Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-475-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (23.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.12.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 4-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում «որակավորմանը համապատասխանող» բառերը փոխարինել «մասնագիտությանը համապատասխանող» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը «փոխադրման» բառից հետո լրացնել «կամ կատարողականի գնահատման արդյունքներով» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 10. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

 

1. Մրցույթը հայտարարվում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Եթե հայտարարված մրցույթը չի կայացել, կամ մրցույթի արդյունքով քաղաքացիական ծառայության պաշտոնը չի համալրվել, ապա տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարվում է երկու ամսվա ընթացքում:

2. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքի առկայության դեպքում, եթե առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին իրավական ակտը, կամ 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված հիմքի առկայության դեպքում, եթե առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 6.2-ին մասով նախատեսված լիազորությունները դադարելու մասին իրավական ակտը, կամ 37-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետով սահմանված հիմքի առկայության դեպքում, եթե առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ իրավական ակտը, ապա մրցույթը կարող է հայտարարվել մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալը:

3. Մինչև արտաքին մրցույթ հայտարարելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար կարող է հայտարարվել մեկ ներքին մրցույթ: Վարչապետի աշխատակազմում և Հանրապետության նախագահի աշխատակազմում ներքին մրցույթ հայտարարելու մասին որոշումը կայացնում են համապատասխան մարմինների աշխատակազմերի ղեկավարները: Ներքին մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ մարմնի հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող հանրային ծառայողները, քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, ինչպես նաև տվյալ մարմնի այլ պետական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված հանրային ծառայողները, որոնց կադրերի ռեզերվի վարումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

4. Քաղաքացուն չի թույլատրվում մասնակցել մրցույթին, եթե չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները, և (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը, և (կամ) առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքը:

5. Արտաքին մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Ներքին մրցույթն անցկացվում է միայն հարցազրույցի փուլով: Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը մրցույթն անցկացնող համապատասխան մարմինը հրապարակում է իր պաշտոնական կայքէջում և քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում: Արտաքին մրցույթի դեպքում հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ ներքին մրցույթի դեպքում՝ ոչ ուշ, քան 15 օր առաջ:

6. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Մրցույթի մասնակցության հարցը որոշում է գլխավոր քարտուղարը: Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի մասնակցության հարցը որոշում է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը:

7. Թեստավորման փուլում ստուգվում են մասնակիցների մասնագիտական գիտելիքները, իսկ հարցազրույցի փուլում՝ մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները և կոմպետենցիաները:

8. Թեստավորումն անցկացվում է մրցույթի հայտարարությունը հրապարակվելու օրվանից ոչ շուտ, քան մեկ ամսվա ընթացքում, և ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:

9. Թեստերը կազմվում են՝

1) սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրենսդրական ակտերից,

2) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրությունից:

10. Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված օրենսդրական ակտերից թեստային առաջադրանքները կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ 9-րդ մասի 2-րդ կետով սահմանված օրենսդրությունից թեստային առաջադրանքները՝ համապատասխան մարմինը: Քաղաքացիական ծառայության պաշտոնների ենթախմբերին համապատասխան՝ կազմվում են տարբեր բովանդակությամբ թեստային առաջադրանքներ:

11. Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստային առաջադրանքները կազմում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի և Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի մրցույթի: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի և Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի մրցույթի՝ սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով սահմանված օրենսդրությունից թեստային առաջադրանքները կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և Հաշվեքննիչ պալատում կազմում և տեղադրում են համապատասխանաբար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Հաշվեքննիչ պալատը:

12. Թեստի ավարտից հետո մրցույթի մասնակիցն անմիջապես տեղեկանում է իր ստացած արդյունքների մասին: Թեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մրցույթի մասնակիցն իր արդյունքների մասով կարող է բողոք ներկայացնել գլխավոր քարտուղարին, իսկ գլխավոր քարտուղարի մրցույթի դեպքում՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին:

13. Արտաքին մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք է ձեռք բերում թեստավորման փուլում Կառավարության սահմանած նվազագույն միավորի շեմը հաղթահարած և առավելագույն միավորներ հավաքած հինգ մասնակից: Եթե միևնույն արդյունք ունենալու դեպքում առավելագույն միավորներ հավաքած և թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների թիվը հինգից ավելի է, ապա միևնույն առավելագույն միավորներ հավաքած մասնակիցներն անցնում են հարցազրույցի փուլ:

14. Հարցազրույցն անցկացնում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ձևավորած հանձնաժողովը, բացառությամբ գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի և Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների: Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հանձնաժողովը, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Հաշվեքննիչ պալատի, ձևավորում է քաղաքացիական ծառայության գրասենյակը՝ համակարգող փոխվարչապետի հաստատած հանձնաժողովի անդամության թեկնածուների ցանկից: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հանձնաժողովը ձևավորում է Մարդու իրավունքների պաշտպանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հանձնաժողովը ձևավորում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի մրցույթի հանձնաժողովը՝ Հաշվեքննիչ պալատը: Վարչապետի աշխատակազմի և Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների հանձնաժողովները ձևավորում են համապատասխան մարմինների աշխատակազմերի ղեկավարները:

15. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, այն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, որի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվել է տվյալ մրցույթը, անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, ինչպես նաև տվյալ պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման մակարդակն ստուգելու կարողություններ ունեցող այլ անձինք:

16. Հանձնաժողովը կազմված է առնվազն հինգ անդամից:

17. Հարցազրույցի փուլում հաղթող է ճանաչվում Կառավարության սահմանած նվազագույն միավորի շեմը հաղթահարած մասնակիցը: Եթե Կառավարության սահմանած նվազագույն միավորի շեմը հաղթահարած մասնակիցների թիվը մեկից ավելի է, ապա հանձնաժողովը քվեարկությամբ հարցազրույցի փուլում հաղթող է ճանաչում երկու մասնակցի, որոնցից մեկին ընտրում է իբրև հաղթող ճանաչված առաջին մասնակից, մյուսին՝ հաղթող ճանաչված երկրորդ մասնակից: Հանձնաժողովը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է հարցազրույցի արդյունքների վերաբերյալ եզրակացություն: Եթե հարցազրույցի արդյունքով հաղթող է ճանաչվում մեկ մասնակից, ապա հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը հաղթող ճանաչված մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի: Եթե հարցազրույցի արդյունքով հաղթող է ճանաչվում երկու մասնակից, ապա հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը հաղթող ճանաչված առաջին մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի: Եթե հաղթող ճանաչված առաջին մասնակիցը պաշտոնի նշանակման համար դիմում չի ներկայացնում, ապա պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է համապատասխան պաշտոնի նշանակել հարցազրույցի փուլում հաղթող ճանաչված երկրորդ մասնակցին:

18. Եթե երկու անգամ անընդմեջ հայտարարված արտաքին մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ դիմում ներկայացրած քաղաքացիներից ոչ մեկը չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և (կամ) 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները, և (կամ) ներկայացված բոլոր դիմումներում առկա է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը, և (կամ) առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքը, ապա համապատասխան մարմինը սույն օրենքով սահմանված կարգով կարող է փոփոխել տվյալ պաշտոնի համար սահմանված պահանջները:

19. Անվանացանկում կատարված լրացումների և փոփոխությունների հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնները, բացառությամբ համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության պաշտոնների, զբաղեցվում են մրցույթով:

20. Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայողի առաջխաղացումն իրականացվում է սույն օրենքով սահմանված մրցույթով կամ սույն օրենքի 14.1-ին հոդվածով սահմանված կարգով:

21. Մրցույթի արդյունքով նույն համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայության այլ պաշտոնի նշանակվելու դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում:

22. Մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով: Մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ, որն անցկացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

23. Մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Կառավարությունը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

24. Թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը և ձևաչափը սահմանում է համակարգող փոխվարչապետը:»:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Թեստավորման մասնակցության հարցը որոշում է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը:».

2) 4-րդ մասի «Քաղաքացին չի մասնակցում» բառերը փոխարինել «Քաղաքացուն չի թույլատրվում մասնակցել» բառերով.

3) 5-րդ մասի «նվազագույն միավորից բարձր միավոր ստացած» բառերը փոխարինել «նվազագույն միավորի շեմը հաղթահարած» բառերով, իսկ «գրասենյակն առցանց կարգով» բառերը՝ «գրասենյակը տեղեկատվական հարթակում» բառերով.

4) 7-րդ մասի «հինգ թեկնածու, ապա հրավիրվում են տվյալ մասնագիտությունն ունեցող առաջին հինգ թեկնածուն» բառերը փոխարինել «թեկնածու, ապա հրավիրվում են վարկանիշային ցուցակի հաջորդ համարներում գրանցված տվյալ մասնագիտությունն ունեցող թեկնածուները» բառերով.

5) 9-րդ մասի «բոլոր խմբերի արդյունքներն ամփոփելու հաջորդ աշխատանքային օրը» բառերը փոխարինել «յուրաքանչյուր խմբի արդյունքներն ամփոփվելուց անմիջապես հետո» բառերով.

6) 10-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վարկանիշային ցուցակում գրանցված թեկնածուն հանվում է վարկանիշային ցուցակից, եթե վարկանիշային ցուցակում գրանցվելուց հետո նշանակվել է հանրային ծառայության պաշտոնի կամ դիմում է ներկայացրել իրեն վարկանիշային ցուցակից հանելու համար:»։

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև մրցույթ հայտարարելը» բառերով, իսկ 4-րդ մասում «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը՝ «մեկ ամսվա ընթացքում» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) պահեստազորային կամ զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություներին մասնակցելու դեպքում.».

2) 7-րդ կետի «այլ դեպքերում» բառերը փոխարինել «դեպքում» բառով:

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին հոդվածով.

 

«Հոդված 14.1. Համապատասխան մարմնում կատարողականի գնահատման արդյունքներով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը

 

1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է ավելի բարձր թափուր պաշտոնի նշանակելու Կառավարության սահմանած կարգով վերջին երկու կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքներով դրական եզրակացություն ստացած այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ՝

1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.

2) երկու տարի անընդմեջ աշխատում է նույն համապատասխան մարմնում.

3) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

2. Քաղաքացիական ծառայողը չի կարող նշանակվել ավելի բարձր թափուր պաշտոնի, եթե տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվել է մրցույթ:

3. Սույն հոդվածի 1-ին մասը չի տարածվում անվանացանկում կատարված լրացումների և փոփոխությունների հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների, ինչպես նաև համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների վրա:»:

 

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող» բառերը փոխարինել «Գաղտնիության ռեժիմը ապահովող» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 19. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը

 

1. Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի բարելավելու և պարտավոր է բարելավել իր մասնագիտական գիտելիքները և կոմպետենցիաները շարունակական մասնագիտական զարգացման սկզբունքի վրա հիմնված վերապատրաստումներին մասնակցելու միջոցով:

2. Կոմպետենցիաների, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները կազմակերպում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները՝ համապատասխան մարմինը:

3. Վերապատրաստումն իրականացվում է յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար ըստ անհատական ծրագրի, որը կազմվում է քաղաքացիական ծառայողի տարեկան կատարողականի գնահատմանը զուգընթաց իրականացված վերապատրաստման կարիքների գնահատման հիման վրա:

4. Վերապատրաստում իրականացվում է նաև քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման նոր պահանջների սահմանման դեպքում՝ քաղաքացիական ծառայողի կամ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ:

5. Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համաձայնությամբ մասնակցելու իր զբաղեցրած պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների և համապատասխան մարմնի գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված վերապատրաստման դասընթացների:

6. Մեկանգամյա վերապատրաստման մասնակցության առավելագույն ժամկետը վեց ամիս է:

7. Համապատասխան մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վերապատրաստումները կազմակերպելու և այդ վերապատրաստումներին քաղաքացիական ծառայողների մասնակցությունն ապահովելու համար:

8. Գլխավոր քարտուղարը վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքներն ամփոփելուց հետո կազմում է համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը և ներկայացնում քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ համաձայնեցման:

9. Վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

10. Վերապատրաստումների արդյունքով քաղաքացիական ծառայողն ստանում է կրեդիտներ: Անհատական ծրագրով հաստատված համապատասխան կրեդիտներն ստանալուց հետո քաղաքացիական ծառայողը համարվում է վերապատրաստված:

11. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը, վերապատրաստողներին ներկայացվող հիմնական չափանիշները, կրեդիտների սահմանման հիմնական սկզբունքները, կարիքները գնահատելու և անհատական ծրագիր կազմելու, ինչպես նաև համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագիրը կազմելու ձևը սահմանում է համակարգող փոխվարչապետը:

12. Օրենքով կարող է նախատեսվել քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականություն:»:

 

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ներքին կանոնները խախտելու և (կամ)» բառերից հետո լրացնել «ծառայողական քննություն անցկացնելու կարգը խախտելու և (կամ)» բառերով.

2) 12-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը «զինվորական ծառայության զորակոչված» բառերից հետո լրացնել «պահեստազորային կամ զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնող կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություներին մասնակցող» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասում «Փորձնակ գրանցելու և» բառերը փոխարինել «Փորձնակի գրանցման, ստաժի հաշվարկման, աշխատաժամանակի սահմանման և» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և (կամ) այլ սահմանափակումների և (կամ) վարքագծի սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների և (կամ) շահերի բախման կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Քաղաքացիական ծառայության էթիկայի հանձնաժողովն առաջարկում է բարեվարքության հարցերով կազմակերպչին տվյալ ծառայողական քննության շրջանակներում կատարել բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ:»:

 

Հոդված 14. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ բողոքի բացակայության դեպքում, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, գլխավոր քարտուղարը եզրակացությունը հրապարակում է այդ մարմնի պաշտոնական կայքէջում:

4. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացության հրապարակումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է եզրակացությունը և ընդունում համապատասխան որոշում, որը հրապարակվում է տվյալ մարմնի պաշտոնական կայքէջում:»:

 

Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) դատական կարգով մրցույթն անվավեր ճանաչելը.».

2) 3-րդ մասի «Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները» բառերը փոխարինել «Կատարողականի տարեկան գնահատականը, որը կիսամյակային գնահատականների միջին թվաբանականն է,» բառերով.

3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի (բացառությամբ 2-4-րդ, 11-րդ, 17-րդ կետերով նախատեսված հիմքերի) ի հայտ գալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու մասին իրավական ակտ:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ մասերով.

«6.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված հիմքերի ի հայտ գալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու մասին իրավական ակտն ընդունում է սույն օրենքի 21-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:

6.2. Սույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու մասին համապատասխան իրավական ակտը կարող է ընդունել ոչ շուտ, քան թափուր պաշտոն առաջանալուց մեկ ամիս առաջ:»:

 

Հոդված 16. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) ուսումնասիրում է համապատասխան մարմինների կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մրցույթ հայտարարելու ժամկետի խախտումները և անհրաժեշտության դեպքում առաջարկություն է ներկայացնում համակարգող փոխվարչապետին կամ վարչապետին.»:

 

Հոդված 17. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հոդվածների:

2. Սույն օրենքի 3-6-րդ, 8-14-րդ և 16-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում դրանցով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրը:

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածը և 15-րդ հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. դեկտեմբերի 13

Երևան

ՀՕ-475-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2024 թվական: