108.0259.17.08.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
N 259-ԳՄ |
17.08.1998 թ. |
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ (ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ) ԳՈՐԾՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 16.01.98 թ. N 14 որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների»-ի III գլխի դրույթները
Հրամայում եմ`
1. Հաստատել «Սպառողների էլեկտրակայանքները (էլեկտրական սարքավորումները) գործող էլեկտրական ցանցերին միացման և շահագործման թույլտվության հրահանգը» (կցվում է):
2. Հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Նախարար |
Գ. Մարտիրոսյան |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ (ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ)
ԳՈՐԾՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը մշակված է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 4 և 7 հոդվածների, «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների» III գլխի դրույթներին համապատասխան:
1.2. Սույն հրահանգը պարտադիր է էլեկտրաէներգիա բաշխողների և սպառողների համար` անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից, կազմակերպական-իրավական տեսակից ու սեփականության ձևից:
1.3. Էլեկտրաէներգիա սպառողների էլեկտրակայանքների շահագործման և գործող ցանցին միացման թույլտվությունը տրվում է էներգապետհսկողության կողմից:
1.4. Էլեկտրակայանքների անվտանգ շահագործման և տեխնիկական վիճակի համար պատասխանատվությունը կրում է էլեկտրակայանքների սեփականատերը:
2. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՄԻԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
2.1. Սպառողների բոլոր նոր և վերակառուցվող էլեկտրակայանքները պետք է կառուցվեն նախագծին համապատասխան:
2.2. Էլեկտրակայանքները գործող էլեկտրական ցանցին միացնելուն պատրաստ լինելու դեպքում, սպառողը գրավոր դիմում է էներգապետհսկողություն, միաժամանակ ներկայացնելով N 1, N 2 և N 3 հավելվածներով նախատեսված տեխնիկական փաստաթղթերը (ըստ անհրաժեշտության)` կազմված լիցենզիա ունեցող համապատասխան կազմակերպությունների կողմից:
2.3. Սպառողի էլեկտրակայանքների տեխնիկական զննումը կատարվում է էներգապետհսկողության տեսուչի կողմից` սպառողի էլեկտրատնտեսության պատասխանատու անձի մասնակցությամբ:
2.4. Անհրաժեշտության դեպքում` տեսուչի պահանջով, կատարվում է էլեկտրակայանքների անհատական փորձարկում (անջատիչներ, թողարկիչներ և այլն) սպառողի շահագործող անձնակազմի կողմից, պահպանելով փորձարկումների անվտանգությունը: Տեսուչին արգելվում է ինքնուրույն կատարել նշված փորձարկումների շրջանակներում որևէ աշխատանք:
2.5. Տեխնիկական զննման մասին սպառողի դիմումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում տեսուչը կազմում է շահագործման թույլտվության ակտ-եզրակացություն, որտեղ նշվում են ներկայացված փաստաթղթերի ցանկը և էլեկտրամատակարարման ցանցի միագիծ էլեկտրական ուրվակը, որի հիման վրա տրվում է գրավոր թույլտվություն` էլեկտրակայանքների շահագործման և էլեկտրական ցանցին միացման համար:
2.6. Զննման ընթացքում «Էլեկտրակայանքների սարքվածքի կանոններ»-ին, նախագծին և տրված տեխնիկական պայմաններին անհամապատասխանության, հավաքակցման թերի կատարման, պաշտպանիչ միջոցների, էլեկտրատնտեսության պատասխանատու անձի կամ շահագործող անձնակազմի բացակայության դեպքում, տեսուչը չի թույլատրում էլեկտրակայանքների շահագործումը, մինչև թերությունների վերացումը:
Տեսուչի կողմից կրկնակի զննումը կատարվում է թերությունների վերացման մասին սպառողի գրավոր դիմելուց հետո 5 օրվա ընթացքում:
3. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ ԼԱՐՄԱՆ ՏԱԿ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
3.1. Սպառողի էլեկտրակայանքները լարման տակ են դրվում «Էներգապետհսկողության» կողմից տրված էլեկտրական ցանցին միացման թույլտվության դեպքում` էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր կնքելուց և հաշվառքային սարքերը կապարակնքելուց հետո:
3.2. Էլեկտրական ցանցին միացման հրահանգը, որը տրվում է էլեկտրամատակարարող կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից, և անմիջական միացումը կատարվում է 3.1 կետի պահանջները բավարարելուց հետո` 48 ժամվա ընթացքում:
Հավելված 1
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ 1000 Վ-ԻՑ ԲԱՐՁՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ ԳՈՐԾՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
1.1. Սպառողի Դիմումը էներգապետհսկողությանը` էլեկտրակայանքները տեխնիկական զննման ենթարկելու մասին:
1.2. Էլեկտրատնտեսության պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց համար` (բացի բնակիչներից) էլեկտրատնտեսության պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի) պատճենը:
1.3. Էլեկտրակայանքները շահագործող անձնակազմի անվանական ցուցակը:
1.4. Էլեկտրամատակարարող կազմակերպության կողմից տրված էլեկտրասնման տեխնիկական պայմանները, համաձայն ՀՀ էներգետիկայի նախարարության 13.04.98 թ. N 94-ԳՄ հրամանով հաստատված «Էներգահամակարգին նոր էլեկտրական հզորությունների միացման տեխնիկական պայմաններ տալու կարգի»:
1.5. Հաշվեկշռային պատկանելության, էլեկտրաէներգիայի հաշվառման և կողմերի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին ակտը:
1.6. Էլեկտրակայանքների տեխնիկական նախագիծը` կազմված նախագծող կազմակերպության կողմից և համաձայնեցրած էլեկտրամատակարարող կազմակերպության հետ:
1.7. Սպառողի և կապալառուի միջև ստորագրված հանձնման-ընդունման ակտը, էլեկտրակայանքները շահագործման համար պատրաստ լինելու մասին եզրակացությամբ:
1.8. Պաշտպանիչ և հակահրդեհային միջոցների ցանկը:
2. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
2.1. Օդային գծի ծրագրի կատարողական հատակագիծը` կազմված նախագծող կազմակերպության կողմից, նշելով հենասյուները, նրանց հերթական համարները, տեսակը, ինչպես նաև բոլոր հատումները և անցումները` համաձայնեցված շահագրգիռ կազմակերպությունների հետ:
2.2. Շանթապաշտպանիչ սարքերի տեղաբաշխման ուրվակը` կազմված նախագծող կազմակերպության կողմից, նրանց տեղադրման ակտը` տրված կապալառուի կողմից:
2.3. Հենասյուների տեղադրման ծածկված աշխատանքների ակտը` տրված կապալառուի կողմից:
2.4. Գերլարումներից պաշտպանության համար հողանցումների ծածկված աշխատանքների ակտը` տրված կապալառուի կողմից:
2.5. Գերլարումներից պաշտպանության համար հողանցման դիմադրության չափման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
2.6. Հենարանային և կախովի` մեկ տարր ունեցող, ճենապակյա մեկուսիչների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը (2500 Վ, մեգոմաչափով և բարձր լարմամբ արդյունաբերական հաճախությամբ)` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
3.1. Մալուխային գծի ծրագրի կատարողական գծագիրը (M 1:200, 1:500 կախված հաղորդակցուղիների (կոմունիկացիաների) հագեցվածությունից)` կազմված նախագծող կազմակերպության կողմից և համաձայնեցված շահագրգիռ կազմակերպությունների հետ (անցումների և հատումների դեպքում):
3.2. Մալուխի փռման ծածկված աշխատանքների ակտը` հատումների (անցումների) փաստացի եզրաչափքերի նշումով` տրված կապալառուի կողմից:
3.3. Մալուխի փռումից հետո փորձարկման արձանագրությունները` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից`
ա) Մեկուսիչի փորձարկման (բարձր լարմամբ ուղղված հոսանքով),
բ) Մեկուսացման դիմադրության չափման (մեգոմաչափով, բարձր լարմամբ)` փորձարկումից առաջ և հետո,
գ) Մալուխի ծայրի կցորդիչի հողանցման դիմադրության չափման,
դ) Մալուխի ֆազավորման:
4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
4.1. Առաջնային փոխարկումների (կոմուտացիաների) միագիծ էլեկտրական ուրվակը` կազմված նախագծող կազմակերպության կողմից:
4.2. Երկրորդային փոխարկումների (կոմուտացիաների) կատարողական ուրվակը, մալուխների և հաղորդալարերի փաստացի պիտակավորմամբ, կազմված նախագծող կազմակերպության կողմից:
4.3. Էլեկտրակայանքների և հողանցման օղակի տեղաբաշխման գծագիրը` կազմված նախագծող կազմակերպության կողմից:
4.4. Առանց չորացման տրանսֆորմատորի միացման հնարավորության եզրակացությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
4.5. Տրանսֆորմատորի փորձարկման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից, որում պետք է նշված լինի`
ա) Փաթույթների դիմադրության չափումը (հաստատուն հոսանքով),
բ) Տրանսֆորմատորի ֆազավորումը,
գ) Հրմամբ միացման փորձարկումը (անվանական լարմամբ),
դ) Տրանսֆորմատորային յուղի փորձարկումը:
4.6. Ռելեական պաշտպանության, էլեկտրակառավարման, ազդանշանման համակարգի, էլեկտրաբլոկավորման, կարգաբերման և փորձարկման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
4.7. Առաջնային փոխարկումների (կոմուտացիաների) մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը (2500 Վ մեգոմաչափով) կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
4.8. Ֆազերի հերթականության և նրանց գունավորման ստուգման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
4.9. Յուղային անջատիչների ստուգման կարգաբերման, անջատման և միացման ժամանակի արագության (անհրաժեշտության դեպքում) արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
4.10. Հողանցման սարքվածքների փաստաթղթերը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից`
ա) ծածկված աշխատանքների ակտը` տրված կապալառուի կողմից,
բ) հողանցման սարքվածքների դիմադրության չափման արձանագրությունները,
գ) հողանցվող տարրերի և հողանցման սարքվածքների միջև մետաղական կապի առկայության արձանագրությունը,
դ) հողանցման սարքվածքների անձնագիրը (ուրվակը),
ե) ֆազ-զրո օղակի լրիվ դիմադրության չափման արձանագրությունը (մինչև 1000 Վ խուլ հողանցված չեզոքով սարքավորումների համար):
5. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ 1000 Վ-ԻՑ ԲԱՐՁՐ ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԵՎ ՄԻՆՉԵՎ 1000 Վ, 300 ԿՎՏ ԵՎ ԱՎԵԼ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ` ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
5.1. Էլեկտրական շարժիչի չորացման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից, մեկուսիչի բնութագրի նշումով (եթե չկա առանց չորացման միացնելու եզրակացությունը):
5.2. Ստատորի և ռոտորի փաթույթների մեկուսիչի դիմադրության չափման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
5.3. Սինքրոն էլեկտրական շարժիչների առանցքակալների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
5.4. Ստատորի փաթույթի մեկուսացման դիմադրության փորձարկման արձանագրությունը (արդյունաբերական հաճախությամբ բարձր լարմամբ)` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
5.5. Հաստատուն հոսանքով դիմադրության չափման արձանագրությունները` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից`
ա) 300 ԿՎտ և ավել հզորության էլեկտրաշարժիչների ստատորի և ռոտորի փաթույթների,
բ) ռեոստատի և թողարկիչ-կարգավորիչների դիմադրությունների:
5.6. Գրգռիչի փորձարկման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
5.7. Էլեկտրաշարժիչի թրթռման չափման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
5.8. Էլեկտրաշարժիչի անձնագիրը:
6. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿՈՆԴԵՆՍԱՏՈՐԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
6.1. Կոնդենսատորների միացման միագիծ էլեկտրական ուրվակը` կազմված նախագծող կազմակերպության կողմից, և անձնագիրը:
6.2. Կոնդենսատորների փորձարկման արձանագրությունը (արդյունաբերական հաճախությամբ բարձր լարմամբ)` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
6.3. Կոնդենսատորների ունակության չափման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
6.4. Կոնդենսատորների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
Բացի նշված փաստաթղթերից ներկայացվում է նաև կոմուտացիոն սարքերի, ռելեական պաշտպանության, պաշտպանիչ սարքավորումների և հողանցման մասին փաստաթղթերը:
7. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԳԵՐԼԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
7.1. Շանթապաշտպանիչ միջոցների տեղաբաշխման ուրվակը` կազմված նախագծող կազմակերպության կողմից և համաձայնեցված էլեկտրամատակարարող կազմակերպության հետ:
7.2. Լիցքաթափիչների տարրերի դիմադրության չափման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
7.3. Լիցքաթափման լարումների չափման արձանագրությունը (արդյունաբերական հաճախությամբ)` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
7.4. Շանթապաշտպանիչ սարքավորումների և ճոպանի հողանցման դիմադրության չափման արձանագրությունները` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
Հավելված 2
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ ՄԻՆՉԵՎ 1000 Վ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
1.1. Սպառողի Դիմումը էներգապետհսկողությանը էլեկտրակայանքները տեխնիկական զննման ենթարկելու մասին:
1.2. Էլեկտրատնտեսության պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց համար` (բացի բնակիչներից) էլեկտրատնտեսության պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի պատճենը:
1.3. Էլեկտրակայանքները շահագործող անձնակազմի անվանական ցուցակը (ըստ անհրաժեշտության):
1.4. Էլեկտրամատակարարող կազմակերպության կողմից տրված տեխնիկական պայմանները` համաձայն ՀՀ էներգետիկայի նախարարության 13.04.98 թ. N 94-ԳՄ հրամանով հաստատված «Էներգահամակարգին նոր էլեկտրական հզորությունների միացման տեխնիկական պայմաններ տալու կարգի»:
1.5. Հաշվեկշռային պատկանելության, էլեկտրաէներգիայի հաշվառման, կողմերի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին ակտը:
1.6. Էլեկտրամատակարարման միագիծ էլեկտրական ուրվակը` կազմված նախագծող կազմակերպության կողմից, հիմնական սարքավորումների և հաշվառքային սարքերի տվյալների նշումներով:
1.7. Բաշխիչ սարքավորումների և միացումների ֆազավորման ստուգման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
1.8. Հաստատուն և փոփոխական հոսանքի ուժային և լուսավորության հաղորդալարերի մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
1.9. Ծածկված աշխատանքների ակտերը` տրված կապալառուի կողմից`
ա) հաղորդալարերի տեղաբաշխման մասին (անհրաժեշտության դեպքում),
բ) էլեկտրակայանքների պաշտպանիչ հողանցման մասին:
1.10. Ֆազ-զրո օղակի դիմադրության չափման արձանագրությունը (առավել հզոր և հեռու տեղադրված էլեկտրաընդունիչների համար, բայց էլեկտրաընդունիչների ընդհանուր թվի 10 %-ից ոչ պակաս միացումից հետո) կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
1.11. Տեղական և ենթակայանի հողանցման կոնտուրների մետաղական կապի դիմադրության չափման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
1.12. Հողանցման տարրերի կատարողական ուրվակը` կազմված նախագծող կազմակերպության կողմից:
2. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
2.1. Օդային գծի ծրագծի կատարողական գծագիրը` կազմված նախագծող կազմակերպության կողմից և համաձայնեցված շահագրգիռ կազմակերպությունների հետ (անցումների և հատումների դեպքում):
2.2. Հողանցման սարքերի դիմադրության չափման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից, նրանց կառուցվածքի նկարագրությամբ:
3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
3.1. Մալուխային գծի ծրագծի կատարողական գծագիրը` կազմված նախագծող կազմակերպության կողմից և համաձայնեցված շահագրգիռ կազմակերպությունների հետ (անցումների և հատումների դեպքում):
3.2. Ծածկված աշխատանքների ակտը` տրված կապալառուի կողմից:
3.3. Մալուխի մեկուսացման վիճակի փորձարկման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ 300 ԿՎՏ-ԻՑ ՑԱԾՐ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
4.1. Էլեկտրաշարժիչի մեկուսիչի դիմադրության չափման արձանագրությունները` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից.
ա) էլեկտրաշարժիչի ստատորի փաթույթի,
բ) սինքրոն և ֆազային ռոտորով էլեկտրաշարժիչի ռոտորի փաթույթի:
4.2. Էլեկտրաշարժիչի փորձարկման արձանագրությունը (արդյունաբերական հաճախությամբ բարձր լարմամբ) կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
4.3. Էլեկտրաշարժիչի փորձարկման ակտը (բեռի տակ)` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
Հավելված 3
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՆԵՐԻ, ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԻ, ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐՊԱԿՆԵՐԻ, ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀՆԵՐԻ, ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻՆՉԵՎ 1000 Վ ԵՎ 5 ԿՎՏ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԱՌՅԱԼ, ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
1. Սպառողի Դիմումը էներգապետհսկողությանը էլեկտրակայանքները տեխնիկական զննման ենթարկելու մասին:
2. Էլեկտրատնտեսության պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց համար (բացի բնակիչներից) էլեկտրատնտեսության պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի պատճենը:
3. Էլեկտրամատակարարող կազմակերպության կողմից տրված տեխնիկական պայմանները` համաձայն ՀՀ էներգետիկայի նախարարության 13.04.98 թ. N 94-ԳՄ հրամանով հաստատված «Էներգահամակարգին նոր էլեկտրական հզորությունների միացման տեխնիկական պայմաններ տալու կարգի»:
4. Հաշվեկշռային պատկանելության, էլեկտրաէներգիայի հաշվառման, կողմերի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին ակտը:
5. Էլեկտրամատակարարման միագիծ ուրվակը (անցումների և հատումների դեպքում համաձայնեցված շահագրգիռ կազմակերպությունների հետ)` կազմված նախագծող կազմակերպության կողմից:
6. Թաքնված աշխատանքների ակտը` տրված կապալառուի կողմից:
7. Մալուխների մեկուսացման փորձարկման արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
8. Կրկնակի հողանցման դիմադրության չափման և նրա կառուցվածքի արձանագրությունը` կազմված մասնագիտացված լաբորատորիայի կողմից:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՀԱՂՈՐԴԻՉ ՊԱՏԵՐ ԵՎ ՀԱՏԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ) ՀԱՄԱՐ
1. Մինչև 1000 Վ լարման շարժական էլեկտրական սարքերի օգտագործումը թույլատրվում է, եթե այն ունի կրկնակի մեկուսացում:
2. Արգելվում է ցանկացած կառուցվածքի 1.3. Կվտ հզորությունից բարձր էլեկտրական ջեռուցիչ սարքերի օգտագործումը: Պայթյունավտանգ և արագ հրկիզվող նյութերի առկայության դեպքում արգելվում է ընդհանրապես:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
23 դեկտեմբերի 1998 թ.
պետական գրանցման թիվ 10980223