«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
«18» 07 2000 թ.
Պետական գրանցման թիվ 30300065
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հ Ր Ա Մ Ա Ն
27 հունիսի 2000 թվականի թիվ 82
«ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԻ» ՄԱՍԻՆ
Հաստատել «Ատենախոսության պաշտպանության համար անհրաժեշտ որակավորման քննությունների հանձնման կարգը»:
ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Սույն կարգը սահմանվում է ՀՀ վարչապետի 1996 թվականի հուլիսի 12-ի հ. 410 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կանոնադրության»
3 ե) կետի համաձայն
1. Որակավորման քննությունները գիտական աստիճանաշնորհման անբաժանելի մասն են, որոնց նպատակը հայցորդի` որպես ապագա գիտնականի մասնագիտական պատրաստվածության ստուգումն է:
Սահմանվում են որակավորման քննություններ մասնագիտությունից, փիլիսոփայությունից և օտար լեզվից, ինչպես նաև ստուգարք` ինֆորմատիկայից:
Որակավորման քննություններ հանձնում են այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթության որակավորման հետևյալ աստիճանները` դիպլոմավորված մասնագետ և մագիստրոս: Քննությունը մասնագիտությունից հանձնվում է ատենախոսության թեմայի հաստատումից հետո:
2. Մասնագիտությունից քննությունը հանձնվում է այն գիտական հիմնարկներում, կազմակերպություններում և բուհերում (այսուհետև` հիմնարկներ), որոնք ունեն ԲՈՀ-ի թույլտվությունը:
Հիմնարկը ԲՈՀ է ներկայացնում մասնագիտական քննություն ընդունող հանձնաժողովի կազմը` հաստատման համար:
Հանձնաժողովը հաստատվում է հետևյալ կազմով` նախագահ (գիտության դոկտոր) և 2-4 անդամներ (գիտության դոկտոր և թեկնածու): Մեկ անձը կարող է լինել երկուսից ոչ ավել հանձնաժողովների անդամ: Հանձնաժողովում կարող են ընդգրկվել գիտնականներ նաև այլ հիմնարկներից:
Քննությունը հանձնվում է այն մասնագիտությունից, որով հաստատվել է ատենախոսության թեման` ԲՈՀ-ի հաստատած ծրագրով:
Անհրաժեշտության դեպքում կազմվում է լրացուցիչ ծրագիր, որը պետք է ընդգրկի հայցորդի հետազոտությունների ոլորտը կամ գիտության տվյալ բնագավառի ընդհանուր մասնագիտական հարցեր: Լրացուցիչ ծրագիրը մշակվում է համապատասխան ամբիոնում (բաժնում, լաբորատորիայում) և հաստատվում է այն ԲՈՒՀ-ի (ֆակուլտետի), հիմնարկի գիտական խորհրդում, որտեղ ընդունվում է քննությունը:
Այն դեպքերում, երբ հայցորդի բարձրագույն կրթությունը չի համապատասխանում գիտության այն բնագավառին (ենթաբնագավառին), որով հաստատվել է ատենախոսության թեման, հայցորդը պետք է հանձնի քննություն ընդհանուր մասնագիտությունից:
3. Քննությունները փիլիսոփայությունից և օտար լեզվից, ինչպես նաև ստուգարքը ինֆորմատիկայից հանձնվում են այն գիտական հիմնարկներում, որոնք ունեն ԲՈՀ-ի թույլտվությունը:
Հիմնարկը ԲՈՀ է ներկայացնում քննություն ընդունող հանձնաժողովի կազմը` հաստատման համար:
Հանձնաժողովները հաստատվում են հետևյալ կազմով` նախագահ (գիտության դոկտոր կամ թեկնածու) և 2-4 անդամներ:
Քննությունները և ստուգարքը հանձնվում են ԲՈՀ-ի հաստատած ծրագրերով:
4. Որակավորման քննությունները և ստուգարքը կազմակերպվում են տարեկան երկու քննաշրջաններով (մայիս-հունիս և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին):
Քննության և ստուգարքի ընթացքում յուրաքանչյուր հայցորդի համար լրացվում է արձանագրություն, որտեղ գրանցվում են քննական հարցերը և քննության վերջնական արդյունքը:
Որակավորման քննությունները գնահատվում են 4 բալային համակարգով` «գերազանց» , «լավ» , «բավարար» և «անբավարար»: Մասնագիտական քննությունը համարվում է հանձնված` «գերազանց» կամ «լավ» գնահատականի դեպքում:
Արձանագրությունը ստորագրում են քննական հանձնաժողովի նախագահը և անդամները: Արձանագրությունները պահպանվում են քննություն և ստուգարք ընդունող հիմնարկներում:
Որակավորման քննության և ստուգարքի հանձնման մասին տեղեկանքը տալիս է քննություն, ստուգարք ընդունող հիմնարկը:
5. Որակավորման քննությունը կամ ստուգարքը չհանձնելու դեպքում հայցորդը կարող է այն հանձնել հաջորդ քննաշրջաններում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|