Գլխավոր տեղեկություն
Համար
N 38-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.08.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.08.01./19(137) Հոդ.293
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.06.2003
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հուլիսի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 11703226

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 հունիսի 2003 թ.
ք. Երևան

N 38-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ I-2.03-03 «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101 հոդվածի և ՀՀ կառավարության 2003 թ. փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» N 156-Ն որոշման համաձայն              

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել և 2003 թ. օգոստոսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դնել ՀՀՇՆ I-2.03-03 «ՀՀ պետական քաղաքաշինական կադաստր» շինարարական նորմերը:

     

 Նախարար՝

Դ. Լոքյան

_______________________________________________________________________

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐ

ГОСУДАРСТВЕННЫЙ ГРАДОСТРОИТЕЛЬНЫЙ КАДАСТР РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

THE STATE URBAN CADASTR OF REPUBLIC OF ARMENIA

_______________________________________________________________________

գործարկման թվականը
2003-08-01

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն շինարարական նորմերը կիրառվում են Հայաստանի Հանրապետության, մարզերի, համայնքների քաղաքաշինական կադաստրի ձևավորման, նորմատիվ ակտերի և քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համար։

 

2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ՈՒ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն շինարարական նորմերում ընդունված են հետևյալ տերմիններն իրենց սահմանումներով.

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐ - Տարածքի, ներառյալ անշարժ գույքը, վիճակի և օգտագործման փոփոխությունների նախապատվությունները և սահմանափակումները (այդ թվում` ծանրաբեռնվածությունը, արգելքները, սերվիտուտները)։

ՏԱՐԱԾՔԻ ՎԻՃԱԿ - Տարածքը բնութագրող բնական լանդշաֆտի, կառուցապատման, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների և այլ բաղադրիչների հատկությունների ամբողջություն։

ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ – Տվյալ տարածքում գործունեության որոշակի տեսակների իրականացում։

ՏԱՐԱԾՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՐԺԵՔ - Հասարակության կողմից տարածքի վիճակին և դրա օգտագործմանն առաջադրվող որոշակի պահանջներ բավարարելու տվյալ տարածքի հնարավորության չափը։

ԱՐՏԱՔԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ - Տարածքը վիճակի և դրա օգտագործման վրա ազդեցություն ունեցող բնապահպանական, ենթակառուցվածքային և բնապաշարային գործոններ։

 

3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3.1. ՀՀ պետական քաղաքաշինական կադաստրը պետական տեղեկատվական համակարգ է, որը հիմք է ծառայում պետական քաղաքաշինական քաղաքականության, տարածքային զարգացման ռազմավարության, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, քաղաքաշինական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման համար և պարունակում է ստույգ տեղեկություններ քաղաքաշինական գործունեության օբյեկտների, տարածքների գոտիավորման և օգտագործման, տարածքների և բնակավայրերի քաղաքաշինական պլանավորման զարգացման, քաղաքաշինական նորմերի սահմանափակումների և սերվիտուտների տարածքների սոցիալական, ինժեներատրանսպորտային և այլ ենթակառուցվածքների բարեկարգման, ինժեներաերկրաբանական, սեյսմիկ իրադրության, գեոդեզիայի և քարտեզագրության, քաղաքաշինական գործունեության վրա ազդող այլ գործոնների մասին։

3.2. Քաղաքաշինական կադաստրը իրականացվում է հետևյալ տարածքային մակարդակներում, ըստ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի.

ա) Հայաստանի Հանրապետություն,

բ) Հայաստանի Հանրապետության մարզեր‚

գ) Հայաստանի Հանրապետության համայնքներ:

3.3. Քաղաքաշինական կադաստրը Հայաստանի Հանրապետության պետական կադաստրային համակարգի բախկացուցիչ մասն է, ներառում է քաղաքաշինական գործունեության իրականացման համար անհրաժեշտ տվյալներ այլ ճյուղային կադաստրներից և տեղեկատվական համակարգերից, ըստ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի:

3.4. Քաղաքաշինական կադաստրի տեղեկատվությունը ստացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. դեկտեմբերի 31-ի N 802 որոշմամբ հաստատված «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման կարգին» համապատասխան:

3.5. Տեղեկատվության աղբյուրի վկայակոչումը արձանագրվում է քաղաքաշինական կադաստրում։

 

4. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

 

4.1. Քաղաքաշինական կադաստրի գործառույթները և վարումը կանոնակարգվում են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. դեկտեմբերի 31-ի թիվ 802 որոշմամբ հաստատված «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման կարգով»:

4.2. Քաղաքաշինական կադաստրի տեղեկատվությունը տրամադրվում է օգտագործողներին կադաստրային փաստաթղթերի, տեղեկանքների ձևով, կամ անմիջական մուտքով դեպի տվյալների բանկ՝ հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ։

4.3. Քաղաքաշինական կադաստրային փաստաթուղթը՝ իրավաբանական ուժ ունեցող, որոշակի ձևով կազմված և բովանդակություն ունեցող, տարածքի քաղաքաշինական կանոնակարգերի, քաղաքաշինական արժեքի, տարածքի փաստացի վիճակի, օգտագործման, արտաքին և այլ պայմանների վերաբերյալ տեղեկություններ պարունակող քաղաքաշինական անձնագիրն է, որը տրվում է տվյալ տարածքի տնօրինման և օգտագործման իրավունք ունեցող պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարաման մարմնին, իրավաբանական կամ ֆիզիկական անձին։

Քաղաքաշինական կադաստրային փաստաթուղթը հանդիսանում է տարածքների վիճակի և օգտագործման փոփոխությունների հետ կապված իրավահարաբերությունների տեղեկատվական հիմքը։

4.4. Կադաստրային տեղեկանք՝ օգտագործողին տրված քաղաքաշինական անձնագրից քաղվածք է, որը պարունակում է միայն նրա հարցմանը բավարարող տվյալներ։

4.5. ՀՀ յուրաքանչյուր տարածքային մակարդակում քաղաքաշինական կադաստրի վարումն իրականացվում է քաղաքաշինական բնագավառի լիազորված համապատասխան մարմնում ստեղծված քաղաքաշինական կադաստրի ծառայության միջոցով։ Քաղաքաշինական կադաստրի ծառայությունները տվյալների ստացումը և օգտագործողներին կադաստրային փաստաթղթերի և տեղեկանքների տրամադրումը գրանցում են քաղաքաշինական մատյաններում (համայնքի, մարզի (Երևան քաղաքի), Հայաստանի Հանրապետության)։ Քաղաքաշինական մատյաններում պարտադիր հաշվառման և մուտքագրման ենթակա քաղաքաշինական կադաստրային փաստաթղթերի տեսակները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. դեկտեմբերի 31-ի N 802 որոշմամբ հաստատված «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման կարգով»:

 

5. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

5.1. Ցանկացած տարածքային մակարդակներում օբյեկտի քաղաքաշինական կադաստրը պարունակում է տեղեկություններ՝

ա) քաղաքաշինական կանոնակարգերի մասին.

բ) տարածքի վիճակի և օգտագործման, արտաքին պայմանների մասին.

գ) տարածքի քաղաքաշինական արժեքի մասին.

դ) ընդհանուր կամ տվյալ տարածքին վերաբերող քաղաքաշինական նորմատիվ իրավական փաստաթղթերի մասին.

ե) տվյալ տարածքին վերաբերող նախագծահետազոտական փաստաթղթերի մասին.

զ) քաղաքաշինական կանոնակարգերի պահպանման պատասխանատուների մասին։

5.2. Քաղաքաշինական չափորոշիչները բնութագրվում են գործունեության սահմանված ժամկետներում տարածքների վիճակի և օգտագործման փոփոխության ձևերով և պարամետրերով։

Տարածքի վիճակը բնութագրվում է նրա բաղադրիչների քանակական և որակական, նրանց տեղաբաշխվածության և կազմի ցուցանիշներով։

Տարածքի օգտագործումը բնութագրվում է գործառական կազմով, գործառական միավորների տեղաբաշխվածությամբ, նրանց որակական և քանակական ցուցանիշներով, շրջակա միջավայրի վրա նրանց ազդեցությամբ։

Արտաքին պայմանները բնութագրվում են տարածքը շրջապատող ենթակառուցվածքային, պաշարային, էկոլոգիական և այլ գործոնների տեղաբաշխվածության, որակական, քանակական ցուցանիշներով։

Տարածքի քաղաքաշինական արժեքը արտահայտվում է պայմանական համեմատական ցուցանիշներով։

Տարածքների փաստացի վիճակի և օգտագործման, արտաքին պայմանների բնութագրերը բերվում են ցուցանիշների ձևով՝ քաղաքաշինական կանոնակարգերի ցուցանիշների հետ համադրությամբ։

5.3. Նորմատիվ-իրավական, հետազոտական և նախագծային փաստաթղթերը բնութագրվում են իրենց տվյալներով, նշանակությամբ, բովանդակությամբ, համաձայնեցման և հաստատման մասին տվյալներով:

Տեղեկատվության աղբյուրներ են հանդիսանում փաստաթղթերը հաստատող կառավարման մարմինները, փաստաթղթերի պատվիրատուները և կատարողները։

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական և ֆիզիկական անձինք բնութագրվում են իրենց տեղեկատվական տվյալներով։

 

6. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ (ՀԱՄԱԿԱՐԳՉԱՎՈՐՎԱԾ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐՈՒՄ

 

6.1.   Քաղաքաշինական կադաստրի վարումը իրականացվում է համակարգչային տեխնոլոգիաների օգնությամբ։

Քաղաքաշինական կադաստրի համակարգչավորված կազմակերպման դեպքում տեղեկատվությունը կազմված է երեք հիմնական մասերից.

ա) տվյալների բազա,

բ) քարտեզագրական տեղեկատվություն,

գ) տեղեկատվական-որոնողական համակարգ։

6.2. Տվյալների բազան պարունակում է քաղաքաշինական կանոնակարգերի, տարածքների փաստացի վիճակի և օգտագործման պայմանների, քաղաքաշինական արժեքի, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին տվյալներ։ Այդ տեղեկությունները ներկայացվում են տեղեկատվական հաշվառման միավորներով։ Որպես հաշվառման միավորներ ընդունվում են տարածքային օբյեկտները, գոտիները, հողամասերը, կոմունիկացիաները և նրանց հանգույցներն ու տեղամասերը, կառույցները, պետական կառավարման տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք, փաստաթղթերը և այլն։

6.3. Քարտեզագրական տեղեկատվությունն արտահայտում է այն հաշվառման միավորների ուրվագիծը և տեղադիրքը, որոնց համար նպատակահարմար է քարտեզագրական տեղակապումը (տեղամասեր, կոմունիկացիաների գծային տեղամասեր, կետային օբյեկտներ) և ներկայանում են էլեկտրոնային քարտեզների (հատակագծերի) ամբողջականությամբ, որոնց վրա համապատասխան մասշտաբով պատկերված է ամբողջ օբյեկտի տարածքը կամ նրա առանձին մասերը։

6.4. Կադաստրի վարման համար տվյալների բազայի և քարտեզագրական տեղեկատվության կոնկրետ կապի միջոցն որոշվում է ծրագրային ապահովմամբ։

Տեղեկատվական-որոնողական համակարգը ներառում է նախագծային, հետախուզական, նորմատիվ իրավական փաստաթղթերի մասին տեղեկություններ և կարող է իրացվել որպես տվյալների բազա կամ տեքստային տեղեկատվական-որոնողական համակարգ, որտեղ մուտքագրվում են փաստաթղթերի և նրանց գտնվելու տեղի մասին տվյալները։

Փաստաթղթերի նկարագրությունը կարող է զուգորդվել նաև քարտեզագրական տեղեկատվության հետ. օրինակ՝ նախագծային և հետախուզական փաստաթղթերի նկարագրությունը կարող է ուղեկցվել տարածքների քարտեզագրական (ուրվագծային) պատկերմամբ, որին վերաբերում են տվյալ փաստաթղթերը։

Քաղաքաշինական կադաստրի ծրագրային միջոցները պետք է ապահովեն տեղեկատվության նշված բոլոր միջոցների աշխատանքը՝ նրանց տարբեր զուգորդմամբ։

Կադաստրային փաստաթղթերի և տեղեկանքների ձևակերպումը կարող է իրականացվել համակարգչային (ծրագրային) միջոցներով, ընտրված տվյալների բազայից և տեղեկատվական-որոնողական համակարգերից։

Կադաստրային փաստաթղթերն ունեն որոշակի սահմանված ձևեր և լրացվում են համապատասխան ծրագրային միջոցների օգնությամբ։ Կադաստրային տեղեկանքները չունեն խիստ որոշակի կառուցվածք և ձևակերպվում են տվյալների մանիպուլյացիայի ծրագրային միջոցների օգնությամբ։

 

7. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ

 

7.1. Քաղաքաշինական կադաստրի տվյալների բազայում տեղեկատվությունը ներկայացվում է տեղեկատվական հաշվառման միավորների հետևյալ հիմնական տեսակներով՝

ա) միայն հանրապետական քաղաքաշինական կադաստրում – Հայաստանի Հանրապետության տարածքների քաղաքաշինական իրացումը կանոնակարգող գոտիներ.

բ) հանրապետական և մարզային քաղաքաշինական կադաստրերում - տարաբնակեցման համակարգեր, ադմինիստրատիվ-տարածքային միավորներ, քաղաքային կազմավորումներ.

գ) մարզային և համայնքային քաղաքաշինական կադաստրերում - քաղաքաշինական կարգավորման գործառական և այլ գոտիներ։

7.2. Քաղաքաշինական կադաստրի ցանկացած տարածքային մակարդակում՝

ա) գոտիներ, ըստ ինժեներաշինարարական գոտևորման (շրջանացման).

բ) արտակարգ իրավիճակներ ստեղծելու ընդունակ, բնական և տեխնածին վտանգավոր պրոցեսների աղբյուրներ հանդիսացող բնական կառուցվածքներ և տնտեսական օբյեկտներ.

գ) արտակարգ իրավիճակներ ստեղծող բնական և տեխնածին վտանգավոր պրոցեսներից վնասված տարածքներ և օբյեկտներ.

դ) հատուկ պահպանվող բնական տարածքներ.

ե) պատմամշակութային օբյեկտներ.

զ) ռեկրեացիոն տարածքներ և օբյեկտներ.

է) տարածքների օգտագործման հատուկ կարգավորում պահանջող արտադրական օբյեկտներ.

ը) հողամասեր.

թ) տրանսպորտային կոմունիկացիաների տեղամասեր և հանգույցներ.

ժ) ինժեներական կոմունիկացիաների տեղամասեր և հանգույցներ։

Որպես տեղեկատվական հաշվառման միավոր ներկայացվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք (հողամասերի, օբյեկտների, կոմունիկացիաների տնօրինման և օգտագործման իրավունք ունեցող), որոնց մասին տվյալները մուտքագրված են քաղաքաշինական կադաստր։

 

8. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ

 

Քաղաքաշինական գործունեության մոնիտորինգը՝ քաղաքաշինական գործունեության օբյեկտների փոփոխությունների և վիճակի վերաբերյալ դիտարկումների համակարգ է, որը կատարվում է միջավայրի կենսագործունեության վիճակի ուսումնասիրությունների միջոցով:

Մոնիտորինգի վարման կարգը կանոնակարգվում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով:

Մոնիտորինգային դիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվությունը ներառվում է պետական քաղաքաշինական կադաստրում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան