Գլխավոր տեղեկություն
Համար
N 496-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.02.2005-25.09.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.02.01/3(180) Հոդ.31
Ընդունող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
29.12.2004
Ստորագրող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.09.2016

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11105017

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

29 դեկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 496-Ն

                           

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջին համապատասխան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն համարվող փաստաթղթերի պահպանության կարգը՝ համաձայն հավելվածի.

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի 2003 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության կարգը հաստատելու մասին» N 151-Ն և «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը պետական արխիվին ի պահ հանձնելու կարգը հաստատելու մասին» N 154-Ն հրամանները։


Նախարար՝

 Հ. Հովեյան
    

Հավելված
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2004 թ. դեկտեմբերի 29-ի
N 496-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն համարվող փաստաթղթերի (այսուհետ՝ փաստաթղթեր) պահպանության կազմակերպման կարգն ու պայմանները։

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

ա) փաստաթղթերի պահպանություն - դրանց պահպանության պատշաճ կազմակերպման` բարենպաստ պայմանների ստեղծման, նորմատիվային պայմանակարգի (ռեժիմի) պահպանման, կորուստների կանխարգելման և պահպանվածության վիճակի ապահովման միջոցառումների համալիր, որը ներառում է նաև փաստաթղթերի ռացիոնալ տեղաբաշխման, շարժի և պահպանվածության վիճակի վերահսկման, ապահովագրական և օգտագործման ֆոնդերի ստեղծման նպատակով պատճենահանման, վնասվածության և արտաքին հատկանիշների փոփոխության դեպքում դրանց վերականգնման ու վերանորոգման միջոցառումների իրականացումը.

բ) նորմատիվային պայմանակարգ (ռեժիմ) - փաստաթղթերի պահպանության պայմանների ամբողջություն, որը սահմանում է.

ջերմության ու խոնավության թույլատրելի նվազագույն և առավելագույն չափաքանակները,

լույսի թույլատրելի նվազագույն և առավելագույն չափաքանակները, ինչպես նաև արհեստական լուսավորության սարքերի կիրառման կարգը,

կենսաբանական վնասվածքներից և օդի աղտոտումից փաստաթղթերի պաշտպանման կարգը,

կորուստն ու հափշտակումը, ինչպես նաև առանց սահմանված կարգի արխիվապահոցից փաստաթղթերի դուրսբերման կանխումը.

դ) արխիվապահոց - փաստաթղթերի պահպանության համար առանձնացված, այդ նպատակով կահավորված տարածք։

3. Փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է պետական արխիվներում և պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատակազմերի արխիվներում՝ համաձայն պահպանության ժամկետների։

 

2. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՈՒՄ

4. Պետական արխիվում փաստաթղթերը պահպանվում են հատուկ կառուցված կամ այդ նպատակի համար հարմարեցված շենքերում, որոնք պետք է մեկուսացված լինեն արտաքին պարիսպով, հեռու՝ օդը գազերով և փոշով աղտոտող արդյունաբերական արտադրություններից և հրդեհավտանգ կառույցներից՝ փաստաթղթերի անվտանգությունն ապահովելու նպատակով:

5. Փաստաթղթերի պահպանությունը իրականացվում է նորմատիվային պայմանակարգի (ռեժիմի) պայմանները ապահովող արխիվապահոցներում։

6. Արխիվապահոցները պետք է ապահովված լինեն պահպանական և հրդեհային անվտանգության ազդանշանային համակարգերով և հրդեհաշեջ միջոցներով։

7. Արխիվապահոցների դռներն ու պատուհանները պետք է համապատասխանեն փաստաթղթերի պահպանության անվտանգության պահանջներին։ Արխիվապահոցը պետք է ունենա պահեստային դուռ՝ անհրաժեշտության դեպքում փաստաթղթերը տարահանելու համար։

8. Արխիվի շենքերում էլեկտրահաղորդալարերի ցանցը պետք է լինի փակ, բաշխիչ էլեկտրավահանակները, ապահովիչները պետք է տեղադրվեն արխիվապահոցից դուրս, իսկ էլեկտրասարքավորումները` լինեն հողակցված։

9. Փաստաթղթերը արխիվապահոցներում պահպանվում են մետաղյա պահարաններում կամ դարակաշարերի վրա՝ թղթապանակներով կամ տուփերով։

Փաստաթղթերի տեղադրման համար կազմվում են դարակաշարային տեղագրության ցուցիչներ, որոնցում արտացոլվում են փաստաթղթերի տեղաշարժի և համալրման հետ կապված յուրաքանչյուր փոփոխություն։

10. Արխիվապահոց պահպանության ընդունվող փաստաթղթերը և գործերը նախօրոք ենթարկվում են փոշեհանման և ախտահանման՝ այդ նպատակով առանձնացված տարածքում, համապատասխան սարքավորումների միջոցով։

11. Արխիվապահոցներում փաստաթղթերը տեղաբաշխվում են հաշվառման փաստաթղթերին համապատասխան խմբերի կամ առանձին ֆոնդերի դասակարգման սահմաններում՝ նրանց համալիր պահպանության ապահովման, ինչպես նաև արագացված որոնման սկզբունքով:

12. Արխիվապահոցում առանձնացված պահպանվում են՝

ա) գաղտնի,

բ) հազվագյուտ,

գ) ինքնաբռնկվող (նիտրոկրիչի վրա),

դ) կենսաբանական վնասատուներով վարակված,

ե) պահատվությամբ պահպանության ընդունված փաստաթղթերը:

13. Արխիվապահոցից փաստաթղթերը (գործերը) օգտագործման համար դուրս տալը և հետ ընդունումը գրանցվում է համապատասխան մատյանում (հավելված, N 1 ձև)՝ թերթերի քանակային ստուգմամբ։

14. Արխիվապահոցներում պահպանման միավորների (գործերի) փաստացի առկայությունը, հաշվառման փաստաթղթերի տվյալների հետ դրանց փաստական քանակության համապատասխանությունը որոշելու, վերականգնման ու վերանորոգման, կոնսերվացման, նախապահպանական և տեխնիկական մշակման ենթակա փաստաթղթերը հայտնաբերելու նպատակով անցկացվում է փաստաթղթերի առկայության և ահպանվածության վիճակի ստուգում։

15. Փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգման ընթացքում՝

ա) որոշվում է պահպանվող փաստաթղթերի փաստացի առկայությունը.

բ) հայտնաբերվում և հաշվառվում են վերականգնման ու վերանորոգման, կոնսերվացման, նախապահպանական և տեխնիկական մշակման ենթակա փաստաթղթերը։

16. Փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգումն անցկացվում է՝

ա) ամենամյա՝ հազվագյուտ փաստաթղթերի.

բ) 10 տարին մեկ անգամ՝ թղթե հիմքով առանձնապես արժեքավոր փաստաթղթերի.

գ) 5 տարին մեկ անգամ՝ աուդիովիզուալ (լսատեսագրական) ու էլեկտրոնային (մեքենաընթեռնելի) փաստաթղթերի։

Այլ փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգման պարբերականությունը սահմանվում է պետական արխիվի համապատասխան խորհրդակցական մարմնի (մեթոդական-փորձագիտական հանձնաժողով, գիտական խորհուրդ և այլն) որոշման հիման վրա, հաշվի առնելով փաստաթղթերի օգտագործման արդյունավետությունն ու փաստաթղթերի հաշվառման վիճակը, սակայն ոչ պակաս, քան 15 տարին մեկ անգամ։

17. Փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգման արդյունքները հաշվառման փաստաթղթերում գրանցվում են փաստաթղթերի որոշակի համալիրի շրջանակում աշխատանքներն ավարտելուց հետո՝ ստուգման թերթի (ձև N 2) և ակտի (ձև N 3) հիման վրա։

18. Փաստաթղթերի կոնսերվացման, նախապահպանական և տեխնիկական հատուկ մշակման (վերականգնման, վերանորոգման, ախտահանման) աշխատանքները կատարվում են արխիվում գործող լաբորատորիաներում՝ մեթոդական-փորձագիտական հանձնաժողովի սահմանած կարգի համաձայն։

19. Պետական արխիվի արխիվապահոցի կանոնակարգը, պահպանության պայմանակարգը (ռեժիմը) և փաստաթղթերի տեղաբաշխման կառուցվածքը հաստատում է պետական արխիվի տնօրենը:

3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՐԽԻՎՈՒՄ

20. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերը պահպանվում են այդ նպատակով կահավորված արխիվապահոցում՝ սույն կարգով պետական արխիվի համար նախատեսված պայմաններին համապատասխան։

 21. Աշխատակազմի արխիվի արխիվապահոցի կանոնակարգը, պահպանության պայմանակարգը (ռեժիմը) և փաստաթղթերի տեղաբաշխման կառուցվածքը հաստատում է պետական մարմնի աշխատակազմի ղեկավարը, պետական հիմնարկի և կազմակերպության ղեկավարը:

4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՈՒՄ

22. Փաստաթղթերը պետական արխիվներ պահատվությամբ պահպանության են հանձնվում «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան։

23. Փաստաթղթերը պետական արխիվներ են հանձնվում սեփականատիրոջ գրավոր դիմումի հիման վրա։

24. Փաստաթղթերը պետական արխիվներ պահատվությամբ պահպանության ընդունվում են պետական արխիվի տնօրենի հրամանով։

25. Փաստաթղթերը պետական արխիվներ պահատվությամբ պահպանության են հանձնվում համապատասխան ցուցակներով։ Առանձին դեպքերում փաստաթղթերը կարող են հանձնվել զմռսված պարկերով կամ արկղերով։

26. Փաստաթղթերի՝ պետական արխիվներ պահատվությամբ պահպանության հանձնումն իրականացվում է պայմանագրով (N 4 ձև) և ընդունման-հանձնման ակտով (N 5 ձև), որոնք կազմվում են երկուական օրինակից։

5. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

27. Պետական արխիվում փաստաթղթերի պահպանության պատասխանատվությունը արխիվի տնօրենի հրամանով դրվում է ֆոնդապահի (ֆոնդապահների) վրա։

28. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի պահպանության պատասխանատվությունը համապատասխան պետական մարմնի աշխատակազմի ղեկավարի, պետական հիմնարկի և կազմակերպության ղեկավարի հրամանով դրվում է արխիվի վարիչի (աշխատակազմի արխիվային գործի մասնագետի) վրա։

29. Պետական արխիվի արխիվապահոցի (աշխատակազմի արխիվի) ընդունում-հանձնումն իրականացվում է պետական արխիվի տնօրենի (պետական մարմնի աշխատակազմի ղեկավարի, պետական հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի) հրամանով ստեղծված հանձնաժողովի միջոցով` ձևակերպվում ակտով։

30. Պետական արխիվի արխիվապահոցը (աշխատակազմի արխիվը) ընդունելու դեպքում համապատասխան հաշվառման փաստաթղթերով ստուգվում է դրանցում պահպանվող արխիվային ֆոնդերի լրակազմի, հաշվառման փաստաթղթերի, ինչպես նաև տեղադրված սարքավորումների առկայությունն ու գործածելիությունը։ Ըստ հրաժեշտության կարող է կատարվել նաև արխիվային ֆոնդերի ու գործերի առկայության և պահպանվածության վիճակի ընդհանուր ստուգում։
 

Ձև N 1
Էջ 1,  2


Ձև N 2

Ձև N 3
Էջ 1,  2


Ձև N 4
Էջ 1,  2

Ձև N 5