
4. Գիտական խորհուրդն ատենախոսության թեման հաստատում է իր մասնագիտական ուղղվածությանը համապատասխանելու դեպքում, պատասխանատու է հայցորդի մասնագիտական պատրաստվածության, թեմայի նորության, կիրառական նշանակության, արդիականության համար:
5. Գիտական խորհուրդը հաստատում է ատենախոսության գիտական ղեկավար` թեկնածուական ատենախոսության համար և անհրաժեշտության դեպքում խորհրդատու` դոկտորական ատենախոսության համար, գիտական ղեկավարի կամ խորհրդատուի համաձայնությունը պարտադիր է: Երկու մասնագիտություններով կատարվող թեկնածուական աշխատանքները կարող են ունենալ երկու գիտական ղեկավար:
Գիտական ղեկավար կարող են նշանակվել տվյալ բնագավառի գիտության դոկտորները, ինչպես նաև այն թեկնածուները, ովքեր ստացել են ԲՈՀ-ի համաձայնությունն ատենախոսության ղեկավար լինելու համար:
Ատենախոսության ղեկավարության թույլտվություն ստանալու համար ԲՈՀ է ներկայացվում` հիմնարկի ղեկավարի միջնորդությունը, թեկնածուի տպագիր աշխատանքների ցուցակը և գիտական խորհրդի նիստի արձանագրությունից քաղվածք: ԲՈՀ-ը որոշում ընդունում է փաստաթղթերի ընդունման օրվանից մեկ ամսվա ընթացքում: Գիտական ղեկավարի թույլտվություն կարող են ստանալ այն անձինք, որոնք ունեն 15-ից ոչ պակաս տպագիր գիտական աշխատանքներ համապատասխան թեմայի շրջանակներում:
6. Գիտական խորհրդի նիստում քննարկման և քվեարկության կարգը սահմանվում է գիտական խորհրդի կանոնադրությամբ:
7. Ատենախոսության թեմայի հաստատման որոշման մեջ նշվում են թեմայի անվանումը, գիտության բնագավառը և մասնագիտությունն ըստ աստիճանաշնորհման անվանացանկի, հայցորդի ղեկավարը կամ խորհրդատուն:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|