Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-164-Ն
Տիպ
Օրենսգիրք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (21.06.2014-28.06.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.16/36(839) Հոդ.852
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

Ա Ռ Ա Ջ Ի Ն  Մ Ա Ս

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Ընտրությունների հիմունքները

 

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն` Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

2. Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման օրինականության համար:

3. Ընտրական իրավունքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով:

 

Հոդված 2. Ընտրելու իրավունքը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն քվեարկության անցկացման օրը Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունենալու դեպքում:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սույն օրենսգրքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձանց վրա:

3. Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող քաղաքացիները:

4. Պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները, ձերբակալված կամ կալանավորված անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն կարող մասնակցել:

5. Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները համապետական ընտրությունների ժամանակ (համապետական են Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունները) քվեարկությանը մասնակցում են սույն օրենսգրքով սահմանված կարգով ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու դեպքում:

 

Հոդված 3. Հավասար ընտրական իրավունքը

 

1. Ընտրողներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով:

2. Պետությունը հավասար պայմաններ է ապահովում ընտրողների ընտրական իրավունքի իրականացման համար:

3. Ընտրողները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն:

 

Հոդված 4. Ուղղակի ընտրական իրավունքը

 

1. Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ Երևանի քաղաքապետի, ընտրվում են անմիջականորեն:

 

Հոդված 5. Քվեարկության գաղտնիությունը

 

1. Քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Քվեարկողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է:

 

Հոդված 6. Ընտրությունների հրապարակայնությունը

 

1. Ընտրությունները նախապատրաստվում և անցկացվում են հրապարակայնորեն:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումները հրապարակվում են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անհատական որոշումներն ընդունվելուց, իսկ նորմատիվ որոշումները օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց և կենտրոնական ընտրական հանձնաժողովում մուտքագրվելուց հետո` համապետական ընտրությունների ժամանակահատվածում` նույն օրը, իսկ մյուս ընտրությունների դեպքում մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքն է WWW.elections.am:

3. Ընտրությունների կազմակերպման և անցկացման հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու, հանրային իրազեկման մակարդակը բարձրացնելու, կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի, «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի անվտանգությունը, պաշտպանվածությունը և անխափան աշխատանքը ապահովելու, ընտրական հանձնաժողովներին սույն օրենսգրքով վերապահված լիազորությունների պատշաճ իրացման նպատակով վերջիններս ապահովվում են անհրաժեշտ ծրագրատեխնիկական և կապի միջոցներով, սարքավորումներով և գույքով:

4. Համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) կարող են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած էլեկտրոնային ձևով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ ծրագրերը տեղադրում է համացանցային կայքում ներկայացվելուց հետո` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը:

5. Թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, թեկնածուները համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացնում հայտարարագիր` իրենց գույքի և եկամուտների մասին, իսկ Հանրապետության Նախագահի թեկնածուները` նաև ինքնակենսագրություն և մեկ լուսանկար:

6. Կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները) կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում կուսակցության գույքի և ֆինանսական միջոցների մասին հայտարարագիր:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է հայտարարագրերի ձևերը (Հանրապետության Նախագահի թեկնածուների, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների համար` նաև էլեկտրոնային ձևերը), ներկայացման կարգը, ինչպես նաև այն օրը, որի դրությամբ ներկայացվում է գույքի հայտարարագիրը, և այն ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է եկամուտների հայտարարագիրը:

7. Հանրապետության Նախագահի թեկնածուների, կուսակցությունների հայտարարագրերը ներկայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում, իսկ մյուս թեկնածուների հայտարարագրերի պատճենները գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում են ընտրական հանձնաժողովների անդամներին, վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին:

8. Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը:

9. Ընտրողները սույն օրենսգրքով սահմանված կարգով տեղեկացվում են ընտրական հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրերի, աշխատաժամերի, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, թեկնածուների առաջադրման, գրանցման, քվեարկության օրվա, քվեարկության և ընտրությունների արդյունքների մասին:

10. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են մինչև ժամը 11.30-ը, 14.30-ը, 17.30-ը և 20.30-ը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով հաղորդել համապատասխանաբար մինչև ժամը 11.00-ն, 14.00-ն, 17.00-ն և 20.00-ն տվյալ ընտրական տեղամասում քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները այդ տվյալները նույն պարբերականությամբ ամփոփում, հրապարակում և հաղորդում են կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապետական ընտրությունների ժամանակ քվեարկության օրը` ժամը 9.00-ին, տեղեկություններ է հրապարակում ընտրությունների ընթացքի մասին, իսկ ժամը 12.00-ից սկսած` մինչև ժամը 21.00-ն, երեքժամյա պարբերականությամբ` ըստ մարզերի (մարզում` նաև ըստ մարզկենտրոնների և մարզի` 10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների) և Երևան քաղաքի հրապարակում է տեղեկություններ մինչև նախորդ ժամը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ: Քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին տեղեկությունների հրապարակումից հետո դրանք ըստ ընտրական տեղամասերի տեղադրվում են հանձնաժողովի համացանցային կայքում:

11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ուշ, քան քվեարկության հաջորդ օրը` ժամը 00.00-ից սկսած` իրականացնում է քվեարկության արդյունքների աղյուսակավորում` ըստ ընտրական տեղամասերի: Քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումը կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտում և ընտրությունների նախնական արդյունքները հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրում է ընտրական տեղամասից քվեարկության արդյունքների մասին վերջին տեղեկությունները ստանալուց հետո` ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության ավարտից հետո` 24 ժամվա ընթացքում:

12. Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում տեղամասային կենտրոնում սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ներկա լինելու վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` վերադաս հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Ընտրական հանձնաժողովների նիստերը, ինչպես նաև քվեարկության ընթացքը վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը:

13. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալները հրապարակում է Հայաստանի հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով կենտրոնական ընտրական հանձնաժողովի նստավայրից:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

 

Հոդված 7. Ընտրողների ռեգիստրը վարելը, ընտրողների ցուցակները կազմելը

 

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ մարզերի և համայնքների: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում չեն ընդգրկվում, որը չի սահմանափակում ընտրողների ցուցակում ընդգրկված լինելու նրանց իրավունքը:

2. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարում և ընտրողների ցուցակը կազմում է բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին): Լիազոր մարմինը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը և ընտրողների ցուցակը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան վարելու և կազմելու համար:

3. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով ընտրողների ցուցակներ կազմում են նաև քրեակատարողական հիմնարկների, ձերբակալվածներին պահելու վայրերի ղեկավարները և զինվորական մասերի հրամանատարները:

4. Լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հունիսին և նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների, իսկ համապետական ընտրությունների դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ՝ նաև ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական և անբաժանելի մասն է:

 

Հոդված 8.  Ընտրողներին ցուցակում ընդգրկելը

 

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակ` ըստ ընտրական տեղամասերի, որում ընդգրկվում են սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` համապատասխան ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

2. Յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ընտրողների ցուցակում չեն կարող ընդգրկվել այն քաղաքացիները, որոնք այդ համայնքում հաշվառվել են ընտրություններ նշանակվելուց հետո: Սույն պարբերության դրույթները չեն տարածվում այն քաղաքացիների վրա, որոնք համայնքում հաշվառվել են ամուսնությամբ, պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրվելու, ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվելու կամ այդ համայնքում անշարժ գույք ձեռք բերելու հանգամանքներով պայմանավորված:

3. Համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Դիմումի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին տրամադրում է տեղեկանք` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից նրա տվյալները հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

4. Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները համապետական ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ լիազոր մարմին ներկայացնում են դիմում` ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք: Դիմումի և տեղեկանքի ձևերը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

5. Համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, կազմում է քվեարկության օրն ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների ցուցակը` դրանում նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը և օրը (այսուհետ` ամսաթիվ) և հաշվառման վայրի հասցեն: Լիազոր մարմինը, ըստ այդ ցուցակների, ոստիկանության ծառայողներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, սույն օրենսգրքի 9-րդ հոդվածով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան` կազմում է ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակ:

6. Համապետական ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, լիազոր մարմին է ներկայացնում ստացիոնար բուժման մեջ գտնվող և տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը` դրանում նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և հաշվառման վայրի հասցեն:

Լիազոր մարմինը, ըստ ներկայացված ցուցակների, ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, սույն օրենսգրքի 9-րդ հոդվածով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան` կազմում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ:

7. Համապետական ընտրությունների ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում հանվում են զորամասի ընտրողների ցուցակից և իրենց մշտական բնակության վայրերում կարող են ընդգրկվել ընտրողների ցուցակում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին հայտ ներկայացնելու դեպքում: Հայտի ձևը և դրան կից փաստաթղթերի ցանկը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

8. Համապետական ընտրությունների ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայողները, ինչպես նաև զորամասերի տեղակայման տարածքում հաշվառված պայմանագրային զինծառայողները և նույն տարածքում հաշվառված ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները, վարժական հավաքներ անցնող ընտրողներն ընդգրկվում են զորամասի ընտրողների ցուցակում:

9. Համապետական ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը համայնքի ղեկավարին, լիազոր մարմին ու կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Սույն մասի դրույթները վերաբերում են նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և ոստիկանության զորքերին:

10. Զորամասի տարածքից դուրս հաշվառված պայմանագրային զինծառայողները համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:

11. Կալանավորված անձանց պահելու վայրում գտնվող ընտրողների ցուցակները կազմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը քվեարկության օրվանից 3 օր առաջ:

 

Հոդված 9. Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները

 

1. Ընտրողների ցուցակները կազմվում են ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների:

2. Ընտրողների ցուցակում նշվում են մարզի և համայնքի անվանումը, իսկ առանձին սյունակներում՝ ընտրողի՝

1) ցուցակում հերթական համարը.

2) ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը` հաշվառման փաստաթղթերում առկայության դեպքում).

3) ծննդյան ամսաթիվը.

4) հաշվառման վայրի հասցեն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների դեպքում` քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում բնակվելու վայրի հասցեն:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվող ընտրողների ցուցակներում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված համարակալումը կատարվում է ըստ ընտրական տեղամասերի, ցուցակների յուրաքանչյուր թերթի վրա նշվում է նաև ընտրական տեղամասի համարը, նախատեսվում է ևս 4 սյունակ`

1) ընտրողի անձը հաստատող փաստաթղթի սերիայի և համարի (այսուհետ` համար),

2) ընտրողի ստորագրության,

3) հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամի անհատական կնիքի,

4) լրացուցիչ նշումների: Ընտրողների ցուցակում լրացուցիչ նշումներ կատարվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

4. Միաժամանակ մեկից ավելի ընտրությունների դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար նախատեսվում է ընտրողի ստորագրության առանձին սյունակ:

5. Ընտրողների ցուցակները կազմվում են մատյանի ձևով և էջակալվում մինչև 1 000 ընտրողի քանակով, բայց այն հաշվարկով, որ 1 000-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասին հատկացվող ընտրողների ցուցակների յուրաքանչյուր մատյան ընդգրկի մոտավորապես հավասար թվով ընտրողների տվյալներ: Ընտրողների ցուցակի յուրաքանչյուր էջում կարող են նշվել առավելագույնը 20 ընտրողի վերաբերյալ տվյալներ:

6. Ընտրողների ցուցակը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում լիազոր մարմնի կողմից կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակը կազմում, էջակալում, ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է լիազոր մարմինը:

7. Զինվորական մասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ցուցակները կազմում, էջակալում, ցուցակների յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում են համապատասխանաբար զինվորական մասերի հրամանատարները, քրեակատարողական հիմնարկի և ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարները:

 

Հոդված 10. Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրելը
 

1. Լիազոր մարմինը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրում է ընտրողների ցուցակների մեկ օրինակ, որը վերջին էջում ներառում է տեղեկանք` ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի, ժամանակի և պայմանների մասին` տեղամասային կենտրոնում փակցնելու համար: Տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Լիազոր մարմինը քվեարկության օրվանից 10 օր և 3 օր առաջ համապետական և Երևանի ավագանու ընտրությունների դեպքում` կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` ըստ ընտրատարածքների և ընտրական տեղամասերի:

3. Լիազոր մարմնի կողմից կազմվող ընտրողների ցուցակները (այդ թվում` լրացուցիչ ցուցակները)` ըստ ընտրական տեղամասերի, և ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները` տպագրված երկու օրինակից (ընտրողների ցուցակների, այդ թվում` լրացուցիչ ցուցակների 1-ին օրինակը` կազմված մատյանի ձևով, 2-րդ օրինակը` տեղամասային կենտրոնում փակցնելու համար), ինչպես նաև սույն օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված` ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը լիազոր մարմինը քվեարկության օրվանից 2 օր առաջ տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:

4. Լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված ժամկետներում ընտրողների ցուցակներն էլեկտրոնային կրիչով տրամադրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

5. Զորամասի հրամանատարը զինվորական մասում հաշվառված ընտրողների ցուցակներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին տրամադրում է քվեարկության օրվանից 3 օր առաջ զմռսված ծրարով, որը բացվում է միայն քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովում:

6. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների ցուցակը հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին։

7. Ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարն ընտրողների ցուցակը քվեարկության օրը կազմում և հանձնում է ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին:

 

Հոդված 11. Ընտրողների ցուցակների մատչելիությունը

 

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում կազմվող, ինչպես նաև ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար:

Ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում:

2. Համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ լիազոր մարմինն ընտրողների ցուցակը` ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր և 2 օր առաջ տեղադրում է համացանցում: Համացանցում ըստ ընտրական տեղամասերի տեղադրված ընտրողների ցուցակները պետք է ունենան դրանք ներբեռնելու հնարավորություն:

3. Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը քվեարկության օրվանից 40 օր առաջ ընտրողների ցուցակը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:

4. Ընտրողների ցուցակի, այդ թվում` լրացուցիչ ցուցակների օրինակը, քվեարկության օրվանից 2 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Այս ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարման օրը:

5. Զինվորական մասերում հաշվառված ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից 10 օր առաջ փակցվում են զորամասերում՝ զինծառայողների համար տեսանելի տեղում:

6. Համայնքում մեկից ավելի ընտրական տեղամաս կազմավորվելու դեպքում լիազոր մարմինն ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր` քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, քվեարկության տեղի և ժամանակի մասին, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

 

Հոդված 12. Ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու վերաբերյալ դիմումներ տալու, դիմումները քննարկելու և ընտրողների ցուցակները ճշտելու կարգը

 

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, սույն օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարում է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

2. Քվեարկության օրվան նախորդող 4 օրվա ընթացքում` մինչև քվեարկության ավարտը, յուրաքանչյուր ոք իրավունք ունի իրեն ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին: Ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացվող` ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա ընտրողների ցուցակում լրացում կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը` սույն օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով՝ լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով:

3. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերացման և ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում: Դատարանը ցուցակներում անճշտությունները վերացնելու վերաբերյալ վճիռը կայացնում է դիմումը ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում: Դատարանը ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վճիռը կայացնում է այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռն իրականացնում է լիազոր մարմինը: Ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին վճռի հիման վրա ընտրողների ցուցակում լրացում կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը` սույն օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով՝ լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով: Ընտրողների ռեգիստրը ճշգրտելու նպատակով դատարանները ընտրողների ցուցակներում ընտրողներին ընդգրկելու վերաբերյալ վճռի պատճենը ուղարկում են լիազոր մարմին` նաև ընտրողների ռեգիստրում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:

4. Ընտրական հանձնաժողովներն իրավունք չունեն սեփական նախաձեռնությամբ որևէ փոփոխություն՝ ճշտում կամ լրացում կատարելու ընտրողների ցուցակներում (այդ թվում` լրացուցիչ ցուցակներում), բացառությամբ քվեարկության օրը ընտրական տեղամասում տառասխալների և տեխնիկական վրիպակների ուղղման, ինչպես նաև սույն օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված դեպքի:

 

Հոդված 13. Ընտրողների լրացուցիչ ցուցակները

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքով սահմանված կարգով կազմում է ընտրողների լրացուցիչ ցուցակ: Ընտրողին ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու համար հիմք համարվող փաստաթղթերը կցվում են լրացուցիչ ցուցակին:

2. Ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեարկության համար տրվող ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան` ավելացնելով մեկ սյունակ՝ դատարանի վճռի կամ լիազոր մարմնի տեղեկանքի համարը և ամսաթիվը նշելու համար:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմած` ընտրողների լրացուցիչ ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը: Քվեարկության ավարտից հետո ցուցակի վերջում հանձնաժողովի նախագահը նշում է լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

 

Հոդված 14. Ընտրական տեղամասերը

 

1. Լիազոր մարմինը համայնքի ղեկավարի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական և այլ պայմաններ, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել քվեարկության համար:

2. Ընտրական տեղամասերը կազմավորվում են հերթական համարակալմամբ: Ընտրական տեղամասերի համարակալման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Ընտրական տեղամասը կազմավորման պահին չպետք է ունենա ավելի քան 2 000 ընտրող: Սույն մասով սահմանված թիվը կարող է փոփոխվել ընտրողների ցուցակների ճշգրտման և սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

4. Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր բնակավայրեր:

 

Հոդված 15. Տեղամասային կենտրոնը

 

1. Քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոնում:

2. Տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին և տներին: Տեղամասային կենտրոնը պետք է ընտրվի այնպես, որ ապահովվի քվեարկության բնականոն ընթացքը: Ընտրական տեղամասում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող համապատասխան շենքերի, շինությունների բացակայության պատճառով, ընտրողների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով տեղամասային կենտրոնի տեղակայման համար համայնքի ղեկավարը կարող է վարձակալել համապատասխան տարածքներ: Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի ընտրության և քվեարկության սենյակի` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան կահավորման համար պատասխանատու է համայնքի ղեկավարը:

3. Տեղամասային կենտրոնը չի կարող գտնվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմական ուսումնական հաստատությունների, զորամիավորումների և առողջապահության հիմնարկների զբաղեցրած շենքերում:

4. Համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոններ կազմավորվում են նաև կալանավորված անձանց պահելու վայրերում:

5. Տեղական ինքնակառավարման մարմինները սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ:

 

Հոդված 16. Տեղամասային կենտրոն սահմանելը

 

1. Համայնքի ղեկավարը (սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավարը) քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 43 օր առաջ սահմանում է տեղամասային կենտրոն: Համայնքի ղեկավարը այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին, համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին:

2. Տեղամասային կենտրոնում քվեարկության պատշաճ կազմակերպման կամ քվեարկության անցկացման անհնարինության դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով փոխել տեղամասային կենտրոնի գտնվելու տեղը, իսկ բացառիկ դեպքերում (տարերային աղետ, վթար, հրդեհ կամ անհաղթահարելի ուժ)` նաև քվեարկության օրը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ:

3. Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը փոխելու դեպքում համայնքի ղեկավարն ընտրողներին տեղեկացնում է անհապաղ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 

Հոդված 17. Ընտրատարածքները

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորվում են Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորների մանդատների թվին հավասար թվով ընտրատարածքներ:

2. Ընտրատարածքը միասնական տարածք է և չի կարող ընդգրկել տարբեր մարզերի համայնքներ, իսկ մարզում` ոչ սահմանակից բնակավայրեր: Երևան քաղաքի ընտրատարածքները չեն կարող ընդգրկել այլ համայնքներ:

3. Ընտրատարածքները կազմավորվում են` հաշվի առնելով մարզերի սահմանները, տարածքի աշխարհագրական, տեղագրական և ֆիզիկական առանձնահատկությունները, հաղորդակցության միջոցների առկայությունը, գոյություն ունեցող սոցիալական և այլ գործոններ:

Յուրաքանչյուր մարզում (Երևան քաղաքում) կազմավորվող ընտրատարածքների թիվը որոշվում է հետևյալ կերպ.

մարզի ընտրողների թիվը բազմապատկվում է մեծամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորների մանդատների թվով, արդյունքը բաժանվում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր մարզում (Երևան քաղաքում) կազմավորվող ընտրատարածքների թվերն են: Մնացած ընտրատարածքները բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուր մարզում (Երևան քաղաքում) մեկ ընտրատարածք սկզբունքով: Սույն պարբերությամբ սահմանված կարգով յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի) ընտրատարածքների թիվը փոխվում է միայն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորների մանդատների թվի փոփոխության դեպքում:

Մարզում (Երևան քաղաքում) կազմավորված ընտրատարածքներից յուրաքանչյուրում ընտրողների թիվը չպետք է ավելի քան 10 տոկոսով գերազանցի կամ պակաս լինի մարզի (Երևան քաղաքի) ընտրողների ընդհանուր թվի և այդ մարզում (Երևան քաղաքում) կազմավորված ընտրատարածքների թվի հարաբերությունից:

4. Ընտրատարածքները կազմավորում և համարակալում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

5. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ ընտրատարածքների սահմանները փոփոխության չեն ենթարկվում:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 18.  Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները

 

1. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ շրջանում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն:

Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է:

2. Պետությունն ապահովում է նախընտրական քարոզչության ազատ իրականացումը: Այն ապահովում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները` նախընտրական ժողովներ, թեկնածուների հետ ընտրողների հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով նրանց դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու միջոցով: Դրանք թեկնածուներին ու համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվում են հավասար հիմունքներով, անվճար` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

3. Համապետական և Երևանի ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո մարզպետը, Երևանում` Երևանի քաղաքապետը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում այն դահլիճների և այլ շինությունների ցանկը, որոնք թեկնածուներին ու համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվում են անվճար: Այդ ցանկը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

4. Ընտրողները, թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրավունք ունեն օրենքով չարգելված ձևերով քարոզչություն կատարելու թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի օգտին կամ դեմ:

5. Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորել ընտրական շտաբներ: Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները: Ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները սույն օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, և յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը:

6. Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս.

2) սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, դատախազներին, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողներին, զինծառայողներին.

3) ընտրական հանձնաժողովի անդամներին։

7. Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ նրանց առաջադրած թեկնածուները:

8. Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, ինչպես նաև ընտրությունների մյուս մասնակիցները պարտավոր են պահպանել նախընտրական քարոզչության կազմակերպման սահմանված կարգը: Ընտրական հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանումը: Թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից այդ կարգի խախտման դեպքում թեկնածուին, կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ` դրանք կանխելու կամ կիրառում նախազգուշացում խախտում թույլ տված թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի նկատմամբ` տալով խախտումը դադարեցնելու համար 3 օրը չգերազանցող ողջամիտ ժամկետ: Նշված ժամկետում խախտումը չդադարեցնելու դեպքում հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:

Նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտման դեպքում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, եթե այն կատարել է թեկնածուն, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, ապա թեկնածուին, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:

9. Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են ընտրական գործընթացներում իրենց վստահված անձանց միջոցով: Այդ նպատակով` ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող թեկնածուներն իրավունք ունեն նախընտրական քարոզչության ընթացքում օրական մինչև 2 ժամ տևողությամբ համապատասխանաբար ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում հանդիպումներ ունենալու իրենց ներկայացնող մինչև 3 վստահված անձանց հետ:

 

Հոդված 19. Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով

 

1. Հանրապետության Նախագահի թեկնածուները և ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ունեն հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից հավասար պայմաններով անվճար և վճարովի (այդ թվում՝ ուղիղ եթերով) օգտվելու իրավունք:

2. Հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից Հանրապետության Նախագահի թեկնածուներին, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը յուրաքանչյուր համապետական և Երևանի ավագանու ընտրության համար սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` հաջորդ օրը:

3. Հանրային ռադիոընկերությունը և հանրային հեռուստաընկերությունը պարտավոր են թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար ապահովել ոչ խտրական պայմաններ:

Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումներում թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզարշավի վերաբերյալ ներկայացվում է անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն:

 Թեկնածուի, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից միջոցառումներ չկազմակերպելը կամ այդ միջոցառումների մասին տեղեկատվության բացակայությունը հիմք չէ զանգվածային լրատվության միջոցի համար ընտրությունների մյուս մասնակիցների քարոզարշավի մասին տեղեկություններ չհրապարակելու համար:

4. Համապետական և Երևանի ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հրապարակվում է իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել մինչև ընտրությունների նշանակումը վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:

5. Սույն հոդվածի 3-4-րդ մասերով սահմանված դրույթները հավասարապես տարածվում են նաև թեկնածուներին, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների վրա` անկախ սեփականության ձևից:

6. Ազգային ժողովի ընտրություններ կամ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ նշանակվելուց ոչ ուշ, քան 10 օր հետո մարզի տարածքում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մարզային հեռուստաընկերությունները մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներին եթերաժամ տրամադրելու համար պարտավոր են հրապարակել իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել մինչև ընտրությունների նշանակումը վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:

7. Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումներն ընդմիջել ապրանքների կամ ծառայությունների գովազդով:

8. Նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումները վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելիս ձայնագրվում և տեսագրվում են: Դրանք պահպանվում են առնվազն երեք ամիս:

9. Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը:

10. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը համապետական և Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացնում է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկում (մոնիթորինգ): Այդ նպատակով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մշակում և համապետական և Երևանի ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո հրապարակում ու կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը:

11. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, ոչ ուշ, քան նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետի 10-րդ և 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից 2 օր առաջ հրապարակում և կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում սույն հոդվածի պահանջների կատարման մշտադիտարկման արդյունքները և հանձնաժողովի եզրակացությունը` վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ:

12. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած թերթերը և ամսագրերը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պարտավոր են թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար ապահովել ոչ խտրական և ոչ կողմնակալ պայմաններ:

 

Հոդված 20. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառների և քարոզչական տպագիր նյութերի օգտագործման կարգը

 

1. Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրավունք ունեն հավասար հիմունքներով անարգել տարածելու քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր և այլ նյութեր:

2. Քարոզչական պաստառներ կարող են փակցվել միայն սույն հոդվածով նախատեսված տեղերում:

Արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում` անկախ սեփականության ձևից:

Քարոզչական պաստառներ կարող են փակցվել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա կամ դրանց ներսում, եթե այդ տեղերում սույն հոդվածով արգելված չէ պաստառներ փակցնելը:

Քարոզչական պաստառներ կարող են առանց սահմանափակման փակցվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ` այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառները միջոցառման ավարտից հետո հանվում են համապատասխան թեկնածուի, կուսակցության կամ կուսակցության դաշինքի կողմից:

Քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք առանց սահմանափակման կարող են կրել քարոզչական նյութեր:

3. Ընտրություններ նշանակվելուց հետո` 21-օրյա ժամկետում, համայնքի ղեկավարը պարտավոր է ընդունել որոշում համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին` սահմանելով այնպիսի պայմաններ, որոնք թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար կապահովեն հավասար հնարավորություններ (հավասար մակերես): Սույն լիազորությունը համայնքի ղեկավարի համար համարվում է պարտադիր լիազորություն:

Քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին որոշումը 10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարը ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում:

4. Համայնքի ղեկավարը կարող է թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների պահանջով համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ` մինչև 5 քառակուսի մետր մակերեսով, իսկ մյուս ընտրությունների դեպքում` առանց մակերեսի սահմանափակման, քարոզչական պաստառների համար վճարովի հիմունքներով տեղեր առանձնացնել: Քարոզչական պաստառների համար վճարովի հիմունքներով տեղեր առանձնացնելիս համայնքի ղեկավարը պարտավոր է բոլոր թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար համայնքի տարածքում ապահովել ոչ խտրական և ոչ կողմնակալ պայմաններ: Համայնքի տարածքում հավասար պայմաններ ապահովելու նպատակով պաստառի չափսերը թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները համապատասխանեցնում են համայնքի ղեկավարի` պաստառի փակցման համար առանձնացված տեղերին:

5. Արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները քարոզչական պաստառների տեղադրման դեպքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար ապահովում են ոչ խտրական և ոչ կողմնակալ պայմաններ:

6. Համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները կամ մարմինները 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակները թեկնածուներին, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրելու համար ընտրությունները նշանակվելուց հետո` 21-օրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են տեղեկատվություն նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուներին, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս տեղեկությունները տեղադրում է հանձնաժողովի համացանցային կայքում` ի գիտություն թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների: Թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են հայտեր այդ գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով: Այս տեղեկությունների հիման վրա արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև բաշխվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա թեկնածուն, կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը արտաքին գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության հետ կնքում են պայմանագիր` քարոզչական պաստառը փակցնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմից պայմանագիր չկնքվելու դեպքում գովազդային վահանակը տնօրինողը ազատ է կնքելու այլ պայմանագիր:

Սույն մասի առաջին պարբերության դրույթները չեն վերաբերում ավտոմոբիլային ճանապարհների լայնությամբ փակցվող քարոզչական ձգապաստառներին: Այսպիսի պաստառներ փակցնելու թույլտվություն ստանալու մասին բոլոր դիմումները պետք է բավարարվեն դրանք փակցնելու թույլտվություն տվող պաշտոնատար անձանց կողմից: Ձգապաստառները փակցվում են թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի միջոցներով: Այդ ձգապաստառների տեղադրման համար գումար չի գանձվում:

7. Արգելվում է պաստառները պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ ցանկացած այլ եղանակով վնասելը:

8. Համայնքի ղեկավարը, արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների ղեկավարներն ապահովում են, որ գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների քարոզչական պաստառները վերացվեն:

9. Սույն հոդվածի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառները վերացնում է համայնքի ղեկավարը, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության աջակցությամբ: Սույն գործառույթը համայնքի ղեկավարի համար պատվիրակված լիազորություն է:

10. Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:

11. Արգելվում է անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը: Անանուն կամ կեղծ քարոզչական տպագիր նյութեր հայտնաբերելու դեպքում իրազեկ ընտրական հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններին` ապօրինի գործողությունները դադարեցնելու համար:

 

Հոդված 21. Ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության արգելումը

 

1. Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների` որպես թեկնածու գրանցված աշխատակիցներին արգելվում է ընտրությունների լուսաբանումը, ռադիոհաղորդումների կամ հեռուստահաղորդումների վարումը կամ դրանցով հանդես գալը, բացառությամբ սույն օրենսգրքի 19-րդ հոդվածով սահմանված դեպքերի:

2. Նախընտրական քարոզչության ընթացքում պետական և համայնքային ծառայողներին, զանգվածային լրատվության միջոցների աշխատակիցներին արգելվում է իրենց վերապահված լիազորությունները գործադրել թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև անհավասար պայմաններ ստեղծելու, կողմնակալություն ցուցաբերելու միջոցով ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործելու նպատակով:

3. Թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին:

Արգելվում է քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններին կամ հեռուստաընկերություններին հրապարակել ընտրողների հարցման արդյունքներն այն մասին, թե ում օգտին են քվեարկել:

4. Արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը: Սույն մասի դրույթների կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից:

 

Հոդված 22. Քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները

 

1. Քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են հետևյալ սահմանափակումների հաշվառմամբ.

1) արգելվում են թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար.

2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։

Նախընտրական քարոզչության նպատակով պետական սեփականությունն այս թեկնածուներն օգտագործում են այլ թեկնածուների հետ հավասար պայմաններով.

3) արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով այս թեկնածուների գործունեության լուսաբանումը, բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված դեպքերի, պաշտոնական այցերի և ընդունելությունների, ինչպես նաև տարերային աղետների ընթացքում վերջիններիս իրականացրած գործունեության:

2. Եթե իրականացվում է սույն հոդվածում նշված թեկնածուի այլ գործունեության լուսաբանում, ապա վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող զանգվածային լրատվության միջոցն այն հաշվի է առնում մյուս թեկնածուների գործունեությունը լուսաբանելիս` սույն օրենսգրքի 19-րդ հոդվածով սահմանված լուսաբանման հավասարության ոչ խտրական սկզբունքը պահպանելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 23.  Ընտրությունների կազմակերպման և անցկացման ֆինանսավորումը

 

1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման (ներառյալ` ընտրողների ցուցակները կազմելը, ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները կազմակերպելը), ինչպես նաև ընտրական հանձնաժողովների գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ ծախսերը նախատեսվում են պետական բյուջեում` առանձին հոդվածով և պետության կարիքների համար գնումների պլանում ներառվում մեկ տողով:

Ընտրությունների կազմակերպման և անցկացման համար հատկացված ֆինանսական միջոցների հաշվին գնումներ կատարելիս գնման ընթացակարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

2. Արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում ընտրությունները ֆինանսավորվում են պետական բյուջեի պահուստային ֆոնդից, իսկ դրա անհնարինության դեպքում` կենտրոնական բանկի պահուստային ֆոնդից:

3. Եթե բյուջետային միջոցները ժամանակին չեն տրամադրվում, կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահուստային ֆոնդում միջոցներ չկան, կամ տրամադրված միջոցները չեն բավարարում ընտրությունները կամ ընտրությունների երկրորդ փուլը ֆինանսավորելու համար, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի մրցութային հիմունքներով վարկ ստանալու մասնավոր բանկերից կամ օգտագործելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցները: Վարկը կամ ընտրական գրավների հատուկ հաշվեհամարից օգտագործված միջոցները կառավարությունը եռամսյա ժամկետում վերականգնում է:

4. Ընտրությունների համար նախատեսված ֆինանսական միջոցները (այդ թվում` հանձնաժողովների պահպանման համար նախատեսված միջոցները) հատկացվում են «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ֆինանսական միջոցները և պատասխանատու է այդ միջոցները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նախահաշիվներին համապատասխան օգտագործելու համար:

5. Ընտրություններից հետո` 20-օրյա ժամկետում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատ, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմը կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացնում է հաշվետվություն կատարված ծախսերի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հոդված 24. Ընտրական գրավը

 

1. Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ:

2. Ընտրական գրավի գումարը դիմումը ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, վերադարձվում է`

1) ընտրվելու կամ համամասնական ընտրակարգով մանդատների բաշխմանը մասնակցելու,

2) թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու,

3) մինչև թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումն ինքնաբացարկ ներկայացնելու,

4) ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվելու և նոր ընտրություն նշանակվելու դեպքերում և

5) ժառանգներին` թեկնածուի մահվան դեպքում:

Մյուս բոլոր դեպքերում ընտրական գրավի գումարը չի վերադարձվում:

 

Հոդված 25. Նախընտրական հիմնադրամի ձևավորումը

 

1. Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրենց նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով բացում են նախընտրական հիմնադրամ։ Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները և միայն համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներն առանձին նախընտրական հիմնադրամ ձևավորել չեն կարող: Հանրապետության Նախագահի թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, իսկ մյուս թեկնածուներինը՝ հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում: Այս բանկերի ցանկը կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների դիմումների հիման վրա բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:

2. Թեկնածուի նախընտրական հիմնադրամը համալրվում է`

1) իր անձնական միջոցներից.

2) իրեն առաջադրած կուսակցության տրամադրած միջոցներից.

3) ընտրելու իրավունք ունեցող անձանց կամավոր մուծումներից:

3. Համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամը ձևավորվում է`

1) այդ կուսակցության, կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքի անդամ կուսակցությունների միջոցներից.

2) ընտրելու իրավունք ունեցող անձանց կամավոր մուծումներից:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում չնշված ֆիզիկական և իրավաբանական անձանց` նախընտրական հիմնադրամների հաշվին մուծած գումարները փոխանցվում են պետական բյուջե:

5. Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

6. Նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների առավելագույն չափերը սահմանվում են սույն օրենսգրքով: Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափերը գերազանցող մասերը փոխանցվում են պետական բյուջե:

7. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրը մեկ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

 

Հոդված 26. Նախընտրական հիմնադրամի միջոցների օգտագործումը

 

1. Նախընտրական հիմնադրամի միջոցները թեկնածուները կարող են օգտագործել նախընտրական քարոզչություն իրականացնելուն ուղղված ցանկացած միջոցառման ֆինանսավորման համար:

2. Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները: Այդ նպատակով նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի առավելագույն չափը սահմանվում է սույն օրենսգրքով:

Սույն մասում նկարագրված ապրանքներն ու ծառայությունները, եթե մատուցվել են շուկայական արժեքից պակաս գնով կամ ձեռք են բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ապա իրենց շուկայական արժեքով ներառվում են նախընտրական հիմնադրամի ծախսերում:

3. Եթե հիմնավորվում է, որ նախընտրական քարոզչության համար մատուցված ապրանքը կամ ծառայությունը շուկայական արժեքով չի ներառվել նախընտրական հիմնադրամի ծախսերում, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում` պարտավորեցնելով թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հիմնադրամի ծախսերում չներառված ծախսերի եռապատիկի չափով գումար փոխանցել պետական բյուջե:

4. Եթե հիմնավորվում է, որ թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզչության համար կատարված ծախսերը գերազանցել են նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը, ապա ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում` պարտավորեցնելով թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի եռապատիկի չափով գումար փոխանցել պետական բյուջե:

5. Եթե նախընտրական քարոզչության համար ծախսված գումարի և սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պետական բյուջե վճարվող գումարների գումարի չափի և նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափի տարբերությունը գերազանցում է նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափի 10 տոկոսը, ապա ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը:

6. Սույն հոդվածով սահմանված գումարներն ընտրական հանձնաժողովի որոշումից հետո` հնգօրյա ժամկետում, պետական բյուջե չփոխանցելու կամ նույն ժամկետում ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով չբողոքարկելու դեպքում ընտրական հանձնաժողովը նշված գումարը գանձում է դատական կարգով:

7. Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:

8. Թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո, բայց մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար:

9. Ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` եռամսյա ժամկետում, թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի հայեցողությամբ օգտագործվում են բարեգործական նպատակներով: Եռամսյա ժամկետը լրանալուց հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

10. Ընտրությունները չկայացած ճանաչվելու դեպքում նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները սառեցվում են մինչև նոր ընտրությունների համար թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը: Նոր ընտրությունների դեպքում թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կարող են օգտագործել իրենց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները:

11. Նոր ընտրություններին չմասնակցող թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

12. Սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի դրույթները վերաբերում են միայն սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված` զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորմանը:

 

Հոդված 27. Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը

 

1. Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ և 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար` սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Հայտարարագրին կցվում են թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման համար կնքված պայմանագրերը:

2. Հայտարարագրի էլեկտրոնային ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հայտարարագրի ձևը ներառում է նաև ուղեցույց հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի ու ժամկետների մասին:

3. Հայտարարագրում նշվում են`

1) նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների ժամանակագրությունը, մուծված գումարի չափը.

2) սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված յուրաքանչյուր ծառայության, գույքի, ապրանքի ձեռքբերման համար կատարված ծախսերը, դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները.

3) հիմնադրամում մնացած գումարի չափը:

4. Հայտարարագրերը ներկայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

5. Եթե թեկնածուն սույն օրենսգրքի 140-րդ հոդվածով սահմանված կարգով պարտավորված չէ բացել հիմնադրամ, հետևապես և ներկայացնել հայտարարագիր, բայց ի հայտ են եկել փաստեր թեկնածուի կողմից նախընտրական քարոզչության համար նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից ավելի չափով գումար ծախսելու վերաբերյալ, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահանջով թեկնածուն պարտավոր է եռօրյա ժամկետում վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացնել հայտարարագիր` դրան կցելով կնքված պայմանագրերը:

 

Հոդված 28. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը

 

1. Ընտրական հանձնաժողովներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմին տրամադրված միջոցների օգտագործման, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստեղծում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:

 2. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն:

3. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնը քաղաքացիական պաշտոն է, ծառայության մյուս երկու աշխատակիցները քաղաքացիական ծառայողներ են: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշանակվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնային դրույքաչափը հավասար է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի համար սահմանված դրույքաչափի 75.87 տոկոսին: Ծառայության ղեկավարը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

4. Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով համապետական և Երևանի ավագանու ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում ստացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի: Ազգային ժողովի խմբակցությունների` ծառայությունում նշանակած աուդիտորները աշխատում են հասարակական հիմունքներով: Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 5-րդ օրը: Սույն մասում նշված աուդիտորների վերահսկողական իրավասությունը չի տարածվում իրենց նշանակած խմբակցությունների մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի վրա:

5. Համապետական, Երևանի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ժամանակ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում մինչև 1 ամիս ժամկետով պայմանագրային հիմունքներով կարող է ընդգրկվել մինչև 5 մասնագետ:

6. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, ստուգում, ստուգման արդյունքներով կազմում է տեղեկանք և ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը: Հանձնաժողովի նիստում քննարկելուց հետո տեղեկանքը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

7. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` սույն օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

(28-րդ հոդվածը փոփ. 13.11.12 ՀՕ-189-Ն, լրաց. 16.05.14 ՀՕ-16-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ, ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

 

Հոդված 29. Դիտորդական առաքելության իրավունքը

 

1. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`

1) միջազգային կազմակերպությունները.

2) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները.

3) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին:

2. Միջազգային կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները և օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում: Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում որպես դիտորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող:

Սույն մասում նշված կազմակերպություններին և անձանց դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն`

1) Հանրապետության Նախագահը.

2) Ազգային ժողովի նախագահը.

3) վարչապետը.

4) կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների` ընտրությունների վերաբերյալ զեկույցները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

 

Հոդված 30. Դիտորդների հավատարմագրումը

 

1. Սույն օրենսգրքի 29-րդ հոդվածում նշված կազմակերպությունների դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:

2. Հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդներին տրվող վկայականներն այդ կազմակերպություններին հանձնում է դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո:

(պարբերությունն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-52-Ն)

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե կազմակերպության կանոնադրական խնդիրները չեն բավարարում սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված` կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին:

5. Դիտորդի կողմից որևէ թեկնածուի, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի աջակցելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի համապատասխան կազմակերպությանը զրկելու դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:

6. Դիտորդների լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում դիտորդների լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե վերաքվեարկություն չի նշանակվել: Վերաքվեարկության դեպքում դիտորդների վերագրանցում չի պահանջվում:

7. Դիտորդների հավատարմագրման կարգը, դիտորդների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դիտորդների վկայականների ձևերը և դրանց լրացման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

(30-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-52-Ն)

 

Հոդված 31. Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

 

1. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք ունեն`

1) ներկա լինելու ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև քվեարկության սենյակում:

Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների դիտորդները ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում նաև քվեարկության սենյակում կարող են ներկա լինել, եթե ունեն ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական կամ ստուգարքի արդյունքով ստացել են դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական: Դասընթացները կազմակերպվում են Երևան քաղաքում և մարզերում (մարզերում` ըստ ընտրատարածքների) տարին առնվազն մեկ անգամ` քաղաքացիների դիմումների և հասարակական կազմակերպությունների ներկայացրած ցուցակների հիման վրա: Որակավորման վկայականները տրվում են ստուգարքի հիման վրա:

Ստուգարքին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, անկախ դասընթացին մասնակցելուց: Ստուգարքն անցկացվում է համակարգչային կամ թեստային ստանդարտ եղանակով: Դասընթացների, ստուգարքի ընթացքին կարող են հետևել զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները.

 2) կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հետևելու քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին.

3) անարգել ծանոթանալու քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին, դատարանի համապատասխան վճիռներին, լիազոր մարմնի` ընտրողին տրամադրած համապատասխան տեղեկանքին, ստանալու դրանց պատճենները կամ դրանցից քաղվածքներ (բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների), քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ինքնուրույն կատարելու քաղվածքներ ընտրողների ստորագրած ցուցակներից.

4) ազատ տեղաշարժվելու քվեարկության սենյակում՝ քվեաթերթիկների ու քվեատուփի դիտարկման համար.

5) օգտվելու սույն օրենքով նախատեսված այլ իրավունքներից:

2. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը իրավունք չունեն միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:

3. Դիտորդը քվեարկության օրը հետևում է ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և կարող է հանձնաժողովի նախագահին ներկայացնել իր դիտարկումներն ու առաջարկությունները:

4. Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում: Ոչ ոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին դուրս հանելու քվեարկության սենյակից կամ ցանկացած այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա լինելուց, բացառությամբ նրանց ձերբակալելու կամ կալանավորելու դեպքերի:

5. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը պարտավոր են պահպանել սույն օրենսգրքի պահանջները:

 

Հոդված 32. Վստահված անձի կարգավիճակը

 

1. Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակները գրանցելուց, իսկ թեկնածուները գրանցվելուց հետո ընտրական հանձնաժողովներում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններում իրենց շահերը պաշտպանելու նպատակով կարող են ունենալ վստահված անձինք: Վստահված անձ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:

2. Թեկնածուներին, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները գրանցելուց հետո` հնգօրյա ժամկետում, գրանցում իրականացրած ընտրական հանձնաժողովը թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչին տալիս է կազմավորված ընտրական տեղամասերի թվի եռապատիկին հավասար թվով վստահված անձանց վկայականներ: Համապատասխան հանձնաժողովը վկայականում նշում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը: Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը կամ կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը վկայականները լրացնում և տրամադրում է վստահված անձանց:

3. Վստահված անձ չեն կարող լինել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները, դիտորդները, թեկնածուները, ընտրական հանձնաժողովի անդամները:

 

Հոդված 33. Վստահված անձի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

 

1. Վստահված անձն իրավունք ունի՝

1) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քվեարկության ընթացքում ներկա լինելու քվեարկության սենյակում.

2) անարգել ծանոթանալու քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին, դատարանի համապատասխան վճիռներին, լիազոր մարմնի` ընտրողին տրամադրած համապատասխան տեղեկանքին, ստանալու դրանց պատճենները կամ դրանցից քաղվածքներ (բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների), քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ինքնուրույն կատարելու քաղվածքներ ընտրողների ստորագրած ցուցակներից.

3) սույն օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում բողոքարկելու հանձնաժողովների որոշումները, գործողությունները, անգործությունը.

4) կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հետևելու քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին.

5) չմիջամտելով հանձնաժողովի անդամի աշխատանքներին` ֆիզիկապես ներկա լինելու հանձնաժողովի՝ ընտրողների գրանցում իրականացնող, քվեաթերթիկ և քվեարկության ծրար հատկացնող անդամների, քվեարկության ծրարները կնքող և քվեատուփը հսկող անդամի կողքին և հետևելու նրանց աշխատանքներին.

6) քվեարկության օրը հետևելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացնելու դիտարկումներ և առաջարկություններ.

7) քվեարկության արդյունքներն ամփոփելիս ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու քվեարկված քվեաթերթիկներին և դրանցում կատարված նշումներին, ներկա լինելու քվեաթերթիկների հաշվարկմանը և քվեարկության արդյունքների ամփոփմանը.

8) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Վստահված անձը իր լիազորություններն իրականացնում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:

3. Ընտրական հանձնաժողովի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող է ներկա լինել յուրաքանչյուր թեկնածուի և համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի մեկական վստահված անձ:

4. Վստահված անձի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում։ Ոչ ոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի վստահված անձանց դուրս հանելու քվեարկության սենյակից կամ այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա լինելուց, բացառությամբ նրանց ձերբակալելու կամ կալանավորելու դեպքերի:

5. Վստահված անձը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքի պահանջները:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

 ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ:

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված 34. Ընտրական հանձնաժողովների համակարգը, կարգավիճակը և գործունեության կարգը

 

1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով կազմավորվում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ` կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ և տեղամասային ընտրական հանձնաժողովներ:

2. Յուրաքանչյուր ընտրատարածքի համար կազմավորվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Ազգային ժողովի մեծամասնական ընտրատարածքների կազմավորման մասին որոշմամբ:

3. Եթե համայնքի տարածքը (բացի Երևանից) ընդգրկված է մեկից ավելի ընտրատարածքների կազմում, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 65 օր առաջ որոշում է տվյալ համայնքի առավել թվով ընտրողներ ընդգրկող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որին լիազորություն է վերապահվում տվյալ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպումը և անցկացումը:

4. Ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից:

5. Ընտրական հանձնաժողովները գործում են օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին անհատույց ապահովում են անհրաժեշտ աշխատանքային տարածքներով և գույքով, աջակցում հանձնաժողովներին՝ նրանց բնականոն աշխատանքային գործունեությունն ապահովելու համար:

 

Հոդված 35. Ընտրական հանձնաժողովների գործառույթները

 

1. Ընտրական հանձնաժողովներն ապահովում են ընտրողների ընտրական իրավունքի իրականացումը և պաշտպանությունը:

 

Հոդված 36. Ընտրական հանձնաժողովների ակտերը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է նորմատիվ և անհատական իրավական ակտեր, իսկ ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովը` անհատական իրավական ակտեր:

2. Ընտրական հանձնաժողովների իրավական ակտերը` ընդունված իրենց լիազորությունների շրջանակում, ենթակա են պարտադիր կատարման:

 

Հոդված 37. Ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը

 

1. Ընտրական հանձնաժողովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին:

2. Ընտրական հանձնաժողովների անդամներն ազատվում են վարժական հավաքներից, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում` նաև զորակոչից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովների անդամներն ազատվում են նաև զորահավաքից:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը կարող է կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամն աշխատում է մշտական հիմունքներով: Նա չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, զբաղվել քաղաքական գործունեությամբ:

5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամն աշխատում է մշտական հիմունքներով: Նա չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ:

6. Ընտրական հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն նախապես ծանոթանալու հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին, ելույթներ ունենալու հանձնաժողովի նիստերում, ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն, նիստի մասնակիցներին տալու հարցեր և ստանալու պատասխաններ:

7. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են կատարել հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տված հանձնարարությունները:

8. Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` այդ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ, համապատասխանաբար պարտավոր են կամ կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ստորադաս ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության օրը ներկա լինել քվեարկության սենյակում:

9. Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն իրենց լիազորությունների իրականացման նպատակով սեփական նախաձեռնությամբ ազատվում են ծառայողական պարտականություններ կատարելուց:

10. Ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները:

11. Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձը նրանց հիմնական աշխատավայրերում պահպանվում է:

12. Ընտրական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հանձնաժողովի իր մասնակցած առաջին նիստում հրապարակայնորեն ընթերցում և ստորագրում է պարտավորություն «Ընտրական հանձնաժողովների անդամի պարտականությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին», որը կցվում է ընտրական հանձնաժողովի գրանցամատյանին: «Ընտրական հանձնաժողովի անդամի պարտականությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին» ընտրական հանձնաժողովի անդամի պարտավորության տեքստը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

Հոդված 38. Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը, ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը

 

1. Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը և ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին` սույն հոդվածով սահմանված կարգով: Ընտրական վարչարարության բարձրացմանն ու ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինմանն ուղղված ծրագրերի իրականացման համար կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ունենալ նաև արտաբյուջետային հաշիվ:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնային դրույքաչափը հավասար է «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի համար սահմանված դրույքաչափին, հանձնաժողովի նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի պաշտոնային դրույքաչափերը` հանձնաժողովի նախագահի պաշտոնային դրույքաչափի 85.40, իսկ հանձնաժողովի անդամներինը` հանձնաժողովի նախագահի պաշտոնային դրույքաչափի 75.66 տոկոսին:

3. Համապետական, Երևանի ավագանու, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի (60 օր) համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափի, իսկ հանձնաժողովի անդամները` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության 50 տոկոսի չափով:

Մյուս ընտրությունների դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության չափով:

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի, հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի անդամները՝ նվազագույն աշխատավարձի չափով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:

5. Վերաքվեարկություն անցկացվելու դեպքում ընտրական հանձնաժողովների նախագահին, հանձնաժողովի քարտուղարին կամ անդամներին լրացուցիչ վարձատրություն չի տրվում:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, հանձնաժողովի քարտուղարին կամ անդամին վարձատրություն չի տրվում, եթե նա չի ստորագրել արձանագրությունը, կամ եթե նրա լիազորությունները վաղաժամկետ դադարել են:

6. Համապետական, Երևանի ավագանու, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի մեկ ամսվա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների և այլ աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են: Սույն մասով սահմանված ժամանակահատվածի համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների (աշխատակիցների) պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նախատեսվում է ընտրությունների կազմակերպման և անցկացման ծախսերում:

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցների մինչև 15 տոկոսը` յուրաքանչյուր տարվա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատված նախահաշվին համապատասխան, կարող է օգտագործվել ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրման, ընտրական վարչարարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման, ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի պատրաստման և հրատարակման համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում մնացած մյուս միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են օգտագործվել ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի պատրաստման և հրատարակման համար:

(38-րդ հոդվածը փոփ. 13.11.12 ՀՕ-189-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 39. Ընտրական հանձնաժողովներ կազմավորելու հիմունքները

 

1. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել սույն օրենսգրքի համապատասխանաբար 40-րդ և 41-րդ հոդվածների պահանջներին համապատասխանող ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:

2. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154.6-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք: Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, նախարարները և նրանց տեղակալները, մարզպետները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ընտրական իրավունք ունեցող այն քաղաքացիները, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ և ստացել որակավորման վկայականներ:

4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցումն իրականացվում է հանձնաժողովների կազմավորումից հետո:

5. Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները կազմակերպում և անցկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` իր սահմանած կարգին համապատասխան: Դասընթացները կազմակերպվում են Երևան քաղաքում և մարզերում (մարզերում` ըստ ընտրատարածքների)` տարին առնվազն մեկ անգամ, քաղաքացիների դիմումների և կուսակցությունների ներկայացրած ցուցակների հիման վրա: Որակավորման վկայականները տրվում են ստուգարքի հիման վրա: Ստուգարքին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, անկախ դասընթացին մասնակցելուց: Ստուգարքն անցկացվում է համակարգչային կամ թեստային ստանդարտ եղանակով: Դասընթացների, ստուգարքի ընթացքին կարող են հետևել զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

6. Քաղաքացին կարող է ընդգրկվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում:

7. Ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

 

Հոդված 40. Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի յոթ անդամ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում է Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ: Հանձնաժողովի անդամները նշանակվում են 6 տարի ժամկետով, բացառությամբ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին կազմավորման և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից երեքը նշանակվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, երկուսը` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի, երկուսը` Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ նշանակված երկուական անդամները պետք է լինեն տարբեր սեռի ներկայացուցիչներ, և այդ երկուական անդամներից առնվազն մեկը պետք է ունենա իրավաբանական կրթություն կամ իրավունքի ոլորտում գիտական աստիճան:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է լինել ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային հասարակական-քաղաքական գործունեություն չի ծավալում և ունի`

1) բարձրագույն իրավաբանական կրթություն և վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ,

2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ,

3) բարձրագույն կրթություն և վերջին 10 տարում պետական մարմիններում առնվազն 5 տարվա հանրային ծառայության աշխատանքային ստաժ կամ

4) բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 3 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, հանձնաժողովի նախագահի տեղակալին և հանձնաժողովի քարտուղարին ընտրում է հանձնաժողովն իր կազմից:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածուների տվյալները Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտի ժամկետի մասին հանձնաժողովի անդամների թեկնածուներ առաջադրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց տեղեկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան 50 օր առաջ:

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագիրը հրապարակվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան 7 օր առաջ:

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրվում է սույն հոդվածով սահմանված կարգով` 21-օրյա ժամկետում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է լիազորությունները վաղաժամկետ դադարած կամ դադարեցված անդամի պաշտոնավարման համար սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Նման դեպքում, եթե մնացած պաշտոնավարման ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է նախորդ անդամի մնացած ժամանակահատվածին գումարած վեց տարի:

8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին:

9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարն ընտրվում են բաց քվեարկությամբ:

Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկից ավելի թեկնածու, ապա ընտրվում է առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն:

 

Հոդված 41. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ունի յոթ անդամ: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում է 6 տարի ժամկետով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտը:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երկուսից:

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային հասարակական-քաղաքական գործունեություն չի ծավալում և ունի`

1) բարձրագույն իրավաբանական կրթություն և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա մասնագիտական ստաժ,

2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա մասնագիտական ստաժ,

3) բարձրագույն կրթություն և վերջին 6 տարում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ պետական ոչ առևտրային կազմակերպություններում համապատասխանաբար պետական ծառայության կամ համայնքային ծառայության կամ ղեկավար պաշտոնում աշխատանքի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ կամ

4) բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 2 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուներին ընտրելու համար զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն է տարածում քաղաքացիների դիմումների ներկայացման ժամկետների և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջների մասին: Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամ կարող են նշանակվել այն քաղաքացիները, որոնք սահմանված ժամկետում կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են դիմում` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար, և որոնք համապատասխանում են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին:

6. Եթե ապրիորի չի խախտվում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գենդերային հավասարության չափանիշը, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն լինելու դեպքում կարող է`

1) նշանակել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմը ամբողջությամբ,

2) նշանակել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմը մասնակի կամ

3) կրճատել քննարկման ենթակա թեկնածուների ցանկը:

7. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմի չձևավորված մասն ընտրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` սույն օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված նախապատվության քվեակարգով:

8. Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած քաղաքացիների թիվը բավարար չէ հանձնաժողովի կազմավորման, այդ թվում` գենդերային հավասարության չափանիշը պահպանելու համար, ապա հանձնաժողովի անդամների թափուր տեղերը լրացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ անցած և որակավորման վկայականներ ստացած անձանցից:

9. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման` սույն հոդվածով սահմանված կարգով` 21-օրյա ժամկետում:

10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին ընդունվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտման օրվանից ոչ ուշ, քան 14 օր առաջ:

11. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը գումարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտման օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը մինչև հանձնաժողովի նախագահի ընտրվելը վարում է հանձնաժողովի` տարիքով ավագ անդամը: Կազմավորված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր լիազորություններն ստանձնում է գործող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտման օրը` ժամը 12.00-ին:

12. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին, հանձնաժողովների նախագահների տեղակալներին և հանձնաժողովների քարտուղարներին ընտրում են համապատասխան հանձնաժողովներն իրենց կազմերից` կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով:

 

Հոդված 42. Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովն ունի առնվազն յոթ անդամ:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ նշանակում են`

1) Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները` մեկական անդամ, եթե խմբակցությունների թիվը մեծ է 4-ից, և երկուական անդամ, եթե խմբակցությունների թիվը փոքր է հինգից.

2) համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` երկու անդամ:

Յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ (բացառությամբ հանձնաժողովի նախագահի) կարող է ներկայացնել մեկ թեկնածու: Եթե առաջադրված թեկնածուների թիվը երկուսից ավելի է, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի երկու անդամին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրում է վիճակահանության միջոցով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

3. Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի ձևավորման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով կամ ժամկետում որևէ կուսակցություն, կուսակցությունների դաշինք հանձնաժողովի անդամ չի նշանակում, կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների առաջարկած թեկնածուների թիվը պակաս է 2-ից, ապա հանձնաժողովի թափուր տեղերը նրանց փոխարեն լրացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի թափուր տեղերը սույն մասով սահմանված կարգով լրացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների` ըստ տեղամասերի բաշխման մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չի փոփոխվում:

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ և քարտուղար նշանակվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ` սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված բաշխմանը համապատասխան, հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի նշանակած անդամներից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի: Եթե կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում նշանակել է երկու անդամ, ապա նշանակելիս նշում է, թե նրանցից ով է զբաղեցնելու հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոնը:

5. Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվում են Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև: Յուրաքանչյուր կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների թիվը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

 ՆՔԹ =

 ԿՄԹ
———
90

x ՏԹ, վերցրած ամբողջ թվերը,

 

որտեղ`

ՆՔԹ - կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հասանելիք համապատասխանաբար հանձնաժողովի նախագահների և քարտուղարների թիվն է,

ԿՄԹ - Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության, կուսակցությունների դաշինքի ստացած մանդատների թիվն է,

ՏԹ - կազմավորված ընտրական տեղամասերի թիվն է,

90 - Ազգային ժողովում համամասնական ընտրակարգով պատգամավորների մանդատների թիվն է:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մնացած պաշտոնները բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության:

Տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների ժամանակ, եթե կազմավորված ընտրական տեղամասերի թիվը փոքր է 3-ից, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը կատարվում է վիճակահանությամբ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով` հաշվի առնելով, որ նույն հանձնաժողովում այդ երկու պաշտոնները միաժամանակ չեն կարող զբաղեցնել կառավարության կազմավորմանը մասնակից կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչները:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների բաշխումը` ըստ ընտրական տեղամասերի, կատարվում է մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը ներկայացնելու համար ժամկետի սկիզբը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, արտահերթ ընտրությունների դեպքում` քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20, և ոչ ուշ, քան 18 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտը ստորագրում են կուսակցության ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ կուսակցության ղեկավարի տեղակալը (քարտուղարը), կուսակցությունների դաշինքի դեպքում` խմբակցության ղեկավարը կամ խմբակցության քարտուղարը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու կարգը, հայտի ձևը, անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

7. Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրվում է հանձնաժողովի կազմավորման օրվանից հետո` 3-րդ օրը, ժամը 12.00-ին:

8. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով` յոթնօրյա ժամկետում, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

9. Եթե սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում և կարգով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ չի նշանակվել, ապա հանձնաժողովի անդամների թափուր տեղերը լրացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանցից: Այս դեպքում, եթե 8-րդ մասով սահմանված ժամկետում և կարգով տեղամասային ընտրական հանձնաժողովի նշանակվող անդամը պետք է զբաղեցներ հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոնը, ապա ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամն է նշանակվում այդ պաշտոնում:

10. Եթե քվեարկության օրը` ժամը 8.00-ին, մինչև 1 000 ընտրող ունեցող ընտրական տեղամասի դեպքում 5-ից պակաս թվով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ է ներկայացել, ապա չներկայացած անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարում են, և անդամների թիվը համապատասխանաբար մինչև 5 անդամ լրացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից: Եթե քվեարկության օրը` ժամը 8.00-ին, 1 000-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասի դեպքում 7-ից պակաս թվով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ է ներկայացել, ապա չներկայացած անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարում են, և անդամների թիվը համապատասխանաբար մինչև 7 անդամ լրացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից:

11. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են քվեարկության օրվանից 5 օր հետո, եթե ընտրության արդյունքները չեն բողոքարկվել: Ընտրության արդյունքները բողոքարկվելու և վերաքվեարկություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են վերաքվեարկության օրվանից 5 օր հետո:

12. Առանձին ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու կամ այդ ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակվելու դեպքում այդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարած, և նրանք չեն կարող ընդգրկվել վերաքվեարկություն անցկացնող տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում: Այս դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

 

Հոդված 43. Ընտրական հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին, հանձնաժողովի քարտուղարին պաշտոնանկ անելու և հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու կարգը

 

1. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ, եթե պատշաճ չեն իրականացնում իրենց վերապահված լիազորությունները:

2. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները համարվում են դադարած, եթե նա ներկայացրել է այդ պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ կարող են պաշտոնանկ արվել միայն, եթե քվեարկության նախորդ օրը կամ քվեարկության օրը ցուցաբերում են ակնհայտ անգործություն, որի հետևանքով կարող է վտանգվել քվեարկության նախապատրաստումը կամ քվեարկության բնականոն ընթացքը կամ քվեարկության արդյունքների ամփոփումը: Այդ դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար նշանակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովի այլ անդամներից:

4. Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են`

1) եթե չունի հանձնաժողովում նշանակվելու իրավունք.

2) եթե հրաժարվում է ստորագրել «Ընտրական հանձնաժողովի անդամի պարտականությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին» պարտավորության տեքստը.

3) եթե դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154.6-րդ հոդվածներով, կամ նրա նկատմամբ որպես պատիժ կիրառվել է կալանք կամ ազատազրկում.

4) եթե ներկայացրել է հանձնաժողովի անդամի պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում: Այդ դիմումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը ներկայացնում է Հանրապետության Նախագահին, իսկ մյուս հանձնաժողովների անդամները` վերադաս ընտրական հանձնաժողովի նախագահին.

5) եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը ներկայացրել է այդ պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում: Նման դիմում կարող է ներկայացվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ մինչև ժամը 18.00-ն` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին.

6) եթե զորակոչվել է.

7) սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

Սույն մասի 1-6-րդ կետերով նախատեսված դեպքերում լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստը կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի դեպքում արձանագրում է Հանրապետության Նախագահը, իսկ մյուս հանձնաժողովների անդամների դեպքում` վերադաս ընտրական հանձնաժողովի նախագահը:

5. Վարչական դատարանը կարող է վաղաժամկետ դադարեցնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները, եթե վերջինս խախտել է սույն օրենսգրքի դրույթները: Նման պահանջով վարչական դատարան իրավունք ունի դիմելու Հանրապետության Նախագահը:

Վարչական դատարանը կարող է վաղաժամկետ դադարեցնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները, եթե վերջինս խախտել է սույն օրենսգրքի դրույթները: Նման պահանջով վարչական դատարան իրավունք ունի դիմելու կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ կարող է վաղաժամկետ դադարեցնել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները, եթե վերջինս խախտել է սույն օրենսգրքի դրույթները: Նման պահանջով ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է դիմել հանձնաժողովում նրան նշանակած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կամ նրան նշանակած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրան առաջարկած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը:

Սույն մասով սահմանված կարգը կենտրոնական կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հերթական նիստերից անհարգելի բացակայության հիմքով կարող է գործադրվել, եթե հանձնաժողովի անդամը երեք օրացուցային ամսվա ընթացքում ունի երեք կամ ավելի անհարգելի բացակայություն հերթական նիստերից:

Սույն մասով սահմանված կարգը տեղամասային ընտրական հանձնաժողովի հերթական նիստերից անհարգելի բացակայության հիմքով չի կիրառվում:

6. Երեք օրացուցային ամսվա ընթացքում կենտրոնական կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հերթական նիստերից երեք կամ ավելի անհարգելի բացակայության դեպքում այդ հանձնաժողովն իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ իրավունք ունի վաղաժամկետ դադարեցնելու հանձնաժողովի անդամի լիազորությունները:

 

Հոդված 44. Ընտրական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը

 

1. Ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` նախագահի տեղակալը, տեղամասային ընտրական հանձնաժողովի դեպքում` հանձնաժողովի քարտուղարը:

2. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները սահմանում են հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը: Տեղամասային ընտրական հանձնաժողովները հերթական նիստեր գումարում են սույն օրենքով սահմանված ժամկետներում:

3. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում, այդ մասին կապի հնարավոր միջոցներով տեղեկացնելով հանձնաժողովի անդամներին: Տեղամասային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով:

4. Ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել քվեարկությանը: Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի օրակարգում, հանձնաժողովի անդամներից բացի, հարցեր կարող են ներկայացնել վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը` ծառայությանը վերապահված իրավասության շրջանակներում, և հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը` ֆինանսատնտեսական հարցերի վերաբերյալ:

5. Ընտրության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելիս ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

6. Ընտրական հանձնաժողովներն ստանում են համարակալված էջերով` վերադաս հանձնաժողովի կնքած գրանցամատյան:

Գրանցամատյանին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այն լրացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

7. Գրանցամատյանում նշվում է նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցության մասին: Այդ գրառման տակ ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:

8. Ընտրական հանձնաժողովների անդամները, հանձնաժողովի նիստին (ներառյալ` քվեարկության օրը` քվեարկության սենյակում) ներկա լինելու իրավունք ունեցող անձինք (բացառությամբ քվեարկողների և տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների) վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով կրում են ներկա լինելու իրավունքը հավաստող վկայական: Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների դիտորդներն ընտրական հանձնաժողովում, իսկ քվեարկության ընթացքում նաև քվեարկության սենյակում ներկա լինելու համար պետք է կրեն նաև ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու կամ դիտորդական առաքելություն իրականացնելու որակավորման վկայականը: Հանձնաժողովի նախագահն արգելում է ընտրական հանձնաժողովներում, իսկ քվեարկության ընթացքում նաև քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև վերնազգեստի վրա առանց համապատասխան վկայականի անձանց ներկայությունն ընտրական հանձնաժողովում (ընտրական տեղամասում):

9. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել հանձնաժողովի նիստերին:

10. Ընտրական հանձնաժողովների որոշումների, արձանագրությունների, գրանցամատյանների գրառումների պատճենները և քաղվածքները (բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակներից քաղվածքների) կնքում և ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Տեղամասային ընտրական հանձնաժողովից ստացված փաստաթղթերը կնքվում են միայն քվեարկության օրը:

 

Հոդված 45. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վարչական վարույթի առանձնահատկությունները

 

1. Ընտրական հանձնաժողովում վարչական վարույթն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկություններով և ժամկետներում:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում դիմումի (բողոքի) քննարկման մասին դիմումատուն ծանուցվում է դիմումի (բողոքի) քննարկման օրվա և ժամի մասին հանձնաժողովի համացանցային կայքում տեղեկություն տեղադրելու միջոցով: Եթե դիմումում (բողոքում) նշված է էլեկտրոնային կապի որևէ միջոց` հեռախոսահամար, էլեկտրոնային փոստային հասցե (այսուհետ` էլեկտրոնային կապի միջոց), ապա դիմումատուն (բողոք ներկայացնողը) տեղեկացվում է նաև այդ միջոցով:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում դիմումի (բողոքի) քննարկման մասին դիմումատուն (բողոք ներկայացնողը) համարվում է ծանուցված դիմումի (բողոքի) քննարկման օրվա և ժամի մասին հանձնաժողովում բոլորի համար տեսանելի տեղում տեղեկություն փակցնելու, իսկ եթե դիմումում (բողոքում) նշված է էլեկտրոնային կապի որևէ միջոց, ապա նրան միաժամանակ կապի այդ միջոցով տեղեկացնելու դեպքում:

3. Վարչական վարույթն իրականացնող ընտրական հանձնաժողովի կազմին կամ հանձնաժողովի անդամին վարույթի մասնակիցները չեն կարող բացարկ հայտնել, իսկ վարչական վարույթն իրականացնող ընտրական հանձնաժողովի անդամը ինքնաբացարկ հայտնելու իրավունք չունի:

4. Ընտրությունների ժամանակահատվածում, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, վարչական վարույթի մասնակիցները վարչական վարույթի նյութերին ծանոթանում են վարույթն իրականացնող ընտրական հանձնաժողովում` այդ վարույթով հրավիրված նիստից առաջ: Հանձնաժողովի նիստը համառոտ արձանագրվում է` անկախ վարույթի մասնակիցների ներկայությունից:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելուց հետո` հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու պահից: Այդ ակտն համացանցային կայքում տեղադրելուց հետո վարույթի մասնակիցներին ուղարկվում է կարճ հաղորդագրություն վարչական ակտի ընդունման մասին, եթե դիմումում (բողոքում) նշված է էլեկտրոնային կապի որևէ միջոց:

6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելուց հետո` հանձնաժողովում բոլորի համար տեսանելի տեղում ակտի օրինակը փակցնելու պահից: Վարույթի մասնակիցներին ուղարկվում է կարճ հաղորդագրություն վարչական ակտի ընդունման մասին, եթե դիմումում (բողոքում) նշված է էլեկտրոնային կապի որևէ միջոց:

7. Ընտրական հանձնաժողովի վարչական ակտն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկվում է վարչական վարույթի մասնակիցներին` առաքման անդորրագիրը կցելով գործին, եթե այդ ակտը վարույթի մասնակիցները հանձնաժողովում չեն ստացել:

8. Ընտրությունների ժամանակահատվածում վարչական վարույթը չի կասեցվում:

 

Հոդված 46. Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելը, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնելը

 

1. Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) կարող է բողոքարկել`

1) յուրաքանչյուր ոք, եթե գտնում է, որ խախտվել կամ կարող է խախտվել իր սուբյեկտիվ ընտրական իրավունքը.

2) վստահված անձը, եթե գտնում է, որ խախտվել են վստահված անձի կամ իր վստահորդի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքները.

3) դիտորդը, եթե գտնում է, որ խախտվել են դիտորդի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքները.

4) հանձնաժողովի անդամը, եթե գտնում է, որ ստորադաս հանձնաժողովը կամ հանձնաժողովը, որի անդամն է ինքը, խախտել է իր կամ այլ անձանց` սույն օրենսգրքով սահմանված որևէ իրավունք:

2. Թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ դիմում համապատասխանաբար կարող են ներկայացնել միայն թեկնածուն, ընտրական ցուցակ ներկայացրած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը), իսկ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու դեպքում` միայն ընտրական ցուցակ ներկայացրած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը):

3. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու դիմում կարող են ներկայացնել`

1) թեկնածուն, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը).

2) վստահված անձը, եթե ներկա է եղել տվյալ ընտրական տեղամասում.

3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, եթե արձանագրությունում կատարել է գրառում հատուկ կարծիք ունենալու մասին.

4) կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը:

Ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմում կարող են ներկայացնել թեկնածուն, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը):

4. Եթե ընտրական հանձնաժողովը գտնում է, որ ներկայացված բողոքը կամ դիմումը չի համապատասխանում սույն հոդվածի պահանջներին, ապա մերժում է վարչական վարույթի հարուցումը:

5. Տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը), ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները կարող են բողոքարկվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) (բացառությամբ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի և համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումների) կարող են բողոքարկվել կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել սահմանադրական դատարան: Համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան:

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) (բացառությամբ համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումների) կարող են բողոքարկվել վարչական դատարան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել սահմանադրական դատարան:

8. Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները (անգործությունը) վերադաս ընտրական հանձնաժողով բողոքարկելու դեպքում բողոք ներկայացնող կողմը կրում է իր ներկայացրած փաստական հանգամանքների ապացուցման բեռը, իսկ ընտրական հանձնաժողովը` իր կայացրած որոշման հիմքում ընկած փաստական հանգամանքների ապացուցման բեռը: Բողոքը քննող ընտրական հանձնաժողովն ի պաշտոնե կարող է ապացույցներ հայթայթել: Սույն մասով սահմանված կանոնները վերաբերում են նաև ընտրական տեղամասում արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմումին:

9. Քվեարկության օրվա ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին բողոքները կարող են ներկայացվել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության օրը կամ քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն:

Քվեարկության օրվան նախորդող օրերի ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին բողոքները կարող են ներկայացվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով օրացուցային 2 օրվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ խախտման մասին:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին բողոքները կարող են ներկայացվել կենտրոնական ընտրական հանձնաժողով օրացուցային 3 օրվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ խախտման մասին:

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու դիմում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել միայն քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն:

Ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմում համապատասխան ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել ընտրության արդյունքներն ամփոփելու համար սույն օրենսգրքով սահմանված համապատասխան ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 2 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

10. Եթե բողոքի կամ դիմումի քննարկման արդյունքով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին էապես ազդել քվեարկության արդյունքների վրա, և եթե հնարավոր չէ պարզել քվեարկության իրական արդյունքները, իսկ խախտումը արտահայտված չէ անճշտություններում, ապա այդ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչում: Այդ դեպքում նյութերը ուղարկվում են դատախազություն:

11. Թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում կարող է ներկայացվել մինչև քվեարկության օրը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` թեկնածուի գրանցման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել կենտրոնական ընտրական հանձնաժողով 3 օրվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ խախտման մասին, սակայն ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը:

Այս ժամկետների ավարտից հետո ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների ընթացքը որոշվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:

12. Ընտրություններ նշանակվելուց հետո՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ընտրական հանձնաժողովները սույն հոդվածով նախատեսված բողոքներին և դիմումներին պատասխանում, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ ընդունում են հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան համապատասխանաբար մինչև քվեարկության նախորդ օրը կամ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը:

 

Հոդված 47. Դիմումներին և բողոքներին ներկայացվող պահանջները: Ընտրական հանձնաժողովներում դրանց քննարկման կարգը

 

1. Ընտրական հանձնաժողովներում դիմումները և բողոքները (այսուհետ` դիմում) քննարկվում և պատասխանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:

2. Դիմումը պետք է ստորագրված լինի դիմողի կամ բողոք բերողի (այսուհետ` դիմողի) կողմից, ներառի նրա անունը, ազգանունը, փոստային հասցեն, տրման ամսաթիվը: Դիմումը կարող է ներառել նաև դիմումատուի էլեկտրոնային կապի որևէ միջոցի տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն և այլն: Դիմումատուն պետք է հստակ սահմանի իր պահանջը, բերի հիմնավորումներ, իսկ հնարավոր ապացույցները կցի դիմումին: Դիմումատուի վերաբերյալ տվյալներ չներառող կամ կեղծ տվյալներ ներառող դիմումները չեն քննարկվում:

3. Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա ընտրական հանձնաժողովը հնարավորություն է ընձեռում շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա ընտրական հանձնաժողովը դիմողին առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այն:

4. Դիմողը դիմումը հասցեագրում է այն ընտրական հանձնաժողովին, որի իրավասության սահմաններում է բարձրացված հարցի լուծումը: Եթե դիմում տալու համար սույն օրենսգրքով նախատեսված է վերջնաժամկետ, ապա դիմումը համարվում է պատշաճ ժամկետում ներկայացրած, եթե այն մինչև վերջնաժամկետը մուտքագրվել է համապատասխան ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահը դիմումը հասցեագրում է հանձնաժողովի անդամին, իսկ դիմումի պատճենը տրամադրվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Դիմումում բարձրացված հարցերն ուսումնասիրում են հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի դիմումի վերաբերյալ որոշման նախագիծ ներկայացնելու` հարցը հանձնաժողովի նիստում քննարկելու համար: Եթե հանձնաժողովի որևէ անդամ վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին որոշման նախագիծ չի ներկայացնում, ապա վարչական վարույթը համարվում է հարուցված: Վարչական վարույթի հարուցումը մերժելու դեպքում դիմումի պատասխանը դիմումատուին ուղարկվում է հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ: Դիմումատուն իրավունք ունի մասնակցելու հանձնաժողովի նիստում իր դիմումի քննարկմանը, ներկայացնելու հիմնավորումներ, դիմումի շրջանակներում հարցեր տալու զեկուցողին, ելույթ ունենալու:

5. Տեղեկատվություն ստանալու մասին դիմումի պատասխանը դիմումատուին ուղարկվում է հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ, պատասխանի օրինակը տրամադրվում է հանձնաժողովի անդամներին: Եթե պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթի օրինակը ներբեռնելու հնարավորությամբ տեղադրված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում, ապա այդ մասին տեղեկացվում է դիմողին, և նրան դրանցից պատճեններ կամ քաղվածքներ չեն տրամադրվում:

6. Օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ընտրական հանձնաժողովները ձեռնարկում են համապատասխան միջոցներ:

 

Հոդված 48. Քվեարկության արդյունքների վերահաշվարկը

 

1. Թեկնածուն, վստահված անձը, եթե ներկա են եղել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը` ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում քվեարկության արդյունքների ամփոփման կարգի վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու մասին գրառում կատարելու դեպքում, իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկելու տվյալ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները` ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելով ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին (այսուհետ` վերահաշվարկ) դիմում:

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն:

2. Վերահաշվարկի դիմումը պետք է ներառի դիմումատուի անունը, ազգանունը, փոստային հասցեն և այն ընտրական տեղամասի համարը, որում պահանջվում է կատարել վերահաշվարկ, ինչպես նաև այն քվեարկության արդյունքները (եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն), որոնց վերաբերյալ պահանջվում է վերահաշվարկ անցկացնել: Դիմումին կարող են կցվել քվեարկության արդյունքների սխալ ամփոփման ապացույցներ:

3. Եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը վերահաշվարկի դիմում կարող է ներկայացնել միայն այն քվեարկության արդյունքի վերաբերյալ, որի արձանագրությունում կատարել է գրառում հատուկ կարծիք ունենալու մասին:

4. Միաժամանակ մեկից ավելի քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար ներկայացվում է առանձին դիմում:

5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի դիմումները գրառում է գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` նշելով ստացման ժամանակը:

6. Վերահաշվարկի աշխատանքներն սկսվում են վերահաշվարկի դիմումների ընդունման համար սահմանված ժամկետի հաջորդ օրը` ժամը 9.00-ից, և դադարեցվում են քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը, ժամը 14.00-ին (այսուհետ` վերահաշվարկի վերջնաժամկետ): Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն: Ընտրական հանձնաժողովը շարունակում է վերահաշվարկը ժամը 18.00-ից հետո, եթե չի ավարտել ընտրական տեղամասի արդեն սկսած վերահաշվարկը, ինչպես նաև այն դեպքերում, եթե մինչև ժամը 18.00-ն աշխատելու պայմաններում մինչև վերահաշվարկի վերջնաժամկետը հնարավոր չէ ավարտել սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված քվեարկության արդյունքների վերահաշվարկը:

7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկում է բոլոր այն քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովի կարծիքով ներկայացված են քվեարկության արդյունքների սխալ ամփոփման հիմնավոր ապացույցներ, ինչպես նաև վերահաշվարկում է բոլոր այն քվեարկության արդյունքները, որոնց արձանագրությունների ուսումնասիրմամբ (այդ թվում` անճշտությունների ուսումնասիրման) ընտրատարածքային հանձնաժողովում ծագել են կասկածներ արդյունքների սխալ ամփոփման վերաբերյալ:

8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված քվեարկության արդյունքների վերահաշվարկն ավարտվել է մինչև վերահաշվարկի վերջնաժամկետը, կամ այդպիսիք չեն եղել, ապա հանձնաժողովը վերահաշվարկի առկա դիմումների հիման վրա վիճակահանությամբ որոշում է, թե ինչ հերթականությամբ է վերահաշվարկելու քվեարկության արդյունքները:

9. Դիմումատուի հրաժարվելը քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումից հիմք չէ վերահաշվարկ չիրականացնելու համար:

10. Վերահաշվարկն իրականացվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան, բացառությամբ սահմանված նմուշի քվեարկության ծրարների թվի հաշվարկի, և կազմում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին արձանագրություն, որտեղ «հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը», «ելունդների համարները» և «քվեատուփում առկա սահմանված նմուշի ծրարների թիվը» տողերում լրացվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրած թվերը, եթե ակնհայտ մեխանիկական սխալներ դրանցում առկա չեն:

Վերահաշվարկ կատարելիս քվեարկության չսահմանված նմուշի ծրար է համարվում սահմանված նմուշից ակնհայտ տարբերվող կամ չկնքված կամ այլ կնիքով կնքված քվեարկության ծրարը, չսահմանված նմուշի քվեաթերթիկ` սահմանված նմուշից ակնհայտ տարբերվող քվեաթերթիկը, իսկ քվեաթերթիկի վավերականությունը որոշվում է սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրամադրվում են այդ արձանագրությունների պատճենները:

11. Կախված ծանրաբեռնվածությունից` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ կարող է իրականացնել հանձնաժողովի առնվազն երեք անդամի կազմով: Հանձնաժողովի առնվազն երեք անդամի կազմով վերահաշվարկ իրականացնելիս քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի համար սահմանված պարտականություններն իրականացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը կամ հանձնաժողովի քարտուղարը, իսկ եթե նրանք ընդգրկված չեն այդ կազմում, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամը:

12. Մեկ ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի տևողությունը չի կարող գերազանցել 4 ժամը:

13. Քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա լինել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները, ընտրական հանձնաժողովի նիստերին ներկա լինելու իրավունք ունեցող անձինք, վերահաշվարկի մասին դիմում ներկայացրած անձը, թեկնածուն և նրա վստահված անձը:

14. Քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ դիմող կողմն այլ փաստաթղթերի հետ իրավունք ունի ծանոթանալու ընտրողների ստորագրած ցուցակներին, ինքնուրույն կատարելու քաղվածքներ` առանց դրանք լուսապատճենահանելու, լուսանկարահանելու և տեսանկարահանելու իրավունքի: Վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել վերահաշվարկի աշխատանքները:

15. Քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում ներկայացնողի բացակայությունը հիմք չէ վերահաշվարկ չանցկացնելու կամ այն դադարեցնելու համար:

16. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժում է ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումը և վերահաշվարկ չի իրականացնում, եթե պահանջվել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի իրականացում սույն հոդվածի դրույթների խախտումով:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 49. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմին է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ.

2) ընդունում է իր և ստորադաս ընտրական հանձնաժողովների կանոնակարգերը.

3) կազմակերպում և անցկացնում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները, սահմանում դասընթացներ կազմակերպելու և որակավորում շնորհելու կարգը.

4) վերահսկողություն է իրականացնում սույն օրենսգրքի միատեսակ կիրառման նկատմամբ.

5) սահմանում է քվեաթերթիկների, արձանագրությունների և ընտրական այլ փաստաթղթերի ձևերը, նմուշները, դրանց լրացման և պահպանման կարգը, ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ ընտրական փաստաթղթերով.

6) սահմանում է թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը.

7) իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են կատարման հանրապետության ողջ տարածքում.

8) վերացնում, ուժը կորցրած, անվավեր կամ չեղյալ է ճանաչում հանձնաժողովների` սույն օրենսգրքին հակասող որոշումները, բացառությամբ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր, համայնքի ղեկավար կամ ավագանու անդամներ ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումների.

9) լսում է ընտրական հանձնաժողովների և պետական մարմինների հաղորդումներն ընտրությունների նախապատրաստման ու անցկացման մասին.

10) հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին.

11) կազմակերպում է Հանրապետության Նախագահի թեկնածուների կենսագրական տվյալների հրապարակումը.

12) գրանցում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին, Ազգային ժողովի պատգամավորներին տալիս է պատգամավորի վկայական.

13) նշանակում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ և նոր ընտրություններ.

14) ընդունում է սույն օրենսգրքով նախատեսված որոշումներ, ընտրական գործընթացները կանոնակարգելու նպատակով ընդունում է սույն օրենսգրքին չհակասող որոշումներ.

15) յուրաքանչյուր համապետական ընտրության ժամանակ հրապարակում է ուսումնական ձեռնարկ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց և դիտորդների համար.

16) սահմանում է ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը.

17) հաստատում է քվեատուփի նմուշը (չափսերը).

18) իրականացնում է վերահսկողություն կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ.

19) օրենքով սահմանված կարգով կարող է ստեղծել հիմնարկներ.

20) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

2. Համապետական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 3 ամսվա ընթացքում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից որևէ մեկն ընտրությունների կազմակերպման և անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների վերլուծության, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես է գալիս Ազգային ժողովում: Այս հաղորդագրությունը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ընտրական գործընթացի կազմակերպման բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկություններով:

 

Հոդված 50. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մշտական հիմունքներով գործող պետական մարմին է: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում ընտրատարածքում սույն օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ.

2) հաստատում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների նմուշները.

3) սահմանում է ընտրական տեղամասերի հերթական համարները` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան, և այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով.

4) իր և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում կենտրոնական ընտրական հանձնաժողով.

5) քննարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումները (բողոքները), վերանայում կամ վերացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների` սույն օրենսգրքին հակասող որոշումները.

6) ըստ ընտրական տեղամասերի` տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալների հիման վրա հրապարակում է քվեարկության նախնական արդյունքները.

7) հայտարարում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը.

8) հետևում է ընտրողների ցուցակները կազմելուն և համընդհանուր ծանոթացման համար դրանք ընտրական տեղամասերում ներկայացնելուն.

9) վերահսկում է տեղամասային կենտրոնների` սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան կահավորումը.

10) գրանցում է Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին, նրանց տալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նմուշի վկայական.

11) վերահսկողություն է իրականացնում տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից սույն օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ.

12) անվավեր է ճանաչում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները.

13) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 51. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը`

1) կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում քվեարկության արդյունքները ընտրական տեղամասում.

2) կազմում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, արձանագրության օրինակը փակցնում է տեղամասային կենտրոնում.

3) հանձնաժողովի կնիքը, դրոշմակնիքը, գրանցամատյանը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության 2 օրինակները, ընտրական փաստաթղթերի պարկը և քվեատուփը ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով.

4) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 52. Ընտրական փաստաթղթեր հանձնելը և ընդունելն ընտրական հանձնաժողովներում

 

1. Ընտրական փաստաթղթերն ընտրական հանձնաժողովներում հանձնվում են հանձնողի ու ընդունողի կողմից ստորագրելու և ստացական տալու միջոցով:

2. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ընտրական հանձնաժողովներին հատկացվում են քվեաթերթիկներ, ձևաթղթեր, այլ փաստաթղթեր, գրենական պիտույքներ և այլ պարագաներ, որոնց պահպանման պատասխանատուներն ընտրական հանձնաժողովների նախագահներն են:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո պահպանության են հանձնվում Հայաստանի պետական արխիվ` սահմանված կարգով պահպանելու համար:

 

Հոդված 53. Ընտրական հանձնաժողովների և ոստիկանության գործակցությունը

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական և տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ընտրությունների հետ կապված միջոցառումներում ապահովում է պատշաճ կարգ ու կանոն, հանձնաժողովի նախագահի պահանջով աջակցում հանձնաժողովներին, ապահովում է ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

 ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 54. Քվեարկության տեղը և ժամանակը

 

1. Քվեարկությունն անցկացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում` ժամը 8.00-ից մինչև 20.00-ն, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Ժամը 20.00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռևս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն:

2. Համապետական ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների համար քվեարկությունը կազմակերպվում է ստացիոնար բժշկական հաստատությունում` շրջիկ արկղի միջոցով:

Քվեարկությունն անցկացվում է քվեարկության գաղտնիության պահպանմամբ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկողների քվեարկության կազմակերպմանը կարող են ներկա լինել նաև վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկությունը կազմակերպվում է այն հաշվարկով, որ ավարտվի մինչև ժամը 18.00-ն:

 

Հոդված 55. Քվեարկության սենյակը

 

1. Քվեարկությունն անցկացվում է այդ նպատակով կահավորված սենյակում` յուրաքանչյուր ընտրական տեղամասում մեկ սենյակ հաշվարկով:

2. Քվեարկության սենյակը պետք է լինի հնարավորին չափ ընդարձակ և բավարարի հետևյալ պահանջները.

1) հնարավորություն ընձեռի քվեարկության ողջ ընթացքում ապահովելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների և քվեարկությանը ներկա լինելու իրավունք ունեցող անձանց միաժամանակյա կանոնավոր աշխատանքը.

2) հնարավորություն ընձեռի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին և դիտորդներին իրենց տեսադաշտում պահելու քվեատուփը, քվեարկության խցիկները (պայմանով, որ չի խախտվում քվեարկության գաղտնիությունը), քվեարկության խցիկներից մինչև քվեատուփն ընկած հատվածը:

3. Քվեարկության սենյակի կահավորումը պետք է ավարտվի քվեարկության նախորդ օրը` մինչև ժամը 24.00-ն:

 

Հոդված 56. Քվեարկության խցիկները

 

1. Քվեարկության համար հատկացվում են խցիկներ` յուրաքանչյուր 750 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ խցիկ:

2. Քվեարկության խցիկը պատրաստվում է այնպես, որ ընտրողը կարողանա տեղամասային կենտրոնում գտնվող անձանցից գաղտնի լրացնել քվեաթերթիկը, ունենա բավարար լուսավորվածություն, տեղադրված լինի գրիչ:

3. Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն 1 մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով և թիկունքով դեպի պատը:

 

Հոդված 57. Քվեաթերթիկը, քվեարկության ծրարը

 

1. Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում քվեաթերթիկները պատրաստվում են այնպես, որ ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:

2. Քվեաթերթիկի հատման գիծը պետք է լինի դակված (պերֆորացված): Քվեաթերթիկը պետք է ներառի տպագրատան անվանումը և ծանուցում` քվեաթերթիկի լրացման կարգի մասին: Քվեաթերթիկները պատրաստվում են անթափանց թղթից:

3. Քվեաթերթիկի հատման գծից վերև` ելունդի վրա, նշվում է քվեաթերթիկի հերթական համարը: Թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները քվեաթերթիկում նշվում են հատման գծից ներքև` ձախ կողմում այբբենական հերթականությամբ, իսկ աջ կողմում նախատեսվում են դատարկ քառանկյուններ` քվեարկողի կողմից նշում կատարելու համար:

4. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկում թեկնածուի ազգանվան տողի ներքևում նշվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

5. Քվեաթերթիկների տպագրումն ապահովում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

6. Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 10, և ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի ընտրողների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրած տեղեկատվության հիման վրա:

7. Քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում են քվեարկության նախորդ օրը ընտրական տեղամասում ընտրողների թվի մինչև 3 տոկոս ավելի քանակով, բայց ոչ պակաս, քան ընտրողների թվից 2 քվեաթերթիկ ավելին:

8. Քվեաթերթիկները տպագրելուց հետո թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թեկնածուի անունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը քվեաթերթիկներից հանվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով։

9. Քվեարկության ծրարների պատրաստումն ապահովում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար պատրաստվում են առանձին ծրարներ այնպես, որ գույներով ակնհայտորեն տարբերվեն միմյանցից և համապատասխանեն քվեաթերթիկների գույներին:

10. Քվեարկության ծրարները տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացվում են քվեարկության նախորդ օրը:

 

Հոդված 58. Կնիքը, դրոշմակնիքը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի և վստահված անձի սեփական դրոշմը, քվեատուփը

 

1. Ընտրական հանձնաժողովների կնիքների, դրոշմակնիքի և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքների նմուշները հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Դրանք պատրաստվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը պետք է ունենա քառանիշ համար:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները տեղադրում է անթափանց փաթեթներում, առանց դրանց վրա նշումներ կատարելու փակում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքով կնքում է դրանք և քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 5, և ոչ ուշ, քան 3 օր առաջ հանձնում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ յուրաքանչյուր ընտրական տեղամասին մեկ կնիք հաշվարկով` կատարելով հանձնվող կնիքների բացառապես քանակական հաշվառում: Նույն ժամկետում հատկացվում են նաև դրոշմակնիքները և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքները:

4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում փաթեթները կնքվում և քվեարկության նախորդ օրը հանձնվում են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին՝ յուրաքանչյուրին մեկ փաթեթավորված կնիք:

5. Համապետական և Երևանի ավագանու ընտրությունների դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները քվեարկության ավարտից 24 ժամ հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մյուս ընտրությունների դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են քվեարկության ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

Քվեարկության երկրորդ փուլ, վերաքվեարկություն կամ նոր ընտրություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվում են նոր կնիքներ։

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին քվեարկության օրվանից մեկ օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով վիճակահանությամբ տրամադրվում են իրարից տարբերվող անհատական կնիքներ: Անհատական կնիքները քվեարկության ավարտից հետո փաթեթավորվում և տեղադրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկում (այսուհետ` պարկ):

7. Տեղամասային ընտրական հանձնաժողովի դրոշմակնիքը քվեարկության ավարտից հետո սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում վերադարձվում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

8. Տեղամասային կենտրոնում կարող են օգտագործվել մեկից ավելի քվեատուփեր՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը և վստահված անձը կարող են ունենալ սեփական դրոշմ, սակայն այն ունենալը պարտադիր չէ: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը սեփական դրոշմը կարող է օգտագործել 59-րդ հոդվածի 7-րդ մասով, 67-րդ հոդվածի 8-րդ մասով և 71-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում իր ստորագրության փոխարեն: Վստահված անձը սեփական դրոշմը կարող է օգտագործել 67-րդ հոդվածի 8-րդ մասով և 71-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում իր ստորագրության փոխարեն:

 

Հոդված 59. Քվեարկության նախապատրաստումը

 

1. Քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային ընտրական հանձնաժողովները։

2. Քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, փաթեթավորված կնիքը, դրոշմակնիքը, հանձնաժողովի անդամների անհատական կնիքները պահվում են քվեարկության սենյակում գտնվող հատուկ չհրկիզվող պահարանում: Դրանց պահպանման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվեարկության ընթացքում ապահովել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների կատարումը և անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատել տեղամասային կենտրոնում։

4. Ընտրողների գրանցման, ընտրողներին քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնելու և քվեարկության ծրարները կնքելու համար տեղամասային կենտրոններում տեղադրվում են աշխատանքային սեղաններ: Ընտրողների գրանցման և ընտրողներին քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամների աշխատատեղերից յուրաքանչյուրի միջև նախատեսվում է առնվազն մեկ աշխատատեղ վստահված անձի համար: Եթե ընտրողների գրանցում իրականացնող և ընտրողներին քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող երկու անդամներն էլ նշանակված են խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից, ապա վստահված անձի համար նախատեսված աշխատատեղը զբաղեցնելու նախապատվության իրավունք ունի խորհրդարանական մեծամասնություն ներկայացնող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ նրա առաջադրած թեկնածուի վստահված անձը, ընդ որում առավել մեծ խմբակցություն ունեցող կուսակցության վստահված անձն ունի առաջնություն: Հակառակ դեպքում այդ տեղը զբաղեցնելու նախապատվության իրավունք ունի խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ նրա առաջադրած թեկնածուի վստահված անձը, ընդ որում առավել մեծ խմբակցություն ունեցող կուսակցության վստահված անձն ունի առաջնություն, եթե այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նշանակած հանձնաժողովի անդամը գործառույթ չի իրականացնում:

5. Քվեատուփը, հանձնաժողովի անդամների աշխատասեղանները տեղադրվում են ընտրական տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:

6. Քվեարկության սենյակում կամ դրա մուտքի մոտ փակցվում են քվեաթերթիկների նմուշները, Հանրապետության Նախագահի թեկնածուների կենսագրություններով ու լուսանկարներով պաստառ, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակները:

7. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկներն ստորագրող հանձնաժողովի երեք անդամի, որոնք պարտավոր են այդ օրը` մինչև ժամը 24.00-ն, ստորագրել կամ սեփական դրոշմով դրոշմել կամ անհատական կնիքով կնքել բոլոր քվեաթերթիկները և ընտրողների ցուցակների բոլոր էջերը (ստորագրությունները, դրոշմը, անհատական կնիքը դրվում են քվեաթերթիկների և ընտրողների ցուցակների յուրաքանչյուր էջի հակառակ կողմում)՝ գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելով և համապատասխանաբար դնելով ստորագրության, դրոշմի, անհատական կնիքի նմուշները: Այդ աշխատանքներն ավարտելուց հետո հանձնաժողովի անդամների անհատական կնիքները պահվում են քվեարկության սենյակում գտնվող հատուկ չհրկիզվող պահարանում:

 

Հոդված 60. Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը

 

1. Քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել համապետական ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով և ժամկետներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է սահմանել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն էլեկտրոնային եղանակով քվեարկողների կամքի ազատ արտահայտման հնարավորությունը և քվեարկության գաղտնիությունը:

2. Էլեկտրոնային եղանակով քվեարկություն կարող է իրականացվել թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:

3. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների վրա:

 

Հոդված 61. Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերում քվեարկության կազմակերպումը

 

1. Ձերբակալված ընտրողները քվեարկությանը մասնակցում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով` շրջիկ արկղի միջոցով: Ձերբակալված ընտրողների քվեարկությունը կազմակերպվում է այն հաշվարկով, որ ավարտվի մինչև ժամը 18.00-ն:

2. Կալանավորված անձանց պահելու վայրում քվեարկությունը սույն օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով նախապատրաստում, կազմակերպում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը: Կալանավորված անձանց պահելու վայրերում քվեարկությունը կազմակերպվում է ժամը 9.00-ից հետո` կախված ընտրելու իրավունք ունեցող անձանց թվից: Կալանավորված անձանց պահելու յուրաքանչյուր վայրի համար քվեարկության սկիզբը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը այն հաշվարկով, որ քվեարկությունն ավարտված լինի ժամը 20.00-ին:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 62. Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունները քվեարկությունից առաջ

 

1. Քվեարկության օրը` ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը տեղամասային կենտրոնում կայացած նիստում վիճակահանությամբ որոշում է.

1) ընտրողների գրանցումն իրականացնող անդամներին` մինչև 1 000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ.

2) քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին` մինչև 1 000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ.

3) քվեարկության ծրարների կնքման և քվեատուփի համար պատասխանատու առնվազն մեկ անդամի.

4) շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող առնվազն մեկ անդամի.

5) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը:

Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանությանը չեն մասնակցում:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների և քվեարկությանը ներկա լինելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է չհրկիզվող պահարանը, հանում է հանձնաժողովի անդամների անհատական կնիքները և հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին հանձնում նախորդ օրվա վիճակահանությամբ իրեն տրամադրված անհատական կնիքը, հանում է դրոշմակնիքը, քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ընտրողների ցուցակները և փաթեթավորված կնիքը, ստուգում է փաթեթավորված կնիքի փաթեթի անձեռնմխելիությունը, բացում է փաթեթավորված կնիքը, գրանցամատյանում կնիք դնելով՝ հայտարարում է կնիքի համարը: Ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում և կնքում է քվեատուփը, ընտրողների ցուցակները հանձնում է ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամներին, քվեաթերթիկները և քվեարկության ծրարները հարյուրական փաթեթով` քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին, կնիքը և դրոշմակնիքը՝ քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամին: Վերոհիշյալ բոլոր գործողությունների մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը համապատասխան գրառում է կատարում գրանցամատյանում:

 

Հոդված 63. Քվեարկության սկիզբը, կարգը

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը` ժամը 8.00-ին, հայտարարում է քվեարկության սկիզբը և թույլատրում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ:

2. Հանձնաժողովի նախագահը կազմակերպում և վերահսկում է քվեարկության կազմակերպումն ու անցկացումը, անհրաժեշտության դեպքում օժանդակում գործառույթ իրականացնող անդամներին, փոխարինում նրանց բացակայության դեպքում: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի քարտուղարը գրառումներ է կատարում գրանցամատյանում, օժանդակում գործառույթ իրականացնող անդամներին, փոխարինում նրանց բացակայության դեպքում:

3. Արգելվում է տեղամասային կենտրոն զենքով, ռազմամթերքով մուտք գործելը:

4. Զինծառայողները, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով, առանց զենքի, ռազմամթերքի: Քվեարկության բնականոն ընթացքի վտանգման դեպքերում տեղամասային կենտրոն զենքով մուտք գործել կարող են միայն ոստիկանության ծառայողները` տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ:

5. Տեղամասային կենտրոնում, ընտրական հանձնաժողովի անդամներից և քվեարկողներից բացի, կարող են ներկա լինել վստահված անձինք, դիտորդները (տեղական դիտորդների համար` միայն ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու կամ դիտորդական առաքելություն իրականացնելու որակավորման վկայականի առկայության դեպքում), զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու վերադաս ընտրական հանձնաժողովների անդամները: Թեկնածուն քվեարկության ընթացքում տեղամասային կենտրոնում կարող է գտնվել միայն քվեարկությանը մասնակցելու համար:

6. Քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 15-ից ավելի քվեարկող: Քվեարկության բնականոն ընթացքն ապահովելու համար ընտրական հանձնաժողովի նախագահն իրավունք ունի ընտրողներին քվեարկության սենյակ թողնելու հերթով` մեկ-մեկ: Ընտրական հանձնաժողովի կողմից սույն մասի կատարումն ապահովելու անհնարինության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով այն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ:

7. Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է սահմանել լրացուցիչ հնարավորություններ` ապահովելով քվեարկողի կամքի ազատ արտահայտման հնարավորությունը և քվեարկության գաղտնիությունը:

 

Հոդված 64. Ընտրողների գրանցումը

 

1. Ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ. լիազորված քվեարկությունն արգելվում է: Յուրաքանչյուր ընտրող գրանցվում է հանձնաժողովի` գրանցման համար պատասխանատու անդամի մոտ գտնվող ընտրողների ցուցակում:

2. Հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների ցուցակում գտնում է նրա անուն-ազգանունը, դրա դիմացի դատարկ սյունակում լրացնում է անձը հաստատող փաստաթղթի տվյալները, և ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց` ընտրողի ստորագրության համար նախատեսված սյունակում: Ընտրողի գրանցումն իրականացնող անդամը իր անհատական կնիքն է դնում ընտրողի ստորագրության դիմաց` համապատասխան սյունակում: Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա նա իրավունք ունի դիմելու այլ քաղաքացու օգնության` բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների:

3. Անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը (առանց կենսաչափական տվյալների), անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակում: Պարտադիր ժամկետային զինծառայողները ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում իրենց մշտական բնակության վայրերում քվեարկում են զինվորական գրքույկներով` ներկայացնելով նաև ծառայությունից ժամանակավոր արձակված լինելու մասին փաստաթղթի պատճենը:

Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:

(64-րդ հոդվածը փոփ. 20.03.12 ՀՕ-87-Ն)

 

Հոդված 65. Քվեարկությունը

 

1. Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր ընտրող ստանում է քվեարկության մեկ քվեաթերթիկ (քվեաթերթիկներ՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում) և մեկ քվեարկության ծրար (ծրարներ՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում):

2. Գրանցվելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի՝ քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին: Վերջինս անջատում է քվեաթերթիկի (քվեաթերթիկների՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում) ելունդը և քվեաթերթիկի ներքևի հատվածը քվեարկության ծրարի հետ հանձնում է ընտրողին: Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու:

3. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի՝ քվեարկության խցիկում: Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկում:

4. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

5. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել կամ վնասել է, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին` նոր քվեաթերթիկ ստանալու համար: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ընտրողին հատկացվում է նոր քվեաթերթիկ, ընտրողների ցուցակում կատարվում է համապատասխան նշում տվյալ ընտրողի անվան, ազգանվան դիմաց: Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկին ամրացվում է քվեաթերթիկի ցանկացած մեկ ելունդ, և քվեաթերթիկն անհապաղ մարվում է:

6. Հանձնաժողովի՝ քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամը քվեաթերթիկների ելունդները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, ըստ հերթականության, դասավորում և հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին: Վերջինս դրանք առանձին կապերով տեղադրում է չհրկիզվող պահարանում:

7. Տեղամասային կենտրոնում արգելվում է կատարած քվեարկության մասին տեղեկություններ հայտնելը:

Քվեարկելուց հետո ընտրողն անհապաղ պետք է դուրս գա տեղամասային կենտրոնից:

Քվեարկության ընթացքում թեկնածուին արգելվում է գտնվել տեղամասային կենտրոնում կամ տեղամասային կենտրոնին հարող` մինչև 50 մետր շառավղով տարածքում, բացառությամբ քվեարկությանը մասնակցելու դեպքի:

 

Հոդված 66. Քվեաթերթիկը լրացնելու կարգը և քվեարկության ծրարը կնքելը

 

1. Քվեաթերթիկում ընտրողը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանման դիմացի քառանկյունում, ում կողմ է քվեարկում:

2. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում ընտրողը, եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «կողմ եմ» բառերի, եթե դեմ` «դեմ եմ» բառերի դիմաց:

3. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեարկության խցիկում քվեաթերթիկը ծալում է, տեղավորում քվեարկության ծրարի մեջ և մոտենում քվեատուփին: Միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում ընտրողը յուրաքանչյուր քվեաթերթիկ տեղավորում է համապատասխան ծրարում:

4. Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում և քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց և դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո: Եթե ընտրողի անձը հաստատող փաստաթղթում առկա է տվյալ ընտրությանը մասնակցելու մասին դրոշմակնիք, ապա հանձնաժողովի անդամը հանձնաժողովի նախագահի միջոցով տեղեկացնում է հերթապահող ոստիկաններին հանցագործության փորձի մասին, հանում է քվեաթերթիկը քվեարկության ծրարից, ծրարը վերադարձնում քվեաթերթիկ և քվեարկության ծրար հատկացնող հանձնաժողովի անդամին, իսկ քվեաթերթիկին ամրացնելով քվեաթերթիկի ցանկացած մեկ ելունդ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անհապաղ մարում է: Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամն իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի այլ անդամի կամ վստահված անձի պահանջով կարող է ստուգել (հանձնաժողովի այլ անդամին կամ վստահված անձին ներկայացնել) ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը:

Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը կնքում է քվեարկության ծրարը, բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու համար: Քվեարկության ծրարը կնքվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով: Այս կնիքը քվեարկության ողջ ընթացքում պետք է գտնվի քվեատուփի մոտ` բոլորի համար տեսանելի տեղում:

5. Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում:

6. Եթե հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականը արձանագրվի գրանցամատյանում։

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՂՅՈՒՍԱԿԱՎՈՐԵԼՈՒ, ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 67. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 20.00-ին հայտարարում է քվեարկության ավարտի մասին և արգելում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ: Հանձնաժողովը քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, որից հետո հանձնաժողովի նախագահը փակում է քվեատուփի ճեղքը:

 2. Տեղամասային ընտրական հանձնաժողովն ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ (այս նիստին կարող է մասնակցել նաև թեկնածուն) սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով՝

1) փաթեթավորում և կնքում է հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, դրանք տեղավորում ընտրական փաստաթղթերի պարկում.

2) հաշվարկում է չօգտագործված, ընտրողների կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ տրված քվեաթերթիկների ընդհանուր թիվը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մարում է չօգտագործված քվեաթերթիկները, փաթեթավորում, կնքում է փաթեթը և տեղադրում պարկում.

3) փաթեթավորում է օգտագործված քվեաթերթիկների ելունդները, կնքում փաթեթը և տեղադրում պարկում.

4) հաշվարկում է ընտրողների յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակի (այդ թվում` քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակի) ընտրողների թիվը` առանձին-առանձին, լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերի գումարին ավելացնելով ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը` ստանում է ընտրական տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը.

5) ընտրողների ցուցակներում (այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում) ընտրողների ստորագրությունների հիման վրա հաշվարկում է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկներ ստացած ընտրողների) թիվը, փաթեթավորում է ցուցակները, կնքում փաթեթը և տեղադրում պարկում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողությունների արդյունքները հրապարակվում են և արձանագրվում գրանցամատյանում: Հանձնաժողովի նախագահը գրանցամատյանում արձանագրված` ընտրական տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը կապի հնարավոր միջոցներով անհապաղ հայտնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին: Վստահված անձի պահանջով նրան տրվում է գրանցամատյանից քաղվածք ընտրությունների մասնակիցների թվի վերաբերյալ` վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

Տեղամասային ընտրական հանձնաժողովը հավաքում է չօգտագործված քվեարկության ծրարները և փաթեթավորում` պարկի հետ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար: Չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը պարկի մեջ չի դրվում:

4. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում քվեարկության մեկ ծրար, բարձրաձայն հայտարարում ծրարի սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին, ապա ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար: Պահանջի դեպքում քվեարկության ծրարը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի արտահայտած կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության արդյունքով (քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, և եթե հանձնաժողովի անդամի առաջարկությունը քվեարկությամբ չի ընդունվում, ապա ընդունված է համարվում հանձնաժողովի նախագահի առաջարկությունը), իսկ առարկություն չլինելու դեպքում հանձնաժողովի նախագահը, իր հայտարարության համաձայն, սահմանված նմուշի քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը, հայտարարում քվեաթերթիկի վավեր, անվավեր կամ չսահմանված նմուշի լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում նաև, թե ինչպես է քվեարկված, ապա ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի արտահայտած կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության արդյունքով (քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, և եթե հանձնաժողովի անդամի առաջարկությունը քվեարկությամբ չի ընդունվում, ապա ընդունված է համարվում հանձնաժողովի նախագահի առաջարկությունը), իսկ առարկություն չլինելու դեպքում հանձնաժողովի նախագահը, իր հայտարարության համաձայն, ըստ քվեաթերթիկում կատարված քվեարկության նշումի, քվեաթերթիկը դնում է համապատասխան թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ, իսկ ծրարը` սահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ ծրարը:

Այդ գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր ծրարների համար: Ծրարների, քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:

5. Քվեարկության ծրարի մեջ միևնույն քվեարկության մեկից ավելի քվեաթերթիկներ կամ չսահմանված նմուշի քվեաթերթիկ (քվեաթերթիկներ) գտնվելու դեպքում քվեաթերթիկը (քվեաթերթիկները) հետ է դրվում ծրարի մեջ, իսկ ծրարը` չսահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթի մեջ:

Չսահմանված նմուշի քվեարկության ծրարների դեպքում քվեաթերթիկները ծրարից չեն հանվում, իսկ ծրարը դրվում է չսահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթի մեջ:

Չսահմանված նմուշի քվեարկության ծրարները դրանցում գտնվող քվեաթերթիկների հետ անհապաղ մարվում են և փաթեթավորվում: Այս փաթեթը, առանց պարկի մեջ տեղադրելու, ներկայացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

6. Քվեատուփում առկա բոլոր քվեարկության ծրարները և քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ մեկ առ մեկ հաշվարկում է սահմանված նմուշի քվեարկության ծրարների, անվավեր ճանաչված քվեաթերթիկների, ինչպես նաև յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում՝ թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը: Հաշվարկված թվերը հրապարակվում են և արձանագրվում գրանցամատյանում:

7. Արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեարկության ծրարները և չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում և չեն հաշվարկվում։

8. Հաշվարկված և տեսակավորված քվեարկության ծրարներն ու քվեաթերթիկները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով փաթեթավորվում են, իսկ փաթեթները կնքվում և տեղադրվում են պարկում:

Փաթեթների վրա պետք է առկա լինի հանձնաժողովի նախագահի ստորագրությունը: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու փաթեթների վրա կամ սեփական դրոշմով դրոշմելու փաթեթները: Գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անուն-ազգանունները, դրվում ստորագրության կամ դրոշմի նմուշները:

9. Վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը:

10. Միաժամանակ մի քանի ընտրություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է համապետական ընտրության քվեարկության արդյունքները, ընդ որում, Հանրապետության Նախագահի ընտրություններն այլ ընտրությունների հետ անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է Հանրապետության Նախագահի ընտրության քվեարկության արդյունքները, Ազգային ժողովի ընտրությունների դեպքում` համամասնական ընտրակարգով ընտրությունների, իսկ տեղական ինքնակառավարման ընտրությունների դեպքում` համայնքի ավագանու ընտրության քվեարկության արդյունքները:

 

Հոդված 68. Քվեաթերթիկների վավերականությունը

 

1. Սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե`

1) մեկից ավելի թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին նշումներ է ներառում.

2) մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում միաժամանակ «կողմ եմ» և «դեմ եմ» բառերի դիմաց նշումներ է ներառում.

3) որևէ նշում չի ներառում.

4) բացի քվեարկության համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից ներառում է այլ` ընտրողի ինքնությունը բացահայտող նշում.

5) ընտրական հանձնաժողովի անդամի կողմից ստորագրված կամ սեփական դրոշմով դրոշմված կամ անհատական կնիքով կնքված չէ.

6) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը: Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե ընտրողի մտադրությունը հստակ է և աներկբա:

2. Քվեաթերթիկը վավեր է, եթե այն անվավեր չէ:

 

Հոդված 69. Չսահմանված նմուշի քվեաթերթիկները

 

1. Չսահմանված նմուշի է սահմանված նմուշից տարբերվող քվեաթերթիկը, ինչպես նաև՝

1) քվեարկության չսահմանված նմուշի ծրարում գտնվող քվեաթերթիկը.

2) ծրարում գտնվող քվեաթերթիկները, եթե դրանց թիվը մեկից ավելի է.

3) քվեատուփում գտնվող՝ առանց քվեարկության ծրարի քվեաթերթիկները:

 

Հոդված 70. Քվեարկության չսահմանված նմուշի ծրարները

 

1. Քվեարկության չսահմանված նմուշի ծրար է սահմանված նմուշից ակնհայտ տարբերվող կամ չկնքված կամ այլ կնիքով կնքված քվեարկության ծրարը, ինչպես նաև՝

1) քվեաթերթիկ չպարունակող քվեարկության ծրարը.

2) մեկից ավելի քվեաթերթիկ պարունակող քվեարկության ծրարը.

3) չսահմանված նմուշի քվեաթերթիկ պարունակող քվեարկության ծրարը.

4) ընտրողի ինքնությունը բացահայտող նշումներ ներառող քվեարկության ծրարը:

 

Հոդված 71. Տեղամասային ընտրական հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքների արձանագրությունը

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով սույն օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված հաշվարկները, կազմում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, դրանում նշելով`

1) յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակի (այդ թվում` քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակի) ընտրողների թիվը` առանձին-առանձին.

2) ընտրական տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը, որը հավասար է լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերի և հիմնական ցուցակում ընդգրկված ընտրողների թվի գումարին.

3) քվեարկության մասնակիցների թիվը (լրացվում է գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների ստորագրությունների թիվը).

4) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը և ելունդների համարները (լրացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը).

5) մարված քվեաթերթիկների (չօգտագործված և ընտրողների կողմից ոչ ճիշտ լրացված կամ վնասված և հետ տված քվեաթերթիկներ) ընդհանուր թիվը.

6) անվավեր քվեաթերթիկների թիվը.

7) յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

8) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).

9) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը:

2. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:

3. Հանձնաժողովի անդամը պարտավոր է ստորագրել արձանագրությունը: Եթե նա արձանագրության տվյալների վերաբերյալ ունի առարկություն (հատուկ կարծիք), ապա այդ մասին գրառում է կատարում արձանագրությունում` դրա համար նախատեսված հատուկ տեղում:

4. Քվեարկության ավարտից հետո՝ մինչև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:

5. Նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 10 ժամ հետո հանձնաժողովն ավարտում է արձանագրության կազմումը, իսկ հանձնաժողովի նախագահը հրապարակում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը:

6. Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից. մեկ օրինակը փակցվում է տեղամասային կենտրոնում` ընտրողների ցուցակների կողքին, մեկ օրինակը տեղադրվում է ընտրական փաստաթղթերի պարկում:

 7. Պարկի վրա պետք է առկա լինի հանձնաժողովի նախագահի ստորագրությունը: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու պարկի վրա կամ սեփական դրոշմով դրոշմելու պարկը: Գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անուն-ազգանունները, դրվում ստորագրության կամ դրոշմի նմուշները:

Ընտրական փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում պետք է փակվի: Տեղամասային ընտրական հանձնաժողովում այդ պարկը սահմանված կարգով փակելու համար պատասխանատու է հանձնաժողովի նախագահը:

8. Հանձնաժողովում ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածք՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով:

9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը պարկը, չսահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթը, չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը, քվեարկության արդյունքների արձանագրության երկու օրինակը, գրանցամատյանը և հանձնաժողովի կնիքը, դրոշմակնիքը քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, ներկայացնում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

 

Հոդված 72. Անճշտությունները որոշելու կարգը

 

1. Ընտրական տեղամասում անճշտությունների չափը հաշվարկելու համար՝

1) համադրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը մարված քվեաթերթիկների թվի, քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվի գումարի հետ: Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը փոքր է մարված քվեաթերթիկների թվի, քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվի գումարից, ապա տարբերությունը՝ թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես առաջին անճշտության չափ: Հակառակ դեպքում առաջին անճշտության չափը նշվում է 0.

2) համադրվում է ընտրողների ցուցակում ստորագրությունների թիվը քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի հետ: Եթե քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը մեծ է ընտրողների ցուցակում ստորագրությունների թվից, ապա տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես երկրորդ անճշտության չափ: Հակառակ դեպքում երկրորդ անճշտության չափը նշվում է 0.

3) համադրվում է քվեատուփում առկա սահմանված նմուշի ծրարների թիվը քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի հետ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես երրորդ անճշտության չափ.

4) սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված թվերից առավելագույն թվի և 3-րդ կետում նշված թվի գումարը համարվում է ընտրական տեղամասում անճշտությունների գումարային չափ:

2. Ընտրական տեղամասում անճշտությունների չափը հաշվարկում և արձանագրում է ընտրության արդյունքներն ամփոփող ընտրական հանձնաժողովը` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով:

3. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվն արձանագրվում է որպես տեղամասում անճշտությունների գումարային չափ:

4. Քվեարկության արդյունքների արձանագրությունը կազմելիս մնացած տեղամասերի քվեարկության արդյունքներին համապատասխանաբար գումարվում են քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչված տեղամասի ընտրողների թիվը` նաև ըստ լրացուցիչ ցուցակների, քվեարկության մասնակիցների թիվը, հատկացված քվեաթերթիկների թիվը և ելունդների համարները, իսկ որպես մարված քվեաթերթիկների թիվ արձանագրվում է այդ տեղամասին հատկացված քվեաթերթիկների թիվը: Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչված ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները (թվերը), բացառությամբ անճշտությունների չափի, արձանագրվում են 0:

 

Հոդված 73. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները ստանալուց հետո

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում։ Ելակետային են տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից հատ-հատ հաշվելու միջոցով ստացված տվյալները:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մուտքագրում է համակարգիչ` հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Համակարգչային ծրագիրը ներառում է տվյալների սխալ մուտքագրումից պաշտպանող ողջամիտ երաշխիքներ: Հանձնաժողովը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, համակարգչի օգնությամբ կատարում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորում՝ ըստ ընտրական տեղամասերի: Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը աղյուսակավորում է քվեարկության արդյունքները` ըստ ընտրական տեղամասերի:

3. Ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակ՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

Համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեկ օրինակը քվեարկության ավարտից 24 ժամ հետո ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

4. Համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրատարածքում քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում ուսումնասիրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումները, ուսումնասիրության արդյունքներն ամփոփում է հանձնաժողովի նիստում և այդ մասին ընդունած որոշումը ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 

Հոդված 74. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներն ամփոփելու կարգը

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, սույն հոդվածի պահանջներին համապատասխան` ամփոփում է ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն ընտրատարածքում քվեարկության արդյունքների վերաբերյալ:

3. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների արձանագրությունում նշվում են`

1) ընտրատարածքի ընտրական տեղամասերի յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակների (այդ թվում` քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակների), ընտրողների ընդհանուր թվերը` առանձին-առանձին.

2) ընտրատարածքի ընտրողների ընդհանուր թիվը (հավասար է ընտրատարածքի` ընտրության համար կազմավորված բոլոր ընտրական տեղամասերի ընտրողների ընդհանուր թվերի գումարին).

3) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը (լրացվում է գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների ստորագրությունների թիվը).

4) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը և ելունդների համարները.

5) տեղամասային ընտրական հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

6) անվավեր քվեաթերթիկների թիվը.

7) յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

8) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).

9) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը.

10) անճշտությունների գումարային չափը:

Ընտրատարածքում (համայնքում) անճշտությունների գումարային չափը հավասար է ընտրատարածքում (համայնքում) ընդգրկված ընտրական տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին:

4. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:

5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հրապարակում է կազմված արձանագրությունը:

6. Արձանագրության մեկ օրինակը փակցվում է հանձնաժողովում՝ տեսանելի տեղում՝ սույն հոդվածով նախատեսված գործողություններն ավարտվելուց անմիջապես հետո։

7. Ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը, հիմք ընդունելով ընտրատարածքում քվեարկության արդյունքների արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկությանն օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընդունած որոշումը, ամփոփում է ընտրատարածքում քվեարկության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

9. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն արձանագրության և որոշման օրինակները երկօրյա ժամկետում ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 

Հոդված 75. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հանրապետության Նախագահի և համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված՝ ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է համապետական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում դրանք ու հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում այդ արդյունքները:

 2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ:

3. Քվեարկության արդյունքների մասին արձանագրությունում նշվում են`

1) ընտրական տեղամասերի յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակների (այդ թվում` քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակների) ընտրողների ընդհանուր թվերը` առանձին-առանձին.

2) ընտրողների ընդհանուր թիվը (հավասար է ընտրության համար կազմավորված բոլոր ընտրական տեղամասերի ընտրողների ընդհանուր թվերի գումարին).

3) քվեարկության մասնակիցների թիվը.

4) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը և ելունդների համարները.

5) տեղամասային ընտրական հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

6) անվավեր քվեաթերթիկների թիվը.

7) յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

8) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).

9) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը.

10) անճշտությունների գումարային չափը:

Համապետական ընտրությունների դեպքում անճշտությունների գումարային չափը հավասար է կազմավորված բոլոր ընտրական տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին:

4. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:

5. Ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

 

Ե Ր Կ Ր Ո Ր Դ  Մ Ա Ս

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 76.

Ընտրական համակարգը

1. Հանրապետության Նախագահի ընտրության ժամանակ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը մեկ մեծամասնական ընտրատարածք է:

2. Հանրապետության Նախագահն ընտրվում է բացարձակ մեծամասնական ընտրակարգով, իսկ երկրորդ փուլում` հարաբերական մեծամասնական ընտրակարգով:

 

Հոդված 77.

Հանրապետության Նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները

1. Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, այլ պետության քաղաքացի չհանդիսացող, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 78.

Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը

1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և քաղաքացիները` ինքնաառաջադրման միջոցով:

 

Հոդված 79.

Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը

1. Կուսակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրում է իր համագումարի կամ մշտապես գործող մարմնի որոշմամբ: Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրելու Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու:

2. Ինքնաառաջադրման դեպքում քաղաքացին ներկայացնում է դիմում ինքնաառաջադրման մասին` վավերացված նոտարական կարգով:

3. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության համագումարի կամ մշտապես գործող մարմնի որոշումը, քաղաքացու ինքնաառաջադրման մասին դիմումը ներառում են թեկնածուի`

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան ամսաթիվը.

3) բնակության վայրը.

4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

5) կուսակցական պատկանելությունը:

4. Կուսակցության համագումարի կամ մշտապես գործող մարմնի որոշմանը, քաղաքացու ինքնաառաջադրման մասին դիմումին կից ներկայացվում են`

1) թեկնածուի լիազոր ներկայացուցչի տվյալները (նշվում են ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)).

2) ընտրական գրավի վճարման անդորրագիրը.

3) տեղեկանք թեկնածուի` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

4) թեկնածուի գրավոր հայտարարությունը` Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին (միայն կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում).

5) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

6) կուսակցության կանոնադրությունը (միայն կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում):

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված տեղեկանքի ձևը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքը տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչև Հանրապետության Նախագահի ընտրության օրվա մասին հաղորդագրության հրապարակումը:

Լիազորված պետական մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները:

6. Նշված փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում միայն թեկնածուի կամ լիազոր ներկայացուցչի միջոցով` սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:

7. Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համար ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ, ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:

Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին:

Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում թեկնածուի գրանցումը մերժվում է:

 

Հոդված 80.

Հանրապետության Նախագահի թեկնածուի ընտրական գրավը

1. Հանրապետության Նախագահի թեկնածուները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի (այսուհետ` նվազագույն աշխատավարձ) 8 000-ապատիկի չափով:

 

Հոդված 81.

Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը

1. Հանրապետության Նախագահի թեկնածուն կարող է գրանցվել միայն մեկ կուսակցության առաջադրմամբ:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուն գրանցվում է առանց քվեարկության, եթե նրա գրանցման վերաբերյալ հանձնաժողովի անդամներն առարկություն չեն ներկայացրել:

3. Մինչև Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեն թեկնածուն և նրա լիազոր ներկայացուցիչը:

4. Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման մասին հաղորդագրությունը հրապարակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` եռօրյա ժամկետում:

 

Հոդված 82.

Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը մերժելը

1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է, եթե`

1) չունի ընտրվելու իրավունք.

2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

 

Հոդված 83.

Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, ըստ որոնց` թեկնածուն չունի ընտրվելու իրավունք, կամ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

 

Հոդված 84.

Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճռով թեկնածուն համարվում է գրանցված կամ վերագրանցված:

 

Հոդված 85.

Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը ուժը կորցրած է ճանաչվում`

1) կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, եթե նա ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) դատարանի վճռի հիման վրա, եթե նա խախտել է սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասի կամ սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները:

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված 86.

Հանրապետության Նախագահի թեկնածուների իրավահավասարությունը

1. Հանրապետության Նախագահի թեկնածուներն ունեն Հանրապետության Նախագահի թեկնածուի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ և պարտականություններ:

 

Հոդված 87.

Հանրապետության Նախագահի թեկնածուների իրավունքները և պարտականությունները

1. Հանրապետության Նախագահի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները Հանրապետության Նախագահի թեկնածուի վրա տարածվում են մինչև Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուները, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնողների, որպես թեկնածու գրանցվելուց հետո` մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց: Հանրապետության Նախագահի թեկնածուներն իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքը նախընտրական քարոզչության ժամանակ առավելություն ստանալու համար:

3. Հանրապետության Նախագահի թեկնածուն ազատվում է զորահավաքներից և ուսումնավարժական հավաքներից:

4. Արգելվում է Հանրապետության Նախագահի թեկնածուին գործատուի նախաձեռնությամբ ազատել աշխատանքից, տեղափոխել այլ աշխատանքի կամ գործուղել:

5. Հանրապետության Նախագահի թեկնածուն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունի հանելու իր թեկնածությունը:

Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է հանձնաժողովի նիստում:

Ինքնաբացարկի դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուի գրանցումը ճանաչում է ուժը կորցրած, իսկ թեկնածուն պարտավոր է հատուցել իր նախընտրական քարոզչության համար պետության կատարած ֆինանսական ծախսերը:

6. Հանրապետության Նախագահի թեկնածուն, ընտրված Նախագահը մինչև Հանրապետության Նախագահի պաշտոնն ստանձնելը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալությունը կալանքով փոխելու և կալանավորված թեկնածուի կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  17

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 88.

Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական հիմնադրամը

1. Հանրապետության Նախագահի թեկնածուն նախընտրական քարոզչություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացում է նախընտրական հիմնադրամ, որը համալրվում է սույն օրենսգրքի 25-րդ հոդվածում նշված կամավոր մուծումներից:

2. Թեկնածուի` նախընտրական հիմնադրամ կատարած անձնական մուծումների չափը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 5 000-ապատիկը:

3. Թեկնածուին առաջադրած կուսակցության` նախընտրական հիմնադրամ կատարած մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 25 000-ապատիկը:

4. Նախընտրական հիմնադրամից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար թեկնածուների կատարած ծախսերի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը:

5. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է թեկնածուի նախընտրական հիմնադրամ կատարել նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով կամավոր մուծում:

 

Հոդված 89.

Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական քարոզչությունը

1. Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից Հանրապետության Նախագահի թեկնածուների անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից ոչ ավելի, քան 120 րոպե:

3. Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի իր նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե:

4. Հանրապետության Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի, ինչպես նաև արտահերթ ընտրությունների ժամանակ Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի հանրային հեռուստատեսության եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 15 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 25 րոպե, իսկ թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 25 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 35 րոպե:

 

Գ Լ ՈՒ Խ  18

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

Հոդված 90.

Քվեաթերթիկները

1. Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները` այբբենական հերթականությամբ, անունները, հայրանունները և առաջադրող կուսակցությունների անվանումները, իսկ ինքնաառաջադրման դեպքում` ինքնաառաջադրում բառը:

 

Հոդված 91.

Ընտրությունների արդյունքների ամփոփումը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին.

2) ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին.

3) ընտրությունն անվավեր ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին.

4) ընտրությունը չկայացած ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին:

2. Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքով ընդունված որոշման վիճարկման մասին դիմում սահմանադրական դատարան կարող է ներկայացվել ընտրությունների արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը, մինչև ժամը 18.00-ն:

 

Հոդված 92.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում այն թեկնածուի` Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:

2. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

3. Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

 

Հոդված 93.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին

1. Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո` 14-րդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ: Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

 

Հոդված 94.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին

1. Հանրապետության Նախագահի ընտրությունը ցանկացած փուլում անվավեր է ճանաչվում, եթե ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

 

Հոդված 95.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին

1. Հանրապետության Նախագահի ընտրությունը չկայացած է ճանաչվում, եթե`

1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.

2) ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուն մահացել է մինչև ընտրության արդյունքներն ամփոփելը:

 

Գ Լ ՈՒ Խ  19

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

 

Հոդված 96.

Հանրապետության Նախագահի ընտրություն անցկացնելու ժամկետը

1. Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ:

2. Հանրապետության Նախագահի ընտրության օրվա մասին հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

3. Հանրապետության Նախագահի ընտրության ժամանակ քվեարկության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 97.

Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցելու ժամկետները

1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

2. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ:

 

Հոդված 98.

Հանրապետության Նախագահի նոր ընտրությունը

1. Եթե սույն օրենսգրքի 94-րդ և 95-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ինչպես նաև ընտրությունից հետո` մինչև լիազորությունների ստանձնումը, ընտրված Նախագահի հրաժարականի կամ մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո` 40-րդ օրը:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո` 40-րդ օրը:

3. Մինչև քվեարկության ավարտը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` 40-րդ օրը:

4. Հանրապետության Նախագահի նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

 

Հոդված 99.

Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրությունը

1. Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 57-րդ հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում նշանակվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո` 40-րդ օրը:

2. Ռազմական և արտակարգ դրության ժամանակ Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը: Այս դեպքում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` 40-րդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրություն` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

 

Հոդված 100.

Հանրապետության Նախագահի նոր և արտահերթ ընտրության օրը հայտարարելը

1. Հանրապետության Նախագահի նոր և արտահերթ ընտրության մասին հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 39 օր առաջ:

 

Հոդված 101.

Հանրապետության Նախագահի թեկնածուներ առաջադրելը և գրանցելը, ընտրական տեղամասեր կազմավորելը, տեղամասային կենտրոններ սահմանելը և ընտրողների ցուցակները հրապարակելը Հանրապետության Նախագահի նոր և արտահերթ ընտրությունների ժամանակ

1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

2. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 20 օր առաջ:

3. Ընտրական տեղամասերը կազմավորվում, և տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ: Լիազոր մարմինը ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, որը դրանք փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:

 

Բ Ա Ժ Ի Ն  5

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  20

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 102.

Ազգային ժողովի կազմը

1. Ազգային ժողովի պատգամավորների թիվը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ:

 

Հոդված 103.

Ընտրական համակարգը

1. Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական և մեծամասնական ընտրակարգերով: 90 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից, 41 պատգամավոր ընտրվում է մեծամասնական ընտրակարգով` յուրաքանչյուր ընտրատարածքից մեկ պատգամավոր:

 

Հոդված 104.

Ընտրելու իրավունքը

1. Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք` համամասնական ընտրակարգով ընտրության, և մեկ ձայնի իրավունք` մեծամասնական ընտրակարգով ընտրության ժամանակ, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:

 

Հոդված 105.

Ընտրվելու իրավունքը

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, այլ պետության քաղաքացի չհանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

 

Գ Լ ՈՒ Խ  21

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 106.

Պատգամավորի թեկնածու առաջադրելու իրավունքը

1. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:

Պատգամավորի թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ կուսակցության ընտրական ցուցակով և միայն մեկ մեծամասնական ընտրատարածքում:

2. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության նախընտրական դաշինք կազմավորելու դեպքում:

3. Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն ընտրությունների ընթացքում չեն կարող ընդգրկվել այլ կուսակցությունների դաշինքում:

4. Կուսակցությունների դաշինքում ընդգրկվելու որոշումն ընդունվում է կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ:

5. Կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները կազմվում են դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած առանձին ցուցակից: Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում պատգամավորի թեկնածուների հերթականությունը որոշվում է դաշինքում ընդգրկված կուսակցությունների համատեղ խորհրդակցությունների ընթացքում և հաստատվում դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի մշտապես գործող մարմնի որոշմամբ:

6. Կուսակցությունների դաշինքից որևէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից հանվում են այդ կուսակցության ներկայացրած պատգամավորի թեկնածուների անունները:

 

Հոդված 107.

Առաջադրման սահմանափակումները

1. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները:

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել և պատգամավորի թեկնածու չեն կարող գրանցվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար այն անձինք, որոնց նկատմամբ չեն տարածվում սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները, Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու գրանցվելուց հետո մինչև նախընտրական քարոզչության ավարտը ժամանակավորապես ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց:

 

Հոդված 108.

Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ առաջադրելը

1. Կուսակցություններն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու մասին դիմումը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` իրենց մշտապես գործող մարմնի որոշման հիման վրա, իսկ դիմումը ստորագրում է կուսակցության ղեկավարը: Կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու դիմումը ներկայացնում են դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, իսկ դիմումը ստորագրում են դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները:

2. Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք իրավունք ունի առաջադրելու թեկնածուների միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից առանձին ընտրական ցուցակ առաջադրելու: Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորների մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը: Կուսակցության ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք:

3. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության, կուսակցությունների դաշինքի դիմումին կցվում են`

1) կուսակցության կանոնադրությունը (կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունները).

2) կուսակցության մշտապես գործող մարմնի որոշումը (կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների որոշումները) Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրելու վերաբերյալ, ընտրական ցուցակը, որում համարակալմամբ նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, կուսակցական պատկանելությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

3) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների գրավոր հայտարարությունը պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների առանձին ընտրական ցուցակները.

5) նվազագույն աշխատավարձի 8 000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.

6) տեղեկանք՝ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

7) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված տեղեկանքի ձևը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքը տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչև ընտրությունների նշանակումը:

Լիազորված պետական մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի պահանջները:

5. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության, կուսակցությունների դաշինքի դիմումում նշվում են նաև մինչև երկու լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)):

6. Գրանցման փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են միայն կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի միջոցով` սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:

Գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտից հետո կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը ընտրական ցուցակում փոփոխություններ չեն կարող կատարել:

7. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու համար ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:

Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին:

Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է, իսկ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի դեպքում նրա անունը հանվում է կուսակցության ընտրական ցուցակից:

(108-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-52-Ն)

 

Հոդված 109.

Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում ընտրական ցուցակը գրանցվում է առանց քվեարկության:

2. Գրանցման համար սահմանված ժամկետը ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները:

3. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա լինելու լիազոր ներկայացուցիչը:

 

Հոդված 110.

Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված.

2) ընտրական ցուցակը չի համապատասխանում սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին.

3) կուսակցությունը լուծարվել է.

4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից.

5) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է:

2. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը, եթե`

1) նա չունի ընտրվելու իրավունք.

2) նրա վերաբերյալ ներկայացրած փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

4. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցման վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

 

Հոդված 111.

Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու հետևանքով ընտրական ցուցակի թեկնածուների թիվը նվազում է 25-ից.

2) կուսակցության վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

2. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) նա չունի ընտրվելու իրավունք.

2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Նման դեպքում թեկնածուն հանվում է ցուցակից:

3. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

 

Հոդված 112.

Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

 

1. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

2. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճռով կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը կամ դրանում ընդգրկված թեկնածուն համարվում է գրանցված կամ վերագրանցված:

 

Հոդված 113.

Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

 

1. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

1) ներկայացվել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) կուսակցությունը լուծարվել է.

3) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է.

4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից:

2. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը դատարանի վճռի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում, եթե խախտվել են սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասի կամ սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները:

3. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին:

4. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը դատարանի վճռի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա խախտել է սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասի կամ սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները:

 

Հոդված 114.

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ առաջադրելը

 

1. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և քաղաքացիները` ինքնաառաջադրման միջոցով:

2. Կուսակցությունը Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի առաջադրումն իրականացնում է իր մշտապես գործող մարմնի որոշմամբ: Կուսակցությունը յուրաքանչյուր ընտրատարածքում իրավունք ունի առաջադրելու պատգամավորի մեկ թեկնածու: Կուսակցությունը կարող է պատգամավորի թեկնածու առաջադրել նաև իր կուսակցության անդամ չհանդիսացող անձի:

3. Ինքնաառաջադրման դեպքում քաղաքացին ներկայացնում է դիմում ինքնաառաջադրման մասին` վավերացված նոտարական կարգով:

 

Հոդված 115.

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցումը

 

1. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության որոշումը, քաղաքացու ինքնաառաջադրման մասին դիմումը ներառում են ընտրատարածքի համարը և թեկնածուի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան ամսաթիվը.

3) հաշվառման վայրը.

4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

5) կուսակցական պատկանելությունը, ինչպես նաև թեկնածուի մինչև երկու լիազոր ներկայացուցչի վերաբերյալ տվյալներ (նրանց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)):

2. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության որոշմանը, քաղաքացու ինքնաառաջադրման մասին դիմումին կից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում նաև`

1) թեկնածուի գրավոր հայտարարությունը` տվյալ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին (միայն կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում).

2) նվազագույն աշխատավարձի 1 000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.

3) տեղեկանք թեկնածուի` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

4) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված տեղեկանքի ձևը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքը տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչև ընտրությունների նշանակումը:

Լիազորված պետական մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի պահանջները:

4. Սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում է միայն թեկնածուի կամ նրա լիազոր ներկայացուցչի միջոցով` սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:

5. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու գրանցվելու համար ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:

Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին:

Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում թեկնածուի գրանցումը մերժվում է:

6. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուները գրանցվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում թեկնածուն գրանցվում է առանց քվեարկության:

7. Թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունեն ներկա լինելու առաջադրված թեկնածուն և լիազոր ներկայացուցիչը:

 

Հոդված 116.

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժելը

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժում է, եթե`

1) չունի ընտրվելու իրավունք.

2) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

2. Թեկնածուի գրանցման վերաբերյալ հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

 

Հոդված 117.

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատգամավորի թեկնածուի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) չունի ընտրվելու իրավունք.

2) ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

2. Թեկնածուի գրանցումը ճանաչվում է անվավեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

 

Հոդված 118.

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

 

1. Պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

2. Պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճռով նա համարվում է գրանցված կամ վերագրանցված:

 

Հոդված 119.

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

 

1. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում`

1) կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, եթե նա ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) դատարանի վճռի հիման վրա, եթե նա խախտել է սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասի կամ սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները:

 

Գ Լ ՈՒ Խ  22

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված 120.

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուների իրավահավասարությունը

 

1. Պատգամավորի թեկնածուներն ունեն պատգամավորի թեկնածուի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ և պարտականություններ:

 

Հոդված 121.

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

 

1. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև պատգամավոր ընտրվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:

Համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված, բայց պատգամավոր չընտրված անձը թեկնածուի կարգավիճակ է ձեռք բերում համամասնական ընտրակարգով համապատասխան մանդատը թափուր մնալուց հետո:

2. Պատգամավորի թեկնածուներն ազատվում են զորահավաքներից, ժամկետային զինվորական ծառայությունից և ուսումնավարժական հավաքներից մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը:

3. Պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է հանձնաժողովի նիստում:

Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված քաղաքացու անուն-ազգանունը ցուցակից հանվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

4. Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, իրավունք ունեն դիմում ներկայացնելու ինքնաբացարկի մասին:

5. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն, ընտրված պատգամավորը մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելը կարող է ձերբակալվել, կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական կարգով պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալությունը կալանքով փոխելու և կալանավորված թեկնածուի կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  23

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

 

Հոդված 122.

Պատգամավորի թեկնածուի, կուսակցության նախընտրական հիմնադրամը

 

1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար պատգամավորի թեկնածուն, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը բացում է նախընտրական հիմնադրամ, որը համալրվում է սույն օրենսգրքի 25-րդ հոդվածում նշված կամավոր մուծումներից:

2. Մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու նվազագույն աշխատավարձի մինչև 1 000-ապատիկի, իսկ թեկնածուին առաջադրած կուսակցությունը` մինչև 2 000-ապատիկի չափով, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին` համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի հիմնադրամում` նվազագույն աշխատավարձի մինչև 15 000-ապատիկի չափով գումար:

3. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է պատգամավորի թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամում մուծում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով գումար:

4. Նախընտրական քարոզչության ընթացքում պատգամավորի թեկնածուն զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկը չգերազանցող գումար, իսկ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը` նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը չգերազանցող գումար:

 

Հոդված 123.

Նախընտրական քարոզչությունը

 

1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզչությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն օգտվում են սույն օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված իրավունքներից:

 

Գ Լ ՈՒ Խ  24

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

Հոդված 124.

Քվեաթերթիկները

 

1. Ազգային ժողովի համամասնական և մեծամասնական ընտրակարգերով ընտրություններն անցկացվում են առանձին քվեաթերթիկներով:

2. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկում նշվում են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումները` այբբենական հերթականությամբ, ինչպես նաև ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները:

3. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկում նշվում են պատգամավորի թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները` ազգանվան այբբենական հերթականությամբ, և առաջադրող կուսակցությունների անվանումները, իսկ ինքնաառաջադրման դեպքում` ինքնաառաջադրում բառը:

 

Հոդված 125.

Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ամփոփելը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին.

2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու և Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու և նոր ընտրություն նշանակելու մասին:

2. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն 5 կամ 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել է ընդամենը մեկ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են հաջորդ երկու` համապատասխանաբար առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները): Եթե Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով քվեարկությանը մասնակցում է մինչև 3 կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները):

3. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատները բաշխվում են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:

4. Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում հարցը լուծվում է վիճակահանությամբ:

5. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրվում է այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է այդ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին:

6. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված թեկնածուի մանդատը, եթե նա ընտրվել է նաև Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով, տրվում է այդ կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուին:

7. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների միջև մանդատների բաշխումն իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ` գրանցելով յուրաքանչյուր ընտրական ցուցակից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին:

Եթե կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է մանդատների բաշխմամբ հասանելիք մանդատների թվից, ապա այդ մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած մյուս կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև` ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով:

8. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Եթե ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը բաշխվում է սույն հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված սկզբունքով:

9. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների վերաքվեարկություն:

10. Եթե ընտրությունների նախապատրաստման ընթացքում կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների վերաքվեարկություն:

11. Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը: Այս դեպքում Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:

12. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքով ընդունված որոշման վիճարկման մասին դիմում սահմանադրական դատարան կարող է ներկայացվել ընտրությունների արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը, մինչև ժամը 18.00-ն:

13. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15, և ոչ ուշ, քան 30 օր հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն:

14. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների վերաքվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 70 օր հետո անցկացվում է նոր ընտրություն: Նոր ընտրության դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը նշանակելու մասին որոշում ընդունում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո` 7-րդ օրը:

15. Նոր ընտրությունն անցկացվում է նոր առաջադրմամբ և արտահերթ ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հոդված 126.

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ամփոփելը

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) պատգամավոր ընտրվելու մասին.

2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.

4) պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:

2. Պատգամավոր է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

3. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

4. Եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 2 և ավելի թեկնածուներ, ապա նրանց միջև անցկացվում է վիճակահանություն` ընտրված թեկնածուին որոշելու համար:

5. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է վերաքվեարկություն:

6. Եթե ընտրությունների նախապատրաստման ընթացքում կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է վերաքվեարկություն:

7. Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը: Այս դեպքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:

8. Պատգամավորի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`

1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.

2) առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուն մահացել է մինչև ընտրությունների արդյունքներն ամփոփելը.

3) սույն օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցվել է 2-ից պակաս թեկնածու:

9. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը երկօրյա ժամկետում ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

10. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքով ընդունված որոշման վիճարկման մասին դիմում սահմանադրական դատարան կարող է ներկայացվել ընտրությունների արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը, մինչև ժամը 18.00-ն:

11. Պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10, և ոչ ուշ, քան 20 օր հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով թեկնածուների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն:

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրության ժամանակ վերաքվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո անցկացվում է նոր ընտրություն:

12. Պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո անցկացվում է նոր ընտրություն:

13. Մինչև քվեարկության ավարտը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո: Ընտրությունից հետո` մինչև լիազորությունների ստանձնումը, ընտրված պատգամավորի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո:

14. Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ և արտահերթ ընտրությունների համար սահմանված ժամկետներում:

 

Գ Լ ՈՒ Խ  25

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

 

Հոդված 127.

Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու և պատգամավորի թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները

 

1. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան 30 օր առաջ:

2. Հերթական ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագիր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

3. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցման փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

4. Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև 18.00-ն:

5. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցման փաստաթղթերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

6. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

 

Հոդված 128.

Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ նշանակելը և անցկացնելը

 

1. Պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով մանդատը թափուր մնալու դեպքում այդ ընտրատարածքում անցկացվում են լրացուցիչ ընտրություններ:

2. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ անցկացվում են հերթական ընտրությունների համար սահմանված կարգով և այդ մանդատը թափուր մնալուց հետո` 80-օրյա ժամկետում:

3. Ազգային ժողովի լիազորությունների վերջին մեկ տարվա ընթացքում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ չեն անցկացվում:

 

Հոդված 129.

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը

 

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

2. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ:

3. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

4. Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

5. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

6. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

7. Ընտրական տեղամասերը կազմավորվում, և տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ: Լիազոր մարմինն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, որը այն փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:

 

Բ Ա Ժ Ի Ն  6

 

 ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  26

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 130.

Ընտրական համակարգը

 

1. Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է միամանդատ մեծամասնական ընտրատարածք:

2. Համայնքի ավագանու ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք:

3. Համայնքի ավագանին բաղկացած է`

1) հինգ անդամից` մինչև 1 000 ընտրող ունեցող համայնքում.

2) յոթ անդամից` 1 000-ից մինչև 2 000 ընտրող ունեցող համայնքում.

3) ինն անդամից` 2 000-ից մինչև 4 000 ընտրող ունեցող համայնքում.

4) տասնմեկ անդամից` 4 000-ից մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքում.

5) տասնհինգ անդամից` 10 000-ից մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքում.

6) քսանմեկ անդամից` 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում:

 

Հոդված 131.

Ընտրական իրավունքը

 

1. Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք`

1) համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ.

2) ավագանու անդամի ընտրության ժամանակ:

 

Հոդված 132.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները

 

1. Համայնքի ղեկավար կարող են ընտրվել 25 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսը հաշվառված, սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

2. Համայնքի ավագանու անդամ կարող են ընտրվել 21 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն վերջին վեց ամիսը հաշվառված, սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները, ընտրական հանձնաժողովի անդամները:

 

Գ Լ ՈՒ Խ  27

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ

 

Հոդված 133.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը

 

1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ կարող են առաջադրել կուսակցությունները իրենց համապատասխան տարածքային (սկզբնական, տեղական) ստորաբաժանումների որոշմամբ, ինչպես նաև ընտրվելու իրավունք ունեցող քաղաքացիները` ինքնաառաջադրման կարգով այդ մասին ներկայացնելով դիմում, որի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Կուսակցությունը կարող է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրել նաև իր կուսակցության անդամ չհանդիսացող անձի:

2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության համապատասխան տարածքային (սկզբնական, տեղական) ստորաբաժանման որոշումը, ինքնաառաջադրման դեպքում դիմումը ներառում են համայնքի անվանումը և թեկնածուի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան ամսաթիվը.

3) հաշվառման վայրը.

4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

5) կուսակցական պատկանելությունը, ինչպես նաև կարող են ներառել թեկնածուի մինչև երկու լիազոր ներկայացուցչի վերաբերյալ տվյալներ (նրանց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)):

3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները կուսակցության համապատասխան տարածքային (սկզբնական, տեղական) ստորաբաժանման որոշմանը կամ ինքնաառաջադրման մասին դիմումին կից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում են`

1) ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը:

Մինչև 1 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը` 10-ապատիկի, 1 000-ից մինչև 2 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն` 100-ապատիկի, ավագանու անդամը` 15-ապատիկի, 2 000-ից մինչև 4 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն` 150-ապատիկի, ավագանու անդամը` 20-ապատիկի, 4 000-ից մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն` 300-ապատիկի, ավագանու անդամը` 30-ապատիկի, 10 000-ից մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն` 500-ապատիկի, ավագանու անդամը` 70-ապատիկի, իսկ 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն` 1 000-ապատիկի, ավագանու անդամը` 100-ապատիկի չափով ընտրական գրավ.

2) տեղեկանք` վերջին վեց ամսում տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին.

3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքը տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչև ընտրությունների նշանակումը:

Լիազորված պետական մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 132-րդ հոդվածի համապատասխանաբար 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պահանջները:

5. Գրանցման փաստաթղթերը ներկայացվում է միայն թեկնածուի կամ լիազոր ներկայացուցչի միջոցով` սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:

6. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու գրանցվելու համար ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:

Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին:

Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում թեկնածուի գրանցումը մերժվում է:

 

Հոդված 134.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին գրանցելը

 

1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները գրանցվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում թեկնածուն գրանցվում է:

2. Թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունեն ներկա լինելու թեկնածուն և լիազոր ներկայացուցիչը:

 

Հոդված 135.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելը

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը թեկնածուի գրանցումը մերժում է, եթե`

1) չունի ընտրվելու իրավունք.

2) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցման վերաբերյալ հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

 

Հոդված 136.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) չունի ընտրվելու իրավունք.

2) ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Թեկնածուի գրանցումը ճանաչվում է անվավեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

 

Հոդված 137.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

 

1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճռով թեկնածուն համարվում է գրանցված կամ վերագրանցված:

 

Հոդված 138.

Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

 

1. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում`

1) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ, եթե նա ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) դատարանի վճռի հիման վրա, եթե նա խախտել է սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասի կամ սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները:

 

Գ Լ ՈՒ Խ  28

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված 139.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կարգավիճակը, իրավահավասարությունը

 

1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներն իրենց կարգավիճակը ձեռք են բերում գրանցումից հետո: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների վրա տարածվում են մինչև համայնքի ղեկավար և ավագանու անդամներ ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև վարչական դատարանի որոշում ընդունելը:

Թեկնածուներն ունեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ և պարտականություններ:

2. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն ինքնաբացարկի մասին դիմում կարող է ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

 

Գ Լ ՈՒ Խ  29

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 140.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամը

 

1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար 10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն բացում է նախընտրական հիմնադրամ:

2. Ավագանու անդամի և մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն բացում է նախընտրական հիմնադրամ, եթե զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում է (կարող է օգտագործել) նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը գերազանցող գումար:

3. Նախընտրական հիմնադրամը համալրվում է սույն օրենսգրքի 25-րդ հոդվածում նշված կամավոր մուծումներից:

Մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու նվազագույն աշխատավարձի մինչև 150-ապատիկի չափով, իսկ նրան առաջադրած կուսակցությունը` մինչև 200-ապատիկի չափով գումար:

10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ նրան առաջադրած կուսակցությունը` մինչև 1 000-ապատիկի չափով գումար:

4. Թեկնածուի նախընտրական հիմնադրամում յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կատարել կամավոր մուծում նվազագույն աշխատավարձի համապատասխանաբար մինչև`

1) 50-ապատիկի չափով` մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.

2) 100-ապատիկի չափով` 10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում:

5. Նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուն զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար համայնքի ղեկավարի թեկնածուն իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի մինչև`

1) 3 000-ապատիկի չափով գումար` մինչև 4 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.

2) 7 000-ապատիկի չափով գումար` 4 000-ից մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.

3) 15 000-ապատիկի չափով գումար` 10 000-ից մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.

4) 25 000-ապատիկի չափով գումար` 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում,

իսկ ավագանու անդամի թեկնածուն նվազագույն աշխատավարձի մինչև`

5) 500-ապատիկի չափով գումար` մինչև 4 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.

6) 1 000-ապատիկի չափով գումար` 4 000-ից մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.

7) 3 000-ապատիկի չափով գումար` 10 000-ից մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.

8) 5 000-ապատիկի չափով գումար` 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում:

 

Հոդված 141.

Նախընտրական քարոզչությունը

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախընտրական քարոզչությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Գ Լ ՈՒ Խ  30

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

Հոդված 142.

Քվեաթերթիկները

 

1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների քվեաթերթիկներում համապատասխանաբար նշվում են թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները` ազգանվան այբբենական հերթականությամբ, առաջադրող կուսակցության անվանումը, ինքնաառաջադրման դեպքում` ինքնաառաջադրում բառը: Թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները համընկնելու դեպքում նշվում է նաև ծննդյան ամսաթիվը:

 

Հոդված 143.

Համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն ամփոփելը

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) համայնքի ղեկավար ընտրվելու մասին.

2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.

4) համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:

2. Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

Եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երկու և ավելի թեկնածուներ, ապա ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև անցկացվում է վիճակահանություն:

3. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է վերաքվեարկություն:

4. Եթե ընտրությունների նախապատրաստման ընթացքում կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է վերաքվեարկություն:

5. Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը: Այս դեպքում համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:

6. Համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`

1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.

2) սույն օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից.

3) սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում.

4) վերաքվեարկության արդյունքների հիման վրա ընտրություններն անվավեր են ճանաչվել:

7. Մինչև քվեարկության ավարտը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն: Առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուի` մինչև ընտրության արդյունքներն ամփոփելը կամ ընտրությունից հետո` մինչև լիազորությունների ստանձնումը, ընտրված համայնքի ղեկավարի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն:

8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարի ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկօրյա ժամկետում, այն ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով և մարզպետին:

9. Համայնքի ղեկավարի ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում քվեարկության օրվանից 21 օր հետո թեկնածուների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն: Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:

10. Համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշման վիճարկման մասին դիմում Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հոդված 144.

Ավագանու անդամների ընտրության արդյունքներն ամփոփելը

 

 1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) համայնքի ավագանու անդամներ ընտրվելու մասին.

2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) համայնքի ավագանու ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.

4) համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:

2. Համայնքում ընտրվում են առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած, սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասում նշված համապատասխան թվով ավագանու անդամի թեկնածուները: Կողմ քվեարկված քվեաթերթիկների հավասարության դեպքում ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև անցկացվում է վիճակահանություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

3. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է վերաքվեարկություն:

4. Եթե ընտրությունների նախապատրաստման ընթացքում կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է վերաքվեարկություն:

5. Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը: Այս դեպքում համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:

6. Համայնքի ավագանու անդամների ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում քվեարկության օրվանից 21 օր հետո թեկնածուների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն:

Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:

7. Համայնքի ավագանու անդամների ընտրությունը համարվում է չկայացած, եթե սույն օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով գրանցված թեկնածուների թիվը պակաս է կամ հավասար սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` համայնքի ավագանու անդամների թվից, կամ գրանցումից հետո թեկնածուների թիվը նվազում է սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` համայնքի ավագանու անդամների թվի կեսից, կամ վերաքվեարկության արդյունքների հիման վրա համայնքի ավագանու ընտրությունն անվավեր է ճանաչվել:

8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ավագանու անդամների ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկօրյա ժամկետում, այն ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով և մարզպետին:

9. Համայնքի ավագանու անդամների ընտրությունների արդյունքով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշման վիճարկման մասին դիմում Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Գ Լ ՈՒ Խ  31

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 145.

Հերթական ընտրություն նշանակելու, անցկացնելու և թեկնածուներ առաջադրելու ու գրանցելու ժամկետները

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ, բացառությամբ Երևանի ավագանու ընտրությունների, կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է մարզպետը` համայնքի ղեկավարի, ավագանու անդամների լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 70 օր առաջ:

3. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, և ոչ ուշ, քան 30 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

4. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

 

Հոդված 146.

Նոր ընտրություն նշանակելը և անցկացնելը

 

1. Ընտրված և լիազորությունները չստանձնած համայնքի ղեկավարի մահվան կամ հրաժարականի, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունները չկայացած ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունելուց կամ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրը անցկացվում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` համայնքի ղեկավարի, ավագանու անդամների արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով: Նոր ընտրություն նշանակում է մարզպետը:

 

Հոդված 147.

Արտահերթ ընտրություն նշանակելը և անցկացնելը

 

1. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրը:

2. Կառավարությունն արտահերթ ընտրության նշանակման մասին որոշում է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հետ միաժամանակ:

3. Համայնքի ավագանու անդամների ընդհանուր թիվը կիսով չափ նվազելու դեպքում արտահերթ ընտրություն նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրը, անցկացվում է համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:

4. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 21 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

5. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 21, և ոչ ուշ, քան 19 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

6. Ընտրական տեղամասերը կազմավորվում և տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ, ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 17 օր առաջ փակցվում են տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:

 

Բ Ա Ժ Ի Ն  7

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ  32

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 148.

Երևանի ավագանու կազմը

 

1. Երևան քաղաքի (այսուհետ` Երևան) ավագանին կազմված է 65 անդամից։

 

Հոդված 149.

Ընտրելու իրավունքը Երևանի ավագանու ընտրության ժամանակ

 

1. Երևանի ավագանու ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցում են Երևանի բնակչության ռեգիստրում ընդգրկված, սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

 

Հոդված 150.

Ընտրական համակարգը

 

1. Երևանի ավագանու ընտրությունն անցկացվում է համամասնական ընտրակարգով։

2. Երևանի ավագանու ընտրության ժամանակ Երևանի ողջ տարածքը մեկ բազմամանդատ ընտրատարածք է:

 

Հոդված 151.

Ընտրվելու իրավունքը

 

1. Երևանի ավագանու անդամ կարող են ընտրվել 21 տարին լրացած, Երևանի (Երևանի վարչական շրջանի) բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսն ընդգրկված, սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

2. Երևանի ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները, ընտրական հանձնաժողովի անդամները:

 

Գ Լ ՈՒ Խ  33

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

 

Հոդված 152.

Երևանի ավագանու հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները առաջադրելու և գրանցելու ժամկետները

 

1. Երևանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան 30 օր առաջ:

2. Հերթական ընտրությունները նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այն հաշվարկով, որ ընտրություն նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

3. Ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

4. Ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ:

 

Հոդված 153.

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը

 

1. Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվում են Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` կիրակի օրը:

2. Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը հրապարակվում է Երևանի ավագանին արձակելու մասին որոշման հետ միաժամանակ։

3. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրվա մասին հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 29 օր առաջ:

4. Արտահերթ ընտրությունների դեպքում ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն։

5. Արտահերթ ընտրությունների դեպքում ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

6. Արտահերթ ընտրությունների դեպքում ընտրական տեղամասերը կազմավորվում, և տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ: Լիազոր մարմինն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, որն այն փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:

 

 Գ Լ ՈՒ Խ  34

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 154.

Երևանի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունքը

 

1. Երևանի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:

Թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ կուսակցության ընտրական ցուցակով:

2. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության նախընտրական դաշինք կազմավորելու դեպքում:

3. Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն ընտրությունների ընթացքում չեն կարող ընդգրկվել այլ կուսակցությունների դաշինքում:

4. Կուսակցությունների դաշինքում ընդգրկվելու որոշումն ընդունվում է կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ:

5. Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը կազմվում է դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած առանձին ցուցակից: Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում թեկնածուների հերթականությունը որոշվում է դաշինքում ընդգրկված կուսակցությունների համատեղ խորհրդակցությունների ընթացքում և հաստատվում դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի մշտապես գործող մարմնի որոշմամբ:

6. Կուսակցությունների դաշինքից որևէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից հանվում են այդ կուսակցության թեկնածուների անունները:

 

Հոդված 155.

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը

 

1. Կուսակցություններն ընտրություններին մասնակցելու դիմումը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` իրենց մշտապես գործող մարմնի որոշման հիման վրա: Դիմումը ստորագրում է կուսակցության ղեկավարը: Կուսակցությունների դաշինքներն ընտրություններին մասնակցելու դիմումը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, իսկ դիմումը ստորագրում են դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները:

2. Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք իրավունք ունի առաջադրելու միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրելու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել Երևանի ավագանու անդամի մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը:

Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Կուսակցության ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք:

3. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի) դիմումին կցվում են՝

1) կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունը.

2) կուսակցության, դաշինքի անդամ կուսակցություններից յուրաքանչյուրի մշտապես գործող ղեկավար մարմնի որոշումը` Երևանի ավագանու ընտրություններին թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրելու մասին, ընտրական ցուցակը, որում նշվում են թեկնածուների՝

ա. ընտրական ցուցակում հերթական համարը,

բ. ազգանունը, անունը, հայրանունը,

գ. ծննդյան ամսաթիվը,

դ. հաշվառման վայրը,

ե. աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը),

զ. կուսակցական պատկանելությունը.

3) տեղեկանք՝ թեկնածուի՝ վերջին վեց ամսում Երևանի (Երևանի վարչական շրջանի) բնակչության ռեգիստրում ընդգրկված լինելու մասին.

4) թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ Երևանի ավագանու թեկնածու գրանցվելու համաձայնության մասին:

Սույն մասի 3-րդ կետում նշված տեղեկանքը տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչև ընտրությունների նշանակումը: Տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Լիազորված պետական մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները.

5) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների ներկայացրած առանձին ընտրական ցուցակները.

6) նվազագույն աշխատավարձի 3 000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը.

7) թեկնածուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

4. Կուսակցության մշտապես գործող մարմնի որոշման մեջ (կուսակցությունների դաշինքի դեպքում` ընտրություններին մասնակցելու մասին դիմումում) նշվում են մինչև 2 լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը, պաշտոնը):

Գրանցման փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է միայն կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի միջոցով` սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:

5. Ընտրական ցուցակը գրանցվելու համար ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:

Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին:

Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար:

Այդ ժամանակահատվածում կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է, իսկ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի դեպքում նրա անունը հանվում է ընտրական ցուցակից:

6. Գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտից հետո կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը ընտրական ցուցակում փոփոխություններ չեն կարող կատարել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում ընտրական ցուցակը գրանցվում է:

Ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետը ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրական ցուցակները հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

7. Ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա լինելու կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը:

(155-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-52-Ն)

 

Հոդված 156.

Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված.

2) ընտրական ցուցակը չի համապատասխանում սույն օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին.

3) կուսակցությունը լուծարվել է.

4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է 2-ից.

5) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է:

2. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը, եթե`

1) նա չունի ընտրվելու իրավունք.

2) նրա վերաբերյալ ներկայացրած փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

4. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցման վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

 

Հոդված 157.

Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու հետևանքով ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը նվազել է 25-ից.

2) ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

2. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) նա չունի ընտրվելու իրավունք.

2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Նման դեպքում թեկնածուի անունը հանվում է ցուցակից:

3. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

 

Հոդված 158.

Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

 

1. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

2. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճռով ընտրական ցուցակը կամ դրանում ընդգրկված թեկնածուն համարվում է գրանցված կամ վերագրանցված:

 

Հոդված 159.

Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

 

1. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

1) ներկայացվել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) կուսակցությունը լուծարվել է.

3) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է.

4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը փոքր է երկուսից:

2. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը դատարանի վճռի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում, եթե խախտվել են սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասի կամ սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները:

3. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին:

4. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը դատարանի վճռի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա խախտել է սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասի կամ սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները:

 

Գ Լ ՈՒ Խ  35

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված 160.

Երևանի ավագանու անդամի թեկնածուների կարգավիճակը, իրավասությունները

 

1. Երևանի ավագանու անդամի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները Երևանի ավագանու անդամի թեկնածուի վրա տարածվում են մինչև Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև վարչական դատարանի որոշում ընդունելը:

Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, բայց ավագանու անդամ չընտրված անձը թեկնածուի կարգավիճակ է ձեռք բերում համամասնական ընտրակարգով համապատասխան մանդատը թափուր մնալուց հետո:

2. Թեկնածուներն ունեն Երևանի ավագանու անդամի թեկնածուի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ և պարտականություններ:

 

Հոդված 161.

Երևանի ավագանու անդամի թեկնածուների իրավունքները, պարտականությունները, գործունեության երաշխիքները

 

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք, բացառությամբ քաղաքական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների, թեկնածու գրանցվելուց հետո մինչև նախընտրական քարոզչության ավարտը ժամանակավորապես ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց:

2. Թեկնածուներն ազատվում են զորահավաքներից, ժամկետային զինվորական ծառայությունից և ուսումնավարժական հավաքներից:

3. Կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, իրավունք ունեն ներկայացնելու ինքնաբացարկի մասին դիմում:

Թեկնածուն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո իրավունք ունի հանելու իր թեկնածությունը: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված քաղաքացու անուն-ազգանունը ցուցակից հանվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Թեկնածուի ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է հանձնաժողովի նիստում:

 

Գ Լ ՈՒ Խ  36

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

 

Հոդված 162.

Նախընտրական քարոզչությունը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ

 

1. Նախընտրական քարոզչությունն իրականացվում է սույն օրենսգրքի 18-22-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում:

2. Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունը իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով։

3. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն իրավունք ունեն անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 30 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 50 րոպե, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` համապատասխանաբար 15 և 25 րոպե:

4. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն իրավունք ունեն վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 50 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 80 րոպե, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` համապատասխանաբար 25 և 40 րոպե:

 

Հոդված 163.

Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության նախընտրական հիմնադրամը

 

1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը բացում են նախընտրական հիմնադրամ, որը համալրվում է սույն օրենսգրքի 25-րդ հոդվածում նշված կամավոր մուծումներից:

2. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները` միասին, համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի հիմնադրամում կարող են կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկի չափով մուծում:

3. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կուսակցության, կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով կամավոր մուծում։

4. Նախընտրական քարոզչության ընթացքում համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար իրավունք ունեն ծախսելու նվազագույն աշխատավարձի մինչև 75 000-ապատիկը չգերազանցող գումար:

 

Գ Լ ՈՒ Խ  37

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

Հոդված 164.

Քվեաթերթիկները

 

1. Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկում նշվում են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումները` ըստ այբբենական հերթականության, և ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները:

 

Հոդված 165.

Քվեարկության և ընտրության արդյունքների ամփոփումը

 

1. Երևանի ավագանու անդամների ընտրության արդյունքներն ամփոփվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման կարգով:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին.

2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) Երևանի ավագանու անդամների ընտրություններն անվավեր ճանաչելու և Երևանի ավագանու անդամների ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) Երևանի ավագանու անդամների ընտրություններն անվավեր ճանաչելու և նոր ընտրություն նշանակելու մասին:

3. Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Եթե Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է մինչև 3 կուսակցություն, կուսակցությունների դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները:

4. Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:

Եթե սույն մասով սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից, կուսակցությունների դաշինքներից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին: Եթե տեղերի 40 տոկոսից ավելին ստանում են երկու կուսակցություն, կուսակցությունների դաշինք, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այն կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին, որը ստացել է առավել թվով մանդատներ: Մնացած մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած մյուս կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև:

5. Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում հարցը լուծվում է վիճակահանությամբ:

6. Ընտրական ցուցակներից ընտրվում է այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին: Երևանի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմում է արձանագրություն:

7. Եթե կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է մանդատների բաշխմամբ հասանելիք մանդատների թվից, ապա այդ մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած մյուս կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև` ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով:

8. Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Եթե ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը բաշխվում է սույն հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանված սկզբունքով:

9. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա Երևանի ավագանու ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է Երևանի ավագանու ընտրությունների վերաքվեարկություն:

10. Եթե ընտրությունների նախապատրաստման ընթացքում կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է Երևանի ավագանու ընտրությունների վերաքվեարկություն:

11. Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը: Այս դեպքում Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:

12. Երևանի ավագանու ընտրությունների արդյունքով ընդունված որոշման վիճարկման մասին դիմում Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

13. Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 14, և ոչ ուշ, քան 21 օր հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն։

14. Վերաքվեարկությունն անցկացվում է մեկ անգամ: Վերաքվեարկությունից հետո ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 21-օրյա ժամկետում նշանակում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

15. Երևանի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, այդ մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ տրվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ հորիզոնականում գտնվող թեկնածուին:

 

Ե Ր Ր Ո Ր Դ  Մ Ա Ս

 

Գ Լ ՈՒ Խ  38

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ, ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 166.

Նախապատվության քվեակարգը

 

1. Նախապատվության քվեակարգով քվեարկության ժամանակ քվեաթերթիկի ձախ կողմում նշվում են բոլոր թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, իսկ աջ կողմում յուրաքանչյուր թեկնածուի համար նախատեսվում են դատարկ քառանկյուններ քվեարկողի կողմից նշում կատարելու համար: Թեկնածուների անունների հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ: Քվեաթերթիկը կարող է փոխարինվել նախապատվությունը արտահայտող տվյալների էլեկտրոնային ֆայլով:

2. Քվեաթերթիկում այն թեկնածուի անվան դիմացի քառանկյան մեջ, որին ընտրողը տալիս է իր առաջին նախապատվությունը, նշում է «1» թիվը: Համապատասխանաբար մյուս թեկնածուների անվան դիմաց՝ ըստ նրանց տրվող նախապատվության հերթականության, նշվում են հաջորդական ամբողջ թվեր` 2-ից սկսած: Այն թեկնածուների դիմաց, որոնց ընտրողը նախապատվություն չի տալիս, որևէ թիվ չի նշում, սակայն ամեն դեպքում առնվազն թափուր տեղերի թվով թեկնածուների համար պետք է արտահայտված լինի նախապատվությունը: Քվեաթերթիկը արդյունքների ամփոփման որոշակի փուլում համարվում է տված այն շարունակող թեկնածուի օգտին, որն ունի այդ քվեաթերթիկում նախապատվության ամենաբարձր աստիճանը:

3. Սույն հոդվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) շարունակող թեկնածու` թեկնածու, որը քվեարկության արդյունքների ամփոփման որոշակի փուլում չի հեռացվել հաշվարկից կամ չի հայտարարվել ընտրված.

2) քվեաթերթիկի արժեք` քվեարկության արդյունքների ամփոփման որոշակի փուլում այդ քվեաթերթիկին սույն հոդվածով սահմանված կարգով տրվող թվային արժեքը.

3) քվեաթերթիկների ընդհանուր արժեք` քվեարկության արդյունքների ամփոփման որոշակի փուլում հաշվարկից չհեռացրած բոլոր քվեաթերթիկների արժեքների հանրագումար.

4) թեկնածուի ձայների արժեք` հաշվարկից չհեռացրած այն քվեաթերթիկների արժեքների հանրագումարը, որոնք տրված են այդ թեկնածուին օգտին.

5) անցողիկ քվոտա` քվեարկության արդյունքների ամփոփման որոշակի փուլում ընտրված համարվելու համար անհրաժեշտ ձայների նվազագույն թիվը.

6) թեկնածուի ձայների ավելցուկի արժեք` քվեարկության արդյունքների ամփոփման որոշակի փուլի արդյունքով ընտրված համարվող թեկնածուի ձայների արժեքի և անցողիկ քվոտայի տարբերությունը.

7) գենդերային հավասարության չափանիշ` ընտրված թեկնածուների միջև գենդերային հավասարություն ապահովող որևէ քանակական չափանիշ (օրինակ` ընտրված թեկնածուների կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 6 թիվը):

4. Քվեարկության արդյունքները ամփոփվում են էլեկտրոնային եղանակով: Քվեարկության արդյունքները ամփոփելու համար հերթականությամբ կատարվում են ստորև նշված քայլերը, մինչև քվեարկության արդյունքների ամփոփումն ավարտվի: Բոլոր թվաբանական գործողությունները կատարվում են ստորակետից հետո երկու նիշ ճշգրտությամբ:

Քայլ 1. Անվավեր քվեաթերթիկները հեռացվում են հաշվարկից: Քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե դրանում բացակայում է առնվազն թափուր տեղերի թվով թեկնածուներին տրված նախապատվություն, կամ մեկից ավելի թեկնածու ստացել է նախապատվության նույն աստիճանը: Բոլոր վավեր քվեաթերթիկները համարվում են հաշվարկից չհեռացրած, իսկ այդ քվեաթերթիկների արժեքը համարվում է 1:

Քայլ 2. Հաշվարկից չհեռացրած թեկնածուների օգտին տրված քվեաթերթիկները տեսակավորվում են ըստ թեկնածուների: Բոլոր թեկնածուները համարվում են շարունակող թեկնածուներ:

Քայլ 3. Եթե որևէ սեռի ներկայացուցչի ընտրությունը ապրիորի կխախտի գենդերային հավասարության չափանիշը, ապա`

ա. այդ սեռի բոլոր թեկնածուները հաշվարկից հեռացվում են,

բ. նրանց քվեաթերթիկները բաշխվում են հետևյալ կարգով` քվեաթերթիկը նույն արժեքով ավելացվում է այն շարունակող թեկնածուի քվեաթերթիկներին, որի օգտին է այն տրված:

Քայլ 4. Եթե ընտրված բոլոր թեկնածուների թիվը հավասարվում է թափուր տեղերի թվին, ապա քվեարկության արդյունքների ամփոփումն ավարտվում է:

Եթե ընտրված բոլոր թեկնածուների թիվը փոքր է թափուր տեղերի թվից, սակայն գենդերային հավասարության չափանիշի պահպանումը միանշանակ կանխորոշում է, թե ովքեր պետք է զբաղեցնեն թափուր տեղերը, ապա համապատասխան թեկնածուները ևս հայտարարվում են ընտրված, և քվեարկության արդյունքների ամփոփումն ավարտվում է:

Քայլ 5. Յուրաքանչյուր շարունակող թեկնածուի համար հաշվարկվում է թեկնածուի ձայների արժեքը: Դրա հիման վրա հաշվարկվում է քվեաթերթիկների ընդհանուր արժեքը, որը բոլոր շարունակող թեկնածուների ձայների հանրագումարն է:

Հաշվարկվում է անցողիկ քվոտան հետևյալ բանաձևով.

 

Անցողիկ քվոտա=Քվեաթերթիկների ընդհանուր արժեք/(թափուր տեղերի թիվ +1) + 0.01

 

Քայլ 6. Եթե չկա ոչ մի շարունակող թեկնածու, որի ձայների ընդհանուր արժեքը մեծ է կամ հավասար անցողիկ քվոտային, ապա քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը շարունակվում է 10 քայլից:

Քայլ 7. Այն շարունակող թեկնածուն, որի ձայների ընդհանուր արժեքը ամենամեծն է, համարվում է ընտրված:

Քայլ 8. Ընտրված թեկնածուի համար հաշվարկվում է թեկնածուի ավելցուկ ձայների արժեքը, որը հավասար է թեկնածուի ձայների արժեքի և անցողիկ քվոտայի տարբերությանը: Այդ թեկնածուի օգտին տված յուրաքանչյուր քվեաթերթիկին տրվում է ձայնի նոր արժեք: Այն հաշվարկելու համար քվեաթերթիկի ձայնի արժեքը բազմապատկվում է թեկնածուի ավելցուկ ձայների արժեքով և բաժանվում թեկնածուի ձայների արժեքի վրա:

Քայլ 9. Ընտրված թեկնածուի բոլոր քվեաթերթիկները վերաբաշխվում են հետևյալ կարգով` քվեարթերթիկը ավելացվում է այն թեկնածուի քվեաթերթիկներին, որի օգտին է այն տրված: Եթե այդպիսի շարունակող թեկնածու չկա, ապա այդ քվեաթերթիկը հեռացվում է հաշվարկից և այլևս չի օգտագործվում ամփոփման հաջորդ քայլերի ժամանակ: Քվեարկության արդյունքների ամփոփումը շարունակվում է քայլ 3-ից:

Քայլ 10. Ձայների ամենափոքր արժեք ունեցող շարունակող թեկնածուն հեռացվում է հաշվարկից, եթե դա ապրիորի չի խախտի գենդերային հավասարության չափանիշը: Եթե դա խախտում է գենդերային հավասարության չափանիշը, ապա հաշվարկից հեռացվում է նվազագույն ձայներ ստացած այն թեկնածուն, որի հեռացումը ապրիորի չի խախտի գենդերային հավասարության չափանիշը: Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել նվազագույն ձայներ ստացած թեկնածուին, ապա հեռացվող թեկնածուն որոշվում է վիճակահանությամբ:

Հաշվարկից հեռացված թեկնածուի քվեաթերթիկները բաշխվում են հետևյալ կարգով. քվեաթերթիկը նույն արժեքով ավելացվում է այն շարունակող թեկնածուի քվեաթերթիկներին, որի օգտին է այն տված: Քվեարկության արդյունքների ամփոփումը շարունակվում է քայլ 3-ից:

 

Հոդված 167.

Անցումային դրույթներ

 

1. Գործող կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնում են մինչև համապատասխանաբար կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների` սույն օրենսգրքով նախատեսված կարգով կազմավորումը:

2. Հանրապետության Նախագահին կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների տվյալները Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը ներկայացնում են սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո` 14 օրվա ընթացքում:

3. Հանրապետության Նախագահը կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին կազմավորման համար Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում է համապատասխանաբար 3, 5 և 7 տարի պաշտոնավարման ժամկետով, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած անդամներին` համապատասխանաբար 5 և 7, իսկ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամներին` համապատասխանաբար 3 և 5 տարի պաշտոնավարման ժամկետով:

4. Հանրապետության Նախագահի հրամանագիրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին հրապարակվում է սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո` 17 օրվա ընթացքում:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1-ին նիստը կայանում է Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի հրապարակման հաջորդ օրը` ժամը 12.00-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը մինչև հանձնաժողովի նախագահի ընտրվելը վարում է հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո` 50 օրվա ընթացքում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 1-ին նիստերը նշանակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Մինչև նոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումը`

1) տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ` տեղամասային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ նշանակման սկզբունքով.

2) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարն ընտրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով.

3) կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումները գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենսգրքին:

7. Սույն օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1-ին նիստի օրվանից:

8. Սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի երկրորդ նախադասությունը, 38-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը, 38-րդ հոդվածի 6-րդ մասը, 145-րդ հոդվածի 1-ին մասը և սույն օրենսգրքի` տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքին վերաբերող դրույթները ուժի մեջ են մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

9. Սույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասն ուժի մեջ է մտնում սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո` 1-ին համապետական ընտրության քվեարկության օրվանից սկսած:

10. Համայնքում ավագանու անդամների թվի` սույն օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված թիվը գործում է այն համայնքների դեպքում, որտեղ ավագանու անդամների ընտրությունները նշանակվել են սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո:

 

Հոդված 168.

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի երկրորդ նախադասության, 38-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության, 38-րդ հոդվածի 6-րդ մասի, 66-րդ հոդվածի 5-րդ մասի, 145-րդ հոդվածի 1-ին մասի և սույն օրենսգրքի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքին վերաբերող դրույթների:

2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1999 թվականի փետրվարի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 14
Երևան
ՀՕ-164-Ն