Գլխավոր տեղեկություն
Համար
N 524-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.08.2003-01.06.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.08.01./19(137) Հոդ.296
Ընդունող մարմին
Արտակարգ իրավիճակների վարչության պետ
Ընդունման ամսաթիվ
27.05.2003
Ստորագրող մարմին
Արտակարգ իրավիճակների վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.06.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 հուլիսի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 32603222

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

27 մայիսի 2003 թ.
ք. Երևան

N 524-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի «ե» կետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հրդեհային անվտանգության կանոնները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի աշխատակազմի պետ-իրավախորհրդատու Ա. Խաչիկյանին`

- սույն կանոնները ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Գեներալ-մայոր

Հ. Հարոյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության պետի 2003 թ.
մայիսի 27-ի թիվ 524-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

Հ Ր Դ Ե Հ Ա Յ Ի Ն  Ա Ն Վ Տ Ա Ն Գ ՈՒ Թ Յ Ա Ն

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում հրդեհային անվտանգության կանոնները, որոնք պարտադիր են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների համար:

2. Հրդեհային անվտանգությունն ապահովելու համար պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները (այսուհետ` օբյեկտներ) և քաղաքացիները ղեկավարվում են «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոններով և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերով:

3. Սույն կանոններում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

այրվող հեղուկ` բաց անոթում 610C-ից բարձր բռնկման ջերմաստիճան ունեցող հեղուկ.

«Ա», «Բ», «Վ», «Գ», «Դ» կատեգորիաների շինություններ` ըստ դասակարգման շինություններ, որտեղ շրջանառության մեջ են գտնվում որոշակի քանակով և որոշակի պայթյունահրդեհավտանգավորություն ունեցող նյութեր՝ համաձայն հավելված 1-ի.

այրվող նյութ` ինքնուրույն, կրակի հեռացումից հետո այրվող նյութ.

անվտանգության գոտի` տեղամաս, որտեղ հրդեհի վտանգավոր գործոնները չեն ազդում մարդկանց վրա.

բարձր հրդեհավտանգություն` իրավիճակ, երբ առկա նյութերը ունակ են առանց նախօրոք տաքացնելու բռնկվել նվազ կալորիական ջերմային աղբյուրի կարճատև ազդեցությունից.

դյուրավառ հեղուկ` բաց անոթում 610C-ից ցածր բռնկման ջերմաստիճան ունեցող հեղուկ.

դյուրավառ, պայթյունավտանգ փոշի` հեշտ այրվող, նպաստավոր պայմաններում պայթյունի հատկություն ունեցող փոշի.

խտոցք` կոնդենսատ, խտացված նյութ.

կավարամած` տանիքի, պատերի կավարածածկույթ.

հիմնատարր` շինարարական հիմնական կրող կառուցատարր, ընդհանուր կառուցվածք.

հակահրդեհային միջտարածություն` շինությունից դեպի հարևան շինություններ կրակի տարածումը կանխարգելելու նպատակով նախատեսված տարածություն.

հակահրդեհային պատ` շենքի ծավալը հակահրդեհային հատվածների բաժանող և շենքում կրակի տարածումը խոչնդոտող պատ.

շենքի հրակայունության աստիճան` կառուցատարրերի կրող ունակությունների, ամբողջականության և ջերմամեկուսացման պահպանման չափանիշ.

պայթյունահրդեհավտանգ` ջրի, օդի, թթվածնի կամ միմյանց հետ շփվելիս պայթելու և այրվելու ունակ նյութեր.

պայթյունավտանգ` պայթյունի վտանգ առաջացնելու, առանց օդի, թթվածնի մասնակցության պայթյունի ունակություն.

սառցանցք` սառույցի մեջ բացված անցք.

վառողունակ` այրունակ, այրվելու ունակություն ունեցող.

տրակտիոն ուղի` երկաթգծի մեծ ուղի, ճանապարհ.

օտարացված հողաշերտի գոտի` երկաթգծին հարակից հողատարածք` նախատեսված կամ հատկացված երկաթգծի շինությունների և կառույցների կառուցման համար:

4. Օբյեկտներում իրավասու անձինք աշխատակիցներին պետք է ծանոթացնեն սույն կանոններին:

5. Օբյեկտների ղեկավարները կամ նրանց կողմից նշանակված պաշտոնատար անձինք պարտավոր են անցկացնել աշխատակիցների հակահրդեհային անվտանգության հրահանգավորում:

6. Օբյեկտների, ինչպես նաև դրանց կառուցվածքային ստորաբաժանումների հակահրդեհային անվտանգության համար պատասխանատու հանդիսանում է օբյեկտի ղեկավարը կամ իր կողմից նշանակված անձը: Առանձին տարածքների, շենքերի, շինությունների, արտադրամասերի, տեղամասերի, տեխնոլոգիական սարքավորումների և պրոցեսների, ինժեներական սարքավորումների հրդեհային անվտանգության համար պատասխանատվությունը օբյեկտի ղեկավարի կողմից կարող է դրվել այլ պաշտոնատար անձանց վրա:

7. Հրդեհների կանխարգելման, ինչպես նաև դրանց մարման աշխատանքներին օբյեկտների աշխատակիցների ներգրավման նպատակով կարող են ստեղծվել հրդեհային պահպանության հասարակական կազմավորումներ:

 

2. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

8. Օբյեկտների հրդեհային անվտանգությունն ապահովող մարմինների կողմից արտադրական, վարչական, պահեստային և օժանդակ շինությունների տեսանելի վայրերում փակցվում են ցուցատախտակներ` հրշեջ պահպանության կանչի հեռախոսահամարով:

9. Հրդեհավտանգ օբյեկտի տարածքում բաց կրակի օգտագործման, ծխելու, ժամանակավոր հրդեհավտանգ աշխատանքների կատարման կարգը սահմանվում է օբյեկտային հրահանգներով:

10. Հրդեհավտանգ օբյեկտի ղեկավարի հրամանով, որոշմամբ պետք է սահմանվի հրդեհային վտանգին համապատասխան հակահրդեհային կանոնակարգ, որն իր մեջ ներառում է`

ա) ծխելու վայրը և կահավորումը,

բ) շենքում (արտադրամասում) գտնվող միանվագ թույլատրելի դյուրավառ հումքի, կիսաֆաբրիկատների, պատրաստի արտադրանքի քանակները և պահման վայրերը,

գ) դյուրավառ թափոնների, հրդեհավտանգ փոշու հավաքման և հագուստների պահման կարգը,

դ) աշխատանքային օրվա վերջում էլեկտրասարքավորումների հոսանքազրկման, ժամանակավոր կրակային և այլ հրդեհավտանգ աշխատանքներ կատարելու կարգը,

ե) աշխատողների գործողությունները հրդեհ հայտնաբերելու դեպքում, ինչպես նաև հակահրդեհային հրահանգավորման անցկացման կարգը, ժամկետները և անցկացնողները:

11. Այն օբյեկտներում, որտեղ շինության մեկ հարկում միաժամանակ գտնվում են ավելի քան 10 հոգի, տեսանելի վայրերում փակցվում են հրդեհների ժամանակ դեպի ելք ցույց տվող նշագծեր, սլաքներ, նախատեսվում են կայանքներ հրդեհի դեպքում մարդկանց տեղեկացման համար:

Այն օբյեկտները, որտեղ միաժամանակ գտնվում են 50 և ավելի մարդ, նախատեսվում է հրդեհի դեպքում անձնակազմի գործողությունների պլան: Պլանի համաձայն տարահանման աշխատանքներում ընդգրկված աշխատակիցների հետ պարբերաբար անց են կացվում մարզումներ (ուսումնավարժանքներ):

12. Պայթյունավտանգ, ուժեղ ներգործող թունավոր նյութեր օգտագործող, վերամշակող և պահող օբյեկտների ղեկավարները հրդեհ առաջանալու դեպքում Պետական հակահրդեհային ծառայությանը տրամադրում են այդ նյութերի վերաբերյալ տվյալներ՝ անձնակազմի անվտանգությունն ապահովելու նպատակով:

13. Զանգվածային միջոցառումներ անցկացնող օբյեկտները և անձինք (պատաասխանատուները) միջոցառումներ անցկացնելուց առաջ ապահովում են հրդեհային անվտանգության սահմանված պահանջները:

 

3. ՇԵՆՔԵՐԻՆ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

14. Կազմակերպությունների, բնակավայրերի, շենքերի, շինությունների, բաց պահեստների, ինչպես նաև շենքերին կից հակահրդեհային միջտարածությունները պետք է ժամանակին մաքրվեն հրդեհավտանգ թափոններից: Հրդեհավտանգ թափոնները, աղբը պետք է հավաքվեն հատուկ հատկացված տարածքներում, կոնտեյներների կամ արկղերի մեջ և տեղափոխվեն:

15. Շենքերի, շինությունների հակահրդեհային միջտարածությունները չեն կարող օգտագործվել նյութերի, սարքավորումների, տարաների պահեստավորման, ավտոտրանսպորտային տեխնիկայի կայանման, շենքերի և շինությունների կառուցման համար:

16. Շենքերի, շինությունների, բաց պահեստների հրդեհաշիջման համար նախատեսված ջրաղբյուրների, անշարժ հրդեհային սանդուղքների, հրդեհային գույքի մոտեցման ճանապարհները և անցումները պետք է միշտ ազատ լինեն:

Վերակառուցման պատճառով ճանապարհների փակման դեպքում, ջրային աղբյուրներին մոտենալու կամ այդ հատվածով անցնելու նպատակով պետք է տեղադրվեն շրջանցման ուղղությունը ցույց տվող ցուցանակներ:

17. Ժամանակավոր շինությունները, կրպակները, տաղավարները պետք է տեղադրվեն շենքերից և շինություններից 15 մետրից ոչ պակաս հեռավորության վրա կամ հակահրդեհային պատի մոտ (բացառությամբ, այլ իրավական ակտերով սահմանված պահանջվող ավելի մեծ հակահրդեհային միջտարածության): Առանձին բլոկ-կոնտեյներային շենքերը թույլատրվում է տեղադրել խմբերով, յուրաքանչյուր բլոկում 10-ից ոչ ավելի կոնտեյներ, որոնց գումարային մակերեսը չպետք է գերազանցի 800մ2: Այդ շենքերի խմբերից մինչև շինությունները, առևտրական տաղավարները և օբյեկտները ընկած հեռավորությունը չպետք է լինի 15 մ-ից պակաս:

18. Հակահրդեհային միջտարածություններում արգելվում է կրակ վառելու միջոցով թափոններ ոչնչացնել:

Թափոնների ոչնչացումը կատարվում է հատուկ հատկացված տեղերում:

19. Հակահրդեհային ջրաղբյուրները, շենքերի և շինությունների մուտքերը արագ ի հայտ բերելու նպատակով, օբյեկտների այդ տարածքները պետք է ապահովված լինեն լուսավորությամբ:

20. Օբյեկտների ներքին երկաթուղային գծանցները և անցումները պետք է ունենան համատարած տախտակում և լինեն ազատ հրշեջ մեքենաների երթևեկության համար: Վագոնների կայանումը երկաթուղու գծանցում առանց գնացքաքարշի չի թույլատրվում: Երկաթգծի գծանցերի քանակը պետք է լինի 2-ից ոչ պակաս:

21. Բնակելի շենքերի, ամառանոցային ավանների, հասարակական շենքերի տարածքի չհսկվող հրապարակներում, բակերում չի թույլատրվում պահել դյուրավառ հեղուկներ և գազեր:

22. Մանկական ամառանոցների և առողջարանային համալիրների տարածքը, արտաքին սահմանագծով պետք է ունենա 3 մ-ից ոչ պակաս վարած շերտ:

23. Բնակավայրերը, այգեգործական ընկերությունները, որոնց շինությունները (հողակտորները) 300-ից չեն գերազանցում, հրդեհաշիջման համար պետք է ունենան շարժական հրշեջ շարժիչապոմպ, իսկ եթե դրանց քանակը 300-ից մինչև 1000 է՝ երկուսից ոչ պակաս կցովի հրշեջ շարժիչապոմպ: Գյուղական վայրերում գտնվող հանգստյան տները և առողջապահական հիմնարկները հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի համաձայն պետք է ապահովված լինեն հրշեջ տեխնիկայով և համապատասխան հրդեհատեխնիկական սարքավորումներով:

 

2. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

 

24. Արտադրական և պահեստային շինությունների համար պետք է որոշվի պայթյունահրդեհավտանգության կատեգորիան և նշվի շինությունների դռների վրա:

Բարձր հրդեհավտանգություն ունեցող սարքավորումների մոտ փակցվում են անվտանգության նշաններ, ցուցանակներ:

Արտադրության պրոցեսում չի թույլատրվում օգտագործել պայթյունահրդեհավտանգության ցուցանիշները չուսումնասիրված նյութեր:

25. Շենքերի և շինությունների հակահրդեհային համակարգը և սարքավորումները (հակածխային պաշտպանության, հրդեհային ինքնաշխատ միջոցներ, հակահրդեհային ջրամատակարարման համակարգեր, հակահրդեհային դռներ, փականքներ, հակահրդեհային պատերի, ծածկերի միջի պաշտպանական սարքեր) պետք է մշտապես պահվեն սարքին, աշխատունակ վիճակում:

Դռների ինքնափակման համար օգտագործվող սարքերը պետք է գտնվեն աշխատունակ վիճակում: Չի թույլատրվում տեղադրել հակածխային, հակահրդեհային դռների նորմալ փակմանը խոչընդոտող հարմարանքներ:

26. Արգելվում է աշխատանքներ կատարել ջերմային ճնշման ռեժիմների հսկողության համար նախատեսված վերահսկիչ-չափիչ սարքերի տեխնոլոգիական ինքնաշխատ համակարգերի անջատման դեպքում, ինչպես նաև անսարքություններով տեխնիկական սարքերի, սարքավորումների վրա, եթե դրանք կարող են հրդեհի պատճառ դառնալ:

27. Շինարարական հիմնատարրերի այրվող ջերմամեկուսիչ նյութերի, մետաղական հենարանների և սարքավորումների հրապաշտպան պատվածքների վնասվածքները պետք է անմիջապես վերացնել:

Մշակված (տոգորված) փայտյա կառուցվածքների և գործվածքների մշակման (տոգորման) ներգործության ժամկետը լրանալուց հետո, դրանք պետք է հակահրդեհային անվտանգության պահանջներին համապատասխան կրկին մշակվեն:

28. Շենքերի վերապլանավորման, նպատակային նշանակության փոփոխման կամ նոր տեխնոլոգիական սարքավորումների տեղադրման դեպքում պետք է պահպանվեն շինարարական և տեխնոլոգիական նախագծման նորմերի հակահրդեհային պահանջները:

29. Հակահրդեհային պատերի, ծածկերի պարսպող հիմնատարրերի և ինժեներական, տեխնոլոգիական հաղորդակցման ուղիների փոխհատման տեղերում առաջացած բացվածքները և ճեղքերը պետք է փակվեն անհրաժեշտ հրակայուն և ծխագազանթափանցելիություն ապահովող շինարարական շաղախով կամ չայրվող նյութերով:

30. Նավթաբազաները, 800-ից ավել նստատեղ ունեցող թատրոնները, 500-ից ավել մահճակալ ունեցող հիվանդանոցները, օդանավակայանները, էլեկտրակայանները, էլևատորները, քիմիական և նավթավերամշակման գործարանները, միջուկային էներգիայի հետ առնչություն ունեցող գիտահետազոտական հիմնարկները պետք է ունենան ուղիղ հեռախոսակապ հրշեջ պահպանության մոտակա ստորաբաժանման կամ բնակավայրի հրշեջ կապի կենտրոնական կայանի հետ:

31. Շենքերում և շինություններում (բացի բնակելի տներից) արգելվում է՝

ա) նկուղային և ցոկոլային հարկերում պահել և օգտագործել այրվող և դյուրավառ հեղուկներ, վառոդ, պայթուցիկ նյութեր, գազով բալոններ, աերոզոլային փաթեթավորումով ապրանքներ, ցելուլոիդի և այլ պայթյունավտանգ նյութեր, բացառությամբ իրավական ակտերով նախատեսվածից ավելի քանակների.

բ) ձեղնահարկերը, տեխնիկական հարկերը, օդափոխիչ խցիկները և այլ տեխնիկական սենյակները օգտագործել որպես արտադրական տեղամասեր, արհեստանոցներ, ինչպես նաև արտադրանքի, սարքավորումների, կահույքի և այլ իրերի պահման համար.

դ) ցոկոլային հարկերում և նկուղներում ստեղծել այրվող նյութերի պահեստներ, արհեստանոցներ, եթե դրանց մուտքը մեկուսացված չէ ընդհանուր սանդղավանդակից.

գ) ստեղծել այրվող նյութերի պահեստներ, արհեստանոցներ, տնտեսական սենյակներ ցոկոլային հարկերում և նկուղներում, եթե դրանց մուտքը մեկուսացված չէ ընդհանուր սանդղավանդակից.

ե) հանել նախագծով նախատեսված նախասրահների, սրահների, միջանցքների, նախամուտքերի, սանդղավանդակների դռները.

զ) կուտակել կահույք, սարքավորումներ և այլ իրեր` պատշգամբների և խորշապատշգամբների մուտքերի, կից բաժանմունքների, արտաքին տարահանման սանդուղքների դռների մոտ.

է) շենքերում տարածքների մաքրումը բենզինով, կերոսինով և այլ այրվող ու դյուրավառ հեղուկներով, ինչպես նաև սառած ջրմուղների տաքացումը զոդման լամպերով և բաց կրակի օգտագործման այլ մեթոդներով.

ը) տեղադրել ճաղավանդակներ լուսամուտների վրա (բացառությամբ պահեստներից, դրամարկղերից, հատուկ սենյակներից, բնակելի տներից, ավտոտնակներից).

թ) ապակեպատել հրդեհի դեպքում անվտանգության գոտիներին պատկանող խորշապատշգամբները և պատշգամբները.

ժ) սանդղավանդակներում և միջանցքներում ստեղծել պահեստանոցներ (խորդանոցներ), պահել կահույք, այրվող և դյուրավառ նյութեր` սանդղաբազուկների տակ և դրանց հարթակների վրա (սանդղաբազուկների տակ առաջին և ցոկոլային հարկերում թույլատրվում է տեղադրել միայն կենտրոնական ջեռուցման, ջրաչափիչների, էլեկտրավահանակների կառավարման հանգույցներ, որոնք պետք է մեկուսացված լինեն չայրվող միջնորմներով).

32. Շենքերի և շինությունների արտաքին հրշեջ սանդուղքները, տանիքների ճաղաշարերը պետք է պահել սարքին վիճակում և ոչ պակաս, քան տարեկան 2 անգամ փորձարկել ամրությունը:

33. Մեկ տարահանման ելք ունեցող շինություններում թույլատրվում է անցկացնել միջոցառումներ, որոնց մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 50 մարդուց: IV աստիճանի հրակայունություն ունեցող շենքերում անցկացվող միջոցառումները, որոնց մասնակցում է 50-ից ավել մարդ, պետք է անցկացվեն առաջին հարկում:

34. Շենքերի նկուղային և ցոկոլային հարկերի լուսամուտային խորշերը պետք է կանոնավոր կերպով մաքրվեն աղբից: Նշված լուսամուտային խորշերը և պատուհանները չի թույլատրվում խուլ փակել:

35. Նավթի լամպերը (լապտերները) պետք է հուսալի կերպով կախվեն առաստաղից և ապակիների վրա ունենան մետաղական ապահովիչ թասակներ: Լամպի ապակու վերին մասից կամ լամպերի ապահովիչ թասիկից մինչև առաստաղի այրվող (դժվարավառ) հիմնատարրերի միջև ընկած հեռավորությունը պետք է լինի առնվազն 70 սմ, իսկ մինչև այրվող (դժվարավառ) պատերը՝ առնվազն 20 սմ: Պատի նավթի լամպերը (լապտերները) պետք է ունենան մետաղական անդրադարձիչ և հուսալի ամրացվեն: Լապտերները և սեղանի նավթե լամպերը պետք է ունենան կայուն պատվանդաններ:

36. Նավթավառերը, կերոգազերը, պրիմուսները չի թույլատրվում լցավորել տեխնիկական պահանջներով չնախատեսված դյուրավառ հեղուկներով:

37. Հանդիսասրահներում, ճաշարաններում, ցուցահանդեսային, առևտրային, բորսային, պաշտամունքային շինություններում, լսարաններում, ինչպես նաև այլ մարդաշատ վայրերում, այցելուների թիվը չպետք է գերազանցի նախագծման նորմերով սահմանված և տարահանման թողունակության հիման վրա կատարված հաշվարկային քանակից: Այն դեպքում, երբ նախագծման նորմերում բացակայում են հաշվարկման համար անհրաժեշտ տվյալներ, մեկ մարդու համար տարահանման ժամանակը պետք է ընդունվի 2 րոպե, իսկ հաշվարկային մակերեսը՝ 0.75 մ2:

38. Շենքերում, որոնց վիտրաժների բարձրությունը մեկ հարկից ավելի է, չի թույլատրվում խախտել ծխաանթափանցելի, չայրվող դիաֆրագմաների կոնստրուկցիաները:

39. Մարդկանց զանգվածային ներկայությամբ շենքերում և շինություններում ամանորյա միջոցառումների անցկացման ժամանակ անհրաժեշտ է`

ա) տոնածառը դնել կայուն հենամասի վրա այնպես, որպեսզի ճյուղերը չքսվեն պատերին և առաստաղին.

բ) տոնահանդեսի անցկացման վայրում էլեկտրական լուսավորության բացակայության դեպքում միջոցառումները անցկացնել ցերեկային ժամերին. տոնածառի վրա օգտագործել լամպերի շղթաներ մինչև 12 Վտ հզորությամբ լամպերի հաջորդական միացմամբ՝ առանց ցածրացնող տրանսֆորմատորի.

գ) լուսավորության անսարքություններ հայտնաբերելու դեպքում (լարերի տաքացում, լամպերի թարթում, կայծարձակում և այլն) սարքը պետք է անմիջապես հոսանքազրկել:

Արգելվում է`

ա) օգտագործել աղեղնավոր լուսարձակներ, լուսավորել մոմերով, վառել հրավառելիք, ստեղծել այլ լուսային հրդեհավտանգ էֆեկտներ, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ.

բ) տոնածառը զարդարել հրապաշտպան բաղադրություններով չտոգորված ցելուլոիդե խաղալիքներով, թանզիֆով, բամբակով.

գ) միջոցառումներ անցկացնելու տեղերը մթնեցնելու համար պատուհանները փակել ծածկոցափեղկերով.

դ) փոքրացնել կարգերի միջև եղած հեռավորությունները, ինչպես նաև անցումներում լրացուցիչ բազկաթոռներ տեղադրել և այլն.

ե) դահլիճում լույսը լրիվ մարել բեմադրությունների և ներկայացումների ժամանակ:

Միջոցառումների անցկացման ժամանակ բեմում և դահլիճում պետք է կազմակերպվի հրշեջ հերթապահություն` կազմակերպիչների ուժերով:

 

3. ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

 

40. Տարահանման ելքերի քանակը, չափերը, լուսավորության պայմանները, ճանապարհների երկարությունը և չծխապատման ապահովումը պետք է համապատասխանեն շինարարական նախագծման հակահրդեհային նորմերին:

41. Տարահանման ելքերի դռները պետք է ազատ բացվեն դեպի դուրս: Շենքում մարդկանց գտնվելու դեպքում, դռները կարող են փակվել ներսի կողմից հեշտ բացվող փականներով:

42. Արգելվում է՝

ա) ելքի նախամուտքերում, տարահանման ուղիներում (բացառությամբ բնակարանների) ստեղծել հագուստի չորանոցներ, կախիչներ, զգեստապահարաններ, պահել որևէ տեսակի գույք և նյութեր, խցանել տարահանման ելքերը.

բ) տարահանման ճանապարհներին ստեղծել մարդկանց ազատ տարահանմանը խոչընդոտող հարմարանքներ.

գ) տարահանման ճանապարհների (բացի IV աստիճանի հրակայության շենքերից) պատերի, առաստաղների վերանորոգման, երեսապատման և ներկման համար օգտագործել վառողունակ նյութեր.

դ) սանդղավանդակների, միջանցքների, սրահների, նախաշեմերի ինքնափակվող դռները ֆիքսել բաց դիրքում (եթե այդ նպատակների համար չեն օգտագործվում հրդեհի դեպքում գործող ինքնաշխատ սարքեր) ինչպես նաև դրանք հանել.

ե) չծխապատվող սանդղավանդակներում շերտավարագույրները փակել կամ ապակեպատել:

43. Շինություններում տեխնոլոգիական, ցուցահանդեսային և այլ սարքավորումների տեղաբաշխման ժամանակ պետք է նախատեսել տարահանման անցումներ դեպի սանդղավանդակները և տարահանման այլ ճանապարհները` նախագծման նորմերին համապատասխան:

44. Շենքերում, մարդաշատ վայրերում էլեկտրաէներգիայի անջատման դեպքում, սպասարկող անձնակազմը պետք է ունենա էլեկտրական լապտերներ: Էլեկտրական լապտերների քանակը որոշում է ղեկավարը՝ ելնելով օբյեկտի առանձնահատկություններից, շենքում մարդկանց քանակից, բայց ոչ պակաս, քան մեկ հատ յուրաքանչյուր հերթապահի համար:

45. Գորգերը, ուղեգորգերը և այլ հատակային ծածկերը շինությունների մարդաշատ վայրերում պետք է հուսալի ամրացվեն հատակին:

 

4. ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

46. Էլեկտրասարքավորումները պետք է մոնտաժվեն և շահագործվեն համաձայն էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոնների:

47. Էլեկտրաշարժիչները, ղեկավարման, կառավարման, վերահսկիչ-չափիչ պաշտպանական սարքերը, օժանդակ սարքավորումները և հաղորդալարերը պետք է ունենան անհրաժեշտ պաշտպանության աստիճան և կատարում` համապատասխանեն էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոններին, ինչպես նաև ունենան կարճ միացումից և գերծանրաբեռնվածությունից պաշտպանող սարքեր:

48. Չի թույլատրվում անցկացնել օդային էլեկտրահաղորդման գծեր և արտաքին էլեկտրագծեր հրդեհավտանգ հիմնատարրերով տանիքների, ծածկակտուրների և այրվող նյութերի բաց պահեստների վրայով:

49. Էլեկտրասարքավորումների շահագործման ժամանակ արգելվում է՝

ա) օգտագործել սարքեր և սարքավորումներ, երբ շահագործման պայմանները չեն համապատասխանում արտադրող կազմակերպությունների երաշխիքներին, ինչպես նաև անսարքությունների դեպքում, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ.

բ) շահագործել վնասված մեկուսացումով (մեկուսիչ հատկությունները կորցրած) մալուխներ և էլեկտրալարեր.

գ) օգտվել անսարք վարդակներից, անջատիչներից և այլ տիպի էլեկտրական հարմարանքներից և սարքերից.

դ) էլեկտրալամպերը կամ ջահերը փաթաթել թղթով կամ այլ այրվող նյութերով.

ե) առանց չայրվող նյութից պատրաստված տակդիրի՝ օգտագործել էլեկտրական արդուկներ, սալօջախներ.

զ) առանց հսկողության թողնել ցանցին միացված էլեկտրաջեռուցիչ սարքեր, հեռուստացույցներ, ռադիոընդունիչներ և այլ սպառիչներ, եթե դա արգելված է արտադրող կազմակերպության կողմից.

է) օգտագործել ոչ ստանդարտ (տնայնագործական) էլեկտրաջեռուցիչ սարքեր, ներդիրներ, այլ սարքեր` գերծանրաբեռնվածության և կարճ միացման հոսանքներից պաշտպանելու համար:

50. Չի թույլատրվում մեկ խողովակում, մետաղական ճկախողովակում, լարերի փնջում, շինարարական կառուցվածքների փակ անցուղիներում համատեղ տեղադրել աշխատանքային և վթարային լուսավորության շղթաների սնման և կառավարման մալուխներ:

51. «Ելք» լուսային ցուցանակները պետք է գտնվեն սարքին վիճակում և միշտ միացված լինեն: Հանդիսասրահներում, ցուցասրահներում, ցուցահանդեսային սրահներում դրանք կարող են միացվել միայն միջոցառումների անցկացման ժամանակ:

52. Շարժական էլեկտրալուսատուների համար պետք է օգտագործվեն ճկուն հաղորդագծեր և դրանք պետք է սարքավորված լինեն ապակե թասակներով, պաշտպանված լինեն պահպանիչ ցանցերով և ապահովված լինեն կեռիկներով:

53. Լամպաշարերի պատրաստման ժամանակ անհրաժեշտ է օգտագործել միայն չայրվող նյութեր, իսկ դրանց իրանները պետք է մեկուսացվեն պահիչ պողպատաճոպանից:

Լուսարձակները և լամպաշարերը պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի մինչև այրվող նյութից պատրաստված կառուցվածքները և իրերը ընկած հեռավորությունը լինի 0.5 մ-ից, իսկ ոսպնյակային լուսարձակների տեղադրման տեղերից՝ 2 մ-ից ոչ պակաս:

Լուսարձակների, լամպաշարերի լուսազտիչները պետք է լինեն չայրվող նյութերից:

54. Էլեկտրավառարանները առանց ջերմակարգավորիչների չի թույլատրվում օգտագործել:

 

5. ՋԵՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

55. Ջեռուցման ժամանակաշրջանը սկսելուց առաջ օբյեկտների կողմից պետք է ստուգվեն և անհրաժեշտության դեպքում վերանորոգվեն վառարանները, կաթսայատները, ջերմագեներատորները, ինչպես նաև ջեռուցման այլ սարքերը, համակարգերը:

Չի թույլատրվում շահագործել անսարք վառարանները և այլ ջեռուցման սարքերը:

56. Վառարանները և այլ ջեռուցման սարքերը պետք է այրվող կառուցվածքներից, հակահրդեհային պահանջներով սահմանված, հակահրդեհային անջատոցներ ունենան: Վառարանի հնոցի առաջ պետք է լինի մետաղյա թիթեղ 0.5x0.7 մ-ից ոչ պակաս չափերով (փայտե և այլ այրվող նյութերից հատակի դեպքում):

57. Բազմաբնակարան շենքերի ծխաօդատար ուղիների մաքրումը պետք է կատարվի առնվազն տարին մեկ անգամ` ջեռուցման ժամանակաշրջանը սկսելուց առաջ:

Գործարանների և այլ արտադրական շենքերի ու շինությունների ծխնելույզների և վառարանների մաքրումը մրից պետք է կատարվի ջեռուցման ժամանակաշրջանը սկսելուց առաջ, ինչպես նաև ամբողջ ջեռուցման ժամանակաշրջանում`

ա) ջեռուցման վառարանների համար ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ.

բ) անընդհատ գործող վառարանների, օջախների համար` երկու ամիսը մեկ անգամ:

58. Յուրաքանչյուր կաթսայատան և ջերմագեներատորային սարքավորումների բոցամուղի սնման վառելիքամուղի վրա պետք է տեղադրվի երկու փական՝ մեկը հնոցի մուտքի մոտ, իսկ մյուսը վառելիքի տարողությունից անմիջապես հետո:

59. Կաթսայատների և այլ ջերմարտադրող, պայթյունահրդեհավտանգ սարքերի շարքին դասվող, սարքավորումների շահագործման ժամանակ արգելվում է՝

ա) հեղուկ վառելանյութը պահել կաթսայատներում և ջերմագեներատորային շինություններում,

բ) որպես վառելանյութ օգտագործել տվյալ սարքավորումների շահագործման տեխնիկական պայմաններով չնախատեսված վառելանյութեր‚

գ) ջերմարտադրող սարքավորումները շահագործել վառելիքի համակարգերից հեղուկ վառելանյութի կաթոցների (գազի արտահոսքի) դեպքում,

դ) աշխատել հսկման և կարգավորման սարքերի անսարքությունների, անջատման, ինչպես նաև բացակայման դեպքում,

ե) հրդեհավտանգ նյութերը չորացնել կաթսաների և շոգեմուղների վրա:

60. Վառարանային ջեռուցման սարքավորումների շահագործման ժամանակ արգելվում է՝

ա) գործող վառարանները թողնել առանց հսկողության, ինչպես նաև հսկողությունը հանձնարարել 16 տարեկանից փոքր երեխաներին,

բ) վառել ածուխ, կոքս, գազ այն վառարաններում, որոնք նախատեսված չեն այդ տիպի վառելիքների համար, ինչպես նաև վառարանի գործարկման համար օգտագործել չնախատեսված վառելանյութ,

գ) ծխահեռացման համար օգտագործել օդափոխման և գազային անցուղիները:

61. Շենքերում, շինություններում (բացի բնակելի տներից) աշխատանքի ավարտից ոչ պակաս, քան երկու ժամ առաջ վառարանների գործարկումը պետք է դադարեցվի, իսկ մարդկանց շուրջօրյա ներկայությամբ օբյեկտներում՝ հիվանդանոցներում, գիշերօթիկ դպրոցներում, մանկատներում և այլ օբյեկտներում, քնելուց երկու ժամ առաջ:

Մանկական կազմակերպություններում, որտեղ երեխաները միայն ցերեկային ժամերին են լինում, վառարանների գործարկումը պետք է սկսել երեխաների գալուց մեկ ժամ առաջ:

62. Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող մետաղյա վառարանների տեղադրում չի թույլատրվում:

Հանրակացարաններում, վարչական, հասարակական շինություններում, ինչպես նաև բնակելի տներում ժամանակավոր մետաղյա և այլ վառարաններ տեղադրելիս պետք է կատարվեն արտադրող կազմակերպությունների ցուցումները, ջեռուցման համակարգերին ներկայացվող նախագծման նորմերի պահանջները:

63. Վառարաններից մինչև գույքը, դարակաշարերը, ցուցափեղկերը, վաճառասեղանները, պահարանները և այլ սարքավորումներն ընկած հեռավորությունը պետք է լինի 0.7 մ-ից ոչ պակաս, իսկ հնոցի անցքերից՝ ոչ պակաս, քան 1.25 մ:

64. Ձեղնահարկերով անցնող ծխահեռացման հորանների, անցուղիների պատերը պետք է սպիտակեցվեն:

65. Պինդ վառելիքով աշխատող կաթսայատների ծխնելույզները պետք է սարքավորված լինեն կայծմարիչներով և մաքրվեն մրից:

Շենքերի ներկառուցված կաթսայատներում չի թույլատրվում պինդ վառելիքի փոխարեն հեղուկ վառելիքի օգտագործումը:

66. Օդամուղների միջև կրակի կասեցման սարքերը (կափարիչներ, ծխափականներ, փականներ և այլն), օդափոխման համակարգերի բլոկավորման սարքերը, հրդեհի ազդարարման ինքնաշխատ սարքավորումները, ինչպես նաև հրդեհաշիջման, հրդեհի դեպքում օդափոխիչ համակարգի ինքնաշխատ անջատման սարքավորումները պետք է ստուգվեն և պահվեն սարքին վիճակում` համաձայն շահագործման տեխնիկական պայմանների:

67. Օդափոխման և օդի լավորակման համակարգերի շահագործման ժամանակ արգելվում է՝

ա) բաց թողնել օդափոխման խցիկների դռները,

բ) փակել արտածծիչ անցուղիները, անցքերը, վարդակները,

գ) օդամուղերին միացնել գազային ջեռուցիչ սարքեր:

68. Օդափոխիչ խցիկները, փոշեզատիչները (ցիկլոնները), զտիչները, օդամուղերը պետք է մաքրվեն դյուրավառ փոշուց, արտադրության թափոններից` օբյեկտի ղեկավարի հրամանով, որոշմամբ սահմանված ժամկետներում:

69. Հրդեհապայթյունավտանգ արտադրության շինություններում չի թույլատրվում աշխատել տեխնոլոգիական սարքավորումների ջրազտիչների, չոր զտիչների, փոշեզտիչների, օդափոխման համակարգերի և այլ սարքավորումների անջատման կամ այլ անսարքությունների դեպքում:

70. Տաք փոշու հեռացման օդափոխիչների մեջ թափոնների ընկնելը կանխելու համար դրանցից առաջ պետք է տեղադրվեն քարորսիչներ, իսկ մետաղական առարկաների ներթափանցումը կանխելու համար՝ մագնիսական որսիչներ:

71. Սարքավորումներից հեռացվող փոշոտված օդի վերաշրջանառության ժամանակ զտիչների միջոցով պետք է ենթարկվի երկաստիճան մշակման:

 

6. ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

 

72. Հակահրդեհային ջրամատակարարման ցանցերը պետք է գտնվեն սարքին վիճակում և ապահովեն հակահրդեհային պահանջներով սահմանված, հրդեհաշիջման համար անհրաժեշտ ջրի ծախսը։ Դրանց աշխատունակությունը պետք է ստուգվի ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ: Հրշեջ ծորակները պետք է գտնվեն սարքին վիճակում, իսկ ձմռան ամիսներին տաքացվեն և մաքրվեն ձյունից, սառույցից։

Ջրամատակարարման ցանցի առաջին հատվածների ջրածորակների անջատման կամ ցանցում պահանջվող չափից ջրի ճնշման նվազեցման դեպքում անհրաժեշտ է այդ մասին հայտնել հրշեջ ծառայության տարածքային ստորաբաժանում։

Կազմակերպության էլեկտրամատակարարումը պետք է ապահովի հրշեջ պոմպերի էլեկտրաշարժիչների անխափան աշխատանքը:

73. Ջրածորակների ջրավազանների (ջրաղբյուրների) մոտ, ինչպես նաև դեպի դրանք տանող ճանապարհներին պետք է տեղադրվեն համապատասխան ցուցատախտակներ (ծավալային լուսատուով, կամ հարթ լուսարտացոլիչ ծածկույթով), որոնց վրա պետք է պարզ նշվի մինչև ջրաղբյուր եղած հեռավորությունը։

74. Ներքին հակահրդեհային ջրամատակարարման ցանցի ծորակները պետք է համալրված լինեն փողրակներով (ճկափողերով) և փողակներով։ Հրշեջ փողրակը պետք է միացված լինի ծորակին և փողակին։ Ոչ պակաս, քան 6 ամիսը մեկ անգամ կանեփաթելային փողրակները պետք է նոր ծալքով վերափաթաթվեն։

75. Պոմպակայանի շինության ներսում պետք է փակցված լինի հակահրդեհային ջրամատակարարման ընդհանուր սխեման և պոմպերի կապվածքը։ Յուրաքանչյուր սողնակի և ջրի ճնշումը բարձրացնող պոմպի վրա պետք է նշված լինի դրանց նշանակումը։ Ջրի ճնշումը բարձրացնող պոմպերի միացման կարգը սահմանվում է հակահրդեհային միջոցառումների պլանով։ Բնակավայրերի հակահրդեհային ջրամատակարարման պոմպակայանների շինությունները պետք է ունենան ուղիղ հեռախոսակապ հրշեջ պահպանության հետ։

76. Հրշեջ պոմպերի աշխատունակությունը օբյեկտների կողմից պետք է ստուգվի ոչ պակաս, քան տարին երկու անգամ:

77. Օբյեկտների տարածքում կամ դրանց մոտակայքում (200 մ շառավղով), երբ գոյություն ունեն բնական կամ արհեստական ջրաղբյուրներ (գետեր, լճեր, ավազաններ և այլն), պետք է կառուցվեն մերձատար ճանապարհներ, ինչպես նաև հատուկ հարմարեցված պինդ ծածկույթով հրապարակներ 12x12 մից ոչ պակաս չափերով՝ հրշեջ մեքենաների կայանման և տարվա ցանկացած ժամանակ ջուր վերցնելու համար։ Արհեստական ջրամբարների, դրանց մոտենալու ճանապարհների, ինչպես նաև ջրառման սարքավորումների մշտապես պատրաստության ապահովումը դրվում է համապատասխան կազմակերպությունների վրա։

78. Ջրաճնշիչ աշտարակները պետք է հարմարեցված լինեն տարվա ցանկացած ժամանակ հրշեջ տեխնիկայով ջուր վերցնելու համար։ Չի թույլատրվում հրդեհաշիջման համար նախատեսված ջրի պաշարների օգտագործումը տնտեսական և արտադրական նպատակների համար։

 

7. ՀՐԴԵՀԻ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ, ՀԱԿԱԾԽԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

79. Հրդեհի ազդարարման և հրդեհաշիջման ինքնաշխատ սարքերի, հակածխային պաշտպանության համակարգերի, մարդկանց հրդեհի մասին տեղեկացման և տարահանման կառավարման տեխնիկական միջոցների սպասարկման և պլանային կանխիչ նորոգման կանոնակարգային աշխատանքները պետք է իրականացվեն տարեկան ժամանակացույցի հանաձայն, որը կազմվում է կազմակերպությունների տեխնիկական փաստաթղթերի և վերանորոգման աշխատանքների կատարման ժամկետների հիման վրա։ Սարքավորումների (առանձին գծերի, ազդասարքերի) անջատման հետ կապված տեխնիկական սպասարկման և վերականգնման աշխատանքներ կատարելիս, օբյեկտի ղեկավարը (անհատ ձեռնարկատերը) պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ շենքերը, շինությունները, տեխնոլոգիական սարքավորումները հրդեհից պաշտպանելու համար։

80. Կարգավարական (հրշեջ) կետում պետք է փակցվեն հրահանգներ հրդեհի առաջացման, հրշեջ ինքնաշխատ կայանքների անսարքությունների մասին ազդանշան ստանալու դեպքում օպերատիվ անձնակազմի (հերթապահի) գործողությունների վերաբերյալ։ Կարգավարական (հրշեջ) կետը պետք է ապահովված լինի հեռախոսային կապով, ինչպես նաև սարքին էլեկտրական լապտերներով (երեք հատից ոչ պակաս)։

81. Հրշեջ ինքնաշխատ սարքերը պետք է գտնվեն սարքին վիճակում և համապատասխանեն նախագծային փաստաթղթերին։ Չի թույլատրվում սարքավորումները ինքնաշխատից փոխադրել ձեռքի գործարկման, բացառությամբ հակահրդեհային կանոններով և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերով սահմանված դեպքերի:

82. Բալոնների, հրդեհաշիջման կայանքների տարողությունների մեջ եղած հրդեհաշիջման նյութերի կշիռն ու ճնշումը 10 և ավելի տոկոսով հաշվարկայինից ցածր լինելու դեպքում, դրանք պետք է վերալցավորվեն։

83. Ցայտաջրմուղային կայանքների, հրշեջ ջրածածկույթ առաջացնող սարքավորումների ոռոգիչների մեխանիկական վնասվածքների առաջացման վտանգ ունեցող մասերը պետք է պաշտպանվեն հուսալի ցանկապատերով։ Չի թույլատրվում շարքից դուրս եկած ոռոգիչ սարքերի փոխարեն խցափակիչներ, խցաններ տեղադրել։

84. Հրդեհաշիջման կայանքը պետք է ապահովված լինի կապվածքի և հրդեհի դեպքում սարքավորումների ղեկավարման սխեմաներով։

Կառավարման յուրաքանչյուր հանգույցի մոտ պետք է փակցվի ցուցատախտակ և վրան նշվի պահպանվող շինությունները, դրանց տեսակը, իսկ կայանքի հատվածամասում սողնակները և ծորակները պետք է համարակալվեն։

85. Հրդեհի ազդարարման համակարգերը պետք է ապահովեն, տարահանման հատակագծի համաձայն, ազդա-նշանի միաժամանակ հաղորդումը ամբողջ շենքում (շինությունում) կամ մասնակիորեն առանձին մասերում (հարկերում, բաժանմունքներում և այլն)։

Առողջապահական, մանկական, նախադպրոցական կազմակերպություններում, ինչպես նաև գիշերօթիկ դպրոցների ննջասենյակներում, մասնաշենքերում հրդեհի մասին ազդարարվում է միայն սպասարկող անձնակազմը։ Ազդարարման համակարգերի օգտագործման կարգը պետք է որոշվի դրանց շահագործման հրահանգներով և տարահանման հատակագծերով, որտեղ պետք է նշվեն համակարգերը գործողության մեջ դնելու իրավասու անձինք։

86. Հրդեհի մասին մարդկանց ազդարարման տեխնիկական սարքեր չպահանջվող շենքերում ազդարարման կարգը պետք է որոշի օբյեկտի ղեկավարը և նշանակի դրա համար պատասխանատու անձինք։

87. Ազդարարիչները (բարձրախոսները) չպետք է ունենան ձայնի բարձրության կարգավորիչներ և ցանցին պետք է միացվեն առանց անջատիչի։

Ազդարարման տեքստի հաղորդման հուսալիությունն ապահովելու, ինչպես նաև տարահանումը կառավարելու համար, թույլատրվում է օգտագործել օբյեկտում գտնվող ռադիոհաղորդման և այլ հաղորդման ցանցերը։

 

8. ՀՐԴԵՀԻ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳ

 

88. Հրդեհը հայտնաբերելու դեպքում, «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, քաղաքացիները պարտավոր են այդ մասին հայտնել հրդեհային պահպանության մարմիններին և հնարավոր միջոցներ ձեռնարկել մարդկանց, գույքը փրկելու և հրդեհը մարելու համար:

89. Օբյեկտի ղեկավարը (իրավասու պաշտոնատար անձը) հրդեհի վայր հասնելուց հետո պարտավոր է՝

ա) անմիջապես կազմակերպել մարդկանց փրկումը, եթե նրանց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում,

բ) շենքում դադարեցնել բոլոր աշխատանքները (եթե դա թույլատրվում է արտադրության տեխնոլոգիական պրոցեսներով), բացի այն աշխատանքներից, որոնք կապված են հրդեհի վերացման միջոցառումների հետ,

գ) մինչև հրշեջ պահպանության ստորաբաժանումների ժամանումը իրականացնել հրդեհաշիջման աշխատանքների ընդհանուր ղեկավարումը (հաշվի առնելով օբյեկտի առանձնահատկությունները)‚

դ) կազմակերպել հրդեհի տարածումը և շինությունների ծխապատումը կանխող միջոցառումներ,

ե) ապահովել հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված աշխատակիցների կողմից անվտանգության պահանջների կատարումը,

զ) կազմակերպել հրշեջ պահպանության ստորաբաժանումների դիմավորումը:

90. Հրշեջ ստորաբաժանման ժամանումից հետո օբյեկտի ղեկավարը (կամ նրան փոխարինող անձը) պարտավոր է հրդեհաշիջման ղեկավարին տեղեկացնել օբյեկտի կառուցվածքային և տեխնոլոգիական առանձնահատկությունների, հարակից շենքերի, շինությունների, պահվող, օգտագործվող նյութերի, արտադրանքի քանակի, դրանց հրդեհավտանգ հատկությունների մասին, հաղորդել այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են հրդեհի հաջող վերացման համար, ինչպես նաև կազմակերպել օբյեկտի ուժերի և միջոցների ներգրավումը հրդեհի վերացման աշխատանքներին։

 

II. ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ

 

91. Անտառային զանգվածներում գտնվող բնակավայրերի համար կառավարման մարմինները և կազմակերպությունները անհրաժեշտության դեպքում մշակվում և իրականացվում են միջոցառումներ` անտառային և տորֆային հրդեհների ժամանակ կրակի տեղափոխումը դեպի շենքերը և շինությունները բացառելու նպատակով։ Այդ նպատակով պետք է ստեղծվեն հակահրդեհային պաշտպանության գոտիներ, ամռան ամիսներին հեռացվի չոր բուսականությունը և այլն։

92. Ամառային ամիսներին կայուն չոր, շոգ և քամոտ եղանակի պայմաններում գյուղական բնակավայրերում, կազմակերպություններում, ամառանոցային ավաններում խարույկների վառումը, հրդեհավտանգ աշխատանքների կատարումը կարող է ժամանակավորապես դադարեցվել։

93. Հրդեհի դեպքում հրշեջ պահպանությանը հաղորդելու համար, բնակավայրերը և առանձին տեղաբաշխված օբյեկտները պետք է ունենան սարքին հեռախոսային, ռադիո կամ կապի այլ միջոցներ։

94. Անտառային գոտիներում հրդեհային պահպանությունն իրականացվում է համաձայն կառավարության 19.09.1998 թվականի «Հայաստանի Հանրապետության անտառներում հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» թիվ 589 որոշման:

 

III. ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ

 

95. Չի թույլատրվում բնակելի շենքերի բնակարաններում, հանրակացարանների բնակելի սենյակներում ստեղծել արհեստանոցներ, պահեստներ, որտեղ օգտագործվում և պահվում են պայթյունահրդեհավտանգ նյութեր, բացառությամբ նախագծման նորմերով նախատեսված դեպքերի:

Բնակարաններում, բնակելի սենյակներում թույլատրվում է պահել 20 լիտրից ոչ ավելի այրվող կամ դյուրավառ հեղուկներ )այրվող գազեր): Չի թույլատրվում այրվող կամ դյուրավառ հեղուկները, այրվող գազի բալոնները պահել փակ պատշգամբներում և խորշապատշգամբներում, եթե օդափոխության համակարգ չկա:

96. Խոհանոցային սալօջախները գազով մատակարարելու համար նախատեսված գազաբալոնային սարքերը (բալոններ 12լ-ից ավելի տարողությամբ) պետք է տեղադրվեն արտաքին խուլ պատին կից չայրվող շինությունում (պահարանում), որից մինչև մուտքն ընկած հեռավորությունը 5մ-ից պակաս չպետք է լինի: Կից շինությունում (պահարանում) պահվող բալոնների քանակը 3-ից ավելի չպետք է լինի:

97. Հյուրանոցների, մոթելների, կեմպինգների, հանրակացարանների համարներում (միջանցքներում) պետք է փակցված լինեն հրդեհի դեպքում տարահանման ուղղությունը ցույց տվող նշագծեր, սլաքներ:

98. Հրդեհի դեպքում բնակիչների տարահանումը հաջող կազմակերպելու համար հյուրանոցի աշխատակազմը պետք է ապահովված լինի անհատական պաշտպանության միջոցներով (շնչառական դիմակներ, հակագազեր և այլն):

99. Սոցիալական ապահովության կազմակերպություններում` ծերանոցներ, հաշմանդամների տներ, մանկա-տներ) պետք է կազմակերպվի սպասարկող անձնակազմի շուրջօրյա հերթապահություն: Հերթապահը պարտավոր է իր մոտ ունենալ տարահանման բոլոր ելքերի դռների բանալիները, իսկ մյուս օրինակը պետք է պահվի հերթապահի սենյակում:

 

IV. ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

100. Ուսումնասիրություններ, գիտափորձեր կատարելու ընթացքում գիտական ղեկավարը (պատասխանատու կատարողը) պարտավոր է անհրաժեշտ նախազգուշական միջոցներ ձեռնարկել հրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով:

101. Լաբորատորիաներում և այլ սենյակներում պահվող այրվող և դյուրավառ հեղուկների քանակը չպետք է գերազանցի մեկ հերթափոխային պահանջմունքը:

102. Դյուրավառ հեղուկները պետք է աշխատանքային օրվա վերջում լցվեն հատուկ փակ տարայի մեջ և լաբորատորիայից տեղափոխվեն: Չի թույլատրվում այրվող և դյուրավառ հեղուկները թափել կոյուղի:

103. Դասասենյակներում և աշխատասենյակներում դպրոցական նստարանների (սեղանների) քանակը չպետք է գերազանցի նախագծման նորմերով սահմանվածից:

104. Պարապմունքների ավարտից հետո բոլոր պայթյունահրդեհավտանգ նյութերը աշխատասենյակներից, լաբորատորիաներից և ահրեստանոցներից պետք է տեղափոխվեն հատուկ սարքավորված սենյակներ:

 

V. ՄԱՆԿԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ

 

105. Մանկական ամառանոցների շենքերը պետք է ունենան երկուսից ոչ պակաս տարահանման ելք:

106. Կարկասային և վահանային շենքերը պետք է սվաղված լինեն և ունենան չայրվող տանիքածածկ: Դրանց ջերմապահպանիչը պետք է լինի անօրգանական նյութերից:

107. Արգելվում է՝

ա) երեխաներին տեղավորել շենքերի ձեղնահարկային սենյակներում, ինչպես նաև երկու տարահանման ելք չունեցող շենքերում, շինություններում, հարկերում.

բ) երեխաների բնակեցման շինություններում օգտագործել նավթավառեր և էլեկտրաջեռուցիչ սարքեր:

108. Մանկական ամառանոցները պետք է ապահովված լինեն հեռախոսային կապով և տագնապի ազդանշանային սարքով:

 

VI. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ

 

109. Հյուրախաղերի, ներկայացումների, ցուցահանդեսների կազմակերպման և անցկացման ժամանակ պետք է պահպանվի հակահրդեհային անվտանգության պահանջները:

110. Թանգարաններում, պատկերասրահներում պետք է մշակված լինի ցուցանմուշների և ապրանքանյութական այլ արժեքների, իսկ կրկեսներում և կենդանաբանական այգիներում՝ կենդանիների տարահանման սխեման:

111. Հանդիսադահլիճների և տրիբունաների յուրաքանչյուր կարգի բոլոր բազկաթոռները և աթոռները պետք է հատակին պինդ ամրացվեն:

Այն դեպքում, երբ օթյակների տեղերի քանակը 12-ից չի գերազանցում և դրանք ունեն առանձին ելք, բազկաթոռները (աթոռները) կարող են չամրացվել: Պարային երեկոների համար օգտագործվող մինչև 200 նստատեղ ունեցող հանդիսադահլիճներում աթոռները հատակին կարելի է չամրացնել, բայց շարքերում դրանք պետք է պարտադիր կերպով իրար միացված լինեն:

112. Բեմական փայտյա կառուցվածքները, այրվող դեկորացիաները, բեմական և ցուցահանդեսային ձևավորումները, ինչպես նաև հանդիսադահլիճների, ճեմասրահների վարագույրները պետք է մշակվեն հրապաշտպան նյութով: Կազմակերպության ղեկավարը պետք է ունենա համապատասխան ակտ այդ մշակումը կատարող կազմակերպության հետ, որտեղ պետք է նշված լինեն տոգորման (մշակման) ամսաթիվը և դրա ներգործման ժամկետը:

113. Թատերական հիմնարկների բեմահարթակներում միաժամանակ կարող են գտնվել դեկորացիաներ` ոչ ավելի, քան երկու ներկայացման համար:

Չի թույլատրվում դեկորացիաների, բուտաֆորիայի և այլ գույքի պահումը սանդղաբազուկների և հարթակների տակ, ինչպես նաև հանդիսադահլիճների տակ գտնվող նկուղներում:

114. Բեմադրությունների ձևավորման ժամանակ, դեկորացիաների շուրջը պետք է լինի 1մետր լայնությամբ անցում: Ներկայացման ավարտից հետո, բոլոր դեկորացիաները, ինչպես նաև բուտաֆորիան պետք է քանդվեն և բեմից տեղափոխվեն հատուկ պահեստներ:

115. Բեմի վրա ծխելը, բաց կրակի, աղեղային լուսարձակների և կրակային այլ էֆեկտների օգտագործումն արգելվում է:

116. Բեմի վրա հակահրդեհային վարագույրի իջեցման սահմանագիծը պետք է նշվի կարմիր գծով: Դեկորացիաները և այլ բեմական իրերը չպետք է դուրս գան այդ սահմանից:

117. Բեմադրության (փորձնական ներկայացման) ավարտից հետո հակահրդեհային վարագույրը պետք է իջեցվի: Բարձրացնող-իջեցնող մեխանիզմը պետք է կարգավորվի այնպես, որպեսզի իջեցման արագությունը 0.2մ)վ-ից ավելի չլինի:

118. Ծխանցքերի փականները ձմռան ամիսներին պետք է ջերմացվեն և ոչ պակաս, քան 10 օրը մեկ անգամ անհրաժեշտ է ստուգել դրանց աշխատունակությունը:

119. Հրատեխնիկական սարքերի օգտագործումը և պահումը պետք է իրականացվի շահագործման կանոնների պահանջներին համապատասխան:

120. Բաց հրապարակներում հատուկ էֆեկտների կիրառման անհրաժեշտության դեպքում, հրդեհները կանխելու նպատակով, պատասխանատու բեմադրիչի (գլխավոր ռեժիսորի, գեղարվեստական ղեկավարի) կողմից ձեռնարկվում են համապատասխան հակահրդեհային միջոցառումներ:

 

VII. ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

121. Առանց պատուհանների և ծխահեռացման հորանների շինություններում վառողունակ (հեշտ բռնկվող) ապրանքների կամ փաթեթավորումներով ապրանքների պահեստավորում չի թույլատրվում:

122. Լուցկիների, օծանելիքի, աերոզոլային փաթեթների և այլ հրդեհավտանգ ապրանքների պահեստավորումը պետք է կատարվի հատուկ հարմարեցված պահեստներում:

123. Արգելվում է՝

ա) առևտրի սրահներում, գնորդների ներկայությամբ կատարել կրակի հետ կապված աշխատանքներ,

բ) տարահանման ուղիների արգելափակումը:

124. Բաց հրապարակներում, շենքերում (շինություններում) կազմակերպված ապրանքային շուկաները պետք է համապատասխանեն հրդեհային անվտանգության հետևյալ պահանջներին՝

ա) առևտրի սարքավորումները պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի շարքերի երկարությամբ ապահովվի ոչ պակաս, քան 2 մետր լայնությամբ ազատ անցում դեպի տարահանման ելքերը.

բ) առևտրի շարքերի յուրաքանչյուր 30 մետրից հետո պետք է լինի լայնակի անցում ոչ պակաս, քան 1.4 մետր լայնությամբ:

125. Աշխատանքային ժամերին, ապրանքի բեռնավորման և տարաների բեռնաթափման աշխատանքները պետք է կատարվեն պայմանով, որ դա չխոչընդոտի գնորդների տարահանման ելքերը:

126. Չի թույլատրվում 1լիտրից ավելի ապակյա տարաներով կշռածրարված կենցաղային քիմիայի, լաքերի, ներկերի, այրվող և դյուրավառ հեղուկների, ինչպես նաև առանց զգուշացնող («Հրավտանգ է», «Կրակի մոտ չդնել») մակագրերի ապրանքների առևտուր անելը:

Հրդեհավտանգ ապրանքների կշռաբաշխումը պետք է կատարվի հատուկ սարքավորված շինություններում:

127. Առևտրի սրահները կերոսինի և այրվող հեղուկների պահեստներից պետք է առանձնացվեն հակահրդեհային միջնապատերով: Տարողությունների ծավալը 5մ3-ից ավել չպետք է լինի:

128. Խողովակաշարը, որով այրվող գազը պահեստարաններից մղվում է բաշխիչ բաքեր, պետք է անշարժ ամրացվի և բաշխիչ բաքի տարողության մոտ ունենա փականներ: Բաշխիչ բաքի տարողությունը 100լ-ից ավել չպետք է լինի: Խողովակաշարը և տարողությունները երկու տեղից պետք է հողանցվեն: Հողանցման հուսալիության ստուգումը էլեկտրական դիմադրության չափումով պետք է կատարվի տարեկան ոչ պակաս, քան մեկ անգամ:

129. Կերոսինի վաճառքի համար նախատեսված վաճառասեղանը հարվածի դեպքում կայծի առաջացումը բացառելու նպատակով պետք է ծածկվի կայծ չառաջացնող նյութով: Չի թույլատրվում կերոսինի վաճառման շինություններում փաթեթավորման նյութերի պահումը: Կերոսինի և այրվող հեղուկների տարաները պահվում են ցանկապատված հատուկ տարածքներում:

130. Ավտոբաքից, ավտոցիստեռններից կերոսինի վաճառքը պետք է կատարվի մոտակա շենքերից ոչ պակաս, քան 15 մետր հեռավորության վրա:

131. Խանութների շինություններում թույլատրվում է պահել ոչ ավելի, քան մեկական արկղ ծխային (50կգ), անծուխ (50կգ), վառոդ և 15000 լիցքավորված փամփուշտ:

 

VIII. ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲՈՒԺԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

132. Հիվանդանոցի շենքերը, որտեղ շուրջօրյա գտնվում են ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն չունեցող հիվանդներ, պետք է ապահովված լինեն պատգարակներով` յուրաքանչյուր 5 հիվանդի համար մեկ պատգարակ:

133. Հիվանդասենյակներում, մահճակալների միջև, հեռավորությունը պետք է լինի 0.8 մետրից ոչ պակաս, իսկ հիմնական կենտրոնական անցատեղի լայնությունը՝ 1.2 մետրից ոչ պակաս: Աթոռները, պահարանները և այլ կահույքը չպետք է ծանրաբեռնեն տարահանման ուղիները և ելքերը:

134. Հիվանդասենյակներ թթվածնի կենտրոնացված մատակարարումը, որպես կանոն, պետք է կատարվի առանձին տեղադրված բալոնային սարքավորումներից (ոչ ավել, քան 10բալոն) կամ կենտրոնական թթվածնային կետից (երբ բալոնների թիվը 10-ից ավել է): Թթվածնի կենտրոնացված մատակարարման բացակայության դեպքում թթվածնի բարձերից օգտվելու կարգը սահմանվում է կազմակերպության ղեկավարի հրամանով: Շենքի արտաքին չայրվող պատի մոտ թույլատրվում է չայրվող պահարանում պահել մեկ թթվածնային բալոն:

135. Արգելվում է՝

ա) մահճակալները տեղադրել միջանցքներում, սրահներում, տարահանման ճանապարհների վրա.

բ) սենյակների հարդարման համար օգտագործել այրման ժամանակ թունավոր միացություններ առաջացնող նյութեր.

գ) հիվանդասենյակները թթվածնով մատակարարելու համար օգտագործել ռետինե և պլաստմասսե ճկափողեր.

դ) օգտվել անսարք բուժական էլեկտրասարքավորումներից:

136. Եռոցների, ջրաջեռուցիչների տեղադրումը, բժշկական գործիքների մանրէազերծումը, ինչպես նաև պարաֆինի և հանքամոմի (օզոկերիտի) տաքացումը թույլատրվում է կատարել հատուկ, այդ նպատակների համար հարմարեցված շինություններում: Գործիքները եռացնելու համար պետք է օգտագործվեն փակ էլեկտրապարույրներով մանրեազերծիչներ: Չի թույլատրվում այդ նպատակով օգտագործել նավթավառեր և պրիմուսներ:

137. Լաբորատորիաներում, բաժանմունքներում, բժիշկների աշխատասենյակներում դեղանյութերը, ռեակտիվները (այրվող և դյուրավառ հեղուկների դասին պատկանող սպիրտ, եթեր և այլն) պետք է պահվեն դրա համար նախատեսված պահարաններում:

138. Ռենտգենային ժապավենների քանակը 300 կգ-ից ավել լինելու դեպքում արխիվային պահեստարանը պետք է տեղադրվի առանձին շենքում, իսկ 300 կգ-ից պակաս լինելու դեպքում թույլատրվում է պահել I տիպի հակահրդեհային պատերով և ծածկով շինություններում: Արխիվային պահեստարանից մինչև հարևան շենքերն ընկած հեռավորությունը չպետք է պակաս լինի 15 մետրից: Արխիվային պահեստարանի յուրաքանչյուր բաժանմունքում պահվող ժապավենների քանակը 500 կգ-ից ավել չպետք է լինի: Պահեստարանի յուրաքանչյուր բաժանմունք պետք է ունենա առանձին արտազտիչ օդափոխություն: Դրանց դռները պետք է բացվեն դեպի դուրս: Արխիվներում պատուհանների և հարակից մակերեսների հարաբերությունը 1/8-ից պակաս չպետք է լինի:

Արխիվներում վառարանային ջեռուցում, ինչպես նաև շոգեջեռուցում չի թույլատրվում: Պահեստների շենքերում չի թույլատրվում տեղակայել էլեկտրավահանակներ, անջատիչ սարքեր, էլեկտրական զանգեր, խրոցակային միացումներ: Ոչ աշխատանքային ժամերին պահեստարանի էլեկտրահաղորդագծերը պետք է հոսանքազրկվեն:

Շինությունում, մինչև 4 կգ քանակությամբ ռենտգեն ժապավենը, արխիվից դուրս կարող են պահվել մետաղյա պահարանում (արկղում), որը պետք է գտնվի ջեռուցիչ սարքերից ոչ պակաս, քան 1մ հեռավորության վրա: Նշված շինություններում բոլոր տեսակի ջեռուցման սարքերի օգտագործումը, ինչպես նաև ծխելն արգելվում է:

 

IX. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՅԼ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

139. Տեխնոլոգիական պրոցեսները պետք է կատարվեն ըստ տեխնիկական շահագործման կանոնների և այլ նորմատիվ-տեխնիկական ու շահագործման փաստաթղթերի, իսկ հրդեհավտանգ և պայթյունահրդեհավտանգ նյութերի օգտագործման համար նախատեսված սարքավորումները պետք է համապատասխանեն նախագծային փաստաթղթերին:

140. Յուրաքանչյուր կազմակերպությունում պետք է լինեն տեխնոլոգիական պրոցեսներում օգտագործվող նյութերի հրդեհավտանգության վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ: Հրդեհավտանգ և պայթյունահրդեհավտանգ նյութերով աշխատելիս պետք է պահպանվեն ստանդարտներով նախատեսված պիտակավորման պահանջները և փաթեթավորման կամ ուղեկցական փաստաթղթերի վրա նշված նախազգուշական մակագրությունները:

Չի թույլատրվում այն նյութերի համատեղ օգտագործումը (եթե դա նախատեսված չէ տեխնոլոգիական աշխատակարգով), պահումը, տեղափոխումը, որոնց փոխազդեցության դեպքում կարող է տեղի ունենալ բռնկում, պայթյուն կամ կարող են առաջանալ այրվող և թունավոր գազեր (միացություններ):

141. Սարքավորումների պլանային կանխարգելիչ վերանորոգումը և նախապահպանական ստուգումը պետք է կատարվի սահմանված ժամկետներում, տեխնոլոգիական նորմերով և նախագծով նախատեսված հրդեհային ան-վտանգության պայմանների կատարմամբ:

142. Օդափոխության սարքերի (պահարաններ, ներկման, չորացման խցիկներ և այլն) խողովակաշարերի կառուցվածքը պետք է կանխի հրդեհավտանգ նստվածքների կուտակումը: Այդ սարքերի մաքրումը պետք է կատարվի հրդեհաանվտանգ եղանակներով, տեխնոլոգիական նորմերի համաձայն, և գրանցվի մատյանում:

143. Տեխնոլոգիական սարքավորումների, խողովակաշարերի վրա տեղադրվող կայծմարիչները, կայծորսիչները, կրակարգելիչները, փոշու, մետաղի որսիչ և հակապայթյունային սարքերը, ստատիկ էլեկտրականությունից պաշտպանող համակարգերը պետք է պահվեն աշխատանքային վիճակում:

144. Սարքավորումների, արտադրանքի, մասերի լվացումը, յուղազերծումը պետք է կատարվի հրդեհաանվտանգ եղանակներով, չայրվող տեխնիկական լվացման նյութերի օգտագործմամբ:

145. Խողովակաշարերում սառած նյութերի, սառցային, բյուրեղահիդրատային և այլ խցանումների վերացումը պետք է կատարվի տաք ջրով, գոլորշով և այլ անվտանգ եղանակներով: Այդ նպատակների համար չի թույլատրվում օգտագործել բաց կրակ:

146. Այրվող, դյուրավառ նյութերի նմուշառումը պետք է կատարվի բավարար լուսավորության պայմաններում: Ամպրոպի, նյութերի ներմղման և արտամղման ժամանակ չի թույլատրվում այդ գործողությունների կատարումը: Չի թույլատրվում նաև այդ տիպի հեղուկները տարողությունների մեջ լցնել «թափվող շիթով»: Հեղուկների տարողությունների ներմղման և արտամղման արագությունը չպետք է գերազանցի տարողությունների վրա դրված շնչառական փականների (օդափոխման խողովակների) բացթողման գումարային հնարավորություններին:

147. Փոշեհավաքարանների խցիկների, փոշեզատիչների շահագործման ժամանակ դռները և դիտանցքերը պետք է փակ լինեն:

148. Չի թույլատրվում պահեստների, արտադրական շինությունների վրայով անցկացնել տարանցիկ էլեկտրագծեր, ինչպես նաև այրվող, վառողունակ հեղուկների, դյուրավառ փոշիների, այրվող գազերի փոխադրման խողովակաշարեր:

149. Պայթյունահրդեհավտանգ տեղամասերում, շինություններում, արտադրամասերում աշխատանքները պետք է կատարվեն միայն կայծ չառաջացնող նյութերից (գունավոր մետաղներից) պատրաստված կամ պայթյունաանվտանգության պահանջներին համապատասխանող գործիքներով:

150. Արտադրության ընթացքում վառողունակ փոշեգոյացման դեպքում շինությունների պատերը, առաստաղները, կառուցվածքները և սարքավորումները պետք է կանոնավոր կերպով մաքրվեն: Մաքրման աշխատանքների պարբերականությունը սահմանվում է կազմակերպության ղեկավարի հրամանով, որոշմամբ:

151. Աշխատատեղերին այրվող, դյուրավառ հեղուկների, այրվող գազի մատակարարումը պետք է կատարվի կենտրոնացված ձևով: Թույլատրվում է աշխատատեղերին մատակարարել ոչ մեծ քանակությամբ նշված տիպի հեղուկներ և գազ միայն անվտանգ տարայով:

152. Պատերի, առաստաղների տեխնոլոգիական անցքերը անհրաժեշտ է պաշտպանել հրապատնեշող սարքերով:

153. Առանց տարայի կիսաֆաբրիկատների տեղափոխման դեպքում հորանային վերելակների բեռնման սարքերը պետք է սարքավորվեն միայն բեռնման ժամանակ բացվող սահափականներով:

154. Հակահրդեհային դռների ինքնափակման մեխանիզմները պետք է պահվեն սարքին վիճակում: Հրապատնեշող սարքերը աշխատանքային օրվա վերջում պետք է փակվեն:

155. Գծերի և մակակլանիչների վրա տեղադրված պայթյունային պահպանական փականների պաշտպանիչ թաղանթների նյութերը և հաստությունը պետք է համապատասխանեն նախագծման տվյալներին:

156. Անհրաժեշտ է կանոնավոր կերպով ստուգել հրապատնեշող սարքերի և թաղանթային կափույրների սարքինությունը, կատարել կրակմարիչ գլխադիրների մաքրում: Դրանց ստուգման ժամկետները պետք է նշվեն օբյեկտների հրահանգներում:

157. Մակակլանիչները պետք է բացառեն դրանց մեջ գտնվող ակտիվացված ածխի ինքնաբռնկումը: Այդ նպատակների համար պետք է օգտագործվի միայն ստանդարտ տեսականիշի ակտիվացված ածուխ:

158. Այրվող հեղուկներ շրջանառվող հիդրոցանցերում անհրաժեշտ է հսկողություն սահմանել բաքում գտնվող յուղի մակարդակին և թույլ չտալ, որպեսզի համակարգում յուղի ճնշումը նախատեսվածից բարձր լինի: Հիդրոցանցում յուղի կաթոց հայտնաբերելու դեպքում այն անհրաժեշտ է անմիջապես վերացնել:

159. Տաք մամլիչների, բեռնաթափման և բեռնման հարկաշարերի վրա պետք է տեղադրել սալիկների միացման և հեռացման ժամանակ փոշու և գազի առաջացումը կանխող արտաձգիչ գլխանոց։ Գլխանոցի կառուցվածքը չպետք է դժվարացնի մամլիչի սպասարկումը, մամլիչի և գլխանոցի մաքրումը։

160. Թմբուկավոր չորանոցները, չոր տաշեղների և փոշու բունկերները պետք է ունենան հրդեհաշիջման ինքնաշխատ սարքեր, ինչպես նաև պայթյունը կանխարգելող սարքավորումներ։

161. Տաշեղային և փոշենյութերի փոխադրման համակարգերը պետք է սարքավորված լինեն կրակի տարածումը կանխող հարմարանքներով, ինչպես նաև մտոցներով՝ բռնկումը վերացնելու համար։

162. Պնևմատրանսպորտից և օդափոխության համակարգերից փայտյա ու պայթյունավտանգ փոշու հավաքման տարողությունները պետք է հակապայթյունային սարքավորումներ ունենան։

163. Աշխատանքային օրվա ավարտին հերթափոխի կողմից, սալիկների մշակման խցիկները պետք է մաքրվեն խեժային գոյացումներից, փայտի հրաքայքայման փոշուց և այլ մնացորդներից։ Փայտ-տաշեղային սալիկների ջերմամշակման խցիկներից պայթյունավտանգ գազերը հեռացնելու համար անհրաժեշտ է նախատեսել գազահեռացման համակարգ։

164. Ջերմամշակումից հետո սալիկների ինքնաբռնկումը կանխելու համար, կույտերով դարսելուց առաջ, դրանք բաց հրապարակներում պետք է սառեցվեն մինչև շրջակա միջավայրի ջերմաստիճանը։

165. Մշակման խցիկներում, յուղային վաննաներում ջերմաստիճանը պետք է հսկվի ինքնաշխատ սարքերով:

166. Ջեռուցման գազեր օգտագործող չորացնող թմբկագլանները պետք է սարքավորված լինեն կայծորսիչներով։

167. Տոգորման, ինչպես նաև սառեցնող` այրվելու ունակություն ունեցող հեղուկներով վաննաները, աշխատանքը վերջացնելուց հետո պետք է փակվեն կափարիչներով։

168. Այրվող հեղուկներով տոգորման, մխման վաննաները պետք է ունենան սարքավորումներ՝ վթարի դեպքում հեղուկները շինություններից դուրս գտնվող ստորգետնյա տարողությունների մեջ լցնելու համար։ Յուրաքանչյուր վաննա պետք է ունենա դյուրավառ գոլորշիների տեղային արտածծում։

169. Պարբերական գործողության չորացման խցիկները, օդաջեռուցիչները յուրաքանչյուր բեռնավորումից առաջ պետք է մաքրվեն արտադրական աղբից և փոշուց։

170. Գազային և օդագոլորշային խցիկների ներհոսման ու արտաձգիչ օդանցքերը պետք է սարքավորված լինեն հրդեհի առաջացման դեպքում փակվող հատուկ սահափականներով (ձգափականներով)։

171. Գազային չորացման խցիկները պետք է ունենան ինքնաշխատ սարքավորումներ, օդափոխիչների աշխատանքի ընդհատման դեպքում ջեռուցիչ գազերի մուտքը դադարեցնելու համար։ Գազային չորացման խցիկներից առաջ պետք է տեղադրվեն կայծորսիչներ` կայծերի թափանցումը խցիկներ բացառելու նպատակով։ Գազային չորացման խցիկների նախածխանցքերի, կայծորսիչների տեխնիկական վիճակը կանոնավոր կերպով պետք է ստուգվի։ Կայծորսիչների անսարքությունների, նախածխանցքերի մակերեսային ճեղքեր առաջանալու դեպքում աշխատանքը դադարեցվում է։

172. Հեղուկ և պինդ վառելանյութերով աշխատող գազային չորացման խցիկների ջեռուցման գազային սարքերը պետք է մրից մաքրվեն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ։

173. Ջեռուցման չորացման բաժանմունքը պետք է համալրված լինի կարգավորիչ սարքերով՝ չորացնող ազդակի ջերմաստիճանի հսկողության համար։

174. Փափուկ փայտյաթելքավոր սալիկների չորացման խցիկները փայտանյութի մնացորդներից պետք է մաքրվեն օրը մեկ անգամ։ Փոխակրիչի աշխատանքի ընդհատման դեպքում (ավելի քան 10 րոպե) խցիկների ջեռուցումը պետք է դադարեցվի։ Չորացման խցիկները պետք է ունենան սարքեր բռնկման դեպքում օդաջեռուցիչների, օդափոխիչների անջատման և հրդեհաշիջման միջոցների միացման համար։

175. Հումքի, կիսաֆաբրիկատների, ներկված պատրաստի արտադրանքի չորացման խցիկները (շինությունները, պահարանները) պետք է ունենան ջերմաստիճանը թույլատրվող սահմանագծից բարձրանալու դեպքում ջեռուցումն անջատելու սարքեր։

176. Չորացման խցիկներում մարդկանց գտնվելը և արտահագուստ չորացնելը չի թույլատրվում։

 

2. ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

 

177. Հսկող չափիչ սարքերի և սարքավորումների ղեկավարման սենյակները գազակարգավորման կայաններից և գազակարգավորման սարքավորումներից պետք է անջատվեն միջանցիկ անցքեր և ճեղքեր չունեցող գազանթափանց պատերով։ Հաղորդակցման ուղիները պատերի միջով անց են կացվում հատուկ հարմարանքների խծուկների օգտագործմամբ։

178. Գազավտանգ աշխատանքները պետք է կատարվեն միայն պետական հրդեհային հսկողության մարմինների կարգադրագրով և հրդեհային անվտանգության կանոններին համապատասխան։ Անձնակազմի հետ նախապես պետք է անցկացնել հրդեհային անվտանգության հրահանգավորում, որից հետո թույլատրվում է կատարել աշխատանքները։

179. Գազակարգավորման կայանի (սարքավորումների) օդափոխության համակարգի խափանման դեպքում պետք է միջոցներ ձեռնարկել սենյակում վտանգավոր խտության գազագոյացումը բացառելու համար։ Օդափոխության համակարգի անսարքության դեպքում չի թույլատրվում սարքավորումների ու գազատարների մոնտաժում և վերանորոգում։

180. Չի թույլատրվում 450C-ից ցածր բռնկման ջերմաստիճան ունեցող հեղուկ վառելանյութի օգտագործումը։ Էլեկտրակայանում այդպիսի վառելանյութի ստացման դեպքում չի թույլատրվում այն դատարկել` բեռը վերադարձվում է առաքողին։

181. Յուղի մաքրման դեպքում ճնշման, ջերմաստիճանի, յուղաջեռուցիչ յուղի մատակարարման անընդհատության վրա սահմանվում է մշտական հսկողություն։

182. Շինություններում, փակ բաշխման սարքավորումների միջանցքներում չի թույլատրվում դրանց հետ առնչություն չունեցող պահեստանոցներ ստեղծել և պահել էլեկտրատեխնիկական սարքեր, պահեստամասեր, այրվող հեղուկներով տարողություններ ու տարբեր գազերով բալոններ։

183. Կաբելային շինություններում, յուրաքանչյուր 60 մետրից հետո պետք է տեղադրվեն մոտակա ելքի վերաբերյալ ցուցատախտակներ։ Բաժանարար միջնապատերի դռների վրա պետք է փակցվի մոտակա ելքը ցույց տվող ցուցատախտակ (գծապատկեր)։ Կաբելային շինությունների՝ դեպի ելանցքեր տանող սանդուղքները պետք է այնպես տեղադրվեն, որպեսզի թունելով (հարվով) տեղաշարժմանը չխանգարեն։

184. Չի թույլատրվում շինությունների ներսում առանց ձութե ծածկույթը հանելու զրահապատ կաբելներ տեղադրել։

185. Կաբելային շինությունների բաժանմունքային միջնապատերի դռները պետք է ինքնափակվող լինեն և բացվեն դեպի մոտակա ելքը։ Կաբելային շինությունների շահագործման ժամանակ դռները պետք է գտնվեն ֆիքսված և փակ վիճակում։ Օդափոխման պայմաններում թույլատրվում է կաբելային շինությունների դռները բաց թողնել, ընդ որում, հրդեհի ահազանգման իմպուլսի դեպքում կառուցվածքի համապատասխան հատվածամասերում այդ դռները պետք է ինքնաբերաբար փակվեն։ Դռների ինքնափակման սարքերը պետք է տեխնիկապես սարքին վիճակում պահվեն։

186. Մետաղյա տուփերում տեղադրված կաբելային գծերը պետք է ունենան չայրվող նյութերից քփացում և ոչ պակաս, քան 0.75 ժ հրակայունության աստիճան ունեցող միջնապատերով տարանջատվեն հետևյալ տեղերում.

ա) կաբելային շինությունների մուտքի մոտ‚

բ) կաբելային տուփերի հորիզոնական մասում, յուրաքանչյուր 30 մ-ից հետո, ինչպես նաև գլխավոր կաբելային անցումների ճյուղավորման տեղերում‚

գ) կաբելային տուփերի ուղղաձիգ հատվածում (յուրաքանչյուր 20 մ-ի վրա)։ Ծածկի միջով անցնելու դեպքում պետք է ունենան նույնատիպ քփացում՝ յուրաքանչյուր ծածկի նշագծում։ Քփացումների տեղերը տուփերի արտաքին մակերեսի վրա պետք է նշվեն կարմիր գծով և կատարվեն պարզաբանող մակագրություններ։

187. Վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ կատարելու ընթացքում չի թույլատրվում պոլիէթիլենային մեկուսացումով կաբելներ օգտագործել։

188. Կաբելների մետաղական պատյանները և մետաղական մակերեսները պետք է պաշտպանվեն չայրվող հակաքայքայիչ ծածկույթով։

189. Յուղալեցուն կաբելների լրասնուցման շինություններում չի թույլատրվում պահել տվյալ սարքավորումների հետ առնչություն չունեցող, այրվող և այլ նյութեր։

190. Բաշխիչ սարքվորումներում և այլ շինություններում կաբելային ուղիները և երկտակ հատակները պետք է ծածկվեն չայրվող հանովի սալերով։ Կառավարման վահանների շինություններում վահանները փայտասալիկային հատակից պետք է ազբեստով և մետաղե թիթեղով մեկուսացվեն։ Չայրվող հանովի սալերը, ինչպես նաև ամբողջական վահանները բարձրացնելու համար պետք է ունենալ հատուկ հարմարանքներ։

191. Վերակառուցման և վերանորոգման ժամանակ կաբելային շինությունների վրայով տարանցիկ հաղորդակցման գծերի և այլ հաղորդալարերի անցկացում չի թույլատրվում։

192. Տրանսֆորմատորների և ռեակտորների տակի յուղընդունիչ, յուղի արտաքսման սարքերը (կամ հատուկ յուղաքարշերը) պետք է պահվեն սարքին վիճակում, որպեսզի վթարի դեպքում յուղը չթափանցի կաբելային ուղիներ և այլ շինություններ։

193. Շարժական հրշեջ տեխնիկայի տեղակայման վայրերում պետք է նշվեն հողանցման տեղերը։ Հողանցման վայրերը էներգաօբյեկտների և հրշեջ պահպանության ներկայացուցիչները պետք է որոշեն համատեղ։

 

3. ՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

194. Մեքենայական շարման բաժանմունքներում սեղանները և պահարանները պետք է պատված լինեն չժանգոտվող պողպատի ցինկապատ թիթեղով, ինչպես նաև ջերմակայուն պլաստմասսայով։

195. Մայրատուփերի, տառամայրերի և սեպերի մաքրումը այրվող ու դյուրավառ հեղուկներով պետք է կատարվի համապատասխան օդափոխիչներով սարքավորված մեկուսացված շինություններում։ Առանձին դեպքերում թույլատրվում է մաքրումը կատարել լինոտիպային բաժանմունքում գտնվող, արտածծիչ օդափոխությամբ հատուկ, չայրվող պահարաններում։

196. Արգելվում է.

ա) յուղոտ մեքենաների մետաղամատուցիչի վրա կախել խոնավ ձուլակտորներ‚

բ) ձուլման կաթսան բեռնավորել շարվածքային նյութերով, աղտոտված ներկերով և այրվող նյութերով‚

գ) գրաշարային մեքենաների վրա թողնել, կամ դրանց մեջ պահել այրվող լվացման նյութեր և լցարկված յուղման սարքեր‚

դ) այրվող հեղուկներով տոգորված արտահագուստով մոտենալ ձուլիչ մեքենային, ինչպես նաև աշխատել‚

197. Տառանյութերի հալման բաժանմունքներում հատակները պետք է լինեն չայրվող հրակայուն նյութերից։

198. Տառամայրի նյութի (վինիպլաստ, մոմազանգված, կապար) վրա կաուչուկի բենզինային լուծույթ լցնելը և զտիչ ստվարաթղթի բակելիտային լաքով տոգորումը թույլատրվում է կատարել կողեզրային արտածծիչ համակարգ ունեցող սեղանների կամ հատուկ արտաձգիչ օդափոխիչով չայրվող պահարանում։

199. Ջերմապահպանիչում մոմի բաղադրանյութի տաքացման ջերմաստիճանը չպետք է լինի 800 C-ից ավել։

200. Տառամայրի նյութի գրաֆիտապատումը պետք է կատարվի արտաձգիչ օդափոխությունով, հատուկ փակ սարքավորման մեջ։

201. Չի թույլատրվում տառամայրի նյութի գրաֆիտավորումը կատարել բաց եղանակով, անմիջապես մամլիչի ջեռուցիչ սարքի վրա, ինչպես նաև դրանք չորացնել ջեռուցիչ և տաքացնող սարքերի վրա։

202. Լուսանկարչական ժապավենների կտորները պետք է հավաքվեն և պահվեն ամուր փակված կափարիչներով չայրվող արկղերի մեջ։

203. Լուսանկարչական լաբորատորիաներում և շինություններում, որոնք հայտածման սարքավորումներ ունեն, աշխատանքը վերջացնելուց հետո հայտածված ժապավենները պահպանման համար պետք է հանձնվեն արխիվ։

204. Հավաքակցման և ռետուշավորման սեղանների լապտերները պետք է ունենան կրկնակի ապակեպատվածք։ Չի թույլատրվում աշխատել հավաքակցման սեղանների վրայի ապակու կոտրման կամ այն սովորականով փոխարինելու դեպքում։

 

X. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ

 

205. Անասնապահական և թռչնաբուծական ֆերմաների` վակուումային պոմպերի և ջերմագեներատորների տեղադրման համար նախատեսված շենքերը, որոնք օգտագործվում են կրակային ջեռուցումով անասնակերերի պատրաստման կոշտ անասնակերի պաշարի պահման շինությունները, անասուններ և թռչուններ պահելու տեղերից պետք է առանձնացվեն հակահրդեհային պատերով և ծածկով։ Նշված շինությունները պետք է ունենան ելքեր դեպի դուրս։

206. Անասունների և թռչունների պահման շինություններում չի թույլատրվում պահեստներ, արհեստանոցներ և ավտոփոխադրամիջոցների (ավտոտրանսպորտի), տրակտորների, գյուղտեխնիկայի կայանատեղեր ստեղծել, ինչպես նաև կատարել ֆերմաների սպասարկման հետ չկապված աշխատանքներ։ Տրակտորների, ավտոմեքենաների, գյուղատնտեսական մեքենաների մուտքը նշված շինություններ թույլատրվում է միայն արտանետման խողովակները կայծմարիչներով կահավորելու դեպքում։

207. Ֆերմաների ձեղնահարկերում կոշտ կերի պահման դեպքում անհրաժեշտ է նախատեսել՝

ա) չայրվող նյութերից ծածկ‚

բ) փայտյա ձեղնահարկերի այրվող ծածկի պաշտպանություն չայրվող ջերմամեկուսիչով,

գ) ձեղնահարկում էլեկտրահաղորդագծի մեխանիկական վնասվածքներից պաշտպանություն,

դ) ծխնելույզների պարագծով ցանկապատում` 1 մետր հեռավորության վրա։

208. Էլեկտրական տաքացուցիչների տեղադրման և շահագործման ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ պահանջները.

ա) ջեռուցման սարքերից մինչև վառողունակ նյութեր ընկած հեռավորությունը չպետք է լինի ուղղաձիգ գծով 80 սմ և հորիզոնագծով 25 սմ պակաս‚

բ) ջեռուցման սարքերը պետք է լինեն գործարանային արտադրության։ Չի թույլատրվում բաց ջեռուցման սարքերի օգտագործումը‚

գ) սարքերի էլեկտրասնուցումը բաշխիչ վահաններից պետք է կատարվի ինքնուրույն գծով։ Յուրաքանչյուր ճտանոցի տաքացուցիչի մոտ պետք է լինի առանձին անջատիչ‚

դ) բաշխիչ վահանը պետք է ունենա անջատիչ` ամբողջ էլեկտրացանցի հոսանքազրկման համար, կարճ միացման հոսանքներից և գերծանրաբեռնվածությունից պաշտպանիչ սարքեր‚

ե) ճտանոցի տաքացուցիչի ջերմային ռեժիմը պետք է պահպանվի ինքնաշխատ սարքերով։

209. Շարժական անդրամանուշակագույն սարքավորումները և դրանց էլեկտրասարքերը պետք է գտնվեն վառողունակ նյութերից ոչ պակաս, քան 1 մետր հեռավորության վրա։

210. Ճտանոցների էլեկտրատաքացուցիչների և անդրամանուշակագույն սարքավորումների սնման էլեկտրալարերը պետք է տեղադրվեն հատակից ոչ պակաս, քան 2.5 մետր բարձրության վրա, իսկ վառողունակ կառուցվածքներից` 20 սմ հեռավորության վրա։

211. Խուզող ագրեգատի բենզաշարժիչը պետք է տեղադրվի շենքերից 15 մետր հեռավորության վրա, աղբից և խոտից մաքրված հրապարակում։ Վառելիքաքսանյութերի պաշարները (պահեստները) պետք է պահվեն խուզման կետից և շինություններից` 20 մետր հեռավորության վրա, փակ մետաղական տարայում։

212. Չի թույլատրվում խուզման կետում մեկ հերթափոխի արտադրանքից ավելի բրդի կուտակումը, ինչպես նաև անցման ուղիները և ելքերը բրդի հակերով ծանրաբեռնումը։

213. Ամոնիակային բորակը պետք է պահվի առաջին և երկրորդ աստիճանի հրակայունության, առանց ձեղնահարկերի, չայրվող, մեկ հարկանի առանձին շինություններում։ Բացառիկ դեպքում ամոնիակային բորակը կարելի է պահել առաջին և երկրորդ աստիճանի հրակայունության գյուղատնտեսական կազմակերպության հանքային պարարտանյութերի ընդհանուր պահեստի առանձին հատվածամասում։ Ուժեղ ներգործող օքսիդիչները (մագնեզիումային ու կալցիումային քլորատներ, ջրածնի գերօքսիդ և այլն) պետք է պահվեն առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի հրակայունության շինությունների առանձին հատվածամասերում։

214. Դաշտային պայմաններում նավթամթերքների պահեստավորումը և լվացումը պետք է կատարվի խոտից ու աղբից մաքրված հրապարակներում, որոնց շուրջը պետք է լինի ոչ պակաս, քան 4 մետր լայնությամբ հերկված շերտ։ Լցավորումը թույլատրվում է նաև կատարել կալից, խոտի դեզերից, ծղոտներից, հացահատիկային զանգվածներից ոչ պակաս 100 մետր հեռավորության վրա գտնվող հերկված տարածությունում, իսկ շինություններից` 50 մետր։

 

2. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄՇԱԿՈՒՄ

 

215. Աշխատանքն սկսելուց առաջ հատիկազատման, կալսման մեքենաների արտաձգման ուղիների օդային ռեժիմը պետք է կարգավորվի այնպես, որպեսզի ապահովվի հացահատիկի որակով աերոդինամիկական մաքրումը և բացառվի շինությունում փոշու անջատումը։ Մեքենաների վրայի պայթապարպիչները պետք է գտնվեն սարքին աշխատանքային վիճակում։

216. Շերեփավոր էլևատորները (50 տ/ժ-ից ավելի արտադրողականությամբ) պետք է ունենան ինքնաշխատ արգելակման սարքեր, որպեսզի կանգառի դեպքում ժապավենի հետադարձ շարժում տեղի չունենա։

217. Չմաքրված հացահատիկի պտուտակրիչները պետք է սարքավորված լինեն խոշոր խառնուկների որսման ցանցերով և արտադրանքի ճնշման տակ բացվող պաշտպանիչ կափույրներով։ Ցանցերի մաքրման պարբերականությունը սահմանվում է կազմակերպության ղեկավարի կողմից։

218. Բոլոր սեպափոկային փոխանցումներում փոկերի ձգվածությունը պետք է միատեսակ լինի։ Չի թույլա-տրվում աշխատել փոկերի անլրակազմության, փոկանիվների սեպաձև առվակներին չհամապատասխանող փոկերի օգտագործման դեպքում։ Սեպաձև փոկերի փոխարինումը տվյալ փոխանցման համար պետք է կատարվի ամբողջ լրակազմով։

 

3. ՀԱՑԱԲՈՒՅՍԵՐԻ ԲԵՐՔԵՐԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔ ԵՎ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ ՄԹԵՐՈՒՄ

 

219. Բերքահավաքից առաջ այդ աշխատանքների մեջ ներգրավված անձինք պետք է անցնեն հակահրդեհային հրահանգավորում։ Բերքահավաքի մեքենաները, կոմբայնները, տրակտորները և ավտոմեքենաները պետք է ունենան հրդեհաշիջման սկզբնական միջոցներ (երկուական կրակմարիչ, սվինաձև բահ), կարգավորված սնման, վառքի, յուղման համակարգեր, ինչպես նաև կահավորված լինեն սարքին կայծմարիչներով։

220. Չի թույլատրվում երկաթուղային, խճուղային ճանապարհի օտարման գոտիներում հասկավոր կուլտուրաներ ցանել։ Այդ գոտիներից հնձած խոտի դեզերը պետք է տեղադրվեն հացահատիկային զանգվածներից ոչ պակաս, քան 30 մ հեռավորության վրա։

221. Հատիկավոր կուլտուրաների հասունացումից առաջ անտառների, տորֆային զանգվածների, տափաստանային շերտերի, երկաթգծերի, ավտոճանապարհների մերձակա տարածություններում հացահատիկային դաշտերը պետք է հերկվեն 4 մ լայնությամբ։

222. Հացահատիկային կուլտուրաները հավաքելուց առաջ այդ զանգվածները պետք է բաժանվեն 50 հա-ից ոչ ավելի հատվածների։ Նշված հատվածների միջտարածությունները պետք է հնձվեն 8 մ-ից ոչ պակաս լայնությամբ։ Հնձված հացահատիկը այդ գոտուց անմիջապես հեռացվում է։

223. Ժամանակավոր դաշտակացարանները անհրաժեշտ է տեղադրել հացահատիկային զանգվածներից, կալատներից առնվազն 100 մ հեռավորության վրա։

Դաշտակացարանների, կալատեղերի տարածքները պետք է ունենան 4 մ լայնությամբ հերկված շերտեր:

224. Հացահատիկի հավաքման զանգվածների մակերեսը 25 հա-ից ավել լինելու դեպքում անհրաժեշտ է նշված տարածքների մոտակայքում հրշեհաշիջման աշխատանքների կազմակերպման համար ունենալ տրակտոր և գութան։

225. Խոտանները, հնձած արտի մնացորդները դաշտերում այրել չի թույլատրվում։

226. Հացահատիկի կալատեղերը պետք է նախատեսվեն շենքերից, շինություններից ոչ պակաս, քան 50 մ, իսկ հացահատիկային զանգվածներից՝ 100 մ հեռավորության վրա։

227. Արգելվում է՝

ա) առանց շարժիչի ծածկոցների կամ դրանց բաց լինելու դեպքում աշխատեցնել տրակտորները, ինքնագնաց ամրաշրջանակները, ավտոմեքենաները,

բ) զոդալամպերի օգտագործումը շարժիչների ջերմափոխանակիչների վրա նստած փոշու այրման համար,

գ) գիշերային ժամերին ավտոմեքենաների լցավորումը դաշտային պայմաններում։

228. Շարժիչների ջերմափոխանակիչների, տեսակավորող, հավաքող և ծղոտը խրձող մեքենաների լիսեռները, պտուտակիչները, ինչպես նաև այլ հանգույցները և մասերը պետք է ժամանակին մաքրվեն փոշուց, ծղոտից և հացահատիկից։

 

4. ՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ԽՈՏԻ ԱԼՅՈՒՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՊԱՀՈՒՄ

 

229. Վիտամինային խոտի պատրաստման ագրեգատները պետք է տեղադրվեն շինություններում կամ ծածկարանների տակ։ Վառողունակ նյութերից պատրաստված շինությունների և ծածկարանների հիմնատարրերը պետք է մշակված լինեն հրապաշտպան բաղադրություններով։

230. Խոտի ալյուրի պատրաստման շենքերի, շինությունների և վառելիքաքսանյութերով ցիստեռնների միջև ընկած հակահրդեհային միջտարածությունները չպետք է լինեն 50 մետրից, իսկ մինչև կոշտ կերերի պահեստները՝ 150 մետրից պակաս։

231. Վառելիքի ծախսման բաքը պետք է տեղադրվի ագրեգատի շինություններից դուրս։ Վառելիքամուղերը պետք է ունենան ոչ պակաս, քան 2 փական (ագրեգատի և վառելիքի բաքի մոտ)։

232. Չորացման թմբկագլանի մեջ արտադրանքի վառվելու դեպքում, մինչև հրդեհը պատրաստված 150 կգ քանակությամբ արտադրանքը, ինչպես նաև հրդեհը վերացնելուց հետո 200 կգ-ից ոչ պակաս քանակությամբ ստացված արտադրանքը ընդհանուր պահեստ չպետք է հանձնվի, այլ տեղափոխվի առանձին անվտանգ տեղ և ոչ պակաս, քան 48 ժամվա ընթացքում հսկողության տակ պահվի։

233. Ջերմաստիճանի իջեցման համար պատրաստված և փաթեթավորված ալյուրն անհրաժեշտ է 48 ժամ պահել ծածկարանի տակ։

234. Ալյուրը պետք է պահվի առանձին պահեստում կամ հուսալի օդափոխությամբ, հակահրդեհային պատերով և ծածկերով առանձնացված պահեստի հատվածամասում, այլ նյութերից առանձին։ Պահեստը պետք է պահել չոր և բացառել խոնավության ներթափանցումը։ Ալյուրի կույտավորված պահեստավորում չի թույլատրվում։

235. Ալյուրի պարկերը դարսելիս դարսակների բարձրությունը 2 մետրից ավել չպետք է լինի (յուրաքանչյուր շարքում 2 պարկ)։ Շարքերի միջև անցումների լայնությունը պետք է լինի ոչ պակաս, քան 1 մետր, իսկ պատերի երկարությամբ՝ 0.8 մետր։

236. Պահվող ալյուրի ինքնաբռնկումը կանխելու նպատակով անհրաժեշտ է կատարել ջերմաստիճանի վերահսկում։

 

5. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄ

 

237. Տեխնիկական կուլտուրաների մշակման կետերի տարածք մուտք գործող ավտոմեքենաները, տրակտորները և այլ ինքնաշարժ մեքենաները պետք է սարքավորված լինեն կայծմարիչներով։

238. Տրանսպորտային միջոցները խոտի դեզերին պետք է մոտենան շարժիչներից արտամղվող գազերի ուղղությանը հակառակ։

239. Տեխնիկական կուլտուրաների մշակման կետի տարածքում ծխելու տեղերը պետք է տեղադրվեն արտա-դրական շինություններից, պատրաստի արտադրանքի պահեստավորման տեղերից ոչ պակաս, քան 30 մետր հեռավորության վրա։

240. Տեխնիկական կուլտուրաների նախնական մշակման շենքերի տանիքները պետք է լինեն չայրվող նյութերից։

241. Բնական չորացումը պետք է կատարվի հատուկ հատկացված տեղերում։ Արհեստական չորացումն անհրաժեշտ է կատարել հատուկ չորանոցներում։

242. Արտադրական շենքերում տեղադրված չորանոցները այլ շինություններից պետք է առանձնացվեն 1 տիպի հակահրդեհային պատնեշով։ Չորանոցների և խցիկների հիմնատարրերը պետք է երկու կողմից ծեփասվաղ ունենան։

243. Օդափոխման խողովակները պետք է սարքավորված լինեն սողնակներով (ձգափականներով)։ Դրանք պետք է տեղադրվեն օդափոխիչից առաջ և դրանից հետո։

244. Ծխախոտի չորանոցների դարակաշարերը և հարկաշարերը պետք է լինեն չայրվող նյութերից։ Կրակային չորանոցներում ջերմախողովակների վրա պետք է տեղադրվեն մետաղյա շուրթեր, որպեսզի բացառվի դրանց վրա ծխախոտի ընկնելը։ Ծխախոտի պահոցների արտաքին լուսավորության լուսարձակների հենարանները պետք է տեղադրվեն շինություններից դուրս։

 

XI. ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

1. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

245. 25-ից ավելի փոխադրամիջոցների (տրանսպորտային միջոցների) նախատեսված շինությունների համար պետք է մշակվի տեղաբաշխման հատակագիծ` հրդեհի դեպքում տարահանման կարգի և հերթականության նկարագրումով։

246. Փոխադրամիջոցների կայանման շինությունները, ինչպես նաև բաց պահման հրապարակները պետք է ունենան քարշակման մետաղաճոպաններ և մետաղաճաղեր` մեկ հատ տասը միավոր տեխնիկայի հաշվարկով։

247. Փոխադրամիջոցների կայանման շինություններում, ծածկարանների տակ և բաց հրապարակներում արգելվում է՝

ա) հրդեհային անվտանգության պահանջներով սահմանված քանակությունից ավել տրանսպորտային միջոցներ կայանելը, տեղաբաշխման հատակագիծը խախտելը, ավտոմեքենաների միջև ընկած հեռավորությունը փոքրացնելը, ելքի դարպասները ծանրաբեռնելը‚

բ) դարբնոցային, ջերմամշակման, զոդման, ներկման, փայտամշակման աշխատանքներ կատարելը, մասերն այրվող և դյուրավառ հեղուկներով լվանալը‚

գ) վառելիքի բաքի բկանցքի բաց լինելը, վառելանյութի և յուղի հոսքի դեպքում տրանսպորտային միջոցների կայանելը‚

դ) տրանսպորտային միջոցները վառելիքով լցավորելը, դրանցից վառելանյութ դատարկելը‚

ե) վառելանյութ, յուղեր տարայով պահելը (բացի անձնական ավտոտնակներից)‚

զ) կուտակիչների վերալիցքավորումը անմիջապես փոխադրամիջոցների վրա‚

է) շարժիչները տաքացնելը (խարույկներ, ջահեր, զոդման լամպեր) կամ լուսավորության համար բաց կրակից օգտվելը,

ը) ընդհանուր կանգառներում դյուրավառ և այրվող հեղուկների, այրվող գազերի տեղափոխման համար օգտագործվող փոխադրամիջոցների կայանելը։

248. Անձնական ավտոմեքենաներում չի թույլատրվում 40 լիտրից ավելի վառելանյութ և 10 լիտրից ավելի յուղի պաշար պահելը։

 

2. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

249. Ձեռքի ծանրոցների պահասենյակներում, ուղեբեռների բաժանմունքների դարակաշարերը պետք է լինեն չայրվող նյութերից: Չի թույլատրվում վերին կիսահարկեր կառուցել:

250. Պահեստային գնացքաշարերի հիմնակայանը պետք է գտնվի գլխավոր ուղիներից հեռու: Այն պետք է ցանկապատվի և ապահովվի արտաքին լուսավորությամբ:

251. Լվացման-շոգեմաքրման կայանների (կետերի) համար հատկացված հարթակները պետք է բավարարեն կայանների տեխնոլոգիական շահագործման պահանջներին, և մինչև երկաթուղիները, մոտակա կայարանային, տրակտիոն ուղիները տեղակայվեն ոչ պակաս 30 մետր, իսկ կայարանային շենքերը և շինությունները` 50 մետր միջտարածությամբ: Գլանատակառների մշակման հատվածամասերը, նավթամթերքների ներթափանցումը կանխելու համար, անհրաժեշտ է երեսպատել պինդ ծածկույթով:

252. Գլանատակառների տեղափոխումը մշակման տեղամաս պետք է կատարվի միայն կայծմարիչներով սարքավորված ջերմաքարշերով (շարժիչաքարշերով): Ջերմաքարշերը պետք է կայանվեն մաքրման տեղամասից ոչ պակաս, քան 20 մետր հեռավորության վրա: Այդ մասին անհրաժեշտ է տեղադրել հատուկ արգելակող նշան:

253. Գլանատակառները մշակման համար լվացման-շոգեմաքրման կայաններ (կետեր) տեղափոխելիս դրանց դատարկման սարքերը, թասակների կափարիչները, լցման անցքերը պետք է փակ լինեն: Մշակված գլանատակառները պետք է սարքավորվեն սարքին փակիչ ամրակներով:

254. Գլանատակառների բեռնաթափում իրականացնող երկաթուղու տեղամասերը պետք է սարքավորված լինեն նավթամթերքի մնացորդի հավաքման հարմարանքներով: Խողովակաշարերի, պարզարանների մուտքերի և գետնախորշերը պետք է մշտական փակված լինեն կափարիչներով: Լցավորման ժամանակ պետք է օգտագործվեն միայն կուտակչային լապտերներ և գունավոր մետաղներից պատրաստված գործիքներ:

255. Պահոցները, խողովակաշարերը, էստակադները, գլանատակառները, լցման և դատարկման երկաթուղիները էլեկտրաստատիկ լիցքերի կուտակումից զերծ պահելու նպատակով պետք է հուսալիորեն հողանցվեն:

256. Շարժական մետաղական սանդուղքները պետք է սարքավորված լինեն պղնձյա կեռիկներով և ռետինե բարձիկներով:

257. Գլանատակառների ներսը լուսավորելու համար պետք է օգտագործվեն միայն կուտակչային լապտերներ: Լապտերները պետք է միացվեն և անջատվեն միայն գլանատակառներից դուրս:

258. Էստակադները, հրապարակները, յուրաքանչյուր հերթափոխի ավարտին պետք է մաքրվեն նավթամթերքների մնացորդներից:

259. Լվացման-շոգեմաքրման կայանների (կետերի) տարածքում արգելվում է՝

ա) երկաթուղիները, շենքերը և շինությունները օդային էլեկտրագծերով հատելը,

բ) գլանատակառների մեջ աշխատելիս, տակից խփած պողպատե թիթեղներ կամ մեխեր ունեցող կոշիկներ օգտագործելը,

գ) այրվող և դյուրավառ հեղուկների մնացորդները, ջրի և խտույքի հետ միասին ընդհանուր կոյուղու, բաց առուների մեջ լցնելը,

դ) գլանատակառների մեջ իջնելու համար շարժական, ինչպես նաև թիթեղապատած փայտյա սանդուղքներ օգտագործելը,

ե) գլանատակառների ներսում կամ արտաքին մասում օգտագործված լաթեր թողնելը,

զ) գնացքաքարշերի մուտքը մաքրման դեպոների և էստակադների տակ:

260. Երկաթգծերի օտարացված հողաշերտի գոտին պետք է մաքրվի ծառերի ոստերից, ծառահատման մնացորդներից, թփերից, հին փայտակոճերից և այլ վառողունակ աղբից: Այդ նյութերը և աղբը պետք է ժամանակին հեռացվեն օտարացված հողաշերտի գոտուց:

261. Երկաթուղիների վրա թափված այրվող և դյուրավառ հեղուկների վրա պետք է հող և ավազ լցնել, որից հետո այն հավաքել և օտարացված հողաշերտի գոտուց հեռացնել:

262. Կայարաններում, կայարանների միջև ընկած ուղեմասերում, բազաներում փայտակոճերի և չորսուների ժամանակավոր պահման դեպքում դրանք պետք է դարսակույտվեն: Դարսակույտի հարթակը և շրջակա տարածքը առնվազն 3 մետր լայնությամբ պետք է մաքրվեն չոր խոտից և այլ վառողունակ նյութերից, շրջափորվեն կամ հերկվեն:

263. Փայտակոճերի, չորսուների դարսակույտերը պետք է տեղադրվեն երկաթգծերին զուգահեռ, շենքերից և շինություններից ոչ պակաս, քան 30 մետր, գնացքների կարգավորված երթևեկության ուղիներից` 10 մետր, այլ ուղիներից` 6 մետր հեռավորության վրա: Փայտակոճերի դարսակների միջտարածությունները պետք է լինեն 1 մետրից, իսկ դրանց զույգերի միջև՝ 20 մետրից ոչ պակաս: Փայտակոճերի, չորսուների երկարատև պահման դեպքում կամ դրանց պահեստների տարողությունը 10000 մ3-ից ավել լինելու դեպքում պետք է պահպանել հրդեհային անվտանգության պահանջները:

264. Չոր խոտ պետք է պահեստավորել կամուրջներից, ճանապարհային շինություններից, գնացքների կազմակերպված երթևեկության ուղիներից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա: Չի թույլատրվում դրանց պահեստավորումը էլեկտրահաղորդման և կապի գծերի տակ:

265. Չի թույլատրվում օտարացված հողաշերտի գոտում խարույկներ, ծառահատման մնացորդներ վառել: Նշված գոտիները պետք է մշտապես մաքուր պահել:

266. Անտառային զանգվածներում կամուրջների օտարացված հողաշերտերի շուրջը պետք է լինի 1.4 մետրից ոչ պակաս լայնությամբ հանքայնացված շերտ: Կամուրջների տակի հողակտորները 50 մ շառավղով պետք է մաքրվեն չոր խոտից, փայտի մնացորդներից, վառողունակ աղբից:

267. Երկաթուղիների վրայի փայտյա ուղեկամուրջները, ներքևից 4 մետրից ոչ պակաս լայնությամբ պետք է ծածկվեն տանիքաթիթեղով (երկու կողմից 30 սմ իջեցված եզրերով):

268. Տախտակամած ունեցող փայտյա և մետաղական կամուրջների մոտակայքում, գետերի վրա պետք է ստեղծվեն չսառչող սառցանցքեր՝ մոտեցման ճանապարհներով: Սառցանցքերի տեղը նշվում է ցուցատախտակով:

269. Կամուրջները, ուղեկամուրջները շահագործելիս արգելվում է՝

ա) դրանց տակ կառուցել պահեստներ, ավտոմեքենաների կայանատեղեր ստեղծել, նավթային լապտերների, բենզաշարժիչային ագրեգատների լցավորում կատարել.

բ) առանց հրդեհային պահպանության մարմինների հետ համաձայնեցնելու կրակային աշխատանքներ կատարել:

270. Ճանապարհային մեքենակայանների վագոնների կայանման համար նախատեսված երկաթուղային ճանապարհները պետք է սարքավորված լինեն սլաքային գծանցումով` հրդեհի դեպքում շարժակազմի տարակենտրոնացումն ապահովելու նպատակով:

271. Ճանապարհային մեքենակայանների տեղակայման վայրերում, ջերմամատակարարման բնական և արհեստական աղբյուրների բացակայության դեպքում պետք է հրդեհաշիջման համար գլանատակառներով և այլ տարողություններով ջրի պաշարներ ստեղծվեն: Ջրի պաշարների քանակությունը յուրաքանչյուր խմբի համար (15-20 միավոր) 50 մ3-ից պակաս չպետք է լինի:

272. Յուրաքանչյուր շարժակազմ, հրշեջ պահպանության կանչի համար պետք է ունենա հեռախոսային կապ մոտակա երկաթուղային կայարանի հետ:

 

XII. ՊԱՅԹՅՈՒՆԱՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ԵՎ ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

 

273. Պայթյունահրդեհավտանգ և հրդեհավտանգ նյությերը պետք է տեղափոխվեն տվյալ նյութերին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան տարայով և փաթեթավորումով: Փաթեթավորումը և տարան պետք է լինեն դիմակայուն ու սարքին` բեռի հոսակորուստը բացառելու, ամբողջականությունը և փոխադրման անվտանգությունն ապահովելու նպատակով: Փաթեթավորման և տարայի պատրաստման համար օգտագործվող նյութերը պետք է պարունակության հանդեպ իներտ լինեն:

274. Այրվող և դյուրավառ հեղուկներ տեղափոխող ավտոցիստեռնները պետք է սարքավորված լինեն հուսալի հողանցումով, սկզբնական հրդեհաշիջման միջոցներով և տեսականշվեն տեղափոխվող բեռի հրդեհավտանգության աստիճանին համապատասխան, իսկ գազերի արտանետիչ խողովակները պետք է դուրս բերվեն ջերմափոխանակչի տակից և սարքավորվեն սարքին կայծմարիչներով:

275. Պայթյունահրդեհավտանգ բեռները, որոնք արտազատում են թունավոր, խեղդող, քայքայիչ գոլորշիներ, չորանալու դեպքում դառնում են պայթուցիկ, օդի և խոնավության առկայության պայմաններում օքսիդացվում են, որն ուղեկցվում է ջերմության անջատմամբ, պայթյունով և այլ վտանգավոր հետևանքներով, պետք է հերմետիկ փաթեթավորվեն:

276. Ապակե տարայով վտանգավոր բեռները պետք է տեղադրվեն արկղերի մեջ և դրանց միջտարածությունները քփացվեն չայրվող նյութերով: Արկղերի և կավարամածերի պատերը խցանած շշերից և ապակե անոթներից պետք է 5 սմ բարձր լինեն: Փոքր քանակությամբ ապակյա տարայով վտանգավոր բեռներ տեղափոխելիս դրանք պետք է փաթեթավորվեն հոծ կափարիչներով արկղերի մեջ:

277. Մետաղական կամ պլաստմասսայե անոթներով, թիթեղամաններով, հեղուկի փոխադրաամաններով վտանգավոր բեռներ տեղափոխելիս, դրանք պետք է լրացուցիչ փաթեթավորվեն փայտյա արկղերի կամ կավարամածերի մեջ:

278. Վտանգավոր բեռների փոխադրումն իրականացվում է առանձին վագոններով: Նշված բեռները փոքր քանակություններով փոխադրելիս, պետք է լրացուցիչ փաթեթավորվեն կոշտ տարայի (մետաղական կամ նրբատախտակից թմբկագլան) մեջ:

279. Արգելվում է անհամատեղելի վտանգավոր բեռների տեղափոխումը նույն վագոնում (բեռնատարում):

280. Այրվող և դյուրավառ հեղուկները պետք է փաթեթավորվեն հերմետիկ տարաների մեջ: Թթուները և այրվող, դյուրավառ հեղուկներով արկղերը վագոններ բեռնելիս, պետք է հակադիր տեղադրվեն և ամրացվեն:

281. Թունավոր և այրվող թունավոր գազերով բալոնները, այդ գազերի դատարկ բալոնները պետք է փոխա-դրվեն առանձին վագոններով կամ բեռնարկղերով: Գազով բալոններն ուղղաձիգ դիրքով թույլատրվում է բեռնել միայն դրանց վրա պաշտպանական օղակների առկայության դեպքում: Բալոնների տեղաշարժը և վայր ընկնելը բացառելու համար, դրանք պետք է խիտ տեղադրվեն: Դռների մոտ բեռների կուտակումը բացառելու համար, դռնատեղերը պետք է ունենան 40 մմ ոչ պակաս հաստությամբ տախտակե պաշտպանակում:

282. Չի թույլատրվում, որպես մեջդիր, օգտագործել չոր խոտ, ծղոտ և այլ վառողունակ նյութեր: Այրվող և դյուրավառ հեղուկների փոխադրումը պետք է իրականացվի հերմետիկ և կապարակնքված տակառներով: Վագոնների մեջ տակառները պետք է շարվեն մեկ հարկաշարքով (խցանները դեպի վեր): Իզոպրոպիլնիտրատ և սամին տեղափոխող վագոնները, անկախ նրանից` բեռնված են, թե դատարկ, պետք է ընթանան բեռնառաքիչների (բեռնաստացերի) մասնագետների խմբի ուղեկցությամբ:

283. Այրվող և դյուրավառ նյութերի, այրվող գազերի առաքումն աշխատանքային տեղեր, կատարվում է կենտրոնացված ձևով: Չի թույլատրվում աշխատանքային տեղեր բաց տարայով այրվող և դյուրավառ նյութեր առաքել:

284. Շենքերում, շինություններում այրվող և դյուրավառ հեղուկների, այրվող գազերի խողովակաշարերի անցկացման դեպքում անհրաժեշտ է՝

ա) շենքի, շինարարական հիմնատարրերի միջով խողովակաշարերի անցման տեղերում, որմնանցքերը (բացակները, անքփությունները) չայրվող նյութերով հերմետիկ փակել,

բ) ուղիների, խրամուղիների (բաց և փակ) մեկ շինությունից մյուսն անցման տեղերում օգտագործել սարքին անգազանցիկ միջակապեր (թաղանթներ):

285. Այրվող գազերի, դյուրավառ հեղուկների վերամղման համար պետք է օգտագործվեն անխցուկային և ճակատային խցվածքով պոմպեր: Ոչ լրիվ կտրվածքով աշխատող խողովակաշարերի վրա պետք է տեղադրվեն հիդրոփականներ:

286. Դյուրավառ, այրվող հեղուկների փոխադրման տարան պետք է լինի հերմետիկ և բացառվի նյութի գոլորշացումն ու հոսակորուստը: Փաթեթավորման բոլոր տարրերը, այդ թվում խցանափակման հարմարանքները, պետք է ամուր և հուսալի լինեն:

287. 10 լ և ավելի տարողության այրվող, դյուրավառ հեղուկներով ապակյա տարաները պետք է տեղադրվեն գործված զամբյուղների կամ կավարամածերի, իսկ մինչև 10 լ տարողության ապակյա տարաները` միջադրման նյութերով հոծ փայտյա արկղերի մեջ: Ցնցումների մեղմացման համար տեղադրված նյութերը պետք է ներծծող հատկություն ունենան, որպեսզի տարայի կոտրման դեպքում ներծծեն արտահոսող հեղուկը:

288. Բեռնափոխակրիչների, շերեփավոր էլևատորների, ինքնահոս և օդամղման խողովակների շահագործումը թույլատրվում է միայն փոշու առաջացման տեղերի ծածկի հերմետիկ և սարքին վիճակում լինելու դեպքում: Օդափոխությունը պետք է ապահովի ծածկի տակից փոշու մշտական և արդյունավետ արտածծումը:

289. Պնևմատրանսպորտային և ինքնահոս սարքերի շահագործման ընթացքում (խողովակաշարերով մղման դեպքում) խողոկավաշարերում փոշու նստվածքի առաջացում չի թույլատրվում:

290. Բեռնակրիչների, պնևմատրանսպորտային սարքավորումների գործարկումը պետք է կատարվի դրանց վիճակը պարապ ընթացքի ժամանակ ստուգելուց հետո, դրանց մեջ կողմնակի առարկաների բացակայության, առանցքակալների մեջ քսուքի առկայության, պաշտպանության բոլոր սարքերի սարքինության դեպքում:

291. Պնևմատրանսպորտային ցանց մղող տեխնոլոգիական սարքավորումների և օդամուղ մեքենաների էլեկտրաշարժիչների ինքնաբլոկավորումը պետք է գտնվի սարքին վիճակում և ստուգվի յուրաքանչյուր գործարկումից առաջ:

292. Սորուն, փոշենման նյութերի փոխադրման ընթացքում, սարքավորումներում անցափակումների և ճնշումների գոյացումը բացառելու համար, պետք է նախատեսվի բեռնակրիչի վթարային կանգնեցման ինքնաբլոկավորում:

293. Չի թույլատրվում շահագործել անսարք պտուտակային բեռնափոխակրիչներ և շերեփավոր էլևատորներ:

294. Բեռնափոխակրիչների հոլովակները և ձգիչ թմբկագլանները պետք է ազատ պտտվեն: Չի թույլատրվում ժապավենների տեղապտույտ, շարժաբեր թմբկագլաններին հանքաձյութի, բևեկնախեժի և այլ վառողունակ նյութերի քսում:

295. Շերեփավոր էլևատորների ինքնահոս, օդաճնշման խողովակներում և այլ բեռնակրիչների բռնկման դեպքում արտածծիչ և օդափոխման համակարգն անջատելու, արտադրամասի տեխնոլոգիական սարքավորումների աշխատանքը դադարեցնելու համար յուրաքանչյուր հարկի սանդղավանդակի մոտ պետք է տեղադրվի հատուկ անջատիչ:

296. Չի թույլատրվում ինքնաշխատ հրապատնեշող սարքերի անսարքությունների կամ դրանց անջատման դեպքում արտածծիչ և մանրացված նյութերի փոխադրման գծերի շահագործումը:

297. Փոխակրիչների, բեռնափոխակրիչների անցման համար հակահրդեհային պատնեշների որմնանցքերը պետք է պաշտպանվեն կրակը պատնեշող սարքերով (դռներ, դարպասներ և այլն):

298. Պայթյունահրդեհավտանգ նյութեր տեղափոխող փոխադրամիջոցների, ինչպես նաև այդ նյութերը պարունակող բեռնատեղերի վրա պետք է լինեն անվտանգության նշաններ:

299. Պայթյունահրդեհավտանգ նյութերի փոխադրման ժամանակ արգելվում է՝

ա) թույլ տալ ցնցումներ, կտրուկ արգելակումներ,

բ) առանց պաշտպանիչ ծայրակալերի փոխադրել այրվող գազերով բալոններ,

գ) փոխադրամիջոցներն առանց հսկողության թողնել:

300. Պայթյունահրդեհավտանգ, հրդեհավտանգ նյութերի բեռնման և բեռնաթափման տեղերը պետք է սարքավորված լինեն՝

ա) հրդեհավտանգ աշխատանքային պայմաններն ապահովող հատուկ հարմարանքներով (զուգասանդուղքներ, վահաններ, ելարաններ, պատգարակներ և այլն): Ապակե տարաների տեղափոխման համար պետք է նախատեսվեն սայլակներ, բնիկներ ունեցող հատուկ պատգարակներ: Ապակե տարաները թույլատրվում է տեղափոխել նաև երկու հոգով՝ բռնակներ ունեցող զամբյուղներով,

բ) հրդեհաշիջման և վթարային վիճակների վերացման միջոցներով:

301. Չի թույլատրվում բաց կրակի օգտագործումը պայթյունահրդեհավտանգ, հրդեհավտանգ բեռների բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման վայրերում:

302. Բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման ընթացքում վարորդները, մեքենավարներն առանց հսկողության չպետք է թողնեն տրանսպորտային փոխադրամիջոցները:

303. Պայթյունահրդեհավտանգ, հրդեհավտանգ նյութերի բեռնման համար մատուցվող փոխադրամիջոցները (վագոններ, թափքեր, ավտոմոբիլային կցակներ, բեռնարկղեր և այլն) պետք է գտնվեն սարքին վիճակում և մաքրված լինեն կողմնակի նյութերից:

304. Տարայի (փաթեթավորման) վնասվածք, թափված նյութեր հայտնաբերելու դեպքում անմիջապես անհրաժեշտ է վնասված տարան (փաթեթավորումը) հեռացնել, մաքրել հատակը, հավաքել և հեռացնել թափված պայթյունահրդեհավտանգ և հրդեհավտանգ նյութերը:

305. Պայթյունահրդեհավտանգ, հրդեհավտանգ բեռների բեռնման-բեռնաթափման աշխատանքներ կատարելիս աշխատողները պետք է պահպանեն մականշման պահանջները և փաթեթավորման վրայի զգուշացնող մակագրությունները:

306. Չի թույլատրվում պայթյունահրդեհավտանգ, հրդեհավտանգ նյութերի բեռնման-բեռնաթափման աշխատանքներ կատարել ավտոմեքենաների շարժիչներն աշխատելու, անձրևի ժամանակ, եթե նյութերը ջրի հետ փոխներգործելիս կարող են ինքնաբռնկվել:

307. Պայթյունահրդեհավտանգ, հրդեհավտանգ նյութերի փոխադրման ժամանակ բեռների տեղաշարժումը բացառելու համար, այդ բեռները վագոններում, բեռնարկղերում, ավտոմեքենաների թափքերում պետք է հուսալի ամրացվեն:

308. Այրվող, դյուրավառ հեղուկների լցման և դատարկման հետ կապված տեխնոլոգիական գործողությունների անցկացման ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ պահանջները՝

ա) մտոցները և կափարիչները պետք է բացվեն սահուն, առանց հարվածների, գունավոր մետաղից կամ պլաստմասսայե գործիքներով: Տարողությունների վրա այրվող և դյուրավառ հեղուկների թափվելու դեպքում չի թույլատրվում կատարել դրանց հետ կապված բեռնման-բեռնաթափման աշխատանքներ,

բ) ամրանը (ճկափողեր, քանդովի միացքներ, ստատիկ էլեկտրականությունից պաշտպանություն և այլն) պետք է գտնվի տեխնիկապես սարքին վիճակում:

309. Պահեստարանների, գլանատակառների, տարաների մեջ հեղուկներ լցնելուց առաջ անհրաժեշտ է ստուգել դրանց չափման սարքերի սարքինությունը:

310. Պահեստարանի հեղուկի մակարդակի չափումը և նմուշառումը պետք է կատարվի ցերեկային ժամերին: Գիշերային ժամերին աշխատողները պետք է օգտվեն միայն պայթյունաանվտանգ կուտակչային լապտերներից: Ամպրոպի, հեղուկի մղման և դատարկման ժամանակ արգելվում է ձեռքով մակարդակի չափումը և նմուշառումը:

311. Այրվող և դյուրավառ հեղուկներով տարողությունների լցումը և դատարկումը պետք է կատարվի սարքին միացումներ ունեցող խողովակաշարերով, ճկախողովակներով, նախօրոք համապատասխան սողնակների բացման և փակման ճշտությունն ստուգելուց հետո: Փակիչ ամրանը պետք է բացվի լրիվ կերպով:

312. Վագոնները, բեռնարկղերը, ավտոմեքենաների թափքերը հրդեհավտանգ, պայթյունահրդեհավտանգ բեռների բեռնաթափումից հետո անհրաժեշտ է ստուգել, նյութերի և աղբի մնացորդները հավաքել և հեռացնել:

 

XIII. ՊԱՀԵՍՏՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

313. Պահեստներում (շինություններում) նյութերի պահման ընթացքում պետք է հաշվի առնվեն դրանց հրդեհավտանգ ֆիզիկա-քիմիական հատկությունները (օքսիդացման, ինքնատաքացման, խոնավության ներգործությունից բոցավառվելու ընդունակությունը), հրդեհաշիջման նյութերի հետ համատեղելիությունը: Միևնույն բաժանմունքում չի թույլատրվում կաուչուկի, ավտոռետինի հետ այլ նյութերի և իրերի համատեղ պահումը:

314. Այրվող գազով բալոնները, այրվող և դյուրավառ հեղուկներով տարողությունները, աերոզոլային փաթեթավորումները պետք է պաշտպանվեն արևի և այլ ջերմային ներգործություններից:

315. Բազմահարկ պահեստներում աերոզոլային փաթեթավորումների պահեստավորումը թույլատրվում է միայն վերևի հարկի հակահրդեհային հատվածամասերում: Պահեստների հատվածամասերում պահվող փաթեթավորումների քանակը չպետք է գերազանցի 150.000-ից: Պահեստի ընդհանուր տարողությունը չպետք է ավել լինի 900.000 փաթեթավորումից: Ընդհանուր պահեստներում պահվող աերոզոլային փաթեթավորումների քանակը չպետք է ավել լինի 5000-ից, իսկ ընդհանուր պահեստի մեկուսացման հատվածամասում պահվող փաթեթավորումների (տուփերի) քանակը` 15.000-ից:

316. Աերոզոլային փաթեթավորումները բաց հրապարակներում, ծածկարանների տակ թույլատրվում է պահել միայն չայրվող բեռնարկղերով:

317. Պահեստային շինություններում, դարակաշարերի բացակայության դեպքում, նյութերը պահելու համար պետք է կիտվեն: Պահեստային շինությունների դռնատեղերի դիմաց պետք է լինեն դռների լայնությամբ ազատ անցումներ: Պահեստներում, յուրաքանչյուր 6 մետրից հետո պետք է լինեն 0.8 մետրից ոչ պակաս լայնություն ունեցող երկայնական անցումներ:

318. Պահվող ապրանքները պետք է գտնվեն լուսատուներից ոչ պակաս, քան 0,5 մետր հեռավորության վրա:

319. Պահեստային շինություններում, կառամատույցներում չի թույլատրվում բեռնող-բեռնաթափող և տրանսպորտային միջոցների կայանում և վերանորոգում: Թեքահարթակի (հենահարթակի) վրա բեռնաթափված նյութերը և բեռներն աշխատանքային օրվա վերջում պետք է հավաքվեն:

320. Պահեստային շինություններում տարաների բացման, սարքինության ստուգման և մանր նորոգման, հրդեհավտանգ հեղուկների աշխատանքային խառնուրդների պատրաստման (նիտրոներկեր, լաքեր և այլն), կշռաբաշխման հետ կապված բոլոր գործողությունները պետք է կատարվեն պահման տեղերից մեկուսացված շինություններում:

321. Ավտոմեքենաները, շարժիչաքարշերը, ավտոբեռնիչները, ավտոամբարձիչները պետք է ունենան սարքին կայծմարիչներ: Այդ տեխնիկական միջոցները պետք է կայանվեն եզրերից, դարակներից, կոշտ անասնակերերի և թելքավոր նյութերի պահման տեղերից ոչ պակաս, քան 3 մ հեռավորության վրա:

322. Պահեստների էլեկտրասարքավորումներն աշխատանքային օրվա վերջում պետք է հոսանքազրկվեն: Էլեկտրամատակարարումն անջատող ապարատները (անջատիչները) պետք է գտնվեն պահեստից դուրս, չայրվող պատի կամ առանձին հենարանի վրա տեղադրված պահարանի մեջ, որը պետք է փակվի և կապարակնքվի:

323. Պահեստային շինություններում չի թույլատրվում հերթապահ լուսավորության, գազային սալօջախների, էլեկտրաջեռուցիչ սարքերի շահագործում, ինչպես նաև խրոցակային վարդակների տեղադրում:

324. Բաց հարթակներում նյութի պահման դեպքում, յուրաքանչյուր հատվածամասի (դարակի) մակերեսը չպետք է գերազանցի 300 մ2-ից, իսկ դարակների հակահրդեհային միջտարածությունները պետք է լինեն առնվազն 6 մետր:

325. Հիմնապահեստների և պահեստների տարածքներում գտնվող շենքերում չի թույլատրվում անձնակազմի և այլ անձանց բնակվելը:

326. Արգելվում է գնացքաքարշերի մուտքը «Ա», «Բ» և «Վ» կարգի պահեստային շինություններ:

327. Արտադրամասերի պահեստներում պահվող այրվող և դյուրավառ հեղուկների քանակը չպետք է գերազանցի կազմակերպությունում սահմանված քանակները: Աշխատանքային տեղերում այդ հեղուկների քանակությունը չպետք է գերազանցի մեկ հերթափոխի պահանջարկը:

328. Նկուղային և ցոկոլային հարկերի շինություններում ծխահեռացման համար գետնախորշերով պատուհանների բացակայության, ինչպես նաև այդ հարկերի և ընդհանուր սանդղավանդակների միջև հաղորդակցության առկայության դեպքում չի թույլատրվում վառողունակ տարայով չայրվող և դյուրավառ նյութերի պահումը:

 

2. ԱՅՐՎՈՂ, ԴՅՈՒՐԱՎԱՌ ԵՎ ԱՅԼ ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐ

 

1. ՆԱՎԹԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

329. Նավթամթերքների պահեստամասերի լցման և վերամղման կայանների տարածքները պետք է պարսպապատվեն: Պարսպի բարձրությունը պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս:

330. Նավթամբարների պատնեշապատումները, ինչպես նաև դրանց վրայի գծանցումները պետք է գտնվեն սարքին վիճակում: Պատնեշապատումների ներսի հարթակները պետք է համահարթվեն և ավազով ծածկվեն:

331. Արգելվում է՝

ա) ոչ հերմետիկ սարքավորումների, փակիչ ամրանների շահագործումը,

բ) նախագծման նորմերով սահմանված պատնեշապատման բարձրության փոքրացումը,

գ) ճեղքվածքներ և շեղվածքներ ունեցող պահեստարանների, անսարք սարքավորումների, վերահսկիչ-չափիչ սարքերի, մատուցող մթերամուղերի, անշարժ հակահրդեհային սարքերի շահագործումը,

դ) պատնեշապատված տարածություններում ծառերի, թփերի առկայությունը‚

ե) տարողությունների տեղադրումը վառողունակ կամ դժվարավառ հիմնատակերի վրա,

զ) նավթամբարների և գլանատակառների գերլցումը,

է) նավթամթերքների լցման և դատարկման ժամանակ պահեստարաններից նմուշառումը,

ը) ամպրոպի ժամանակ նավթամթերքների լցնումը և դատարկումը:

332. Ամիսը մեկ անգամից ոչ պակաս, օդի ջերմաստիճանը 00C-ից ցածր լինելու դեպքում 10 օրը մեկ անգամից ոչ պակաս, պետք է ստուգվի շնչառական կափույրների, հրապատնեշիչների տեխնիկական վիճակը: Շնչառական ամրանների ստուգման ժամանակ անհրաժեշտ է կափույրները և ցանցերը սառույցից մաքրել: Դրանց տաքացումը պետք է կատարվի միայն հրդեհաանվտանգ եղանակներով:

333. Նմուշառումը և մակարդակի չափումն անհրաժեշտ է կատարել կայծ չառաջացնող նյութերից պատրաստված հարմարանքներով:

334. Նավթամբարների համակազմի պահեստներում պետք է լինեն հրդեհաշիջման նյութերի պաշարներ, ինչպես նաև ամենամեծ նավթամբարի հրդեհաշիջման համար անհրաժեշտ քանակությամբ նյութերի մատուցման միջոցներ:

 

2. ՏԱՐԱՅՈՎ ՊԱՀՈՒՄ

 

335. Տարաներով այրվող հեղուկներ պահելու համար նախատեսված շենքերի բարձրությունը չպետք է լինի երեք հարկից, իսկ դյուրավառ հեղուկների համար` մեկ հարկից ավելի: Վառողունակ նյութերից կառուցված ստորգետնյա պահեստարաններում թույլատրվում է պահել մինչև 60 մ3 քանակությամբ, 1200C-ից բարձր բռնկման ջերմաստիճան ունեցող հեղուկներ: Այդ պահեստների հատակը պետք է լինի չայրվող նյութերից, իսկ վերնածածկը պետք է ունենա 0.2 մ-ից ոչ պակաս հաստությամբ տոփանած հողաշերտից լցվածք:

336. Միևնույն շինությունում տարաներով համատեղ պահվող այրվող և դյուրավառ հեղուկների ընդհանուր քանակությունը չպետք է գերազանցի 200 մ2-ից:

337. Պահեստարաններում այրվող և դյուրավառ հեղուկներով տակառները ձեռքով տեղադրելիս, դրանք պետք է դասավորվեն հատակին` երկու շարքով: Մեքենայացված տեղադրման դեպքում, դյուրավառ հեղուկների տակառները պետք է դարսվեն 3-ից, իսկ այրվող հեղուկներով տակառները` 5-ից ոչ ավելի շարքերով: Դարսակի լայնությունը 2 տակառից ավել չպետք է լինի: Տակառների փոխադրման համար նախատեսված գլխավոր անցումների լայնությունը պետք է լինի 1.8 մետրից, իսկ դարսակների միջև` 1 մետրից ոչ պակաս:

338. Հեղուկների պահումը թույլատրվում է միայն սարքին տարայով: Թափված հեղուկները պետք է անմիջապես հավաքվեն:

339. Տարայով նավթամթերքների պահման բաց հարթակները պետք է պատվեն արգելաթմբով կամ 0.5 մետրից ոչ պակաս բարձրություն ունեցող չայրվող հոծ պատով և անցումների համար ունենան թեք հարթակներ:

340. Հարթակները մերձակա տարածությունից պետք է բարձր լինեն 0.2. մետրով և ունենան առու` հոսքաջրերի հեռացման համար:

341. Յուրաքանչյուր թմբապատված հարթակի սահմանում թույլատրվում է տեղադրել տակառների ոչ ավելի, քան 4 դարսակ` 25x15 մետր չափերով: Դարսակների միջտարածությունները պետք է լինեն 10 մ-ից ոչ պակաս, իսկ դարսակի և արգելաթմբի միջև ընկած հեռավորությունը` 5 մետր: Հարակից հարթակների դարսակների միջտարածությունը չպետք է պակաս լինի 20 մետրից:

342. Հարթակների վրա թույլատրվում է տեղադրել չայրվող նյութից ծածկեր:

343. Անմիջապես պահեստարաններում և թմբապատված հարթակներում չի թույլատրվում թափել նավթա-մթերքներ, պահել փաթեթավորման նյութեր և տարա:

 

3. ԳԱԶԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ

 

344. Այրվող գազերի պահեստները պետք է լինեն մեկ հարկանի և ունենան հեշտ վերնետվող ծածկեր: Այդ պահեստները չպետք է ունենան ձեղնահարկային շինություններ: Բալոններով գազերի պահման շինությունների պատուհանները պետք է ներկվեն սպիտակ ներկով կամ սարքավորվեն արևապաշտպան, չայրվող սարքերով: Բալոնները բաց հրապարակներում պահելու դեպքում, դրանք արևի ճառագայթների և տեղումների ազդեցությունից պաշտպանող կառույցները պետք է պատրաստված լինեն չայրվող նյութերից:

345. Բալոնների խմբակային տեղադրումը թույլատրվում է շենքի արտաքին, խուլ (առանց որմնախորշերի) պատերի մոտ: Բալոնների տեղադրման խցիկները, պահարանները պետք է լինեն չայրվող նյութերից և ունենան բնական օդափոխություն` պայթյունավտանգ խառնուրդների առաջացումը կանխելու համար:

346. Այրվող գազով բալոնները պետք է պահվեն թթվածնով, սեղմված օդով, քլորով, ֆտորով և այլ օքսիդիչ նյութերով, թունավոր գազերով բալոններից առանձին:

347. Թթվածնի բալոնների պահման և փոխադրման ժամանակ պետք է բացառվի բալոնների, ինչպես նաև դրանց ամրանների վրա յուղի (ճարպի) թափումը: Թթվածնի բալոնները ձեռքով շրջելիս չի թույլատրվում բռնել կափույրներից:

348. Գազով բալոնների պահման շինություններում պետք է լինեն սարքին գազաանալիզարարներ, իսկ դրանց բացակայության դեպքում` օբյեկտի ղեկավարի կողմից հաստատված նմուշառման և հսկման կարգ:

349. Բալոններից գազի հոսակորուստ հայտնաբերելու դեպքում, դրանք պահեստից պետք է տեղափոխվեն անվտանգ տեղ:

350. Այրվող գազերի պահեստներ արգելվում է մտնել մեխերով խփված կոշիկներով:

351. Ծայրակալներ ունեցող այրվող գազով բալոնները պետք է պահվեն հորիզոնական դիրքով, շրջանակների կամ դարակաշարերի վրա, ընդ որում դարակի բարձրությունը չպետք է գերազանցի 1.5 մետր: Կափույրները պետք է փակվեն պաշտպանիչ թասակներով և բոլորն ուղղված լինեն միևնույն կողմ:

352. Գազի պահեստներում չի թույլատրվում պահել այլ նյութեր և սարքավորումներ:

353. Այրվող գազերի պահեստները պետք է ապահովված լինեն բնական օդափոխությամբ:

 

4. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ

 

1. ԿՈՇՏ ԿԵՐԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ

 

354. Կոշտ կերերի պաշարի պահեստավորում թույլատրվում է միայն կցաշենքերում (ներկառուցվածքներում), որոնք կազմակերպության շենքերից պետք է մեկուսացված լինեն չայրվող պատերով և 0.75 ժամից ոչ պակաս հրակայունության սահման ունեցող ծածկերով: Կցաշենքերը (ներկառուցվածքները) պետք է ունենան անմիջապես դեպի դուրս տանող ելքեր:

355. Դեզերը, բարդոցները, ծածկարանները և կոշտ կերերի դարսակները պետք է տեղակայվեն էլեկտրահաղորդման գծերից ոչ պակաս` 15 մետր, ճանապարհներից` 20 մետր, շենքերից` 50 մետր հեռավորության վրա:

356. Դեզերի (բարդոցների) տեղակայման հարթակները, ինչպես նաև դեզերի զույգերի, դարսակների շրջակա հողատարածությունը պետք է հերկվի 4 մետր լայնություն ունեցող շերտով: Հերկված հողաշերտի եզրից մինչև հարթակում տեղադրված դեզը (բարդոցը) պետք է լինի ոչ պակաս, քան 15 մետր, իսկ մինչև առանձին տեղադրված դեզը (բարդոցը) ոչ պակաս, քան 5 մետր: Դեզի (բարդոցի) հիմնատակի մակերեսը չպետք է 150 մ2-ից ավել լինի, իսկ մամլած չոր խոտի (ծղոտի) դարսակինը` 500 մ2-ից: Առանձին դարսակների, ծածկարանների և դեզերի (բարդոցների) հակահրդեհային միջտարածությունները պետք է լինեն 20 մ-ից ոչ պակաս: Դարսակների, ծածկարանների և դեզերի (բարդոցների) զույգերով տեղադրման դեպքում` միջտարածությունները պետք է լինեն ոչ պակաս, քան 6 մ, իսկ դրանց զույգերի միջև` 30 մետր: Թաղամասերի հակահրդեհային միջտարածությունները (թաղամասում թույլատրվում է տեղադրել մինչև 20 դեզ կամ դարսակ) պետք է լինեն ոչ պակաս, քան 100 մետր:

357. Բարձր խոնավություն ունեցող դեզերում (բարդոցներում) պետք է կատարվի ջերմաստիճանի հսկողություն:

358. Կոշտ կերերի պահեստներում աշխատող տրակտորները և ավտոմեքենաները պետք է ունենան կայծմարիչներ: Քարշիչ տրակտորները բեռնաթափման աշխատանքներ կատարելու համար պետք է կայանվեն դեզերից ոչ պակաս, քան 3 մետր հեռավորության վրա:

 

2. ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ

 

359. Բերքահավաքից առաջ պետք է ստուգվեն հացահատիկի պահեստները, հատիկաչորանոցները և վերացվեն հայտնաբերված անսարքությունները: Հացահատիկի պահեստները պետք է տեղադրվեն առանձին շենքերում, իսկ դրանց դարպասները բացվեն դեպի դուրս:

360. Հացահատիկը լիրաթմբով պահելու դեպքում, լիրաթմբի գագաթից մինչև ծածկի վառողունակ հիմնատարրերը, լուսատուները և էլեկտրալարերն ընկած հեռավորությունը պետք է լինի 0.5 մետրից ոչ պակաս:

361. Արգելվում է՝

ա) հացահատիկի հետ համատեղ պահել հրդեհավտանգ նյութեր, սարքավորումներ,

բ) պահեստային շինություններում օգտագործել ներքին այրման շարժիչով հատակամաքրիչ և այլ մեքենաներ,

գ) պահեստի երկու կողմից դարպասների փակ լինելու դեպքում շարժական մեխանիզմների աշխատելը,

դ) պինդ վառելիքով աշխատող չորանոցների վառքը այրվող և դյուրավառ հեղուկների, իսկ հեղուկ վառելիքով աշխատող չորանոցների վառքը ջահերի օգնությամբ կատարելը,

ե) հացահատիկը փոխակրիչի ժապավենի մակարդակից բարձր լցնելը:

362. Աշխատող չորանոցում հացահատիկի ջերմաստիճանը հսկելու համար ոչ պակաս, քան 2 ժամը մեկ անգամ պետք է կատարվի նմուշառում: Յուրաքանչյուր աշխատանքային օրից հետո չորանոցի բեռնման-բեռնաթափման մեխանիզմները պետք է մաքրվեն հացահատիկից և փոշուց:

363. Շարժական չորացման ագրեգատը պետք է տեղադրվի հացահատիկի պահեստի շենքից ոչ պակաս, քան 10 մ հեռավորության վրա: Ծխնելույզները պետք է սարքավորվեն կայծմարիչներով, իսկ վառողունակ հիմնատարրերի միջով անցնելու տեղերում ունենան հակահրդեհային անջատիչներ:

364. Պահեստներում հացահատիկի օդափոխման ժամանակ օդափոխիչները պետք է տեղադրվեն վառողունակ պատերից ոչ պակաս, քան 2.5 մետր հեռավորության վրա: Այդ պահեստների օդատարերը պետք է լինեն չայրվող նյութերից:

 

5. ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

365. Անտառանյութի պահեստների տարողությունը 10.000 մ3-ից ավել լինելու դեպքում դրանք պետք է համապատասխանեն նախագծային նորմերի պահանջներին:

366. Անտառանյութի պահեստների տարողությունը 10.000 մ3-ից պակաս լինելու դեպքում պետք է մշակվեն և պետական հրդեհային հսկողության մարմինների հետ համաձայնեցվեն դարսակների տեղադրման հատակագծերը (պահվող նյութերի սահմանային ծավալների նշումով), դարսակների միջև հակահրդեհային միջտարածությունները և անցումները:

367. Դարսակների հակահրդեհային միջտարածություններում անտառանյութի սարքավորումների պահեստավորում չի թույլատրվում:

368. Դարսակների տեղադրման տեղերը մինչև բնահողը պետք է մաքրվեն խոտի ծածկույթից, վառողունակ աղբից կամ ծածկվեն 15 սմ ոչ պակաս հաստությամբ հողի, ավազի, կոպիճի շերտով:

369. Պահեստներում չի թույլատրվում անտառանյութի պահեստավորման հետ առնչություն չունեցող աշխատանքներ կատարել:

370. Փայտանյութի պահեստներում աշխատող բանվորների համար նախատեսված կենցաղային սենյակները պետք է գտնվեն առանձին շինություններում: Այդ շինությունների ջեռուցման համար թույլատրվում է օգտագործել միայն գործարանային արտադրության էլեկտրաջեռուցիչներ:

371. Ներքին այրման շարժիչներով կարապիկները պետք է գտնվեն փայտանյութի դարսակներից ոչ պակաս, քան 15 մետր հեռավորության վրա: Կարապիկների տեղադրման հարթակներում փայտի և այլ վառողունակ նյութերի մնացորդներ չպետք է լինեն: Շարժիչների լցավորման համար նախատեսվող վառելիքաքսանյութերի քանակությունը մեկ տակառից ավել չպետք է լինի: Դրանք պետք է գտնվեն կարապիկներից ոչ պակաս, քան 10 մետր, իսկ մոտակա դարսակից` 20 մետր հեռավորության վրա:

 

2. ՍՂՈՑԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐ

 

372. Սղոցանյութերի դարսակույտերի դարսման և քանդման ժամանակ տրանսպորտային կապոցները ճանապարհին կարելի է տեղադրել միայն մեկ կողմից: Ճանապարհի մնացած երթանցքային մասի լայնությունը պետք է լինի ոչ պակաս, քան 4 մետր: Դարսակույտված սղոցանյութի քանակությունը չպետք է գերազանցի մեկ օրվա ընթացքում պահեստ մուտք գործող քանակությանը:

373. Չի թույլատրվում տրանսպորտային կապոցների տեղադրումը հակահրդեհային միջտարածություններում, երթանցքերում, հրշեջ ջրաղբյուրների մերձատար ուղիներում:

374. Մեխանիզմների աշխատանքի դադարեցման դեպքում կապոցների վերադասավորումը և տեղադրումը, շարժական տանիքների և միջադրման նյութերի պահումը պետք է կատարվի հատուկ հարթակներում:

375. Տեխնոլոգիական գործընթացով չնախատեսված տրանսպորտային կապոցների անջրանցիկ թղթով փաթեթավորումը պետք է կատարվի հատուկ հատկացված հրապարակներում:

376. Օգտագործված անջրանցիկ թուղթը և դրա մնացորդները պետք է հավաքվեն հատուկ բեռնարկղերի մեջ, որոնց տեղադրման վայրը անհրաժեշտ է համաձայնեցնել հրշեջ պահպանության հետ:

377. Փակ պահեստներում դարսակների և շինության պատերի, ելուստների միջև անցումների լայնությունը պետք է լինի ոչ պակաս, քան 0.8 մետր: Պահեստի դռնատեղերի դիմաց պետք է լինեն դռների լայնությամբ անցումներ:

378. Փակ պահեստներում չի թույլատրվում կառուցել միջապատերով ծառայողական շինություններ:

379. Փակ պահեստների, հարթակների հատակները պետք է լինեն չայրվող նյութերից:

 

XIV. ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

1. ՆԵՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

380. Ներկման աշխատանքները պետք է կատարվեն սույն կանոնների պահանջներին համապատասխան։ Բոլոր տեսակի լաքերի և ներկերի կազմումը և նոսրացումը անհրաժեշտ է կատարել արտաքին պատի մոտ գտնվող, պատուհաններ ունեցող շինություններում կամ բաց հարթակներում։

381. Ներկանյութերի մատուցումը պետք է կատարվի կենտրոնացված ձևով` պատրաստ վիճակում։ Արտադրամասի պահեստներում չի թույլատրվում պահել մեկ հերթափոխի պահանջից ավելի քանակությամբ լաքաներկային նյութեր։ Լաքաներկային նյութերի տարաները պետք է պահվեն ամուր փակված վիճակում, հատուկ հարթակներում։

Լաքաներկային նյութերի պատրաստման բաժանմունքների շինությունները պետք է ունենան ինքնուրույն մեխանիկական ներհոսման արտաձգիչ օդափոխություն, իսկ ներկման խուցերից, ընկղմման վահաններից, ձեռքով ներկման կետերից, ցողման կետերի սարքավորումներից, չորացման խուցերից` տեղային արտածծիչ օդափոխության համակարգ։ Օդափոխության համակարգերի անջատման դեպքում արգելվում է կատարել ներկման աշխատանքներ։

382. Հատակին թափված լաքաներկային նյութերը և լուծիչները պետք է անմիջապես հավաքվեն թեփի, ջրի օգնությամբ։ Հատակը, պատերը և սարքավորումները չի թույլատրվում լվանալ այրվող լուծիչներով։

383. Ներկման խուցերը պետք է պատրաստված լինեն չայրվող նյութերից և սարքավորված լինեն ներկափոշեցրիչներին սեղմած օդ կամ լաքաներկային նյութեր մատակարարող սարքավորումների հետ բլոկավորված ինքնուրույն տեղային արտաձգիչ օդափոխիչ համակարգով։ Փոշեցրումով ներկման դեպքում ներկամղման բաքերը պետք է տեղադրվեն ներկման խցերից դուրս։

384. Էլեկտրաստատիկ դաշտում ներկման աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար էլեկտրական սարքերը, օդափոխության համակարգերը և փոշեցրիչները պետք է բլոկավորվեն։

 

2. ՍՈՍԻՆՁՆԵՐՈՎ, ՄԱԾԻԿՆԵՐՈՎ, ՀԱՆՔԱՁՅՈՒԹՈՎ ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՎԱՌՈՂՈՒՆԱԿ ՆՅՈՒԹԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

385. Շինություններում և աշխատանքային գոտիներում վառողունակ նյութերով (բաղադրության պատրաստում, արտադրանքի ներկում) պայթյունահրդեհավտանգ գոլորշիների անջատմամբ աշխատանքների կատարման ընթացքում պետք է ապահովվի հարկադրական ներհոսման և արտաձգման օդափոխություն։ Աշխատանքների կատարման ընթացքում, անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ օդափոխանակության բազմապատիկությունը պետք է որոշվի աշխատանքների կատարման նախագծի հաշվարկների հիման վրա։ Այդպիսի շինություններ կողմնակի անձանց մուտքը, կից շինություններում մարդկանց գտնվելը և աշխատանքների կատարումն արգելվում է։

386. Վառողունակ նյութեր օգտագործելու դեպքում աշխատանքային տեղերում դրանց քանակությունը մեկ հերթափոխի պահանջից ավել չպետք է լինի։ Վառողունակ նյութերով տարողությունները պետք է բացել օգտագործումից անմիջապես առաջ, իսկ աշխատանքի ավարտից հետո` փակ վիճակում հանձնել պահեստ։ Վառողունակ նյութերի դատարկ տարաները պետք է պահվեն շենքից դուրս, հատուկ հատկացված տեղերում։

387. Վառողունակ նյութերով հատակապատման աշխատանքները (մինչև 100 մ2 մակերեսով) պետք է կատարվեն շինության մուտքից առավել հեռու գտնվող տեղերից, իսկ միջանցքներում՝ աշխատանքների ավարտից հետո։

388. Էպօքսիդային խեժերով, սոսինձներով, մածիկներով, ինչպես նաև սինթետիկ խեժերի բաղադրությամբ լաքերով և ներկերով պատումը, սալիկների և գլանափաթեթավորման պոլիմերային նյութերի սոսնձումը պետք է կատարվի շինարարական-հավաքակցման, սանտեխնիկական աշխատանքների ավարտից հետո, վերջնական ներկման աշխատանքներից առաջ։

389. Վառողունակ նյութերի օգտագործմամբ աշխատանքներ կատարելու համար պետք է օգտագործվեն կայծ չառաջացնող նյութերից պատրաստված գործիքներ (ալյումին, պլաստմասսա, բրոնզ և այլն)։ Վառողունակ նյութերով աշխատանքներ կատարելիս, օգտագործվող գործիքների լվացումն անհրաժեշտ է կատարել բաց հարթակներում կամ օդափոխություն ունեցող շինություններում։

390. Վառողունակ նյութերով աշխատանքներ կատարվող շինություններում պետք է առկա լինեն հրդեհաշիջման սկզբնական միջոցներ` յուրաքանչյուր 100 մ2-ի համար երկու կրակմարիչ և մեկ թաղիք։

391. Հանքանյութի և խեժերի հալման կաթսաները պետք է գտնվեն սարքին վիճակում։ Կաթսաները չի թույլա-տրվում տեղադրել ձեղնահարկային շինություններում և վերնածածկերի վրա։

392. Յուրաքանչյուր կաթսա պետք է ունենա չայրվող նյութերից պատրաստված, կիպ փակվող կափարիչ։ Կաթսաները թույլատրվում է լցնել տարողության 3/4-ից ոչ ավել չափով։ Կաթսայի մեջ լցվող լցանյութը պետք է չոր լինի։

393. Հնոցի մեջ մածիկի թափվելը և բոցավառումը կանխելու համար կաթսան պետք է տեղադրվի թեք, ընդ որում, հնոցի կողմում կաթսան հակադիր կողմի համեմատ պետք է լինի 4-6 սմ բարձր։ Կաթսայի հնոցի անցքը պետք է սարքավորված լինի չայրվող նյութից պատրաստված հետգցովի շուրթով։

395. Աշխատանքի ավարտից հետո կաթսայի հնոցը պետք է հանգցվի և վրան ջուր լցվի։

396. Հանքաձյութի եփահալման տեղերում հրդեհաշիջման համար պետք է տեղադրվեն 0,5 մ տարողությամբ ավազի արկղեր, բահեր, կրակմարիչներ։

397. Շարժական կաթսաները հեղուկ գազով գործարկելու դեպքում գազի բալոնները (երկուսից ոչ ավելի քանակությամբ) պետք է պահվեն աշխատող կաթսաներից ոչ պակաս, քան 20 մետր հեռավորության վրա գտնվող, չայրվող նյութից պատրաստված, օդափոխություն ունեցող պահարաններում։ Նշված պահարանները մշտապես պետք է գտնվեն փակի տակ։

398. Դրսում տեղադրված հանքաձյութերի կաթսան պետք է ունենա չայրվող նյութից ծածկ։

399. Մածիկների եփահալման և տաքացման տեղը պետք է ունենա 0,3 մետրից ոչ պակաս բարձրության թմբապատում կամ չայրվող նյութից կողեզրեր։

400. Կաթսաները թույլատրվում է տեղադրել խմբերով (յուրաքանչյուր խմբում 3 հատից ոչ ավել)։ Այդ խմբերի միջտարածությունը պետք է լինի ոչ պակաս, քան 9 մետր։

Մածիկների և հանքաձյութերի եփահալման և տաքացման կաթսաները պետք է տեղադրվեն հատուկ հատկացված հարթակների վրա և հարակից շենքերից ունենան հետևյալ միջտարածությունները.

ա) IV աստիճանի հրակայունության շենքերից ոչ պակաս, քան 30 մետր,

բ) III աստիճանի հրակայունության շենքերից ոչ պակաս, քան 15 մետր‚

գ) I և II աստիճանի հրակայունության շենքերից ոչ պակաս, քան 10 մետր։

401. Շինանյութերի ներսում հանքաձյութային բաղադրությունները թույլատրվում է տաքացնել էլեկտրատաքացում ունեցող փոքր բաքերում։ Տաքացման համար չի թույլատրվում օգտագործել բաց կրակով սարքեր։

402. Տաք մածիկները աշխատանքային տեղեր պետք է մատուցվեն հատած կոնի ձև ունեցող (լայն կողմը դեպի ներքև), կիպ փակվող կափարիչներով հատուկ մետաղական բաքերով։ Կափարիչները պետք է ունենան փակիչ սարքեր, որպեսզի բաքի ընկնելու դեպքում բացառվի կափարիչների բացումը։

Մածիկները բաց տարայով տեղափոխել չի թույլատրվում։ Թույլատրվում է մածիկները տեղափոխել պոմպերի միջոցով, ուղղահայաց հատվածներում շինարարական կառուցվածքատարրին ամրակցված, մետաղական խողովակաշարով՝ բացառելով մածիկի կաթոցը։ Հորիզոնական հատվածներում մածիկը թույլատրվում է մատուցել ջերմակայուն ճկախողովակով։

Ճկախողովակի և մետաղական խողովակի միացման տեղում պետք է հագցվի 40-50 սմ երկարությամբ պաշտպանիչ պատյան (բրեզենտից կամ այլ գործվածքից)։ Մածիկապատման սարքավորումների տարողությունները լցնելուց հետո մածիկի մնացորդները խողովակաշարից պետք է պոմպահանվեն։

403. Հանքախեժերի միացությունների եփահալման և տաքացման ընթացքում կաթսաները չի թույլատրվում թողնել առանց հսկողության։

404. Հանքախեժային մածիկների պատրաստման ժամանակ լուծիչները տաքացնել չի թույլատրվում։

405. Խառնման ժամանակ տաքացրած հանքախեժը պետք է լցվի լուծիչի մեջ (բենզին, բևեկնայուղ և այլն)։ Հանքախեժային մածիկները թույլատրվում է խառնել միայն փայտե խառնիչով։ Խառնուրդի պատրաստման ժամանակ հանքաձյութի ջերմաստիճանը 700 C-ից ավել չպետք է լինի։

406. Հանքաձյութի խառնուրդի պատրաստման տեղերից 50 մետր շառավղով բաց կրակից օգտվել չի թույլատրվում։

 

3. ԿՐԱԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

407. Ժամանակավոր տեղերում (բացի շինարարական հրապարակներից, մասնավոր շինություններից) բոլոր տեսակի կրակային աշխատանքներ կատարելու համար օբյեկտի ղեկավարը պարտավոր է ձևակերպել կարգագիր։

408. Կրակային աշխատանքների կատարման տեղերը պետք է ապահովել հրդեհաշիջման սկզբնական միջոցներով (կրակմարիչ, ավազով արկղ, բահ և ջուր)։

409. Հրդեհավտանգ և պայթյունահրդեհավտանգ շինություններում չի թույլատրվում հատկացնել կրակային աշխատանքների կատարման համար մշտական տեղեր։

410. Կրակային աշխատանքներ կատարելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումները, պետք է պայթյունահրդեհաանվտանգ վիճակի բերվեն հետևյալ կերպով՝

ա) ազատվեն պայթյունահրդեհավտանգ նյութերից,

բ) անջատվեն գործող հաղորդակցման ուղիներից (բացի այն հաղորդակցման ուղիներից, որոնք օգտագործվում են կրակային աշխատանքների նախապատրաստման և անցկացման համար)‚

գ) կատարվի նախնական մաքրում, լվացում, շոգեմաքրում, կլանում (սորբում), զգայանվազեցում։

411. Տեխնոլոգիական սարքավորման ներսում շոգեմաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ մղվող ջրի գոլորշու (գազի) ինքնաբռնկման ջերմաստիճանի արժեքը 80%ից ավել չպետք է լինի։

412. Տեխնոլոգիական սարքավորման լվացումը պետք է կատարվի գոլորշիների (գազերի) պարունակությունը բռնկման սահմանից ցածր լինելու, անվտանգ էլեկտրաստատիկ պայմաններում գտնվելու դեպքում։

413. Շինությունների, սարքավորումների հաղորդակցման ուղիների (որտեղ աշխատանքներ են կատարվում) մաքրման եղանակները պետք է բացառեն պայթյունավտանգ գոլորշու, փոշեօդային խառնուրդների և բռնկման աղբյուրների առաջացումը։

414. Կրակային աշխատանքներ կատարվող շինություններում մետաղի շիկացած մասնիկների ընկնելը կից, հարևան հարկեր կանխելու համար ծածկերը, պատերը, միջնապատերը, դիտանցքերը, տեխնոլոգիական անցքերը, օդափոխության և հավաքակցման խորշերը (անցքերը) պետք է փակվեն չայրվող նյութերով։

Կրակային աշխատանքների կատարման տեղը պետք է մաքրված լինի` վառողունակ նյութերի աղյուսակում նշված շառավղով.

 

Հատակի կամ մերձակա տարածության համեմատ եռակցման կետի բարձրությունը  (մ)

0

2

3

4

6

8

10

10-ից
ավելի

Մաքրման գոտու նվազագույն շառավիղը  (մ)

5

8

9

10

11

12

13

14

 

415. Նշված շառավիղների սահմանում գտնվող շինարարական կառուցվածքատարրերը, հատակի վրաքաշը, հարդարումը և երեսապատումը, ինչպես նաև վառողունակ նյութերից պատրաստված մեկուսացումը և սարքավորումների մասերը կայծերից պետք է պաշտպանված լինեն մետաղական էկրաններով, ասբեստի շերտով կամ այլ չայրվող նյութերով։ Անհրաժեշտության դեպքում դրանք պետք է ջրով թրջվեն։

416. Կրակային աշխատանքների կատարման շինությունները մյուս շինությունների հետ միացնող, ինչպես նաև նախաշեմերի-անցախուցերի դռները պետք է կիպ փակվեն։ Պատուհանները, կախված տարվա եղանակից, շինության ներսի ջերմաստիճանից, կրակային աշխատանքների կատարման տևողությունից, ծավալից և վտանգի աստիճանից, պետք է լինեն հնարավորության չափով բաց։

417. Շինությունները, որտեղ հնարավոր է վառողունակ, դյուրավառ հեղուկների և այրվող գազերի գոլորշիների կուտակում, կրակային աշխատանքներն սկսելուց առաջ պետք է օդափոխվեն։

418. Շենքերի և շինությունների կառուցատարրերում վառողունակ նյութերի օգտագործման դեպքում եռակցման և կտրման աշխատանքների կատարման տեղը պետք է ցանկապատված լինի չայրվող նյութից միջնապատով։ Ընդ որում, միջնապատի բարձրությունը պետք է լինի ոչ ավել, քան 1,8 մետր, իսկ միջնապատի և հատակի միջև բացակը՝ ոչ ավել, քան 5 սմ։ Շիկացած մասնիկների ցրումը բացառելու համար նշված բացակը պետք է փակվի չայրվող նյութից, 1x1 մմ-ից ոչ ավել բջիջների չափերի ցանցով:

419. Կրակային աշխատանքներն սկսելուց առաջ և այդ աշխատանքների կատարման ընթացքում, տեխնոլոգիական սարքավորումների մեջ և վտանգավոր գոտում պետք է հսկվի գոլորշու գազաօդային միջավայրի վիճակը։ Վտանգավոր գոտում կամ տեխնոլոգիական սարքավորումների մեջ վառողունակ նյութերի պարունակության ավելացման, կամ զգայանվազիչի պարունակության նվազեցման դեպքում, մինչև գոլորշիների (գազերի) առավելագույն թույլատրելի պայթյունաանվտանգ պարունակությունը, կրակային աշխատանքներն անմիջապես պետք է դադարեցվեն։

420. Տեխնոլոգիական սարքավորումների անցքերը և կափարիչների բացումը, նյութերի բեռնումը, բեռնաթափումը չի թույլատրվում, եթե գազագոյացման և փոշեգոյացման պատճառով կարող են հրդեհ կամ պայթյուն առաջացնել։

421. Աշխատանքների ընդհատման, ինչպես նաև աշխատանքային հերթափոխի վերջում, եռակցման սարքավորումները պետք է անջատվեն էլեկտրացանցից։ Ճկախողովակները պետք է անջատվեն և այրվող հեղուկներից ու գազից ազատվեն, իսկ զոդման սարքերում ճնշումը պետք է լրիվ կերպով վերացվի։ Աշխատանքի ավարտից հետո սարքավորումները պետք է տեղափոխվեն հատուկ հատկացված շինություններ (տեղեր)։

422. Եռակցման կտրման արհեստանոցում կրակային աշխատանքների կատարման համար մշտական տեղերի կազմակերպման դեպքում (10-ից ավել կետերում) պետք է նախատեսվի կենտրոնացված էլեկտրագազամատակարարում։

423. Եռակցման արհեստանոցներում 10 և ավելի կետեր ունենալու դեպքում, յուրաքանչյուր կետի մոտ թույլատրվում է ունենալ մեկական պահեստային թթվածնի և այրվող գազի բալոն։ Պահեստային բալոնները պետք է ցանկապատվեն կամ էլ արհեստանոցին կից շինություններում պահվեն։

424. Կրակային աշխատանքների կատարման դեպքում արգելվում է՝

ա) աշխատել անսարքություն ունեցող սարքավորումների վրա,

բ) կատարել կրակային աշխատանքներ ներկված կառուցատարրերի և արտադրանքի վրա,

գ) օգտագործել յուղերի, ճարպերի, բենզինի և այլ վառողունակ հեղուկների հետքեր ունեցող հագուստ և թաթմաններ (ձեռնոցներ),

դ) եռակցման խուցերում հագուստ, այրվող, դյուրավառ հեղուկներ և այլ վառողունակ նյութեր պահել‚

ե) թույլատրել աշակերտներին ինքնուրույն աշխատել,

զ) թույլատրել որակավորման և հրդեհային անվտանգության տեխնիկայի վկայական չունեցող աշխատակիցներին աշխատել‚

է) թույլատրել էլեկտրական լարերի և սեղմված, հեղուկացված, լուծված գազերի բալոնների հպում‚

ը) աշխատել սարքավորումները և հաղորդակցման ուղիները վառողունակ և թունավոր նյութերով լցված լինելու, ինչպես նաև էլեկտրական լարման տակ գտնվելու դեպքում‚

ժ) տանիքածածկի վրա ջերմամեկուսացման, շոգեմեկուսացման աշխատանքների, այրվող և դժվարավառ ջերմապահպանիչով պանելների հավաքակցման, հատակի ծածկույթի սոսնձման, վառողունակ լաքերի, սոսինձների, մածիկների օգտագործմամբ այլ աշխատանքների ընթացքում միաժամանակ կրակային աշխատանքներ կատարել։

425. Շենքերի վառողունակ և դժվարավառ ջերմապահպանիչներով թեթև մետաղական տարրերի վրա կրակային աշխատանքներ կատարել չի թույլատրվում։

 

4. ԳԱԶԱԵՌԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

426. Շարժական ացետիլենային գեներատորները պետք է տեղադրվեն բաց հարթակներում։ Այդ գեներատորների ժամանակավոր աշխատանքները թույլատրվում է միայն բավարար չափով օդափոխվող շինություններում։ Ացետիլենային գեներատորները պետք է տեղադրվեն կրակային աշխատանքների կատարման տեղերից, ճնշակների (կոմպրեսորների) և օդափոխիչների օդի առքի տեղերից ոչ պակաս, քան 10 մ հեռավորության վրա և ցանկապատվեն։ Ացետիլենային գեներատորների տեղադրման տեղերում պետք է փակցվեն ազդեր (պլակատներ)` «Կողմնակի անձանց մուտքը արգելվում է», «Հրավտանգ է», «Չծխել», «Բաց կրակ չօգտագործել» և այլն։

427. Աշխատանքի ավարտից հետո շարժական ացետիլենային գեներատորներում կալցիումի կարբիդի մնացորդը պետք է սպառվի։ Գեներատորից հեռացված կրի տիղմը պետք է դատարկվի այդ նպատակի համար հարմարեցված տարայի մեջ և թափվի տիղմային փոսի կամ հատուկ զետեղարանի (բունկերի) մեջ։ Բաց տիղմային փոսերը պետք է ցանկապատված լինեն ճաղաշարերով։ Փակ փոսերը պետք է ունենան չայրվող ծածկեր, սարքվորված լինեն արտաձգիչ օդափոխությամբ և տիղմի դուրս բերման համար անցքերով։ Տիղմային փոսերից ոչ պակաս, քան 10 մետր շառավղով չի թույլատրվում ծխել, բաց կրակից օգտվել։ Այդ մասին պետք է փակցվեն համապատասխան արգելող նշաններ։

428. Սարքավորումների հրածորանների, կտրոցների, գազի ճնշման կարգավորիչների (ռեդուկտորների) միացման ներագույցների (նիպելների) վրա գազամատույց ճկախողովակների ամրացումը պետք է կատարվի անուրների (խամուտների) վրա: Անուրների միջոցով ճկափողերի ամրացումը թույլատրվում է փոխարինել շիկափափկացրած մետաղալարով` երկուսից ոչ պակաս տեղերում։ Ջրափականների ներագույցների (նիպելների) վրա ճկափողերը պետք է կիպ հագցվեն (առանց ամրացման)։

429. Կալցիումի կարբիդը պետք է պահվի չոր, օդափոխվող շինություններում։ Նկուղային շինություններում և ցածր, հեղեղվող տեղերում կալցիումի կարբիդի պահեստների տեղահատկացումը չի թույլատրվում։

430. Կալցիումի կարբիդի թմբկագլանները պահեստներում կարող են պահվել ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղաձիգ դիրքով։ Մեքենայացված պահեստներում կալցիումի կարբիդով թմբկագլանները հորիզոնական դիրքով թույլատրվում է պահել երեք հարկով։ Մեքենայացման բացակայության դեպքում թմբկագլանները հորիզոնական դիրքով պետք է պահվեն 3 հարկից ոչ ավել, ուղղաձիգ դիրքով` 2 հարկից ոչ ավել։ Թմբկագլանների հարկերի միջև պետք է տեղադրվեն 40-ից 50 մմ հաստությամբ տախտակներ։ Կալցիումի կարբիդով թմբկագլանների դարսակների միջև անցումների լայնությունը պետք է լինի 1,5 մետր ոչ պակաս։

431. Ացետիլենային սարքավորումների շինություններում կալցիումի կարբիդի միջանկյալ պահեստի բացակայության դեպքում միաժամանակ թույլատրվում է պահել ոչ ավել, քան 200 կգ կալցիումի կարբիդ, ընդ որում, բաց վիճակում կարելի է պահել միայն թմբկագլանը։

432. Կալցիումի կարբիդի բացված թմբկագլանները պետք է պաշտպանվեն ջրաանթափանց կափարիչներով։

433. Արգելվում է կալցիումի կարբիդի թմբկագլանների պահման և բացման տեղերում ծխելը, բաց կրակից օգտվելը, կայծ առաջացնող գործիքների օգտագործումը։

434. Գազերով բալոնների պահումը և փոխադրումը պետք է կատարվի դրանց բկանցքերի վրա ներպտուտակած թասակներով։

Բալոնների փոխադրման ժամանակ չպետք է լինեն հարվածներ և ցնցումներ։ Բալոնները եռակցման աշխատանքների կատարման տեղեր պետք է փոխադրվեն հատուկ սայլակներով, պատգարակներով, սահնակներով։ Բալոնների տեղափոխումը ուսերի կամ ձեռքերի վրա չի թույլատրվում։

435. Գազով բալոնները պահման, փոխադրման շահագործման ժամանակ պետք է պաշտպանվեն արևի ճառագայթներից և այլ ջերմային աղբյուրներից։ Շինություններում տեղադրվող բալոնները պետք է գտնվեն ջեռուցման սարքերից և վառարաններից 1 մետր ոչ պակաս հեռավորության վրա, իսկ բաց կրակով ջերմության աղբյուրներից` 5 մետր։ Հրածորաններից (հորիզոնականով) մինչև տարաթողման խմբակային սարքավորումները պետք է լինի 10 մետր ոչ պակաս, մինչև առանձին թթվածնով և վառողունակ գազերով բալոնները՝ 50 մետրից։ Միևնույն շինությունում վառողունակ գազերով և թթվածնով բալոնների, ինչպես նաև կալցիումի կարբիդի, ներկերի, յուղերի և ճարպերի պահումը չի թույլատրվում։

436. Թթվածնի, վառողունակ գազերի լիքը, ինչպես նաև դատարկ բալոնների հետ գործողություններ կատարելիս պետք է իրականացվեն միևնույն անվտանգության միջոցառումները։

437. Գազաեռակցման և գազակտրման աշխատանքների կատարման ընթացքում արգելվում է՝

ա) սառած ացետիլենային գեներատորները, խողովակաշարերը, ճնշման կարգավորիչները, փականները և եռակցման սարքավորումների այլ մասերը տաքացնել բաց կրակով կամ շիկացած իրերով‚

բ) թույլ տալ թթվածնով բալոնների, ճնշման կարգավորիչների և եռակցման սարքավորումների հպումը տարբեր յուղերի և յուղոտված հագուստի հետ‚

գ) երկու եռակցողին աշխատել մեկ ջրային փականից‚

դ) եռակցման սարքավորման ձագարի կարբիդը բեռնել մեծ կտորներով կամ ներմղել մետաղալարերով և այլ մետաղական իրերով, ինչպես նաև կարբիդային փոշով աշխատել‚

ե) կալցիումի կարբիդ լցնել բեռնման բաց զամբյուղների կամ գազահավաքիչի մեջ՝ ջրի առկայության դեպքում, ինչպես նաև գեներատորները «կարբիդի վրա ջուր» ռեժիմով աշխատելու ժամանակ, զամբյուղները կարբիդով բեռնել դրանց ծավալի կեսից ավել քանակությամբ‚

զ) այրվող գազերի ճկափողերը փչահարել թթվածնով, իսկ թթվածնային ճկափողերը՝ այրվող գազերով, աշխատանքի ժամանակ այդ ճկափողերը իրարով փոխարինել‚

է) օգտվել 30 մետրից, իսկ հավաքակցման աշխատանքների ժամանակ 40 մետրից ավել երկարություն ունեցող ճկափողերից‚

ը) գազատար ճկափողերը գերոլորել, սեղմել, գազագեներատորները տեղափոխել գազահավաքի մեջ ացետիլեն լինելու դեպքում‚

թ) ացետիլենային գեներատորների աշխատանքն ուժեղացնել դրանց մեջ կանխամտածված գազի ճնշումը բարձրացնելով կամ կալցիումի կարբիդի քանակությունն ավելացնելով‚

ժ) թմբկագլանները բացելու համար օգտագործել պղնձե գործիքներ‚

ժա) ացետիլենային սարքավորումների զոդման համար, ինչպես նաև այն տեղերում, որտեղ ացետիլենի հետ շփում կարող է տեղի ունենալ, որպես զոդանյութ օգտագործել պղինձ։

 

5. ԷԼԵԿՏՐԱԵՌԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

438. Շինություններում էլեկտրաեռակցման աշխատանքների կատարման մշտական տեղերի հատակը պետք է լինի չայրվող նյութերից։

439. Առանց մեկուսացման կամ վնասված մեկուսացումով էլեկտրալարեր, ոչ ստանդարտ էլեկտրաապահովիչներ օգտագործել չի թույլատրվում։

440. Էլեկտրաեռակցման հաղորդալարերը պետք է միացվեն մամլման, եռակցման, զոդման կամ հատուկ սեղմակների միջոցով։ Էլեկտրալարերը էլեկտրոդակալներին, եռակցող արտադրանքին և եռակցման ապարատին պետք է միացվեն պղնձե կաբելային ծայրոցների միջոցով։

441. Էլեկտրաեռակցման սարքերին, բաշխիչ վահաններին և այլ սարքերին, ինչպես նաև եռակցման աշխատանքների տեղերին միացված էլեկտրալարերը պետք է ունենան հուսալի մեկուսացում և անհրաժեշտության դեպքում պաշտպանվեն բարձր ջերմաստիճանի ազդեցությունից, մեխանիկական վնասվածքներից, քիմիական փոխազդեցություններից։

442. Էլեկտրաեռակցման մեքենաների կաբելները (լարերը) պետք է գտնվեն թթվածնի խողովակաշարից ոչ պակաս, քան 0,5 մետր, իսկ ացետիլենի և այլ այրվող գազերի խողովակաշարից ոչ պակաս, քան 1 մետր հեռավորության վրա։

443. Եռակցող հանգույցները եռակցման հոսանքի աղբյուրին միացնելու համար, որպես հետադարձ հաղորդիչ, կարող են օգտագործվել ցանկացած կտրվածքի պողպատյա կամ ալյումինե հաղորդալարեր, եռակցման սալեր, դարակաշարեր և եռակցման կառուցատարրեր, եթե դրանց կտրվածքը, տաքացման տեսակետից, ապահովում է հոսանքի անվտանգ հաղորդում։

Առանձին տարրերը որպես հետադարձ հաղորդիչ օգտագործելու դեպքում, իրար հետ պետք է միացվեն հեղույսների, սեղմակների և պտուտակամամուլների օգնությամբ:

444. Ներքին երկաթուղիները, հողանցման կամ զրոյացման ցանցերը, շենքերի մետաղական կառուցատարրերը, հաղորդակցության ուղիները, տեխնոլոգիական սարքավորումները չի թույլատրվում օգտագործել որպես հետադարձ հաղորդիչ։ Այդ դեպքում եռակցման աշխատանքները պետք է կատարվեն երկու հաղորդալարով։

445. Պայթյունահրդեհավտանգ, հրդեհավտանգ շենքերում և շինություններում էլեկտրաեռակցման աշխատանքների կատարման ընթացքում, եռակցվող արտադրանքը հոսանքի աղբյուրին միացնող հետադարձ հաղորդալարը անպայման պետք է ունենա մեկուսացում։ Հետադարձ հաղորդալարի մեկուսացումը, էլեկտրոդակալին միացնող հաղորդալարի մեկուսացման հետ համեմատած, իր որակով չպետք է զիջի։

446. Ձեռքով եռակցման համար օգտագործվող էլեկտրոդակալի կառուցվածքը պետք է ապահովի էլեկտրոդի հուսալի սեղմումը, էլեկտրոդի արագ փոխարինումը, բացառի ժամանակավոր ընդմիջումների կամ պատահական ընկնելու դեպքում կարճ միացումը։ Էլեկտրոդակալի բռնիչը պետք է պատրաստված լինի չայրվող դիէլեկտրական և ջերմամեկուսիչ նյութից։

447. Էլեկտրաեռակցման ժամանակ օգտագործվող էլեկտրոդները պետք է լինեն գործարանային արտադրության և համապատասխանեն էլեկտրաեռակցման հոսանքի նոմինալ արժեքին։ Էլեկտրոդների փոխարինման ժամանակ դրանց մնացորդները պետք է հավաքվեն եռակցման տեղերի մոտ դրված մետաղյա արկղերի մեջ։ Եռակցումից առաջ էլեկտրոդները պետք է չորացվեն յուրաքանչյուր էլեկտրոդային ծածկույթի համար տեղեկաթերթիկում նշված ջերմաստիճանի տակ։ Էլեկտրոդների ծածկը պետք է լինի համասեռ, հոծ և առանց ճաքերի։

448. Աշխատելու ժամանակ էլեկտրաեռակցման սարքավորումը պետք է հողակցված լինի։ Էլեկտրաեռակցման սարքավորումների հիմնական հողակցումից բացի պետք է հողակցվի նաև տրանսֆորմատորի երկրորդային փաթույթից եռակցվող հանգույց գնացող (հետադարձ) հաղորդալարի սեղմակը։

449. Բացօթյա օգտագործվող շարժական և փոխադրովի էլեկտրաեռակցման սարքավորումները, մթնոլորտային տեղումներից պաշտպանելու համար պետք է տեղադրվեն չայրվող նյութերից կառուցված ծածկարանների տակ։

450. Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում ագրեգատները և գործարկման սարքերը պետք է մաքրվեն։ Եռակցման սարքավորման պլանային նախազգուշական վերանորոգումը պետք է կատարվի թողարկվող գործարանի կողմից նշված ժամկետներում։

451. Եռակցման սարքավորման առանձին մասերի (տրանսֆորմատորների, առանցքակալերի, խոզանակների, երկրորդային շղթայի հպակների) տաքացման ջերմաստիճանը 750C-ից ավել չպետք է լինի։

452. Ատոմաջրածնային եռակցման համար, սարքավորումներում աղեղի սնումը պետք է կատարվի առանձին տրանսֆորմատորից։ Աղեղի անմիջական սնումը բաշխիչ ցանցից, ցանկացած տեսակի հոսանքի կարգավորիչների միջոցով չի թույլատրվում։

453. Ատոմաջրածնային եռակցման ժամանակ շղթայի խզման դեպքում, ջրածնի մատուցումը դադարեցնելու և լարումն անջատելու համար, հրածորանի մեջ պետք է տեղադրվի ինքնաշխատ սարք։ Չի թույլատրվում միացրած հրածորանները թողնել առանց հսկողության։

454. Հրդեհապայթյունավտանգ գոտիներում էլեկտրաեռակցման աշխատանքների կատարման ընթացքում խորհուրդ է տրվում՝

ա) օգտագործել հաստատուն հոսանքի սնման աղբյուրներ կամ էլեկտրոդի և եռակցման հանգույցի միջև լարման բարձրացման համար` իմպուլսային գեներատոր ունեցող փոփոխական հոսանքի աղբյուրներ («լիցքաթափում» տեսակի սնման աղբյուր),

բ) հրդեհավտանգ գոտիների դժվարամատչելի տեղերի փոշեմաքրումը կատարել երկու տոկոսանոց փրփրալուծույթով (1մ2-ի համար` 1լիտր հաշվարկով)։

Ուղղաձիգ և առաստաղային դիրքում եռակցումը պետք է կատարվի ավելի քան 4 մմ տրամագիծ ունեցող էլեկտրոդներով։ Ընդ որում, եռակցման հոսանքի մեծությունը ներքևում` հորիզոնական դիրքում, եռակցման հոսանքից պետք է լինի 20% ցածր։ էլեկտրաեռակցման սարքավորումը թույլատրվում է միացնել միայն էլեկտրոդակալում էլեկտրոդի բացակայության դեպքում։

 

6. ՄԵՏԱՂԻ ԿՏՐՈՒՄԸ

 

455. Բենզինակերոսինային կտրման աշխատանքների կատարման վայրերը պետք է սարքավորվեն, կահավորվեն էլեկտրաեռակցման վայրերի նման։ Այդ աշխատանքների կատարման ընթացքում պետք է հատուկ ուշադրություն դարձվի, որպեսզի այրվող, դյուրավառ հեղուկները ճիշտ պահվեն, բացառվի դրանց տարածումը, պահպանվի կտրման գործելակարգը։

456. Բենզինակերոսինային կտրման աշխատանքների կատարման վայրերում պահվող վառելիքի պաշարների թույլատրելի քանակությունը մեկ հերթափոխի պահանջարկից ավել չպետք է լինի։ Վառելիքը պետք է պահվի կրակային աշխատանքների կատարման վայրերից ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա` սարքին, չկտրվող, կիպ փակվող տարայի մեջ։

457. Բենզինակերոսինային կտրման աշխատանքներ կատարելու համար օգտագործվող վառելանյութը չպետք է պարունակի ջուր և այլ կողմնակի խառնուրդներ։ Չի թույլատրվում բաքի մեջ դրա ծավալի 3/4-ից ավել քանակությամբ վառելիք լցնել։

458. Վառելիքի բաքը պետք է լինի հերմետիկ և գտնվի սարքին վիճակում։ Ջրային փորձարկումները (1 մեգապասկալ ճնշումը չանցած), այրվող խառնուրդի հոսաթողում, անսարք պոմպ կամ ճնշաչափիչ (մանոմետր) ունեցող բաքերը շահագործել չի թույլատրվում։

459. Աշխատանքներն սկսելուց առաջ պետք է ստուգվի բենզինակերոսինային կտրոցի, ինչպես նաև ներագույցների (նիպելների) վրա ճկափողերի միացման սարքինությունը։

460. Կտրոցի գոլորշիչը տաքացնելու համար աշխատանքային տեղերում չի թույլատրվում վառել այրվող և դյուրավառ հեղուկներ։

461. Վառելիքով բաքը պետք է գտնվի թթվածնով բալոններից, բաց կրակի աղբյուրներից ոչ պակաս, քան 5 մետր հեռավորության վրա, իսկ աշխատանքային տեղից ոչ պակաս, քան 3 մետր։ Վառելիքով բաքը պետք է տեղադրվի այնպես, որպեսզի աշխատանքի ժամանակ այն զերծ մնա կայծերի, բոցի, ջերմային այլ աղբյուրների ազդեցություններից։

462. Բենզինակերոսինային կտրման աշխատանքների ընթացքում արգելվում է՝

ա) վառելիքի բաքում կտրոցի միջի թթվածնի աշխատանքային ճնշումից ավելի բարձր օդի ճնշում ունենալ‚

բ) կտրոցի գոլորշիչը գերտաքացնել (մինչև մուգ կարմիր գույնը), ինչպես նաև աշխատանքի ընթացքում կտրոցը ուղղահայաց դիրքով կախել‚

գ) կտրոցի թթվածին կամ վառելանյութ մատուցող ճկափողերը սեղմել, գերոլորել,

դ) թթվածնի ճկափողերն օգտագործել կտրոցին բենզին կամ կերոսին մատակարարելու համար։

 

7. ԶՈԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

463. Զոդման աշխատանքների կատարման տեղը պետք է մաքրված լինի վառողունակ նյութերից, իսկ մինչև 5 մ հեռավորության վրա գտնվող վառողունակ նյութերից կառուցատարրերը պաշտպանված լինեն չայրվող նյութերից էկրաններով։ Անհրաժեշտության դեպքում այդ կառուցատարրերի վրա թույլատրվում է ցանել ջուր (փրփրարարի ջրային լուծույթ և այլն)։

464. Զոդալամպերը պետք է գտնվեն սարքին վիճակում, ամիսը ոչ պակաս, քան մեկ անգամ ստուգվի դրանց ամրությունը և հերմետիկությունը։ Ստուգման ժամկետը և արդյունքները պետք է գրանցվեն հատուկ մատյանում։ Բացի դրանից, ոչ պակաս, քան տարին մեկ անգամ զոդալամպերը պետք է ենթարկվեն վերահսկիչ ջրային փորձարկումների։

465. Յուրաքանչյուր զոդալամպ պետք է ունենա տեղեկաթերթիկ, գործարանային ջրային փորձարկումների արդյունքների և թույլատրելի աշխատանքային ճնշման նշումով։ Զոդալամպերի ճնշաչափերը պետք է գտնվեն սարքին վիճակում, իսկ պաշտպանիչ կափույրները կարգավորված լինեն տեղեկաթերթիկի մեջ նշված ճնշմանը համապատասխան։

466. Զոդալամպերի վառելիքով լցավորումը և վառքը պետք է կատարվի հատուկ այդ նպատակների համար հատկացված տեղերում։

467. Զոդալամպերից բոցի արտանետումը բացառելու համար, զոդալամպի մեջ օգտագործվող վառելիքը պետք է մաքրված լինի կողմնակի խառնուրդներից և ջրերից։

468. Զոդալամպի պայթյունից խուսափելու համար արգելվում է ՝

ա) կերոսինով աշխատող զոդալամպերի համար որպես վառելանյութ օգտագործել բենզին կամ բենզինի և կերոսինի խառնուրդ,

բ) լամպի մեջ օդի մղման ժամանակ տեղեկաթերթիկում նշված թույլատրելի աշխատանքային ճնշումից բարձր ճնշում ստեղծել,

գ) զոդալամպի մեջ դրա ծավալի 3/4-ից ավել քանակությամբ վառելիք լցնել‚

դ) զոդալամպի վառման կամ չհովացված վիճակում հանել օդային պտուտակը և լցավորման խցանը‚

ե) զոդալամպը վերանորոգել բաց կրակի մոտ (այդ թվում` վառվող լուցկու, ծխախոտի և այլն), ինչպես նաև վառելանյութը լցավորել, դատարկել։

 

XV. ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

469. Հրդեհաշիջման սկզբնական միջոցների տեսակի և քանակության որոշման ժամանակ պետք է հաշվի առնվեն այրվող նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները, դրանց հարաբերությունը հրդեհաշիջման նյութերի հետ, ինչպես նաև արտադրական շինությունների, բաց հարթակների և սարքավորումների մակերեսները։

470. Ազբեստային, կոպտաբրդե գործվածքները, թաղիքը 1x1 մետրից ոչ պակաս չափերով, նախատեսված են նյութերի (որոնց այրումը չի կարող տեղի ունենալ առանց օդի ներթափանցման) բռնկման դեպքում ոչ մեծ օջախների մարման համար։ Այրվող և դյուրավառ հեղուկների օգտագործման և պահման տեղերում գործվածքների չափերը կարող են մեծացվել (2x1.5, 2x2 մետր)։

471. Համաձայն միջպետական ստանդարտների ջրի պահման տակառների ծավալը պետք է լինի 0.2 մ3 ոչ պակաս և համալրվի դույլերով։ Ավազի արկղերի ծավալը պետք է լինի 0.5 մ3, 1 մ3 և 3 մ3 և համալրվի գոգաթիով։

472. Հրշեջ վահանի լրակազմի մեջ մտնող ավազի տարողությունների ծավալը պետք է լինի 0.1 մ3-ից ոչ պակաս։ Արկղի կառուցվածքը պետք է ապահովի ավազի հեշտ դուրս բերումը, բացառի տեղումների ներթափանցումը։

473. Տեխնոլոգիական սարքավորումների կրակմարիչներով համալրումը պետք է կատարվի տվյալ սարքավորումների տեխնիկական պայմանների (տեղեկաթերթերի) պահանջների կամ հրդեհային անվտանգության կանոնների համաձայն։

474. Արտասահմանյան սարքավորումների կրակմարիչներով համալրումը պետք է կատարվի մատակարարման պայմանագրի պահանջների համաձայն։

475. Կրակմարիչների տեսակի ընտրության և անհրաժեշտ քանակության հաշվարկը անհրաժեշտ է կատարել համաձայն շինությունները ձեռքի կրակմարիչներով ապահովումը ըստ թիվ 2 և թիվ 3 հավելվածների` հաշվի առնելով դրանց կրակմարիչ հատկությունները, սահմանային մակերեսը, պահպանվող շինությունում կամ օբյեկտում այրվող նյութերի հրդեհի դասը։

476. Համապատասխան օգտագործման ջերմաստիճանային սահման ունեցող կրակմարիչներ ընտրելիս, անհրաժեշտ է հաշվի առնել շենքերի և շինությունների շահագործման կլիմայական պայմանները։

477. Հրդեհի համակցված օջախների հրդեհաշիջման համար կրակմարիչների ընտրության ժամանակ առավելությունը պետք է տրվի առավել համապիտանի կիրառման բնագավառ ունեցողներին։

478. Տարբեր կարգի շինությունների սահմանային մակերեսի համար (մաքսիմալ մակերեսի համար, որը պաշտպանվում է մեկ կամ մի խումբ կրակմարիչներով) անհրաժեշտ է նախատեսել սույն կանոնների հավելվածներում տրված աղյուսակների «++» և «+» նշաններից առաջ նշված որևէ կրակմարիչ։

479. Հասարակական շենքերի և շինությունների յուրաքանչյուր հարկում պետք է տեղադրվի ոչ պակաս, քան 2 կրակմարիչ։

480. Հրդեհավտանգության նույն կարգի մի քանի ոչ մեծ շինությունների համար, գումարային մակերեսից ելնելով կրակմարիչների քանակը պետք է որոշվի սույն կանոնների հավելվածների հիման վրա։

481. Կազմակերպությունից լիցքավորման համար ուղարկված կրակմարիչները պետք է փոխարինվեն նույն քանակությամբ լիցքավորված կրակմարիչներով։

482. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների համար նախատեսված շինությունների, հեռախոսակայանների, թանգարանների, արխիվների պահպանության ժամանակ պետք է հաշվի առնվի կրակմարիչ նյութերի և պահպանվող սարքավորումների, արտադրանքի, նյութերի փոխազդեցության առանձնահատկությունները։

483. Նշված շինությունները խորհուրդ է տրվում ապահովել ֆրեոնային, ածխաթթվային կրակմարիչներով` հաշվի առնելով կրակմարիչ նյութի թույլատրելի սահմանային պարունակությունը (կոնցենտրացիան)։

484. Ինքնաշխատ հրդեհաշիջման սարքեր ունեցող շինությունները կարող են ապահովվել կրակմարիչների հաշվարկային քանակության 50%-ի չափով։

485. Հրդեհի հնարավոր օջախից մինչև կրակմարիչի տեղադրման տեղը հասարակական շենքերի, շինությունների համար պետք է լինի ոչ ավել, քան 20 մ, «Ա», «Բ», «Վ» կարգի շինությունների համար` 30 մետր, «Գ» և «Դ» կարգի շինությունների համար` 40 մետր:

 

Հավելված 1

Հրդեհային անվտանգության
կանոնների

ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

«Ա», «Բ», «Վ», «Գ», «Դ» ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԸՍՏ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

 

N/N

Շինության կատեգորիան

Շինությունում գտնվող նյութերի բնութագիր

1.

«Ա»
պայթյունահրդեհավտանգ

280C-ից ոչ ավել բռնկման ջերմաստիճան ունեցող
այրվող գազեր, դյուրավառ հեղուկներ` այն
քանակությամբ, որ կարող են ստեղծել պայթյունավտնագ
օդագազագոլորշային խառնուրդներ, որոնց բռնկման
ժամանակ շինությունում առաջանում է 5 կիլոպասկալը
գերազանցող պայթյունի հաշվարկային ավելցուկային
ճնշում:
Ջրի, օդի, թթվածնի և միմյանց հետ փոխազդելիս
պայթելու և այրվելու ընդունակ նյութեր այն
քանակությամբ, երբ առաջանում է 5 կիլոպասկալը
գերազանցող պայթյունի հաշվարկային ավելցուկային
ճնշում:

2.

«Բ»
պայթյունահրդեհավտանգ





280C-ից ոչ ավել բռնկման ջերմաստիճան ունեցող
այրվող փոշիներ կամ մանրաթելեր, այրվող հեղուկներ`
այն քանակությամբ, որ կարող են ստեղծել
պայթյունավտանգ փոշեօդային կամ օդագոլորշային
խառնուրդներ, որոնց բռնկման ժամանակ
շինությունում, առաջանում է 5 կիլոպասկալը
գերազանցող պայթյունի հաշվարկային ավելցուկային
ճնշում:

3.

«Վ» հրդեհավտանգ

Դյուրավառ, այրվող և դժվար այրվող հեղուկներ,
կոշտ այրվող և դժվար այրվող նյութեր: Նյութեր,
որոնք ընդունակ են միայն այրվել ջրի, օդի թթվածնի
կամ միմյանց հետ փոխազդելիս, պայմանով, որ այն
շինությունները, որտեղ դրանք առկա են չեն
պատկանում «Ա» կամ «Բ» կատեգորիաներին:

4.

«Գ»

Տաք, շիկացած կամ հալված վիճակում գտնվող չայրվող
նյութեր, որոնց մշակումը ուղեկցվում է
ճառագայթային ջերմություն, կայծի և բոցի
անջատմամբ: Այրվող գազեր, հեղուկներ և կոշտ
նյութեր, որոնք օգտագործվում են, որպես
վառելանյութ:

5.

«Դ»

Սառը վիճակում գտնվող նյութեր:

 

Հավելված 2

Հրդեհային անվտանգության
կանոնների

 

 

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՌՔԻ ԿՐԱԿՄԱՐԻՉՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

 

Շինության
կարգը

Պաշտպանվող
սահմանային
մակերեսը,
մ2

Հրդեհի
դասը

Փրփրային
և ջրային
կրակմարիչ-
ներ 10 լ
տարողու-
թյամբ

Փոշային կրակմարիչ-
ներ տարո ղությամբ, լ

 Ֆրեոնային
կրակմարիչ-
ներ 2(3) լ
տարողու-
թյամբ

Ածխաթթվային
կրակմարիչ-
ներ, տարո-
ղությամբ լ.

2

5

10

2

5(8)

Ա.Բ.Վ.
այրվող
գազեր և
հեղուկներ




200







A
B
C
D
(E)

2++

-

2+

1++

-

-

-

4+

-

2+

1++

4+

-

-

-

-

2+

1++

4+

-

-

-

-

2+

1++

-

-

-

-

-

2+

1++

-

-

2++

Վ

400

A

2++

4+

2+

1+

-

-

2+

D

-

-

2+

1++

-

-

-

(E)

-

-

2++

1+

2+

4+

2++

Գ

800

B

2+

-

2++

1+

-

-

-

C

-

4+

2++

1+

-

-

-

Գ.Դ.

1800

A

2++

4+

2++

1+

-

-

-

D

-

-

2+

1++

-

-

-

(E)

-

2+

2++

1+

2+

4+

2++

Հասարակական
շենքեր

800

A

4++

8+

4++

2+

-

-

4+

E

--

-

4++

2+

4+

4+

2++

 

1. Տարբեր դասերի հրդեհների մարման համար փոշային կրակմարիչները պետք է ունենան համապատասխան լիցքավորում,       

A դասի համար ABC(E) փոշի

D դասի համար` (D)

2. «++» նշանով նշված են օբյեկտների ապահովման համար առաջարկվող կրակմարիչները.

«+» նշանով նշված են կրակմարիչներ, որոնց օգտագործումը թույլատրվում է առաջարկվող

կրակմարիչների բացակայման և համապատասխան հիմնավորման դեպքում.

«-» նշանով նշված են կրակմարիչներ, որոնցով չի թույլատրվում ապահովել օբյեկտները: 
    

Հավելված 3

Հրդեհային անվտանգության
կանոնների

 

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՌՔԻ ԿՐԱԿՄԱՐԻՉՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Շինության
կարգը

Պաշտպանվող
սահմանային
մակերեսը,
մ2

Հրդեհի
դասը

Օդափրփրային
կրակմարիչներ
(փրփուր, փոշի)
100 լ տարողությամբ

Համակցված
կրակմարիչ-
ներ (փրփուր,
փոշի) 100լ
տարողությամբ

Փոշե
կրակմարիչ-
ներ 100 լ
տարողու-
թյամբ

Ածխաթթվային
կրակմարիչ-
ներ, տարո-
ղությամբ լ.

25

80

Ա.Բ.Վ.
գազեր և


500



A

1++

1++

1++

-

-

B

2+

1++

1++

-

-

C

-

1+

1++

-

-

D

-

-

1++

-

-

(E)

-

-

1+

-

-

Գ
այրվող
և
րից

800



A

1++

1++

1++

-

-

D

2+

1++

1++

-

-

C

-

1+

1++

-

-

D

-

-

1++

-

-

(E)

-

-

1+

-

-

   

1. Տարբեր դասերի հրդեհների օջախների հրդեհաշիջման համար փոշային և համակցված

կրակմարիչները պետք է ունենան համապատասխան լիցքավորում,

A դասի համար ABC(E) փոշի.

B, C և E-BC(E) կամ էլ ABC(E) և D դասի համար` D

2. «++», «+» և «-» բերված են 1. աղ. ծանոթության 2 կետում.
     3. A դաս-պինդ նյութերի հրդեհներ, հիմնականում օրգանական ծագում ունեցող

նյութեր, որոնց այրումն ուղեկցվում է մարմրումով (փայտանյութ, գործվածք, թուղթ).

B դաս-այրվող հեղուկներ կամ հալվող պինդ նյութերի հրդեհներ.

C դաս-գազերի հրդեհներ.

D դաս-մետաղների և դրանց համաձուլվածքների հրդեհներ:

E դաս-էլեկտրասարքավորումների այրման հետ կապված հրդեհներ:

Կրակմարիչի տեսակի ընտրությունը (շարժական կամ ձեռքի) պայմանավորված է հրդեհի

հնարավոր օջախների չափերից: Դրանց զգալի չափսերի լինելու դեպքում խորհուրդ է

տրվում օգտագործել փոխադրական կրակմարիչներ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.04.2015, N 277-Ն 01.06.2015, N 524-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան