ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
20 մայիսի 1998 թ. |
N 145 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը»:
Նախարար |
Է. Սանդոյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ
Սույն կարգը սահմանվում է համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի «ա» ենթակետի և կանոնակարգում է բանկերի դեբիտորական պարտքերի դասակարգման, հնարավոր կորուստների պահուստին մասհանումների կատարման և անհուսալի ճանաչված պարտքերի դուրսգրման հարցերը:
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն կարգի նպատակներով դեբիտորական պարտք (այսուհետ` պարտք) է համարվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող ձեռնարկությունների, կազմակերպությունների, հաստատությունների ու հիմնարկների (այդ թվում` բանկերի), ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից բանկին վճարման ենթակա այն պարտավորությունների գումարը, որն առաջացել է բանկի հետ նրանց ֆինանսատնտեսական փոխհարաբերությունների արդյունքում:
1.2. Սույն կարգի նպատակների համար պարտքերը ստորաբաժանվում են երկու խմբի.
1-ին խումբ` բանկերի հիմնական ակտիվային գործառնությունների, այն է` ֆակտորինգի, ֆինանսական վարձակալության (ֆինանսական լիզինգի), բանկային երաշխիքների և ակրեդիտիվների գծով պարտքեր,
2-րդ խումբ` այլ պարտքեր (ակտիվային այլ գործառնությունների գծով ստացվելիք գումարներ և/ կամ երրորդ անձանց նկատմամբ այլ պահանջներ):
1.3. Պարտքերի մեջ չեն ներառվում վարկերի (այդ թվում` միջբանկային վարկերի, դեպոզիտների), արժեթղթերի գծով պարտավորությունները, ինչպես նաև բանկերի հիմնական ակտիվային գործառնությունների գծով ստացվելիք գումարները, եթե դրանք մինչև պայմանագրով սահմանված մարման (վճարման) ժամկետի ավարտը վերաձևակերպվել են որպես վարկային պարտավորություն:
1.4. Սույն կարգի նպատակներով 1.2. կետում նշված պարտքերի թվին չեն դասվում սահմանված կարգի համաձայն դրանց գծով առանձին հաշվառվող տոկոսային և այլ եկամուտների (դիսկոնտ, լիզինգի տոկոս և այլն) մասով ստացվելիք գումարները, ինչպես նաև ստացվելիք այն գումարները, որոնք ամբողջությամբ հաշվեգրվում են բանկի եկամուտներին: Նշված գումարների մասով հնարավոր կորուստների պահուստ չի ձևավորվում, և դրանց դուրսգրումը կատարվում է սույն կարգի 3.2. կետով սահմանված կարգով:
1.5. Սույն կարգի նպատակների համար ժամկետանց են համարվում`
ա) այն պարտքերը, որոնք պայմանագրով սահմանված ժամկետում չեն մարվել (վճարվել) և, կողմերի համաձայնությամբ, մինչև մարման ժամկետի լրանալը պայմանագրային կարգով չեն երկարաձգվել,
բ) այլ բանկերում բացված թղթակցային հաշիվների մնացորդները` հաշվետիրոջ կողմից ներկայացված առաջին պահանջը չբավարարելու պահին հաջորդող 30-րդ օրվանից,
գ) տրված երաշխիքների և բացված ակրեդիտիվների դիմաց բանկից գանձված գումարների գծով առաջացած պարտքերը, եթե դրանք չեն վերաձևակերպվել որպես վարկային պարտավորություն` գանձման պահին հաջորդող` 60-րդ օրվանից (եթե կողմերի փոխհամաձայնությամբ այլ ժամկետ չի սահմանված),
դ) այն պարտքերը, որոնց համար պայմանագրով սահմանված չէ մարման (վճարման) ժամկետ /կամ բացակայում է պայմանագիրը/` գործարքի (գործառնության) կատարման պահին հաջորդող 60-րդ օրվանից:
1.6. Սույն կարգում սահմանված ժամկետներն առնչություն չունեն հայցային վաղեմության ժամկետների հետ:
2. Պարտքերի դասակարգումը ԵՎ դրանց հնարավոր կորուստների պահուստի ձԵՎավորումը
2.1. Սույն կարգի 1.2. կետին համապատասխան խմբավորված պարտքերը, ելնելով ժամկետանց օրերի թվից, դասակարգվում են 4 դասի` ոչ ստանդարտ, կասկածելի, վտանգավոր և անհուսալի: Պարտքերի նշված դասակարգմանը համապատասխան մասհանումները պահուստին, ըստ պարտքերի առանձին խմբերի և դասերի, կատարվում են ստորև բերվող աղյուսակներում նշված չափերով.
ԱՂՅՈՒՍԱԿ 1
1-ին խումբ պարտքերի դասակարգումը ԵՎ պահուստին մասհանումների կատարման սահմանաչափերը
ՊԱՐՏՔԻ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՕՐԵՐԸ |
Պահուստին մասհանման սահմանաչափերը (%) ըստ պարտքերի 1-ին խմբի համապատասխան դասերի |
1. Պարտքը ժամկետանց դառնալու օրվանից մինչև 60-րդ օրը ներառյալ | ոչ ստանդարտ մինչև 20 |
2. Պարտքը ժամկետանց դառնալու 61-րդ օրվանից մինչև 90-րդ օրը ներառյալ | կասկածելի 20 - 50 |
3. Պարտքը ժամկետանց դառնալու 91-րդ օրվանից մինչև 180-րդ օրը ներառյալ |
վտանգավոր |
4. Պարտքը ժամկետանց դառնալու 181-րդ օրը և ավելի |
անհուսալի |
ԱՂՅՈՒՍԱԿ 2
2-րդ խումբ պարտքերի դասակարգումը ԵՎ պահուստին մասհանումների կատարման սահմանաչափերը
ՊԱՐՏՔԻ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՕՐԵՐԸ |
Պահուստին մասհանման սահմանաչափերը (%) ըստ պարտքերի 1-ին խմբի համապատասխան |
1. Պարտքը ժամկետանց դառնալու օրվանից մինչև 180-րդ օրը ներառյալ | ոչ ստանդարտ մինչև 20 |
2. Պարտքը ժամկետանց դառնալու 181-րդ օրվանից մինչև 270-րդ օրը ներառյալ |
կասկածելի |
3. Պարտքը ժամկետանց դառնալու 271-րդ օրվանից մինչև 360-րդ օրը ներառյալ |
վտանգավոր |
4. Պարտքը ժամկետանց դառնալու 361-րդ օրը և ավելի |
անհուսալի |
2.2. Ֆակտորինգային գործառնությունների, ֆինանսական վարձակալության (ֆինանսական լիզինգի), բանկերի կողմից տրված երաշխիքների և ակրեդիտիվների գծով ստացվելիք գումարների մասով առաջացած պարտքը համարվում է անհուսալի` ժամկետանց դառնալու 181-րդ օրվանից:
Բանկի կողմից ստացվելիք այլ գումարների (պահանջների) մասով առաջացած պարտքը (2-րդ խումբ) համարվում է անհուսալի` ժամկետանց դառնալու 361-րդ օրվանից:
Պարտքը համարվում է անհուսալի նաև այն դեպքում (անկախ ժամկետանց օրերի թվից), երբ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտապանը սնանկ է ճանաչվել կամ վավերացվել է վերջինիս կողմից պարտքի մարման անհնարինությունը:
2.3. Պարտքերի հնարավոր կորուստների պահուստին մասհանումները պարտքերի յուրաքանչյուր խմբի համապատասխան դասի համար սույն կարգի 2.1. կետով ամրագրված տոկոսադրույքների նվազագույն և առավելագույն սահմաններում բանկերը կատարում են ինքնուրույնաբար` ելնելով պարտքի ժամկետանց օրերի թվից, պարտքի ռիսկայնության աստիճանից (կապված պարտապանի ֆինանսական վիճակի վատթարացման և/ կամ հնարավոր անվճարունակության առաջացման հետ) և պարտքի գումարի լրիվ կամ մասնակի չմարման դեպքում հնարավոր կորուստների չափերից:
2.4. Սույն կարգի 1.2. կետում նշված 2-րդ խմբի այն պարտքերի մասով, որոնցից յուրաքանչյուրի գումարը չի գերազանցում մեկ միլիոն դրամը, հնարավոր կորուստների պահուստին մասհանումներ կարող են չկատարվել: Այդ դեպքում սույն կարգով սահմանված չափանիշներին համապատասխան անհուսալի ճանաչված պարտքերը դուրս են գրվում սույն կարգի 3.1. կետով սահմանված կարգով:
2.5. Պահուստի միջոցներն օգտագործվում են բացառապես սույն կարգի համաձայն անհուսալի ճանաչված պարտքերի դուրսգրման համար: Եթե տվյալ պարտքերի գծով ձևավորված պահուստի միջոցները չեն բավարարում անհուսալի ճանաչված պարտքի լրիվ գումարի դուրսգրման համար, ապա պահուստի հաշվին չմարված մասի չափով կատարվում է լրացուցիչ մասհանում, այնուհետև միայն պարտքը դուրս է գրվում պահուստի միջոցներից:
3. Անհուսալի պարտքերի դուրսգրման ԵՎ պարտքերի վերականգնման հաշվառումը
3.1. Սույն կարգի համաձայն անհուսալի ճանաչված պարտքերը դուրս են գրվում «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ծածկման պահուստ» հաշվի միջոցներից, իսկ 2.4. կետում նշված 2-րդ խմբի անհուսալի ճանաչված այն պարտքերը, որոնց գծով պահուստ չի ձևավորվում` միանվագ կարգով, բանկի ծախսերով («Ստացվելիք գումարների դուրսգրումներ, որոնց համար նախատեսված չեն պահուստներ» հաշվով):
Անհուսալի ճանաչված պարտքերը սույն կետով սահմանված կարգով դուրս են գրվում անհուսալի դառնալու օրվանից մինչև տվյալ ամսվա վերջին օրը:
3.2. Սույն կետի 1.4. կետում նշված ստացվելիք գումարները, որոնք սահմանված կարգի համաձայն հաշվեգրվել են բանկի եկամուտներին, սակայն չեն մարվել (վճարվել) պայմանագրերով նախատեսված ժամկետներում, դուրս են գրվում` նվազեցնելով բանկի եկամուտները`
ա) դրանց ժամկետանց դառնալու (պայմանագրով սահմանված մարման (վճարման) ժամկետը լրանալու) օրվանից հաշված` 90-րդ օրը,
բ) սույն կարգով սահմանված չափանիշներին համապատասխան անհուսալի ճանաչված պարտքի հիմնական գումարի դուրսգրման օրը:
3.3. Սույն կարգի 2.1. կետին համապատասխան դասակարգված, սակայն հաշվեկշռից դեռևս դուրս չգրված պարտքերի լրիվ կամ մասնակի մարման դեպքում համապատասխան չափով ճշտվում է պահուստի ընդհանուր մեծությունը, և այդ չափով կուտակված մասհանումների գումարներն ուղղվում են բանկի տվյալ հաշվետու ժամանակահատվածի եկամուտներին:
Սույն կարգի 3.1. և 3.2. կետերով սահմանված կարգով հաշվեկշռից դուրս գրված գումարների (կորուստների և չստացված եկամուտների) լրիվ կամ մասնակի վերականգնման դեպքում վերականգնված գումարներն ամբողջությամբ հաշվեգրվում են բանկի տվյալ հաշվետու ժամանակահատվածի եկամուտներին:
3.4. Հաշվեկշռից դուրս գրված անհուսալի պարտքերը հաշվառվում են «Ծախսերով դուրս գրված դեբիտորական պարտքեր» ծանուցման հաշվում:
3.5. Պարտապանի անվճարունակության հետևանքով հաշվեկշռից անհուսալի պարտքերի դուրսգրումը չի համարվում պարտքի անվավեր ճանաչում:
4. Կարգը գործողության մեջ դրվելը ԵՎ անցումային դրույթներ
4.1. Սույն կարգը գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գերատեսչական նորմատիվ ակտերի համար սահմանված կարգով հրապարակման ամսվան հաջորդող ամսի 1-ից:
4.2. Սույն կարգը գործողության մեջ դրվելու պահից ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 19.03.97 թ. և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 26.06.97 թ. հաստատված «Բանկերի դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» կարգը:
4.3. Սույն կարգը գործողության մեջ մտնելու ամսվա վերջին օրվա դրությամբ բանկերը սույն կարգի պահանջներին և չափանիշներին համապատասխան կատարում են սահմանված չափերով մասհանումներ պարտքերի հնարավոր կորուստների պահուստին, ինչպես նաև հաշվեկշռից դուրս են գրում սույն կարգով սահմանված չափանիշներին համապատասխան անհուսալի ճանաչված պարտքերը` միանվագ կարգով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
15 հունիսի1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 209800139