ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
Հ Ր Ա Մ Ա Ն N 1494
20 սեպտեմբերի 1999 թ. |
ք. Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների ղեկավարների և մասնագետների որակավորման ստուգում անցկացնելու աշխատանքները կանոնակարգելու նպատակով հրամայում եմ.
Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների ղեկավարների և մասնագետների որակավորման ստուգում անցկացնելու կարգը (կցվում է):
|
Դ. Հարությունյան |
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժինների ղեկավարների և մասնագետների որակավորման ստուգումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:
2. ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարների որակավորման ստուգումն անցկացվում է ՔԿԱԳ տարածքային բաժինների մասնագետների որակավորման ստուգումից առանձին:
Առաջինն անցկացվում է ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարների որակավորման ստուգումը:
3. ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարների և մասնագետների որակավորման ստուգման մասնակիցներին տրամադրվում են վկայականներ` որակավորման ստուգմանը մասնակցելու համար:
4. ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարների և մասնագետների որակավորման ստուգման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով), բողոքարկման հանձնաժողովներ ստեղծում և նրանց գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
5. Հանձնաժողովը`
ա) կազմակերպում է թեստավորման աշխատանքները և հարցազրույցների վարումը.
բ) հաստատում է թեստավորման հարցերը.
գ) հաստատում է թեստավորման կանոնները.
դ) որոշում է թեստավորման վայրը, ժամանակը և տևողությունը.
ե) հաստատում է թեստավորման պահանջները բավարարելու պայմանները.
զ) բազմացնում է թեստավորման առաջադրանքները և ապահովում է դրանց գաղտնիությունը.
է) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին է ներկայացնում թեստավորման և հարցազրույցի արդյունքները` համապատասխան որոշումներ կայացնելու համար.
ը) կատարում է որակավորման ստուգման հետ կապված այլ աշխատանքներ և ընդունում է համապատասխան որոշումներ:
6. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները, հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.
բ) կազմակերպում է թեստավորման առաջադրանքների, հարցերի (խնդիրների) մշակման աշխատանքները.
գ) ապահովում է թեստավորման առաջադրանքների պատվիրման ու նախապատրաստման աշխատանքները, ինչպես նաև դրանց գաղտնիությունը
դ) իրականացնում է հսկողություն թեստավորման ընթացքի նկատմամբ.
ե) իրականացնում է որակավորման ստուգման հետ կապված այլ աշխատանքներ:
7. ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարների որակավորման ստուգմանը մասնակցում են ՔԿԱԳ տարածքային բաժինների վարիչները և ՔԿԱԳ տարածքային բաժինների իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող վարիչների տեղակալները:
ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարների որակավորման ստուգմանը կարող են մասնակցել նաև ՔԿԱԳ տարածքային բաժինների իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող մասնագետները` իրենց ցանկությամբ:
8. ՔԿԱԳ տարածքային բաժինների մասնագետների որակավորման ստուգմանը մասնակցում են ՔԿԱԳ տարածքային բաժինների այն աշխատողները, ովքեր չեն մասնակցել ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարների որակավորման ստուգմանը:
ՔԿԱԳ տարածքային բաժինների մասնագետների որակավորման ստուգմանը մասնակցում են նաև ՔԿԱԳ տարածքային բաժինների այն մասնագետները, ովքեր մասնակցել են ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարների որակավորման ստուգմանը, սակայն չեն բավարարել թեստավորման և հարցազրույցի պահանջներին:
9. ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարների և մասնագետների որակավորման ստուգումն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:
10. ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարների որակավորման ստուգման մասնակիցների համար թեստերը մշակվում են` պետական ծառայողների, քաղաքացիական կացության ակտերի, այդ ակտերի գրանցման, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրական հետևյալ ակտերի վերաբերյալ նրանց գիտելիքները ստուգելու նպատակով`
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.
- Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի.
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (բաժիններ` 1-5).
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (գլուխներ` 2, 5, 6, 8, 9, 12, 26, 28, 32, 34).
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (ընդհանուր մաս` գլուխ 3, հատուկ մաս` գլուխներ 3, 8, 9, 10).
- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (գլուխներ` 31 և 32).
- «Պետական տուրքի մասին,» Հայաստանի Հանրապետության օրենքի:
11. ՔԿԱԳ տարածքային բաժինների մասնագետների որակավորման ստուգման մասնակիցների համար թեստերը մշակվում են հայերեն լեզվից նրանց գրագիտությունը և ձեռագրային ընթեռնելիությունը ստուգելու նպատակով:
12. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ պատասխան:
13. Թեստավորման ընթացքում մասնակիցներին արգելվում է օգտվել որևէ օրենսդրական կամ այլ նյութերից:
14. Թեստավորման առաջադրանքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 1 միավոր, իսկ սխալ պատասխանը` 0 միավոր: Սխալ պատասխան են համարվում ոչ միայն ոչ ճիշտ պատասխանի նշումը, այլև մեկից ավելի պատասխանների նշումը, ինչպես նաև որևէ պատասխան չնշելը:
15. Թեստավորման արդյունքները հրապարակվում են ստուգման ավարտից հետո` հաջորդ օրը, ժամը 10.00-ին:
16. Թեստավորման արդյունքները բողոքարկվում են բողոքարկման հանձնաժողով:
Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության վիճարկումն է:
Մասնակցի բողոքը բավարարվելու դեպքում թեստավորման յուրաքանչյուր վիճարկվող առաջադրանքի վերաբերյալ նրա միավորներն ավելացվում են մեկ միավորով:
Եթե բողոքարկման հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցին (խնդրին) սխալ պատասխանած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով:
17. Թեստավորման աշխատանքներին ներկա գտնվելու իրավունք ունեն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները` նախապես համաձայնեցնելով Հանձնաժողովի նախագահի հետ, ինչպես նաև Հանձնաժողովի որոշմամբ հրավիրված դիտորդները:
18. Թեստավորման պահանջները բավարարող մասնակիցները իրավունք են ստանում մասնակցելու հարցազրույցին:
19. ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարների որակավորման ստուգման մասնակիցների հետ հարցազրույցն իրականացվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումներ կատարելու վերաբերյալ նրանց գիտելիքները և գործնական հմտությունները ստուգելու նպատակով:
20. ՔԿԱԳ տարածքային բաժինների մասնագետների որակավորման ստուգման մասնակիցների հետ հարցազրույցն իրականացվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ նրանց իմացությունը և գործնական կարողությունները ստուգելու նպատակով:
Գրանցված Է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
20 սեպտեմբերի 1999 թ.
պետական գրանցման թիվ 10299149