Գլխավոր տեղեկություն
Համար
N 30
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (28.08.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.08.18/10(16)
Ընդունող մարմին
Արտոնագրային վարչություն
Ընդունման ամսաթիվ
02.06.1998
Ստորագրող մարմին
Արտոնագրային վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.1998

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

2 հունիսի 1998 թ.

N 30

 

ԳՅՈՒՏԻ (ՕԳՏԱԿԱՐ ՍԱՐՔԻ) ՃՇԳՐՏՎԱԾ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գյուտի և օգտակար սարքի ճշգրտված նկարագրությունը հրապարակման նախապատրաստելու, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 1 և 2 կետերով նախատեսված 5 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար գանձվող պետական տուրքի հաշվարկը հստակեցնելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

հաստատել «Գյուտի (օգտակար սարքի) ճշգրտված նկարագրությունը նախապատրաստելու և ներկայացնելու մասին» հրահանգը:

 

Վարչության պետ

Ս. Ղանթարջյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր
արտոնագրային վարչության
1998 թ. հունիսի 2-ի
N 30 հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

ԳՅՈՒՏԻ (ՕԳՏԱԿԱՐ ՍԱՐՔԻ) ՃՇԳՐՏՎԱԾ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն հրահանգով կարգավորվում են «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 23 և 24 հոդվածների համաձայն անցկացված փորձաքննության հիման վրա գյուտի կամ օգտակար սարքի (այսուհետ` գյուտ) արտոնագիր տալու մասին Հայարտոնագրի որոշմանը համապատասխան գյուտի ճշգրտված նկարագրության նախապատրաստման և ներկայացման հետ կապված հարցերը:

2. Գյուտի նկարագրության ճշգրտումը` նկարագրության տեքստի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև գծագրերի համապատասխանեցումն է Հայարտոնագրի որոշմամբ տրված իրավական պաշտպանության ծավալին (հավակնության սահմանմանը) և օգտագործված տերմիններին:

3. Գյուտի նկարագրությունը ճշգրտում է հայտատուն, արտոնագիր տալու մասին Հայարտոնագրի որոշմանը համաձայնվելու դեպքում:

4. Գյուտի ճշգրտված նկարագրությունը ներառում է գյուտի անվանումը և հետևյալ բաժինները`

- տեխնիկայի բնագավառը, որին վերաբերում է գյուտը.

- գյուտի խնդիրը.

- գյուտի էությունը.

- գրաֆիկական պատկերների թվարկումը (եթե դրանք կցվում են).

- գյուտի օբյեկտի (առարկայի) և նրա աշխատանքի նկարագրությունը:

Գյուտի ճշգրտված նկարագրությունը շարադրվում է բաժինների վերը նշված հերթականությամբ, չառանձնացնելով դրանք վերնագրերով:

5. Գյուտի անվանումը պետք է համընկնի Հայարտոնագրի որոշման մեջ (54) ծածկագրով նշված անվանմանը:

«Տեխնիկայի բնագավառը...» բաժինը նախընտրելի է շարադրել հետևյալ սխեմայով` «Գյուտը վերաբերում է..., մասնավորապես,... և կարող է կիրառվել...»:

«Գյուտի խնդիրը» բաժինը նախընտրելի է սկսել. «Գյուտի խնդիրն է...» բառերով, այնուհետև պետք է բերվի տեխնիկական այն արդյունքը, որի ստացումը ապահովում է տվյալ գյուտը, այդ թվում մասնավոր դեպքերում` իրականացման կոնկրետ ձևերում կամ օգտագործման հատուկ պայմաններում:

«Գյուտի էությունը» բաժնում բերվում են գյուտի բոլոր այն հատկանիշները, որոնց ամբողջությունն ապահովում է դրված խնդրի լուծումը: Բերված հատկանիշները պետք է համապատասխանեն Հայարտոնագրի որոշման մեջ նշված հատկանիշներին և նույնպես պետք է բաժանված լինեն երկու խմբի` սահմանափակիչ հատկանիշների և տարբերակիչ հատկանիշների: Բաժինը նախընտրելի է շարադրել հետևյալ սխեմայով` «Գյուտի էությունն այն է, որ... (օբյեկտում), որն ունի (կամ ըստ որի)... (բերվում են սահմանափակիչ հատկանիշները).., գյուտի համաձայն ... (բերվում են տարբերակիչ հատկանիշները)»:

 «Գրաֆիկական պատկերների թվարկումը» բաժնում բերվում է պատկերների ցանկը և դրանցից յուրաքանչյուրի հակիրճ բացատրությունը: Բաժինը նախընտրելի է սկսել. «Գյուտի էությունը պարզաբանվում է գծագրով, որտեղ` նկ.1-ում... . նկ. 2-ում...» բառերով:

«Գյուտի օբյեկտի և նրա աշխատանքի նկարագրությունը» բաժնի կառուցվածքը կրկնում է գյուտի նկարագրության այն բաժնի կառուցվածքը, որի հիման վրա Հայարտոնագիրն անցկացրել է փորձաքննությունը: Ճշգրտված նկարագրությունում օգտագործվում են այն նույն տերմինները, որոնք առկա են Հայարտոնագրի որոշման մեջ: Եթե հանվել կամ փոփոխվել է գծագրերի պատկերների կամ թվային նշանակումների մի մասը, ապա նկարագրությունում պետք է կատարվեն համապատասխան փոփոխություններ:

6. Գյուտի ճշգրտված նկարագրությունը հայտատուն ներկայացնում է Հայարտոնագիր` թղթի վրա (բնագիր), մեկ օրինակից: Համակարգչային շարվածքի դեպքում ճշգրտված նկարագրությանը պետք է կցվի մագնիսական կրիչը (դիսկետը), որը 5-օրյա ժամկետում վերադարձվում է հայտատուին:

Ճշգրտված նկարագրության մեկ էջ է համարվում` 297 x 210 մմ ձևաչափի սպիտակ թղթի վրա, 1,5 միջակայքով տպագրված տեքստը, որի լուսանցքները պետք է լինեն ոչ պակաս, քան վերինը, ստորինը և աջը` 20 մմ, ձախը` 25 մմ: Տառատեսակն ընտրվում է այնպես, որ մեծատառերի բարձրությունը փոքր չլինի 3 միլիմետրից:

Եթե փորձաքննության արդյունքով բացահայտվել է գրաֆիկական նյութերում մանրամասեր ցույց տալու կարիքը, ապա հայտատուն ներկայացնում է ճշգրտված գծագրեր, որոնք պետք է պատկերվեն դիմացկուն, սպիտակ, հարթ թղթի վրա սև, չջնջվող, պարզ գծերով և ստվերագծերով, առանց գունազարդման: Գծագրերի յուրաքանչյուր թերթի լուսանցքները պետք է լինեն ոչ պակաս, քան վերինը և ձախը` 25 մմ, ստորինը և աջը` 15 մմ:

Ճշգրտված նկարագրության և գծագրերի յուրաքանչյուր թերթի վերին աջ անկյունում պետք է բերվի հայտի պետական գրանցման համարը, որը Հայարտոնագրի որոշման մեջ նշված է (21) ծածկագրով: Գյուտի անվանումը ճշգրտված գծագրերի վրա կարող է չտրվել:

7. Գյուտի ճշգրտված նկարագրությունը պետք է ներկայացվի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի առաջին մասի 1 և 2 կետերով սահմանված` գյուտի արտոնագիր տալու, ինչպես նաև լրիվ նկարագրության 5-ից ավելի յուրաքանչյուր էջի համար պետական տուրքի վճարման անդորրագրի ներկայացման օրվանից ոչ ուշ:

Նշված ժամկետում գյուտի ճշգրտված նկարագրությունը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված:

8. Գյուտի ճշգրտված նկարագրությունը և գծագրերը Հայարտոնագիրը հրապարակում է հայտատուի ներկայացրած ծավալով, հայտատուի պատասխանատվությամբ:

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

15 հունիսի 1998 թ.
պետական գրանցման թիվ 36980141