Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-386-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (12.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 11.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 215-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում և 216-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «անհետաձգելի» բառը փոխարինել «գաղտնի» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 48-րդ գլխի վերնագրից հանել «ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ,» բառը:

 

Հոդված 3. Օրենքի 240-րդ հոդվածի վերնագրից և 1-ին մասից հանել «և նախաքննության» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 241-րդ հոդվածում՝

1) վերնագրից և 1-ին մասից հանել «և նախաքննության» բառերը.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենքի 322-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի երկրորդ նախադասության «վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները» բառերը փոխարինել «մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Մաքսային մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կարող է վարույթի իրականացումը փոխանցել մաքսային մարմնի մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանման, եթե մաքսային իրավախախտում կատարած անձի գտնվելու կամ բնակության վայրը տարածքային առումով ավելի մոտ է տվյալ կառուցվածքային ստորաբաժանմանը՝ հաշվի առնելով գործի քննության բազմակողմանիությունը և լրիվությունն ապահովելու հնարավորությունը:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ հարուցելուց հետո մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իր տրամադրության տակ համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ունենալու, տվյալ գործի հանգամանքները բավարար չափով պարզված լինելու դեպքում գործը քննում է անմիջապես՝ մաքսային կանոնների խախտում թույլ տված անձանց կողմից առարկություն չներկայացվելու պարագայում, որի մասին կազմվում է արձանագրություն: Մաքսային կանոնների խախտում թույլ տված անձանց կողմից առարկություն ներկայացվելու պարագայում վարույթն իրականացվում է սույն օրենքով նախատեսված ընդհանուր կարգով:»:

 

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 325.1-ին հոդվածով.

 

«Հոդված 325.1.

 Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով ծանուցումների կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկ վճարողի (այսուհետ՝ հարկ վճարող) գործադիր մարմնի ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթի այն փաստաթղթերը, որոնք օրենքով ենթակա են պարտադիր ծանուցման (արձանագրություններ, ծանուցագրեր, որոշումներ, ակտեր և այլն), կարող են ծանուցվել էլեկտրոնային եղանակով, որն իրականացվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով:

2. Հարկ վճարողի գործադիր մարմնի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը, որը թույլ է տվել մաքսային կանոնների խախտում, համարվում է պատշաճ ծանուցված սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվանից:

3. Հարկ վճարողի՝ մաքսային կանոնների խախտում կատարած աշխատակցին և հարկ վճարողի աշխատակից չհանդիսացող ֆիզիկական անձին սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը ծանուցվում են «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի՝ անձանց ծանուցման համակարգի միջոցով, և սույն մասում նշված անձինք համարվում են ծանուցված համակարգում փաստաթղթերը ներբեռնելու օրվան հաջորդող երրորդ օրը։

4. Մաքսային կանոնների խախտում կատարած օտարերկրյա ֆիզիկական անձին, որը վարույթի իրականացման ընթացքում գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, սակայն մաքսային մարմին տեղեկություն չի ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում իր բնակության կամ հաշվառման հասցեի մասին, պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերն ուղարկվում են իր տրամադրած էլեկտրոնային փոստին, որը հավաստվում է էլեկտրոնային կառավարման համակարգի կողմից, և համարվում են ծանուցված փաստաթղթերն ուղարկելու օրվան հաջորդող երրորդ օրվանից: Էլեկտրոնային փոստի բացակայության դեպքում ծանուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի դեպքում մաքսային կանոնների խախտում կատարած անձը համարվում է պատշաճ ծանուցված այդ փաստաթղթերը կայքում տեղադրելու օրվանից:»։

 

Հոդված 7. Օրենքի 332-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Մաքսային կանոնների խախտում կատարած անձի գրավոր դիմումի հիման վրա գործի քննությունը կարող է իրականացվել հեռահաղորդակցության միջոցներով, որի արդյունքներն ամփոփվում են գործի քննությունն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կազմվող արձանագրությամբ: Եթե տեխնիկապես առկա է գործի քննությունը ձայնագրելու հնարավորություն, ապա արձանագրությանը կցվում է նաև ձայնագրությունը:»:

 

Հոդված 8.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված մաքսային կանոնների խախտման դեպքերի վրա:

2. Մինչև «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անձանց ծանուցման համակարգի ներդրումը՝

1) հարկ վճարողի՝ մաքսային կանոնների խախտում կատարած աշխատակցին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը կարող են ծանուցվել էլեկտրոնային եղանակով, որն իրականացվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, և միաժամանակ աշխատակիցն իրազեկվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում փաստաթղթերը տեղադրելու միջոցով։ Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթը տեղադրելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հարկ վճարողը պարտավոր է փաստաթղթի օրինակը տրամադրել մաքսային կանոնների խախտում թույլ տված անձին և այն հանձնելու վերաբերյալ տեղեկատվությունը նույն օրը ներկայացնել մաքսային մարմին: Մաքսային կանոնների խախտում կատարած աշխատակցին սույն մասով նախատեսված փաստաթղթերը չտրամադրելու դեպքում դրա հետևանքով առաջացած իրավական հետևանքների ռիսկը կրում է հարկ վճարողը, և այս դեպքում նշանակված վարչական տույժի մասով աշխատակիցը հարկ վճարողի նկատմամբ ձեռք է բերում քաղաքացիաիրավական պահանջի իրավունք.

2) հարկ վճարողի՝ մաքսային կանոնների խախտում կատարած աշխատակիցը համարվում է պատշաճ ծանուցված սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ օրը.

3) հարկ վճարողի աշխատակից չհանդիսացող ֆիզիկական անձին, որը չունի նաև հարկ վճարողի հաշվառման համար, մաքսային կանոնների խախտում կատարելու դեպքում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը ծանուցվում են փոստային կապի միջոցով՝ հանձնման մասին ծանուցմամբ, մաքսային մարմնում առկա տեղեկություններում ժամանակագրական կարգով վերջին հաշվառման կամ բնակության հասցեով: Փոստային կապի միջոցով պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը ֆիզիկական անձին ուղարկելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնման մասին հետադարձ ծանուցում չստանալու դեպքում մաքսային մարմինը նշված փաստաթղթերի իրազեկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի դեպքում մաքսային կանոնների խախտում կատարած անձը համարվում է պատշաճ ծանուցված այդ փաստաթղթերը կայքում տեղադրելու օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. նոյեմբերի 8

Երևան

ՀՕ-386-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2024 թվական: