Գլխավոր տեղեկություն
Համար
N 90-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.08.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.08.15/20(197) Հոդ.276
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
11.07.2005
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11505301

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հուլիսի 2005 թ.
ք. Երևան

N 90-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 890-Ն որոշման 2-րդ կետի բ) ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության գործավարության կարգը» համաձայն հավելվածի:

2. Գործակալության պետ տիկին Ս. Հարությունյանին`

- ապահովել «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության գործավարության կարգ»-ի կատարումը,

- սույն կարգը ծանոթացնել գործակալության աշխատակիցներին:

3. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալության գործավարության կարգ»-ի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար պարոն Ձ. Մարգարյանի վրա:

 

 

Ա. Վարդանյան

 

 

Հավելված
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2005 թ. հուլիսի 11-ի
N 90-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության գործավարության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) գործավարության կարգը:

2. Սույն կարգով սահմանված գործավարության կանոնները պարտադիր են գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողների (այսուհետ` աշխատողներ) համար:

3. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներում սույն կարգով սահմանված գործավարության կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է գործակալության տարածքային կենտրոնների աշխատանքների համակարգման բաժինը (այսուհետ` բաժին):

4. Գործակալությունում գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. դեկտեմբերի 30-ի թիվ 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

 

II. Գործակալությունում ստացված թղթակցության ընդունումը, գրանցումը ԵՎ շարժը

 

5. Գործակալությունում ստացված պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունը, բացի «գաղտնի» մակագրով ծրարներից, ընդունվում և գրանցվում է բաժնում:

6. Բաժնում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրով ծրարներից: «Անձամբ» մակագրով ծրարները չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատերերին:

7. Բաժնում աշխատողները ծրարը բացելիս պարտավոր են ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, համեմատել փաստաթղթերի ելից համարները ծրարի վրա նշված համարների հետ:

Փաստաթղթի կամ փաստաթղթի էլեկտրոնային օրինակի (ֆայլի) բացակայության կամ վնասման դեպքում կազմվում է ակտ 3 օրինակից, որից մեկը մնում է բաժնում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը: Ծրարում (ֆայլում) սխալմամբ դրված փաստաթղթերը նոր ծրարներով ուղարկվում են ըստ պատկանելության` կցելով նաև այն ծրարները, որոնցով ստացվել էին: Նշվածի մասին անհրաժեշտության դեպքում տեղյակ է պահվում այն կազմակերպությանը, որտեղից ստացվել էր ծրարը:

8. Ծրարները, որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին կցվում են այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն, կամ եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:

9. Եթե փաստաթղթում նշված է կատարման ժամկետ, ապա նախարարության աշխատակազմի քարտուղարությունը նույն օրը տեղեկացնում է գործակալություն:

10. Բաժնում ստացված թղթակցությունը, ինչպես նաև ֆաքսի և էլեկտրոնային կապի միջոցով ստացված փաստաթղթերը գրանցվում են գրանցամատյանում, որտեղ արտացոլվում է փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը: Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են համակարգչային ցանցով, պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Գրանցված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը: Ստացված փաստաթուղթը համարակալվում է հերթական մտից համարով (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը):

Նախարարությունից ստացված թղթակցությունների գրանցման համարից հետո դրվում է N պայմանանշան:

11. Նախարարությունում մուտքագրված և գործակալություն ուղարկված գրությունները մուտքագրվում են գործակալության առանձին գրանցամատյաններում:

12. Գրանցման ենթակա չեն տեղեկատվական բնույթի փաստաթղթերը: Այդպիսի փաստաթղթերի վրա դրվում է դրոշմակնիք, նշվում միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք հանձնվում են գործակալության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին և տարածքային մարմիններին:

13. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերից և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից ստացված շտապ թղթակցությունները գրանցվում և արտահերթ ներկայացվում են գործակալության պետին` բաժնի պետի միջոցով:

14. Գործակալության պետին հանձնված թղթակցությունը վերադարձվում է բաժին և նույն օրը գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարելուց հետո ըստ մակագրությունների փոխանցվում կատարողներին: Օտար լեզուներով ստացված թղթակցությունը հանձնվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժին` թարգմանության, որից հետո հետ է վերադարձվում բաժին` սահմանված կարգով գրանցման:

15. Շտապ հեռագրերն անհապաղ զեկուցվում են գործակալության պետին կամ նրա տեղակալին:

16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներին տրված փաստաթղթերը գրանցվում են համապատասխան գրանցամատյաններում:

17. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների պատճեններից մեկ օրինակ պահվում է բաժնում: Բաժինը վերոհիշյալ փաստաթղթերի պատճենները աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով տրամադրում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներին և տարածքային մարմիններին:

18. Գործակալության մի կառուցվածքային ստորաբաժանումից մյուսին թղթակցության հանձնումը կատարվում է բաժնի միջոցով:

19. Յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանում ստացված փաստաթղթում բարձրացված հարցերին ընթացք տալուց հետո կատարման մասին տեղեկանքը ներկայացնում է գործակալության պետին կամ տեղակալին:

Սույն կարգով սահմանված ժամկետներում կառուցվածքային ստորաբաժանումում և տարածքային մարմիններում փաստաթուղթը կցվում է գործին այն դեպքում, երբ համապատասխան հիմնավորման վրա առկա է գործակալության պետի կամ նրա տեղակալի` «գործին» մակագրությունը:

20. Գործակալության աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանման համար և պարտավոր են խնամքով վերաբերվել դրանց: Արգելվում է գործակալությունում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում որևէ ուղղում կատարել: Գործակալության աշխատակազմի աշխատողներին արգելվում է փաստաթղթերը գործակալությունից դուրս բերել:

21. Արձակուրդ գնալու, կամ 5 աշխատանքային օրից ավելի բացակայելու, կամ աշխատանքից ազատվելու դեպքում աշխատողը պարտավոր է իր մոտ եղած փաստաթղթերը (այդ թվում անավարտ) հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:

 

III. Նախարարի հրամանների ԵՎ գործակալության պետի կարգադրությունների ԵՎ հանձնարարականների նախագծերի նախապատրաստումը

 

22. Գործակալության կողմից նախապատրաստված և նախարարին ստորագրության տրվելիք հրամանների նախագծերը նախապատրաստվում են համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 11.09.04 թ. թիվ 117-Ն հրամանով հաստատված կարգի:

23. Նախարարի, նախարարի համապատասխան տեղակալի, նախարարության աշխատակազմի ղեկավարի` հրամանների և հանձնարարականների (այսուհետև` հրամաններ և հանձնարարականներ), ինչպես նաև գործակալությանն առնչվող օրենքների և այլ նորմատիվ-իրավական ակտերի, նախագծերը նախարարության աշխատակազմի քարտուղարության կողմից ստորագրության են տրվում գործակալության պետի կամ նրա տեղակալի ծանոթացնելուց հետո:

24. Գործակալության պետի կարգադրությունների և հանձնարարականների (այսուհետև` կարգադրություններ և հանձնարարականներ), նախագծերը նախապատրաստվում են գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից:

26. Գործակալության պետի կարգադրությունները և հանձնարարականները տպագրվում են ներքոհիշյալ սահմանված ձևաթղթերի վրա`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալության պետի կարգադրություն,

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալության պետի հանձնարարական:

Արգելվում է կարգադրություններում և հանձնարարականներում ուղղումներ և ջնջումներ կատարել:

27. Գործակալության պետի կարգադրությունների և հանձնարարականների նախագծերը նշագրվում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարի, գործակալության պետի տեղակալի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև տնտեսագիտական բաժնի պետի կողմից: Հրամաններին, հանձնարարականներին և կարգադրություններին կից հավելվածների յուրաքանչյուր էջը նշագրվում է պատասխանատու կատարողի կողմից:

28. Կարգադրությունների, հանձնարարականների նախագծերի վերջին էջի հակառակ երեսին համապատասխան ստորաբաժանման կողմից նշվում է այն հասցեատերերի ցանկը, որոնց պետք է առաքվի փաստաթուղթը և համապատասխան հիմքերով ու փաստաթղթերով ներկայացվում է բաժին: Բաժինն ապահովում է կարգադրությունների և հանձնարարականների պատճենների առաքումն ըստ հասցեատերերի քանակի:

29. Կարգադրության կամ հանձնարարականի նախագիծը գործակալության պետին ներկայացվում է ստորագրության` բաժնի միջոցով:

30. Կարգադրությունները և հանձնարարականները ձևակերպվում են բաժնում:

Կարգադրությունները և հանձնարարականները գրանցվում են համապատասխան հաշվառման մատյաններում, բնօրինակները կարվում են առանձին գործերում:

Հաշվառման մատյաններում ըստ հերթականության նշվում են.

ա) կարգադրության հաշվառման հերթական համարը,

բ) կարգադրության տեսակը,

գ) կարգադրության վերնագիրը,

դ) կարգադրության ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը,

ե) կարգադրության ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը,

զ) կարգադրության կամ հանձնարարականի գործողության դադարեցման տարին, ամիսը, ամսաթիվը:

31. Հաշվառման մատյանները խիստ հաշվառման փաստաթղթեր են: Դրանք պետք է լինեն կարված (ժապավենած), իսկ թերթերը համարակալված: Թերթերի թիվը պետք է հաստատվի գործակալության պետի կնիքով: Չի թույլատրվում հաշվառման մատյաններում մատիտով գրանցումներ կատարել:

32. Հաշվառման մատյաններում նշումները պետք է կատարվեն առանց կրճատումների, ջնջումների, պարզ ու ընթեռնելի ձեռագրով:

33. Հաշվառման մատյանի հաշվառման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և շարունակվում մինչև տարեվերջ:

34. Կարգադրության և հանձնարարականի համարները ձևավորվում են առանձին հերթական հաշվառման համարներից և պայմանանշից (կարգադրության համար` Կ-01, իսկ հանձնարարականի համար Հ-01):

 

IV. Ելից թղթակցության ձԵՎակերպումը

 

35. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերին, գործադիր մարմինների աշխատակազմերին հասցեագրված գրությունները ստորագրվում են գործակալության պետի, իսկ նրա բացակայության դեպքում` գործակալության պետի տեղակալի կողմից:

36. Ելից փաստաթղթերը բաժին են հանձնվում գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից բաց վիճակում, հիմքերի հետ միասին` ներառելով հասցեատերերի հասցեները: Ելից փաստաթղթերը պատճենահանվում են 3 օրինակից: Բնօրինակը ուղարկվում է հասցեատիրոջը, երկրորդ օրինակը համապատասխան նամակի և կից նյութերի հետ կարվում է բաժնում պահպանվող համապատասխան գործերում, երրորդ օրինակը հիմքեր պարունակող փաստաթղթերի հետ հետ է վերադարձվում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը: Միջազգային կազմակերպություններ ուղարկվող գրությունները բաժին են հանձնվում 3 օրինակից (3-րդ օրինակը հանձնվում է նախարարության միջազգային կապերի բաժին): Ելնելով անհրաժեշտությունից` փաստաթղթի պատասխանի բնօրինակը կարող է տրվել գործակալության աշխատողներին` նրանց պատասխանատվությամբ հասցեատիրոջն առձեռն կամ հեռապատճենային կապով ուղարկելու համար:

37. Գրություններին լրացուցիչ նյութեր կցված լինելու դեպքում, տեքստի տակ նշվում են կցված նյութերի անվանումները և թերթերի քանակը: Կցված թերթերի երկրորդ օրինակի բոլոր էջերը նշագրվում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից:

38. Գործակալությունում ստացված փաստաթղթերին պատասխանելիս պատասխանի վրա, վերևի ձախ անկյունում նշվում է ստացված գրության համարը և ամսաթիվը (օրինակ Ձեր 2004 թ. նոյեմբերի 20-ի թիվ 01/845): Նույն տվյալները պետք է ունենա նաև էլեկտրոնային օրինակը:

39. Գործակալությունում նախարարությունից ստացված փաստաթղթերի կատարման ժամկետը հաշվարկվում է նախարարությունից ստացված փաստաթղթի ելքագրման օրվանից:

40. Ելից փաստաթղթերը ստորագրության է ներկայացնում գործակալության պետին բաժնի պետը` ընդհանուր փոստով:

Նախարարությունից ստացված գրություններին ընթացք տալուց հետո դրանք հետ են վերադարձվում նախարարության աշխատակազմի քարտուղարություն` նախարարի 11.09.04 թ. թիվ 117-Ն հրամանով հաստատված կարգի 5-րդ և 6-րդ բաժիններին համապատասխան:

42. Ելից փաստաթղթերի համար գործակալությունում օգտագործվում են հետևյալ պաշտոնական ձևաթղթերը (բլանկները).

- Հայաստանի Հանրապետություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալություն,

- Հայաստանի Հանրապետություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալություն, __________ զբաղվածության տարածքային կենտրոն: Գործակալության պաշտոնական ձևաթղթերի նմուշները հաստատում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:

43. Փաստաթղթի ելից համարը կազմված է համապատասխան ստորաբաժանման պայմանանշից և հերթական համարից, օրինակ` Տ-01/192:

44. Ինչպես շտապ, այնպես էլ սովորական թղթակցությունը բաժնում գրանցելուց հետո փոստով, ֆաքսով կամ առձեռն առաքվում է հասցեատերերին: Երկրորդ օրինակները պահպանվում են բաժնում:

 

V. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող հարցերի նախապատրաստումը

 

45. Գործակալությունը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի միջոցով` Հայաստանի Հանրապետության նախարարի կողմից 30.09.2004 թ. հաստատված «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործավարության կարգը» հաստատելու մասին թիվ 117-Ն հրամանին համապատասխան:

 

VI. Քաղաքացիների առաջարկություններին ընթացք տալու ԵՎ քննարկելու կարգը

 

46. Գործակալությունում քաղաքացիների առաջարկությունների քննարկումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

47. Գործակալությունում քաղաքացիներից ստացված առաջարկությունները, նույն օրը գրանցամատյանի միջոցով գրանցվում են բաժնում:

48. Առաջարկությունների գրանցման համարանիշը (կոդը) բաղկացած է դիմողի ազգանվան առաջին տառից և հերթական համարից:

49. Միևնույն անձից միևնույն հարցով ստացված առաջարկությունները գրանցվում են առաջին առաջարկության գրանցման պայմանանիշով` ավելացնելով հերթական համար` կոտորակի ձևով (Ա-250/2, Ա-250/3):

50. Անանուն առաջարկությունները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:

51. Կոլեկտիվ առաջարկությունների ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում առաջին ազգանունը, անունը:

52. Քաղաքացիների ընդունելության ժամանակ գրավոր առաջարկությունները գրանցվում են օրենքով սահմանված կարգով:

53. Քաղաքացիների այն նամակները, որոնք գործակալությունում ստացվել են վերադաս մարմիններից` դրանցում նշված փաստերը ուսումնասիրելու և արդյունքների մասին տեղեկացնելու խնդրանքով, վերցվում են հատուկ հսկողության: Հատուկ հսկողության վերցված նամակների առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է «Հատուկ հսկողության տակ» դրոշմակնիքը:

54. Առաջարկությունները գործակալության պետին է ներկայացնում բաժնի պետը:

55. Հատուկ հսկողության վերցված առաջարկություններին սահմանված կարգով ընթացք տալուց հետո, դրանց վերաբերյալ պատասխանները համապատասխան մարմիններին են ուղարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

56. Որոշ առաջարկություններ, գործակալության պետի իմացությամբ, բաժնի կողմից կարող են ուղարկվել այն պետական մարմինները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը, կամ որոնց անմիջական ենթակայությամբ է գործում այն կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը, որի գործունեությունը բողոքարկվում է` առաջարկողին ուղարկելով դրա մասին ծանուցում:

57. Գործակալության պետի կողմից առաջարկությունները մակագրվելուց հետո դրանք բաժնի կողմից տրվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը:

58. Գործակալության համապատասխան ստորաբաժանումը պարտավոր է ապահովել առաջարկություններում բարձրացված հարցերի բազմակողմանի ուսումնասիրությունը և մակագրության համաձայն, սահմանված ժամկետներում տալ դրանց պատասխանը:

59. Ուսումնասիրությունից և վերջնական քննարկումից հետո ստացված առաջարկությունների պատասխանները` կից նյութերով վերադարձվում են բաժին:

60. Քաղաքացուն կարող է տրվել գրավոր կամ բանավոր պատասխան: Բանավոր պատասխանի դեպքում այդ մասին գրառումը կատարվում է առաջարկության վրա և ստորագրվում առաջարկողի կողմից:

61. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերից, գործադիր մարմինների աշխատակազմերից ստացված քաղաքացիների առաջարկությունների պատասխաններն ստորագրվում են գործակալության պետի կամ գործակալության պետի տեղակալի կողմից:

62. Քաղաքացիների աշխատանքի տեղավորմանն առնչվող հարցերով առաջարկություններին ընթացք են տրվում աշխատանք փնտրողի հաշվառման քարտում աշխատանքի առաջարկի մասին համապատասխան գրառումով: Այնուհետև համապատասխան տարածքային կենտրոնի տնօրենը գործակալության պետին է ներկայացնում քաղաքացու առաջարկությունը` առաջարկողի բավարարված լինելը հավաստող ստորագրությամբ:

63. Բաժինը առաջարկությունը կցում է գործին այն դեպքում, երբ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված հիմնավորման վրա առկա է գործակալության պետի կամ գործակալության պետի տեղակալի «Գործին» մակագրությունը: Առաջարկությունը վերջնական կցվում է գործին բաժնի պետի ստորագրությամբ:

64. Առաջարկության պատասխանի համարը կազմված է գրանցման պայմանանշից և այն գործի համարից, որի մեջ կարվում է տվյալ հարցին վերաբերող գրագրությունը (օրինակ Ա-250/2-175):

65. Քաղաքացիների առաջարկությունների պատասխանների ստացման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է բաժինը:

66. Եռամսյակը մեկ անգամ բաժնի կողմից քաղաքացիների առաջարկությունների քննարկման արդյունքների մասին տեղեկատվություն է տրամադրվում մամլո քարտուղարին` մամուլում հրապարակելու նպատակով:

 

VII. Փաստաթղթերի կատարման ԵՎ առաջարկություններին պատասխանելու ժամկետները

 

67. Գործակալությունում ստացված փաստաթղթերի քննարկման համար սահմանվում են հետևյալ ժամկետները (եթե փաստաթղթում ժամկետներ չեն նախատեսված).

 լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ չպահանջող հարցերի համար մինչև 5 աշխատանքային օր,

 լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցերի համար մինչև 15 աշխատանքային օր,

 իրավական ակտերի նախագծերի համաձայնեցման համար մինչև 5 աշխատանքային օր:

68. «Ի գիտություն» մակագրությամբ փաստաթղթերի համար պատասխան չի ակնկալվում: Այդ փաստաթղթերը պահպանվում են գործակալության համապատասխան ստորաբաժանումում կամ տարածքային մարմնում:

69. Առանձին դեպքերում կատարման ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 1 ամիս ժամկետով: Կատարման ժամկետը երկարաձգվում է միայն հանձնարարությունը տվող մարմնի (անձի) կողմից:

 

VIII. Կատարողական կարգապահության հսկողության իրականացումը

 

70. Գործակալությունում կատարողական կարգապահության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է բաժինը:

71. Ստացված բոլոր փաստաթղթերի, ինչպես նաև նախարարի հրամանների, հանձնարարականների, նախարարի համապատասխան տեղակալի հանձնարարականների, գործակալության պետի կարգադրությունների և հանձնարարականների կատարման, քաղաքացիների առաջարկություններին պատասխանելու ընթացքի և ժամկետի նկատմամբ սահմանվում է վերահսկողություն բաժնի կողմից:

72. Գործակալությունում յուրաքանչյուր երկուշաբթի հրավիրված խորհրդակցության ժամանակ բաժինը ներկայացնում է տեղեկատվություն ժամկետանց հանձնարարությունների վերաբերյալ և խորհրդակցության արձանագրության հիման վրա գալիք շաբաթվա կատարվելիք հանձնարարականների մասին իրազեկում գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներին և տարածքային մարմիններին:

73. Հանձնարարականները հանվում են հսկողությունից, երբ գործակալության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը կամ տարածքային մարմինը բաժին է ներկայացնում հանձնարարականի վերաբերյալ սպառիչ պատասխան` համապատասխան անձանց նշագրումներով:

 

IX. Տարածքային մարմիններում ստացված թղթակցության շարժը

 

74. Տարածքային մարմինները գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներից ստացված պատասխան պահանջող պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցություններին ընթացք տալուց հետո կատարման մասին գրավոր տեղեկացնում են սույն կարգով սահմանված ժամկետներում:

 

X. Փաստաթղթերի նախապատրաստումը հետագա պահպանման համար

 

75. Նախարարության արխիվ են հանձնվում գործակալության նախորդ տարվա գործունեությամբ առաջացած և փորձագիտական արժեքավորման ենթարկված մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա բոլոր փաստաթղթերը:

76. Չի թույլատրվում բնօրինակ փաստաթղթերով արխիվացված գործերի դուրս բերումը: Անհրաժեշտության դեպքում գործերի կրկնօրինակները կարելի է դուրս բերել միայն կառուցվածքային ստորաբաժանման պետի և տարածքային մարմնի ղեկավարի թույլտվությամբ:

77. Արխիվացված ընթացիկ գործերին կարելի է ծանոթանալ կառուցվածքային ստորաբաժանումների պետի և տարածքային մարմինների ղեկավարների բանավոր թույլտվությամբ, բաժնի աշխատակցի ներկայությամբ:

78. Արգելվում է արխիվացված փաստաթղթերում ջնջումներ և ուղղումներ կատարելը:

79. Գործերը պետական արխիվ են հանձնվում կառուցվածքային ստորաբաժանման պետի և տարածքային մարմնի ղեկավարի կողմից ստորագրված ցուցակներով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան