Գլխավոր տեղեկություն
Համար
N 64-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.05.2003-21.01.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.05.02/11(129) Հոդ.194
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
28.03.2003
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.01.2010

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 32003135

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

28 մարտի 2003 թ.
ք. Երևան

N 64-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՐՎՈՂ, ՍԱԿԱՅՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՉԱՐԳԵԼՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետով և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» թիվ 18 հավելվածով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել վտանգավոր համարվող, սակայն օդային փոխադրման համար չարգելված բեռների փոխադրման կարգը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալ Ա. Պետրոսյանին:

 

Գլխավոր վարչության պետ`

Ս. Մարգարյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության
2003 թվականի մարտի 28-ի
N 64-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՐՎՈՂ, ՍԱԿԱՅՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՉԱՐԳԵԼՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Վտանգավոր համարվող, սակայն օդային փոխադրման համար չարգելված բեռների փոխադրման կարգը» մշակվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի, Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» թիվ 18 հավելվածի հիման վրա:

2. Սույն կարգը նպատակ ունի կանոնակարգել Հայաստանի Հանրապետության օդային տարածքով, ինչպես նաև դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ և Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից վտանգավոր համարվող, սակայն օդային փոխադրման համար չարգելված բեռների փոխադրման աշխատանքները:

3. Սույն կարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության օդային տարածքով, ինչպես նաև դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ և Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից վտանգավոր համարվող, սակայն օդային փոխադրման համար չարգելված բեռների փոխադրումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների վրա:

4. Սույն կարգում գործածված հիմնական հասկացություններն են.

ա) վտանգավոր բեռներ-նյութեր, միացություններ կամ առարկաներ, որոնք ընդունակ են առաջացնելու սպառնալիք մարդկանց կյանքին, առողջությանը, անվտանգությանը, նրանց գույքին և շրջակա միջավայրին, ընդգրկված են Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» թիվ 18 հավելվածի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգում» (այսուհետ՝ Տեխնիկական հրահանգ) կամ դասակարգվում են այդ Տեխնիկական հրահանգին համապատասխան:

բ) Միավորված Ազգերի Կազմակերպության ցանկով սահմանված համարանիշ-քառանիշ համարանիշ, որը տրվել է Միավորված Ազգերի Կազմակերպության փորձագետների Կոմիտեի կողմից վտանգավոր բեռների նշագրման համար:

գ) բեռնատեղ-փոխադրման համար նախապատրաստված բեռի փաթեթավորման գործընթացի վերջնական արդյունք՝ կազմված փաթեթավորող համալիրից և բեռի պարունակությունից:

դ) փաթեթավորման համալիր-տարողություններ և ցանկացած այլ բաղադրիչներ կամ նյութեր, որոնք անհրաժեշտ են պարունակության պահպանմանն ուղղված տարողության խնդիրների ապահովման համար:

 

II. ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՐՎՈՂ, ՍԱԿԱՅՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՉԱՐԳԵԼՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՅՏ

 

5. Հայաստանի Հանրապետության օդային տարածքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից և դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ վտանգավոր համարվող, սակայն օդային փոխադրման համար չարգելված բեռների յուրաքանչյուր փոխադրման համար բեռն առաքողը հայտ է ներկայացնում բեռը փոխադրող կազմակերպությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի և օդային տրանսպորտի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնին (այսուհետ` Լիազորված մարմին)՝ եթե տվյալ տեսակի (դասի, կարգի, խմբի) բեռի փոխադրման համար Տեխնիկական հրահանգի համաձայն պահանջվում է Լիազորված մարմնի թույլտվությունը:

6. Վտանգավոր համարվող, սակայն օդային փոխադրման համար չարգելված բեռն առաքողը հայտը ներկայացնում է բեռի փոխադրումից յոթ օր առաջ, որտեղ նշվում է՝

ա) բեռն առաքող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը (բեռն առաքող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը),

բ) փոխադրվող վտանգավոր նյութի անվանումը, բեռնային տեղերի քանակը, եթե ռադիոակտիվ նյութ է, դրա քիմիական և ֆիզիկական ձևերի նկարագրությունը,

գ) բեռի տեսակը (դասը, կարգը, խումբը), բեռին շնորհված Միավորված Ազգերի Կազմակերպության համարանիշը, փաթեթավորման խմբի տեսակը,

դ) բեռն ստացող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը (բեռն ստացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը),

ե) բեռի առաքման հիմքը (պայմանագիր, համաձայնագիր և այլն),

զ) բեռի փոխադրման միջոցը,

է) բեռը փոխադրող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը,

ը) բեռի փոխադրման ժամկետները,

թ) բեռի փոխադրման երթուղին,

ժ) վտանգավոր բեռի փոխադրման համար անհրաժեշտ լիցենզիայի պատճենը, եթե բեռի փոխադրումը համարվում է լիցենզավորվող գործունեություն:

7. Լիազորված մարմնին ներկայացված հայտին կցվում է նաև վտանգավոր բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրման վերաբերյալ փաստաթղթերի պատճենները:

8. Լիազորված մարմինը երկօրյա ժամկետում քննարկում է հայտն ու կից փաստաթղթերը և ընդունում որոշում հայտարարված փոխադրումը թույլատրելու կամ մերժելու մասին:

9. Լիազորված մարմինը համապատասխան որոշում կայացնելուց հետո եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հայտատուին փոխադրումը թույլատրելու կամ մերժելու մասին:

10. Լիազորված մարմինը հայտարարված փոխադրման մերժման մասին որոշում է ընդունում՝

ա) եթե ներկայացված փաստաթղթերում առկա են այնպիսի տվյալներ, որոնք չեն համապատասխանում Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի Կազմակերպության կողմից սահմանված պահանջներին,

բ) եթե ներկայացված փաստաթղթերում առկա են անճշտություններ,

գ) եթե վտանգավոր բեռն ընդգրկված չէ Տեխնիկական հրահանգով սահմանված ցանկում:

11. Օդային տրանսպորտով փոխադրման ենթակա վտանգավոր բեռների, նյութերի, միացությունների և առարկաների ցանկը սահմանված է Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի Կազմակերպության կողմից:

 

III. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

12. Օդանավ շահագործող (բեռը փոխադրող) կազմակերպությունն իրականացնում է վտանգավոր բեռների փոխադրումը, եթե պահպանված են Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի Կազմակերպության կողմից վտանգավոր բեռների փոխադրման համար սահմանված կանոնները, ինչպես նաև ապահովված են փոխադրումն իրականացնող օդանավի անձնակազմի պատրաստականությանը ներկայացվող պահանջները: