ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
արդարադատության ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
9 հունվարի 2001 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11601006
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
8 դեկտեմբերի 2000 թ. |
N 116-047 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 5-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 2000թ. հուլիսի 14-ի թիվ 401 որոշմամբ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Մետրոպոլիտենի երթևեկության մասնաճյուղում անվտանգության տեխնիկայի կանոնները:
2. Հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:
Է. Մադաթյան
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կանոնները տարածվում են մետրոպոլիտենի երթևեկության ծառայության և դրանց գծային ստորաբաժանումների վրա:
1.2. Ծառայությունների ուղեմասերի և կայարանների պետերը, նրանց տեղակալները, ծառայության գլխավոր ինժեները և ծառայության այլ ստորաբաժանումների ղեկավարները պատասխանատվություն են կրում աշխատանքի պաշտպանության վիճակի համար և պարտավոր են ապահովել:
1.2.1. Կայարանների, մաքրման տեխնիկայի նորոգման արհեստանոցների, ծառայողա-տեխնիկական շինությունների պահպանումն ու աշխատանքների կազմակերպումը «Նախագծման չափաքանակներ: Մետրոպոլիտեններ» ՇՆուԿ II-40-80-ին, «Արդյունաբերական ձեռնարկությունների, արտադրական շենքեր» ՇՆուԿ II-Մ.2-72-ին համապատասխան:
1.2.2. Նոր տեխնիկայի և անվտանգության տեխնիկայի ժամանակակից միջոցների ներդրումն աշխատանքի պաշտպանության բարելավման համալիր պլաններին համապատասխան:
1.2.3. Բանվորների, ծառայողների, ինժեներա-տեխնիկական աշխատողների աշխատանքի պաշտպանության ուսուցումը:
1.2.4. Աշխատանքային օրենսդրության համապատասխան աշխատողների աշխատանքի և հանգստի նորմալ ռեժիմը:
1.2.5. Աշխատողների կողմից աշխատանքի պաշտպանության բոլոր պահանջների, չափաքանակների, կանոնների և հրահանգների կատարման հսկողությունը:
1.2.6. Աշխատանքի պաշտպանության վերաբերյալ կոլեկտիվ պայմանագրերում նախատեսված պարտավորությունների կատարումը:
1.2.7. Արտահագուստի, հատուկ կոշիկների և անհատական պաշտպանության միջոցների մատակարարումն ըստ սահմանված չափաքանակների:
1.2.8. Վնասվածության նախազգուշացման վերաբերյալ կանոնավոր աշխատանքների իրականացումը:
1.2.9. Արտադրությունում դժբախտ պատահարների ծառայողական քննությունն ու հաշվառումը:
1.2.10. Համապատասխան դեղորայքով սանիտարական պայուսակի կամ դեղարկղի առկայությունն այն կայարաններում, որտեղ բացակայում է բուժկետը (տես հավելված 1):
1.3. Ծառայությունների, ուղեմասերի և կայարանների տնտեսական գծով ղեկավարները յուրաքանչյուրն իր տեղամասում պարտավոր են մշտապես հսկողություն իրականացնել, որպեսզի իրենց ենթակայության տակ գտնվող աշխատողներն անթերի կատարեն սույն կանոնների և աշխատանքի պաշտպանության վերաբերյալ հրահանգների պահանջները:
1.4. Կայարանում ինքնուրույն աշխատել թույլատրվում է այն անձանց, որոնք հատուկ ուսուցում են անցել աշխատանքի պաշտպանության գծով և ստուգվել է զբաղեցվող պաշտոնին նրանց գիտելիքների համապատասխանությունը:
Գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքների արտադրության աշխատանքի ծանր և վնասակար պայմանների հետ կապված աշխատանքներին թույլատրված անձինք պետք է նախապես ենթարկվեն բժշկական զննության և հանձնեն քննություն այդ պաշտոնին համապատասխան գիտելիքներից, այդ թվում` սույն կանոնների իմացությունից:
1.5. Գործող էլեկտրակայանքների (կարճամիակցիչների, հեռակառավարվող զատիչների, հատուկ լվացող, ավլող և էլեկտրաշարժիչներ ունեցող այլ մեքենաների) սպասարկմանը թույլատրվում է միայն ուսուցում անցած և ատեստավորված անձնակազմը, որն ունի անվտանգության տեխնիկայի համապատասխան որակավորման խումբ (տես հավելված 2):
1.6. Երթևեկության տնտեսության աշխատողների աշխատանքի պաշտպանության վերաբերյալ գիտելիքների պարբերական ստուգումն իրականացվում է հանձնաժողովներում տրանսպորտի և կապի նախարարության հրամանով սահմանված ժամկետներում:
Էլեկտրակայանքների սպասարկման և շահագործման հետ կապ ունեցող անձինք քննվում են ՀՀ տրանսպորտի նախարարի 24.12.98 թ. թիվ 116/0023 հրամանով հաստատված «Տեխնիկական շահագործման կանոններին» (ՏՇԿ) և «Անվտանգության տեխնիկայի կանոններին» (ԱՏԿ) համապատասխան:
1.7. Աշխատանքի պաշտպանության պարապմունքները, որպես կանոն, պետք է անցկացվեն աշխատանքի պաշտպանության կաբինետներում, իսկ աշխատանքի անվտանգ հնարքների գործնական ուսուցումը անմիջականորեն աշխատանքային տեղերում:
1.8. Ծառայությունների ստորաբաժանումներում պետք է սարքավորված լինեն աշխատանքի պաշտպանության անկյուններ և կաբինետներ:
1.9. Բացի սույն կանոններից, համապատասխան դեպքերում անհրաժեշտ է ղեկավարվել ՏՇԿ-ով և ԱՏԿ-ով:
1.10. Սույն կանոնների հիման վրա պետք է մշակված լինեն հրահանգներ, որոնց միջոցով ապահովվում են երթևեկության ծառայության աշխատողների անվտանգ աշխատանքը (տես հավելված 3):
1.11. Արտադրության առանձնահատկությունները հաշվի առնող լրացուցիչ պահանջներն ու պայմաններն անհրաժեշտության դեպքում պետք է շարադրված լինեն տեղային հրահանգներում:
2. ԿԱՅԱՐԱՆՆԵՐԻ, ՄԵՐՁՆԱԽԱՍՐԱՀԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
2.1. Կայարանները, մերձնախասրահային տարածքներն ու նախասրահները պետք է պահվեն սարքին և մաքուր վիճակում:
Կայարանապետը, իսկ նրա բացակայության դեպքում կայարանի հերթապահը, պարտավոր է հսկողություն իրականացնել կայարանի մերձնախասրահային տարածքների, ծառայողական շինությունների և աշխատանքային տեղերի պատշաճ սանիտարական վիճակի պահպանման համար և պահանջներ ներկայացնել այլ ծառայությունների աշխատողներին կառույցների ու տեխնիկական սարքավորումների սարքին վիճակի պահպանման վերաբերյալ:
2.2. Կառույցներում անսարքությունների ու անվտանգության տեխնիկայի պահանջներից շեղումների հայտնաբերման դեպքում, որոնք սպառնում են մարդկանց կյանքին կամ առողջությանը, տնտեսական ղեկավարները պարտավոր են օպերատիվ միջոցներ ձեռք առնել վտանգավոր տեղի պաշտպանակման և նկատված խախտումների վերացման համար ու այդ մասին հայտնել գնացքի կարգավարին:
2.3. Վերգետնյա կայարաններում գծերով անցնող ծառայողական անցումները պետք է պահվեն մաքուր վիճակում, այդ տեղերից աղբը պետք է ժամանակին հեռացնել, ձմռան ժամանակաշրջանում անցումներն անհրաժեշտ է մաքրել ձնից ու սառույցից և ավազ ցանել, իսկ ամռան ամիսներին դրանք ջրել:
2.4. Մանևրային աշխատանքի ժամանակ գծերով դեպի ձեռքի ազդանշան տալու կամ կարճատիչները միացնելու և անջատելու նպատակով համապատասխան վայր անցնելու համար կայարանի աշխատողների ծառայողական երթուղիները պետք է արտացոլված լինեն գծային զարգացմամբ կայարաններում կայարանի տեխնիկա կարգադրական ակտում, իսկ գծային զարգացում չունեցող կայարաններում երթուղիների սխեմաները պետք է կախված լինեն ծառայողա-տեխնիկական շինություններում:
2.5. Ակումուլյատորային մարտկոցների լիցքավորման համար շինությունները պետք է պահվեն ՏՇԿ-ին համապատասխան (տես հավելված 4):
2.6. Կայարանների, նախասրահների թունելների և թունելամերձ կառույցների լուսավորությունը պետք է համապատասխանի սահմանված չափաքանակներին և ապահովի կայարանը սպասարկող անձնակազմի անվտանգ աշխատանքն ու ուղևորների տեղաշարժերը, գնացքների անվտանգ երթևեկությունն ու մանևրային տեղաշարժերը, համապատասխանի կայարանների ճարտարապետական ձևավորմանը և ՇՆուԿ-ին:
Կայարանների և կայարանամեջերի լուսավորությունն ինչպես թունելներում, այնպես էլ վերգետնյա տեղամասերում չպետք է ազդի ազդանշանային լույսերի հստակ տեսանելիության վրա:
Լուսատուներն անհրաժեշտ է տեղակայել այնպես, որպեսզի կայարանների և լոկոմոտիվային բրիգադների աշխատողների աչքերը պաշտպանված լինեն լուսատուների կուրացնող ներգործությունից:
2.7. Փոփոխական հոսանքի մատուցման դադարեցման դեպքում կայարանների, նախասրահների և հիմնական ջրհան կայանքների լուսավորությունն անհրաժեշտ է ապահովել ավտոմատ փոխարկմամբ լուսատու սարքավորումների մի մասն ակումուլյատորային մարտկոցներից սնուցելով:
2.8. Ծառայողական շինություններում օդի ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը, փոխանակության բազմապատիկությունը և շարժման արագությունը պետք է համապատասխանեն ՇՆուԿ II-40-80-ին և ԳՈՍՏ 12.1.005-76-ին:
Ավտոմատ անցակետերի հերթապահ հսկիչների աշխատասենյակները պետք է կահավորված լինեն ջեռուցող սարքերով (էլ. վառարան):
2.9. Կայարանային կենտրոնացման կետի և կայարանի հերթապահների շինություններն ու դրամարկղային սենյակները պետք է մեկուսացված լինեն` կողմնակի անձանց ներթափանցումը բացառելու նպատակով:
Պատերն ու առաստաղը պետք է երեսապատված լինեն ձայնակլանիչ սալիկներով: Սրահներում աղմուկը չպետք է գերազանցի թույլատրելի մակարդակն ըստ ՇՆուԿ II-40-80-ի և ԳՈՍՏ 12.1.003-76-ի:
2.10. Սարքավորումների և սենյակների ներքին ներկումը պետք է կատարված լինի արտադրական շինությունների և արդյունաբերական ձեռնարկությունների տեխնոլոգիական սարքավորանքների մակերևույթների ռացիոնալ գունային հարդարման մասին ցուցումների պահանջներին (ՇՆ-181-64) համապատասխան:
3. ՍԱՐՔԱՎՈՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
3.1. Մաքրման մեքենաները, մեխանիզմները և այլ սարքավորումները պետք է համապատասխանեն տեխնիկական պայմաններին և աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգի ստանդարտներին, ունենան անձնագիր և այլ սահմանված տեխնիկական փաստաթղթեր, պարբերաբար ենթարկվեն զննման և շահագործվեն միայն սարքին վիճակում:
3.2. Մեքենայացման բոլոր միջոցները պետք է տեղաբաշխվեն հատուկ շինություններում կամ կայարանների կառամատույցներում ու նախասրահներում դրանց կանգառման համար առանձնացված տեղերում, և պետք է ամրակցված լինեն:
3.3. Աշխատանքային տեղերը պետք է համալրված լինեն պաշտպանական միջոցներով, որոնք փորձարկման են ենթարկվում էլեկտրակայանքներում կիրառվող պաշտպանական միջոցների օգտագործման և փորձարկման կանոններով նախատեսված ժամկետներում:
3.4. Հատակալվացման մեքենաների, էլեկտրաջեռուցիչ սարքերի, օդի կոնդիցիոներների և այլ էլեկտրասարքավորումների իրանների հողակցումներն իրականացվում են ՏՇԿ-ի, ԱՏԿ-ի և ԷԿԿ-ի պահանջներին համապատասխան:
3.5. Հողակցիչ սարքավորումների, մեկուսիչների, հաղորդալարերի, էլեկտրասարքավորանքների դիմադրությունների պարբերական ստուգումն անհրաժեշտ է կատարել ՏՇԿ-ով և ԱՏԿ-ով նախատեսված ժամկետներում:
3.6. Կայարանի կառամատույցի և միջին սրահի մաքրման աշխատանքների իրականացումը մեքենաներով, որոնց սնուցումը կատարվում է էլեկտրացանցից, թույլատրվում է միայն հպակային ռելսից լարումը հանելուց և կարճամիակցիչները միացնելուց հետո:
3.7. Կայարանների և նախասրահների չոր մաքրումը թույլատրվում է կատարել ավլող մեքենաներով գնացքների երթևեկության ոչ պիկ ժամերին:
3.8. Ավլող մեքենաների ակումուլյատորային մարտկոցների լիցքավորումը կատարվում է կայարանում հատուկ առանձնացված տեղում, որը կահավորված է լիցքավորման սարքավորումով:
3.9. Լիցքավորման սարքավորումներին ավլող մեքենաների միացումը պետք է իրականացվի հատուկ ուսուցանված անձնակազմի կողմից:
3.10. Էլեկտրաջեռուցիչ սարքերով կահավորված սենյակներում պետք է կախված լինեն այդ սարքերի օգտագործման կարգի վերաբերյալ հրահանգներ:
3.11. Մեքենաների, մեխանիզմների և գործիքների նորոգումը կատարվում է միայն այդ նպատակի համար հատուկ առանձնացված անձնակազմի կողմից:
ՀԱՎԵԼՎԱԾ 1 |
ԴԵՂՈՐԱՅՔԻ ԵՎ ՎԻՐԱԿԱՊԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԳՏՆՎԵՆ ԴԵՂԱՐԿՂԻ ՄԵՋ (ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՅՈՒՍԱԿՈՒՄ)
Անհատական վիրակապական փաթեթներ ................................................ | 5 |
Մանրէազերծված վիրափաթաթաններ 5x5 սմ, 10x5 սմ .................... | 3 |
Մանրէազերծված թանզիֆից անձեռոցիկներ 14x16 սմ ...................... | 20 |
Խոնավածուծ բամբակ, գ .......................................................................... | 100 |
Յոդի թուրմ (10%), գ ............................................................................ | 30 |
Արյունահոսությունը կանգնեցնող քուղ (ռետինե) ............................... | 1 |
Անուշադրի սպիրտ (ուշաթափության, գիտակցության կորստի դեպքում |
30 |
Եթերա-վալերային կաթիլներ, գ ............................................................... | 30 |
Բորաթթու (աչքի լվացման համար օգտագործվում է լուծույթի տեսքով` մեկ բաժակ ջրին 1 թեյի գդալ), գ ............................................................ |
30 |
Այրվածքի համար քսուք, գ ..................................................................... | 200 |
Կալիումի պերմանգանատ, գ .................................................................... | 20 |
Սևեռաձողեր (սևեռաթիթեղներ) ............................................................. | 2 |
Ջրի բաժակ ................................................................................................ | 1 |
Թեյի գդալ .................................................................................................. | 1 |
Աչքին կաթիլներ կաթեցնելու կաթոցիկ .................................................. | 1 |
Էմալապատ վաք ........................................................................................ | 1 |
ՀԱՎԵԼՎԱԾ 2 |
ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ «ՍՊԱՌԻՉՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ» ԵՎ «ՍՊԱՌԻՉՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ» ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻՑ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՍՏՈՒԳՄԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԽՄԲԻ ՇՆՈՐՀՄԱՄԲ
Ինժեներա-տեխնիկական աշխատողները, որոնք պատասխանատու են երթևեկության ծառայության և նրա ուղեմասերի ողջ էլեկտրատնտեսության համար, երթևեկության ծառայության անվտանգության տեխնիկայի գծով ինժեներները, մաքրման տեխնիկայի նորոգման տեղամասի ղեկավարը, ավագ վարպետը, վարպետը, ավագ էլեկտրամեխանիկները .................................................................................................... IV Կայարանապետերը, կայարանի կենտրոնացման կետի հերթապահները, կայարանի հերթապահները, երթևեկության ուղեմասի և մաքրման տեխնիկայի նորոգման տեղամասի ինժեներա-տեխնիկական աշխատողները, էլեկտրամեխանիկները, էլեկտրափականագործները, հյուսները, ակումուլյատորագործները .......................... III Էլեկտրաեռակցողները ............................................................................................... II Գնացքներ ընդունող և ճանապարհող հերթապահները, ավագ օպերատորները, ավտոմատ անցակետերի հսկիչները, մաքրման մեքենաների մեքենավարները, կայարանի կենտրոնացման կետի հերթապահին կից օպերատորները, արտադրական շինությունների հավաքարարները .......................................................... I |
Ծանոթություն. Գիտելիքների ստուգման պարբերականությունը և հանձնաժողովների կազմերը սահմանվում են ՏՇԿ-ի ԷI -3-5, ԷI-3-7 կետերին և ԱՏԿ-ի ԲI-2-4 կետին համապատասխան:
ՀԱՎԵԼՎԱԾ 3 |
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԳԾՈՎ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
Կայարանի կենտրոնացման կետի հերթապահը
Կայարանի հերթապահը
Կայարանի կենտրոնացման կետի հերթապահին կից օպերատորը
Գնացքներ ընդունող և ճանապարհող հերթապահը
Ավտոմատ անցակետի հսկիչը
Մաքրման մեքենաների մեքենավարը
Կայարանային մաքրման մեքենաների և մեխանիզմների սպասարկումն ու նորոգումը կատարող էլեկտրամեխանիկը
Կայարանային մաքրման մեքենաներն ու մեխանիզմները սպասարկող, նորոգող էլեկտրափականագործը:
ՀԱՎԵԼՎԱԾ 4 |
ԱԿՈՒՄՈՒԼՅԱՏՈՐԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Ազդանշանային լապտերների համար ակումուլյատորային մարտկոցների լիցքավորումը և ավլող մեքենաների ակումուլյատորային մարտկոցների հետ կապված որոշ տեսակի աշխատանքները պետք է կատարվեն մաքրման տեխնիկայի նորոգման տեղամասում` հատուկ մեկուսացված շինություններում: Այդ շինությունների դռները պետք է բացվեն դեպի դուրս և ունենան կողպեքներ, որոնք ներսի կողմից պետք է բացվեն առանց բանալու:
2. Շինությունների հատակները պետք է, որպես կանոն, լինեն մետաղյա սալիկներից, որոնց մակերևույթները պատված են հիմնահեստ կամ թթվահեստ մածուկով, իսկ պատերը ներկված հիմնահեստ կամ թթվահեստ ներկերով:
3. Թթվային և հիմնային ակումուլյատորային մարտկոցների լիցքավորման շինությունները պետք է առանձնացված լինեն միմյանցից և սարքավորված ընդհանուր փոխանակման ներծծիչ-արտածծիչ հարկադրական 10÷15-ապատիկ օդափոխանակություն ունեցող օդափոխությամբ և տեղային արտածծիչ օդափոխությամբ տեղակայված դարակաշարի վերևում, որոնց վրա լիցքավորման ընթացքում դրվում են մարտկոցները:
4. Շինությունները պետք է ունենան ջեռուցիչ սարքերով ջրային ջեռուցում, ամբողջական եռակցված խողովակների տեսքով, առանց կցաշուրթերի և փականների:
Շինությունում ջերմաստիճանը չպետք է լինի 10օC-ից ցածր:
Ակումուլյատորների լիցքավորման շինություններում արգելվում է օգտագործել էլեկտրական վառարաններ: Օդափոխիչները տեղակայվում են պայթունավտանգ կատարմամբ:
5. Էլեկտրասարքերն ու լուսատուները պետք է լինեն հերմետիկ և պայթունավտանգ կատարմամբ, իսկ էլեկտրահաղորդագծերը (հիմնակայուն)` թաղանթ:
Շինությունների դռների վրա պետք է գրված լինեն «Ակումուլյատորների լիցքավորման սրահ», «Կրակով չմտնել», «Ծխելն արգելվում է», «Հրդեհավտանգ է» մակագրությունները:
6. Միևնույն սենյակում թթվային և ալկալիական ակումուլյատորային մարտկոցներ զետեղելն արգելվում է:
Թթուն և հիմքը (ալկալին) պետք է պահել մեկուսացված պահարաններում, կողմնակի անձանց մուտքը բացառելու նպատակով:
7. Կոշտ հիմքերը (ալկալիները) անհրաժեշտ է պահել հերմետիկ փակ անոթներում:
8. Թթուն պետք է պահվի հղկված խցաններ ունեցող ապակյա շշերում:
Շշերն անհրաժեշտ է դնել հյուսված զամբյուղների կամ բռնակ ունեցող արկղերի մեջ, որոնք պետք է ունենան թթվի անվանմամբ պիտակներ:
Էլեկտրոլիտի պատրաստման ժամանակ թթուն պետք է ավելացնել ջրա վրա, այլ ոչ թե հակառակը:
Լուծույթները խառնելու համար պետք է կիրառվեն ապակե կամ էբոնիտե ձողեր:
Այդ նույն նյութերից էլ պետք է պատրաստված լինեն թթուներ լցնելու համար օգտագործվող անոթներն ու ձագարները:
9. Էլեկտրոլիտի պատրաստումն ու պահպանումը պետք է կատարվի լիցքավորման սրահից դուրս հատուկ սենյակում, կերամիկայից և պլաստմասսայից պատրաստված հատուկ անոթներում:
10. Լիցքավորման սրահում կամ նախամուտքում պետք է տեղադրված լինի ցայտաղբյուր ունեցող լվացարան աչքերը` լվանալու համար:
11. Ակումուլյատորային մարտկոցների լիցքավորումն իրագործող աշխատողները և նրանց ղեկավարները պետք է իմանան ՏՇԿ-ի ԷII-8 և ԱՏԿ-ի ԲIII-2 գլուխների բովանդակությունն ամբողջ ծավալով: