Գլխավոր տեղեկություն
Համար
N 476-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (27.01.2005-25.09.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.01.17/2(179) Հոդ.17
Ընդունող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
21.12.2004
Ստորագրող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.09.2016

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11105003


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

21 դեկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 476-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն համարվող փաստաթղթերի օգտագործման կարգը»՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի 2003 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական արխիվին հանձնված բռնադատվածների վերաբերյալ խորհրդային իշխանության 1917-1987թթ. ժամանակաշրջանի փաստաթղթերի օգտագործման կարգը հաստատելու մասին» N 153-Ն հրամանը։


Նախարար` 
 Հ. Հովեյան

Հավելված
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի 2004 թ.
դեկտեմբերի 21-ի
N 476-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն համարվող փաստաթղթերի օգտագործման

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն համարվող փաստաթղթերի (այսուհետ՝ փաստաթղթեր)` իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից օգտագործման կարգը։

2. Փաստաթղթերը օգտագործվում են գիտական, մշակութային, սոցիալական, քաղաքական, տնտեսական, ստեղծագործական, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու և օրենքով չարգելված այլ նպատակներով։

3. Փաստաթղթերը օգտագործման են տրամադրվում պետական մարմնի, պետական հիմնարկի և կազմակերպության աշխատակազմերի արխիվներին ժամանակավոր, պետական արխիվին` մշտական պահպանության հանձնելուց հետո։

4. Փաստաթղթերը օգտվողի ուսումնասիրմանն են տրամադրվում պետական արխիվի տնօրենի, իսկ պետական մարմնի, պետական հիմնարկի և կազմակերպության աշխատակազմերի արխիվներում՝ դրանց ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ, նշված արխիվների` այդ նպատակով առանձնացված տարածքներում:

5. Փաստաթղթերի օգտագործման թույլտվությունը ձևակերպվում է օգտվողի դիմումի կամ կազմակերպության գրության հիման վրա, որում նշվում է օգտվողի ազգանունը, անունը, ուսումնասիրման նպատակը: Դիմումի կամ գրության հետ միաժամանակ ներկայացվում է օգտվողի անձը հաստատող, իսկ մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկատվություն պարունակող փաստաթղթերից օգտվելու դեպքում` նաև ազգակցական կապի վերաբերյալ (ընտանիքի անդամ, օրինական ժառանգորդ և այլն) փաստաթուղթ:

6. Փաստաթղթերը կարող են ժամանակավոր օգտագործման տրամադրվել իրավապահ մարմիններին և այլ իրավաբանական անձանց` դատարանի որոշման հիման վրա` հանձնման-ընդունման ակտով։

7. Փաստաթղթերից օգտվողի դիմումով տրամադրվում են արխիվային տեղեկանքներ, արխիվային փաստաթղթերի պատճեններ կամ դրանցից քաղվածքներ:

8. Սոցիալ-իրավական բնույթի արխիվային տեղեկանքները, արխիվային փաստաթղթերի պատճենները կամ դրանցից քաղվածքները (աշխատանքային ստաժի, կրթության, պարգևատրումների, պատվավոր կոչումներ շնորհելու, բանակում ծառայելու, պարտիզանական շարժումներին մասնակցելու, համակենտրոնացման ճամբարներում գտնվելու, բռնադատված լինելու մասին) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին տրամադրվում են անվճար:

9. Օգտվողին` փաստաթղթերի օգտագործման տեղեկատվական ծառայությունների վճարովի մատուցման և փաստաթղթերի ու դրանց տեղեկատու-որոնողական միջոցների առևտրային օգտագործման գներն ու սակագները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Փաստաթղթերից օգտվողների դիմում-հարցումների պատասխանները, արխիվային տեղեկանքները, արխիվային փաստաթղթերից քաղվածքներն ու պատճենները օգտվողներին են տրամադրվում առձեռն (անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ ու ստորագրությամբ) կամ փոստային ծառայության միջոցով` պետական արխիվի, պետական մարմնի, պետական հիմնարկի և կազմակերպության միջոցներով:

11. Փաստաթղթերի օգտագործման մերժումը իրականացվում է միայն «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։

12. Փաստաթղթերը հրապարակելիս նշվում են արխիվի անվանումը և արխիվային ֆոնդի, ցուցակի, գործի, թերթի համարները։ 

13. Փաստաթղթերն ուսումնասիրելու, ցուցադրություններ կազմակերպելու, հրատարակման, ժամանակավոր օգտագործման տրամադրելու վերաբերյալ ցուցումներն ու հրահանգները, ինչպես նաև տեղեկատու-որոնողական միջոցների համակարգը սահմանում է պետական արխիվի տնօրենը, պետական մարմնի, պետական հիմնարկի և կազմակերպության աշխատակազմերի արխիվներում` դրանց ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարը: