Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-433-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (14.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 13.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը «օրենքով» բառից հետո լրացնել «և ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը կարգավորող օրենքներով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 5.2. Ոստիկանության կողմից հարկադրանքի միջոցներ կիրառելու սկզբունքները

 

1. Հարկադրանքի միջոցների կիրառումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել սույն օրենքով նախատեսված՝ ոստիկանության պարտականությունների պատշաճ կատարումը:

2. Անձի նկատմամբ հարկադրանքի միջոց կարող է կիրառվել միայն նրա իրավունքների և ազատությունների երաշխավորման վրա հիմնված կառուցակարգերի ու ընթացակարգերի շրջանակներում:

3. Կիրառման ենթակա հարկադրանքի միջոցը պետք է պիտանի և անհրաժեշտ լինի օրենքով սահմանված իրավաչափ նպատակին հասնելու համար: Հարկադրանքի միջոցի կիրառումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահի պաշտպանության նպատակին:

4. Հարկադրանքի միջոց ընտրելիս ոստիկանության ծառայողն առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով: Արգելվում է անձի նկատմամբ կիրառել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով հնարավոր է ապահովել սույն օրենքով նախատեսված պարտականության պատշաճ կատարումը:

5. Անձի անձնական անձեռնմխելիությանը միջամտող ֆիզիկական հարկադրանքը անհրաժեշտ նվազագույն միջամտության պայմանով թույլատրելի է միայն այն դեպքում, երբ նա կամավոր չի կատարում ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի իրավաչափ պահանջը:

6. Հարկադրանքի միջոցի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի, եթե վերացել են դրա կիրառման՝ սույն օրենքով նախատեսված հիմքերը:

7. Անձի նկատմամբ հարկադրանքի միջոցի կիրառումը չպետք է պարունակի պատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի, ֆիզիկական կամ հոգեկան տանջանքներ պատճառելու տարրեր:

8. Հարկադրանքի միջոցների կիրառման յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության ծառայողն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնում է իր անմիջական ղեկավարին (հրամանատարին), իսկ վերջինս նույն ժամկետում և նույն կարգով՝ ոստիկանության պետին:

9. Հարկադրանքի միջոցի ոչ իրավաչափ կիրառումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

10. Ոստիկանության կողմից կիրառվող հարկադրանքի միջոցները կարող են սահմանվել միայն սույն օրենքով և ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը կարգավորող օրենքներով:»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) վերնագրի «, վերապատրաստում անցնող անձանց և ոստիկանության զորքերի ծառայողներին» բառերը փոխարինել «և վերապատրաստում անցնող անձանց» բառերով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ինչպես նաև օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները սահմանում է Կառավարությունը:»։

 

Հոդված 5. Օրենքի 4-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՒԺԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ: ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 29. Ուժային միջոցները

 

1. Ոստիկանության ծառայողն անձամբ կամ ստորաբաժանման կազմում իրավասու է գործադրելու հետևյալ ուժային միջոցները.

1) ֆիզիկական ուժ,

2) հատուկ միջոցներ,

3) հրազեն:

 

Հոդված 30. Ուժային միջոցների գործադրման իրավաչափության ընդհանուր պայմանները

 

1. Ուժային միջոցը կարող է գործադրվել միայն այն ժամանակ, երբ առանց դրա` սույն օրենքով նախատեսված պարտականությունների պատշաճ կատարումը և հարկադրանքի ավելի մեղմ միջոցների կիրառումն անհնար է:

2. Ոստիկանության ծառայողն իրավասու է հատուկ միջոց և հրազեն կրելու ու գործադրելու միայն դրանց կիրառման հմտություններին տիրապետելու հատուկ պատրաստություն անցնելուց հետո: Հատուկ պատրաստություն անցած ոստիկանության ծառայողի՝ հատուկ միջոց և հրազեն կիրառելու հմտությունները հետագայում ստուգվում են պարբերական վերապատրաստումների արդյունքներով: Հատուկ միջոց և հրազեն կրելու ու գործադրելու իրավասությունը պահպանում է միայն համապատասխան պարբերական վերապատրաստում անցած ծառայողը:

3. Ուժային միջոց գործադրելուց ոստիկանության ծառայողը գործում է ինքնուրույն՝ ղեկավարվելով օրենքով, իսկ ստորաբաժանման կազմում՝ նաև տվյալ ստորաբաժանման հրամանատարի հրամանով: Ուժային միջոցի գործադրման վերաբերյալ ակնհայտ անօրինական կամ ակնհայտ անհիմն հրամանը ենթակա չէ կատարման:

4. Ոստիկանության ծառայողն ուժային միջոց գործադրելուց առաջ պարտավոր է անձին հայտնել, որ ոստիկանության ծառայող է, նախազգուշացնել իր մտադրության մասին և նրան բավարար ժամանակ տրամադրել իր իրավաչափ պահանջը կատարելու համար, բացառությամբ երբ դա կարող է վտանգել անձի, այդ թվում՝ ոստիկանության ծառայողի կյանքը կամ առողջությունը, կամ ստեղծված իրավիճակում դա ողջամտորեն անհնար է անել: Ստորաբաժանման կազմում ուժային միջոց գործադրելուց առաջ նշված գործողությունները կատարում է ոստիկանության տվյալ ստորաբաժանման ծառայողներից մեկը:

5. Ոստիկանության ծառայողն ուժային միջոցի ընտրությունը կատարում է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավախախտման բնույթը, ինչպես նաև իրավախախտի գործողությունների վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ նրա ցուցաբերած դիմադրության բնույթը և ուժգնությունը:

6. Ուժային միջոց գործադրելիս ոստիկանության ծառայողը պետք է նպատակ հետապնդի իրավախախտին պատճառվող հնարավոր վնասը հասցնել նվազագույնի:

 

Հոդված 31. Ֆիզիկական ուժ գործադրելը

 

1. Ոստիկանության ծառայողն իրավասու է գործադրելու ֆիզիկական ուժ (այդ թվում՝ պայքարի մարտական հնարքներ), եթե դա անհրաժեշտ է՝

1) հանցանքի կամ վարչական իրավախախտման կատարումը կանխելու կամ խափանելու համար,

2) սույն օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկով անձին ձերբակալելու և նրան իրավասու մարմին բերելու կամ համապատասխան բժշկական կազմակերպություն տեղափոխելու համար,

3) ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի իրավաչափ պահանջի կատարումն ապահովելու համար:

2. Ոստիկանության ծառայողն իրավասու է ֆիզիկական ուժ գործադրելու նաև այն դեպքում, երբ սույն օրենքով հատուկ միջոցի կամ հրազենի գործադրումն իրավաչափ է համարվում:

 

Հոդված 32. Հատուկ միջոցներ գործադրելը

 

1. Ոստիկանության ծառայողն իրավասու է գործադրելու սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հատուկ միջոցները, եթե դա անհրաժեշտ է՝

1) անձի, այդ թվում՝ ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը խափանելու կամ դրա իրական սպառնալիքը չեզոքացնելու համար,

2) իր լիազորություններն իրականացնող ոստիկանության ծառայողին կամ այլ իրավասու անձին ցույց տրվող դիմադրությունը ճնշելու համար,

3) զանգվածային անկարգությունները, ինչպես նաև հակաիրավական խմբակային այլ գործողությունները խափանելու համար,

4) պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների, ինչպես նաև հատուկ բեռների վրա կատարվող հարձակումը խափանելու համար,

5) ապօրինի պահվող անձանց, ապօրինաբար զբաղեցված շենքերը, շինությունները, տարածքներն ու այլ օբյեկտները, տրանսպորտային միջոցները ազատելու համար,

6) տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար, եթե այն վարող անձը դիտավորյալ չի ենթարկվում ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու իրավաչափ պահանջին:

2. Որպես հատուկ միջոցներ կարող են գործադրվել՝

1) ձեռնաշղթաներ, կապող ցանցեր՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

2) մահակներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

3) ապակողմնորոշող լուսային և ձայնային ձեռքի նռնակներ, կրակոցներ և արկեր, ձեռքի ծխանռնակներ, ծխագլանակներ, ծխային կրակոցներ և արկեր՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

4) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի սրվակներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

5) ծառայողական շներ (պահնորդական, հետախուզական, պարեկային)՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

6) արգելքներ քանդող գործիքներ (սարքեր) և տեխնիկա՝ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

7) մարդկանց և տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելու (արգելափակելու) տեխնիկական պատնեշներ, ճանապարհային ոզնիներ և փշալարեր՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում,

8) ջրանետեր, այդ թվում՝ հատուկ ներկող նյութերի օգտագործմամբ, զրահամեքենաներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված դեպքերում,

9) արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի նռնակներ, կրակոցներ և արկեր, ռետինե գնդակներով փամփուշտներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

10) նույնականացնող կամ տարբերակող ներկող նյութեր՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված հատուկ միջոցները գործադրվում են ոստիկանության իրավասու ստորաբաժանման հրամանատարի հրամանով, իսկ նույն մասի 3-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հատուկ միջոցները՝ միայն ոստիկանության պետի կամ նրա տեղակալի հրամանով:

4. Հատուկ միջոցի գործադրումն իրավաչափ է, եթե ֆիզիկական ուժի գործադրումն ակնհայտ անբավարար է սույն օրենքով նախատեսված պարտականությունները պատշաճ կատարելու կամ հարկադրանքի ավելի մեղմ միջոցների կիրառումն ապահովելու համար:

5. Ոստիկանության ծառայողն իրավասու է հատուկ միջոց գործադրելու նաև այն դեպքում, երբ սույն օրենքով հրազենի գործադրումն իրավաչափ է համարվում:

6. Հատուկ միջոցների տեխնիկական բնութագիրը, կիրառման կանոնները, պահպանման ժամկետները, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:

7. Հատուկ միջոցները ոստիկանության ծառայողներին հատկացնելու, պահպանելու և դրանց պիտանիությունը պարբերաբար ստուգելու կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:

 

Հոդված 33. Հրազեն գործադրելը

 

1. Ոստիկանության ծառայողն իրավասու է գործադրելու հրազեն, եթե դա որպես կյանքի պաշտպանության վերջին միջոց բացարձակապես անհրաժեշտ է՝

1) անձի, այդ թվում՝ ոստիկանության ծառայողի կյանքի կամ առողջության դեմ ուղղված ուղիղ և ակնհայտ ոտնձգությունը, ներառյալ զինված հարձակումը խափանելու համար,

2) իր լիազորություններն իրականացնող ոստիկանության ծառայողին կամ այլ իրավասու անձին ցույց տրվող զինված դիմադրությունը ճնշելու, ինչպես նաև նրա զենքին տիրելու փորձը խափանելու համար,

3) պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների, ինչպես նաև հատուկ բեռների վրա կատարվող զինված հարձակումը խափանելու համար,

4) զինված անձին վնասազերծելու համար, եթե նա հրաժարվում է կատարել հակաիրավական գործողությունները դադարեցնելու և իր մոտ եղած զենքը հանձնելու, ապօրինի պահվող անձանց ազատելու, ապօրինաբար զբաղեցված շենքերը, շինությունները, տարածքներն ու այլ օբյեկտները, տրանսպորտային միջոցները ազատելու կամ կանգնեցնելու վերաբերյալ ոստիկանության ծառայողի իրավաչափ պահանջները:

2. Ոստիկանության ծառայողն իրավասու է մարդուն չխոցելու նպատակով հրազեն գործադրելու հետևյալ դեպքերում.

1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե այն վարող անձը ռազմական դրության իրավական ռեժիմի կամ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում դիտավորյալ չի ենթարկվում ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու իրավաչափ պահանջին,

2) բնակելի կամ այլ տարածքներ, տրանսպորտային միջոցներ մուտք գործելը խոչընդոտող ֆիզիկական արգելքները վերացնելիս,

3) հրազեն գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապի ազդանշան տալիս կամ օգնության կանչելիս:

3. Ոստիկանության ծառայողն իրավասու է մերկացնելու հրազենը և այն բերելու պատրաստ վիճակի, եթե գտնում է, որ ստեղծված իրավիճակում կարող է առաջանալ սույն հոդվածին համապատասխան հրազեն գործադրելու անհրաժեշտություն:

4. Սույն հոդվածի իմաստով՝ հարձակումը կամ դիմադրությունը համարվում է զինված, եթե այն կատարվել է ցանկացած տեսակի հրազենով կամ զենքով կամ դրանց ակնհայտ նմանվող առարկայով կամ կյանքից զրկելու կամ առողջությանը լուրջ վնաս պատճառելու համար պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի կամ նյութի գործադրմամբ:

 

Հոդված 34. Ուժային միջոցների գործադրման տիրույթում գտնվող անձանց իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության երաշխիքները

 

1. Արգելվում է ուժային միջոցներ գործադրել՝

1) հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից անձի կյանքի կամ առողջության դեմ ուղղված ուղիղ և ակնհայտ ոտնձգություն կատարելու, զինված հարձակում գործելու, ինչպես նաև զինված դիմադրություն ցույց տալու դեպքերի),

2) օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների տարածքներում (բացառությամբ երբ ուժային միջոցները գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով):

2. Հրազենի գործադրումն արգելվում է մարդկանց զգալի կուտակումների վայրերում, եթե առկա է այլ անձանց վնաս պատճառելու իրական վտանգ:

3. Պայթյունավտանգ հատուկ միջոցները և հրազենը չեն կարող գործադրվել այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:

4. Արգելվում է ջրանետի գործադրումը զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում:

5. Ուղևորների առկայության դեպքում ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցները չեն կարող հարկադրաբար կանգնեցվել (արգելափակվել):

6. Արգելվում է ոստիկանության սպառազինության մեջ հրազենի կամ դրա ռազմամթերքի այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք պատճառում են առավել ծանր վնասվածքներ կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են: Արգելվում է ոստիկանության սպառազինության մեջ այնպիսի հատուկ միջոցներ կամ դրանց տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց տեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են: Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանում է առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինը՝ ոստիկանության ներկայացրած հատուկ միջոցների տեխնիկական բնութագրերի հիման վրա:

7. Ուժային միջոց գործադրելիս ոստիկանության ծառայողը պարտավոր է մարմնական վնասվածք ստացած անձին ցուցաբերել առաջին օգնություն կամ միջոցներ ձեռնարկել այն ապահովելու համար՝ բժշկական հաստատությանն անհապաղ հայտնելով մարմնական վնասվածքի ու մահվան բոլոր դեպքերի մասին:

8. Ուժային միջոց գործադրած ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը (հրամանատարը) սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի մասին պարտավոր է անմիջապես, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում հայտնել տուժածների մերձավոր ազգականներին:

9. Ուժային միջոցի գործադրման կամ հրազենի օգտագործման հետևանքով մարմնական վնասվածքի կամ մահվան յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության ծառայողն անհապաղ գրավոր տեղեկացնում է իր անմիջական ղեկավարին (հրամանատարին), իսկ ոստիկանության պետը նույն կարգով՝ լիազոր մարմնի ղեկավարին և իրավասու դատախազին՝ նշելով գործադրված ուժային միջոցի տեսակը և քանակը, գործադրման նպատակը, ժամանակը, պայմանները, անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները և իրավական հիմքերը, այն անձին, որի նկատմամբ այն գործադրվել է, մարմնական վնասվածք ստացած անձին առաջին օգնություն ցուցաբերելուն ուղղված միջոցները, մարմնական վնասվածք ստացած անձին կամ մահացածին տեղափոխելու վայրը, եթե տեղափոխումն իրականացրել են ոստիկանության ծառայողները:

 

Հոդված 34.1. Ոստիկանության ծառայողի անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցները

 

1. Անձնական կամ ստորաբաժանման անվտանգության ապահովման համար ոստիկանության ծառայողն իրավունք ունի օգտագործելու անհատական կամ կոլեկտիվ պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ սաղավարտ, վահան, զրահաբաճկոն և հակագազ: Անհատական կամ կոլեկտիվ պաշտպանության միջոցները հատուկ միջոցներ չեն համարվում:

2. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում ոստիկանության ծառայողն իրավասու է գործելու սպառնացող վտանգի բնույթին և աստիճանին համաչափ` անկախ գործադրվող միջոցից։

3. Անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը:»:

 

Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության օրենքին» բառերը փոխարինել «օրենքին, իսկ ոստիկանության գվարդիայի ծառայողի սոցիալական ապահովության հարցերը՝ նաև զինծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերին» բառերով:

 

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքին համապատասխան դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. նոյեմբերի 11

Երևան

ՀՕ-433-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: