Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 0853/3-4
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.03.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ 1995/6
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
30.03.1995
Ստորագրման ամսաթիվ
30.03.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.1995

ՀՀ հարկային պետական

տեսչություն

ՀՀ ֆինանսների  
նախարարություն


30.03.1995 թ.

թիվ 0853/3-4

30.03.1995 թ. 
թիվ 3-15/1

 

Եկամտահարկի հաշվարկման կարգի փոփոխությունների մասին

 

Կապված տեղերից ստացված հարցումների հետ և նպատակ ունենալով պարզաբանել 1995թ. Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկի (այսուհետև` հարկ) հաշվարկման կարգի մեջ տեղի ունեցած հիմնական փոփոխությունները, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը և ֆինանսների նախարարությունը հայտնում են հետևյալը.

Հարկի հաշվարկման կարգում մտցվել են փոփոխություններ երկու հետևյալ օրենսդրական ակտերով.

ա) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994թ. նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների եկամուտներից գանձվող եկամտահարկի դրույքաչափերի, փոփոխությունների մասին» որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 1995թ. հունվարի 1-ից.

բ) «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որը կիրարկվելու է 1995թ. ապրիլի 1-ից:

Անհրաժեշտ է նշել, որ հարկի հաշվարկման կարգում սկզբունքային փոփոխություն մտցվել է արդեն իսկ որոշմամբ (այդ մասին հայտնվել է ՀՀ ֆինանսների նախարարության 08.12.1994 թ. N3-15 և ՀՀ հարկային պետական տեսչության 09.12.1994 թ. N 03390/3-2 համատեղ նամակով): Մինչև 1995թ. հունվարի 1-ը գործող կարգը հիմնված էր «ԽՍՀՄ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց եկամտահարկի մասին» ԽՍՀՄ օրենքի և 1992թ. հետո ՀՀ օրենսդրությամբ ընդունված (ՀՀ նախագահի հրամանագրեր, ՀՀ ԳԽ որոշումներ և այլն) նորմատիվ ակտերի վրա:

Համաձայն նախկին կարգի, հարկի գծով արտոնությունը կիրառվում էր հիմնականում հարկի գումարի նվազեցման ձևով (օրինակ, աշխատանքային I-ին խմբի հաշմանդամի կամ երեք և ավելի երեխաներ ունեցող քաղաքացիների համար և այլն): Հարկման ենթակա եկամտի պակասեցում ըստ էության չէր կատարվում և հիմնական աշխատանքի վայրում վերապահվում էր միայն այսպես կոչված եկամտահարկով չհարկվող մինիմումի (ՀՀ սահմանված նվազագույն աշխատավարձի գումարի) չափով արտոնություն: Նոր կարգի համաձայն (սկսած 1995թ. հունվարի 1-ից) փոխվել են ոչ միայն դրույքաչափերը, այլև չհարկվող մինիմումի կիրառման սխեման ու չափերը:

Դրույքաչափերի փոփոխությունը կայանում է սանդղակի տողերի (քայլերի) միջակայքերի մեծացման մեջ, որն ընդհանուր առմամբ նշանակում է եկամտահարկի միջին դրույքաչափի իջեցում և հարկի «բեռի» թեթևացում, հատկապես ցածր եկամուտներ ստացողների համար:

Չհարկվող մինիմումի կիրառման սխեմայի փոփոխությունը կայանում է նրանում, որ սկսած 1995թ. հունվարի 1-ից այն դուրս է հանվել դրույքաչափերի սանդղակից և այժմ փաստորեն սանդղակի ձախ մասում նշվում է ոչ թե ստացած ողջ «եկամուտը», այլ միայն «հարկվող եկամուտը», այսինքն չհարկվող մինիմումին (որը 1995թ. հունվարի 1-ից բարձրացվել է մինչև ՀՀ սահմանված նվազագույնի կրկնապատիկը) գերազանցող մասը:

Օրինակ, եթե 1994թ. դեկտեմբերին 10000 դրամ ստացող աշխատողի (որը ունի 3 անչափահաս երեխա) համար հարկը հաշվելիս դրույքաչափը կիրառվում էր ուղղակի 10000 դրամի նկատմամբ, հարկի գումարը կազմում էր (375 դրամ նվազագույն աշխատավարձի պայմաններում) 2298 դրամ: Իսկ 30%-ի չափով արտոնության վերապահվելուց հետո հարկի վերջնական գումարը 1609 դրամ: 1995թ. հունվարին նույն 10000 դրամը վճարելու դեպքում դրույքաչափը կիրառվում է արդեն միայն չհարկվող մինիմումը գերազանցող գումարի, այսինքն` 9250 դրամի նկատմամբ: Այս դեպքում հարկի գումարը կազմում է 1562,5 դրամ և 30%-ի արտոնությունը վերապահելիս հարկի վերջնական գումարը կազմում է 1093,7 դրամ: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ նշված կարգով արտոնությունը (հարկի նվազեցումը) կիրառվելու է մինչև 1995թ. ապրիլի 1-ը, քանի որ ապրիլի 1-ից հետո (համաձայն օրենքի) փոփոխություն է մտցվել նաև արտոնությունների կիրառման համակարգում: Այժմ արդեն արտոնությունները գործելու են ոչ թե հարկի գումարի նվազեցման, այլ միայն հարկման ենթակա եկամտի պակասեցման ձևով:

Օրինակ, այսուհետև I խմբի հաշմանդամի համար հարկման ենթակա եկամուտների ամսական գումարը նախապես պակասեցվելու է 10 նվազագույն աշխատավարձի չափով, որից հետո ստացված հարկվող եկամտի նկատմամբ կիրառվելու է դրույքաչափը (սանդղակը) և հարկի գումարը այլևս չի ենթարկվելու նվազեցման:

Եթե շարունակենք դիտարկել վերը նշված օրինակը 1995 թ. ապրիլ ամսվա համար, ապա 10000 դրամ ստանալու դեպքում, համաձայն օրենքի, հարկը կհաշվարկվի հետևյալ հաջորդականությամբ`

ա) որոշվում է նշված աշխատողի հարկվող եկամուտը: Այս դեպքում հարկման ենթակա եկամուտը (10000 դրամը) պակասեցվելու է երկու իրարից անկախ գործոններով.

-ընդհանուր պակասեցում` նվազագույն աշխատավարձի կրկնապատիկ չափից մինչև 10-ապատիկ չափը, համաձայն օրենքի հոդված 3-ի 2,3,4,5 կետերի, բայց ոչ ավել 10-ապատիկից (մեր օրինակում` 2 նվազագույն աշխատավարձի չափով).

-լրացուցիչ պակասեցում երեխաների և խնամառուների գծով` յուրաքանչյուր անչափահաս երեխայի, ինչպես նաև խնամառուի համար մեկ նվազագույն աշխատավարձի չափով, համաձայն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի (մեր օրինակում` 3 նվազագույն աշխատավարձի չափով):

Այսպիսով, պակասեցումների ընդհանուր գումարը երկու գործոններով ապրիլին կկազմի 5 նվազագույն աշխատավարձ, իսկ հարկվող եկամուտը (375 դրամ ամսական նվազագույն աշխատավարձի դեպքում)` 8125 դրամ (10000-5x375=8125):

բ) հաշվարկվում է հարկի վերջնական գումարը առանց պակասեցում կատարելու (այսինքն կիրառվում է դրույքաչափը, որը նույնն է, ինչ սահմանվել է ՀՀ ԳԽ որոշմամբ և գործողության մեջ դրվել 1995թ. հունվարի 1-ից) հետևյալ ձևով.

-նախ որոշվում է օրենքի 5-րդ հոդվածում նշված ամսական սանդղակի այն տողը, որի նկատմամբ կիրառվելու է դրույքաչափը: Այն կկազմի 21,67 (8125:375=21,67), այսինքն կիրառվելու է սանդղակի 3-րդ` «նվազագույն աշխատավարձի 20-ապատիկը գերազանցող չափից մինչև 40-ապատիկը ներառյալ» տողը.

-որոշվում նվազագույն աշխատավարձի 20-ապատիկը գերազանցող մասը` 625 դրամ (8125-20x375=625).

-որոշվում է 20-ապատիկը գերազանցող գումարի 25%-ը`156 դրամ (625x25:100=156).

-այն ավելացվում է նվազագույն աշխատավարձի 300%-ին, և այսպիսով, որոշվում պահվող հարկի վերջնական գումարը` 1281 դրամ (375x300:100=1125+156):

Օրենքի համաձայն հարկի հաշվարկման առումով անհրաժեշտ է նշել նաև, որ զգալի փոփոխությունների են ենթարկվել արտոնությունների կառուցվածքը, ընդլայնվել է հարկման բազան (այսինքն հարկվելու են որոշ դեպքերում այնպիսի եկամտի տեսակներ, որոնք նախկինում չէին մտցվում հարկման ենթակա եկամուտների կազմի մեջ), մեծացել է եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկը պահելու նորմի կիրառման շրջանակը: Այսպես, 1995թ. ապրիլի 1-ից հետո ստացված եկամուտների ընդհանուր կարգով ենթակա են հարկման.

-ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների կողմից տրվող նյութական օգնության և նվերների գումարները (բացառությամբ օրենքում նշված դեպքերի).

-մրցույթներում և մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը

-փայամասնակցությունից, արժեթղթերից և ավանդների դիմաց ֆիզիկական անձանց ստացած եկամուտները (դիվիդենտ, փայաբաժին, տոկոս) և այլն:

Սկսած 1995թ. ապրիլի 1-ից փայամասնակցությունից, արժեթղթերից և ավանդների դիմաց ֆիզիկական անձանց եկամուտներ վճարող սուբյեկտները (բանկեր, բաժնետիրական այլ ընկերություններ, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, տնտեսական ընկերակցություններ և այլն) տարվա ընթացքում այդպիսի եկամուտներ վճարելիս իրենք են հաշվարկում և պահում հարկը: Հարկի գումարը փոխանցվում է բյուջե եկամուտների վճարման օրվան հաջորդող աշխատանքային օրը: Ընդ որում տարվա ընթացքում յուրաքանչյուր հաջորդ վճարման դեպքում կատարվում է հարկի վերահաշվարկ` ելնելով տվյալ վճարման վայրում ընթացիկ տարում կատարված վճարումների ընդհանուր գումարից:

Օրենքով զգալի փոփոխությունների է ենթարկվել զինծառայողների եկամուտների հարկման կարգը` կապված դրամական վարձատրությունների հետ:

Օրենքի համաձայն որոշակի փոփոխություններ մտցնելը (ընդ որում ոչ միայն եկամտահարկի հաշվարկման կարգի առումով, այլ նաև վճարման, հայտարարագրերի ներկայացման, տարբեր եկամուտների հավաքագրման, վճարած եկամուտների մասին տեղեկությունների հաղորդման և այլն) փաստորեն նշանակում է քաղաքացիների համընդհանուր եկամուտներից հարկման մեխանիզմին անցնելու աստիճանական, միջանկյալ քայլ:

Այդ առումով անհրաժեշտ է նշել, որ հիմնական գծերով պահպանվում է աշխատանքային պարտականությունների կատարման դիմաց (այսինքն աշխատանքի վայրում) ստացած եկամուտներից ամսական հաշվարկներով և դրույքաչափերով հարկման կարգը և այդպիսի եկամուտները հարկման նպատակով առայժմ չեն միացվելու քաղաքացու ստացած այլ եկամուտներին և հարկվելու միասին, օրինակ, հեղինակային վարձատրությանը կամ ավանդի դիմաց ստացած տոկոսին:

Վերջիններիս հարկումը կատարվելու է առանձին-առանձին, եկամուտների վճարման աղբյուրի մոտ և տարեկան դրույքաչափերով: Ընդհանրապես տարբեր տեսակի եկամուտներ ստանալու դեպքում դրանց միացում օրենքը նախատեսում է իրականացնել միայն օրենքի IV գլխում թվարկված եկամուտների գծով. այն է` ձեռնարկատիրական գործունեությունից, փայամասնակցությունից, արժեթղթերից և ավանդների դիմաց, գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտներ և այլն: Նշված բնույթի եկամուտներ ստացողները (ինչպես նաև հեղինակային վարձատրություններ ստացողները) պարտավոր են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տարվա արդյունքներով հարկային մարմիններին ներկայացնել հայտարարագիր եկամուտների և ծախսերի մասին:

Եկամտահարկի հաշվարկման և վճարման հարցերը մանրամասն բերվում են օրենքի հիման վրա մշակված «Եկամտահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում: