Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.03.2005-12.07.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.03.15/6(183) Հոդ.84
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.01.2005
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.08.2019

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10005112


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 հունվարի 2005 թ.
ք. Երևան

N 74-Ն

                                   

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի N 396 որոշման 2-րդ կետի, բժշկական կազմակերպությունների կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման գործընթացն առավել լիարժեք ու արդյունավետ կազմակերպելու նպատակով,

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերի ամփոփային ռեեստրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2004 թվականի հուլիսի 20-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 759-Ն հրամանը:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման: 

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին:


Նախարար`

Ն. Դավիդյան

             

 

Հավելված N 1
ՀՀ առողջապահության նախարարի
2005 թ. հունվարի 27-ի 
N 74-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

1. Սույնով սահմանվում և կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի  N 396 որոշմամբ հաստատված անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդներին դեղերի հատկացման կարգը:

2. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերին և հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդներին դեղերով ապահովումն իրականացվում է դեղերի ձեռքբերման բոլոր աղբյուրների հաշվին ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների, մասնագիտացված հիվանդանոցների ու դիսպանսերների միջոցով:

3. Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետության կողմից կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերը հատկացվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների, մասնագիտացված հիվանդանոցներին և դիսպանսերներին` համաձայն բաշխացուցակների, որոնք հաստատվում են ՀՀ առողջապահության նախարարության հրամաններով:

Դեղերի անվճար հատկացումը հիվանդներին իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական և դիսպանսերային բժշկական կազմակերպությունների կողմից դեղատոմսերով, համապատասխան գրառում կատարելով հիվանդի ամբուլատոր քարտում, իսկ մասնագիտացված հիվանդանոցների կողմից` հիվանդության պատմությունում:

4. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» խմբի «Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն» ենթախմբով բնակչության առողջության առաջնային պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող սոցիալական խմբերում և հիվանդություններ ցանկում ընդգրկված անձանց դեղերով ապահովումն իրականացնում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունները.

4.1. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու համար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն են ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ (երեխաների համար` ծննդյան վկայական) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական խմբի պատկանելությունը հաստատող փաստաթուղթ, իսկ դեղատուն կամ դեղատնային կրպակ` դեղատոմսը և անձը հաստատող փաստաթուղթ:

4.2. Հիվանդներին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր նշանակելիս  հիմք է ընդունվում ամբուլատոր քարտում առկա ախտորոշումը կամ հիվանդանոցային կազմակերպության կողմից տրված հիվանդության պատմությունից գրված քաղվածքը (էպիկրիզը):

4.3. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերը դուրս են գրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասին» N 759 որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղատոմսի դուրսգրման և դեղերի բաց թողնման կարգի» N 100 հրամանի պահանջներին համապատասխան:

4.4. Մեկ դեղատոմսի ձևաթերթիկով թույլատրվում է դուրս գրել անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող միայն մեկ դեղ:

4.5. Դեղերի դուրս գրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 28-ի N 1325-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկին» համապատասխան:

Ելնելով հիվանդությունից, եթե հիվանդին բժշկի ցուցումով նշանակվել է Հիմնական դեղերի ցանկում չընդգրկված դեղ, ապա ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի եզրակացության հիման վրա հիվանդին դուրս է գրվում դեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2004 թվականի ապրիլի 7-ի N 333-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանի (ռեեստրի)» ցանկից:

4.6. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունները կարող են դեղեր ձեռք բերել և հիվանդներին անվճար հատկացնել հատուկ այդ նպատակով ստեղծված ներպոլիկլինիկական դեղատնից (դեղատնային կրպակ), իսկ վերջիններիս բացակայության դեպքում` գլխավոր (ավագ) բուժքրոջ միջոցով:

4.7. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունները կարող են անվճար և արտոնյալ պայմաններով դեղերի ապահովումը կազմակերպել նաև պայմանագրային հիմունքներով` իրենց սպասարկման տարածքում գործող ու լիցենզավորված դեղատների կամ դեղատնային կրպակների միջոցով: Պայմանագիրը կնքելիս ապահովվում է սպասարկման տարածքում գործող դեղատների կամ դեղատնային կրպակների ազատ մասնակցությունը, տեղակայման ընդլայնվածությունը, հաշվի առնելով դրանց դեղերի տեսականին (հիմնական դեղերի ցանկին համապատասխան), գնային շահավետությունը:

4.8.  Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղատոմսերը դուրս են գրվում երկու օրինակից: Դեղատոմսի մեկ օրինակը պահվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում, իսկ մյուսը (բնօրինակը)` տրվում է հիվանդին դեղը դեղատնից կամ դեղատնային կրպակից ստանալու համար:

Դեղատանը կամ դեղատնային կրպակում գնահատվում է դեղատոմսը (նշվում է դեղի գինը, զեղչը և վճարման ենթակա գումարը), դեղատոմսի ետևի մասում ստացողը կատարում է նշում ստացած դեղի և վճարած գումարի մասին:

Դեղատոմսերը պահվում են դեղատանը կամ դեղատնային կրպակում հինգ տարի ժամկետով  և ոչնչացվում սահմանված կարգով:

4.9. Յուրաքանչյուր ամսվա վերջում դեղատան կողմից ամփոփվում է անվճար և զեղչով տրված դեղերի փաստացի ծախսը, և ամփոփ տվյալները ներկայացվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությանը, որի հիման վրա համատեղ կազմվում է ռեեստր` համաձայն սույն կարգը հաստատող հրամանի 2-րդ կետով հաստատված «Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրված դեղերի դեղատոմսերի ամփոփային ռեեստրի» ձևի (հավելված 2-ը):

4.10. Ռեեստրը կազմվում է երեք օրինակից, որոնցից մեկը պահվում է դեղատանը կամ դեղատնային կրպակում, երկրորդ օրինակը` ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում, իսկ երրորդը` բժշկական կազմակերպության կողմից ներկայացվում է ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն:

4.11. Դեղատան  կամ դեղատնային կրպակի կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով տրված դեղերի արժեքի փոխհատուցումն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններն իրականացնում են դեղատան կամ դեղատնային կրպակի հետ կնքված պայմանագրերի համաձայն:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով մարդասիրական օգնությամբ ստացված և բաշխված, ինչպես նաև անմիջապես առողջապահական կազմակերպությունների անունով այլ մարդասիրական խողովակներով ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների:

Անվճար պայմաններով դեղերի հատկացման ժամանակ առաջնահերթությունը տալ մարդասիրական օգնությամբ ստացված դեղերին:

6. Պետության կողմից կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերի սպառման, գնման կամ մատակարարման ընդհատման դեպքում, հիվանդների բուժման շարունակականության և անընդհատության ապահովման նպատակով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունները, ՀՀ առողջապահության նախարարության հրահանգով, պետք է իրենց ֆինանսավորման ծավալում դեղերի համար սահմանված գումարների հաշվին գնեն և անվճար ապահովեն հիվանդներին:

 

 

Հավելված N 2
ՀՀ առողջապահության նախարարի
2005 թ. հունվարի 27-ի 
N 74-Ն հրամանի

 

ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԱՄՓՈՓԱՅԻՆ ՌԵԵՍՏՐ N _______

 

200  թ. ____________ համար

 

____________________

____________________


____________________


____________________


Դեղատան (դեղատնային կրպակ) անվանումը


(ամբուլատոր-պոլիկլինիկական
կազմակերպություն)

 

1. Դեղատոմսերի քանակը _______________

2. Վճարման ենթակա

գումարը/մանրածախ գներով ________________

(թվերով)

________________________________

(բառերով)


Տնօրեն` ________________________ Տնօրեն` ________________________

Հաշվապահ` _______________________

Հաշվապահ` _______________________

Կ. Տ.

Կ. Տ.