Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-66-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (24.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԲԱԺԻՆ 1

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքով կարգավորվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարելու, քաղաքացիական կացության ակտային գրանցումներում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու, քաղաքացիական կացության ակտային գրանցումները վերականգնելու և անվավեր ճանաչելու, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների մասին վկայականները, վկայականների կրկնօրինակները և տեղեկանքները տրամադրելու, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները պահպանելու կարգն ու ժամկետները և դրանց հետ կապված այլ հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի և սպասարկման կենտրոնների իրավասությունները:

 

Հոդված 2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին օրենսդրությունը

 

1․ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) քաղաքացիական կացության ակտ՝ քաղաքացիների իրավական վիճակը բնութագրող այնպիսի գործողություններ կամ դեպքեր, որոնք առաջացնում, փոփոխում կամ դադարեցնում են նրանց իրավունքները և պարտականությունները.

2) դիմող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, որը անձամբ կամ լիազորված անձի միջոցով սույն օրենքով սահմանված գործառույթ կատարելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը կամ տեղեկատվությունը ներկայացնում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին կամ սպասարկման կենտրոն.

3) էլեկտրոնային կառավարման համակարգ՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որի միջոցով պատրաստվում են սույն օրենքով նախատեսված բոլոր քաղաքացիական կացության ակտային գրանցումները, դրանց հիման վրա տրամադրվող փաստաթղթերը.

4) միասնական էլեկտրոնային գրանցամատյան՝ էլեկտրոնային կառավարման համակարգի պաշտոնական էլեկտրոնային փաստաթուղթ, որտեղ էլեկտրոնային եղանակով գրառվում և պահպանվում են սույն օրենքով սահմանված բոլոր քաղաքացիական կացության ակտային գրանցումները, գրանցման ենթակա նախատեսված բոլոր տեղեկությունները, ինչպես նաև գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները, տրամադրվող վկայականները, վկայականների կրկնօրինակները և տեղեկանքները.

5) քաղաքացիական կացության ակտի պետական գրանցում՝ միասնական էլեկտրոնային գրանցամատյանում սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտային գրանցման ստեղծում.

6) քաղաքացիական կացության ակտային գրանցում (ակտային գրանցում)՝ միասնական էլեկտրոնային գրանցամատյանում սույն օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկությունների մուտքագրման արդյունքում ձևավորված, ծառայողական օգտագործման ենթակա էլեկտրոնային կամ փաստաթղթային կրիչի վրա պահվող պաշտոնական փաստաթուղթ.

7) ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն՝ միասնական էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված ակտային գրանցման տեղեկությունների փոփոխություն.

8) վկայական՝ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման հիման վրա և դրա վերաբերյալ տեղեկություններ պարունակող, էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ պատրաստվող քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթ, որը դիմողի պահանջով տրամադրվում է նաև թղթային կրիչի վրա.

9) վկայականի կրկնօրինակ՝ մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմինների կողմից գրանցված, փաստաթղթային արխիվում պահպանված և էլեկտրոնային կառավարման համակարգ մուտքագրված (թվայնացված) քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթ, որը դիմողի պահանջով տրամադրվում է նաև թղթային կրիչի վրա.

10) տեղեկանք՝ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման հիման վրա և դրա վերաբերյալ տեղեկություններ պարունակող, էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ պատրաստվող քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին էլեկտրոնային փաստաթուղթ, որը դիմողի պահանջով տրամադրվում է նաև թղթային կրիչի վրա.

11) գործակալություն՝ արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունում (այսուհետ՝ նախարարություն) գործող գրասենյակ, որը Հայաստանի Հանրապետության տարածքում ղեկավարում և կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացը և իրականացնում սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ.

12) սպասարկման կենտրոն՝ գործակալության բաժին կամ առանձին նստավայր, որն իրականացնում է սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթների կատարման համար անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, դիմումների ընդունումը և այդ գործառույթների արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրումը.

13) դիվանագիտական ծառայության մարմին՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ (դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ), որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում կատարում են գործակալության որոշակի գործառույթներ.

14) հատուկ համարանիշ և արագ արձագանքման ծածկագիր՝ վկայականի, վկայականի կրկնօրինակի և տեղեկանքի իսկությունն ստուգելու նպատակով էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ գեներացվող 16 նիշ և թվային ծածկագիր.

15) ծածկագիր՝ դիմողին տրվող թվերի և տառերի համակցություն, որի միջոցով հնարավոր է հետևել համապատասխան դիմումի ընթացքին և ստանալ դրա արդյունքները, ներառյալ՝ էլեկտրոնային փաստաթուղթը (պետական վկայականը, վկայականի կրկնօրինակը, տեղեկանք) կամ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը կատարելու կամ դրա հետ կապված այլ գործառույթ իրականացնելու մերժման մասին գրությունը.

16) գործակալության պաշտոնական կայք՝ նախարարության կողմից վարվող համացանցային տեղեկատվական կայք:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նպատակները

 

1. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նպատակներն են՝

1) նպաստել անձանց գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների սահմանմանը և պաշտպանությանը.

2) ապահովել յուրաքանչյուր անձի համար քաղաքացիական կացության կարգավիճակը ապացուցող փաստաթղթի առկայությունը.

3) նպաստել քաղաքացիական կացության ակտերի գրանցման վիճակագրության ձևավորմանը.

4) նպաստել պետության շահերի պաշտպանությանը:

 

Հոդված 5. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման համակարգի միասնականության սկզբունքը

 

1. Հայաստանի Հանրապետությունում գործում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման միասնական համակարգ:

2. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը կազմվում է էլեկտրոնային կառավարման համակարգում՝ մեկ օրինակից:

3. Գործակալությունը ապահովում է էլեկտրոնային միասնական գրանցամատյանում գրանցված էլեկտրոնային փաստաթղթերի և գրանցման կատարման հիմքերի արխիվի ձևավորումը և պահպանությունը սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հոդված 6. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանի և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման էլեկտրոնային լինելը

 

1. Միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը հասանելի է գործակալությանը և սպասարկման կենտրոններին համացանցի միջոցով, ինչպես նաև դիվանագիտական ծառայության մարմիններին՝ էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով:

2. Գործակալությունում և դիվանագիտական ծառայության մարմիններում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման և դրանից բխող այլ գործառույթներն իրականացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով:

3. Սպասարկման կենտրոններում քաղաքացիական կացության ակտերի գրանցման և դրանից բխող այլ գործառույթների կատարման դիմումներն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով:

4. Էլեկտրոնային կառավարման համակարգով քաղաքացիական կացության ակտային գրանցումները և փաստաթղթեր պատրաստելու տեխնիկական անհնարինության դեպքում հայցվող գործառույթները կատարվում են թղթային տարբերակով, և գրանցման տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային կառավարման համակարգ ոչ ուշ, քան համապատասխան գրանցումը կատարելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Ակտային գրանցումները էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ կազմվում են քաղաքացիական կացության ակտային գրանցում կատարելու համար դիմումում ներկայացված տեղեկությունների հիման վրա: Ակտային գրանցումներն ստորագրվում են գործակալության պետի և համապատասխան աշխատակցի էլեկտրոնային ստորագրությամբ և հաստատվում գործակալության էլեկտրոնային կնիքով, իսկ դիվանագիտական ծառայության մարմնի կողմից գրանցվելու դեպքում՝ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ և հաստատվում դիվանագիտական ծառայության մարմնի էլեկտրոնային կնիքով:

6. Գործակալության կողմից իրականացվող գործառույթների հետ կապված փաստաթղթերը, էլեկտրոնային միասնական գրանցամատյանից տրամադրվող վկայականները, վկայականների կրկնօրինակները և տեղեկանքները կազմվում են բացառապես էլեկտրոնային եղանակով և կարող են արտատպվել թղթային կրիչի վրա:

7. Դիմումով պահանջվող գործառույթն իրականացնելու համար սույն օրենքով սահմանված ժամկետում վկայականը կամ վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը կամ պահանջվող գործառույթը մերժելու մասին որոշումն էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ուղարկվում է քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին:

8. Դիմումների, քաղաքացիական կացության ակտային գրանցումների, դրանց հիման վրա կատարվող հաղորդումների, վկայականի, վկայականի կրկնօրինակի և տեղեկանքի ձևանմուշները հաստատում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը (այսուհետ՝ նախարար):

9. Վկայականի, վկայականի կրկնօրինակի և տեղեկանքի իսկության ստուգումը կատարվում է սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով ամրագրված հատուկ համարանիշը և արագ արձագանքման ծածկագիրը մուտքագրելով նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայք կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները՝ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:

 

Հոդված 7. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկատվության գաղտնիությունը

 

1. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկատվությունը, ներառյալ՝ քաղաքացիական կացության ակտային գրանցումների թղթային արխիվում պահվող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

2. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանից վկայականները, տեղեկանքները կամ այլ տեղեկատվությունը տրամադրվում են սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի ձևավորման և վարման նպատակներով համապատասխան լիազոր մարմիններին, դատարանին (դատավորին), դատախազությանը, նախաքննության մարմիններին՝ նախաձեռնված քրեական վարույթների կամ հարուցված քաղաքացիական գործերի կապակցությամբ և օրենքով նախատեսված իրավասու այլ մարմինների կամ անձանց պահանջով:

4. Սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տեղեկությունները հասանելի են նաև վիճակագրական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության էլեկտրոնային հյուպատոսական համակարգին, սոցիալական ապահովության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և այլ իրավասու մարմինների և իրավաբանական անձանց՝ էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի համակցման միջոցով:

5. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տեղեկությունները կարող են փոխանցվել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրո: Տրամադրվող տեղեկությունների ցանկը, դրանց դիմաց վճարը և տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:

(7-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-221-Ն) 

 

Հոդված 8. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տվյալների արդիականացման և փոխօգնության սկզբունքը

 

1. Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վարվող տվյալների այլ բազաներում պահվող տվյալները ենթակա են գրանցման նաև միասնական էլեկտրոնային գրանցամատյանում, ապա այլ տվյալների բազաներում գրանցված տեղեկատվության փոփոխման դեպքում համապատասխան տեղեկատվությունը ինքնաշխատ կերպով արդիականանում է նաև միասնական էլեկտրոնային գրանցամատյանում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի:

2. Համապատասխան տվյալների բազաների ցանկը և ինքնաշխատ կերպով արդիականացման ենթակա տվյալների ցանկը սահմանում է Կառավարությունը՝ ելնելով այդպիսի արդիականացման տեխնիկական հնարավորությունից:

3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մարմինը կարող է դիմել այլ պետական, տեղական ինքակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների` որոշակի տեղեկություններ ստանալու նպատակով: Այս դեպքում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մարմնի կողմից տվյալ գործառույթի իրականացման համար սույն օրենքով սահմանված ժամկետը կասեցվում է:

 

Հոդված 9. Գործակալություն ներկայացված տեղեկատվության արժանահավատության կանխավարկածը

 

1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման կամ սույն օրենքով նախատեսված այլ գործառույթ իրականացնելու նպատակով դիմողի ներկայացրած տեղեկատվությունը համարվում է արժանահավատ, քանի դեռ չի ապացուցվել հակառակը:

2. Գործակալությունը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ներկայացված տեղեկությունների իսկության ստուգում չի իրականացնում և պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով առաջացած հնարավոր որևէ վնասի համար: Սույն մասով նախատեսված պատասխանատվության սահմանափակումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գործակալության աշխատակիցը գիտեր կամ ակնհայտորեն պարտավոր էր իմանալ ներկայացված փաստաթղթերի կեղծ լինելու մասին:

 

Հոդված 10. Օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերի ճանաչումը

 

1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կամ դրանից բխող այլ գործառույթների իրականացման նպատակով դիմողի կողմից ներկայացված օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված փաստաթուղթը ճանաչվում է հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթուղթը ներկայացվում է որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ կամ դիվանագիտական ծառայության մարմնի կատարած և հաստատած հայերեն թարգմանությամբ կամ օտարերկրյա պետության՝ համապատասխան իրավասություն ունեցող (երդվյալ, որակավորված) թարգմանչի ստորագրությամբ՝ հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 11. Դիմողին օգնություն ցուցաբերելը

 

1. Եթե էլեկտրոնային դիմումը լրացված է թերի, կամ եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա գործակալությունը կամ սպասարկման կենտրոնը դիմողին գրավոր առաջարկում է համալրել այդ ցանկը՝ նշելով քաղաքացիական կացության ակտը գրանցելու կամ դրանից բխող այլ գործառույթ կատարելու համար սույն օրենքով սահմանված անհրաժեշտ տեղեկատվությունը կամ փաստաթղթերը:

2. Դիմողի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված առաջարկությունն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, նշված թերությունները չշտկելը և փաստաթղթերի ցանկը չհամալրելը հիմք են քաղաքացիական կացության ակտը գրանցելը կամ դրանից բխող այլ գործառույթ կատարելը մերժելու մասին որոշում կայացնելու համար:

3. Գործակալության և սպասարկման կենտրոնի աշխատակիցները պարտավոր են դիմողին պարզաբանումներ տալ դիմումով առաջադրվող հարցի կապակցությամբ, պահանջվող գործառույթների իրականացման հետ կապված նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ և օժանդակել դիմումի ձևակերպման հարցում:

 

Հոդված 12.   Քաղաքացիական կացության ակտային գրանցումների պահպանումը

 

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումները և դրանց կից բոլոր փաստաթղթերը պահպանվում են էլեկտրոնային միասնական գրանցամատյանում:

2. Միասնական գրանցամատյանում նախորդ տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցված բոլոր ակտային գրանցումները համարակալված ժամանակագրական կարգով՝ ըստ տեսակների, գործակալության կողմից տեսաներածվում են էլեկտրոնային կրիչների վրա և փոխանցվում գործակալության համապատասխան ստորաբաժանում՝ պահպանման նպատակով:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման թղթային արխիվում առկա և էլեկտրոնային կրիչների վրա պահվող ակտային գրանցումները պահպանվում են դրանք կատարելուց հետո՝ մեկ տարի:

3. Մեկ տարին լրանալուց հետո գործակալությունը նախարարի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ (այսուհետ՝ արխիվ) է փոխանցում քաղաքացիական կացության ակտային գրանցումների առաջին օրինակներից կազմված թղթային գրքերը, ինչպես նաև էլեկտրոնային կրիչների վրա պահպանվող քաղաքացիական կացության ակտային գրանցումները:

4. Քաղաքացիական կացության ակտային գրանցումների երկրորդ օրինակից կազմված թղթային գրքերը ենթակա են ոչնչացման:

 

Հոդված 13. Պետական տուրքը և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ոլորտի գործառույթների իրականացման վճարովիությունը

 

1. Սույն օրենքով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների և դրանցից բխող այլ գործառույթների իրականացման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:

2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների (այդ թվում՝ օրենքով սահմանված ժամկետից կարճ ժամկետում մատուցվող ծառայությունների) ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարները, որոնք ուղղվում են պետական բյուջե, սահմանվում են Կառավարության որոշմամբ:

3. Սպասարկման կենտրոնի գործառույթներն իրականացնող իրավաբանական անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափը և կարգը սահմանում է Կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 14. Արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը

 

1. Արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը՝

1) մշակում և իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական քաղաքականությունը.

2) կազմակերպում է գործակալության և սպասարկման կենտրոնների գործունեությունը.

3) իրականացնում է գործակալության և սպասարկման կենտրոնների գործունեության նկատմամբ վերահսկողությունը և մեթոդական ղեկավարումը.

4) հաստատում է միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը.

5) հաստատում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նմուշային փաստաթղթերի ձևերը.

6) սահմանում է քաղաքացիական կացության ակտային գրանցումների արխիվի վարման, պահպանության և ոչնչացման կարգը.

7) հաստատում է գործակալության և սպասարկման կենտրոնների գործունեության տարեկան հաշվետվությունների ձևերը և դրանք ներկայացնելու կարգը.

8) իրականացնում է գործակալության և սպասարկման կենտրոնների կողմից կատարվող գործառույթների օրինականության պահպանման վերաբերյալ ստուգումներ.

9) հաստատում է գործակալության կողմից ոչ պարտադիր գործառույթների իրականացման կարգը.

10) ուսումնասիրում է գործակալության և սպասարկման կենտրոնների աշխատողների գործունեության դեմ ուղղված բողոքները.

11) խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում գործակալության աշխատակիցներին.

12) առաջարկություններ է ներկայացնում տեղական ինքնակառավարման և իրավասու այլ մարմինների՝ սպասարկման կենտրոնների աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.

13) վարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման վիճակագրություն և եռամսյակային պարբերականությամբ հրապարակում է տեղեկություններ քաղաքացիական կացության ակտային գրանցումների վերաբերյալ.

14) կնքում է սպասարկման կենտրոնի գործառույթներ իրականացնելու համար պայմանագրեր.

15) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 15. Գործակալությունը

 

1. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված գործընթացների կազմակերպումը և քաղաքացիական կացության ակտերի գրանցումը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է գործակալությունը:

2. Գործակալության կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

3. Գործակալությունը գլխավորում է գործակալության պետը:

4. Գործակալության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը՝ օրենքով սահմանված կարգով:

5. Գործակալությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի, գործակալության կանոնադրության հիման վրա:

6. Գործակալության գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Հոդված 16. Գործակալության և դիվանագիտական ծառայության մարմինների գործառույթները քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման կազմակերպման գործում

 

1. Գործակալությունը՝

1) կազմակերպում և իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման և դրանից բխող այլ գործառույթների կատարման գործընթացները.

2) ապահովում է միասնական էլեկտրոնային գրանցամատյանի վարումը.

3) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ միասնական էլեկտրոնային գրանցամատյանից.

4) ապահովում է քաղաքացիական կացության ակտային գրանցումների արխիվի վարումը և պահպանումը.

5) վարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման վիճակագրություն և եռամսյակային պարբերականությամբ հրապարակում է տեղեկություններ քաղաքացիական կացության ակտային գրանցումների քանակի վերաբերյալ.

6) իրականացնում է սպասարկման կենտրոնների գործունեության մեթոդական ղեկավարումը.

7) իրականացնում է սպասարկման կենտրոնների կողմից կատարվող գործառույթների՝ սույն օրենքին համապատասխանության մշտադիտարկումը.

8) վարում է գործակալության պաշտոնական կայքը.

9) ապահովում է միասնական կառավարման համակարգի արդիականացումը և անխափան գործածումը.

10) աջակցում է դիվանագիտական ծառայության մարմիններին՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների և դրանցից բխող այլ գործառույթների իրականացման գործընթացներում.

11) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Գործակալությունը պարտավոր է անձանց համար պայմաններ ստեղծել գործակալության գործունեությանն առնչվող օրենքներին և իրավական այլ ակտերի ծանոթանալու համար: Այդ նպատակով գործակալության պաշտոնական կայքում տեղակայվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործընթացը և դրանից բխող այլ գործողությունները կարգավորող բոլոր իրավական ակտերը:

3. Դիվանագիտական ծառայության մարմինները՝

1) իրականացնում են օտարերկրյա պետություններում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում և դրանից բխող այլ գործառույթներ՝ սույն օրենքով սահմանված կարգով կատարելով գործակալության պարտականությունները.

2) օգտվում են միասնական էլեկտրոնային գրանցամատյանից՝ էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով.

3) սահմանված կարգով տրամադրում են տեղեկանքներ՝ էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով միասնական էլեկտրոնային գրանցամատյանից ինքնաշխատ կերպով կամ հարցման արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա։

 

Հոդված 17. Սպասարկման կենտրոնը

 

1. Սպասարկման կենտրոնների տարածքները սահմանվում են բնակչության քանակի, գործարքների, հաճախորդների ակտիվության վրա հիմնված տարածքային բաժանման սկզբունքով, իսկ սպասարկման կենտրոններին առաջադրվող նվազագույն պահանջները և գտնվելու վայրերի չափանիշները՝ քաղաքացիների հարմարավետության, հերթերի արդյունավետ կառավարման, անվտանգության ապահովման, ժամանակի արդյունավետության սկզբունքների հիման վրա:

2. Սպասարկման կենտրոնի աշխատակիցներն ընդունվում և աշխատանքից ազատվում են օրենքով սահմանված կարգով՝ ըստ սպասարկման կենտրոնի կազմակերպաիրավական ձևի (պետական կամ տեղական ինքնակառավարման հիմնարկ, իրավաբանական անձ):

3. Սպասարկման կենտրոնի՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման կամ դրանից բխող այլ գործառույթների սպասարկումն իրականացնում են առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք:

4. Սպասարկման կենտրոնների աշխատակիցների վերապատրաստումն իրականացնում է նախարարությունը:

5. Սպասարկման կենտրոնների աշխատակիցների վերապատրաստման կարգը սահմանում է նախարարը:

6. Գործակալության սպասարկման կենտրոնների նստավայրերի ցանկը հաստատում է նախարարը: Սպասարկման կենտրոնի գործառույթները կարող են իրականացնել պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և Կառավարության լիազորած օպերատորները, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտներ, որոնց ցանկը և նստավայրերը հաստատում է Կառավարությունը:

7. Գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներ իրականացնող՝ Կառավարության լիազորած օպերատորների ցանկը, օպերատորներին պատվիրակվող գործառույթների ցանկը, օպերատորների հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը և օպերատորների սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է Կառավարությունը:

(17-րդ հոդվածը լրաց. 02.10.24 ՀՕ-345-Ն)

 

Հոդված 18. Սպասարկման կենտրոնի գործառույթները

 

1. Սպասարկման կենտրոնը՝

1) կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման և դրանից բխող այլ գործառույթների իրականացման համար դիմումների լրացումը, կից ներկայացվող փաստաթղթերի ընդունումը, դրանց մուտքագրումը էլեկտրոնային կառավարման համակարգ և գործակալության կողմից դիմումի քննարկման արդյունքում ձևավորված փաստաթղթի տրամադրումը.

2) ապահովում է խորհրդատվություն դիմողի առաջադրած հարցի կապակցությամբ, ինչպես նաև պահանջվող գործառույթների իրականացման հետ կապված նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.

3) եռամսյակային հաշվետվություն է ներկայացնում գործակալություն իր կատարած աշխատանքների վերաբերյալ.

4) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Սպասարկման կենտրոնի աշխատակիցն ստուգում է դիմողի ինքնությունը և սույն օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:

3. Սպասարկման կենտրոնի աշխատակիցը էլեկտրոնային կառավարման համակարգում լրացնում է դիմումը՝ կցելով դրան դիմողի տրամադրած փաստաթղթերը՝ պատկերամուտի միջոցով արված «PDF» ձևաչափի ֆայլի տեսքով: Դիմումն ստորագրում է դիմողը՝ էլեկտրոնային եղանակով՝ սպասարկման կենտրոնում առկա համապատասխան սարքավորման միջոցով: Դիմողի էլեկտրոնային ստորագրությունը տեխնիկական պատճառով անհնարին լինելու դեպքում դիմումն արտատպում է աշխատակիցը, ընթերցում և ստորագրում է դիմողը: Դիմողի ստորագրած և աշխատակցի՝ «PDF» ձևաչափի ֆայլի տեսքով թվայնացված դիմումը նույնպես կցվում է էլեկտրոնային կառավարման համակարգին:

4. Սպասարկման կենտրոնին տրամադրված բոլոր բնօրինակ փաստաթղթերը՝ պատկերամուտի միջոցով արված «PDF» ձևաչափի ֆայլի տեսքով, կցվում են էլեկտրոնային կառավարման համակարգին և վերադարձվում դիմողին:

5. Դիմողի պահանջի առկայության դեպքում սպասարկման կենտրոնը տրամադրում է վկայականը, վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը՝ թղթային կրիչի վրա:

 

Հոդված 19. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

 

1. Գործակալության, դիվանագիտական ծառայության մարմինների, ինչպես նաև սպասարկման կենտրոնների աշխատակիցները պատասխանատվություն են կրում քաղաքացիական կացության ակտերի դիմումները չընդունելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցումներն անհիմն մերժելու, դրանց կատարումից խուսափելու կամ գրանցումն անհիմն կամ անօրինական կատարելու համար՝ օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 4

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԸ

 

Հոդված 20. Դիմում ներկայացնելու կարգը

 

1. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման կամ սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ կատարելու նպատակով դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:

2. Էլեկտրոնային եղանակով դիմումը ներկայացնելու և ընդունելու կարգը սահմանում է նախարարը:

3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման կամ սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ կատարելու նպատակով լիազորված անձի միջոցով էլեկտրոնային դիմում ներկայացնելը արգելվում է:

4. Սպասարկման կենտրոնների միջոցով դիմում ներկայացնելու դեպքում դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե դիմողը սպասարկման կենտրոնի աշխատակցին տրամադրում է դիմումը պատրաստելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունը (փաստաթղթերը) և ստորագրում պատրաստված դիմումը:

5. Սույն օրենքով սահմանված գործառույթներ կատարելու համար իրավասու անձը կարող է դիմում ներկայացնել սպասարկման կենտրոն նաև լիազորված անձի միջոցով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Լիազորված անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում ներկայացվում են նաև լիազորած անձի անձը հաստատող փաստաթղթի տվյալները և նրա տրամադրած հասարակ լիազորագիրը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, ինչպես նաև լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը:

6. Եթե քաղաքացիական կացության ակտային գրանցման կատարման կամ դրանից բխող այլ գործառույթներ կատարելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով պահանջվում է վճարի գանձում, ապա դիմումին կից նաև ներկայացվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը:

7. Կառավարության որոշմամբ հաստատված լրացուցիչ ծառայություններից օգտվելու դեպքում դիմումին կից նաև ներկայացվում է համապատասխան վճարի գանձման անդորրագիրը:

 

Հոդված 21. Դիմումը մերժելը

 

1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը կամ սույն օրենքով նախատեսված այլ գործողությունների կատարումը մերժում է գործակալությունը, եթե՝

1) պահանջը նախատեսված չէ օրենքի դրույթներով, կամ պահանջը չի հիմնավորվում դիմումին կից ներկայացվող փաստաթղթերով կամ տեղեկություններով.

2) չեն պահպանվել սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջները.

3) սույն օրենքով նախատեսված են այլ հիմքեր:

2. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը կամ դրանից բխող այլ գործառույթ կատարելը մերժելու դեպքում այդ մասին հայցվող գործողության կատարման համար սույն օրենքով սահմանված ժամկետում դիմողին տրամադրվում է դիմումը մերժելու մասին որոշում, որը պետք է պարունակի մերժման իրավական բոլոր հիմքերը, ներկայացված փաստաթղթերում առկա և գրանցմանը կամ հայցվող գործողության կատարմանը խոչընդոտող բոլոր հանգամանքները:

3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման կամ դրանից բխող այլ գործառույթ կատարելու մերժման որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

 

ԲԱԺԻՆ 2

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 5

 

ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 22. Ծննդի պետական գրանցման ընդհանուր դրույթները

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ծնված յուրաքանչյուր անձի ծնունդ ենթակա է գրանցման առանց ժամկետային սահմանափակման:

2. Օտարերկրյա պետության տարածքում ծնված և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր անձի ծնունդ կարող է գրանցվել դիվանագիտական ծառայության մարմնում առանց ժամկետային սահմանափակման:

3. Երեխայի ծնողը պարտավոր է գրանցել երեխայի ծնունդը ոչ ուշ, քան երեխայի ծնվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

4. Ընկեցիկ կամ լքված երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդի վայրի կամ դրա մասին տեղեկությունների բացակայության դեպքում՝ երեխայի գտնվելու վայրի սոցիալական աջակցության բնագավառում Կառավարության լիազորած պետական մարմնում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի աշխատակցի դիմումի հիման վրա, ոչ ուշ, քան սույն օրենքով սահմանված ընկեցիկ կամ լքված երեխա ճանաչելու մասին իրավասու մարմնի կողմից փաստաթուղթն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

5. Տասնվեց տարին լրացած անձի ծննդի պետական գրանցումը կատարվում է իր դիմումի հիման վրա՝ սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը և անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում:

6. Տասնվեց տարին լրացած, սակայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձը հաստատող փաստաթուղթ չստացած անձի, ինչպես նաև անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի ծննդի պետական գրանցումը կատարվում է նրա ծնողի, օրինական ներկայացուցչի կամ նրա բնակության վայրի համայնքի ղեկավարի դիմումի հիման վրա:

7. Սույն օրենքի իմաստով՝ ընկեցիկ է համարվում այն երեխան, որի ծնողները երեխայի ծննդի գրանցման դիմում ներկայացնելու պահին հայտնի չեն, և որը հայտնաբերվել է (գտնվել է) իր հնարավոր բնակության վայրում կամ դրանից դուրս:

8. Սույն օրենքի իմաստով՝ լքված է համարվում այն երեխան, որի ծնունդը տեղի է ունեցել բժշկական հաստատությունում, սակայն կենսաբանական ծնողը չի ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթը և լքել է երեխային:

9. Սույն օրենքով սահմանված՝ ընկեցիկ կամ լքված երեխայի կարգավիճակը հաստատվում է սոցիալական աջակցության բնագավառում Կառավարության լիազորած պետական մարմնում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի տված գրությամբ:

10. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողից օտարերկրյա պետության տարածքում ծնված կամ օտարերկրյա պետության տարածքում ծննդի գրանցում ունեցող երեխայի ծննդի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է բացառապես այն դեպքում, երբ հնարավոր չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ծնունդը գրանցող օտարերկրյա պետության կողմից ստանալ ծննդի գրանցումը հիմնավորող փաստաթուղթը կամ դրանում կատարել անհրաժեշտ փոփոխություններ:

 

Հոդված 23. Ծննդի պետական գրանցման հիմքերը

 

1. Ծննդի պետական գրանցման հիմք են՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքի բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ, սակայն բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում` ծննդի մասին սահմանված ձևի բժշկական փաստաթուղթը.

2) օտարերկրյա պետության տարածքի բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ, սակայն բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում` ծննդի մասին բժշկական փաստաթուղթը.

3) երեխայի ծննդյան փաստը հաստատող՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը.

4) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը.

5) օտարերկրյա պետությունում ծնված անձի՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը և ծնունդը հիմնավորող այլ փաստաթղթեր:

 

Հոդված 24. Ծննդի պետական գրանցման համար դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը

 

1. Ծննդի պետական գրանցման մասին դիմում կարող են ներկայացնել սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-5-րդ մասերով սահմանված անձինք:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած, բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ՝ բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում դիմողը ներկայացնում է՝

1) ծննդի մասին բժշկական փաստաթղթի քաղվածքը.

2) եթե երեխայի ծնողները ամուսնության մեջ են, ապա ծնողների ամուսնության պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնության ակտային գրանցման տվյալները.

3) երեխայի ծնողի մահվան դեպքում՝ մահվան պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ մահվան ակտային գրանցման տվյալները.

4) երեխայի ծնողների ամուսնալուծության դեպքում՝ ամուսնալուծությունը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնալուծության ակտային գրանցման տվյալները.

5) երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերը:

3. Բժշկական հաստատությունից դուրս և առանց բժշկական օգնության տեղի ունեցած ծննդի դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված փաստաթղթի, դիմողը ներկայացնում է նաև՝

1) երեխայի մոր անձը հաստատող փաստաթուղթը.

2) երեխայի կենսաբանական մայր հանդիսանալու ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը.

3) երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթը՝ տրված բժշկական կազմակերպության կողմից կամ երեխայի գտնվելու (բնակվելու) վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից:

4. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միջոցով տեղի ունեցած ծննդի դեպքում ներկայացվում են նաև փոխնակ մոր հետ կնքված պայմանագիրը և ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը:

5. Ընկեցիկ կամ լքված երեխայի ծննդի պետական գրանցման համար դիմողը նաև ներկայացնում է՝

1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

2) երեխայի հայտնաբերման, ծնողի կողմից լքված լինելու վայրի, ժամանակի և հանգամանքների մասին, ընկեցիկ կամ լքված երեխայի կարգավիճակը հաստատող սոցիալական աշխատակցի տված գրությունը.

3) երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթը՝ տրված բժշկական կազմակերպության կողմից կամ երեխայի գտնվելու (բնակվելու) վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից:

 

Հոդված 25. Ծննդի պետական գրանցման կարգը

 

1. Ծննդի պետական գրանցումը կատարվում է դիմումը և սույն օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը: Ծննդի մասին պետական վկայականը ուղարկվում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

2. Միաժամանակ երկու կամ ավելի երեխաների ծննդյան դեպքում ծննդի պետական գրանցումը կատարվում է յուրաքանչյուր երեխայի համար առանձին:

 

Հոդված 26. Մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցումը

 

1. Մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար հիմք է բժշկական կազմակերպության կամ բժշկի տված՝ մինչև ծնունդը (պերինատալ) մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթը:

2. Մահացած ծնված երեխայի ծննդի մասին դիմումը ներկայացնելու պարտականությունը կրում է (են)՝

1) մահացած ծնված երեխայի ծնողը (ծնողները).

2) եթե մահացած ծնված երեխայի ծնողը (ծնողները) մահվան պահից 7-օրյա ժամկետում չի (չեն) դիմում բժշկական կազմակերպություն՝ երեխայի պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթն ստանալու համար, ապա այն բժշկական կազմակերպության վարչական աշխատակազմի ներկայացուցիչը, որտեղ ընդունվել է ծնունդը, կամ որտեղ երեխան մահացել է:

3. Մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան երեխայի պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթն ստանալուց հետո՝ 14 օրվա ընթացքում:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման դիմումը բժշկական կազմակերպության վարչական աշխատակազմի ներկայացուցիչը ներկայացնում է ոչ ուշ, քան երեխայի պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթը հաստատելուց հետո՝ 10-րդ աշխատանքային օրը:

5. Մահացած ծնված երեխայի վերաբերյալ կատարվում է ծննդի պետական գրանցում: Ծննդի մասին պետական վկայական չի գեներացվում:

6. Երեխայի պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթղթում նշված երեխայի մայր հանդիսացող անձի` www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկվում է մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման մասին տեղեկանք:

7. Մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, ծննդի մասին պետական գրանցման մեջ նշվում է՝ «Ծնվել է մահացած»:

 

Հոդված 27. Ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի ծնողների մասին տեղեկություններ լրացնելու կարգը

 

1. Ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի մոր մասին տեղեկությունների լրացման հիմք են՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ, սակայն բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում` ծննդի մասին սահմանված ձևի բժշկական փաստաթղթում երեխայի մոր մասին լրացված տվյալները.

2) օտարերկրյա պետության տարածքում բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ, սակայն բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում` ծննդի մասին բժշկական փաստաթղթում երեխայի մոր մասին լրացված տվյալները.

3) երեխայի ծննդյան փաստը հաստատող՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռում կամ «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտում երեխայի մոր մասին լրացված տվյալները.

4) երեխայի կենսաբանական մայր հանդիսանալու ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման մեջ նշված տվյալները:

2. Ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի հոր մասին տեղեկությունների լրացման հիմք են՝

1) երեխայի ծննդյան պահին երեխայի մոր վավեր ամուսնության ակտային գրանցման մեջ կամ ամուսնության պետական գրանցումը հաստատող փաստաթղթում նշված անձի տվյալները.

2) երեխայի նկատմամբ հայրության ճանաչման ակտային գրանցման մեջ կամ հայրության ճանաչումը հաստատող փաստաթղթում նշված անձի տվյալները.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճռում նշված անձի տվյալները:

3. Այն անձինք, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից, ծննդի ակտային գրանցման մեջ գրառվում են որպես երեխայի ծնող (ծնողներ)՝ փոխնակ մոր հետ կնքած պայմանագրի և ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման մեջ նշված տվյալների հիման վրա:

4. Եթե երեխայի մայրը ամուսնալուծված է, գրանցված ամուսնությունը դատական կարգով ճանաչվել է անվավեր, կամ եթե ամուսինը մահացել է, բայց ամուսնալուծության, ամուսնության անվավեր ճանաչման կամ ամուսնու մահվան օրվանից մինչև երեխայի ծննդի օրը անցել է ոչ ավելի, քան 300 օր, ապա ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են երեխայի մոր ամուսնության ակտային գրանցման կամ ամուսնության պետական գրանցումը հաստատող փաստաթղթի կամ ամուսնությունը դադարելու մասին փաստաթղթի հիման վրա, եթե երեխայի մայրը չի նշում այլ անձի տվյալներ:

5. Ամուսնության մեջ չգտնվող մորից ծնված երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի հոր տվյալները (անունը և (կամ) հայրանունը և (կամ) ազգանունը) լրացվում են երեխայի մոր հայտարարությամբ: Մոր ցանկությամբ երեխայի հոր վերաբերյալ տեղեկությունները կարող են չլրացվել:

6. Երեխայի ծննդյան պահին վավեր ամուսնության մեջ գտնվող մորից ծնված երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ հոր մասին տեղեկությունները կարող են լրացվել երեխայի մոր հայտարարության հիման վրա, եթե երեխայի մայրը և նրա ամուսինը համատեղ դիմում են ներկայացնում՝ երեխայի՝ այլ անձից սերված լինելու վերաբերյալ:

7. Ընկեցիկ կամ լքված երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ նրա ծնողների մասին տեղեկություններ չեն լրացվում:

8. Ընկեցիկ կամ լքված երեխայի կարգավիճակի փոփոխման մասին իրավասու մարմնի տված որոշումը հիմք է սույն օրենքով սահմանված կարգով փոփոխություն կատարելու երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ:

9. Երեխայի ծնողների մասին ծննդի ակտային գրանցման մեջ այլ անհրաժեշտ տեղեկությունները լրացվում են ծնողի (ծնողների) անձը հաստատող փաստաթղթի և դիմումում լրացված տեղեկությունների հիման վրա:

 

Հոդված 28. Ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի մասին տեղեկություններ լրացնելու կարգը

 

1. Ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի անունը, հայրանունը, ազգանունը՝

1) երեխայի անունը գրառվում է ըստ դիմումում նշված անվան.

2) երեխայի հայրանունը գրառվում է ըստ ծննդյան ակտային գրանցման մեջ երեխայի հայր գրառված անձի անվանման.

3) երեխայի ազգանունը գրառվում է նրա ծնողների ազգանվամբ: Ծնողների տարբեր ազգանունների առկայության դեպքում երեխայի ազգանունը գրառվում է ըստ դիմումում նշված ազգանվան.

4) ընկեցիկ կամ լքված երեխայի անունը, հայրանունը և ազգանունը գրառվում են ըստ դիմումում նշված անվան, հայրանվան և ազգանվան.

5) մահացած ծնված երեխայի ծննդի ակտային գրանցման մեջ երեխայի անունը, հայրանունը և ազգանունը գրառվում են ըստ երեխայի ծնողի (ծնողների)՝ դիմումում նշված անվան, հայրանվան և ազգանվան: Բժշկական հաստատության ներկայացրած դիմումի հիման վրա մահացած ծնված երեխայի ծննդյան ակտում երեխայի անունը և հայրանունը չեն գրառվում, ազգանունը գրառվում է երեխայի պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթղթում նշված երեխայի մայր հանդիսացող անձի ազգանվամբ:

2. Երեխայի ծննդյան ժամանակը և սեռը գրառվում են՝

1) բժշկական կազմակերպության տված՝ ծննդի մասին բժշկական փաստաթղթի մեջ նշված տվյալների համաձայն.

2) երեխայի ծննդյան փաստը հաստատող՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի մեջ նշված տվյալների համաձայն.

3) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտում նշված տվյալների համաձայն.

4) բժշկական կազմակերպության կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի տված՝ երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթղթում նշված տվյալների համաձայն:

3. Որպես երեխայի ծննդյան վայր՝ գրառվում է՝

1) երեխայի փաստացի ծննդյան վայրը կամ այն վայրը, որտեղ գտնվել է երեխան (մարզի, քաղաքային կամ գյուղական համայնքի անվանումը).

2) եթե երեխան ծնվել է տրանսպորտային միջոցում՝ ուղերթի ընթացքում, ապա այն վայրը, որի տարածքով ծննդյան պահին տեղաշարժվել է այդ տրանսպորտային միջոցը, բացառությամբ օդային և ջրային տրանսպորտի համար օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

4. Երեխայի ազգությունը գրառվում է՝

1) ծնողի (ծնողների) ազգությանը համապատասխան, եթե երեխայի ծնողները ունեն միևնույն ազգությունը.

2) դիմումում նշված ծնողներից մեկի ազգությամբ, եթե երեխայի ծնողները ունեն տարբեր ազգություն:

5. Ծննդյան ակտային գրանցման մեջ անհրաժեշտ այլ տեղեկությունները լրացվում են համաձայն դիմումի և դրան կից ներկայացվող այլ փաստաթղթերի հիման վրա:

 

Հոդված 29. Ծննդի ակտային գրանցման բովանդակությունը

 

1. Ծննդի ակտային գրանցման մեջ լրացվում են հետևյալ տեղեկությունները.

1) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծննդյան վայրը և ժամանակը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով՝ ազգությունը.

2) ծնված երեխաների թիվը (մեկ, երկու կամ ավելի, կենդանածին կամ մեռելածին).

3) նորածինը մոր որերորդ երեխան է.

4) երեխայի ծննդի փաստը հաստատող փաստաթղթի տվյալները.

5) դիմողի համաձայնությամբ տրամադրված հանրային ծառայությունների համարանիշը.

6) ծնողների անունը, հայրանունը, ազգանունը, ինչպես նաև ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ըստ ցանկության՝ ազգությունը, աշխատանքի վայրը և կրթությունը.

7) հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթի տվյալները.

8) դիմող անձի անձնագրային տվյալները.

9) ծննդի ակտային գրանցման ժամանակը և համարը.

10) ծննդյան վկայականի սերիան և համարը.

11) երեխայի բնակության վայրը:

2. Անձի ծննդի ակտային գրանցման մեջ լրացվում են կյանքի ընթացքում այդ անձի վերաբերյալ կատարված բոլոր քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ տեղեկությունները:

 

Հոդված 30. Ծննդյան վկայականի բովանդակությունը

 

1. Ծննդյան վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծննդյան վայրը և ժամանակը, ազգությունը՝ ծննդյան ակտային գրանցմանը համապատասխան.

2) դիմողի համաձայնությամբ տրամադրված հանրային ծառայությունների համարանիշը.

3) ծնողների անունը, հայրանունը, ազգանունը և ազգությունը.

4) ծննդի ակտային գրանցման ժամանակը, համարը և գրանցումը.

5) ծննդյան վկայական տալու ժամանակը և տրամադրող մարմնի անվանումը:

 

ԳԼՈՒԽ 6

 

ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 31. Հայրության ճանաչման պետական գրանցման հիմքերը

 

1. Հայրության ճանաչման պետական գրանցման հիմքերն են՝

1) երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող մոր և երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի համատեղ հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է հայտարարություն ներկայացնող անձից.

2) սույն օրենքով նախատեսված դեպքերում մոր հետ ամուսնության մեջ չգտնվող՝ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է իրենից.

3) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը:

2. Հայրության ճանաչման գրանցումը կատարվում է առանց անձի տարիքային սահմանափակման, որի նկատմամբ այն ճանաչվում է:

 

Հոդված 32. Հայրության ճանաչման պետական գրանցման համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը

 

1. Հայրության ճանաչման պետական գրանցման համար երեխայի մոր և երեխայի նկատմամբ հայր ճանաչող անձի համատեղ դիմումը կարող է տրվել երեխայի մոր հղիության ընթացքում, ծննդի պետական գրանցման ժամանակ կամ դրանից հետո:

2. «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճռի հիման վրա հայրության ճանաչման պետական գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել բացառապես երեխայի ծննդի պետական գրանցումից հետո՝ շահագրգիռ անձի կողմից:

3. Հայրության ճանաչման պետական գրանցման համար ներկայացվում են՝

1) համատեղ դիմումի դեպքում՝ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի և երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթերը.

2) երեխայի ծննդի գրանցման մասին վկայականը կամ ակտային գրանցման տվյալները, եթե հայրության ճանաչման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի պետական գրանցումից հետո.

3) երեխայի մոր հղիությունը հաստատող բժշկական տեղեկանքը, եթե հայրության ճանաչման մասին դիմումը ներկայացվում է մինչև երեխայի ծնվելը.

4) երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի անձը հաստատող փաստաթուղթը և երեխայի մոր բացակայության մասին իրավասու մարմնի տված փաստաթուղթը (մոր մահվան վկայականը կամ տեղեկանքը, նրան անգործունակ ճանաչելու կամ մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը) և երեխայի կենսաբանական հայր հանդիսանալու վերաբերյալ ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը.

5) չափահաս անձի համաձայնությունը՝ իր նկատմամբ հայրություն ճանաչելու դեպքում.

6) տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը, եթե հայրության ճանաչման պետական գրանցման հետևանքով նախատեսվում է փոխել նաև նրա անունը կամ ազգանունը.

7) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը և դիմողի անձը հաստատող փաստաթուղթը:

4. Հայրության ճանաչման մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.

1) երեխայի ազգանունը, անունը, հայրանունը (մինչև հայրության ճանաչումը), սեռը, ծննդյան վայրը և ժամանակը, երեխայի ծննդի ակտային գրանցման ժամանակը և համարը.

2) հայրության ճանաչումից հետո երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, եթե դիմողը ցանկանում է դրանք փոխել.

3) երեխայի հոր մասին տեղեկություններ՝ անունը, հայրանունը, ազգանունը, ինչպես նաև ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ազգությունը՝ ըստ ցանկության.

4) երեխայի մոր տվյալները՝ համաձայն երեխայի ծննդի ակտային գրանցման.

5) երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

6) հայրության ճանաչման համար հիմք հանդիսացող փաստաթղթի տեսակը և տվյալները:

 

Հոդված 33. Հայրության ճանաչման պետական գրանցման կարգը

 

1. Հայրության ճանաչման պետական գրանցումը կատարվում է դիմումը և սույն օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:

2. Հայրության ճանաչման ակտային գրանցման հիման վրա երեխայի ծննդի ակտային գրանցման մեջ սույն օրենքով սահմանված կարգով կատարվում են այն բոլոր տվյալների փոփոխությունները, որոնք բխում են հայրության ճանաչման ակտային գրանցման տվյալներից:

3. Երեխայի հայրության ճանաչման պետական գրանցման տեղեկությունները էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով անհապաղ փոխանցվում են սոցիալական ծառայություններ տրամադրող մարմին:

 4. Եթե երեխայի ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, ապա հայրության ճանաչման պետական գրանցումը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Օտարերկրյա պետության գրանցած ծննդյան ակտային գրանցման հիման վրա կատարված հայրության ճանաչման պետական գրանցման դեպքում դիմողին տրամադրվում է հայրության ճանաչման վկայական, և կատարված հայրության ճանաչման պետական գրանցման մասին հաղորդվում է երեխայի ծննդի ակտային գրանցման վայր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

 

Հոդված 34. Հայրության ճանաչման պետական գրանցման մերժումը

 

1. Հայրության ճանաչման պետական գրանցումը մերժվում է, եթե՝

1) երեխայի ծննդի մասին ակտում որպես երեխայի հայր նշված է այլ անձ, որի վերաբերյալ տեղեկությունները գրառվել են երեխայի մոր ամուսնության պետական գրանցման հիման վրա, կամ եթե առկա է երեխայի նկատմամբ նախկինում հայրության ճանաչման պետական գրանցում.

2) հայրության ճանաչման պետական գրանցման վարույթի ընթացքում պարզվում է, որ դիմում ներկայացնող անձը երեխայի հայրը չէ:

2. Հայրության ճանաչման պետական գրանցումը չի կարող մերժվել, եթե երեխայի հոր մասին տեղեկությունները գրանցվել են սույն օրենքով սահմանված կարգով՝ մոր ցուցումով, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված դեպքի, կամ այն դեպքում, երբ հայրության ճանաչման պետական գրանցումը կատարվում է «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով՝ նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճռի հիման վրա:

 

Հոդված 35. Հայրության ճանաչման ակտային գրանցման բովանդակությունը

 

1. Հայրության ճանաչման ակտային գրանցման մեջ լրացվում են հետևյալ տեղեկությունները.

1) երեխայի ազգանունը, անունը, հայրանունը (մինչև հայրության ճանաչումը), սեռը, ծննդյան վայրը և ժամանակը, երեխայի ծննդի ակտային գրանցման ժամանակը և համարը.

2) հայրության ճանաչումից հետո երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, եթե դրանք փոփոխվում են.

3) երեխայի հոր մասին տեղեկություններ՝ անունը, հայրանունը, ազգանունը, ինչպես նաև ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ազգությունը՝ ըստ ցանկության.

4) երեխայի մոր տվյալները՝ համաձայն երեխայի ծննդի ակտային գրանցման.

5) երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

6) հայրության ճանաչման համար հիմք հանդիսացող փաստաթղթի տեսակը և տվյալները.

7) հայրության ճանաչման ակտային գրանցման ժամանակը և համարը.

8) տրված հայրության ճանաչման վկայականի սերիան և համարը.

9) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

 

Հոդված 36. Հայրության ճանաչման վկայականի բովանդակությունը

 

1. Հայրության ճանաչման վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) երեխայի հայր ճանաչված անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ժամանակը, ազգությունը՝ հայրության ճանաչման ակտային գրանցմանը համապատասխան.

2) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը հայրության որոշումից առաջ և հետո.

3) ծննդյան վայրը և ժամանակը.

4) երեխայի մոր անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ժամանակը, ազգությունը՝ հայրության ճանաչման ակտային գրանցմանը համապատասխան.

5) հայրության ճանաչման ակտային գրանցման ժամանակը և համարը.

6) հայրության ճանաչման վկայական տալու ժամանակը և տրամադրող մարմնի անվանումը:

2. Հայրության ճանաչման վկայականի հետ տրամադրվում է նաև երեխայի ծննդի մասին նոր վկայականը:

3. Օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմնի ուղարկած հայրության ճանաչման վկայականն ստանալու դեպքում գործակալությունն այն երկու աշխատանքային օրվա ընթացքում փոստային ծառայության միջոցով ուղարկում է դիմումում նշված հասցեով կամ տրամադրում է դիմողին՝ առձեռն:

 

ԳԼՈՒԽ 7

 

ՈՐԴԵԳՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 37. Որդեգրման պետական գրանցման հիմքը

 

1. Որդեգրման պետական գրանցման համար հիմք է դատարանի՝ որդեգրման մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը:

 

Հոդված 38. Որդեգրման պետական գրանցման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը

 

1. Որդեգրման պետական գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել որդեգրողի (որդեգրողների) կամ նրա լիազորած անձի միջոցով:

2. Որդեգրման պետական գրանցման համար ներկայացվում են՝

1) որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները).

2) դատարանի՝ որդեգրման մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը.

3) երեխայի ծննդյան ակտային գրանցման տեղեկանքը կամ ծննդի պետական վկայականը.

4) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի միջոցով:

3. Որդեգրման մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.

1) որդեգրողի (որդեգրողների) անունը, ազգանունը, հայրանունը, սեռը, ծննդյան թիվը և վայրը, քաղաքացիությունը, ազգությունը՝ ըստ ցանկության.

2) որդեգրողի (որդեգրողների) բնակության վայրը.

3) որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (սերիա, երբ և ում կողմից է տրվել).

4) որդեգրողի (որդեգրողների) ամուսնության գրանցման վայրը և ժամանակը՝ առկայության դեպքում.

5) լիազորած անձի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (սերիա, երբ և ում կողմից է տրվել).

6) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը մինչև որդեգրումը և որդեգրումից հետո.

7) որդեգրման մասին վճիռ կայացրած դատարանի անվանումը, վճռի կայացման ժամանակը և համարը.

8) երեխայի ծննդյան ակտային գրանցման վայրը, ժամանակը և համարը.

9) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

 

 Հոդված 39. Որդեգրման պետական գրանցման կարգը

 

1. Որդեգրման պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:

2. Եթե որդեգրողը (որդեգրողները) կամ նրանց լիազորած անձինք երեխայի որդեգրումից հետո՝ մեկամսյա ժամկետում, որդեգրման պետական գրանցման մասին դիմում չեն ներկայացնում, ապա որդեգրման մասին դատարանի ուղարկած օրինական ուժի մեջ մտած վճռի քաղվածքի հիման վրա ծննդյան ակտային գրանցման մեջ սահմանված կարգով կատարվում է որդեգրման մասին նշում:

3. Որդեգրման պետական գրանցման հիման վրա երեխայի ծննդի ակտային գրանցման մեջ սույն օրենքով սահմանված կարգով կատարվում են այն բոլոր տվյալների փոփոխությունները, որոնք բխում են որդեգրման ակտային գրանցման տվյալներից:

4. Եթե երեխայի որդեգրման մասին դատարանի վճռի մեջ նշվում է որդեգրված երեխայի հետ իր ծնողների (ծնողներից մեկի) գույքային և անձնական ոչ գույքային հարաբերությունների պահպանման մասին, ապա երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների (ծնողներից մեկի) մասին տեղեկությունները փոփոխման ենթակա չեն:

5. Եթե երեխայի որդեգրման մասին դատարանի վճռով հաստատվում է նաև երեխայի ծննդյան վայրի կամ նրա ծննդյան ժամանակի փոփոխությունը, ապա գործակալությունը կատարում է երեխայի ծննդի նոր պետական գրանցում: Երեխայի ծննդյան նոր ակտային գրանցման տվյալները (գրանցման վայրը, ակտի գրանցման համարը և ժամանակը) լրացվում են երեխայի ծննդյան նախկին ակտային գրանցման մեջ:

6. Որդեգրման պետական գրանցման հետևանքով երեխայի նոր ծննդի պետական գրանցման դեպքում երեխայի նախորդ ծննդի ակտային գրանցման հիման վրա տրված վկայականները և վկայականների կրկնօրինակները չեղյալ են հայտարարվում:

 

Հոդված 40. Որդեգրման ակտային գրանցման բովանդակությունը

 

1. Որդեգրման ակտային գրանցման մեջ լրացվում են հետևյալ տեղեկությունները.

1) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը (որդեգրումից առաջ և հետո).

2) ծնողի (ծնողների) անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (հայրանունը, ազգությունը նշվում են երեխայի ծննդի պետական գրանցման կամ ծննդյան վկայականի մեջ՝ դրանց առկայության դեպքում) և քաղաքացիությունը՝ համաձայն երեխայի ծննդի ակտային գրանցման.

3) որդեգրողի (որդեգրողների) անունը, հայրանունը, ազգանունը, քաղաքացիությունը, սեռը, ծննդյան ժամանակը և վայրը, բնակության վայրը, ազգությունը՝ ըստ ցանկության.

4) երեխայի որդեգրման մասին դատարանի վճռի տվյալները.

5) որդեգրվող երեխայի ծննդյան ակտային գրանցման ժամանակը, համարը և ծննդի պետական գրանցում իրականացնող մարմնի անվանումը.

6) որդեգրողների ամուսնության ակտային գրանցման ժամանակը և վայրը.

7) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

8) որդեգրման ակտի գրանցման ժամանակը և համարը.

9) որդեգրման պետական գրանցում կատարող մարմնի անվանումը.

10) տրված որդեգրման վկայականի սերիան և համարը.

11) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

2. Եթե երեխայի որդեգրման մասին դատարանի վճռի հիման վրա երեխայի որդեգրողը (որդեգրողները) գրառվում է (են) որպես նրա ծնող (ծնողներ), ապա նման տեղեկությունները լրացվում են որդեգրման ակտի գրառման մեջ:

 

Հոդված 41. Որդեգրման պետական վկայականը

 

1. Որդեգրման պետական վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը մինչև որդեգրվելը և որդեգրումից հետո.

2) որդեգրողի (որդեգրողների) անունը, հայրանունը, ազգանունը, քաղաքացիությունը, ազգությունը՝ որդեգրման ակտի գրանցմանը համապատասխան.

3) որդեգրման ակտային գրանցման ժամանակը և համարը.

4) որդեգրման մասին պետական վկայական տալու ժամանակը և տրամադրող մարմնի անվանումը:

2. Որդեգրման մասին պետական վկայականի հետ տրամադրվում է նաև երեխայի ծննդի մասին նոր պետական վկայականը:

 

Հոդված 42. Որդեգրման վերացման դեպքում ծննդյան ակտային գրանցման մեջ փոփոխություններ կատարելու կարգը

 

1. Որդեգրման վերացման մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի (քաղվածքի) հիման վրա որդեգրման ակտային գրանցման մեջ կատարվում են որդեգրման վերացման մասին նշումներ:

2. Որդեգրման կապակցությամբ երեխային տրված անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը չպահպանելու վերաբերյալ որդեգրման վերացման մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի (քաղվածքի) հիման վրա գործակալությունը սույն օրենքով սահմանված կարգով փոփոխություն է կատարում երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ՝ տրամադրելով երեխայի ծննդի գրանցման մասին նոր վկայական:

3. Մինչև որդեգրումը վերացնելը տրամադրված որդեգրման և ծննդյան մասին վկայականները չեղյալ են ճանաչվում:

4. Որդեգրման վերացման դեպքում տասը տարին լրացած որդեգրվածի ցանկությամբ որդեգրման պետական գրանցման կապակցությամբ կատարված գրառումները կարող են պահպանվել:

 

ԳԼՈՒԽ 8

 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 43. Ամուսնության պետական գրանցման հիմքը

 

1. Ամուսնության պետական գրանցման համար հիմք է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված ամուսնության տարիքի հասած կնոջ և տղամարդու միջև, կամքի ազատ արտահայտությամբ՝ ամուսնության պետական գրանցման համար ներկայացված դիմումը:

 

Հոդված 44. Ամուսնության պետական գրանցման համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը

 

1. Ամուսնության պետական գրանցման համար ներկայացվում են՝

1) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը.

2) նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթը կամ պատճենը (ամուսնալուծության վկայականը կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայականը), եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը բացակայում է.

3) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում մշտական բնակության պետության իրավասու մարմնի տված ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:

2. Ամուսնության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաև ներկայացվում է ամուսնացող անձի լրացրած՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները պարունակող դիմում՝ հաստատված նոտարական կարգով:

3. Ամուսնության մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.

1) ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, իսկ ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը՝ դիմողի ցանկությամբ.

2) ընտանեկան դրությունը՝ մինչև ամուսնանալը.

3) ամուսնացող անձի ազգանունը՝ ամուսնության պետական գրանցումից հետո.

4) ամուսնության պետական գրանցման ընտրված օրը.

5) ամուսնության պետական գրանցումը հանդիսավոր պայմաններում կատարելու ցանկության մասին.

6) ամուսնության պետական գրանցման ժամկետը կրճատելու ցանկության մասին:

 

Հոդված 45. Ամուսնության պետական գրանցման կարգը

 

1. Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, և ոչ ուշ, քան վեց ամիսը:

2. Ամուսնության առանձին դիմումներ ներկայացնելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է ամուսնության մասին երկրորդ դիմումը ներկայացնելու օրվանից:

3. Ամուսնության պետական գրանցման օրը նշանակվում է ամուսնացողների ցանկությամբ: Ամուսնության պետական գրանցման դիմումում նշված օրվա փոփոխությունը կատարվում է ամուսնացողներից մեկի դիմումի հիման վրա:

4. Ամուսնության պետական գրանցումը կատարում է գործակալությունը ամուսնացող անձանց դիմումում նշված օրը, առանց դիմումի լրացուցիչ հաստատման, եթե մինչ այդ ժամկետը ամուսնացողներից մեկը գրավոր չի դիմել ամուսնության պետական գրանցման օրը փոխելու կամ դիմումը վերադարձնելու պահանջով:

5. Դիմումով ընտրված ամուսնության պետական գրանցման օրվա փոփոխության կամ ամուսնության պետական գրանցման դիմումը վերադարձնելու պահանջը ներկայացվում է մինչև ամուսնության պետական գրանցման համար նշանակված օրվան նախորդող աշխատանքային օրը՝ գործակալության պաշտոնական կայքի միջոցով կամ սպասարկման կենտրոն, կամ դիվանագիտական ծառայության մարմին:

6. Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց հետ կամ նրանց միջև ամուսնության պետական գրանցման դիմումները գործակալություն ներկայացնում է քրեակատարողական համապատասխան հաստատությունը՝ հաստատված տվյալ հաստատության ղեկավարի ստորագրությամբ և հաստատության կնիքով: Ամուսնության հանդիսավոր պետական գրանցումը կատարում է գործակալության կամ սպասարկման կենտրոնի աշխատողը քրեակատարողական համապատասխան հաստատության ղեկավարի համաձայնությամբ ընտրված վայրում:

 

Հոդված 46. Ամուսնության ակտային գրանցման բովանդակությունը

 

1. Ամուսնության ակտային գրանցման մեջ լրացվում են հետևյալ տեղեկությունները.

1) ամուսնացողներից յուրաքանչյուրի ազգանունը (մինչև ամուսնությունը և ամուսնությունից հետո), անունը, հայրանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ընտանեկան դրությունը (այրի է, ամուսնալուծված է, ամուսնացած չէ), ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը՝ դիմումի համաձայն.

2) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.

3) ամուսնության ակտային գրանցման ժամանակը, համարը և ամուսնության պետական գրանցման վայրը.

4) ամուսնությունը վկայող անձանց անունները, ազգանունները՝ առկայության դեպքում.

5) տրված ամուսնության վկայականի սերիան և համարը:

 

Հոդված 47. Ամուսնության վկայականի բովանդակությունը

 

1. Ամուսնության վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) ամուսնացողներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը մինչև ամուսնությունը և ամուսնությունից հետո, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը՝ ամուսնության ակտային գրանցմանը համապատասխան.

2) ամուսնության ակտային գրանցման ժամանակը և համարը.

3) ամուսնության պետական գրանցման վայրը.

4) ամուսնության վկայական տալու ժամանակը և տրամադրող մարմնի անվանումը:

 

ԳԼՈՒԽ 9

 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 48. Ամուսնալուծության պետական գրանցման հիմքը

 

1. Ամուսնալուծության պետական գրանցման հիմքերն են՝

1) ամուսինների համատեղ դիմումը՝ փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության պետական գրանցում կատարելու համար.

2) ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսին դատարանը ճանաչել է անհայտ բացակայող կամ անգործունակ, կամ մյուսը դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման.

3) ամուսիններից մեկի դիմումը և դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:

2. Ամուսնալուծության պետական գրանցման դիմում կարող են ներկայացնել, եթե՝

1) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում.

2) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցել է օտարերկրյա պետությունը, և Հայաստանի Հանրապետությունն իրավասու է լուծելու այդ ամուսնությունը երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:

 

Հոդված 49. Ամուսնալուծության պետական գրանցման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը

 

1. Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում են՝

1) ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենը.

2) ամուսնության պետական գրանցման վկայականը՝ առկայության դեպքում, կամ ամուսնության պետական գրանցման մասին տվյալներ՝ գրանցող մարմինը, վայրը և ժամանակը.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին.

4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անգործունակ ճանաչելու մասին.

5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ.

6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծությունը գրանցելու մասին.

7) անգործունակ անձի նկատմամբ օրինական ներկայացուցիչ նշանակվելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը:

2. Ամուսնալուծության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաև ներկայացվում է անձի լրացրած, սույն հոդվածով սահմանված տեղեկությունները պարունակող դիմումը՝ հաստատված նոտարական կարգով:

3. Ամուսնալուծության մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.

1) ամուսնալուծվողներից յուրաքանչյուրի ազգանունը (մինչև ամուսնալուծությունը և ամուսնալուծվելուց հետո), անունը, հայրանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, իսկ ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը՝ դիմողի ցանկությամբ.

2) ամուսնալուծվողների անձնագրային տվյալները.

3) ամուսնության ակտային գրանցման տվյալները.

4) ամուսնալուծության պետական գրանցման ընտրված օրը.

5) ամուսնալուծության պետական գրանցման ժամկետի կրճատման ցանկության մասին:

4. Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանելու այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալու իր մինչամուսնական ազգանունը:

 

Հոդված 50.

Ամուսնալուծության պետական գրանցման կարգը

 

1. Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո:

2. Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է վեց ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերում ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:

4. Ամուսինների կողմից ամուսնալուծության առանձին դիմումներ ներկայացվելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է ամուսնալուծության մասին երկրորդ դիմումը մուտքագրելու օրվանից:

5. Ամուսնալուծության պետական գրանցման օրը նշանակվում է ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների համատեղ) ցանկությամբ: Ամուսնալուծության պետական գրանցման դիմումում նշված օրվա փոփոխությունը կատարվում է ամուսնալուծվողներից մեկի դիմումի հիման վրա:

6. Ամուսնալուծության պետական գրանցում կատարելու ընթացքում ամուսնալուծվողների ներկայությունը պարտադիր չէ:

7. Ամուսնալուծության պետական գրանցումը կատարում է գործակալությունը ամուսնալուծվող անձանց դիմումում նշված օրը, առանց դիմումի լրացուցիչ հաստատման, եթե մինչ այդ ժամկետը ամուսնացողներից մեկը գրավոր չի դիմել ամուսնալուծության պետական գրանցման օրը փոխելու կամ դիմումը վերադարձնելու պահանջով:

8. Դիմումով ընտրված՝ ամուսնալուծության պետական գրանցման օրվա փոփոխության կամ ամուսնալուծության պետական գրանցման դիմումը վերադարձնելու պահանջը ներկայացվում է մինչև ամուսնալուծության պետական գրանցման համար նշանակված օրվան նախորդող աշխատանքային օրը՝ գործակալության պաշտոնական կայքի միջոցով կամ սպասարկման կենտրոն, կամ դիվանագիտական ծառայության մարմին:

9. Ամուսնալուծության պետական գրանցում կատարելուց հետո էլեկտրոնային կառավարման համակարգում լուծված ամուսնության մասին պետական վկայականները չեղյալ են հայտարարվում:

10. Օտարերկրյա պետություններում գրանցված ամուսնության լուծումը կատարվում է երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրով սահմանված ընթացակարգով:

 

Հոդված 51. Ամուսնալուծության ակտային գրանցման բովանդակությունը

 

1. Ամուսնալուծության ակտային գրանցման մեջ լրացվում են հետևյալ տեղեկությունները.

1) ամուսնալուծվողներից յուրաքանչյուրի ազգանունը (մինչև ամուսնությունը և ամուսնությունից հետո), անունը, հայրանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ընտանեկան դրությունը (այրի է, ամուսնալուծված է, ամուսնացած չէ), իսկ ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը՝ դիմումի համաձայն.

2) ամուսնալուծվողների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.

3) ամուսնալուծության պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթի տվյալները.

4) ամուսնալուծության ակտային գրանցման ժամանակը և համարը, ամուսնության ակտային գրանցման վայրը.

5) տրված ամուսնալուծության վկայականի սերիան և համարը:

 

Հոդված 52. Ամուսնալուծության պետական վկայականը

 

1. Ամուսնալուծության վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) ամուսնալուծվող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը՝ մինչև ամուսնալուծությունը և ամուսնալուծությունից հետո, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը՝ ամուսնալուծության ակտային գրանցմանը համապատասխան.

2) ամուսնության գրանցման ժամանակը և վայրը.

3) ամուսնության դադարման ժամանակը.

4) ամուսնալուծության ակտային գրանցման ժամանակը, համարը և վայրը.

5) ամուսնալուծության պետական վկայական տալու ժամանակը և տրամադրող մարմնի անվանումը:

2. Օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմնի ուղարկած՝ ամուսնալուծության մասին վկայականն ստանալու դեպքում գործակալությունը այն երկու աշխատանքային օրվա ընթացքում փոստային ծառայության միջոցով ուղարկում է ամուսնալուծված անձի դիմումում նշված հասցեով կամ տրամադրում է դիմողին՝ առձեռն:

 

ԳԼՈՒԽ 10

 

ԱՆՎԱՆ ՓՈԽՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 53. Անվան փոխման պետական գրանցման հիմքը

 

1. Տասնութ տարին լրացած անձն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը:

2. Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձն իր անվան և (կամ) ազգանվան փոխման պետական գրանցումը կատարում է ծնողների, որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ, բացառությամբ նրա՝ օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչվելու դեպքերի:

3. Տասնվեց տարին չլրացած անձի անվան կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարվում է ծնողների համատեղ (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) դիմումի հիման վրա, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ:

 

Հոդված 54. Անվան փոխման պետական գրանցման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը

 

1. Անվան փոխման պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝

1) ծնունդը գրանցվել կամ սույն օրենքով սահմանված կարգով վերականգնվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում.

2) ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, և Հայաստանի Հանրապետությունն իրավասու է կատարելու անվան փոխում՝ երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:

2. Տասնութ տարին լրացած անձի անվան փոխման պետական գրանցման դիմումին կից ներկայացվում են՝

1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

2) ծննդյան մասին վկայականը կամ ծննդյան ակտային գրանցման մասին տվյալները:

3. Տասնութ տարին լրացած անձի անվան փոխման մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.

1) դիմողի անձնագրային տվյալները.

2) անունը փոխող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ընտանեկան դրությունը, ազգությունը՝ դիմողի ցանկությամբ.

3) անունը փոխող անձի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ակտային գրանցման վայրը և ժամանակը.

4) անունը փոխել ցանկացող անձի ընտրած նոր անունը և (կամ) հայրանունը և (կամ) ազգանունը.

5) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

4. Տասնվեցից տասնութ տարին լրացած անձի անվան և (կամ) ազգանվան պետական գրանցման համար դիմումին կից ներկայացվում են՝

1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

2) անունը փոխող անձի անձը հաստատող փաստաթուղթը.

3) անունը փոխող անձի ծննդյան մասին վկայականը կամ ծննդյան ակտային գրանցման մասին տվյալները.

4) անունը փոխող անձի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդի ակտային գրանցման վայրը և ժամանակը.

5) անունը փոխել ցանկացող անձի ծնողի (ծնողների), (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագրային տվյալները.

6) անունը փոխող անձի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի, հոգաբարձուի) գրավոր համաձայնությունը՝ երեխայի անունը և (կամ) ազգանունը փոխելու վերաբերյալ.

7) անունը փոխող անձի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի) անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները), իսկ ծնողներից մեկի մահացած լինելու կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության դեպքում՝ նաև դատարանի վճռի պատճենը կամ մահվան վկայականը կամ մահվան ակտային գրանցման տվյալները:

5. Տասնվեցից տասնութ տարին լրացած անձի անվան փոխման մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.

1) դիմողի անձնագրային տվյալները.

2) անունը փոխող անձի անձը հաստատող փաստաթուղթը.

3) անունը փոխող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ընտանեկան դրությունը, ազգությունը՝ դիմողի ցանկությամբ.

4) անունը փոխող անձի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդի ակտային գրանցման վայրը և ժամանակը.

5) անունը փոխել ցանկացող անձի ընտրած նոր անունը և (կամ) ազգանունը:

6. Տասնվեց տարին չլրացած երեխայի անվան և (կամ) ազգանվան փոխման պետական գրանցման համար դիմումին կից ներկայացվում են՝

1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

2) երեխայի ծննդյան պետական վկայականը կամ ծննդյան ակտային գրանցման տվյալները.

3) երեխայի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի) անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները), իսկ ծնողներից մեկի մահացած լինելու կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության դեպքում նաև դատարանի վճռի պատճենը կամ մահվան վկայականը.

4) երեխայի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի) գրավոր համաձայնությունը՝ երեխայի անունը և (կամ) ազգանունը փոխելու վերաբերյալ.

5) տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը՝ իր անվան և (կամ) ազգանվան փոխման վերաբերյալ:

7. Տասնվեց տարին չլրացած անձի անվան և (կամ) ազգանվան փոխման մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.

1) դիմողի անձնագրային տվյալները.

2) անունը փոխող երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, անձնագրային տվյալները՝ առկայության դեպքում, ազգությունը՝ դիմողի ցանկությամբ.

3) երեխայի ծնողի (ծնողների), (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագրային տվյալները.

4) երեխայի համար ընտրած նոր անունը և (կամ) ազգանունը.

5) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

8. Երեխայի անվան փոխման պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաև ներկայացվում են համապատասխան անձանց կողմից երեխայի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին գրավոր համաձայնությունները՝ հաստատված նոտարական կարգով:

9. Լիազորված անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում դիմումին կից ներկայացվում են նաև լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորագիրը:

 

Հոդված 55. Անվան փոխման պետական գրանցման կարգը

 

1. Անվան փոխումը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցում է գործակալությունը, իսկ օտարերկրյա պետության տարածքում կարող է գրանցել դիվանագիտական ծառայության մարմինը՝ անվան փոխման մասին ակտային գրանցում կատարելու միջոցով:

2. Անվան փոխման պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Անվան փոխման պետական գրանցումը հիմք է անունը փոխած անձի նկատմամբ նախկինում գրանցված քաղաքացիական կացության ակտերում սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ կատարելու համար:

4. Եթե այլ քաղաքացիական կացության ակտային գրանցումներում, որտեղ անվան փոխման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություն կատարել, առկա է անունը փոխող անձի վերաբերյալ գրառված տեղեկությունների անհամապատասխանություն, ապա նման անհամապատասխանությունները մինչև անվան փոխման պետական գրանցումը պետք է վերացվեն սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու միջոցով:

5. Անվան փոխման պետական գրանցումից հետո նույն աշխատանքային օրը հաղորդվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն, ինչպես նաև անունը փոխած անձի բնակության վայրի զինվորական կոմիսարիատ:

6. Անվան փոխման պետական գրանցման մասին այլ մարմիններ կամ կազմակերպություններ հաղորդում կատարելու կարգը և պայմանները, ինչպես նաև այդ մարմինների կամ կազմակերպությունների ցանկը սահմանում է նախարարը:

7. Անվան փոխման պետական գրանցումից հետո նույն աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է անձի անվան փոխման վերաբերյալ տեղեկատվությունը:

 

Հոդված 56. Անվան փոխման ակտային գրանցման բովանդակությունը

 

1. Անվան փոխման ակտային գրանցման մեջ լրացվում են հետևյալ տեղեկությունները.

1) մինչև անվան փոխումը անձի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ազգությունը՝ դիմումի համաձայն.

2) անձի անունը, հայրանունը, ազգանունը անվան փոխման պետական գրանցումից հետո.

3) անունը փոխելու ցանկություն ունեցող անձի անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

4) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

5) անվան փոխման ակտի գրանցման ժամանակը, համարը և անվան փոխման պետական գրանցում կատարող մարմնի անվանումը.

6) տրված անվան փոխման վկայականի սերիան և համարը.

7) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

 

Հոդված 57. Անվան փոխման պետական վկայականը

 

1. Անվան փոխման պետական վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) անունը փոխած անձի անունը, հայրանունը, ազգանունը (անվան փոխման պետական գրանցումից առաջ և հետո), սեռը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը՝ անվան փոխման ակտի գրանցմանը համապատասխան.

2) անվան փոխման ակտային գրանցման ժամանակը և համարը.

3) անվան փոխման պետական գրանցումը կատարող մարմնի անվանումը.

4) անվան փոխման վկայական տալու ժամանակը և տրամադրող մարմնի անվանումը:

2. Անվան փոխման պետական վկայականի թղթային կրիչը դիմումի հիման վրա տրամադրում է սպասարկման կենտրոնը:

3. Անվան փոխման մասին վկայականի հետ տրամադրվում են նաև անվան փոխման կապակցությամբ սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված, անձի այլ քաղաքացիական կացության ակտերում կատարված փոփոխությունների հիման վրա ձևավորված նոր վկայականները:

4. Օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմնի ուղարկած՝ անվան փոխման մասին վկայականն ստանալու դեպքում գործակալությունը այն երկու աշխատանքային օրվա ընթացքում փոստային ծառայության միջոցով ուղարկում է անձի դիմումում նշված հասցեով կամ տրամադրում է դիմողին՝ առձեռն:

 

Հոդված 58. Անվան փոխման պետական գրանցման հետ կապված անձի վկայականը

 

1. Ծնողների անվան փոխման դեպքում անչափահաս երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ փոփոխվում են ծնողների մասին համապատասխան տեղեկությունները:

2. Երեխայի հոր կողմից անվան փոխման դեպքում տասնութ տարին չլրացած երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ փոխվում է երեխայի հայրանունը:

3. Ծնողներից մեկի կողմից ազգանվան փոխման դեպքում նրանց՝ 16-18 տարեկան երեխայի ազգանունը կարող է փոխվել իր համաձայնությամբ:

4. Ծնողներից մեկի կողմից ազգանվան փոխման դեպքում նրանց՝ տասնվեց տարին չլրացած երեխայի ազգանունը կարող է փոխվել ծնողների և տասը տարին լրացած երեխայի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ:

5. Չափահաս անձի ծննդյան ակտային գրանցման մեջ նրա ծնողների մասին տեղեկությունները փոխվում են տվյալ անձի դիմումի հիման վրա՝ քաղաքացիական կացության ակտային գրանցումներում սույն օրենքով սահմանված կարգով փոփոխություններ կատարելու միջոցով:

 

Հոդված 59. Անվան փոխման պետական գրանցման մերժումը

 

1. Անվան փոխման պետական գրանցումը մերժվում է, եթե դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքով սահմանված պահանջներին:

 

ԳԼՈՒԽ 11

 

ՄԱՀՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 60. Մահվան պետական գրանցման հիմքը

 

1. Անձի մահը ենթակա է գրանցման առանց ժամկետային սահմանափակման:

2. Մահվան պետական գրանցման հիմքերն են՝

1) բժշկական կազմակերպության կամ բժշկի տված՝ մահը հաստատող սահմանված ձևի փաստաթուղթը.

2) անձի մահվան փաստի հաստատման կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը.

3) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը:

 

Հոդված 61. Մահվան պետական գրանցման համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը

 

1. Էլեկտրոնային դիմումը ներկայացվում է գործակալության պաշտոնական կայքի միջոցով կամ սպասարկման կենտրոն, կամ դիվանագիտական ծառայության մարմին։

2. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) բժշկական կազմակերպության կամ բժշկի տված՝ մահը հաստատող սահմանված ձևի փաստաթուղթը.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

3) մահացած անձի անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա տվյալները.

4) անձի մահվան փաստի հաստատման կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը.

5) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը:

3. Դիմումում նշվում են հետևյալ տեղեկությունները.

1) մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (ազգությունը նշվում է մահացածի անձը հաստատող փաստաթղթերում՝ դրա առկայության դեպքում), ծննդյան վայրը և ժամանակը, սեռը, քաղաքացիությունը, մահացածի վերջին բնակության վայրը, ընտանեկան դրությունը, մահվան վայրը և ժամանակը.

2) մահացածի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.

3) մահվան փաստը հաստատող փաստաթղթերի տվյալները.

4) դիմում ներկայացնող անձի անունը, հայրանունը, ազգանունը և անձնագրային տվյալները.

5) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

4. Մահվան պետական գրանցման համար կարող է դիմել յուրաքանչյուր անձ:

 

Հոդված 62. Մահվան պետական գրանցման կարգը

 

1. Մահվան պետական գրանցումը կատարվում է մահվան պետական գրանցման դիմումը և սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:

2. Մահվան պետական գրանցման տեղեկությունները անհապաղ փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն և սոցիալական ծառայություններ տրամադրող մարմին:

3. Մահվան պետական գրանցման մասին այլ մարմինների կամ կազմակերպությունների հաղորդում կատարելու կարգը և պայմանները, ինչպես նաև այդ մարմինների կամ կազմակերպությունների ցանկը սահմանում է նախարարը:

 

Հոդված 63. Մահվան մասին ակտային գրանցման բովանդակությունը

 

1. Մահվան ակտային գրանցման մեջ լրացվում են հետևյալ տեղեկությունները.

1) մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (ազգությունը նշվում է մահացածի անձը հաստատող փաստաթղթերում՝ դրա առկայության դեպքում), ծննդյան վայրը և ժամանակը, սեռը, քաղաքացիությունը, մահացածի վերջին բնակության վայրը, ընտանեկան դրությունը, մահվան վայրը և ժամանակը.

2) մահացածի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.

3) մահվան փաստը հաստատող փաստաթղթերի տվյալները.

4) մահվան պատճառը (մահը հաստատող փաստաթղթի հիման վրա).

5) դիմում ներկայացնող անձի անունը, հայրանունը, ազգանունը և անձնագրային տվյալները.

6) մահվան ակտի գրանցման ժամանակը, համարը և գրանցման վայրը.

7) տրված մահվան վկայականի սերիան և համարը:

 

Հոդված 64. Մահվան մասին պետական վկայականը

 

1. Մահվան պետական վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, սեռը, քաղաքացիությունը, մահվան վայրը և ժամանակը, ազգությունը՝ մահվան ակտային գրանցմանը համապատասխան.

2) մահվան ակտային գրանցման ժամանակը և համարը.

3) մահվան պետական գրանցման վայրը.

4) մահվան պետական վկայական տալու ժամանակը և տրամադրող մարմնի անվանումը:

2. Մահվան պետական վկայականը թղթային կրիչի վրա դիմողին տրամադրում է սպասարկման կենտրոնը:

 

ԲԱԺԻՆ 3

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 12

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵՋ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ

 

Հոդված 65. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու ընդհանուր դրույթները

 

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարվում է սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

2. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու դիմում կարող է ներկայացվել, եթե՝

1) քաղաքացիական կացության ակտը, որում անհրաժեշտ է ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարել, գրանցվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ դիվանագիտական ծառայության մարմիններում.

2) քաղաքացիական կացության ակտը, որում անհրաժեշտ է ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարել, գրանցել է օտարերկրյա պետությունը, և Հայաստանի Հանրապետությունը իրավասու է կատարելու դրանում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում՝ երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:

3. Եթե քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելը առաջացնելու է անձը հաստատող փաստաթղթի փոփոխություն, ապա դիմումին կից նաև պետք է ներկայացվի տասնվեց տարին լրացած անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդում հարուցված չլինելու, քրեական պատիժ չկրելու, հետախուզման մեջ չգտնվելու մասին իրավասու մարմնի կողմից՝ մինչև դիմումը ներկայացնելը առնվազն մեկ ամիս առաջ տրված փաստաթուղթ:

4. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու դիմումը ներկայացնում է քաղաքացիական կացության ակտում նշված անձը:

5. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում ներկայացվում է նաև լիազորագիր, որը չի պահանջում նոտարական վավերացում:

6. Մահացածի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարվում է շահագրգիռ անձի դիմումի հիման վրա:

(65-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-221-Ն)

 

Հոդված 66. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու հիմքերը, դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը

 

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կատարելու հիմք է քաղաքացիական կացության ակտը կազմելու ընթացքում այնպիսի գրառում կատարելը, որը չի համապատասխանել քաղաքացիական կացության ակտ գրանցելու համար ներկայացված փաստաթղթերին կամ տեղեկություններին, կամ գրառման ընթացքում թույլ է տրվել ուղղագրական սխալ:

2. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ լրացում կատարելու հիմք է քաղաքացիական կացության ակտը կազմելու ընթացքում այնպիսի գրառում չկատարելը, որը պետք է կամ կարող էր լրացվել քաղաքացիական կացության ակտը գրանցելիս, ինչպես նաև այն դեպքում, երբ լրացման ենթակա տվյալը իրավասու մարմնի տրամադրած փաստաթղթերով հաստատվել է քաղաքացիական կացության ակտը գրանցելուց հետո:

3. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ փոփոխություն կատարելու հիմքերն են՝

1) քաղաքացիական կացության ակտում այնպիսի գրառում կատարելը, որը հետագայում կրել է փոփոխություն և դիմումը ներկայացնելու պահին չի համապատասխանում քաղաքացիական կացության ակտում նշված անձանց անձնագրային տվյալներին.

2) այլ քաղաքացիական կացության ակտային գրանցման կամ իրավասու այլ մարմնի ընդունած (տրամադրած) փաստաթղթի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարելու նաև կազմված քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ.

3) քաղաքացիական կացության ակտային գրառումը կատարվել է դիմումը ներկայացնող անձի հայտարարության հիման վրա, որը չի պահանջել կամ չի պահանջում հիմնավորող փաստաթղթերի ներկայացում:

4. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու համար ներկայացվում են՝

1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը, որի վերաբերյալ կազմված է քաղաքացիական կացության ակտային գրանցումը, անչափահասի դեպքում՝ նրա ծնողի, խնամակալի, իսկ անգործունակ ճանաչված անձի դեպքում՝ հոգաբարձուի անձը հաստատող փաստաթուղթը.

2) դիմումով ներկայացվող պահանջը հիմնավորող փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն տեղեկությունները, որոնց միջոցով հնարավոր է պարզել պահանջի հիմքերի առկայությունը.

3) ուղղման կամ լրացման կամ փոփոխության ենթակա քաղաքացիական կացության ակտի մասին վկայականը կամ ակտային գրանցման տվյալները:

5. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.

1) դիմողի անձնագրային տվյալները, անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, բնակության վայրը.

2) քաղաքացիական կացության ակտային գրանցման այն տվյալները, որոնք ենթակա են ուղղման, լրացման կամ փոփոխության:

 

Հոդված 67. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու ժամկետները

 

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղումը կատարվում է սույն օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղագրական սխալները կամ առանձին տառերի կամ թվերի ուղղումը կատարվում է սույն օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

3. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ փոփոխություն կատարում է գործակալությունը սույն օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 68. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու կարգը

 

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարում է գործակալությունը սույն օրենքի 67-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:

2. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելը հիմք է անձի նախկինում գրանցված քաղաքացիական կացության ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:

3. Եթե քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու կապակցությամբ այլ քաղաքացիական կացության ակտային գրանցումներում, որտեղ անհրաժեշտ է նույնպես փոփոխություններ կատարել, առկա են տեղեկությունների անհամապատասխանություններ, ապա դիմումով ներկայացված պահանջը սույն հոդվածի 4-րդ մասով հաստատվելու դեպքում այդ քաղաքացիական կացության ակտային գրանցումներում կատարվում են եզրակացությամբ հաստատված փոփոխությունները:

4. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու դիմումի և դրանց կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա կազմվում է քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու մասին եզրակացություն: Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու մասին եզրակացություն կազմելու կարգը սահմանում է նախարարը:

5. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գործակալության եզրակացությունը հաստատում է գործակալության պետը:

6. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու մասին պահանջը հիմնավորված լինելու մասին եզրակացությունը հաստատելուց հետո գործակալությունը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով համապատասխան քաղաքացիական կացության ակտերում կատարում է պահանջվող ուղղումը կամ լրացումը կամ փոփոխությունը, որի հետևանքով ձևավորված քաղաքացիական կացության ակտերի մասին նոր վկայականները տրամադրվում են դիմողին սույն օրենքով սահմանված կարգով:

7. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, գործակալությունը հաղորդում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մարմիններին, որոնց ցանկը սահմանում է նախարարը:

8. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու դեպքում օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմնի ուղարկած քաղաքացիական կացության ակտերի վկայականը գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում փոստային ծառայության միջոցով ուղարկում է դիմումում նշված հասցեով կամ տրամադրում է դիմողին՝ առձեռն:

 

Հոդված 69. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու մերժումը

 

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելը մերժվում է, եթե՝

1) դիմումը ներկայացրել է ոչ իրավասու անձը.

2) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը չեն հիմնավորում դիմումով ներկայացված պահանջը.

3) սույն օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթի համաձայն՝ անձի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, կամ նա կրում է քրեական պատիժ կամ գտնվում է հետախուզման մեջ:

2. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու մասին պահանջը հիմնավորված չլինելու եզրակացությունը հաստատվելուց հետո քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու մերժման մասին կազմվում է որոշում, որը պետք է պարունակի մերժման բոլոր հիմքերը, ներկայացված փաստաթղթերում առկա և գրանցմանը խոչընդոտող բոլոր թերությունները, ինչպես նաև հղում կատարվի կոնկրետ իրավական նորմին, որը տրամադրվում է դիմողին՝ սույն օրենքով սահմանված կարգով:

3. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու մերժումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

(69-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-221-Ն)

 

ԳԼՈՒԽ 13

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ

 

 Հոդված 70. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու հիմքը

 

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու հիմք է ոչնչացման կամ կորստի հետևանքով քաղաքացիական կացության ակտային գրանցման բացակայությունը քաղաքացիական կացության ակտային գրանցումների արխիվում:

2. Քաղաքացիական կացության ակտային գրանցումների արխիվում ստուգումը կատարվում է դիմումում նշված քաղաքացիական կացության ակտի գրանցման ենթադրյալ վայրի գրանցամատյաններով ոչ ավելի, քան երեք տարվա կտրվածքով՝ այն տարվա համար, որը նշված է դիմումում, դրան նախորդող և հաջորդող մեկ տարվա շրջանակում:

3. Քաղաքացիական կացության ակտային գրանցումները վերականգնվում են այն դեպքում, երբ առկա են հաստատող փաստաթղթեր այն մասին, որ համապատասխան քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը նախկինում կատարվել է:

4. Օտարերկրյա պետությունում գրանցված քաղաքացիական կացության ակտերը կարող են վերականգնվել, եթե քաղաքացիական կացության ակտային գրանցում կատարած օտարերկրյա պետության հետ Հայաստանի Հանրապետությունը չունի ոլորտը կանոնակարգող բազմակողմ կամ երկկողմ պայմանագիր:

5. Քաղաքացիական կացության ակտային գրանցման բացակայությունը հաստատվում է գործակալության արխիվի տված ակտային գրանցման բացակայության մասին սահմանված ձևի տեղեկանքով:

 

Հոդված 71. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը

 

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման վերականգնման դիմում կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև անձինք, որոնց կորսված քաղաքացիական կացության ակտերը գրանցվել են Հայաստանի Հանրապետությունում:

2. Քաղաքացիական կացության ակտերի վերականգնումը կատարվում է՝

1) այն անձի դիմումի հիման վրա, որի վերաբերյալ կազմվել էր կորսված քաղաքացիական կացության ակտը.

2) տասնութ տարին չլրացած անձի վերաբերյալ ակտային գրանցումը վերականգնվում է նրա ծնողի, օրինական ներկայացուցչի, ինչպես նաև այն անձանց և կազմակերպությունների դիմումների հիման վրա, որոնց խնամակալությանն է հանձնված երեխան.

3) շահագրգիռ անձի դիմումի հիման վրա, եթե կորսված քաղաքացիական կացության ակտը կազմվել էր՝

ա. մահացած անձի վերաբերյալ,

բ. դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա,

գ. «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած՝ իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի հիման վրա:

3. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու դիմում կարող է ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված տասնվեց տարին լրացած անձը:

4. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

2) դիմումով ներկայացվող պահանջը հիմնավորող փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն տեղեկությունները, որոնց միջոցով հնարավոր է պարզել պահանջի հիմքերի առկայությունը (բժշկական հաստատություններից տրված տեղեկանքներ, զինվորական գրքույկ, աշխատանքային գրքույկ, կրթությանը վերաբերող փաստաթղթեր, ամուսնության, ամուսնալուծության, երեխաների, եղբայրների, քույրերի ծննդյան վկայականների պատճեններ, ինչպես նաև տեղեկանք՝ տրված աշխատանքի վայրից, կամ այլ փաստաթղթեր):

5. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.

1) անունը, ազգանունը, հայրանունը.

2) ծննդյան ժամանակը և վայրը, ազգությունը, սեռը.

3) ընտանեկան դրությունը.

4) քաղաքացիությունը.

5) տեղեկություններ ծնողների (ամուսինների) մասին (յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը).

6) տեղեկություններ եղբայրների և քույրերի (անչափահաս և չափահաս երեխաների) մասին (յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը).

7) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

 

Հոդված 72. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու կարգը

 

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելը կատարվում է սույն օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի կամ «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի հիման վրա քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելը կատարվում է եռօրյա ժամկետում:

3. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելը հիմք է անձի նախկինում գրանցված քաղաքացիական կացության ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:

4. Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա կազմվում է քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին եզրակացություն: Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին եզրակացություն կազմելու կարգը սահմանում է նախարարը:

5. Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին գործակալության եզրակացությունը հաստատում է գործակալության պետը:

6. Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին պահանջը հիմնավորված լինելու մասին եզրակացությունը հաստատելուց հետո գործակալությունը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կատարում է քաղաքացիական կացության ակտի գրանցում՝ «Վերականգնված է» նշումով: Վերականգնված քաղաքացիական կացության ակտի մասին վկայականը սույն օրենքով սահմանված կարգով տրամադրվում է դիմողին:

7. Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մասին պահանջը հիմնավորված չլինելու եզրակացությունը հաստատելուց հետո քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մերժման մասին կազմվում է որոշում, որը պետք է պարունակի մերժման բոլոր հիմքերը, ներկայացված փաստաթղթերում առկա և գրանցմանը խոչընդոտող բոլոր թերությունները, ինչպես նաև հղում կատարվի կոնկրետ իրավական նորմին, որը տրամադրվում է դիմողին՝ սույն օրենքով սահմանված կարգով:

8. Քաղաքացիական կացության ակտի վերականգնում կատարելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում այդ մասին հաղորդվում է իրավասու մարմիններին, որոնց ցանկը հաստատում է նախարարը:

9. Սույն հոդվածի 1-ին մասով քաղաքացիական կացության ակտը վերականգնելու ժամկետները կարող են կրճատվել Կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան չափով վճարի գանձման դեպքում:

 

Հոդված 73. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու մերժումը

 

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելը մերժվում է, եթե՝

1) դիմումը ներկայացրել է ոչ իրավասու անձը.

2) քաղաքացիական կացության ակտերի արխիվում հայտնաբերվել է անձի վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտային գրանցումը.

3) դիմումով ներկայացված պահանջը չի հիմնավորվում ներկայացված փաստաթղթերով:

2. Քաղաքացիական կացության ակտը վերականգնելու մերժումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

 

ԳԼՈՒԽ 14

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ

 

Հոդված 74. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու հիմքը

 

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու հիմքերն են՝

1) հայտնաբերվել է միևնույն անձի վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության երկու նույն տեսակի ակտային գրանցում.

2) քաղաքացիական կացության ակտային գրանցումը կատարվել է կեղծ փաստաթղթերի կամ սուտ տեղեկությունների հիման վրա.

3) կատարվել է այն անձի դիմումի հիման վրա, որը իրավասու չէր ներկայացնելու այլ անձի կամքի արտահայտությունը՝ լիազորագրի կամ էլեկտրոնային դիմումի շրջանակներում.

4) առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ:

 

Հոդված 75. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու դիմումը

 

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր է ճանաչվում առանց ժամկետային սահմանափակման՝

1) այն անձի դիմումի հիման վրա, որի վերաբերյալ կազմվել է քաղաքացիական կացության ակտը.

2) գործակալության նախաձեռնությամբ՝ էլեկտրոնային միասնական գրանցամատյանում նույն անձի վերաբերյալ նույն ակտային գրանցում հայտնաբերվելու դեպքում կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

2. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը.

1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

2) դիմումով ներկայացված պահանջը հիմնավորող փաստաթղթերը կամ անհրաժեշտ տեղեկությունները:

 

Հոդված 76. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելու կարգը

 

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու դիմումի հիման վրա հարուցվում է վարչական վարույթ, որն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր է ճանաչվում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը գործակալություն ներկայացնելու (ստանալու) նույն աշխատանքային օրը:

3. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու որոշումն ստորագրում է գործակալության պետը:

4. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռն ստանալուց հետո գործակալությունը էլեկտրոնային միասնական գրանցամատյանում անվավեր է ճանաչում գրանցված քաղաքացիական կացության ակտը՝ դրանում նշում կատարելու միջոցով:

5. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր է ճանաչվում այդ քաղաքացիական կացության ակտը գրանցելու պահից:

6. Անվավեր ճանաչված քաղաքացիական կացության ակտային գրանցման հիման վրա կատարված այլ քաղաքացիական կացության ակտային գրանցումները համարվում են ոչ իրավաչափ, և դրանց անվավեր ճանաչելու հարցը ենթակա է քննարկման հարուցված վարչական վարույթի շրջանակներում՝ առանց լրացուցիչ դիմումի:

7. Անվավեր ճանաչված քաղաքացիական կացության ակտային գրանցման հիման վրա տրամադրված քաղաքացիական կացության ակտերի մասին բոլոր վկայականները և տեղեկանքները էլեկտրոնային կառավարման համակարգում չեղյալ են համարվում:

 

Հոդված 77. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու մերժումը

 

1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելը մերժվում է, եթե դիմումով ներկայացված պահանջը չի հիմնավորվում ներկայացված փաստաթղթերով կամ տեղեկություններով:

2. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը մերժելու մասին որոշումն ստորագրում է գործակալության պետը:

3. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը մերժելու մասին որոշումը սույն օրենքով սահմանված կարգով տրամադրվում է դիմողին:

4. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը մերժելու մասին որոշումը պետք է պարունակի մերժման բոլոր հիմքերը, ներկայացված փաստաթղթերում առկա և քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելուն խոչընդոտող բոլոր թերությունները, ինչպես նաև հղում կատարվի կոնկրետ իրավական նորմին:

5. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

 

ԳԼՈՒԽ 15

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ

 

Հոդված 78. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի տրամադրման կարգը

 

1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականը (այսուհետ՝ վկայական) լրացվում է էլեկտրոնային կառավարման համակարգում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը հաստատելու կամ էլեկտրոնային կառավարման համակարգում առկա քաղաքացիական կացության ակտի մեջ ուղղումը կամ փոփոխությունը կամ լրացումը հաստատելու արդյունքում՝ քաղաքացիական կացության ակտում գրառված տեղեկությունների հիման վրա:

2. Վկայականը տրամադրվում է գործակալության պետի էլեկտրոնային ստորագրությամբ և հաստատվում գործակալության էլեկտրոնային կնիքով, իսկ դիվանագիտական ծառայության մարմնի կողմից տրամադրվելու դեպքում՝ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ, և հաստատվում դիվանագիտական ծառայության մարմնի էլեկտրոնային կնիքով:

3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը կամ քաղաքացիական կացության ակտի մեջ ուղղումը կամ փոփոխությունը կամ լրացումը կատարելուց հետո էլեկտրոնային կառավարման համակարգը յուրաքանչյուր վկայականը (վկայականները) նույն աշխատանքային օրը ինքնաշխատ ուղարկում է քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am կայքի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին: Դիմողի կողմից անձնական այլ էլեկտրոնային փոստի հասցե տրամադրված լինելու դեպքում վկայականն ուղարկվում է նաև այդ հասցեին՝ առանց լրացուցիչ դիմումի պահանջի:

4. Վկայականը www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներում կորստի դեպքում սույն օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձի դիմումի հիման վրա այն կրկին ուղարկվում է www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին:

5. Վկայականը կրկին տրամադրելու դիմումը մերժվում է՝

1) երեխայի ծննդյան վկայականի դեպքում՝ այն ծնողներին, որոնք այդ երեխայի նկատմամբ զրկված են ծնողական իրավունքներից, կամ սահմանափակված են նրանց ծնողական իրավունքները.

2) եթե վկայական տրամադրելու համար դիմել է ոչ իրավասու անձը.

3) այն քաղաքացիական կացության ակտային գրանցումների վերաբերյալ, որոնք դադարել են կամ անվավեր են ճանաչվել:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում, բացառությամբ 2-րդ կետով սահմանված անձանց, շահագրգիռ անձին տրամադրվում է տեղեկանք, որով հաստատվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցումները՝ դրանց դադարման կամ անվավեր ճանաչման նշումով:

7. Վկայականը թղթային կրիչի վրա դիմումի հիման վրա տրամադրում է սպասարկման կենտրոնը:

8. Վկայականի տրամադրման պետական տուրքը ներառվում է քաղաքացիական կացության ակտի գրանցման կամ դրանում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված տուրքի դրույքաչափի մեջ:

9. Վկայականի ձևանմուշը հաստատում է նախարարը:

 

Հոդված 79. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակի տրամադրման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը

 

1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակ (այսուհետ՝ վկայականի կրկնօրինակ) ստանալու համար կարող է (են) դիմել՝

1) այն անձը, որի վերաբերյալ կատարվել է տվյալ քաղաքացիական կացության ակտի գրառումը.

2) շահագրգիռ անձը՝ մահացած անձի մահվան պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակ ստանալու դեպքում.

3) ծնողները (օրինական ներկայացուցիչները) կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը, եթե անձը, որի վերաբերյալ կատարվել է քաղաքացիական կացության ակտային գրանցումը, վկայականի կրկնօրինակի տրման օրը անգործունակ է.

4) այլ անձ, եթե նա քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու իրավունք ունեցող անձի կողմից ներկայացնում է լիազորագիր, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում.

5) 16-18 տարին լրացած անձը՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, իր ծննդի մասին վկայականի կրկնօրինակի տրամադրման համար, անձամբ կամ լիազորած անձի միջոցով.

6) տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի պետական գրանցման մասին վկայականի տրամադրման համար՝ նրա ծնողները (օրինական ներկայացուցիչները) կամ նրա մշտական բնակության համայնքի ղեկավարը:

2. Վկայականի կրկնօրինակի տրամադրման համար դիմումին կից ներկայացնում են՝

1) անձը հաստատող փաստաթուղթը.

2) անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթը կամ դրա պատճենը՝ քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ և անձը հաստատող փաստաթղթում անձնական տվյալների անհամապատասխանության առկայության դեպքում:

Անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում անձնական տվյալներում առանձին տառերի, թվերի, բացառությամբ տարեթվի անհամապատասխանության դեպքում:

Անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում նաև այն դեպքում, երբ անձնական տվյալների փոփոխությունների մասին տեղեկություններն առկա են էլեկտրոնային կառավարման համակարգում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և միասնական էլեկտրոնային գրանցամատյանի՝ անձի վերաբերյալ միասնական քաղվածքում.

3) հասարակ լիազորագիրը և լիազորող անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ լիազորած անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում.

4) խնամակալության կամ հոգաբարձության նշանակման մասին որոշումը կամ դրա պատճենը՝ խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի վերաբերյալ գրանցված քաղաքացիական կացության ակտի վկայականի կրկնօրինակի տրամադրման վերաբերյալ դիմումի դեպքում.

5) համայնքի ղեկավարի հայտարարությունն առ այն, որ տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձը տվյալ համայնքի մշտական բնակիչն է՝ սույն օրենքով սահմանված դեպքում:

3. Վկայականի կրկնօրինակ տրամադրելու դիմումում նշվում են հետևյալ տեղեկությունները.

1) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

2) այն քաղաքացիական կացության ակտային գրանցման տվյալները, որոնց հիման վրա տրամադրվելու է վկայականի կրկնօրինակը.

3) լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում՝ այն անձի անձնագրային տվյալները, որի վերաբերյալ կազմվել է քաղաքացիական կացության ակտային գրանցումը:

 

Հոդված 80. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը

 

1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանք (այսուհետ՝ տեղեկանք) տրամադրելու համար դիմում կարող են ներկայացնել՝

1) 16-18 տարին լրացած անձը՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում՝ իր ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար անձամբ կամ լիազորած անձի միջոցով.

2) տասնութ տարին լրացած անձը՝ իր վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքի տրամադրման համար.

3) շահագրգիռ անձը՝ մահացած անձի վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտի մասին տեղեկանքի տրամադրման համար.

4) որդեգրողը կամ որդեգրողների մահվան դեպքում որդեգրվածը՝ որդեգրման պետական գրանցման ակտի մասին տեղեկանքի տրամադրման համար.

5) ծնողները (օրինական ներկայացուցիչները), խնամակալության և հոգաբարձության մարմինները՝ իրենց երեխաների կամ խնամակալության և հոգաբարձության ներքո գտնվող անձանց վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքի տրամադրման համար.

6) տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար կարող է դիմել նաև իր մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը:

2. Տեղեկանք տրամադրելու դիմում կարող է ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց կողմից լիազորված անձը: Տեղեկանք տրամադրելու դիմում ներկայացնելու համար տրված լիազորագիրը չի պահանջում նոտարական վավերացում:

3. Տեղեկանք տրամադրելու համար դիմումին կից ներկայացվում են՝

1) անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը.

2) պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը.

3) անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթը կամ դրա պատճենը՝ քաղաքացիական կացության ակտում և անձը հաստատող փաստաթղթում անձնական տվյալների անհամապատասխանության առկայության դեպքում:

Անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում անձնական տվյալներում առանձին տառերի, թվերի, բացառությամբ տարեթվի անհամապատասխանության դեպքում, այն դեպքում, երբ անձնական տվյալների փոփոխությունների մասին տեղեկություններն առկա են էլեկտրոնային կառավարման համակարգում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և միասնական էլեկտրոնային գրանցամատյանի՝ անձի վերաբերյալ միասնական քաղվածքում․

4) լիազորագիր, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում, և լիազորող անձի անձը հաստատող փաստաթուղթը՝ լիազորած անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում.

5) խնամակալության կամ հոգաբարձության նշանակման մասին որոշումը կամ դրա պատճենը՝ խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի վերաբերյալ գրանցված քաղաքացիական կացության ակտի վկայականի կրկնօրինակի դեպքում.

6) համայնքի ղեկավարի հայտարարությունն առ այն, որ տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձը տվյալ համայնքի մշտական բնակիչ է՝ տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար դիմելու դեպքում:

4. Տեղեկանք տրամադրելու դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները․

1) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

2) այն քաղաքացիական կացության ակտային գրանցման տվյալները, որի հիման վրա տրամադրվելու է տեղեկանքը.

3) լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում՝ այն անձի անձնագրային տվյալները, որի վերաբերյալ կազմվել է քաղաքացիական կացության ակտային գրանցումը.

4) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

 

Հոդված 81. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը

 

1. 2014 թվականի սեպտեմբերի 30-ից հետո գրանցված քաղաքացիական կացության ակտի մասին վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին՝ դիմումն ընդունելու աշխատանքային օրը:

2. Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը գրանցված քաղաքացիական կացության ակտի մասին վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին՝ դիմումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

3. Վկայականի կրկնօրինակի վրա զետեղվում է «Կրկնօրինակ» դրոշմը:

4. Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրվում է գործակալության պետի էլեկտրոնային ստորագրությամբ և հաստատվում գործակալության էլեկտրոնային կնիքով, իսկ քաղաքացիական կացության ակտը դիվանագիտական ծառայության մարմնի կողմից գրանցված լինելու դեպքում՝ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ, և հաստատվում դիվանագիտական ծառայության մարմնի էլեկտրոնային կնիքով:

5. Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներում կորստի դեպքում սույն օրենքով սահմանված անձի դիմումի հիման վրա այն կրկին ուղարկվում է www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը կրկին www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկելու համար պետական տուրք կամ այլ գումար չի գանձվում:

7. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանում և փաստաթղթային արխիվում պահանջվող քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերվելու դեպքում www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է գործակալության պետի էլեկտրոնային ստորագրությամբ և գործակալության էլեկտրոնային կնիքով հաստատված՝ քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքը: Տվյալ դեպքում վկայականի կրկնօրինակի և տեղեկանքի տրամադրման համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված գանձված գումարը վերադարձման ենթակա չէ:

8. Քաղաքացիական կացության ակտի մասին վկայականի կրկնօրինակի և տեղեկանքի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման կարգը և ձևանմուշները հաստատում է նախարարը:

 

Հոդված 82․ Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակի կամ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման մերժումը

 

1. Վկայականի կրկնօրինակը տրամադրելու դիմումը մերժվում է՝

1) երեխայի ծննդյան վկայականի դեպքում` այն ծնողներին, որոնք այդ երեխայի նկատմամբ զրկված են ծնողական իրավունքներից, կամ սահմանափակված են նրանց ծնողական իրավունքները.

2) եթե վկայական տրամադրելու համար դիմել է ոչ իրավասու անձը.

3) այն քաղաքացիական կացության ակտային գրանցումների վերաբերյալ, որոնք դադարել են կամ անվավեր են ճանաչվել:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում, բացառությամբ 2-րդ կետով սահմանված անձանց, շահագրգիռ անձին տրամադրվում է տեղեկանք, որով հաստատվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցումները՝ դրանց դադարման կամ անվավեր ճանաչման նշումով:

3. Տեղեկանքը տրամադրելու դիմումը մերժվում է, եթե դիմումը ներկայացրել է սույն օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավասություն չունեցող անձը:

4. Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրելու դիմումը մերժելու հիմքերի առկայության դեպքում վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք տրամադրելու համար սույն օրենքով սահմանված ժամկետում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին ինքնաշխատ ուղարկվում է դիմումը մերժելու մասին որոշումը:

5. Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրելու դիմումը մերժելու մասին որոշումը պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մերժման հիմքերը, որոշման բողոքարկման կարգը, ինչպես նաև տեղեկատվություն` քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի մասին:

6. Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրելու դիմումը մերժելու մասին որոշումը տրամադրվում է գործակալության պետի էլեկտրոնային ստորագրությամբ և հաստատվում գործակալության էլեկտրոնային կնիքով, իսկ դիվանագիտական ծառայության մարմնի կողմից տրամադրվելու դեպքում՝ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ, և հաստատվում դիվանագիտական ծառայության մարմնի էլեկտրոնային կնիքով:

7. Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրելու դիմումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

 

Հոդված 83. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից երեք ամիս հետո, բացառությամբ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և սույն հոդվածի 5-րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծնված երեխաների ծնունդների պետական գրանցումը կատարվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի պետական գրանցման բացակայության մասին հայտնի դառնալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծնված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ծնունդների պետական գրանցման դիմումը ներկայացնում է այն դաստիարակչական, բժշկական հաստատության, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպության կամ բնակչության կամ երեխայի սոցիալական պաշտպանության նպատակ հետապնդող այլ կազմակերպության ղեկավարը, որտեղ բնակվում է երեխան, ոչ ուշ, քան սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Քաղաքացիական կացության ակտերի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքով սահմանված քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմումները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային ձևով` նախարարի հրամանով սահմանված կարգով:

5. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմումներ կարող են ընդունել նաև Կառավարության լիազորած օպերատորները, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտներ:

6. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. փետրվարի 16
Երևան
ՀՕ-66-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.10.2024, ՀՕ-345-Ն 24.10.2024, ՀՕ-66-Ն
09.06.2022, ՀՕ-221-Ն 01.07.2022, ՀՕ-66-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան