Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-05/14-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (09.10.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.11.01/24(172) Հոդ.333
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվ
29.09.2004
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2004

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

8 հոկտեմբերի 2004 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12404263

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

29 սեպտեմբերի 2004 թ.
ք. Երևան

  N 1-05/14-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» N 333-Ն որոշումը և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1926-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 29-րդ կետի «գ» ենթակետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում լրագրողների հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային
պետական ծառայության պետ`
Ֆ. Ցոլակյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայության պետի
29 սեպտեմբերի 2004 թ.
թիվ 1-05/14-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այսուհետ` լրագրող)` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում (այսուհետ` ՀՀ ԿԱ ՀՊԾ) հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի` ՀՀ ԿԱ ՀՊԾ-ում գործունեության կազմակերպման հիմնադրույթները` նպատակ ունենալով ապահովել ՀՀ ԿԱ ՀՊԾ-ի գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու նպատակով լրագրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ:

2. Լրագրողի հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

Հավատարմագրված լրագրողի գործունեությունը ՀՀ ԿԱ ՀՊԾ համակարգում կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով խոսքի ազատության ապահովման` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին, ինչպես նաև «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան:

3. ՀՀ ԿԱ ՀՊԾ-ն`

ա) որևէ ձևով կամ որևէ եղանակով չի իրականացվում հավատարմագրված լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն.

բ) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ.

գ) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին տրամադրում է միաժամանակ.

դ) հավատարմագրված բոլոր լրագրողներին հնարավորինս շուտ տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՀՊԾ այն միջոցառումների ժամանակի և անցկացման վայրի մասին, որոնք կազմակերպվում են լրագրողների համար կամ նախատեսված է լրագրողների մասնակցությունը միջոցառումներին (այսուհետ` ՀՀ ԿԱ ՀՊԾ միջոցառումներ):

Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը: Լրագրողի էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում ՀՀ ԿԱ ՀՊԾ-ն միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար:

4. ՀՀ ԿԱ ՀՊԾ պետը ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ անգամ հավատարմագրված լրագրողներին տրամադրում է համառոտ ամփոփագիր ՀՀ ԿԱ ՀՊԾ-ի գործունեության արդյունքների մասին: Դա կարող է իրականացվել ամփոփագիրը ՀՀ ԿԱ ՀՊԾ էլեկտրոնային էջում տեղադրելու միջոցով:

5. ՀՀ ԿԱ ՀՊԾ-ում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է ՀՀ ԿԱ ՀՊԾ մամլո քարտուղարը:

6. ՀՀ ԿԱ ՀՊԾ գործունեությունը լուսաբանելու նպատակով լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում ՀՀ ԿԱ ՀՊԾ պետին` նշելով`

ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը (հասցեն).

բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը.

գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).

դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են):

7. ՀՀ ԿԱ ՀՊԾ-ն վարում է լրագրողների հավատարմագրման մատյան:

Լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողի դիմումն ստացվելուց հետո, այն անմիջապես գրանցվում է լրագրողների հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են դրա ստացման օրը և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված` դիմումում մատնանշված տեղեկությունները: Մատյանի համապատասխան սյունակներում գրանցվում են լրագրողին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին գրառում, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման վերջնաժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ:

8. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում տվյալ ժամկետով:

9. Հավատարմագրման ենթակա յուրաքանչյուր լրատվական միջոցը ներկայացնում է ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր:

10. ՀՀ ԿԱ ՀՊԾ սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին գրառում է կատարում լրագրողների հավատարմագրման մատյանում և դրա մասին գրություն է ուղարկում լրատվական գործունեություն իրականացնողին:

11. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումը չի բովանդակում սահմանված տեղեկությունները կամ խախտվում է սույն կարգի 9-րդ կետի պահանջը կամ առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու սույն կարգի 13-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը:

12. Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է ՀՀ ԿԱ ՀՊԾ անցագրային կետ:

Ցուցակում փոփոխությունները և լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված համապատասխան գրառումներին համապատասխան` այդ գրառումները կատարվելուց անմիջապես հետո:

13. ՀՀ ԿԱ ՀՊԾ-ն լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`

ա) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով.

բ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

գ) նա տարածել է ՀՀ ԿԱ ՀՊԾ-ի մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով, կամ օրենքի խախտմամբ հրապարակել է հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.

դ) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.

ե) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը:

Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

ՀՀ ԿԱ ՀՊԾ մամլո քարտուղարը հավատարմագրման դադարեցման մասին մեկօրյա ժամկետում գրությամբ հայտնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:

14. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար սույն կարգի 6-րդ կետի նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի` ՀՀ ԿԱ ՀՊԾ-ում հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրում չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը:

15. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի`

ա) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը.

բ) նախապես տեղեկացված լինելու ՀՀ ԿԱ ՀՊԾ միջոցառումների անցկացման մասին և ծանոթանալու առկա տեղեկատու նյութերին.

գ) մասնակցելու ՀՀ ԿԱ ՀՊԾ միջոցառումներին.

դ) հավատարմագրված այլ լրագրողների հետ համահավասար օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից.

ե) ՀՀ ԿԱ ՀՊԾ-ում հավատարմագրված լինելու հանգամանքից անկախ` տեղեկատվության ազատության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու և ստանալու իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը:

16. ՀՀ ԿԱ ՀՊԾ մամլո քարտուղարը լրագրողի մասնագիտական գործունեությանն օժանդակելու նպատակով, լրագրողի միջնորդությամբ, կազմակերպում է այցելություններ ՀՀ ԿԱ ՀՊԾ վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ և հարկային տեսչություններ և հանդիպումներ ՀՀ ԿԱ ՀՊԾ պաշտոնատար անձանց հետ:

17. ՀՀ ԿԱ ՀՊԾ միջոցառումներին կարող են մասնակցել կամ ներկա գտնվել յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, եթե ՀՀ ԿԱ ՀՊԾ մամլո քարտուղարի հետ ձեռք չի բերվել այլ պայմանավորվածություն և, եթե ավելի մեծ թվով լրագրողների, լուսանկարիչների ու օպերատորների մասնակցությունը չի սահմանափակի հավատարմագրված այլ լրագրողների մասնակցության հնարավորությունը:

18. ՀՀ ԿԱ ՀՊԾ միջոցառումներից դուրս լրագրողի այցելությունը ՀՀ ԿԱ ՀՊԾ համաձայնեցվում է ՀՀ ԿԱ ՀՊԾ մամլո քարտուղարի հետ: Այդ դեպքում (ինչպես նաև միջոցառումների ժամանակ) լրագրողը ՀՀ ԿԱ ՀՊԾ է այցելում սույն կարգի 12-րդ կետում նշված ցուցակի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա` առանց ՀՀ ԿԱ ՀՊԾ-ի և հարկային տեսչությունների վարչական տարածք մուտքի անցագրի:

19. ՀՀ ԿԱ ՀՊԾ մամլո քարտուղարի` ՀՀ ԿԱ ՀՊԾ տարածքում հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպմանն ուղղված ցուցումները պարտադիր են հավատարմագրված լրագրողի համար:

20. Հավատարմագրված լրագրողներին տեղավորելու համար, ՀՀ ԿԱ ՀՊԾ շենքային հնարավորությունների սահմանափակ լինելու դեպքում, ՀՀ ԿԱ ՀՊԾ-ն ելնելով իր գործունեության թափանցիկությունն ապահովելու և այդ գործունեության մասին հանրությանն առավել մեծ ծավալով և լիարժեք տեղեկատվություն տալու նկատառումներից, կարող է սահմանել լրագրողների հավատարմագրման հստակ, բանական և արդարացի քվոտաներ` ըստ լրատվության միջոցի տեսակի, տարածման տարածքի, մամուլի տպաքանակի, բովանդակային գերակա ուղղվածության և լրատվության միջոցի այլ բնութագրերի: Այդ դեպքում լրագրողների հավատարմագրումն իրականացվում է առաջնությունը տալով ըստ այդ քվոտաների պահանջվող հատկանիշներն առավել չափով բավարարող լրատվության միջոցները ներկայացնող լրագրողներին: