Գլխավոր տեղեկություն
Համար
N 27-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.02.2006-09.03.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.02.15/5(214) Հոդ.53
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.01.2006
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.02.2012

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հունվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11006020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

26 հունվարի 2006 թ.
ք. Երևան

N 27-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ (ԲԱԿԱԼԱՎՐԻ, ԴԻՊԼՈՄԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏԻ, ՄԱԳԻՍՏՐՈՍԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ (ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱ, ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ) ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ)» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետի է/ ենթակետը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման /բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի /ինտերնատուրա, օրդինատուրա/ և դոկտորանտուրայի երկարատև վերապատրաստման ծրագրերով/» կարգը /հավելված 1/:

2. Միջազգային համագործակցության և սփյուռքի վարչությանը /պետ` Ա. Մկրտչյան/, օրենսդրության և իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/` կարգը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Միջազգային համագործակցության և սփյուռքի վարչությանը /պետ` Ա. Մկրտչյան/` այսուհետ միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթը անցկացնել սույն կարգի պահանջներին համապատասխան:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:

ՀՀ կրթության և գիտության
նախարար`
Ս. Երիցյան


Հավելված 1
ՀՀ կրթության և գիտության
նախարար Ս. Երիցյանի
2006 թ. հունվարի 26-ի
N 27-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման /բակալավրի,  դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի /ինտերնատուրա, օրդինատուրա/ և դոկտորանտուրայի երկարատև վերապատրաստման ծրագրերով/

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Սույն կարգով սահմանվում են միջպետական համաձայնագրերի շրջանակներում օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունվել ցանկացող և հետագայում այդ հաստատություններում բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով կրթություն ստացող ՀՀ քաղաքացիներին ներկայացվող ընդհանուր պահանջները:

1.2 Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում իրենց կրթությունը կարող են շարունակել համապատասխանաբար միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության  վկայական, միջին մասնագիտական կրթության դիպլոմ, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության դիպլոմ ունեցող ՀՀ քաղաքացիները:

2. Մրցույթի անցկացման կարգը

2.1 Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթն իրականացվում է երկու փուլով` մասնագիտական քննություններ, համաձայն ընդհանուր քննական ծրագրերի և հարցազրույց` ընդհանուր զարգացվածության մակարդակը որոշելու նպատակով:

2.2 ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի համաձայն ստեղծվում է մրցութային հանձնաժողով:

2.3 Մրցույթի անցկացման աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը,  դիմորդների ընդհանուր անվանացանկի հետ միասին ներակայացնում է  մրցութային  հանձնաժողովի նախագահին:

2.4 Մրցութային հանձնաժողովը մինչև մրցույթի սկիզբը գումարած նիստում քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում՝  մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին: Հանձնաժողովը դիմորդին թույլ չի տալիս մասնակցելու մրցույթին, եթե բացակայում է պահանջվող փաստաթղթերից որևիցէ մեկը: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է հրավիրել նիստին և լսել մրցույթին մասնակցելու համար դիմած դիմորդին (ներին):

2.5  Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների ցանկը:

2.6  Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել  մրցույթին, ինչպես նաև մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք  չի ներկայացել, ապա հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում՝ մրցույթը չկայացած համարելու մասին:

2.7 Նախարարի հրամանով ստեղծվում են ժամանակավոր առարկայական հանձնաժողովներ, որտեղ ընդգրկվում են տվյալ մասնագիտության գծով համապատասխան մասնագետներ: Ժամանակավոր առարկայական հանձնաժողովները քննում և գնահատում են դիմորդների  մասնագիտական գիտելիքները` տվյալ տարվա ընդունելության քննությունների ցանկին և ուսումնական ծրագրերին, ինչպես նաև գնահատման չափանիշներին համապատասխան: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ հայոց լեզվի քննությունը կամ ստուգարքը կարող է փոխարինվել օտար լեզվի քննությամբ կամ ստուգարքով: Օտար լեզվի իմացությունը ստուգվում է նաև մրցույթի երկրորդ փուլում` հարցազրույցի ժամանակ:

2.8  Մրցույթի երկրորդ փուլում, որն անց է կացվում առարկայական հանձնաժողովի գնահատականի բողոքարկման ժամկետը (3 օր) լրանալուց և արդյունքները ամփոփելուց հետո, մրցութային հանձնաժողովը հարցազրույցի միջոցով ստուգում է մրցույթի մասնակիցների զարգացվածության մակարդակը: Մրցութային հանձնաժողովը որոշում է կայացնում մրցույթի հաղթողների վերաբերյալ` հաշվի առնելով համապատասխան ժամանակավոր առարկայական հանձնաժողովի նշանակած գնահատականը (ները):

2.9 Եթե  նախկինում գործուղված ասպիրանտը կամ դոկտորանտը օբյեկտիվ կամ տեխնիկական պատճառներով (հիվանդություն, տարբեր բնույթի համաճարակներ, թեմայի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների բացակայություն և այլն) չի հասցրել ավարտել իր գիտական ուսումնասիրությունը, ապա բուհի և տվյալ երկրում ՀՀ դեսպանության միջնորդագրերի առկայության դեպքում նախարարության կողմից կարող է կրթաթոշակը երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով:

2.10 Մրցույթի արդյունքում թափուր տեղեր առաջանալու դեպքում սահմանված ժամկետներում կարող է անցկացվել նոր մրցույթ` համաձայնեցնելով կրթաթոշակ տրամադրող կողմի հետ:

2.11 Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթի անցկացման օրը, ոչ ուշ, քան մրցույթի ավարտից 3 ժամ անց:

2.12 Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է հանձնաժողովի կողմից:

2.13  Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են՝

ա/ կրթաթոշակ տրամադրող երկրի անվանումը,

բ/ մասնագիտությունը (ները), որի համար անցկացվել է մրցույթը,

գ/ մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը,

դ/ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը և հայրանունը:

2.14 Մրցութային հանձնաժողովը հիմնական հաղթողներից բացի հայտարարում է նաև պահուստային ճանաչված թեկնածուների անունները, որոնց թեկնածությունները որպես պահեստային ներկայացվում են կրթաթոշակ տրամադրող կողմին:

3. Փաստաթղթերի ցանկը և ներկայացման կարգը

3.1 Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթը անցկացնելու մասին հայտարարությունը (այսուհետև` հայտարարություն) հրապարակում է նախարարությունը: Նախարարի հանձնարարականի հիման վրա հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան կրթաթոշակի տրամադրման մասին հայտը ստանալուց 5-օրյա ժամկետում, առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև նախարարության ինտերնետային պաշտոնական էջում:

3.2  Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները.

ա/ համապատասխան երկրի անվանումը,

բ/ ուսուցման լեզուն,

գ/ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի թիվը` ըստ հատկացված մասնագիտությունների,

դ/ մրցույթին մասնակցելու համար  գիտելիքների (մասնագիտական) իմացության տեսանկյունից ներկայացվող պահանջները,

ե/ առկայության դեպքում սովորելու ժամանակահատվածը` ներառյալ նախապատրաստական կուրսը,

զ/ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու վերջնաժամկետը,

է/ մրցույթն անցկացնելու օրը, ժամը և վայրը,

ը/ մրցույթի աշխատանքներն իրականացնող մարմնի գտնվելու վայրը և հեռախոսահամարները:

3.3 Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանմանը ներկայացնում են՝

ա/ դիմում` հասցեագրված մրցութային հանձնաժողովի նախագահին, որի մեջ պետք է նշվի ընտրած մասնագիտությունը,

բ/  դիմում-հարցաթերթիկ (ըստ ներկայացված ձևի),

գ/ կրթության վկայականի և ներդիրի պատճենը նոտարական վավերացմամբ, իսկ  կրթաթոշակ հատկացնող երկրի պահանջի դեպքում նաև ավարտական դասարաններում կամ կուրսում սովորողները առաջադիմության թերթիկ կամ ակադեմիական տեղեկանք թարգմանությունը նոտարական վավերացմամբ,

դ/ արական սեռի անձինք ներկայացնում են  զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք,

ե/  3x4սմ չափսի լուսանկար (ըստ պահանջվող քանակի),

զ/ անձնագրի պատճենը,

է/ ասպիրանտուրա ընդունվել ցանկացողները ներկայացնում են  նաև մասնագիտական ռեֆերատ պահանջվող լեզվով, անհրաժեշտության դեպքում համառոտագրություն հայերեն լեզվով,

ը/ այլ փաստաթղթեր, եթե դրանք պահանջվում են կրթաթոշակ տրամադրող երկրի կողմից,

թ/ դիմորդը կարող է իր ցանկությամբ լրացուցիչ փաստաթղթեր կցել անձնական գործին:

3.4 Փաստաթղթերն ընդունվում են մրցույթը զանգվածային լրատվամիջոցներով հայտարարելուց հետո:

3.5 Դիմորդները 3.3 կետում նշված փաստաթղթերը ներկայացնում են անձամբ: Բացառիկ դեպքերում (հիվանդություն, հանրապետությունից բացակայելու և այլն) դիմորդը կարող է ներկայացնել փաստաթղթերը ներկայացուցչի միջոցով: Մրցույթի անցկացման աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը 3.3 կետում նշված փաստաթղթերի  պատճենը համեմատում է բնօրինակի հետ և ընդունում պատճենները:

3.6 Մրցույթի վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների կազմման, ինչպես նաև մրցույթի անցկացման աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով նախարարության համապատասխան ստորաբաժանումը վարում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից կնքված գրանցամատյան (հավելված 2): Գրանցամատյանը վարում է տվյալ երկրի համար պատասխանատու  մասնագետը:

3.7 Գրանցամատյանում նշվում են մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձնագրի համարը և սերիան, ներկայացված փաստաթղթերի էջերի քանակը, հասցեն և հեռախոսահամարը:

3.8 Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր դիմորդի տվյալները գրանցամատյանում գրառվում են փաստաթղթերն ընդունելու օրը և ստորագրվում դիմորդի կողմից:

3.9 Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր դիմորդ կարող է համաձայն ներկայացված դիմումի հրաժարվել մրցույթին մասնակցելուց և հետ վերցնել հանձնած փաստաթղթերը:

4. Բողոքարկում

4.1 Ժամանակավոր մասնագիտական հանձնաժողովի որոշումը (ները) կարող են բողոքարկվել դիմորդի կողմից:

4.2 Գրավոր բողոքը պետք է տրվի մրցույթի աշխատանքներն իրականացնող ստորաբաժանմանը  մասնագիտական որոշումը հրապարակվելուց հետո 24 ժամվա ընթացքում, որն այն ստանալուց անմիջապես հետո ներակայացնում է մրցութային հանձնաժողովի նախագահին:

4.3 Մրցույթի անցկացման աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը պարտավոր է հրապարակել գրավոր բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Գրավոր բողոքի առկայության դեպքում հրապարակման  մեջ պարտադիր պետք է նշվի այն մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը, ում վերաբերյալ ներկայացվել  է գրավոր բողոք:

4.4 Գրավոր բողոքը քննության առնելիս մրցութային հանձնաժողովի նախագահը անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրել համապատասխան մասնագետի:

4.5 Բողոքարկման արդյունքում գնահատականները կարող են իջեցվել, բարձրացվել կամ մնալ անփոփոխ:

4.6  Սույն կարգով կրկնակի բողոքարկում չի նախատեսվում:

5. Փաստաթղթերի արխիվացումը

5.1 Մրցույթին մասնակցող դիմորդների ներկայացրած փաստաթղթերի պատճենները արխիվացվում են նախարարությունում` մեկ տարի ժամկետով:

5.2 Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվածների անձնական գործերը պահպանվում են նախարարության աշխատակազմի համապաստասխան ստորաբաժանումում մինչև ուսման ավարտը և դրանից հետո 15 տարի ժամկետով` նախարարության արխիվում:

6. Մրցույթի հրապարակայնությունը

6.1 Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև դիտորդներ:

7.  Եզրափակիչ դրույթներ

7.1 Մրցույթ հայտարարվելուց հետո, սույն կարգի 3.2 կետի է/ ենթակետով նախատեսված մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը կարող է նախարարի կամ համապատասխան հանձնաժողովի կողմից հետաձգվել, որի մասին ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելու օրվանից հինգ օր առաջ հայտարարություն է հրապարակվում մամուլի և զանգվածային լրատվության այն նույն միջոցներով, որտեղ հրապարակվել է մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը:

7.2 Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և նախարարության կողմից գործուղված քաղաքացիների և նախարարության միջև կնքվում է պայմանագիր:

Հավելված 2
ՀՀ կրթության և գիտության
նախարար Ս. Երիցյանի
2006 թ. հունվարի 26-ի
N 27-Ն հրամանի

Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

N

Ազգանուն,
անուն, հայրանուն

Ծննդյան
օր, ամիս, տարի

Անձնագրի
սերիա, համար

Ներկայացված
փաստաթղթերի
էջերի քանակը

Հասցե,
հեռախոս

Հանձնման
օր, ամիս, տարի

Հանձնողի
ստորագրություն

Նշումներ

1.                
2.                
3.                  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.10.2011, N 1205-Ն 13.02.2012, N 27-Ն
11.02.2009, N 89-Ն 09.03.2009, N 27-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան